Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ»` 010-53-32-73 հեռախոսահամարով:
Ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «Թեժ գիծ» է գործում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում: Հեռախոսահամարներ՝ 010-58-02-02, 010-56-50-62:
Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում գործում է համակարգող խումբ
ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի հրամանով`մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ:
Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում գրանցված անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարել է եւ առաջնորդվում է նույն սկզբունքով՝ անհետևանք չի մնա ոչ մի ահազանգ, տեղերից ստացվող ոչ մի տեղեկատվություն:
Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին` նպատակ ունենալով համատեղ ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ: Ոստիկանությունը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը և ակնկալում նաեւ նրանց աջակցությունը:
Ոստիկանությունը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին նախապես իրազեկել համապատասխան մարմնին, ինչը բխում է բոլորի շահերից:
Ոստիկանությունը մշտապես շեշտել է իր վերքաղաքական և վերկուսակցական լինելը` գործով ապացուցելով, որ իր խնդիրը հասարակական կարգ ու կանոնի պահպանումն է, հանրային հավաքների մասնակիցների անվտանգության ապահովումը: Միաժամանակ, ոստիկանությունն օրինահարգություն է պահանջում բոլորից` հիմնվելով օրենքի պահանջի և հասարակական շահի առաջնահերթության վրա:
Չարենցավանի գործարանում մեկ օրվա մեջ երկու հրդեհ է բռնկվել
Մայիսի 1-ին, ժամը 12.44-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող «Ձուլակենտրոն» գործարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելտոնյան փողոցում գտնվող «Ձուլակենտրոն» ԲԲԸ գործարանում: Հրդեհը մարվել է ժամը 13.54-ին: Ձուլարանի երկաթե վառարանում` մոտ 30 քմ տարածքում, այրվել են ռետինե խողովակներ:
Նույն օրը, ժամը 14.25-ին, ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Չարենցավանի Մելտոնյան փողոցում գտնվող «Ձուլակենտրոն» ԲԲԸ գործարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.08-ին, մարվել` 15.24-ին: Ձուլարանի երկաթե վառարանում այրվել են ռետինե խողովակներ:
Նույն օրը, ժամը 14.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիսյան-Սարալանջ փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.57-ին, մարվել` 15.08-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարալանջ-Ռիգայի փողոցների խաչմերուկում: Այրվել է Ռ. Հայրապետյանին պատկանող «Օպել» մակնիշի 35 ՍТ 656 պհ ավտոմեքենայի առջևի հատվածը` անվադողերը և ցուցիչների վահանակը:
Նույն օրը, ժամը 21.13-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.02-ին, մարվել` 22.12-ին: Այրվել է մոտ 7000 քմ խոտածածակ տարածք:
«Հայացք» երիտասարդական կինոփառատոնը մեկնարկեց Ցեղասպանությանը նվիրված ֆիլմով
Մայիսի 1-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մեկնարկեց «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը։
Առաջիկա երկու օրերի ընթացքում Հ. Մալյանի անվան թատրոնում կցուցադրվեն շուրջ 25 կարժամետրաժ ֆիլմեր՝ Արթուր Օրդյանի «Հովվերգություն» վավերագրական ֆիլմը, Շողիկ Հակոբյանի խաղարկային «Սպասասրահում» ֆիլմը, Սոնա Խաչատրյանի «Երանելի օրեր», Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը», Զավեն Գրիգորյանի «Մեր Մարինե», Գառնիկ Խչոյանի «Հանդիպում խաչքարի մոտ» և այլ ֆիլմեր։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծեց, որ կինոփառատոնի նպատակը երիտասարդ ստեղծագործողների զարգացմանը նպաստելն է, նրանց ինքնադրսևորման հարթակ տրամադրելը։ «Մեր նպատակն այս ոլորտի զարգացումն է, և դրա լավագույն ճանապարհն առկա գործընթացների մեջ նոր սերնդի ներգրավումն է։ Ուրախալի է, որ կան երիտասարդ, շնորհալի ստեղծագործողներ, և մենք պետք է նրանց կողքին լինենք»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ այս փառատոնն ունենալու է շարունակական բնույթ։
«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հեղինակ Սերգեյ Սանոյանը նշում է, որ այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է նոր ու հետաքրքիր, ինչու չէ, մասամբ անհասկանալի ու ըմբոստ կինոնկարների ականատեսը դառնալու, ինչպես նաև ծանոթանալու և շփվելու երիտասարդ ստեղծագործողների հետ։
«Երիտասարդական կինոփառատոները մեծ կինո, մեծ էկրան մուտք գործելու, ինչպես նաև առաջին աշխատանքը, առաջին ֆիլմը ցուցադրելու հնարավորություն են տալիս»,- ասաց կինոգետ, արվեստագիտության թեկնածու, ժյուրիի նախագահ Անետա Երզնկյանը:
Փառատոնի բացման արարողությանը տեղի ունեցավ «Միասին աշխարհում» ոչ մրցութային ֆիլմի պրեմիերան։ Այն նկարահանվել է Ուրուգվայում և պատմում է Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայի, այստեղ ապրող հայկական համայնքի մասին։ «Միասին աշխարհում» ֆիլմի ռեժիսորը Ռուբեն Գևորգյանց կրտսերն է, հեղինակ և պրոդյուսերը՝ Սերգեյ Սանոյանը։ Ինչպես տեղեկացրեց Ս. Սանոյանը, «Միասին աշխարհում» ֆիլմը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից ընտրվել և ներկայացվելու է Կաննի փառատոնի երիտասարդական ֆիլմերի շուկայում։ Երիտասարդ հեղինակները հույս ունեն, որ իրենց ֆիլմը նույնպես կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
«Հայացք» երիտասարդական կինոփառատոնում ժյուրին մրցանակներ կշնորհի 4 անվանակարգում՝ ՙԼավագույն ռեժիսոր՚, ՙԼավագույն օպերատորական աշխատանք՚, ՙԼավագույն ֆիլմ՚, ՙԼավագույն մտահղացում՚։
Նշենք, որ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հատուկ գործընկերներն են «Լաբարնա» («Labarna») հուշանվերների, «Արվեստի աշխարհ» («Art World») խանութ սրահները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Թուրքիայում հրեական գերեզմանատուն են քանդել
Թուրքիայի Իզմիրում թունելի շինարարության ժամանակ 6 մ խորության վրա հայտնաբերվել են հրեական գերեզմաններ: Թուրքական “Հուրիեթի” տեղեկացմամբ, տապանաքարերը շինարարները թողել են հողի մեջ, իսկ ոսկրերը հանձնել են հրեական համայնքին: Համայնքի առաջնորդ Ժակ Կայան հայտնել է, որ հրեաների աճյունները կրկին կթաղվեն գործող հրեական գերեզմանոցում: 2012-ին զատկին Ստամբուլում հրեական գերեզմանատունը պղծվել էր:
Ավտոպատահար Երևան-Արտաշատ ավտոճանապարհին
Մայիսի 2-ին, ժամը 05.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 26 ՕՍ 109 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ 1960 թ. ծնված Յ. Բաղդասարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներուվ հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Վարորդից ու ուղևորից բացի ավտոմեքենայում եղել է նաև 10 գառ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Ավտոմեքենան ընկել է ջրանցքը,հայտնաբերվել է դի
Մայիսի 2-ին, ժամը 06.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը հասնելով կանչի վայր՝ պահանջել է ջրասուզակ:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ջրափրկարարները:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35 ՕТ 105 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից Կախանովի ջրանցքը:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից. ավտոմեքենայում հայտնաբերվել է մոտ 30 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը պատրաստվում է տիեզերք թռչել
Բրիտանացի ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգն իր կյանքի հերթական նպատակը տիեզերք թռչելն է անվանել: Դրա մասին նա հայտնել է Լոնդոնում, բարեգործական երեկույթի ժամանակ.”Այն փաստը, որ ես արհեստական շնչառության սարքին եմ միացված, չի փոխել իմ կենսակերպը: Այն պահից, ինչ ես առանց դրա ոչ մի քայլ չեմ կարողանում անել, եղել եմ Բրյուսելում, Մեն կղզում, Ժնևում, Կանադայում, 2 անգամ` Կալիֆոռնիայում: Ես հույս ունեմ, որ կկարողանամ գործարար Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերության սարքով նաև դեպի տիեզերք թռիչք կատարել: Տիեզերք, ես կթռչեմ քեզ մոտ”:
Գիտնականի խոսքերը ծափողջույններով են ընդունվել:
Հոքինգը 6 տարի առաջ ԱՄՆ ՆԱՍԱ-ի օդանավով թռիչք կատարեց, որը նրան հնարավորություն տվեց կարճաժամկետ անկշռելիության զգացում ունենալ: Հոքինգը տառապում է ամիոտրոֆիկ սկլերոզով, որը նրա մոտ լրիվ անդամալուծություն է առաջ բերել: Հիմա նա 71 տարեկան է ու արտաքին աշխարհի հետ շփվում է միակ աշխատող այտի մկանի միջոցով, որը հատուկ հաղորդիչների օգնությամբ ազդանշան է հաղորդում խոսքի համակարգչային սինթեզատորին:
Ապրիլի 29-ին Virgin Galactic ընկերության SpaceShipTwo սուբուղեծրային օդանավը կատարեց իր առաջին թռիչքը Կալիֆոռնիայի անապատի վրայով` հաղթահարելով ձայնային արգելքը: Տարվա վերջին օդանավը մշակողները մտադիր են այն բաց տիեզերք ուղարկել:
Իտալիայում սևամորթ կին նախարարի հասցեին վիրավորանքների տարափ է տեղացել
Իտալիայում հետաքննում են նախարարներից մեկի հասցեին արված ռասիստական վիրավորանքների փաստը: Օրեր առաջ Կոնգոյից ակնաբույժ Սեսիլ Կյենգեն դաձավ ինտեգրացիայի հարցերով նախարար: Նրա նշանակումից անմիջապես հետո ուլտրաաջերի և “Հյուսիսի լիգայի” կողմնակիցների կայքերում նրա հասցեին վիրավորական արտահայտությունների տարափ տեղաց:
Հետաքննությունը ձեռնարկել է Իտալիայի կառավարության կազմում մեկ այլ նախկին օտարերկրացի` հավասար իրավունքների, սպորտի ու երիտասարդական քաղաքականության նախարար, ազգությամբ գերմանացի Յոզեֆա Իդեմը:
Նաոմի Քեմփբլն ու Վլադիսլավ Դորոնինը բաժանվել են
Ամերիկյան մամուլը գրում է ամենահայտնի աստղային զույգի բաժանման մասին: The New York Post տեղեկացմամբ, Նաոմի Քեմփբլի ու ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի սիրավեպը մոտեցել է ավարտին:
Սիրահարները հավատացնում են, թե պարզապես թայմ-աութ են վերցրել, իսկ ուրիշները պնդում են, որ դա ավելի շուտ վերջակետ է: “Россия 24” տեղեկացնում է, որ զույգին միասին չեն տեսել մարտի սկզբից: Նաոմին երեկույթներին ներկայանում է առանց Դորոնինի, իսկ վերջինիս էլ նյույորքյան հյուրանոցի բարում տեսել են անծանոթ շիկահերի հետ:
Չադի իշխանությունները հայտնել են, որ հեղաշրջում են կանխել
Չադի մայրաքաղաք Նջամենայում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում` սպաներ ու ընդդիմադիր կուսակցության պատգամավոր` նախագահ Իդրիս Դեբիին տապալելու նպատակով դավադրության կասկածանքով:
Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, հատուկ ծառայությունները 4 ամիս հետևել են ենթադրյալ դավադրության մասնակիցներին:
Չադի նորագյուն պատմությունը հարուստ է հեղաշրջումներով: Չադի գործող նախագահ Իդրիս Դեբին իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում, 1990-ին:
Ամերիկայում անգլիացի առաջին վերաբնակները մարդակեր են եղել
Ամերիկացի գիտնականները վկայություններ են ներկայացրել, որոնք հաստատում են, որ 1609-1610-ի խստաշունչ ձմռանն
Ամերիկայում անգլիացի վերաբնակները կաննիբալությամբ են զբաղվել:
Ի դեպ, դրա մասին գրավոր աղբյուրներում ևս նշված է եղել, սակայն գիտական ապացույցներ մինչ այժմ չկային: Վաշինգտոնում Բնագիտության ազգային թանգարանի մասնագետներն անցած տարի պեղումների ժամանակ Վիրջինիայի (հիմնադրել են վերաբնակները 1607-ին: Ժամանակի ընթացքում Ջեյմս ամրոցի շուրջ գաղութ առաջացավ, որն անվանվեց Ջեյմսթաուն) Ջեյմս ամրոցի տեղում 14-ամյա աղջկա աճյունի ուսումնասիրություն են կատարել:
Գանգի ու սրունքոսկրի վրա, որոնց տարիքը 400 է, հայտնաբերվել են հարվածի ու քերթման հետքեր: Գիտնականների խոսքով, դա վկայում է նրա մասին, որ ինչ-որ մեկը փորձել է բացել գանգը ու հանել ուղեղը: Բացի այդ, զոհի լեզուն են հեռացրել ու դիմային հյուսվածքները, որոնք XVII դարում համարվել են նրբահամ ուտելիք:
“Հստակ հետքեր կան, որոնք վկայում են, որ մարմինն անդամահատվել է ու միսն առանձնացվել ոսկրերից”,-հայտնել է անթրոպոլոգ Դագ Օուսլին:
Ո՞ր դեպքում կարող է մերժվել օտարերկրացուն ՀՀ մուտքի վիզայի տրամադրումը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝
ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել 3 տարի,
բ) նա «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է 1 տարի,
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
– վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
– իրականացնել ահաբեկչական գործունեություն,
– սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
– իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ,
դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ
զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:
Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կարող է մերժվել, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվել կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել, եթե նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել:
Վերոհիշյալ դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում մերձավոր ազգականներ (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, եղբայր, տատ, պապ) ունեցող անձանց վրա:
Ներկայացրեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Մայիսի 1-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Արզնի ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աբովյան-Արզնի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 ՕV 407 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ՝ 1979 թ. ծնված Գ. Կարապետյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:
Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել,վեց հոգի զոհվել են
Մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա:
Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 3 տուժած:
Վթարի հետևանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ` 1976 թ. ծնված Վրույր Ղազարյանը (ավտոմեքենայի վարորդ), 2007 թ. ծնված Սերոբ Ղազարյանը, 2002 թ. ծնված Սիլվիկ Ղազարյանը, 1984 թ. ծնված Հերմինե Օհանջանյանը, 1998 թ. ծնված Աիդա Թունյանը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 1973 թ. ծնված Հայկ Մարտիկյանը:
Վիրավորվել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ` 1990 թ. ծնված Գրիգոր Ավետյանը, 1992 թ. ծնված Նոնա Թունյանը և 2003 թ. ծնված Վահե Թունյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Փաստաթուղթ, որը նոր լույս է սփռում Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ իրանցիներին հանձնելու խորհրդավոր պատմության վրա
Վերջերս մամուլում աղմուկ բարձրացավ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված ՙհամաձայնագրի՚ առնչությամբ, ըստ որի` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ հանձնվելու է իրանցի հովիվներին:
Բարձրացված աղմուկը ստիպեց պատասխանատու մարմիններին հայտարարել, որ դա որևէ իրավական ուժ չունի, այնուհանդերձ մի շարք հարցեր մնացին առկախ: Վերջերս էլ մամուլում հայտնվեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի անասնապահության հարցերի վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմի`«ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որում նա ասել էր, թե հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն պետք է տեղափոխվի Հայաստանի Սյունիքի մարզ: Հայկական կողմը դա ևս հերքեց:
Այժմ «Անկախի» տրամադրության տակ է մի փաստաթուղթ, որը վկայում է, որ հայկական կողմը` կառավարական մակարդակով, հավանություն է տվել այդ գործընթացին: Ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ, իսկ դրա վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակենք ավելի ուշ:
Քաղվածք Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի փոխըմբռնման հուշագրից
1.3. Համագործակցություն առևտրաարդյունաբերական պալատների միջև:
1.3.4. Երկու երկրների Պալատները համաձայնեցին քաջալերել կողմերի մասնավոր հատվածի գործարարներին` համատեղ ծրագրեր իրականացնելու հետևյալ բնագավառներում.
– սնունդ և գյուղատնտեսական մթերքների արտահանում և մշակում:
1.3.7. Երկու երկրների առևտրի պալատները համաձայնեցին խրախուսել ընկերություններին Իրան արտահանելու նպատակով Հայաստանում կառուցել ոչխարաբուծության, ինչպես նաև ջրային կենդանիների բազմացման համալիր:
1.4. Գյուղատնտեսություն
1.4.1. գործնական ծրագրի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:
1.4.7. Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնեց աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին:
1.4.8. Կողմերը համաձայնեցին աջակցել մասնավոր հատվածի կողմից` ՙArman Agro industrial complex՚ ընկերության ստեղծմանը, որի գործունեությունը կիրականացվի ագրոարդյունաբերության ոլորտում իսլամական սպանդանոցի, արոտավայրերի բարելավման և օգտագործման, այգեգործության և այլ գործունեության զարգացման ուղղությամբ:
Հայաստանցի հաքերը կոտրում է մարդկանց պրոֆիլները եւ փող պահանջում վերադարձնելու դիմաց. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում զգուշացրել է ֆեյսբուքահայությանը հաքերային հարձակման վտանգի մասին: Նա մասնավորապես գրել է. «Ցավոք, ցանցում հայտնվել է հայաստանցի վատ իմաստով հաքեր։ Կոտրում է մարդկանց պրոֆիլները եւ փող պահանջում վերադարձնելու դիմաց։ Բարոյական եւ քրեական մասը մի կողմ թողնենք։ Իսկ հիմա հիշեք` անիմաստ հղումներ մի բացեք։ Հաքերը ուղարկում է հղում, որը տանում է ՖԲ֊ի նման էջի, բայց հասցեն լրիվ ուրիշ է։ Մարդիկ իրենց ձեռքով մտցնում են գաղտնաբառը։ Զգույշ եղեք։ Ամուր գաղտնաբառեր դրեք ընդանրապես»։
Կրքեր «Անուշ» օպերայի շուրջ. մտավորականները կպահանջեն արգելել նոր «Անուշի» ներկայացումը Ֆրանսիայում
Ապրիլի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Անուշ» օպերայի պրեմիերան: Այն Հայաստանում կցուցադրվի նաև մայիսի 3-ին և 4-ին, այնուհետև կներկայացվի Ֆրանսիայում:
Բեմադրության և լիբրետոյի ադապտացիան ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանինն է, բեմի ձևավորումը, հագուստները, խորեոգրաֆիան՝ Նիկոլյա Մյուզեինը, գործիքավորումը և երաժշտության վերամշակումը՝ Անահիտ Սիմոնյանինը, դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը, լուսային ձևավորումը՝ Ժան-Մարկ Սկաչկոյի:
Դերերում` Անուշ` Սոֆյա Սայադյան, Սարո` Լիպարիտ Ավետիսյան, Մոսի` Գուրգեն Բավեյան: Բեմում հանդես են գալիս 15 երաժիշտներ և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և խմբավար` Սոնա Հովհաննիսյան):
Պատահական չէ ընտրված նաև բեմադրության վայրը` ազգային թատրոնը: Ռեժիսորի խոսքով` «Անուշը» դասական օպերա չէ, որ օպերային թատրոնում բեմադվի:
«Անուշի» նորովի մեկնաբանությունը, սակայն, հայ մտավորականների մի մասի շրջանում դժգոհությունների առիթ է դարձել: Մտավորականների մի խումբ պատրաստվում է առաջիկայում բաց նամակով հանդես գալ, որով ՀՀ նախագահին կոչ կանեն միջամտել և թույլ չտալ, որ Ավետիքյանի մեկնաբանությամբ «Անուշը» ցուցադրվի Ֆրանսիայում:
«Եթե սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին կարոտախտը հրահրում է նմանատիպ ցածր որակի բեմադրություններ անել իրենց սիրողական ուժերով, ապա ոչ միայն կարող ես աչք փակել թերությունների վրա, այլև ողջունել: Բայց երբ փորձ է արվում արտահանել Հայաստանի անունը կրող, Հայաստանում պատրաստված այսպիսի մի խայտառակ խառնաշփոթ, մի բալագանային ներկայացում, ապա ժամանակն է, որ մեր մտավորականությունը ոտքի կանգնի և թույլ չտա արտահանել այն և դրանով իսկ դրսում վարկաբեկել ոչ միայն հայ ժողովրդին, այլև արվեստի գոհարներից «Անուշ» օպերան»,- ասում է դիրիժոր Արա Պետրոսյանը:
Նրա խոսքով` Ավետիքյանի բեմադրած Անուշը զուրկ է դրամատիկ զարգացումից, իսկ նվագախումբը իր խղճուկ, հազիվ լսելի ձայներով ոչ միայն չի աջակցում դրամատուրգիայի զարգացմանը, այլև հակառակը` այն վերածում է մոնոտոն հնչյուններ արտաբերող կույտի: «Խախտվել են գործիքավորման հարմոնիայի ամենատարրական կանոնները: Իբր թե մտցրել են ժողովրդական գործիքներ, բայց չկա գործիքավորում: Եթե վերցնեին սիմֆոնիկ նվագախմբի «Անուշի» արդեն գործիքավորված պարտիտուրը, փոփոխություն դրանում մտցնեին, դեռ հասկանալի կլիներ: Բայց երբ անգրագետ էքսպերիմենտներ են անում, դա ընդունելի չէ,- ասում է Պետրոսյանը հավելելով,- ի՞նչ նորամուծություն եք «Անուշում» մտցրել, բացի ճչացող անճաշակությունից և գռեհկության հասնող խառնաշփոթից: Բավական է ոտնահարվեն մեր դասական արժեքները»:
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը ևս բացասական է ընդունել «Անուշի» նոր մեկնաբանությունը. «Այնտեղ ռեժիսուրա չկա, ո՛չ ձևավորում կա, ո՛չ զգեստների հագուկապ կա, ոչինչ չկա: Հասկանում եմ, որ ուզում էր նոր խոսք ասել, բայց չստացվեց: Այդ միջակ ներկայացումը չի կարելի Փարիզ տանել, ի՞նչ կարծիք կկազմեն մեր մասին»:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի համար էլ նոր ներկայացումը բոլորովին ընդունելի չէ` սկսած հագուստներից մինչև ռեժիսուրան. «Ինձ հատկապես զայրացնում է Թումանյանի հանդեպ այսպիսի վերաբերմունքը»:
Գրականագետ, արվեստաբան, պրոֆեսոր Ռոբերտ Դավթյանը կարծում է, որ Անուշի նոր մեկնաբանությամբ Ավետիքյանը խախտել է Թումանյանի ու Տիգրանյանի հեղինակային իրավունքները. «Մոնտաժ անելը կամ անկիրթ ձևով Թումանյանին կամ Տիգրանյանին խմբագրելը որևէ ռեժիսորի իրավունքը չէ, դա առնվազն հանցագործություն է : Չկա նորմալ ձևավորում, սյուժե: Սա կատարելագործված խայտառակություն է, որը ընդհանրապես պետք է արգելել Հայաստանից դուրս բերել ու որևէ տեղ ցուցադրել»:
Դավթյանն ասում է, որ 1947-ին, երբ Գոհար Գասպարյանը Հայաստան եկավ և Անուշ պիտի կատարեր, 6 ամիս Լոռիում ապրեց, ուսումնասիրեց բնությունը, քարերը, սարերը, տները, կենցաղը, որ կարողանա Անուշ երգել, իսկ «այս մարդիկ ոնց որ ձեռք առնեն»:
Անդրադառնալով նկատառմանը, թե Ավետիքյանն աշխատել է «Անուշ» օպերայի առաջին տարբերակի վրա` վերականգնելով մինչխորհրդային տարիների տարբերակը, Դավթյանն ասում է. «Սովետական կարգերի ժամանակ Անուշը հնչել է աշխարհով մեկ և դա փառք ու պատիվ է բերել ոչ միայն հայ ժողովրդին, այլև ամբողջ սովետական երաժշտական արվեստին: Այդպիսի բան չկա: Տիգրան Լևոնյանի բեմադրությունն արդեն մաքրված ու հստակ էր: Անուշը համաշխարհային գործ է և ոչ մի կապ չունի սովետական կարգերի հետ»:
Երևանի կոնսերվատորիայի վոկալի տեսական ֆալուկտետի թիվ 1-ին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանին «Անուշի» նոր մեկնաբանությունում դուր չեն եկել կտրտված արիաները, որոնք փոխվում են գրական տեքստով. «Դեմ եմ, որ դա անվանվի օպերա` «Անուշ» օպերա, այն դեպքում, երբ այդքան կրճատումներ են կատարվում, ոճը փոխվում է և դառնում է ժամանակակից բեմադրություն: Հետաքրքիր բաներ կային մեջը, բայց սա «Անուշ» օպերա չէ, սա կարող է լինել գրական-երաժշտական կոմպոզիցիա, բայց ոչ «Անուշ» օպերա»:
Մարտիրոսյանի կարծիքով` ավելի հաջողված կլիներ, եթե Ավետիքյանն ուրիշ ստեղծագործությունների վրա էքսպերիմենտներ աներ, օրինակ` Կոմիտասի «Անուշը» վերցներ, որը հանդիսատեսին հայտնի չէ նախկին բեմադրություններով:
«Հիմա սա ինչի՞ համար է արվում, իմաստը չեմ հասկանում: Որպես մոդեռն ստեղծագործություն ներկայացվում է, որպեսզի մոռացվի՞ դասականը: Չհուզեց ինձ այն, ինչ տեսա, դա «Անուշ» չէր ինձ համար, դա ուրիշ անուն կարող էր ունենալ: Գոնե աճող սերունդը պետք է հասկանա, թե որն է «Անուշ» օպերան, սա «Անուշը» չէր»:
Ավետիքյանը, պրեմիերայի օրն անդրադառնալով հակասական կարծիքներին, ասել է. «Ժողովրդին է պատկանում այն, ինչ ուզում են, թող անեն: Դա էլ ինձ չի պատկանում, վերջացավ, ես տվեցի այսպիսով, հանձնեցի, ինչպես ասում են: Չսպասեք ինձնից, որ ասեմ` ա, ինչու են սա ասում, ա, լավ էր»:
«Անկախը» մինչ նյութի տպագրությունը չկարողացավ կապ հաստատել Ավետիքյանի հետ` նրանից մեկնաբանություն ստանալու համար:
Ավելի վաղ, սակայն, Սերժ Ավետիքյանը Bravo.am-ի հետ հարցազրույցում, խոսելով «Անուշի» նոր բեմադրության մասին, ասել է, որ փորձել է լիբրետոյում վերականգնել այն, ինչ կտրել, կրճատել էր Խորհրդային Միությունը. «Դրանք կարճ հատվածներ են, բայց շատ կարևոր հաղորդագրություն ունեն, ներկայացնում են երիտասարդների դիրքորոշումը Անուշի և Սարոյի, նրանց վարքի հանդեպ, հոր դիրքն Անուշի հանդեպ, քահանայի դիրքն Անուշի ծնողների և գյուղի հանդեպ: Թումանյանը XIX դարի վերջին համամարդկային գործ է գրել երիտասարդ աղջկա և տղայի մասին, որոնք ուզում են ազատորեն վայելել միմյանց հանդեպ սերը, սակայն նրանց չեն թույլատրում, որովհետև գոյություն ունեն ադաթներ կամ, ինչպես ասում են, չգրված օրենքներ»:
Անդրադառնալով նոր բեմադրության ասելիքին` Ավետիքյանը նշել է, որ ցանկանում է` գործը նոր սերունդների համար ներքին ազատություն ձեռք բերելու խթան հանդիսանա. «Շատ կարևոր է ամրապնդել ազատությունը նաև սեքսուալ հարաբերությունների հարցում, որ ծնողները չորոշեն, թե ում սիրեն, ում հետ ապրեն: Անհրաժեշտ է կարողանալ օրենքների և ադաթների շրջանակում կառուցել սեփական ներքին ազատությունը, որովհետև դրանից դուրս, մեկ է, չես կարող ապրել»:
Նախարար Նալբանդյանը կայցելի Արցախ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Իմպերիալ Պալաս հյուրանեցի բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Իմպերիալ Պալաս հյուրանեցի բացմանը։ Բարձրակարգ ծառայություններ մատուցող 4 աստղանի դասակարգման հյուրանոցը 78 համար ունի։ Երևանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնագիտացմանը զուգընթաց բարձրացող Երևանի զբոսաշրջային գրավչությունն այսօր Երևան է բերում զբոսաշրջիկների՝ ոչ միայն հայկական գազթօջախներից, այլ նաև հայերով քիչ բնակեցված արտերկրյա քաղաքներից։
Իմպերիալ Պալաս հյուրանոցի տնօրինության համոզմամբ, Երևանում զբոսաշրջության զարգացման ներկա տեմպերը հիմնականում միջին և բարձր դասակարգման հյուրանոցների պահանջարկ են ձևավորել, ինչի լրացմանն էլ միտված է ծառայելու նորաբաց հյուրանոցը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
