Հուլիսի 1-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի 16-րդ փողոցի թիվ 14 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը (գյուրզա) և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 1-ին, ժամը 05:52-ին ահազանգ է ստացվել, որ Ե. Քոչարի և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ Օղակաձև այգում, այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել` 06.12-ին: Վ. Գրիգորյանին պատկանող առևտրի կրպակի դիմաց այրվել է հյութերի սառնարան և անձրևանոց:
***
Այրվել է ավտոմեքենայի վարորդի խցիկը
Հուլիսի 1-ին, ժամը 03.51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 18 տան մոտակայքում այրվում է կայանված ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել` 04.22-ին: Ամբողջությամբ այրվել է Լ. Էվոյանին պատկանող չշահագործվող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը:
***
Հրդեհ «Արիկո-Գոռ» ՓԲԸ-ում
Հուլիսի 1-ին, ժամը 03.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնիխճուղու թիվ 4 հասցեում` «Արիկո-Գոռ» ՓԲԸ-ի վառարանում, այրվում է յուղի շերտ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.46-ին, մարվել` 05.02-ին: Վառարանի մեջ այրվել է յուղի շերտ (3×3 մ):
***
Հրդեհ Արգավանդ գյուղի փայտի արտադրամասում
Հունիսի 30-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի «Մեծ անիվ» ՍՊԸ-ի մոտակայքում այրվում է փայտի արտադրամաս:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգավանդ գյուղի Երկաթգծի 3-րդ փողոցի թիվ 6 տանը կից փայտի արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել` 21.55-ին: Ա. Ասատրյանին պատկանող փայտի արտադրամասում այրվել է 10 խմ փայտ և թեփ:
Հունիսի 30-ին, ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի մոտակայքում քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Խաչատրյանն ինքնուրույն դուրս է եկել գետից և դիմել Իջևան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Հունիսի 30-ին, ժամը 08.57-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ս. Դավթի փողոցի թիվ 20 տան բակում օձ է նկատվում, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Բերդ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները տան բակից հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
Բաբաջանյան փողոցում օձ է հայտնաբերվել
Հունիսի 30-ին, ժամը 10.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 30 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
Ջրվեժի ամառանոցների տարածքում օձ է հայտնաբերվել
Հունիսի 30-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի ամառանոցների 3-րդ տարածքի թիվ 9/6 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը (գյուրզա) և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Փրկարարները տեղափոխել են օձը անվտանգ վայր
Հունիսի 30-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքիԱղայան փողոցի թիվ 6 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 30-ին, ժամը 09.12-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արարատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 18 ՍՏ 917 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել 1981 թ. ծնված Ա. Գևորգյանի դին (Վանաձոր քաղաքի բնակիչ):
Հրշեջ-փրկարարները տուժածներ` 1993 թ. ծնված Մ. և 1968 թ. ծնված Վ. Դավոյաններին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածներին հոսսպիտալացրել են Արարատի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Բժիշկները Մ. Դավոյանի վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Դավոյանինը` բավարար:
Այրվում է Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Ճարտարապետների միության մասնաշենքը: Այն գտնվում է միության հիմնական շենքի ետևում և ամբողջ արխիվը պահպանվում է այդ մասնաշենքում: Քիչ առաջ պարզ դարձավ, որ
հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության շենքի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 17.47-ին: Շենքի տանիքից այրվել է 600 քմ հատված:
Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հարգելի Սերժ Ազատի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Դուք իրավամբ վայելում եք բարձր հեղինակություն Ձեր Հայրենիքում և արտերկրում: Դժվար է գերագնահատել Ձեր ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա:
Մեր վերջին հանդիպումները նպաստեցին երկկողմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում կառուցողական համագործակցության, միջազգային ասպարեզում, հատկապես՝ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Այդ ամենը բխում է Ռուսաստանի և Հայաստանի արմատական շահերից, ընթանում է Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման հունով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:
Գյումրիի Վարդանանց հրապարակում գրեթե ավարտված են նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ հունիսի 30-ին Գյումրին վերջապես կստանձնի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տիտղոսը: Այդ օրը` երեկոյան տեղի կունենա ծրագրի պաշտոնական բացումը:
Հանրապետությունում եզակի բեմ է կառուցվել իր չափերով ու հզորությամբ: Արդեն տեղադրվել են 1300 աթոռներն ու նստարանները: Քաղաքի գրեթե ամբողջ ազգաբնակչությանն արդեն բաժանված են համապատա
սխան լոգոյով շապիկներ ու գլխարկներ:
Հյուրեր են լինելու ԱՊՀ տասը երկրից:
“Բեմն ամբողջությամբ նվեր է մեզ “Հայռուսգազարդ”-ի կողմից: Բեմի մեկ օրվա արժեքը 5 մլն դրամ է: Մենք վճարում ենք միայն բեռնափոխադրման և տեղադրման աշխատանքների համար` մոտ 1 մլն 600 հազար դրամի չափ”, – ասում է Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:
Միջոցառման գեղարվեստական մասից փոխքաղաքապետը չուզեց փակագծեր բացել` դա համարելով օրվա անակնկալ: Միայն նշեց, որ միջոցառումը կազմված է 3 մասից. առաջինում կներկայացվի Գյումրիի մշակույթը, երկրորդում ելույթ կունենան հանրապետության լավագույն կատարողները` մեծամասամբ գյումրեցի ծագում ունեցող: Իսկ ահա երրորդ մասը հյուրերինն է: Քաղաքապետարանի շենքին ցուցադրվելու է նաև 3D անիմացիա:
Նախագահի մոտ տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը: ***
Նախագահի բացման խոսքը քննարկման ժամանակ
Բարև ձեզ,
Այսօր մենք հավաքվել ենք շարունակելու մեր քննարկումները բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ: Այս թեմայով մենք վերջին տարիների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք: Ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է բավականին ուժեղացնել վերահսկողական բաղադրիչը, և այսօր որևէ մեկը, ով մտադրվել է ինչ-ինչ մեքենայություններ անել, չի կարող հանգիստ լինել, որ վաղն իր ետևից չեն գալու ու բացատրություններ չեն պահանջելու: Ես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր ձեռքբերում է: Առաջընթաց ունենք նաև գնումների կազմակերպման գործընթացի կանոնակարգման և տեխնիկական-կազմակերպչական հարցերում: Սա է իրականությունը: Բայց ակնհայտ է, որ սա մեծ գործընթացի ընդամենը սկիզբն է:
Այո, հիմնական սխեմաները, որոնք աշխատել են տարիներ շարունակ և, եթե ազնիվ լինենք, պետք է ասենք՝ տասնամյակներ շարունակ, բոլորիս հայտնի են: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ գերատեսչությունների կողմից իրականացվող մրցույթները շահում են նույն կազմակերպությունները կամ նույն մարդիկ, ովքեր կանգնած են այդ կազմակերպությունների հետևում: Տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ պետական գնումներով ձեռք բերված ապրանքներն ու ծառայություններն ավելի թանկ են, քան դրանք առկա են շուկայում: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ այդ մրցույթները շահում են կազմակերպություններ և մարդիկ, ովքեր առնչություն չունեն տվյալ ոլորտների հետ: Շինարարական մրցույթները շահում էին, հիմա էլ շահում են մարդիկ, ովքեր շինարարության հետ կապ չունեն: Այնուհետև այդ աշխատանքները ինչ-ինչ պայմաններով ստիպված են լինում կատարել ուրիշների միջոցով: Խոսքս դասական եղանակներին չի վերաբերում: Եվ ամենավատն այն է, որ այդպիսի դեպքերում փաստաթղթերը կազմում են շատ ճիշտ, օրենքի տառին համապատասխան: Եվ շատ դեպքերում այդպիսի մարդկանց ձեռքից բռնելը դժվար է լինում: Բայց մենք շատ հստակ գիտենք կամ գոնե կասկածում ենք, որ դեպքն այդպիսին է: Ասածս հետևյալն է, որ փաստաթղթերի ճիշտ կազմումը դեռևս երաշխիք չէ, որ գործընթացն ընթանում է արդար, արդյունավետ և պետության համար ընդունելի եղանակով: Այսինքն՝ այսպիսի դեպքերում միշտ չէ, որ մենք կարողանում ենք պետական միջոցներն արդյունավետ օգտագործել, մինչդեռ՝ պարտավոր ենք: Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք, և մեր ջանքերն այդ ուղղությամբ, իհարկե, պետք է ավելացնենք: Այո՛, այս փուլում, երբ պետությունն ինքն է ամենաբարձրը խոսում առկա թերությունների մասին, հրապարակավ մատնանշում ռիսկային ոլորտները, կարող ենք ունենալ նաև հասարակական ընկալում, թե ամենուր և ամեն ինչը կոռումպացված է, կոռուպցիան իբր աճում է, պետական միջոցներն իբր համատարած թալանվում են. մանավանդ, որ մենք շահարկողների պակաս չունենք: Մենք այս վտանգը շատ լավ հասկանում ենք: Բայց սա է այն անխուսափելի ճանապարհը, որ մեզ կտանի դեպի ցանկալի հանգրվան: Մենք չենք կարող առաջվա պես ամեն ինչը պահել փակի տակ, որպեսզի կոռուպցիայի ավելացման ընկալում չունենանք ու նաև միաժամանակ հուսանք, որ ինչ-որ մի ժամանակ գործընթացները կմտնեն ցանկալի հուն: Այդպես չի լինում: Մե՛նք ենք առաջինը հրապարակային պարսավանքի ենթարկել և ենթարկելու ենք այդ երևույթները, մե՛նք ենք առաջինը մատնացույց անելու գողությունը, մե՛նք ենք առաջինը խոսելու թերությունների մասին, որպեսզի պետության հիմքերը խարխլող այս երևույթի դեմ ստեղծենք հանրային անհանդուրժողականության այնպիսի միջավայր, որը թույլ չի տա, որպեսզի վաղը որևէ մեկի մտքով անցնի գնալ այդ ճանապարհով: Այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլորը խոսում են այս երևույթների մասին, բայց միաժամանակ կանոնակարգման գործընթացներն էլ առաջ են գնում: Միգուցե, նման մթնոլորտը հաճելի չի պետական մեր պաշտոնյաների համար, բայց, նորից եմ կրկնում, մենք այլ ճանապարհ չունենք: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք ճիշտ ճանապարհ դուրս գալու համար: Եվ ես վստահ եմ, որ այդ ժամանակը տեսանելի ապագայում է, շատ հեռու չէ:
Հիմա ուզում եմ մի քանի կոնկրետ հարցերի մասին խոսել և ասել, որ ունեմ մի քանի դիտարկումներ, որոնք ուզում եմ ուղղել տարբեր կառույցների ղեկավարներին և, իհարկե, ակնկալում են նաև այդ կառույցների ղեկավարների ելույթները կամ գնահատականները, որպեսզի մենք կարողանանք գալ ընդհանուր և ճիշտ եզրակացության:
Պարո՛ն վարչապետ,
Ես տեսա, որ Դուք արդեն հանձնարարել եք բոլոր գերատեսչությունների պատասխանատուներին՝ հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին: Իմ հորդորն է, արա՛գ արեք դա, արե՛ք բաց, թափանցիկ: Մենք որևէ փաստից վախենալու կամ մտահոգվելու առիթ չունենք: Այս խնդիրները՝ լինեն դրանք կառուցվածքային, լինեն դրանք քրեական բնույթի կամ որևէ այլ, պետք է լուծվեն և պետք է լուծվեն արագ: Կա՞ն պրոբլեմներ, որտեղ գերատեսչությունների ղեկավարները կամ կառավարությունը դժվարանում են կողմնորոշվել՝ սա քրեակա՞ն բնույթի է, թե՞ զուտ կազմակերպչական, արագ ուղարկեք համապատասխան մարմիններ: Դա կլինի Ձեր ամենաճիշտ, ամենալավ պատասխանը հնչող քննադատություններին: Իմ կարծիքով, Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ենթադրում են պարտադիր լուծումներ: Սրանք ոչ թե լսել-առաջ անցնելու համար են, ոչ թե տարբեր շրջանակներում քննարկելու համար են, այլ իրավիճակն ուղղելու համար են: Գոնե ես այդպես եմ մտածում: Մենք մեր նախորդ քննարկումներից հետո հետևում ենք կատարվող աշխատանքներին: Կարևորում ենք բոլոր այն քայլերը, որ մեզ պիտի տանեն.
– էլեկտրոնային գնումների դաշտում առկա խնդիրների վերացմանը: Մենք ժամկետներ ենք պայմանավորվել և խնդրում եմ հստակորեն այս ժամկետները պահպանել:
– գնումների հաշվետվությունների ստացմանը, վարմանը և սահմանված կարգով հրապարակմանը: Եվ պետք չէ մտավախություն ունենալ, որ այդ հաշվետվությունների հրապարակումից հետո 1, 2 կամ 3 օր հետո տեղի մամուլը սկսում է գրել, որ 300.000 դրամ ծախսեցին հյուրասիրության համար, 700.000 դրամ ծախսեցին և այլն: Եթե դրանք ծախսում են մեր նպատակներին համահունչ, ըստ ծրագրի և ծախսում են ազնվորեն, ի՞նչ խնդիր ունեք: Եվ պետք է հորդորել գերատեսչությունների ղեկավարներին, որ անմիջապես նեղացածի դիրք չընդունեն, չասեն՝ մի պատվիրակություն եկավ, մենք ընդամենը 1 մլն դրամով կարողացանք բոլոր հոգսերը հոգալ, իսկ մեր մասին գրում են, որ 1 մլն դրամ ծախսեցինք: Գրում են, թող գրեն: Եթե այստեղ խնդիր չկա, մենք ինչո՞ւ պետք է նեղացածի դիրք ընդունենք:
– գնումների աջակցման կենտրոնի, ֆինանսների նախարարության և պատվիրատուների համակարգված գործունեությանը: Սա չափազանց կարևոր է: Եվ այս երեք միավորները մշտապես, իրոք, պետք է համակարգված աշխատեն և պետք է երևա համակարգողի դերը:
– բոլոր պատվիրատու կազմակերպությունների կողմից մեկ անձից գնումներ կատարելու դեպքերի կրճատմանը: Բայց այստեղ ուզում եմ որոշակի բացատրություններ տալ, որովհետև ես երևույթներ եմ նկատում, երբ մեր այս պահանջը փորձում են ի չարս գործադրել, փորձում են որպես առիթ օգտագործել և ասել, քանի որ մենք սահմանափակված ենք մեկ աղբյուրից գնում կատարելու հարցում, ստիպված մրցույթ հայտարարեցինք և մրցույթին ահա այսպիսի առաջարկություններ կային: Իմ ասածը չի վերաբերում այն դեպքերին, երբ մրցույթին մասնակցում են սահմանափակ քանակով մատակարարներ, որոնց առաջարկած ծառայությունները և ապրանքներն ակնհայտորեն բարձր են նրանց իրական արժեքից: Ուզում եմ կոնկրետ օրինակ բերել կապված դեղերի ձեռքբերման հետ: Ինսուլինի հետ կապված այդ ողջ պատմությունը, երբ տարիներ շարունակ մենք ինսուլին ձեռք էինք բերում բարձր գներով, եթե չեմ սխալվում 4500 դրամին մոտ 1 սրվակի համար, և երբ հասկացանք դա, տեսանք, փորձեցինք մի աղբյուրից ձեռք բերել, հայտնվեցին մարդիկ, ովքեր ավելի էժան առաջարկեցին, քան տվյալ մեկ աղբյուրը, որն առաջարկում էր կրկնակի անգամ ավելի էժան, և ինչքան էժան, 2-3 դրամ էժան: Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ մեքենայություն կա: Եվ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ նախարարը այսպիսի հարցերի դեպքում չպետք է երկար-բարակ մտածեն, թե վաղը մեզ քննադատելու են, ասելու են այս մեկը 2 դրամ պակաս է տվել: Ակնհայտ չէ՞, թե ինչու է այս մեկը 2 դրամ պակաս տվել: Ո՞վ կարող է որևէ նախարարի քննադատել, եթե այդ նախարարը կրկնակի ավելի էժան գներով մեկ աղբյուրից է ձեռք բերում այդ ապրանքը:
– Եվ, իհարկե, մենք պետք է հասնենք գերատեսչության ղեկավարի անձնական պատասխանատվության մակարդակի էական բարձրացմանը: Եվ սա պետք է լինի ոչ թե ձևական, մենք տառակերությամբ չպետք է զբաղվենք, այլ պետք է իրականությունը կարողանանք ճիշտ գնահատել: Ինձ համար ավելի ընդունելի կլինի, եթե գերատեսչության ղեկավարը, պահպանելով, իհարկե, որակական չափանիշները, նվազեցնի ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների գները, քան թե այն ղեկավարը, որը պետք է ղեկավարվի օրենքի տառով, բայց արդյունքում ունենանք անհասկանալի գներով ձեռքբերված ապրանքներ և ծառայություններ:
Հիմա Վերահսկիչ պալատի մասով:
Պարո՛ն Զաքարյան,
Մենք պիտի կարողանանք պահպանել, պահել այն ընկալումը, որ յուրաքանչյուր ծրագիր աչալուրջ վերահսկողության տակ է, իսկ առկա թերացումներն անխուսափելիորեն բացահայտվելու են ու հետո ստանալու են իրենց գնահատականները: Բոլորը պիտի հասկանան, որ այսօրվա իրենց կատարածը, իրենց գործած սխալները, հանցագործությունները վաղն անպայման բացահայտվելու են: Այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող: Բոլոր գերատեսչությունները պետք է զգան Վերահսկիչ պալատի հայացքը, Վերահսկիչ պալատի ձեռքը, բայց դա, իհարկե, չպետք է լինի օրենքով նախատեսված ժամկետների խախտման արդյունքում կամ ոչ օրինական գործողությունների արդյունքում:
Բայց ես ունեմ նաև մի քանի դիտարկումներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել: Նախ, աշխատանքի տեմպը չպետք է գցել անկախ որևէ քննարկումներից: Եվ, ինչպես ասացի, բոլորը պիտի զգան Վերահսկիչ պալատի տեսանելի կամ նույնիսկ անտեսանելի ներկայությունը: Երկրորդ, պալատը պետք է սկզբունքային լինի բոլոր ծրագրերի նկատմամբ և հավասարապես օբյեկտիվ լինի բոլոր դեպքերում: Չափազանց կարևոր է, որ թերությունները հայտնաբերվեն ոչ թե 1, 2, 3 տարի հետո, այլ ընթացքում: Սա նորմալ, կանխարգելիչ գործողություն է, որ պետք է իրականացնել և դա շատ ավելի արդյունավետ կլինի: Եվ վերջապես, քանի որ մենք աշխատում ենք բաց, հրապարակային դաշտում, պիտի կարողանանք առավել հավասարակշիռ լինել մեր արտահայտություններում և որակումներում, որպեսզի չվնասենք մեր գործառույթից դուրս այլ գործընթացներին, որպեսզի ավելորդ ընկալումներ չլինեն հասարակությունում: Պալատի գործը խնդիրները վեր հանելն է՝ դրանք առաջ բերող բոլոր կառուցվածքային, կանոնակարգային և մարդկային գործոնների հետ միասին:
Պրոֆեսիոնալ մարմինը, գրավոր թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ, պետք է, պարտավոր է հրամցնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ: Ճիշտ այնպես, ինչպես աշխատում է մեր Ազգային վիճակագրական ծառայությունը: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը կարողանա Ստեփան Մնացականյանին հունից հանել կամ ստիպել, որպեսզի նա բացատրի իր հրապարակած որևէ թվի պատճառները կամ հետևանքները: Ստեփան Մնացականյանի գործը արձանագրելն է, թե որքան տնտեսական աճ ունեցանք, օրինակ: Նրա խնդիրը չէ, որպեսզի ասի, որ էկոնոմիկայի նախարարությունը վատ աշխատեց, դրա համար մենք ունեցանք տնտեսական անկում: Դա բոլորովին այլ մարդկանց խնդիր է, դա քաղաքական գործիչների խնդիրն է, վերադասի խնդիրն է, փորձագետների խնդիրն է, ի վերջո դա զանազան մասնագետների խնդիրն է, բոլորի խնդիրն է, բացի կոնկրետ պրոֆեսիոնալ մարմնից:
Ես ընդհանրապես Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում: Հսկայական ապարատ ենք պահում: Այստեղ պետք է մենք շատ լրջորեն զբաղվենք և՛ գործունեության վերակառուցմամբ, և՛ եթե անհրաժեշտ է, ապա նաև օրենսդրական փոփոխություններով: Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին: Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-ի աշխատանքը: Այդպես մենք ո՞ւր կհասնենք: Եվ ընդհանրապես խոսքը միայն ՎՊ-ին չի վերաբերում: Պետք է պաշտոնատար անձը պատասխանատու լինի իր արտահայտությունների համար:
Եթե պաշտոնատար անձը մի տեղ ելույթ է ունենում, հարցազրույց է տալիս, պետք է աշխատել այդ ելույթի վրա, այդ հարցազրույցի վրա: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ մարդիկ ուղղակի փողոցով գնալուց, կարող են շրջվել, մեկ էլ սկսեն մեր տնտեսության խնդիրների մասին խոսել կամ ընդհանրապես մեր հասարակության խնդիրների մասին խոսել առանց նախապատրաստվելու, այդ մարդիկ չեն կարող օգուտ տալ մեր պետական շինարարությանը: Եթե ես այսպիսի խորհրդակցություն եմ հրավիրում և հիմնականում ընթերցում եմ, դա նրանից չի, որ ես չեմ կարող ամենը բանավոր ասել: Բոլորս այս հարցերում պետք է շատ զգույշ լինենք: Մեկը մի քիչ ավելի էմոցիոնալ է, մյուսը մի քիչ ավելի հանգիստ, հանդարտ է: Բայց դա չի նշանակում, որ մենք տարբեր ամբիոններից, տարբեր տեղերից պետք է փորձենք մեր անձնական փիարն անել: Բացառվում է: Ես այդպիսի մոտեցումներին կատեգորիկ դեմ եմ:
Դատախազության մասով:
Պարո՛ն Հովսեփյան,
Ձեր խնդիրն է լինել հստակ և կատարել օրենքի պահանջները: Անկախ նրանից, ՎՊ-ն Ձեզ հաշվետվություն է ուղարկել, չի ուղարկել: Հրապարակվե՞լ է, հնչե՞լ է, պարտավոր եք ուսումնասիրել և տալ դրան իրավական գնահատական: Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են: Դա Ձեր ուղղակի պարտականությունն է: Եվ ճիշտը դա է, այլ ոչ թե զանգել ՎՊ նախագահին և ասել՝ ինչո՞ւ ես այսպիսի բան արել: Դա իմացար դու, իմացավ ՎՊ նախագահը: Բայց ամբողջ հասարակությունը խոսում է նրա մասին, որ 700 մլրդ փող են լափել: Պարզ քաղաքացին իրավունք ունի այդպես մտածելու, բայց մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, չէ՞, որ դա մեր բյուջեի 70 տոկոսն է և այդ 700 մլրդ ծառայություններ կամ շինարարություն կատարելու համար չէ, ծառայություններ կամ ապրանքներ ձեռք բերելու կամ շինարարություն կատարելու համար չէ: Ակնհայտ է, չէ՞, այդ թիվը հնչել է միտումնավոր, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, այդ թվի 1/3-րդը գրեթե տնօրինում է պաշտպանության նախարարությունը, իսկ ՊՆ-ի տնօրինած միջոցների գրեթե 50 տոկոսը աշխատավարձ է: Այսինքն՝ ո՞վ է իրեն իրավունք վերապահում այդպիսի հայտարարություններ անել ու դրանից հետո պատասխան չստանալ: Անթույլատրելի է սա: Բայց դա ձեր գործն է, դուք պետք է դա անեք: Իսկ այն դեպքերում, որտեղ հանցագործություններ կան, խնդրեմ, այլապես հարցեր են առաջանում՝ ո՞վ է այս նյութն ուղարկել դատախազություն, ինչո՞ւ են ուղարկել կամ ինչո՞ւ չեն ուղարկել: Ի՞նչ է նշանակում ուղարկել, չուղարկել: Հնչել է, հրապարակվել է՝ պետք է ստուգել: Բայց ոչ թե պետք է ստուգել, լռել, այլ ստուգել և դրա մասին հայտարարություն անել: Մենք պետք է այս բոլոր դեպքերում աշխատենք այնպես, ինչպես աշխատում էինք ընտրությունների ժամանակ: Երբ մի հայտարարություն է արվում, միանգամից հայտարարությունը հաշվառվում է, գնահատական է տրվում ու դրա մասին հրապարակավ հայտարարվում է: Ուրեմն ես ակնկալում եմ իրավապահ մարմիններից հստակ գնահատականներ բոլոր դեպքերում, բայց ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ ՀՔԾ-ն, և՛ ոստիկանության քննչական մարմինը հրաժարվեն նախկինում եղած պրակտիկայից այն առումով, որ մի տեղ մի փաստ կա՝ միանգամից սկսում են տարածվել, ընդլայնվել և ընդգրկել մեր ողջ տնտեսական դաշտը: Եթե խոսվել է ինչ-որ մի կազմակերպության մասին՝ գնալ այդ կազմակերպություն ու սկսել ստուգել կազմակերպությունը բոլոր ուղղություններով ու հետո այդ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող այլ կազմակերպությունների և այլն, անթույլատերի է: Այդպես մենք չենք կարող աշխատել. կոնկրետ փաստ, փաստի գնահատական ու այնուհետև՝ որոշում: Եվ, ընդհանրապես, իրավապահները շատ քիչ պետք է մտնեն տնտեսության մեջ: Պետք է մտնեն միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը ծայրահեղ է, երբ ակնհայտ հանցագործություն կա: Պետք է մարդկանց թողնել ազատ աշխատեն: Դրա համար մենք ունենք հարկային մարմիններ, որոնք այդ գործով զբաղվում են:
Եվ վերջապես, իհարկե, մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք:
***
Նախագահի բացման խոսքից հետո վարչապետը, գլխավոր դատախազը և ՎՊ նախագահը ներկայացրել են ԱԺ-ում ՎՊ-ի հաշվետվության մեջ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքների, քննարկվող խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը, գնահատականներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:
Թուրքիայում առաջին անգամ հանցանք է համարվել «հայ» բառի վիրավորական իմաստով օգտագործումը: Հայկական ծագում ունեցող Լևոն Բալջըօղլուն և նրա որդին Արթուն Բալջըօղլուն դատական հայց են ներկայացրել քաղաքացի Յուսուֆ Փոլաթի դեմ, որը նրանց «հայ գյավուրներ» է անվանել:
Թուրքական «Սաբահից» Աբդուռահման Շիմշեքի լուրի համաձայն՝ քաղաքացի Յուսուֆ Փոլաթին երկու տարվա ազատազրկում է սպառնում «հայ» բառ հայկական ծագում ունեցող մեկի նկատմամբ ստորացնող իմաստով կիրառելու համար: Եթե դատարանը Փոլաթին մեղավոր ճանաչի, ապա նա կդառնա առաջին մարդը, որը Թուրքիայում կպատժվի հայերին վիրավորելու համար: Դատական գործը քննող մարմինները հայտնել են, որ առաջին անգամ են հանդիպում «հայկականությանը վիրավորելու համար» դատական գործի հետ, որը վարելու են Եվրամիության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սկզբունքների համաձայն:
Հունիսի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Ուգանդայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Ռիչարդ Նդուհուրան, ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:
Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Նյու Յորքում` Ուգանդայի դիվանագիտական ներկայացուցչությունում:
Նույն օրը Նյու Յորքում` Հայաստանի մշտական ներկայացուցչությունում, ստորագրվեց Հայաստանի և Մավրիկիոսի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ:
Դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարության ստորագրման ընթացքում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և Մավրիկիոսի դեսպան Միլան Միթարբհանը իրենց պատրաստակամությունն արտահայտեցին երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ:
Հունիսի 29-ին Հայաստանում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների օրը: Միջոցառումներին առաջին անգամ մասնակցում էր նաև Շիրակի մարզը: Գյումրիի արցախյան ազատամարտին նվիրված “Փառքի թանգարանում” հիշատակի միջոռացում էր կազմակերպվել, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ոստիկանության մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը, “Հայկական Կարմիր խաչի” Շիրակի մարզային ներկայացուցիչները, ազատամարտիկներ, զոհված և անհայտ կորածների ընտանիքներ:
Արցախյան պարտադրված ազատամարտում, ըստ “Կարմիր Խաչի” տվյալների, հայկական կողմը տվել է մոտ 6000 զոհ և 600 անհայտ կորած ազատամարտիկներ: Իսկ Շիրակի մարզից 12 անհայտ կորած ազատամարտիկ կա, որից մեկը` սպա: Առ այսօր կատարվում են կորածների տվյալների հավաքագրում, փաստագրվում են անգամ զինվորների այնպիսի արտաքին նշաններ, որոնց զննությամբ հնարավոր կլինի այսքան տարի անց ճանաչել նրանց դիակները:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, դիմելով անհայտ կորածների ընտանիքներին, նշեց. “Ես առանձնապես ասելիք չունեմ. դժվար է գտնել սփոփանքի խոսքեր որդեկորույս մոր կամ հարազատի համար: Միակ բանը, որ ես կասեմ` հույսով սպասենք, հույս ունենանք` մի բարի լուր կստանանք: Այսօր այցիս նպատակը մի քիչ այլ է. այն ընտանիքները, որոնք բացի մեծ կորստից ունեն խնդիրներ, ես կխնդրեի իրենց պրոբլեմներով դիմեին ինձ”:
՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ նախաձեռնության հերթական հավաքը Հաղթանակ զբոսայգում էր։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ ծրագրով և կամավորների ներգրավմամբ շաբաթ օրերին սանմաքրման աշխատանքներ են իրականցվում Երևանի հանրային օգտագործման տարածքներում։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են դիմում քաղաքապետարան՝ մաքրման աշխատանքներին մասնակցելու համար։
՛՛Անշուշտ, Երևանի բոլոր վարչական շրջանների սանմաքրող ընկերությունները պարբերաբար մաքրում են այս բոլոր տարածքները, սակայն նախաձեռնությունը ավելի մաքուր Երևան ունենալու լրացուցիչ հնարավորություն է, ինչպես նաև քաղաքը մաքուր պահելու ուղեցույց՛՛,-նշել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը։
Քաղաքացիներին իրազեկման և կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաև Երևանի քաղաքaպետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։
՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ նախաձեռնության շրջանակում Հաղթանակ զբոսայգու սանմաքրման օրվան մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները, բուհերի ուսանողներ, ինչպես նաև Խուլերի միավորումն ու ՛՛Ունիսոն՛՛ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ Այս անգամ ևս մասնակիցների ընդհանուր թիվը շուրջ 400 էր։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 23-ից 29-նընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը կանխարգելիչ քայլեր են ձեռնարկել հակառակորդի ակտիվությունը կանխելու համար և մարտագծի ողջ երկայնքով շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հունիսի 29-ին Արցախում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների օրը:
ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ այսօր վերջիններիս հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար մայրաքաղաքի եղբայրական գերեզմանոց են այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ:
Անհայտ կորած ազատամարտիկների օրվան նվիրված միջոցառման ընթացքում նախ՝ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են տեղադրվել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանին, իսկ այնուհետև հնչել են ելույթներ ու մատուցվել է պատարագ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու կառուցվածքը, անդրադարձել մեր երկրի առջև ծառացած խնդիրներին, հարկային, մաքսային ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ստվերի կրճատմանը և այլն:
Այդ առումով, վարչապետը նշել է, որ առաջին հերթին քայլեր են ձեռնարկվում խոշոր ձեռնարկությունների գործունեությունը թափանցիկ և վերահսկելի դարձնելու համար: «Ընդ որում, նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ոչ միայն պետական մարմիններին, այլև հասարակությանը: Մենք տպագրում ենք խոշոր ձեռնարկությունների կողմից վճարված հարկերը և հանրությունը կարողանում է վերահսկել նրանց: Այսուհետ, ՀՀ-ում հինգ մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանասական հաշվետվություններն աուդիտորական եզրակացությամբ: Այդ ուղղությամբ առաջին քայլերն ենք դեռևս անում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ոլորտն ամբողջութամբ կանոնակարգելու համար դեռևս պետք է ներդնել օրենսդրական նոր մեխանիզմներ:
Վարչապետը նշել է, որ կառավարության հաջորդ կարևորագույն խնդիրը բիզնեսի և քաղաքականության տարանջատումն է: «Այստեղ էլ առաջին քայլերն ենք ձեռնարկել՝ պարտադրելով ՀՀ 500 բարձրաստիճան պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձանց ներկայացնել իրենց ունեցվածքի և եկամուտների մասին հայտարարգրեր, դրանք դարձնել հրապարակային, որոնց հանրությունը նույնպես կարող է ծանոթանալ: Այսպիսի միջոցառումներով փուլ առ թուլ փորձում ենք քաղաքական գործիչների և խոշոր բիզնեսի գործունեությունը դարձնել հրապարակային, ստեղծել զսպող մեխանիզմներ, որպեսզի քաղաքական գործիչներն իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն անձնական շահերի համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության վարչապետը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերի և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին:
«Էրնսթ ընդ Յանգ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2008 թվականից: Այն հայաստանյան հաճախորդներին առաջարկում է ընկերության կողմից համաշխարհային շուկայում մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկը, այն է՝ աուդիտորական, հարկային և իրավաբանական, գործարքների ուղեկցման և խորհրդատվական ծառայություններ: Երևանյան գրասենյակում աշխատում է 40 մասնագետ: Ամբողջ աշխարհում ընկերությունն ունի 167 հազար բազմազգ աշխատակիցներ:
Հունիսի 29-ին, ժամը 05.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Շեվրոլե ավեո» մակնիշի Լ3001 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` Կարեն Մանգասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հունիսի 28-ին, ժամը 00.30-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել անհայտ մակնիշի և պետհամարանիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկի ուղևորուհին՝ 7-րդ դասարանի աշակերտուհի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: