Գյումրեցի անօթևան ընտանիքի երեխաները անգամ ծննդյան վկայական չունեն

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս, անօթևան և աղքատ ընտանիքներ ամեն մի այցից ու տեսանյութի պատրաստումից հետո, թվում է, թե վերջ, այլևս չենք հանդիպելու նախորդներից առավել ծանր պայմաններում ու անտեսված ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների ու, ի հեճուկս մեր ակնկալիքների, այդպես էլ չի նշմարվում Գյումրիում՝ բառիս բուն իմաստով անտերության մատնված աղքատության եզրագիծը:

Բելգիայի Միխելեն քաղաքի, Լևոն Շանթի անվան հայկական դպրոցի մի խումբ շրջանավարտների կողմից ցուցաբերած օգնությունը տրամադրելու նպատակով, այսօր այցելեցինք քաղաքի հարևանությամբ գտնվող սելեկցիոն կայան, որի կիսաքանդ պահակատանը իր երկու մանկահասակ երեխաների հետ ապաստանել է Սուսաննա Կիրակոսյանը: Այստեղ ևս մենք հանդիպեցինք ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքի: Նրա 1-ին դասարան հաճախող երեխաները անգամ ծննդյան վկայական չունեին:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

http://www.youtube.com/watch?v=2MOIKxbc-jI&feature=share&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ

 

ԲԵԼԱՌՈՒՍԻ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԷՐ ԱՊՕՐԻՆԻ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ոստիկանությունՍեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտյոմ Ս.-ին, որը հուլիսի 9-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի սահմանահատման մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

«Եվրոպական Ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության հայտարարությունը

«Եվրոպական Ինտեգրացիա»Մոսկվայում  Մաքսային Միությանը միանալու,

իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի `

2013 թվականի սեպտեմբերի 3-ին  ստորագրած հայտարարության

եւ դրան հաջորդող զարգացումների վերաբերյալ

 

«Եվրոպական Ինտեգրացիա» Հասարակական կազմակերպությունը ՀՀ եվրաինտեգրման և ԱՊՀ տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների առումով`

 

 

  • համոզմունք է հայտնում, որ եվրաինտեգրումը որևէ կերպ չի կարող ստորադասվել ՀՀ այլ ինտեգրացիոն գործընթացներին,
  • ընկալելի եւ ընդունելի է համարում ՀՀ-ի կողմից վերջին շրջանում հռչակված և կիրառված «և-և» տարբերակը, ինչպես նաև տնտեսական ինտեգրման հարթությունում «արդյունավետության» թեզի կիրառումը`հաշվի առնելով, որ ՀՀ եվրաինտեգրման գործընթացի ներքո հանրության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում իրականացվող և ակնկալվող լայնածավալ բարեփոխումները, երկրի ապագայի տեսլականը միարժեքորեն պետք է համադրվեն ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների, ՀԱՊԿ միասնական անվտանգության համակարգի ներքո երկկողմ և բազմակողմ խորը կապերի և զարգացող հարաբերությունների հետ,
  • կարեւորում է, որպեսզի ՀՀ գործընկերները` ինչպես Մաքսային Միությունը (այսուհետ` ՄՄ), այնպես էլ ԵՄ-ն եւ նրա անդամ-երկրներն ընկալեն ՀՀ առանձնահատուկ վիճակը` «և-և» բանաձեւի մաքսիմալ կիրառմամբ` երբեւէ հարցականի տակ չդնելով դրա իրագործման հնարավորությունը,
  • ընկալում է ՀՀ եւ ՌԴ նախագահների համատեղ հայտարարությունը (Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ)` որպես   «և-և» բանաձեւի ներքո իրականացված քայլ` ակնկալելով, որ տնտեսական ինտեգրման գործընթացները կզարգանան երկու ուղղությունների համադրման ճանապարհով եւ ընդունելի կլինեն ՀՀ-ի թե’ ԵՄ, թե’ ՄՄ գործընկերների կողմից,
  • ողջունում է Եվրոպական հանձնաժողովի` «Հայաստան. վերջին զարգացումների շուրջ ԵՄ դիրքորոշումը» հուշագիրը /Armenia: EU position on the latest developments”, European Commission – MEMO/13/766   04/09/2013 / (Բրյուսել, 4 սեպտեմբերի, 2013), որտեղ մասնավորապես նշվում է. «Ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ԱԱ/ԽՀԱԱՀ–ն բոլորի համար շահեկան բարեփոխումների նախագիծ է և ոչ թե զրոյական ելքով խաղ և կարող է համատեղվել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ», ինչպես նաև  ԵՄ գործընկերների` փաստաթղթի տրամաբանությունից բխող հայտարարությունները,
  • հույս է հայտնում, որ ԵՄ հանձնաժողովի այս դիրքորոշումը կմնա անփոփոխ` ԵՄ եւ ԱլԳ գործընկերների` Վիլնյուսում նախանշված գագաթաժողովում հասնելով իր տրամաբանական հանգրվանին. այն է` ՀՀ եւ ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի (այսուհետ` ԽՀԱԱՀ) կամ նրա նորացված տարբերակի  նախաստորագրմանը,
  • անընդունելի է համարում  ՀՀ տարբեր պաշտոնյաների կողմից տարբեր մակարդակներով հնչեցրած այն հայտարարությունները, որոնք հակասում են  ՀՀ տնտեսական ինտեգրման գործընթացների համադրման «և-և» սկզբունքին, դրա տրամաբանությանը եւ հոգեբանությանը` մասնավորապես.
    • «Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որըչիհակասի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը»:
    • «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը (ԽՀԱԱՀ) անհամատեղելիէ Մաքսային Միության անդամակցությանը» եւ այլ:

 

  • ամրագրում է, որ տնտեսական ինտեգրման ուղղություններից մեկի ստորադասումը մյուսին անհեռատես, անհիմն քայլ է` լի բազում մարտահրավերներով:

 

     Հաշվի առնելով վերը շարադրվածը` «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ-ն կոչ է անում

 

ՀՀ իշխանություններին.

  •  ամենաբարձր մակարդակով հանդես գալ միանշանակ հայտարարությամբ, որտեղ հստակորեն կշեշտադրվի ԵՄ գործընկերների հետ առկա պայմանավորվածություններին հավատարիմ մնալու եւ Վիլնյուսում ՀՀ-ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագիրը ու ԽՀԱԱՀ (կամ նրա նորացված տարբերակը) նախաստորագրելու պատրաստակամությունը` առանց նշված փաստաթղթերի անհարկի եւ միակողմանի կրճատումների,
  •  հնարավորինս բարձր մակարդակով դիմել ԵՄ եւ ՄՄ գործընկերներին` առաջարկելով ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի ՄՄ-ին և ԵՄ ԽՀԱԱԳ-ին միաժամանակյա միանալու դեպքում երկու գործընթացների հնարավոր անհամատեղելիությունը` առաջարկներ ներկայացնելով դրանց հաղթահարման ուղղությամբ: Այդ առաջարկները կապահովեն ԵՄ ԽՀԱԱՀ-ի (կամ նրա նորացված տարբերակի) նախապատրաստումից ստորագրում անցումը, ինչպես նաև ՄՄ անդամակցման ընթացակարգը (նշված մեխանիզմը կարող է կիրառելի լինել նաև այլ գործընկերների համար):

ՀՀ գործընկերներից (ԵՄ, ՄՄ անդամներ) որեւէ մեկի անհամաձայնությունը       նման առաջարկին կնշանակի ՀՀ նկատմամբ հարկադրանքի եւ շանտաժի   քաղաքականության կիրառում,

  • ներդնել ջանքեր` ուղղված հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության բոլոր փուլերում ՀՀ քաղաքական բոլոր ուժերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների կառուցողական ներգրավմանը` հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով,
  • պետության և հանրության շահերին անմիջականորեն առնչվող հարցերում որոշումների կայացման գործընթացը դարձնել առավել մասնակցային, կանխատեսելի, ընկալելի եւ թափանցիկ,
  • հանրությանը ներկայացնել տնտեսական ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից բխող (ՀՀ ապաշրջափակում, աբխազական երկաթուղու բացում, հայ-իրանական երկաթուղու կառուցում և գործարկում) քայլերի շրջանակում գործընկերներից (ԵՄ, ՄՄ) ստացված երաշխիքները:

 

ԵՄ ղեկավարությանը եւ անդամ երկրների կառավարություններին.

  • սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ եռակողմ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունը եւ արդյունավետ գործունեության ապահովումը,
  • ջանքեր ներդնել ՀՀ – ԵՄ ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման նպատակով հայ-թուրքական սահմանի բացման, ՀՀ-ի ապաշրջափակման ուղղությամբ:

 

      ՄՄ գործընկերներին.

  • սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ եռակողմ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունը եւ արդյունավետ գործունեության ապահովումը,
  • ջանքեր ներդնել ՀՀ-ՄՄ գործակցության արդյունավետությունը ապահովելու նպատակով աբխազական երկաթուղու բացման, հայ-իրանական երկաթգծի կառուցման և գործարկման, ՀՀ ապաշրջափակմանն ուղղությամբ:

 

ՀՀ եւ ԵՄ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին

  • սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ հանձնաժողովի ձեւավորմանը եւ արդյունավետ գործունեությանը:

 

Երեւան, 6 սեպտեմբերի, 2013թ.

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ

3688

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Հանրային խորհրդի գյուղատնտեսության, բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Նախագահի աշխատակազմի և համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ:

Քննարկվել են Արարատյան դաշտավայրի կայուն ոռոգման ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ համակարգերի, ինչպես նաև խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հնարավորություններն ու ապօրինի խորքային հորերի գույքագրման և փակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, որոնց ուղղությամբ տրվել են մի շարք հանձնարարականներ:

Փոխվարչապետը Շիրակի մարզում խոստումներ է տվել

IMG_1006Այսօր Շիրակի մարզի Ամասիա համայնքում բացվեց “մանկական արվեստի դպրոցի” նորակառույց շենքը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այլ հյուրեր: 50-ամյա պատմություն ունեցող այս դպրոցը 80-ից ավելի սաներին ընդունում էր համայնքի գրադարանի շենքի երկրորդ հարկում: Եվ ահա նոր շենքը վերանորոգել և կահավորել է Ucom ընկերության կողմից: Շինարարությունը տևել է մոտ 5-6 ամիս:

“Այս շենքը նախկինում կիսակառույց բանկի շենք է եղել: Հանրապետության նախագահի IMG_1025Ամասիա վերջին այցի ժամանակ, եղավ հանձնարարական, որ շենքը տալ համայքնի հաշվեկշռին և կառուցել նոր արվեստի դպերոց: Մեր մանկական արվեստի դպրոցը 50 տարվա պատմություն ունի՝ հիմնվել է 1963թ.”, – ասում է Ամասիա համայնքի ղեկավար Աղասի Ամիրյանը:
Ելույթ ունենալով դպրոցի բացման արարողությանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշեց. “Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այն միջոցառումները, որ վերջին տարիներին այս համայնքում տեղի են ունցել՝ բացումները, զարգացումները, դրանք շարունակական են լինելու: Եվ արդեն այսօր իսկ երկու նոր ծրագրեր կան, որոնք կյանքի են կոչվելու նաև մասնավոր և պետություն համագործակցության շրջանակներում, “Սոցիալական ներդրումների հիմնադրամի” անմիջական մասնակցությամբ: Ես նկատի ունեմ այն, որ շուտով կսկսվեն Ամասիայի կինոթատրոնի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև արդեն հստակ և կոնկրետ պայմանավորվածություններ կան Ամասիայի մարզադաշտի վերանորոգման հարցում, որը հնարավորություն կտա բնակիչներին սպորտի զարգացման հնարավորություններ ստեղծել: Նմանատիպ միջոցառումները դեռ քիչ են բավարար լինելուց, որպեսզի կարողանանք ասել, որ մենք կարողացել ենք էականորեն փոխել մեր բնակչության կյանքի որակը: Բայց ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ այն մարդկանց հետ միասին, ովքեր այս վերջին տարիներին պետության կողքին կանգնած ծրագրերն իրականացնելու են, հնարավոր է լինելու բոլոր խնդիրները լուծել. հասկանալով հանդերձ, որ ամենամեծ խնդիրը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ մեր բնակչության կենսամակարդակի բարձրացումը, հավաստիացնում եմ ձեզ, որ այդ ուղղությամբ նույնպես պետությունը, մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկում է և ձեռնարկելու է”:
“Մենք ունենք “Ամասիայի վերականգնման հիմնադրամ”, որի միջոցներով շատ աշխատանքներ ենք կատարել: Հայաստանում միակ համայնքն է, որ բոլոր տներում գազաֆիկացումն անվճար է անցկացվել՝ հիմնադրամի ֆինանսավորմամբ: Մոտ 60 երեխաների համար գործող մանկապարտեզի ֆինանսավորումը ևս տրամադրում է այս հիմնադրամը. համայնքից մենք ոչ մի ֆինանսական միջոց չենք տրամադրում մանկապարտեզին: Իսկ հիմնադրամի անդամները շատ հայտնի և հաջողակ բիզնեսմեններ են, իսկ աշխատանքները կորդինացնում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը”, – ասում է Ա.Ամիրյանը:

ԱԳ նախարարը կայցելի Վիլնյուս

Էդվարդ ՆալբանդյանՍեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցելություն կկատարի Վիլնյուս, որտեղ հանդիպում կունենա Եվրոպական Միությունում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությունը իր անդամների ծեծի վերաբերյալ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ2013 թ. սեպտեմբերի 5-ի երեկոյան 22:10-ի սահմաններում 6-7 անհայտ անձանց կողմից Երևանում դաժան ծեծի են ենթարկվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն հասարակական շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը և կազմակերպության անդամ Հայկակ Արշամյանը: Հանցագործությունը տեղի է ունեցել Հ. Արշամյանի տան մոտ՝ քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներից մեկի բակում: Երկու մեր գործընկերներն էլ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, մասնավորապես, Հայկակի մոտ եղել են պատռվածքներ քթի մոտ և բերանի խոռոչում, իսկ Սուրենի մոտ՝ գլխի խոր վնասվածք, ինչպես նաև քթի և մատների կոտրվածքներ:

Կազմակերպության երկու անդամներն էլ, չհարելով որևէ քաղաքական կուսակցության, երկար տարիներ հանդիսանում են հասարակական ակտիվիստներ և իրենց հասարակական գործունեության ընթացքում երբեք դուրս չեն եկել օրինականության շրջանակներից:

Դժբախտաբար, այս բռնարարքը վերջին մի քանի շաբաթների ընթացքում իշխանությունների մի շարք քայլերի և որոշումների դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստների դեմ կատարված նմանատիպ ոչ առաջին բռնարարքն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ իրականացվում են բավականին համակարգված գործողություններ, որոնց նպատակն է կասեցնել անարդարությունների և ապօրինությունների դեմ թափ հավաքող բողոքի շարժումները: Այս բռնարարքը կարող է դիտվել նաև որպես անուղղակի նախազգուշացում մեզ և մեր գործընկեր այլ հասարակական կազմակերպություններին՝ զերծ մնալ իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում տարվող քաղաքականության քննադատությունից:

Այս և նմանատիպ մյուս բռնարարքները գնահատելով որպես ահաբեկչություն հասարակական ակտիվիստների նկատմամբ՝ հայտարարում ենք, որ եթե հնարավորինս արագ չբացահայտվեն և չպատժվեն իրականացնողները, դրանք կարող են կրկնվել ապագայում, և ըստ այդմ՝ հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է գործող վարչակարգի վրա:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 

Հաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի կազմը

10669_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ հաստատել է հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի կազմը, որում ընդգրկվել են.

Շարիստան Մելքոնյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի հավատարմագրման բաժնի տնօրեն,
Նելիի Հովհաննիսյան – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս, կենսաբան, գիտաշխատող,
Աշոտ Սաղյան- ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,
Սամվել Ավետիսյան- Հայաստանի տնտեսագիտական համալսարանի հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Վարդան Ուռուտյան- Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր
Սամվել Շուքուրյան – ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ-ի մշտական անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Յուրի Սարգսյան- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր,
Սահականույշ Սարգսյան – Բոլոնիայի քարտուղարություն
Հայկ Քոթանջյան – Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
Սուսաննա Կարախանյան – Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր:
Խորհրդի որոշմամբ՝ հավատարմագրման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուսաննա Կարախանյանը:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար՝ վարչապետ Սարգսյանն անդրադարձել է մեր երկրում բուհերի հավատարմագրման աշխատանքներին: «Սա չափազանց պատասխանատու մի գործընթաց է, որը մենք սկսել ենք տարիներ առաջ և պարտավոր ենք հասցնել իր տրամաբանական ավարտին: Դա կլինի այն ժամանակ, երբ հանձնաժողովը կսկսի աշխատել և հավատարմագրել Հայաստանի Հանրապետության բուհերին: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հանձնաժողովի հեղինակությունը լինի բարձր, որովհետև սա պետք է լինի մի անաչառ մարմին, որը կկարողանա մեր բուհերին գնահատել օբյեկտիվորեն: Մենք գիտենք, որ դեռևս կան բավականին լուրջ խնդիրներ, բուհերի մեծ մասը դեռևս պատրաստ չէ հավատարմագրման չափանիշներին, սակայն պետք է այնպես անենք, որպեսզի ցնցումներ չլինեն: Միևնույն ժամանակ, բուհերը պետք է հասկանան, որ սա բավականին խստապահանջ հանձնաժողով է, ուստի բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է իրականացնեն լրջագույն բարեփոխումներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Խորհուրդը համապատասխան առաջարկությունների ընդունմամբ քննարկել և հաստատել է պետական հավատարմագրման կարգի փոփոխությունների և լրացումների նախագիծը: Հաստատվել է նաև հիմնադրամի կանոնադրության փոփոխությունների և լրացումների նախագիծը:

UNISTREAM համակարգով դրամական փոխանցումներ Երևանում արդեն հնարավոր է իրականացնել մինչև 24:00-ն

idram dramarkghԵրևանում արդեն հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել շաբաթվա բոլոր օրերին` մինչև 24:00-ն:

«Երևան Սիթի» սուպերմարկետներում գտնվող ԻԴՐԱՄ-ի մասնաճյուղերում արտասահմանից գումար ստացեք և փոխանցումներ իրականացրեք UNISTREAM համակարգով օրվա` Ձեզ հարմար ժամին` սահմանափակված չլինելով աշխատանքային օրերի և ժամերի գրաֆիկով (Կոմիտաս 60/2, Դավթաշեն 4 թաղ., Շենգավիթ, ՀԱԹ):

UNISTREAM համակարգով փոխանցումներ հնարավոր է իրականացնել ԻԴՐԱՄ-ի` նաև Երևանի քաղաքապետարանում և թաղապետարաններում գտնվող մասնաճյուղերում, կենտրոնական գրասենյակում ևս (Բուզանդի 1/3 ) աշխատանքային օրերին` 09:00-18:00-ն:

ԻԴՐԱՄ-ի նոր ծառայության շնորհիվ այսուհետ  դրամական փոխանցումներն իրականացրեք Ձեզ հարմար վայրում և ժամին:

Հիշեցնենք, որ «Իդրամ» ՍՊԸ-ին «Յունիստրիմ» (UNISTREAM) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրվել է  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի` հուլիսի 9-ի որոշմամբ:

 

Կիվիրյանը ցուցմունք տվել է

 Արգիշտի ԿիվիրյանՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Ոստիկանության Արաբկիրի բաժնում Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Քրեական գործը հարուցվել է օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքում Ա. Կիվիրյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Ա. Կիվիրյանը սակայն, պնդում է, որ ոստիկաններն են իր հանդեպ բռնություն գործադրել, և ինքը գործով տուժող պետք է ճանաչվի: Օգոստոսի 30-ին Արգիշտի Կիվիրյանն իր 30 փաստաբաններով գնացել էր ՀՔԾ՝ վկայություն տալու, սակայն ՀՔԾ-ում համաձայն չեն եղել, որ Ա. Կիվիրյանն այդքան փաստաբանների հետ մտնի ներս: Ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչն է պատճառը, որ Կիվիրյանին թույլ չեն տվել վկայություն տալ 30 փաստաբանների ներկայությամբ: Ահարոնյանը «Անկախ»-ին ասաց. «Արգիշտի Կիվիրյանը իր կնոջ՝ փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայությամբ օգոստոսի 30-ին ցուցմունք է տվել` որպես վկա»:

Այս շաբաթ բորսայում իրականացվել է 5,75 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՍեպտեմբերի 2-6-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. 

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,157,747 ԱՄՆ դոլար 408.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 101,244,169 ԱՄՆ դոլար 410.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 139,297 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,714,431 EUR 538.39 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 14,688,641 EUR 541.81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 842,829,949 ՌԴ ռուբլի 12.19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 142,267,129 ՌԴ ռուբլի 12.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.5 մլն ԱՄՆ դոլար:

 ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Երիտասարդական նվագախմբի ելույթները Musica Riva փառատոնում մեծ հաջողությամբ են ընդունվել

995760_456438394451873_980696842_nՍեպտեմբերի 6-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Իտալիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Բրունո Սկապինիի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսներն ամփոփեցին Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը, որին այս տարի որպես հրավիրյալ պաշտոնական նվագախումբ մասնակցում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Իտալիայում միջազգային հեղինակավոր այդ փառատոնին մասնակցելը մեծ պատիվ էր: Նա ընդգծեց որ արտասահմանյան բոլոր ելույթների ընթացքում երիտասարդական նվագախումբը կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, և Musica Riva-ն բացառություն չէր։ Փառատոնի շրջանակներում, ի թիվս այլ համերգների, հանդիսատեսին է ներկայացվել նաև «Հայաստան-Իտալիա. կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև» խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։ Երիտասարդական նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդին), հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից։ «Խաչատրյանի ստեղծագործությունները կատարելը մեզ նոր ազդակ տվեց: Փառատոնին մի շարք հայտնի անուններ էին մասնակցում, և բնականաբար, նվագախումբը նաև հրավերներ և առաջարկներ է ունեցել։ Փառատոնի պաշտոնական նվագախումբ դառնալու հրավերը մենք ստացել ենք փառատոնի կազմակերպիչներից, ովքեր մեր մասին իմացել էին մենակատարների ջերմ կարծիքի շնորհիվ, որոնք ավելի վաղ համագործակցել են մեզ հետ»,- նշեց Ս. Սմբատյանը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր աջակցում են դասական երաժշտությանը։ Մասնավորապես, երիտասարդական նվագախմբի մասնակցությունը Musica Riva միջազգային փառատոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Արթուր Վարժապետյանի («Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ), «Ինեկոբանկի» շնորհիվ։ Աջակցություն են ցուցաբերել նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը, Երևանի ոսկերչական գործարանը և «Կոնվերս բանկը»:

Նշենք, որ փառատոնի շրջանակներում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել աշխարհահռչակ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Նատալյա Գուտմանի և նշանավոր այլ երաժիշտների հետ, ովքեր իրենց հիացական վերաբերմունքն են արտահայտել երիտասարդական նվագախմբի վերաբերյալ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, թավջութակահար Նատալյա Գուտմանն ընդգծել է, որ հայերը շատ երաժշտական են. «Հայաստանում ես շատ ընկերներ ունեմ, մասնավորապես, Տիգրան Մանսուրյանը: Ես շատ ուրախ էի այստեղ հանդիպել Հայաստանի երիտասարդական նվագախմբին: Նրանք շատ երաժշտական, վառ և մեծ ոգևորությամբ են նվագում: Նրանք այնքան երաժշտական էներգիա ունեն, որ ցանկություն է առաջանում՝ որքան հնարավոր է երկար նվագել նրանց հետ: Հայաստանի երիտասարդական նվագախումբը շատ պրոֆեսիոնալ է: Ես շատ ուրախ եմ մեր հանդիպման համար»:

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին էլ բարձր գնահատեց դեսպանատան համագործակցությունը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ «Չնայած հայ-իտալական կապերը շատ ամուր են, սակայն սա շատ լավ սկիզբ էր` հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման համար, և ես պատրաստ եմ աջակցել երիտասարդական նվագախմբին` ավելի մեծ հաջողությունների հասնելու համար»,- ասաց դեսպանը: Նա առանձնացրեց նաև բազմաթիվ մշակութային ծրագրեր, որոնք դեսպանատան աջակցությամբ անցկացվել են Հայաստանում։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահ Սերժ Սարգսյանը Արդարադատության նախարարությունում հանդիպում է ունեցել աշխատակիցների հետ

3692Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ ծանոթացել է աշխատանքային պայմաններին, այցելել քաղաքացիների ընդունելության սրահ, զրուցել աշխատակիցների հետ, ապա նիստերի դահլիճում հանդիպում ունեցել նախարարության ավելի քան երեք հարյուր աշխատակիցների հետ: ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ Հանրապետության Նախագահի այցերի շրջանակում այս նախարարություն այցի ժամանակ ևս նախարարը և նրա տեղակալները զեկուցել են 2010-2013թթ. ընթացքում իրականացված բարեփոխումների, արձանագրված առաջընթացի, զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:

Նախագահը հարցեր է ուղղել զեկույցների հեղինակներին, ապա պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին: Նախարարությունում աշխատանքային պայմանների բարելավման, աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան, Սերժ Սարգսյանը նշել է, որ հասկանալիորեն Արդարադատության նախարարությունում աշխատում են լավ իրավաբաններ, ովքեր կարող են նաև հեշտությամբ աշխատանք գտնել մասնավոր հատվածում: Ընդգծելով, որ արդեն բավականին մանրամասն խոսել է 2014 թվականի հունվարի մեկից սկսած բյուջետային աշխատավարձերի անընդհատ ավելացման պետական քաղաքականության մասին, Նախագահը շեշտել է, որ երեք տարվա կտրվածքով բավականին էական ավելացումների մասին է խոսքը: Նա վստահություն է հայտնել, որ այս քաղաքականությամբ, ինչպես նաև պետծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս բոլոր ծրագրերի փաթեթով, արդարադատության նախարարության համակարգում աշխատանքը շատ արագ մրցունակ է դառնալու մասնավոր հատվածի համեմատ:

Սերժ Սարգսյանը պատասխանել է բազմաթիվ այլ հարցերի, որոնք վերաբերել են ինչպես արդարադատության ոլորտին, այնպես էլ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, առանձին ոլորտների՝ կրթության, տրանսպորտի, սոցիալ-տնտեսական խնդիրներին, պետական կառավարման գործընթացների թափանցիկությանը, մեր երկրի մարտահրավերներին, դրանց դիմակայելու հնարավորություններին և ուղիներին, տարածաշրջանային զարգացումներին: Նախագահը հանգամանալից խոսել է նաև Հայաստանում բարեփոխումների շարունակականության ռազմավարության մասին, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ընթացակարգային խնդիրներին:

Հանդիպման ավարտին Նախագահը կոչ է արել բոլորին ավելի ակտիվ աշխատել. «Մենք մտել ենք մի փուլ, երբ պետք է, իրոք, մեր ջանքերն ավելացնենք: Մի կողմից պետք է բարեփոխումները շարունակենք՝ հասցնենք տրամաբանական ավարտին, մյուս կողմից էլ պետք է կարողանանք նոր գործընթացը, որն սկսել ենք կապված Մաքսային միության հետ, առաջ տանել. մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու՝ մինչև 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով: Իսկ այդ փաստաթղթերի պատրաստման հիմնական բեռը և բազմաթիվ այլ խնդիրներ ձեզ վրա է լինելու: Այսինքն՝ մենք հիմա պետք է մեր աշխատաժամանակն էլ երկարացնենք, աշխատանքի արդյունավետությունն էլ բարձրացնենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հաջողություններ մաղթել նախարարության աշխատակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես լսել նախարարությունում աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված նրանց բոլոր առաջարկությունները, նորամուծություններն ու գաղափարները:

Նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Կարեն Խտրյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:

 

Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզում կառավարության աջակցությամբ իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին

10668_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն:

2007 թվականից մինչ այժմ ավելի քան 160 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, տնկվել է 400 հազար խաղողի տնկի, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (10 հազար ծառեր` դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի և այլն):
Տիգրան Սարգսյանը շրջել է այգիներով՝ ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և արդյունքին:
ՀՀ կառավարության 2010թ. որոշմամբ «Գոլդն Գրեյպ Արմաս»-ին տրվել է ներդրումային ծրագրի շրջանակներում 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի 3 տարով երկարաձգման թույլտվություն:
Ընդհանուր ներդրումների ծավալը, սկսած 2007թ-ից, կազմել է 15 մլն եվրո: Այժմ ընկերությունը խաղողի մշակումից անցում է կատարել վերամշակմանը: Ներդրումների զգալի մասը (մոտ 7մլն եվրո) ուղղվել է գինու և կոնյակի գործարանի կառուցմանը, որի շինարարությունը մեկնարկել է 2010թ-ին:
2012թ. սեպտեմբերից նորակառույց գործարանը սկսել է խաղողի մթերման գործընթացն` ընդունվել է խաղող ինչպես ընկերության սեփական այգիներից (325տ), այնպես էլ տարբեր համայնքներից՝ Կոշ, Ագարակ, Ոսկեվազ, Նոր Եդեսիա, Սասունիկ, Արագածոտն, Շամիրամ (500տ), ընդունվել է նաև Եղեգնաձոր շրջանի Արենի տեսակի խաղող (50տ):
Հաշվի առնելով նոր գործարանի արտադրական կարողությունները՝ հաջորդ տարիների համար նախատեսվում է մթերման ծավալները հասցնել 3-6 հազ տոննայի:
Գործարանը հագեցվել է Granzotto իտալական արտադրության նորագույն սարքավորումներով: Ընկերությունն ԱՄՆ-ից ներկրել է նաև 1 մլն դոլար արժողությամբ բարձրակարգ գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա:
Ներկայում արդեն իսկ մեկնարկել են գինու շշալցման աշխատանքները և շուկա են ներկայացվել «ArmAs» անվանումով կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ: Իսկ 3 տարի անց կներկայացվի նաև առաջին կոնյակը: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ոչ միայն ներքին շուկայում, այլև արտերկրում՝ ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ, Ուկրաինա:
Խաղողի և պտղատու այգիների առկայությունը նպաստում է նաև Արագածոտնի մարզի ընդհանուր զարգացմանը, քանի որ այսօր իսկ ընկերությունում աշխատում են շրջակա գյուղերի բնակիչները, հարյուրավոր ընտանիքներ էլ ստացել են իրենց հողատարածքները մշակելու հնարավորություն՝ վստահ լինելով, որ այսուհետ ստացված խաղողի բերքը կկարողանան մթերել նոր գործարանի պահանջները բավարարելու համար:
Ներկայում ընկերությունում աշխատում է ավելի քան 150 մարդ. նրանց մի մասը մշտական աշխատողներ են, իսկ մնացածը ներգրավված են սեզոնային աշխատանքներում՝ 100 հազ. դրամ աշխատավարձով:
Ընկերությունը նախաձեռնել է նաև ագրո զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր: Այդ նպատակով տարածքում կառուցվել է հյուրանոցային համալիր, որը գրեթե պատրաստ է շահագործման: Միաժամանակ հյուրերին հնարավորություն կընձեռվի զբոսնել խաղողի այգիներում, այցելել կոնյակի և գինու գործարան, դեգուստացիոն սրահ, տեսնել ողջ արտադրական գործընթացը, ծանոթանալ գինեգործության և կոնյակագործության ակունքների պատմությանն ու մշակույթին:

 

 

Ոստիկանությունը ակտիվիստներին ծեծելու և գործի բացահայտման մասին

ոստիկանությունՎերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար տեղեկություններ են տարածվում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու մասին, ինչպես և հիշյալ հանցարարքները բացահայտելու գործում անգործություն ցուցաբերելու մեղադրանք է ներկայացվում ոստիկանությանը:
Ոստիկանությունն այդ մեղադրանքներն անհիմն  է համարում` հայտարարելով, որ ոստիկանության ուշադրության կենտրոնում են թե վերջին շրջանում արձանագրված այդ կարգի բռնարարքները, թե դրանց արձագանքներն ու հիմնազուրկ հայտարարությունները:
Ոստիկանությունը հայտարարում է, որ հիշյալ բոլոր դեպքերով կատարվում է քննություն, ձեռնարկվում են համապատասխան և անհրաժեշտ աշխատանքներ, և այդ գործընթացում ակնկալում ենք նաև ականատես քաղաքացիների աջակցությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը կերաշխավորվի:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, պարզապես պետք է հասկանալ, որ ցանկացած բացահայտում ժամանակ է պահանջում: Իսկ կոնկրետ հիշատակվող դեպքերում «սրտացավ աղմկարարների» նկարագրությունները, որոնք ոստիկանության տրամադրության տակ են, հիմք են տալիս ենթադրելու, որ հանցարարքները նախապես կազմակերպված են: Ավելին, այդ նույն «մտահոգների» առարկայական նկարագրությունների հրապարակումն առավել զգուշավոր է դարձնում հանցամիտներին ու բարդացնում բացահայտման ընթացքը:
Հանրապետությունում այսպիսի տասնյակ դեպքեր են արձանագրվում, որոնք վաղ թե ուշ բացահայտվում են: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ բացահայտվելու են նաև այս դեպքերը, հատկապես եթե «լրատվական մտահոգությանը» փոխարինի իրական, քաղաքացիական մտահոգությունն ու աջակցությունը:
Մեկ անգամ ևս բոլորին կոչ ենք անում օգնել այդ ոչ դյուրին աշխատանքում, իսկ եթե չեք օգնում, գոնե մի խանգարեք ոստիկանությանը, որն առաջին հերթին է շահագրգռված այս դեպքերի բացահայտմամբ, քանի որ դրանք սրում են օպերատիվ իրավիճակը, որի կայունության պահպանումը ոստիկանության գլխավոր խնդիրն է:

Բելգիայում հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ձերբակալելՍեպտեմբերի 5-ին, ժամը 09.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օդանավակայանում հայտնաբերվել և  բերման է ենթարկվել Սիրիայի Արաբական Հանրապետության և Բելգիայի Թագավորության քաղաքացի, 1964 թ. ծնված  Գեորգես Դ.-ն, որը մայիսի 30-ից Բելգիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության հեղինակ կամ համահեղինակ, հանցավոր կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  5  դեպքից բացահայտվել է 3-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը,  գողության 10 դեպքից` 4-ը, իսկ խարդախության 9 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  3  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Բիլայն»-ի երեք աշխատակիցները և օտարերկրացիները ծեծել են միմյանց

ծեծկռտուքՍեպտեմբերի 3-ին,  ժամը 00.35-ին,  թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ քունքային մասի փափուկ  հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացի  Վաֆա Ա.-ն,  որը հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Երևանի Հյուսիսային պողոտայում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի մոտ, նույն հասցեում գտնվող «Բիլայն» ընկերության երեք  աշխատակիցներ վիճաբանել են Վաֆա Ա.-ի հետ, որի ժամանակ հարվածել են վերջինիս և պատճառել վնասվածք:
 Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում  թիվ 1 համալսարանական հիվանդանոցից կրկին  հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ալբերտ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է ԵՊՃՀ-ի սպորտ դահլիճում:
Նույն օրը, ժամը 17.00-ին, քրեական հետախուզության բաժնի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել է, որ Ալբերտ Ա.-ն վնասվածքը ստացել է ոչ թե ԵՊՃՀ սպորտ դահլիճում, այլ Վաֆա Ա.-ի և նրա ընկերների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, միաժամանակ պարզվել է «Բիլայն» ընկերության մյուս աշխատակիցների ինքնությունը՝ Հայկ  Ս., Գուրգեն Մ. և Մնացական Ս.,  որոնք հրավիրվել են բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս սեպտեմբերի 2-ին,  ժամը 23.35-ին Հյուսիսային պողոտայում վիճաբանել են Վաֆա Ա.-ի և նրա երեք ընկերների հետ, որի ընթացքում հարվածել են միմյանց:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին,  Ալբերտ Ա.-ից և Գուրգեն Մ.-ից ընդունվել են հաղորդումներ:
Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություններ:
 Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Ստեփանավանում որդին սպանել է հորը

դանակահարելՍեպտեմբերի 4-ին, ժամը 22.20-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Ստեփանավանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով կանչով մեկնելով 1965 թ. ծնված Սամվել  Ջուլհակյանի տուն` նրան հայտնաբերել են մահացած:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է Ս. Ջուլհակյանի դիակը` կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վնասվածքի հետքով:
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Ստեփանավանի  բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 1982  թ. ծնված Վանիկ Ջուլհակյանն իրենց տանը դանակով հարվածել է հոր` Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ մասին և պատճառել մահ:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Վանիկ Ջուլհակյանը  ձերբակալված է:
Փաստի առթիվ սեպտեմբերի 5-ին  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է: