ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻՑ
Ավտոպատահարներ Իջևանում և Մարմաշեն-Գյումրի ճանապարհին
Վարորդը և ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց
«ՎԱԶ- 2016»-ը Իջևանում բախվել է «Ֆոլքսվագեն»-ի
Բերման են ենթարկել մաքսանենգության և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով
Օգոստոսի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1951 թ. ծնված Հրանտ Օ.-ին, որը 2011 թ. հունվարի 3-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Չորս վրաերթ մեկ օրում
Վրաերթ Կիևյան փողոցում
ՎՐԱԵՐԹ Երևանի Բաղյան և Գյուրջյան փողոցների խաչմերուկում
վրաերթ Մասիսի Արարատյան փողոցում
ՎՐԱԵՐԹԱրամուս գյուղում
Օգոստոսի 27-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Արամուս գյուղում վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան…
Այլասերված որևէ ոստիկանի պաշտոնավարումը անթույլատրելի է. ՄԻՊ խորհրդական
Կոմիտաս փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում լրագրողների տեսախցիկը ֆիքսել էր, որ ոստիկանական օպերացիայի և մարդկային խառնաշփոթի հենց կիզակետում մի ոստիկան թիկունքից փաթաթվել էր քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջը և համբուրում էր նրա պարանոցը: Նման երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: Պահանջում ենք նման վրդովեցուցիչ միջադեպի պատշաճ քննություն և անկալում ենք խիստ պատասխանատվություն անբարո և հանցավոր արարքի համար: Կանանց նկատմամբ ցանկացած սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է, իսկ այլասերված որևէ ոստիկանի պաշտոնավարումը՝ անթույլատրելի: Այս մասին ասված է ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանի հայտարարությունում:
Սեռական ոտնձգության մասին բարձրաձայնելը չափազանց բարդ է: Դրանից տուժած և սեփական արժանապատվության ու իրավունքների համար պայքարող կինը կարող է հանդիպել ոստիկանների և իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների անտարբերությանը, քամահրանքին, ծաղրանքին, նույնիսկ` մեղադրանքին:
Այսօր Հայաստանում հատկապես խնդրահարույց է աշխատանքի վայրում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները: Հաճախ կարելի է հանդիպել աշխատանքի հրավեր- հայտարարություններ, որտեղ ներկայացված են մասնագիտական ունակությունների հետ կապ չունեցող պահանջներ, մասնավորապես, որպես նախապայման սահմանված է կնոջ որոշակի տարիք կամ արտաքին տվյալներ: Երբեմն աշխատանքի ընդունվելու հարցազրույցների ընթացքում գործատուների կողմից որպես պայման դրվում են սեռական կամ այլ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը:
Աշխատանքի վայրում, փողոցում կամ որևէ այլ միջավայրում սեռական բռնության ենթարկված կանանց Պաշտպանի աշխատակազմը հրատապ կարգով կտրամադրի հատուկ աջակցություն՝ նրանց ուղեկցելով իրավական ողջ գործընթացում: Նման ծանր վիճակում հայտնված կանայք կարող են մեզ հետ կապվել՝ զանգահարելով Պաշտպանի 116 թեժ գծին կամ գրելով իմ էլեկտրոնային հասցեին [email protected]:
Սպիտակում տուն է այրվել
Օգոստոսի 28-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան 3-րդ նրբանցքի թիվ 9 տանը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.14-ին, մարվել` 05.00-ին:
Այրվել է տան տանիքը (40քմ), բաղնիքը (9 քմ), խոհանոցը (12քմ), հեռուստացույցը և ննջասենյակի գույքը մասամբ:
Իջևանում այրվել է անասնագոմ և 2 խոզ
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 27-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցում այրվել է 7000 քմ չոր խոտ և թփուտներ, Արտաշիսյան փողոցի թիվ 46/1 շենքի մոտակայքում՝ Հրազդանի կիրճում՝ 8000 քմ, Երևան – Սևան ավտոճանապարհին՝ 1 հա բուսածածկ տարածք, Հանրապետության նրբանցքում` 100քմ, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 2-րդ փողոցում` 5000քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցում` 500քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՃՏՊ Պասանաուրի գյուղի մոտակայքում
Օգոստոսի 28-ին, ժամը 10.10-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ինֆորմացիոն կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.50-ի սահմաններում Դուշեցի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Հոնդա» մակնիշի 31 OV 114 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը: ՃՏՊ-ի հետևանքով տուժել են 1953 թ. ծնված Վ. Մ.-ն և 1957 թ. ծնված Վ. Մ.-ն:
Բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատում են բավարար:
Երևանում բացվել է «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» ցուցահանդեսը
Այսօր Երևանի Նորարար փորձարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսի բացման արարողությունը, որը իրականացվել է Հրանտ Դինքի Հիմնադրամի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Galata Fotoğrafhanesi և Free Press Unlimited կազմակերպությունները համատեղ ջանքերով: Հանդիսատեսի դատին ներկայացվեցին ծրագրի մասնակիցների արած լուսանկարները՝ Կարսում և Գյումրիում:
Փակվելով 1993 թվականին` թուրք-հայկական սահմանը շարունակում է բաժանել մարդկանց, գյուղերը, երկաթուղին, երեխաների ծիծաղը և հիշողությունները: «Սպասումից վեր» ցուցահանդեսը պատկերում է Կարս և Գյումրի սահմանային քաղաքների միջև տարիներ շարունակ դադարեցված երկխոսությունը:
Բացի լուսանկարներից, ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան դիտելու հինգ փաստագրական ֆիլմ, որոնք հանդիսանում են Ալեքսեյ Մանուկյանի, Անիլ Չիզմեսիօղլուի, Անուշ Բաբաջանյանի, Արիֆ Յամանի, Արմենուհի Վարդանյանի, Դենիզ Պեկիյիսսիի, Էրեն Այթուղի, Մարիաննա Վարդանյանի, Սոֆյա Դանիելյանի և Վոլկան Դողարի համատեղ աշխատանքը: Ֆիլմերը նկարահանվել են «Մուլտիմեդիա երկխոսության համար» ծրագրի շրջանակներում, որը հովանավորվում է Նիդեռլանդների Թագավորության Գլխավոր Հյուպատոսարանի և Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանատան կողմից: Ցուցահանդեսը, որը Ստամբուլից հետո տեղափոխվեց Երևան, հանդիսատեսի համար բաց կլինեն մինչև սեպտեմբերի 7-ը:
Գերադասելի է կինը միկրոֆոնով, քան թե տղամարդը կանացի զգեստով
«Ասմունքի եւ խոսքի իմացության տեր մարդը պետք է անցկացնի հանդիսություններ Ուրախ հանդիսությունն ասոցացվում է թամադայության հետ: Թամադա խոսքն անցել է, դա արդեն հետին էտապում է, կարեւոր է լինել գիտակ, իմացությամբ հարուստ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնիներն ու անհայտները հանդիսավար, հանդիսավարություն, թե՞ թամադայություն թեմայի շուրջ նշեց ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը:
Նրա խոսքով ինքն ունի շնորհ ասմունքելու, նա պարտավոր է ծառայել իր ժողովրդին.
«Կենացը կյանք է, յուրաքանչյուր մարդու համար բաժակ բարձրացնելով մենք պետք է ներկայացնենք նրա կյանքը, ներկան, անցյալը եւ ապագան, շատ կարեւոր է ունենալ մեծ բառապաշար: Մենք բոլորս ապրում ենք այս ժամանակավոր հյուրանոցում եւ ունենք առաքելություն»:
Հանդիսավարը կարծում է, որ խոսքը ուժ է, իսկ կին հանդիսավար ընտրում են այն մարդիկ, ում մտահորիզոնը ավելի զարգացած է: Կենացը գովք է, բայց ռեստորաններում կուլտուրան պակասում է, մատուցողներին, օպերատորներին եւ անգամ երաժիշտներին պակասում է ներքին կուտուրան:
Հանդիսավար Նարինե Զուրաբյանի համոզմամբ հարսանեկան արարողությունը նման է մեծ լսարանի, նա էլ իրեն մանկավարժ է զգում, անհրաժեշտ է հյուրերի հետ անցկասցնել լուրջ կյանքի դաս.
«Խոսքի հետ միաժամանակ կարեւոր է իմպրովիզ հասկացությունը: Ցանկացած հարսանիք տարբեր է լինում, կան դասական մարդիկ, կան ռաբիսներ, կան կլասիկներ: Մենք փորձում ենք ելակետ գտնել, համեմել նրանց եւ ուրախացնել»:
Նրա պնդմամբ կան նաեւ տարօրինակ պահանջներով պատվերներ, արտասահմանից եկած հայերի մի մասի համար միեւնույն է, թե ինչպես կանցնի միջոցառումը: Գերադասելի է կինը միկրոֆոնով, քան թե տղամարդը կանացի զգեստով:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Գանձասարի պարսպի երեսպատված մասը պետք է ապամոնտաժվի. ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողով
ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործմանխնդիրների ենթահանձնաժողովում ս.թ. օգոստոսի 27-ին տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը:
Նիստին մասնակցել են ենթահանձնաժողովի անդամներ, անվանի ճարտարապետներ: Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, ներկայացնելով խնդիրը, ևս մեկ անգամ շեշտվել է համալիրի պարսպի պատմական տեսքը պահպանելու անհրաժեշտությունն ու առանց համապատասխան նախագծի և մասնագիտական քննարկման այն ձևափոխելու
անթույլատրելիությունը: Մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել սալիկապատման գործընթացի նկատմամբ պատկան մարմինների ոչ համարժեք գնահատականի և քայլերի վերաբերյալ:
Ենթահանձնաժողովի նիստում որոշում է կայացվել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված մասի սալիկները հեռացնելու առաջարկով ՀՀ և ԼՂՀ նախագահներին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված մտավորականների բաց նամակի վերաբերյալ:
Ենթահանձնաժողովը գտնում է, որ 350 ստորագրությամբ բաց նամակը և Գանձասարի պարսպի պատմությունը ենթակա չեն քննարկման, քանի որ հստակ է, որ.
1. Պատմամշակութային բարձր արժեք հանդիսացող Գանձասարի վանքային համալիր-հուշարձանի նկատմամբ տարվում է աղավաղումների և պատմական կեղծիքների իրականացման գործընթաց, որի կասեցման պահանջով հանդես է եկել Հայաստանի մտավորականությունը` պաշտպանելու իր ազգային- պատմական հուշարձանը, ժառանգություն ստացած իր սրբավայրն ու իր պատմությունը:
2. 13-րդ դարում (կամ ավելի վաղ) կառուցված Գանձասարի շրջապարիսպը մշտապես մնացել է
կանգուն մինչև այժմ: Կառուցումից հետո վերանորոգվել է մի քանի անգամ, այն էլ միայն վերին շերտերը` պահպանելով նախկին`միջնադարյան պատմական տեսքը: Վերջին «վերանորոգման» ժամանակ աղավաղվել է պարսպի թե´ որակը, թե´տեսքը, թե´ միջնադարյան ճարտարապետական կառուցվածքը, դրանով իսկ աղավաղվել ու կեղծվել է վանքային համալիրի ամբողջականության պատմությունը, որոնք փաստեր են, և որի մասին հայ մտավորականությունը ներկայացրել է «Բաց նամակում»:
3. Մասնագիտական ուսումնասիրությունները, եզրակացությունները, առաջարկություններն ու պահանջները ենթակա չեն այլոց (ոչ մասնագետ ղեկավար, բարերար, մեծահարուստ, հոգևորական և այլն) կողմից ուսումնասիրման կամ վերլուծության (քննարկման), իսկ բաց նամակը գրված և ստորագրված է բացառապես մասնագետների մեծամասնությամբ (220-ից ավելի).
70 ճարտարապետ և հնագետ,
50 պատմաբան,
25 աստվածաբան, վիմագրագետ, ազգագրագետ,
75 արվեստի գործիչներ (մշակութաբաններ, նկարիչներ, քանդակագործներ…),
մատենադարանի, ակադեմիայի (և այլ) գիտաշխատողներ,
ինչպես նաև`
55 գրողներ, բանաստեղծներ, բանասերներ,
32 հասարակական-քաղաքական կազմակերպություններ:
Բաց նամակի ստորագրողներից 60-ից ավելին ակադեմիկոսներ և դոկտոր – պրոֆեսորներ են:
4. Քանի որ 350 ստորագրությամբ նամակն ուղղված է ՀՀ և ԼՂՀ նախագահներին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին` հաշվի առնելով իրավիճակի լրջությունն ու խնդրի անհապաղ լուծման կարևորությունը, ուստի նամակի պատասխանն էլ ենթահանձնաժողովն ակնկալում է ստանալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, ԼՂՀ նախագահ ԲակոՍահակյանից և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից:
Ենթահանձնաժողովն անընդունելի է համարում ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության
վարչության պետ Ս. Շահվերդյանի 2013 թ. հուլիսի 10-ի գրությունը, որն ընկալվում է իբրև ձևական և հասարակությանն ապակողմնորոշելու միտում ունեցող, քանի որ նույն վարչությունը նույնաբովանդակ գրություն հրապարակել է դեռևս 2012 թ. դեկտեմբերի 14-ին` Գանձասարի պարսպի երեսպատումը Լևոն Հայրապետյանի կողմից վերսկսելուց երեք շաբաթ անց` մասնագետների և հասարակայնության պահանջով և կրկնվել է դեկտեմբերի 26-ին, երբ երեսպատումը շարունակվում էր և դադարեցվել էր մարտ-ապրիլ ամիսներին` մասնագետների և հասարակայնության պահանջով:
Ենթահանձնաժողովը գտնում է, որ նշված գրության մեջ նկատելի է արհամարհանք մտավորականության նկատմամբ` 350մտավորականներին անվանելով «մի խումբ», իսկ երեսպատման գործընթացն արդարացնող անտրամաբանականպատճառաբանությունները հաստատում են, որ եզակի կառույցը գտնվում է կա՛մ մշակույթից, ազգային արժեքներից, հուշարձանից, պատմությունից ու պատմական ժառանգությունից, առավել ևս` քաղաքականությունից հեռու մարդկանց տնօրինության տակ, կա՛մ միջնադարյան հայկական ճարտարապետությունն ու սրբավայրի պատմությունն
աղավաղելու, խեղաթյուրելու գիտակցված գործընթաց է սկսված:
Ուստի, կարևորելով Գանձասարի վանքային համալիրի ամբողջականությունը կեղծարարությունից զերծ պահելու հանգամանքը, ինչպես նաև բարձր գնահատելով հայ մտավորականության դերը և արտահայտած հստակ դիրքորոշումն այս հարցում` ենթահանձնաժողովը որոշում է.
Դիմել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին` հետևյալ խնդրանքով.
ընդունել «Բաց նամակ»-ի պահանջները և բարձր հսկողության ներքո.
ա) պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)` անհապաղ կայացնել Գանձասարի շրջապարսպիերեսպատված մասը ապամոնտաժելու և պատմական իմաստին, ոճին ու որակին համապատասխան լիարժեք վերականգնելու որոշում:
բ) պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)` անմիջապես հրավիրել մասնագետ-հնագետների,գեոֆիզիկների, սեյսմոլոգների, վերականգնող ճարտարապետների ու շինարարների, պատմաբանների և հուշարձանագետների` մասնագիտորեն կազմակերպելու և սկսելու շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ
քարե սալիկների հեռացման աշխատանքները` ապահովելով մասնագիտական
խիստ հսկողություն, որից հետո կվերացվեն համալիրում գոյություն ունեցող թերությունները, կկատարվեն վերանորոգման աշխատանքներ, և հուշարձանին կվերադարձվի իր պատմականորեն
անաղարտ տեսքն ու խորհուրդը` որպես Հայոց պատմական-ազգային-հոգևոր արժեք:
ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովն իր պատրաստակամությունն է
հայտնում նշված բոլոր աշխատանքներում ապահովել բարձրակարգ մասնագետների
մասնակցությունը` ապամոնտաժման գործընթացը պահելով իրուշադրության ներքո,
անհրաժեշտության դեպքում հրավիրելով նիստեր և անցկացնելով հանրային քննարկումներ:
ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների,
հուշարձանների պահպանության, պատկանելության
և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողով
Հայ առաջին ատոմագետը
Մեզ թվում է, թե զարգացած «ատոմային դարի» հիմնադիրների անունները մենք շատ լավ գիտենք, բայց նրանց մեջ դեռ կան չճանաչվածները: Նրանցից մեկը մինչև հիմա էլ դեռ մնում է ստվերում. Վահագն Դեմիրճօղլյան (1875-1938): Թերևս նա եղել է առաջիններից մեկը, ով 40 տարի շարունակ, սկզբում Ռուսական կայսրությունում, հետո ՍՍՀՄ-ում հետևողականորեն, ինքնուրույն զբաղվել է ատոմի կառուցվածքի տեսության ուսումնասիրությամբ: Նրա անունը ոչ մի տեղ չի հիշատակվում, բացի Լուվրի տեղեկատուներից: Քանզի այնտեղ պահպանվում են Հայաստանի բոլոր թագավորների մարմարե հարթաքանդակները, որոնք նրա ձեռքի գործն են: Դժվարությունների հանդիպելով` նա դրանք վաճառել է մի հարուստի:
Վ.Դեմիրճօղլյանը ծնվել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում 1875 թ.: Նրա հայրը հոգևորական էր: 1892 թ. նա ընդունվել է հայկական հոգևոր ակադեմիայի պատմա-աստվածաբանական բաժինը: Ինչպես հայտնի է, Վահագնը եղել է 1894 թ. Գևորգյան ճեմարանի լսարանցիների խռովության պարագլուխը: Ճեմարանից հեռանալուց հետո ավարտել է Ներսիսյան դպրոցը: Շուրջ 10 տարի որպես հոգևորական ծառայել է Արդահանում: 35 տարեկանում նա դուրս է գալիս հոգևորականությունից, տեղափոխվում Թիֆլիս և այնտեղ 1912-1921 թթ. աշխատում է հայկական ճեմարանում և տեխնիկումում որպես քարտուղար, գրադարանավար և քիմիայի ուսուցիչ:
Երիտասարդ տարիներին նրան հետաքրքրում էին հայտնագործությունները ֆիզիկայի և քիմիայի ասպարեզում: 1912 թ. օգոստոսի 10-ին նրա գրած հոդվածը «Քիմիական էլեմենտների առաջացման մասին» ուղարկվել է Կայսերական գիտությունների ակադեմիա, որտեղից պատասխանել են, որ «ծրարը կպահպանվի մինչև ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը կկայացնի որոշում, որի մասին անմիջապես կհաղորդվի»: Այլևս ոչ մի ծանուցագիր չի ստացվել: Այդ ժամանակ նա որոշում է սեփական միջոցների հաշվին տպագրել իր «Վալենտականություն. քիմիական էլեմենտների առաջացման թեորիայի իմ տեսակետը» (Թիֆլիս, 1914) աշխատությունը: Նա նշում է, որ քիմիան էլեմենտների ձգտումն է կատարելության, ամեն ատոմ ջանում է ազատվել իր ավելորդ բեռից կամ ձեռք բերել պակասը: Այստեղ ստույգ արտացոլված է իդեալական գազերի ատոմների նախընտրելի կոնֆիգուրացիայի վերաբերյալ միտքը: Նա ենթադրում էր, որ արգոնը և նրա անալոգները, որոնք պարբերական աղյուսակի 0-ական խմբում են, պետք է ընդգրկվեն 8-րդ խմբում: Միայն 1960-ական թվականներին իրոք 0-ական խումբը հանվեց: Ռեզերֆորդ-Բոր ատոմի մոդելի ընդունումից առաջ դա արել է Դեմիրճօղլյանը: Նրա աշխատանքը չդարձավ գիտության ձեռքբերում: Ռուսական պետությանը սպասում էին մեծագույն ցնցումներ: Նա եկավ Երևան և աշխատեց Լուսժողկոմի գրասենյակում: Վ. Դեմիրճօղլյանի նոր զբաղմունքը տարօրինակ էր թվում իր շրջապատի մարդկանց: Իր աչքերի յուրահատուկ կառուցվածքի համար նրան «ցնդած վարդապետ» էին անվանում: Նա երբեք Անդրկովկասից այն կողմ չի անցել, սակայն Թբիլիսիի, Երևանի գրադարաններում կարդում էր բոլոր տպագրությունները կապված իր նախասիրությունների հետ: Հիանալի տիրապետում էր ֆրանսերենին:
Հայրենիքում կարծես նրա աշխատանքներն արժանացան որոշ ուշադրության և կարեկցանքի, Լուսժողկոմը նրան որոշակի գումար հատկացրեց ատոմի կառուցվածքի մասին գիտական աշխատանքներ կատարելու համար: Նրան մեծ օգնություն ցույց տվեց իր բարեկամ Գ.Դ.Խախանյանը, որ քաղաքացիական պատերազմի մասնակից էր, վաշտի հրամանատար: Դեմիրճօղլյանը ցանկանում էր տպագրել իր նոր աշխատանքը` «Վալենտականությունը և ատոմի կառուցվածքը», որի վրա մի քանի տարի աշխատել էր: 1925-ին Գ.Խախանյանը նրա գործերը ներկայացրեց Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Ա.Կ. Տիմիրյազևին և նամակով հայտնեց Դեմիրճօղլյանին. «Տիմիրյազևն ասաց, որ Ձեր աշխատանքը լուրջ է, ենթադրությունները ճիշտ են, և մինչև հիմա որոշակի ոչինչ չկա միջուկի կառուցվածքի մասին, Ռեզերֆորդը դա միայն ենթադրում էր»: Տիմիրյազևը տվել էր իր գնահատականը: Հեղինակը միանգամայն անկախ ճանապարհով հասել էր արդյունքների և ուներ շատ փաստացի նյութեր:
Երևանի համալսարանի պրոֆեսոր Լ.Ա.Ռոտինյանցը գրում էր. «Էլեմենտների կառուցվածքի ասպարեզում Դեմիրճօղլյանին հաջողվել է արտահայտվել դեռևս 1914 թ., ավելի վաղ քան գերմանացի գիտնական Կոսելը և դանիացի գիտնական Բորը: Հենց նա ճիշտ բացահայտեց իդեալական գազերի կառուցվածքը և դրանց հիմքում դրեց վալենտականությունը: Եթե նա ժամանակին ստանար կրթություն և հայտնվեր համապատասխան միջավայրում, մենք կունենայինք մեծ գիտնական»: Նրա աշխատանքը Տիմիրյազևի ներածականով տպագրվեց 1926-ին, այժմ միակ նմուշը պահպանվում է Ռուսաստանի պետական գրադարանում:
Դեմիրճօղլյանը մահացավ 1938 թ.: Նրա մասին հայտնի է, որ նաև լավ նկարում էր, գրում քնարական բանաստեղծություններ, աշխատում էր նոր հայկական այբուբեն ստեղծելու վրա: Նրա ամենամոտ ընկերը հորեղբոր տղան էր, հայ դասական գրող Դերենիկ Դեմիրճյանը: Իր հուշերում Դ.Դեմիրճյանը նկարագրում է դրվագներ իր և Վահագնի մանկությունից: «Վահագնը ընտանեական ներկայացումներ էր կազմակերպում հարևան և այլ տղաների հետ: Բազմաթիվ սենյակներից մեկում մի փոքր բեմ էր շինած, որի երկու կողմը պահարաններ էին, մեջը լիքը անկողիններ, բեմական զգեստներ, փայտե նիզակներ, սրեր և կարտոնե վահաններ ու սաղավարտներ: Ավելի սիրով դրվում էր «Վարդան Մամիկոնյանը», որում կենտրոնական դերը խաղում էր Վահագնը: Հետագայում Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», որ վիպակ էր, Ախալքալաքում մշակվեց Վահագնի ձեռքով, դարձավ ուսանողական ներկայացման պիես տեղական թատերաբեմում: Աբիսողոմ աղայի դերում Վահագն էր: Նույն պիեսը Վահագնը տարավ ճեմարան, ուր ուսանում էինք նա և ես: Հետագայում նա այլևս չզբաղվեց թատրոնով»:
Այսօր էլ Մոսկվայում ապրող նրա բարեկամները Վահագն Դեմիրճօղլյանի ողջ արխիվը Հայաստանին նվիրելու մեծ ցանկություն ունեն, միայն թե ստեղծվի մի փոքր ցուցասրահ, որտեղ սերունդներին ներկայացվեն արդահանցի հայ առաջին ատոմագետի աշխատությունները:
Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆ
Արգելվել է Հունաստանից մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ս.թ. օգոստոսի 23-ի N 472-Ա հրամանով ժամանակավորապես արգելվել է Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք՝ մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի (կաշի, մորթի, բուրդ, խոզան) և սերմնահեղուկի ներմուծումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Հրամանն արձակվել է` ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կանոնադրության 9-րդ կետի 21-րդ ենթակետով և 15-րդ կետի 4-րդ ենթակետով, ինչպես նաև Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքում արձանագրված մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ) ծաղիկ հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:
Հայաստանի Հանրապետություն ներմուծումն արգելվել է՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Անվտանգության հարբած աշխատակիցները ծեծել են քաղաքացուն և կրակել մարդկանց ուղղությամբ
Օգոստոսի 26-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Շահամիրյանների փողոցի 9 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ հիմնարկություններից մեկի անվտանգության աշխատակիցները խմած հարձակվել են մարդկանց վրա, հայհոյել և 3 անգամ կրակել:«Ոստիկանության զանգվածային ռեպրեսիաների դեմ»` ցույց ոստիկանության շենքի դիմաց (լուսանկարներ)
Անկախության թեմայով հոլովակների մրցույթ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայաստանի անկախությունը 22 տարեկան է» թեմայով հոլովակների մրցույթ։ Մրցույթին կարող են ներկայացվել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ հոլովակներ։ Տեսանյութի տևողությունը պետք է լինի մինչև 4 րոպե։ Հոլովակներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժամը 18.00։ Դրանք պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին կամ էլեկտրոնային կրիչով բերել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակ (Աբովյան 50/5), աշխատանքային օրերին՝ ժամը 09.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։
Հոլովակներ կարող են ներկայացնել մինչև 35 տարեկան անձինք։
Հաղթողը կճանաչվի ֆեյսբուքյան քվեարկության և ժյուրիի ձայների միջոցով (50:50 հարաբերակցությամբ)։ Հոլովակները սեպտեմբերի 11-20-ը քվեարկության համար տեղադրված կլինեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Լավագույնը ճանաչված հոլովակի հեղինակը կստանա մրցանակ (iPad mini)։
Մանրամասների համար զանգահարել՝ 010 54 58 02 (ներքին՝ 16)։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Ոստիկանը կարգապահական տույժի կենթարկվի տարեց կնոջը հրելու համար
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում 2013 թ. օգոստոսի 21-ին, ժամը 09.20-ին «Լիբեր» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ խոչընդոտում են Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներին: Ահազանգի կապակցությամբ նշված վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ: Որոշ ակտիվիստներ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, շարժվել են Կոմիտասի պողոտայի երթևեկելի գոտի և խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը:Նախագահը հյուրընկալել է միջազգային մրցույթներում հաղթած աշակերտներին, ուսանողներին, ինչպես նաև հանրակրթական դպրոցների մեդալակիր շրջանավարտներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է անցած ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև տարբեր օլիմպիադաներում հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ աշակերտների և ուսանողների: Նախագահի նստավայրում, մասնավորապես, հյուրընկալվել են հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտները, 2013թ. դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրները, 2013թ. դպրոցականների միջազգային հինգ օլիմպիադաների մեդալակիրները, «Կենգուրու-2013» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները, ինչպես նաև ՌԴ Կազան քաղաքում կայացած 27-րդ համաշխարհային ունիվերսիադայում մեդալներ շահած ՀՀ ուսանող մարզիկները: Արդեն ավանդական դարձած այդ հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության նախագահի կողմից նվերներ:
Նախագահը շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթել նոր հաջողություններ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը բարձր առաջադիմություն ցուցաբերած ու օլիմպիադաներում հաջողությունների հասած աշակերտների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ երիտասարդներ,
Ուրախ եմ այս հանդիպման համար և հաճույքով ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում:
2008թ. ընտրվելով Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ ես խոստացել էի, որ կհանդիպեմ դպրոցների մեդալակիր շրջանավարտների և միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողների հետ: Հավատացեք՝ որքան էլ զբաղված լինեմ, որքան էլ մեծ ու փոքր խնդիրներ լուծելու անհրաժեշտություն լինի, այնուամենայնիվ, ես իմ խոստումը կատարելու եմ և ամեն տարի հանդիպելու եմ նման երիտասարդների հետ, որովհետև մի կողմից դուք դրան արժանի եք, մյուս կողմից՝ ինքս մշտապես դրական լիցքեր եմ ստանում այսպիսի հանդիպումների ժամանակ: Այսօր դուք իմ անձնական հյուրերն եք: Մենք այս դահլիճում մշտապես հանդիպում ենք օտարերկրյա ղեկավարների հետ: Նրանց համար այստեղ ընդունելություններ ենք կազմակերպում, բայց հավատացեք, որ այսօրվա հանդիպումը պակաս կարևոր չէ: Դուք մեր երկրի ապագան եք, դուք մեր ժամանակի հերոսներն եք, և մեր երկիրը նման հերոսների կարիք ունի: Մեծ կարիք ունի:
Ես միշտ իմ զրուցակիցների հետ հպարտությամբ եմ խոսում ձեր մասին: Հավատացեք՝ մեր երկիրն ամեն ինչ անելու է, որպեսզի գիտությունը, կրթությունը Հայաստանում զարգանան: Մի քանի ամիս առաջ ես հանձնարարել էի հանրապետության կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պայմանների պատճառով չզրկվի կրթություն ստանալու իր իրավունքից: Եվ արդեն այս տարվանից գործում են մի շարք ծրագրեր: Ծրագրեր, որոնք ընդհանրական են, նախատեսված են բոլորի համար և ծրագրեր, որոնք արդեն գործում են սոցիալապես անապահով ուսանողների համար:
Այս հանդիպումը սոսկ հանդիպում չէ և ձևական բնույթ չի կրում: Այս հանդիպումը քաղաքականություն է: Մեր երկրի զարգացման կարևորագույն ուղղությունն է կրթությունը: Ոչ պակաս, քան զինված ուժերը: Դուք մեր երկիրը ներկայացնում եք դրսում՝ արտասահմանում, դուք մեզ պատիվ եք բերում: Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեզ հետ մրցել, թող մրցեն կրթության բնագավառում: Բոլոր նրանք, ովքեր խոսում են Հայաստանում կրթական համակարգի փլուզման մասին, թող աչքերը լայն բացեն, ականջներն էլ սրեն ու տեսնեն ձեր հաջողությունները:
Միջազգային առարկայական օլիմպիադաներում դուք արդեն իսկ վաստակել եք 11 մեդալ՝ 1 արծաթե և 10 բրոնզե, ինչն ուղիղ այնքան է, որքան Վրաստանի և Ադրբեջանի ձեր հասակակիցների շահած մեդալները միասին վերցրած: Ես վստահ եմ, որ աստղագիտության բնագավառում մենք դեռևս հաջողության ակնկալիքներ ունենք և ուզում եմ, որպեսզի բոլորս միասին հաջողություն մաղթենք մեր երիտասարդներին:
Ապրե՛ք: Շնորհակալ եմ: Հավատացեք՝ շատ մեծ գործ եք կատարել: Ե՛վ անցյալ տարի, և՛ այս տարի մենք հասել ենք լավագույն արդյունքների:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կազանի օլիմպիադայի մասնակիցներին, ովքեր շահել են 10 մրցանակ: Երբեք մենք մեր նորագույն պատմության մեջ այդքան մեդալներ ունիվերսիադաներում չէինք շահել:
Ուզում եմ առանձնահատուկ նշել բոլոր այն շրջանավարտներին, ովքեր այս տարի ստացել են ոսկե մեդալներ: Ուրախալին այն է, որ հանրակրթությունը Հայաստանում զարգանում է ոչ միայն Երևանում, ինչպես շատերն են ասում, այլ նաև մեր մարզերում: Եվ այդ մասին է խոսում մեդալակիրների թվի աճը ոչ միայն Երևանում, այլ նաև Գորիսում, Սիսիանում, Հրազդանում, Գյումրիում: Սա շատ լավ է: Վստահ եղեք, որ այս գործընթացը շարունակվելու է:
Ուզում եմ նշել մեր փոքրիկներին՝ «Կենգուրու» խաղի հաղթողներին, ովքեր իրավամբ համարվում են ձեզ փոխարինողներ: Ցանկությունս է, որպեսզի ձեզնից որևէ մեկը կանգ չառնի ձեռք բերածի վրա: Սա ձեր լուսավոր ապագայի առաջին հաստատուն քայլն է, և այն պետք է լինի հարատև: Մշտապես պետք է սովորեք: Նույնիսկ բուհ ավարտելուց հետո պետք է սովորել, մշտապես կարդալ: Կարդալ և ոչ միայն մասնագիտական գրականություն: Դուք փոքր, բայց մեծ մշակույթ ու պատմություն ունեցող ժողովրդի արժանի ներկայացուցիչներն եք: Դուք պետք է բազմակողմանի զարգացած լինեք, պետք է ուրիշներից շատ տարբերվեք: Հակառակ պարագայում, մենք բոլորս՝ մեր ժողովուրդը, չի ունենա այն ապագան, ինչի մասին մշտապես մեր նախնիները երազել են և ինչի համար շատ-շատերը տվել են իրենց կյանքը:
Ես հավատում եմ ձեզ: Հավատում եմ և ցանկանում եմ, որպեսզի մենք այս դահլիճում հաջորդ անգամ հանդիպենք այլ կարգավիճակով: Գիտեք, որ Հայաստանում գործում է մի հիմնադրամ՝ «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի լավագույն 10 բուհերում սովորող հայ ուսանողներին: Ամեն տարի նրանց հետ էլ եմ հանդիպում: Այս տարի մի քանի շաբաթ առաջ եմ հանդիպել: Փայլուն երիտասարդներ են: Փայլուն: Կցանկանայի, որ որոշ ժամանակ հետո դուք ու նաև ձեզ հետ ուրիշները որպես «Լույսի» կրթաթոշակառուներ լինեք այս դահլիճում, և մենք արդեն խոսենք այլ թեմաների շուրջ: Ցանկանում եմ, որ մենք այս դահլիճում կրկին հանդիպենք և դուք արդեն լինեք Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտնականների համար նախատեսված մրցանակների արժանացածներ: Ինքներդ էլ չեք տեսնելու, չեք զգալու, թե ինչպես անցան այդ մի քանի տարիները, և եթե շարունակեք այս տեմպով՝ դուք մեր երկիրը տանելու եք առաջ: Անցնելու է որոշ ժամանակ, հավատացեք, որ այս երկրի պատասխանատուները լինելու են կա՛մ այս դահլիճում նստածներից, կա՛մ էլ ձեզ նմաններից: Անձնապես պատասխանատու պետական բարձր պաշտոնյաներ:



