Զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով

ՀՀ-ՊՆ-քննչական-ծառայություն20.06.2014թ.-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10:35-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում մահացու հրազենային գնդակային վնասվածքներով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ, այլ անհրաժեշտ քննչական գործողություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին (սպանություն)  մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը: Նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաև դատահետքաբանական, դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ:

23.06.2014թ.-ին, դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար ՀՀ քր. օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը:

Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել հարցաքննված անձանց ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հատուկ հսկողություն շինբարեկարգման ծրագրերի կատարման ընթացքին

001 (2)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության շրջանակում զեկուցվել է, որ ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող և վերանորոգման անհրաժեշտություն ունեցող գույքի գույքագրումը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել և պարբերաբար ներկայացնել քաղաքապետարանի ենթակայության կրթական և առողջապահական հաստատությունների 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքների ընթացքը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև պարբերաբար հանրությանը իրազեկել բակերի բարեկարգման, խաղերի տեղադրման, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հանձնարարվել է պարբերաբար ախտահանմանել աղբամուղները

001 (1)Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով օրեր առաջ մայրաքաղաքի աղբավայրերից մեկում բռնկված հրդեհին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել աղբավայրերի վարձակալների կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման նկատմամբ:

«Պարբերաբար աշխատանքներ տարեք և վերահսկեք աղբավայրերի վարձակալների կողմից իրենց պարտավորությունների կատարման ընթացքը: Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք համապատասխան միջոցներ, ընդհուպ՝ պարտավորությունները ոչ պատշաճ իրականացնելու համար խզեք վարձակալության պայմանագիրը: Հեռանկարային մեր ծրագրերում, անշուշտ, մենք նախատեսել ենք աղբի վերամշակման գործարանի ստեղծումը, ինչն, ըստ էության, առավելագույնս կնպաստի աղբավայրերի արդյունավետ կառավարման, աղբի կուտակումներից ձերբազատվելու, ինչպես նաև դրա հետևանքով անցանկալի երևույթներից խուսափելու հարցում: Սակայն մինչ այդ պետք է խստորեն հետևեք, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Աղբամուղների մաքրման աշխատանքների հետ կապված էլ հանձնարարվել է, հաշվի առնելով ամռան այս շրջանում ջերմաստիճանի բարձրացումը, սահմանված հստակ ժամանակացույցով պարբերաբար կազմակերպել դրանց ախտահանման աշխատանքներն ու տարածքները պահել մշտական հսկողության տակ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Աբրահամյան հովիկՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այնուհետև տեղի կունենա Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների ընդլայնված կազմով հանդիպումը, որում կքննարկվեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր:
Այցի շրջանակներում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ կկայանան մի շարք այլ միջոցառումներ:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վաղվանից մեկնարկում է միասնական քննությունների 2-րդ փուլի հայտերի ընդունումը

գթկԱյսօր Ռուսերենի միասնական քննությամբ ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Վաղվանից` հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը ԳԹԿ-ում ընդունվում են հայտեր միասնական քննությունների երկրորդ փուլի համար:

Երկրորդ փուլին կարող են մասնակցել բանակից նոր զորացրվածները, քոլեջների շրջանավարտները, արտասահմանյան ուսումնական հաստատությունների շրջանավարտները և նրանք, ովքեր հիվանդության պատճառով բացակայել են միասնական քննությունների առաջին փուլից:

Քննությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում: Ի տարբերություն միասնական քննությունների առաջին փուլի, երկրոդ փուլը կանցկացվի Երևանում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի և կարևոր քայլ կդառնա երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի և անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայում, այնուհետ այս տարի մայիսի 8-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները հարստացրել են երկկողմ օրակարգը և ըստ Նախագահի, անկասկած է, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը շատ լուրջ խթան կհաղորդի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայից մինչև հումանիտար ոլորտում համագործակցությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տրամադրված է ակտիվ և լուրջ աշխատանքի, քանի որ միայն նման մոտեցումն է համապատասխանում երկու ժողովուրդների միջև պատմական ավանդույթներին և, իհարկե, ժամանակի ընթացքում ձևավորված դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և փոխանցելով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ ողջույնները՝ ՌԴ արտգործնախարարը հավաստիացրել է, որ Նախագահ Վլ. Պուտինը հանձնառու է այն պայմանավորվածություններին, որոնք Սերժ Սարգսյանի հետ նա ձեռք է բերել անցյալ տարեվերջին Հայաստան Ռուսաստանի Նախագահի պետական այցի ընթացքում, ինչպես նաև Մոսկվայում մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ: Սերգեյ Լավրովը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի հետ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ նախարար Լավրովի, բարձր մակարդակի պայմանավորվածությունների տեսանկյունից քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարցերի ամբողջ համալիրը, ընդգծվել է բոլոր ուղղություններով դինամիկ աշխատանքը և՛ երկկողմ ձևաչափով՝ օրակարգի առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում, և՛ հայ-ռուսական բազմապլան համագործակցության առումով՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են և հուսալի բարեկամներ, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում: ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է նաև, որ հայ գործընկերոջ հետ այդ ամենի հետ միասին քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները: Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ: ՌԴ արտգործնախարարի խոսքով, ՀՀ արտգործնախարարությունում քննարկվել են նաև ամենատարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Սևծովյան տնտեսական համագործակցություն, ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը: Նախարար Լավրովի հավաստմամբ, հայ գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, մտքեր են փոխանակվել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Բնականաբար, քննարկվել է ղարաբաղյան կարգավորման խնդիրը, որտեղ, ՌԴ-ն, ըստ Սերգեյ Լավրովի, հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք բազմիցս հաստատվել են երեք համանախագահող երկրների նախագահների կողմից:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանգամանորեն քննարկել են բոլոր ուղղություններով հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշել երկկողմ և բազմակողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա անելիքները:

Օտարերկրյա քաղաքացիները ծեծել են ենթարկել Արգավանդ գյուղի բնակչին

ԾեծկռտուքՀունիսի 22-ին, ժամը 21.15-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ թիվ 44 համարի երթուղայինում 4 երիտասարդ վիճաբանում և հարվածում են մի երիտասարդի: Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը` Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, ով հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 

Մաթեմատիկայից 20 բալ ստացողների թիվը և միջին գնահատականը նվազել է նախորդ տարվա համեմատ

մաթեմատիկա-թեստՀրապարակվել են Մաթեմատիկայի միասնական քննության գնահատականները: ԳԹԿ-ից «Անկախ»-ին տեղեկացնում են, որ քննությանը մասնակցել է  5222 դիմորդ: Միջին գնահատականը 11,95  է:  Մաթեմատիկայից անբավարար է ստացել 603 դիմորդ (11,55 տոկոս), 7,5-13 է ստացել 2756 դիմորդ (52,78 տոկոս), 13-18  է ստացել 1354 դիմորդ (25,93 տոկոս), 18-20 է ստացել 509  դիմորդ (9,75 տոկոս): Մաթեմատիկայից  20 բալ է ստացել 69 դիմորդ:

Նախորդ տարի Մաթեմատիկայի միջինը եղել է 11,97 , այս տարվանից 0,02 նիշով բարձր: Նախորդ տարի 32-ով ավել է եղել նաև 20 բալ ստացողների թիվը` 101  դիմորդ, : Փոխարենը, նախորդ տարի ավելի մեծ է եղել կտրվողների թիվը` 17 տոկոս (այս տարվանից 5,45 տոկոսով բարձր):

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 20-ից 23-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 44 դեպքից բացահայտվել է 38-ը, խարդախության 12 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 17 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, կողոպուտի, գողության և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 49-ը`ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Մահվան ելքով պատահար Ծաղկաձորում

ավտոպատահարՀունիսի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1993 թ. ծնված Վազգեն Լալայանը, մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Հունիսի 23-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել մի երիտասարդ և հայտնել է, որ վնասվածքը ստացել է հիշյալ վթարի հետևանքով` «ՎԱԶ 2121»- ուղևորն է եղել:
Կատարվում է քննություն:

Անկախ

Պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին

ավտոպատահարՀունիսի 21-ին, ժամը 05.40-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ոսկեվազ-Օշական ճանապարհին «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ծառի, այնուհետև տներից մեկի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 21-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սարդարապատ-Այգևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 18-րդ կմ-ին` «Զվարթնոց» տաճարի դիմաց, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» և «ԶԻԼ-431410» մակնիշի ավտոմեքենաների:
«ԶԻԼ»-ի հետևում կանգնած վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հունիսի 22-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել բանուկ մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 21-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 23 և 31-ամյա քաղաքացուհիներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, 23-ամյա քաղաքացուհին վարելով «Բոմբարդիր-800» քվադրոցիկլը, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, ինչից հետո քվադրոցիկլով շրջվել է:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 19.30-ին, Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում «Տաքպար YX -200» մակնիշի մոտոցիկլետը բախվել է անհայտ ավտոմեքենայի և շրջվել:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 20.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 45 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 17.00-ին, «Տոյոտա Ռաֆ-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 23.20-ին, Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 139/6 հասցեի դիմաց «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված հասցեի ավտոտնակի դարպասին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կ/մ-ին «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-735» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ-735»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին` Հայանիստ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի քվադրոցիկլը Ծաղկաձորից Հրազդան ընթանալիս շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «E-302» մակնիշի խոտհնձող տրակտորը Աբովյան-Ջրվեժ ճանապարհի 14-րդ կ/մ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան Արզնու խճուղում բախվել է «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես E-320»-ի վարորդը, «ԳԱԶ-31»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 22.00-ին սահմաններում, Աբովյան-Ջրվեժ 12-րդ կ/մ-ին «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գոմք գյուղի տարածքում, խոտհնձի ժամանակ, տրակտոր է կողաշրջվել և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Աֆրիկյանների շենքից գողացված և պղծված քարերի քանակը արդեն հասել է 30-ի. Սարհատ Պետրոսյան

Աֆրիկյանների_ակումբ_1«Երկու շաբաթ  է, ինչ Աֆրիկյանների տանը ակտիվ կերպով տեղի է ունենում ապամոնտաժում, այլ կերպ ասած` քանդում: Շաբաթ օրը Մշակույթի նախարարության մի քանի անդամներ եղան շենքի բակում և արգելեցին աշխատանքեր կատարելը, սակայն այսօր քանդման աշխատանքները վերսկսվել են», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանը` ընդգծելով, որ շենքը տեղափոխելու մասին Կառավարության 2004 թվականի որոշումը անօրինական է, քանի որ 2008 թվականին Հայաստանը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, ըստ որի,  յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը սպառնալիքի տակ է:

Պատմամշակութային հուշարձանների շարքում ընդգրկված Աֆրիկյանների շենքից գողացված և պղծված քարերի քանակը արդեն հասել է  30-ի:

Սարհատ Պետրոսյանը չի հավատում պատկան մարմինների հայտարարությանը ,թե շենքը տեղափոխվելու է  «Հին Երևան» թաղամասում վերականգնելու նպատակով. «Այդ թաղամասը 2005 թվականից կառուցվում է և դեռ հույս չկա, թե կավարտվի դա: Վերջին 15 տարվա ընթացքում ոչ մի տեղափոխված շենք մեկ այլ վայրում չի կառուցվել: Պատմամշակութային արժեք ունեցող 29 շենք է ավերվել: Աֆրիկյանների շենքը վերջին մոհիկանների շարքում է», -ասաց նա:

Իրավաբան Անի Վարդանյանը տեղեկացրեց, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ուրբանլաբ Երևան ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան, դատարան Հաստատել` Երևանի քաղաքապետի և ՀՀ կառավարության որոշումների առ ոչինչ լինելը:

Իրավաբանը նաև միջնորդություն է ներկայացրել, որ մինչև դատարանի կողմից որոշում կայացվելը դադարեցվեն շենքի ապամոնտաժման աշխատանքները:

 

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում ընդգրկված «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը

002Հունիսի 21-ի Կարապի լճում հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի մասնակցությամբ բացվել է «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը, որը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում։

«Երբ «Ֆրեսկո» կազմակերպությունը հանդես եկավ փառատոնի անցկացման նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանը և Արարատյան հայրապետական թեմը ձեռնամուխ եղան համատեղ իրականացնելու այս միջազգային նախագիծը։ Երևանի քաղաքապետարանն ստեղծեց բոլոր հնարավորությունները, որպեսզի երևանյան, այն էլ այսպիսի բացառիկ մի փառատոն կայանա։ Փառատոնին մասնակցում են ֆիլմեր տասնյակից ավելի երկրներից, և դրանց մի մասը ներկայացնում են հենց հեղինակները։ Այդպիսով, փառատոնը նաև հրաշալի առիթ է, որպեսզի Հայաստան այցելած երիտասարդ այդ արվեստագետները ծանոթանան մեր հոգևոր արժեքներին, հոգևոր Հայաստանին, մեր Երևանին։ Փառատոնը սոցիալական մտայնություն ունի, առաջինն է, որին լայն ընդգրկումով մասնակցում են որոշ խոցելի խմբերի ներկայացուցիչներ. ի դեպ, ֆիլմերը ներկայացվում են ոչ միայն անգլերեն ենթագրերով, այլ նաև սուրդոթարգմանությամբ։ Փառատոնի խորհրդի ընտրած ֆիլմերում քննարկվող նյութերը, կարծում եմ, բոլոր ազգերի մարդկանց են հոգեհարազատ ու յուրաքանչյուր մարդու մտահոգության նյութ են»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Փառատոնի կազմակերպչական խմբի անդամ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ փառատոնի անվանման «հոգևոր» բաղադրիչը պետք է ընկալել բառի ավելի լայն իմաստով։

«Հոգևորն այն է, ինչ կատարվում է մարդու հոգում։ Հոգևոր ֆիլմեր՝ նշանակում է բոլոր այն ֆիլմերը, որոնք քարոզում են սեր, հանդուրժողականություն, որոնց մտահոգությունը մարդու, մարդկության դեմ հանցագործություններն են, ցեղասպանությունները, ահաբեկչությունը»,- նշել է  Տեր Եսայի քահանա Արթենյանը։

001 (3)Փառատոնի բացմանը ներկա հանդիսատեսի և կազմակերպիչների կարծիքները համընկնում էին. այս ֆիլմերը դիտողների հոգում զորու են վերհանելու ու գերակայելու կարեկցանքը, այն ներդաշնակեցնելու մարդու մտածողությունը։

«Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնին մասնակցում են ֆիլմեր Հայաստանից, Իտալիայից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Սերբիայից, Իսրայելից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Մարոկկոյից, Կոլումբիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Միացյալ Թագավորությունից, Լաոսից։ Հունիսի 21-ից հուլիսի 6-ը անցկացվող փառատոնի ֆիլմերը ցուցադրվելու են Կարապի լճում տեղադրված էկրանին, Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդարանի դահլիճում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում, Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Հոգևոր ֆիլմերի երևանյան այս փառատոնում ծրագրված են նաև արտագնա ցուցադրություններ՝ Օձունում, Ախթալայում, Տաթևում։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Միլներն ու Ցուկերբերգն առաջ են անցել Նոբելից

1277-390x290Mail.ru Group-ի համատեր Յուրի Միլների ու Facebook -ի հիմնադիր Ցուկերբերգի ստեղծած Breakthrough Prize մրցանակաբաշխության դափնեկիրների անուններն կհայտարարվեն այսօր : Առաջին անգամ  դափնեկիրները լինելու են մաթեմատիկայի բնագավառից, հաղորդում է  Газета.Ru-ն:

2013-ից մրցանակի են արժանանում մարդու կյանքի տևողության, կենսաբժշկության ու կյանքի մասին գիտության բնագավառներում ուսումնասիրությունների համար: Այս տարի մաթեմատիկայի ոլորտի  դափնեկիր են դարձել ռուսական ծագում ունեցող ֆրանսիացի գիտնական Մաքսիկ Կոնցևիչը, անգլիացի Սայմոն Դոնալդսոնն ու Ռիչարդ Թեյլորը, չինական ծագումով ամերիկա-ավստրալացի գիտնական Թերենս Թաոն ու ամերիկացի Ջեյքոբ Լուրյեն:

Մրցանակների հանձնման պաշտոնական  արարողությունը կկայանա այսօր, Սան Ֆրանցիսկոյում: Breakthrough Prize-ը ամենախոշոր գիտական մրցանակն է` 3 մլն դոլար, ինչը 2,5 անգամ ավելի է Նոբելյան մրցանակից ու ավելին, վերջինս  ընդգրկում է նաև մաթեմատիկայի բնագավառը:

Անկախ

Հերթական ստուգայցը. 25 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը` առանց համապատասխան փաստաթղթերի

1403511639,3368Հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 112 տրանսպորտային միջոց. 25 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 3 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում:

Անկախ

Քրոջ բնակարանից կանխիկ գումար և ոսկյա զարդեր է գողացել

ոստիկանությունՎանաձորի մի բնակչուհի օրերս ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ եղբայրը` 1982 թ. ծնված Գևորգ Մ.-ն, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով` իր բնակարանից գողացել է կանխիկ գումար և ոսկյա զարդեր:
Եղբայրը բերման է ենթարկվել:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Նախարարին կից կոլեգիայի նիստի օրակարգում` ՀԲ-ի վարկային նոր ծրագիրը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրված էր մեկ հարց` “Կրթության բարելավմանն ուղղված Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրի ներկայացում”, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՆ “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը: Բացելով նիստը` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Համաշխարհային բանկի հետ տարիներ շարունակ իրականացվել է կրթության ոլորտի փոփոխությունների հսկայական ծրագիր: “Համաշխարհային բանկը մեր ամենահուսալի գործընկերներից է. բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագիրը մինչև տարեվերջ կամփոփվի, սակայն այս ընթացքում  տարվել են աշխատանքներ`  նոր վարկային ծրագրի ուղղությամբ: Մասնավորապես, ընտրվել են թիրախներ, ըստ այդմ` կրթության բարեփոխումների շարունակականության գերակայությամբ սահմանվել են որոշակի ուղղություներ, որոնք ներառված են նոր վարկային ծրագրում: Ծրագիրը նախատեսված է որպես կրթության համակարգի գալիք չորս տարիների բարեփոխումների հիմնական, բայց ոչ միակ մաս: Հատուկ ուզում եմ շեշտել, որ միայն այս վարկային ծրագրով չի պայմանավորվելու կրթական համակարգի զարգացումը. այն գալիս է լրացնելու բարեփոխումների մի կարևոր հատվածի` շեշտադրումը դնելով նախորդ ծրագրերի շարունակության, ինչպես նաև նոր մարտահրավերներին ընդառաջ որոշակի խնդիրներ կարգավորելու անհրաժեշտության վրա”,-նշել է նախարարը: “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը, ներկայացնելով ծրագիրը, նշել է, որ Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին օժանդակություն տրամադրելու խնդրանքով` Կրթության բարելավման ծրագրի իրականացման համար: Ըստ բանախոսի` ծրագրի նպատակն է` աջակցել կրթության բարելավմանը հիմնական երկու ուղղություններով. աջակցություն հանրակրթության հետագա բարելավմանը և աջակցություն մասնագիտական կրթության ոլորտում նորարարությունների խթանմանը: Հ. Ղազարյանի ներկայացմամբ` ծրագրի տևողությունն է 5 տարի, մեկնարկը նախատեսվում է 2014 թվականի սեպտեմբերից: Ծրագիրը ֆինանսավորելու համար նախատեսված է  37,5 մլն. ԱՄՆ դոլար: Հանրակրթության հետագա բարելավմանն ուղղված բաղադրիչը նախատեսվում է իրականացնել չորս հիմնական ուղղություններով՝ դպրոցին  երեխաների պատրաստվածության  բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում, աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը, կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում, ինչպես նաև աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով: Մասնագիտական կրթության ոլորտում նորարարությունների խթանումը կիրականացվի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացման միջոցով: Այն կտրամադրի նպատակային դրամաշնորհներ` կրթական հաստատություններին կրթական և ենթակառուցվածքային կարողությունների բարելավման և արդիականացման համար: Ծրագրի երրորդ բաղադրիչը վերաբերում է ծրագրի մոնիտորինգին և կառավարմանը:
Անդրադառնալով Համաշխարհային բանկի հետ իրականացվող վարկային նոր ծրագրին` Ա. Աշոտյանը նշել է, որ նախորդ վարկային ծրագրի համեմատ` այս ծրագրում ավելի քիչ ուղղություներ են ներառված` շեշտադրումը դնելով մի քանի գերակայությունների վրա: “Ավագ դպրոցներն ընտրվել են` որպես հանրակրթության բարեփոխումների շրջանակում առ այսօր ամենաքննարկվող փոփոխություններից մեկը, որի սկիզբը դրվեց 2008 թվականին, սական ճգնաժամի և հետճգնաժամային տարիներով պայմանավորված`  նախկինում հանձն առած մի շարք պարտավորություններ մնացել են անկատար` նյութագույքային և շենքային պայմանների բարելավման տեսանկյունից: Հրատապ է նաև  կրթության բովանդակության վերանայման խնդիրը”, -նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մշակել է բուհերին աջակցելու նոր մեխանիզմներ. ներկայումս ամենամեծ ֆինանսական հոսքն ուղղվում է Նորարարություների մրցակցային հիմնադրամի միջոցով` արդիականացնելու բուհերի ենթակառուցվածքները:
Կոլեգիայի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական բանախոսին, ծավալվել է բուռն քննարկում: Կոլեգիայի նիստի  ավարտին ընդունվել է համապատասխան որոշում:

Երկու հետախուզվող` նույն մեղադրանքով

ձերբակալելՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Դանիել Վարուժանի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Աշոտ Տ.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Մասիս քաղաքի հրապարակից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Պավել Ղ.-ն, որը հունիսի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը

սպասված վերադարձ 15 տարվա բացակայությունից  հետո Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով  աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ  Փեհլիվանյանը կրկին  հանդես  կգա հայրենիքում:

«Սպասված վերադարձ» խորագրով համերգը տեղի կունենա հունիսի 28-ին 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և նվիրված կլինի դիրիժոր Ջորջ  Փեհլիվանյանի 50-րդ տարեդարձին: Հոբելյանական համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժորի ղեկավարությամբ կկատարի Չայկովսկու, Միրզոյանի, Կոմիտասի և Ասլամազյանի գլուխգործոցները:

Ջորջ Փեհլիվանյանն ավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանը՝ ստանալով ջութակահարի և նվագավարի երկու վկայական: Հանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի «Պրո Մյուզիք» նվագախմբի կոնցերտմեյստեր: 1991 թվականի սեպտեմբերին մասնակցել է Բզանսոնի (Ֆրանսիա) նվագավարների միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին և միակ մրցանակին: Նա առաջինն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որ  արժանացել է   այդ  պատվավոր  մրցանակին:

Ֆրանսիական «Լը Մոնդ», «Ֆիգարո» և այլ թերթեր Ջորջ Փեհլիվանյանի մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է, որին պետք է հետևել, նա անուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակիցներին»:

Ջորջ  Փեհլիվանյանի  ղեկավարությամբ աշխարհի լավագույն նվագախմբերը կատարել են  Վիվալդի, Բախ, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Պագանինի, Բրամս, Բարտոկ, Ստրավինսկի, Չայկովսկի, ինչպես նաև Կոմիտաս ու Խաչատրյան:

«Սպասված վերադարձ» համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել Կամերային երաժշտության տան տոմսարկղում: Մեծ քանակությամբ տոմսեր գնելու դեպքում` կկազմակերպվի անվճար առաքում: Լրացուցիչ հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 095 90 90 08 կամ 010 526718:

«Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Աֆրիկյանների_ակումբ_1Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ անօրինական կերպով Երևան քաղաքի կենտրոնում, Տերյան 11 հասցեում, իրականացվում է պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների (եկամտաբեր) տան քանդումը։ Քաղաքացիական նախաձեռնության բազմաթիվ ահազանգերի առկայության պայմաններում անօրինական քանդումն իրականացվել է ոստիկանական պաշտպանությամբ, և դադարեցվել է միայն մշակույթի նախարարության մի շարք սկզբունքային աշխատակիցների, նախաձեռնության անդամների շարունակական ներկայության և մեդիայի օգնությամբ։

Քանդման անօրինականության և աննպատակահարմարության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, որոնցից ամենացայտունը 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, որի 5-րդ հոդվածում մասնավորապես նշված է, որ. “յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…”: Այսինքն ապամոնտաժման անվան տակ տեղի ունեցող քանդումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի 1616-Ն որոշմանը հղում տալով հակասում է վերը նշված կոնվենցիային։ Այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության հոդված 6-ով ամրագրված է, որ. “Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը”:

Հաշվի առնելով այդ փաստը, որ մշակույթի նախարարության մի շարք անսկզբունքային աշխատակիցներ տվել են իրենց համաձայնությունն իրականացնելու համար նշված քանդումը, որի հիման վրա և Երևանի քաղաքապետարանը տրամադրել է անօրինական ապամոնտաժման թույլտվություն։ Ելնելով վերնշյալից Պահպանենք Աֆրիկյանների տունը  քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Ուրբանլաբ Երևան ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան`պահանջելով հաստատել` Երևանի քաղաքապետի 26.08.2005թ. N 1845-Ա և ՀՀ Կառավարության 25.01.2007թ.N 108-Ն որոշումների առ ոչինչ լինելը:

Միևնույն ժամանակ նախաձեռնությունն աշխատում է տեղական ու միջազգային մակարդակներում վերահաստատատելու հուշարձանների տեղափոխման հակամշակութային գործընթացի անթույլատրելիության փաստն ու դադարեցնել այդ անընդունելի ավանդույթը Հայաստանում։

Քաղաքացիական նախաձեռնությունն իր շնորհակալությունն է հայտնում զանգվածային լրատվության միջոցներին ու սկզբունքային մասնագետներին աջակցության համար, և կոչ անում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին հարգել ՀՀ ստանձնած միջազգային հանձնառություններն ու դադարեցնել շենքի քանդումը, պատասխանատվության ենթարկել անօրինականությունը թույլատրված պաշտոնյաներին ու շինարարներին, անհապաղ քայլեր ձեռնարկել շենքի էականորեն տուժած կառույցի ժամանակավոր կոնսերվացման, ինչպես նաև մասնագիտական ու հանրային լայն շրջանակների հետ քննարկել շենքի և դրա շրջակայքի պատմական միջավայրի վերականգնման խնդիրները։

  

«Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնություն

Հասցե՝ ք. Երևան, Տերյան 11, մուտքը բակի կողմից

Էլ. փոստ՝ [email protected]