Եգիպտոսն օգտագործում է Ցեղասպանության ճանաչումը որպես փորձաքար Թուրքիային զգուշացնելու համար

Հարութ ՍասունյանԵգիպտոսում «Արաբական գարունը» վերածվել է դժոխային ամռան՝ անթիվ ու անհամար զոհերով:

Այն բանից հետո, երբ եգիպտական բանակը տապալեց նախագահ Մուհամեդ Մուրսիին, մի հատուկ օտար ղեկավար կա, որ ամենաբարձր ճչում է՝ պահանջելով նրա անհապաղ վերադարձը: Այդ վիճահարույց ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է՝ իր իսլամիստ ընկերոջ՝ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» սերտ կողմնակիցը:

Եգիպտոսի նոր ղեկավարները, որոնք վայելում են բնակչության ստվար զանգվածների աջակցությունը, ցասման մեջ ընկան հատկապես այն բանից հետո, երբ Էրդողանը խստորեն քննադատեց նախագահ Մուրսիի տապալումն ու «Մուսուլման եղբայրներ» շարժման հարյուրավոր ցուցարարների սպանությունը: Թուրքիայի վարչապետը չափազանց կոշտ լեզվով դատապարտեց Եգիպտոսի զինվորականությանը՝ «իր զինվորներով, ոստիկաններով և ծանր հրետանու միջոցով ջարդեր իրականացնելու» համար: Հեգնական է, որ Էրդողանը  «համր սատանա» անվանեց բոլոր նրանց, որոնք լուռ են մնում անարդարության դեմ:

Կասկածից վեր է, որ այն, ինչ կատարվում է Եգիպտոսում, մարդկային ողբերգություն է և օրեցօր դառնում է ավելի ծանրակշիռ: Չնայած ոչ մեկը չի կարող անտարբեր մնալ քաղաքացիների սպանությունների և խեղումների հանդեպ, այնուամենայնիվ Թուրքիայի վարչապետը վերջին մարդն է երկրագնդի վրա, ով պիտի նման հավակնոտ վերաբերմունք դրսևորեր: Յուրաքանչյուր ոք, ում ձեռքերն արյունոտ են, իրավունք չունի ուրիշին պախարակել: Կարիք չկա վերադառնալ պատմության գիրկը և հիշել Էրդողանի նախահայրերի իրականացրած ցեղասպանությունները հայերի, հույների և ասորիների դեմ: Միայն մի քանի ամիս առաջ Թուրքիայի վարչապետի սեփական ձեռքերը թաթախված էին արյան մեջ, երբ նա հպարտորեն հայտարարում էր, որ հրամայել է ոստիկանությանը կրակ բացել անզեն ցուցարարների վրա Ստամբուլում՝ սպանելով  հինգ, կուրացնելով տասնմեկ և վիրավորելով ութ հազար մարդու: Հետևաբար, Էրդողանը զրկվել է բարոյական բոլոր իրավունքներից որևէ մեկին դաս տալու ժողովրդավարության և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ:

Եգիպտոսի ներքին գործերին Էրդողանի հաճախակի միջամտությունը և նախագահ Մուրսիի ու «Մուսուլման եղբայրների» նրա հետևողական աջակցությունն այն աստիճանի ատելություն հրահրեցին երկու երկրների միջև, որ Եգիպտոսն ու Թուրքիան հետ կանչեցին իրենց դեսպաններին՝ էլ ավելի վատթարացնելով իրենց դիվանագիտական հարաբերությունները: Լարվածության սրումը վտանգի տակ է դրել 2 միլիարդ դոլար արժողությամբ թուրքական ներդրումները Եգիպտոսում և սառեցրել 300 թուրք գործարարների գործունեությունն այդ երկրում:

Ինչպիսի~ փոփոխություն մեկ տարվա ընթացքում… 2012 թվականի մայիսին, երբ Եգիպտոսում էի դասախասություններ կարդալու համար, տեղական թերթերից մեկը հրաժարվեց հրապարակել իմ հարցազրույցի այն հատվածը, որն առնչվում էր Հայոց ցեղասպանությանը: Ինձ տեղեկացրեցին, որ հաշվի առնելով իսլամական երկու երկրների միջև գոյություն ունեցող սերտ հարաբերությունները, անհնարին կլինի որևէ բան տպագրել ընդդեմ Թուրքիայի:

Հետաքրքիր է, որ նախագահ Մուրսիին իշխանությունից դուրս շպրտելուց հետո մի շարք հոդվածներ հայտնվեցին տասնյակ եգիպտական թերթերում՝ մանրամասն ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմությունը, պահանջելով, որ Թուրքիան փոխհատուցում վճարի վերապրողներին և կոչ անելով Էրդողանին ճանաչել իր երկրի քրեական անցյալը:

Ի լրումն այս ամենի՝ օգոստոսի 17-ին Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը մի անակնկալ պատգամ տեղադրեց «Թվիթերում»՝ հայտարարելով, որ իր երկրի «ՄԱԿ-ի ներկայացուցիչը վաղը ստորագրելու է միջազգային փաստաթուղթ հայկական ջարդերի ճանաչման մասին, որոնք իրականացվել են թուրքական բանակի կողմից և որոնց հետևանքով մեկ միլիոն մարդ է սպանվել»:

Թեպետ եգիպտական և թուրքական թերթերը լայնորեն հաղորդում են Եգիպտոսի նախագահին վերագրվող թվիթերյան այս հաղորդագրության մասին, մեզ չհաջողվեց ինքնուրույն հաստատել դրա իսկությունը: Սակայն ակնհայտ է, որ Եգիպտոսի ներկայիս կառավարությունն ու մամուլը մտադիր են Հայոց ցեղասպանությունն օգտագործել որպես միջոց հակադարձելու Էրդողանին իրենց ներքին գործերում կոպիտ միջամտության համար:

Հասկանալի է, որ հայերի մեծ մասը դժգոհ կլինի, որ իրենց նախնիների սպանդը քաղաքական շահարկման առարկա է դառնում երկու երկրների միջև: Սակայն, ցավոք, ինչպես միշտ, սա ևս քաղաքականություն է: Եթե Եգիպտոսի նոր ղեկավարությանը ձեռնտու լինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա կլինի ողջունելի քայլ: Ավելի լավ է Ցեղասպանությունը ճանաչել` մղվելով որևէ քաղաքական դրդապատճառից, քան չճանաչել՝ սխալ պատճառներով: Ի վերջո, չի կարելի ակնկալել, որ Եգիպտոսի կառավարությունը այս հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում կունենա, եթե այն հակասի իր ազգային շահերին: Այս առումով, Եգիպտոսը չի տարբերվում այլ երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից ու Իսրայելից, որոնք Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես Դամոկլյան սուր պարբերաբար ճոճում են Թուրքիայի ղեկավարների գլխին:

Հայոց ցեղասպանության ճանաչման վերջնական որոշումը կախված է այն բանից, թե Կահիրեն ինչ զիջումներ է ակնկալում Անկարայից: Եթե Եգիպտոսը՝ ամենաբազմամարդ արաբական երկիրը, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն ջախջախիչ հարված կհասցնի թուրքական կառավարության խելահեղ ջանքերին՝ հակազդելու 2015 թվականին աշխարհով մեկ Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Վասն գիտելիքի կամ կրկին շտեմարանների մասին

  1. շտեմարան1Ինչո՞ւ  գրեցի այս հոդվածը

Վաղուց էի մտմտում, բայց շտեմարանների և դրանց հիման վրա կազմված թեստերի շուրջ այնքան աղմուկ կար, որ իրար չէին լսում: Հիմա, երբ կրքերը կարծես մի քիչ հանդարտվել են, երբ հանրակրթական ավագ դպրոցի շրջանավարտները  հայոց լեզվից և հայ գրականությունից լավ-վատ հանձնել են ավարտական, միասնական  քննությունը, արժե արդեն խոսել՝  մի քիչ այլ տեսանկյունից և այլ մոտեցումով:

Միանգամից ասեմ, որ խոսքս ուղղված է մեզ բոլորիս, ովքեր զբաղվում են կրթության և դպրոցի, ինչպես նաև մայրենի լեզվի ուսուցման և դասավանդման հարցերով: Խորին հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել  կամ շարունակում են համագործակցել ԳԹԿ-ի հետ: Գիտեմ, որ թեստ կամ հարցարան կազմելը հեշտ գործ չէ: Ուստի արժանին պիտի մատուցել այն գիտնականներին, որոնք այս կամ այն չափով առնչվել կամ ուղղակիորեն տքնել են՝ ստեղծելու համար թե՛ հարցարանների ժողովածուներ, թե՛ շտեմարաններ, թե՛ թեստեր:  Ընդ որում՝ խոսքս վերաբերում է բոլոր տարիների հեղինակներին՝ սկսած պրոֆեսորներ Պետրոս Բեդիրյանից և Վազգեն Համբարձումյանից մինչև այսօրվա շտեմարանի հեղինակային խմբի յուրաքանչյուր անդամ: Ներեցե՛ք, որ բոլորին հականե-հանվանե չեմ թվարկում. նպատակս սկսած գործի ապագան կամ շարունակությունը տեսնելու միտումն է:

Հոդվածը գրելու պատճառներից մեկն էլ «Անկախ» շաբաթաթերթում (28. 06. 2013թ.) ԳԹԿ-ի ներկայացուցչի հետ լրագրողի հարցազրույցն էր, որտեղ սովորողների գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուն ասում է.  «Քննությունները անցան շատ խաղաղ ու հանգիստ պայմաններում: Շտեմարանային քննությունները, այն առումով, որ ոչ մի բովանդակային բողոք չունենք, կարելի է համարել արդարացված: Այսինքն՝  շտեմարանները  ծառայեցին նպատակին, ինչի համար ստեղծվել էին. չունեցանք առաջադրանքներ, հարցադրումներ, որոնք կունենային երկիմաստություն կամ բողոքարկումների տեղիք կտային»:

Ասել է թե՝ բողոք չկա, ուրեմն ամեն բան լավ է, եկե՛ք շարունակենք նույն ոգով: Արդյոք պիտի նույն ոգո՞վ առաջ գնանք, թե մի պահ կանգ առնելու և հարցը խորությամբ  ուսումնասիրելու ճիշտ ժամանակն է, քանի դեռ ուսումնական տարին չի սկսվել:

Հաջորդ կարևոր պահը, որն ինձ միշտ զարմացրել է, հենց շրջանավարտի, միասնական քննություն հանձնողի անձի անտեսումն է: Մեծահասակները, կրթության գործի կազմակերպիչներն ամեն ինչ անում են, թվում է, պարմանիների համար՝ անտեսելով և զանց առնելով մեր հասարակության ստվար մի զանգվածի իրավունքները, պետական փաստաթղթերով նրանց առջև դրված  պահանջները, ինչպես նաև ցանկացած պատանու կամ աղջկա պարզունակ թվացող հարցը՝ դա ինձ պե՞տք է …

  1. Կրթության բովանդակությունը ներկայացնող փաստաթղթեր

Նրանք, ովքեր մոտ են կրթական գործին կամ զբաղվում են դրանով կամ էլ գաղափար ունեն տարրական մանկավարժությունից, գիտեն, որ գոյություն ունի «կրթության բովանդակություն» հասկացություն: Կրթության բովանդակությունը սահմանվում և հաստատվում է կառավարության կողմից, ձևավորվում և ամբողջանում է պետական փաստաթղթերով՝ Հանրակրթության պետական չափորոշիչ, սրա հիման վրա՝ առարկայական չափորոշիչ և ծրագրեր, սրանց մեջ արձանագրված պահանջներից ելնելով էլ ստեղծվում,  կազմվում են դասագրքերը և ուսումնաօժանդակ ձեռնարկները:

Հիմա փորձենք  կարդալ և ուղղակի մեջբերել Հանրակրթության պետական չափորոշչի՝ ավագ դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության սահմանները նշող հատվածը (armedu.am կամ aniedu.am).  «47. Ավագ դպրոցի ծրագրի «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով (ընդգծումը՝ հեղինակի), սեփական մտքերը, հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.

2) հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություներին  հաղորդակից  դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու գիտելիքների, կարողությունների և հմտությունների  (ընդգծումը՝ հեղինակի) ձևավորմանը.

3) սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության, հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության բացահայտողի դերի, գրական ստեղծագործություններին, արվեստի գործերին ծանոթանալու և հաղորդակցվելու  անհրաժեշտության  գիտակցմանը.

4) գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքների գնահատմանը:

48. Ավագ դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) բանավոր և գրավոր կապակցված խոսք կառուցելու նրբերանգների (ընդգծումը՝ հեղինակի), հայոց լեզվի քերականական կառուցվածքի, լեզվաոճական առանձնահատկությունների և ճարտասանական հիմնական սկզբունքների,

2) գրական լեզվի կենսունակ (գործածական) բառապաշարի, հայերենի բառաստեղծման  սկզբունքների,

3) հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրական երկերի, հայ և այլ ազգերի ժողովրդական  բանահյուսության,

4) գրականության պատմության, գրականության տեսության մասին»:

Հայցում եմ ընթերցողների ներողամտությունը այսպիսի ծավալուն մեջբերման համար: Սակայն սա խիստ անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ի՛նչ է պահանջում պետությունը հայոց լեզու և հայ գրականություն դասավանդողներից և ի՛նչ է ակնկալում ավագ դպրոցի շրջանավարտից: Եթե մի քիչ ավելի սեղմենք և պարզ արտահայտվենք, ապա կառավարության հաստատած փաստաթուղթը սովորողներից ակնկալում է որոշակի գիտելիքներ հայոց լեզվից և հայ գրականությունից, իսկ որ ավելի կարևոր է, այդ գիտելիքների հիմքի վրա որոշակի կարողությունների և հմտությունների  ձևավորում.  ընկալել գրվածքի լեզվաոճական առանձնահատկությունները, բանավոր և գրավոր խոսք կառուցել, ճարտասանական որոշակի հմտություններ դրսևորել: Այսինքն՝ մայրենի լեզվի  և գրականության ուսուցման խնդիրը նախ և առաջ սովորողի հաղորդակցական կարողությունների զարգացումը, կյանքի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերումն է:

Նկատե՞լ եք, որ նույնիսկ ամենաառօրեական հարաբերություններում հաջողության հասնում են ճարտար լեզու ունեցողները: Գնացե՛ք շուկա, ոչինչ մի՛ գնեք, այլ ուշադիր հետևե՛ք վաճառողների խոսքին, մարդկանց վերաբերվելու հմտությանը: Հաճախ եմ հիացմունքով հետևել  հաղորդակցական և ճարտասանական հմտություններ ունեցող առևտուր անողին, որը շատ արագ և իր ուզած գնով իրացրել է ապրանքը: Սա, անշուշտ, արվեստ է: Մարդը ձեռք է բերել կյանքում իրեն անհրաժեշտ կարողություն՝ առանց հայոց լեզվի քերականական համակարգի մեջ խորանալու կամ անգիր անելու:

Այսպես նաև բոլոր ոլորտներում:  Պահանջվում է կենդանի խոսք, հաղորդակցություն, շփվելու հմտություն, և կրթության բովանդակությունը սահմանագծող փաստաթուղթը ևս հստակ պահանջում է՝ գիտելիք, անշուշտ, բայց ոչ հանուն գիտելիքի, այլ դրա հիման վրա՝ ձևավորել, զարգացնել և շարունակաբար կատարելագործել կարողություններ  և հմտություններ ողջ կյանքի համար, սեփական բարեկեցության ապահովման համար: Չեմ կարծում, որ քերականություն սերտած այսօրվա շրջանավարտը շուկայում առևտուր անող և իր ընտանիքը վարդի պես պահող վաճառականի նման փայլուն խոսքով հանդես գալու կարողությամբ օժտված լինի:

Հայոց լեզու և հայ գրականություն դասավանդողի առջև այս ընդհանրական փաստաթղթի պահանջներն ավելի ընդգծված են ներկայանում առակայական չափորոշչում և ծրագրերում: Ավագ դպրոցի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի չափորոշչում (armedu.am կամ aniedu.am) առավել հստակ ընդգծվում են հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման հիմնական նպատակադրումները՝ սովորողների բանավոր և գրավոր խոսք կազմելու, հաղորդակցական  կարողությունների զարգացումը:

Հիշյալ չափորոշչի Զ կետը (էջ 28-35) ներկայացնում է այն նվազագույն պահանջները, որոնք պարտադիր են ավագ դպրոցի շրջանավարտի համար: Պահանջները ներկայացվում են երեք մակարդակով և երկու համակարգերով՝ ա) գիտելիքների, բ) կարողությունների և հմտությունների:  Սա նշանակում է, որ  ավագ դպրոցն ավարտող ոչ բոլոր շրջանավարտներից պիտի պահանջվեն գիտելիքների և կարողությունների նույն քանակը  կամ մակարդակը: Ասեմ նաև, որ թե՛ հայոց լեզվից, թե՛ հայ գրականությունից սովորողին ներկայացվող նվազագույն պահանջները երկու հոսքով են մատուցվում՝  ա) ընդհանուր և բնագիտական հոսքեր, բ) հումանիտար հոսք:

Ամենաթեթև ակնարկն անգամ ցույց է տալիս, որ այս պահանջների մեջ ամենից քիչ տեղ հատկացված է զուտ քերականական կամ գրականագիտական գիտելիքներին, առավել շեշտվում են ձեռք բերած կարողությունները, որոնց առկայության համար կիրառվում են հետևյալ բայ-պահանջները՝ կարդալ, գրել, ձևակերպել, գտնել, որոշել, տարբերել, հարստացնել, բացահայտել, մեկնաբանել, կիրառել, գործածել, համեմատել, քննարկել, կազմակերպել, կառուցել և այլն:  Նշանակում է՝ թեստային կամ  շտեմարանային պահանջները և առաջադրանքները ևս պիտի կառուցվեն այս պահանջներին համապատասխան՝ հենվելով սրանց վրա և ապահովելով պետականորեն  վավերացված  փաստաթղթի  պահանջների  իրականացումը:

Հիմա նորից  դառնամ  ԳԹԿ-ի ներկայացուցչին և շարունակեմ մեջբերումը. «Բազան (շտեմաարնների) կընդլայնվի, …….. որ կարողանանք պատահական ընտրելու գործոնը նվազեցնել և հստակ գիտելիք (ընդգծումը՝ հեղինակի)  ստուգող  առաջադրանքները  շատացնել»:

Բայց չէ՞ որ հենց ԳԹԿ-ի ներկայացուցիչը հիանալի պիտի իմանա պետական փաստաթղթերի բովանդակությունը և տիրապետի դրանց պահանջներին, որ կարողանա ղեկավարել մասնագիտական-առարկայական հանձնախմբերի աշխատանքը: Այնինչ ներկայացուցիչը ևս կա՛մ չգիտի, կա՛մ անտեսում է կառավարության որոշումները և խոսում է միայն գիտելիքը ստուգելու մասին:

Շատ տարօրինակ է, որ աջ ձեռքով դպրոցի համար չափորոշիչներ, սովորողին ներկայացվող պահանջներ ենք մշակում՝ գիտելիք, կարողություն, հմտություն հերթագայությամբ, խոսքի զարգացման և շարունակական մշակման պահանջ ենք դնում, բայց ձախ ձեռքով ստուգում ենք միայն գիտելիքը, որը, ցավոք, պատանուն պետք է միայն թեստային առաջադրանքները կատարելու, որոշակի դրական միավոր վաստակելու և  բուհի ուսանող դառնալու համար:  Մնում է միայն մեկ կամ երկու տարվա դառը հիշողությունը՝ դասուսույցի մոտ վազելու, թութակի պես ուրիշի մտքերը կրկնելու, հայոց լեզվի քերականական համակարգը ցանկացած լեզվաբանից էլ լավ անգիր սերտելու տանջանքը: Իսկ սեպտեմբերին մեր նորաթուխ ուսանողն արդեն իր ուղեղից հիմնովին ջնջում է թե՛ հայոց լեզուն ու ոճաբանությունը, թե՛ հայ գրականությանը և գրականագիտությունը:  Ահռելի և անօգուտ  բեռ, որի համար դիմորդը բավական լավ վճարել  է դասուսույցին:

Եթե մի հրաշքով դառնայի 16-17 տարեկան, դատի կտայի այն մարդկանց,  որոնք շտեմարաններ և թեստեր են կազմում՝ անտեսելով կրթության բովանդակությունը նշող փաստաթղթերի պահանջները, բանավոր և գրավոր խոսք չսովորեցնող, արդեն առաջին դասարանից  շտեմարաններով և թեստերով ինձ վարժեցնող մեծահասակներին, որոնք գիտությամբ զբաղվելու փոխարեն ընկել են դեռահասիս վտիտ ուսերին ու գրպանին և գլուխս  լցնում են կյանքում ինձ պետք չեկող գիտելիքներով:

Ստացվում է, որ մի բան ենք սահմանում, բայց խորությամբ ստուգում ենք միայն մաքուր քերականություն կամ ոճաբանություն, մաքուր գրականագիտություն կամ գրականության տեսություն: Սա քերականություն կամ գրականագիտություն է՝ հանուն … բանասիրության: Զարմանալի է, թե շտեմարաններով քննություն հանձնած և բարձր միավորներ շահած դիմորդին ինչո՛ւ  առանվազն գիտության թեկնածուի կոչում չենք տալիս, քանի որ նա կարճ ժամանակով ավելի շատ բան է գլխում տեղավորում, քան այսօրվա բուհերի՝ կոչում գնած շատ դասախոսներ և գիտության թեկնածուներ…

  1. Շտեմարաններ, ուղեցույցներ

Հիմա աչքի անցկացնենք հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական, միասնական  գրավոր և բանավոր քննությունների ուղեցույցը (հեղինակներ՝  Միրցա Հալաջյան,  Աշխեն Ջրբաշյան, Փառանձեմ  Մեյթիխանյան): Սույն ուղեցույցի 9-րդ էջում կարելի է կարդալ. «Թեստային առաջադրանքները (հայոց լեզվից) կազմվում են հիմնական դպրոցի  «Մայրենի» 5-րդ, 6-րդ,  «Հայոց լեզու» 7-րդ, 8-րդ, 9-րդ և ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների  դասագրքերում  (ընդգծումը՝ հեղինակի) ամփոփված ծրագրային նյութի հիման վրա: Նույն բանը կարդում ենք նաև հայ գրականությունից տրվող առաջադրանքների մասին:  Թեստերն ընդգրկում են դասագրքերի նյութը:

Անշուշտ, կրթության բովանդակությունը ներկայացնում են նաև դասագրքերը, բայց հենվելով չափորոշիչների և ծրագրերի պահանջների վրա: Այսինքն՝ շտեմարան կամ թեստ կազմողները նախ պիտի շատ հանգամանորեն ուսումնասիրեն պետական փաստաթղթերը, դրանց պահանջները, հետո միայն, թերևս հպանցիկ  անդրադառնան դասագրքային նյութին:

Այնինչ  թեստ  կազմողները միայն ու միայն դասագրքերով են առաջնորդվում: Իսկ դասագրքերը հիմնականում ներկայացնում են ծրագրային նյութը, այսինքն՝ ապահովում են գիտելիքի հոսքը՝ առանց ձևավորելու կարողություն և հմտություն: Սա արդեն մեթոդական-մանկավարժական խնդիր է, որն ուսուցիչը պիտի ապահովի համապատասխան մեթոդամանկավարժական պատրաստականությունից հետո: Չնայած լավ դասագիրքը գիտելիքի մատուցմանը զուգահեռ պիտի ընդգրկի այնպիսի  առաջադրանքներ, որոնք սովորողին մտածել կտան, կստիպեն սովորած  քերականական գիտելիքը կիրառել սեփական բանավոր և գրավոր խոսքում, գրականագիտական երևույթները ինքնուրույնաբար գտնել և ցույց տալ կարդացած գրական երկում:

Գիտեմ, որ ավելի հեշտ է գիտելիքի ստուգման առաջադրանքներ կազմել, քան կարողության և հմտության ստուգման: Սա մանրակրկիտ ու հետևողական աշխատանք է պահանջում. այս դեպքում խաչվում են մի քանի գիտություններ՝ սկսած մեթոդաբանությունից և հոգելեզվաբանությունից  և վերջացրած տրամաբանությամբ և թեստաբանությամբ: Ավելին՝ շտեմարան և թեստ կազմողները դպրոցում հայոց լեզու և գրականություն դասավանդելու փորձ պիտի ունենան:

Բացի դրանից, ցանկացած լեզվի քերականություն կենդանի և կենսունակ է  խոսքի ոլորտում: Նախադասությունից դուրս դժվար է որոշել  բառերի խոսքիմասային պատկանելությունը, օրինակ՝ Տրված բառաշարքում քանի՞ վերաբերական կա (Շտեմարան 1, էջ 56, հ. 121): Կամ էլ զուտ մեքենայական աշխատանք է, որ տեքստի մեջ պիտի հաշվի գոյականների, ածականների, դերանունների  և այլնի քանակը: Ասենք, հաշվեց, տեսավ, որ կա վեց ածական (բայ, դերանուն և այլն): Հետո ի՞նչ:

Մեթոդական առումով տեղին չէ նաև անընդհատ պահանջել, որ գտնի սխալը: Լավագույն դեպքում պիտի գտնի և ուղղի կամ էլ ճիշտ ձևը պիտի տրված լինի, որ դիմորդը գտնի և տեղադրի համապատասխան տեղում: Թեստ կազմելու մշակույթը պահանջում է դա: Թեստն իր մեջ պարունակում է ճիշտ պատասխանը, դիմորդը պիտի հենց այդ ճիշտը հայտնաբերի՝ տրամաբանորեն, մտածելով, հենվելով իմացածի վրա: Թե չէ գտավ կամ էլ պատահականորեն ճիշտ նշեց, որ այսինչ համարի նախադասության մեջ բառագործածության սխալ կա: Ի՞նչ ստուգեցինք: Սա նույնիսկ գիտելիք էլ չէ, այլ բախտախաղ. բախտս բերեց՝ ճիշտ կնշեմ ու վերջ: Ուզում եմ հասկանալ՝ այսպիսի մեքենայական նշումները ի՛նչ են տալիս մեզ, կամ ինչի՛ց ենք իմանում, որ համապատասխան թիվը նշող դիմորդը գիտի նաև դրա ճիշտ լուծումը:

Ահա 57 էջի առաջադրանքը (Շտեմարան 1, համար 122-125). Տրված բառերից քանիսը կարող են գործածվել տարբեր խոսքի մասերի արժեքով: Մաքուր քերականական գիտելիք՝ հանուն քերականության: Ասենք թե պատահականորեն նշեց ճիշտ մեր ուզած թիվը: Արդյոք դիմորդը հստակորեն պատկերացնո՞ւմ է, թե իր նշած ժամանակ բառը ե՛րբ է իբրև գոյական գործածվում, իսկ երբ՝ կապ: Կամ դա նրան երբևէ պետք գալո՞ւ է:

Նույնպիսի առաջադրանքներ սփռված են շտեմարանի բոլոր հատորներում: Ահա երկրորդ հատորում 48-65 համարի առաջադրանքներում պահանջվում է նշել, թե կազմությամբ ածանցավոր քանի՛ բայ կա տրված տեքստում կամ նախադասություններում (էջ 47-66):

Ենթադրենք ՝ ճիշտ նշեց, որ կա տասը բայ, իսկ ի՞նչ իմանանք՝ այդ դիմորդը խոսելիս ճի՞շտ է գործածում դրանց խոնարհման ձևերը, արդյոք չի ասում՝  թռչի՛ր, լվացրո՛ւ, բաժակս  լցրա՛,  աշխատանքս  վերջացրեցի և խոսքային այլ «գոհարներ»:

Իսկ հայ գրականության առաջադրանքներն ուղղակի դասագրքերի սերտողություն են պահանջում: Շատ հանգիստ կարելի է «Քաոս» վեպը չկարդալ, բայց դրան վերաբերող թեստային առաջադրանքներն անթերի կատարել:

Մեզանում այս էլ քանի տարի գրեթե կատարելագործման հասցվեցին գիտելիք ստուգող, ավելի ճիշտ՝ սերտողություն պահանջող առաջադրանքները: Այսօր բոլորն էլ գոհ են. շտեմարաններ կան, կնստեցնեն  դիմորդներին  և անգիր անել կտան, կվաժեցնեն և կմարզեն լավագույնս, հետո էլ կպարծենան դիմորդների ստացած միավորներով, որ հետո նոր ուսումնական տարվա համար քերականություն և գրականագիտություն  սերտած  ուսանողների  նոր խմբաքանակ մատուցեն բուհին:

Բայց եկե՛ք դիտարկենք քերականախեղդ և գրականախեղդ եղած ուսանողի հետագա ճակատագիրը …

  1. Ուսանող դառնալուց հետո

Եվ այսպես՝ քերականություն, գրականագիտություն և այլ –ություններ, դասագրքերի հեղինակների մտքերն առանց հասկանալու սերտած և անգիր արած ուսանողը հայտնվում է բուհում: Նա վերջապես ազատագրվել է թե՛ հայոց լեզվից, թե՛ հայ գրականությունից:

Այստեղ պիտի բացահայտվի, որ շտեմարաններով կամ թեստերով իրենից ի՛նչ պահանջել են, երբեք էլ պետք չի գալու: Ընդհակառակը, հիմա նրանից պահանջվում է  մասնագիտական գրականություն կարդալ, կարդացածը հասկանալ, շարադրել սեփական բառերով, կարծիք հայտնել, մասնակցել սեմինարների և գործնական աշխատանքների, զեկուցումներ, ռեֆերատներ, անհատական և կուրսային աշխատանքներ գրել, լսարանի առջև ելույթ ունենալ, մասնակցել զանազան քննարկումների, բանավեճերի և այլն և այլն: Ի դեպ, աշխատանքի այս տեսակները պահանջվում  են նաև ավագ դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության չափորոշիչով:

Ահա մեր նորաթուխ ուսանողը խիստ զարմացած և շփոթված է. նա սովոր է անգիրի, իսկ այստեղ ասում են՝ մտածի՛ր, դատի՛ր, կարծի՛ք հայտնիր: Նա պատրաստ չէ. նրան դպրոցում դա չեն սովորեցրել, նա չի կարողանում իր մտքերը, կարդացածը հասկանալի, գրական լեզվով շարադրել, գիտական լեզվով հաղորդակցվել, պահանջվող  աշխատանքը կատարել: Նորաթուխ ուսանողը հանկարծ հասկանում է, որ իրեն խաբել են. սովորեցրել են գիտություն հանուն գիտության, բայց չեն տվել մտածելու, տրամաբանելու, խոսք կազմելու կարողություն և հմտություն: Այնինչ ավագ դպրոցում թե՛ հայոց լեզվի, թե՛ հայ գրականության դերը (հատկապես ոչ հումանիտար հոսքում) հիմնականում խոսքի ուսուցումը և զարգացումն է:

Այսպիսի անել վիճակում հայտնված ուսանողն սկսում է քրքրել համացանցը, ուշադրությամբ կարդալ բոլոր հայտարարությունները և վազել, վճարել և գնել անհրաժեշտ անհատական, կուրսային  աշխատանքները, անգամ մագիստրոսական, հետո էլ թեկնածուական թեզերը:

Տեսնո՞ւմ եք՝ ի՜նչ հիանալի ձևով մարդուն սովորեցրինք վճարել իր չունեցած կարողությունը ձեռք բերելու համար: Արդյոք սա չի՞ խոսում պետական մտածողության բացակայության կամ կրթական գործի հանդեպ անտարբերության մասին:

Վաղը, այս պատանիներն ու աղջիկները կավարտեն բուհը, ուսումը կշարունակեն դրսում կամ չեն շարունակի, ու քանի որ կիրառական օտար լեզուն ավելի հեշտ է նրանց տրվում, խաչ կդնեն թե՛ հայոց լեզվի, թե՛ հայ գրականության վրա: Հետո էլ զայրանում ենք, թե ի՜նչ սերունդ է, չի հարգում, չի սիրում իր լեզուն, իր արմատները, մեսրոպյան տառերը: Բայց չէ՞ որ մենք՝ կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներս, բոլոր դասատուներս, բոլոր մեծահասակներս ենք նրան խռովեցրել մեր լեզվից և մայրենի գրականությունից անհետաքրքիր, տաղտկալի շտեմարաններով և թեստերով՝ խախտելով պետականորեն վավերացված փաստաթղթերի պահանջները…

  1. Ի՞նչ եմ առաջարկում

Ընթերցողը հիմա իրավամբ կհարցնի՝ ի՛նչ առաջարկներ կան: Քանի որ երկարեց խոսքս կարճ կապեմ և խոնարհաբար դիմեմ մեզ՝ բոլորիս: Եկե՛ք՝

  1. Հանգամանորեն ուսումնասիրենք պետական փաստաթղթերը, հայոց լեզվի, հայ գրականության առարկայական չափորոշիչները և ծրագրերը,   առաջնորդվենք դրանց պահանջներով, շտեմարաններ և թեստային առաջադրանքներ կազմենք դրանց հիման վրա:
  2. Եթե հնարավոր է, ավագ դպրոցներում ավելացնենք հայոց լեզվի ստուգման ևս մեկ փուլ. բանավոր խոսք և ելույթ հանրության առջև: Եթե սովորողը չի հաղթահարում այս փուլը, նա չի մասնակցում պետական ավարտական, միասնական քննությանը:
  3. Հայոց լեզվի, հայ գրականության շտեմարաններ կազմող  աշխատանքային խմբում  ընդգրկենք բանասեր-մեթոդաբանների, ովքեր հմտացել են հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման մեթոդական բնագավառում, որպեսզի շտեմարաններում ապահովվի գիտելիք, կարողություն, հմտություն  ստուգող առաջադրանքների հերթագայությունը:

Ի դեպ, գործող շտեմարանների հեղինակներից   միայն մեկն է մանկավարժական գիտությունների թեկնածու, երկու հոգի էլ  ուսուցիչ են, մնացածը բանասիրական գիտությունների դոկտորներ կամ թեկնածուներ են: Այնինչ պիտի ճիշտ հակառակը լիներ. երկու- երեք գիտնական, մնացածը՝ մեթոդաբան-մանկավարժ կամ էլ ուսուցիչ:

  1. Համարձակություն ձեռք բերենք և թեստերում ընդգրկենք խոսք կառուցելու պահանջ. կարծում եմ՝ մեր հանրապետությունում կարելի է գտնել 10-12 անաչառ և չվաճառվող մասնագետ, որոնք կստուգեն սովորողների  շարադրանքները:
  2. Վերջապես տարբերակենք և առանձին թեստերով ստուգենք հումանիտար և ոչ հումանիտար հոսքերի  շրջանավարտների՝ հայոց լեզվից և հայ գրականությունից ձեռք բերած գիտելիքները, կարողությունները և հմտությունները:
  3. Դպրոց մտնող մեթոդիստներին և պաշտոնյաներին խոնարհաբար խնդրենք, որ ոչ թե մանրուքների  հետևից  ընկնեն (ասենք՝ դասի թեման ինչպես գրանցել մատյանում և այլն) և ուսուցիչների գլխին դամոկլյան սուր շողացնեն, այլ սիրով, համբերատարությամբ, սովորեցնելով հետևեն՝ ժամանակ  և հնարավորություն, ինչպես նաև համապատասխան պատրաստականություն ունե՞ն արդյոք հայոց լեզու և հայ գրականություն դասավանդողները՝  սովորողների  հաղորդակցական, ստեղծագործական կարողությունների,  բանավոր և գրավոր խոսք կազմելու հմտությունների զարգացման ուղղությամբ աշխատելու  համար:

Թամար  Ալեքսանյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու

Մեղադրվում են ԱԱԾ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

դատախազությունԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Բ. Գալստյանի, Ռ. Թադևոսյանի և Ա. Մուրադյանի կողմից ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Հ. Սիլիզյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Բ. Գալստյանը 2013թ. հունիսի 1-ին Աշտարակ քաղաքի իրենց տան օժանդակ շինությունից ապօրինի ձեռք է բերել հանգուցյալ հորը` Գ. Գալստյանին պատկանող, վերջինիս կողմից ապօրինի ձեռք բերված, մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` լիցքավորված մարտական 8 փամփուշտներով ու պահել իր մոտ:

Քրեական գործի նյութերով պարզվել է, որ Բ. Գալստյանը, ապօրինի կրելով ռազմամթերք հանդիսացող վերը նշված ատրճանակը, 2013թ. հունիսի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Քասախ գետի ափամերձ տարածքում էլեկտրական հոսանքի լար անցկացնելու հարցի շուրջ վիճաբանել է Վ. Ամիրյանի հետ:

Այդ պահին նրանց է մոտեցել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Հ. Սիլիզյանը եւ փորձել կարգի հրավիրել Գալստյանին: Ապա՝ վերջինիս գոտկատեղին նկատելով ատրճանակը՝ Հ. Սիլիզյանը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարելու նպատակով վերցրել է այն։

Ներկայանալով որպես ազգային անվտանգության ծառայության աշխատակից` Հ. Սիլիզյանը պարզաբանել է ատրճանակն իրավապահ մարմիններին հանձնելու նրա պարտականության մասին, սակայն Բ. Գալստյանը հետ է պահանջել ատրճանակը և մերժում ստանալով` կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն կիրառել իր ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Հ. Սիլիզյանի նկատմամբ՝ քաշքշելով ու հարվածելով նրան:

Միջադեպը շարունակվել է Հ. Սիլիզյանի տնամերձ հողամասում։ Քրեական գործի նյութերի համաձայն, տեղեկանալով կատարվածի մասին, Բ. Գալստյանի ազգական Ռ. Թադևոսյանն ու նրա ընկեր Ա. Մուրադյանը գնացել են Հ. Սիլիզյանի հետևից և վիճաբանել նրա հետ՝ այդ ընթացքում կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Հ. Սիլիզյանի եւ վերջինիս հոր նկատմամբ։

Բ. Գալստյանը, Ռ. Թադևոսյանը և Ա. Մուրադյանը հեռացել են միայն այն բանից հետո, երբ Հ. Սիլիզյանին հաջողվել է զանգահարել վերադասին եւ զեկուցել կատարվածի մասին։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Բ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ Ռ. Թադևոսյանին և Ա. Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ 1-ին մասով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է ԶԼՄներկայացուցիչներին

արծրուն հովհաննիսյանԶԼՄ ներկայացուցիչների այն հարցին` արդյոք հայաստանյան իշխանությունները սպասում են վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը` ադրբեջանցի ռազմագերու հարցում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է, թե, անկախ ադրբեջանական իշխանությունների որոշումից, մենք հավատարիմ ենք մնալու միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի հանձնառություններին և գործելու ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ ստորագրած բոլոր փաստաթղթերով և համաձայնություններով ստանձնած պարտականությունների համաձայն, այդ թվում` ադրբեջանցի ռազմագերու հետագա կարգավիճակի վերաբերյալ նրա ոչ պակաս կարևոր` ազատ, անկաշկանդ և գիտակից որոշման:

 

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Կառավարության 3-րդ մասնաշենքից երիտասարդ աշխատակիցը ցած է նետվել ու մահացել

d7b10b2408db87114b4f3e0d7dd6c437_SԿառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից քիչ առաջ ցած է նետվել և տեղում մահացել 1991 թվականին ծնված 22-ամյա Հայկ Հայրապետյանը: Վերջինս բնապահպանության նախարարության աշխատակից էր:

Երիտասարդը դեպքից առաջ երկար ժամանակ խոսել է հեռախոսով, ապա հեռախոսը թողել սենյակում և բարձրացել վեցերորդ հարկ, որից պատշգամբից իրեն նետել է ցած:

Հանգամանքները պարզվում են:

Շարունակվում են արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները

downloadՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 20-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 80.2-րդ կմ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
2. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.4-րդ կմ (Զանգակատուն գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 118.6-րդ կմ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
4. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 125.4-րդ կմ (Մալիշկա գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

ՅՈՀԱՆԵՍ ԲՐԱՄՍ` հանճարեղ և սրամիտ երգահանը

brahmsԲրամսը, լինելով փայլուն երգահան, այդպես էլ կյանքում ոչ մի օպերա չգրեց` չնայած բազմաթիվ փորձերին: Նրա ճանապարհին կանգնում էր ոխերիմ թշնամին` Վագները, որ իր փառքի գագաթնակետին էր:

Աշխարհահռչակ երգահան Յոհաննես Բրամսը հայտնի է ոչ միայն իր փայլուն ստեղծագործություններով, այլև` սուր հումորով:

Մեծ երգահանը ծնվել է 1833 թ. մայիսի 7-ին Արևմտյան Գերմանիայի Համբուրգ քաղաքի Գայնգեֆիերթել թաղամասում, երաժիշտ Յոհան Յակոբսի ընտանիքում: Բրամսը զտարյուն գերմանացի չէր. նրա մայրը` Յոհաննա Հենրիքա Քրիստինա Նիսսեն, հոլանդական ծագում ուներ և տիրապետում էր երաժշտական մի շարք գործիքների: Երաժշտության սերը Բրամսին է անցել ծնողներից: Ընդ որում,  նրա մայրն ամբողջ 16 տարով մեծ էր ամուսնուց, բայց դա չի խանգարել, որ Բրամս ամուսինները հաշտ ու համերաշխ ապրեն միասին և լույս աշխարհ բերեն վեց երեխա:

Բրամսի հայրը կաբարեի երաժիշտ էր և հաճախ էր որդուն իր հետ աշխատանքի տանում: Ապագա երգահանը դեռ մանուկ հասակում սկսեց ջութակ նվագել, սակայն շուտով փոխեց մտադրությունն ու հանրահայտ ուսուցիչներ Օտտո Ֆրիդրիխ Վիլլիբարդ Քոսսելի, ապա Էդուարդ Մարքսենի մոտ դաշնամուրի դասեր առավ:

Նա իր առաջին ստեղծագործությունը գրեց դեռ 11 տարեկան հասակում:

Պատանի Բրամսը շատ էր աշխատում. սովորելուն զուգընթաց` օգնում էր հորը` ապրուստի միջոցներ հայթայթելու: Դա շուտով նրան հյուծեց, և բժիշկների խորհրդով մեկնեց ճամփորդության` հանգստանալու և վերականգնելու առողջությունը: Ալպերում հանգստանալիս նա գտնում է իր նոր սերը` գրականությունը, որ հետագա ողջ կյանքի ընթացքում ուղեկցեց նրան: Հանգստավայրում բուժվելուց հետո նրան է մոտենում բժիշկը և հարցնում.

– Դուք գո՞հ եք բուժումից:

– Շնորհակալ եմ, ամեն ինչ տեղում է… Բոլոր հիվանդությունները, որ բերել էի ինձ հետ, տանում եմ հետս…

Առհասարակ, Բրամսը զարգացած անհատականություն էր և քաջատեղյակ էր ժամանակի գրական անցքերին:

Պատանի հասակում Բրամսը, աշխատանքից և երաժշտությունից բացի, մեծ «թուլություն» ուներ` անագե զինվորները, որոնցով նա կարող էր ժամերով խաղալ: Հետագայում` արդեն հասուն տարիքում, աշխարհահռչակ երգահանը  շարունակում էր խաղալ անագե զինվորներով: Մի օր ընկերներից մեկը նրան դիտողություն է անում.

– Մաե՛ստրո, ինչպե՞ս կարելի է այդքան տարվել այդ խաղալիք զինվորներով:

– Դուք ոչինչ չեք հասկանում ո՜չ արվեստից, ո՛չ անագե զինվորներից: Բավական է միայն կառուցեմ իմ հավատարիմ բանակը և հրամայեմ` առաջ, անմիջապես ոգեշնչվում եմ, և երբ իմ զինվորները սկսում են գրոհել, ես գնում եմ դեպի ռոյալ…

1852 թ. Յոհաննես Բրամսը հունգարացի ջութակահար Էդուարդ Ռեմենյիի հետ սկսում է իր առաջին համերգային շրջագայությունը Հունգարիայում: Համերգներից զատ նա ուսումնասիրում է տեղացիների երաժշտական արվեստը: Այս ուղևորությունը շատ գոհարներ պարգևեց Բրամսին, և նա իր ձեռքբերումները հետագայում մշակեց և ներկայացրեց հանրությանը:

Այդ ուղևորության ընթացքում նա ծանոթանում է վիրտուոզ ջութակահար Յոզեֆ Յոախիմի հետ, և այդ ծանոթությունը դառնում է ընկերություն ողջ կյանքի ընթացքում: Հետագայում Յոզեֆ Յոախիմը Բրամսին բնութագրել է. «Նրա նվագը լի է կրակով, մեծագույն էներգիայով և ռիթմիկ ճշգրտությամբ: Նրա ստեղծագործություններն ունեն այնպիսի հետաքրքիր և բազմապիսի տարրեր, որոնց ես երբեք չեմ հանդիպել այս տարիքի երիտասարդ կոմպոզիտորների մոտ»: Բրամսը պարտքի տակ չմնաց և իր շատ ստեղծագործություններ նվիրեց սիրելի ընկերոջը:

Հենց Յոզեֆ Յոախիմին է պարտական Բրամսը Ռոբերտ Շումանի և նրա կնոջ` ոչ պակաս տաղանդավոր երաժիշտ Կլարա Շումանի հետ իր ճակատագրական ծանոթության համար: Երբ ամոթխած Բրամսը երաշխավորական նամակը ձեռքին ոտք է դնում Շումանների բնակարան, հիացնում է երգահանին իր կատարմամբ: Այդ օրը Շումանն իր նոթատետրում գրում է. «Պարոն Բրամսի ժամանումը. հանճար»: Սակայն Շումանը սրանով չսահմանափակվեց և իր հիմնած «Նոր երաժշտական ամսագրում» հոդված գրեց երիտասարդ հանճարի մասին.

«Եկավ ընտրյալը, որին օրորոցում արդեն տրվել էին տաղանդն ու հերոսական ոգին: Նրա անունը Յոհաննես Բրամս է, և նա եկել է Համբուրգից:

Երբ նստում է դաշնամուրի առջև, մեզ տեղափոխում է չնաշխարհիկ վայրեր և մտցնում իր իդեալական աշխարհը: Իր հիանալի նվագի շնորհիվ նա դաշնամուրը վերափոխում է վշտալի և հաղթական նվագախմբի: Նրա մատների տակ սոնատը դառնում է սիմֆոնիա, երգը դառնում է մի ամբողջ պոեմ: Նրա սոնատները և լարային կվարտետներից յուրաքանչյուրը տարբեր են և կարծես ունեն ամբողջովին նոր և ուրիշ հիմք:

Երբ նա իր կախարդական փայտիկն ուղղի նվագախմբի և երգչախմբի կողմը, և նրանք իրենց հզորությամբ կարողանան արտահայտել Բրամսի ամբողջ տաղադը, իդեալական աշխարհի գաղտնիքներից շատերը կհամարվեն բացահատված»:

Շումանի հոդվածը հնարավորություն տվեց Գերմանիայի երաժշտասեր հասարակությանը բացահայտելու Բրամս երաժշտին: Նա անմիջապես համբավավոր դարձավ ողջ Գերմանիայում և Եվրոպայում: Հոդվածին հետևեցին ելույթների և համերգային շրջագայությունների բազում հրավերներ: Մի շքեղ ընդունելության ժամանակ կազմակերպիչները Բրամսին գոհացնելու ակնկալիքով նախապես տվեցին հրավիրյալների ցուցակը և առաջարկեցին ջնջել այն անձանց անունները, որոնց Բրամսը չէր ուզի տեսնել: Հոգոց հանելով Բրամսը ջնջեց իր անունը… Մեկ այլ ընդունելության ժամանակ տանտիրուհին Բրամսին թխվածք է մատուցում, որի վրա նրա մի ստեղծագործության նոտաներն էին: Կտրելով թխվածքը` երգահանը նկատում է.

– Տիկի՜ն, Դուք ինձ ոչ միայն նվագում եք, այլև` թխում…

Շումանի ընտանիքում էլ Բրամսը գտավ իր կյանքի միակ սիրուն` երգահանի կնոջը` Կլարային, որին նվիրված են նրա բազմաթիվ ստեղծագործություններ…

Բրամսը, լինելով փայլուն երգահան, այդպես էլ կյանքում ոչ մի օպերա չգրեց` չնայած բազմաթիվ փորձերին: Նրա ճանապարհին կանգնում էր ոխերիմ թշնամին` Վագները, որ իր փառքի գագաթնակետին էր: Մի առիթով, երբ Բրամսին հարցրին, թե ինչու օպերա չի գրում, այլայլված պատասխանեց. «Օպերայի և ամուսնության մասին ինձ հետ ոչ մի խոսք…»:

Բրամսը մտերիմ էր Շտրաուս ընտանիքի հետ: Մի անգամ «Վալսերի արքայի» կինը` Յոհաննա Շտրաուսը, երգահանին խնդրեց ընտանեկան ալբոմում գրություն թողնել: Բրամսը չմերժեց և ալբոմում գրեց Շտրաուսի «Սքանչելի, երկնագույն Դանուբի վրա» վալսի առաջին տակտերը, վերջում ավելացնելով. «Ափսոս, հեղինակը ես չեմ»:

Յոհաննես Բրամսը մահկանացուն կնքեց 1897 թ. ապրիլի 3-ին, Վիեննայում:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Օպերատիվ իրավիճակը Հայաստանում

imagesՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 18-ին, ժամը 01.25-ին, Ուֆա-Երևան ավտոբուսի երթուղով ՀՀ պետական սահմանը հատելիս` «Բագրատաշեն» սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Գասպար Մ.-ն, որը հուլիսի 18-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

2013 թ. օգոստոսի 17-ին, ժամը 22:55-ին. ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
Նույն օրը, ժամը 23.25-ին, Երևանի քաղաքապետարանի դիմացից, նշված արարքը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ` Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը :
Ոստիկանության Կենտրոնական բաժնում Մ. Դավեյանը, Գ. Առաքելյանը և Կ. Հարությունյանը հրաժարվել են բացատրություններ տալուց:
18.08.2013 թ. նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:

Օգոստոսի 17-ին, ժամը 17.45-ին, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Թթուջուր-Ծաղկունյաց լեռնաշղթա ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել 4-րդ ոլորանի վերջնամասի հողածածք ճանապարհից և շուրջ 100 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Ապարան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21124» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ը կողաշրջվել է ձորակը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

Օգոստոսի 17-ին, ժամը 03.20-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում բախվել է պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց::
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 17-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող «Արզնի» գործարանի պահեստներին կից հրդեհ է:
Պարզել է, որ հրդեհվել է նշված հասցեում գտնվող կահույքի և փայտի արտադրամասը:
Նույն օրը, Ժամը 09.00-ին, հրդեհը մարվել է:
Վնասի չափը պարզվում է:
Հետաքննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Այսօր խաղողօրհնեք է՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը

xarorՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանդության շնորհիվ:

Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Սբ.Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Qahana.am

Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1713-րդ խաչը

DSC04064«Յուրաքանչյուր տարի արժեւորելու ենք մեր քրիստոնյա Հայաստանը: Վստահ եմ, որ այս սովորույթը, որի մեջ միաձուլված է եւ հոգեւոր, եւ աշխարհիկ արժեքը, տարիներով կշարունակվի եւ կդառնա մեր ժողովրդի համար սքանչելի ուխտատեղի»,-այսօր Սուրբ Խաչի 1713-րդ խաչադրման արարողության ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1713-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Քրիստոնյա Հայաստանի տարիքը: Օծման արարողության ավարտից հետո, օծված խաչը, հոգեւոր դասի թափորի ուղեկցությամբ, ժողովրդի ձեռքերի վրա, միմյանց փոխանցելով, բարձրացվեց եւ խաչքավորի ձեռքով ամրակցվեց Սուրբ Խաչին:

Դատախազին հարցրեցինք, թե ինչով է իր կյանքն իմաստավորված, նա պատասխանեց` նրանով, որ ինքն ամեն անգամ կարող է համբուրել իր 87 տարեկան հոր ձեռքը.

«Ինչպես յուրաքանչյուր արժեք, այնպես էլ բարին ու բարիքը պետք է սնունդ ստանա, որ ապրի ու հարատեւի: Ցավոք սրտի չարիքն էլ սնունդի կարիք ունի, երբ մենք բարով պատասխանում ենք, մենք զրկում ենք չաիքին զարգանալուց, չարին երբեք չարով չպետք է պատասխանենք` դրանով նրան սովամահ կանենք»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր հովվապետական աղոթքը հղեց հավատավոր ժողովրդին.

«Այս Սուրբ Խաչի օրհնության ներքո թող բարվոք կյանքով ապրի ու արարի, մեր երկիրն ու ժողովուրդը, որպեսզի այն դառնա տուն աշխարհասփյուռ հայության համար: Խաչը մեր պատմությունն է: Նրա խորհրդով ապրել է մեր ժողովուրդը, հույսով ու հավատով կերտել իր կյանքը»:

Միջոցառման խաչքավոր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի համոզմամբ խաչի բարձրությունը 33մ է, խորհրդանշելով Քրիստոսի տարիքը, իսկ հիմքերը 12-ն են` առաքյալների թիվն է.

«Այսօր ես մասնակցում եմ հայ ժողովրդի պետականության համար կարեւոր օրվա քավորությանը, միայն հպարտ եւ ուրախ եմ»:

Խաչադրման արարողությունից հետո, հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչները իրենց ավանդական-ժողովրդական հագ ու կապով, երգ ու տաղով, սուփրայով ուրախ տոնահանդես կազմակերպեցին:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

Նախագահը ներկա է գտնվել «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը,լուսանկարներ

3606

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում մասնակցել է օգոստոսի 12-ին մեկնարկած «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը:

Հանրապետության Նախագահին ներկայացվել են «Բազե-2013» հավաքի անցած օրերին տեղի ունեցած միջոցառումները, ներկա գտնվել հավաքի շրջանակներում կազմակերպված սպորտային մի շարք միջոցառումների եզրափակիչ փուլերին, զրուցել հավաքի մասնակիցների հետ, հետաքրքրվել այս օրերի ընթացքում նրանց ստացած տպավորություններով, ինչպես նաև պատասխանել երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

Նախագահի հետ զրույցում երիտասարդները նշել են, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը լավ հնարավորություն է Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և սփյուռքից ժամանած հայ երիտասարդների համար միմյանց հետ շփվելու, Հայաստանի մասին գիտելիքները հարստացնելու, ինչպես նաև նոր գաղափարներ ու ծրագրեր մշակելու և քննարկելու համար: Երիտասարդները Սերժ Սարգսյանին պատմել են նաև այս օրերի ընթացքում պետական, քաղաքական, հասարակական, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ավանդական դարձած հանդիպումների մասին, նշել, որ փորձել են «Բազե-2013»-ի շրջանակներում կազմակերպված բոլոր մրցաձևերում առավելագույնս դրսևորել իրենց գիտելիքներն ու կարողությունները:

ՀՀ Նախագահին ուղղված բազմաթիվ հարցերի շրջանակում երիտասարդներին հետաքրքրել են քաղաքական, տնտեսական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներին վերաբերող կարևոր և արդիական մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը վերոնշյալ հարցերի շուրջ իր տեսակետներն ու դիրքորոշումներն է ներկայացրել երիտասարդներին: Մասնավորապես՝ զրույցի ընթացքում երիտասարդներին հետաքրքրել են պետության կողմից երիտասարդներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է  Նախագահի առավել նախընտրելի թեկնածու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև պատերազմը վերսկսելու մասին Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին, ինչպես նաև մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերման մասին Ադրբեջանի հայտարարություններին՝ նշելով, որ սպառազինություն ունենալը չի կարող երաշխիք հանդիսանալ հաղթանակի համար և ոչ մի կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության վրա:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման առիթով կազմակերպված տոնական համերգին:

Խոշոր հրդեհ «Արզնի» հանքային ջրերի գործարանի մոտակայքում (թարմացված)

IMG_7636-3042-650-500-50-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՕգոստոսի 17-ին, ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արզնի» հանքային ջրերի գործարանի մոտակայքում գտնվող փայտի արտադրամասի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:Ժամը 07.33-ին հաստատվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Ժամը 07.40-ին հաստատվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 2 ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.30-ին, մարվել՝ 08.58-ին: Այրվել է Գ. Ա.-ին պատկանող երկհարկանի շինության տանիքը` 200 քմ, փլուզվել է բաղդադե առաստաղից 50 քմ հատված, շինության 2-րդ հարկում` Ա. Մ.-ին պատկանող կահույքի արտադրամասում (150 քմ), այրվել է շինանյութ, ջերմահարվել` գործիքներ:

Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած

ավտոպատահարներՕգոստոսի 17-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղուց դեպի Վանաձոր տանող ճանապարհին` կամրջի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Արմավիրի մարզում Ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակում խորքային հորեր են վերականգնվել

Tntesakan-vorogman_hamakarg_485792282ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզում ծանոթացավ Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ «Սեւջուր-Ախթամար» եւ «Ակնալիճ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում, որտեղ կատարվել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման, ջրահավաք հանգույցների կառուցման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ վերականգնվել է 12 եւ հորատվել է 8 նոր հոր, որոնք, ըստ պատասխանատուների, զգալիորեն մեղմում են սակավաջրության խնդիրը նշված ՋՕԸ-երի սպասարկման տարածքում գտնվող շուրջ երկու տասնյակ համայնքների համար: Ծրագրով վերոնշյալ աշխատանքների համար հատկացվել էր 540 մլն դրամ:

ՋՕԸ-երի ղեկավարները փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեցին ընթացիկ իրավիճակի մասին: Ա. Գեւորգյանը հորդորեց ոռոգման աշխատանքները կազմակերպել հնարավորինս արդյունավետ, ջուրը խնայողաբար օգտագործել` միաժամանակ ապահովելով գյուղացիական տնտեսությունների պահանջարկը:

Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում մարզում իրականացված այլ աշխատանքների մասին: Նշվեց, որ խորքային հորերի վերականգնման եւ ջրանցքների վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաեւ «Մերձափնյա», «Վաղարշապատ», «Խոյ», «Մուսալեռ» ՋՕԸ-երի տարածքներում:

Ա. Գեւորգյանն այցի շրջանակում եղավ նաեւ մարզի Արտաշար, Երասխահուն, Գայ եւ Զարթոնք համայնքներում, հանդիպումներ ունեցավ բնակչության հետ, որոնք բարձրացրեցին համայնքների համար առաջնային նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ: Դրանք հիմնականում վերաբերում էին մատակարարվող խմելու եւ ոռոգման ջրի ծավալներին, ոռոգման ցանցերի արդիականացմանը, ճանապարհների բարեկարգմանը, ինչպես նաեւ գյուղմթերքի իրացմանը: Փոխվարչապետը նշեց, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն կառավարությունում, ինչպես նաեւ տեղեկություններ ներկայացրեց մարզում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերի, հատկապես ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ

պբՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում առաջնագծում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ռաֆայել Իշխանյան. «Պատկերազարդ պատմություն հայոց»

14305«Տառապանքով ավարտին հասցրի «Պատկերազարդ հայոց պատմության» երրորդ գիրքը: Դժվար ժամանակներ էին, Հայաստանը քաղցած է, ես էլ՝ ծանր հիվանդ: Աստծու օգնությամբ ավարտեցի այս երրորդ գիրքը 1991 թ. հուլիսի 18-ին: Հաջորդ երեք գրքերն այլևս չեմ գրի: Ներողություն եմ խնդրում, թե գրածներիս մեջ սխալներ նկատեք: Ջանացել եմ անսխալ գրել, բայց մարդու ձեռքով ստեղծված որևէ բան անսխալ չէ»:

Բոլոր նրանք, ովքեր 1980-ականներին են դպրոց գնացել, ու հատկապես նրանք, ովքեր բաժանորդագրված էին «Պիոներ» ամսագրին, անկասկած, կհիշեն ամսագրի ամեն համարում տպագրվող «Զրույցներ հայ ժողովրդի պատմությունից» շարքը՝ Ռաֆայել Իշխանյանի հեղինակությամբ: Վստահ եմ, որ շատ շատերն ինձ պես անհամբերությամբ են սպասել «Պիոների» նոր համարին՝ Իշխանյանի՝ արտաքուստ պարզ ու մատչելի, բայց իրականում փաստառատ ու հայոց պատմության գրեթե բոլոր կարևոր իրադարձություններն ընդգրկող, վերլուծող, նոր մոտեցումներ առաջադրող զրույցը կարդալու համար:

Այն ժամանակ հատկապես դպրոցականներիս համար այդ զրույցները դասագրքի կաղապարներից դուրս գալու, մի փոքր ուրիշ հայոց պատմություն իմանալու գրեթե միակ այլընտրանքն էին, մեր ուսուցիչներին ոչ դասագրքային գիտելիքներով զարմացնելու գրեթե միակ հնարավորությունը: Ու Կորյուն, Ագաթանգեղոս, Խորենացի, Բուզանդ, Եղիշե ու Փարպեցի կարդալուց շատ առաջ Իշխանյանի զրույցների շնորհիվ արդեն գիտեինք, թե մեր պատմության որ դրվագներն են հենց նրանք վկայագրել:

Հիշում եմ, թե ինչպես մի օր ես՝ 4-րդ դասարանցի երեխաս, ապշեցրի մեր շրջկենտրոնում Հայոց պատմություն առարկան մասնավոր պարապող մի տասներորդցու: Ու երբ նա իմացավ, թե որտեղից ինձ այդ գիտելիքները, խնդրեց վերցնել «Պիոների» համարների հավաքածուն: Հետո նա ընդունվեց համալսարան, կարծեմ՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ու իմ հավաքածուն անհետ տարավ իր հետ: Հիշում եմ՝ ես հուսահատության մեջ էի, որովհետև Իշխանյանի զրույցներից զատ ինձ համար թանկ ու կարևոր էին նաև նկարները, որոնց շնորհիվ ես դեմքով գիտեի Տրդատ Մեծին ու Գրիգոր Լուսավորիչին, Պապ թագավորին ու Փառանձեմ թագուհուն, Արշակ Երկրորդին ու Վռամշապուհին, գիտեի, թե հատկապես ինչ իրադրության մեջ են ձերբակալում Մուշեղ Մամիկոնյան սպարապետին կամ ինչպիսի շարժումով է Դրաստամատը դանակն իր սիրտը մտցնում…

Ու հանկարծ գրախանութում տեսնում եմ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքի առաջին հատորը, որը մասամբ կվերականգնի  կորուստս: Ասում եմ՝ մասամբ, որովհետև իմ սիրած նկարներով զրույցներն այդ հատորում չկային… Այդ ընթացքում Իշխանյանը ամսագրում հրատարակում էր նորանոր զրույցներ, և շարունակեց արդեն անկախությունից հետո, երբ «Պիոները» «Աղբյուր» էր դարձել: Բայց մի հերթական համարում էլ հանկարծ հայտարարեց, որ դադարեցնում է զրույցները, հիշում եմ՝ Գրերի գյուտին նվիրված զրույցի վերջում, ու երևի այդ պատճառով է, որ ես ինքս հայոց պատմությունը մինչև 5-րդ դար շատ ավելի լավ գիտեմ, քան 5-րդ դարից հետո…

Արդեն ուսանող էի, երբ լույս տեսավ «Պատկերազարդ պատմություն հայոց»-ի երկրորդը հատորը՝ առաջինից մոտ 7 տարի հետո, իմ սիրած նկարներով: Ինձ համար մեծ անակնկալ էր այն, որ ամսագրում դադարեցնելով զրույցների հրապարակումը, Իշխանյանն այնուամենայնիվ շարունակել է գրել դրանք ու հասցրել Բագրատունյաց թագավորության անկում: Երկրորդից ևս 7 տարի հետո լույս տեսած երրորդ հատորը, սակայն, նախկինների պես լայն տարածում չունեցավ, վստահ եմ, որ մինչև հիմա էլ քչերը գիտեն դրա մասին: Ուրիշ ժամանակներ էին, ուրիշ հետաքրքրություններով դպրոցականներ, հայոց պատմության՝ գեղեցիկ նկարներով դասագրքեր կան: Միջնադարյան մեր գրիչների ոգով ու ոճով գրված Իշխանյանի հիշատակարանը երրորդ հատորի վերջում նույնպես ցավագին, նույնիսկ՝ ողբերգական զգացողությունների ծնունդ է. «Տառապանքով ավարտին հասցրի «Պատկերազարդ հայոց պատմության» երրորդ գիրքը: Դժվար ժամանակներ էին, Հայաստանը քաղցած է, ես էլ՝ ծանր հիվանդ: Աստծու օգնությամբ ավարտեցի այս երրորդ գիրքը 1991 թ. հուլիսի 18-ին: Հաջորդ երեք գրքերն այլևս չեմ գրի: Հայ խոսքի ու ձեր ծառա Ռաֆայել Իշխանյանս ներողություն եմ խնդրում, եթե գրածներիս մեջ սխալներ նկատեք: Ջանացել եմ անսխալ գրել, բայց մարդու ձեռքով ստեղծված որևէ բան անսխալ չէ: Մի աղոթքով հիշեք անկատարիս»:

Եվ ահա լույս է տեսել 3 հատորները մեկտեղող «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը,  իմ պատանեկան երազանքներից մեկը, մանավանդ որ նկարները շատ ավելի որակյալ ու գունեղ են…

Թող որ հայոց պատմության բազմաթիվ փաստեր պատմաբաններն այսօր ուրիշ կերպ են մեկնաբանում, թող որ պատմական շատուշատ փաստերի մեկնաբանություններ Իշխանյանի սուբյեկտիվ հայացքների ու պատմության ընթացքի նրա ընկալման դրոշմն են կրում, այս գիրքը, այս հրաշալի «Պատկերազարդ պատմություն հայոցը» այսօր էլ մնում է բացառիկ ու օգտակար բոլորիս համար: Ու առաջվա պես հատկապես դպրոցականների համար մի փոքր ուրիշ հայոց պատմություն իմանալու հրաշալի այլընտրանք է:

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում՝ մի վտանգեք ձեր կյանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումները, երթևեկությունը կարգավորող  ճանապարհային նշանները, և ապահովվելու է լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ դպրոցամերձ այն փողոցներում, որոնք չունեն գետնուղիներ և չեն կարգավորվում գծանշումներով ու լուսացույցներով, անցումը կկազմակերպվի խմբերով` ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ և օժանդակությամբ:

Ինչպես նախորդ տարի` դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում կներգրավվեն ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:
Համաձայն ոստիկանության պետի  մեկ այլ ցուցումի` ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական  գումարտակի ծառայողները  բացատրական աշխատանքներ են տանում մարզերի բնակիչների  և գյուղապետերի  հետ` հորդորելով գյուղատնտեսական մթերքներ տեղափոխող մեքենաներ վարելիս լինել առավել զգոն, իսկ վարորդներին բաժանվել են հատուկ լուսարձակիչներ, որպեսզի  ավտոմեքենաներն երթևեկելիս ավելի տեսանելի լինեն թե΄ այլ վարորդների, թե΄ երթևեկության մյուս  մասնակիցների համար:

 

Քաղաքապետարանի պաշտոնյաները չարաշահում են իրենց դիրքը

Երևանի քաղաքապետարանի դիմաց“Անկախը» հավաստի տեղեկություններ է ստացել, որ քաղաքապետարանի պաշտոնյաները այցելում են տրանսպորտի թանկացումների դեմ պայքարող ակտիվիստների հիմնարկներ և հորդորում նրանց ղեկավարներին “քաշել իրենց ենթակաների սանձերը”: Ամենայն հավանականությամբ ղեկավարներից մի մասը կընդառաջի քաղաքապետարանի պաշտոնյաների պահանջին վախենալով հետագա ճնշումներից/հարկային և այլն/: Կլինեն նաև ընդդիմացողներ: Համենայն դեպս հետագա զարգացումներից շատ բան հայտնի կդառնա:

“Անկախ”

Քաղաքաշինության նախարարը` կրթական օբյեկտների շինհրապարկներում

IMG_0455Ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն աշխատանքային այցեր է սկսել նորոգվող կրթական օբյեկտներ: Այսօր նախարար Թադեւոսյանը եղել է Երեւանի թիվ 29 եւ 174 դպրոցներում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայությունից:

Վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 դպրոցում նախ հետազոտություններ են կատարվել, գնահատվել շենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա իրականացվել ուժեղացման աշխատանքներ` բարձրացնելով կառույցի սեյսմազինվածության մակարդակը: Հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 465 մլն դրամ, որի շրջանակներում ոչ միայն ամբողջությամբ հիմնանորոգվել է դպրոցի շենքը, տանիքը, սանհանգույցը, դահլիճները, բակը, կատարվել ներքին հարդարման աշխատանքներ, այլ նաեւ մասամբ լուծվել է կահավորման հարցը: Կրթական այս օբյեկտի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է “Արտաշատշին” ՍՊԸ-ն:

 Մեծ ոգեւորությամբ դպրոցի մուտքի մոտ քաղաքաշինության նախարարին դիմավորող թիվ 174 դպրոցի տնօրեն Գ. Վասիլյանը տեղեկացրել է, որ 1979 թվականին կառուցված այս դպրոցում առաջին անգամ է շինարարական աշխատանքներ իրականացվում: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակերում հիմնովին փոխվել է դպրոցի տանիքը, հիմնանորոգվել դպրոցի դահլիճը, ճաշարանը, դասասենյակները, լաբորատոր եւ ռազմագիտության կաբինետները, սանհանգույցը, միջանցքները, աստիճանահարթակները, սալվածքները եւ այլն: Հիմնանորոգման աշխատանքների վրա ծախսվել է շուրջ 500 մլն դրամ, հիմնանորոգումը իրականացրել է “Մոմիկ“ ԱԿ ընկերությունը:

Տեղեկացնենք, որ այս ուսումնական տարում ՀՀ քաղաքաշինության նախարարության “Քաղաքաշինական” ԾԻԳ-ը շահագործման կհանձնի 6 կրթական օբյեկտ: Ի դեպ, այս տարի քաղաքաշինության նախարարությունը սկզբունքային նոր մոտեցում է որդեգրել կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտների հիմնանորոգման հարցում: Նախ հետազոտություններ են իրականացվում 2013 թ. բյուջեում ընդգրկված 2-րդ եւ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու ուղղությամբ՝ շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատելու համար: Ապա` ըստ անհրաժեշտության իրականացվում են ուժեղացման, ամրացման կամ վերակառուցման աշխատանքներ` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը: Սա միտված է նաեւ պետական միջոցների նպատակային ծախսմանը: