Հայկական երկուհանրապետությունների զինված ուժերի ղեկավարները քննարկել են ոլորտի մի շարք խնդիրներ

EfRecJ3K9RE2gPHgvmkICvwXP1Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Ստեփանակերտում հուլիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«2013թ. բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում հայկական զինված ուժերի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները» թեմայով կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական իրավապահ մարմինների ղեկավարները, վարչությունների պետեր:

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն իր խոսքում անդրադարձել է Ստեփանակերտում անցկացվող ռազմական կոլեգիայի առանձնահատկությանը` նշելով, որ այն բացառիկ է ոչ միայն տեղի ընտրության, այլև հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փորձի փոխանակման և համագործակցության խորացման առումով: Ս.Օհանյանն համառոտ ներկայացրել է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումները, կարևորել է պաշտպանական համակարգում իրականացվող գործընթացների արդյունավետոթւյան բարձրացման և շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը:

Ընթացիկ բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և դրանց բարելավման ուղիների շուրջ համապարփակ զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը: Զեկուցողները, ըստ ուղղությունների, ներկայացրել են զինված ուժերի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակը, առանձնացրել են նշված ոլորտներում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները:

Կոլեգիայի նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև բանակային կորպուսների և միավորումների հրամանատարներ ու տեղակալներ, ՊԲ շտաբի բաժինների պետեր և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարներ: Ենթակա զորամասերում և ստորաբաժանումներում տիրող մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակը ներկայացնելուց զատ, բանախոսներն անդրադարձել են նաև զորամասերի դաշտային և զորանոցային ուսումնանյութական բազայի ներկա վիճակին և դրա կատարելագործման ուղիներին:

Կոլեգիայի նիստի ընթացքում հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը, որի համաձայն` 2013թ. բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում լավագույն կողմերով աչքի ընկած մի շարք զինծառայողներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:

Ամփոփելով Կոլեգիայի նիստը և ի մի բերելով հնչած զեկույցներում և ելույթներում տեղ գտած փաստերն ու հետևությունները, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ընդգծել է կիսամյակի ընթացքում արձանագրված թերացումները և դրանց անհապաղ վերացման անհրաժեշտությունը, տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: Ս.Օհանյանը հատկապես կարևորել է մարտական պատրաստության ուղղությամբ իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացման, դաստիարակչական աշխատանքների կատարելագործման, ինչպես նաև արտակարգ միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ճիշտ և նպատակային կազմակերպման անհրաժեշտությունը:

 

 

 

«Պայքարը չպետք է կրի կոշտ բնույթ». Կարեն Սիրունյան

DSC03370«Երկուշաբթի օրը կես բողոք, կես առաջարկով մենք քաղաքապետարանի մոտ ակցիա կկազմակերպենք, որպեսզի ուսանողները 100 դրամով երթեւեկեն: Պայքարը չպետք է կրի կոշտ բնույթ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուսանողները պահանջում են 100 դրամ ուղեվարձ հասարակական տրանսպորտի համար ուսանողության փոխադրման այլընտրանքային միջոցների մասին նշեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտ Կարեն Սիրունյանը:

Նրա խոսքով իրենք չեն որդեգրի կոշտ պայքարի միջոցը, բայց անպայմանորեն ուսանողությունը կարտահայտի իր բողոքի ձայնը.
«Ունենք նորմալ տնտեսագետներ, եւ կարիք կա նորմալ առաջարկությունների: Տրանսպորտի սակագների բարձրացումը բողոքի մեծ ալիք առաջացրեց ուսանողության շրջանում: Համախմբվելով տարբեր անհատների շուրջ մենք կհասնենք արդյունքի»:
«Ուսանողներին սպասարկել 100 դրամով» նախաձեռնության անդամների երիտասարդ համալսարանականների միավորում հկ փոխնախագահ Զոհրապ Հովհաննիսյանի խոսքով ակցիային մասնակցում են ոչ միայն ուսանողները այլեւ շրջանավարտները.
«Այսօրվա մեր կազմակերպություններն ուր են: Ես երիտասարդ եմ եւ ինձ համար տարբերություն չկա դիմացը ընտրություն կա, թե չէ: Կազմակերպության անդամները բուռն բողոք ծավալեցին, վարձերի ու տրանսորտի թանկացումն ահավոր խնդիր է: Այսօր ուսանողը վճարունակ չէ, շատերը մտածում են այլեւս չշարունակել ուսումը: Ուսանողությունը պետական գերատեսչություններին կտա իր պահաջարկները եւ առաջարկները: Անհիմն է միկրոավտոբուսների թանկացումը»:
Հայ-ռուս Սլավոնական համալսարանի ռեկտորի ուսանողության գծով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանի պնդմամբ ուսանողության հոգսերը բազմազան են.
«Թանկացումն անհասկանալի է, ուսումնասիրությունները պետք է շարունակել, նման թանկացումները պետք չեն: Սոցիալապես անապահով խավից ուսանողներ շատ ունենք»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անցկացվել է «Երևանյան մարզական ամառ 2013» մարզամշակութային միջոցառումը

007Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված «Երևանյան մարզական ամառ 2013» մարզամշակութային միջոցառմանը:

Թատերականացված մանկական համարներով ուղեկցվող հանդիսավոր բացման արարողությանը հաջորդել է մայրաքաղաքում գործող ջրային մարզաձևերի հավաքականների ցուցադրական ելույթները: Լողի, ջրացատկի, ջրագնդակի, սինքրոն լողի և վինդսերֆինգի հավաքականների սաներն իրենց ելույթներով ներկաներին ցուցադրել են իրենց հմտությունները: Ցուցադրական ելույթների ընթացքում հանդիսատեսին ողջունել են նաև երգի և պարային սիրված խմբեր, ինչպես նաև «Ջրաշխարհ» համալիրի փրկարարները:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվող այս միջոցառումը, պատասխանատուների հավաստմամբ, կդառնա ավանդական ու իր հերթին կնպաստի նաև ջրային մարզաձևերի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Մոնտեվիդեոյում կհիմնադրվի Հայոց ցեղասպանության թանգարան

WTC_Free_zone,_WTC_IV,_WTC_I,_II_&_III,_Montevideo_Shopping,_torre_náutica,_Torres_del_Puero

Հուլիսի 17-ին Ուրուգվայի Նախագահական պալատում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում`  Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու մասին պաշտոնական հայտարարության առիթով: Միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարարը, Արգենտինայում և Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, կառավարության, օրենսդիր մարմնի երկու պալատների, հասարակական կազմակերպությունների, ուրուգվայահայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հանդիսության սկզբում ընթերցվեց Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի ուղերձը, որով վերջինս ողջունում էր այս կարևոր նախաձեռնությունը և նշում, որ թանգարանի հիմնումը կօգնի վառ  պահել հիշողությունը մի ցեղասպանության մասին, որը ցնցել է համայն մարդկությունը։ Ելույթներով հանդես եկան Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարարը, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը և դեսպան Մելիքյանը։

Հայաստանի կառավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով Ուրուգվայի իշխանություններին և նախաձեռնության հեղինակներին` դեսպանը նշեց, որ սա ևս մեկ կարևոր և պատմական քայլ է արդարության վերականգնման ճանապարհին և հերթական հիմնավոր պատասխանը ժխտողականությանն ու այլատյացությանը։

Թանգարանի կառուցումը սկսելու նպատակով առաջիկայում կձևավորվի պետական հանձնաժողով։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

«Ավելի մաքուր Երևան` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում»

002Մայրաքաղաքի հանգստի մի շարք գոտիներն ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերն ավելի մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքելով՝ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների մասնակցությամբ <<Ավելի մաքուր Երևան>> կարգախոսով ծրագրի շրջանակում մաքրման աշխատանքներ են իրականացվել <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում:

Հնավայրի տարածքից թափոնների հեռացման աշխատանքներին ներգրավվել են աղբատար և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ: Երևանի քաղաքապետարանը հոգացել էր նաև մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաների ապահովումը:

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկից մինչ օրս մաքրման  աշխատանքներ են իրականացվել 4 վայրերում, ուր տարածքները բերվել են պատշաճ տեսքի: Սա, ըստ վերջինիս, կնպաստի, որ քաղաքացիները ավելի ուշադիր և հոգատար լինեն հարազատ քաղաքի նկատմամբ:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության և իրականացված աշխատանքների համար, նշել է, որ հատկապես ամռան այս շրջանում, երբ թանգարան շատ են այցելում զբոսաշրջիկները, մաքրման գործում աջակցությունը տեղին էր և կարևոր՝ տարածքի պահպանման տեսանկյունից:

Նախատեսվում է  <<Ավելի մաքուր Երևան>> ծրագրի շրջանակում հաջորդ շաբաթ մաքրման աշխատանքներ իրականացնել  <<Փարոս>> անտառպուրակի տարածքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

