ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարցին

Shavarsh-QocharyanՀարց.

Օրերս «Известия в Украине» թերթում հրապարակվել էր Բելառուսի Նախագահի հարցազրույցը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անընդունելի ձեւակերպումներ էին արվել։ Մասնավորապես, ըստ հրապարակման, Բելառուսի Նախագահն իբր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա»։

 

Պատասխան.

Համաձայն Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության` Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպիսի ձեւակերպումներով հայտարարություն չի կատարել: Ավելին, Ուկրաինայում կատարած պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի Նախագահը «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել:

 

 

Երևանի քաղաքապետը հանդիպել է 33-րդ թաղամասի նախկին բնակիչների հետ

001 (6)Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) հանրային գերակա շահ ճանաչված գոտու նախկին բնակիչների խնդրանքով հանդիպել է նրանց ներկայացուցիչների հետ: Բնակիչները մտահոգություններ են փոխանցել քաղաքապետին՝ իրենց իրացված տարածքների հետ կապված հարցերի լուծման ձգձգման կապակցությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիշեցնելով, որ ՀՀ վարչապետին կից ստեղծված է  միջգերատեսչական հանձնաժողով, նշել է, որ այն համակողմանիորեն քննարկում է ստեղծված իրավիճակի լուծման եղանակները:

Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ որպես հանձնաժողովի անդամ՝ մշտապես արծարծում է բնակիչների կողմից բարձրացված հարցերն ու հավելել է, որ արվում է հնարավորը՝ դրանց արագ լուծումներ տալու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը առաջընթաց է գրանցել. զեկույց

ջոն քերիՀունիսի 19-ին պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակեց Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013թ. ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանի դիրքերը բարելավվել են և դասակարգման 2-րդ խմբից Հայաստանը բարձրացել է 1-ին խումբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

ՀՀ կառավարության արդյունավետ ջանքերի շնորհիվ, որոնք համակարգվում են փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ղեկավարության ներքո գործող խորհրդի կողմից, Հայաստանը կարողացավ տեղ գտնել 1-ին խմբի երկրների շարքում, ինչը նշանակում է, որ Հայաստանն համարվում է մարդկանց թրաֆիքինգի՝ այս միջազգային չարիքի դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկն աշխարհում: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն անդրադարձ է կատարել այս փաստին իր տեսաուղերձում, որը ներկայացված է դեսպանատան կայքում և ֆեյսբուքյան էջում:

Մարդկանց թրաֆիքինգի մասին պետքարտուղարության զեկույցն այն հիմնական դիվանագիտական գործիքն է, որով Միացյալ Նահանգների կառավարությունը ներգրավում է օտարերկրյա պետություններին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում: Զեկույցը ներկայացնում է նորովի ու համընդհանուր վերլուծություն մարդկանց թրաֆիքինգի բնույթի ու ծավալների մասին ողջ աշխարհում և պետությունների կողմից ձեռնարկվող գործողությունների լայն շրջանակը, որն ուղղված է խնդրի վերացմանն ու դրա դեմ պայքարին: Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի միջոցով ԱՄՆ կառավարությունը երկխոսություն է ծավալում տարբեր պետությունների հետ հակաթրաֆիքինգային բարեփոխումների իրականացման, թրաֆիքինգի դեմ պայքարի, ինչպես նաև կանխարգելման, պաշտպանության և քրեական կարգով հետապնդման ծրագրերին ռեսուրսներ ուղղելու վերաբերյալ: Այս զեկույցն օգտագործվում է միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կառավարությունների և հասարակական կազմակերպությունների կողմից որպես մի գործիք, որ թույլ է տալիս վերհանել այն ոլորտները, որտեղ ռեսուրսներ ուղղելու անհրաժեշտություն կա: Այս զեկույցի և Միացյալ Նահանգների հակաթրաֆիքինգային քաղաքականության անմիջական նպատակն է զոհերին ազատելը, թրաֆիքինգը կանխարգելելը և թրաֆիքինգ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելը:

Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում պետքարտուղարությունը իրականացնում է երկրների դասակարգում երեք խմբերում՝ դիտարկելով տվյալ պետության ջանքերը «թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն ստանդարտների» ապահովման մասով: Արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստանի կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության, ինչպես նաև դրա իրականացման ուղղությամբ: Մարդկանց թրաֆիքինգի հարցերով նախարարական խորհրդի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և միջգերատեսչական աշխատանքային խմբի անմիջական օժանդակությամբ Հայաստանի կառավարությունն ամրապնդել է իր սերտ ու ամուր աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, ԶԼՄ-ների և տարածաշրջանային գործընկերների հետ: 2012թ. ընթացքում արձանագրվել է թրաֆիքինգի գործերով քննությունների ու քրեական հետապնդումների ավելացում, ընդ որում մեղավորների նկատմամբ կիրառվել են խիստ պատժամիջոցներ և չեն կայացվել պայմանական ազատազրկման վճիռներ:

Թեպետ առաջին խումբը ամենաբարձր վարկանիշն է, սակայն դա չի նշանակում, որ երկրում թրաֆիքինգի խնդիր գոյություն չունի: Ընդհակառակը, սա ցույց է տալիս, որ տվյալ պետությունն ընդունում է, որ խնդիրը կա, նշանակալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ և բավարարում է որոշակի ստանդարտների: Ամեն տարի պետությունները պետք է կարողանան ի ցույց դնել որոշակի առաջընթաց թրաֆիքինգի դեմ պայքարի ասպարեզում, որպեսզի պահպանեն դասակարգման սանդղակում իրենց առաջատար դիրքը: Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքները երբեք ոչ մի երկրում չի կարելի ավարտված համարել:

Կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումը

10489_am_1ՀՀ կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ մասնագիտական քննարկումները, որոնք հնարավորություն կտան մշակել հստակ ռազմավարություն և բացահայտել ճշգրիտ թիրախներ: Այդ մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության կողմից կազմակերպված Հայաստանի պետական հատվածում կոռուպցիայի վիճակի մասին սեմինարի ժամանակ:
«Այդ տեսակետից, Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, որը մշակվել է Եվրամիության փորձագետների անմիջական մասնակցությամբ, տվել է իր դրական արդյունքները: Մասնավորապես, մենք, հիմք ընդունելով ԵՄ փորձագետների կարծիքը, ընդունեցինք քաղաքական որոշում և ամեն տարվա համար պետք է ունենանք 2-3 հստակ թիրախներ, միջոցառումների ծրագիր, որը պետք է հանրությանը ցույց տա մեր արձանագրած արդյունքները: Պետք է թիրախավորել շոշափելի, կարևորագույն 2-3 հիմնարար խնդիր և պրոֆեսիոնալ մասնագիտական վերլուծություն, թե այդ բնագավառներում որոնք են կոռուպցիան ծնող պատճառները և ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի վերացնենք դրանք»,– ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մեր երկրում իրականացվող կարևորագույն ծրագրերից մեկն էլ կարգավորիչ Գիլյոտինն է, որի նպատակն է ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների վերացումը: Վարչապետը նշել է, որ շնորհիվ Եվրամիության ու դոնոր կազմակերպությունների օժանդակության՝ այդ ծրագիրն այսօր արդյունավետորեն է աշխատում: Առաջին օրենսդրական փոփոխություններն արդեն կատարվել են, հանձնաժողովի կողմից ընդունվել է համապատասխան մեթոդաբանություն, թե ինչպես պետք է այն գործի, ընտրի թիրախներն ու գործառույթներն իրականացնելու մեթոդը, որպեսզի կարճ ժամանակում ստացվեն էֆեկտիվ արդյունքներ:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը հիշատակել է մի քանի ծրագրեր, որոնք ևս դրական արդյունքներ են տվել: Այդ տեսակետից, վարչապետն առանձնացրել է ձեռնարկությունների գրանցման միասնական ռեգիստրում էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն է տվել ՀՀ-ում ձեռնարկությունների գրանցման ուղղությամբ կոռուպցիոն ռիսկերը հասցնել նվազագույնի: «Այսօր Հայաստանում հնարավոր է էլեկտրոնային եղանակով, տնից դուրս չգալով 15 րոպեում ձեռնարկություն գրանցել: Սա նույնպես Doing Business-ի համար բարենպաստ միջավայր է ստեղծել: Կարելի է հիշատակել կադաստրում իրականացված միջոցառումները, որոնք էապես նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը: Ներդրվել է էլեկտրոնային միասնական տվյալների բազա, սպասարկման մեկ պատուհանի սկզբունք և մեր քաղաքացիների գնահատմամբ սա այն բնագավառն է, որտեղ արձանագրվել է լուրջ առաջընթաց»,– նկատել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը թիրախավորել է երկու ոլորտ, որտեղ պետք է իրականացվեն հակակոռուպցիոն միջոցառումներ: Առաջինը դատական համակարգն է, երկրորդը՝ առողջապահության ոլորտը, որովհետև, ըստ Տիգրան Սարգսյանի, այն առնչվում է հազարավոր մարդկանց հետ: «Եթե մենք կարողանանք առողջապահության ոլորտում շոշափելի արդյունքներ արձանագրել, ապա բնակչության կողմից կլինի վստահություն, որ կոռուպցիայի դեմ պայքարը տալիս է դրական արդյունքներ»,– նշել է կառավարության ղեկավարը և շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ հակակոռուպցիոն բնագավառում համագործակցության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

001«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից մայրաքաղաքում իրականացվող «Հույսի ավան» ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պարույր Ջանբազյանի հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական գործունեության ու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար և նշել, որ սոցիալական բնակարանաշինության այս ծրագիրն իսկապես սպասված էր. «2001թ.-ից ի վեր հիմնադրամի կողմից ծավալած մարդասիրական գործունեության արդյունքում բավականին արդյունավետ ծրագրեր են իրականացվել, որոնք իսկապես արժանի են գնահատանքի: Եվ իմ ու մայրաքաղաքի, հատկապես՝ «Հույսի ավանի» բնակիչների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ բարեգործական և անձնվեր աշխատանքի համար: Վստահ եմ, որ հիմնադրամի բարեգործական ծրագրերը կլինեն շարունակական» ,- նշել է Տարոն Մարգարյանը:  

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեգործական ծրագրերին մշտապես աջակցելու համար` «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պարույր Ջանբազյանը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և վստահեցրել է, որ հիմնադրամի ծրագրերն անպայման կլինեն շարունակական: Պարույր Ջանբազյանը նաև հավելել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավորություն կստեղծվի առաջիկա  տարիների ընթացքում ավարտին հասցնել բարեգործական ծրագիրը և ավելացնել սոցիալապես անապահով 76 ընտանիքների համար արդեն իսկ կառուցված բնակարանների թիվը:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անպատասխան չի մնալու և ոչ մի մեղադրանք

10488_am_4Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախքան նիստի օրակարգի ձևավորումը վարչապետը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ` այդ կերպ արձագանքելով ՀՀ վերահսկիչ պալատի հայտնի հաշվետվությանը։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինքը խիստ շահագրգռված է, որպեսզի պալատի բացահայտումներն անհապաղ հանձնվեն իրավապահ մարմիններին, որպեսզի օրենսդրորեն սահմանվի պալատի հաշվետվության ներկայացման կանոնակարգը։Վարչապետը նաև նախարարներին հանձնարարել է անպատասխան չթողնել Վերահսկիչ պալատի մեղադրանքները։

Սոցիալական ոլորտը մնում է կառավարության ուշադրության կենտրոնում

Հիմք ընդունելով «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը` կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում` հստակեցնելով հաշմանդամություն ունեցող անձանց հեռակա բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվ մոտեցումներից, նվազեցնել կոռուպցիոն ռիսկը։ Անձը հնարավորություն կունենա կասեցման համար սահմանված ժամկետում վերադաս մարմնից ստանալ համապատասխան փորձաքննական խորհրդատվություն, ինչի շնորհիվ փորձաքննական որոշումը կկայացվի առավել օբյեկտիվ։ Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչ է փոխվել մոտ մեկ տարի առաջ նախարարությունում անցկացված խորհրդակցությունից և տրված հանձնարարություններից հետո։ Նախարարը թվարկել է աշխատանքի էական բարելավմանն ուղղված, այդ թվում` կադրային փոփոխությունները, նշել, որ զգալիորեն պակասել են քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքները։ Ինչ վերաբերում է Սոցիալական ապահովության պետական ծառայության գործունեությանը, ապա այն նույնպես հիմնովին բարեփոխվել է, և դա զգացել են տասնյակ հազարավոր մարդիկ։
ՀՀ կառավարությունը բաժնետոմսերի հետգնման միջոցով նվազեցրել է ՀՀ առողջապահության նախարարության հարյուր տոկոս պետական մասնակցությամբ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն», «Դիլիջան» մանկական հակատուբերկուլոզային առողջարան» և «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ների զուտ ակտիվները։ Որոշման նպատակն է ոչ միայն առողջացնել նշված առևտրային կազմակերպությունները, այլև դրանք ՀՀ պետբյուջե շահութաբաժին վճարող դարձնել։
Մեկ այլ որոշմամբ անհետաձգելի է համարվել և ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է պայմանագիր կնքել «Ռաին բոու» ֆիրմայի հետ բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, 3 հազար 500 տոննա դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով` 1 տոննան առավելագույնը 1 հազար 150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում, որը ներառում է մինչև ՀՀ սահմանային անցակետ տեղափոխման և մաքսազերծման հետ կապված ծախսերը։ Նախարարությանը նաև թույլատրվել է գնման ձևով պայմանագիր կնքելու միջոցով ձեռք բերել 450 տոննա փաթեթավորված ցեմենտ` 1 տոննան առավելագույնը 52 հազար դրամով։


Հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչպես են պահպանվում հուշարձանները

Գործադիրն ընդունել է գնման գործընթաց կազմակերպելու որոշում` սահմանելով, որ 2013 թ. պետբյուջեի «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված պատմաճարտարապետական 11 հուշարձանի վերականգնման, մեկ հուշարձանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծի կազմման և մեկ հուշարձանի տարածքի պեղման աշխատանքները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։ Ցանկում տեղ են գտել Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Լոռու մարզի Սանահինի վանքը, Կոտայքի մարզի Բջնո ամրոցը, Սյունիքի մարզի Որոտնավանքը և այլ հուշարձաններ։ «Կոնկրետ Սանահինում մեծածավալ աշխատանքներ են կատարվել, – հարցի առնչությամբ ասել է վարչապետը։ Գերմանական, իտալական, ֆրանսիական մասնագետներ են այցելել Սանահին, տվել իրենց մասնագիտական եզրակացությունները։ Ես տեսա, որ արդեն բավական մեծածավալ աշխատանք է կատարված»։ Վարչապետը հետաքրքրվել է, թե այս պահին Սանահինի հետ կապված ինչ հարցեր են մտահոգում հասարակական կազմակերպություններին։ Մտքերի փոխանակության ընթացքում պարզվել է, որ հանրությունը հաճախ թյուր պատկերացում է կազմում արվածի վերաբերյալ, քանի որ տեղեկության պակաս ունի։ Օրինակ` մասնագետները ժամանակակից տեխնոլոգիաներով հետազոտություն են արել և պարզել, որ հիմնական պատի հիմքն ամուր է, և փլուզման վտանգ չկա։ Հատկացված միջոցներով այս տարվա ընթացքում էական առաջընթաց կարող է արձանագրվել։ Վարչապետը ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուներին հանձնարարել է ավելի հաճախ շփվել հասարակական կազմակերպությունների հետ և նրանց փոխանցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների եզրակացությունները։
Ընդլայնվում է միջազգային համագործակցությունը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական համագործակցության համաձայնագրի հիման վրա կնքված «Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերականգնում» պայմանագրով նախատեսված է առաջացող հարկերը և պետտուրքերը ֆինանսավորել ՀՀ պետբյուջեից` որպես Ծրագրի համաֆինանսավորում, ինչը և արվել է կառավարության որոշմամբ։ Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև վերջերս ստորագրված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում. երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին, որով տրամադրվում է 5 մլն եվրոյի վարկ։ Ծրագիրն ավարտվելու է մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը։Այս երկու հարցերին անդրադառնալիս վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է, թե եվրոպական ֆինանսական կազմակերպություններն ինչ մեխանիզմներով են վերահսկում իրենց տրամադրած վարկերի նպատակային օգտագործումը. պատասխանատուները հավաստիացրել են, որ վերջին տարիների ընթացքում կոռուպցիոն ռիսկեր ի հայտ չեն եկել։
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրով կառուցված արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շահագործումն ապահովելու նպատակով այդ համակարգերը նվիրաբերվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի 26 համայնքներին։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների ստորագրած բնածին և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Քատարի Պետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման համաձայնագրի կնքման առաջարկությանը։


Կներդրվի վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգը

Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահամակարգի ներդրման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է համակարգի ներդրման ծրագիրը, որի համաձայն 2015 թ. հունիսի 1-ից անալոգային հեռուստատեսային հեռարձակումից անցում է կատարվելու եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակման։
ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի Հր. Աճառյան 31 հասցեում գտնվող շենքային համալիրի սպասարկման համար առանձնացված 2.65 հա մակերեսով հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամին և դրա նկատմամբ իրականացնել սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Որոշմամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին է վերապահվում խորհրդի պատվավոր նախագահ ընտրելու իրավասությունը։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որը միտված է ռիսկի վրա հիմնված հսկողության համակարգի կատարելագործմանը։ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտոնագրման պայմանների և պահանջների հսկողության տեսչության 2012 թ. ընթացքում կատարած ստուգումների արդյունքում վիճակախաղի, շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների ռիսկայնության աստիճանը ցածր է եղել։ Սույն որոշմամբ որոշ չափանիշներ փոխարինվել են նորերով, որոնք ավելի պատկերավոր կդարձնեն կազմակերպիչների ռիսկայնության աստիճանը։
Գործադիրը որոշել է ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի որոշակի ծածկագրերի ապրանքախմբերին դասվող ապրանքների պարտադիր դրոշմավորման համար 2013 թ. հուլիսի 1-ից կիրառության մեջ դնել «Ա» սերիայի դրոշմապիտակները։ Նիստում սահմանվել է ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից «ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխման և մաքսային ձևակերպման պարզեցված կարգը։
Կառավարությունը սահմանել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է դատախազի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դրանք կրելու կարգը` ուժը կորցրած ճանաչելով նախկին նույնաբովանդակ որոշումը։


Դրամարկղային գրքի վարումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին, որով առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի դրամարկղային գիրքը վարվի էլեկտրոնային եղանակով` նպաստելով երկրի գործարար միջավայրի բարելավմանը։
Գործադիրը քննարկել է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Առաջարկվում է թերթի, ամսագրի, ինտերնետային կայքի հոդվածներից քաղվածքի վերարտադրումն այլ լրատվամիջոցում թույլատրել միայն նպատակն արդարացնող ծավալով, ընդ որում պետք է հղում կատարել հոդվածի սկզբնաղբյուրին։ Օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Արցախի Մարտունի քաղաքում բախվել են մեքենան և մոտոցիկլը

բախվել են մեքենան և մոտոցիկլըՀունիսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և «ՄԻՆՍԿ» մակնիշի մոտոցիկլը: Փրկարարները տուժածին` մոտոցիկլի վարորդ, 1991 թ. ծնված Ն. Ավագյանին տեղափոխել են Մարտունու շրջանային հիվանդանոց, որտեղից էլ` Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց:

Օձը խայթել է Մարտակերտի շրջանի Հայկաջուր համայնքի 10-ամյա աղջկան

shtap-300x240Հունիսի 19-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Հայկաջուր համայնքի բնակչուհի` 2003 թ. ծնված Մ. Նազարյանին իրենց տան բակում օձը խայթել է (աջ ոտնաթաթի հատվածում): Տուժածին տեղափոխել են Մարտակերտի շրջանային հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

Հրդեհներ Արցախում

big_1371730752_LXH PC logoՀունիսի 15-ին հրդեհ է բռնկվել Հադրութի շրջանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Այրվել է մոտ 5 հա մակերեսով խոտածածկ տարածք:
***
Հունիսի 18-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի «Ղարվենդ» տեղանքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Այրվել է 100 հա չոր խոտածածկ տարածք:

***
Հունիսի 19-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Նորշեն համայնքի բնակիչ Գ. Ասրյանի տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Ամբողջությամբ այրվել է Գ. Ասրյանին պատկանող 2-հարկանի բնակելի տունը:

Զենք-զինամթերքի հայտնաբերում Արցախում

Զենք-զինամթերքՀունիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի բնակիչ Ս. Վանյանը տնամերձ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս զինամթերք է հայտնաբերել:
Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը վնասազերծել է հայտնաբերված զինամթերքը (1 միավոր գնդիկա-բեկորային ավիառումբ):

***
Հունիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Օրբելի 1 տան մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել:
Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը հայտնաբերված զինամթերքը (մեկ նռնակ և մեկ ինքնաձիգի պահունակ) վնասազերծել են:

 

Մայրաքաղաքում ընթացքի մեջ են հենապատերի հիմնանորոգման և նոր հենապատերի կառուցման աշխատանքները

0001Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում մեկնարկել են թվով 14 հենապատերի հիմնանորոգման և ևս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները: Նոր հենապատերից մեկը կառուցվում է Էրեբունիում, 2 -ը` Նոր Նորքում:  8 հենապատերի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Ըստ անհրաժեշտության  բետոնապատվել են վնասված հատվածները, քարաշեն հենապատերում նորոգվել կամ նորերով են փոխարինվել բացակա քարերը, բարեկարգվել է արտաքին տեսքը: Միաժամանակ, որպես պարտադիր պայման, բոլոր հենապատերի անմիջական հարևանությամբ անցկացվել են ջրահեռացման համակարգեր, որպեսզի բացառվի խոնավության ներթափանցումը և հենապատերի հնարավոր քայքայումը: Ընդհանուր աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել օգոստոս ամիսը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Յուրաքանչյուր հինգշաբթի՝ քաղաքացիների ընդունելության օր բոլոր վարչական շրջաններում

001 (5)Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետարանում  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանվել է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց:

Մայիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 144 քաղաքացի: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:

Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին մասնակցել է 299 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին լուծումները տրվել են տեղում, մյուս մասն ընթացքի մեջ է: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը նշել է, որ ընթացքի մեջ գտնվող հարցերը հիմնականում կապված են քաղաքապետարանի տարեկան ծրագրային աշխատանքների հետ և, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հատուկ հսկողություն է իրականացվում դրանց կատարման ընթացքի նկատմամբ:

Նշենք նաև, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների և վարչական շրջանների ղեկավարների ընդունելություններին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝  ներկայացնելով անձնագիր: Հիշեցնենք, որ վարչական շրջանների ղեկավարների ընդունելությունները կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին

3233ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Հանրապետության Նախագահը Վիեննայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվում է ԵՄ տնտեսական, քաղաքական զարգացումներին, միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Օրակարգում, մասնավորապես, ներառված են տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մրցունակության բարձրացման, ԵՄ ավելի սերտ տնտեսական և մոնետար միության զարգացման հետ կապված խնդիրները: Գագաթնաժողովի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ազգային մակարդակում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, Եվրոպական միության 2013թ. եզրափակվող կիսամյակի արդյունքների վերաբերյալ: Անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային և ԵՄ Արևելյան գործընկերությանն առնչվող հարցերին:

Դոլարը` 411.52 դրամ

դոլարՀունիսի 20-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,640,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.52 դրամ:

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Հունիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 23-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ի և 22-ի գիշերը կնվազի 2-3, 22-ի ցերեկը և 23-24-ին կբարձրանա 7-8 աստիճանով:

Երևանում՝

Հունիսի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան    37.10C (1961 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       7.20C   (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  22.30C

Վարչապետը միայն ասել է, որ բոլոր մեղավորները պատասխան կտան, բայց դեռ չի արել

DSCN4189Այսօր «Հայելի» մամուլի ակումբում Վարդան Բոստանջյանն ու Լարիսա Ալավերդյանը միմյանց և լրագրողների հետ կիսվեցին Հայաստանի ներքաղաքական կարևորագույն հարցերի շուրջ ունեցած կարծիքներով: Ըստ  Լարիսա Ալավերդյանի`իշխող քաղաքական ուժը  չի կարողանում բռնել այն մարդկանց ձեռքից, ովքեր թալանում են մեր քաղաքացիներին:  Խոսելով իրենց իսկ թերությունների մասին` իշխանությունները միայն գլուխ են գովում:

Վարդան Բոստանջյանի այն դիտարկմանը, թե վարչապետն արդեն հայտարարել է, որ բոլորը պետք է  պատասխան տան, Լարիսա Ալավերդյանը հակազդեց. «Տեսեք, դուք ուրախանում եք, բայց վարչապետը միայն ասել է, ոչ թե արել: Սա PR է: Մեզ մոտ մեկ կուսակցության համակարգ է, որը չի կարող երկար գոյատևել: Մեզ հակակշիռներ են պետք: Ընդդիմության ձեռքին  պետք է լծակներ լինեն, որ նա կարողանա վերահսկողական գործառույթ իրականացնել»:

 

Վանաձորի թիվ 8 դպրոցի աշխատակազմն արդեն երկու ամիս է աշխատավարձ չի ստացել

DSCN4182Վանաձորի թիվ 8 դպրոցի աշխատակազմը արդեն կորցրել է աշխատավարձ ստանալու հույսը, ուսուցիչները չգիտեն` ինչ անել: Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը, դպրոցի ուսումնական գծով տնօրեն Ասյա Զալյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նարինե Միքայելյանը և ռուսաց լեզվի ուսուցիչ, արհկոմի նախագահ Մանյա Ծատուրյանը այսօր հանդիպեցին լրագրողների հետ «Հենարան» մամուլի ակումբում:

Խնդիրը սկսվել է դեռևս ինը տարի առաջ, երբ ինֆորմատիկայի ուսուցուհի Սուսաննա Սարգսյանը ազատվել է աշխատանքից, այնուհետև դատի տվել դպրոցին` պահանջելով իր 2 տարվա աշխատավարձը` ըստ աշխատակիցների`  ներկայացնելով կեղծ դրույքաչափ եւ կեղծ աշխատավարձի չափ: Դատարանը բավարարել է նրա այդ պահանջը, եւ դպրոցի ուսուցիչների աշխատավարձերի միջոցներից բռնագանձել 2 մլն 632 հազար դրամ: Դրանից հետո դպրոցի վրա, այսպես ասած, հաշվիչ է միացված, պարբերաբար կամ բռնագանձումներ են լինում կամ էլ, ինչպես ներկայումս, անձնակազմը չի կարողանում աշխատավարձ ստանալ:

«Գործը գնալով խճճվում է: Մենք չենք կարողանում ստանալ օրենքով սահմանված մեր աշխատավարձը, չնայած գումարը հաշվի վրա է, պարզապես սառեցված է»,- նշեց դպրոցի տնօրենը` հավելելով, որ ինքը դիմել է հարկադիր կատարման ծառայություն, բայց տեղաշարժ չկա:

«Երկու դատավորների անօրինական ուժի մեջ մտած որոշման հեոտևանքով դպրոցը կործանվում է, 43 ընտանիք առանց փողի է մնացել»,-ասաց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Միքայելյանը:

Ուսուցչուհիները նաև հայտնեցին, որ պատրաստվում են դիմել Գլխավոր հարկադիր կատարող պարոն Պողոսյանին` 43 ուսուցիչների և նրանց ընտանիքների անունից խնդրելով կարգավորել հարցը:

Իրաքի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

403. Minister Nalbandian received the ambassador of Iraq 20.06.2013(1)Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Իրաքի միջև գոյություն ունեցող պատմական և ավանդական, բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջև տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները և միմյանց մայրաքաղաքներում դեսպանությունների վերաբացումը նոր լիցք են հաղորդել հայ-իրաքյան հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Խալեդը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելեց, որ Իրաքը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը և խորացումը, ինչպես նաև ընդգծեց իրաքահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման և բարգավաճման գործում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, Իրաքում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին:

Բացահայտումները պետք է իրավական գնահատական ստանան

10487_am_1 (1)ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի ձևավորումից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքական երեք հայտարարություն է արել, որոնք վերաբերում են Վերահսկիչ պալատի հաշվետվությանը։
«Առաջին քաղաքական հայտարարությունը.
Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, և տրվեն պատասխաններ։ Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան։
Ես ամբողջությամբ կիսում եմ Ազգային Ժողովի նախագահի այն տեսակետը, որ պետական բյուջեի միջոցները երբևիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ։ Սա առաջինը։
Երկրորդ. Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետին, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն կանոնակարգը, թե ինչպես է ներկայացվում Վերահսկիչ պալատի հաշվետվությունն Ազգային Ժողովում։ Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով։ Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալն Ազգային Ժողովի և գործադիր իշխանության գործառույթն են։
Մենք այս դահլիճում լսեցինք նախարարների հաշվետվությունները Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեցինք Վերահսկիչ պալատին` համատեղ աշխատանքի համար։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ազգային Ժողովում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում։ Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է և կոռումպցված ձևով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին։ Պետական բյուջեի 70 տոկոսը` 700 մլրդը. դա նշանակում է, որ ասվածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը։
Եվ երրորդ քաղաքական հայտարարությունը. հանձնարարում եմ բոլորիդ և պահանջում ձեզնից, որ ձեր հասցեին հնչած որևիցե մեղադրանք անպատասխան չմնա։ Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել կամ պատրաստել նյութեր և այդ նյութերը ներկայացնել դատախազություն, կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են և դուք դրա համար պետք է պատասխանատվություն կրեք»։

Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է

DSCN4175Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեց «Ադրբեջանահայերի ասամբլեայի»  նախագահ Գրիգորի Այվազյանը: Խոսելով ադրբեջանահայ փախստականների խնդիրների մասին` բանախոսը նշեց, որ նրանք Հայաստանի բնակչության մոտ տասը տոկոսն են կազմում: Ադրբեջանահայերի մեծ մասը բնակվում է Երևանում, Արարատի մարզի  Մասիսի շրջանում, Գեղարքունիքում և նախկին ադրբեջանաբնակ շրջաններում:  Ըստ Գրիգորի Այվազյանի` նրանց խնդիրների լուծումը պայմանավորված  է  հայ-ադրբեջանական հակամարտության լուծմամբ:  Իսկ այդ խնդիրները շատ են. ադրբեջանահայերն ինտեգրված  չեն մեր հասարակությանը, քանի որ այդ ուղղությամբ  ոչինչ չի արվում, նրանց  մեծ մասը ՀՀ քաղաքացիություն  չունի, դա  չի բխում նրանց  սոցիալ-տնտեսական ու ՀՀ քաղաքական շահերից: Սակայն, բանախոսը նաև շեշտեց, որ  իրենց ասամբլեան  փոխհատուցում  պահանջում է Ադրբեջանից, ոչ թե ՀՀ-ից կամ Արցախից, քանի որ Ադրբեջանն  է պատասխանատու ադրբեջանահայ փախստականների  բոլոր տառապանքների համար: