Փրկարարները հորից դուրս են բերել կենդանուն

big_1373989116_4Հուլիսի 16-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Պարույր Սևակի փողոցի 2-րդ անցուղու թիվ 9 տան դիմաց խոշոր եղջերավոր անասունն ընկել է հորը և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 2 մ խորություն ունեցող հորից դուրս են բերել Կ. Գասպարյանին պատկանող կենդանուն:

 

Որոտան գետում 17 ամյա երիտասարդ է խեղդվել

գետում  մարդ է խեղդվելՀուլիսի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Որոտան գետի «Գոշագյոլ» կոչվող հատվածում խեղդվել է Սիսիան քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված Ա. Խաչատրյանը:

Դեպքի վայր է մեկնել ՓՈւՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը և Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխից ազատ ևս 8 հրշեջ-փրկարար:

Ժամը 23.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա. Խաչատրյանի դին:

«Ռան Օյլ» բենզալցակայանում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

օձերՀուլիսի 17-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին գտնվող «Ռան Օյլ» բենզալցակայանում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները  բենզալցակայանում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունները

10548_am_5 (1)Կառավարությունում այսօր մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2013 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ սփյուռքի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության և ՀՀ բնապահպանության նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը: Գերատեսչությունների ղեկավարները վարչապետին զեկուցել են ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրների կատարման և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2013 թ. առաջին կիսամյակում գերատեսչություններին տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին:

Փաստաբան Ալեքսանդր Մալցևը մանրամասներ է փոխանցում հայ վարորդի գործի ու նրա հոգեբանական վիճակի մասին

բեռնատարի վարորդ Հրաչյա ՀարությունյանՌուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանն ապահովված է երկու փորձառու փաստաբանով։ Նրանք փորձում են պաշտպանությունը կառուցել այն հանգամանքի վրա, որ պետք է պատասխանատվության ենթարկվի ընկերության ղեկավարությունը, որը հանձնարարել է Հրաչյա Հարությունյանին բեռներ տեղափոխել շահագործման համար ոչ պիտանի բեռնատարով: Գործի քննության ներկա փուլի, Հրաչյա Հարությունյանի բարոյահոգեբանական վիճակի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Հարությունյանի դատապաշտպան Ալեքսանդր Մալցևի հետ:

–Խնդրում եմ մանրամասներ ներկայացնեք հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքի մասին: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Հրաչյա Հարությունյանի պաշտպանության հետ կապված:

-Հիմա ամենակարևորն այն կազմակերպության տիրոջը գտնելն է, ուր նա աշխատանքի է անցել, և որը նրան տրամադրել է անվտանգության չափանիշներին չհամապատասխանող փոխադրամիջոց: Մեքենան գործարկումից առաջ փորձաքննության չի ենթարկվել, ինչը կազմակերպության ղեկավարության կողմից կոպիտ օրինախախտում է: Այժմ մենք փորձում ենք պատասխանատվության կանչել կազմակերպության ղեկավարությանը, որին հիմա փնտրում ենք ոչ միայն մենք, այլև քննչական մարմինները: Մեր հիմնական պաշտպանությունը մենք կառուցելու ենք այս վարկածի վրա:

–Մյուս պաշտպան պարոն Չուբաևն իր հայտարարությունների ժամանակ նշել է, որ նոր մեղադրյալներ կարող են ի հայտ գալ: Արդյո՞ք հենց ընկերության ղեկավարությանն է ի նկատի ունեցել:

–Ես կարծում եմ, այո, դրա տակ ի նկատի է ունեցել հենց կազմակերպության ղեկավարությանը:

–Իսկ ի՞նչ շանսեր կան, որ այս վարկածը կաշխատի և Հարությունյանի մեղադրանքը կմեղմացվի:

-Կարծում եմ դեռ վաղ է դրա մասին ասելը, քանզի դեռ մեծ աշխատանք պետք է տարվի, այժմ կարևոր է գտնել մեղավորներին, ովքեր պատասխանատու են մեքենան ճանապարհ թողնելու համար:

–Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են բերել նման նվաստացնող վիճակում` կանացի խալաթով, անմիջապես կոմայից դուրս գալուց հետո:

-Կարող եմ ասել, որ իրավապահ մարմինների կողմից խախտում է թույլ տրվել. նրան բերել են գործնականում կիսամերկ` կարծես ցանկանալով նվաստացնել մարդուն, ինչի կապակցությամբ ես և իմ կոլեգա փաստաբանը համապատասխան արձագանք ենք տվել և մեր դժգոհությունը հայտնել: Անընդունելի է այն, որ նրան հիվանդանոցից բերել են այդ վիճակում` ոչ մի հագուստ չտալով: Բացի դրանից, ԶԼՄ-ները նրան ցույց տվեցին այդ տեսքով` տառացիորեն նվաստացնելով մարդուն: Բանն այն է, որ նա գտնվել է Մոսկվայի 20-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղից էլ պահակախմբի հսկողությամբ բերվել է դատարան, ուստի մենք ոչ մի կերպ չէինք կարող ազդել տեղափոխման ընթացքի վրա: Մենք նրան տեսանք դատարանի դահլիճում, երբ արդեն սկսել էր դատական գործընթացը և քննիչը միջնորդություն էր ներկայացնում կալանքը` որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ:

–Իսկ հնարավոր է, որ այդ ամենը ազդել է Հարությունյանի դեպրեսիվ և անտարբեր վիճակի վրա, որի արդյունքում չի ցանկանում բողոքարկել դատարանի որոշումը:

–Չեմ կարծում, որ դա որևէ կերպ ազդել է նրա այդ որոշման վրա: Նա հրաժարվում է ելույթ ունենալ լրագրողների առաջ, բացի դրանից, նա դեռ ուշքի չի եկել նման բարոյահոգեբանական հարվածից: Ավտովթարից հետո Հարությունյանին անմիջապես տեղափոխել են հիվանդասենյակ, ուր հեռուստացույց, ռադիո կամ տեղեկատվություն ստանալու այլ աղբյուր չկար, ուստի ավտովթարի հետևանքների մասին նա իմացել է անձամբ ինձանից և մեծ սթրես է ապրել:

–Հայաստանի դեսպանատնից կապվե՞լ են Ձեզ հետ և արդյոք հայակական կողմը համագործակցության պատրաստակամություն հայտնել է:

-Այո, իհարկե: Այսօր ինձ հետ կապվել են Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղարությունից և առաջարկել են իրենց օգնությունը, իսկ երեկ Ռուսաստանում հայկական համայնքի ներկայացուցչի հետ մենք քննարկել ենք գործի մանրամասները: Կարծում եմ մենք կհամագործակցենք նրանց հետ ապագայում:

Տեղեկանք. Հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Նրան դատարան են տարել կանացի խալաթով: ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին` Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով:

Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի

 

Կունենանք առաջին ազատ տնտեսական գոտին. Ի՞նչ նպատակներով են շահագործվեու այդ տարածքները

ոսկերչությունԱզատ տնտեսական գոտիները համաշխարհային տնտեսության մեջ սկսել են շահագործվել դեռևս երկու-երեք տասնամյակ առաջ: Դրանց միջոցով պետությունները փորձում են աշխուժացնել տնտեսությունը, ակտիվացնել  միջազգային ապրանքաշրջանառության ծավալները, ներգրավել նոր ներդրումներ:  Շատ երկրներ ազատ տնտեսական գոտիները

դիտարկում են որպես գերշահույթ ստանալու նպաստավոր տարածաշրջան: Օրինակ` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ազատ տնտեսական գոտիները հաճախ ձևավորվել են արտաքին տնտեսական կապերի ակտիվացման ու ընդլայնման, իսկ այլ երկրներում` միջին և մանր ձեռնարկատիրության զարգացման նպատակով, ինչպես նաև աշխուժացման տարածաշրջանային քաղաքականության իրացման և միջտարածաշրջանային զարգացման տարբերությունները բացահայտելու համար:

Ազատ տնտեսական գոտիները կարևոր դեր են խաղում ոչ միայն ազգային տնտեսությունների զարգացման ու ընդլայնման, այլև համընդհանուր զարգացման ու համաշխարհային շուկայում ինտեգրվելու գործում: Դրանք հիմնականում ստեղծվում և զարգանում են տնտեսապես առաջընթաց ունեցող երկրներում, մասնավորապես ակտիվորեն գործում են Չինաստանում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ ԱՊՀ երկրներից միայն ՌԴ-ում գործում է 15 տնտեսական գոտի, Ուկրաինայում` 12, Լիտվայում` 2: Տարաշրջանային երկրներից Վրաստանում ևս առաջին քայլերն են ձեռնարկվում ԱՏԳ-ների ձևավորման ուղղությամբ: Իսկ այն երկրներում, որտեղ ԱՏԳ-ներ չկան, հիմնականում միջոցների պակասի և ենթակառուցվածքների թերզարգացածության արդյունք են:

Այսօր աշխարհի մոտ 120 երկրում  գործում են շուրջ 3 հազար հատուկ տնտեսական գոտիներ` իրենց տարատեսակներով, որոնց վերջին տարիներին բաժին է  ընկել 600 մլրդ դոլարի արտահանում, իսկ ոլորտում զբաղվածների թիվը հասնում է   50 մլն-ի:

Պարզվում է, որ մեր երկրում ևս քայլեր են ձեռնարկվում շահագործելու նման տարածքներ:

Կառավարությունը դեռ տարիներ առաջ էր խոստումներ տալիս, որ Հայաստանում ևս ստեղծվելու և զարգանալու են ԱՏԳ-ներ: Նախ համապատասխան օրենքն ընդունվեց 2011 թ. մայիս ամսին, իսկ այս տարվա փետրվարի 2-ից մեկնարկեց դրանց  ձևավորման գործընթացը:

 Գաղափար կա, տարածք չկա

ԱՏԳ ստեղծելու հիմնական նախադրյալը ոչ միայն մեր երկրի աշխարհագրական դիրքն է, այլև մարդկային ռեսուրսները, որոնք առկա են ոսկերչության, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և ժամագործության ոլորտներում: Նորություն չէ, որ հայերը ոսկերչության ոլորտում մեծ ճանաչում են վայելում աշխարհում և լավագույնների թվում են իրենց մասնագիտական հմտություններով: Այս ուղղությամբ ԱՏԳ-ի ձևավորումը մի քանի հեռահար նպատակ ունի: Այս մեխանիզմով պետությունը  նախատեսում է զարկ տալ արտաքին կապիտալի, դեպի Հայաստան դրամական հոսքերի ներգրավմանը, առաջավոր տեխնոլոգիաների և կառավարման միջազգային փորձի յուրացմանը և բնակչության զբաղվածության ապահովմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ձեռնարկությունների զարգացման և շուկաների մրցունակության ծրագրի, «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ՓԲԸ-ի աջակցությամբ արդեն իսկ մշակել է ոսկերչության և ադամանդագործության ոլորտների ռազմավարությունն ու դրանք ապահովող գործողությունների ծրագիրը, որը նախատեսվում է  իրականացնել 2013-2015 թթ.: Ազատ տնտեսական գոտու ստեղծման և օտարերկրյա ընկերությունների ներգրավման ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացմանն աջակցում է  Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիան, որն արդեն բավականաչափ աշխատանքներ է իրականացրել ԱՏԳ-ների ստեղծման ուղղությամբ:

Այս ծրագիրը, ի դեպ, ՀՀ ղեկավարությունը  հաստատել է և առաջարկել իր օժանդակությունը: Ոսկերչության ճյուղը դիտվում է որպես հզոր միջոց արտերկրից եկամուտ ստանալու, նոր աշխատատեղեր ստեղծելու  և տեխնոլոգիական նորամուծությունների շնորհիվ միջազգային հարթակում լուրջ առաջընթաց ապահովելու տեսանկյունից:

Նշենք, որ ոսկեգործության ոլորտում այսօր գործում է 32 ոսկեգործական և 6  ադամանդագործական ընկերություն, և ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, արդեն իսկ ստեղծվել է հայկական արտադրության ժամացույցների  ապրանքանիշ, որն իր գործունեության մեջ արդեն կայացել է:

Անցած տարի   ոսկերչության ոլորտում արտադրական ծավալներն աճել են 16 տոկոսով` թողարկելով 13,3 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշռող մասն արտահանվել է: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Հայ ոսկերիչների միության և Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի նորանշանակ նախագահ Գագիկ Գևորգյանի վստահեցմամբ, հայ ոսկերիչները աշխարհի տարբեր երկրներում բոլոր ժամանակներում էլ առանձնացել են իրենց վարպետությամբ: Ուստի կան բոլոր նախադրյալներն այդ ներուժը սեփական երկրում օգտագործելու համար: Ինչպես նշեց Գագիկ Գևորգյանը, իրենց հիմնական նպատակն է լինելու արտերկրում ոսկերչության բնագավառում  գործունեություն ծավալող գործարարներին Հայաստան բերելը, ինչի համար գործարարները պետք է հստակ պատկերացնեն այստեղ գալու դրդապատճառները:

Ի դեպ, ծրագիրը ոչ միայն հայ գործարարների համար է, այլև օտարերկրյա ձեռնարկատերերի, որոնք կարող են Հայաստան գալ և նոր աշխատատեղեր հիմնել: Իհարկե, գաղափարը ոգևորիչ է, իսկ ծրագիրը հեռանկարային, սակայն խնդիր է դեռևս ոսկերչական գործունեության համար համապատասխան տարածք գտնելը: Արդեն մոտ 50  օտարերկրյա գործարարներ համաձայնվել են Հայաստան ժամանել և իրենց բիզնեսն այստեղ տեղափոխել: Այժմ  ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանում համապատասխան արտադրական տարածք ձեռք բերելու ուղղությամբ: Պարզվում է, որ նման գործարան հիմնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 20 հազար քմ տարածք, որը տեղակայված լինի մայրաքաղաքում՝ աշխատակիցներին հասանելի վայրում:

Ներկայումս լայնածավալ աշխատանքներ  են սկսվել շուրջ 50 հազար քմ տարածքում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ, որի մոտ կեսը նախատեսվում է տրամադրել հենց ոսկերչական արտադրության կազմակերպմանը:  Նախատեսվում է, որ ոսկերչական ազատ տնտեսական գոտում կգործի մոտ 120 ընկերություն  աշխարհի տարբեր երկրներից, արդյունքում կբացվի 1500 նոր աշխատատեղ:

Ռազմավարության  ծրագրում ներառված ուղղություններն ընդգրկում են օրենսդրական բարեփոխումներ, մատչելի հումքի ապահովում, որակի ապահովման վերահսկում, մասնագիտական կադրերի ապահովում, ներդրումների և արտահանման ֆինանսական աջակցություն, ոլորտի առաջմղում, ազատ տնտեսական գոտիների ստեղծում ու օտարերկրյա ընկերությունների ներգրավում: Ըստ ոլորտի պատասխանատուների` օրենսդրական դաշտում խնդիրներ չկան և աշխատանքներ են տարվում համապատասխան վայր ընտրելու կապակցությամբ: Հավանական տարածք է   համարվում նաև Մերգելյան ինստիտուտը: Ի դեպ, բանակցությունների կողմերն ակնկալում են լուծել սեղմ ժամկետներում:

Հավելենք, որ օտարերկրյա գործարարները դժվար թե երկար սպասեն իրենց բիզնեսի ծաղկմանը, մի երկրում, որտեղ լուրջ արտադրական գործունեություն սկսելու համար համապատասխան տարածք չկա: Եթե մեր երկրի ղեկավարությունն առավել հետևողական լինի այս խնդրի լուծման հարցում, ապա հեռանկարում գուցե իրագործված տեսնեք այս բավական լուրջ ծրագիրը:

  Լ.Ն

 

 

«Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ նախկին զինդատախազ ԳագիկՋհանգիրյանի» գործով վճիռը հետաձգվեց

ԶինդատախազությունԱրաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանը այսօր պետք է հրապարակեր «Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմնախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի» գործով վճիռը, սակայն դատական նիստըչկայացավ դատավոր Սիմիզար Հովսեփյանի վատառողջության  պատճառով: Դատականհաջորդ նիստի օրվա վերաբերյալ դատարանը կողմերին կտեղեկացնի լրացուցիչ:

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասությանդատարանում Մատաղիսի գործով արդարացվածները այժմ դատարանից զրպարտությանու վիրավորանքի համար պահանջում են պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել 600հազար դրամ, հրապարակային ներողություն, ինչպես նաև անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման փաստի ճանաչում:

Վարչապետը ծանոթացել է ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման աշխատանքներին

10546_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինհրապարակ, որը կառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տարածքով, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման առաջին փուլի` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման վերաբերյալ:
Կենտրոնը պետք է արտադրի ուռուցքային նորագոյացությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ռադիոակտիվ իզոտոպեր` ստեղծելով ռադիոդեղագործական և ախտորոշման համալիր բժշկական ծառայությունների մատուցման կարողություններ: Արտադրված ռադիոնուկլիդներն ու ռադիոդեղագործական միջոցներն օգտագործվելու են կենսաքիմիական քննության և պատկերների մշակման համար:
Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի և վիրաբուժության ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ:

 

Նախագահը ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության նորաբաց վարչական մասնաշենքում հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ

DAV_5805Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության նոր՝ աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով վարչական մասնաշենքի բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: 2013թ. առաջին կիսամյակի ՊԵԿ աշխատանքների արդյունքների ամփոփման և առաջիկա ծրագրերի վերաբերյալ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ներածական խոսքից հետո, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը զեկուցել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքները: Խորհրդակցության ժամանակ խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքների մասին զեկուցել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Նախագահն իր մոտեցումներն է ներկայացրել զեկուցված աշխատանքների վերաբերյալ, խոսել է նաև ՊԵԿ աշխատանքում ընդհանուր նպատակադրումների մասին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդակցության ժամանակ հնչած ելույթները մեկ անգամ ևս վկայում են, որ թե՛ 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, թե՛ խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքներում և թե՛ պետեկամուտների կոմիտեի գործունեությունն արդիականացնելու ուղղությամբ կատարվող քայլերում առաջընթաց կա:

Նախագահը կարևորել է, անկախ դժվարություններից, ծրագրված լայնածավալ բարեփոխումների ուղղությամբ ՊԵԿ-ի հետևողական աշխատանքը, պետական բյուջեի մասին օրենքով կոմիտեի վրա դրված նպատակային ցուցանիշների ապահովումը և մատուցվող ծառայությունների կատարելագործումը: Ընդգծելով, որ հարկային համակարգում արձանագրված առաջընթացը բոլորի համար, այդ թվում՝ գործարարների, նկատելի է, Սերժ Սարգսյանը նշել է, թե դրականը տեսնելով, մարդիկ, իհարկե, դեռևս հեռու են այն մտքից, որ ՊԵԿ աշխատանքում ամեն ինչ կատարելագործված է և այլևս թերություններ չկան: Նա շեշտել է, որ իրականացված զգալի աշխատանքի կողքին դեռևս լուրջ անելիքներ կան:

«Մարդիկ տեսնում են, թե որքան քիչ ժամանակ են այլևս ծախսում իրենց հաշվետվությունների կազմման և, ընդհանրապես, հարկային մարմինների հետ շփման ընթացքում: Սա փաստ է: Մենք, բնականաբար, պետք է այս միտումը շարունակենք: Կցանկանայի, որ նույնատիպ առաջընթաց տեսնեինք մաքսային մարմինների աշխատանքում»,-ասել է Հանրապետության Նախագահը: Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ պատրաստվում է այս շաբաթ արդեն կարգադրություն ստորագրել մեկ պատուհանի սկզբունքը ներդնելու նպատակով, որի իրականացման համար կհրավիրվի մասնագիտացված կառույց:

«Ես կարծում եմ, որ նոր հսկիչ անցագրային կետերի կառուցման հետ միասին, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այս ոլորտում այլևս որևէ խնդիր չունենանք, ու մեր հսկիչ անցագրային կետերը և՛ իրենց տեսքով, և՛ բովանդակությամբ համապատասխանեն եվրոպական չափանիշներին:

Մենք անցյալ անգամ խոսեցինք և այցի ընթացքում ես տեսա, թե ինչպիսի կրթական, վերապատրաստման հնարավորություններ ունեք: Այդ հնարավորություններից օգտվողների թիվն անպայման պետք է ավելացնենք՝ հասնենք մինչև շարքային տեսուչ: Չափազանց կարևոր է, որպեսզի պատրաստվածության աստիճանը, որ ես արդեն տեսնում եմ ղեկավար անձնակազմի մոտ, առկա լինի նաև միջին և ցածր օղակներում: Սա չափազանց կարևոր է, միգուցե, ավելի կարևոր, քան ավելի բարձր պաշտոններում աշխատողների պարագայում, որովհետև մեր ժողովրդի հետ, մեր քաղաքացիների, հարկատուների և ընդհանրապես, բոլորի հետ, ովքեր հատում են ՀՀ սահմանը, շփվում են շարքային տեսուչները՝ այն մարդիկ, ովքեր ուղղակի ներկայացնու են մեր պետությունը»,-նշել է Նախագահը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ՊԵԿ համակարգում աշխատող մարդկանց շփվելու, հաղորդակցվելու կարողությունների զարգացման խնդրին, մանրուք չհամարելով անգամ մաքսային տեսուչի կոկիկ տեսքը, ինչպես նախատեսված է համազգեստ կրելու դեպքում: Այդ ամենը, Նախագահի համոզմամբ, վերաբերմունք են ձևավորում մեր պետական կառույցների նկատմամբ:

Կրկին ընդգծելով բարեփոխումները մինչև վերջ հասցնելու անհրաժեշտությունը՝ Սերժ Սարգսյանը կարևորել է հարկային տեսուչի և բիզնեսի ներկայացուցիչների ուղղակի շփումը նվազագույնի հասցնելով, առավելագույն արդյունք ապահովելը:

«Որքան էլ ասենք, որ մենք վերջին 4-5 տարիների ընթացքում կրկնապատկել ենք բյուջեի եկամտային մասը, այնուհանդերձ, դա բավարար չէ: Բավարար չէ երկու առումով. նախ, մենք այլ մուտքեր, այլ հնարավորություններ չունենք, որպեսզի կատարենք ծախսեր՝ կարողանանք բանակ պահել, ուսուցիչ, բժիշկ վարձատրել: Մենք մշտապես պետք է ավելացնենք մեր հարկային մուտքերը և երկրորդ՝ գիտենք, որ չնայած մեծ աշխատանք է կատարվել ստվերը կրճատելու ուղղությամբ, այդուհանդերձ, այն մնացել է և այլ՝ ավելի զարգացած երկրների հետ համեմատած, բարձր է: Հարկային, մաքսային մարմինների կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որպեսզի նպաստեք մրցակցության ապահովմանը՝ ստեղծելով հավասար պայմաններ: Եթե մեկն ստվերում է աշխատում, մյուսը՝ հարկային դաշտում, բնական է, որ այս երկու տնտեսվարող սուբյեկտների զարգանալու հնարավորությունները միատեսակ չեն: Դա, իհարկե, միայն ու միայն հարկային մարմինների խնդիրը չէ, բայց դուք շատ մեծ անելիք ունեք այստեղ»,-ասել է Նախագահը և խորհրդակցության ավարտին հույս հայտնել, որ հաջորդ հանդիպման ժամանակ արդեն անդրադարձ կլինի այսօր ներկայացված ծրագրերի հաջող ընթացքին: ՊԵԿ-ի այսօրվա մոտեցումները, Հանրապետության նախագահի համոզմամբ, անկասկած հնարավորություն են տալու համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար:

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել ՊԵԿ աշխատակիցներին իրենց կարևոր առաքելությունն իրականացնելու գործում:

Արմեն Սարգսյանն ազատվել է Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

ստորագրելՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ա. Սարգսյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»,- ասված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով նախագահը Ռ. Վարդանյանին  նշանակել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Ռաիսա ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հանոյ)»:

Սփյուռքահայ ուսանողներին ընդունել է նախարար Ս.Օհանյանը

1 (11)Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարություն են այցելել մի խումբ սփյուռքահայ ուսանողներ, ովքեր մասնակցում են «Հայաստանի բարեգործական ընդհանուր միության» Երևանի ամառային փորձառության շրջանին: Ծրագրի նպատակն է` ուսանողներին ներկայացնել  Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունը և անկախության ձեռքբերումները:

ՀՀ ՊՆ վարչական  համալիրում տեղի ունեցավ ԱՄՆ-ից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից և Ավստրալիայից ժամանած 29 սփյուռքահայ ուսանողների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրեց հայկական բանակի կազմավորման փուլերը, գործունեության հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, մանրամասներ Հայաստանի և այլ երկրների միջև ռազմական համագործակցության մասին: Սեյրան Օհանյանը պատասխանեց նաև զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, ռազմական կրթության, զինված ուժերում կանանց դերակատարության վերաբերյալ սփյուռքահայ ուսանողներ հուզող հարցերին:

ՀՀ ԱԳՆ. Հ. Հարությունյանն ապահովված է 2 փորձառու փաստաբանով

ԱգնՀՀ ԱԳՆ ֆեյսբուքայն էջում հայտարարություն է տեղադրվել, որում մասնավորապես ասվում է. «Հրաչյա Հարությունյանը ապահովված է երկու փորձառու փաստաբանով, թարգմանիչով։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է քննչական մարմնի և Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ»։

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀանրապետության տարածքում`

Հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-21-իգիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին առավելապեսհյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև ևամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակքամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ը կնվազի 3-5 աստիճանով:

 

Երևանում՝

Հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-21-ը հնարավոր է ամպրոպ,տեղումների հավանականությունը փոքր է:

 

Երևանի հուլիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    40.10C (1983 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       13.20C (1928 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   26.20C

 

Երևան-Բաթումի-Երևան գնացքի ծառայություններից օգտվել են արդեն 5 հազար ուղևորներ

հկե«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև հուլիսի 11-ը տեղափոխվել է 5089 ուղևոր: Դա 4,1%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Միայն հուլիսի 1-ից մինչև 11-ը գնացքի ուղևոր էին դարձել 2 846 մարդ, ինչը 5,1%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ տեղափոխվել էր 2 707 ուղևոր:

Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև հուլիսի 11-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 12 401 տոմս, ինչը 28%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը:

Ուղևորափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ում հետևողականորեն տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղևորների սպասարկման որակի բարձրացմամբ:

Նաև թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետության մակարդակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը:

ՀՅԴ-ն Պռոշյանի ընտրությունների մասին

ՀՅԴՀուլիսի 14-ին Պռոշյան համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ընտրություններն արտահերթ էին, քանի որ սպանվել էր գործող գյուղապետ, ազատամարտիկ, “Մարտական Խաչ” 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրաչ Մուրադյանը:

Թե Պռոշյանի բնակիչները, թե հասարակությունը, թե մենք համոզված էինք, որ միայն արդար ու ազատ ընտրությունները կլինեին լուրջ երաշխիք` մեղմելու լարվածության ու կասկածանքի մթնոլորտը գյուղում, կնպաստեին ներհամայնքային համերաշխության ձևավորմանն ու սպանության լիարժեք բացահայտմանը:

Հույս կար, որ գոնե այս ընտրությունները, հաշվի առնելով վերոնշյալ առանձնահատուկ հանգամանքները, կանցնեն բնականոն հունով` սկսած առաջադրվողներից մինչև բուն ընտրական գործընթացը:

Ցավոք, ընտրություններն անցան վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր մակարդակների ընտրություններին հատուկ տրամաբանությամբ: Կրկին գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները` վարչական լծակների կիրառում, արտաքին միջամտություն,  պարտադրանք, ընտրակաշառք և այլն:

Արդյունքում հաղթանակն արձանագրվում է սպանված համայնքապետի` նախորդ ընտրություններում մրցակից հանրապետական թեկնածուի օգտին:

Քաղաքական ցինիզմի այսօրինակ դրսևորումը խաթարեց ընտրական գործընթացը, խորացրեց համայնքում առկա լարվածությունը:

Հակառակ այս իրողությանը` մենք հորդորում ենք Պռոշյանի բոլոր բնակիչներին տուրք չտալ նոր լարվածություն ստեղծելու հնարավոր փորձերին, միաժամանակ վստահեցնում ենք, որ հասարակության համախմբմամբ հետամուտ ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը և մեղավորներին պատժելուն:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Մետաքսի ճանապարհի Սևծովյան միջանցքի ծրագրի բացումը Նորավանքում. ծրագրի միջազգային գործընկերները՝ Հայաստանում

Հուլիսի 16-ին Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի, հույն և թուրք գործընկերները ազդարարեցին անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ: BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչև հայկական Մեղրի: Ծրագիրն, ի թիվս տարբեր նախագծերի, կներառի սմարթֆոնների հավելվածների մշակում iPhone-ների, iPad-ների, ինչպես նաև Android և Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների և պլանշետների համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից:

DSC_0207Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Հունաստանի, Վրաստանի, Իտալիայի և Չինաստանի դեսպանները, Հայաստանի մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները դիտեցին Արենի և Շատին գյուղերից պարողների և երաժիշտների կատարումները, մասնակցեցին տեղի գյուղացիների աղուհացի միջոցառմանը, շրջեցին Նորավանքի համալիրի տարածքում և այցելեցին մոտակա գինու գործարանը:

«Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի ծրագիրը հայկական քաղաքակրթությունը՝ որպես համաշխարհային քաղաքակրթության մաս, խթանելու հավելյալ միջոց է: Այն հնարավորություն է տալիս հարևան երկրներին համագործակցել մշակութային ոլորտում, ինչը նպաստում էզբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացմանը և դրական ազդեցություն է գործում ենթակառուցվածքների և ծառայությունների որակի վրա: Այս ծրագիրը կամրապնդի նաև Հայաստանի դիրքը՝ որպես զբոսավայր, ինչը շատ կարևոր նախապայման է Հայաստանում զբոսաշրջային զարգացման համար»,- ասաց Ճանապարհորդությունների հայկական բյուրոյի տնօրեն Հովհաննես Մարգարյանը:

«Մետաքսի ճանապարհը պատմության ընթացքում շատ կարևոր առևտրային ուղի է եղել, և պատմական այս վայրերը նպաստել են տարբեր երկրների զարգացմանը: Այսօր մենք փորձում ենք վերականգնել Մետաքսի ճանապարհի միջանցքը՝ որպես զբոսուղի և թաքնված գանձ»,- ասաց Թուրքիայի Տնտեսագետների ասոցիացիայի նախագաhի տեղակալ Ֆիրատ Պոլատ:

Ծրագրի հունաստանյան գործընկեր Պիրուս Մերկուրիսի խոսքով՝ բջջային հեռախոսների նոր տեխնոլոգիաները և հավելվածները զբոսաշրջիկներին հնարավորություն կտան տեղեկատվություն ստանալ այցելության համար հետաքրքիր վայրերի և զբոսաշրջային ծառայությունների մասին: Առցանց այս համակարգը կներկայացվի զբոսաշրջային գործակալություններին և զբոսաշրջության ոլորտի մասնագետներին, հատկապես՝ նրանց, ովքեր հետաքրքրվում են GPS համակարգի և բջջային հեռախոսների հավելվածների միջոցով պատմական և բնական զբոսավայրերն իրար կապելու խնդիրներով: Նրանք կարող են այդ զբոսուղիներն օգտագործել զբոսաշրջային նոր փաթեթներ մշակելու և այդպիսով զբոսաշրջության տեղական գրավչությունները զբոսաշրջիկների համար առավել հասանելի դարձնելու համար:

«Այս ծրագիրը Վրաստանը կապում է Հայաստանի, Թուրքիայի և Հունաստանի Մետաքսի ճանապարհի զբոսուղիների հետ, ինչը կարևոր է անդրսահմանային հաղորդակցությունն ու Մետաքսի ճանապարհի երկայնքով մեկ` տարբեր մշակույթներ կրող մարդկանց անմիջական շփումներն ու փոխըմբռնումը խթանելու համար»,- եզրափակեց  Վրաստանի «Թաձրելի» հիմնադրամի տնօրեն Սիմոն Կոփաձե:

Բողոքի ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև (լուսանկարներ)

MHM79937 copyԱյսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև: Նրանք բողոքել են Ռուսաստանում 18 մահվան պատճառ դարձած ՃՏՊ-ի մասնակից հայ վարորդի նկատմամբ խտրական վերաբերմունքից: ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին  դատարանի դահլիճ էին բերել ծաղկավոր խալաթով:

Դոլարի գինը բորսայում` 410 դրամ

դոլարՀուլիսի 16-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:

NASDAQ OMX Armenia

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Սալոնիկի քաղաքապետի եւ հայկական համայնքի նախագահի հետ

Sharmazanov handipumԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 16-ին ընդունեց Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսին եւ Սալոնիկի հայկական համայնքի նախագահ Վարդգես Կոդակսյանին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիկի Դիկոպուլուն:

ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, կարեւորեց նրանց այցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին:Էդուարդ Շարմազանովը երկու երկրների դինամիկ զարգացման հնարավորությունը պայմանավորեց հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, քաղաքակրթական ընդհանրություններով,  կարեւորեց երկու երկրների քաղաքների ու համայնքների արդյունավետ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ Սալոնիկի եւ Գյումրու միջեւ փոխգործակցության զարգացումը եւ խորացումը նոր որակ կհաղորդեն հայ-հունական հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսեցին Հայոց ցեղասպանությունից. երկուստեք արձանագրեցին, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է: ԱԺ փոխնախագահը անհրաժեշտ համարեց համատեղ ուժերվ պայքարել ռասիզմի, քսենոֆոբիայի եւ ֆաշիզմի դեմ:

Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն հայտնեց զարգացնելու Սալոնիկի եւ Գյումրու միջեւ համագործակցությունը, հատկապես մշակութային ոլորտում: Քաղաքապետը տեղեկացրեց, որ 2014 թվականին Սալիոնիկը հռչակվելու է Եվրոպայի երիտասարդության մայրաքաղաք:

Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ պետք է ամեն ինչ անել երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում ձեւավորված համագործակցությունը դարձնելու ավելի ակտիվ ու արդյունավետ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության, դարերով ձեւավորված բարեկամության ու փոխադարձ հարգանքի:

 

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. առաջին կիսամյակի գնահատման և վերլուծության արդյունքները

001 (23)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Ավան,  Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում:

Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է: Ըստ այդմ, քաղաքապետը համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է անձամբ այցելել համեմատաբար ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմեր, վերլուծել կիրառվող մոտեցումներն ու քայլեր ձեռնարկել աշխատանքների առավել արդյունավետ  կազմակերպման ուղղությամբ:

Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև չբավարարվել ձեռքբերածով, առավել հետևողական աշխատանք տանելով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ և անել հնարավորը առավելագույն արդյունքներ ապահովելու համար: «Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով` մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականցվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա չորս տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երևանցիներին»,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև հանձնարարել է վարչական շրջանների գործառույթների գնահատման շրջանակում ներառել նաև Երևանի ավագանու որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանումը, ինչպես նաև տարվա յուրաքանչյուր սեզոնին բնորոշ աշխատանքների իրականացման համեմատական վերլուծությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն