Համազգայինի Ուսանողական Հաւաքի մասնակիցները հրաժեշտ տուին Արցախին ու հայրենիքին

1016316_10153050183870417_1246063954_nԱրցախ տուած երկօրեայ այցելութեան առաջին օրը Համազգայինի ուսանողական հաւաքի մասնակիցները այցելեցին Ազգային ժողովի դահլիճ, ուր Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան Արցախի մասին սպառիչ տեղեկութիւններ փոխանցեց, անդրադարձաւ անոր պատմական-մշակութային արժէքներուն, ռազմական սխրանքներուն եւ դիմագրաւած դժուարութիւններուն: Ան աւելցուց, թէ իւրաքանչիւր երիտասարդ կրնայ իր մասնագիտացումի ճամբով օգտակար ըլլալ Հայաստանին ու Արցախին:
Երկրորդ այցելութեան վայրը Ստեփանակերտի զօրամասերէն՝ 8-րդ պաշտպանական շրջանն էր, ուր ուսանողները ծանօթացան զինուորական առօրեային, ստացան ռազմավարական գիտելիքներ. հաւաքի մասնակիցները յանձնեցին մարզական սարքեր՝ իբրեւ խորհրդանշական նուէր:
Յաջորդ հանգրուանը Գանձասարն էր, ուր ուսանողներուն փոխանցուեցան տուեալ կոթողին մասին մանրամասնութիւններ: Օրուան վերջին կայքը Նիկոլ Դումանի տուն-թանգարանն էր. ֆորումականները ծանօթացան անոր կեանքին ու գործունէութեան, ապա այդ շինութեան կողքին՝ բնութեան գիրկը, Արցախի լեռներով շրջապատուած խորոված պատրաստեցին, կերան ու երգեցին մինչեւ կէս գիշեր:
Երկրորդ օրը ֆորումականները առաւօտեան այցելեցին Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, ապա Նարեկացի արուեստի դպրոցը, ուր տեղի կ’ունենայ Արամ Մանուկեան ճամբարը: Պանդոկ վերադառնալէ առաջ հաւաքի մասնակիցները կանգ առին Ջդրդուզ ու ծանօթացան Շուշիի ազատագրումը խորհրդանշող լերան:Կէսօրէ ետք խումբը մեկնեցաւ դէպի Տիգրանակերտի բերդ ու թանգարան:
Ստեփանակերտ վերադարձին, ֆորումականները այցելեցին Հ.Յ.Դ. երիտասարդական կեդրոն, ուր հանդիպում ունեցան միութեան անդամներուն հետ:
Արցախի մէջ վերջին երեկոն եղաւ ճոխ ու խանդավառ. արդարեւ, երաժշտական խումբի մը ընկերակցութեամբ մասնակցողները վայելեցին անմոռանալի երեկոյ մը:
Ֆորումականները Արցախին հրաժեշտ տուին «Տատիկին ու Պապիկին» խոստանալով կրկին այցելութիւն:
Յաջորդ կանգառը Լաչին էր, ուր ուսանողները Երեւանի պետական համալսարանի ծառատունկի ծրագիրին իրենց մասնակցութիւնը բերին. անոնք դիմաւորուեցան մեծ ոգեւորութեամբ, ինչպէս նաեւ տնկեցին եւ որդեգրեցին երեք ծառեր:
Տաթեւի վանքը եղաւ խումբին յաջորդ այցելութեան վայրը: Հրաշալի այս վայրը նոր թեւեր տուաւ ֆորումականներուն՝ ճոպանուղիով «թռչելու» ու հասնելու վանք, ապա խումբը կանգ առաւ Շաքէի ջրվէժին մօտ: Ճաշի կարճ դադարէ մը ետք հաւաքի մասնակիցները ճամբայ ելան դէպի Երեւան:
Հաւաքի նախավերջին օրը,առաւօտեան ֆորումականները այցելեցին Էջմիածնի Մայր տաճար եւ թանգարան, ապա՝ Ս. Գայեանէ եկեղեցի, ուր կը գտնուի Րաֆֆիի «Խենթ»-ին շիրիմը: Այնուհետեւ խումբը այցելեց Ս. Հռիփսիմէ եկեղեցի եւ Զուարթնոցի տաճար:
Նոյն օրը երեկոյեան ժամը 7։00-ին, ֆորումականները իրենց մասնակցութիւնը բերին Համա-ՀՄԸՄ-ական 9-րդ մարզախաղերու բացման պաշտօնական հանդիսութեան եւ տողանցքին:
Կիրակի, 28 Յուլիս 2013-ը յատկանշական օր մըն էր ֆորումականներուն համար՝ տրուած ըլլալով, որ ուսանողական հաւաքը կը հասնէր իր աւարտին:
Առաւօտեան կանուխ ժամերէն արդէն իսկ յանձնախումբերը կը պատրաստուէին եզրափակիչ հանդէսին՝ կատարելով վերջին փորձերը:
Կէսօրէ ետք, ժամը 4:30-ին, Նարեկացի արուեստի կեդրոնի սրահին մէջ տեղի ունեցաւ աւարտական հանդէսը: Ֆորումականները հանդէս եկան պարով, խմբերգով, զուգերգով մը, նուագով եւ թատերական ներկայացումով: Մասնակիցներուն կողմէ պատրաստուած սահիկներու ցուցադրութիւնը կը ներկայացնէր ֆորումականներն ու անոնց առօրեան հաւաքին ընթացքին: Հանդէսի աւարտին խօսք առին Լիլիթ Գալստեանը եւ Նորա Թաշճեանը. բոլոր մասնակիցներուն յանձնուեցան Համազգայինի ուսանողական հաւաքի մասնակցութեան հաստատագիրները:
Երեկոյեան տեղի ունեցաւ հրաժեշտի ընթրիք «Պելաժիօ» ճաշարանին մէջ, ուր ֆորումականները պարով ու երգով անցուցին անմոռանալի երեկոյ մը:
29 Յուլիսի առաւօտեան կարգ մը մասնակիցներ արդէն իսկ մեկնեցան իրենց երկիրները, յուզումով ու արցունքներով բաժնուելով իրենց ընկերներէն եւ խոստանալով, որ անգամ մը եւս կը հանդիպին հայրենիքի մէջ:

Ծովագյուղ–Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին«Միցուբիշի Պաջերո» ավտոմեքենան բախվել է ծառին

ավտոպատահարՀուլիսի 30-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ–Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 27 ՕՕ 637 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1971 թ. ծնված Օ. Ս.-ն   և ուղևոր՝  1972 թ. ծնված Ֆ. Գ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

10595_am_2Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:   Դավիթ Կարապետյան

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981 թ. օգոստոսի 25, Սյունիքի մարզ, ք. Գորիս

 

Կրթություն
1999 – 2003 թթ. – ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, իրանագիտության բաժնի բակալավրիատ
2003-2005 թթ. – ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա,
2005-2006 թթ. – Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան, միջազգային հարաբերությունների մագիստրատուրա
2006-2008 թթ. – Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի ասպիրանտուրա

 

Աշխատանքային գործունեություն
2008-2009 թթ. – Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, դասախոս
2010-2011 թթ. – Հայաստանի Ֆրանսիական համալսարան, հրավիրյալ դասախոս
2009-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչություն, սպա
2010-2012 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
2012 թ. – ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
2012-2013 թթ. – ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
2013 թ. հուլիսի 30-ից` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա, պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով։ Մասնակցել է մի շարք դասընթացների, հեղինակել է «Հայաստան-Իրան հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից ի վեր» թեմայով գիտական մենագրությունը, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածներ։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, պարսկերենի, ռուսերենի։

 

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ։

Կառավարության ղեկավարն այցելել է «Էկոտոմատո» ընկերության վարդերի աճեցման տնտեսություն

10593_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնք` «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: ՀՀ կառավարության 2011 և 2012 թթ. համապատասխան որոշումներով ներդրումային ծրագրերի շրջանակում այս ընկերությունն ստացել էր ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն և Գողթ գյուղի վարչական տարածքում կառուցել բարձր կարգի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն` ընդհանուր 5 հա մակերեսով:

Վարչապետ Սարգսյանը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցվող ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին: Շուրջ 9.1 մլրդ ՀՀ դրամին համարժեք ներդրման արդյունքում ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով` ասիմիլացիոն լուսատու համակարգ, որակի ու միկրոկլիմայի վերահսկողության ավտոմատ համակարգեր և այլն:
2012 թ. ընկերությունն իրականացրել է շուրջ 657 մլն ՀՀ դրամին համարժեք վարդերի արտահանում (արտադրանքի 75 տոկոսը): 2013 թ. առաջին կիսամյակում արտահանման ծավալը կազմել է շուրջ 415.1 մլն ՀՀ դրամ, իսկ ներքին շուկայում իրացվել է 64.4 ՀՀ դրամին համարժեք արտադրանք: Ընկերությունում ներգրավված է շուրջ 70 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 128 հազար դրամ:

 

Մարկ Սաղաթելյանը վերակենդանացման բաժանմունքում է

mark-saghatelyany-ve-n39224-1Մարկ Սաղաթելյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նա գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում, վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նա այսօր ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց. բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սուր լեյկոզ:

Նա մի պահ կլինիկական մահ է տարել, ինչն էլ հիմք է դարձել լուրերին, որ Սաղաթելյանը մահացել է:

Անկախ-ը ներողություն է խնդրում Սաղաթելյանի ընտանիքից և ընթերցողներից ավելի վաղ թյուր լուրը տեղադրելու համար: Անկախ-ի խմբագրակազմը Մարկ Սաղաթելյանին առողջություն է մաղթում:

 

Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտը չի թանկանա

երթուղայինԱյսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե օգոստոսի 1-ց Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը հիսուն տոկոսով բարձրանալու է: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները, միաժամանակ հայտնելով, որ նման հարց քաղաքապետարանում, այնուամենայնիվ, քննարկվել է:

«Սպասարկող ընկերությունը դիմել էր քաղաքապետարան’ գազի թանկացման հետ կապված ուղեվարձը թանկացնելու համար, քաղաքապետարանի կողմից հայցը մերժվել է և հիմա նախկին գնով  են աշխատելու»,- հայտնեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Նշենք, որ Դիլիջանում ուղեվարձը չափահաս քաղաքացիների համար 70 դրամ է, դպրոցականների համար` 30:

Ի դեպ, Արմեն Սանթրոսյանը նաև տեղեկացրեց, որ Դիլիջան քաղաքը ներկա պահին միայն մեկ կազմակերպություն է սպասարկում’ Էմին Մարկարյան Ա/Ձ-ը: «Քաղաքի միայն մեկ փողոց է, որտեղ տրանսպորտ է աշխատում, մրցույթ հայտարարած փողոցներ ունենք, որ հայտեր չենք ստանում, մարդիկ չեն ուզում աշխատեն»,-ասաց Դիլիջանի քաղաքապետը’ հավելելով, որ տրանսպորտի ոլորտը փոքր քաղաքում չի գրավում գործարարներին, քանի որ եկամտաբեր չէ:

Ի դեպ, քաղաքապետը նաև նշեց, որ այս բնագավառում աշխատող միակ կազմակերպությունն էլ 5-6 մեքենա է շահագործում: Դիլիջանում ներքաղաքային ուղեվորափոխադրումներն իրականացվում են բացառապես ՊԱԶ տեսակի ավտոբուսներով:

Հեղինակ:  Նելլի Դանիելյան

Թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու համար՝ մինչև 30 հազար դրամ տուգանք

կանեփՀուլիսի 30-ից ուժի մեջ մտան Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում Ազգային ժողովի կողմից ապրիլի 30-ին կատարված փոփոխություններն ու լրացումները:

Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ Քրեական օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համապատասխանաբար մանր և զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող հավելվածները շարադրվել են նոր խմբագրությամբ` դրանք  համապատասխանեցնելով միջազգային փաստաթղթերով նախատեսված ցանկին: Փոփոխությունները նախաձեռնած կառավարությունն ակնկալվում է, որ արդյունքում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել դյուրին կլինի:

Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացվել է մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի մանր և զգալի չափերը, իսկ ՀՀ քրեական օրենսգիրքը՝ մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող հավելվածներով:    Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 110.2-րդ հոդվածը  շարադրվել է նոր խմբագրությամբ:

Ըստ այդմ, օրենսգրքի հավելվածով սահմանված մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերը մանր չափերով ցանելը կամ աճեցնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի (5 հազար դրամից 10 հազար դրամ) չափով:

Զգալի չափերով ցանելը կամ աճեցնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի (10 հազար դրամից 30 հազար դրամ) չափով:

Աղբյուրը` Pastinfo.am

Հացիկ գյուղում որդին ծեծելով սպանել է մորը

ծեծելՀուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իր տնից բուժօգնության է տեղափոխել մի կնոջ:
Մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ կինը   Հացիկ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վերգուշ  Սարգսյանն է, որին նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, հարվածել և վնասվածքը պատճառել է որդին` 1976 թ. ծնված Վարդան Ստեփանյանը:
Ըստ բժշկի տեղեկանքի` Վերգուշ Սարգսյանն ի վիճակի չի եղել  հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 09.50-ին, Վերգուշ Սարգսյանը հիվանդանոցի  վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Արդիականացման ծրագիր՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում

004Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այցելել են Էրեբունի հնավայր, որտեղ ավարտվել են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի իրականացրած պեղումների 6-րդ փուլի աշխատանքները։ Դրանց արդյունքում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ պալատի պահպանված մասը, որը թվագրվում է Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսերից 6-րդ դարասկիզբ։

Արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպն այցելուներին է ներկայացրել Երևանի պատմության ամենավաղ շրջաններից մեկի հնագիտական պատկերը։

«Միգուցե դուք այս պահին Երևանի ամենահին փողոցում եք։ Պեղումների այս փուլի շնորհիվ մենք կարողացանք գտնել շատ կարևոր մի հարցի պատասխան. այո, Ուրարտուի կործանումից հետո մինչ Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանը այս բերդաքաղաքում կյանքը շարունակվել է։ Արդյունքների հիման վրա կարողանում ենք նաև ենթադրել, որ այդ ընթացքում քաղաքն ամենայն հավանականությամբ ուժեղ երկրաշարժից բավականին տուժել է։ Ինչևէ, այս պեղումներից հետո մենք պետք է սերտորեն համագործակցենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ և միասին մտածենք, թե ինչպես  Էրեբունին առավել մատչելի ու ըմբռնելի դարձնենք լայն հանրությանը՝ այդ թվում նաև՝ Երևանի հյուրերին»,- նշել է արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպը։

Երևանի քաաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Էրեբունի բերդաքաղաքն արդի, նորարարական միջոցներով ներկայանալի դարձնելու Երևանի քաղաքապետարանի ծրագիրը։

«Մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, հանդես եկավ հետաքրիր այս նախաձեռնությամբ՝ «Էրեբունի» հնագիտական ամրոցի միջնաբերդում ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաև մատուցման նորարարական մոտեցումներ։ Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ Հանդիպակաց բլրին՝ արգելոցի բուն սահմաններից դուրս, կառուցվելու է ամֆիթատրոն, որտեղից որոշակի օրերի երեկոյան ժամերին հնարավոր է լինելու դիտել քաղաքի պատմության մասին լուսաձայնային եռաչափ ներկայացումներ։ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է գործընկերների, ներդրողների հետ ձեռնամուխ լինելու այս մեծածավալ նախաձեռնության իրականացմանը, որով Էրեբունին ավելի ներկայանալի կլինի մեր քաղաքացիների ու մեր մայրաքաղաքի հյուրերի համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների քանակն ավելացել է

ամառային-դպրոց-1«Դպրոցը գործելու է ամեն տարի, պետական ֆինանսավորմամաբ: Ճանապարհածախսը հոգում է մասնակիցը: Ծրագիրը անցյալ տարի իրականացվեց առաջին անգամ եւ ընդգրկվեց կառավարության ծրագրում, որպես գերակա ուղղություններից մեկը»,-այսօր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Սփյուռք» ամառային դպրոցի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի նախարարության  Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:

Բանախոսի պնդմամբ Ծաղկաձորում իրականացվող ծրագիրը ընթանում է 5 տարբեր ուղղություններով` Հայոց լեզվի արագացված ուսուցում համապատասխան ծրագրերով` արեւելահայերեն եւ արեւմտահայերեն խմբերով, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, «Ազգային երգ եւ պար» դասընթացի ծրագիր, «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագիրը եւ Սփյուռքի լրագրողների վերապատրաստում` որոնց մեջ ներառված են մոտ 220 հոգի մասնակիցներ: Ծրագրի նպատակն է աջակցել մայրենի լեզու սովորել ցանկացողներին արագացված մեթոդներով լեզվին տիրապետելու, մասնագետներին վերապատրաստելու, Սփյուռքի ԶԼՄ-ներին, երիտասարդ առաջնորդներին հայրենիքին կապելու եւ նրանց ազգային ինքնությունը հզորացնելու գործում:

«Անցյալ տարվա համեմատությամբ  այս տարի մասնակիցների եւ գործընկերների քանակն ավելացել է: Մասնակիցներ կան Լիբանանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, ԱՊՀ երկրներից եւ Արեւելյան Եվրոպայից: Նրանք բոլորը սովորում եւ ապրում են Ծաղկաձորում: Նրանց մի մասը Հայաստան առաջին անգամ է այցելում: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 8-ին, իսկ կավարտվի օգոստոսի 2-ին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում. Կարեն Անդրեասյան

հավաստագիր2Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին: Համաձայն ծրագրի՝  մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, մինչդեռ, ծնողները, ունենալով անվճար բուժօգնության համար անհրաժեշտ փաստաթուղթ, հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:

Ինչպես ՄԻՊ գրասենյակից են տեղեկացնում, խնդրի բարձրաձայնումից անցել է շուրջ մեկ տարի, սակայն դրական առաջընթաց չի գրանցվել: Ավելին, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ նմանատիպ խախտումների վերաբերյալ, հատկապես՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի դեմ: Այս մասին Պաշտպանը պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարին, սակայն, որևէ հստակ պատասխան չի ստացել, թե արդյոք իրավախախտները ենթարկվել են պատասխանատվության, թե ոչ:

Այսպիսով, «Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում  ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում»,- նշում է Կարեն Անդրեասյանը  և մեկ անգամ ևս հիշեցնում, որ հավաստագիրը հանդիսանում է հիվանդանոցային հաստատության կողմից մատուցվող անվճար բժշկական ծառայությունների կազմակերպման հիմք: Այն պոլիկլինիկայի ուղեգրի և ծննդյան վկայականի հետ միասին ներկայացվում է երեխայի հիվանդանոցային բուժօգնությունը իրականացնող բուժհաստատություն, իսկ անհետաձգելի օգնություն պահանջող  դեպքերում հոսպիտալացումը կարող է իրականացվել բժշկի եզրակացության հիման վրա:

Պաշտպանը կոչ է անում  քաղաքացիներին նման խնդրի հանդիպելիս  դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, իսկ Առողջապահության նախարարությանը հորդորում է իրագործել «Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի ներդրման մասին» հրամանի դրույթներն   ու լիարժեք ապահովել երեխաների անվճար բուժօգնության իրավունքը: 

 

Միջադեպ Օշականում. գողության մեջ կասկածվողը ոստիկանություն է կանչվել

ոստիկանություն3Հուլիսի 27-ին, ժամը 19.10-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1979 թ. ծնված Նարինե Ա.-ն և հայտնել, որ Օշական  գյուղում վիճաբանություն է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Նարինե Ա.-ն ս/թ հուլիսի 5-ից բնակվել է 1987 թ. ծնված Վահագն Դ.-ին  պատկանող տանը, որտեղ վերջինս հուլիսի 5-ից   29-ն ընկած ժամանակահատվածում  գողացել է Նարինե Ա.-ին պատկանող մահճակալը, վարագույրը, ալեհավաքը և ալյումինե կաթսան`  պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Վահագն Դ.-ն  հրավիրվել է ոստիկանություն և կատարվածի մասին տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախապատրաստվում են նյութեր:

Գյումրիում 40-ամյա տղամարդու են վրաերթի ենթարկել

վրաերթՀուլիսի 29-ին, ժամը 16.30-ին,  «Օպել-Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը Գյումրիի  Կորյունի փողոցի թիվ 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Տեղի է ունեցել Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը

արմեն գեվորգյանՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին 2013 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման ցուցանիշները:
Ըստ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի` համայնքների ընդամենը եկամուտներն առաջին կիսամյակում կազմել են 44 մլրդ 359 մլն 664 հազար դրամ`նախատեսված 45 մլրդ 460 մլն 841 հազարի դիմաց (Երեւանը ներառյալ)` 97,6 տոկոս կատարողական, ինչը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ աճել է 9,5 տոկոսով:
Համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 96,3 տոկոս, արձանագրվել է 14,3 տոկոս աճ`2012 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Չնայած անցած տարվա համեմատ գրանցված աճին` սեփական եկամուտների հավաքագրման մասով հանրապետական միջին ցուցանիշից ցածր արդյունքներ են գրանցվել Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում:

Հողի հարկի կատարողականը կազմել է 88,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 24,2 տոկոսով, գույքահարկի կատարողականը 101,3 տոկոս է, աճը կազմել է 11,1 տոկոս:
Թեեւ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 տոկոսով` կազմելով 87,5 տոկոս, այդուհանդերձ, 2012 թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ առանձին մարզերում ինչպես գույքի վարձակալությունից ստացված եկամուտների, այնպես էլ պետական եւ տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշներում հավաքագրման նվազում է գրանցվել:

Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանձնարարեց քննարկումներ կազմակերպել սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներ ունեցող մարզերում, տեղում ուսումնասիրել պատճառները եւ հետեւողական աշխատանքներ տանել ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Կոլեգիայում անդրադարձ կատարվեց նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքի մարման ընթացքին եւ համայնքներում ընթացիկ պարտքերի կուտակման պատճառներին: Քննարկվեց, մասնավորապես` Սեւան քաղաքում աշխատավարձի գծով կուտակված ընթացիկ պարտքի հարցը:
Փոխվարչապետը հանձնարարեց մեկ անգամ եւս ուսումնասիրել Սեւանի քաղաքապետարանում աշխատավարձի ընթացիկ պարտքի առաջացման պատճառները, հարցը քննարկել Գեղարքունիքի մարզպետի եւ քաղաքապետի հետ:
Նա անթույլատրելի համարեց համայնքների կողմից ընթացիկ պարտքերի կուտակումը եւ նշեց, որ հնարավորինս պետք է բացառել նոր պարտքերի կուտակումը` հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի շուրջ 2,3 մլրդ դրամ պարտքից մարվել եւ հուլիսի 15-ի դրությամբ մնացել է ընդամենը 57 մլն 720 հազար դրամ պարտք:

Նիստի ընթացքում ներկայացվեցին նաեւ 2014 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի եւ գույքահարկի գծով 2012 թվականի ելակետային տվյալների, հողի հարկի եւ գույքահարկի բազաների ցուցանիշների, ինչպես նաեւ 2013 թվականի համայնքների բյուջեներում հաստատված պլանային ցուցանիշների համեմատական վերլուծության արդյունքները:
Ուսումնասիրության նպատակն է եղել պարզել, թե որքանով են համայնքների բազաները համապատասխանում լիազոր մարմինների բազաներին, որքանով են իրատեսական կազմվում համայնքների բյուջեները եւ ինչ մեթոդաբանությամբ են դրանք ձեւավորվում:

Ա. Գեւորգյանն առաջարկեց ՀՀ ԿԱ ոստիկանության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկայում խորհրդակցություն հրավիրել եւ քննարկել համայնքների ու լիազոր մարմինների բազաների համապատասխանեցմանը վերաբերող հարցեր:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին 

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Աբովյանում

ձերբակալելՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 29-ին, ժամը 18.00-ին, Աբովյանի Բարեկամության փողոցի 3 շենքի   բնակարաններից  մեկից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Դերենիկ Հ.-ն, որը ս/թ մարտի 14-ից ՌԴ ՆԳՆ Կալուգայի շրջանի Օբինսկ քաղաքի իրավապահների  կողմից հետախուզվում է դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:

 

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ճահճի մեջ

ապակիՀուլիսի 29-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 26-րդ կմ-ին «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենա է դուրս   եկել երթևեկելի մասից և շրջվել ճանապարհին հարակից ճահիճների մեջ:
Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Հետախուզվող` Մաշտոցի պողոտայից

կալանքՈստիկանության Շենգավիթի բաժնի  ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 29-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 13 շենքի մոտից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը ս/թ հուլիսի 13-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից  30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության  10 դեպքից` 9-ը:  Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը

001 (3)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքացիների ընդունելության գործող ժամանակացույցի համաձայն նախապես հերթագրված քաղաքացիներն իրենց հուզող խնդիրներն են ներկայացրել կոմունալ-կենցաղային հարցերի շուրջ: Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Տեղեկանալով բնակիչների խնդիրների մասին և լսելով նրանց առաջարկները՝ քաղաքապետի առաջին տեղակալը տեղում հանձնարարականներ է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանին և ոլորտի մյուս պատասխանատուներին` բարձրացված հարցերին  սահմանված կարգով արագ և օպերատիվ լուծումներ տալու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն