Հայցում ենք քաղաքացիների օգնությունը

1381237529,4406Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում,  1944 թ. ծնված Վրեժ  Խաչատրյանը (տառապում է հիշողության կորստով) դուրս է եկել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 13 նրբանցքի 3-րդ տնից և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Նրա մոտ եղել է անձնագրի (AC 0531334, տրված 019-ի կողմից) պատճենը։
Խաչատրյանի արտաքին նկարագիրն է. հասակը` մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, օվալաձև դեմքով, մազերը՝ սպիտակ կարճ կտրվածքով, աչքերը՝ շագանակագույն, քիթը՝ ուղիղ, հոնքերը կոր:
Հագին եղել է մուգ կապույտ բաճկոն, սև տաբատ, երկարաթև մուգ կապույտ վերնահագուստ, սպիտակ կապույտ գծերով սպորտային կոշիկներ, կրել է շագանակագույն գլխարկ:
Վրեժ Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել (010) 59-06-14,  (0222) 2-22-02, 2-11-07, 1-02 հեռախոսահամարներով։

 

«Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցը քննարկվելու է Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում

timthumbՀԽ մամլո ծառայությունից հայտնում են, որ վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (հասցեն` Աբովյան 2), տեղի կունենա Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է Զվարթնոցի հին ուղևորային համալիրի (Կլոր շենք)պահպանման կամ քանդման հարցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
 Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:
Հարցը քննարկման է դրվել նաև Հանրային խորհրդի  քաղաքաշինության և ճարտարպետության, ինչպես նաև ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում:Նախատեսված է քննարկում նաև ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում:
ՀԽ ենթահանձնաժողովների որոշումները կամփոփվեն Հանրային խորհրդի փոքր, ապա լիագումար նիստում, որից հետո Հանրային խորհուրդն իր վերջնական դիրքորոշումը կհայտնի բարձրացված հարցի վերաբերյալ:

«Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների շրջանակներում Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի երթևեկությունը

EREBUNI-YEREVAN 2795Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ փողոցներում.
Հոկտեմբերի 11-ին, Ժամը 10:00-ից մինչև 23:00 
Էրեբունի թանգարանի հարակից հրապարակը և դեպի թանգարանի հրապարակ տանող ուղղություններով՝ Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների և Էրեբունի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի կողմերից:
Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 23:00 
Երևանի փոքր կենտրոնում՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝ Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա-Տերյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Սայաթ-Նովա-Նալբանդյան, Վարդանանց-Տպագրիչների, Թումանյան-Հանրապետության, Արամի-
Հանրապետության, Բուզանդ-Հանրապետության, «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոն-Ագաթանգեղոս-Խորենացի, Գր. Լուսավորիչ-Իտալիայի, Գր. Լուսավորիչ-Բեյրութի, Գր. Լուսավորիչ-Զաքյան, «Հաղթանակ» կամուրջ, Սարյան-Լեո, Սարյան-Ամիրյան, Սարյան-Արամի, Սարյան-Բուզանդ, Փարպեցի-Պուշկին, Փարպեցի-Թումանյան խաչմերուկներից:
Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 16:00 
Արգիշտի փողոցի Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածը՝ Գր. Լուսավորչի փողոցի կողմից:
Հոկտեմբերի 12-ին, Ժամը 12:00-ից մինչև 16:00
Կրկեսի խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ, Պարոնյան-Լեո խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ ուղղությունները:

Պիկասոն բացի օծանելիքից նաեւ նկարիչ է. Սամվել Երեմյան

DSC04832«Առանց դադարի աշխատելու ենք: Պատրաստվում ենք կազմակերպել ժամանակակից արվեստի փառատոն: 5-10 նկարիչներով կնկարենք մեկ մեծ կտավ, որի աշխատանքները կտևեն 20 օր և24 ժամ: Այս կերպ ուշադրություն կսևեռվի նախագծին, որը անցնելու է «Աշխարհն ինչպիսին է և աշխարհն ինչպիսին պետք է լինի» խորագրով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Infinity 2 Art festival» միջազգային փառատոնի մասին նշեց «Infinity Art Production» տնօրեն, նախագծի ղեկավար Հայկ Մութաֆյանը:

Նրա խոսքով փառատոնը նախատեսվում է կազմակերպել 2014-15թթ.-ին: Ժամանակակից արվեստի փառատոնը մեծ ռեսուրսներ է պահանջում, տարածաշրջանում նախադեպը չի եղել: Միջոցառումը բոլորի կողմից կընդունվի, սակայն մեծ աշխատանք է պետք կատարել.

«Անգամ հնարավոր է ցուցադրումներ կազմակերպել հնարավորինս օղակներով՝  թատրոնի ոճով, գրական արվեստ, երաժիշտական լուծումներ և այլն: Այս կերպ հնարավորություն կտրվի արվեստագետներին ստեղծագործելու»:

Նկարիչ Սամվել Երեմյանի պնդմամբ մի քանի տարի առաջ հարցման արդյունքում իրենք պարզել են, որ հայ երիտասարդների մեծամասնությունը մեծագույն, համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներին շփոթել են օծանելիքի, խմիչքների և այլնի հետ, մասնավորապես՝ Մոցարտին համարել են բանբաներկա, Պիկասոյին՝ օծանելիք, Ռոդենին՝ մեքենա, Բալզակին ՝լիկյոռ և այլն.

«Մինչ այսօր շատ բան չի փոխվել և եթե փոխվել է ապա դեպի վատը: Այս ծրագիրը հակված է սեր առաջացնելու արվեստի, մշակույթի նկատմամբ: Բնակչության մեծ մասը կիմանա, որ Պիկասոն բացի օծանելիքից նաև նկարիչ է»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

Դոլարը բարձրանում է

դոլարՀոկտեմբերի 8-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.24 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.25 դրամ:

Քաղաքաշինության նախարարն առաջարկում է քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը

qaxshinnax“Հաշվի առնելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցության դրական փորձը, առաջարկում եմ քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը, որտեղ կարտացոլվեն բնակարանային քաղաքականության, կայուն քաղաքաշինության եւ տարածական պլանավորման ռազմավարական զարգացման առաջարկությունները: Ողջամիտ եմ համարում նաեւ նշված ոլորտներում ազգային գործողությունների ծրագրերի մշակումը,- հոկտեմբերի 8-ին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Ժնեւում անցկացվող ՄԱԿ-ի ԵՏՀ 74-րդ նստաշրջանում:

Նստաշրջանի ընթացքում հնչեցրած ելույթի ժամանակ պարոն Թադեւոսյանը նշեց, որ Հայաստանի վերջին նկարագրից անցել է ավելի քան 10 տարի, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ: Կարեւորելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցությունը` պարոն Թադեւոսյանն ընդգծեց ուսումնասիրությունների անցկացման գործում կազմակերպության աջակցությունը, որը մեծապես կնպաստի նոր մարտահրավերների եւ ծագած խնդիրների լուծմանը:

Նոր մարտահրավերներից նախարար Թադեւոսյանը մասնավորապես առանձնացրեց տարածական զարգացման եւ տարածաշրջանային պլանավորման ոլորտում նկատվող տեղական մակարդակներով քաղաքաշինության փաստաթղթերի մշակման եւ հաստատման հետընթացը (համաձայն օրենսդրության` հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունը): Հաշվի առնելով, որ հենց այդ մարմիններին է տրված շինարարության թույլտվություն տրամադրելու իրավունքը, ներկա իրավիճակը կարող է հանգեցնել կառուցապատման ոչ բավարար կարգավորման եւ, հետեւաբար բնակավայրերի կայուն զարգացման խախտման:

Տեղեկացնենք, որ նախարար Սամվել Թադեւոսյանը եռօրյա այցով գտնվում է Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Եվրապական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) բնակարանային տնտեսության եւ հողի կառավարման կոմիտեի 74-րդ նստաշրջանին: Նախատեսվում է հանդիպման արդյունքում հաստատել բնակարանային տնտեսության եւ հողի կառավարման 2014-2020 թթ-ի ռազմավարությունը:

Էդուարդ Շարմազանովը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում

Էդուարդ ՇարմազանովԱշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

Նիստի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որի արդյունքում ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Վիկտոր Չերկեսովի առաջարկությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

 

Պետական բյուջեն շարունակվում է կատարվել հավելուրդով. ՖՆ

Պետական բյուջե ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց պետբյուջեի ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների օպերատիվ հաշվետվության արդյունքները, ըստ որի եկամուտները կազմել են 696.3 մլրդ, ծախսերը` 634 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 62.3 մլրդ դրամ հավելուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի շնորհիվ հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 21.7 մլրդ դրամով` ծրագրով նախատեսված 37.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Տիկին Զարգարյանի պարզաբանմամբ, քանի որ 8 ամիսների համար ծրագրային ցուցանիշ նախատեսված չէ, հաշվետվության մեջ համեմատություն է կատարվել 9-ամսյա ծրագրի հետ: Ըստ այդմ՝ ութ ամիսներին արձանագրված եկամուտներն ու ծախսերը ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովել են համապատասխանաբար 88.4 և 81.8 տոկոսով:

Բյուջեի եկամուտներն աճել են 18.5% ով կամ շուրջ 108.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Ընթացիկ տարվա ութ ամիսներին  պետական գանձարանը համալրվել է 657 մլրդ դրամ հարկային եկամուտներով և պետական տուրքերով: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.7% ով կամ 103.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, մաքսատուրքի, ինչպես նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրված մեկ միասնական հարկի` եկամտային հարկի աճով և նոր ներդրված շրջանառության հարկի մուտքերով:

Անդրադառնալով ծախսերի կատարողականին՝ բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետը հավաստեց՝   պետբյուջեն կատարվել է սահուն, առանց բյուջետային պարտքերի,  պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած  պարտավորությունների ամբողջ ծավալով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջեի ծախսերը աճել են 7.6%-ով կամ 44.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ ծախսերը կազմել են 590.2 մլրդ դրամ` նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճելով  7.9%-ով կամ 43.3 մլրդ դրամով:

Գ. Զարգարյանը տեղեկացրեց, որ պետբյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպում ունեցավ Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ։

560. Minister Nalbandian met with EU High Representative 08.10.2013Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների և առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ ԵՄ հետ իր հարաբերությունները կառուցելիս, նաև Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը ձգտում է ունենալ սերտ, խորը և ընդլայնված համագործակցություն` նկատի ունենալով, միաժամանակ, Հայաստանի շահերից բխող մասնակցությունն այլ ինտեգրացիոն գործընթացներին:

«Հայաստանը, ԵՄ աջակցությամբ, անցել է բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Մենք հաստատակամ ենք շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս գործընթացում մենք ակնկալում ենք ԵՄ շարունակական աջակցությունը»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ԵՄ-Հայաստան համագործակցությունը շարժունակության բնագավառում՝ ընդգծելով, որ արդեն երկու տարի է, ինչ ստորագրվել է Եվրոպական միության հետ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը, իսկ անցյալ դեկտեմբերին՝ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` լուրջ ներուժ կա ոլորտային համագործակցության բնագավառում, որը ներառում է տասնյակ ուղղություններ։ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ անցյալ դեկտեմբերին ստորագրված Հայաստանի և Եվրոպական միության միջև Շրջանակային համաձայնագրի արձանագրությամբ Հայաստանին հնարավորություն է ընձեռվում մասնակցություն ունենալ ԵՄ տարբեր ծրագրերում:

Քեթրին Էշթոնը նշեց, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ։

Հանդիպմանն անդրադարձ արվեց Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Էշթոնն անդրադարձան Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև համագործակցությանը։

Հարություն Խաչատրյանը` «360°» միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ

Հարություն-Խաչատրյան2013թ-ի հոկտեմբերի 10-ից 18-ը Մոսկվայում տեղի կունենա  «Երեք հարյուր վաթսուն աստիճան»  արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը: Փառատոնն անց է կացվում Մոսկվայի կառավարության հովանու ներքո:

«Երեք հարյուր վաթսուն աստիճան»  արդի գիտական ֆիլմերի փառատոնի առաջնային նպատակն է գիտության և գիտական աշխատանքի վերաբերյալ հեղինակային վավերագրական ֆիլմերի հավաքագրումն ու ներկայացումը: Փառատոնի չորս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը վավերագրական կինոլեզվով  ներկայացվող իրական պատմություններ  են` գիտություն-իրականություն, գիտություն-կյանք շղթայական փոխհարաբերությունների և անհատների կենսակերպի վերաբերյալ:

Հազարավոր կինոփառատոներով հարուստ ժամանակակից կինոաշխարհում` իր ուրույն ուղղվածությամբ առանձնացող այս  փառատոնն արդեն իսկ մեծ հեղինակություն է վայելում մասնագետների և հանդիսատեսի լայն շրջանակներում:

Սիրով տեղեկացնում ենք, որ «Երեք հարյուր վաթսուն աստիճան»  արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնի ժյուրին կնախագահի Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Սա հրաշալի առիթ է «Ոսկե ծիրան»  և «Երեք հարյուր վաթսուն աստիճան»  միջազգային կինոփառատոների փոխհարաբերությունների ամրապնդման և մոտ ապագայում համատեղ ծրարգրերով ներկայանալու համար:

Ահազանգով մեկնած ոստիկանները Երևանի տարբեր հատվածներից զենք-զինամթերք են հայտնաբերել

Զենք-զինամթերքՀոկտեմբերի 7-ին, ժամը 16.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող թիվ 12 դպրոցի էլեկտրակայանի մոտ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 137 փամփուշտ և 5 ազդանշանային փամփուշտ-հրթիռ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 7-ին, ժամը 15.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 20 շենքի դիմացի այգում զենք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 9 մմ տրամաչափի «GLOCK» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում «Շախմատի տան» հարակից այգու նստարաններից մեկի տակ:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ազդանշանային ատրճանակ, ազդանշանային փամփուշտ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 400 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնական բաժին:

Ոստիկանները կանխեցին փախուստը

ձերբակալելՀոկտեմբերի 8-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Լիսինյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող Երևանի գեղարվեստի ժամացույցների գործարանից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ալիկ Մ.-ին:
Պարզվել է, որ նա գործարանի ճաղավանդակները մագլցելով՝ բարձրացել է 4-րդ հարկ, ճաղավանդակների արանքից մտել ներս և ոչինչ չգողանալով` փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանների կողմից բռնվել է:
Կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 6-ը, իսկ շորթման 1 և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մարդիկ ժպտալու ժամանակ չունեն, բայց այդ հրաշալի օրը կգա

imagesԱբել Աբելյանը ծնվել է 1978 թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում: 1996-2001 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի, այնուհետև Թատերարվեստի ռուսական ակադեմիայի դերասանական բաժնում: 2001-ից աշխատել է Մոսկվայի TV6 հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր, 2003 թ. «Շողակաթ» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Հայտնի պատմություններ» հաղորդաշարը, 2005 թ. ,Հ2 հեռուստաալիքով վարել է «Սպոտ էքստրա» հաղորդաշարը, 2006 թ. եղել է «Ար» հեռուստաընկերության «Փոքր քաղաքի մեծ մարդիկ», «Ծանոթանանք, Երևան» հաղորդաշարերի վարողն ու ռեժիսորը: Նկարահանվել է «Չգրված օրենք», «Սրիկաները», «Խավարման օրը», «Մոնարխ», «Դիպուկահար» ֆիլմերում, նաև «Փախուստ», «Կյանքի գինը», «Վերադարձ», «Ոստիկաններ» հեռուստասերիալներում: 2007 թ. հիմնադրել է «Քասթինգի դպրոցը»` հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնը, իսկ 2011-ից «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան»:

–        Ինչո՞ւ Աբել Աբելյան:

–        Պապիկիս անունը եղել է Աբել Չալաբյան: Բայց, քանի որ նա երիտասարդ ժամանակ երգիչ է եղել, որոշել է իր համար բեմական ազգանուն ընտրել՝ Աբելյան: Եվ այդպես այն փոխանցվել է ինձ:

–        Իսկ ինչո՞ւ հենց դերասան և ռեժիսոր:

– Մայրս ռեժիսոր էր, հայրս՝ դերասան, իսկ ես բեմում էի մեծացել. խաղում էի բոլոր ներկայացումներն ու լավ գիտեի բնագավառի մթնոլորտը: Մայրս ինձ բանակից ազատելու համար ընդունեց թատերական ինստիտուտ, սակայն ես ավելի շատ ցանկանում էի տնտեսագիտական ֆակուլտետ ընդունվել, ինչը, ցավոք, չստացվեց միավորները չբավականացնելու պատճառով: Թատերական հեշտությամբ ընդունվեցի, քանի որ մայրս այնտեղ էր դասավանդում և շատերն ինձ դեռ փոքրուց գիտեին: Առաջին երկու տարին չէի հասկանում՝ ինչ եմ ուզում, չէի սովորում և ավելի շատ կռիվների մեջ էի: Բայց  մեկ տարի անց մայրս իմ առջև հարց դրեց` կա՛մ սովորիր, կա՛մ գնա բանակ: Ես էլ սկսեցի լավ սովորել:

–        Չփնովելով հեռուստասերիալները՝ այնուամենայնիվ ի՞նչ եք մտածում, իրականում ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք:

images (3)–           Սերիալը կա՛մ պետք է լինի ցերեկային ժամերին, տնային տնտեսուհիների համար, կամ լինի մոտ 20-30 սերիա, այնուհետև աստիճանաբար նվազի՝ հասնելով մինչև 4-5 սերիայի, հետո՝ 3-2, ոչ թե շատանա: Փորձը ցույց է տալիս, որ սպառվում է թե՛ հեռուստադիտողը, թե՛ սցենարիստը, չէ՞ որ ամեն օր չես կարող ստեղծագործել, այն էլ` որակով: Դա ծննդաբերության պես մի բան է:

–        Կարծիք կա, որ սերիալներ նկարելու համար ավելի շատ գումար է ներդրվում, քան միջազգային մակարդակի ֆիլմերի:

–           Եթե համեմատենք համաշխարհային կամ նույնիսկ Վրաստանի կինոյի հետ, որտեղ թանկության պատճառով սերիալներ քիչ են նկարվում, մեզ մոտ կինոարտադրության այդ ճյուղի վրա կոպեկներ են ծախսվում: Այսօր կրճատվել է նաև դերասանների աշխատավարձը: Գործարարները կարող են նպաստել այդ ոլորտի զարգացմանը:

–        Բայց նրանք ունե՞ն այդ ցանկությունը:

– Ավելի շատ ստեղծագործողների շրջանում է նկատվում: Այսօր մեր հայրենակիցներից շատերը կարողանում են նույնիսկ փոքր բյուջեով ֆիլմեր նկարել: Կարևորն այն է, որ մարդիկ չեն հիասթափվել, և կարծում եմ՝ կգա մի օր, երբ պետական աջակցությունն ավելի շատ կլինի:

–        Երեք բառով նկարագրեք Ձեր անձը:

–           Ոչ վատ մարդ:

–        Ոչ վատ մարդ, որը հիմնել է սեփական կրթական ստուդիան: Ի՞նչ առանձնահատկություն ունի այն մյուս դպրոցների համեմատ:

– Առաջինը «Քասթինգի դպրոց» հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնն է եղել, հետո բացվեց առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան, և լուրեր տարածվեցին, թե ո՞վ է ասել, որ դա առաջին ստուդիան է: Բացատրեմ. առաջին, որովհետև երբ մեր ստուդիան հիմնվում էր (2008 թ. հաղորդավարական, 2011 թ.՝ դերասանական), այդ ժամանակ նման բան չկար և՛ ՀՀ-ում,  և՛ Անդրկովկասում (8-9 առարկա՝ սուսերամարտ, կասկադիորական արվեստ, վոկալ, դերասանական վարպետություն, բեմական խոսք և այլն, գումարած` լուրջ տեխնիկա): Եվ պրոֆեսիոնալ, որովհետև այս հաստատությունում դասավանդում են միայն արհեստավարժ և հայտնի մասնագետներ: Շուտով նոր նախագիծ ենք սկսում, որն արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել: Մեկ տարվա ընթացքում, բացի տեսականից, լինելու է հեռուստառեժիսուրայի, օպերատորական արվեստի և մոնտաժի միասնական գործնական դասընթաց:

–        Այսինքն՝ կադրեր են պատրաստվելու: Բայց արդյոք աշխատատեղերի դռները բա՞ց են այդ երիտասարդների համար:

–           Սա հենց բարդ հիմնահարցերից է: Խորհրդային ժամանակներում պետական հաստատությունները պարտավորված էին շրջանավարտներին աշխատանքի տեղավորել: Ընդունում էին այնքան թվով ուսանողներ, որքան անհրաժեշտ էր աշխատաշուկային, որովհետև նաև մարզեր էին ուղարկում: Իսկ այսօր պատկերն այլ է: Մենք մեր սաներին չենք խոստանում, որ աշխատանքի ենք տեղավորելու: Այդուհանդերձ, փառք աստծո, մեր սաների 20-22 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ:

–        XXI դարն արագության և կատաղի մրցակցության դար է: Ինչպե՞ս կարող է շրջանավարտը ոլորտ մտնել:

–           Ոլորտում ներգրավվելու համար անհրաժեշտ է շատ ու շատ համառություն: Հիշում եմ, թե ինչպես էի փորձում մտնել հեռուստատեսություն: Լուրջ նախագծեր էի ներկայացնում, բայց դռները փակում էին, ժամադրում էին, բայց խույս էին տալիս:  Իսկ այսօր նույն մարդիկ իրենք են ինձ խնդրում համագործակցել իրենց հետ, սակայն մերժում եմ:

–        Որքա՞ն ժամանակ պահանջվեց հեռուստաոլորտում կայանալու համար:

– Մոտավորապես 10 տարի: Եվ հաջողվեց միայն այն ժամանակ, երբ արդեն պատրաստ էի այդ ոլորտի համար: Կարծում եմ՝ եթե հեշտ և արագ ստացվեր, արդյունք չէի տեսնի: Մինչդեռ այդ նահանջի, վայրէջքների ընթացքում վերանայում էի սխալներս:

–        Միայն համառությունը բավարա՞ր է:

–           Համառության հետ պետք է նաև սովորես և գնաս առաջ: Եվ չպետք է սպասես, որ քեզ փնտրեն: Բայց արի ու տես` կան մարդիկ, որոնք առանց պայքարելու շատ արագ հասնում են հաջողության:

–        Նկարահանվել եք բազմաթիվ ֆիլմերում, հեռուստասերիալներում, բայց քանի՞ ֆիլմ եք նկարել:

–           Նկարել եմ Հայաստանի մասին մեկ վավերագրական ֆիլմ, որը գլուխգործոց չէր, բայց շնորհիվ դասական մոտեցման՝ Վրաստանում արժանացավ «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» մրցանակի:

–        Նոր ծրագրե՞ր…

– Նոր ֆիլմ ենք նկարելու, որի սցենարը դեռ ընթացքի մեջ է: Տեսնենք՝ ինչ կստացվի:

–           Համաձա՞յն եք, որ մեզ մոտ լավ սցենարիստների պակաս կա:

–           Այո, լավ մասնագետները քիչ են: Գուցե նրանից է, որ ժամանակին լուրջ սցենարիստական դպրոց չենք ունեցել:

–       Այսօր գրեթե ամեն ինչ կա, բացի ինչի՞ց…

–         Բացի մարդկային ջերմությունից: Շփումն է պակասում: Սոցկայքերը լուրջ ձեռքբերումներ են, բայց դրա հետ մեկտեղ մարդիկ սառել են, նրանց մեջ անտարբերություն կա, ինչը մեր մտածելակերպին այնքան էլ հատուկ չէ:

–           Ինչպիսի՞ն ես տեսնում Հայաստանը 10 տարի հետո:

–           Պայծառ, եթե իհարկե օգտագործենք մեր հզոր ներուժը, չնեղանանք և չլքենք երկիրը: Ես էլ եմ երբեմն ցանկացել հեռանալ հայրենիքից, բայց համբերել եմ: Շատ կուզենայի, որ մոտ ապագայում մեր երկիրը բարգավաճի և մարդկանց դեմքին առողջ ժպիտ հայտնվի: Այսօր խնդիրներն այնքան շատ են և խորը, որ ժամանակ չի էլ մնում ժպտալու: Մի դեպք հիշեցի: Մի անգամ մի մուրացիկի մեծ գումար տվեցի, բայց նա, ի զարմանս ինձ, չուրախացավ: Նրա խնդիրներն այնքան շատ էին, որ այդ գումարը դրանք չէր կարող լուծել: Մենք, քաղաքացիներս, պետք է չհիասթափվենք, նաև թույլ չտանք, որ ուրիշներին էլ հիասթափեցնեն: Հավատում եմ, որ շուտով մի լույս կբացվի, կլուծվեն մեր երկրի առջև դրված խնդիրներն ու մարդիկ նորից կժպտան:

Զրույցը վարեց Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԸ

Քաղաքաշինության ոլորտը` որպես Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև համագործակցության հիմնական ուղղություն

002Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև համագործակցության շրջանակում Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ֆրանսիական քաղաքաշինության ինստիտուտի մասնագետ Ադըլին Մաղքին ներկայացրել է իր ուսումնասիրությունը Երևանի ժառանգության և պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերալ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև մի շարք առաջարկներ՝ կապված ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակների հետ:

Շնորհանդեսին ներկա են եղել ԵՃՇՊՀ դեկան  Սարգիս Թովմասյանը, համալսարանի դասախոսներ, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի ներկայացուցիչ Լորի Հեքիմյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, նաև` ճարտարապետներ և ուսանողներ։ Շնորհանդեսին հաջորդել է ներկայացված թեմայի վերաբերյալ քննարկում:

Ադըլին Մաղքին ընդգծել է, որ Երևանն ունի յուրօրինակ և հարուստ պատմական ժառանգություն, որn առավել շատ պետք է ներկայացվի օտարերկրյա հանրությանը: Երևանում կատարված ուսումնասիրություններին ցուցաբերած աջակցության համար նա հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանը

4146Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոն:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը միջպետական կապերը երկու բարեկամ պետությունների միջև զարգացնելու և ամրապնդելու գործում: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են տարբեր մակարդակի պարբերական փոխայցելություններն ու ակտիվ շփումները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի զարգացնել Մեքսիկայի հետ հարաբերությունները, և դրա լավագույն վկայությունն է Մեքսիկայում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն հիմնելու մտադրությունը:

ՀՀ Նախագահը և Մեքսիկայի դեսպանը երկկողմ հարաբերությունների և հեռանկարային մի շարք ոլորտներում հայ-մեքսիկական համագործակցության խորացման համար ընդգծել են անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման և ընդլայնման կարևորությունը:

Երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում զրուցակիցները մեծ դեր են վերապահել խորհրդարանական դիվանագիտությանը ևս, որտեղ, նրանց համոզմամբ, զգալի աշխատանք կա իրականացնելու:

Արամ Սարգսյան. ՀՀԿ-ն պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին

aram
«Կարծում եմ` ՀՀԿ-ն, և ոչ թե Սերժ Սարգսյանը պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին, այլապես ամեն բան նմանվում է պրովինցիալիզմի: Խոսքը պետության հեղինակության մասին է: Ամեն մարդ կարող է ասել մի բան կամ որևէ մեկի վրա ցեխ շպրտել`իմանալով, որ չի պատժվի: Պետք չէր Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում կազինոներում խաղալու մասին հարց տալ: Ի՞նչ է, մեր ներքին խնդիրներն ուզում ենք ուրիշի տա՞նը լուծել: Ուզում ենք, որ դրսի քեռի՞ն գա ու մեր խնդիրները լուծի»,- նշեց նա` հավելելով, որ թեպետ իր ասածը կոնկրետ Փոստանջյանին չի վերաբերում, սակայն Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր որոշ գործողությունների դիմաց կոնկրետ ուժերի կողմից ֆինանսավորվում են:-«Հայաստանում կան հինգերորդ շարասյուներ, որոնք գումարներ են ստանում և դրսից պետք է արտահայտված լինեն իրենց գործունեության մեջ։ Դա չի վերաբերվում այդ անձին, ուղղակի ասում են այն, ինչ ունենք»։
Եթե Սերժ Սարգսյանը կազինոյում խաղար, համապատասխան գաղտնի ծառայություններն անպայման կիմանային այդ մասին և փաստը կօգտագործեին մեր երկրի դեմ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ.Սարգսյանը:

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ մենք ճահճի մեջ ենք, որը կոչվում է խոր գավառականություն: «Ինչ վերաբերում է վերջին տարիներին իրականացվող արտաքին քաղաքականությանը, ապա կասեմ, որ նկատելի սայթաքումներ չեն եղել: Օրինակ՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանն ադրբեջանցիներին բացատրեց, թե ինչ կլինի իրենց հետ պատերազմ սկսելու դեպքում»,- ասաց նա` շեշտելով, որ երկրի ղեկավարի ելույթից ինքը հավանել է հատկապես այդ հատվածը:

Ամփոփելով` Արամ Սարգսյանն անդրադարձավ Հայաստանի` ԵՄ-ՄՄ անդամության թեմային` նշելով, որ ճիշտ քաղաքական գիծ իրականացնելու դեպքում լիովին հնարավոր է ընդգծել մեր երկրի դերակատարությունը երկու ծրագրերում էլ:

Մարգար Օհանյանն ազատության մեջ է

Մարգար ՕհանյանՃանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը քիչ առաջ համաներմամբ ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Ինչպես փոխանցում է Օհանյանին ազատության մեջ դիմավորած Panorama.am-ի թղթակիցը, նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, ասաց, շտապում է հարազատների մոտ, կարոտել է նրանց:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախորդ տարվա մայիսին Մ. Օհանյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման:

Մարգար Օհանյանը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել էր 6 տարի ազատազրկման:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա` աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում:

Panorama.am

Հոկտեմբերի 14-ից Ագարակ գյուղի վարչական տարածքում գործարկվելու է նոր արագաչափ

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի հոկտեմբերի 14-ից գործարկվելու է «Հ-20 Ագարակ-Բյուրական-Քարի լիճ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 31-րդ կմ (Ագարակ գյուղի վարչական տարածք) հատվածում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը (1 արագաչափ՝ երկու ուղղություններով): Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: