Ինչո՞ւ գնել, եթե կարելի է վաստակել վստահությունը

ընտրություն15Անզեն աչքով էլ կարելի է նկատել, թե վերջին շաբաթներին ինչպես են Երևանում աշխուժացել բարեկարգման-շինարարական աշխատանքները, ինչպես են աշխույժ «ճիմապատվում» քաղաքի տարբեր տարածքները, ինչպիսի ծաղիկներ են ցանվում: Նույնիսկ մայրաքաղաքի հեռավոր արվարձաններում բարեկարգվում են փողոցները. նեղերը ավելի են լայնացվում, լայները` գեղեցկացվում, փոխվում են մայթերի` ընդամենը երկու տարի առաջ փոխված եզրաքարերը, ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել անգամ այնպիսի խուլ փողոցներում, ինչպիսին, օրինակ` Արարատյան զանգվածի ոլոր-մոլոր, վերջին 5-10 տարում ասֆալտի ու ասֆալտապատողի երես չտեսած փողոցներն ու մայթերը:

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլը դեռ չսկսված` Ավանում` մեր բակում, վարչական շրջանի ղեկավարությունը որոշեց քանդել դեռևս խորհրդային տարիներից կառուցված արգելապատը` որը բակն անջատում էր դիմացի այգուց և ավելի բարձր դիրք էր զբաղեցնում բակի նկատմամբ, որպեսզի այնտեղից հողը, ջրերը չհոսեին դեպի բակ: Այդ արգելապատը, արդարության համար պետք է նշենք, իրոք բավականաչափ նեղացնում էր բակի երթևեկելի հատվածը ու մեքենաների տեղաշարժին էականորեն խանգարում էր: Բայց արդեն մի քանի տասնամյակ քաղաքացիներին խանգարող արգելապատը քանդելու և ճանապարհը լայնացնելով` նոր արգելապատ կառուցելու աշխատանքները «պատահաբար» համընկան «Ավելի լավ» երևանի քարոզչության շրջանին: Ու երբ քաղաքային իշխանությունների քարոզչապաստառին կարդում ենք «Ավելի լավ Երևան», արդեն մտածելու տեղիք է տալիս. Այսինքն` ստացվում է, որ մեր փողոցի` վերջին 30-40 տարիներին լայնանալու կարիք ունենալը լավ էր, բայց որ հենց նոր հիշեցին ավելի լայն փողոցի մասին` դա ավելի լավն է նախանշում, որ երբ սիզամարգերում «տնկվում են» տարբեր գույների արհեստաան ծառեր, լավ է, իսկ որ Երևանը այսօր կանաչապատման և ծառերի լուրջ կարիք ունի, ինչի մասին բազմիցս ահազանգվել է, նույնիսկ հենց քաղաքապետարանի կողմից` ավելի լավն է նախանշում:

ՀՀԿ-ական, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որ օրերս Տարոն Մարգարյանի քարոզարշավի շրջանակներում ուղեկցում էր  նրան, երբ լրագրողները  հարցնում են,  թե ինչու է բակը ասֆալտապատվել հենց ընտրություններից առաջ և ոչ նախկինում, Սահակյանն արձագանքում է. «Բա ձմեռը անեի՞նք»: Բայց դե ասֆալտապատելու համար  առնվազն մի 3 տարի ժամանակ  եղել է: Առհասարակ քաղաքային, գյուղական  իշխանությունները աշխարհի բոլոր երկրներում, բոլոր քաղաքական ռեժիմների պայմաններում,  բոլոր գաղափարախոսական ազդեցությունների ներքո, բացի այլ գործառույթներից, մեկ ընդհանուր նպատակ ու նշանակություն ունեն` զբաղվել տվյալ համայնքի հարցերով, լինեն դրանք կառուցապատման, բարեկարգման, կանաչապատման, աղբահանության, տրանսպորտի թե մեկ այլ բնույթի: Այ դա, ինչպես կնշեր Արման Սահակյանը, քաղաքային իշխանությունների «սուրբ պարտականությունն» է:

Ու եթե ընդամենը մեկ-երկու ամսում Երևանում հնարավոր է կատարել այնպիսի լայնամասշտաբ աշխատանքներ, ինպիսիք այս օրերին են ընթանում, մի հարց է առաջանում` իսկ ի՞նչն էր խանգարում ձեզ, պարոնայք, անցած 4 տարիներին այդպես մեծ թափով լավ ու դրական աշխատանք կատարել:

Ինչևիցե` արդեն սկսվել են ահազանգերը.  որ այս կամ այն հիմնարկում անձնագրեր են հավաքում, մարդկանց շրջաններից բերում ու գրանցում են Երևանում ու մտցնում ընտրողների ցուցակ, որ նրանք ընտրեն հայտնի թեկնածուին, մարդկանց վախեցնում են, հոգեբանական տեխնոլոգիաներ կիրառում նրանց նկատմամբ, փողի խոստում են տալիս, աշխատանք են խոստանում, մեկի տանիքն են վերանորոգում, մյուսի բակն են ասֆալտապատում, մեկ ուրիշին շենքի պատի մեջ նոր լուսամուտ բացելու թույլտվություն են տալիս և այլն, և այլն: Միջոցներն ու տեխնոլոգիաները` «տոկոս խփելու» համար, այսպես ասած, տաբեր են ու բազմապիսի:

Ու տրամաբանական հարց է առաջանում` եթե այսքան ջանք ու եռանդ չխնայեին իրոք հանուն բարօրության, այսքան միջոցներ ներդրվեին օրինական, առողջ միջավայրում աշխատելու համար, մի՞թե ավելի լուրջ արդունքների չէին հասնի:

Առհասարակ, նորմալ քաղաքական ու հասարակական հարաբերություններ ունեցող երկրներում մարդկանց ընտրում կամ չեն ընտրում իրենց կատարած կամ չկատարած աշխատանքների համար: Այսինքն` աշխատել ես պաշտոնավարմանդ ժամանակ, ուրեմն կվաստակես բնակիչների վստահությունը, չես աշխատել` վստահության քվե ստանալու հույս անգամ չունենաս:

Եթե վերջին երկու ամսում Երևանում «նախընտրական շինարարության», ասֆալտապատման, կանաչապատման և այլ աշխատանքների ծավալները համաչափ բաշխվեին գործող քաղաքային իշխանությունների պաշտոնավարման տարիների վրա, բնակիչները գոհ կլինեի՞ն այդ իշխանությունների աշխատանքից, այո, այդ աշխատանքները աչք կծակեի՞ն նախընտրական փուլում, ոչ: Թե չէ ստացվում է, որ  և՛ կատարում են այն աշխատանքները, որ պետք էր ու ի վիճակի էին կատարել, և՛ դրանք ժամանակին չկատարելու համար ստիպված են վաստակել ժողովրդի դժգոհությունը, կուլ տալ քաղաքական հակառակորդների  լուտանքներն ու քննադատությունը: Այսինքն` այսպես թե այնպես անում են այն, ինչ պետք է անեին, բայց արդեն ստիպված են նաև մարդկանց վստահության քվեն «գնել»` բառի բուն իմաստով:

 

 

                                                                             

 

Երևանը առաջիկա 4 տարիներին` ըստ քաղաքական ուժերի պատկերացումների

qaxaqakanԵրևանի քաղաքապետի աթոռի համար թեժ մրցապայքար է ծավալվել. մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններից առաջ քարոզարշավը և պայքարը երևանցիների քվեների համար եռում է: Յոթ քաղաքական ուժերը հնարավոր բոլոր միջոցներով երևանցիներին են ներկայացնում  մայրաքաղաքի ապագայի իրենց տեսլականը:

«Անկախը» կփորձի ծաղկաքաղ անել քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից` ներկայացնելով նրանց հիմնական մոտեցումներն ու առանցքային դրույթները:

Նշենք, որ  բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն ունեն ընդհանուր դրույթներ, օրինակ` գրեթե բոլորն էլ խոստանում են ավելացնել կանաչապատ տարածքների մակերեսը, մետրոպոլիտենի կայարանների թիվը, բարելավել ջրամատակարարման որակը, տրանսպորտը հասանելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց:

Այսպես, ՀԱԿ-ն ընտրություններին մասնակցում է «Իշխանությունը` քաղաքացուն» կարգախոսով,  ցուցակը գլխավորում է Վահագն Խաչատրյանը:

«Հաղթելով Երևանում, մենք ճանապարհ կբացենք Հայաստանի ամբողջ իշխանությունը կարճ ժամկետում իր տիրոջը` ժողովրդին վերադարձնելու համար»,- ասվում է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում:

Այն  երկու մասից է բաղկացած: Առաջինը քաղաքական ծրագիր է, երկրորդը՝  Երևանի զարգացման ծրագիրը: Ծրագրի երկրորդ մասն ուշագրավ է նրանով, որ մանրակրկիտ, ոլորտ առ ոլորտ ներկայացնում է կուսակցության անելիքները` բաց չթողնելով ներկայում արդիական որևէ խնդիր:

Ըստ քաղաքական ծրագրի` Երևանում իշխանության գալու դեպքում ՀԱԿ-ը նախատեսում է «Սահմանադրական դատարան դիմելու միջոցով վերացնել  Երևանի մասին օրենքով սահմանված` Սահմանադրությանը և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային հակասող դրույթները. մասնավորապես կբացառվի ՀՀ կառավարության կողմից Երևանի ավագանին լուծարելու հնարավորությունը, Երևանի բյուջեի որոշ ծախսերի ուղղությունները բացառապես կառավարության կողմից սահմանելը, Երևանի վարչական շրջանի ղեկավարներին տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ վերապահելն ու համայնքային սեփականությունը տնօրինելը»:

Համաքաղաքային նշանակություն ունեցող խնդիրների լուծման նպատակով  ՀԱԿ-ը նախատեսում է  համաքաղաքային հանրաքվեներ անցկացնել: Նաև նախատեսում է Երևանում ստեղծել  կաբելային հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները։

Անդրադառնալով Երևանի ապագային՝  ՀԱԿ-ը խոստանում է քաղաքացիներին հնարավորություն ընձեռել առցանց հետևելու  բյուջեի ծախսերին ու մուտքերին, ստեղծել  կանաչ գոտիների և պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող մշտական դիտորդական խումբ, որի իրավասությունները կսահմանվեն  իրավական ակտով:  Տրանսպորտի ոլորտում ուշագրավ է  մետրոպոլիտենի Բարեկամություն-Աջափնյակ հատվածի կառուցումն ավարտելու և  Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս – Մալաթիա – Չարբախ երթուղու կառուցման խոստումը:

Բնապահպանության ոլորտում  ՀԱԿ-ը խոստանում է  միջոցներ ձեռնարկել`  վերականգնելու և ավելացնելու Երևանի կանաչապատ տարածքները` զանգվածային ծառատունկերի, նոր պաշտպանիչ անտառաշերտերի հիմնման միջոցով: «Կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան կներառվի առնվազն 200 հեկտար` Երևանի կանաչ տարածքներն աստիճանաբար հասցնելով սահմանված չափանիշներին: Կվերականգնվի բուսաբանական այգին` իր ենթակառուցվածքներով: Պատշաճ ուշադրության կարժանանա Երևանի կենդանաբանական այգին: Կվերականգնվեն կանաչ գոտիները, այդ թվում` սիզամարգերը, կկատարվի դրանց գույքագրումը և դասակարգումը ըստ գործառնական նշանակության: Այգիներում և պուրակներում կբացառվի կապիտալ շինություններ կառուցելը»,- ամրագրված է ծրագրում:

Նախատեսվում է բազմազավակ ընտանիքների համար տրամադրել  ամսական հավելավճարներ և տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցում, երկարատև խնամքի կարիք ունեցող և քրոնիկ հիվանդների համար ստեղծել  հատուկ հաստատություններ ու ցերեկային խնամքի կենտրոններ, երիտասարդների համար կառուցել թաղամասեր և այլն:

ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցում է «Երևան, փոխիր Հայաստանը» կարգախոսով: Կուսակցության ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը:

«Մեր ծրագրերը համարձակ են, հավակնոտ, միաժամանակ` ծանրակշիռ ու իրատեսական: Մենք խոստումներ չենք շռայլում, մենք լուծումներ ենք առաջարկում»,- ասում է ՀՅԴ-ն ու կետ առ կետ ներկայացնում իր պլանները:

Կառավարման համակարգում, օրինակ, ՀՅԴ-ն մտադիր է ստեղծել Երևանի բյուջեի նկատմամբ հսկողություն իրականացնող ավագանու վերահսկիչ մշտական հանձնաժողով` ղեկավարումը տալով ընդդիմությանը, ներգրավելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների:  Կուսակցությունը խոստանում է ապահովել Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը, ընդլայնել վարչական շրջանի աշխատակազմի լիազորությունները, գործելու իրական դաշտ տալ նրանց,   փոքր կենտրոնում արգելել բնակարանային շինարարությունը, դադարեցնել մայրաքաղաքի կառուցապատման լոկալ սկզբունքը, Երևանը մաքրել ապօրինի և ինքնակամ շինություններից, ընդլայնել բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, հաստատել ձեղնահարկերի միասնական նախագծեր, սահմանել քաղաքաշինական, ազգային ճարտարապետական-մշակութային հատուկ պահպանության գոտիներ, քաղաքաշինական գործունեության ընթացքում ապահովել հասարակայնության իրազեկության և մասնակցության գործուն մեխանիզմներ, մինչև 2017 թ. առնվազն կրկնապատկել կանաչ տարածքներն ու ջրային մակերեսները, կառուցել մետրոպոլիտենի նոր երթուղիներ և կայարաններ:  Ծրագրով նախատեսվում է նաև արդիականացնել տարեցների խնամքի հաստատությունների, տնային պայմաններում խնամքի կազմակերպման համակարգը, ձևավորել ծերապարտեզների ցանց, մեծացնել երեխաների ընդգրկվածության աստիճանը նախադպրոցական հաստատություններում, ակտիվ քաղաքականություն իրականացնել երիտասարդների զբաղվածության ապահովման ուղղությամբ և այլն:

«Առաքելություն»  կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով» և «Երևան՝ մեր առաջին առաքելություն» կարգախոսներով: Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը:

Կուսակցությունը Երևանը տեսնում է որպես քաղաք, որի բնակիչները կունենան բարեկեցիկ, անվտանգ կյանք, քաղաք, որի այցեքարտը կլինեն հարմարավետությունն և մաքրությունը:

Ըստ նախընտրական ծրագրի`  նախատեսվում է  կրկնակի նվազեցնել մետրոյով երթևեկության ուղեվարձը,  կառուցել մետրոպոլիտենի նոր կայարաններ, հասարակական տրանսպորտը մատչելի դարձնել հաշմանդամների համար, բոլոր վերելակները փոխարինել նորերով, վերանորոգել բազմաբնակարան շենքերի տանիքները, գետնանցումներն ու մայթերը, ապահովել բոլոր փողոցների գիշերային լուսավորությունը, հիմնել նոր անտառներ, բարեկարգել բուսաբանական այգին, կառուցել նոր առևտրային կենտրոններ, խիստ վերահսկողություն սահմանել պատմամշակութային շինությունների ճարտարապետական տեսքի պահպանման նկատմամբ և այլն:

ՕԵԿ-ի կարգախոսն է «Մենք կարող ենք ավելին», կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արմեն Երիցյանը: ՕԵԿ-ը խոստանում է ձևավորել «քաղաքացիների համար աշխատող իշխանություն»` նշելով, որ «երևանցիները պետք է համոզված լինեն, որ իրենց կարծիքը ոչ միայն «լսելի է,  այլև անպայման հաշվի է առնվելու»:

ՕԵԿ-ի ընդարձակ ծրագիրը, սակայն, այդպես էլ Երևանի հստակ տեսլական չի տալիս. կուսակցությունը խոստանում է գործող ինչ-ինչ կարգեր արդիականացնել, հստակեցնել, ստեղծել անհրաժեշտ միջավայր` ինչ-ինչ զարգացումներ ապահովելու համար, ամրապնդել օրինականությունը,  սակայն այդ ամենն այնքան անորոշ է ներկայացվում, որ ծրագիրն ընթերցելուց հետո այդպես էլ չես հասկանում` ընտրվելու դեպքում  ինչ են նախաձեռնելու, ինչից են սկսելու: Նման լղոզված ծրագրի պարագայում ցանկացած քայլ կարելի է ներկայացնել որպես ծրագրից բխող:  Ընդ որում, ՕԵԿ-ի ծրագիրն այնքան ընդհանուր է, որ մի փոքր շտկումներով կարելի է ներկայացնել նաև համապետական ցանկացած ընտրության ժամանակ որպես նախընտրական ծրագիր:

ԲՀԿ-ի նախընտրական կարգախոսն է «Սկսենք Երևանից» և «Փոխելու ենք»: Կուսակցության ցուցակը գլխավորում է Վարդան Օսկանյանը:

ԲՀԿ-ն նախատեսում է բացառել «Երևանի դեմքը աղճատող որևէ փոփոխություն և ապօրինի կառուցապատում»` նշելով, որ Երևանի գլխավոր հատակագծով սահմանված պահանջները պետք է լինեն պարտադիր բոլորի համար: Առաջարկում են  ամրացնել և վերականգնել 3-րդ աստիճանի վնասվածության բազմաբնակարանային շենքերը,  պարզեցնել կառուցապատման համար  ճարտարապետա-շինարարական փաստաթղթերի տրամադրման կարգը, ապահովել բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը, շքամուտքերում անվտանգության համակարգերի տեղադրումը, վերելակների անվտանգ շահագործումը: Բնապահպանության ոլորտում ԲՀԿ-ն առաջարկում է կանաչ տարածքներում միամյա  բույսերը փոխարինել բազմամյա կուլտուրաներով, զբոսայգիները վերակառուցել` դրանք առավել հարմարավետ դարձնելով բնակիչների հանգստի ու ժամանցի համար, արգելել կանաչապատ տարածքներում հիմնական շինությունների կառուցումը և այլն: Տրանսպորտի ոլորտում ԲՀԿ-ն առաջարկում է ավելացնել ավտոբուսների և տրոլեյբուսների թիվը, կառուցել մետրոպոլիտենի նոր կայարաններ. «Երևանը միայն Աբովյան և Թումանյան փողոցները չեն, որ  ցուցադրականորեն բարեկարգվում և ծաղկապատվում են: Երևանը պետք է զարգանա համաչափ: Հարավ-Արևմտյան թաղամասում կամ Նոր-Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածներում ապրող բնակիչը նույնպես պետք է իրեն հարմարավետ զգա իր քաղաքում: Քաղաքի տարբեր հատվածների միջև «անհավասարության» նշանը պետք է վերանա»:

ԲՀԿ-ն ներկայացնում է նաև առողջապահության, կրթության ոլորտներում իր նպատակներն ու ցանկությունները`  հավելելով, որ ծրագիրը կենսունակ է և վստահության արժանանալու դեպքում մայրաքաղաքը կդարձնեն «բոլորի երազած Երևանը»:

ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցում է «Ավելի լավ Երևան» կարգախոսով, ընտրական ցուցակը գլխավորում է ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նախընտրական ծրագրում ներկայացված են քաղաքապետարանի 2009-2013 թթ. միջոցառումները, ապա ներկայացված է 2013-2017 թթ. ավելի լավ Երևանի տեսլականը:  Նախընտրական ծրագրում անդրադարձ է կատարվում 9 ոլորտների` հիմնականում խոստանալով շարունակել ներկայիս քաղաքականությունը. «Մենք պատրաստակամ ենք շարունակելու ամեն դրականն ու լավը` բոլորիս համար ստեղծելով  ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ,  ավելի մաքուր, ավելի կանաչ, ավելի լուսավոր, ավելի անվտանգ, ավելի գեղեցիկ, ավելի լավ Երևան»:

Քաղաքաշինության ոլորտում ՀՀԿ-ն խոստանում է ընդունել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենք, բեռնաթափել տրանսպորտային հանգույցները,  ավարտին հասցնել  Լենինգրադյան փողոցն Ադմիրալ Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու շինարարությունը և այլն:

Աղբահանության և բնապահպանության ոլորտում ՀՀԿ-ն խոստանում է  հիմնել աղբի վերամշակման  ձեռնարկություն, նոր այգիներ և զբոսայգիներ, ավելացնել կանաչ տարածությունները, իրականացնել Եռաբլուրի, Հաղթանակի զբոսայգու, Փարոսի բլուրի անտառավերականգնման ծրագիր և այլն:

«Բարև Երևան» դաշինքի նախընտրական ծրագիրը դեռևս հրապարակված չէ, «Ժառանգության» գրասենյակից տեղեկացրին, որ առաջիկա օրերին ծրագիրը վերջնական տեսքի կբերվի ու կհրապարակվի: Դաշինքի կարգախոսն է` «Բարև Երևան», իսկ ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը:

ԵԱՀԿ ուկրաինական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

229. Edward Nalbandian received OSCE Chairperson's Special Representative 17.04.2013(2)Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Դեշիցային:

Էդվարդ Նալբանդյանը  դեսպան Դեշիցային ներկայացրել է Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Անդրեյ Դեշիցան նշել է, որ ԵԱՀԿ ուկրաինական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրվող ջանքերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի հետ կապված հարցերին:

Հայաստանի ազգային փոքրամասնությունների ՀԿ-ները սատարում են Տարոն Մարգարյանին

images (1)

Ապրիլի 17-ին կայացել է Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարների և անդամների հանդիպումը մայիսի 5 – ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի ներկայացուցիչներ Արտակ Դավթյանի, Մկրտիչ Մինասյանի և Արտակ Զաքարյանի հետ:

Հայաստանի ազգային փոքրամասնությունների  հասարակական կազմակերպությունները, հաշվի առնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում մայրաքաղաքում արձանագրված ձեռքբերումները մասնավորապես կանաչապատման, փողոցների ու բակերի բարեկարգման և այլ ուղղություններով,  հայտարարել են, որ մայիսի 5 -ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում կսատարեն Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ընդգծել են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ունեցած հանդիպումները միշտ անցել են ջերմ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում, իսկ առաջ քաշված հարցերը որպես կանոն գտել են գործնական լուծումներ:

Այնուհետ  ներկաները անդրադարձել են իրենց համայնքներին հուզող հարցերին`մասնավորապես մայրենի լեզուներով  պարբերականների տպագրման կամ ֆինանսավորման ավելացման, ռադիո հաղորդումների հեռարձակման հետ կապված: Բարձրացվել են նաև քաղաքային տնտեսությանն առնչվող այլ խնդիրներ, նախանշվել են լուծման տարբերակները, որոնք կփոխանցվեն Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանին և  կքննարկվեն ապրիլի 30 –ին ազգային փոքրամասնությունների հետ նախատեսված հանդիպման ժամանակ:

 

 

«Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում

AJ lsumnerԱպրիլի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, հայ եւ օտարերկրյա փորձագետներ, ոստիկանության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական այս լսումների հիմնական նպատակն է նախանշել այն ուղիները, որոնք միտված են քաղաքացի – ոստիկան քաղաքակիրթ հարաբերությունների եւ ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահության ձեւավորմանը: Նրա գնահատմամբ՝ ոստիկանությունը հասարակությանը ծառայություններ մատուցող, բնակչության անդորրն ու անվտանգությունը, հասարակական կարգը պահպանող անվտանգության այն մարմինն է, որն ամենաշատն է շփվում քաղաքացիների հետ, եւ նրա նկատմամբ հասարակական վերաբերմունքը որոշ առումով պայմանավորում է նաեւ հասարակություն-պետություն փոխհարաբերությունը: Հանձնաժողովի նախագահը արձանագրեց, որ վերջին տարիներին լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել ոլորտում, որոնք տեսանելի արդյունք են տվել, բայց անելիքները դեռ շատ են հատկապես ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու առումով, ինչը նաեւ Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրներից է դարձել: Կորյուն Նահապետյանը Հայաստանի ոստիկանության 95-ամյակի եւ մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեց ոստիկանության ծառայողներին:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ներկայացնելով վերջին տարիներին կատարված բարեփոխումներն ու դրանց արդյունքները, աջակցության համար շնորհակալություն հայտնեց միջազգային կառույցներին, մասնավորապես ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին ու ներկաներին հավաստիացրեց, որ պետությունը վճռական ու հաստատակամ է՝ շարունակելու եւ ավարտին հասցնելու սկսած բարեփոխումները: Փոխնախարարն անդրադարձավ նախորդ տարիներին կատարված աշխատանքին՝ ոստիկանության բարեփոխման ծրագրերին, օրենսդրական, կառուցվածքային, ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումներին եւ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին: Օրենսդրական բնույթի բարեփոխումներից նա առանձնացրեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց նպատակը օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է: Մասնավորապես նա անդրադարձավ ուժի գործադրման հիմքերի հստակեցմանը, ոստիկանության սպառազինման գաղտնազերծմանն ու հատուկ միջոցների ներառմանը, ծառայողի տարբերանշաններ կրելու պարտավորությունների ամրագրմանը: Նա տեղեկացրեց, որ դրան զուգահեռ՝ անձնակազմի համար օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ մշակվել եւ հրատարակվել են ոստիկանության գործունեությանն առնչվող ուղեցույցներ: Կառուցվածքային բարեփոխություններից փոխնախարարը առանձնացրեց գործառույթների հստակեցումը, քաղաքացիական ծառայության համակարգի ներդրումը, Երեւանում համայնքային ոստիկանության 11 հենակետերի ստեղծումը, Երեւանում եւ Գյումրիում հասարակական կարգի ապահովմանն ուղղված նոր գումարտակի հիմնադրումը եւ օպերատիվ կառավարման կենտրոնի ձեւավորումը: Արթուր Օսիկյանի գնահատմամբ՝ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բարձրացմանն են ուղղված ոստիկանության նոր կայք-էջի ներդրումն ու կարգապահական հանձնաժողովի ստեղծումը:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ ոստիկանության նկատմամբ հանրային կարծիքը որոշ դեպքերում համարժեք է դառնում պետության եւ իշխանության հանդեպ վստահությանը, որը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ է օրենքի գերակայություն, կոռուպցիայի, անպատժելիության բացառում, օրինապաշտության, թափանցիկության եւ քաղաքացու նկատամամբ ոստիկանի հարգալից վերաբերմունքի խրախուսում: Այս խնդիրների կարգավորման գործում նա կարեւորեց կարծիք ձեւավորող ինստիտուտների հետ համագործակցությունը: ԱԺ պատգամավորի կարծիքով՝ պետք է գտնել ոստիկանության հանդեպ անվստահության ամենախորքային պատճառները եւ կատարել անհրաժեշտ բարեփոխումներ: Նա առաջարկեց հանրության վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել, հասարակական վերահսկողության հստակ մեխանիզմներ մշակել, բարելավել օրենսդրական դաշտն ու իրավակիրառական վիճակը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոն տեղեկացրեց, որ քննարկվող խնդիրն իրենց գրասենյակի գերակա խնդիրներից մեկն է, եւ իրենք պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ համապատասխան ծրագրեր են իրականացնում, որոնք բավական արդյունավետ են, քանի որ Հայաստանում այս հարցը ոլորտի բարեփոխման կիզակետն է դարձել. խնդրի լուծումը կարեւորում են եւ պետությունը, եւ հասարակությունը: Նա կարեւորեց նաեւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի մասնակցությունը ՀՀ անվտանգության մարմինների բարեփոխման եւ հանրային կարծիքի ձեւավորման աշխատանքներին:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ Արտաշես Անդրիասյանը, ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Ղազարյանը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանն անդրադարձան համակարգում կրթական եռաստիճան համակարգի ներդրմանն ու նրա օգուտներին, ուսումնական հաստատությունների ընդունելության կարգին, ոստիկանության համայնքային հենակետերի եւ համայնքային խորհուրդների ստեղծման, պարեկային ծառայության կազմակերպման աշխատանքներին, հասարակական կարգի պահպանության ձեւերին եւ հասարակական վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:

ԶՈՒԺՎ անկախ փորձագետ Կարմեն Վեսայլը լսումների մասնակիցներին ծանոթացրեց ոստիկանների հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու Ռումինիայի փորձին: Նա տեղեկացրեց, որ Ռումինիայում բարեփոխումները կատարվել են նախ համակարգի ներսում, ապառազմականացվել է ոստիկանությունը, ինչը հանրային վստահության բարձրացման առաջին լուրջ ազդակն է դարձել, թեեւ դրա համար երկար ժամանակ ու հետեւողական ջանքեր են պահանջվել: Կարմեն Վեսայլը ոստիկան-քաղաքացի հարաբերության սերտացման առումով կարեւորեց ոստիկանության նոր կայքի ստեղծումն ու ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ համատեղ միջոցառումներ կազմակերպելու՝ ոստիկանների պատրասատակամությունը:

Խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվող հարցի վերաբերյալ իրենց մոտեցումները ներկայացրին նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներն ու փորձագետները:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգիչ համարեց խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով քրեական գործերով կասկածյալի նկատմամբ կիրառվող բռնությունները, պաշտպաններից պարտադրաբար հրաժարվելու դեպքերը, անօրինական հրամանները, ընտրությունների ժամանակ ոստիկանների պահվածքը: Նա նկատեց, որ վերջին տարիներին դրական տեղաշարժ է նկատվում ոստիկանության աշխատանքներում, նրանց հետ հանդիպումները փոխըմբռնման առումով դարձել են առավել արդյունավետ, իսկ Մաշտոցի պուրակում վրանի տեղադրման հետ կապված ոստիկանական խորհրդակցությունն ու վերջերս խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության պահվածքը նա գնահատեց «համաչափ»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը նկատեց, որ ոստիկանությունն առանց հասարակական վստահության դառնում է «ռեպրեսիվ» մարմին: Նա հասարակական վստահության բարձրացման կարեւոր պայման համարեց քաղաքացու նկատմամբ ոստիկանի բարյացակամ վերաբերմունքը, արհեստավարժությունը, հասարակությանը ծառայելու պատրաստակամությունը, իրավապաշտությունը: Խորհրդարանական լսումներին ներկա ոստիկանության պաշտոնյաներին նա առաջարկեց հետեւողական քայլեր ձեռնարկել խոշտանգումների բացահայտման ուղղությամբ:

«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ փոխնախագահ Վիրաբ Խաչատրյանը ներկայացրեց իրենց կազմակերպության իրականացրած ծրագրերը, որոնք վերաբերում են ոստիկանական աշխատանքների թափանցիկությանը, լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների բարելավմանը, հասարակություն-ոստիկան համագործակցության ձեւաչափերին, համայնքային ոստիկանության մոդելի վերաբերյալ հանրային իրազեկմանը: Նա արձանագրեց, որ վերջին տարիներին ոստիկանությունը պատրաստակամություն է ցուցաբերում թե համատեղ միջոցառումների կազմակերպման եւ թե հասարակության հետ հարաբերությունների առումով:

ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, կրիմինոլոգների հայկական ասոցիացիայի համանախագահ Աննա Մարգարյանը ներկայացրեց 2009-2011 թթ. Երեւանում ու Հայաստանի մարզերում 14 հազար քաղաքացու հետ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, ըստ որի՝ հասարակության մի զգալի մասը դեռեւս իրեն անվտանգ չի զգում եւ իր անվտանգությունը չի վստահում ոստիկանին: Քրեական իրավունքի մասնագետի գնահատմամբ՝ որքան պաշտպանված է զգում քաղաքացին, եւ որքան պատշաճ է կատարում ոստիկանն իր պարտականությունները, այնքան բարձր է ոստիկանի հանդեպ քաղաքացու վստահությունը:

ԶՈՒԺՎ անկախ փորձագետ Յուրի Կովիրշինը ներկայացրեց Ռուսաստանի ոստիկանական համակարգում կատարված բարեփոխումները: Նրա գնահատմամբ՝ ոստիկանական բարեփոխումները պետք է զուգակցվեն բոլոր ոլորտների համակարգային փոփոխություններով եւ մշակվեն հասարակական վերահսկողության գործուն մեխանիզմներ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը խորհրդարանական լսումների վերջում շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն օրենսդրական բարեփոխումներ կատարելիս եւ ոստիկանության հանդեպ հասարակական վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ մեխանիզմներ մշակելիս:

 

 

ԵԽ Գլխավոր քարտուղարը հանդիպեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ

Handipum AJ-um-1Ապրիլի 17-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը՝ Դավիթ Հարությունյանի գխավորությամբ, հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարեւոր եւ պատմական որակեց ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը՝ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը Հայաստանին փոխանցելու նախօրեին:

Թորբյորն Յագլանդը խորհրդարանական ուժերի հետ քննարկեց ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նկատելով, որ Հայաստանը լրջորեն եւ պատասխանատվությամբ է վերաբերվում իր գործառույթներին որպես նախագահող երկիր: ԵԽ ներկայացուցիչը նաեւ ծանոթացրեց իրենց նախաձեռնած՝ կազմակերպության բարեփոխումների ընթացքին՝ մասնավորապես ուղղված մոնիտորինգի գործընթացի բարելավմանը ու ԵԽ 47 անդամ երկրների միջեւ հավասարության ապահովմանը: ԵԽ Գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ համագործակցությունը Հայաստանի հետ էլ ավելի կսերտանա: Դրա հիմքերը, ըստ նրա, բավարար են. ԵԽ-ի եւ ՀՀ-ի միջեւ ստորագրվել է ինչպես առաջիկա տարիների գործողությունների ծրագիրը, այնպես էլ Երեւանում ԵԽ գրասենյակին նոր կարգավիճակ հաղորդող Փոխըմբռնման հուշագիրը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԵԽ պաշտոնյային փոխանցեց իր մտահոգությունները ժողովրդավարեցման ընթացքի եւ ընտրությունների որակի, խոսեց 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերը չբացահայտելու եւ խոսքի ազատության սահմանափակումների մասին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ուղղված իր՝ մինչ օրս անարձագանք մնացած դիմումի հարցը: Պատգամավորը դեռ մեկուկես տարի առաջ էր հանձնակատարին ուղարկել Ադրբեջանում պետական մակարդակով ու դասագրքերում հայատյացություն քարոզելու մասին փաստեր: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն իր անհամաձայնությունը հայտնեց նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ՝ փաստելով Ընտրական օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտությունը:

ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանի առաջընացը ԵԽ Գլխավոր քարտուղարի նախորդ այցից հետո ակնհայտ է, 2010 թ.-ի եւ ներկա իրավիճակներն անհամադրելի են: Նա նշեց, որ խորհրդարանում իր կուսակցությունը ներկայացված է 53 տոկոսով, եւ ընդդիմությունը բավական մեծ ներկայություն ու լիազորություններ ունի օրենսդիր մարմնում՝ ամրագրված նաեւ Դոնթի բանաձեւով: Դավիթ Հարությունյանը սա համարեց քաղաքական նոր որակ: Նա տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է իրականացնել Ընտրական օրենսգրքի փոփոխություններ՝ քննարկելով բոլոր դրույթներն ու առաջարկները Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անունից Դավիթ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել թե ԵԽ բարեփոխումների իրականացմանը, թե Նախարարների կոմիտեում Հայաստանի արդյունավետ նախագահությանը:

Ռուսաստանի հայերի միությունը սատարում է Տարոն Մարգարյանին

Ara-AbrahamyanՀարգելի Տարոն Մարգարյան

«Ռուսաստանի հայերի միության» և անձամբ իմ անունից ողջունում եմ Ձեզ` որպես Հայաստանի մայրաքաղաք Երևանի նվիրյալ առաջնորդի:
Ողջ հայության մայրաքաղաքի`Երևանի խնդիրները հետաքրքրում են ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներին, այլև նրա սահմաններից դուրս ապրող բոլոր հայերին:
Այդ պատճառով է, որ մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները կարևոր դեր են խաղալու ոչ միայն երևանցիների, այլև միլլիոնավոր հայերի հասարակա-քաղաքական կյանքում:
Մենք քաջատեղյակ ենք Երևանի քաղաքապետի պաշտոնում Ձեր ակտիվ և արդյունավետ գործունեության մասին: Նկատելիորեն բարելավվել է քաղաքի արտաքին տեսքը, կատարելագործվում են ենթակառուցվածքները, բարեկարգվում փողոցները,այգիներն ու այլ հասարակական վայրերը:
Մենք ընգծում ենք այն փաստը, որ Դուք` որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, մեծ ուշադրություն եք դարձնում Հանրապետական կուսակցության ուղենշած առաջնային խնդիրներին, մասնավորապես բնակչության բարեկեցության մակարդակի բարելավման ուղղությամբ:
Ձեր ղեկավարությամբ Երևանում ձևավորվում է առավել գրավիչ ներդրումային միջավայր: Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից շատերը նախաձեռնական գործունեությունը հենց Երևանում են ծավալում:
Համոզված եմ, որ Ձեր վերընտրվելը որպես Երևանի քաղաքապետ նոր շունչ կհաղորդի Երևանում ժամանակաից և կայուն բիզնես-միջավայրի ձևավորմանը:
Ռուսաստանի հայերի միությունը իր աջակցությունն է հայտնում Հանրապետական կուսակցությանը և անձամբ Ձեզ: Վստահ ենք, որ Դուք և Երևանի քաղաքապետարանի Ձեր կառավարչական թիմը կշարունակեք նախաձեռնած լայնածավալ բարեփոխումները քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում:
Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Տարոն Անդրանիկի, և Ձեր թիմի բոլոր անդամներին նորանոր հաջողություններ Ձեր ազնվաբարո գործունեության մեջ և հաջողություն եմ մաղթում նախընտրական պայքարում:

Հարգանքներով,
Ա.Ա. Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան

Սովորեցի՞ն արդյոք ապրիլի 9-ի դասերը

երդմնակալությունՀայաստանի ներքաղաքական կյանքում ապրիլի 9-ին երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Նախ` երդում ընդունեց և դրանով, փաստորեն, պաշտոնապես նախագահի պաշտոնը ստանձնեց Սերժ Սարգսյանը: Բայց Սարգսյանի երդմնակալությանը զուգահեռ Ազատության հրապարակում երդման արարողություն էր կազմակերպել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա որքան էլ տարօրինակ, սպասելի քայլ էր, և ոչ միայն այն պատճառով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրոք բազմիցս հայտարարել էր այդ մասին:

 Երդումներ, որոնք բխում են իրարից…

Նախ` ընտրություններից հետո պաշտոնական տվյալներով երկրորդ արդյունքը գրանցած թեկնածուն ընտրական գործընթացից անմիջապես հետո հանդես էր եկել հայտարարությամբ, թե ընտրությունները կեղծվել են և իր ձայները գողացվել են: Կարճ ասած` չէր ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները: Սրանից հետևում էր, որ հետընտրական զարգացումների որոշակի գործընթաց պետք էր սկսել: Այդ գործընթացն ի սկզբանե երեք հնարավոր ուղղություն ուներ. չընդունել արդյունքները, բայց գործող իշխանությունների հետ գնալ երկխոսության և որոշ կտորներ պոկել մեծ «բլիթից», թեկուզ` վերահսկիչ ֆունկցիաներ ենթադրող պաշտոնների ստանձնման տեսքով, ինչի փորձը եղավ, բայց, կարծես, այդ փորձը մտել է սառած փուլ: Երկրորդ` չընդունել ընտրությունների արդյունքները և անմիջապես դիմել իշխանությունն ուժով վերցնելու տարբերակին, ինչը ընտրություններից հետո մինչ օրս անընդհատ բացառվում էր ժողովրդական շարժման կազմակերպիչների և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Եվ երրորդ` չընդունել ընտրությունների պաշտոնական արդյունքները, չգնալ երկխոսության, չգնալ ծայրահեղ քայլերի, այլ կազմակերպված, մտածված և ծրագրված անցնել երկարաժամկետ, հետևողական պայքարի:

Ամեն ինչից, այդ թվում նաև ուղղակի հայտարարություններից դատելով` հենց այս վերջին տարբերակը որդեգրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի և նրան աջակցողների կողմից: Եվ այս պայմաններում բնական էր նաև, որ հենց գործող նախագահի երդմնակալության օրը ինչ-որ բան պետք էր կազմակերպել:

Նման դեպքերում հավանաբար ընդդիմադիր գործիչը հրապարակում հավաքում է իր կողմնակիցներին, ինքն իրեն հռչակում ընտրված նախագահ, հայտարարում իր, այսպես ասած, ստվերային կառավարության ցանկն ու սկսում «պաշտոնավարել»` հրապարակում և հրապարակից: Համենայն դեպս, այդ է հուշում տրամաբանությունը:

Ենթադրվում էր նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ին հրապարակում պետք է արտասաներ երդման իր տեքստը… Բայց այդպես չեղավ: Նախ` Հովհաննիսյանը մի գեղեցիկ կոմբինացիոն հնարքով` ինքն իրեն չհայտարարեց նախագահ, այլ իրողությունները ներկայացրեց այլ կերպ, որ բոլորը` թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ ինքը «ո՞ւմ շունն են Հայաստանի առջև»: Հետո կարդաց երդման նման մի բան ու ամենակարևորը, ստիպեց, որ հավաքված ժողովուրդն այն կրկնի: Այսինքն` Րաֆֆին ու  ժողովուրդը ուխտ կնքեցին իրար սատարել: Հետաքրքիր սցենար է սա, որ հետագայում, եթե անգամ շարժումը մարի, ոչ ոք չի կարող մեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանին, թե նա այդ շարժումը տարավ փակուղի, քանի որ ներկաները երդվել էին իրենք իրականացնել այն, ինչ որ առաջարկում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ եթե դա չի իրականացել, ապա ժողովուրդը չի իրականացրել, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մի խոսքով, քաղաքական առումով գեղեցիկ կոմբինացիա խաղարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բայց ապրիլի 9-ը մեկ այլ հանգամանքով էլ էր աչքի ընկնում: Գոյություն ունեն, այսպես ասած, «հեղափոխական օրենքներ»` լենինյան օրենքը և տոկվիլյան օրենքը: Լենինյան հեղափոխական օրենքն ասում է` որքան վատ սոցիալական վիճակում է ապրում ժողովուրդը, այնքան լավ հեղափոխության համար, քանի որ դժգոհ զանգվածը կարող է, ծայրահեղ միջոցների դիմելով, փորձել իրացնել իր իրավունքները: Իսկ տոկվիլյան հեղափոխական օրենքն ասում է, որ ժողովրդի մեջ հեղափոխական տրամադրություններն առաջանում են սոցիալական զարգացման պայմաններում, քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացման հաշվին և ձեռք բերածը չկորցնելու ու նոր արժեքներ ձեռք բերելու նպատակով:

Թերևս սրանք քաղաքագիտական տեսություններ են, որոնց հետ կարող ենք համաձայնվել, կամ ոչ: Բայց ակնհայտ է մի բան. այն երկրում, որտեղ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ աղքատության մակարդակի այնպիսի պատկեր կա, ինչպիսին Հայաստանում է, չի կարող դիտարկվել տոկվիլյան հեղափոխական օրենքը: Բայց, ինչպես տեսնում ենք, ժողովուրդն էլ այնքան հակված չէ լենինյան օրենքից ենթադրվող ծայրահեղ միջոցներով հեղափոխություն անելուն: Այն, ինչ հիմա դիտարկվում է Հայաստանում, կարելի է նաև անվանել սոցիալական բունտ` ընդդեմ իշխանությունների:

Այս պարագայում շատ կարևոր էր, որ ապիլի 9-ի հանրահավաքում ժողովրդական շարժման լիդերները կարողանային գիտակցել այս իրողություններն ու ճիշտ ուղղորդեին հավաքվածներին: Իհարկե, անցյալի փորձը հաշվի առնելով, պետք էր նաև մտածել անցանկալի հետևանքների մասին: Այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ի երեկոյան իր ելույթում խոսեց ոչ թե իշխանությունը հենց այդ պահին գրավելու մասին, այլ ժողովրդին ապրիլի 12-ին հրավիրեց նոր հանրահավաքի: Սա, իհարկե, սուլոցներով ընդունվեց հավաքվածների, հատկապես` ծայրահեղ տրամադրվածների կողմից: Ու ակնհայտ էր, որ պետք էր «վիճակը փրկել»:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես գտավ ելքը` ժողովրդին Բաղրամյան 26-ի կողքով Ծիծեռնակաբերդ ուղեկցելու տարբերակը: Այս առումով կարևորն այն է, որ նպատակակետը ոչ թե Բաղրամյան 26-ն էր, այլ այդ հասցեն ուղղակի նշվեց ժողովրդի միջից թերահավատությունը հանելու համար:

Արդեն մի քանի մետրից ակնհայտ էր, որ ոստիկանությունը թույլ չի տա ժողովրդին մտնել Բաղրամյան պողոտա: Սա նշանակում էր, որ լիդերները պետք է կարևոր ու արագ որոշում կայացնեին` կա՛մ ընտրեին այլ ուղղություն, կա՛մ գնային ոստիկանության հետ արդեն ֆիզիկական առճակատման: Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց առաջին տարբերակը` այլ ճանապարհով Ծիծեռնակաբերդ գնալը: Ու հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ մարդկանց մի մասը ճանապարհը փոխելու որոշումից հետո մնաց տեղում կանգնած:

Այսպիսի իրավիճակն իդեալական պայմաններ է ստեղծում այն անձանց համար, ովքեր նման շարժումների են միանում` անձնական նկատառումներից ելնելով, ինչ-որ մի պահ շարժման լիդեր դառնալու թաքուն նպատակով:

Ապրիլի 9-ն էլ բացառություն չէր. արդեն բարձրաձայնվել էր դժգոհությունը Րաֆֆի Հովհաննիսյանի` իշխանությունը բռնի ուժով  չվերցնելու որոշման դեմ, ոստիկանությունը խոչընդոտում էր մուտքը Բաղամյան պողոտա, արդեն հրմշտոց էլ էր տեղի ունեցել իրավապահների ու ցույցի մասնակիցների միջև. ու տաքարյուններն ամենևին էլ չէին ուզում հետել Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ճանապարհով գնալ «վերջնանպատակ»` Ծիծեռնակաբերդ:

Հենց այդ ժամանակ մնացածների առջև հանդես եկավ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, ժողովրդական շարժմանը միացած ԱՆդրիաս Ղուկասյանը: Նա առաջարկեց, որ ով ուզում է հետևել Րաֆֆի Հովհանիսյանին, թող գնա նրա հետևից, իսկ ովքեր հաստատակամ են Բաղրամյան 26 հասնելու հարցում, կարող են մնալ տեղում` պատրաստ լինելով ոստիկանության կողմից ուժի կիրառմանը: Ղուկասյանը հայտարարեց նաև, որ ինքը պատրաստ է ղեկավարել հենց այդ տեղում և այդ պահին առաջացած ինքնաբուխ ակցիան:

Եվ արդեն մտավախություն կար, որ հավաքվածները կբաժանվեն երկու հատվածի: Մի պահ այդպես էլ եղավ: Այսինքն` ապրիլի 9-ին, այս հետընտրական գործընթացում առաջին անգամ տարանջատվեց ու հստակ երևաց դժգոհող ժողովրդի ծայրահեղ տրամադրված հատվածը: Ու նաև, թե ովքեր կարող են, այսպես ասած, «թռչել» Րաֆֆու վրայով, այդ հատվածին ակտիվացնել, սոցիալական բունտը զարգացնել ու հասցնել լենինյան օրենքով հեղափոխության:

Ճիշտ է, Րաֆֆի Հովհանիսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ վերադարձավ, ժողովուրդը մի քիչ հանգստացավ, իսկ երեկոյան էլ արդեն ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան ու թույլ տվեց Բաղրամյան ու Պռոշյան փողոցներով գնալ տները: Բայց ապրիլի 9-ը, գոնե շարժման լիդերներին մի կարևոր իրականություն երևակեց, թե ինչ զարգացումներ կարող է ունենալ շարժումը, և ժողովրդական ձևով ասած` «քամին որ կողմից է փչում»:

Ու եթե այս անգամ որոշ ցանկացողների չհաջողվեց բախումներ հրահրել ոստիկանության հետ, դա դեռ չի նշանակում, թե մի օր այն գլուխ չի գա: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ին ժողովրդի արձագանքներից պետք է անհրաժեշտ հետևություններ անի հետագայի համար: Համենայն դեպս, կարծում ենք, այն նշանները, որոնք երևացին այդ օրը, և որոնց անդրադարձանք, հետագայում կդառնան իրողություն, ու ժողովրդական շարժումը կա՛մ կմարի, կա՛մ կբաժանվի որոշակի սեգմենտների…

 

Արմեն Ռուստամյանը վերջը տեսնում է

 

Արմեն-Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ, որ ապրիլի 9-ին երկու երդմնակալության արարողություն է տեղի ունեցել. «Այդ օրը մեկ երդման արարողություն է կայացել, որին էլ մենք չենք մասնակցել: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիների հետ` որպես քաղաքացիներ էին երդվում»,-ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց նա:

 

ՀՅԴ պատգամավորի խոսքով` դժբախտաբար, ապրիլի 9-ին իրադարձություններն ընթացան այն սցենարով, որի մասին իրենք նախազգուշացնում էր. «Ամսի 9-ին մենք ունեցանք անորոշ վիճակ, և ժողովրդի մեջ երեք տիպի զանգված առաջացավ` մի մասը վճռական ուզում էր հասնել Բաղրամյան 26, մյուս մասը` անվերապահ ընունելով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությունըմ, հետևեց նրան, երրորդ մասն էլ` չգիտեր ուր գնար»:

 

Ըստ բանախոսի` այդ օրվա սցենարը մշակել և իրականացնում էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Արմեն Ռուստամյանը հիշեցնում է, որ իրենք միշտ մասնակցել են այդ հավաքներին, շարժման մեջ են եղել, անձամբ ինքը 3 անգամ ելույթ է ունեցել, և ներկայացրել են, թե ինչպես ենք պատկերացնում շարժման թափն ու ընթացքը. դա հանգրվանային հաջողություններով շարժումն ուժեղացնելու ճանապարհն է:

 

Հանգրվանային հաջողությունը Դաշնակցությունը երկու տեղ էր տեսնում` իշխանություններին խորքային բարեփոխումների մղելը և Երևանի քաղաքային ընտրությունները. «Մի բան է շարժումն առանց լծակի, մի բան է` ընդդիմադիր քաղաքապետով»,-ընգծեց նա:

 

Սակայն, Ռուստամյանի գնահատմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնեց գլխավորել ընդդիմության միասնական ցուցակը` կարծելով, թե նսեմացնում է նախագահական ընտրությունների իր հաղթանակը:

 

Այնուամենայնիվ ամեն ինչ դեռ կորած չէ. նոր շունչ հաղորդել այս ամենին, ավելի լավ կազմակերպվել, ավելի հստակ ներկայացնել պահանջները: «Վերջիվերջո շարժման ձախողումը ձեռնտու է իշխանություններին, բայց ոչ երբեք ընդդիմությանը»,-համոզված է ՀՅԴ պատգամավորը:

 

Ինչպես նախկինում, այսօր էլ Արմեն Ռուստամյանն այս ամենի վերջը տեսնում է. «Վաղ թե ուշ ընդդիմությունը գալու է միասնական օրակարգի»:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ

2838Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնանքի խոսքից և աղոթքից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
***

 

Վեհափա՛ռ Տեր,
Մեծարգո Նախագա՛հ Քոչարյան,
Արցախի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Մեծարգո Նախագա՛հ Ղուկասյան,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ հյուրեր, բարեկամներ,

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալ եմ նրանց, ովքեր վստահել են ինձ շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Նաև շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօրվա երդման արարողությամբ ես կրկին ստանձնեցի մեծ պատասխանատվություն, որի գիտակցումը անցած հինգ տարիների ընթացում ինձ չի լքել ոչ մի վայրկյան: Վեհամոր ավետարանը, որի վրա ես երդվեցի, հազար տարվանից էլ հին է: Նման պատմական ու մշակութային հենք ունեցող ազգի ղեկավար կարգվելը բացառիկ պատիվ է: Այս հանդիսավոր պահին ես խոստանում եմ այդ պատիվը բարձր պահել:

Որևէ նախագահի համար Սահմանադրությամբ նախատեսված երկրորդ ժամկետն ունի և՛ իր առավելությունները, և՛ իր բարդությունները: Հիմնական առավելությունը, իհարկե, կուտակված փորձն է, որ նման աշխատանքի դեպքում խիստ արժեքավոր է: Լրացուցիչ բարդությունները կապված են ժողովրդի ավելի մեծ ակնկալիքների և ավելի բարձր պահանջների հետ: Ես անելու եմ ամեն ինչ՝ այդ ակնկալիքներն ու պահանջները կյանքի կոչելու համար:

Առաջիկա հինգ տարիներին մեր պետության և ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը: Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է: Կառանձնացնեմ երեք հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են: Արդյունավետ և վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն. ահա հաջողության մեր բանաձևը:

Երկրորդ առաջնահերթությունը իրավունքի գերակայության ապահովումն է: Բոլորի հավասարությունը օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար:

Երրորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության խորացումն է: Համեմատե՛ք հինգ տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ և կտեսնեք տարբերությունը: Համեմատե՛ք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները: Համեմատե՛ք հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու: Հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ: Դա ես միայնակ չեմ անելու, դա անելու ենք միասին, սիրելի՛ հայրենակիցներ:

Արտաքին քաղաքականության ասպարեզում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը մնում և մնալու է մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական լուծման: Միաժամանակ մենք հետևողականորեն աշխատելու ենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այստեղ մենք չենք թերագնահատում միջազգային որևէ գործոն, մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց մենք պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին: Հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու կարևորությունը քննարկման առարկա չէ:

Մենք երբեք չենք ահաբեկել սեփական ժողովրդին պատերազմով: Առավել ևս չենք օգտագործել այդ հարցը իբրև պատրվակ՝ լռեցնելու համար ընդդիմադիրների ձայնը: Բայց մեր պարտքն ենք համարել անկեղծորեն և իրատեսորեն ասել, որ նման վտանգ գոյություն ունի:

Պատերազմ չտեսած և անպատասխանատու մարդիկ կարող են դրա հնարավորությունը դարձնել ցինիկ և ստորաքարշ շահարկումների առարկա: Ես նրանցից չեմ. ես գիտեմ և՛ ընկերոջ կորստի, և՛ հաղթանակի բերկրանքի գինը, դողացել եմ զինվորի կյանքի համար, նաև հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար: Ուստի Հայաստանի ժողովրդից ստացած վստահության քվեի ուժով հայտարարում եմ՝ մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, միաժամանակ, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի: Ընդգծում եմ չըմբռնողների համար՝ յուրաքանչյուր մարտահրավերի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պարտադրանք, բռնություն, ահաբեկում, պատերազմ՝ սրանք են իրականության վերաբերյալ մեր հակառակորդի պատկերացումները: Այն իրողությունները, որ նրանք պարտադրում են սեփական ժողովրդին, նաև ցանկանում են պարտադրել մեզ:

Մենք նրանց այդ պայմանները մերժել ենք, և դրանք երբեք չենք ընդունելու: Մենք այլ իրականություն ենք կերտում. ինչպես արդեն ասացի՝ տնտեսական վերելք, օրենքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում: «Հայաստան» անունը առաջին հերթին պետք է զուգորդվի սրա՛նց հետ: Հենց սրանք են մեր հակափաստարկները, որ ներկայացնում ենք ինչպես մեր հակառակորդներին, այնպես էլ ողջ աշխարհին:

Մենք մեր հարևաններին առաջարկել ենք համամարդկային արժեքների վրա խարսխված արժանապատիվ խաղաղություն: Բայց անցած տարիների փորձը ցույց տվեց, որ նրանք պատրաստ չեն ընդունելու այդ առաջարկը: Որքան ավելի բարդ պայմաններ են նրանք, իրենց կարծիքով, ստեղծում մեզ համար, այդքան ավելի ուժեղ ենք մենք դառնում: Եվ դա ավելի տեսանելի է լինելու:

Այսօր որքան անհավասար են մեր արտահանման պայմանները, այդքան ավելի ջանք մենք պետք է ներդնենք՝ հավելյալ արժեք պարունակող ապրանքներ ստանալու համար: Ներդնենք, որպեսզի ստանանք համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք ու ծառայություններ:

Մեր հիմնական առավելությունը մեր ժողովրդի, մեր մարդկանց նախաձեռնողականությունն ու տաղանդն է: Ժամանակակից տեխնոլոգիաների բնագավառում աշխատող մեր տղաներն ու աղջիկները մեր զինվորների պես ամուր են պահում մեր երկրի անվտանգությունը: Իսկ նրանց հետ՝ նաև յուրաքանչյուր մարդ, ով ազնիվ աշխատում և արդյունք է տալիս:

Մեր հիմնական խնդիրն է՝ ավելացնել այդպիսի մարդկանց համար դրսևորվելու ուղիները: Տա՛նք մարդկանց հնարավորությունը՝ մնացած ամեն ինչ նրանք ինքնուրույն կանեն, կարարեն, կստեղծեն, կզարգացնեն:

Նաև այդ նպատակով մենք պետք է ապահովենք Հայաստան-սփյուռք գործակցության դինամիկ զարգացումը: Ես վստահ եմ՝ մենք միասին կարող ենք շատ ավելին անել: Մենք պետք է առավելագույնս ներգրավենք սփյուռքի ներուժը, առաջին հերթին՝ մարդկային կապիտալը: Մրցունակ և զարգացման տանող յուրաքանչյուր ներդրումային ծրագիր կստանա Հայաստանի Հանրապետության իշխանությունների աջակցությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ընտրարշավի ժամանակ մենք բոլորս խոսելու և մեր ծրագրերը ներկայացնելու լայն հնարավորություններ ունեցանք: Միաժամանակ, մեզնից յուրաքանչյուրը մտահոգված էր նրանով, որ իր ասելիքը հնարավորինս մանրամասն և ամբողջական կերպով տեղ հասնի: Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ: Այժմ եկել է տքնաջան ու հետևողական աշխատանքի փուլը: Այժմ ժամանակն է խոսքից գործին անցնելու, խոսքերը գործերով ամրագրելու:

Ուրեմն՝ ի գործ:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փառք հայ ժողովրդին:

 

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը լայնածավալ ընտրախախտումների հիմնավոր փաստեր չէր ներկայացրել ՍԴ

քաղաքականՆախագահական ընտրություններից մեկ ամիս է արդեն անցել, սակայն կրքերը դեռևս չեն հանդարտվում: Նախագահի նախկին թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլի է նստել: Մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը  ՍԴ էին դիմել` վիճարկելով ԿԸՀ փետրվարի 25-ի որոշումը ՀՀ նախագահ ընտրվելու մասին:

Հովհաննիսյանը ՍԴ-ից պահանջում էր կա՛մ իրեն ճանաչել ընտրված նախագահ, կա՛մ էլ անվավեր ճանաչել փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները:

ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» որոշումը: Պատճառաբանությունների թվում նշվում էր, որ ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուները ՍԴ  բավարար ապացույցներ չեն ներկայացրել, անգամ կարծիք հնչեց, որ ներկայացված փաստերը  ՍԴ մակարդակով քննելու ենթակա չեն:

«Իմ տպավորությունն այն էր, որ այդ դիմումները փաստերից զուրկ էին և կառուցված զուտ գնահատականների, էմոցիաների և ինչ-որ մեջբերումների հիման վրա: Ես չտեսա փաստարկված ապացույցներ առ  այն, որ տեղի են ունեցել այնպիսի գործընթացներ, որոնք կարող էին ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Դատարանի անդամների հարցուպատասխանի արդյունքում էլ էր դա ակնհայտ: Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր ներկայացուցիչները 16- էջանոց դիմում են ներկայացրել, որտեղ մեծ մասը զուտ գնահատականներ են, մի մեծ հատված մեջբերումներ են այս կամ այն փաստաթղթից և միայն վերջին մի քանի էջում է, որ ինչ-որ փաստեր են ներկայացված: Սակայն դրանք այն փաստերը չեն, որ կարող են դատարանի համար հիմք հանդիսանալ վճիռ կայացելու հօգուտ դիմումատուների»,- «Առավոտի» հետ զրույցում դատական գործընթացը մեկնաբանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

ՍԴ եզրակացությունից տեղեկանում ենք, որ Հովհաննիսյանը ՍԴ է ներկայացրել 16- էջանոց դիմում` կից 24 նյութերով` մամուլի հրապարակումներ, տեսագրություններ, լուսանկարներ և այլ նյութեր:

Առաջին հինգ էջերում  ներկայացված  են  ընտրախախտումների վերաբերյալ վերլուծական դիտարկումներ: Երկրորդ մասում՝   3,5 էջերի շրջանակներում,  մեջբերումներ  են համապատասխան իրավական ակտերից՝ իրավական առումով հիմնավորելով դիմումը:

Հաջորդ 6 էջերում շարադրված են այն փաստարկները, որոնք ներկայացված են  եղել ՀՀ վարչական դատարան, և վերջինիս կողմից քննվելուց հետո հայցը ճանաչվել է անհիմն ու մերժման ենթակա:

«Դիմումին կից ներկայացված նյութերի 40 տոկոսը տարբեր ընտրական հանձնաժողովների որոշումներ են, 18 տոկոսը ընտրական հանձնաժողովներին հասցեագրված դիմումներ են, շուրջ 24 տոկոսը համացանցային տարբեր կայքերից վերցված տեղեկատվություն է, շուրջ 7 տոկոսն ընտրությունների ընթացքի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների զեկույցներ են, մնացած 11 տոկոսը` տարաբնույթ այլ նյութեր»,- ասված է ՍԴ եզրակացությունում:

Անդրիաս Ղուկասյանն էլ իր 7 էջանոց դիմումում ներկայացրել է ընտրությունների իր վերլուծությունները և դիտարկումները: Նա  չի  ներկայացրել առանձին ընտրատեղամասերի արդյունքների վիճարկման պահանջ, ոչ էլ որևէ փաստ կոնկրետ  տեղամասի արդյունքների ոչ հավաստի լինելու մասին:

Գուցե վերոնշյալ  հանգամանքը ևս ապացուցում է այն վարկածը, որ Հովհաննիսյանի համար քվեների նման քանակությունն անակնկալ է եղել, և նա իր թիմով պատրաստ չի եղել հետագա գործողություններին:

Ինչևէ, պարբերաբար ներկա ընտրությունները համեմատվում են մինչ այս եղած նախագահական ընտրությունների, հատկապես` 1996-ի հետ:

«Անկախը» ևս կփորձի համեմատության եզր անցկացնել հետընտրական գործընթացների, մասնավորապես ՍԴ ներկայացված դիմումների առումով:

Այսպես, 1996-ի հոկտեմբերի 25-ին Վազգեն Մանուկյանը, որ ըստ պաշտոնական տվյալների ստացել էր քվեների 41 տոկոսը,  դիմում ներկայացրեց ՍԴ` պահանջելով անվավեր ճանաչել  ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ որոշումը: Դիմումին կից Մանուկյանը ՍԴ էր ներկայացրել  նաև պահանջը հիմնավորող փաստաթղթեր. 85 թերթից բաղկացած հավելվածներ,  վստահված անձանց և հանձնաժողովների անդամների կողմից կազմված արձանագրություններն ու բողոքները և ընտրողների գանգատներն ու ահազանգերը` 243 թերթից, իրեղեն ապացույցներ:

Անքննելի է, որ դիմումին կից հարյուրավոր էջերով  ընտրախախտումների արձանագրությունները 24-ի հետ անհամեմատելի են:

Հավելվածներում ընտրախախտումները խմբագրված են ըստ ոլորտների և ամեն վերնագրի տակ ներկայացված են մի քանի տասնյակ ընտրատեղամասերում արձանագրված խախտումներ` կետ առ կետ:

Ընտրախախտումների մի քանի հարյուր- էջանոց ժողովածուից ներկայացնում ենք պատահականորեն ընտրված մի քանիսը .

Գյումրիի թիվ 37 դպրոցում հանձնաժողովի նախագահին ստիպել են և 216 քվեաթերթիկ լցնել քվեատուփի մեջ:

Գեղարքունիքի մարզի 45/1, 45/4, 45/6 տեղամասերում Վ. Մանուկյանի ձայները նվազեցվել են մոտ 1500-ով, իսկ Լ. Տեր–Պետրոսյանի օգտին տված ձայներն ավելացրել են 2500-ով:

Կոտայքի մարզի Կոտայք գյուղի  23/1 տեղամասում ընտրություններին չմասնակցած  մոտ 500 ընտրողների փոխարեն  ստորագրել են հանձնաժողովի անդամները: Ընդ որում, լրացվել են անձնագրերի սխալ համարներ:

Վայքի 3/1 տեղամասում ամփոփիչ արձանագրության տվյալները, ըստ որոնց Վ. Մանուկյանը ստացել է 918 ձայն, իսկ Լ. Տեր Պետրոսյանը` 671, կեղծվել են ու կազմված նոր արձանագրությամբ Վ. Մանուկյանի օգտին քվեարկած ձայները փոխվել են 500-ի, իսկ Լ. Տեր Պետրոսյանինը` 1164-ի:

Արմավիրի 1/9 տեղամասում ընտրությանը մասնակցել է մոտ 650 ընտրող, սակայն քվեատուփում հայտնաբերվել է 1050 քվեաթերթիկ: Ընդ որում, հայտնաբերվել են միասին ծալված Լ. Տեր Պետրոսյանի  օգտին բազմաթիվ քվեաթերթիկներ:

Արմավիրի մարզի թիվ 8 տեղամասում  քվեաթերթիկ ստացել է 1243 ընտրող, սակայն քվեատուփում առկա է եղել 1368-ը:

Երևանի 8/13 տեղամասում 22.09.96 թ. 10 րոպեով լույսն անջատվել է, իսկ քվեատուփի մոտ կանգնած ԱԺՄ–ի ներկայացուցչին բռնությամբ քվեատուփից հեռացրել են և քվեատուփը մթության մեջ մնացել է առանց հսկողության:

Մարալիկի 3/2 տեղամասում ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսան Ավետիսյանը և նրա եղբայր Գ. Ավետիսյանը, որոնք անօրինական կերպով ընտրության ամբողջ օրը գտնվել են ընտրական տեղամասում, ահաբեկել և ծեծել են Վ. Մանուկյանի վստահված անձ Աստղիկ Ներսիսյանին և Ս. Բադալյանի վստահված անձ Ազատ Բրուտյանին, որոնք փորձել են կանխել կեղծ քվեաթերթիկներ լցնելը քվեատուփ:

Գեղարքունիքի մարզի Սևանի 45/1, 45/2, 45/4, 45/6 տեղամասերում վստահված անձանց ստիպողաբար հեռացրել են տեղամասերից:

Օրինակ` Գյումրիի 1/7 տեղամասում լրացուցիչ ցուցակում քվեարկությանը մասնակցած 130 քաղաքացիների անունները եղել են նաև հիմնական ցուցակում:

Երևանի 8/21 տեղամասում ընտրողների ցուցակը համընդհանուր ծանոթացման չի ներկայացվել նույնիսկ ընտրության օրը:

Երևանի 4/4 տեղամասում քվեարկել են 4/8 և 4/5  տեղամասերի ցուցակներում ընդգրկված զինվորները:

Աղավնաձոր 6/1 տեղամասում 121 զինվոր ապօրինի է քվեարկել:

Դիմումին կից  փաստաթղթերում երեք մարզերի՝ Արմավիրի, Արագածոտնի և Արարատի օրինակով ցույց են տրված ԿԸՀ հրապարակած վերջնական տվյալների և  ընտրական հանձնաժողովների կազմած տվյալների թվային անհամապատասխանությունները: Բոլոր դեպքերում պաշտոնական տվյալներում  Վ. Մանուկյանի քվեները գրեթե կիսով չափ պակասեցված են, Լևոն Տեր Պետրոսյանինը` նույնքան ավելացված:

Օրինակ՝ Արմավիրի մարզում Մանուկյանի վստահված անձանց կողմից վերահսկվող 103 տեղամասերում Մանուկյանը ստացել էր 42940 ձայն` 65,1/30,8 տոկոս հարաբերակցությամբ հաղթելով Տեր-Պետրոսյանին: Սակայն  նշված տվյալներին գումարելով չվերահսկված 25 տեղամասերի արդյունքները` պաշտոնապես հայտարարվել է, որ Մանուկյանը Արմավիրի մարզից  հավաքել է 41386 ձայն:

Ներկայացված էր  նաև վկաների ցանկ, որոնք դատարանում կարող էին  վկայություն տալ խախտումների վերաբերյալ:

Չնայած ծանրակշիռ փաստարկներին` 1996-ին ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը և անգամ մերժվեց պատահականության սկզբունքով երեք ընտրատեղամասում վերահաշվարկ կատարելու պահանջը, երբ հանրությունը ոտքի էր կանգնել:

Հեռուստատեսությամբ էլ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը  հայտարարեց. «Եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոս ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու ու չեն ընդունել»:

Այս անգամ  նման հայտարարություններ չեն եղել, մարդկանց հավաքների ազատության իրավունքն էլ չի սահմանափակվել:

Նշենք, որ այս ընտրություններից հետո սահմանված ժամկետում   ներկայացվել է   ընդամենը 12 դիմում-բողոք, որոնցից, ըստ ԿԸՀ-ի, օրենքի տառին համահունչ կազմված է եղել միայն մեկը:

Հարց է առաջանում, թե ինչու նախագահի աթոռին հավակնող անձն իր համար չէր ստեղծել համապատասխան թիմ, որն ընտրատեղամասերում պատշաճ հսկողություն կիրականացներ և գրագետ դիմում-բողոք կկազմեր՝ ներկայացնելով ընտրախախտումների վերաբերյալ փաստեր: Ի վերջո,  մեր օրերում, տեխնիկայի այս առաջընթացի պայմաններում շատ ավելի հեշտ է արձանագրել տեսած ընտրախախտումը, քան դա հնարավոր էր 1996-ին:

Հ.Գ.

Չնայած երկու թիմերի գործելաոճի և իրավիճակի տարբերությանը, Մարգո Ղուկասյանի` 1996-ի սեպտեմբերի 27-ին գրած այս տողերն այսօր էլ արդիական են.

«Այսօր մեր ժողովուրդը  որքան երջանիկ կլիներ, եթե առավելագույն ձայներ հավաքած նախագահական երկու թեկնածուներից  որևէ մեկը, առանց  դույզն-իսկ կասկածանքի տեղիք տալու, հաղթանակած լիներ: Հավաքականությունը, ժողովուրդը բազմաթիվ հատկությունների կողքին ունի նաև  արդար մանկանը բնորոշ մի հատկություն` խաբվել չի սիրում: Իսկ երբ կասկածում է, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի ոչ թե սրել իրավիճակը, այլ հանդարտորեն, փաստերով համոզել` ճշմարտությունն այս է: …Մեզ մնում է պատկերացնել այն ժողովրդի վիճակը, որի կա՛մ կեսից մի քիչ ավելին, կա՛մ  կեսից մի քիչ պակասը կասկածում է ընտրությունների օրինականությանը, այ, այդ կասկածներն են, որ պետք է ամեն գնով փարատվեն: Հավատն է ապրեցնում մարդկանց: Միացյալ ուժերով անենք ամեն ինչ, որպեսզի մարդկանց հոգիներում ամրանա հավատն իր երկրի  իշխանությունների, իր ընդդիմության, իր նախագահի հանդեպ: Անենք ամեն ինչ, որ նախագահին շնորհավորողների թիվը եռապատկվի: Այդ դեպքում միայն ապրելը հեշտ կլինի»:

Բավարարվեցինք թվացյալ քաղաքակիրթ ընտրություններով

Election 2013Հայաստանի երրորդ Հանրապետության նախագահական վեցերորդ ընտրություններն այլևս պատմություն են: Նախագահի աթոռի համար պայքարում էին յոթ թեկնածուներ, չնայած բուն պայքարը նրանցից երկուսի միջև էր:  Քվեների 58,67 տոկոսով վերընտրվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը քվեների 36,75 տոկոսով:

Միջազգային դիտորդներն ընտրություններում առաջընթաց նկատեցին և այն մեկ քայլ առաջ համարեցին` նշելով, որ նկատված մանր-մունր խախտումներն արդյունքների վրա ազդել չէին կարող:

Այն, որ այս նախագահական ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից տարբերվում էին, փաստ է: Ընդ որում, տարբերությունները մեկ-երկուսը չեն:

Գյուղապե՞տ  էինք ընտրում, թե՞ երկրի  նախագահ… Ո՞րն  էր անտարբերության պատճառը

Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, կարծես ընտրում էինք ոչ թե երկրի նախագահ, այլ ինչ-որ կորած-մոլորած գյուղի գյուղապետ: Վերաբերմունքն ընտրական գործընթացին նման տպավորություն է թողնում:

Նախ` նախագահական վեցերորդ ընտրությունները նշանավորվեցին վստահված անձանց բացակայությամբ: Տողերիս հեղինակն ընտրությունների օրն այցելել է Երևանի տարբեր համայնքների 14 ընտրատեղամաս: Տեղամասերից մեկում վստահված անձինք ընդհանրապես չեն եղել, 6-ում վստահված անձ ունեցել է միայն Սերժ Սարգսյանը, մնացած ընտրատեղամասերում վստահված անձ ունեցել է նաև թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վստահված անձանց բացակայությունը մի փոքր տարօրինակ է, մանավանդ որ մինչ ընտրությունները բոլոր յոթ թեկնածուները վստահաբար հայտարարում էին, թե իրենք են հաղթելու, ֆավորիտ թեկնածուն իրենք են: Այդ ինչպե՞ս պատահեց, որ «ֆավորիտ» թեկնածուները գեթ մեկ վստահված անձ չունեցան:

Իրավիճակն այնքան արտառոց էր, որ տարբեր ընտրատեղամասերում աշխատող լրագրողներս միմյանց հետ կապ էինք հաստատում`  ճշտելու` արդյոք ամեն տեղ նո՞ւյն վիճակն է: Պարզվեց, որ այո, ամենուրեք վստահված անձանց դեֆիցիտ էր:

2012-ի խորհրդարանական ընտրություններին ԱԺ մտնելու համար իսկապես պայքարող բոլոր քաղաքական ուժերը գրեթե բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք ունեին, երբեմն նույնիսկ երկուսն ունեին, եթե նաև մեծամասնական թեկնածու կար: Որոշ ընտրատեղամասերում վստահված անձինք ունեին անգամ Կոմունիստական և Դեմոկրատական կուսակցությունները:

Այս անգամ այդ ռեսուրսը կարծես հօդս էր ցնդել:

Այս ընտրությունների երկրորդ առանձնահատկությունը դիտորդների պակասն է: Վերջին խորհրդարանական ընտրություններին հետևում էին 16 հազար տեղական և մոտ 650 միջազգային դիտորդներ: Նախագահական ընտրություններին հետևող դիտորդների թիվն   առնվազն կրկնակի պակաս է` այս անգամ ԿԸՀ-ում գրանցվել էին 7000 տեղական և միջազգային դիտորդներ:

Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ անհնար էր որևէ ընտրատեղամաս մտնել և տեղում միակ դիտորդը լինել, ապա այս անգամ դա սովորական երևույթ էր: Գրանցամատյաններն այս ընտրություններին գրեթե դատարկ մնացին. օրվա վերջին գրանցամատյաններում էջի կեսն էլ չէր լրացել, մինչդեռ ԱԺ ընտրությունների ժամանակ օրվա երկրորդ կեսին գրանցամատյանում մի քանի էջ արդեն լրացված էր:

Նշված  երկու առանձնահատկություններով էլ պայմանավորված է ընտրությունների  երրորդ բնորոշ գիծը. չկան դիտորդներ և վստահված անձինք, չկան նաև ընտրախախտումներն արձանագրող և այլընտրանքային լրատվություն տրամադրող անձինք: Ընտրատեղամասերում ինչ ասես, կարող է պատահած լինել, բայց ոչ մեկս այդ մասին չգիտենք. չկա լրատվության աղբյուր:

Օրինակ` ընտրությունների օրն ահազանգ ստացանք, որ Մարտունիում բաց քվեարկություն է տեղի ունենում` քաղաքապետը ընտրողների հետ քվեախուց է մտնում ու «օգնում» նրանց ընտրություն կատարել, Զովունիում ընտրատուփերի մոտ մարդկանց պարտադրում են քվեաթերթիկը ցույց տալ, նոր միայն դնել ծրարը և գցել քվեատուփը, և նման բազմաթիվ այլ դեպքեր: Ամեն անգամ այն հարցին, թե տեղում դիտորդներ, վստահված անձինք  կամ լրագրողներ չկա՞ն, որ արձանագրեն, հնչում էր մեկ պատասխան` միայն հանձնաժողովի անդամներն են, իրենք էլ հանգիստ նայում են:

Երբ տեղում կան դիտորդներ և վստահված անձինք, նրանք ոչ միայն հետևում են, որ խախտումներ տեղի չունենան, այլև արձանագրում են կատարվածը, ներս մտած լրագրողի ուշադրությունն  էլ հրավիրում են իրենց նկատած խախտումների վրա: Մինչդեռ նրանց բացակայությամբ ինֆորմացիան միայն մեկ` պաշտոնական  տեսանկյունից է ներկայացվում. այն է` ամեն ինչ ընթանում է գերազանց, և վերջ:

Ստացվում է, որ այս ընտրությունները խորհրդային տարիների  իրադարձություն դարձան. ոչ թե ընտրակեղծիքներ տեղի չեն ունեցել, այլ դրանք արձանագրողներ և բարձրաձայնողներ չեն եղել:

Ընտրողները  պասիվ էին,  ոստիկաններն`  անտարբեր ու ագրեսիվ

Չորրորդ առանձնահատկությունը ընտրողների պասիվությունն էր: Եթե Աժ ընտրություններին ցանկացած տեղամասում ակտիվ շարժ էր, անգամ շատ տեղերում մեծ հերթեր էին, ապա այս անգամ նման տեսարանների ականատես չդարձանք: Պատահում էր, որ 30 րոպեի ընթացքում գեթ մեկ ընտրող չէր մտնում ընտրատեղամաս:

Չնայած դրան, նախագահական ընտրություններին արձանագրվել է 60,5 տոկոս մասնակցություն (ԱԺ ընտրություններին էլ արձանագրվել էր 62,26 տոկոս մասնակցություն):

Համատարած բնույթ էր կրում մարդկանց մեքենաներով ընտրատեղամաս բերելը: Օրենքը նման բան չի արգելում, մանավանդ որ մարդատար մեքենաների վրա ո՛չ քաղաքական ուժերի պաստառներ կային, ո՛չ դրոշներ: Բայց երևույթի ենթատեքստը ժխտել հնարավոր չէ: Ընտրողներին մեքենաներով բերելը զանգվածային բնույթ էր կրում, օրինակ` 9/27 և 9/28 ընտրատեղամասերում:

Նորագյուղում գտնվող ընտրատեղամասեր այցելության պատճառ դարձավ պատահաբար լսած խոսակցությունը, թե ինչպես են 2003-ին այստեղ ժամը 17-ի դրությամբ 100 տոկոս մասնակցություն ապահովել ու փակել ընտրատեղամասը: Պարզվեց, որ այս անգամ ընտրատեղամասում ակնկալում են ոչ թե 100 այլ 60-70 տոկոս մասնակցություն: Միմյանցից մեկ պատով բաժանված ընտրատեղամասերի նախասրահում սևահեր մի կին` Միրզոյան Իրինան,  դուրսուներս էր անում` ամեն անգամ 10-15 հոգանոց խումբ ներս բերելով: Արագ-արագ մարդկանց հուշում էր, թե ով որ ընտրատեղամաս մտնի: Մարդիկ էլ ընտրելուց հետո մոտենում ու կարծես զեկուցում էին` ընտրեցինք: Ապա ընտրածների խումբը դուրս էր գալիս նույն կնոջ ուղեկցությամբ, քիչ անց նորն էր ժամանում: Սևահեր կինը, որ որևէ վկայական չուներ փակցված (իսկ ընտրատեղամասում առանց վկայականի գտնվելու իրավունք չկա) ներկայացավ որպես ՀՀԿ դիտորդ:

Մյուս ուշագրավ երևույթը ոստիկանների ագրեսիվ տրամադրվածությունն էր ու անտարբերությունը: ԱԺ ընտրությունների ժամանակ, եթե ոստիկանը հանկարծ օբյեկտիվում էր հայտնվում առանց պատշաճ տեսքի, օրինակ` առանց գլխարկի, անմիջապես իրեն կարգի էր բերում ու խնդրում հնարավորության դեպքում լուսանկարը չհրապարակել, որ ինքն անախորժություն չունենա: Այս անգամ ոստիկաններին կարծես բոլորովին չէր հետաքրքրում, թե ինչ տեսքով են իրենք հայտնվում օբյեկտիվում, բացի այդ, ամեն հարց կամ նկատողություն ընդունում էին հարձակվողական տոնով: Օրինակ` 9/27 ընտրատեղամասում, որտեղ ոստիկանների մուտքը իրենց սենյակ ընտրասենյակի միջով էր, մինչդեռ ոստիկաններն ընտրասենյակում գտնվելու իրավունք չունեն, դիտորդը նկատեց փաստը: Ի պատասխան ոստիկանն այնպիսի տոնով ու շարժումներով վրա հասավ, որ եթե վկաներ չլինեին, գուցե հարձակվեր դիտորդի վրա:

Նաև տպավորություն կար, որ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներն ամեն կերպ խուսափում են որևէ խախտում փաստացի արձանագրելուց: Օրինակ` 8/16 ընտրատեղամասում ականատես դարձանք նման երևույթի: Ընտրության եկած քաղաքացին պարզեց, որ իր փոխարեն արդեն ընտրել են: Վերջինս բողոքելուց խուսափեց` պատճառաբանելով, որ քաշքշուկների ժամանակ չունի: Հանձնաժողովի նախագահը կնոջն առաջարկեց մեկ այլ վանդակում ստորագրել` պատճառաբանելով, թե տեղի ունեցածը տեխնիկական վրիպակ է, սխալմամբ են այլ ընտրողի տվյալները այդ քաղաքացու անվան դիմաց լրացրել:

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Նազար Դովլաթյանը  մեկ ժամ շարունակ հանձնաժողովի նախագահից պահանջեց արձանագրություն կազմել կատարված վրիպակի մասին, վերջինս այդպես էլ արձանագրություն չկազմեց` պնդելով, որ որևէ սխալ տեղի չի ունեցել:

Ամփոփելով նախագահական ընտրությունները` պետք է նշել, որ այո, առաջընթաց այնուամենայնիվ կա. այս անգամ նախորդների պես ո՛չ ընտրողներին կաշառելու դեպքերն են զանգվածային բնույթ կրել, ո՛չ բռնությունների ու ճնշումների ալիքը: Ընդհանրապես, թե՛ քարոզարշավը, թե՛ ընտրությունները շատ տարբեր էին նախորդներից: Բայց որ կարող էինք շատ ավելի լավ ու քաղաքակիրթ ընտրություններ ունենալ, անվիճելի է: Մինչդեռ այս անգամ բավարարվեցինք թվացյալ քաղաքակիրթ ընտրություններով: