«Պետք չէ շտապել և սա անվանել թուրքական գարուն». Ռուբեն Սաֆրաստյանը՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին

սաֆրաստյանՀարցազրույց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Սաֆրաստյանի հետ՝ Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերի վերաբերյալ:

 

–         Պարոն Սաֆրաստյան, ի՞նչ գնահատական կտաք Ստամբուլի զբոսայգիներից մեկի ծառահատման պատճառով սկիզբ առած և կառավարության՝ մասնավորապես վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջի վերաճած բազմահազարանոց շարժմանը Թուրքիայում:

–         Սա նախևառաջ ընդվզում է կառավարման այն ավտորիտար մեթոդների դեմ, որը կիրառում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ մասնավորապես Էրդողանը: Չմոռանանք, որ Թուրքիան աշխարհում ամենադաժան քաղաքականություն վարող երկներից է լրագրողների նկատմամբ, ազգային և կրողնական փոքրամասնությունների դեմ տեղի ունեցող ճնշումներով: Ստամբուլի և Անկարայի որոշ խավերի մոտ դժգոհություն կա իսլամամետ քաղաքականությունից, որն իրականացնում է Էրդողանի կուսակցությունը: Վերջիվերջո Թուրքիան տասնամյակներ շարունակ եղել է աշխարհիկ պետություն, իսկ հիմա իշխանությունները կարծես թե ավելի տանում են իսլամամետ քաղաքականություն: Նկատվել են կարգախոսեր, որ մենք Աթաթուրքի զինվորներ ենք և այլն: Թուրք մտավորականների շրջանում դժգոհություն կա Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ կապված. հիշենք, որ Թուրքիայում տեղի ունեցան ցույցեր, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում Սիրիայում Թուրքիայի որդեգրած քաղաքականության դեմ և այլն: Եվ չնայած որ Թուրքիայում արձանագրվում է տնտեսական աճ, մարդիկ դժգոհ են կառավարման այն մեթոդներն ու քաղաքականությունը, որն իրականացնում է իշխող կուսակցությունը

–         Այս շարժումն ուղղորդվա՞ծ է քաղաքական ուժերի կողմից, թե՞ զուտ քաղաքացիական բնույթ է կրում:

 

–         Փաստորեն, քաղաքական հիմնական ընդդիմադիր ուժերն այս ընդվզումներին չեն մասնակցում, հեռու են մնում: Սա նշանակում է, որ այն քաղաքական համակարգը, որ ներկայումս գոյություն ունի Թուրքիայում, ադեկվատ չէ, չի կարողանում արտահայտել հասարակության մեջ գոյություն ունեցող բոլոր հոսանքներն ու մոտեցումները: Մյուս կարևոր հանգմանք այն է, որ ընդվզումներին մասնակցող խմբերը ոչ թե քաղաքական խմբեր են, էկոլոգիական շարժման ներկայացուցիչներ և այլն, այլ Ստամբուլի երեք հիմնական ֆուտբոլային թիմերի՝ «Գալաթասարայի», «Ֆեներբախչենի» և «Բեշիկթաշի» երկրպագուները և այլն էլ՝  բոլորը միասին: Սա Ստամբուլում մեծ ուժ է: Դրանք կազմակերպված խմբեր են՝ ոչ դասական առումով և մի նոր շարժում Թուրքիայում, որն արդեն սկսում  է գրավել հետազոտողների ուշադրությունը: Այդ խմբերն այս ընդվզումներին բավականին ակտիվորեն են մասնակցում:

–         Ձեր կարծիքով ի՞նչ զարգացում կունենա Թուրքիայում ծավալված շարժումը:

–         Ընդհանուր առմամբ, այս շարժման քաղաքական ներկապնակը շատ խայտաբղետ է, և ինչ զարգացում այն կունենա, այս պահին շատ դժվար է գնահատել, քանի որ դեռևս քաղաքական ուժերն ու քրդական կազմակերպությունները չեն մասնակացում շարժմանը, մյուս կողմից՝ շարժման մասնակիցներն ինքնակազմակերպման որոշակի տարրեր են ցուցաբերում. մասնավորապես երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մասնակիցների միջից ձևավորվում են կուռ խմբեր, գուցե և ի հայտ գան լիդերներ, և եթե դա տեղի ունենա, մենք մի նոր շարժման ականատես կլինենք: Բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր կլինի այսօրվա օրը, քանի որ աշխատանքային է, և արդյո՞ք մասնակիցների քանակը կպահպանվի: Ամսի 31-ին և 1-ին տեղի ունեցած իրադարձությունները, ըստ մասնագետների գնահատականների, Թուրքիայի պատմության, ինչպես նաև վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցած ամենազանգվածային ընդվզումներն էին ոստիկանության դեմ: Այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա. իշխանությունները կիրառեցին ուժ, որը չէր համապատասխանում իրադրությանը՝ այսինքն խաղաղ ցուցարարների դեմ և դրանով ավելի բորբոքեցին ընդվզումը:

 

–         Հայտնի է, որ Էրդողանը մեծ հեղինակություն է վայելում Թուրքիայում: Այդ հանգամանքը որքանո՞վ կարող է ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա:

–         Այո, շատ կարևոր է հաշվի առնել Էրդողանի գործոնը: Իսկապես նա մեծ հեղինակություն ունի Թուրքիայում, խարիզմատիկ անձնավորություն է, մեծ թվով կողմնակիցներ ունի, իսկ ամենակարևորը՝ դեմոկրատական ճանապարհով ընտրված կուսակցության ղեկավար է, որն իր նշանակությունը կունենա շարժման վրա: Շատերն այս իրադարձությունները համեմատում են արաբական գարնան հետ՝ անվանելով թուրքական գարուն, բայց պետք է հասկանալ, որ այստեղ սկզբունքային տարբերություն կա. այնտեղ ընդվզումներ տեղի ունեցան այն իշխանությունների դեմ, որոնք դեմոկրատական ճանապարհով չէին ընտրվել, իսկ այս իշխանություններն ընտրվել են դեմոկրատական ճանապարհով, ինչը մեծ ուժ է: Այնպես որ, պետք չէ շտապել և սա անվանել թուրքական գարուն:

–         Ինչ դիրքորոշում ունեն Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներն այս շարժմանը և ընդհանրապես շարժումն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել հայկական հարցի, հայ-թուրքական հարաբերությունների վրա:  

–         Հայաստանի հետ հարաբերությունների կամ հայկական հարցի վերաբերյալ որևէ եզրակացություն անելը շատ վաղ է: Մի քանի օրից Ստամբուլում տեղի կունենա քննարկում՝ նվիրված ազգային փոքրամասնության խնդիրներին, այդ թվում նաև ծպտյալ հայերի խնդիրներին: Դա թուրքական ներքին քննարկում է, և հետաքրքիր է, թե այդ քննարկումն ինչպես կընթանա, և ինչ ելույթներ կլինեն: Ինչ վերաբերում է Թուրքիայում ապրող հայերի դիրքորոշմանը այս շարժմանը, ապա իմ  անձնական կապերը վկայում են, որ հայերը կազմակերպված չեն մասնակցում ցույցերին, միայն առանձին անհատներ: Դա բնական է, որովհետև Թուրքիայում հայ համայնքն այնպիսի վիճակում է, որ չի կարող որևէ քաղաքական դիրքորոշում ունենալ, վտանգի զգացողությունը նրանց մոտ շատ մեծ է, և դա բացառվում է:

Հարցազրույցը վարեց Անի Գասպարյանը

 

Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

10441_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից և հույս հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մեր երկրում, մասնավորապես, գյուղատնտեսության, պետական ապարատի և տեղական ինքնակառավարման համակարգերում իրականացվող նախագծերի ընթացքն ու դրանց հետագա ընդլայնման հնարավորությունները:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի խնդրանքով կառավարության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը, մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ նախատեսվող հետագա քայլերը:
Ֆրենկ Հիմսկերկը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բովանդակալից զրույցի համար, և խոստացել երկկողմ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ՀՀ կառավարության նկատառումները ներկայացնել Համաշխարհային բանկի քննարկմանը:

Ստեղծվել է հանձնաժողով, որը կքննի գարնանային զորակոչի վերաբերյալ ստացված դիմում-բողոքները

պնՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն: Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 6-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդի աշխատավայրում:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով:

 

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ

ՀԿԵ-ն տոնում է իր գործունեության 5-ամյակը

հկեՀունիսի 1-ին լրացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության 5-ամյակը, որն Ընկերությունը դիմավորեց իրականացված բազմաթիվ նախագծերով և զարգացման խոստումնալից ծրագրերով:

Մի քանի օր առաջ՝ Հայաստանի Առաջին հանրապետության տոնին, Գյումրիում շահագործման են հանձնվել երկու խոշոր կառույց՝ լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոները, որոնք հիմնվել են դեռ 1899 թվականի փետրվարի 7-ին, երբ Թիֆլիսից Ալեքսանդրապոլ էր ժամանել առաջին գնացքը:

Դեպոների վերակառուցումը տևեց մոտ 2 տարի: Օբյեկտների վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, “ՀԿԵ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-պատվիրակ Սերգեյ Օվերչենկոն, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վրացական երկաթուղիների գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն և այլ պաշտոնատար անձինք:

Անցած 5 տարիների ընթացքում մեծ գումարներ են ներդրվել երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման մեջ: «ՀԿԵ» ՓԲԸ ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 90 մլրդ դրամ, իսկ 2013 թվականի ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ:

Այս տարիներին Հայաստանում կառուցվեցին և վերակառուցվեցին բազմաթիվ երկաթուղային օբյեկտներ: Միայն 2012 թվականին շահագործման են հանձնվել 3 խոշոր երկաթուղային կամուրջներ, որոնց թվում նաև Հայաստանի ամենահին Զամանլուի երկաթուղային կամուրջը:

Ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակներում, մասնավորապես, վերանորոգվել են 286,5 կմ գիծ, 52 գծանց, 35 կամուրջ, 132,2 կմ կոնտակտային ցանց:

Էական արդյունքներին Ընկերությունը հասավ նաև երկաթուղային բեռնա և ուղևորափոխադրումների ոլորտում: Օրինակ, բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում երկաթուղային բեռնափոխադրումների մասնաբաժինը 2012 թվականի արդյունքներով կազմեց 34,2%՝ 2008 թվականի 29,3% դիմաց:

Իսկ միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2008-ի հետ համեմատ եռապատկվեց. միայն Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնող ուղևորների թիվն աճեց 6 անգամ:

2008-ի հետ համեմատ մերձքաղաքային ուղևորափոխադրումների ծավալը նույնպես աճեց՝ 29%-ով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակելու է Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման իր ծրագրերի իրականացումը: 2013-2015 թթ համար Ընկերության գործունեության առաջնահերթություններն են լինելու Գյումրու դեպոների վերակառուցման ծրագրի ավարտը, վագոնների սպասարկման համակարգի ներդրումը և գծի ենթակառուցվածքի և թունելների արդիականացումը:

Վաղը կկայանա «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը

զվարթնոցՀունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը: Ծրագրի կազմակերպիչը «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամն է: (Հայտնի կդառնան «Հայ դասական երգ» անվանակարգի երկու տարիքային խմբերի և «ժողովրդական երգ» անվանակարգի մրցանակակիրները,  Հատուկ մրցանակի կարժանանան` «Կոմիտասի լավագույն կատարում», «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողները, ինչպես նաև կհայտարարվի «Գրան պրիի» արժանացած մասնակիցը):

«Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոն ծրագրի նպատակն է երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությանը, ինչպես նաև հանճարեղ Կոմիտասի ստեղծագործություններին ու հնարավորություն ընձեռել տաղանդավոր պատանիներին ու երիտասարդներին ներկայացնել իրենց կատարումները հանրությանը: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակը հայտնաբերել երաժշտական կրթություն չունեցող, բայց գերազանց ձայնային տվյալներ ունեցող անհատների:

Մրցույթ-փառատոնը մեկնարկել է 2012 թ. հունիսից: Ծրագրին հայտագրվել են Հայաստանի և Արցախի  14-36 տարեկան շուրջ 3000 պատանիներ ու երիտասարդներ: Հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին՝ «Լսումներ» փուլում, ընտրվել են ձայնային տվյալներ ունեցողները: Ընտրված 800 մասնակցի համար կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոսների կողմից և հանձնարարվել է հաջորդ փուլում ներկայացնել Կոմիտասի, հայ դասական, հայ ժողովրդական երգարվեստի գոհարներից: «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի կայքում տեղադրված ձայնադարանը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ ներկայացված  երգերի պատմությանը և նոտաներին: «Մրցույթ» փուլում ընտրվեցին 300 մասնակից, իսկ 2013 թ. ապրիլ, մայիս ամիսներին կայացավ «Մարզային» փուլը, որտեղ իրենց երաժշտական ունակությունները լավագույնս ներկայացրեցին 153 պատանի ու երիտասարդ: Մայիսի 15-ից պրոդեսորադասախոսական անձնակազմի կողմից անցկացվեցին անհատական դասընթացներ:

Մայիսի 31-ից հունիսի 3-ը Երևանում ընթանում է «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի «Հանրապետական» փուլը, որտեղ իրենց ուժերն են չափում 153 պատանի ու երիտասարդ Հայաստանից և Արցախից:  Մասնակիցների համար կազմակերպվում են մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մշակութային գործիչների հետ:

Մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական մեներգեցողության և ժողովրդական նվագարանների ամբիոնի պրոֆեսորներ Սուսաննա Մարտիրոսյանը, Լարիսա Մկրտչյանը, Գայանե Գեղամյանն ու Սամվել Գալստյանը: Հանձնաժողովի նախագահն է ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի երաժշտական ընկերության վաստակավոր նախագահ Դավիթ Ղազարյանը:

                 «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամը ստեղծվել է 2011 թվականին: Հիմնադրամի հիմնական առաքելությունը   հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու վերածնունդն է Հայաստանում և Սփյուռքում:  Հիմնադրամի կողմից հաջողված ծրագրերից է «Պատարագը բեմից», որի ընթացքում հանդիսատեսը ծանոթացավ պատարագի մատուցման գաղտիքներին, ինչպես նաև երգեցողությանը: 

Քննարկվել է հայ-քուվեյթական համագործակցության խորացման հարցերի լայն շրջանակ

10440_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունների ամրապնդմանը և ընդլայնմանը: Համոզված եմ, որ ձեր պատվիրակության այցը նոր թափ է հաղորդելու երկկողմ կապերի զարգացմանը», – հյուրերին ուղղված ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է պատվիրակության անդամներին և ընդգծել, որ այցի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների հարաբերությունները:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել կրթության և մշակույթի ոլորտներում ծավալված գործակցության ընթացքից (մշակույթի օրերի անցկացում Քուվեյթում և Հայաստանում, կրթաթոշակների տրամադրում հայ ուսանողներին` Քուվեյթում ուսանելու համար), ինչպես նաև ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Սիրիայից տարհանված և Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին Քուվեյթի Պետության կողմից ցուցաբերվող նյութական օժանդակության համար:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Երկուստեք առաջնային է համարվել օդային ուղիղ հաղորդակցության ստեղծումը, և վարչապետը նշել է, որ այդ հարցը կներառվի միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգ:
Տիգրան Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները և անդրադարձել համագործակցության հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին` գյուղատնտեսական ապրանքների արտահանում, հանքահումքային և քիմիական արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, ֆինանսական համակարգ, առողջապահական զբոսաշրջություն: Ներկայացված տեղեկատվությանն ի պատասխան Քուվեյթի ԱԺ նախագահը նպատակահարմար է համարել քուվեյթյան գործարարների պատվիրակության այցը մեր երկիր` ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հեռանկարային ծրագրերը քննարկելու նպատակով:
Պատվիրակության անդամները վարչապետից հետաքրքրվել են Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար գործող օրենսդրական և հարկային դաշտի մանրամասներով: Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի «Doing Business» ինդեքսով աշխարհի 184 երկրների շարքում Հայաստանն զբաղեցնում է 32-րդ տեղը, ինչը վկայում է մեր երկրում բարենպաստ բիզնես միջավայրի և լիբերալ հարկային դաշտի առկայության մասին: Նա հավելել է, որ «Զարգացման հայկական գործակալությունը» Քուվեյթի պատվիրակությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրի Հայաստանում արտասահմանյան ներդրողների համար գործող օրենսդրության և հարկային արտոնությունների վերաբերյալ
Վարչապետն իր ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերն է փոխանցել Քուվեյթի Պետության վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահին: Իր հերթին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդը վարչապետ Տիգրան Սարգսյանին հրավիրել է Քուվեյթ:

Խոշոր ավտոպատահար Երևան-Սևան ավտոճա­նա­պարհին (լուսանկարներ)

big_1370069454_66Հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճա­նա­պարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ օրվա պատասխանատու ՓԾ գնդապետ Ա.Վարդանյանը և ՕԿՎ պետ ՓԾ գ-տ Ա. Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Պարզվել է, որ բախվել են “Մերսեդես Սպրինտեր” մակնիշի С678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և “ՎԱԶ 21 012” մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: “Մերսեդես սպրինտեր” միկրոավտոբուսի վարորդ՝ 1965թ. ծնված Կամո Հովհաննիսյանը, ուղևորներ՝ Օխիկյան Ելենան (1979թ. ծնված), Հայկանուշ Սահակյանը և Աշոտ Ռաֆյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց և վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ Սահակյան Արմինեն մահացել է:

Ժամը 13.00-ի դրությամբ հայտնի են տուժածների տվյալները՝ 1976թ. ծնված Արման Սլավիկի Այվազյան, Ինա Գրիգորյան, 1991 թ. ծնված Մանվել Մնացականյան, Գևորգ և Տիգրան (ազգանունները ճշտվում են):

Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ավտոմեքենաների հոսանքազրկում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Գյումրիում ծնվեց 50.000-րդ երեխան

IMG_0450 (2)Այսօր` հունիսի 1-ին, նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում օրը կրկնակի տոնական էր: Թեև այստեղ ամենամյա տոնական շքերթ չէր կազմակերպվել` կենտրոնական հրապարակի վերանորոգման պատճառով, սակայն գյումրեցին ուրախանալու այլ առիթ էլ ուներ. 88-ի ավերիչ երկրաշարժից 25 տարի անց Գյումրիում ծնվեց 50.000-րդ երեխան: Փոքրիկ Հայկը լույսաշխարհ է եկել երեկ երեկոյան: Նա ընտանիքի 3-րդ երեխան է:

Այս պատճառով, նաև տոնի խորհրդով պայմանավորված այսօր առավոտից հյուրաշատ էր Գյումրու ծննդատունը: Բնականաբար, երեխաների պաշտպանության օրը չայցելել այս կարևոր կառույցը, անհնար է: Խոսելով օրվա անակնկալի մասին ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խաչատրյանը նշեց. “Այսօր տոնն առանձնակի կարևոր է մեզ համար, քանի որ երկրաշարժից հետո մեր ծննդատանը ծնվեց 50.000-րդ երեխան”:
Գյումրիի ծննդատուն էին եկել նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նրանք նվերներով ու ծաղիկներով շնորհավորեցին բոլոր նորածինների մայրիկներին, իսկ փոքրիկ Հայկի ընտանիքին պարգևատրեցին խրախուսական 100.000 դրամով: Ի դեպ, փոքրիկի ընտանիքին 100.000 դրամ էր նվիրել նաև ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Հայկը նվեր ստացավ նաև մանկասայլակ` մարզպետի կողմից, իսկ “Անի տուրը” նրա ընտանիքի անդամներից մեկին հնարավորություն ընձեռեց տեսնել Արևմտյան Հայաստանը:

Տոնական միջոցառումներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

010Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկել ու ամբողջ օրվա ընթացքում շարունակվել են երեխաներին նվիրված տոնական միջոցառումները:
Վարչական շրջանների տարբեր հատվածներում, այդ թվում նաև բակային տարածքներում, մանկապարտեզների, դպրոցների և մշակութային օջախների սաների մասնակցությամբ կազմակերպվել են բացօթյա համերգային ծրագրեր` պարային և երաժշտական կատարումներով: Նկարչական խմբակներ հաճախող կամ պարզապես նկարել սիրող երեխաները ևս հնարավորություն են ունեցել իրենց կարողությունները ցուցադրել գեղանկարի ու կավճանկարի միջոցով:
Միջոցառումների շրջանակում մանուկները հնարավորություն են ունեցել նաև շփվելու, խաղալու և լուսանկարվելու սիրված հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսների հետ:
Անցկացվել են նաև մարզական առաջնություններ: Սկսնակ փոքրիկ շախմատիստներն իրենց ուժերն են չափել խաղատախտակների առաջ:
Երեխաների հետ տոնին մասնակցել են նաև ծնողները, տատիկ-պապիկները, ովքեր հիացմունքով նշել են, որ մայրաքաղաքում տիրող տոնական ուրախ տրամադրությունը նաև իրենց է վարակել:
Օրվա առիթով երեխաների համար այցելություններ են կազմակերպվել թանգարաններ, գադարաններ, ինչը դպրոցահասակ երեխաների համար ևս մի առիթ էր ծանոթանալու հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններին:
Միջոցառումներ են անցկացվել նաև զբոսայգիներում և պուրակներում, որտեղ մանուկներին վարչական շրջանների աշխատակազմերի, տարբեր տնտեսվարողների կողմից անակնկալներ են մատուցվել: Լարախաղացներ ու աճպարարներն էլ իրենց հերթին հմուտ հնարքներով զարմացրել են փոքրիկներին:
Հունիսմեկյան միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո և կեզրափակվեն տոնական հրավառությամբ:
ի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տոնական միջոցառումներ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

004Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է տոնական միջոցառումներ:

Այգու բեմահարթակից իրենց ելույթներով փոքրիկներին ողջունում էին մանկական համույթները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Հաղթանակ» զբոսայգում առավոտյան ժամը 10:00-13:00-ը մինչև 15 տարեկան երեխաների համար զբոսայգու 20 կարուսելներն ու ատրակցիոններն անվճար էին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցելության պահին այգին մարդաշատ էր և ամենուր տոնական տրամադրություն էր: Քաղաքապետը շրջել է զբոսայգում, զրուցել մանուկների և նրանց ծնողների հետ և շնորհավորել է նրանց` մաղթելով խաղաղ երկինք, առողջություն ու անհոգ մանկություն. «Ծնողների համար չկա ավելի մեծ հարստություն, քան իրենց երեխաները: Ու հատկապես այս օրը կմաղթեի, որ բոլոր երեխաները լինեն առողջ, երջանիկ ու ապրեն խաղաղ և անհոգ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Օգտվելով առիթից ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում տոնական բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելու և փոքրիկների համար տոնական տրամադրություն ապահովելու համար:
«Հաղթանակ» զբոսայգում նախատեսված տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ գիշեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան

296138_10151420158787441_97811318_nՌեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որն ունեցել է 7 միջազգային պրեմիերա և Հայաստանում ցուցադրվել միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, հունիսի 7,8,9-ին կունենա եռօրյա կինոթատրոնային ցուցադրություն Նաիրի կինոթատրոնում:

 

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի էր ունեցել 2011 թվականի հոկտեմբերին` Հարավային Կորեայում` Պուսանի միջազգային կինոփառատոնի պաշտոնական միջազգային մրցույթում: 2012-ին ֆիլմը պատիվ ունեցավ հրավիրվելու` ունենալու իր եվրոպական պրեմիերան Շվեդիայում` հեղինակային կինոյի ամենահայտնի կինոփառատոներից մեկում` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնում: Իսկ Ամերիկյան պրեմիերայի համար` այն բացարձակ հեղինակային մի ֆիլմ, ընտրվեց Ամերիկայի ամենամեծ հանդիսատես ունեցող փառատոնի` Սիեթլի կինոփառատոնի կողմից: Ֆիլմն ունեցել է նաև այլ միջազգային պերմիրաներ, իսկ Հայաստանում ցուցադրվել միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:

 

Նշենք նաև, որ ֆիլմն արտադրված է «Հոշկի ֆիլմ» կինոընկերության կողմից, որին աջակցել են Մշակույթի Նախարարությունը, Ազգային կինոկենտրոնն ու «Ոսկե ծիրան» հիմնադրամը: «Ժաննան և ձայները» ռեժիսորի և ֆիլմի հիմնակազմի 90 տոկոսի` սցենարիստների, պրոդյուսերի և բեմադրող օպերատորի, առաջին լիամետրաժ ֆիլմն է: Ժաննայի դերում հանդես է գալիս Արմինե Անդան:

 

 

Կրթության իրավունքը մեր երեխաների կարևորագույն իրավունքներից մեկն է. Արմեն Աշոտյան

 Արմեն ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է 2013-ի հունիսի 1-ի խորհուրդը: Ըստ նախարարի` Խորհրդանշական է, որ այսօր` Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, մեկնարկել են միասնական քննությունները:

«Կրթության իրավունքը մեր երեխաների կարևորագույն իրավունքներից մեկն է: Նախարարությունը հետևելու է քննությունների ընթացքին և իր լիազորությունների շրջանակում արձագանքելու է դիմորդներին հուզող հարցերին: Հաջողություն եմ մաղթում բոլոր դիմորդներին, համբերություն` իրենց ծնողներին և ուսուցիչներին: Բոլոր խնդիրները լուծելի են», – գրել է Արմեն Աշոտյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին

3163

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին:

Նշելով, որ ուրախ է Հայաստանում հյուրընկալելու ԵԽԽՎ նախագահին, Սերժ Սարգսյանը կարևորել է Ժան-Կլոդ Մինյոնի այցը մեր երկիր, հատկապես, երբ այն կայանում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող առաջին միջոցառումների՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերի կապակցությամբ: ԵԽ անդամակցությունից 12 տարի հետո Հայաստանի կողմից կազմակերպության նախագահությունն ստանձնելը Հանրապետության Նախագահը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել մեր երկրի համար: Նա նշել է, որ անցած 12 տարիներին Հայաստանը բավականին ճանապարհ է անցել և ակտիվ գործունեություն է իրականացրել կազմակերպության շրջանակներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԽ անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մի շարք ուղղություններով մինչ այժմ իրականացված և ընթացիկ բարեփոխումներին, ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանի գերակայություններին, ինչպես նաև ԼՂ հարցի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային իրավիճակին:

Բորսայում դոլարի գինը` 417,5 դրամ

դոլարՀունիսի 1-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

5ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը հունիսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են պաշտպանական ոլորտի աշխատանքներին առնչվող թեմայով խորհրդակցությանը:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր:

Զեկույց-հաշվետվությունների ընթացքում բարձրաստիճան զինվորականները ներկայացրել են ՀՀ զինված ուժերի զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման, գնումների գործընթացի բարելավման, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների կանխարգելման, տեղակատվության և հասարակայնության հետ կապերի, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին

10438_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին և դրանց Հայաստանի մասնակցության հնարավոր ձևաչափերին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ այժմ պետք է հստակեցնել տեխնիկական այն հարցերը, թե ինչպիսի քայլերով պետք է առաջ գնալ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է նաև երկկողմ հուշագրի ստորագրման հարցը:
Դմիտրի Մեդվեդևը ևս կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին և նշել, որ անհրաժեշտ է միայն գտնել համագործակցության պատշաճ ձևաչափ:
Անդրադառնալով էներգետիկ ոլորտում փոխգործակցությանը՝ ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման հարցում առկա է լիակատար փոխըմբռնում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին փուլում նախ աշխատել գործող ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգման, այնուհետև՝ նոր բլոկի կառուցման շուրջ:
Կողմերն անդրադարձել են նաև գազի գնի 30 տոկոս սուբսիդավորմանը, մասնավորապես, թե ինչ սկզբունքների ներքո պետք է այն գործի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով, ինչի շուրջ բանակցությունները դեռևս կշարունակվեն:
Խոսելով Հայաստանի համար դոնորների կոնֆերանսի կազմակերպման մասին՝ Դմիտրի Մեդվեդևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է մասնակցել կոնֆերանսին և նպաստել դրա հաջող անցկացմանը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև համատեղ այլ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Արտգործնախարարը հանդիպեց ԵԽԽՎ նախագահին

380. Minister Nalbandian met with the president of the PACE 01.06.2013Հունիսի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին։

Հանդիպմանը  հանգամանալից քննարկվեցին Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին առնչվող մի շարք հարցեր, այդ համատեքստում ԵԽ Նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ համագործակցությունը:

Անդրադառնալով նախորդ օրերին Երևանում կայացած ԵԽԽՎ բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերին՝ Ժան-Կլոդ Մինյոնը նշեց, որ դրանք կազմակերպված էին բարձր մակարդակով և առաձնանում էին բովանդակային քննարկումներով և արդյունավետությամբ:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ու ԵԽԽՎ ղեկավարը մտքեր փոխանակեցին ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան Հարավային Կովկասի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը պաշտպանության նախարարությունում

12Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է տոնական համերգ, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում: Պաշտպանության նախարարության հրավերով տոնական միջոցառմանը մասնակցել են նաև ավելի քան 50 սիրիահայ երեխաներ իրենց ծնողների հետ:

Հունիսի 3-ից նոր արագաչափեր կգործարկվեն

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի հունիսի 3-ից  գործարկվելու են Երևան-Գյումրի-Վրաստանի սահման Մ-1 միջպետական նշանակության ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի տարածքում (երկու ուղղություններով) և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Քոչինյան փողոցում տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Տեղեկացնում ենք նաև, որ տվյալ ճանապարհահատվածներում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ ամուսինը խեղդամահ է արել կնոջը

խմորեղենՀունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել  տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված  Ցողիկ  Այվազյանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, բնակարանում, խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, Ցողիկ  Այվազյանին խեղդամահ է արել ամուսինը` 1976 թ. ծնված Արտյոմ Ղ.-ն:
Արտյոմ Ղ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն: