Հունիսի 29-ին, ժամը 00.00-ի սահմաններում, «ԴՈՋ» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Հրազդան գետը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ս.թ. հունիսի 27-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը
ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:
Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են Վրաստանի պաշտպանական քաղաքականության ու բարեփոխումների, միջազգային խաղաղարար առաքելությունների նրա մասնակցության, ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկաներների, Եվրատլանտյան անվտանգության, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանում սպառնալիքների և մարտահրավերների հետ կապված հարցեր:
Համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի և Մեծ Բրիտանյանի պառլամենտի անդամ, Միջազգային անվտանգային ռազմավարության նախարար, դոկտոր Անդրյու Մերիսոնի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության ընթացիկ ծրագրեր և նոր հեռանկարներ, մասնավորապես՝ միջազգային խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության և վարժանքի, պաշտպանական բարեփոխումների, հումանիտար ականազերծման ոլորտներում, և կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
ՀՀ տարածքում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կբարձրանա 2-3, հուլիսի 2-3-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-4-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Հունիսի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Շահումյան 7-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ տան տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան, որը պատկանել է հանգուցյալ հորեղբորը:
Քաղաքացին նաև նշել է, որ պատրաստվել է կամավոր հանձնել հրացանը, սակայն տեղեկանալով ոստիկանության ծառայողների՝ իր տուն այցելության մասին, ներկայացրել է այն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Հունիսի 28-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 45 շենքի 3-րդ հարկում բնակարան է այրվում, իսկ ժամը 11.55-ին «շտապօգնության» 7-րդ ենթակայանից հաղորդում է ստացվել, որ նշված բնակարանում շնչահեղձ եղած կնոջ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Անդրանիկի փողոցի 45 շենքի թիվ 9 բնակարանի խոհանոցի հատակին հայտնաբերել է 1938 թ. ծնված Հռիփսիկ Թորոսյանի դիակը:
Պարզվել է, որ նշված բնակարանում իրականում հրդեհ չի եղել, իսկ ծուխն առաջացել է գազի սալիկի վրա դրված կաթսայի սնունդն այրվելու հետևանքով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Հունիսի 28-ին տեղի ունեցավ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Caucho» ֆիլմի պրեմիերան։ Լիամետրաժ այս կինոնկարը երեք երիտասարդ արվեստագետների մասին է՝ ռեժիսորի, դերասանուհու և դերասանի (նրանց մարմնավորում են Արսեն Գրիգորյանը, Լյուսի Աբդալյանը, Մանվել Խաչատրյանը), ովքեր բեմադրում են Վ. Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողերը» պիեսը։ Հերոսները որոշում են մինչև իրենց ներկայացման պրեմիերան իրականում խոսել միայն պիեսի դիալոգներով: Խաղը կավարտվի, եթե նրանցից մեկը խախտի կանոնները: Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը բացահայտում է գաղտնիքը. «Ես Սարոյան եմ շատ սիրում, իր ամեն մի տողի մեջ կարող ես 180 իմաստ գտնել: Վաղուց էի երազում նկարել Սարոյանի գործերից մեկը, բայց քանի որ չունեի իրավունքը, ինչը շատ թանկ է, որոշեցի, որ իմ հերոսները կբեմադրեն Սարոյան: Եվ իմ գործը հեշտացավ, և հերոսները գտան իրենց խաղը»:
Ֆիլմի պրոդյուսեր Ինգա Գասպարյանը, ներկայացնելով Լիլիթ Մովսիսյանի հետ համագործակցությունը, նշեց, որ ռեժիսորն իրեն գրավել է իր գաղափարով, ոչ ստանդարտ մտածելակերպով. ֆիլմում շեշտը չէր դրված կոմերցիայի վրա, հիմքում միայն արվեստն է։ Ինգա Գասպարյանը նշեց, որ ֆիլմն առաջիկայում կներկայացվի մի շարք փառատոների։ Նա չբացեց գաղտնիքը և չնշեց, թե որքան է արժեցել կինոնկարի ստեղծումը։ ՙՖիլմի բյուջեն կազմել է իքս գումար և 15 մարդու շատ մեծ էնտուզիազմ՚,- նշեց պրոդյուսերը։
«Կաուչոն» նկարահանվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Գուրջան» թատրոն-հիմնադրամի աջակցությամբ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդ ստեղծագործողներն այսօր հետաքրքրված են կինոարտադրությամբ, և բազմաթիվ են այն ծրագրերը, որ ուղղված են ֆիլմարտադրությանը։ Կ. Ավագյանը նկատեց նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերում առանձնացրել է ֆիլմերի ստեղծման աջակցությունը։ Բոլորովին վերջերս հիմնադրամի աջակցությամբ անցկացվեց նաև կարճամետրաժ ֆիլմերի երիտասարդական փառատոն։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում՝ Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության իններորդ Ազգային համագումարի շրջանակում, հանդիպել է «Նոր ժողովրդավարության» Գլխավոր քարտուղար Մանոլիս Կեֆալոյանիսի հետ:
Երկուստեք կարեւորվել է «Նոր ժողովրդավարություն» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների` որպես ԵԺԿ մեծ ընտանիքի անդամների միջեւ հարաբերությունների խորացումը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ տեղի ունեցող հանդիպումներին:
Կողմերն անդրադարձել են նաեւ այնպիսի մարտահրավերների դիմագրավմանը, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը եւ ռասիզմի դրսևորումները:
Հունիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր:
ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է համանախագահների հետ համատեղ ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` միջնորդների կողմից իբրև մեկ ամբողջություն ներկայացված սկզբունքների և տարրերի հիման վրա:
Արցախյան պատերազմում զոհված յուրաքանչյուր ազատամարտիկ, դեպք, իրադարձություն իր օրն ունի: Այդ առումով բացառություն չեն հունիսի 27-ը` Մարտակերտի ազատագրման օրը և 29-ը` Անհետ կորած ազատամարտիկի հիշատակի օրը:
Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերից ակնհայտ դարձավ, որ մեր հակառակորդը սադրանքներով, ահաբեկչությամբ մարդաորսության և պատանդներ վերցնելու ճանապարհով հարստանալու լուրջ նկրտումներ ունի: Իսկ դա այնքանով էր ակներև, որ փոխանակումների համար խոշոր փրկագին էին պահանջում: Ու դա նրանց համար սովորական «ձեռագիր» դարձավ:
Եթե 1991 թ. ադրբեջանական բանտերը, այդ թվում նաև Շուշին, լցված էին հազարավոր հայերով, ապա 1992 թ., երբ պատերազմը հետզհետե խորանում էր (հիշենք թեկուզ Մարաղայի ողբերգությունը, երբ ավելի քան 50 պատանդ վերցրին), պատանդների նկատմամբ գործադրվող վայրագությունները սաստկանում էին: Մարաղացի պատանդների հետ «աշխատում» էր անձամբ ոստիկանապետը, որը «լավ» ոստիկանապետ լինելուց զատ, նաև լավ փող աշխատող վաշխառու էր, հայ պատանդներին «լավ գնով» վաճառում էր Մինգեչաուրում, Բաքվում, Կիրովաբադում: Եվ մյուս վայրերում էլ պատկերը նույնն էր: Ասել է թե` դա արվում էր պետական մակարդակով: Մարաղացի Լենայի որդին, 3 մլն ռուբլի վճարելով, մորը փոխանակեց սպանված թուրքի հետ:
Իսկ Շուշիի բերդում Քրիստոսի տանջանքներ կրած էջմիածնեցի Արային, որ գերեվարվել էր 1990 թ. Հադրութի շրջանի Դուդուկչի (Քյոռաթաղ) գյուղի մոտակայքում, հանդիպելու բարեբախտություն ունեցա շատ տարիներ առաջ: Ի դեպ, Հայրենական պատերազմի ժամանակ այդ գյուղն իր միջոցներով գնել և ռազմաճակատ է ուղարկել մեկ ինքնաթիռ, որը վարել է Խորհրդային Միության հերոս, գյուղի բնակիչ Աշոտ Գասպարյանը: Կտտանքներով փորձում էին Արայից միայն մի պատասխան, որ իրենց Արցախ է ուղարկել Վազգեն Առաջին կաթողիկոսը: Մեկամյա գերությունից ազատվել է միայն Կարմիր խաչի միջամտությամբ:
Հակամարտության հետևանքով երկու կողմում էլ հայտնվեցին ռազմագերիներ:
1993 թ. ԼՂՀ ՊԲ նախաձեռնությամբ ստեղծվեց պատանդների, անհետ կորածների և ռազմագերիների հարցերով զբաղվող հանձնաժողով: Նման հանձնաժողով էլ Հայաստանի ՊՆ-ում է գործում` համագործակցելով ԵԱՀԿ առաքելության և Կարմիր խաչի հետ: Փորձում էին իրավիճակ շտկել, բայց գաղտնիք չէ,որ մենք ավելի հաճախ ենք բարի կամք դրսևորում, քան մեր հակառակորդը:
Իմ այս կարծիքին համաձայնեց նաև «Անհետ կորած ազատամարտիկների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը, որ նաև պետական հանձնաժողովի անդամ է: Նա իր 13-ամյա հասարակական գործունեության ընթացքում է եկել այդ համոզման: «Փոխանակման առումով մենք ավելի պարտաճանաչ ենք, քան մեր հակառակորդը»: Ըստ նրա` հակամարտության հետևանքով անհետ կորածների ընդհանուր թիվը հասնում է 1000-ի, որից 400-ը` Հայաստանից: Տիկին Առաքելյանը վստահեցնում է, որ ընդհանուր առմամբ փոփոխություն ասվածը չկա, որովհետև եթե փոխանակում է կատարվում, ապա հատկապես վերջին շրջանում պատանդ ընկածներն են փոխանակվում, ոչ թե հակամարտության հետևանքով գերեվարվածները: Թեև նմանատիպ հանձնաժողով էլ Ադրբեջանն ունի բայց, ըստ զրուցակցիս, նրանք երբեք մեր հանձնաժողովի նախաձեռնած դեմ առ դեմ հանդիպումների չեն ներկայանում, անգամ Կարմիր խաչի միջամտությունների դեպքում: Մինչդեռ երկկողմ հանդիպումները կարող են առավել արդյունավետ լինել: Այնպես որ, Առաքելյանի հավաստմամբ, հանդիպումների մեր բոլոր առաջարկները մինչ օրս ապարդյուն են եղել:
Հրադադարից 19 տարի է անցել: Շատ բան է հնացել, շատ բան նորացել, բայց շատ բան էլ նույնն է մնացել: Նույն երկիրն է, նույն ցավը, նախկին գոց դռներն են գուցե մի քիչ բացվել, բայց անհայտ կորած զավակների մայրերը մինչ օրս դեռ սպասում են իրենց զավակների տունդարձին, ինչպես, օրինակ` ստեփանակերտցի Արփիկ մայրիկը, որի միակ որդին` Հրաչը, իր 11 ընկերների հետ 1993 թ. ապրիլի 3-ից անհետ կորել է Մարտակերտի «Պուշկին յալի» պահակակետից, երբ մարտական ընկերները Քարվաճառի ազատագրման մարտին մեկնեցին` նրանց թողնելով պահակակետում: Ամեն դռան թակոցից մոր սիրտը թրթռում է. տեսնես որդի՞ն է, թե՞ որդուց մի լուր բերողը:
1992 թ. հունիսի 12-ին Բուզլուխի սարերում կարոտ թողեց նաև Պռոշյան գյուղի ջոկատի հրամանատար Կարոտ Մկրտչյանը. նրա վերադարձին սպասում են հարազատներն ու ընկերները: Ցավոք, մարտի դաշտից տուն չվերադարձած տղաները շատ են: Այդ թվում` 76 ազատամարտիկ` «Արաբո»,«Զեյթուն», Հոկտեմբերյանի «Արծիվ-13» ջոկատների արծիվ տղաներ…
Մարաղայի իրադարձություններից հետո Լենինավանի և Կարմիրավանի վիճակը ոչ միայն նախանձելի չէր, այլև առավել սրվեց հատկապես Շահումյանի և Այգեստանի անկումից հետո: 1992 թ. հունիսի 29-ին ինքնապաշտպանական շատ ջոկատների (այդ թվում և վերոնշյալ) հանձնարարվեց պահել գյուղը: Ժամանակահատված, երբ մեր տղաները տարբեր ուղղություններով կենաց-մահու պայքար էին մղում ոչ միայն ադրբեջանական ոսոխի, այլև ռուսական 23-րդ դիվիզիայի դեմ: Սակայն ոչ միայն չհաջողվեց պահել գյուղը, այլև մեծաթիվ կորուստներ ունեցանք: Անհետ կորածների թիվը 76-ով ավելացավ: Գտնվեցին միայն երեքի` Արմավիրի հրամանատար Ռուբիկ Եղոյանի, Սերգեյ Ավետիսյանի և ղարաբաղցի Ժորայի դիակները: «Արաբո» ջոկատում էին նաև Մարտակերտի 3-րդ սովխոզի բնակիչներ, եղբայրներ Արտակ և Սպարտակ Մնացականյանները: Նրանց հորը` Գենային, հանդիպել եմ Մարտակերտում: Որդիների կորստից հայրը ցամաքել, մի բուռ էր դարձել…
Այդ տղաների մայրերն էլ մինչև 2008 թ., աչքները ջուր կտրած, սպասում էին իրենց զավակների վերադարձին, բայց երբ Մանվել Եղիազարյանի ձեռքն է ընկնում տղաների դիակները պատկերող հոգեմաշ կադրերով մի ժապավեն, որը ցուցադրում են բոլոր հեռուստաալիքները, մայրերը թևաթափ եղան, աչքներն արդեն կտրեցին որդիների տունդարձի ճամփեքից, որովհետև շատերը ճանաչեցին իրենց զավակներին:
Հիմա միայն մխիթարվում են, որ ամեն տարի, սկսած 2000-ից, հունիսի 29-ի նախօրեին Արցախ են մեկնում, ծաղիկներ դնում Լենինավանի սահմանին մոտ գտնվող Մաղավուզի ջրանցքին հարևան սահմանային մի տեղանքում, իսկ 29-ին` Եռաբլուրում կանգնեցված անհետ կորած զինվորի հուշակոթողին ու թեթևացած սրտով տուն վերադառնում` հաջորդ տարվան սպասելով:
Առավել ծանր է անորոշության մեջ մինչ օրս հայտնված մայրերի վիճակը, չնայած ադրբեջանական կողմը ճգնում է ապացուցել, որ իրենց մոտ այլևս ռազմագերիներ չկան, իսկ միջազգային կազմակերպություններն էլ միանգամայն այլ կարծիքի են: Տա Աստված, որ բոլոր անհետ կորած տղաները տուն վերադառնան, նրանց մայրերի աչքերը պայծառանան, և օրն էլ որպես վերադարձի օր նշենք:
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ
2013թ.-ի հունիսի 26-ին Նոր Նորք և Ավան վարչական շրջանների առաջին ատյանների դատարանը, դատավոր Արմենուհի Բադիրյանի նախագահությամբ, մերժեց իմ հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի՝ իմ պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող, բացահայտ սուտ տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Առաջին հայացքից դրական ընթացք ունեցող դատական գործընթացի նման հանգուցալուծումը ինձ ենթադրել է տալիս որ դատարանի վրա եղել են ճնշումներ, քանի որ դատարանը առանց անդրադառնալու հրապարակված զրպարտիչ ու սուտ հայտարարությունների իսկությանը դրանք համարել է, թե իբր դրանք չեն արատավորում իմ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Այսինքն դատարանն, ըստ էության, իմ փոխարեն գտել է, որ ես որևէ կերպ չեմ տուժել՝ իմ հասցեին տարածված սուտ տեղեկություններից: Ավելին դատարանը նշել է, որ մեր “միջև տևական ժամանակ ընթացել են վեճեր, միմյանց գործունեության վերաբերյալ արվել են մեկնաբանություններ”։
Այդ մասով դատարանը փաստորեն ենթադրություն է անում, քանի որ ոչ միայն պատասխանող կողմը նման փաստ չի ներկայացրել, այլև ես երբևէ Իգիթյան Լևոնի մասին որևէ ոչ միայն վիրավորական այլև կարծիք չեմհայտնել, մինչև Կենտրոն հեռուստատեսությամբ տեղի ունեցած հանդիպումը։ Քանի որ Լևոն Իգիթյանը ինքն իր էությամբ ու իր կենսագրությամբ առհասարակ ինձ համար հետաքրքրություն չի ներկայացնում։ Լևոն Իգիթյանը հանդիսանում է Երևանի ներկայիս գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանի ամենահավատարիմ անձանցից մեկը և նա հաճախ ստանձնում է Երևան քաղաքը այս վիճակին հասցրած Նարեկ Սարգսյանի գլխավորած խունտայի խոսնակի դերը, քանի որ այդ “համակարգում” այլ դեր չի էլ կարող ստանձնել հասկանալի պատճառներով։ Այդ մասին են վկայում նաև նրա 2012 թվականին ստացած ոչ թե վաստակավոր ճարտարապետի կոչումը, այլ մշակույթի վաստակավոր գործչի կոչումը, ենթադրաբար հատկապես օրալ մշակութային գործունեության համար։ Նա իր խոսնակային պարտականությունների կատարման ժամանակ աչքի է ընկել “կոմպրոմատներ բացահայտելով” (տես նույն Կենտրոն հեռուստատեսության հաղորդումը) ու վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով ոչ միայն իմ, այլև այլ շատ ավելի վաստակավոր ճարտարապետների մասին։ Դրանք բազմաթիվ են, որոնց շրջանակից է այն փաստը որ նա գրեթե միշտ ներկա է եղել վերջին 60 տարիների ընթացքում բոլոր ճարտարապետական կարևոր քննարկումներին սկսած՝ 14 տարեկանից. մեկ Պողոս Պետրոս եկեղեցին է դառնում “սառայ”, մեկ Ազգային պատկերասրահը դառնում “յաշիկ”, մեկ նա ինձ դասավանդել է հետո պարզվում որ չի դասավանդել ու այդպես շարունակ։
Ավելին մինչ դատարանի վերջնական վճիռի հրապարակումը Լևոն Իգիթյանը Aravot.am կայքին 19.06.2013-ին տրված հարցազրույցի ընթացքում հանդես է եկել իր մշտական դերակատրությամբ` ցեխ շպրտելով ու ստահոդ արտահայտություններ տարածելով իմ մասին։ Ինչպես և նախորդ անգամ, չեմ համարում որ մեր օրերում իգիթյանական ոճով պետք է պատասխանեմ բոլոր ստերին ու արտահայտություններին, ավելին ապացույցներ ներկայացնեմ դրանց ստահոդ լինելու համար։ Ողջ դատավարության ընթացքում փորձել եմ չշեղել դատական ընթացքը ըստ էության ընթանալուց և միայն մեկ անգամ եմ բարձրաձայնել իմ հասարակական գործունեության և այս հայտարարությունների կապի մասին։ Չնայած իմ այդ պահվածքին պաշտպանական կողմը նման փորձեր արել է մի քանի անգամ, ավելին՝ ակտիվ զբաղվել է իմ նկատմամբ նյութեր հավաքագրելով, իբր թե ինչ որ բաներ ապացուցելու նպատակով ինչի արդյունքում ոչ միայն չեն ապացուցվել Իգիթյանի տարածած տեղեկությունները, այլև կրկին անգամ խախտվել են իմ իրավունքները, այս անգամ արդեն՝ անձնական կյանքի գաղտնիության Սահմանադրական իրավունքը։
Վստահ եմ որ ինչպես ճարտարապետական հանրույթ շատ ներկայացուցիչներ մեր քաղաքացիներից շատերը նույնպես դադարել են այս անձնավորությանը լուրջ ընդունել։ Նրա ոչ արտահայտությունները, ոչ առհասարակ իրեն այնքան լուրջ չեմ ընդունում, որպեսզի անդրադառնամ դրանց։
Ցանկանում եմ միայն նշել որ ես իրավական պետության իմ տեսլականի շրջանակում շարունակելու եմ հետամուտ լինել ստախոս ու զրպարտիչ արտահայտությունների վերաբերյալ այդ անձանավորությանը պատասխանատվության ենթարկելու գործընթացին։ Ավելին որպես ճարտարապետ, քաղաքաշինության ոլորտի մասնագետ ու ՀՀ քաղաքացի, իրացնելով խոսքի ազատության իմ սահմանադրական իրավունքը, շարունակելու եմ իմ դիրքորոշումը հայտնել Երևան քաղաքում մի խումբ ճարտարապետների մասնակցությամբ տարվող հակամշակութային ու հակաճարտարապետական գործընթացների մասին, որոնք գլխավորում է Նարեկ Սարգսյանը։ Դա արել եմ սկսած 2000-ականներից, առանց վայրկյան իսկ վհատվելու։ Նարեկ Սարգսյանը կարող է Լևոն Իգիթյանին նետել մեջտեղ ինձ “նսեմացնելու” փորձեր կատարելու, տարածել սուտ ու միակողմանի նյութեր իմ անձի շուրջ, կարող է դեմն առնել այն բոլոր առաջարկությունների, որոնք առնչվում են մեր գրասենյակի ներգրավմանը տարբեր ծրագրերում, որոնցում մենք մրցունակ ենք և այլն։ Սակայն դրանք որևէ ազդեցություն չեն ունենալու իմ ու իմ գործընկերների աշխատելաոճի վրա։
Դատական գործընթացը սկսելով ես ունեցել եմ երկու նպատակ։ Նախևառաջ ցանկացելեմ իրավական գնահատական տալ ենթադրաբար Նարեկ Սարգսյանի կողմից հնարված այս սուտ տեղեկությունների վերաբերյալ, որոնք առաջին անգամ հանրային հարթակում միամտաբար բարձրաձայնել է Իգիթյանը՝ ծառայություն մատուցելով Նարեկ Սարգսյանին։ Փաստորեն դատական գործընթացը ողջ ընթացքում վեց իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկություններից մեկն անգամ չունեցավ փաստական ապացույց, ինչը դատարանը պարտավոր էր գնահատել ի վնաս պատասխանողի և համապատասխան գնահատական տար պատասխանողի անբարեխիղճ գործողություններին, սակայն այդպես չի վարվել։
Երկրորդ, ես սրանով նպատակ ունեի արժևորել հանրային հարթակում խոսքի ու գործի նույնականությունն ու դրա կարևորությունը։ Վերջին տասնամյակում իմ կողմից բարձրաձայնված ցանկացած քննադատության ու պետական չինովնիկների անփույթ վերաբերմունքի համար հնչեցված բոլոր մեղադրանքների համար հենց այս պահին պատրաստ եմ ստորագրել։ Նարեկ Սարգսյանի խունտայի խոսնակը բազմահազար հեռուստադիտողների ներկայությամբ արտահայտած սուտ մտքերի վերաբերյալ նույնիսկ դրան հաջորդած շրջանում հավաքագրած նյութերի հիման վրա չկարողացավ ապացուցել դրանք։ Դրա արդյունքում կառուցեց պաշտպանությունն ուհետո դատական վճիռն էլ կայացվեց վիրավորելու նպատակ չունենալու “մեղայականի” վրա, որի հիմնազուրկ լինելը պարզ է բոլորին։ Փաստորեն դատարանի նման վճռի ուժի մեջ մտնելու դեպքում կստացվի, որ այսուհետ ցանկացած ոք կարող է մեկ ուրիշին հեռուստատեսությամբ վիրավորել՝ ասելով “անշնորհք” ու պատասխանատվություն չկրել: Այսուհետ դատավորին կարե՞լի է ասել անշնորհք և հետո պարզաբանել թե անշնորհքը նշանակում է շնորհքից զուրկ ու ասել, թե դա վիրավորանք չի պարունակում՝ իր սկզբնական, լեզվաբանական իմաստով: Կամ օրինակ կարե՞լի է ցանկացած նախարարի ասել՝ հավաքարար քանի որ իրենց ղեկավարած կազմակերպությունում աշխատում են հավաքարարներ և այլն։
Ցավում եմ որ Լևոն Իգիթյանի այս պահվածքի համար նախադեպ է ստեղծվում ու նրան ազատություն տալիս ապագայում ևս զրպարտել Երևանում տեղի ունեցող այլանդակությունների դեմ բարձրաձայնողների ուղղությամբ։ Ենթադրաբար նույն ոճով շարունակելով նրան վարձահատույց լինելով ապագայում նա կունենա նոր հնարավորություն մեկ այլ մշակութային օջախ ևս չարչիանոցի վերածել, ինչպես դա ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում մեր շատ սիրելի Մանկական գեղագիտական կենտրոնում ու Ժամանակակից արվեստի թանգարանի շրջապատում։
Այսպիսով, մաղթում եմ Լևոն Իգիթյանին քաջ առողջություն՝ տեսնելու համար իրենց խունտայի տխուր վաճխանն ու առաջարկում վայելել իր “վաստակած” հանգիստը, ազատելով մեզ իր էժան ու ժամանակավրեպ “լապշաներ” կախելու դերակատարությունից ու ապրել արժանավայել։
Հունիսի 29-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների եւ մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների եւ կացության թույլտվության տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր եւ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ գումարելու հյուպատոսական խորհրդակցությունների հաջորդ` տասներորդ նիստը 2014թ. Թեհրանում:
“Երևան բրենդ” նախագծի շրջանակում “Կերտում ենք Երևանը խորագրով ստեղծագործական խորհրդանշական գործողություն է կազմակերպվել “Կասկադ” համալիրի վերին՝ “Երեք սուզորդների” հարթակում, որտեղից բացվում է Երևանի համայնապատկերը։ Ստեղծագործական գործողությանը մասնակցել են մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնությանը հայտնի արվեստագետներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը։
Գործողությանը մասնակից յոթ արվեստագետներից յուրաքանչյուրը, մեկ գույն կիրառելով, պատկերել է միասնական ստեղծագործության թեման՝ Երազանքների Երևանը։
Կազմակերպիչների խոսքով՝ սա բրենդինգի լայն կիրառում ունեցող տեխնոլոգիա է, որի նպատակն է ստեղծագործող հասարակայնության ուշադրությունը հրավիրել քաղաքի բրենդի ստեղծման գործընթացին։
Նախագծի կազմակերպիչների համոզմամբ՝ այս գործողության արդյունքում ստեղծված խորհրդանշական պատկերը կարող է ունենալ տարբեր կիրառում, ինչպես, օրինակ, ինքնատիպ դրսևորում քաղաքային միջավայրում։
Երևանի բրենդավորման նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, INSTID միջազգային ընկերության հրավիրյալ փորձագետների, Մաևտիկա բրենդինգային գործակալության համատեղ աշխատանքի արդյունքում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլոր դատախազներին օրվա կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է բեղմնավոր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի:
«Դատախազությունը մեծ ճանապարհ է անցել և այսօր ձեր առջև կանգնած են նոր խնդիրներ: Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն և որը որակապես փոխում է մեր առջև կանգնած խնդիրների առաջնահերթությունները: ՀՀ նախագահը՝ մեր քաղաքական թիմի ղեկավարը, մեր առջև խնդիր է դրել, որպեսզի ինքներս բացահայտենք մեր բացթողումները, հրապարակային ձևով ինքներս խոսենք դրանց մասին: Դա է ստեղծում խնդիրները հաղթահարելու երաշխիքները»,– ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ դատախազությունը նույնպես ունի բազմաթիվ խնդիրներ: Վարչապետի դիտարկմամբ՝ այսօրվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրենք խոսում են այն խնդիրների ու ռիսկերի մասին, որոնք դեռևս համակարգում տեսանելի են: «Դա մեզ հնարավորություն է տալու միասին առաջ գնալ: Միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, որ մենք չպետք է նկատենք այն դրական ձեռքբերումները, դինամիկան, որն այսօր գոյություն ունի դատախազության աշխատանքներում, դա չի նշանակում, որ մենք չպետք է մեծարենք այն ազնիվ և պարկեշտ աշխատողներին, ովքեր այսօր աշխատում են դատախազական համակարգում: Դա է առաջ շարժվելու ճանապարհը: Միևնույն ժամանակ, երբ մենք խոսում ենք մեր բացթողումների և թերությունների մասին, ամենևին չի նշանակում, որ ոմանք իրավունք ունեն ցեխ լցնել ամբողջ համակարգի վրա և սևացնել ամեն ինչ: Ցավոք սրտի, դա դեռևս հաճախ է հանդիպում մեր առօրյա կյանքում»,– նկատել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ մենք այսօր քաղաքացիական հասարակության կառուցման վկան ենք, սակայն, գործադիրի ղեկավարի կարծիքով, դա հեշտ ճանապարհ չէ, որովհետև շատ հաճախ պարզվում է, որ մեր հասարակության բազմաթիվ օղակներ դեռևս չեն գիտակցում այն պարզ հանգամանքը, որ ազատությունը, ժողովրդավարությունը, միևնույն ժամանակ, ենթադրում է նաև պատասխանատվություն:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է այդ հանգամանքի վրա ևս ուշադրություն դարձնել, իսկ դրա հաջողության բանալին կայանում է պրոֆեսիոնալիզմի բարձրացման մեջ: Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ կադրային քաղաքականությունը, այդ թվում դատախազությունում, ունի էական նշանակություն մեր ապագա հաջողություններն արձանագրելու համար:
Կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ հետագայում ևս գործադիրը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ դատախազությունում աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու, դատախազների մասնագիտական ու սոցիալական խնդիրները լուծելու համար:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակի կապակցությամբ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազ Արշավիր Ղալամյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանը և «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Սարգսյանը: Վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանը և Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը:
Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է դատախազության 95-ամյակի հուշամեդալով:
Այսօր Երևանի «Congress» հյուրանոցի «Ball Room» դահլիճում տեղի ունեցավ «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը և հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպվել էր «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կողմից «Friedrich Ebert» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Կոնֆերանսին հրավիրված էին Թուրքիայում հայտնի «Arı» երիտասարդական շարժման անդամները, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, Հայաստանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող միությունների անդամներ, երիտասարդ գիտնականներ, քաղաքագետներ և վերլուծաբաններ: Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք դիվանագետներ՝ մասնավորապես Հայաստանում Վրաստանի, Լիտվայի դեսպանները, ԵԽ-ի պատվիրակը, Չինաստանի և Ղազախստանի դեսպանատների ներկայացուցիչները:
Կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցավ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Վերջինս մասնավորապես նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և սահմանի բացումը որակապես կփոխի ողջ կովկասյան տարածաշրջանի պատկերը: Խոսքով հանդես եկավ նաև «Arı» շարժման տնօրեն, Լոնդոնի «Royal Holloway» համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի շրջանավարտ Մերթ Քայհանը: Վերջինս անդրադարձավ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ որակելով դրանք իբրև ժողովրդավարական գործընթաց: «Ժողովրդավարությունը նման է հեծանիվ վարելուն, իսկ շարժվող հեծանիվի վրա չես կարող կանգնել, քանի որ կընկնես: Թուրքիայում հենց այս գործընթացն է տեղի ունենում»,-նշեց Քայհանը: Նա ընդգծեց նաև, որ սխալ է «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները համեմատել «արաբական գարնան» հետ, քանի որ թուրք երիիտասարդությունը չի պայքարում իշխանափոխության և արմատական փոփոխությունների համար, այլ հրապարակ է դուրս եկել սեփական ազատության համար:
Կոնֆերանսի ժամանակ մեկնաբանություններով հանդես եկան նաև «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը, «Friedrich Ebert» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Նաիրա Գևորգյանը, «Turkish Review» պարբերականի գրական խմբագիր Ումիթ Քուրթը: Վերջինս անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների պատմությանը՝ սկսած 1991 թվականից: Խոսնակների ելույթներին հետևեց հարց ու պատասխան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ներկա հյուրերի միջև: Հիմնական գաղափարը, որին հանգեցին կոնֆերանսի մասնակիցները այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առայժմ ամենից լավ աշխատում է հասարակական դիվանագիտությունը: Այդ պատճառով էլ պետք է շարունակել և զարգացնել հասարակական հարթության վրա շփումներն ու համատեղ նախագծերի իրականացումը:
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում Կենտրոնական ծածկած շուկայի շենքին առնչվող խնդրի վերաբերյալ: Ներկա էին պետական իրավասու մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների գծով խորհրդական Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ նմանտիպ խնդիրների դեպքում մեղավոր է ողջ հասարակությունը, պարզապես ոմանց մեղքի բաժինն ավելի մեծ է:
Այնուհետև ելույթներով հանդես եկան ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները: Նրանք փաստեցին, որ Կենտրոնական ծածկած շուկայի շենքի տարածքում շինարարություն իրականացնող ընկերությունը շինարարության թույլտվություն է ստացել միայն շենքի ստորգետնյա մասում պահեստային տարածք և ավտոկայանատեղի կառուցելու համար, իսկ վերգետնյա շինարարության իրավունք ընկերությունը չունի: Քաղաքապետարանի պահանջով ընկերությունը սկսել է ապամոնտաժումը: Մի քանի սյուներ արդեն ապամոնտաժվել են, բայց դեռ առկա են շինարարության հետքեր:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը իր խոսքում փաստեց` այն, որ ծանր տեխնիկա են մտցրել պատմամշակութային կոթող, արդեն նշանակում է, որ շենքը կսկսի դեֆորմացվել: «Ռեստավրացիոն աշխատանքների հոտ չի գալիս: «Ռեստավրացիա» կոչվածը ուղղակի ոչնչացնում է հուշարձանը: Իշխանությունները չեն պատժում մեղավորներին շատ զարմանալի պատճառաբանությամբ` հանցակազմ չեն տեսնում: Մինչդեռ ինչքան էլ խոսենք ապամոնտաժման աշխատանքների մասին, ամեն օր անցնելով հուշարձանի մոտով, տեսնում ենք, որ շինարարությունը շարունավում է: Ես միայն մեկ առաջարկ ունեմ: Թող սեփականատերը կատարի այն, ինչի մասին շարունակ կրկնում է: Նա պետք է վերադարձնի շուկայի շենքի հին տեսքը, որից հետո պետք է նոր նախագիծ կազմել, որպեսզի դեմոնտաժ արվի, շենքն ամրացվի», – ասաց Մկրտիչ Մինասյանը և շեշտեց, որ ակտիվիստների ու ճարտարապետների մի ողջ խումբ պատրաստ է ուղղակի նստադուլ հայտարարել հուշարձանի մոտ. «Ես հարգում եմ պետությանը, բայց եթե անտարբերությունը այս կերպ շարունակվի, ապա ես ինքս էլ ոչինչ չեմ անի զսպելու համար մարդկանց բողոքը»:
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Նախատեսված 30 փողոցներից այսօրվա դրությամբ հիմնանորոգումն ավարտվել է Չարենցի, Բագրևանդի,Ամիրյան,Դավիթ Բեկի,Քոչարյան, Մուրադյան, Հերացու, Բաբաջանյան, Արմենակյան,Գուլակյան, Բրայսի փողոցներում: Մի շարք փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Սա պայմանավորված է նրանով, որ հիմնանորոգման ծրագիրը միաժամանակ կազմակերպելու պարագայում մայրաքաղաքում կխաթարվեր բնականոն երթևեկությունը: Բոլոր դեպքերում ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Որոշ ժամանակ առաջ Հանրային խորհուրդը ՀՀ կառավարություն էր դիմել` կաշվի հումքը Թուրքիա արտահանելու և այնտեղ վերամշակելու հարցի վերաբերյալ` առաջարկելով միջոցներ ձեռնարկել հումքի մի մասի վերամշակմանմ գործընթացը տեղում կազմակերպելու և ոլորտը զարգացնելու ուղղությամբ: Կառավարությունը Հանրային խորհրդի նամակը հասցեագրել էր էկոնոմիկայի նախարարություն, որտեղ հարցն ուսումնասիրվել էր և առաջարկվել կազմակերպել համատեղ քննարկում` ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Այսօր Հանրային խորհրդում ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի գխավորությամբ տեղի ունեցավ քննարկում` մանր և խոշոր եղջերավոր անասունների մորթի կազմակերպման, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացման հարցի վերաբերյալ, որին մասնակցում էին նաև Երևանի կաշվի գործարանի տնօրեն Վարդան Կիրակոսյանը, Երևանի մսի կոմբինատի տնօրեն Ռազմիկ Դարբինյանը, Սննդի անվտանգության տեսչության փորձագետ Հովհաննես Ներսիսյանը, կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ և մասնագետներ:
Էկոնոմիկայի փոխնախարարը, կարևորելով հարցը, տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են Երևանի կաշվի գործարանի ռեսուրսները և համոզվել, որ գործարանը լիովին համապատասխանում է նորագույն չափանիշներին և հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Նրա խոսքով` արդեն մեկ տարի է` քննարկումներ են իրականացվում գործարանի ղեկավարության հետ` բարձրացված հարցին լուծում տալու նպատակով: Խնդիրն այն է, որ այսօր գործարանը իր ողջ հզորությամբ չի գործում, չի կարողանում կաշվի վերամշակմամբ զբաղվել, քանի որ ազատ շուկայական տնտեսական պայմաններում չի դիմանում մրցակցությանը: Հիմնական մրցակցությունը Թուրքիայի միջև է, որի հետ էլ նախընտրում են համագործակցել հայ տնտեսվարողները` հայկական կաշվի հումքն արտահանելով Թուրքիա և այնտեղ վերամշակելով: Սակայն, ինչպես նշվեց, շատ դեպքում հումքի որակը, փաստաթղթերը և այլ հանգամանքներ վիճահարույց են և կասկածելի: Իսկ Երևանի կաշվի գործարանը նման պայմաններում չի ցանկանում համագործակցել տնտեսվարողների հետ: Արդյունքում մնում է առանց հումքի:
Ըստ փոխնախարարի` պետք է տարբերակ գտնել տեղական արտադրողին` տվյալ դեպքում Երևանի կաշվի վերամշակման գործարանին աջակցելու համար: Սակայն դա պետք է արվի այնպես, որպեսզի չհակասի արտահանման հետ կապված կառավարության որդեգրած քաղաքականությանը:
Սակայն, մինչ վերամշակման ոլորտը կարգավորելը, նախ պետք է կարգի բերել մորթի կազմակերպման գործընթացը, ինչն այսօր չի համապատասխանում զարգացած երկրների չափանիշներին: Այս տեսանկյունից բարձրացվեց սպանդանոցների կառուցման հարցը, ինչի անհրաժեշտությունը հաստատեց նաև սննդի անվտանգության պետական տեսչության փորձագետը: Նրա խոսքով` անհրաժեշտ է կառուցել ժամանակի պահանջներին համապատասխանող 20-22 սպանդանոց:
Վազգեն Սաֆարյանն, ամփոփելով նիստը, ասաց, որ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձանժողովն ու Էկոնոմիկայի նախարարությունը համատեղ կդիմեն կառավարությանը, որպեսզի քայլեր ձեռնարկվեն բարձրացված հարցերի ուղղությամբ` կաշվե հումքի որոշակի քանակություն տեղական շուկայում պահելու և տեղական արտադրանքի զարգացումը խթանելու նպատակով: Նա կարևորեց ոչ միայն հարցի սոցիալ-տնտեսական կողմը, այլ նաև այդ ոլորտում Հայաստանի երբեմնի հարուստ փորձի ու ավանդույթների վերականգնման անհրաժեշտությունը: