Սողանքներն այսօր կանխարգելե՞լի են

սողանքՀայաստանում այսօր 2504 սողանքային տեղամասեր կան, որոնք ընդգրկում են 1220 քմ մակերես: 233 համայնքներ ՀՀ տարածքում  գտնվում են սողանքային գոտում: Ավտոմոբիլային ճանապարհների 236 կմ-ը գտնվում է սողանքային ազդեցության գոտում, իսկ երկաթգծի` 4,8 կմ հատվածը:

2007 թ. հունվարի 11-ին կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգը, կազմվել է ժամանակացույց, որում ներառվել է 131 առավել ակտիվ սողանքային տեղամաս, և նշվել է կոնկրետ միջոցառումների շարք:

ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական քաղաքականության վարչությունից տեղեկացանք, որ սողանքային առավել ակտիվ տեղամասերից է Նուբարաշենի գերեզմանոցի հատվածը, Երևան-Թբիլիսի երկաթգծի Օձուն գյուղի սողանքը, որտեղ տարիներ առաջ ավտովթար է տեղի ունեցել, և Ողջաբերդը, որտեղից բնակիչները հիմնականում տարհանվել են: Գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ Լևոն Քոսյանի տեղեկացմամբ` այն  նոր հատվածներում, որտեղ տարհանված բնակչությանը ժամանակավոր կացարաններ են հատկացվել, նույնպես սողանքներ են առաջացել հիմնականում ինժեներա-երկրաբանական հետազննությունների  թերի կամ դրանց ոչ բավարար իրականացման պատճառով:

Ինչու՞, որովհետև, քաղաքաշինական նպատակներով հողահատկացումները պետք է կատարվեն համապատասխան եզրակացությունների հիման վրա: Պետք է գնահատվի` տվյալ տեղամասում հնարավո՞ր է սողանքների առաջացում, թե՞ ոչ:   Ի դեպ, կավային շերտերի առկայության դեպքում, ոռոգման սխալ մեթոդների կիրառման պայմաններում, հնարավոր է, որ նորից սողանքային երևույթներ առաջանան: Սողանքների ուսումնասիրությունները երկարատև գործընթաց են: Մասնագետների դիտարկմամբ,  եթե օրինակ նախատեսվում է գրունտի բեռնաթափում իրականացնել սողանքային մարմնի գլխամասից, ապա այնտեղ պետք է մշտադիտարկում իրականացվի: Նրա խոսքով` դա կօգնի հետագա նախագծերը կազմելու առավել արդյունավետ հիմքի վրա` ելնելով այդ միջոցառման հիմնական ազդեցությունից: Սողանքների կանխմանն ուղղված աշխատանքները, որոնք երկարատև ժամանակ են պահանջում, ենթադրում են հետազննության անցկացում, սարքի մակերևույթների տեղադրման խորության ճշգրտում, նախագծի մշակում և այլն:

«ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագրի արդյունքում մի քանի տարի առաջ (2004-2005 թթ.) Ճապոնիայից մասնագետներ էին Հայաստան ժամանել և որոշ տեղամասերում պիլոտային ծրագրեր իրականացրել: Չափիչ սարքեր էին տեղադրվել Գեղարքունիքի մարզում` հետագայում մոնիթորինգ իրականացնելու նպատակով: Լևոն Քոսյանը մտահոգությամբ նշեց, որ այդ չափիչ սարքերն օգուտ չտվեցին, քանի որ մատնվեցին բարձիթողի վիճակի. հսկողությունը պետք է իրականացնեին համայնքները:

 Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության տարերային աղետների բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մուրադյանի  տեղեկացմամբ` սողանքային երևույթներից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը, համաձայն սողանքային տեղամասերի գույքագրման տվյալների, կազմել է շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար, իսկ պոտենցիալ վնասը` շուրջ 54 մլն ԱՄՆ դոլար:

«Ակտիվացած սողանքները ՀՀ փրկարար ծառայության մասնագետների կողմից ուսումնասիրվել են, բնակչությանը սպառնացող վտանգները գնահատվել են, հարցը բարձրացվել է կառավարությունում և համապատասխան գերատեսչություններում, որպեսզի յուրաքանչյուրն իրեն առնչվող մասով մասնակից լինի կանխարգելիչ միջոցառումներին և անհրաժեշտության դեպքում աջակցի բնակչության անհապաղ վերաբնակեցման հարցերին»,- նշեց Արթուր Մուրադյանը: Նրա դիտարկմամբ, այս կարևորագույն խնդրի լուծումը պահանջում է համակարգված մոտեցում, հատուկ ռազմավարության մշակում և իրականացում: «Դեպքերի զարգացման արագության դեպքում արձագանքը չի կարող օպերատիվ լինել, քանի որ ֆինանսական ահռելի միջոցներ են անհրաժեշտ: Օպերատիվ արձագանքում ենք միայն մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող հարցերին: Խոսքը վերաբերում է բնակչության վերաբնակեցմանը», – նշեց Արթուր Մուրադյանը` հավաստիացնելով, որ բարեբախտաբար, սողանքային ակտիվացման հետևանքով մարդկային զոհեր  դեռևս չեն արձանագրվել:

  Լ.Ն

 

 

 

 

 

Tags: ,