«100 դրամի պարագայում էլ այսօր գերշահույթ է». Բաբկեն Պիպոյան

timthumb«Աշխարհի բոլոր երկրներում վճարելու հարմարավետությունը հօգուտ սպառողի է: Քաղաքացիական հասարակության աջակցությունը պետք է: Վարորդները բարյացակամ վերաբերմունք կցուցաբերեն ուղեւորների հանդեպ: Ճիշտ է` վատ է իրականությունը, բայց հնարավոր է միջոցներ ձեռնարկել 150 դրամ չվճարելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրանսպորտի թանկացման պատճառաբանությունների ուռճացման ու նոր բացահայտված մանրամասների մասին նշեց «Իրազեկ եւ պաշտպանված» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Բանախոսի պնդմամբ` առաջին կոնֆլիկտային իրավիճակը ստեղծվում է  վարորդի եւ սպառողի միջեւ, որոնք ամենաքիչ մեղավորներն են. «Հարկերը վճարում է ՀՀ քաղաքացին, Երեւան քաղաքի բյուջեն միայն լցվում է: Մենք ոչ թե գործարարներ ենք ունեցել, այլ առաքյալներ, ովքեր իրենց սուրբ պարտքն են կատարել, սա աբսուրդ է: Այս վատ նկարչության մեջ ամեն ինչ ուռճացված է, չի կարելի մոլորեցնել ժողովրդին. 100 դրամի պարագայում էլ այսօր գերշահույթ է»:

«Հասարակական տրանսպորտը 100 դրամ» հասարակական նախաձեռնության հիմնադիր-անդամ Լուսինե Մնացականյանի խոսքով` իրենց նախաձեռնությունը պատրաստել է հանրային կուպոններ՝ թղթից, որի վրա գրված է 50 դրամ. «Մեր վարորդները մեծ մասամբ կիրթ եւ հասկացող մարդիկ են: Մեր նախաձեռնությունն ուղղված չէ վարորդին, այն, ինչ  արվում է, արվում է եʹւ վարորդի, եʹւ հասարակության դեմ, մենք պաշտպանում ենք մեր իրավունքները: Իր գծատիրոջը վարորդը կտանի եւ ցույց կտա, որ հասարակությունը հրաժարվում է վճար կատարելուց»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է

993303_599809320049879_1359687082_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook սոցիալական ցանցում մի քանի ակտիվիստներ այսօր առավոտից սկսել են «Տրանսպորտային անհնազանդություն» նախաձեռնությունը: Նախաձեռնությանը արդեն միացել են 1200-ից ավել օգտատերեր: Ակտիվիստները տարածել են հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Հուլիսի 20-ի առավոտից սկսում ենք երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու պետք է վճարել 100 դրամ: Արդեն կազմվել են մի քանի խմբեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում առավոտից կաշխատեն: Եթե կան այլ մարդիկ, որոնք ցանկանում են

մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում, կարող են այստեղ գրել, կազմել իրենց խումբը և անցնել գործի, կամ դա իրականացնել միայնակ` տպելով թռուցիկի տեքստը կամ գրելով այստեղ և եթե կլինեն պատրաստի տպված թռուցիկներ վերցնել դրանք: Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, դեմոնստրատիվ  վճարում ենք 100 դրամը` բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում և կոչ անելոով մյուս ուղևորներին ևս վճարել 100 դրամ»:

Ավտոպատահար Երևան-Երասխ ավտոճանապարհին, կան վիրավորներ և զոհ

ավտոպատահարՀուլիսի 19-ին, ժամը 23.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան – Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան – Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2102» մակնիշի 32 LU 264 պետհամարանիշով (վարորդ՝ Արշակ Սիմոնյան, ծնվ.1955թ.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 71 MM 007 պետհամարանիշով (վարորդ՝ Ռոման Մուրադյան, ծնվ.1984թ.) ավտոմեքենաները, ինչից Ա. Սիմոնյանը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Գոհար Սիմոնյանը (ծնվ.1964թ.), Նորայր Սիմոնյանը (ծնվ.1989թ.),«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ.Մուրադյանը, ուղևոր Մարտին Ավետիսյանը (ծնվ.1988թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ռ.Մուրադյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, ով տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հանել են Ա. Սիմոնյանի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Վթար Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում

ավտոպատահարՀուլիսի 19-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն.Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքնրում բախվել են «Պրադո» մակնիշի 40MM101 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ.Խաչատրյան) և 21SL333 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ 19789թ. Էդիկ Իսրայելյան), ինչից «Տավրիա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Զոհեր և տուժածներ չկան:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները:

 

Այրվել է ՀՀ-ից ՌԴ ուղևորվող ավտոմեքենան

hrdeh-1024x682Հուլիսի 19-ին, ժամը 09.30-ին Վրաստանի Հանրապետության ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 18-ին ժամը 21.30-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Պոնիչալա թաղամասում ամբողջությամբ այրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող «ԴԱՖ» մակնիշի 32ՏԼ735 պետհամարանիշով (կցորդ 01IL51) շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան (վարորդ Լևոն Մարգասյան):

 

Զոհեր և տուժածներ չկան:

Վթար Կիևյան կամրջի հարևանությամբ

big_1374233773_9Հուլիսի 19-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հունդայի» մակնիշի 99 SU 909 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ 1971թ. ծնված Սաֆարյան Մուշեղ) բախվել է «Լեքսուս» մակնիշի 52 PO 555 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ 1955թ. ծնված Սամվել Խաչիկյան), ինչից Ս. Խաչիկյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:

Դատապարտյալին վերջապես տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

դատապարտյալԱրփիկ Կարապետյանի որդին՝ Գեղամ Կարապետյանը, ով այժմ գտնվում է անազատության մեջ, 3-րդ կարգի հաշմանդամ է, հաշվառված է նարկոլոգիական դիսպանսերում, ունի հեպատիտ C, երեք տարի առաջ հեռացվել է թոքի մի մասը, երկու տարի առաջ էլ ենթարկվել է ծնոտի վիրահատության, որի արդյունքում հեռացվել է ծնոտի մի մասը, իսկ մյուս մասը շարունակում է փթել և ենթակա է հեռացման:

Որդու կալանավորվելուց հետո Ա. Կարապետյանը բազմից դիմել է ՔԿՀ-ի բուժմասի պետին, սակայն այս առիթով նրանց կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել:

Արփիկ Կարապետյանը դիմել է Պաշտպանին՝ խնդրելով նրա միջնորդությունը իր որդու բուժումը կազմակերպելու հարցում:

Պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից Պաշտպանին պատասխանել են, որ քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է ընդհանուր բժշկական զննում և վիրաբույժի խորհրդատվություն, որի արդյունքում կալանավորի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Սակայն, ուսումնասիրելով Արփիկ Կարապետյանի ներկայացրած փաստաթղթերը, որոնք նկարագրում են կալանավորի մի շարք հիվանդությունները և վկայում են նրա ծանր առողջական վիճակի մասին, Պաշտպանը կրկին գրություն է ուղարկել ԱՆ և հայտնել, որ նման խնդիրների դեպքում Գեղամ Կարապետյանի վիճակը պարզապես չի կարող գնահատվել բավարար, և նրան հարկավոր է բժշկական օգնություն:

Արդյունքում, Պաշտպանի միջնորդությամբ, Գ. Կարապետյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և այժմ ստանում է համապատասխան բժշկական օգնություն:

Քաղաքացիների անուն-ազգանունը փոխված է:

 

Հայաստանի Օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով

ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա:

Նախատեսվում է Պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց հետ:

Կարեն Անդրեասյանի Մոսկովյան այցի մանրամասների և կատարված աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն երկուշաբթի օրը՝ հուլիսի 22-ին:

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`

Հուլիսի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-23-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝

Հուլիսի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-23-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:

Երևանի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալները՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան   39.90C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      13.50C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  26.50C

Հայաստանի արտգործնախարարն այցելեց Ստեփանակերտ

442. Minister Nalbandian visited Stepanakert (1)Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԼՂՀ արտգործնախարարության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

 

Հուլիսի 19-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Արցախի Նախագահին ներկայացրեց հուլիսի 12-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մանրամասները։

Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։

Հանդիպմանը երկուստեք կարևորվեց Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչությունների միջեւ ակտիվ եւ համակարգված աշխատանքը:

Հուլիսի 20-ին Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ արտգործնախարարությունում հանդիպեց նախարար Կարեն Միրզոյանի, արտերկրում Արցախի ներկայացուցիչների և նախարարության աշխատակիցների հետ։ Շնորհավորելով արցախցի դիվանագետներին ԼՂՀ ԱԳՆ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ շարունակելու է համակողմանի աջակցությունը Արցախի արտաքին գործերի նախարարության գործունեությանը: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, պատասխանեց արցախցի դիվանագետների հարցերին։

Նույն օրը ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արցախի արտաքին գործերի նախարարության 20-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին։

Ելույթ ունենալով հանդիսավոր նիստին՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես, ասաց.

“Անկախ Արցախի արտգործնախարարությունը հիմնադրվեց պատերազմի պայմաններում։ Երկու տասնամյակ անց խաղաղ, գեղատեսիլ և բարեկարգ Ստեփանակերտում այս գեղեցիկ սրահում, այսքան տոնական տրամադրությամբ նշում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 20-րդ տարեդարձը։

Այս քսան տարիները, որոնք հետագա սերունդների և պատմագիրների համար կթվան պատմական ակնթարթ, մեզ` ժամանակակիցներիս համար, ներկայացնում են մի ամբողջ դարաշրջան: Այն սկիզբ է առնում հանուն ազատության, հանուն արժանապատիվ ապագայի, Արցախյան փառահեղ հերոսամարտերով, և շարունակվում` պետականաշինության արդյունավետ աշխատանքով։

Արցախահայության համառ, անպարտելի ոգու, շինարար աշխատանքի ու մեծ կամքի շնորհիվ երկու տասնամյակի ընթացքում մեր հայկական երկրորդ պետությունն անցել է պետական ինստիտուտների հիմնադրման և կայացման կարևոր ճանապարհ:

Այսօր, իր քսանամյակը բոլորած Արցախի արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում և արտերկրում գործող իր մշտական ներկայացուցչություններով, իր նվիրված դիվանագետներով, առանցքային տեղ է զբաղեցնում Արցախի պետական կառույցների շարքում:

Արցախի պետականության ակունքներում արտաքին գործերի նախարարությունը Պաշտպանության բանակին զուգահեռ, պայքար էր տանում արտաքին ճակատում՝ Արցախի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ:

Հատուկ երախտիքի խոսքերի են արժանի բոլոր նրանք, ովքեր իրնեց ներդրում են բերել այդ հայրենանվեր գործին։

Եթե այսօր Արցախի ձայնը լսելի է տարբեր միջազգային հարթակներում, դա նախագահ Բակո Սահակյանի առաջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի իրականացվող ակտիվ արտաքին քաղաքականության շնորհիվ է։ Դա նաև ղարաբաղցի դիվանագետների աշխատանքի շնորհիվ է:

Արցախի Հանրապետության ձևավորման և կայացման գործում արտաքին քաղաքական գերատեսչության ունեցած ավանդի և դերակատարության մասին է խոսում այն փաստը, որ ԼՂՀ երկրորդ նախագահ դարձավ արտաքին գործերի առաջին նախարարը այստեղ ներկա Արկադի Ղուկասյանը, որն այսօր նաև Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպանն է։

Անկախությունից ի վեր Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունների առանցքային խնդիրն է եղել և շարունակում է մնալ արցախյան հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորումը:

Մեր ընտրած ուղու շնորհիվ արդեն հինգ տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներն անմիջական ուշադրության կենտրոնում են պահում արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչի վկայությունն են լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսքիլենում նրանց կողմից արված հայտարարությունները:

Մենք համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Այդ նպատակով մենք համատեղ և հետևողական ջանքեր ենք գործադրում։ Երկու նախարարությունների միջև հաստատվել է սերտ համագործակցություն, որի վկայություններից է, որ այսօր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի դիվանագիտական ծառայության ամենափորձառու ներկայացուցիչներից մեկը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արցախի արտգործնախարարության բոլոր նախկին և ներկա աշխատակիցներին իրենց ջանքերի, Արցախի շահերը արտերկրում պաշտպանելու գործում իրենց ներդրման համար, շնորհավորել արտգործնախարարության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ և նոր հաջողությունների մաղթանքներ հղելով` վստահեցնել, որ Մայր-Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նախկինում, այսօր էլ իր բոլոր հնարավորություններով կանգնած է ձեր կողքին և շարունակելու է համակողմանի աջակցությունը Արցախի արտաքին գործերի նախարարության գործունեությանը:”

 

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երևան։

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը

3547Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի ավելի քան քսանամյա համագործակցությունը, որի ընթացքում, Հանրապետության ղեկավարի խոսքով, երկրի տնտեսության մի շարք ոլորտներում զգալի աշխատանքներ են իրականացվել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բանկը կշարունակի իր աջակցությունը Հայաստանին՝ ինչպես մասնավոր և ֆինանսական հատվածներում, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացման առումով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի համագործակցության առաջիկա ծրագրերին, Հայաստանի առաջնահերթություններին, տնտեսության զարգացման ներուժին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավորություններին:

ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, խոսելով մեր երկրի հետ բանկի երկարամյա արդյունավետ համագործակցության և դրա արդյունքում Հայաստանում իրականացված խոշորածավալ ներդրումների մասին, գոհունակությամբ է փաստել ՀՀ կառավարության հետ այսօր բանկի ստորագրած վարկային համաձայնագիրը, որը, ըստ նրա, փոխգործակցության հերթական լավ օրինակն է և ուղղված է Երևանում ջրամատակարարման ենթակառուցվածքի բարելավմանը:

Հանդիպման ավարտին ՎԶԵԲ նախագահը վերահաստատել է բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի համար առաջնահերթ ոլորտներում համագործակցության խորացմանը՝ ուղղված երկրի տնտեսության աճին, ենթակառուցվածքների և գործարար միջավայրի բարելավմանը, մասնավոր հատվածի կարողությունների ընդլայնմանն ու կարևորագույն այլ խնդիրների լուծմանը:

«Չի կարելի ծաղրել ժողովրդին». Բաբկեն Պիպոյան

DSC03357«Ժողովուրդ, պետք է հանրային վերահսկողություն անենք, ճնշում գործադրենք, որ քաղաքապետարանը ստիպված ապացույցներ տրամադրի, թե ինչից ելնելով է թանկացել տրանսպորտը: Հանրային ճնշումը միշտ էլ ունենում է արդյունավետություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրային դաշտի խնդիրներից խոսեց «Իրազեկ և պաշտպանված քաղաքացի» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

 

Գազի թանկացման հետ մեկտեղ թանկացել են նաև հոսանքի ու տրանսպորտի գները: Անդրադառնալով այս թեմային բանախոսը նշեց, որ թանկացման պաշտոնական հայտարարությունից 20 օր առաջ իրենց հկ-ն արդեն քայլեր է ձեռնարկել դրա դեմ.

«Հանրային վերահսկողությունը պետք է իրականացվի պարզ, երկկողմային: Մենք մի քանի հոգով բոլոր սվեռաներում պարտադիր վերահսկողություն ծավալել չենք կարող, ԶԼՄ աշխատողների հետ համագործակցելն այսօր առաջնային պլան է մղվում: Պետք է լուծման մեխանիզմներ առաջարկել եւ գործել, որպեսզի խնդիրը վերացվի: Տնտեսությանը չվնասելու համար կապ ենք փորձել հաստատել պետության հետ, հայտնել ենք մեր պատրաստակամությունը, հանրային վերահսկողությունը իր մեջ պարունակում է նաեւ հանրային աջակցություն»:

Պրն. Պիպոյանի պնդմամբ թանկացումն անհիմն է: Չի կարելի ծաղրել ժողովրդին, չի կարելի նման գնահատականներ տալ: Գազի գնով չի կարելի նման տատանում տալ, դա հնարավոր չէ.

«Քաղաքապետարանը հնչեցրեց այն հայտարարությունը, որ նրանք ունեցել են ոչ թե գործարարներ, այլ առաքյալներ, ովքեր ծառայում են Հայաստանի Հանրապետությանը: Սա սուտ է, մենք ունենք գերշահույթ ունեցող գործարարներ: Այն գերծախսերը, որը գրվել է քաղաքապետարանի կողմից սուտ է, նվեր տված ավտոբուսների համար ծախս չի կարող սահմանվել: Պատրաստվում ենք նամակ գրել քաղաքապետարան, դիմել վարչապետին, պատասխան չստանալու դեպքում կգրենք նախագահին: Ամեն ինչ կարվի փուլերով, ամեն քայլ ունի իր հաջորդականությունը»:

 MOV03360.AVI

Բանախոսի համոզմամբ գնահատականներ ու բողոք հնչեց միայն երեկ: Իրենք կոչ են արել քաղաքապետարանին, որ ներկայացնի թե ինչի հիման վրա է թանկացումը, այն դեպքում, երբ գազի գնի թանկացման հետ սա կապ չունի.

«Թվեր են նշված  մեքենան վերանորոգելու համար, նշանակում է, որ մենք ամեն օր պետք է տեսնեինք իդեալական վիճակում գտնվող տրանսպորտ, բայց մեր մեքենաներն այսօր հազիվ են տեղից շարժվում` ուռչածված թվեր են սահմանվել աբսուրդի հասնող»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

Հանրային խորհուրդը համաձայնություն չի տվել ուղեվարձի թանկացման վերաբերյալ

163224Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման առնչությամբ այսօր մի խումբ ակտիվիստեր բողոքի ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց` պահանջելով չեղյալ հայտարարել  ուղեվարձը 150 դրամ դարձնելու որոշումը:

Ակցիայի մասնակիցների պահանջները լսելու և որոշակի մեկնաբանություն տալու նպատակով նրանց հետ էր հանդիպել Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, որին տեսնելով՝ ակցիայի մասնակիցները սկսել էին կոպեկներ շպրտել նրա ուղղությամբ: Գևորգյանը, այնուամենայնիվ, պարզաբանել էր ուղեվարձի բարձրացման պատճառները` նշելով, որ դրա վերաբերյալ Հանրային խորհրդում նույնպես տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում կողմերը եկել են այն եզրակացության, որ տրանսպորտի գինը պետք է կազմի 150 դրամ:

arm135905163185Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին պարզաբանում էր տվել Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը և հայտնել, որ Հանրային խորհրդում նախորդ շաբաթ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, մեկ տասնյակից ավելի գծատերեր: Նրա փոխանցմամբ` գծատերերիւ մի մասը, ինչպես նաև ՀԽ տրանսպորտի ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կարծիք են հայտնել, որ հնարավոր է գինը պահել 100 դրամ, եթե կառավարությունը որոշակի չափով սուբսիդավորի ոլորտը, քաղաքապետերանի ներկայացուցիչն ու գծատերերի մի մասն էլ հայտարարել է, որ 100 դրամ պահել հնարավոր չէ, քանի որ թանկացել են ավտոմեքենաները, դրանց պահեստամասերը և այլն:

Վազգեն Սաֆարյանի խոսքով` այդ խորհրդակցության ժամանակ Հանրային խորհրդում որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով և քննարկել այդ երկու մոտեցումները. «Հանրային խորհուրդը գին որոշող մարմին չէ, մենք ընդամենը առաջարկել ենք տեսակետները քննարկելու արդյունքում գտնել ընդունելի լուծում բոլոր կողմերի համար»,-ասաց նա:

Վազգեն Սաֆարյանի խոսքով` ընդամենը օրեր առաջ ինքը և քաղաքապետի խորհրդականը հեռուստաեթերում զրույց են ունեցել այս թեմայի վերաբերյալ և համակարծիք եղել այն հարցում, որ տրանսպորտի որակը պետք է բարելավի, որ վարորդները 14 ժամ և ավելի չաշխատեն, որ երկու հերթով գործեն և այլն»:

Իսկ ընդհանրապես Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ պետք է կառավարությունը քայլեր ձեռնարկի մարդկանց սոցիալական վիճակը վարելավելու ուղղությամբ` աշխատավարձերի, նպաստների, թոշակների բարձրացում, որպեսզի մարդկանց արձագանքն էլ այսպիսին չլինի:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից կթանկանա 50 դրամով եւ կկազմի 150 դրամ: Տրոլեյբուսում երթեւեկելը կարժենա 100 դրամ՝ ներկայիս 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում երթեւեկելը՝ 150 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն: Չի փոխվի միայն մետրոյի ուղեվարձի գինը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ

3540ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը: Մասնակցել են նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:

Հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ ձեռնարկումներն ու առաջին ոգևորիչ հաջողությունները:

Հանրապետության Նախագահը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում: «Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր այն երիտասարդներին, ովքեր այս տարի ընդունվել են բուհեր և դարձել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ: Տարեց-տարի ավելանում է հայ երիտասարդների ներկայությունը աշխարհի լավագույն բուհերում: Եվ այսօր այդ ներկայությունը բավականաչափ սոլիդ է: Ես ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական: Ինձ համար չափազանց կարևոր է տեսնել ձեզ, անձամբ ծանոթանալ և զրուցել: Աշխարհի լավագույն բուհերում սովորելը, իմ կարծիքով, և՛ իրավունք է, և՛ հնարավորություններ: Իրավունքը վաստակում է երիտասարդն իր գիտելիքով, իր աշխատանքով, իսկ հնարավորություններ պետք է ստեղծեն ձեր մերձավորները, ձեզ շրջապատող մարդիկ, հասարակությունը, որտեղ դուք ապրում եք, պետությունը, իշխանությունները և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեզ օժանդակել: Եվ այս պարագայում, այդ հնարավորությունները ձեզ համար ստեղծում է «Լույս» հիմնադրամը: Մենք հավատում ենք ձեզ: Հավատում ենք, որ դուք, ուսանելով լավագույն բուհերում, նոր գիտելիքներ եք ձեռք բերելու: Հավատում ենք, որ դառնալու եք լավ մասնագետներ, լավ մարդիկ, լավ հայեր, լավ քաղաքացիներ: Ինչպես գիտեք, հայերը մշտապես ձգտում էին գնալ աշխարհի գիտական և կրթական կենտրոններ, բայց վստահ եմ, որ նաև գիտեք, որ այդ գործընթացը միանշանակորեն չի գնահատվել և այսօր էլ, թերևս, կան նման մոտեցումներ: Օրինակ, մեր մեծ մտածողներից Ռաֆայել Պատկանյանը մտահոգություն էր հայտնում, որ դրսում գիտելիք ստացած երիտասարդները շատ դեպքերում հեռանում են մայր ժողովրդից և արագ ուծանում: Կարծում եմ, որ նա գտնում էր, որ աշխարհի լավագույն կենտրոններում գիտելիք ստացած մարդկանց համար ավելի հեշտ է ինտեգրվել օտար հասարակությանը, և շատ դեպքերում այդպես էլ տեղի էր ունենում:

Այս դահլիճում ներկա են նաև այն երիտասարդները, ովքեր «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ գիտելիք են ձեռք բերել լավագույն բուհերում, վերադարձել են Հայաստան և այստեղ նրանք աշխատում են, ապրում են լիարժեք կյանքով: Վստահ եմ, որ նրանց օրինակը շատ ավելի գրավիչ է: Այսօր մեր հասարակությունը դժվար օրեր է ապրում: Դրսում լավ աշխատանք և ավելի լավ պայմաններ փնտրելու խնդիրը շատ ցավոտ է ընկալվում մեր հասարակության կողմից, մեր բոլորի կողմից և դրա հիմնական պատճառն այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակն է մեր հայրենիքում: Բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ այս գործընթացը երկարատև չի լինելու: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք զարգացման մեր ճանապարհին: Կասկած չունենաք՝ անցնելու է ևս որոշ ժամանակ, և շատ-շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք և այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում:

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներն ինձ համար հետաքրքիր են նաև այլ առումով: Ես վստահ եմ, որ դուք այն մարդիկ եք, ովքեր դրսում գիտելիք ձեռք բերելով՝ վաղը համալրելու եք մեր պետական կառավարման համակարգը: Չափազանց կարևոր է, որ պետական համակարգում աշխատեն նվիրված, կոմպետենտ և իրենց ապագան լավ պատկերացնող երիտասարդներ: Յուրաքանչյուր երկրի հարստություն, առաջին հերթին, առողջ և կրթված երիտասարդներ են: Ես վստահ եմ և կրկնում եմ՝ մենք հավատում ենք ձեզ: Հավատում ենք, որ դուք գիտելիք ստանալով, ավելի եք ուժեղանալու, որովհետև մենք միշտ ասում ենք, որ գիտելիքը ուժ է, և ինքներդ ուժեղանալով, ուժեղացնելու եք մեր պետությունը, մեր հասարակությունը: Եվս մի խորհուրդ ունեմ ձեզ տալու. ես ձեզ հորդորում եմ կարդալ. կարդացե՛ք որքան հնարավոր է շատ: Կարդացե՛ք մեր դասականներին, կարդացե՛ք համաշխարհային դասականներին, կարդացե՛ք ժամանակակից գրականություն: Ես կասկած չունեմ, որ ցանկացած բարձրակարգ համալսարանում դասախոսները ծրագրերի միջոցով ի վիճակի են լիարժեք գիտելիք տալու, բայց դրանով մի բավարարվեք: Այդպիսի համալսարանում կարելի է դառնալ շատ լավ իրավաբան, շատ լավ մաթեմատիկոս, շատ լավ կառավարիչ, բայց հավատացեք, առանց կարդալու՝ անհնար է դառնալ լայնախոհ անհատականություն: Իսկ առանց լայնախոհության շատ դժվար է իրերն ու իրադարձությունները գնահատել այնպես, որպեսզի օգտակար լինի և՛ ձեզ՝ կոնկրետ անձին, և՛ այն հասարակությանը, որտեղ դուք ապրում և գործում եք:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ: Ցանկանում եմ ձեզ հաջողություն և ուզում եմ, որպեսզի մեր հաջորդ հանդիպումների ժամանակ այս տարի ընդունվածները ևս ներկա լինեն և իրենց օրինակով ոգևորեն նրանց, ովքեր կընդունվեն 2014, 2015 թվականներին», – «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: