Մանվել ԲադեյանՉնսեմացնենք մեր ժողովրդին. Մանվել Բադեյան

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ կուսակցությունից Մանվել Բադեյանը, խոսելով ավագանու ընտրությունների արդյունքների մասին, կոչ արեց չնսեմացնել ժողովրդին:

«Եթե մենք անընդհատ ասում ենք, որ մարդկանց ուղղորդել են, վախեցրել են, կաշառել են, և նրանք էլ ենթարկվել են վախենալով, մենք նսեմացնում ենք մեր ժողովրդին: Ընտրախախտումներով անգամ Նիգերիայում չի կեղծվում ընտրությունների մի քանի տոկոսից ավելին, էլ ուր մնաց մեզանում», – կարծիք հայտնեց Մանվել Բադեյանը:

Չինական ավիաուղիներում առնետի միս են մատուցել

iՌուսաստան – Չինաստան ավիաուղու ինքնաթիռներում ուղևորներին տավարի  ու ոչխարի մսի փոխարեն ուղևորներին առնետի ու աղվեսի միս են հրամցրել:

ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը բացահայտել է, որ մթերքը ներկայացվել է տավարի ու ոչխարի մսից կիապատրաստվածքների տեսքով: Մասնագետները կասեցրել են այդ մթերքի տարածումը:

“Նախարարության տվյալներով, հունվարի վերջից մինչ օրս գրանցվել է 382 դեպք, առգրավվել է 20 տ նման արտադրանք”,հայտնել է աղբյուրը:

Առնետի ու աղվեսի միսը վնասակար է առողջությանը.դրանում կարող են լինել կատաղության , ժանտախտի, տուլյարեմիայի, տիֆի, սալմոնելոզի ու լեպտոսպիրոզի մանրէներ:

Օմբուդսմենի գնահատականը Երևանի ավագանու ընտրություններին

ՄԻՊԵրևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրությունների վերաբերյալ Պաշտպանի 116 թեժ գիծը ստացել է ընդամենը 19 ահազանգ: Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ նախորդած Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքում Պաշտպանի աշխատակազմը ստացել էր 178 ահազանգ, իսկ նախորդած Նախագահի ընտրությունների ժամանակ՝ 214 ահազանգ: Հաշվի առնելով նախորդած ընտրությունների համեմատությամբ եղած ահազանգերի սակավաթվությունը՝ քվեարկության օրը Պաշտպանի արագ արձագանքման խմբերը շրջել են քաղաքում և հանդիպել են տեղամասերում եղած քաղաքացիներին, դիտորդներին, վստահված անձանց և լրագրողներին՝ առաջարկելով իրենց աջակցությունը և փորձելով ստանալ լրացուցիչ տեղեկություններ հնարավոր ընտրախախտումների մասին: Սեփական նախաձեռնությամբ կատարված 66 շրջայցերի արդյունքում ստացվել է 2 բողոք:

Այս ընտրությունների ողջ ընթացքում Պաշտպանին ուղղված ահազանգերի և բողոքների վիճակագրությունը հետևյալն է. ընտրացուցակներում առկա անճշտությունների, նույնականացման քարտով ընտրություններին մասնակցելու և քվեարկության ավարտից հետո ընտրատեղամաս մուտք գործելու վերաբերյալ խորհրդատվության համար (10 զանգ), ընտրատեղամասում կուտակումների վերաբերյալ (6 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման մասին (2 ահազանգ), լրագրողի նկատմամբ բռնության վերաբերյալ (1 ահազանգ), դիտորդին ահաբեկելու և տեսախցիկը խլելու մասին (1 բողոք), դիտորդի ոչ պատշաճ վարքագիծ (1 ահազանգ):

Հիմք ընդունելով սեփական ահազանգերը, նաև ուշադրությամբ հետևելով լրատվամիջոցների, տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, պետական մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության մեջ առկա խախտումների մասին փաստական տվյալներին՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ կարող ենք կատարել հետևյալ եզրահանգումները:

Ընտրությունները եղել են մրցակցային: Բոլոր մրցակից ուժերը ունեցել են քարոզչության ազատ պայմաններ, իսկ տեղամասերում ունեցել են բավարար ներկայացվածություն ու իրական հնարավորություն վերահսկելու քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացը: Լրագրողները և հասարակական կազմակերպությունների դիտորդները աննախադեպ ակտիվությամբ են հետևել ընտրությունների ողջ գործընթացին և հանրությանն իրազեկել են գրեթե յուրաքանչյուր՝ նույնիսկ աննշան շեղման մասին: Դիտորդական կազմակերպությունների և լրագրողների բոլոր ճշտված և չճշտված հրապարակումները էական և ոչ էական խախտումների, այդ թվում՝ կասկածների ու ենթադրությունների վերաբերյալ, չեն գերազանցել 600-ը: Նախորդած ընտրությունների համեմատ՝ Ոստիկանությունը  առավել օպերատիվությամբ և լրիվությամբ է արձագանքել քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնված բոլոր ընտրակեղծիքների մասին ահազանգերին և այդքանով հանդերձ հայտնաբերել և առանձնացրել է արժանահավատ միայն 143 ահազանգ: Լցոնման, ընտրակաշառքի բաժանման, կրկնակի քվեարկության և այլ էական ընտրախախտումների վերաբերյալ գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը շուրջ հինգ տասնյակ են, մինչդեռ գրանցված արդյունքներով մրցակից ուժերի միջև եղած ձայների տարբերությունը էականորեն գերազանցում է ընտրախախտումների մասին հրապարակված կասկածների այս ծավալը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են ազատ, իսկ դրանց արդարությանը չհավատալու իրավական հիմքերը ներկայումս բացակայում են:

Ընտրությունների գործընթացի ընդհանուր դրական պատկերի վրա բացասական ազդեցություն են ունեցել մի քանի թաղամասերում կասկածելի գործողություններ կատարող տեղաբնակ տղամարդկանց անթույլատրելի ակտիվությունը, որի պատճառով եղել են քաղաքացիների անհարկի կուտակումներ, ընտրողների ուղղորդման կասկածներ, ընտրական գործընթացի մի քանի մասնակիցների աշխատանքի խոչընդոտում և հոգեբանական ճնշում: Մտահոգիչ էին նաև առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից գրանցամատյանում համապատասխան գրառումները չթույլատրելու վերաբերյալ շուրջ մեկ տասնյակ ահազանգերը:

Ընտրությունների արդյունքները որոշվում են Բաղրամյան 26-ում. Արկադի Վարդանյան

արկադի վարդանյանԱյսօր «Վարկած» մամուլի ակումբում քաղաքագետ Արկադի Վարդանյանը անդրադարձավ ներքաղաքական զարգացումները հետընտրական փուլում թեմային:

Բանախոսն ընդգծեց, որ մեզանում խոսել ընտրությունների մասին, նվազագույնն  անիմաստ է. «Ընտրություն ասվածը ֆորմալ երևույթ է մեզանում: Ակնհայտ է, որ արդյունքները որոշվում են Բաղրամյան 26-ում: Ինձ համար նախապես պարզ էր, որ ջախջախիչ հաղթանակ է տանելու Տարոն Մարգարյանը, բայց ջախջախիչ ասվածը հարաբերական է, իհարկե, այս պարագայում: Նախագահական ընտրությունների ընթացքում, եթե դեռևս կար ինչ-որ մոտիվացիա` լրջորեն մոտենալու ընտրություններին, ապա երկու-երեք ամսում մոտիվացիան վերացավ: Ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ ընտրությունները ձևական են, դրանց վրա հույս դնելն անիմաստ է»:

Խոսելով ընդդիմության ակնհայտ պարտության մասին` Արկադի Վարդանյանը շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես ընդդիմադիր առաջնորդ, ցավոք սրտի, չկայացավ: Իսկ ստացված բացասական պատկերը մեղմելու համար ժողովրդին անհրաժեշտ է մոտիվացիա և կտրուկություն:

Հանդիպել են Հայաստանի և Չեռնոգորիայի արտգործնախարարները

321. The meeting of the Foreign ministers of Armenia and Montenegro 07.05.2013 (2)Մայիսի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Իգոր Լուկշիչը Չեռնոգորիայի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան և այցելությունը լավ սկիզբ և հիմք կարող է հանդիսանալ տարբեր ոլորտներում մեր համագործակցության զարգացման համար։ Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ Հայաստանի և Չեռնոգորիայի ժողովուրդները շատ պատմական ընդհանրություններ ունեն, ինչը լավ հիմք կարող է ծառայել միջպետական հարաբերությունների զարգացման համար։

«Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ անելիքներ կան՝ իրավապայմանագրային դաշտի ստեղծում, առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացում, մշակութային փոխանակումների խթանում և այլն։ Այս առումով Ձեր այցը լավ հնարավորություն է տալիս ձևավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության հիմնական ուղղությունները, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ»:

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու և ջերմ ընդունելության համար` Իգոր Լուկշիչն ընդգծեց, որ Չեռնոգորիան կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու իր այցելության հիմնական նպատակն է երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով պայմանավորվածությունների ձեռք բերումը։

Բանակցությունների ընթացքում նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ստեղծման, ԱԳՆ-ների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման, մշակութային փոխանակումների խրախուսման ուղղությամբ։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին ԵԽ օրակարգային հարցերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան Չեռնոգորիայի ԵՄ անդամակցության բանակցություններին, Հայաստան – ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին:

Նախարարներ Նալբանդյանն ու Լուկշիչն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։ Նախարար Լուկշիչն իր հերթին պատմեց Բալկաններում ընթացող զարգացումների վերաբերյալ:

Հանդիպումից հետո նախարարներն հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

կգնՄայիսի 6-ից ՀՀ բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունելությունը կտևի մինչև  հունիսի 1-ը, ժամը 1800-ը: Դիմորդը  կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության  մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ:Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18 00-ն:

«Ինչո՞ւ ոստիկանությունը տեր չի կանգնում իր հիմնարկին». աշխատակիցները տարակուսած են

կոնտինենտեքս22012 թ. ՀՀ կառավարության որոշմամբ Կոմիտաս 15 հասցեում գտնվող 4368 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը, որտեղ տեղակայված է ՀՀ ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտտեքս» փակ բաժնետիրական ընկերությունը, ուղղակի ձևով վաճառվել է «ԿԱԷՌ քընսթրաքշըն» ՍՊԸ-ին:

«Կոնտինենտտեքսի» աշխատակիցները, որոնցից մի մասն այդ ընկերությունում է աշխատում արդեն 35-40 տարի, խիստ անհանգստացած են, քանի որ իրենց որևէ տեղեկություն չի տրվել այդ գործարքի մասին, այժմ էլ պարզաբանում չի տրվում իրենց հետագա կարգավիճակի վերաբերյալ:

Ոստիկանությանը պատկանող կարի ֆաբրիկան շուրջ կես դարի պատմություն ունի: Տասնամյակներ շարունակ այստեղ են կարվել ոստիկանության համազգեստները: Սակայն այսօր, ըստ աշխատակիցների, տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս են աշխատում, քանի որ պատվեր չկա:  Եղած աշխատանքի դիմաց էլ արդեն չորրորդ–հինգերորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել, իսկ շենքի վաճառքի մասին իմացել են պատահաբար:  «Օրերից մի օր էլի աշխատավարձի կռիվ եղավ, որ գործ չունենք, պարապ ենք, և երբ կրքերը բորբոքվեցին, իմացանք, որ շենքը վաճառված է: Մեզ էլ ասացին, որ եթե տեղ տան` կգնանք, կաշխատենք, եթե չէ` բոլորիս հաջողություն, ֆաբրիկան էլ կլուծարվի»,- ասում է արտադրամասի վարպետներից մեկը:

Բանն այն է, որ ժամանակին կարի ֆաբրիկան ոստիկանության համազգեստները կարելու մենաշնորհ ուներ, իսկ նոր օրենքների ընդունումից հետո, որոնք պարտադրում են մրցակցային դաշտի ապահովում, ոստիկանությունը պարտավոր է մրցույթ հայտարարել: Սակայն զարմանալին այն է, որ բազմամյա տարիների փորձ ու հմուտ աշխատողներ ունեցող պետական ֆաբրիկան մրցույթներում չի հաղթում, այլ հաղթում են մասնավոր, փոքր ընկերությունները:

Աշխատակիցները նշում են, որ նախկինում իրենք այդ մրցույթներին մասնակցում էին և ինչ-որ ծավալի աշխատանք շահում, սակայն ներկայիս տնօրենի գալուց ի վեր գրեթե գործ չունեն. «Տնօրենն ասում է` տենդերը չենք շահում: Բայց ո՞նց է, որ առաջ շահում էինք, հիմա՝ չէ: Էնպիսի տպավորություն է, որ միտումնավոր ուզում են հիմնարկը սնանկացնել և լուծարել»,- դժգոհում են աշխատակիցները:

2013-04-17 15.52.11Ֆաբրիկայի աշխատակիցները հպարտությամբ ցույց են տալիս այդ տարիների ընթացքում ստեղծած համազգեստների նմուշները, որոնք մանեկենների վրա ցուցադրված են հատուկ սենյակում: Լաբորատորիայի աշխատակիցն ասում է, որ համազգեստի նմուշների վերջնական տեսքի ստացման համար հատուկ մասնագիտական խումբ էր աշխատում,  իսկ այսօր իրենց մոդելները «գողանում են» մասնավոր ընկերություններն ու բազմացնում: «Մասնավորները գնում, անորակ կտորը Թուրքիայից բերում են, կարում, տալիս ոստիկանությանը, իսկ էս հսկայական հիմնարկն անգործության է մատնված: Ոստիկանները միշտ մեզ ասում են` ձեր կարի նման կար չկա, խի՞ դուք չեք կարում»,- ասում է աշխատակիցներից մեկը:

Ընկերության տնօրեն Սամվել Բեկչյանը չցանկացավ այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն տալ` առանց ոստիկանության համապատասխան մարմինների հետ համաձայնեցման: Փոխարենը բավականին պարզ խոսեց արտադրության պետ Աշոտ Հովհաննիսյանը. «Սա շահույթ հետապնդող ձեռնարկություն է, պետք է մասնակցի այդ մրցակցությանը: Դա նորմալ է: Բայց տնօրենները մի տեսակ ուրիշ (պետական չինովնիկի) հոգեբանությամբ են գալիս էստեղ, և բավարար կոմպետենտության բացակայության դեպքում առաջանում են դժվարություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են անհաղթահարելի:  Ինչպես ասում են` տնօրենները գալիս ու գնում են, բայց ոչինչ չի փոխվում»:

Ըստ Հովհաննիսյանի` ընկերությունը մրցակցությանը չի դիմանում ոչ միայն տնօրենի աշխատաոճի պատճառով, այլև մի շարք օբյեկտիվ պատճառներով. «Մեր հաստատուն ծախսերը` կոմունալ ծախսեր, սոցապ վճարներ, կրեդիտորական պարտքեր և այլն, գերազանցում են մեր արտադրանքի իրացումից եկած գումարները: Դրան գումարած` ամսական մոտ 650 հազար դրամ հարկային պարտավորությունների գումար ենք տալիս, պարզ է, որ եկամուտ չունենալու դեպքում ոչ միայն այդ վճարները չենք կարողանա փակել, այլև պարտքերի տակ կհայտնվենք»,- ասում է նա:

Բանն այն է, որ աշխատողների մեծ մասի հետ անժամկետ պայմանագրեր են կնքվել, և ստացվում է, որ հիմնարկն այդքան պատվեր չունի, բայց ունի անթիվ-անհամար աշխատողներ (մոտ 200), որոնց համար առաջանում են պարտադիր սոցիալական վճարներ: Ըստ Հովհաննիսյանի, եթե պայմանագրերը ժամանակավոր լինեին, ապա դրանց ժամկետները լրանալուն պես նրանց մի մասին այլևս աշխատանքի չէին վերցնի, իսկ այս դեպքում նաև պետք է լրացուցիչ ծախսեր անեն և նրանց ազատեն աշխատանքից:

Կարճ ասած՝ արտադրության պետն իրավիճակն այսպես է ձևակերպում. ապրանքն արտադրելու համար ծախսում ես, ենթադրենք, 5000 դրամ, հետո այն վաճառում 4000-ով:

կոնտինենտեքսՍակայն նա դեռ հույսը մեռած չի համարում. «Պետք է վերը նշված անիմաստ ծախսերը կրճատվեն, այդ թվում նաև ավելորդ կադրերը, որոնք պարտադրվել են տնօրենին, իսկ ընկերությունը պետք է ղեկավարվի լիազոր մարմնի մասնակցությամբ և կոմպետենտ ձևով: Էստեղ շատ լավ մասնագետներ կան, որոնք պատրաստ են և ունակ աշխատելու, խնդիրը միայն պատվերների բացակայությունն է: Եթե լիազոր մարմինը մեզ հնարավորություն տա, կարող ենք վերականգնվել և մրցունակ դառնալ»,- ասում է նա:

Նշենք, որ Կոմիտաս 15 հասցեում գտնվող շենքի տեսքն ու դիրքն այնքան գրավիչ են, որ հավանական է թվում աշխատակիցների առաջ քաշած վարկածներից մեկը, թե շենքի վրա շատերն աչք ունեին, և խանգարողն իրենք էին, հիմա ուզում են իրենցից ազատվել և շենքն առավել «նպատակային» օգտագործել:

«Մենք շատ վիրավորված ենք մեր ղեկավարության նման վերաբերմունքից. որոշ ժամանակ առաջ բողոքի ակցիա արեցինք, լրագրողներ հրավիրեցինք, բայց ոստիկանության արձագանքն այդպես էլ չլսեցինք»,- ասում է աշխատակիցներից մեկը:

Մեկ ուրիշն էլ ավելացնում է. «Մեր շենքի ցուցանակի վրա գրված է` «ՀՀ ոստիկանության Կոնտինենտտեքս ՓԲԸ»: Էդ ինչի՞ են կախել, եթե ոստիկանության վերնահագուստը մենք չենք կարում, եթե ոստիկանությունը տեր չի կանգնում իր հիմնարկին»:

Ի դեպ, կառավարությունը գնորդին նաև պարտավորեցրել է, որ շենքի առաջին հարկում գտնվող 116,250 քմ տարածքն անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվության միջոցով) օտարի ՀՀ քաղաքացի Արտակ Մակարյանին:

Այդ տարածքում այժմ հարմարավետորեն տեղակայվել է ՀՀԿ Արաբկիրի գրասենյակը, որի դիմացի հատվածն էլ քաղաքապետարանը խնամքով բարեկարգել ու ծաղկապատել է:

Աշխատակիցների բարձրացրած հարցերի պատասխանները ստանալու համար «Անկախը» գրավոր դիմեց ՀՀ ոստիկանությանը` փորձելով պարզել` ինչպե՞ս է լուծվելու  ընկերության հետագա գործունեության հարցը, ինչո՞ւ չեն վճարվում աշխատակիցների աշխատավարձերը, ո՞վ է դրա համար պատասխանատու և, ի վերջո, եթե ընկերությունը չի կարողանում շահել համապատասխան մրցույթներն ու պատվեր ապահովել, նպատակահարմա՞ր է այդքան մեծ թվով աշխատողներ պահելը:

Ամենօրյա հիշեցումներից հետո ոստիկանության լրատվական ծառայությունից 8 օր անց «պատասխանեցին», որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և այն մեզ կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

Հավանաբար, այդ հարցերի պատասխաններն այս պահին ոստիկանությունն էլ չունի կամ էլ ունի, պարզապես դրանք ենթակա չեն հրապարակման, քանի որ դժգոհության նոր ալիք կբարձրանա: Մնում է սպասել ու տեսնել, թե 30 օրվա մեջ ինչ դատավճիռ կկայացնի ոստիկանությունը սեփական ընկերության նկատմամբ:

Եղվարդի բնակիչն ընկել է ջրանցքն ու խեղդվել

ջրանցքՄայիսի 6-ին, ժամը 11.29-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրշեջ-փրկարարները, ընկնելու վայրից 15-20 կմ հեռավորության վրա, Կարբի գյուղի գերեզմանատան մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 18 տան բնակիչ`  1984 թ. ծնված Կարեն Ալեքսանյանի դին:

Երևան-Աշտարակ ճանապարհին մեքենան ընկել է ձորակը, վարորդի վիճակը ծանր է

ավտովթարՄայիսի 6-ին, ժամը 09.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԲՄՎ-318» մակնիշի  35 SD 413 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Այն դուրս բերելու համար անհրաժեշտ է ծանր ինժեներական տեխնիկա:

Պատահարի հետևանքով վարորդ` 1991 թ. ծնված Հայկ Մանուկյանը և ուղևորներ` 1990 թ. ծնված Մարիամ և Վրեժ Հովհաննիսյանները տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ Հ. Մանուկյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր, իսկ Մարիամ և Վրեժ Հովհաննիսյանները հրաժարվել են բուժօգնությունից:

Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Հրդեհներ. այրվել է տնակ և ավտոմեքենա

հրդեհՄայիսի 6-ին, ժամը 08.45-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.57-ին, մարվել` 09.21-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 87 վագոն-տնակում: Այրվել են Ա. Գրիգորյանին պատկանող վագոն-տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը` 9 քմ մակերեսով, և գույքը` մասամբ:

Մայիսի 6-ին, ժամը 13.40-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 14.07-ին: Այրվել է Ս. Սուքիասյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 03 LS 645 պ/հ ավտոմեքենայի սրահն` ամբողջությամբ:

Հայաստանում առաջին անգամ կտրամադրվի կամավորի անձնագիր

հեհՀայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որը կլուծի երիտասարդության շրջանում առկա կարևորագույն հարցերից մեկը՝ աշխատանքային փորձի խնդիրը, ինչն անհրաժեշտ է աշխատանք գտնելու համար։

2013թ. ապրիլից մեկնարկել է ՀԵՀ-ի նոր ծրագիրը։ Հիմնադրամը հրավիրում է ուսանողներին և երիտասարդներին որպես կամավոր մասնակից դառնալ իր ծրագրերին։ Այս նախաձեռնությունը նոր մշակույթ է ներմուծում երիտասարդական կամավորական աշխատանքում։

ՀԵՀ-ի կողմից տրամադրվում է կամավորի անձնագիր, որտեղ գրանցվում է կամավոր աշխատանքի ամբողջ կենսագրությունը։ Անձնագիրը հետագայում կօգնի երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում։ Գործատուն այսօր Հայաստանում, որպես կանոն, պահանջում է աշխատանքային փորձ, իսկ երիտասարդի համար կամավորի անձնագիրը հենց այդ փորձի վկայությունն է։

Հիմնադրամի կողմից մշակվել է կամավորական աշխատանքի, կամավոր դառնալու կարգը, և բոլոր հարաբերությունները երիտասարդների հետ կարգավորվում են համաձայն այդ փաստաթղթի։

Կամավորական աշխատանքն ընդունված է ամբողջ աշխարհում. այն տալիս է հսկայական փորձ, ծրագրեր նախաձեռնելու, կազմակերպելու և իրականացնելու հմտություններ։ Բացի այդ, օգնում է բացահայտել և իրացնել սեփական ունակությունները, բարձրացնել ինքնագնահատականը, ձեռք բերել համախոհներ ու գործընկերներ։ Կամավորությունը թույլ է տալիս երիտասարդին զգալ հասարակության լիիրավ անդամ ու մասնակիցը դառնալ հասարակական գործընթացներին։

Արդեն իսկ բազմաթիվ երիտասարդներ են միացել ՀԵՀ-ի նախաձեռնությանն ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում։

Նշենք, որ մեր երկրում չկա ՙԿամավոր աշխատանքի մասին՚ օրենք։ ՀԵՀ-ն իր այս ծրագրով նպատակ ունի Հայաստանում զարգացնել կամավորական աշխատանքն ու նպաստել ոլորտի կանոնակարգմանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մադոննան Sotheby’s-ի միջոցով վաճառքի է հանել Ֆերնան Լեժեի կտավը

o_733263Այսօր  Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառքի են հանվելու ականավոր իմպրեսիոնիստների  և մոդեռնիստների աշխատանքները: Աճուրդի գլխավոր լոտը կդառնա ֆրանսիացի  պոստիմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Սեզանի “Խնձորներ” կտավը: 1889-1890-ականների արված կտավը նախնական գնահատմամբ 25-35 մլն դոլար է:

“Խնձորներն” աճուրդի է հանվել ամերիկացիներ Ալեքս և Էլիզաբեթ Լևիտների  հավաքածուից, որից մեկ այլ ` Ամեդեո Մոդիլյանիի “Ամազոնուհի” (1909) կտավը  գնահատվել է 20 մլն դոլար: Լևիտների հավաքածուից ստացված գումարը կգնա իրենց անունը կրող բարեգործական հիմնադրամ:

Աճուրդի հանված  աշխատանքներից են Պաբլո Պիկասոյի “Սիլվետը” (1954), “Սիրահարները Պրովանսում”(1888):

Իսկ փոփ երգչուհի Մադոննան աճուրդի է հանել ավելի քան 20 տարի իրեն պատկանած ֆրանսիացի մոդեռնիստ, կուբիզմի հիմնադիրներից մեկի` ֆերնան Լեժեի “Երեք կին կարմիր սեղանի շուրջ” կտավը: Ենթադրվում է, որ այն կվաճառվի 5-7 մլն դոլար: Վաճառքից ստացված ամբողջ գումարը երգչուհին մտադիր է տրամադրել Աֆղանստանում ու Պակիստանում աղջիկների ուսման աջակցության նպատակով ստեղծված “Լույսի ճառագայթ” հիմնադրամին:

Չորեքշաբթի Christie’s աճուրդում վաճառք կներկայացվեն իմպրեսիոնիստների ու մոդեռնիստների աշխատանքները: Թոփ լոտն է լինելու Անդրե Դերենի  Մատիսի կնոջ “Մադամ Մատիսը կիմոնոյով” կտավը, որը գնահատվել է 15-50 մլն դոլար: Կտավում Ամելի Մատիսն է կարմիր կիմոնոյով, որը նա հաճախ էր կրում ու որով նրան հաճախ էլ պատկերել է ինքը` Անրի Մատիսը և նրա  գեղանկարիչ գործընկերները:

 

YouTube-ը վճարովի է դառնում

youtubeYouTube –ը պլանավորում է այս շաբաթ սկսել օգտատերերին մոտավորապես իր 50 ալիքների բաժանորդագրության ձևը սովորեցնել, որոնց արժեքը կկազմի ամսական 1,99 դոլար: Այդպիսով, YouTube-ը եկամտի նոր աղբյուր կունենա, բացի գովազդների ցուցադրումից: eMarketer-ի գնահատմամբ, գովազդներից 2013-ին ստացվող եկամուտը կավելանա մինչև 4,14 մլրդ դոլար:

Մեկ ամսում սերվիսը հեռարձակում է 4 մլրդ ժամ տեսանյութ, ինչը 50%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը:

Քաղաքացին ընկել է ջրանցքը և խեղդվել

big_1367842700_hՄայիսի 6-ին, ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

big_1367842708_iԴեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ, փրկարար ջոկատը` ջրասուզակով, հրշեջ-փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները (ընկնելու վայրից 15-20 կմ հեռու) Կարբի գյուղի գերեզմանատան մոտակայքից` ջրանցքից, դուրս են բերել Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 18 տան բնակիչ` 1984 թ. ծնված Կ. Ալեքսանյանի դին:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ

Սերժ-Ավետիքյան

Մեծարգո  պարոն  Նախագահ

Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Սերժ Ավեդիկյանի բեմադրած «Անուշ» օպերայի պրեմիերան:  Իրականում բեմադրության վայրը պատահականորեն չէր ընտրված: Բեմադրիչը պնդում է,  որ «Անուշը» դասական օպերա չէ, ուստի պետք էլ չէ այն ներկայացնել «օձերի բնում» (նկատի ունի Օպերային թատրոնը):

Մեր նպատակը չէ անդրադառնալ այդ ներկայացմանը, կատարել դիտողություններ: Այդ ամենն արվում է քիչ թե շատ հաջողված մի բեմադրության համար, որն ունի մանր-մունր թերություններ, որոնք շտկելուց հետո այն ավելի կատարյալ կարող է լինել:

Ոչ: Այստեղ մենք գործ ունենք բացարձակապես անընդունելի մի բեմադրության հետ: Դիտելով 1ժամ 40 րոպե տևող ներկայացումը` այն տպավորությունն ես ստանում, որ բեմադրիչի համար Հովհաննես Թումանյանը լոկ սովորական  մի լիբրետոյի հեղինակ է,  իսկ Արմեն Տիգրանյանը գրել է մի պարզունակ ու անհաջող մյուզիքլ, որը ոմն Ա.Սիմոնյան գործիքավորել է և վերամշակել` խախտելով  հարմոնիայի և գործիքավորման անգամ տարրական կանոները: Իսկ ինչ-որ մեկն էլ  Թումանյանի գրածը փոխել ու ինքն է  գրել…

Օպերային արվեստում կարևոր տեղ է գրավում կերպարը: Մինչդեռ ավեդիկյանական բեմադրությունը զուրկ էր կերպարներից: Բացակայում է սյուժետային հենքը: Ներկայացումը զուրկ է դրամատիկ զարգացումից, իսկ նվագախումբն իր խղճուկ, հազիվ լսելի ձայներով ոչ միայն չի աջակցում դրամատուրգիայի զարգացմանը, այլև հակառակը` այն վերածում է մոնոտոն հնչյուններ արտաբերող կույտի: «Նորամուծություններից» է  շվիի, դուդուկի և դհոլի օգտագործումը, մինչդեռ ոչ ոք իրավունք չունի նման միջամտության: Ժամանակակից բեմադրությունն ակնկալում է ձևավորման, հագուստների, բայց ոչ  հեղինակային տեքստի, երաժշտության կտրտելն ու աղավաղելը։ Արմեն Տիգրանյանն իր մահկանացուն կնքել է 1950 թվականին` կատարելության հասցնելով  օպերան բոլոր առումներով:

Օպերայի հանճարեղ նախերգանքը կատարում են երկու-երեք գործիքներ` միևնույն մեղեդին խղճուկ ունիսոն  (ինչպես ողջ ներկայացումը) նվագելով:  Լացե՞ս, թե՞ խնդաս:

Այո, այդ երեկո Տիգրանյանին ու Թումանյանին  սպանեցին` համակարծիք էինք շատերս:

Նման մոտեցման մասին ավանդական, սակայն և ամենաթարմ կարծիքը հայտնեց օրերս Մարիինյան թատրոնի երկրորդ բեմահարթակի բացման առթիվ  նշանավոր  մաեստրո Վ.Գերգիևը: Նա մի անգամ ևս հաստատեց, որ «դասական դարձած հանրահայտ, հանճարեղ ստեղծագործությունները կրճատելը, սրբագրելը համարում է ոչ միայն արատավոր, այլև աբսուրդային»: Առավել ևս տարիների ընթացքում  մեր ժողովրդի արյան մեջ մտած երկու հանճարեղ հեղինակների փառահեղ գործն այդպես թուրքավարի, բարբարոսաբար խողխողելը հանցագործություն է  ոչ միայն նրա ստեղծողների, այլև մեր ժողովրդի հանդեպ:

Ըստ Ավեդիկյանի հայտնագործության`  օպերայի  ամենահիմնական հանգույցը անհայր Սարոյին Մոսիի կողմից աղջիկ չտալն է: Ակնհայտ է, որ բեմադրիչը ոչ միայն երբևէ «Անուշի» այլ ներկայացում չի տեսել, այլև Թումանյան չի կարդացել, զգացել և այստեղից-այնտեղից լսած բամբասանքների հիման վրա լիբրետո է սարքել: Եվ անհաջողագույն լիբրետո: Ավեդիկյանի բեմադրությունը ոչ թե գեղջկական կյանք է ներկայացնում, այլ գեղջկական մակարդակ ունեցող մի բան: Այն որևէ առնչություն չունի համաշխարհային երաժշտական մարգարիտներից մեկը հանդիսացող մեր «Անուշի» հետ:

Սա ոչ մի դեպքում չի կարելի  ներկայացնել իբրև  հայ օպերային արվեստ: Իսկ արտասահմանում այն ներկայացնելն ուղղակի հայ մշակույթը պապուասական մակարդակի իջեցնել կնշանակի: Այս  ներկայացման «ավեդիկյանական արժեքը» ֆրանսիացի պարուսույցի կողմից բեմադրված  ոտաբոբիկ, սևացած ներբաններով շապիկավոր գեղջկուհիների աերոբիկային, ռոքընռոլային  անիմաստ, գռեհկության հասնող  ցատկոտումները չեն, որոնք ոչ մի  առնչություն չունեն պարի, այն էլ` հայկական պարի հետ: Դրանով բեմադրիչը  ցանկանում է նոր սերունդների համար ներքին ազատություն ձեռք բերելու խթան հանդիսանալ: «Շատ կարևոր է, ամրապնդել ազատությունը նաև սեքսուալ հարաբերությունների հարցում, որ ծնողները չորոշեն, թե ում սիրեն, ում հետ ապրեն»,- քարոզում է նա:

Ինչո՞ւ վավերագրող Ավեդիկյանը  չփորձեց այս ներկայացումը  բեմադրել դրսում, դրսի ուժերով և կամ բեմադրել մի ուրիշ օպերա: Միայն «Անուշի» գերբնական համբավը  կհավաքեր այն ահռելի գումարները, որ պիտի  իբր կայացներ ներկայացումը: Արտասահմանում  հայ արվեստագետը նման պայմաններով  չէր մասնակցի հայ մշակույթի նկատմամբ նման մեղանչմանը: Այո, Հայաստանում մշակույթն այսօր իր լավ օրերի հուշերով է ապրում, իսկ թշվառ վիճակում գտնվող արվեստագետն իր մասնակցությունը որպես օրվա հացի հնարավորություն է նկատում: Այնուամենայնիվ, պիտի երազեինք  ավելի արժանապատվորեն մոտենալու այս խնդրին, քանզի ժողովրդական իմաստությունն ասում է, որ չպետք է ապականել կամ թքել այն ջրհորի մեջ, որտեղից ջուր ես խմում: Իսկ այս նույն մասնակիցներն իրենց կյանքում  դեռ շատ անգամ  օպերային թատրոնում «Անուշի» ներկայացումներին  պիտի մասնակցեն:

Ավեդիկյանը բացարձակապես ոչ մի քննադատություն չի ընդունում` անվանելով այն հիվանդագին, պաթոլոգիկ ձևով ասված խոսք: «Թող խոսեն էլի…»:

«Անուշի» միջոցով սեքսուալ ազատ հարաբերությունների այս քարոզիչը կարծում է, որ օպերան պետք է լսել հատուկ ականջներով: Ի՞նչ  ականջներով է այն լսել երաժշտական տարրական գիտելիքներին ոչ հասու, էլ չենք ասում օպերային մշակույթին իսպառ անծանոթ այս մարդը: Վավերագրական կինոյի ներկայացուցիչը և երաժշտական ստեղծագործության, այն էլ դասական օպերայի բեմադրիչը միանգամայն անհամատեղելի են: Ինչպե՞ս է պատահում, որ կանաչ լույս է վառվում նմանների առջև:

Ներկայացման միակ արժեքը թերևս 35 հազար եվրո արժեցած  պլաստմասայից կամուրջն է` ի պատասխան արտասահմանից և Հայաստանում շռայլորեն տրամադրված  և «մարսված» ահռելի գումարների:  Ահա հայ մշակույթը առանց զգալու  միջազգային   հանրության առաջ մահապատժի ենթարկելու ելած այս գայլի ախորժակով «բեմադրիչը»:

Այս գումարներով մի հրաշալի օպերային ներկայացում կարելի էր տանել օտարներին ի ցույց:

Հարգարժան պարոն նախագահ, այս թշվառ «Անուշը» հեռավոր կապ անգամ չունի մինչ օրս սրբությամբ պահված գոհարներից ամենաթանկագինի հետ:  Չի կարելի թույլ տալ, որ այն դառնա շուկայական  էժանագին առևտրի մանրադրամ: Ազգային մեր հպարտությունների հետ նման սրբապիղծ ձևով վարվողներին  պիտի խստագույնս պատժել:

Որպեսզի ծիծաղի առարկա չդառնա մեր մշակույթի գոհարի աղավաղված շարժը, և ծաղրի առարկա չդառնա մեր ժողովուրդը, խնդրում ենք արգելել  այս ներկայացման «արտահանումը» արտասահման:

Բեմադրության հանրային  քննարկման առարկա դարձնելը մեծապես կնպաստեր նման արատավոր խեղաթյուրումներով զբաղվող ու չափազանց մեծ ախորժակ ունեցող փորձարարներին:  Թույլ չտանք, որ  նմաններն իրենց տգիտության համար  վրեժխնդրության առակա դարձնեն մեր մշակույթի  գոհարները:

 

Մայիսի 6, 2013 թ. Երևան

Խորին հարգանքով՝

Վարդուհի Վարդերեսյան  ԽՍՀՄ  Ժողովրդական  արտիստուհի

Ժենյա Ավետիսյան              ՀՀ Ժողովրդական  արտիստուհի

Արսեն Արքեպիսկոպոս  Բերբերյան

Երվանդ Ղազանչյան           ՀՀ Ժողովրդական  արտիստ

Վահե Շահվերդյան             ՀՀ Ժողովրդական  արտիստ

Ռուբեն Մաթևոսյան           ՀՀ Ժողովրդական  արտիստ

Հրաչյա Աշուղյան                 ՀՀ Ժողովրդական  արտիստ

Հենրիկ Անասյան                 Կոմպոզիտոր, դիրիժոր, գրող

Արա Պետրոսյան                 Դիրիժոր

Նելլի Շահնազարյան          Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս

Ռոբերտ Դավթյան               Պրոֆեսոր, արվեստաբան, գրաքննադատ

Սուսաննա Մարտիրոսյան Պրոֆեսոր, Կոմիտասի անվ.Կոնսերվատորիայի

վոկալ ամբիոնի վարիչ

Հասմիկ Ստեփանյան        Պատմ.գիտ.դոկտոր, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր

Գյումրիի փողոցներն ու գունազարդ աղբակույտերը

գյումրիՏարիներ շարունակ Գյումրու երկրորդակա­ն փողոցները մատնված են անտարբերու­թյան: Հատկապես քաղաքի ծայրամասեր­ը ողողված են շինարարակա­ն ու կենցաղային­ աղբով: Այդպիսի փողոցներից­ է Սավոյանը, որը ժամանակին եղել է Գյումրիի ամենագեղեց­իկ վայրերից: Այստեղ ժանգոտված ու թալանված վեր է խոյանում բնակչությա­ն մոտ “Տորթ” անվանումը ստացած շարվանը, դրա դիմաց նախկին Պոլիտեխնիկ­ ինստիտուտի­ կիսավեր շենքն է: Դրանցից մի քիչ հեռու Գյումրիի ռազմական ոստիկանութ­յունն է: Մի ժամանակ այս փողոցում էր գտնվում (եթե դա կարելի է փողոց անվանել) նաև Գյումրիի արյան փոխներարկմ­ան կայանը:
Սավոյանցին­երը, որ հիմնականու­մ տնակային ավանի բնակչներ են, շատերը զրկված են անգամ կոմունալ պայմանների­ց, թաղամասն ունի նաև խմելու ջրի խնդիր: Իսկ, ահա, փողոցի վիճակն ու լուսավորու­թյունն այստեղ տասնամյակն­երի պատմությու­ն ունի:
Թաղամասը սպասարկում­ է ընդամենը մեկ երթուղային­` N14, որն այնքան հազվադեպ է աշխատում. բնակիչները­ կատակով ասում են` “մեր գյուղի մաշրուտկեն­”: Սակայն տեղացիների­ն անտեսում են ոչ միայն տեղական իշխանությո­ւնները, նաև ծառայությո­ւններ մատուցող կազմակերպո­ւթյունները­. այստեղ, եթե անհրաժեշտ է լինում շտապ օգնություն­ կանչել, ապա հիվանդին պետք է տեղափոխեն հարակից Մանուշյան կամ Սարգսյան փողոցներ: Այստեղ չի գալիս անգամ տաքսի մեքենա. “Եթե խամ տաքսիստ է լինում` գալիս է մեր փողոց, թե չէ սերվիսները­ հրաժարվում­ են մեզ բերել”, – ասում են բնակիչները­:
Սավոյան փողոցը չունի նաև արտաքին լուսավորու­թյուն, սակայն հարուստ է թափառող շների բազմազանու­թյամբ. ու թե հանկարծ համարձակվե­ս մութն ընկնելուն պես տանից դուրս գաս կամ, Աստված չանի, ճամփադ անցնի այս փողոցով` հաստատ կենդանի դուրս չես գա: Խնդրին տեղյակ է քաղաքապետա­րանը, անգամ մոտ մեկ ամիս առաջ մի քանի շների վերացրեցին­, սակայն, քանի դեռ փողոցը ողողված է աղբե սարերով, սոված կենդանին այստեղ միշտ էլ հանգրվան կունենա:
Փողոցում երկրաշարժի­ց հետո հարթեցման աշխատանքնե­ր չեն կատարվել, իսկ ասֆալտի մասին խոսելն անիմաստ է: Այն խորության փոսեր են, որ անձրևներից­ ու ձնհալից հետո` մեքենաները­ կիսով չափ մխրճվում են ցեխաջրերի մեջ: Մի քանի տարի առաջ այդ փոսաջրերու­մ խեղդվելուց­ հազիվ է փրկվել մանկահասակ­ երեխան 14 համարի երթուղու վարորդները­ մշտապես փորձում են բարձրացնել­ փողոցի անանցելիու­թյան խնդիրը, որ ամեն օր մեքենաները­ ջարդվում են, բայց անօգուտ:
Նույնիսկ, դեռ նախկին քաղաքապետի­ օրոք, թաղամասի բնակիչները­ խնդրանքով դիմեցին երկրի նախագահին,­ ինչի արդյունքու­մ փողոցը լուսավորվե­ց մինչև այն քաղաքացու տան մոտ, ում հասցեից ուղարկված էր եղել դիմում-խնդրանքը:
Ուղիղ մեկ ամիս, նախկին Պոլիտեխնիկ­ի հարակից տնակների բնակիչները­ զանգահարու­մ են Գյումրիի քաղաքապետա­րան` տարիների կուտակված աղբը մաքրելու համար, բայց, ինչպես վստահեցնու­մ են բնակիչները­` ամեն անգամ ասել են` ձեր բողոքը գրանցել ենք, հեռախոսահա­մար թողեք, որ աղբատար մեքենան մոտենա` տեղը ցույց տաք: Սակայն մինչ օրս ոչ մի աղբատար մեքենա այս փողոցով չի էլ անցել: Ի դեպ, տարածքում արդեն որերորդ տարին է չկա դրված նաև աղբարկղ: Բնակիչների­ ուժերով աղբը, ժամանակ առ ժամանակը, տրակտորի օգնությամբ­ կուտակվել է մի տեղում, բայց մաքրել ու տեղափոխել այն չի հաջողվել: Օրերը սկսում են տաքանալ, և այստեղ գարշահոտու­թյունն ու սատկած կենդանիներ­ի հոտը կրկին լցվելու է մարդկանց տնակները:

Սպասվում են տեղումներ

big_1367831491_rainingՀՀ տարածքում՝

Մայիսի 7-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ին ցերեկը կնվազի 7-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 11-13 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 7-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Երևանի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

  • Օդի առավելագույն ջերմաստիճան 30.70C (1971 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան 3.60C (1912 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան 15.50C

 

ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատվիրակությանը

320. Minister Nalbandian received the delegation of Bouches-du-Rhône 06.05.2013Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատվիրակությանը՝ դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական փոխգործակցությունը, ինչպես գործադիր և օրենսդիր իշխանությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով՝ ընդգծելով, որ ապակենտրոնացված համագործակցությունը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների առավել զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար  Քրիստոֆ Մասը՝ տեղեկացրեց, որ պատվիրակության այցի նպատակն է ընդլայնել գործակցության ոլորտները Սյունիքի մարզի հետ, որի շրջանակներում Գորիս քաղաքում բացվել է բժշկական կենտրոն։

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այցի ընթացքում պատվիրակության հանդիպումներն ու ուսումնասիրություններն արգասաբեր կլինեն, և առաջիկայում հնարավոր կլինի նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել:

ԱԳ նախարարն ընդունեց Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայի անդամներին

318. Minister Nalbandian received members of the Danish Foreign Policy Association 06.05.2013 (2)Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայի շուրջ 30 ներկայացուցիչների, որոնց կազմում էին պետական պաշտոնյաներ, խորհրդարանի նախկին անդամներ, դեսպաններ, առաջատար փորձագետներ և լրագրողներ` ասոցիացիայի տնօրեն Կլաուս Կարստեն Պեդերսենի գլխավորությամբ։

Օգտվելով առիթից՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց 2011 թ. նոյեմբերին Կոպենհագեն իր այցելության շրջանակներում  Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում ջերմ ընդունելության, իր ելույթը կազմակերպելու համար և կարևորեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ասոցիացիայի անդամներն այցելում են Հայաստան։

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբադյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Հայաստանը մասնակցեց Դուբայի ամենամյա ներդրումային համաժողովին

319.Armenia participated at Dubai-2013, Annual Investment Meeting  06.05.2013Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության եւ Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ ՀՀ պաշտոնական պատվիրակությունը եւ մոտ տասը հայկական մասնավոր ընկերություններ մասնակցեցին Դուբայի Ամենամյա ներդրումային երրորդ համաժողովին (Annual Investment Meeting, Dubai-2013): ՀՀ պաշտոնական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը համաժողովի շրջանակներում հանդիպում ունեցավ ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սաիդ ալ-Մանսուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես հայկական՝ արտադրատեսակների՝ ԱՄԷ արտահանման ծավալների մեծացման հնարավորությունները:

Համաժողովին զուգահեռ բացվեց նաեւ ցուցահանդես: Հայկական տաղավարում ներկայացվեցին արտահանման ներուժ ունեցող հայկական ընկերությունների արտադրատեսակները: Մայիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստանին նվիրված շնորհանդեսը, որին ներկա էր ԱՄԷ զարգացման եւ միջազգային համագործակցության փոխնախարար Աբդալլահ ալ-Սալեհին: Շնորհանդեսից հետո փոխնախարար ալ-Սալեհին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ այցելեց հայկական տաղավար:

Նշյալ միջոցառումների շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ գործարար հանդիպումներ եւ ձեռք բերվեցին համագործակցության շուրջ պայմանավորվածություններ, ինչպես նաեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ հայկական եւ օտարերկրյա մասնավոր ընկերությունների միջեւ:

Դեսպան Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ նաեւ համաժողովին մասնակցելու նպատակով Դուբայ ժամանած Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Տեղեկանք. Դուբայի Ամենամյա ներդրումային համաժողովը տեղի ունեցավ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ եւ Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հովանավորությամբ: Համաժողովին մասնակցեց 80 երկիր եւ հետեւյալ ոլորտները ներկայացնող 220 ներդրումային ընկերություն՝ գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, արդյունաբերություն, էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, բանկային եւ ֆինանսական ապահովագրություն, զբոսաշրջություն, հեռահաղորդակցություն, շինարարություն, անշարժ գույքի առք եւ վաճառք, հանքարդյունաբերություն, իրավաբանական խորհրդատվություն եւ այլն: