«Լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերն ԱՆՎՃԱՐ են». Արմեն Աշոտյան

Արմեն ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է.

“Հարգելի աշակերտներ և ծնողներ,

Ի պատասխան ձեր հարցադրումներին` տեղեկացնեմ, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերն ԱՆՎՃԱՐ են:

Դրանց տպագրությունն ու ձեռքբերումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեով, և դպրոցները ՊԱՐՏԱՎՈՐ են տրամադրել դրանք առանց հավելյալ գումարներ գանձելու:

Այլ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում եմ գրեք ինձ անձնական փոստով՝ նշելով դպրոցի համարը, աշակերտի անուն ազգանունը և դասարանը”:

 

Անկախ

Վարչապետը ծանոթացել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործընթացին

218147Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ էր ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, որն էլ արդեն աշխատանքներ է սկսել Երևանի Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող գույքային համալիրի տարածքում:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել շինհրապարակի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, հետաքրքրվել հետագա քայլերով: Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը վարչապետին տեղեկացրել է, որ ընկերությունը մոտ 14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կապիտալ ներդրում է իրականացնում արտադրական և օժանդակ տարածքները վերանորոգելու, անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնելու, գույք ձեռք բերելու, հարակից տարածքը բարեկարգելու և կանաչապատելու ուղղությամբ: Նախատեսվում է, որ ԱՏԳ տարածքում գործունեություն կծավալեն արտերկրյա հեղինակավոր ընկերություններ, կստեղծվի շուրջ 1000-1200 աշխատատեղ: Նախնական մտադրությունների մասին արդեն համաձայնագրեր են կնքվել 8 ընկերության հետ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Հորդանանից, որոնց արտադրանքն արտահանվելու է ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ, Իսրայել, Հնդկաստան, Չեխիա, Թաիլանդ, Հոնկոնգ, Ավստրիա, Բելգիա և այլն: Եվս 12 ընկերության հետ համագործակցությունը բանակցային փուլում է:

Տարածքում գործելու է ավելի քան 10.000 քմ մակերեսով ցուցահանդեսային կենտրոն՝ միջազգային ցուցահանդեսների, համաժողովների և զանգվածային այլ միջոցառումների կազմակերպման համար: 2014 թ. հոկտեմբերին այստեղ տեղի կունենա «Երևան շոու 2014» ոսկերչական միջազգային ամենամյա ցուցահանդեսը և Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ամենամյա համաժողովը:

Ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտային զարգացման ռազմավարությունները մշակվել են ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:

 

Անկախ

«Նախկինում մարդավարի կյանքով էի ապրում, հիմա ում եմ պետք …». ասում է 83-ամյա միայնակ տարեց կինը

անապահով ընտանիքԳյումրիով մեկ սփռված տնակային ավաններում և կիսախարխուլ շինություններում մեկուսացած կյանքով բնակվում են տասնյակ միայնակ տարեցներ: Նրանցից շատերը երիտասարդ տարիներին նույնիսկ մի քանի տասնամյակ աշխատել են քաղաքի նախկին, երբեմնի հզոր հիմարկ-ձեռնակություններում, սակայն այսօր ծանր ու անօգնական վիճակում են:

Նրանք հիմնականում ապրում են կենսաթոշակով, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը Լենտեքստիլ կոմբինատում 30 տարի աշխատած, այժմ կիսանկուղային ու խոնավ շինությունում բնակվող Մանիկ տատի ծանր ապրելակերպի մասին է:

 

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կրթության որակի ապահովման գործում

DSCN2021ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտության նախարարության Եվրոպական և միջազգային հարաբերությունների վարչության տնօրենի գիտական հետազոտությունների գծով խորհրդական  Ժան Լյուկ Կլեմենտին:

Կլեմենտը Հայաստանում է ծանոթանալու հայաստանյան  բարձրագույն կրթական համակարգին և առանձնահատկություններին:

Պրն Թոփչյանը ֆրանսիացի հյուրին ներկայացրեց ՈԱԱԿ կառուցվածքը,  գործունեությունը և հիմնական նպատակները: Մանրամասն քննարկվեց հավատարմագրման գործընթացը` զուգահեռաբար համեմատելով   եվրոպական երկրներում նույն գործընթացի հետ:

DSCN2024Քննարկվեց  անդրազգային կրթություն ապահովող բուհերի հավատարմագրման հնարավորությունը, կրթության համադրելիությունը Հայաստանում և Ֆրանսիայում, ինչպես նաև  որակավորումների ազգային շրջանակը` այն համեմատելով Բոլոնյան համակարգի հետ:

Թոփչյանն ու Կլեմենտը քննարկեցին նաև կրթության որակի ապահովման ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարները: Կլեմենտը նշեց, որ իրենք հետաքրքրված են ուսանողների շարժունակության սահմանների ընդլայնմամբ և կցանկանային, որ ֆրանսիացի ուսանողը կարողանար իր կրթությունը շարունակել նաև հայաստանյան բուհերում և հակառակը:

Կողմերը պայմանավորվեցին համագործակցությունը խորացնելու հետագա քայլերի մասին:

Մայրաքաղաքում մեկնարկում են բակային ճամբարները

001(1)Մայրաքաղաքում «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով օրեցօր շատանում են բակային ճամբարները տարբեր այգիներում, ընդարձակ բակերում։ Եվս մեկ բակային ճամբար է բացվել Աջափնյակ վարչական շրջանում, Շինարարների 15/1 հասցեի մեծ բակում։ Հարակից շենքերի երեխաները 15 օր շարունակ առավոտից մինչ ուշ երեկո ճամբարում խաղալու, մարզվելու են հատուկ ծրագրով, խաղավար-ջոկատավարների մասնակցությամբ։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ամառային ծրագիրը հատկապես այն երեխաների համար է, ովքեր ամառային արձակուրդի օրերին բակային խաղերով են զվարճանում։ Արձակուրդային առօրյան բովանդակալից դարձնելու համար քաղաքապետարանն այսպիսի ճամբարներով երեխաներին առաջարկում է բակային հանգստի լավագույն տարբերակը՝ բազմաթիվ գույնզգույն մանկական միջոցառումներով, մարզական մրցումներով»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։

«Աջափնյակ» անունը կրող ճամբարը յուրաքանչյուր օր մեկնարկելու է առավոտյան 9-ին, ընդմիջվելու է առավել շոգ ժամերին, ապա շարունակվելու է երեկոյան ժ. 17։00-20։00-ն։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Հուլիսի 7-ից Ծաղկաձորում կգործարկվի երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր արագաչափ սարք

արագաչափՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ու բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 7-ից գործարկվելու է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցի 22 հասցեի հարևանությամբ տեղադրված մեկ արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արգենտինայի պատգամավորների պալատի նախագահի և Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահի հետ

սերժ սարգսյան

Պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ:

Հայ-արգենտինյան միջպետական հարաբերությունների առանցքում երկուստեք կարևորվել է ապակենտրոնացված համագործակցությունը, որը, զրուցակիցների համոզմամբ, ուրույն դեր ունի նաև երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու մշակութային արժեքների փոխճանաչելիության գործում: Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Մաուրիսիո Մակրին ընդգծել են, որ այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է շուրջ մեկ ու կես տասնամյակ առաջ` հռչակելով Բուենոս Այրեսը և Երևանը քույր քաղաքներ:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Մաուրիսիո Մակրիի՝ 2012թ. Երևան կատարած այցելությունը, որի ընթացքում տեղի է ունեցել Բուենոս Այրեսից Երևանին՝ գրքի միջազգային մայրաքաղաքի տիտղոսի փոխանցման արարողությունը: ՀՀ Նախագահը նշել է, որ այդ այցը երկու մայրաքաղաքների միջև համագործակցությանը նոր խթան է հաղորդել և հույս է հայտնել, որ նմանօրինակ այցելություններն ու փոխադարձ շփումները կկրեն պարբերական բնույթ՝ ներառելով փոխգործակցության զարգացմանն ուղղված ընդգրկուն օրակարգ: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս քաջալերել և աջակցել Երևան-Բուենոս Այրես ձևաչափով նոր նախաձեռնությունները և ծրագրերը:

Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև Բուենոս Այրեսում հայկական ներկայությանը, որը երկու երկրները կապող ամուր կամուրջ է հանդիսանում: Նախագահի խոսքով, 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ գործած ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության հետևանքով Արգենտինայում հաստատված հայերն արժանացել են ջերմ վերաբերմունքի: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է նշել, որ այս տարիների ընթացքում հայերն իրենց էական մասնակցությունն են բերել ինչպես Արգենտինայի, այնպես էլ Բուենոս Այրեսի զարգացմանը՝ հարստացնելով մշակութային բազմազանությամբ առանձնահատուկ այդ քաղաքի կյանքը:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ Նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնել Բուենոս Այրեսի քաղաքային իշխանություններին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, ինչպես նաև Բուենոս Այրեսում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշման համար, որը, ըստ Նախագահի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի կողմից ևս մեկ անգնահատելի քայլ է:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է Բուենոս Այրեսի քաղաքապետին և Արգենտինայի բարեկամ ժողովրդին՝ հուլիսի 9-ին նշվելիք երկրի Անկախության օրվա կապակցությամբ, մաղթել խաղաղություն, բարգավաճում և նորանոր նվաճումներ:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Մաուրիսիո Մակրին Հայաստանի Նախագահի այցի կապակցությամբ նրան է հանձնել Բուենոս Այրեսի բանալին և քաղաքի Պատվավոր այցելուի պատվոգիրը: Քաղաքապետարանից մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը գրառում է թողել քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Արգենտինայի պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ իր արտասահմանյան այցերի շրջանակներում առանձնակի կարևորություն է տալիս Օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումներին, քանի որ, ըստ Նախագահի, դժվար է գերագնահատել այն դերը, որ օրենսդիրներն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու հարցերում: Նախագահի խոսքով, հայ-արգենտինյան հարաբերությունների համատեքստում Հայաստանն առանձնակի կարևորում է միջխորհրդարանական փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Արգենտինայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը հայ-արգենտինյան դարավոր բարեկամության նոր էջ է բացել և երկու երկրների միջխորհրդարանական կապերին հաղորդել առանձնակի բովանդակություն: Երկուստեք կարևորվել են խորհրդարանական տարբեր մակարդակի պատվիրակությունների փոխայցելություններն ու միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջև շփումները:

Կայացել են հայ-արգենտինյան բարձր մակարդակի բանակցությունները

 7154Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ:

Նկատի առնելով, որ Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են Արգենտինայի նախարարների խորհրդի նախագահ Խորխե Կապիտանիչը, պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսը, սոցիալական զարգացման նախարար Ալիսիա Կիրչները, գիտության և նորարարական տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Լինո Բարանյայոն, պետական եկամուտների վարչության պետ Ռիկարդո Դանիել Էչեգարայը, այլ պաշտոնատար անձինք:

Ամադո Բուդուն ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, թե ուրախ է արձանագրելու, որ Հայաստանի Նախագահի այցը տարածաշրջան սկսվում է Արգենտինայից, ինչը, նրա համոզմամբ, ոչ միայն հայ-արգենտինյան բարեկամության, այլև այդ բարեկամությունը գործնական հարթություն տեղափոխելու երկկողմ փոխադարձ պատրաստակամության և վճռականության վկայությունն է, որի ուղղությամբ մինչ այս Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչները մեծ աշխատանք է կատարել: Ամադո Բուդուն կարևորել է այցի արդյունքներով երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որն ավելի կամրապնդի Հայաստանի և Արգենտինայի միջև կապերը մի շարք ոլորտներում:

Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն դրվատանքով է խոսել արգենտինահայ համայնքի մասին, որը նրա գնահատմամբ, ոչ միայն մեծ, այլև ազդեցիկ համայնք է և մեծ դեր ունի հայ-արգենտինյան կապերի սերտացման գործում: Նա ընդգծել է, որ չնայած երկու երկրների աշխարհագրական հեռավորությանը և այն հանգամանքին, որ Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է, իսկ Արգենտինան համեմատաբար երիտասարդ, երկու ժողովուրդները ջերմ բարեկամական կապեր ունեն, և միջպետական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ափսոսանք հայտնելով, որ Նախագահ Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հնարավորություն չունի մասնակցելու բանակցություններին: Սերժ Սարգսյանը շուտափույթ կազդուրում և քաջառողջություն է մաղթել Արգենտինայի Նախագահին:

Խոսելով հայ-արգենտինյան հարաբերությունների մասին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության Նախագահի երրորդ պաշտոնական այցն է Արգենտինա, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի նախագահները մշտապես կարևորել են Արգենտինայի հետ հարաբերությունների զարգացումը և իրենց պարտքն են համարել այցելել բարեկամ երկիր ու այդ առիթով նաև երախտագիտություն հայտնել հայ ժողովրդի և, հատկապես, Արգենտինայի հայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար:

«Իմ պաշտոնական այցը Արգենտինա կայանում է Ձեր երկրի անկախության տոնի նախօրեին, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին, մաղթում հաջողություններ: Արգենտինայի հետ մեր երկրի հարաբերությունները մենք շատ ենք կարևորում, և ուրախ եմ, որ հաճախ են տեղի ունենում երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններ և մեր հարաբերությունները զարգանում են նաև բազմակողմ ձևաչափով: Մենք պատրաստակամ ենք խորացնելու հայ-արգենտինյան հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Ուրախ եմ, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը մեզ կտան այդ հնարավորությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը ևս մեծապես կարևորել է արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդան գործում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատահական չի համարել, որ հայաստանյան տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողներից մեկն Արգենտինան է: Նրա խոսքով, շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի հասնող այդ ներդրումներն աստիճանաբար իրենց ազդեցությունն են ունենում հայ-արգենտինյան առևտրատնտեսական հարաբերությունների վրա:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կիրչների անմիջական աջակցությամբ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունման համար և ընդգծել, որ հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում:

Սերժ Սարգսյանը մեր ժողովրդի և իր անունից երախտագիտություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ընդունման համար:

Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԱՀ գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերական նորարարությունների նախարարության միջև գիտական և նորարարական հետազոտությունների բնագավառում փոխըմբռնման հուշագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 6-ին նաև հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Հանդիպմանը քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև արգենտինահայ անվանի գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ:

Այսօր Հանրապետության Նախագահն այցելել է Սան Մարտինի հրապարակ և ծաղկեպսակ դրել Արգենտինայի անկախության պայքարի մարտիկ Սան Մարտինի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին, որից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Բուենոս Այրեսի քաղաքապետարան, հանդիպում ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ: Պաշտոնական այցի շրջանակներում այսօր կայացել է նաև հանդիպում Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ: Օրվա ավարտին Նախագահը հանդիպում կունենա նաև արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

«Ճրագախոտը»սպառնում է լոլիկի և սմբուկի բերքին

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնում են, որ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքի լոլիկի և սմբուկի առանձին դաշտերում  տարածում է գտել   «Ճրագախոտ» (Заразиха, Orobanche) պարազիտ մոլախոտը:

Հուլիսի 3-ին  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Լևոն Ալեքսանյանի, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի և Սարդարապատի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի  ուղեկցությամբ եղել է նշած դաշտերում, ծանոթացել իրավիճակին և տվել մասնագիտական որոշ ցուցումներ:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ամբողջ աշխարհում նշված մոլախոտի դեմ քիմիական պայքարի արդյունավետ միջոցները  խիստ սահմանափակ են և յուրաքանչյուրի կիրառման  դեպքում լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք է առաջանում:

Ճրագախոտի դեմ պայքարի լավագույն միջոցը ցանքաշրջանառության իրականացումն է, ճիշտ ագրոտեխնիկայի կիրառումը (ինչը մեզ մոտ հիմնականում չի ապահովվում), ինչպես նաև մոլախոտի նկատմամբ դիմացկուն սորտերի մշակությունը: Ընդունված է նաև սադրիչ (պրովոկացիոն) մեթոդը, երբ դաշտում կատարվում է տեր բույսի (վնասվող բույսի) խիտ ցանք, նպաստավոր պայմաններ է ստեղծվում մոլախոտի սերմերի մասսայական ծլարձակման համար, ապա կատարվում վար կամ քիմիական պայքար հերբիցիդների միջոցով:

Ներկայումս նախարարության մասնագետները զբաղվում են խնդրով և նոր լուծումների հնարավորության դեպքում տեղում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

Անկախ

Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայց է կատարել զորամասերում ու մարտական հենակետերում

IMG_5468Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետևել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և կարգապահ զինծառայողներին: Զորամասերի հրամանատարական կազմին տրվել են համապատասխան ցուցումներ, հանձնարարվել է սեղմ ժամանակահատվածում շտկել արձանագրված բացթողումները:

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծի օպերատիվ իրավիճակը:

Սեյրան Օհանյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին հանդիպել է  նաև մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի գյուղապետերին, նրանց հետ քննարկել սահմագոտու բնակչության խնդիրները: Պաշտպանության նախարարը աջակցություն է ցուցաբերել գյուղապետերի առաջադրած մի շարք խնդիրների:

 

 

 

Երկրաշարժը Վանաձորում խուճապ է առաջացրել. երկու մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է.NEWS.am

երկրաշարժԼոռու մարզի Վանաձոր քաղաքում հուլիսի 6-ին երկու անգամ տեղի ունեցած երկրաշարժը մեծ իրարանցում է առաջացրել, մարդիկ խուճապահար տնից դուրս են վազել. Երկու անձ հոսպիտալացվել է՝ փախչելիս կոտրվածք ստանալու պատճառով:

NEWS.am-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բաժնից հայտնեցին, որ երեկ օրվա ընթացքում 67 կանչ է գրանցվել. ի դեպ համեմատելով հուլիսի 5-ի հետ՝ կանչերի թիվը 10 տոկոսով ավելին է եղել:

«Մարդիկ ուզեցել են փախչել տնից, տրավմաներ են ստացել, վախից նյարդային համակարգի խնդիրներ են առաջացել: Մի մարդ ոտնաթաթի շրջանում կոտրվածք է ստացել փախչելու ընթացքում, դիմել է հիվանդանոց: Մի կնոջ էլ մենք ենք շտապօգնության մեքենայով տեղափոխել, քանի որ ուսային հոդի շրջանում վնասվածք ուներ»,- ասաց շտպօգնության բժիշկ Տիգրան Ենգոյանը:

Շարունակություն՝սկզբնաղբյուր կայքում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին գոհացրել է ստացվող բերքի որակը

բերքահավաք

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հաղորդեցին, որ հանրապետության սերմնաբուծության զարգացման գործում զգալի ներդրում ունեցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության “Երկրագործության գիտական կենտրոն” ՊՈԱԿ-ում  աշխատանքային  բուռն եռուզեռ է։  Սկսվել է  ցորենի բերքահավաքը։  50 հեկտարի վրա  ցանքը կատարվել է սուպերէլիտային սերմերով,  որոնց մի մասը ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, մնացածը  լրացվել գիտական կենտրոնում մշակված “Նաիրի-68”  տեղական սորտով։

Այսօր ցորենի բերքահավաքի ընթացքին, ինչպես նաև   գիտական  կենտրոնում մշակվող հատիկաընդեղեն  և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությանը  ծանոթանալու  նպատակով “Երկրագործության գիտական կենտրոն“ է այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։  Կենտրոնի  տնօրենը ներկայացրել է  բերքահավաքի առաջին  արդյունքները՝  հեկտարի  միջին բերքատվությունը 60 ցենտներից ավելին է։ Նախարարին  գոհացրել է նաև  ստացվող  բերքի որակը։ Այն ամբողջությամբ նախատեսված է հանրապետության սերմնաբուծության զարգացման նպատակների համար։

Նախարարը ծանոթացել է նաև 9 հա վրա մշակվող  լոլիկի  տեղական “Նոյ”,  “Հայաստանի հրաշք” և  “Նվեր”  սորտերի, ինչպես նաև  0.5 հա վրա մշակվող ոլոռի տեղական “Կանգուն” և 1 հա վրա մշակվող սիսեռի “Սիփան” տեղական սորտի սուպերէլիտային ցանքերի վիճակին։ Նշված ցանքսերից  ստացվող սերմացուն նույնպես ամբողջությամբ  և մատչելի գներով կտրամադրվի հանրապետության ֆերմերային տնտեսություններին։  Դա զգալիորեն կխթանի հայկական ավանդական սորտերի մշակության ծավալների ավելացմանը:

Այցելության ավարտին նախարարը եղել է նաև 2012 թվականին հիմնված ծիրանի կոլեկցիոն այգում, ուր 5 հա վրա պահպանվում են  հայկական ծիրանենու 84 գենետիկ սորտեր: Ծանոթանալով ընթացիկ տարում այստեղ  1 հա վրա կատարված կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի տեղադրման աշխատանքներին, նախարարը որոշակի դիտողություններ է արել կատարված աշխատանքի վերաբերյալ:

Անկախ

Բնապահպանական նորմերի խախտումների դեպքերի համար` 2.49մլն.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս

1ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտումների դեպքերի համար հաշվարկել է 2.49մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 30.06–04.07.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.98մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 2.49մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մասնավորապես` Արարատի   տարածքային բաժնի և  «Խոսրովի անտառ» պետական արգելոց»  ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի արդյունքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանման նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  25.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների արձանագրած անասունների անօրինական արածեցման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  18.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների  10 գործերի քննության  արդյունքում  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում  և հաշվարկվել է  262.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Մթնոլորտի  վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների աշխատակիցների անցկացրած համատեղ ստուգման արդյունքում տնտեսվարողի մոտ հայտնաբերված խախտման համար  կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  364.64հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Շիրակի և Կոտայքի տարածքային բաժինների աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպքի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

 

    Ընդերքի բնապահպանական վերահսկողության և Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ ստուգման արդյունքում տնտեսվարողի մոտ հայտնաբերած խախտման համար  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  1.0մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Ջրերի վերահսկողության և Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ ստուգման արդյունքում մեկ տնտեսվարողի մոտ հայտնաբերված խախտման համար  կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  488.16հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների  իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  10.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ջրային միջավայրի վրա ազդեցության նորմերի խախտումների համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի  երկու որոշում և հաշվարկվել է  195.0.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

        Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության  բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դր  գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:   

         Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության  արդյունքում   երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:                                                                                      

   Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 2.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով  բաց է թողնվել Սևանա լիճ:          

            Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.06 մլն.դր. գումար:                         

 

 

 

 

Գեռլա (պատմական Արմենոպոլիս) քաղաքի օրվա տոնակատարությունները Ռումինիայում

գեռլաՀունիսի 30-ից հուլիսի 6-ը պատմական Արմենոպոլիս քաղաքում` Գեռլայում, անցկացվեցին Քաղաքի օրերը, որը համընկնում է Հայոց Սրբ Գրիգոր Լուսավորչի տոնին: Հայկական ավանդական հոգևոր տոնը քաղաքի օր հայտարարելու նախաձեռնությամբ Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն հանդես էր եկել դեռևս 2012թ. Իջևանի հետ եղբայրացման համաձայնագիր կնքելուց հետո:

Արդեն երկրորդ տարին է քաղաքի օրը վերածվել է միջազգային փառատոնի, որին մասնակցում են Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի և Լեհաստանի քույր քաղաքների պատվիրակությունները: Տոնակատարությունների բազմազան ծրագրի հիմնական միջոցառումները տեղի ունեցան հուլիսի 4-ին և 5-ին, և կենտրոնացած էին հայկական իրադարձությունների շուրջ:

Հուլիսի 4-ին, քաղաքային մարզադաշտում տոնակատարությունների բացման արարողությանը մասնակցում էին Կլուժի նահանգային և Գեռլայի քաղաքային իշխանությունները, Ռումինիայի Հայոց միության ղեկավարները, Ռումինիայում Հայաստանի և Շվեյցարիայի դեսպանները, Գեռլայի հետ եղբայրացած եվրոպական քաղաքների պատվիրակները։
Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, հանդես գալով բացման հանդիսավոր արարողությանը, գեռլացիներին փոխանցեց այդ առիթով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը և շնորհակալություն հայտնեց ռումինական իշխանություններին և տեղական պատասխանատուներին ռումինահայ մշակութային հարուստ ժառանգության պահպանման և տեղի հայ համայնքի կարիքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Հաջորդ օրն առավոտյան դեսպան Գասպարյանը մասնակցեց Գեռլայի քաղաքապետարանում եղբայրացած քաղաքների պատվիրակների խորհրդակցությանը, որտեղ քննարկվեցին ապակենտրոնացված մակարդակով համագործակցության արդյունավետության հետ կապված հարցեր:

Այնուհետև արտասահմանյան հյուրերը նահանգային և տեղական իշխանությունների, ինչպես նաև Ռումինիայի Հայոց միության ղեկավարության կողքին ներկա եղան հայ կաթողիկե Սուրբ Երրորդության տաճարում Սրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագին, որն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվեց ռումինական հեռուստաալիքներով։

«Գեռլան դարձել է եվրոպական ժամադրավայր, և դա բնական է, քանի որ այն արդեն ազգերի, մշակույթների և ավանդույթների խաչմերուկ է դարեր ի վեր,- պատարագից անմիջապես հետո 300-ամյա Հայոց տաճարի ժամացույցի նոր», եզակի մեխանիզմի գործարկմանը նվիրված հանդիսավոր արարողությանը հայտարարեց դեսպան Գասպարյանը: «Այն թանկ է հատկապես մեզ` հայերիս համար, քանի որ կազմում է մեր ժողովրդի պատմության մի մասը: Ռումինիայի հայերը մարդկային այն օղակը, այն հանգույցն են, որոնք մեզ կապում են իրար, կռում այն համերաշխությունը և բարեկամությունը, որով մենք ուզում ենք կառուցել ավելի լավ աշխարհ և ավելի լավ ապագա»:

Արարողությունից հետո ռումինական «TVR3» հեռուստաալիքը շարունակեց ուղիղ եթերը Հայոց Տաճարի բակից` դեսպան Գասպարյանի, ռումինահայ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանի, Ռումինիայի Հայոց միության փոխնախագահ Սիրուն Թերզյանի և Գեռլայի Հայոց թանգարանի տնօրեն Միրչա Թիվադարի մասնակցությամբ, որի ընթացքում բանախոսները մեկ ժամ զրուցեցին ռումինահայ ժառանգության, հայության խնդիրների, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շուրջ։

Հայկական գեղարվեստական ծրագիրն ամփոփեց Հարրի Դավիդյանը, որը հուլիսի 5-ի երեկոյան Հայոց տաճարում հանդես եկավ հայ հին հոգևոր և աշխարհիկ երաժշտության գոհարների ջազային վարպետ մեկնաբանություններով:

Հայկական մշակութային ծրագրի շրջանակներում քաղաքի նորաբաց կինոդահլիճում տեղի ունեցավ նաև Գեռլա-Արմենոպոլիսի մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհանդեսը (ռեժ. Ֆլորին Գևորգյան), 19-րդ դարի նշանավոր հայազգի հունգարագիր պատմաբան Կրիստոֆ Սոնգոտի հերթական հատորի ռումիներեն թարգմանության շնորհանդեսը, Հայոց Միության սրահներում բացվեցին Տրանսիլվանիայի հայկական ժառանգության մասին պատմող տպագիր նյութերի, լուսանկարների և առարկաների ցուցադրություններ:

Հյուպատոսական գանձումների համար ԱԳՆ ներդրել է էլեկտրոնային վճարումների համակարգ

Ագն Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու և սպասարկումն առավել դյուրացնելու նպատակով` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից E-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգում (www.e-payments.am) ավելացվել է նոր` «Հյուպատոսական ծառայություններ» բաժինը, որի միջոցով քաղաքացիներն այսուհետ կարող են հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքը վճարել առցանց եղանակով:

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի, ինչպես նաև ՀՀ բոլոր դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կայքերում` «Հյուպատոսական ծառայություն/ Պետական տուրքի դրույքաչափեր» բաժնում հնարավոր է կատարել վճարումներ առցանց եղանակով՝ http://mfa.am/hy/fees/ հղումով:

Վճարման վերաբերյալ ուղեցույցը հասանելի է http://mfa.am/hy/howtopayonline/ հղումով:

2014թ. առաջին կիսամյակում ստացվել է ավելի քան 72 հազար գրություն

007Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների և պետական կառույցների կողմից հունիս ամսվա ընթացքում ստացված 12 հազար 870 դիմումների և գրությունների պատասխանների տրամադրման կատարողականը կազմել է 100 տոկոս: Զեկուցվել է նաև, որ 2014թ. առաջին կիսամյակում ստացվել է ավելի քան 72 հազար գրություն, ինչը գերազանցում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածում ստացաված, այդ թվում 2010 թվականի՝ 34200, 2011-ի՝ 47000 և նախորդ տարվա 65000 գրությունների համանման ցուցանիշը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը՝ գործընթացը պահելով մշտական ուշադրության կենտրոնում:

«Քաղաքացիների կողմից ստացվող դիմումների տարեցտարի նկատելի աճն ինքնին նշանակում է, որ երևանցին վստահում է Երևանի քաղաքապետարանին՝ համոզված լինելով, որ իր կողմից բարձրացվող հարցերն անպատասխան չեն մնում: Ըստ այդմ, պետք է հետևողականորեն շարունակենք աշխատանքներն ու տարեվերջին այս ուղղությամբ ևս գրանցենք առաջանցիկ աճ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

«ԶԻԼ»-ը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել պատի և կողաշրջվել

զիլՀուլիսի 5-ին, ժամը 17.15-ին, Երևանի Լվովյան փողոցի թիվ 25 շենքի մոտ «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից, բախվել ճանապարհին հարակից տան պատին և կողաշրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Տաքսին հարվածել է 33-ամյա տղամարդու ձեռքին

ՏաքսիներՀուլիսի 5-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսին Էջմիածին քաղաքում հարվածել է 33-ամյա տղամարդու ձեռքին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի տաքսի ատոմեքենան Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 11 շենքի դիմաց հարվածել է հիշյալ տղամարդու ձեռքին և հեռացել:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-2121»-ը գլորվել է ձորը

ավտոպատահարներՀուլիսի 5-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ջերմուկ-Չայքենդ ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: