«Կիլիկյան վարժարանի» առաջին շրջանավարտները պատրաստվում են ուսումը շարունակել Երևանի ավագ դպրոցներում կամ քոլեջներում

001Սիրիահայ երեխաների համար կազմավորված «Կիլիկյան վարժարանում», ինչպես Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցներում, 2012-13 ուստարվա ավարտական քննությունները, սահմանված կարգով, անցկացվում են հունիսի 5-ից 22-ը։

Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում գործող, սիրիական ծրագրով առաջնորդվող «Կիլիկյան վարժարանի» առաջին շրջանավարտները  38–ն են։

Քննաշրջանի ընթացքում ուսման որակի ու առաջադիմության դեռևս ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է միայն «Անգլերեն» առարկայից՝ 100 տոկոս, քիչ զիջում են «Հայերեն» առարկայի քննական արդյունքները՝ ուսման առաջադիմությունը 100 տոկոս է, ուսման որակը՝ 93 տոկոս, «Արաբերեն» լեզվի ուսման որակը զգալիորեն զիջում է՝ 70 տոկոս։ Բնագիտական ու ճշգրիտ գիտությունների առարկաներից սիրիահայ երեխաները ցուցաբերել են միջինից բարձր առաջադիմություն։

Ամփոփելով ավարտական դասարանի ուսումնական տարին՝ վարժարանի տնօրեն Նորա Փիլիպոսյանը նշել է, որ ուսման առաջադիմությունը 100 տոկոս է, ուսման որակը՝ դեռևս 86,2 տոկոս. «Քրիստոնեական կրոնի պատմություն» և «Ֆրանսերեն» առարկաների քննություններն անցկացվելու են քննաշրջանի վերջին օրերին։ Տնօրենը նաև ընդգծել է, որ բոլոր շրջանավարտները պատրաստվում են ուսումը շարունակել  Երևանի ավագ դպրոցներում կամ քոլեջներում։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Խորհրդարանն ամփոփեց արտահերթ նստաշրջանը

imagesԱզգային ժողովի արտահերթ նստաշրջանն ավարտվեց: Վերջին աշխատանքային նիստին մասնակցում էր 91 պատգամավոր: Քննարկման դրվեց, ապա վավերացվեց նստաշրջանի տասը հարց` այդ թվում ութ միջազգային համաձայնագիր:

Օրակարգի հինգերորդ հարցի քվեարկության ժամանակ (կառավարության ներկայացրած  Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին) վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդիրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` բարձրացնելով Հայռուսգազարդ ընկերության հայկական 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին տալու հարցը: Նա ասաց, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պատասխանը, թե դա արվում է ապահովության համար, իրենց չի բավարարում և նրանք ցանկանում են հասկանալ ապահովություն ասվածի ողջ իմաստը: Պատգամավորն առաջարկեց խորհրդարանին մինչև այդ հարցի վերաբերյալ հայկական և ռուսական կողմերի բանակցությունների ավարտը կազմակերպել քննարկում և հասկանալ խբնրի էությունը, որպեսզի հետո չկանգնենք փաստի առաջ:

Քեարկությամբ հաստատվեց նաև օրակարգի վերջին հարցը, այնուհետև խորհրդարանի ղեկավարը հայտարարեց նստաշրջանի ավարտի մասին` շնորհակալությւն հայտնելով պատգամավորներին արդյունավետ աշխատանքի համար:

Ատրճանակ պահունակով` լիցքավորված 2 փամփուշտով

ատրճանակՀունիսի 19-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը զենք-զինամթերք է թողնում Հաղթանակ թաղամաս տանող կամրջի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՊՍՄ» տիպի ատրճանակ պահունակով` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

«Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի

ավտովթարՀունիսի 19-ին, ժամը 06.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ  կատարվում է քննություն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1, խուլիգանության 2, խարդախության 1, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, յուրացում կամ վատնում կատարելու 3 դեպքերն էլ բացահայտվել են: Մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 10 դեպքից՝ 4-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վրաերթ Պարոնյան փողոցում. 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Վրաերթ (1)Հունիսի 19-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

«Նիսան-Մուրանո»-ն Երևան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել

ապակիՀունիսի 19-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Նիսան-Մուրանո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 84-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

12-րդ դասարանի աշակերտը «Մերսեդես Բենց»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջ

վրաերթՀունիսի 19-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Չարենցավանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտ վարելով «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան՝ Չարենցավան քաղաքի Զինկոմիսարիատի 1-ին փակուղու 1-ին աջ հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Ոստիկանները Գորիսի և Քարահունիջի բնակիչների տներից զենք-զինամթերք են առգրավել

զինամթերքՀունիսի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ոստիկանությունում քննվող մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն է կատարվել Գորիսի բնակիչ, 1968 թ. ծնված Կամո Ղ.-ի տանը, կից շինություններում և «Լաստի սար» կոչվող տարածքի հետնամասում գտնվող, նրան պատկանող անասնագոմում:
Անասնագոմին կից կայանած, Կամո Ղ.-ին պատկանող չշահագործվող «ԵրԱԶ» ավտոմեքենայի թափքում գտնվող անկողնու տակդիրի տակից հայտնաբերվել և առգրավվել է 7.62 մմ տրամաչափի 56 փամփուշտ:
Նույն օրը, նույն դատարանի որոշմամբ և նույն քրեական գործի շրջանակներում՝ խուզարկություն է կատարվել նաև Քարահունջ գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Ռադիկ Մ.-ի տանը կից շինություններում և Գորիս-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող, Քարահունջ համայնքին պատկանող, վերջինիս կողմից օգտագործվող անասնագոմում:
Խուզարկությամբ տան ննջասենյակի մահճակալից հայտնաբերել և առգրավվել է «Իժ 18 ԵՄ», «ԻԺ 18 Մ» և «ՏՕԶ 8Մ» որսորդական ակոսափող 3 հրացան, իսկ տան ձեղնահարկի փայտե հենասյան մոտից՝ «Ամոնալ» պայթուցիկին նմանվող նյութ և 5,5 մ երկարությամբ բիկֆուրդյան քուղ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Կամո Ղ.-ն և Ռադիկ Մ.-ն հրավիրվել են ոստիկանության Գորիսի բաժին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

 

Կորած աղջիկը գտնվել է տնից դուրս գալուց 10 օր անց

անուշՀունիսի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տնից դուրս էր եկել և անհայտ կորել:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 19-ին, ժամը 23.00-ին, Ա. Բունիաթյանը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի թիվ 33 շենքի բակում և ներկայացվել բաժին, որտեղ հայտարարել է, որ շրջել է Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել տարբեր շենքերի բակերում տեղակայված զրուցարաններում և իր հետ ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել:

ՀԵՀ-«Լույս» համագործակցությունը շարունակվում է

DSC_2648Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորվել են սերտ համագործակցային հարաբերություններ։ Այդ համագործակցության շրջանակներում իրականացվում են մի շարք ծրագրեր։ Մասնավորապես, հունիսի 19-ին ՀԵՀ-ում մեկնարկեց «Լույս+ ստուդիա» նախագիծը։ Այն իր մեջ ներառում է ելույթներ, բանավեճեր, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, քննարկումներ։

Հունիսի 19-ին ծրագրի 11 մասնակիցներ տարբեր թեմաներով ելույթներ ունեցան, ներկայացրին իրենց օրինակելի փորձը, գիտական նյութը, և այդ ամենն արվեց այնպես, որ հասանելի լինի հանրության լայն շրջանակների։

Բանախոսները «Լույս» հիմնադրամի կամավորներն էին, որոնք մենթորության և պրակտիկայի ծրագրի մասնակիցներն են։ Կամավորներից Արմինեն ներկայացրեց հաշմանդամության խնդիրը և շեշտադրեց հասարակության մեջ նրանց նկատմամբ վերաբերմունքի հարցը։

«Լույս» հիմնադրամի մենթորության համայնքի համակարգող Աննա Սրապիոնյանը նշեց, որ «Լույս+ ստուդիա» նախագծի նպատակը երիտասարդներին ինքնաարտահայտվելու, սեփական գաղափարներով համայնքի մյուս անդամներին հետ կիսվելու հնարավորություն տալն է։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները

001 (4)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2012թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ ցայտաղբյուրների վերագործարկման ծրագիրը: Երևանի հավերժության այդ խորհրդանիշները բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ տեսքի բերել տարիներ շարունակ անուշադրության մատնված, ինչպես նաև իրենց նպատակային նշանակությունը կորցրած այդ կառույցները: Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվեցին և  վերագործարկվեցին մայրաքաղաքի շուրջ 2200 ցայտաղբյուրները: Երևանի համաչափ զարգացման համատեսքտում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաև բակային տարածքները: Ծրագրի համաձայն, բացի բակային տարածքներում առկա ցայտաղբյուրների վերանորոգումից, նորակառույց այգիներում, պուրակներում և բակերում տեղադրվել է նաև 8 նոր ցայտաղբյուր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Որո՞նք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

դատական նիստՀՀ դատական օրենսգրքի 153 հոդվածի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը: Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝

1) արդարադատություն իրականացնելիս նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում.

2) արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում.

3) աշխատանքային կարգապահությունը պարբերաբար կամ կոպիտ խախտելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց վեց ամիս հետո.

4) դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտում թույլ տալը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո.

5) դատավորի կողմից ՀՀ դատական օրենսգրքի 12-րդ հոդվածով, 72-րդ հոդվածով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածի 3-րդ մասով, 191-րդ հոդվածով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 193-րդ հոդվածով իր համար սահմանված պարտականությունները չկատարելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից խախտումը կատարելուց հետո` մեկամսյա ժամկետում.

6) ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով էթիկայի հանձնաժողովին արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումից մեկ տարի հետո:

Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած դատավորի պատասխանատվություն: Դատավորին քրեական, վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը և հակառակը:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

i (5)Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Նազարյան եղբայրների կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մարտի 20-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Գ.Նազարյանը իր եղբոր` Կ.Նազարյանի և հորաքրոջ որդու` Ա.Նազարյանի հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արտաշատ քաղաքի բակերից մեկում վիճաբանել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ԱԳԲ տեսուչ Ա.Շահենյանի, ՊԲ տեղամասային տեսուչ Ա.Հակոբյանի, ՊՊԾ դասակի ոստիկան Կ.Ալեքսանյանի և հերթապահ մասի վարորդ Վ.Եփրեմյանի հետ:

Չենթարկվելով իրավախախտումը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, նախաքննության տվյալների համաձայն, Նազարյան եղբայրները բռնություն գործադրելու սպառնալիքներ են տվել իրավապահներին, հայհոյել, իսկ Գ. և Կ.Նազարյանները նաև սպառնացել են, որ տեսուչ Ա.Շահենյանի հաշվեցուցակային զենքը կվերցնեն և դրանով նրան կվնասեն:
Բացի այդ, բերման ենթարկելու օրինական գործողություններին դիմադրելու նպատակով Նազարյանները հարվածել են ոստիկանության աշխատակիցներ Կ.Ալեքսանյանին և Ա.Շահենյանին, պոկել վերջինիս ուսադիրը և թևի տարբերանշանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ., Կ., և Ա.Նազարյաններին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դիՀունիսի 19-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի  Քաջազնունի փողոցի թիվ 11 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում` հատակին, հայտնաբերել 1945թ. ծնված Գեորգի Ավչյանի դին:

Կովերը գտնվել են

Կովերը գտնվել ենՀունիսի 19-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում կորել 4 կով:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղեկություն է ստացվել, որ Մ.Մակարյանին պատկանող կովերը գտնվել են:

Ի՞նչն է «անընդունելին»

շահանԵռանախագահների հայտարարությունը` արցախյան հակամարտության ներկա իրավիճակը բնութագրող եւ ակնկալիքները սկզբունքների տեսքով վերահաստատող, բովանդակային առումով որեւէ հիմնական հավելում չի պարփակում: Շեշտադրումների խնդիր է, որ հայտարարությանը ծանոթացողը կնկատի: Ոճի խստացումը, համեմատաբար նախորդ հայտարարություններին, ակներեւ է:

Այսպես . եռանախագահողները խոր ափսոսանք  են հայտնում, որ բանակցային գործընթացում կողմերը փոխանակ փորձելու լուծում գտնել, հիմնված փոխադարձ շահերի հիման վրա, շարունակում են ձգտել միակողմանի ելքերի:

Նույն հայտարարության մեջ ասվում է, որ այս ձգձգումը անընդունելի է: մնացյալը, կոչի դասական մոտեցում է եւ բազմիցս ամրագրված սկզբունքների կիրառման անհրաժեշտության վերհիշեցում:

Ոճի համեմատական խստացման շարժառիթները կարող են իրենց քաղաքական բացատրություններն ունենալ: Այդ ուղղությամբ քաղաքական հարակից գործընթացները դեռեվս լույս կսփռեն  շեշտադրումային որոշակի փոփոխություններով փոխանցվող ուղերձի բուն դրդապատճառների վրա:

Այժմ նկատենք անմիջապես, որ ներկա գոյավիճակը եւ նրա լուծման համար տարվող բանակցությունների ձգձգումը ուղղակի անընդունելի կհամարվեն եռանախագահողների կողմից։ Բայց հակամարտության լուծման անտեսանելիության չափ անորոշ է նաեւ այս իրավիճակի անընդունելիության գաղափարը: Այստեղ անշուշտ ասված չէ, թե անընդունելիությունը ինչպե՞ս են ուզում գործնապես թարգմանել միջնորդ պետությունների ղեկավարները: Պաշտոնական Բաքուն իր պահանջների հետեւողականությունը պահելու համար իրավիճակի անընդունելիությունը կարող է  մեկնաբանել իբրեւ նախաբան բանակցային ձեւաչափի փոփոխության գործողության:

Պաշտոնական Երեւանի մեկնաբանությունը դիտարկելուց առաջ նկատենք, որ եռանախագահողների կողմից հայտարարված գոյավիճակի անընդունելիության պատասխանատվությունը հավասարապես բաժանվել է հակամարտող կողմերին: Իբրեւ պատասխանատու չի առանձնացվել  ռազմատենչ հայտարարություն կատարողը, հրադադար խախտողը, դիպուկահարներ գործի լծողը, դիվերսիոն գործողություններ կազմակերպողը, Սաֆարովին հերոսացնողը եւ հայատյացություն տարածողը: Շփման գծում կատարվող մշտադիտարկումների արդյունքները հավանաբար բավարար նկատվեին միակողմանի պատասխանատվություններ ճշտելու համար:

Այս առումով էլ արդարացված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունն այս ամբողջ գործընթացի սառեցման պատասխանատվությունը Բաքվի ուսերին տեսնելու առումով: Դիվանագիտական մարտավարությունը եւս, որ որոշ ժամանակից ի վեր կիրառվում է, պարզ է: Միջազգային ընտանիքին ցույց տալ, որ միջնորդների եւ միջազգային օրենքի ճշտած սկզբունքներն ու օրինաչափությունները ընդունելի են Երեւանի համար եւ Բաքուն է, որ մերժում է դրանք։

Փաստ է նաեւ այն, որ հայկական դիվանագիտության այս վարքագիծը իր անմիջական արդյունքները չի տալիս: Եւ հակառակ դրան, որ սկզբունքների նշման ընթացքում Երեւանը ուժի կիրառման բացառումից հետո իբրեւ երկրորդ սկզբունք է արծարծում ազգերի ինքնորոշման իրավունքը եւ ապա տարածքային ամբողջականության սկզբունքը, միջազգային հայտարարությունները ընդհանրապես եւ այս դեպքում եռանախագահները իրարահաջորդականության մեջ երկրորդ տեղն են տվել տարածքային ամբողջականությանը եւ ապա միայն իբրեւ երրորդ սկզբունք ինքնորոշման իրավունքին:

Այս նրբերանգները անպայման նկատի կառնվեն հայտարարության ուղերձները մեկնաբանողների կողմից: Միջազգային ընտանիքի, եռանախագահողների եւ Մինսկի խմբի հայտարարություններին ընդառաջ գնալը եւ Բաքուն իբրեւ պատասխանատու ներկայացնելու հայկական դիվանագիտության մոտեցումները բավարար չեն: Այդ բոլորը արդյունք կտան, երբ պատասխանատվության նժարը հայտարարություններում եւ հատկապես բանակցային սեղանների վրա սկսեն թեքվել դեպի ադրբեջանական կողմը:

Այսօր դեռեւս գործում է պատասխանատվության համահավասարեցման միջազգային սկզբունքը: Այս անգամ՝ համեմատաբար խիստ ոճով եւ իրավիճակը անընդունելի նկատելով: Երեւանը այս համահավասարեցումն անընդունելի պետք է նկատի եւ աշխատի որ նույն կեցվածքը որդեգրեն նաեւ միջազգային այլ կազմակերպություններ:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակի»  գլխավոր խմբագիր

 

 

Գյումրի քաղաքում զինամթերք է հայտնաբերվել

զինամթերքՀունիսի 19-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 123/021 տնակի մոտ հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

«Սաղ դասարանների զամոկները չոփ կոխեցի, որ դաս չանենք…». Սամվել Ալեքսանյանն իր դպրոցական տարիների «քաջագործության» մասին

SAM_1848Այսօր Ազգային ժողովում նախագծերի քննարկման թեժ պահին նիստերի դահլիճից դուրս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և մոտենալով ճեմասրահին, որտեղ աշխատում էին մի խումբ լրագրողներ, տեղավորվեց բազմոցի վրա` լրագրողների կողքին:

Մեր հարցին, թե արդյո՞ք նրա այս քայլը պայմանավորված է լրագրողների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ցանկությամբ, նա զարմացած պատասխանեց. «Բայց ես լրագրողների հետ ե՞րբ եմ վատ եղել, որ…»:

Երբ լրագրողները Սամվել Ալեքսանյանին սկսեցին հարցեր տալ ամենատարբեր թեմաների` Ծածկած շուկայից մինչև իր քրոջ որդի Արթուրին պատգամավոր դարձնելու մասին, նա նեղսրտած ասաց. «Այ ախպեր, հելնեմ, գնամ, իզուր էլ էկա…»:

Լրագրողներն էլ հարցրեցին, թե էդ դեպքում ինչու է եկել, որ հարցերին չպիտի պատասխանի. «Հերիք չի՞, որ եկել, ձեր կողքը նստել եմ…»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, փորձեցինք հետաքրքրվել, թե ճի՞շտ է, որ «Դալմա գարդեն մոլում» Երևան սիթի է բացվելու` Կարֆուրի փոխարեն: Գործարար պատգամավորը զարմացավ. «Ինձ խի՞ես հարցնում, ես դրա հետ կապ չունեմ, ես բիզնեսով չեմ զբաղվում: Շողիկին հարցրու` կնոջս»:

Չնայած բոլոր փորձերին` շրջանցել Ծածկած շուկային վերաբերող հարցերը, Սամվել Ալեքսանյանը մի պահ չդիմացավ ու ասաց. «Եդ շուկան, որ զուգարան չուներ, կռիսանոց էր, կռիշը չռում էր, խի՞ մի օր չէիք էթում էդ շուկայի դեմը կանգնում, շուկայից խոսում…»:

Երբ հակադարձեցինք` ասելով, որ դա նրան թույլ չի տալիս ապօրինի շինարարություն անել, նա թեման արագ փոխեց:

Ի վերջո հասկանալով, որ Սամվել Ալեքսանյանը մտադիր չէ պատասխանել որևէ լուրջ հարցի, հետաքրքրվեցինք, թե օրինակ, նա դպրոցական տարիներին ինչպիսի աշակերտ է եղել` խելո՞ք, թե չար. «Իմ դեմքից չի երևո՞ւմ, որ չար եմ եղել»,-ասաց նա` պատմելով Երևանի 112 դպրոցում իր կատարած «քաջագործություններից» մեկի մասին,-մի օր սաղ դասարանների զամոկները չոփ կոխեցի, որ դասարանները չբացվեն, դաս չանենք: Հաջորդ օրը մինչև մորս մի սումկա զամոկ առնել չտվեցին, դպրոց չթողեցին…»:

Ի դեպ նա ասաց, որ իր սովորելու տարիներին իրենց դպրոցի տնօրենը Գալուստ Սահակյանի աներն էր:

Մեր հարցին, թե արդյոք հիմա, երբ միլիոնատեր է դարձել, փոխհատուցում է դպրոցին իր պատճառած վնասները, նա ինքնագոհ պատասխանեց. «Հիմա դու զանգի մեր դպրոցի դիրեկտորին, ինքը թող ասի…»:

Այդ ընթացքում Սամվել Ալեքսանյանի բջջայինին զանգեցին, և պարզվեց, որ նրա հեռախոսը տասը տարվա Մոտորոլա է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է գործարար-պատգամավորն այդ հին հեռախոսն օգտագործում: «Պտի հնարավորություն ունենամ, որ փոխեմ, որ չունեմ, ո՞նց փոխեմ»,-ծիծաղելով պատասխանեց նա:

Սամվել Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ ամռանը հանգստանալու է Սևանում`  «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում: