Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը:
Օրակարգային առաջին հարցով ներկայացվել են ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթնաժողովի և «Post-Rio» համաշխարհային գործընթացին Հայաստանի մասնակցության արդյունքները: Անդրադարձ է կատարվել գագաթնաժողովի ընթացքում ներկայացված բնապահպանական ոլորտին առնչվող միջազգային փորձին, խնդիրներին և ձեռքբերումներին: Առաջարկվել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ «Հետ Ռիո գործընթաց»-ը համակարգելու համար, ինչն արժանացել է խորհրդի հավանությանը:
Այնուհետև քննարկվել է ՄԱԿ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման տասնամյակի իրականացումը ՀՀ-ում» ծրագրի ընթացքը: Նշվել է, որ աշխատանքներ են տարվում կրթության մատչելիության ապահովման, ուսուցիչների վերապատրաստման, ուսումնական հաստատություններում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ: Տեղեկացվել է, որ հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, աշխատանքներ են տարվում նաև դպրոցները համակարգիչներով համալրելու և հայալեզու էլեկտրոնային ուսումնական մեթոդների մշակման ուղղությամբ:
Օրակարգային հաջորդ հարցով ներկայացվել է կրթական ծրագրերի ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է նոր սոցիալական քաղաքականության դոկտրին, որի կարևորագույն ուղղություններից է՝ անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաներին կրթական ծրագրերում ընդգրկելն ու դրա միջոցով նրանց մարդկային կապիտալը հզորացնելը: Ծրագրի փորձնական փուլն իրականացվել է 2012 թվականին՝ Լոռի մարզի և Երևանի Շենգավիթ համայնքի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների համար: Արդյունքները ցույց են տվել ծրագրի կենսունակությունը և դրա շարունակության ու ընդլայնման անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է համապատասխան մեխանիզմների մշակման միջոցով ապահովել ծրագրի ինստիտուցիոնալիզացման գործընթացը: Այդ նպատակին են ծառայելու նաև հանարապետությունում ստեղծվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները:
Անդրադարձ է կատարվել նաև Կայուն զարգացումների գնահատման մոտեցումներին և խնդիրներին:
Մեկնարկում է «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները և խոչընդոտները» խորագրով գիտաժողովը
Ապրիլի 26-28-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնեն «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները և խոչընդոտները» խորագրով գիտաժողովը։
Եռօրյա գիտական տնտեսական զեկույցների քննարկումների միջոցով կգնահատվի և երիտասարդության աչքերով կկանխատեսվի Հայաստանի տնտեսության վաղվա օրը՝ զուգահեռներ տանելով մեր երկրի տնտեսական անցյալի և ներկայի միջև:
Կհնչեն ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերող 30 զեկույցներ։ Կարծարծվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքի վերլուծությունը, տնտեսության մասնավորեցումը ՀՀ-ում, մարքեթինգային, գովազդային գործունեության առանձնահատկությունները մեր երկրում, ԵՄ-ՀՀ տնտեսական համագործակցության հեռանկարները, միգրացիայի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա և այլն։
Տնտեսագիտական համալսարանի ուսանողները գիտաժողովի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, պաշտոնատար այլ անձանց հետ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն տնտեսություններին ոռոգման ջրով ապահովել է
Ի պատասխան որոշ առցանց լրատվամիջոցների հրապարակումների, թե այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր չի մատակարարվել, հայտնում ենք, որ.
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն ցրտահարության վտանգի մասին ահազանգը եւ գյուղացիական տնտեսությունների համար առատ ոռոգում ապահովելու առաջարկը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ստացել է ապրիլի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում: Չնայած տեխնիկական բարդություններին` անմիջապես անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել` գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու եւ բոլոր ջրանցքներով ջուր մատակարարելու ուղղությամբ:
Ջրամատակարարման առումով որոշակի լարվածություն է առաջացել Վեդիի տարածաշրջանում, եւ որոշում է կայացվել ջրբացթողում իրականացնել Ազատի ջրամբարից: Համակարգն աշխատել է ողջ ծավալով` փորձելով անել հնարավորը` մի քանի ժամվա ընթացքում գյուղացիական տնտեսություններին նախապես ստացված հայտերից ավելի ոռոգման ջրով ապահովելու համար:
Տեղեկացնում ենք, որ համակարգի տեխնիկական հնարավորությունները, ցավոք, ֆիզիկապես հնարավորություն չեն տալիս Արարատյան դաշտավայրի բոլոր բնակավայրերին միաժամանակ ապահովել ոռոգման ջրով:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Պետք է հասանելի լինեն դասագրքերի և շտեմարանների էլեկտրոնային տարբերակները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ վերջերս քաղաքացիներից դիմումներ է ստանում դպրոցական դասագրքերը, ինչպես նաև ընդունելության քննությունների շտեմարանները շահառուներին հասանելի դարձնելու մասին։ «Հարցը հրատապ է այն առումով, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել բոլոր հանրակրթական դպրոցներում համակարգիչ ներմուծելուն, և երեխաները կարող են դասագրքերից օգտվել համակարգչի օգնությամբ», – շեշտել է վարչապետը։ Ստանալով կրթության և գիտության փոխնախարարի հավաստիացումը, որ բոլոր դասագրքերը տեղադրված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի պորտալում, Տիգրան Սարգսյանը հավելել է. «Ուրեմն, մենք այսօր մեր քաղաքացիներին կարող ենք հայտարարել, որ Հայաստանում կիրառվող բոլոր դասագրքերը տեղակայված են կրթական պորտալում, և երեխաները, ծնողներն ազատորեն և անվճար կարող են օգտվել դրանցից։ Ճիշտ կլինի, որ ընդունելության քննությունների շտեմարանները նույնպես անվճար հասանելի լինեն մեր քաղաքացիներին։ Քանի որ պետական քննություններն անցկացվում են այդ շտեմարաններով, ուրեմն` պետությունը ճանաչել է դրանք, և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան օգտվել դրանից։ Շտեմարաններով բիզնես անելը ճիշտ չէ»։
Կանոնակարգվում է էլեկտրոնային կրիչների առևտուրը
Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը` կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ` ի հայտ եկած դժվարությունները վերացնելու և տարընթերցումները հստակեցնելու նպատակով։ Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվում իրացնել մինչև 2012 թ. նոյեմբերի 15-ը Հայաստան ներմուծված կամ Հայաստանում արտադրված, սակայն չդրոշմավորված և չիրացված կրիչները։ Հարցի քննարկման ժամանակ ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այն մտավախության, որ տնտեսվարողներին այս անգամ ընդառաջելուց հետո, որպեսզի նրանք վաճառեն պահեստներում կուտակված կրիչները, նույն հարցը չի՞ առաջանա արդյոք մեկ տարի անց, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արդարադատության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաև ՊԵԿ նախագահը հավաստիացրել են, որ առաջարկվող որոշման նախագծում հաշվի են առնված հնարավոր հետևանքները։ Ըստ վարչապետի դիտարկման մարդիկ նախապատվությունը տալիս են հազար դրամով անօրինական կրիչ` խտասկավառակ գնելուն, երբ օրինականը 5-6 անգամ ավելի թանկ է։ Այնուամենայնիվ, կառավարությունն ընդունել է պաշտոնյաների հավաստիացումը, իսկ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է երեք ամսից կրկին անդրադառնալ հարցին։
ՀՀ կառավարությունը թույլատրել է «ԱՄԱ կոմպրեսոր» համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2013 թ. դեկտեմբերի 8-ը։ Ընկերությունը 2012 թ. ընթացքում մեկ տարի ժամկետով ՀՀ մաքսային տարածք է ներմուծել գազի երկու կոմպրեսոր, էլեկտրական երկու շարժիչ և կոմպրեսորային յուղ։ Տեխնիկական որոշ ցուցանիշների փոփոխության պատճառով տեղում արտադրվող սարքավորումների ժամկետը փոխվել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել վեց ամսով հետաձգելու նաև մաքսային ռեժիմի ժամկետը։ Որոշման ընդունմամբ ոչ միայն կստեղծվի վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորություն, այլև կկայունանա ընկերության ֆինանսական վիճակը, կպահպանվեն ստեղծված աշխատատեղերը։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք վերաբերում են գանգատարկման խորհրդի ստեղծմանը և վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկմանը։ Ի պատասխան վարչապետի հարցի` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը և ՊԵԿ նախագահը դրական են գնահատել երեք տարուց էլ պակաս ժամանակում հանձնաժողների գործունեությունը։
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Սահմանվել է, որ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների, փրկարար ծառայության ծառայողների համար նախատեսված առողջության ապահովագրության բազային փաթեթի ապահովագրավճարի չափով գումարների հանրագումարը տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարությանը` նշված շահառուների և նրանց ընտանիքի անմիջական անդամների համար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորում իրականացնելու նպատակով։
Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությանը համակարգչային նոր ծրագրերի ձեռքբերման նպատակով հատկացվել է 17 մլն դրամ։ Նոր ծրագրերի օգնությամբ իրականացվելու են նոր ծառայություններ, հսկիչ գների սահմանում և հսկողություն, բյուջետային փոխանցումների վերահսկում, գանձապետական հաշիվների միասնական տեղեկատուների ստեղծում և կատարելագործում և այլն։
Կառավարությունը սահմանել է ռադիոակտիվ հոսքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման կարգը, որի համաձայն կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, կկարգավորվեն գործընթացի հետ կապված հարաբերությունները։
ՀՀ կառավարությունը Երևանի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող Չափագիտության ազգային ինստիտուտի շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման աշխատանքների համար իր պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 343 մլն դրամ։ Սահմանվել է, որ այդ աշխատանքների, ինչպես նաև Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության ծառայություններն իրականացվելու են բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու։
2014 թ. կանցկացվի գյուղատնտեսության համատարած հաշվառում
ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թ. հոկտեմբերի 11-ից 31-ը ներառյալ անցկացվելու է ՀՀ գյուղատնտեսության համատարած հաշվառում։ Մինչ այդ` 2013 թ. հոկտեմբերի 11-ից 31-ը ներառյալ Արարատի մարզի Շահումյան, Ազատավան և Նոր Խարբերդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի, Տավուշի մարզի Գանձաքար և Այգեհովիտ գյուղական համայնքներում, Բերդ քաղաքային համայնքում անցկացվելու է փորձնական հաշվառում։ Գյուղատնտեսական համատարած հաշվառումը հնարավորություն կընձեռի ձևավորել վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ, հստակեցնել գյուղատնտեսության` որպես ձեռնարկատիրության առավել մանրամասն կազմն ու կառուցվածքը և այլն։ «Մենք Հայաստանի Հանրապետությունում համատարած գյուղատնտեսական հաշվառում առաջին անգամ ենք անցկացնում, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Առաջին անգամ պատկերացում ենք ունենալու, թե գյուղատնտեսությունում ինչ հողեր ունենք՝ դրանց տեսակները, կենդանիների գլխաքանակը, շինությունները, քանի զբաղված ունենք գյուղատնտեսությունում և այլն։
Թանկ հաճույք է։ Մենք պետք է բավական ակտիվ աշխատենք դոնորների հետ, որպեսզի ֆինանսական միջոցներ հայթայթենք։ Հիմնական ծախսերը լինելու են 2014 թվականին։ Սա համապետական նշանակություն ունեցող միջոցառում է, և կառավարությունից պահանջվելու են լուրջ ջանքեր, որպեսզի այս խնդիրը կարողանանք ամբողջությամբ լուծել»։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որն ուղղված է այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքը կանոնակարգելուն։ Մասնավորապես, կբավարարվեն համայնքների վարչական սահմաններում ընդգրկված նպատակային տարբեր նշանակության պետական սեփականություն հանդիսացող հողերից այգեգործության համար հատկացված տարածքներից հողամաս ստացած քաղաքացիների սեփականության ճանաչման, իրավունքների պետական գրանցման պահանջները։
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ապահովել է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի կատարումը, լրացրել Շիրակի և Վայոց ձորի մարզերի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկերը` դրանով իսկ թարմացնելով ու արդիականացնելով աշխարհագրական անվանումների քարտադարանը։
Կապիտալ ծախսերը կհիմնավորվեն
ՀՀ կառավարությունը հաստատել է`
– պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը,
– կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, թունավոր, անցանկալի նյութերի ցանկը, որի կիրառմամբ կապահովվի կենդանական ծագմամբ սննդամթերքի անվտանգությունը մարդու առողջության և կյանքի համար,
– ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» և ՀՀ ԿԱ ոստիկանության «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն» ծրագրերի 2013 թ. նախահաշիվները։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգին», որի նպատակը միջազգային պայմանագրերով նախատեսված տնտեսական համագործակցությանբ մեխանիզմների ընդլայնումը, ինչպես նաև ոլորտում մասնավոր ներդրումները խթանող համակարգի ստեղծումն է։
Գործադիրն ի գիտություն է ընդունել «Պետական գույքի կառավարման վարչության 2011-2013 թթ. ծրագրի կատարման 2012 թ. հաշվետվությունը»։
Առաջարկվում է նոր օրինագիծ` «Դատախազական ծառայության մասին»
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դատախազական ծառայության մասին» օրենքի և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ «Դատախազական ծառայության մասին» օրենքի նախագիծը կարգավորում է դատախազության աշխատակազմում պետական ծառայության հարաբերությունները։
Նիստում հավանության է արժանացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծառայությունում նախատեսել խրախուսանքի նոր տեսակ` «Անբասիր ծառայության համար» մեդալ։
Հավանության է արժանացել Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2012 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու ՀՀ օրենքի նախագիծը։
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի և Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է վերանայել փոխնակ մայր հանդիսանալու ցուցումները և դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Նախագծի վերաբերյալ կառավարությունն առարկություն չի ներկայացրել։
Քննության է առնվել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ և փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Ըստ կառավարության եզրակացության, փաթեթի ընդունման անհրաժեշտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, ուստի հեղինակներին առաջարկվել է համագործակցել կառավարության հետ` փաթեթի ընդունման հիմնավորման դեպքում այն լրամշակելու հարցում։
Նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա կարծիքով իրավական ակտի ընդունման դեպքում նշված օրենսգրքերի դրույթները համահունչ կլինեն ՀՀ Սահմանադրությանը։ Կառավարության եզրակացության համաձայն, սակայն, փաթեթի ընդունումը ժամանակավրեպ է, և դրան կարելի է անդրադառնալ ՀՀ կառավարության ներկայացնելիք նոր օրենքի քննարկման համատեքստում։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Միջազգային համագործակցություն
Կառավարությունն իր նիստում ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում Ռուսաստանի ռազմակայանի տեղաբաշխման կետերին վերաբերող արձանագրության կատարումն ապահովելու որոշում։ Փաստաթղթի համաձայն ռազմակայանի կետերի տեղաբաշխման ցանկից հանվում և հայկական կողմին են վերադարձվում 102-րդ ռազմակայանի կողմից չօգտագործվող և ազատված օբյեկտները` Գյումրի քաղաքի N3 զինվորական ավանի տարածքում գտնվող 7.2 հեկտար հողատարածքը և N8 զինվորական ավանի տարածքում գտնվող հինգ կիսակառույց շինությունները և այլն։
Կառավարությունն իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնք թելադրված են 2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նոր խմբագրությամբ (5-րդ հրատարակություն), որին էլ համապատասխանեցվել են նախկինում հաստատված մի շարք ծածկագրեր։
Գործադրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ֆինանսավորման համաձայնագրի առաջարկը, որի համաձայն գործակալությունը, իրականացնելով ֆրանսիական կառավարության պաշտոնական օժանդակությունը, ֆինանսավորելու է տնտեսության զարգացմանը միտված մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Նիստում համաձայնություն է ստացել Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրության կնքման առաջարկությունը։
Այլ հարցեր
Կառավարությունն ընդունել է երկրի մի շարք համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ս.թ. մայիսի 26-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։ Հաջորդ որոշումներով վաղաժամկետ դադարեցվել են Շիրակի մարզի Հովիտի և Արարատի մարզի Սուրենավանի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները, նշանակվել է նրանց նոր ընտրություն, ֆինանսավորվել ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը։
ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետությունում մայիսի 5-ը նշել որպես հարկադիր կատարողի օր։
Գործադիրը որոշել է Գառնիի մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչել ՀՀ վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի անվամբ։
Կառավարության որոշմամբ Երևանի Արշակունյաց 2ա շենքի երկրորդ հարկում տասը տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հատկացվել «Երկրապահ» թերթի խմբագրությանը։
Դոլարը իջնում է
Հրատապ խորհրդակցություն գյուղնախարարությունում` սպասվող ցրտահարության վերաբերյալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր հրատապ խորհրդակցություն` նվիրված անցած գիշեր եղանակային կտրուկ փոփոխության հետևանքով հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու առանձին տարածաշրջաններում արձանագրված ցրտահարության դեպքերի գնահատմանը և առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումներին:
Նախնական տեղեկատվության համաձայն` Արտաշատի, Մասիսի և էջմիածնի տարածաշրջաններում հիմնականում տուժել են լոբազգի մշակաբույսերի և վաղահաս կատոֆիլի ցանքերը: Մասնակիորեն վնասվել են նաև խաղողի այգիները:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջից, որոշվել է առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող ցրտահարության վտանգը կանխարգելելու համար հորդորել նշված գոտիների գյուղացիական տնտեսություններին հնարավորինս առատ ոռոգել այգիներն ու բանջարանոցները, կրկին դիմել պայքարի ավանդական միջոցին` կիսաչոր բուսական մնացորդներով, աթարով կամ այլ հնարավոր միջոցներով կայուն ծխածածկույթի ստեղծմանը` ամբողջ տարածքի համար:
Գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվություն մատուցելու համար ստեղծվել են հատուկ աշխատանքային խմբեր` փոխնախարարների գլխավորությամբ, որոնք ողջ օրվա ընթացքում ԳԱՄԿ-երի մասնագետների ուղեկցությամբ կլինեն տեղերում և համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտագործողներին:
Հանրապետության 60 համայնքի համակարգչային տեխնիկա տրամադրվեց
Հանրապետության համայնքներում տեղակատվական համակարգերի ներդրման գործընթացին աջակցելու նպատակով այսօր 120 համակարգիչ, ինչպես նաեւ սքաներներ, տպիչներ, համակարգչային այլ սարքավորումներ տրամադրվեց 60 համայնքի: Տեխնիկան ձեռք է բերվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ` “Համայնքների զարգացում Հարավային Կովկասում” ծրագրի շրջանակում: Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրման ուղղությամբ Տարածքային կառավարման նախարարությունը համագործակցում է “Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն” ՀԿ-ի հետ, որի աջակցությամբ էլ իրականացվում են ՀԿՏՀ-ի ներդրման աշխատանքները:
ՀԿՏՀ-ն միասնական տեղեկատվական համակարգ է, որը նախատեսված է ապահովելու համայնքապետարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, համայնքի բյուջեի եւ գույքի կառավարումը, ֆինանսական եւ բյուջետային հաշվետվությունների ստացումը, համայնքի բնակչության հաշվառումը եւ մի շարք այլ գործառույթներ:
Միջոցառմանը ներկա փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը կարեւոր համարեց աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: “Բացի կառավարման արդյունավետությունից, այս նորամուծությունները ուղղված են նաեւ տեղական մարմինների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը, նրանց գործունեության մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն”,-նշեց Ա. Գեւորգյանը։
Ներկայումս ՀԿՏՀ է ներդրված 350-ից ավելի համայնքում, մյուս համայնքներում համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերներ հանուն ֆինանսական կայունության» ծրագիրն ամփոփեց իր գործունեությունը Հայաստանում
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության “Գործընկերներ հանուն Ֆինանսական կայունության” (PFS) ծրագիրը ս.թ. ապրիլի 23-ին նշեց ծրագրի հաջող ավարտը Հայաստանում: PFS ծրագիրը տարածաշրջանային եռամյա նախաձեռնություն էր (2010-2013թթ), որի նպատակն էր առճակատել վերջին տարիների գլոբալ ֆինանսական ճգնաժամին և խթանել ֆինանսական ոլորտի կայունությունն ու զարգացումը Եվրոպայի և Եվրասիայի 12 գործընկեր պետություններում, այդ թվում` Հայաստանում:
Վերջին երեք տարիների ընթացքում ծրագիրը համագործակցել է ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի, մասնավոր հատվածի, բիզնես ասոցիացիաների և ֆինանսական ոլորտի այլ շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխելու այն ընթացակարգերը, որոնք սահմանափակում են ձեռնարկությունների մրցունակությունը Հայաստանում: Ծրագիրը նաև օգնել է հետազոտել և փորձարկել նորարարական լուծումներ ուղղված ֆինանսական ոլորտի տարբեր հատվածներին: PFS-ը աջակցել է ՀՀ կառավարությանը հիմնել Արտահանման վարկավորման գործակալությունը, աջակցել է ՀՀ կենտրոնական բանկին մշակելու Դիլիջանի հետազոտական և ուսումնական կենտրոնի հայեցակարգը, զարգացրել է ԿԲ-ի ճգնաժամային պատրաստվածության կարողությունները, ինչպես նաև օժանդակել է ֆինանսների նախարարությանը բարելավել հաշվապահական և աուդիտորական ծառայությունների որակը:
PFS-ը աշխատել է մասնագիտական ասոցիացիաների հետ` նորացնելու ֆինանսական հաշվետվության ստանդարտները և հիմնելու էլեկտրոնային գրադարան` ֆինանսական ոլորտի մասնագետների համար: PFS-ը նաև նպաստել է պետական և մասնավոր գործընկերների միջև երկխոսությանը` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական ծառայությունների հասանելության խնդիրների լուծման նպատակով:
Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի բարձրաստիճան անձինք, մասնավոր հատվածի, մասնագիտական ասոցիացիաների և այլ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների անդամներ, որոնք զբաղվում են մասնավոր հատվածի մրցունակությանն ու կայուն տնտեսական աճին ուղղված ֆինանսական միջնորդությամբ: PFS-ի հայաստանյան համակարգողը ներկայացրեց ծրագրի նվաճումները, քաղված դասերը և ձեռնարկությունների մրցունակությունը խոչընդոտող հիմնական ֆինանսական մարտահրավերները:
Դոլարի գինը բորսայում` 413,18 դրամ
Էլի մետրոն մոռացան
Աշխարհի երկրների տնտեսության և ենթակառուցվածքների կարևորագույն բաղադրատարր է տվյալ երկրի տրանսպորտի ոլորտը, հատկապես` հասարակական տրանսպորտը: Աշխարհի մանավանդ զարգացած երկրներում հասարակական տրանսպորտը եղել և մնում է պետության ու տեղական ինքնակառավարման մարմինների կարևորագույն ոլորտներից մեկը, և այդ ոլորտում էլեկտրատրանսպորտի տեսակարար կշիռն ավելացնելու և ներքին այրման շարժիչներով աշխատող տրանսպորտի տեսակարար կշիռը հնարավորինս նվազագույնի հասցնելու միտում է նկատվում:
Աշխարhի նորմալ երկրներում հասարակական տրանսպորտը չի ծառայում շահույթ ստանալու նպատակին: Ավելին` այն միշտ եղել ու մնում է պետության կողմից հատկացվող դոտացիաների շնորհիվ աշխատող համակարգ: Հասարակական տրանսպորտի խնդիրը մարդկանց` քաղաքացիներին հասցնելն է այն տեղը, ուր նրանք ստեղծում են նյութական և ոչ նյութական բարիքներ: Ու այդ ստեղծված բարիքներից պետության ստացած եկամուտից էլ հենց փակվում է հասարակական տրանսպորտին անհրաժեշտ ծախսերի այն մասը, որը չի փակվել ուղեվճարներից:
Այս սկզբունքուվ պետությունների և խոշոր քաղաքների մունիցիպալ կառույցների համար առավել գերադասելի է հասարակական տրանսպորտի և առհասարակ տրանսպորտի ընդհանուր համապատկերի մեջ ունենալ էլեկտրատրանսպորտի ավելի մեծ տեսակարար կշիռ: Առաջին պատճառը էկոլոգիական աղտոտումն է. էլեկտրատրանսպորտն էկոլոգիապես անհամեմատ ավելի մաքուր է: Էլեկտրատրանսպորտի մեջ մտնում են երեք տեսակ` մետրո, տրոլեյբուս և տրամվայ:
Զարմանալի է, որ նավթամթերք ներկրող, բայց էլեկտրաէներգիա արտադրող ու արտահանող երկիրը, ինչպիսին Հայաստանն է, փորձեց զարգացնել ոչ թե էլեկտրատրանսպորտը, այլ ներքին այրման շարժիչներով աշխատողները: Մեր երկրում էլեկտրատրանսպորտը հոգեվարք է ապրում: Այդ ոլորտում գործում են միայն «Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ու «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ները: Հայաստան ասելով, իհարկե, պետք է հասկանալ միայն Երևանը: Եվ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում հատկապես կարևոր է շեշտել, որ հիմնական նախընտրական բանավեճերից մեծ մասամբ բացակայում է տրանսպորտի այս ճյուղերին վերաբերող հարցը:Մետրոյի ցանցի զարգացման անդրադարձ կատարվել է միայն ՀՅԴ նախընտրական ցուցակում:
Մետրոյի մասին բազմիցս ու պարբերաբար ահազանգում է «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը. «Մենք պահանջում ենք զարգացնել էլեկտրատրանսպորտը: Էլեկտրատրասնպորտի երեք տեսակ կա` մետրո, տրոլեյբուս և տրամվայ: Մեր քաղաքը միակն է մոլորակում, որտեղ վերջին 30 տարում ոչ մի մետր մետրո չի կառուցվել: Իսպանիայում` Մադրիդում, օրինակ, վերջին 5 տարում 74 կիլոմետր մետրո է կառուցվել: Մեր մետրոն չունենալուն հավասար է. երկու վագոնանոց մետրո աշխարհում ոչ ոք չունի»,- նշում էր Արմեն Պողոսյանը:
Նշենք, որ Երևանի մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան, շահագործվող գծի երկարությունը 12.1 կմ է, գոյություն ունի 45 վագոն: Սա այն դեպքում, երբ վերջին տասնամյակում միայն Մոսկվայում կառուցվել են մոտ 270 կիլոմետր մետրոյի նոր գծեր: Եվ քանի որ ամբողջ աշխարհում մետրո ունեցող քաղաքներից միայն Երևանն է, որտեղ վերջին տարիներին ոչ մի մետր մետրոյի նոր գիծ չի կառուցվել, հարց է առաջանում` ինչո՞ւ: Իհարկե` ոլորտի պատասխանատուները կնշեն, թե դա թանկ հաճույք է: Այո’, թանկ է, բայց անհնար ու անիրատեսական չէ:
Թե որտեղից կարելի է մետրոն զարգացնելու գումար «հայթայթել»
Ռուսաստանցի գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու Վ. Ա. Մնացականովն այս ուղղությամբ իր գիտական հետազոտության մեջ նշում է, որ խոշոր քաղաքների հանրային ուղևորափոխադրումները ներկայիս զարգացման մակարդակում առավել արդյունավետ իրականացվում են ռելսային արագ ոչ փողոցային տրանսպորտով: Ուստի աշխարհում ակտիվորեն զարգանում է տրանսպորտի այդ տեսակը: Այս տրանսպորտը ստորաբաժանվում է երեք տարատեսակի` մետրո, մոնոռելսային տրանսպորտ և մետրոտրամվայ: Այսօր հնարավորություններից են անվտանգության առավել բարձր աստիճանը, հարմարավետությունը, բարձր տեխնիկա-տնտեսական ակտիվությունը և հարաբերականորեն ցածր ուղեվարձի պայմաններում ինքանածախսածածկումը:
Նա նշում է նաև, որ միանգամայն պարզ է, որ էկոլոգիապես մաքուր և տնտեսող հասարակական տրանսպորտը, որը կարող է ուղևորներին առաջարկել երթևեկության ավելի անվտանգ ու հարմարավետ պայմաններ, ինչպես նաև քաղաքում տեղաշարժվելու ավելի արագ հնարավորություն, քան ավտոմեքենաները, չի կարող վնասով աշխատել:
Այնուհետև Մնացականովը բերում է մետրոյի տարբեր տարատեսակներ կառուցելու համար կատարված հաշվարկները, ըստ որոնց (դրամով հաշվարկները կատարվել են մեր կողմից. Գ.Ա.)` 1 կմ մանր ռելսային մետրոպոլիտենի համար պահանջվում է մոտ 6 մլրդ դրամ, թեթև մետրոպոլիտենի համար` մոտ 7 մլրդ 80 մլն դրամ, իսկ մետրոտրամվայի համար, որին, ի դեպ, այժմ տրվում է նախապատվություն ամբողջ աշխարհում, 1 կմ նոր գիծ կառուցելը կկազմի շուրջ 4 մլրդ 50 մլն դրամ:
Այսինքն` խոսքն իրոք բավականին լուրջ գումարների մասին է: Բայց ոչ ոք չի ասում, թե մետրոյի նոր գծեր պետք է կառուցվեն կամ նոր կայարաններ շահագործվեն հենց վաղը, մեկ շաբաթից, կամ մեկ տարում:
Երևանի քաղաքապետի որոշմամբ` նախատեսված է միկրոավտոբուսային 76 երթուղի (1565 միավոր շարժակազմ), ավտոբուսային 68 երթուղի (939 միավոր շարժակազմ) և տրոլեյբուսային 10 երթուղի (108 միավոր շարժակազմ): Ըստ քաղաքապետարանի կայքի տվյալների` Երևանում փաստացի գործում է 95 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1900 միավոր շարժակազմով: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում է մասնավոր 43 կազմակերպություն:
Հրապարակված թվերը միջինով հաշվարկելիս պարզ է դառնում, որ մեկ գծատերը սպասարկում է մոտ երկու երթուղի, և ամեն երթուղում գործում է մոտ 20 մեքենա:
Այժմ հաշվի առնենք, թե մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար տվյալ գծատերերն ինչքան գումար են ծախսում և ինչքան շահույթ են ստանում:
Այսպես. տրանսպորտային մեկ միավոր միջոցի համար երթուղիները շահագործող սուբյեկտները քաղաքապետարան մուծում են ամսական 16500 դրամ: Բացի դրանից, քանի որ նրանք ազատված են ավելացված արժեքի հարկից ու եկամտահարկից, հարկային մարմիններին մուծում են հարկային հաստատագրված վճարներ, որոնք 13 նստատեղ ունեցող մեկ միկրոավտոբուսի համար կազմում է ամսական 33800 դրամ, 14-15 նստատեղ ունեցող մեկ մեքենայի համար` 36400 դրամ: Այս վճարներին ավելացնենք նաև մեկ վարորդի համար սոցիալական և կենսաթոշակային վճարները, որոնք մոտավորապես կազմում են ամսական 12-18 հազար դրամ: Եթե մեկ տրանսպորտային միավոր համարենք մեքենան ու նրա վարորդին միասին, ապա ստացվում է, որ մեկ միավոր միջոցի համար գծատերը ամսական մուծում է` 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսի համար` 68300 դրամ, 14-15 նստատեղ ունեցողի համար` 70900 դրամ և մեկ ավտոբուսի համար` 78500 դրամ:
Այժմ հաշվենք, թե ինչքան հասույթ է ստանում գծատերը մեկ միավոր տրանսպորտային միջոցից: Չնայած այն հանգամանքին, որ որևէ մեկն ուղղակի չի կարող պաշտոնապես հայտարարել, թե ինչ գումար է սահմանված գանձել հասարակական տրանսպորտային միջոցի վարորդից, այնուամենայնիվ հենց վարորդներից արված հարցուփորձից պարզ է դառնում, որ գծատերը մեկ վարորդից օրական գանձում է մոտ 10 հազար դրամ. մի քիչ ավել կամ պակասը կարևոր չէ: Այսինքն` մեկ տրանսպորտային միջոցն ամսական 300 հազար դրամ է մուծում գծատիրոջը: Ընդունենք որ մեկ մեքենան գծատիրոջը մուծում է 250 հազար դրամ: Այժմ այդ գումարից հանենք այն մասը, որը գծատերերը մուծում են համապատասխան մարմիններին` կիրառելով ամենաբարձր` ավտոբուսների համար նախատեսված գումարը`78500 դրամը: Արդյունքում ստացվում է, որ մեկ միավոր տրանսպորտային միջոցից գծատերը ստանում է ամսական մոտ 170 հազար դրամ հասույթ: Ամենևին չմոռանալով, որ մեկ երթուղին սպասարկում է մոտ 20 միավոր տեխնիկա, ընդունենք, որ 15 միավոր է աշխատում մեկ ամսվա ընթացքում: Այդ դեպքում գծատիրոջը մուծում են մոտ 2 միլիոն. 550 հազար դրամ: Չափազանցված ընդունենք, որ ստացված գումարի մոտ 50 տոկոսը գծատերը ծախսում է տեխնիկական սպասարկման, ապահովագրական վճարների և այլնի վրա: Չնյած այդ ծախսերի մեծ մասը նույնպես վարորդն է հոգում:
Մի խոսքով, նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր հաշվարկները չափազանցված ձևով կատարեցինք գծատիրոջ օգտին, էլի արդյունքում ստացվում է, որ գծատերը մեկ երթուղուց ամսական ստանում է նվազագույնը 1-1.5 միլիոն դրամ մաքուր եկամուտ, իսկ իրականում` կրկնակի, եռակի ավելի:
Այսինքն` Երևանի բոլոր գծերը միասին վերցրած` ամսական մոտ 150-210 միլիոն դրամ եկամտի մասին է խոսքը (բոլոր հաշվարկները գծատերերի օգտին կատարելու դեպքում անգամ): Սա տարվա կտրվածքով կազմում է մոտ 2.5 մլրդ դրամ` մեր կատարած հաշվարկներով և եռակի-քառակի ավելի շատ` իրականում: Այսինքն` եթե Երևանի հասարակական տրանսպորտը տնօրինի քաղաքապետարանը, ապա մոտ երեք տարում այս ոլորտից կտնտեսի մոտ 3 կմ ամենաթանկ մետրոյի գիծ կառուցելու համար անհրաժեշտ գումար` մեր հաշվարկներով, և իրականում`6-9 կմ-ի: Սա այն դեպքում, եթե չհաշվենք, թե որքան գումարներ կարող են տնտեսվել այս կամ այն «ճոխացված» միջոցառումներն իրականացնելու ժամանակ: Մի խոսքով, այնպես չէ, որ ցանկության դեպքում գումար չկա, նույնիսկ թանկ հաճույք համարվող մետրոն զարգացնելու համար: Ընդամենը ցանկություն է պետք, որ մեկ քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում մետրոյի նոր կայարան հնարավոր լինի կառուցել:
Դոլարը իջնում է
ՀԱՄՀ խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումները և հիմնադրամի առաջիկա ծրագրերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի և նախորդ նիստի արձանագրության քննարկումից և հաստատումից հետո վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում և 2012 թվականին արձանագրված տնտեսական արդյունքները:
Կառավարության ղեկավարը նշել է, որ 2013 թ. առաջին երեք ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշները բավականին բարձր են, մասնավորապես, տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 8,7 իսկ ՀՆԱ-ն՝ 11,7 տոկոս: Արդյունաբերության բնագավառում արձանագրված աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15,8 տոկոս, գյուղատնտեսության բնագավառում՝ 2,3, ծառայությունների ոլորտում՝ մոտ 7 տոկոս:
«Պետք է արձանագրել, որ բացասական սալդոյի պարագայում արտահանման տեմպերը մոտ երեք անգամ շարունակում են ավելի բարձր լինել ներմուծման տեմպերից: Սա հիմնականում պայմանավորված է արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր ռազմավարությամբ: Տեսնում ենք, որ այս քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքները և մենք այն շարունակելու ենք: Պետությունն իր գործիքակազմով՝ վարկային միջոցներով, պետական երաշխավորությամբ, հարկային արտոնություններով կշարունակի օժանդակել մասնավոր հատվածին, որոնց ծրագրերն ուղղված կլինեն աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման ծավալների աճին: Կառավարությունն արդեն իսկ նման 20 ծրագիր է հաստատել:
2013 թ. պետական բյուջեն հաշվարկել ենք 6,2 տոկոսի տնտեսական աճի ցուցանիշով, իսկ առաջին եռամսյակում շոշափելիորեն՝ 7 միլիարդ դրամով գերակատարել ենք հարկային մուտքերը, քան ծրագրված էր»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ 2012 թ. կառավարությունն ավարտել է 7,2 տոկոս տնտեսական աճով: Վարչապետի խոսքով՝ կարևոր է հատկապես տնտեսական աճի կառուցվածքը և այն հանգամանքը, որ արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտները, որոնք ՀՆԱ-ի մեջ ունեն ամենամեծ տեսակարար կշիռը, ապահովել են բարձր աճի տեմպեր: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի արձանագրվել է 9,3, իսկ արդյունաբերության բնագավառում՝ 14,5 տոկոսի տնտեսական աճ: 48 տոկոսի աճ է ապահովվել ջրամատակարարման, վերամշակման և թափոնների կառավարման ոլորտում: Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառում արձանագրվել է 6, փոխադրումների ոլորտում՝ 14, ֆինանսական և ապահովագրական գործունեության բնագավառում՝ 23 տոկոսի տնտեսական աճ:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. շինարարության ոլորտը դուրս է եկել զրոյական մակարդակի վրա: Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ սկսած 2009 թ.-ից տնտեսության մեջ հիմնական անկումը՝ 43 տոկոս, արձանագրվել է հենց շինարարության ոլորտում: «Հետագա տարիների ընթացքում էլ շինարարությունը տնտեսության հիմնական զսպող ուժն էր: Վերջապես, 2012-ին հասել ենք զրոյական մակարդակի: Ակնկալում ենք, որ 2013 թ. շինարարությունը կսկսի վերականագնվել և ապահովել տնտեսական աճ»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները բավականին բարվոք են. բյուջետային դեֆիցիտը չի գերազանցել 3 տոկոսը, ինֆլյացիան գտնվել է ծրագրավորված ցուցանիշի՝ 4 տոկոսի շրջանակում, իսկ արտաքին պարտքը կազմել է 37 տոկոս, որը նույնպես արտաքին պարտքի թույլատրելի շեմի շրջանակներում է:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է բիզնես միջավայրի բարելավման գործընթացը և հիշեցրել, որ Համաշխարհային բանկի Doing Business 2013 զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով և աշխարհի 185 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ տեղը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բիզնես միջավայրի բարելավման աշխատանքները լինելու են շարունակական:
Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև սոցիալական, առողջապահական, տեսչական և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ու ծրագրերին:
Խորհուրդը քննարկել և հաստատել է 2012 թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական եզրակացությունը, անդրադարձել ՀԱՄՀ ապագա ծրագրերին:
Քննարկվել են արտահանման վարկավորման ապահովագրության ոլորտի զարգացման հեռանկարները
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան «ԷԿՍԱՐ» ապահովագրական գործակալության գլխավոր տնօրեն Պյոտր Ֆրադկովին: Վերջինս ներկայացրել է իր գլխավորած գործակալության գործունեությունը՝ նշելով, որ այն զբաղվում է արտահանմանն ուղղված վարկավորման ապահովագրությամբ և ներդրումներով:
«Հայաստանն արդեն սկսել է արտահանմանն ուղղված գործարքների ապահովագրությամբ զբաղվող ընկերության ստեղծման աշխատանքները: Ստացել ենք նաև Եվրոպական միության և չեխական կողմի տեխնիկական աջակցությունը»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ մշակվել է ընկերության ստեղծման մոդելն ու ճանապարհային քարտեզը:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ համագործակցության հաստատումը, փորձի փոխանակումը և այդ համատեքստում քննարկել փոխգործակցության հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտին և զարգացման հնարավորություններին:
Դոլարը`415.5 դրամ
Կմեծացվի նախարարների պատասխանատվությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։
Ի կատարումն ՀՀ Նախագահի 2013 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագրի կառավարությունը զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել է հանրապետական զորակոչային հանձնաժողով, զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։
Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում է գնումների գործընթացի կազմակերպմանը։
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջել է բազմաթիվ ՊՈԱԿ-ների և գերատեսչությունների, մասնավորապես, թատրոնների ղեկավարներին, ովքեր թերի էին համարում գնումների ընթացակարգերը, որոնցով իրենք դժվարանում էին գնում կատարել, որովհետև մրցույթների անցկացումը ժամանակի անհարկի վատնում էր։ Եվ ահա որոշմամբ նշված հաստատություններին թույլ է տրվել մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ ապրանք ձեռք բերելու ժամանակ կատարել ուղղակի գնումներ` առանց մրցույթ անցկացնելու։
Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները։ Այս որոշման վերաբերյալ նույնպես Տիգրան Սարգսյանը մեկնաբանություններ է արել. «Բոլոր նախարարներն իրենց հսկողության տակ են պահելու այս ընթացակարգը, որովհետև սա իրենց անձնական պատասխանատվության խնդիրն է, – ասել է նա։ – ՀՀ ֆինանսների նախարարությունը դուրս է բերել բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ամեն տարի մենք ձեռք ենք բերում, կրկնվող ցանկը` գրիչ, ջուր, միս, կարտոֆիլ, վառելիք և այլն։ Հսկող մարմինները հայտնաբերել են, որ շատ հաճախ կրկնվող ապրանքատեսակների ձեռքբերման գինը մրցույթով լինում է ավելի բարձր, քան դուք կարող եք այդ ապրանքը ձեռք բերել խանութում, ինչն անթույլատրելի է, հակառակը պետք է լինի` ավելի էժան, քան խանութում։ Հիմա մենք շատ կոշտ ֆիլտր ենք սահմանում։ Սահմանել ենք բոլոր այդ ապրանքատեսակների տիպերը, որոնցից այն կողմ իրավունք չկա մշտապես կրկնվող այդ ապրանքները գնել։ Եթե դուք ուզում եք ինչ-որ առանձնահատուկ գրիչ առնել կամ առանձնահատուկ թուղթ, պետք է հիմնավորեք դա։ Ինչո՞ւ է կարևոր տիպաբանությունը, որովհետև դրա վրա շատ հաճախ խաբեություն է կատարվում. ասում են, որ այսինչ շտրիխը փոխվեց, դրա համար էլ գինը բարձրացավ, հիմա այդպիսի խորամանկություն այլևս թույլ չենք տալու։ Հսկողությունն էլ լինելու է նախարարների կողմից. գինը պետք է լինի ավելի ցածր, քան այն գինն է, որ մենք այսօր հաստատում ենք։ Սա վերաբերելու է 70-80 տոկոս գնումներին. մենք և մեր հանրությունը պետք է վստահ լինենք, որ այս ապրանքը ձեռք ենք բերում այս պահի դրությամբ մանրածախ գներին համահունչ գներով։
Շատ կոշտ ֆիլտր է, քանի որ արգելում ենք դրանից բարձր գնով ձեռքբերումը և վերահսկողության պատասխանատվությունը դնում ենք նախարարների վրա։
Նախորդ նիստերից մեկում ես հանձնարարեցի, որպեսզի ֆինանսների նախարարությունը հրապարակային դարձնի այն խոշոր ձեռնարկությունների անունները, որոնք 2011 թվականի աուդիտի եզրակացությամբ ունեն լրջագույն թերություններ կամ չունեն աուդիտի եզրակացություն, ինչը նշանակում է, որ նրանց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն, և մենք այդ տեղեկությունը տրամադրենք նաև մեր հանրությանը։ Ես կարծում եմ ճիշտ կլինի, որ այն ձեռնարկությունները, որոնց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն, իրավունք չունենան մասնակցելու գնումներին։ Դա պետք է ամրագրել կառավարության որոշումով։
Համանման սկզբունք մենք որդեգրելու ենք նաև առողջապահական ծառայություններից օգտվելու ժամանակ։ Եթե նրանց ֆինանսական հաշվետվությունները թերի են կամ աուդիտորը եզրակացություն է տալիս, որ իր կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունն ունի լրջագույն թերություններ և այդ հաշվետվությունը չի արտահայտում իրականությունը, մենք այդպիսի խոշոր բուժհաստատություններին նույնպես պետք է սև ցուցակում տեսնենք և նրանց նկատմամբ շատ խիստ լինենք»։
ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է այս բովանդակությամբ որոշման նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխություններով գործադիրը շարունակել է հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումը` օպտիմալացնելով հարկային մարմնի ստորաբաժանումները և կրճատելով տարածքային հարկային տեսչություններ։
Հավանություն է տրվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությանը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու» ՀՀ օրենքի նախագծին։ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է մինչև ս.թ. ապրիլի 23-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնց հիման վրա հաշվետվությունը կլրամշակվի։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է օրենքի ծածկագրերը համապատասխանեցնել ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի 5-րդ խմբագրությանը։
Նիստում հավանության են արժանացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու ՀՀ օրենքի և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը, որոնք, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, որակապես առաջընթաց քայլ կապահովեն ոլորտի բարեփոխման ուղղությամբ։ «Բուռն քննարկումը դեռ առջևում է, – հավելել է վարչապետի պաշտոնակատարը։ – Նախատեսվում է Ազգային ժողովում լսումներ կազմակերպել և ընդունել հնարավորինս անթերի օրենքների փաթեթ»։
Գործադիրը քննության է առել Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին տալ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն։ Կառավարության եզրակացության համաձայն նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի։
Նիստում քննարկվել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Օրինագիծը, ըստ հեղինակների, նպատակ ունի ձևավորել հասարակության վստահությունն ընտրական գործընթացի և արդյունքի նկատմամբ։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախաձեռնությանը` հիմնավորելով այն։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Համալրվում է պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանը
Գործադիրը սահմանել է անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայի տվյալներն ամբողջացնելու, այդ թվում` 2012 թ. տվյալները լիազոր մարմին ներկայացնելու և դրանք պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան ներառելու կարգը, տվյալներում առկա անճշտությունները ճշտելու և տվյալներն ամբողջացնելու մեխանիզմները և այլն։
ՀՀ կառավարությունը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հատկացրել ավելի քան 28 մլն դրամ, որով համապատասխան փոփոխություններ կարվեն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տվյալների շտեմարանների կառուցվածքում` ապահովելով անհրաժեշտ տվյալներն ստանալը, պատշաճ ձևով գրանցելը, պահպանելը, սահմանված ձևաչափով արտահանելը և առցանց եղանակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրելը։ Միաժամանակ ձեռք կբերվեն համապատասխան սարքավորումներ։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացում, որոնցով կապահովվի Տավուշի մարզի համայնքներում կառուցված ոռոգման համակարգերի շահագործումը և այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը, ինչպես նաև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրով «Աջակցություն պտղի և ընկուզենու արտադրության» բաղադրիչով հիմնված «Հայկական միրգ» ԲԲԸ կանոնավոր գործունեության կազմակերպումը։
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության համաձայնագրով իրականացված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրով Շիրակի մարզի Հայկավանի և Լոռու մարզի Մեծ Այրումի համայնքներում կառուցված գազատարների շահագործումն ապահովելու նպատակով կառավարությունը նշված ծրագրով ձեռք բերված գույքի կազմից մոտ 80 մլն դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել է համայնքներին։
Աջակցություն կստանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
– տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը. ծրագրի համար ՀՀ պետբյուջեում նախատեսված է 80 մլն դրամ, որով Հայաստանի ՏՏ ոլորտը ներկայացվելու և խթանվելու է Հայաստանում և արտերկրում, անցկացվելու է հետազոտություն, հասարակական իրազեկում. երկրորդ ուղղությունը միջազգային համագործակցությունն է, որի նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը. համատեղ ծրագրեր կիրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ինթելը», «Սիսկոն», «Նեյշնլ ինսթրումենթսը», «Նոկիան» և այլ վերազգային ընկերությունները,
– պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգեր ներառված տեղեկության հավաստիությունն ապահովելու նպատակով` մասնակիցների ռեեստրը վարողին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
– «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի ՀՀ քառամյա պարբերական զեկույցին,
– Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017 թթ. ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին,
– հանրակրթական ծրագիր (ծրագրեր) իրականացնող ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու սկզբունքներին և չափանիշներին։
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կառավարության համաձայնությունն են ստացել Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, ինչպես նաև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրերի կնքման առաջարկությունները։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունների միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադրի համաձայնությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների` վճարովի գործունեության ազատ իրականացման համաձայնագրի կնքման առաջարկությունը։
Նիստում համաձայնություն է տրվել ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թ. ստորագրված Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի վարկային համաձայնագրում միջոցների վերաբաշխում կատարելու առաջարկությանը։
Ս.թ. ապրիլի 21-ից մինչև 27-ը Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների դպրոցական սպորտի առաջին միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանի շախմատի և բադմինթոնի ֆեդերացիաներին տրամադրելու համար կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է ավելի քան 1.5 մլն դրամ։ Մեկ այլ որոշմամբ նախարարությանը հատկացվել է 28 մլն դրամ, որը տրամադրվելու է Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիային` 2013 թ. մայիսի 27-ից հունիսի 1-ը Էջմիածին քաղաքում Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլի մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով։
Գյուղատնտեսության նախարարությունը բացատրություններ է տալիսՀայրենական արտադրության պանրի ծավալների կրճատման վերաբերյալ
Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով հայրենական արտադրության պանիրների ծավալների կրճատման անդրադարձների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարությունը հայտնում է.
Լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, իսկ կաթի արտադրությունը մեր հանրապետությունում կրում է խիստ սեզոնային բնույթ: Այսպես, եթե դեկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում ամսական արտադրվում է շուրջ 20 հազար տոննա կաթ, ապա մայիս-հուլիս ամիսներին կաթի արտադրության ամսական ծավալներն աճում են գրեթե 3,5 անգամ և հասնում ավելի քան 70 հազար տոննայի: Դրանով պայմանավորված, սեզոնային բնույթ են կրում նաև վերամշակող ձեռնարկությունների կողմից գնվող կաթի մթերման գները: Որպես կանոն, կաթի մթերման գներն առավելագույնի են հասնում դեկտեմբեր-մարտ ամիսներին (1 կգ-ը 170-200 դրամ), երբ կաթի արտադրության ծավալները կտրուկ նվազում են: Իսկ ապրիլ-մայիս ամիսներին, երբ կաթի արտադրության ծավալները զգալիորեն ավելանում են, կաթի մթերման գները նվազում են` հասնելով 130-150 դրամի (1 կգ-ի հաշվով): Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր և այլն), իսկ ցածր գնով և մեծ ծավալներով մթերված կաթից պատրաստում են պանիր: Ի դեպ, պանրի արտադրությունում մասնագիտացված ձեռնարկությունները (<> և այլն) ձմռան ամիսներին ընդհանրապես չեն գործում և գործունեություն են ծավալում ապրիլ-մայիս ամիսներից սկսած: Սրանով է պայմանավորված ներքին շուկայում հայրենական արտադրության պանրի ծավալների ժամանակավոր նվազումը:
Ինչ վերաբերում է անասնագլխաքանակին, ապա այն ոչ թե պակասել, այլ կտրուկ ավելացել է: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 20 հազարով, ինչը նշանակում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը կավելանա շուրջ 40 հազար տոննայով:
Ներկայումս վերամշակող ձեռնարկությունները օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները և պանրի հասունացումից հետո այն կտրամադրվի սպառողին: Ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ, պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազում` 7-10%-ի սահմաններում:
Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով հայրենական արտադրության պանիրների ծավալների կրճատման անդրադարձների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարությունը հայտնում է.
Լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, իսկ կաթի արտադրությունը մեր հանրապետությունում կրում է խիստ սեզոնային բնույթ: Այսպես, եթե դեկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում ամսական արտադրվում է շուրջ 20 հազար տոննա կաթ, ապա մայիս-հուլիս ամիսներին կաթի արտադրության ամսական ծավալներն աճում են գրեթե 3,5 անգամ և հասնում ավելի քան 70 հազար տոննայի: Դրանով պայմանավորված, սեզոնային բնույթ են կրում նաև վերամշակող ձեռնարկությունների կողմից գնվող կաթի մթերման գները: Որպես կանոն, կաթի մթերման գներն առավելագույնի են հասնում դեկտեմբեր-մարտ ամիսներին (1 կգ-ը 170-200 դրամ), երբ կաթի արտադրության ծավալները կտրուկ նվազում են: Իսկ ապրիլ-մայիս ամիսներին, երբ կաթի արտադրության ծավալները զգալիորեն ավելանում են, կաթի մթերման գները նվազում են` հասնելով 130-150 դրամի (1 կգ-ի հաշվով): Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր և այլն), իսկ ցածր գնով և մեծ ծավալներով մթերված կաթից պատրաստում են պանիր: Ի դեպ, պանրի արտադրությունում մասնագիտացված ձեռնարկությունները (<> և այլն) ձմռան ամիսներին ընդհանրապես չեն գործում և գործունեություն են ծավալում ապրիլ-մայիս ամիսներից սկսած: Սրանով է պայմանավորված ներքին շուկայում հայրենական արտադրության պանրի ծավալների ժամանակավոր նվազումը:
Ինչ վերաբերում է անասնագլխաքանակին, ապա այն ոչ թե պակասել, այլ կտրուկ ավելացել է: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 20 հազարով, ինչը նշանակում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը կավելանա շուրջ 40 հազար տոննայով:
Ներկայումս վերամշակող ձեռնարկությունները օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները և պանրի հասունացումից հետո այն կտրամադրվի սպառողին: Ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ, պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազում` 7-10%-ի սահմաններում:
Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մասնավորապես, նվազեցվել է էլեկտրոնային ստորագրության սակագինը՝ փոքր բիզնեսի համար 13 հազար դրամից այն հասցվել է 3500-ի, հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հարկային տեսչություն 12 անգամից կրճատվել է և դարձել 4 անգամ, պարզեցվել են իրավաբանական անձանց լուծարման, բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը որպես գրասենյակ փոխելու գործընթացները:
Կատարելագործվել է նաև ՀՀ մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման գործընթացը, իրականացվել է արտոնագրային վճար վճարող համարվողների հարկային բեռի և վարչարարության թեթևացում, հստակեցվել է դատական ակտերի կատարման ծառայողների կողմից արգելանքը միայն վիճարկվող գումարի չափով կիրառելու խնդիրը: Բացի այդ, կատարելագործվել է իրավաբանական անձի գրանցման գործընթացը՝ տեղեկացման թերթիկի միջոցով, ներդրվել է ՓՄՁ-ների համար պարզ հարկատեսակ՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և այլն:
Այնուհետև անդրադարձ է կատարվել ռիելթորական կազմակերպությունների համար սահմանված արտոնագրային վճարի չափի վերաբերյալ հարցին: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին իրականացնել լրացուցիչ վերլուծություն, որից հետո միայն համապատասխան առաջարկությունները ներկայացնել խորհրդի քննարկմանը:
Քննարկվել են նաև մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների կողմից պարզեցված հաշվապահական հաշվառում վարելու, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող փոքր կազմակերպությունների կողմից շրջանառության հարկի կիրառման, ինչպես նաև սննդամթերքի ներմուծման ընթացքում ներկայացվող փաստաթղթերին առնչվող հարցեր:
Ագրոտուրիզմը Հայաստանում կարող է լուրջ հաջողություններ գրանցել
Վերջին ժամանակներս բուռն ծաղկում է ապրում տուրիզմի տեսակներից մեկը` ագրոտուրիզմը:
Ագրոտուրիզմը ենթադրում է այցելուների ժամանակավոր բնակություն գյուղական վայրերում` ակտիվ հանգստի նպատակով: Սա հիանալի հանգստի ձև է այն մարդկանց համար, որոնք մշտապես բնակվում են մեծ քաղաքներում: Այցելուները նման հանգստի պայմաններում ակնկալում են վայելել բնությունը և ծանոթանալ գյուղական տարածքներին, կյանքին,ապրելակերպին, ավանդույթներին ու ծեսերին:
Հանգստի այս ձևն այցելուներին, զբոսաշրջիկներին, հատկապես` քաղաքաբնակներին, հնարավորություն է տալիս գիտելիքներ ձեռք բերելու տնտեսության վարման մասին, ծանոթանալու գյուղատնտեսական մթերքների արտադրությանը, ճաշակելու բնական, թարմ և առողջարար սննդամթերք, ինչպես և օգտվելու ոչ սովորական ժամանցի հնարավորությունից:
Հայաստանը նույնպես առանձնանում է ագրոտուրիզմի համար անհրաժեշտ հարուստ ռեսուրսներով: Մեր լեռնաշխարհի գեղատեսիլ բնությունը, անկրկնելի լանդշաֆտները, պատմամշակութային և բնական հուշարձանները, հարուստ բուսական աշխարհը, հայկական խոհանոցի յուրահատկությունները և ավանդական հյուրասիրությունը կարևոր գործոններ են ներքին և արտաքին զբոսաշրջության, հատկապես` ագրոտուրիզմի զարգացման համար:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում զբոսաշրջության այս ուղղությունը բուռն զարգացում է ապրում: Ի դեպ, ագրոտուրիզմի զարգացումն ուղղակիորեն կապված է ուրբանիզացման գործընթացների հետ: Այսինքն` քաղաքային բնակավայրերի և բնակչության ավելացումը, որպես կանոն, ուղեկցվում է գյուղական բնակավայրերի և բնակչության կրճատումով: Այս երևույթը քաղաքային բնակչության համար բնությանը և գյուղական կենցաղին հաղորդակցվելու սահմանափակումներ է առաջացնում: Հետևաբար գյուղական ծագում ունեցող քաղաքային բնակչության կարոտախտը, մյուս կողմից ` առողջ ապրելակերպի համար բնական միջավայրից և օրգանական սննդամթերքից օգտվելու կարիքը ագրոտուրիզմի նկատմամբ հարաճուն պահանջարկ են առաջացնում:
Չի կարելի թերագնահատել ագրոտուրիզմի ազդեցությունը տուրիզմի ոլորտի, մարզերի համաչափ զարգացման, տնտեսության զարգացման և այլ առումներով: Սա յուրաքանչյուր գյուղաբնակի հնարավորությունն է տնտեսությունը կամ բիզնեսը դարձնելու ավելի բազմազան, ընդլայնելու այն, որպեսզի հաճախորդներ հրապուրելու միջոցով ավելացնի եկամուտը:
Ագրոտուրիզմը հնարավորություններ է ստեղծում շեշտադրելու գյուղատնտեսական բիզնեսի առանձնահատուկ ճյուղերը` գինեգործարաններ, պանրի և կաթի արտադրություն, պտղատու այգիներ, գյուղաշխարհի գեղեցկություն, որակյալ մթերքներ և բնական միջավայր:
Ներկայումս ագրոտուրիզմը դարձել է ժամանակակից զբոսաշրջային արդյունաբերության կարևորագույն հատվածներից մեկը: Զբոսաշրջության էլիտար, արկածային, արշավային և այլ ձևերի համեմատությամբ` ագրոտուրիզմը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնք նպաստում են այս ձևի արագ զարգացմանը:
Նախ` ագրոտուրիզմը մատչելի է բնակչության գրեթե բոլոր խավերի համար, քանի որ համեմատաբար նվազ ծախսատար է: Օրինակ` ներկայումս ձևավորված գների պայմաններում Հայաստանի գյուղական բնակավայրերում հանգիստը մեկ մարդ-օրվա հաշվով կազմում է 5-7 հազար դրամ: Մինչդեռ սովորական հանգստյան տներում հանգստանալու համար 2-3 անգամ ավելի գումար է պահանջվում: Ընտանիքով հանգստանալու դեպքում ագրոտուրիստի ծախսերը պակասում են 35-40 տոկոսով:
Երկրորդ` ագրոտուրիզմը հիմնականում ընտանեկան տուրիզմ է, որը հնարավորություն է ընձեռում հատկապես երեխաների բարոյահոգեբանական և աշխատանքային դաստիարակության համար: Գյուղական տուրիզմը ցանկության դեպքում գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելու և գյուղական կենցաղին հաղորդակցվելու լավագույն հնարավորություններ է ստեղծում: Եվ ինչպես ասում էր XX դարի հայտնի հրապարակախոս Սիրիլ Կոննոլին. «Միայն գյուղում է հնարավոր իսկապես մերձենալ մարդուն կամ գրքին»:
Երրորդ` ագրոտուրիզմի կազմակերպումը մեծածավալ ներդրումներ չի պահանջում: Այստեղ որպես հիմնական ներդրող հանդես է գալիս գյուղական բնակչության համեմատաբար ունևոր խավը: Ուստի գյուղական զբոսաշրջության զարգացումն ինքնին կարևոր ազդակ է դառնում նաև գյուղատնտեսության զարգացման համար:
Եվ, վերջապես, ագրոտուրիզմի զարգացումը նպաստում է նաև գյուղական կյանքի աշխուժացմանը, գյուղում սոցիալական ենթակառուցվածքների և մշակույթի զարգացմանը:
Հավանաբար այս ամենը հաշվի առնելով է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ագրոտուրիզմը դեռևս 2009-ից դասել է ոլորտի գերակա ուղղությունների շարքը և առաջարկություն է ներկայացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը ծրագրային առաջնահերթությունների ցանկում ներառելու համար: Հատկապես կարևորվում է միջազգային փորձի ուսումնասիրությունը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը և ագրոտուրիզմի կառավարման արդիական համակարգի ներդրումը: Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հույս էին ներշնչում , որ մոտ ապագայում ագրոտուրիզմը կդառնա Հայաստանի տնտեսության առաջավոր ոլորտներից մեկը:
Արդեն բավական երկար ժամանակ է անցել, սակայն չենք կարողանում համապարփակ տեղեկություններ ստանալ, թե ագրոտուրիզմով զբաղվող քանի օբյեկտ է գործարկվել վերջին շրջանում, այժմ քանի նման օբյեկտներ են գործում, քանի զբոսաշրջիկի են սպասարկում և այլն: Ագրոտուրիզմով զբաղվող ընդամենը 7 հայաստանյան և 3 արցախյան կազմակերպութան մասին տեղեկություն կարողացանք գտնել «Սփյուռ» տեղեկատուի տվյալների շտեմարանում: Եվս մեկ նման ագրոտուրիստական հյուրատուն էլ` HyeLandz անունով, ներկայացված էր CTS-2013 միջազգային տուրիստական ցուցահանդեսում:
Մենք գիտենք, որ վերջին մի քանի տարիներին ՀՀ բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում այդպիսի հյուրատներ, ագրոտուրիստակյան տներ արդեն իսկ գործում են, բայց տեղեկութուններ, թե քանի նման փոքր բիզնես է գործում Հայաստանում, ինչ սկզբունքներով, ինչ գներով, պայմաններով, տուրիստական այցելությունների մակարդակով, նույնպես չհաջողվեց պարզել:
Հույս ունենք, որ այս բոլոր հարցերի պատասխանները կլինեն 2013 թ. տուրիզմի վիճակագրության մեջ:

