Ռոբերտ Քոչարյանի պատասխանը` Աշոտյանին ու Մովսիսյանին

աշոտյան, քոչարյան մովսիսյանԱնկախը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը միանգամից

երկու նախարարների` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարություններին:

 

Մենք շնորհակալ ենք Արմեն Մովսիսյանին՝  «Գույք պարտքի դիմաց»  գործարքի մանրամասների համար և կցանկանայինք ամբողջացնել դրանք հավելյալ տեղեկատվությամբ:

Գույքի փոխանցմամբ պարտքի խնդիրը լուծելու գաղափարը գալիս էր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներից: Սակայն «Գույք պարտքի դիմաց»  համաձայնագրի բանակցությունները վարվում էին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որի համանախագահներն այն տարիներին Սերժ Սարգսյանը և Իլյա Կլեբանովն էին: Համաձայնագրի պարամետրերի մասին բոլոր պայմանավորվածությունները, մանավորապես ձեռնարկությունների ընտրության, դրանց գնահատման և կողմերի պարտավորությունների վերաբերյալ ձեռք են բերվել հենց միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, ինչը և ամրագրվել է համապատասխան արձանագրություններում: Ինքը՝ Արմեն Մովսիսյանը, որպես էներգետիկայի նախարար, գործընթացի առանցքային մասնակից է եղել էներգետիկ ակտիվների մասով: Պայմանավորվածությունների վերջնական արդյունքները զեկուցվել են ՀՀ և ՌԴ նախագահներին՝ հավանություն ստանալու համար: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա էլ համարում է, որ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել: Դատելով հարցազրույցից, Մովսիսյանը ժամանակի ընթացքում վերաիմաստավորել է իր կատարված աշխատանքի գնահատականը և իր անձնական նպաստը այդ համաձայնագրի կայացման գործում: Ի՞նչ արած, երբեմն մարդկանց հետ այդպես էլ է պատահում: Այսքանը 2002թ. համաձայնագրի մասին:

Տպավորությունն այնպիսին է, որ նախարարը շփոթել է 2002 և 2006 թվականների համաձայնագրերի բաղադրիչները: 2006 թվականի համաձայնագրի հիմնական շարժառիթը Իրան-Հայաստան գազամուղի կառուցման նախագծին Գազպրոմի ներգրավումն էր՝ 5-րդ էներգալբլոկի շինարարության ավարտմամբ: Նշենք, որ այդպիսով Գազպրոմը ներառվում էր Իրանական գազով էլեկրաէներգիայի արտադրության և հետագայում դրա՝ Իրան արատահանման սխեմայի մեջ: Այդ սխեման լիարժեք դեռ չի շահագործվել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ուշացման պատճառով: Այն, ինչով պարտավոր էր զբաղվել էներգետիկայի նախարարը:
Կիսակառույց 5-րդ էներգաբլոկը գնահատվեց 250 մլն դոլար: Այդ Էներգաբլոկը սկսել էր կառուցվել ԵՎԶԲ-ի վարկով 1995-96թթ.-ին, այնուհետ կոնսերվացվել էր, ընդհանուր ծախսը կազմել էր շուրջ 60 մլն դոլար: Գազպրոմն ընդունեց գնահատված արժեքը հենց այն պատճառով, որ հայկական կողմը հնարավորություն ունենա սուբսիդավորել գազի գինը: Ընդհանուր առմամբ, Գազպրոմի կողմից նախագիծն իրականացվեց բարձր մակարդակով: Նախագծի վարողը հանդիսանում էր Հայռուսգազարդի ղեկավարությունը: Հայաստանը, գրեթե ոչինչ չծախսելով. ստացավ նոր ժամանակակից էներգաբլոկ և հայ-իրանական գազամուղ, ինչպես նաև, առանց բյուջեն ծանրաբեռնելու, գազի գնի սուբսիդավորման միջոցներ: Ընդ որում, որևէ մեկին որևէ բացառիկ իրավունք չտրվեց: Դա արվել է բաց և թափանցիկ /տես՝ ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի որոշումը, համար 449/: 

Իսկ հիմա նախարարի հարցազրույցի մնացած դրվագների վերաբերյալ: Տպավորություն կա, որ Մովսիսյանը չի կարդացել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, ո՛չ էլ Գազպրոմի հետ վերջին համաձայնագիրը: Իսկ եթե կարդացել է, ապա ոչինչ չի հասկացել: Ակնհայտ է, որ նա լրջորեն խճճվել է:

Մանավորապես.

1. Այն ժամանակվա և ներկայիս սուբսիդիաների տարբերությունն այն է, որ այն ժամանակ սուբսիդիան կատարվում էր արդեն համաձայնագրի կնքումից հետո, այսինքն՝ օրինական հիմքի վրա: Հիմա՝ հետին թվով, ի հաշիվ գազի դիմաց կուտակված փաստացի պարտքի: Հուսով ենք՝ նախարարը այս տարբերությունը հասկանում է:
2. Անհասկանալի է Մովսիսյանի՝ բաշխիչ ցանցերի մասնավորեցման հետ արված համեմատությունը: Բացառիկ իրավունքներ այնտեղ չկային և չէին կարող լինել: Ընդհակառակը, այնտեղ մանրամասն շարադրված են սպառողների սպասարկման մասով ընկերության պարտավորությունները և գեներացիայի վճարումների մեխանիզմները: Թվում էր, թե էներգետիկայի նախարարը պետք է որ իմանար դրա մասին:
3. Հայռուսգազարդի գործադիր տնօրենը ընկերության աշխատանքների մասին անձամբ ամեն ամիս զեկուցում էր նախագահին, սակայն նա երբևէ չի ասել, թե տնօրենների խորհրդում Գազպրոմի ներկայացուցիչները խոչընդոտներ են ստեղծում մենեջմենթի առաջ: Ընդհակառակը, մշտապես խոսվել է փոխադարձ վստահության և ընկերությունը կառավարող թիմի գործողությունների ազատության բարձր մակարդակի մասին: Հայռուսգազարդի ընթացիկ գործունեությանը Մովսիսյանը չի առնչվել:
4. Որպեսզի ընթեցողը ինքը գնահատի, թե ինչ իրավունքներով է օժտվել ընկերությունը, մի մեջբերում անենք մամուլում հրապարակված և չհերքված վերջին համաձայնագրից.

«Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և /կամ չեղյալ հայտարարի/ և կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի/ ևկամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում»:
Այստեղ է, որ նախագահ Քոչարյանը խնդիր է տեսնում: Սա ապագայի առումով վատ նախադեպ է էներգետիկայում հնարավոր ներդրումների համար: Այսօր Հայռուսգազարդը ոչ միայն բնական մենաշնորհ ունի գազի ոլորտում, բայց և էլեկտրոգեներացիայի խոշոր մասնակից է /5-րդ էներգաբլոկ/: Գեներացիայում այլ ընկերությունները այդպիսի իրավունքներ ապագայի համար չունեն, ինչը կարող է խաթարել նրանց մրցակցային հնարավորությունները:
Նախարարը թերևս կհանդարտեցներ հանրությանը, եթե համաշխարհային պրակտիկայից նման համաձայնագրերի մի քանի օրինակ ներկայացներ /բայց ոչ գաղութային Աֆրիկայի ժամանակաշրջանից/:

5. Մենք նաև կուզենայինք, որպեսզի ստորագրված համաձայնագրի մասով ապագայում խնդիրներ չառաջանային և որ Գազպրոմի հետ պահպանվեին գործընկերային հարաբերությունները:
Ափսոսում ենք, որ ստիպված ենք բացատրել նախարարին մի բան, որ գրված է սևով սպիտակին, և հրապարակված է երկու լեզվով: Հիշողության ընտրողականությունը նենգ բան է. կարող ես շփոթել դարպասները և ինքնագոլի հեղինակ դառնալ: Ի՞նչ արած, այսպիսին է մեր նախարարը, և այսպիսին է մեր իրականությունը:
Կուզենայինք մի քանի բառով անդրադառնալ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարություններին /15 հունվարի, ասուլիս ՀՀ կառավարության շենքում/:

Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսևորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով: Ծավալված բանավեճի էությունն այն էր, որ առանձին պաշտոնյաներ, ձգտելով արդարացնել այսօրվա խնդիրները, փորձում էին վերագնահատել նախորդ իշխանության տնտեսական քաղաքականության արդյունքները: Խոսքը հիմնականում 2001-2007 թվականների մասին է:
Նախագահ Քոչարյանը կարող էր պարզապես լուռ մնալ, հիմք ընդունելով այն, որ ըստ Սահմանադրության՝ տնտեսության պատասխանատուն կառավարությունն է: Բայց նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն և ոչ այնքան իր համար, այլ նաև այն թիմի համար, որը երկարամյա աշխատանքով կերտել է այդ ձեռքբերումները: Խոսքը վարչապետի, նախարարությունների, Երևանի և այլ քաղաքների քաղաքապետարանների, տասնյակ հազարավոր շինարարների մասին է, որոնք ոչ թե փուչիկ էին փչում, այլ բարեկարգում էին երկիրը: Այդ «փուչիկներից»՝ ճանապարհներից, կամուրջներից, թունելներից, բարեկարգված թատրոններից ու թանգարաններից, այսօր օգտվում են բոլորը, այդ թվում՝ մոռացկոտ պաշտոնյաները:
Ցավոք, այդ ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ

Անկախ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը

ռոբերտ քոչարյանի գրասենյակ2rd.am-ը տարածել է Ռոբերտ  Քոչարյանի  գրասենյակի  հաղորդագրությունը, որը և Անկախը ներկայացնում է իր ընթերցողներին:

ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ին և 2014-ի հունվարի 13-ին հրապարակված հարցազրույցները լայն քննարկման առարկա են դարձել: Ամփոփելով անցած երեք օրերի ընթացքում ստացված հրապարակային և ոչ հրապարակային արձագանքները, հարկ ենք համարում գոհունակություն հայտնել դրանց ճնշող մեծամասնության ընդհանուր դրական պատկերի ու որակի կապակցությամբ: Ակնհայտ է, որ մարդիկ ճիշտ են ընկալել նախագահ Քոչարյանի մտահոգություններն ու գնահատականները, ինչպես նաև երկրի առաջ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ հրապարակային տեսակետ հայտնելու բուն փաստը: Սա պատահական չենք համարում, հաշվի առնելով թե բարձրացված հարցերի արդիականությունը մեր երկրի համար, թե հանրության աճող հետաքրքրությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից պարբերաբար հնչեցվող հիմնավոր ու կշռադատված մոտեցումների նկատմամբ: Ի դեպ, 2rd.am կայքի՝ նախագահ Քոչարյանին ուղարկված  7 հարցերից 3-ը դեռ սպասում են իրենց պատասխաններին, ուստի  առաջիկայում պետք է սպասել նոր հարցազրույցի:

Բնականաբար, նշված հարցազրույցները հեշտ կանխատեսելի հասցեներից քննադատության արժանացան: Դրանց մեծ մասին արձագանքելն ուղղակի ավելորդ ենք համարում: Թե հեղինակների անձը և թե նրանց արտահայտած մտքերի արժեքն այնպիսի բարոյական կատեգորիաների են պատկանում, որ դրանց պատասխանելը պարզապես արժանապատվության հետ խնդիրներ կառաջացնեին:

Հարկ է ընդգծել նաև, որ քննադատություն պարունակող արձագանքն, ըստ էության, ընդհանրական է մի առումով. չի ներկայացվել որևէ առարկայական հակափաստարկ: Կամ բարոյախրատական բնույթի անպատասխանատու հայտարարություններ են արվել, կամ էլ անտրամաբանական, նյութի հետ կապ չունեցող ու անցած տարիներին արդեն շահարկված ցածրորակ քարոզչության զինանոցի մտքեր են կրկին հնչել: Տրամաբանության հետ կապ չունեցող ելույթների թերևս ամենավառ օրինակներից է մեթան գազի երկրպագու պատգամավորի այն “բացահայտումը”, թե Ռոբերտ Քոչարյանը այնքան ազատ ժամանակ ունի, որ հարցազրույցներ է տալիս: Եթե հանրապետության վարչապետը չորս ու կես ժամ է գտնում՝ ասուլիս անցկացնելու և Աստված գիտի, թե էլի ինչքան ժամանակ՝ գունազարդ հոդված գրելու, ապա պաշտոնաթող նախագահը միշտ էլ մի կես ժամ կգտնի 3-4 հարցի պատասխանելու համար:

Այսպիսին է մեր արձանագրած ընդհանուր պատկերը: Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել գործընթացին, և ըստ անհրաժեշտության՝ արձագանքելու նախագահ Քոչարյանի հարցազրույցների շուրջ ծավալված քննարկմանը: Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարցազրույցին:

ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

 

Անկախ

Քոչարյանն ինչ-որ բան է ծրագրել

Robert Kocharyan, Tigran SargsyanԱնցյալ տարվա սկզբին սպասվող  գլխավոր ներքաղաքական իրադարձությունները նախագահական և Երևանի ավագանու ընտրություններն էին: Հենց սրանք էլ ձևավորեցին անցյալ տարվա գոնե առաջին կիսամյակի քաղաքական օրակարգը:

Երկու ընտրությունների արդյունքում ընդդիմությունը չեզոքացվեց: Եվ հասարակությունը սկսեց որոնել իր քաղաքական պատվերը հնչեցնելու այլընտրանքային ճանապարհներ` շրջանցելով քաղաքական կուսակցություններն ու գործիչներին: Այսինքն` մեր երկրում սկիզբ առան քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ, հասարակական-քաղաքական բողոքի դրսևորումներ` քաղաքացիական ակտիվություն:

Դրա առաջին  լուրջ դրսևորումը եղավ ամռանը հասարակական տրանսպորտի գների բարձրացման դեմ հասարակության ընդվզման ժամանակ,  երբ քաղաքացիական ակտիվությունը գրանցեց իր առաջին լուրջ հաջողությունը: Իսկ գործող իշխանությունները, հավանաբար  հանգստանալով ընդդիմության  նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո, սկսեցին քայլեր անել, որոնք էլ ավելի բորբոքեցին քաղաքացիական ակտիվությունը: Նախ` երկրի արտաքին քաղաքական կուրսի ընտրության վերաբերյալ որոշման կայացումը,  ապա «գազային» զարգացումները, իսկ տարեվերջին իշխանությունները ԱԺ-ում «անցկացրեցին» նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքների փաթեթը, որով անմիջականորեն դիպան ավելի քան 250 հազար քաղաքացու դրամապանակին, հետևաբար նաև սոցիալ-կենցաղային պայմաններին:  Եվ հասարակության համբերության բաժակը լցվեց:

Մի խոսքով, Հայաստանում արդեն հասարակության քաղաքական պատվեր կատարողը  ոչ թե քաղաքական ուժերը կամ գործիչներն են, այլ հասարակական նախաձեռնությունները, ակտիվիստները` քաղաքացիական հասարակությունը: ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը միացան հենց քաղաքացիական հասարակության սկսած շարժմանը: Հենց սրանով էլ խոստանում էր սկսվել 2014 թվականը: Համենայն դեպս, նախորդ տարվանից մնացած կնճռոտ հարցերի շուրջ բողոքող հանրույթների ներկայացուցիչները խոստացան և ներկայումս էլ վերահաստատում են, որ շարունակելու են անցյալ տարի սկսած բողոքի ակցիաները ավելի գործուն, լուրջ ու ավելի լայնածավալ դրսևորումներով:

Բայց այս տարին էլ սկսվեց մեկ այլ քաղաքական իրադարձությամբ. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով` կոշտ քննադատության ենթարկելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, կառավարության գործունեությունը, գազային պայմանագրերն ու կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Ինտրիգը ստացվեց:

Ամենևին էլ պատահական չէր, որ անցյալ տարեվերջին երկրորդ նախագահը հանդես եկավ իր հայտնի հարցազրույցով: Սակայն անսպասելի էր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, այլ այն հրապարակելու ժամանակը: Նախ` անցյալ ամբողջ տարվա ընթացքում պտտվեցին Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները: Դա, բնականաբար, իշխանության որոշ սուբյեկտների սրտով չէր, և տրամաբանական է, որ նրանք պետք է պատրաստվեին հակադարձելու: Դրա մասին չէր կարող չիմանալ Ռոբերտ Քոչարյանը, որ գործող իշխանության մեջ, ինչպես նաև երկրի քաղաքական կյանքում դեռ շատ լծակներ ունի: Ու, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Մինչ Քոչարյանի հակառակորդները նրա դեմ ինչ-ինչ քայլեր կձեռնարկեին, Քոչարյանն ինքը նախաձեռնություն ցուցաբերեց ու հարցազրույցով  խառնեց բոլորի խաղաքարտերը:

Հայաստանի երկրորդ նախագահի ու գործող վարչապետի միջև բանավեճը, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, խոսում է ամեն ինչի մասին, բայց ոչ լուրջ քաղաքական գործընթացի: Ըստ նրա` քաղաքական բաղկացուցիչը դուրս է եկել ներքին քաղաքականությունից, և Քոչարյանի հարցազրույցներն ընդամենը փորձ են ցույց տալու, որ  ինքը դեռ կա երկրի ներքաղաքական կյանքում: Իսկ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճին, նշեց, որ աշխարհում ընդունված է` նախկին նախագահները ներկա իշխանություններին փնովում են, գործողներն էլ փորձում են իրենց ձախողումները արդարացնել նախորդների սխալներով: «Հայաստանում ներքաղաքական կյանքն այնպիսին է, որ անգամ սուպերմարկետի բացումը կարող է քաղաքական ինտրիգ համարվել»,- ասաց նա:

Տիգրան Սարգսյանն ընդամենը միջոց է, ոչ նպատակ

Բայց Ռոբերտ Քոչարյանը պրիմիտիվ քաղաքական գործչի տպավորություն չի թողել երբեք, ու դժվար է նրանից էժանագին ինտրիգներ սպասել, եթե անգամ նրա գործողությունները նման են դրան: Վարչապետ Տիգրան Սարգսյանին որպես թիրախ ընտրելն էլ պատահական չէր: Վերջինս իր վարչապետության ընթացքում այդպես էլ չկարողացավ իր դիրքն օգտագործել ու քաղաքական կշիռ ձեռք բերել, առավել ևս` գործոն դառնալ, նաև իր թիմում: Զուտ քաղաքական կշռի` տրամաչափի առումով էլ երկրորդ նախագահն ու գործող վարչապետը բոլորովին տարբեր տիրույթներում են, տարբեր քաշային կարգերում:

Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Եվ չնայած հայտարարեց, թե չի պատրաստվում բանավեճի մեջ մտնել «անհույս» վարչապետի հետ, իրականում հենց  նրա հետ էլ բանավիճում էր: Սակայն Քոչարյանի իրական ասելիքն ուղղված էր իշխանության իրական կրողին` Սերժ Սարգսյանին: Բայց իր ասելիքը Սերժ Սարգսյանին հասցնելու համար Քոչարյանը թիրախավորեց վարչապետին` նրան դարձնելով Սերժ Սարգսյանին դիմելու «կապուղի»: Դրանով երկրորդ նախագահն արհեստականորեն իր և ներկայիս վարչապետի կարգավիճակներն ինչ-որ չափով հավասարեցրեց, որից ավելի շատ հենց ինքը տուժեց:

Հիմա արդեն հեռակա բանավեճը շարունակում է ոչ թե նույնիսկ Տիգրան Սարգսյանը, այլ ՀՀԿ-ական «ջահելությունը»: Սերժ Սարգսյանն այդպես պատասխանեց. նա իր ասելիքը Քոչարյանին հասցրեց ՀՀԿ մամուլի խոսնակի, ԱԺ փոխնախագահի, ինչպես նաև կուսակցության երիտթևի ղեկավարի միջոցով` ցույց տալով, որ եթե նախկին նախագահը որոշել է խոսել միջնորդավորված, ուրեմն ստիպված է համակերպվել այն միջնորդների հետ, որոնց ինքը դեմ կտա:

Մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ի համար քաղականության մեջ բանավեճն ընդունելի տարբերակ է,  բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաև` վիրավորական արտահայտություններով, իսկ վիրավորական տոնայնությունը խոսում է փաստերի բացակայության մասին: «Քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որևէ քաղաքական գործչի, առավել ևս` պաշտոնաթող նախագահին»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակը` Քոչարյանի վերլուծություններն ընդամենը «անցյալում  մնացած քաղաքական գործչի ժամանակավրեպ վերլուծություններ» որակելով:

Շարմազանովի միջոցով պատասխանելով` Սերժ Սարգսյանը թերևս փորձեց հասկացնել, թե ով է երկրի նախագահը: Այսինքն` սա նաև Քոչարյանին լռեցնելու նպատակ էր հետապնդում, որովհետև, եթե Քոչարյանը փորձի շարունակել երկխոսությունը, ապա, կամա թե ակամա արձագանքելու է արդեն Էդուարդ Շարմազանովին կամ Կարեն Ավագյանին, որ Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին` գրելով. «Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի: Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը: Գուցե կարելի էր այդ ազատ ժամանակն օգտագործել` ինչ-որ բուհում դասախոսություններ կարդալով և կուտակված փորձն ուսանողներին փոխանցելով, ինչպես արվում է շատ երկրների նախկին նախագահների կողմից: Առաջին հարցազրույցին չարձագանքեցինք` մտածելով, որ մարդը փորձում է արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում ծագած շատ խնդիրներ և պարզապես ուզում է ամանորյա հետաքրքրություն մտցնել ներքաղաքական կյանքում: Անկեղծ ասած` Քոչարյանից սպասում էինք քաղաքական լուրջ վերլուծություն, անդրադարձ Մաքսային միությանը, Ասոցացման համաձայնագրին, ղարաբաղյան հիմնախնդրին: Բայց նման ոչ մի բան, փոխարենը` օսկանյանական բառապաշարով մի ճառ` համեմված վիրավորական արտահայտչամիջոցներով: Եթե ցանկություն չուներ բանավիճել, կարող էր դա չանել: Մանավանդ եթե խոսքը հիմնավոր ու համոզիչ է լինում, մարդ, որպես կանոն, վիրավորական բառապաշարի օգնությանը չի դիմում»:

Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, չի մտնի այս մակարդակի բանավեճի տիրույթ: Նշանակում է` կա՛մ պետք է ուղղակի ավարտի իր իսկ սկսած խաղը, կա՛մ փոխի այդ խաղի ուղղությունը`անմիջականորեն իր ասելիքն ուղղելով կոնկրետ հասցեատիրոջը: Դատելով Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչի նախորդ վարքագծից` կարելի է ենթադրել, որ նա առաջին ճանապարհով չի գնա, չի նահանջի: Ամեն դեպքում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, քաղաքական իրողությունները հնարավորություններ դեռ կընձեռեն երկրորդ ուղիով շարունակելու համար, քանի որ Քոչարյանը, վստահաբար, պատկերացնում է, որ եթե քաղաքականություն չվերադառնա հենց այս պահին, երբ քաղաքական օրակարգը ձևավորում են քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք դեռևս չեն հասցրել կազմակերպվել, հանդես գալ միասնական օրակարգով, բայց մեծ ռեսուրսներ ունեն, ապա շատ դժվար կլինի հետագայում վերադառնալ որպես լուրջ քաղաքական գործոն: Ամեն դեպքում նրա «բանավեճի» թեմաներն էլ` գազային համաձայնագրեր, կենսաթոշակային համակարգի փոփոխություն, տնտեսական անկում և այլն, որոնք նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության ուշադրության կիզակետերն են, հուշում են, որ դեռևս չկազմակերպված և առաջնորդ չունեցող այդ քաղաքացիական հասարակության ռեսուրսից անպայման կփորձի օգտվել:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

«Եթե հանրահավաքը վերածվելու է Քոչարյանամերձ ուժերի ուժի ցուցադրումի, ուրեմն ինքս չեմ մասնակցելու» Դավիթ Սանասարյան

200644_4459891413600_521842673_n«Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամ, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» ֆեյսբուքյան խմբում գրել է.

«Խմբի հարգելի անդամներ, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ…

Այս արդար պայքարի վրա աչք ունի Հայաստանն այս օրը հասցրած մարդկանցից մեկը՝ տխրահռչակ Ռոբերտ Քոչարյանը, ով իր պրոյեկտների միջոցով ուզում է նաև այս առիթը օգտագործել և իրականացնել Հայաստանը թալանելու իր շարունակական ծրագիրը…

Հիմա իմ համար սկզբունքային հարց կա, եթե հանրահավաքը վերածվելու է Քոչարյանամերձ ուժերի ուժի ցուցադրումի, ուրեմն ինքս չեմ մասնակցելու բողոքի այդ ակցիային…

Էնպես, որ էս կեղտոտ շրջանում զգոնություն է պետք…»:

Խոսքը վերաբերում է հունվարի 18-ին կայանալիք մեծ հավաք-երթին` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, որին միանալու են նաև ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները:

«Ես և իմ ընկերները թքած ունենք թե՛ Պուտինի, թե՛ մնացած քաղաքական գործիչների հաշվարկների վրա» Պետրոս Ղազարյան

arm138373986546

Հայտնի հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատ ընկերներ ունեմ, որ հունվարի 18-ին մասնակցելու են ընդդեմ կուտակայինի հանրահավաքին, ես էլ անպայման կմասնակցեմ, որովհետև դեմ եմ այդ կասկածելի համակարգին, ու ես և իմ ընկերները թքած ունենք թե՛ Պուտինի, թե՛ մնացած քաղաքական գործիչների եղած կամ չեղած հաշվարկների վրա: Մենք դեմ ենք, դա մեր կյանքի մի մասն է, մեր սկզբունքները, մեր գումարներին տեր կանգնելու մեր իրավունքը, մի բան, որ Հրապարակ թերթից չգիտեմ թե ով, ոչ մի կերպ չի հասկանում: Էս թերթին թվում է՝ մեր երկրում մարդիկ չկան, որ անկախ Քոչարյանից, Սերժից, Ծառուկյանից ու Լևոնից կարող են պատկերացումներ ունենալ և դուրս գալ բողոքելու: Ու էս մատից ծծած անփաստ վերլուծությունով ուզում է ասի՝ սա Քոչարյանի ցույցն է Պուտինի աչքի համար: Երևի էս թերթում առանց կողքից պասի նյութ չեն գրում ու բոլորին չափում են իրենց արշինով: Բայց մարդ ինչքան չպետք է հարգի իր երկրի հազարավոր քաղաքացիների, որ նման կոնսպերատիվ հիմարություններ վերլուծի»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը գրել էր, թե իր տեղեկություններով` արդեն մի քանի ամիս Քոչարյանը չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման աուդիենցիա ստանալ` չնայած վերջինիս հետ ունի անմիջական «կապվելու» հնարավորություններ: Նրան ասում են` այսօր-վաղը: Ռուսաստանը չի ցանկանում խառնվել հայաստանյան ներքաղաքական վեճերին, առանձնապես հակված չէ Քոչարյանի վերադարձին, սակայն նրան չի մերժում. հասկացնում է՝ եթե Քոչարյանը հասնի նրան, որ Հայաստանում ունենա հասարակական լայն աջակցություն, իրենք «կվերանայեն հարցը»:

Թերթի դիտարկմամբ` հունվարի 18-ին կուտակայինի առնչությամբ կազմակերպված ցույցը, որին մասնակցելու են նաև ՀԱԿ-ը` Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», մեծ քննություն է լինելու Քոչարյանի համար` միտինգն ինչ «թիվ» լինելու առումով. արվելու է ամեն ինչ, որ Ռուսաստանն ու Հայաստանը «թիվ» տեսնի:

Անկախ

«Մարդը հաստատ պարապ է մնացել». Կարեն Ավագյանը` Ռոբերտ Քոչարյանի մասին

121667

Երիտասարդ հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը շարունակում է արձագանքել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին Ֆեյսբուքի միջոցով: Այս անգամ «Կարեն Ավագյանի գրասենյակի պատասխանը Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությանը» վերնագրի ներքո ՀՀԿ երիտթևի պատասխանատուն գրել է.

«Երեկ նախկին նախագահի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ։ Ըստ ամենայնի, օրեր շարունակ արբանյակ գրասենյակների տարբեր տրամաչափերի պատասխանները չէին գոհացրել նախկին նախագահին, և որոշել էր հանդես գալ գլխավոր գրասենյակի շուրթերով՝ հավանաբար սիրտը հովացնելու համար։ Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի՝ որևէ մեկի հետ բանավեճի մեջ չմտնելու հայտարարությունը 2 օրվա կյանք ունեցավ։ Ստացվում է՝ ու չի դիմանում չբանավիճելու և յուրաքանչյուր տեսակետ հայտնողին առանձին-առանձին «տեղը դնելու» գայթակղությանը։ Սակայն պետք է նշենք, որ գրասենյակի շուրթերով տարածած հայտարարության մեջ առկա էր էական տարբերություն. այն շարադրված չէր օսկանյանական բառապաշարով, այլ հավատարիմ էր մնացել առաջին հարցազրույցի ձեռագրին, որ հիշեցնում է տարիների խորքից եկող ծանոթ ոճը։ Հայտարարության մեջ նշված էր հանրության իբր դրական արձագանքը Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած հարցերին։ Սակայն այն տպավորությունն էր, թե այդ տեղեկությունները հավաքված էին ճիշտ այնպես, ինչպես իրենց սոցհարցումներն են արվում՝ ցածրորակ քարոզչություն հիշեցնող, մերձավոր շրջապատում կամ գրասենյակի աշխատակիցներից և դռնապանից։ Հակառակ դեպքում կնկատեին այն ողջ, մեղմ ասած, քննադատությունն ու հակափաստարկները, որ հնչում էին նախկին նախագահի հարցազրույցների վերաբերյալ։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել գործընթացին, և ըստ անհրաժեշտության, արձագանքել Ռ. Քոչարյանի հարցազրույցների սերիալային հավակնություններ ունեցող շարքին: Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք պաշտոնաթող նախագահի հարցազրույցների շարքի առաջին երկու սերիաներից հետո Հայաստանից ու սփյուռքից եկող իրական արձագանքներին, որպեսզի պատկերը շատ ավելի հասկանալի լինի հարցազրույցների տեքստերը պատրաստող երկու խմբերին»:

Անկախ

«Րաֆֆին` աղոթահար, Զարուհին` թայմ աութ». Ռոբերտ Մելքոնյան

16522

Ֆեյսբուքի ակտիվ օգտատեր, Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր սոցիալական էջում գրել է.

«Այո’, իրոք «Ժառանգությունն» իր լավագույն ժամանակները չի ապրում: Րաֆֆի Հովհաննիսյանի աղոթահար, շփոթված, անհասկանալի պահվածքը, ֆինանսական լուրջ խնդիրների մասին խոսակցությունները, Զարուհի Փոստանջյանի հարաբերական թայմ աութը, մոլագարության հասնող անհասկանալի համառությունը, խեղդվողի թփրտոցի նմանվող նրա սպասվող վարքագծի մասին խոսակցությունները հունվարի 27-ին մեկնարկվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում:

Այն տպավորությունն է, որ այս պատգամավոր տիկինն ամեն ինչ անում է Հայաստանը վարկաբեկելու, հեղինակազրկելու համար: Հիմա էլ համաձայնության է եկել տասը պատգամավորի հետ, ըստ գործող կանոնակարգի, հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը վիճարկելու համար: ԵԽԽՎ տասը պատգամավոր համաձայնել են նիստի մեկնարկին ոտքի կանգնել և բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը:

Համառությո՞ւն, թե որքան վատ, այնքան լավ…
Ի՞նչ է տալու դա «Ժառանգությանը»…Իհարկե, ոչինչ: Ի՞նչ է տալու դա Զարուհի Փոստանջյանին` հեղինակությո՞ւն…
Գուցե՞ Հին Հռոմի գլադիատորների մարտերը հիացմունքով նայող ամբոխի նման, ամեն ինչից հրճվանք ապրող մի քանի հարյուրյակ «զվարճասերներ» հիանան այդ էքսցենտրիկ տիկնոջ պահվածքով, սակայն մեծ հաշվով, հեղինակազրկելով մեր պատվիրակությանը, մեր երկրին, նա հեղինակազրկում է իրեն…

Հույս ունեմ` ուսումն ԱՄՆ-ում, կրթվելը համալսարանում մի փոքր կնպաստի նրա` որպես լուրջ քաղաքական գործչի կայացմանը»:

Անկախ

Թևան Պողոսյանը հերքում է

timthumb

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ֆեյսբուքի միջոցով հերքել է «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված լուրը, ըստ որի իրեն լավ պաշտոն են առաջարկել, դրա համար էլ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Պատգամավորը մասնավորապես գրել է.

«Հայկական Ժամանակն» այսօր «ասում են» ձևաչափով «տեղեկատվություն» է տարածել այն մասին, թե ես իբր հայտարարել եմ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին այն պատճառով, որ պաշտոն եմ ստանալու: Հայտարարում եմ, որ հրապարակվածն իրականության հետ որևէ կապ չունի, կարծում եմ՝ նաև տրամաբանության: Խնդրում եմ իմ սիրելի լրատվամիջոցի հարգելի գործընկերներին հնարավորության դեպքում հերքել այս «տեղեկատվությունը»:

«Այս գործարքը շահեկանորեն տարբերվում է Ձեր՝ գույք-պարտքի դիմաց գործարքից».Արմեն Մովսիսյանը հակադարձում է Ռ. Քոչարյանին. Tert.am

Արմեն ՄովսիսյանՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am–ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադառնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին, որում վերջինս անդրադարձել էր, գազի իրական գնի մասին հանրության չտեղեկացնելուն և դրա հետևանքով 300 միլիոն դոլար պարտքի կուտակելուն, «ՀայՌուսգազարդի» հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքին, համաձայնագրով մինչև 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ պայմաններին և նշել, որ իր համար անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու Կառավարության տրամաբանությունը։ Ռոբերտ Քոչարյանը նաև կասկածի տակ էր առել հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալումը՝ լեգիտիմության առումով, ապա՝ մինչև 2043 թվականը մենաշնորհի բացառիկ պայմանները ծայրահեղ խոցելի համարել։ – Պարո՛ն Մովսիսյան, Ռոբերտ Քոչարյանը մեղադրել է գործող իշխանություններին գազի իրական գինը թաքուն պահելու և դրա հետևանքով պարտք կուտակելու մեջ: Ինչպե՞ս կպատասխանեք այդ մեղադրանքին: – Գիտե՞ք, ես իմ կյանքում շատ բանակցությունների եմ մասնակցել. չեմ հիշում որևէ դեպք, երբ բանակցության մանրամասները նախ հրապարակավ քննարկվեն, հետո կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Համաձայնեք, անհեթեթ իրավիճակն անխուսափելի կլինի: Հիմա կոնկրետ այս բանակցությունների մասին: Սկսած 2010թ. մենք պարբերաբար հայտարարել ենք, որ բանակցություններ են ընթանում «Գազպրոմ»-ի հետ գազի գնի, ինչպես նաև գնագոյացման սկզբունքների վերաբերյալ: Ցանկանում եմ հիշեցնել, որ ռուսական կողմի հետ ձեռք էր բերվել համաձայնություն, որ անկախ «Գազպրոմ»-«ՀայՌուսգազարդ» առևտրային հարաբերություններից, գազը շարունակվում է ՀՀ-ում իրացվել սահմանի վրա 180 ԱՄՆ դոլար հաշվարկից ելնելով՝ մինչև բանակցությունների ավարտը և վերջնական մոտեցումների փոխհամաձայնեցումը: Կար պայմանավորվածություն, որ վերջնական համաձայնության գալուց հետո՝ ելնելով դրանց արդյունքներից պետք է լուծել այդ ընթացքում առաջացող հնարավոր պարտքի խնդիրը: Բանակցությունները տևեցին շուրջ 3 տարի և այդ ընթացքում գների տարբերությամբ պայմանավորված ձևավորվեց շուրջ 300 մլն դոլար պարտք: Սակայն, հաշվի առնելով ավելի երկարատև ժամանակաշրջանի համար գազի գնի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև գազի գնի բանաձևի կապվածությունը ՌԴ ներքին գների հետ, հայկական կողմը համաձայնվեց պարտքի մոտ կեսի վճարման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկությանը, ինչը մեզ համար չափազանց ընդունելի տարբերակ էր: Ցանկանում եմ նաև ավելացնել, որ պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված գույք-պարտքի դիմաց գործարքից այս գործարքը մեղմ ասած շահեկանորեն տարբերվում է: Տարբերվում է ոչ միայն նրանով, որ գոյացած պարտքի կեսն իր վրա վերցրեց ռուսական կողմը, կամ նրանով, որ երկարատև ժամանակահատվածի համար գազի գնի կանխատեսելի լինելը լուրջ ձեռքբերում է տնտեսության մեջ ներդրումների խթանման համար, այլ որ սա իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետևից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների:   Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Անկախ

Ըստ Սուրեն Սուրենյանցի` ԱԺ պատգամավորը հարվածել է իրեն

Վահան ԿարապետյանսուրենյանցՀՀ հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ քաղաքացի Սուրեն Սուրենյանցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ս. Սուրենյանցի ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում տված հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լենինգրադյան 25 հասցեում գտնվող «Չերրի» հյուրանոցային համալիրի համարներից մեկում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է իր դեմքին` ձախ աչքի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տված բացատրությունում Սուրեն Սուրենյանցը հաստատել է իր հաղորդման մեջ հայտնած հանգամանքները` նշելով, որ ԱԺ պատգամավորի կողմից իր նկատմամբ բռնի գործողություն կատարելու հետևանքով իրեն պատճառվել է մարմնական վնասվածք ու ֆիզիկական ցավ, ինչի կապակցությամբ բողոք է ներկայացրել Վահան Կարապետյանի դեմ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

«Բարև Երևան». 10 դատավոր փաստում է, որ Հայաստանում արդարադատություն չկա

«Բարեւ Երեւան»Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը Անկախին տեղեկացնում է, որ ստացել է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013թ. երկու որոշումները՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ. եւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.11.2013թ. որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով «Բարեւ Երեւան» խմբակցության զույգ վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին:

 

«Բարեւ Երեւան» խմբակցությունն արձանագրում է, որ հասարակության օրինական շահերը պաշտպանելու իր պարտականությունը եւ ավագանու խմբակցությանը օրենսդրորեն վերապահված իրավունքը չի կարողացել իրացնել դատական համակարգի իսպառ բացակայության ու կոռումպացվածության պատճառով, որի մասին տարեվերջին վկայեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանն իր արտահերթ զեկույցում:

 

Արձանագրում ենք, որ Վարչական դատարանը երկու անգամ՝ 14.08.2013թ. եւ 24.09.2013թ. անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է վարույթ ընդունել «Բարեւ Երեւան» խմբակցության հայցադիմումները եւ դրանք ետ է վերադարձրել:

 

ՀՀ վարչական դատարանը թեպետ հայտնել է, թե վարույթ է ընդունել նույն խնդրով «Բարեւ Երեւան» խմբակցության երկու վերաքննիչ բողոքները, սակայն դատաքննություն եւ արդարադատություն փաստացի չի իրականացրել եւ 11.11.2013թ. որոշումներով կրկին մերժել է բողոքները:

 

ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես 27.12.2013թ. որոշել է քննության չառնել երկու վճռաբեկ բողոքները ու դրանք ետ է վերադարձրել:

 

Այդպիսով, ՀՀ դատական ատյաններից ոչ մեկը արդարադատություն չի իրականացրել, միասնաբար խախտել են մասնավորապես Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները՝ հանրությանը, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությանը զրկելով դատարանի հասանելիությունից:

 

«Բարեւ Երեւան» խմբակցությունը սույն ակնհայտ փաստի վրա է հրավիրում ՀՀ արդարադատության խորհրդի ուշադրությունը եւ պահանջում կարգապահական վարույթ հարուցել այս գործով որոշումներ արձակած ու դատական հասանելության սկզբունքը խախտած բոլոր դատավորների՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Ե.Խունդկարյանի /նախագահող դատավոր/, Ե.Սողոմանյանի, Վ.Աբելյանի, Վ.Ավանեսյանի, Մ.Դրմեյանի, Գ.Հակոբյանի, Է.Հայրիյանի, Տ.Պետրոսյանի հանդեպ:

 

«Բարեւ Երեւան» խմբակցությունը սույն աղաղակող փաստի վրա է հրավիրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը, ով բուռն քննադատության թիրախ դարձավ իր հրապարակած արտահերթ զեկույցի գնահատականների համար, ինչպես նաեւ՝ ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունը, ով պահանջեց դատարանների կոռումպացվածության վերաբերյալ գեթ մեկ փաստ տրամադրել:

 

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցով «Բարեւ Երեւան» խմբակցությունը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի իր ձեռնարկելիք քայլերի մասին:

 Անկախ

 

Միքայել Մանուկյանը` Ազգային ժողովի պատգամավոր

կըհԿԸՀ-ից Անկախին հայտնում են, որ այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամայիս Թեմուրի Գրիգորյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Վաղինակի Մանուկյանին տալու վերաբերյալ:

 

 Անկախ

 

 

 

 

 

 

 

ՀՀԿ. Քոչարյանի հայտարարությունները անցյալում մնացած քաղաքական գործչի ժամանակավրեպ վերլուծություններ են

Էդուարդ ՇարմազանովԵրկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով: Այդ մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:

«ՀՀԿ-ի համար քաղականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է,  բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով, իսկ վիրավորական տոնայնությունը խոսում է փաստերի բացակայության մասին: Քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որեւէ քաղաքական գործչի, առավել եւս պաշտանթող նախագահին»,- արձանագրել է Շարմազանովը:

Վերջինիս կարծիքով, Քոչարյանի վերլուծություններն ընդամենը անցյալում  մնացած քաղաքական գործչի ժամանակավրեպ վերլուծություններ են:

Շարմազանովը գազային համաձայնագրերի մասով էլ նշեց. «Հանրապետականը  վճռական է իր ծրագրերում: Ռուսաստանի հետ վերջերս ստորագրված գազային եւ նավթային պայմանագրերի մասին բազմիցս խոսվել է պառլամենտում եւ պառլամենտից դուրս: Ի տարբերություն քաղաքական շատ գործիչների, մենք իրականացնում ենք քայլեր, որոնք պետք է դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա եւ դրանք բխում են մեր քաղաքացիների շահերից»:

Անկախ

Հայաստանի տնտեսության զարգացումը կախված է փակ սահմանների բացումից. Թոմաս դե Վալ

 Թոմաս դե Վալ«Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վալը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությանը երկարաժամկետ առաջընթաց չի սպասվում այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացվել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները և Հայաստանը չի վերածվել տարածաշրջանային շուկայի, ենթակառուցվածքքային և կոմունիկացիոն խաչմերուկի: «Ինչ վերաբերում է կարճաժամկետ հեռանկարներին, ապա խնդիրը գոյություն ունեցող պոտենցիալը առավելագույնս օգտագործելն է: Օրինակ՝ կարելի է մի քանի խոշոր օլիգարխների ստիպել հարկ վճարել, իրենց շահույթից մաս հատկացնել պետությանը, զբաղվել փոքր ձեռնարկատիրությունների զարգացմամբ, վերացնել մոնոպոլիան: Սակայն սա նաև կապված է քաղաքական հարցերի հետ, քանի որ խոսքը իշխանությունների ընկերների, բարեկամների, քաղաքական վստահելի հենարանի մասին է»,-նշել է դե Վալը:

Բրիտանացի վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի բոլոր նախագահները մանևրելու սահմանափակ հնարավորություն են ունեցել, և հենց դրա շնորհիվ է, որ Ռուսաստանն ու արտաքին մյուս դերակատարները ճնշման լծակներ ունեն հայկական իշխանությունների վրա:

 

 Անկախ

ՀՅԴ համամասնական ցուցակից ԿԸՀ-ն ստացել է մեկ ինքնաբացարկի դիմում

ԿԸՀԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ին կայանալիք նիստում կկազմի ԱԺ համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Վահան Հովհաննիսյանի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու վերաբերյալ արձանագրություն:    Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է  ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Ըստ նրա, ԿԸՀ-ն առայժմ ստացել է ինքնաբացարկի մեկ դիմում՝ Արամայիս Գրիգորյանից: Վերջինս  2013թ. հոկտեմբերի 10-ին ստանձնել է Արարատի մարզպետի պաշտոնը:   Ինչպես հայտնեցին ՀՅԴ խմբակցությունից, կուսակցությունը առայժմ չի քննարկել խմբակցության կազմը համալրողի թեկնածության հարցը:    Նշենք, որ այս պահին ցուցակում հերթական հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ Միքայել Մանուկյանն է, ով նախորդ գումարման ԱԺ-ի ՀՅԴ խմբակցության անդամ էր:     Հիշեցնենք, որ Վ.Հովհաննիսյանը ՀՀ Նախագահի դեկտեմբերի 28-ի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Անկախ

Ռուբեն Հակոբյանի պատասխանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Ռուբեն-Հակոբյան1Պտգամավոր Ռուբեն Հակոբյանը Անկախին հայտնեց  հետևյալը,-” Առավոտ կանուխ տարբեր լրատվամիջոցներից բազմաթիվ հեռախոսազանգեր էին հնչում՝ պրն. Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցին անդրադառնալու խնդրանքով: Խոստացա ծանոթանալ եւ պատասխանել: Քիչ առաջ կարդացի հարցազրույցը, եւ, որպեսզի առանձին-առանձին նույն պատասխանը տարբեր լրատվամիջոցներին չփոխանցեմ, որոշեցի համառոտ ներկայացնել իմ մոտեցումները այդ հարցազրույցի վերաբերյալ.
1. Կողմնակից եմ պրոֆեսիոնալ եւ քաղաքակիրթ մատուցմամբ ցանկացած բանավեճի, առավել եւս, եթե դրանք վերաբերում են մեր պետության կենսական խնդիրներին, ինչն առկա է այս հարցազրույցում: Այս դեպքում, հատկապես ասելիքի մատուցման առումով, հարցազրույցը շահեկանորեն տարբերվում է Ռ. Քոչարյանի մյուս անդրադարձներից:

2.Ըստ էության, պրն. Քոչարյանի մոտեցումները հիմնականում շարունակում եւ լրացնում են ԱԺ-ում քննարկումների ժամանակ ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցրած գնահատականներին: Այլ խոսքով՝ պրն. Քոչարյանը իր այս հարցազրույցով ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը այս կարեւորագույն խնդիրների հարցում:

3.Չեմ կարծում, որ որեւէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծանրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի կառավարության մեջ: Անշուշտ, կառավարությունը ստեղծված իրավիճակի կարեւոր պատասխանատուններից է, բայց ոչ հիմնականը: Ի դեպ, կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ իմ ելույթում պրն. Տ Սարգսյանին եւ ամբողջ կառավարությանը առաջարկեցի հրաժարական տալ, հիմնավորելով, որ երկու տասնամյակ շարունակ ձեւավորված այս հակահամակարգին պայմաններում, անհնար է որեւէ իրական ծրագիր իրականացնել, անկախ նրանից՝ ով է վարչապետը, կամ ովքեր են կառավարության անդամները: Խնդիրը ձեւավորված հանակարգի մեջ է, որը միանձնյա ղեկավարում է ՀՀ նախագահը”:

Անկախ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

շավարշ քոչարյան Հարց.

– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հունվարի 9-ի ելույթում Ադրբեջանի նախագահի այն պնդումները, թե համաձայն թվերի` Հայաստանը զիջում է Ադրբեջանին բոլոր բնագավառներում, ինչը վճռական դեր կկատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում:

 

Պատասխան.

– Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն է Ադրբեջանի կողմից խնդրի էության նենգափոխմամբ ինքնորոշման իրավունքի ժխտումը, հայատյաց քարոզչությունը և պատերազմի վերսկսման սպառնալիքները: Սա հերթական անգամ արտահայտվեց Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում: Նա կարող էր էլ ավելի տպավորիչ թվեր հնչեցնել` համեմատվելով Արցախի Հանրապետության հետ: Սակայն նա խուսափում է դրանից, քանի որ չի մոռացել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում, ի հեճուկս թվերի, հենց Արցախից կրած պարտության մասին, և քաջ գիտակցում է, որ նոր արկածախնդրությունը կհանգեցնի նոր պարտությունների:

 

Լեհ փորձագետ. Եվրամիության «Արեւելյան գործընկերությունը» ավարտվեց լիակատար տապալումով

Մատեուշ ՊիսկորսկիԵվրամիության «Արեւելյան ործընկերության» ծրագիրը 2013-ին լիակատարտապալումով ավարտվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մատեուշ Պիսկորսկին:

Ըստ նրա` այդ նախագծի գլխավոր նպատակն էր չեզոքացնել հետխորհրդային տարածքում ԵՄ-ին այլընտրանք հանդիսացող ինտեգրացիոն նախագծերը: Ծրագրի հիմնական կողմնակիցներն `ին Եվրոպայի այն քաղաքական շրջանակները, որոնք սերտորեն կապված էին ԱՄՆ հետ ու ձգտում էին վերջինիս շահերի իրագործմանը: «Ճիշտ է, Հայաստանը հիմնականում աշխարհագրական-ռազմավարական իրադրությունում ու իրեն շրջապատող երկրների ռազմատենչ հայտարարություններից դրդված արեց իր առաջին քայլը: Այսպիսով` Հայաստանը հասկացրեց մյուս բոլոր խաղացողներին, որ ԵՄ-ն ու արեւմտյան ինտեգրացիոն նախագծերն այլընտրանք ունեն` այն է եվրասիական բլոկի մեծ ու ամբիցիոզ նախգիծը»,-ընդգծել է լեհ փորձագետը:

Նրա համոզմամբ` Ուկրաինայի որոշումը կապված էր տնտեսական ու քաղաքաակն բնույթի ընթացիկ խնդիրների հետ: «Եթե այդ խնդիրները հանգեցնեն պետական հեղաշրջման ու իշխանափոխության, այն ժամանակ ԵՄ-ն կկարողանա վերադառնալ բանակցություններին, սակայն պայմանով, որ կապահովի երկրի տնտեսական գոյատեւումը: Իսկ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, դա երաշխավորել չի կարողանա»,-ընդգծել է Պիսկորսկին` հավելելով, որ Ռուսաստանն այժմ ունի պատմական հնարավորություն` ստեղծելու ինտեգրացիոն տարածություն, որին հետագայում կարող են միանալ շատ երկրներ, եթե հաջողվի ստեղծել կառավարման արդյունավետ համակարգ: Եթե ամեն ինչ ստացվի, ապա այդ գաղափարը կարող է նույնքան գայթակղիչ դառնալ, որքան ժամանակին ԵՄ-ն:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

 

«Մենք արժանի ենք ավելի լավ կյանքի, ավելի համերաշխ հասարակության, ավելի արդար պետության». Արծվիկ Մինասյան

44393435d5a10a37265780c2c205b5f1ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ֆեյսբուքում գրել է.

“Սիրելի հայրենակիցներ,

Ավարտվում է 2013 թվականը: Այն հեշտ տարի չէր մեր պետականության և հասարակության համար: Տարվա ընթացքում տեղի ունեցած նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները ցավալիորեն չբարձրացրեցին հանրության վստահության աստիճանը ընտրական և պետական իշխանության համակարգերի նկատմամբ:
Դժգոհության և հուսահատության այդ միջավայրում հանրությունը դեռ պետք է առնչվեր երկրի ներքին կյանքին վերաբերող Երևանի հասարակական տրանսպորտի գնի բարձրացման հայտարարությանն ու որոշման կայացմանը, գազի և էլեկտրաէներգիայի իրողություն դարձած սակագների աճին, կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 2014 թվականից ներդնելու իշխանության կարծրացած վարքագծի դրսևորմանը, բազմազավակ հայորդու, արցախյան հերոսի, համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանությանը, բազմաթիվ հանցագործությունների, իսկ տարվա ավարտին՝ նաև Հայաստանի անունից որևէ ողջամիտ բացատրություն չունեցող «ՀայՌուսգազարդի» քսան տոկոսը կազմող բաժնետոմսերի անտրամաբանական առուվաճառքի պայմանագրով համաժողովրդական սեփականության օտարմանը, մի քանի հարյուր միլիոն դոլարների երկրի պարտքի առաջացմանը և էլի մի շարք մեծ ու փոքր բացասական դրսևորումների:

Եթե մեկ տարվա ընթացքում կատարված այս ամենը դիտարկենք նաև հանրության ու պետության շարունակվող սոցիալ-տնտեսական համատարած աղքատացման, ստի ու կեղծիքի տարածման գործելաոճի, արդարության (արդարարադատության) ու ապագայի նկատմամբ վստահության բացակայությամբ ուղեկցվող զանգվածային արտագաղթի լույսի ներքո, ապա վստահաբար կարող ենք պնդել, որ որևէ այլ երկում նմանատիպ իրավիճակը հավանաբար կհանգեցներ հանրության դիմադրողականության (իմունային համակարգի) և պետականության վերջնական կործանման:
Սակայն մեր հանրության մեջ առկա պայքարի ոգին, չընկճվելու վճռականությունը, սեփական ուժերի նկատմամբ հավաքական հույսն ու հավատը թույլ են տալիս հաստատելու, որ մենք արժանի ենք ավելի լավ կյանքի, ավելի համերաշխ հասարակության, ավելի արդար պետության:
Անցնող տարվա ընթացքում մենք փորձեցինք երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին բարձրաձայնել, կազմակերպվել ու համատեղ պայքարով առաջարկել համալիր ծրագրեր (արտագաղթի տեմպերի նվազեցման ծրագիր, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու առաջարկներ, անբարենպաստ օրենքները փոփոխելու օրենսդրական առաջարկներ և այլն), որոնք ցավալիորեն չգիտակցվեցին ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակական-քաղաքական դաշտի շատ մասնակիցների կողմից:
Ասվածը ամենևին չի նշանակում, որ ես անցնող տարվա մեջ միայն բացասականն եմ տեսնում, ոչ, եղան նաև դրական քայլեր, օրինակ համաներումը: Սակայն ինձ ավելի շատ ոգևորում է հանրության մի ստվար հատվածի կամքը պայքարելու արժանապատիվ կյանք ձևավորելու հարցում:
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի ներդրման դեմ ձևավորված և դեռ ընդլայնվող շարժումը վստահաբար լինելու է մեր երկրում իրական փոփոխություններ բերող հասարակական-քաղաքական շարժումը:
Իսկապես հիանալ ու հպարտանալ է պետք այն մարդկացով, հատկապես երիտասարդներով, ովքեր սկզբունքային պայքար են մղում պարտադրվող այս համակարգի դեմ: Դեռ հազարավոր քաղաքացիներ էլ, չկարողանալով դուրս գալ փողոց, օրինակ տասնյակ հազարավոր քաղաքացիական, պետական և համայնքային ու հանրային այլ ծառայողներ, ամբողջությամբ կիսում են ակտիվ պայքարողների տեսակետները:
Սա լավ առիթ է մեր պայքարը հավատով, վստահությամբ և սիրով մինչև վերջ տանելու համար:
Ի դեպ, դրա լավագույն օրինակներից մեկն էլ Անալիտիկ կենտրոնի կողմից կազմակերպված լավագույն պատգամավորի քվեարկությունն էր: Ես գիտեմ, որ այդ քվեարկության արդյունքով ինձ կողմ քվեարկած հազարավոր ձայների մեծագույն մասը պատկանում է հենց այս պայքարի ջատագովներին, ում էլ ես նվիրում եմ լավագույնը լինելու մրցանակը:
Դուք բոլորդ, սիրելի ընկերներ, լավագույն եք, և այդ մրցանակը Ձեզանից յուրաքանչյուրինն է:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Անալիտիկ կենտրոնին՝ օբյեկտիվ կեցվածքի համար, Ձեզանից յուրաքանչյուրին այդ քվեարկությանը ակտիվ մասնակցելու համար և արձանագրում, որ եթե մենք նույն վճռականությամբ շարունակենք պայքարը, կունենանք նաև մեր ցանկալի արդյունքը:
Մեր առջև դեռ Սահմանադրական դատարունում դատաքննությունն է, որի հաջողությունը նաև մեծապես կապված է հասարակության պայքարի պատրաստվածության աստիճանից: Մեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել այս պայքարի դրական ելքին, միայն թե դրա համար պետք է պատրաստակամ լինի: Ես պատրաստ եմ և գնալու եմ մինչև վերջ:
Գուցե շատ երկարեց խոսքս, բայց վստահ եմ, որ հաջորդ տարում մենք կարող ենք միասին արձանագրել երկրի կյանքում դրական փոփոխություններ և հիմք դնել արժանապատիվ ապրելու համակարգի ձևավորմանը:
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, պետությանս արժանապատվություն, յուրաքանչյուրիդ առողջություն, հույս, հավատ, սեր և վճռականություն եմ մաղթում”,-գրել է պատգամավորը:

«Մի շատ կարևոր գույն, տեսակ խորհրդարանում այլևս չի լինի». Սամվել Ֆարմանյանը` Վահան Հովհաննիսյանի մասին

WIlEVh9urPlZ3ZXQcYLTcJsD0IԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր ընդդիմադիր գործընկերոջը` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին Նախագահի հրամանագրին: Նա մասնավորապես գրել է.

“Այսօր հրապարակվեց Նախագահի հրամանագիրը Վահան Հովհաննեսյանին ԳԴՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

Առանց չափազանցության, պարոն Հովհաննեսյանը իր պատկառելի գիտելիքներով, միջազգային հարաբերությունների փայլուն իմացությամբ, քաղաքական խարիզմայով, կապերով ու հարուստ կենսափորձով պատիվ կբերեր աշխարհի ցանկացած երկրի դիվանագիտական կորպուսի: Կասկած չկա, հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր երկրի շահերը ԵՄ-ի սրտում կհետապնդվեն առավելագույնս: Ես ամենայն բարիք եմ մաղթում դեսպան Հովհաննեսյանին:

Մյուս կողմից, այս նշանակմամբ խորհրդարանն աղքատացավ, մի շատ կարևոր գույն, տեսակ խորհրդարանում այլևս չի լինի, վախենամ՝ ընդմիշտ”,-գրել է :