«Ինչո՞ւ ոստիկանությունը տեր չի կանգնում իր հիմնարկին». աշխատակիցները տարակուսած են

կոնտինենտեքս22012 թ. ՀՀ կառավարության որոշմամբ Կոմիտաս 15 հասցեում գտնվող 4368 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը, որտեղ տեղակայված է ՀՀ ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտտեքս» փակ բաժնետիրական ընկերությունը, ուղղակի ձևով վաճառվել է «ԿԱԷՌ քընսթրաքշըն» ՍՊԸ-ին:

«Կոնտինենտտեքսի» աշխատակիցները, որոնցից մի մասն այդ ընկերությունում է աշխատում արդեն 35-40 տարի, խիստ անհանգստացած են, քանի որ իրենց որևէ տեղեկություն չի տրվել այդ գործարքի մասին, այժմ էլ պարզաբանում չի տրվում իրենց հետագա կարգավիճակի վերաբերյալ:

Ոստիկանությանը պատկանող կարի ֆաբրիկան շուրջ կես դարի պատմություն ունի: Տասնամյակներ շարունակ այստեղ են կարվել ոստիկանության համազգեստները: Սակայն այսօր, ըստ աշխատակիցների, տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս են աշխատում, քանի որ պատվեր չկա:  Եղած աշխատանքի դիմաց էլ արդեն չորրորդ-հինգերորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել, իսկ շենքի վաճառքի մասին իմացել են պատահաբար:  «Օրերից մի օր էլի աշխատավարձի կռիվ եղավ, որ գործ չունենք, պարապ ենք, և երբ կրքերը բորբոքվեցին, իմացանք, որ շենքը վաճառված է: Մեզ էլ ասացին, որ եթե տեղ տան` կգնանք, կաշխատենք, եթե չէ` բոլորիս հաջողություն, ֆաբրիկան էլ կլուծարվի»,- ասում է արտադրամասի վարպետներից մեկը:

Բանն այն է, որ ժամանակին կարի ֆաբրիկան ոստիկանության համազգեստները կարելու մենաշնորհ ուներ, իսկ նոր օրենքների ընդունումից հետո, որոնք պարտադրում են մրցակցային դաշտի ապահովում, ոստիկանությունը պարտավոր է մրցույթ հայտարարել: Սակայն զարմանալին այն է, որ բազմամյա տարիների փորձ ու հմուտ աշխատողներ ունեցող պետական ֆաբրիկան մրցույթներում չի հաղթում, այլ հաղթում են մասնավոր, փոքր ընկերությունները:

Աշխատակիցները նշում են, որ նախկինում իրենք այդ մրցույթներին մասնակցում էին և ինչ-որ ծավալի աշխատանք շահում, սակայն ներկայիս տնօրենի գալուց ի վեր գրեթե գործ չունեն. «Տնօրենն ասում է` տենդերը չենք շահում: Բայց ո՞նց է, որ առաջ շահում էինք, հիմա՝ չէ: Էնպիսի տպավորություն է, որ միտումնավոր ուզում են հիմնարկը սնանկացնել և լուծարել»,- դժգոհում են աշխատակիցները:

2013-04-17 15.52.11Ֆաբրիկայի աշխատակիցները հպարտությամբ ցույց են տալիս այդ տարիների ընթացքում ստեղծած համազգեստների նմուշները, որոնք մանեկենների վրա ցուցադրված են հատուկ սենյակում: Լաբորատորիայի աշխատակիցն ասում է, որ համազգեստի նմուշների վերջնական տեսքի ստացման համար հատուկ մասնագիտական խումբ էր աշխատում,  իսկ այսօր իրենց մոդելները «գողանում են» մասնավոր ընկերություններն ու բազմացնում: «Մասնավորները գնում, անորակ կտորը Թուրքիայից բերում են, կարում, տալիս ոստիկանությանը, իսկ էս հսկայական հիմնարկն անգործության է մատնված: Ոստիկանները միշտ մեզ ասում են` ձեր կարի նման կար չկա, խի՞ դուք չեք կարում»,- ասում է աշխատակիցներից մեկը:

Ընկերության տնօրեն Սամվել Բեկչյանը չցանկացավ այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն տալ` առանց ոստիկանության համապատասխան մարմինների հետ համաձայնեցման: Փոխարենը բավականին պարզ խոսեց արտադրության պետ Աշոտ Հովհաննիսյանը. «Սա շահույթ հետապնդող ձեռնարկություն է, պետք է մասնակցի այդ մրցակցությանը: Դա նորմալ է: Բայց տնօրենները մի տեսակ ուրիշ (պետական չինովնիկի) հոգեբանությամբ են գալիս էստեղ, և բավարար կոմպետենտության բացակայության դեպքում առաջանում են դժվարություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են անհաղթահարելի:  Ինչպես ասում են` տնօրենները գալիս ու գնում են, բայց ոչինչ չի փոխվում»:

Ըստ Հովհաննիսյանի` ընկերությունը մրցակցությանը չի դիմանում ոչ միայն տնօրենի աշխատաոճի պատճառով, այլև մի շարք օբյեկտիվ պատճառներով. «Մեր հաստատուն ծախսերը` կոմունալ ծախսեր, սոցապ վճարներ, կրեդիտորական պարտքեր և այլն, գերազանցում են մեր արտադրանքի իրացումից եկած գումարները: Դրան գումարած` ամսական մոտ 650 հազար դրամ հարկային պարտավորությունների գումար ենք տալիս, պարզ է, որ եկամուտ չունենալու դեպքում ոչ միայն այդ վճարները չենք կարողանա փակել, այլև պարտքերի տակ կհայտնվենք»,- ասում է նա:

Բանն այն է, որ աշխատողների մեծ մասի հետ անժամկետ պայմանագրեր են կնքվել, և ստացվում է, որ հիմնարկն այդքան պատվեր չունի, բայց ունի անթիվ-անհամար աշխատողներ (մոտ 200), որոնց համար առաջանում են պարտադիր սոցիալական վճարներ: Ըստ Հովհաննիսյանի, եթե պայմանագրերը ժամանակավոր լինեին, ապա դրանց ժամկետները լրանալուն պես նրանց մի մասին այլևս աշխատանքի չէին վերցնի, իսկ այս դեպքում նաև պետք է լրացուցիչ ծախսեր անեն և նրանց ազատեն աշխատանքից:

Կարճ ասած՝ արտադրության պետն իրավիճակն այսպես է ձևակերպում. ապրանքն արտադրելու համար ծախսում ես, ենթադրենք, 5000 դրամ, հետո այն վաճառում 4000-ով:

կոնտինենտեքսՍակայն նա դեռ հույսը մեռած չի համարում. «Պետք է վերը նշված անիմաստ ծախսերը կրճատվեն, այդ թվում նաև ավելորդ կադրերը, որոնք պարտադրվել են տնօրենին, իսկ ընկերությունը պետք է ղեկավարվի լիազոր մարմնի մասնակցությամբ և կոմպետենտ ձևով: Էստեղ շատ լավ մասնագետներ կան, որոնք պատրաստ են և ունակ աշխատելու, խնդիրը միայն պատվերների բացակայությունն է: Եթե լիազոր մարմինը մեզ հնարավորություն տա, կարող ենք վերականգնվել և մրցունակ դառնալ»,- ասում է նա:

Նշենք, որ Կոմիտաս 15 հասցեում գտնվող շենքի տեսքն ու դիրքն այնքան գրավիչ են, որ հավանական է թվում աշխատակիցների առաջ քաշած վարկածներից մեկը, թե շենքի վրա շատերն աչք ունեին, և խանգարողն իրենք էին, հիմա ուզում են իրենցից ազատվել և շենքն առավել «նպատակային» օգտագործել:

«Մենք շատ վիրավորված ենք մեր ղեկավարության նման վերաբերմունքից. որոշ ժամանակ առաջ բողոքի ակցիա արեցինք, լրագրողներ հրավիրեցինք, բայց ոստիկանության արձագանքն այդպես էլ չլսեցինք»,- ասում է աշխատակիցներից մեկը:

Մեկ ուրիշն էլ ավելացնում է. «Մեր շենքի ցուցանակի վրա գրված է` «ՀՀ ոստիկանության Կոնտինենտտեքս ՓԲԸ»: Էդ ինչի՞ են կախել, եթե ոստիկանության վերնահագուստը մենք չենք կարում, եթե ոստիկանությունը տեր չի կանգնում իր հիմնարկին»:

Ի դեպ, կառավարությունը գնորդին նաև պարտավորեցրել է, որ շենքի առաջին հարկում գտնվող 116,250 քմ տարածքն անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվության միջոցով) օտարի ՀՀ քաղաքացի Արտակ Մակարյանին:

Այդ տարածքում այժմ հարմարավետորեն տեղակայվել է ՀՀԿ Արաբկիրի գրասենյակը, որի դիմացի հատվածն էլ քաղաքապետարանը խնամքով բարեկարգել ու ծաղկապատել է:

Աշխատակիցների բարձրացրած հարցերի պատասխանները ստանալու համար «Անկախը» գրավոր դիմեց ՀՀ ոստիկանությանը` փորձելով պարզել` ինչպե՞ս է լուծվելու  ընկերության հետագա գործունեության հարցը, ինչո՞ւ չեն վճարվում աշխատակիցների աշխատավարձերը, ո՞վ է դրա համար պատասխանատու և, ի վերջո, եթե ընկերությունը չի կարողանում շահել համապատասխան մրցույթներն ու պատվեր ապահովել, նպատակահարմա՞ր է այդքան մեծ թվով աշխատողներ պահելը:

Ամենօրյա հիշեցումներից հետո ոստիկանության լրատվական ծառայությունից 8 օր անց «պատասխանեցին», որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և այն մեզ կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

Հավանաբար, այդ հարցերի պատասխաններն այս պահին ոստիկանությունն էլ չունի կամ էլ ունի, պարզապես դրանք ենթակա չեն հրապարակման, քանի որ դժգոհության նոր ալիք կբարձրանա: Մնում է սպասել ու տեսնել, թե 30 օրվա մեջ ինչ դատավճիռ կկայացնի ոստիկանությունը սեփական ընկերության նկատմամբ:

Tags: , ,