Նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրել է ՀՀ ՀՔԾ նոր պետ Վահրամ Շահինյանին

2933Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն: Հանրապետության Նախագահը ծառայության աշխատակազմին ներկայացրել է օրերս իր հրամանագրով նշանակված ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին: Նախագահը խոսել է նաև նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ազատման պատճառների ու ծառայության առջև դրված խնդիրների մասին:

«Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջև, որպեսզի մեծ ջանքեր գործադրի Հատուկ քննչական ծառայության կայացման դժվարին գործում: Հատուկ քննչական ծառայությունը պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ և քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Ցավոք, մինչև հիմա այդպես չէ: Սա այն ծառայությունն է, որտեղ պետք է աշխատեն բացառապես գործին նվիրված ինքնուրույն, պրոֆեսիոնալ և հնարավորինս օբյեկտիվ մտածողություն ունեցող մարդիկ: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար»,- ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իրավապահ մարմինների մասին խոսելիս շատ լավ գիտակցում է, որ ամենադժվար վիճակում թերևս Հատուկ քննչական ծառայության աշխատողներն են, որովհետև շատ դեպքերում նրանք ստիպված են լինում վարել քրեական գործեր, որոնցով անցնում են իրենց գործընկերները: Բայց մյուս կողմից էլ, ըստ Նախագահի, նրանք պետք է հասկանան, որ դա իրենց կոչումն է, և ով պատրաստ չէ դրան, ուրեմն չպետք է այս համակարգում աշխատի. «Այստեղ պետք են մարդիկ, մասնագետներ, ովքեր պատրաստ են ճշմարտությանն ուղիղ նայել և եթե տեսնեն, որ իրենց գործընկերները, բարեկամները, ընկերներն իրենց գործունեությամբ խաթարում են մեր երկրի, մեր պետական կառույցների ընթացքը, ապա պարտավոր են միջոցներ ձեռնարկել»,- ասել է Նախագահը:

Հանրապետության ղեկավարը, անդրադառնալով նաև ավելի քան 5 տարվա ընթացքում ՀՀ ՀՔԾ աշխատանքում եղած որոշակի ձեռքբերումներին, կարևորել է նախաքննական մարմնի աշխատակիցների աշխատանքային ունակությունների և մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ ՀՔԾ նորանշանակ պետ Վահրամ Շահինյանի գլխավորությամբ ծառայությունը շատ կարճ ժամկետում վերջնականապես կկայանա և վստահեցրել է, որ այդ ընթացքում և՛ պարոն Շահինյանը, և՛ ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ով գիտակցում է իր կոչումը, կարող է ակնկալել իր և ՀՀ կառավարության աջակցությունը:

ՀՅԴ. Պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը

ՀՅԴՄայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝  նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել:

Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք:

Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ:

Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:

Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն: Կսպասենք արդյունքներին,  թեև դրանք մեզ համար կանխատեսելի են:

Ցավոք, այս անգամ էլ մեզ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձևավորել:

Մենք շնորհակալ ենք Դաշնակցությանը ձայն տված երևանցիներին: Վստահ եղեք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժեքը:

Եվ նրանց, և բոլոր երևանցիներին, և° Հայաստանի քաղաքացիներին  մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրյա աշխատանքը հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության և բարեկեցության:

                                          ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Հայտնի են «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հաղթողները

_DSC5556Մայիսի 5-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ամփոփվեցին կարճամետրաժ ֆիլմերի «Հայացք» երիտասարդական փառատոնի արդյունքները, տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Փառատոնի փակման արարողությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով. ելույթ ունեցավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը։

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ Մայիսի 1-5-ը տևած կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել են 25 կարճամետրաժ ֆիլմեր, մասնակցության համար դիմել էին շուրջ 70 երիտասարդներ։

Ֆիլմերի ընտրությունը կատարել է պրոֆեսիոնալ ժյուրին՝ ի դեմս ռեժիսոր Վ. Գևորգովի, կինոռեժիսոր Ա. Գևորգյանի, օպերատոր Ս. Բաբասյանի, կինոքննադատ Ր. Մովսիսյանի: Ժյուրիի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Անետա Երզնկյանը:

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի ժյուրին մրցանակներ շնորհեց 4 անվանակարգում։ ՙԼավագույն խաղարկային ֆիլմ՚ անվանակարգում հաղթող ճանաչվեց Յուրի Մուղդուսյանի «Իրականության պաթոս» ֆիլմը։ ՙԼավագույն վավերագրական ֆիլմ՚ անվանակարգի հաղթողն էր Խանե Պողոսյանի «Մեծ աշխարհի իմ անկյունը» ֆիլմը։ Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ ստացավ Ալբերտ Սարգսյանի «Վաղ գարուն» ֆիլմը։ Իսկ ահա ՙՀանդիսատեսի համակրանք՚ անվանակարգում առաջինն Արտյոմ Բարխուդարյանի «Արթնացիր, Մար» կինոնկարն էր։ Մրցանակներ շնորհեցին նաև կինոփառատոնի հատուկ գործընկերներ «Լաբարնա» («Labarna») հուշանվերների, «Արվեստի աշխարհ» («Art World») խանութ սրահները։ Հայաստանի երիտասարդական հինմնադրամը կինոփառատոնի բոլոր հաղթողներին Ծաղկաձորում հանգստանալու ուղեգրեր նվիրեց։

Ժյուրիի նախագահ Անետա Երզնկյանը բարձր գնահատեց երիտասարդական այս նախաձեռնությունը։ «Փառատոները ոչ միայն տոն են, այլև որոշակի հաշվետվություն, հնարավորություն շփվելու միմյանց հետ, ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու։ Փառատոնը ստացվեց, ինչի համար շնորհավորում եմ թե′ կազմակերպիչներին, թե′ մասնակիցներին»,- ասաց Անեստա Երզնկյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարը կայցելի Հայաստան

Իգոր ԼուկշիչԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը:

Այցի ընթացքում Չեռնոգորիայի փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի և Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարի բանակցությունները և ելույթները մամուլի համար:

Իգոր Լուկշիչը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ֆինլանդիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց նախարար Նալբանդյանին

316. Minister Nalbandian received the ambassador of Finland 06.05.2013Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան և հույս հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում հայ-ֆիննական փոխգործակցության զարգացմանը:

Նախարարը հավելեց, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել քաղաքական երկխոսությունը Ֆինլանդիայի հետ՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, ԱԳՆ-երի խորհրդատվությունների անցկացման, խորհրդարանական դիվանագիտության միջոցով։ Նշվեց առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Միխելսոնը նշեց, որ Ֆինլանդիան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, փոխգործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։

Նախագահը հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին ՀՌԱՀ անդամ նշանակելու մասին

Գագիկ Կառլենի ԲունիաթյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ս.թ. ապրիլի 16-ից ապրիլի 26-ը դիմել են հետևյալ անձինք` Հրաչյա Աշոտի Ասմարյանը՝ ծնված 1941թ., Անահիտ Սերյոժայի Գրիգորյանը` ծնված 1953թ., Հասմիկ Սուրենի Փիլիպոսյանը՝ ծնված 1943թ., Դոլարես Հակոբի Դավթյանը՝ ծնված 1955թ., Գագիկ Կառլենի Բունիաթյանը՝ ծնված 1969թ., Գայանե Հրանտի Ներսիսյանը՝ ծնված 1949թ., Տիգրան Մնացականի Պետրոսյանցը՝ ծնված 1951թ., Դավիթ Հարությունի Ալեքսանյանը՝ ծնված 1956թ., Արա Թորգոմի Նալչաջյանը՝ ծնված 1969թ.:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը մինչ Հանրապետության Նախագահի հրամանագիրը, ապրիլի 30-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված դիմումները, որոշում է կայացրել հաղթող ճանաչել Գագիկ Բունիաթյանին:

***

Գագիկ Կառլենի Բունիաթյան

(կենսագրական համառոտ տվյալներ)

Գագիկ Կառլենի Բունիաթյանը ծնվել է 1969թ. հուլիսի 26-ին, Երևանում: 1976-1986թթ. սովորել է Երևանի թիվ 164 միջնակարգ դպրոցում:

1985թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է Երևանի «Սելենա» գործարանի տնտեսական բաժնում՝ որպես առաջին կարգի բանվոր:

1986թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1992թ.՝ ստանալով ինժեների որակավորում:

1987-1988թթ. հանդիսացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի պրոդյուսերը և ղեկավարը:

1991թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին աշխատել է Հայաստանի երիտասարդ կազմակերպությունների կոմիտեում՝ ռեֆերենտի պաշտոնում:

1991-1995թթ. ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների» ակումբը: 1992-1994թթ. եղել է «Ուրախների և հնարամիտների» ակումբի ԱՊՀ հավաքականի տնօրենը:

1991-1995թթ. ղեկավարել է «Շարմ» ընկերության հիմնադիրների խորհուրդը:

1994թ. նշանակվել է «ԱՄԻԿ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր:

1995-1996թթ. աշխատել է Երևանի երիտասարդական պալատում՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում:

1996թ. աշխատանքի է անցել ՀՀ տեղեկատվության նախարարության «Հայաստանի հեռուստաընկերություն» պետական ձեռնարկությունում՝ զբաղեցնելով «Առաջին ծրագրի» տնօրինության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: 1997-1999թթ. ղեկավարել է «Հայաստանի հեռուստաընկերություն» պետական ձեռնարկության կոմերցիոն ծրագրերի բաժինը:

1999-2010թթ. ղեկավարել է «Շարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը 2002 թվականից հեռուստատեսային եթերում ներկայացել է որպես «Հայ ԹիՎի» հեռուստաալիք: 2002-2010թթ. հանդիսացել է նաև «Հայ ԹիՎի» հեռուստաալիքի ղեկավար:

2010թ. սեպտեմբերի 7-ին նշանակվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության գլխավոր պրոդյուսեր, իսկ 2010թ. սեպտեմբերի 29-ին նշանակվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում աշխատել է մինչև 2013թ. ապրիլի 25-ը:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Հայտնաբերվել է ուսումնական նռնակ

նռնակՄայիսի 5-ին, ժամը 09.56-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում`  էլեկտրական ցանցի մոտակայքում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցներն Էլեկտրական ենթակայանի մոտ հայտնաբերել են «Ֆ-1»  տիպի ուսումնական նռնակ և տեղափոխել ոստի­կա­նության բաժին:

Թունավորվել են Գյումրիի Կամոյի փողոցի և Կամո գյուղի բնակիչներ

շտապ-օգնությունՄայիսի 5-ին, ժամը 10.37-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի Կամոյի փողոցի թիվ 77 շենքի 56-րդ բնակարանից նույն քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել 1937 թ. ծնված Թամարա Գևորգյանը, 1975 թ. ծնված Անուշ Հարությունյանը, «Ավստրիական» մանկական բժշկական կենտրոն՝ 2001 թ. ծնված Քրիստինե, 2003 թ. ծնված Թեհմինե և 2003 թ. ծնված Ռուզաննա Մկրտչյանները: Բժիշկները  տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մայիսի 6-ին, ժամը 02.44-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Կամո գյուղի բնակիչներ` 1982 թ. ծնված Բելլա Բաղդասարյանը, 1956 թ. ծնված Հրանուշ Մարտիրոսյանը և 1976 թ. ծնված Գայանե Ղազարյանը: Բժիշկները  տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում բախվել են 3 ավտոմեքենաներ

բախումՄայիսի 5-ին, ժամը 22.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 85 ԼՏ 888 պ/հ, Տիգրան Մնացականյանի վարած «Տոյոտա» մակնիշի 128 ՏՕ 01 պ/հ և Շանթ Եղիազարյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի 72 NQ 777 ավտոմեքե­նաները, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

 

Մեքենան բախվել է էլեկտրասյանը

ավտովթարՄայիսի 5-ին, ժամը 18.56-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նորապատ-Սարդարապատ ավտոճանա­պարհի 4-րդ կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 28 ԼԼ 363 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները՝ Սարդարապատ գյուղի բնակիչներ` 1980 թ. ծնված Հա­րութ­յուն Սողոմոնյանը, 1993 թ. ծնված Էդգար Գրիգորյանը և 1990 թ. ծնված Սարգիս Սարգսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը եւ կատարել հովացման աշխատանքներ:

Բժիշկները Հ. Սողոմոնյանի եւ Է. Գրիգորյանի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Սարգսյանը  տեղափոխվել  է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մայիսի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ տուժածները դուրս են գրվել հիվանդանոցներից:

Սողանքներն այսօր կանխարգելե՞լի են

սողանքՀայաստանում այսօր 2504 սողանքային տեղամասեր կան, որոնք ընդգրկում են 1220 քմ մակերես: 233 համայնքներ ՀՀ տարածքում  գտնվում են սողանքային գոտում: Ավտոմոբիլային ճանապարհների 236 կմ-ը գտնվում է սողանքային ազդեցության գոտում, իսկ երկաթգծի` 4,8 կմ հատվածը:

2007 թ. հունվարի 11-ին կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգը, կազմվել է ժամանակացույց, որում ներառվել է 131 առավել ակտիվ սողանքային տեղամաս, և նշվել է կոնկրետ միջոցառումների շարք:

ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական քաղաքականության վարչությունից տեղեկացանք, որ սողանքային առավել ակտիվ տեղամասերից է Նուբարաշենի գերեզմանոցի հատվածը, Երևան-Թբիլիսի երկաթգծի Օձուն գյուղի սողանքը, որտեղ տարիներ առաջ ավտովթար է տեղի ունեցել, և Ողջաբերդը, որտեղից բնակիչները հիմնականում տարհանվել են: Գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ Լևոն Քոսյանի տեղեկացմամբ` այն  նոր հատվածներում, որտեղ տարհանված բնակչությանը ժամանակավոր կացարաններ են հատկացվել, նույնպես սողանքներ են առաջացել հիմնականում ինժեներա-երկրաբանական հետազննությունների  թերի կամ դրանց ոչ բավարար իրականացման պատճառով:

Ինչու՞, որովհետև, քաղաքաշինական նպատակներով հողահատկացումները պետք է կատարվեն համապատասխան եզրակացությունների հիման վրա: Պետք է գնահատվի` տվյալ տեղամասում հնարավո՞ր է սողանքների առաջացում, թե՞ ոչ:   Ի դեպ, կավային շերտերի առկայության դեպքում, ոռոգման սխալ մեթոդների կիրառման պայմաններում, հնարավոր է, որ նորից սողանքային երևույթներ առաջանան: Սողանքների ուսումնասիրությունները երկարատև գործընթաց են: Մասնագետների դիտարկմամբ,  եթե օրինակ նախատեսվում է գրունտի բեռնաթափում իրականացնել սողանքային մարմնի գլխամասից, ապա այնտեղ պետք է մշտադիտարկում իրականացվի: Նրա խոսքով` դա կօգնի հետագա նախագծերը կազմելու առավել արդյունավետ հիմքի վրա` ելնելով այդ միջոցառման հիմնական ազդեցությունից: Սողանքների կանխմանն ուղղված աշխատանքները, որոնք երկարատև ժամանակ են պահանջում, ենթադրում են հետազննության անցկացում, սարքի մակերևույթների տեղադրման խորության ճշգրտում, նախագծի մշակում և այլն:

«ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագրի արդյունքում մի քանի տարի առաջ (2004-2005 թթ.) Ճապոնիայից մասնագետներ էին Հայաստան ժամանել և որոշ տեղամասերում պիլոտային ծրագրեր իրականացրել: Չափիչ սարքեր էին տեղադրվել Գեղարքունիքի մարզում` հետագայում մոնիթորինգ իրականացնելու նպատակով: Լևոն Քոսյանը մտահոգությամբ նշեց, որ այդ չափիչ սարքերն օգուտ չտվեցին, քանի որ մատնվեցին բարձիթողի վիճակի. հսկողությունը պետք է իրականացնեին համայնքները:

 Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության տարերային աղետների բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մուրադյանի  տեղեկացմամբ` սողանքային երևույթներից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը, համաձայն սողանքային տեղամասերի գույքագրման տվյալների, կազմել է շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար, իսկ պոտենցիալ վնասը` շուրջ 54 մլն ԱՄՆ դոլար:

«Ակտիվացած սողանքները ՀՀ փրկարար ծառայության մասնագետների կողմից ուսումնասիրվել են, բնակչությանը սպառնացող վտանգները գնահատվել են, հարցը բարձրացվել է կառավարությունում և համապատասխան գերատեսչություններում, որպեսզի յուրաքանչյուրն իրեն առնչվող մասով մասնակից լինի կանխարգելիչ միջոցառումներին և անհրաժեշտության դեպքում աջակցի բնակչության անհապաղ վերաբնակեցման հարցերին»,- նշեց Արթուր Մուրադյանը: Նրա դիտարկմամբ, այս կարևորագույն խնդրի լուծումը պահանջում է համակարգված մոտեցում, հատուկ ռազմավարության մշակում և իրականացում: «Դեպքերի զարգացման արագության դեպքում արձագանքը չի կարող օպերատիվ լինել, քանի որ ֆինանսական ահռելի միջոցներ են անհրաժեշտ: Օպերատիվ արձագանքում ենք միայն մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող հարցերին: Խոսքը վերաբերում է բնակչության վերաբնակեցմանը», – նշեց Արթուր Մուրադյանը` հավաստիացնելով, որ բարեբախտաբար, սողանքային ակտիվացման հետևանքով մարդկային զոհեր  դեռևս չեն արձանագրվել:

  Լ.Ն

 

 

 

 

 

ԿԸՀ-ն ամփոփեց քվեարկության նախնական արդյունքները. ՀՀԿ-ն ստացել է քվեների 55,86 տոկոսը

Yerevan City Council elections 2013Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ քվեարկության նախնական արդյունքների` ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Առաքելություն»՝ 2 692 (0,64 %),
«Բարգավաճ Հայաստան»՝ 97 189 (23,05 %),
«Բարև Երևան»՝ 35 732 (8,47%),
«Հայ ազգային կոնգրես»՝ 18 499 (4,39%),
ՀՅԴ՝ 15 999 (3,79%),
ՀՀԿ՝ 235 512 (55,86%),
«Օրինաց երկիր»՝ 15 733 (3,73%):

816 478 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 437 212-ը (53,55%): Անվավեր է ճանաչվել 15 250 քվեաթերթիկ: Անճշտությունների գումարային չափը 288 է:

Ճանապարհաշինության շնորհիվ կլորիկ գումարներ են աշխատել

ասֆալտապատումՃանապարհաշինական աշխատանքների իրականացման արդյունքում պետությանը պատճառվել է 109 427 000 դրամի վնաս: Այսպիսի եզրակացության են հանգել Վերահսկիչ պալատում՝ ուսումնասիրելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրականացրած ավտոճանապարհների շինարարական ծրագրերը:

Ուսումնասիրության արդյունքում բացահայտված չարաշահումներն ու խախտումները սկսվել են դեռեւս նախագծային փուլում: Այսպես, նախագծային կազմակերպությունների կողմից կիրառվել են որեւէ ձեւով չհիմնավորված արժեքներ, որոնք մի քանի անգամ գերազանցում են իրական արժեքի չափը, մի այլ դեպքում էլ, օրինակ, բեռների տեղափոխման աշխատանքների համար կիրառվել են նախկին ԽՍՀՄ-ում կիրառված, եւ ներկայում մեր երկրում այլեւս չգործող արժեքներ:

Նախագծողներն, օրինակ, հաշվել են, որ շինարարներն ամբողջ ճանապարհի երկայնքով հողը փխրեցնելու են բացառապես պայթեցման միջոցով կամ լավագույն դեպքում՝ հետահար մուրճով: Բնականաբար այս տարբերակով արժեքն իրական գնից մի քանի անգամ ավել է ստացվել:

Նախագծերում չեն նշվել նաեւ օգտագործվող նյութերի ծագման աղբյուրները, ինչը հնարավորություն է տվել կապալառուին փաստացի օգտագործել նախահաշվում հաշվարկվածից ավելի էժան նյութ։ Մասնավորապես՝ նախահաշվում հաշվարկվել է Փարաքարի բազալտից եզրաքարի գին, իսկ տեղադրվել է Սիսիանի կամ Մարտունու բազալտե եզրաքար, որն ավելի էժան է։

Ավելորդ չէ նշել, որ նշված թերություններն և բացթողումներ շրջանցել են նաեւ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն իրականացրած կազմակերպությունները։ Փոխարենը բավական կլորիկ գումարներ են ստացել իրենց այս աշխատանքի դիմաց: Օրինակ «Ճաննախագիծ ինստիտուտ»-ը խորհրդատվական ծառայությունների դիմաց ստացել է 1 160 760 ԱՄՆ դոլար:

Մեկ ուշագրավ փաստ եւս. Վերահսկողությունն իրականացնող ընկերությունը Հայաստանում բարձրագույն կրթությամբ, 15 տարվա ճանապարհաշինության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող ինժեներ իչ գտել եւ որոշել է աշխատանքի է ընդունել գերմանացի փորձագետ Մյուլլեր Կնուտին և ողջ պայմանագրային գնի շուրջ 37%-ը՝ 430 000 ԱՄՆ դոլարը, վճարվել է վերջինիս որպես աշխատավարձ, գիշերավարձի և ինքնաթիռի տոմսի արժեք։

ՀՀ-ում չեն գտնվել նաեւ նոր մետաղական խողովակներ: Այդ պատճառաբանությամբ տեղադրվել են օգտագործված խողովակներ՝ բնականաբար ավելի ցածր գնով:

Բացի այդ, պարզվել է, որ կառուցապատողները խախտել են նաեւ ճանապարհի ծածկույթի բաղադրության համար հաստատված նորմերը: Արդյունքում բոլոր տեսակի ճանապարհների եւ բոլոր կլիմայական գոտիներում կառուցվող ճանապարհների համար օգտագործվել է նույն ասֆալտբետոնյա խառնուրդը:

Այսպիսով, ՎՊ-ի ստուգման շնորհիվ պարզել է, որ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն կատարվածից ավել է ցույց տրվել 53 205 000, «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն՝ 16 772 000 դրամի աշխատանքներ: Փոխարենը նրանց կատարած աշխատանքներն ընդունողները չեն իրականացրել համապատասխան նորմերով նախատեսված անհրաժեշտ բոլոր ստուգումները։ Մերժման ենթակա աշխատանքների դիմաց «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ին վճարվել է 12,931.0 հազ. դրամ։

Երկեւ ընկերությունները միասին իրականացվել են 15 188 000 դրամի անորակ աշխատանք, նրանց կատարած աշխատանքներում չի նվազեցվել նվազեցման ենթակա 26 519 000 դրամ գումարը։

ԱՄՆ-ում անծանոթը կրակել է Ջենիֆեր Լոպեսի վրա

400-225Ամերիկյան առողջարանային  Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի լողափին, հացազրույցի ժամանակ  անծանոթը սկսել է կրակել հայտնի երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի վրա: Դրա մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Ռոբ Մարչիանոն, ում հետ էլ երգչուհին զրուցում էր կրակոցների պահին:

Տեղ հասած ոստիկանության աշխատակիցները հաստատել են, որ կրակոցներից ոչ ոք չի տուժել:

Ներկայում ոստիկանությունը որոնում է   մեղավորին:

Բրիտանացիների 25%-ը շաբաթական մեկ ժամից պակաս է քայլում

hodit-peshkom-poleznoԲրիտանիայի հասուն բնակչության քառորդ մասը մեկ ժամից ավելի չի հատկացնում ոտքով զբոսանքին: Դրա մասին են վկայում Ramblers բարեգործական կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցել է  Միացյալ թագավորության 2000 բնակիչ: Ընդ որում, հաշվի է առնվել  նաև այն ժամանակը, որ ծախսվում է խանութ, աշխատանքի ու տուն գնալիս:

Հարցվածների 25%-ը տեղեկացրել է, որ ոտքով քայլելու վրա շաբաթական  մեկ ժամից  ավելի չի հատկացնում, 43%-ը ` մոտ 2 ժամ:

Ընդ որում, հարցվածների 93%-ը համաձայն է, որ զբոսանքը ֆիզիկական մարզանքի լավ տարբերակ է:

Բրիտանիայի առողջապահության նախարարության պաշտոնական առաջարկի համաձայն, առողջության համար հարկավոր է շաբաթական առնվազն 150 րոպե ֆիզիկական  բեռնվածությանը տրամադրել:

 

Էրդողան, Ասադը մսագործ է ու նա դրա համար կվճարի

da3001367789839Թուրքիայի վարչապետ Էրդողանը հերթական անգամ քննադատություն հնչեցրեց Սիրիայի նախագահի հասցեին:

Դրա մասին մայիսի 5-ին հայտնել է «Hurriet»-ը: Ըստ տեղեկության, Էրդողանն ասել է բառացիորեն հետևյալը.”Եթե ամենաբարձրյալին հաճո լինի, ապա մենք կտեսնենք, թե ինչպես է մսագործ-Ասադը բոլոր չարագործությունների համար պատժվում: Եվ մենք  արդարության համար բարձրյալին մեր երախտագիտությունը կհայտնենք”:

Սիրիայի իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին նա ասել է.”Մենք , թուրքերս նման չենք մյուս ազգերին: Մենք չենք լռում քաղաքական կոռեկտության նկատառումներով, քանի որ այդ են պահանջում մեր շահերը: Մենք միշտ ասում ենք ճիշտը”:

Ամառվա գալուստի հետ սեքսուալությունը սրվում է

ol3001367579210Կնոջ սեքսուալության թեմայի շուրջ սոցիոլոգիական հարցման  մասնակից գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 59%-ը խոստովանել է, որ  իրենց տղամարդկանց աչքում  ավելի գրավիչ  են զգում ամառվա  գալստյան  հետ:

Չնայած ամառային բաց հագուստներին ու լողազգեստին, որոնք ի ցույց են դնում նաև կառուցվածքի թերությունները, կանայք անսահման ուրախ են հագուստներից առավելագույնս ազատվելու հնարավորության համար, չնայած նաև նշում են, որ ամառը մարմինն ավելի շատ խնամք է պահանջում, քան տարվա մյուս եղանակներին:

Ընդ որում, կանանց 83%-ի համար հունիս-օգոստոս ժամանակահատվածը մեծ երջանկության ու բավարարվածության հետ է նույնանում, իսկ նրանց 88%-ը խոստովանել է, որ հաճախ են ժպտում  չոր ու արևոտ եղանակին:

Կահիրեի կենտրոնում կրակ են բացել վարչապետի շարասյան վրա

iԵգիպտոսի կառավարության ղեկավար Հիշամ Կանդիլի ավտոշարասյունը կիրակի երեկոյան ենթարկվել է  գնդակոծման: Եգիպտոսի ՆԳՆ-ից հայտնում են, որ Դոկիի շրջանով անցնելիս, վարչապետ Կանդիլի ավտոշարասյան ընթացքը փորձել է մի ավտոմեքենա փակել, որից  վարչապետի ուղղությամբ կրակել են:

Ոստիկանները կարողացել են կանգնեցնել այդ ավտոմեքենան, որում 18-29 տարեկան 5 ուղևորներ էին: Ձերբակալվածները հայտնել են, որ չգիտեին, թե ով է մեքենայի մեջ: ՆԳՆ-ի տվյալների համաձայն, դեպքը “քաղաքական երանգ չի կրում”:

Ի դեպ, այս տարվա փետրվարին Եգիպտոսի վարչապետի ավտոշարասյունը Թահրիր հրապարակի մոտ ենթարկվել էր քարկոծման ու  շշերի տարափի:

ԱՄՆ-ում սրտի կանգից մարաթոնի 2 մասնակից է մահացել

i (3)ԱՄՆ-ում Նյու Յորքի մարաթոնի ժամանակ մահացել է 51-ամյա մի տղամարդ, իսկ  Պիտսբուրգում` 23-ամյա մի երիտասարդ:

Նյու Յորքում ամեն տարի մայիսի առաջին շաբաթ “Հինգ շրջան” անվանումով հեծանվամարաթոն է կազմակերպվում, որի երթուղին ձգվում է ողջ մեգապոլիսի տարածքով: Այս տարի մարաթոնին մասնակցում է ր շուրջ 32 հազար մարզիկ:

Ավանդական սպորտային միջոցառման մասնակիցներից 51-ամյա  մի տղամարդ է մահացել Նյու Յորքի  հեծանվամարաթոնի ժամանակ` սրտի անբավարարությունից: Նմանատիպ պատճառով է մահացել է 23-ամյա մի երիտասարդ` Պիտսբուրգում  կազմակերպված մարաթոնի ժամանակ, որին մասնակցում էր 23 հազար վարորդ::