«Չորաթանցիների նախարարը Սեյրան Օհանյանն է»

չորաթանԱրցախյան գոյապայքարի տարիներին գյուղի զոհված չորս տղաներին այս օրերին Տավուշի մարզի Չորաթան գյուղում ավելի հաճախ են հիշում. Արթուր Ուդումյան, Մելիքսեթ Ասատրյան, Մանվել Պապյան, Յուրի Ուդումյան: Նաև նրանց շնորհիվ էր, որ հայոց պատմության մեջ գրվեց հաղթանակի փառահեղ էջը: Նրանցից երեքը զոհվեցին Շամշադինում, մեկը` Ղարաբաղում: Չորաթանի դպրոցում լավ գիտեն՝ իրենց գյուղի չորս տղաները, այդ թվում՝ Արթուր Ուդումյանը, կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի: Կրթօջախն անվանակոչել են Արթուրի անունով: Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի գերազանցիկ շրջանավարտը դասավանդում էր և 90-ականների թեժ մարտերի ժամանակ կռվում գյուղի մարտական դիրքերում՝ ղեկավարելով նաև Չորաթանի երկրապահների ջոկատը: Եվ արդեն 20 տարի գյուղի դպրոցի առաջին դասը Արթուրի խիզախ և սխրանքներով լի կենսագրությունն է բացում:
Չորաթանցի հերոս տղաների ընտանիքներն այժմ էլ իրենց որդիների ազատագրած հողի վրա են ապրում ու արարում` հայրենի Չորաթանում, որի Ներքին շեն կոչվող հանդամասի հանդեպ ադրբեջանական հավակնությունները հրադադարից 20 տարի անց էլ չեն սպառվել: Ներքին շենի ուղղությամբ կրակահերթերը հնչում են ամեն օր, հատկապես` հիմա, երբ գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջան է: Բոլորովին վերջերս ադրբեջանական դիպուկահարները կրակեցին խաղողի այգում աշխատող Զարգարյան եղբայրների ուղղությամբ (նրանցից Վազգեն Զարգարյանը, ի դեպ, Չորաթանի միջնակարգ դպրոցի տնօրենն է): Երջանիկ պատահականությամբ գնդակը մի քանի սանտիմետրով շրջանցել է այգում աշխատողներին և դիպել ծառին. «Ղարադաշ` Սև քար կոչվող բարձունքից է կրակում հակառակորդը, որտեղից մեր այգիները տեսանելի են»:
Վերջին օրերի սահմանային լարվածությունն էականորեն խանգարում է չորաթանցիներին մշակել հողը: Ճիշտ է, փոքր տրամաչափի զենքերի գնդակները Չորաթան չեն հասնում, բայց Ներքին շենն ամբողջությամբ կրակի տակ է: «Եթե գյուղացին չկարողանա հողը մշակել, ո՞նց կարող է ապրի: Մեր գյուղի հիմնական բերքը Ներքին շենից է լինում: Գյուղացին հիմնականում վարձակալական հիմունքով է մշակում հողը` ակնկալելով, որ բերքը կհավաքի ու կվճարի աշնանը, բայց եթե այսպես կրակոցները շարունակվեն, լուրջ խնդիրներ կառաջանան»:
Ներքին շենում չորաթանցիներն ունեն 30 հա խաղողի այգի, այնտեղ նաև նրանց վարելահողերն են, որտեղ ցանում են բանջարեղեն: Գյուղին պատկանող Քարափ կոչվող հողերը հիմա, ըստ գյուղապետի, ադրբեջանցիների ձեռքին են ու ականապատված:
«Որոշ ժամանակ առաջ այգիների, ավտոմեքենաների ուղղությամբ, բայց հիմա նպատակային մարդկանց ուղղությամբ են կրակում»:
Չորաթանցիները հրաժարվել են մշակել այն հողամասերը, որոնք ուղիղ թշնամու նշանառության տակ են, բայց ապահով ու անվտանգ տարածքները վարել, ցանել են, ամբարել ցորենի բերքը:
«Քանի որ գյուղը սահմանամերձ է, կառավարության որոշմամբ մեր համայնքում ևս հանվել է հողի հարկը, սա ես համարում եմ պետության կողմից մեծ օգնություն: Փաստացի 300 հեկտար հող է մշակվում, հիմնականում` հացահատիկ»,- նշում է Վարուժան Բաղմանյանը:
Նախորդ շաբաթ` հուլիսի 25-ին, ադրբեջանցիները հրդեհել են Չորաթանի այգիները, կրակն ընդգրկել է մոտ 300 մետր տարածք: Վարուժան Բաղմանյանի խոսքով` գյուղացիների և զինվորականների օգնությամբ հնարավոր է դարձել մարել կրակը և փրկել խաղողի 30 և խնձորի 4 հեկտար այգիները:
Սահմանամերձ գյուղում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրը գյուղը հարևան համայնքներին միացնող 5 կմ երկարությամբ, նաև ներհամայնքային ու դաշտամիջյան ճանապարհների բարեկարգումն է: Հրետակոծված համայնքային կենտրոնն ու մշակույթի տունը ևս վերակառուցման իրենց հերթին են սպասում: «Ճանապարհ չունենք, ոչ մի անգամ ասֆալտ չի եղել, սակայն հիմա անտանելի վիճակ է: Խոսքը Նորաշենից Չորաթան ճանապարհի մասին է: Գյուղապետարան չունենք, գնդակոծված է, կուլտուրայի տունը ևս հրետակոծված է»: Վարուժան Բաղմանյանը հավելեց նաև, որ համայնքային կենտրոնի նորոգման հարցը ներկայացվել է, որպեսզի կառավարության հրատապ ծրագրերով լուծվի:
Լուծված խնդիրներից Չորաթանում նշում են գյուղտեխնիկայի, հատկապես` կոմբայնի ձեռքբերումը, որն այս օրերին օգնում է հնձել նաև հարևան համայնքների, այդ թվում` Չինարիի արտերը: Որպեսզի գյուղում վարի գինը չբարձրանա, գյուղապետ Վարուժան Բաղմանյանն իր անձնական միջոցներով ևս մեկ տրակտոր է գնել, ինչի շնորհիվ հողը հերկելու արժեքը չի փոխվել: Չորաթանցիների խոսքով` իրենց գյուղում անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան, ինչի պատճառով ներդրողներ էլ չեն լինում:
«Պաշտպանության նախարարն է մեզ շատ օգնել, մեր նախարարից մենք անչափ գոհ ենք: Դեռ չի եղել որևէ դեպք, որ մենք աջակցություն խնդրենք` նա մերժի: Դպրոցի դասասենյակների նորոգման համար նա տրամադրել է 5 մլն դրամ: Պաշտպանության նախարարն աջակցել է նաև գյուղտեխնիկայի արդիականացման, գյուղացիներին վառելիք տրամադրելու հարցում, մի խոսքով, մեր ամեն ինչի նախարարը Սեյրան Օհանյանն է»,- կես կատակ հավելում է համայնքի ղեկավարը: Գյուղին աջակցություն է ցույց տվել նաև տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը: Նա գումար է հատկացրել մանկապարտեզի վերանորոգման ու հարևան համայնքից ջրագծի անցկացման նպատակով:
Վարուժան Բաղմանյանը արագ լուծում պահանջող հարցերից կրկին առանձնացնում է Նորաշեն-Չորաթան մոտ 6 կիլոմետրանոց ճանապարհի վերակառուցումը, նաև ոռոգման ջրի խնդիրը:
Չորաթանում հաշվառված է 1050 բնակիչ, դպրոցում սովորում է 106 երեխա: Այս տարի դպրոցն ավարտել է 5 երեխա, որոնցից մեկն ընդունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Աշակերտների թիվը նվազել է, մինչդեռ ժամանակին Չորաթանն ամենաինտելեկտուալ գյուղերից էր:Դրամատուրգ Արտաշես Քալանթարյանի գյուղի ու նրա «Մի բուռ ծիծաղի» մասին շատերը գիտեն, այստեղ հպարտանալու շատ բան ունեն: Չորաթանում են հյուրընկալվել հայ գրականության բազմաթիվ երախտավորներ` Հրաչյա Հովհաննիսյանը, Հրանտ Մաթևոսյանը, Գևորգ Էմինը, Պարույր Սևակը: Այստեղ հիշում են` երբ Սևակը գալիս էր գյուղ` ընկերոջ տուն, անգամ փարախի գործն էր ձեռքն առնում:

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անբավարար տեսողությամբ հետիոտների համար ձայնաազդանշանային սարքեր` Երևանի Ֆրանսիայի հրապարակի անցումներում

1406987858,5518Անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով օգոստոսի 2-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի խաչմերուկների հետիոտնային անցումների վրա (Մաշտոց-Բաղրամյան-Սայաթ Նովա) առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։

 

Անկախ

7 օր առաջնագծում

զինվոր է վիրավորվելՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից տարբեր ուղղություններով ձեռնարկվել են դիվերսիոն ներթափանցման փորձեր:

Հակառակորդի ներթափանցման բոլոր փորձերը, շնորհիվ հայ դիրքապահների կազմակերպված դիմադրության և բարձր մարտական պատրաստականության ու բարոյակամային հատկանիշների, ժամանակին հայտնաբերվել ու կանխվել են, իսկ վերջիններս, կրելով բազմաթիվ մարդկային կորուստներ և մարտադաշտում թողնելով նկատելի քանակությամբ սպառազինություն, հետ են շպրտվել ելման դիրքեր:

—
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Անկախ

Հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն(թարմացված)

NkrmilՕգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների,  ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Զ. Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

Հարկ է նաև նշել, որ անցած գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ են իրականացվել շփման գծի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով: Բոլոր դեպքերում էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին և հետ շպրտել իր ելման դիրքերը: Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը և հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ի լրումն այսօր մեր կողմից տարածված հաղորդագրության հայտնում ենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և երեք վիրավոր, ինչը հաստատել է նաև Ադրբեւանի պաշտպանության նախարարությունը, իսկ արևելյան /Մարտունու/ ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ և 4-ից ավելի վիրավոր: ՊԲ առաջապահ զորամասերի կազմակերպված դիմադրության արդյունքում, հակառակորդը խուճապահար ելման դիրքեր փախչելու ճանապարհին, մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ և տեխնիկական միջոցներ:Ադրբեջանական զինուժից առգրավված զինատեսակներն են՝ 1 ձեռքի հակատանկային նռնականետ, 2 ձեռքի նռնականետ /РГ-7 АТР/, 3 թերմոբարիկ նռնակ, 3 պահեստատուփի պայուսակ, 3 վառոդային լիցք, 2 ձեռքի նռնականետ /РГ-6/, 12 հատ БМГ-К տեսակի նռնակ РГ-6 ձեռքի նռնականետի համար, 2 ինքնաձիգ /АКМ, 7.62 мм/, 20 ինքնաձիգի պահունակ, 100 և 200 փամփուշտ տեղավորող գնդացրային 1-ական պահունակ, 2 կապի միջոց /Тадиран ПНР-500/, 2 հակատանկային ական /ТМ-57/, 8 մեկանգամյա նռնականետի կոնտեյներ, 2 հակատանկային ական /МОН-50/, 2 ձայնալուսային նռնակ, 1 տափաշիշ, 1 հարձակողական նռնակ, 4 նռնակ РГД-5 տեսակի, 1 ջերմացուցային նշանոց՝ իսրայելական արտադրության, 1 ձեռնաշղթա, 2 լրակազմի համազգեստ, 1 ոտնակ, 1 հասարակ ջրի շիշ՝ փաթեթավորված մեկուսաժապավենով, 1 դաշտային պայմաններում վիրավոր դուրս հանելու պատգարակ:

Հայկական դիրքապահների կողմից հակառակորդի թիկունքում գտնվող Սարիջալի բնակավայրի շրջանում դիտարկվել են նաև վայրէջք կատարող 2 ուղղաթիռներ, որոնք ամենայն հավանականությամբ ժամանել են վիրավորներին և զոհերի դիակները տեղափոխելու նպատակով:

Ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունները հայկական կորուստների մասին անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Նշված գործողությունների ընթացքում, ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, պաշտպանության բանակը տվել է 1 զոհ, երեք զինծառայողներ էլ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:Diversia_02.08.14_7Diversia_02.08.14_8Diversia_02.08.14_6Diversia_02.08.14_5Diversia_02.08.14_6Diversia_02.08.14_2Diversia_02.08.14_4

Diversia_02.08.14

Անկախ 

Բակային ճամբարները կշարունակվեն մինչև ուսումնական նոր տարվա մեկնարկը

003Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Թումանյան թաղամասի այգի, որտեղ «Երևանյան ամառ 2014» ծրագրով մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր, բովանդակալից ու լիարժեք դարձնելու նպատակով կազմակերպվել է բակային ճամբար:

Այստեղ երեխաները մանակցում են մարզամշակութային տարաբնույթ միջոցառումների և մրցույթների:

Քաղաքապետը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, իսկ երեխաներն էլ՝ ներկայացնելով իրենց տպավորությունները, ոգևորությամբ նշել են, որ միջոցառումները ոչ միայն հաճելի ժամանց են ապահովում, այլև ուսուցողական են, ինչն էլ ավելի հետաքրքիր է դարձնում իրենց առօրյան:

Պատասխանատուները զեկուցել են, որ ծրագրի մեկնարկից առ այսօր բակային ճամբարներին և միջոցառումներին մասնակցել է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 16  հազար երեխա:

Երեխաների ծնողները ևս իրենց գոհունակությունն են հայտնել երկրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ» ծրագրով կազմակերպվող բակային ճամբարներ կազմակերպելու համար, որոնք, ինչպես խոստովանել են նրանք, հետաքրքրությամբ են լցնում ոչ միայն երեխաների, այլ նաև իրենց առօրյան:

Տարոն Մարգարյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի բոլոր ծրագրերն ու նախաձեռնություններն, ըստ էության, ուղղված են երևանցիների միջավայրն առավել բարեկարգ ու գրավիչ, իսկ առօրյան էլ հագեցած դարձնելուն  և այդ տեսանկյունից կարևորել է բակային ճամբարների դերը՝ հատկապես երեխաների հանգիստը կազմակերպելու տեսանկյունից: Քաղաքապետը նաև հավելել է, որ մարզամշակութային ծրագրերը մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում և բակերում, լինելու են շարունակական:

Բակային ճամբարում կազմակերպվել է նաև համերգային ծրագիր՝ վարչական շրջանի մշակույթի տան սաների մասնակցությամբ: Միջոցառման ժամանակ փոքրիկները հնարավորություն են ունեցել շփվելու և լուսանկարվելու իրենց սիրած մուլտֆիլմերի հերոսների հետ:

Մայրաքաղաքում կազմակերպվող բակային ճամբարները շարունակվելու են մինչև ուսումնական նոր տարվա մեկնարկը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Ավան վարչական շրջանում էր

001Մայրաքաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղերում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Շինբարեկարգման տարեկան ծրագրերով, մասնավորապես, կրթամշակութային հաստատությունների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների շրջանակում թիվ 52 մանկապարտեզում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, քաղաքապետն այցելել և հետևել է տեղում: Պատասխանատուները նախ մանրամասն  ներկայացրել են վերանորոգման մեկնարկից մինչև օրս կատարված աշխատանքները՝ նշելով, որ, համաձայն նախագծի, ամբողջությամբ փոխվել են դռներն ու պատուհանները, ներկայում էլ ընթանում են խմբասենյակների և միջանցքների վերանորոգման աշխատանքները: Շրջելով հարկաբաժիններում և ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն հետևել որակի ապահովմանն ու ժամկետների պահպանմանը: Ի դեպ, 1977 թվականին հիմնադրված այս մանկապարտեզ այսօր հաճախում է շուրջ 300 երեխա:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետը նախ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ հանրակրթության ոլորտը մշտական ուշադրության կենտրոնում է և որ հատկապես վերջին տարիներին քաղաքային իշխանությունները առաջնահերթության կարգով հետզհետե լուծումներ են տալիս բոլոր այն խնդիրներին, որոնք մատնանշվում են ոլորտի պատասխանատուների կողմից. «Այդ համատեքստում մենք դեռ 2011 թվականին լուծեցինք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների ջեռուցման խնդիրը, իսկ 2012-ին էլ ամբողջությամբ ջեռուցեցինք դպրոցները: Դա իսկապես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր էր: Բայցև մանկապարտեզների շենքերի նորոգման խնդիրը ևս մեզ համար դիտարկվել է որպես առաջնահերթություն, ինչից ելնելով էլ հետզհետե լուծումներ ենք տալիս նաև այդ խնդրին: Մասնավորապես, այս տարի նախատեսել ենք 22 մանկապարտեզների նորոգման աշխատանքներ, որոնցից երեքը Ավան վարչական շրջանում է»,- նշել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև հատկանշել է, որ քաղաքապետարանի ենթակայության 159 մանկապարտեզների պահպանման ու ընթացիկ բոլոր ծախսերը հոգալու նպատակով, ընդհանուր առմամբ, այս տարի համայնքային բյուջեից շուրջ 6 մլրդ 600 մլն դրամ գումար է նախատեսվել:

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ նախորդ տարի մեկնարկած, իր ծավալներով աննախադեպ «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի, որի շնորհիվ թարմացվում և նորերով են փոխարինվում մանկապարտեզների կահույքը, խոհանոցային պարագաներն ու տեխնիկան։

«Մանկապարտեզների գույքի թարմացումը ևս առանձնակի կարևորված է մեր կողմից, ընդ որում, մենք կարևորել ենք ոչ միայն սեղան-աթոռների և մահճակալների թարմացումը, այլ նաև ծրագրում ներառել ենք խոհանոցային պարագաները, քանի որ գրեթե բոլոր մանկապարտեզներում դրանք մի քանի տասնամյակի պատմություն ունեին: Մեր ծրագրերը, անշուշտ, լինելու են շարունակական և, վստահ եմ, որ մի քանի տարի անց կունենանք ամբողջությամբ նորոգված և թարմացված գույքով մանկապարտեզներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հավելել է, որ վերանորոգման և գույքի արդիականացման ծրագրից հետո պետք է քայլեր ձեռնարկվեն նաև մանկապարտեզների տարածքների ընդլայնման ուղղությամբ:

«Այսօր քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ է հաճախում մոտ  30 հազար երեխա: Մենք քայլեր պետք է ձեռնարկենք նաև մանկապարտեզների տարածքների ընդլայնման ուղղությամբ և հնարավորություն ստեղծենք, որ հերթագրվող բոլոր երեխաները կարողանան մանկապարտեզ հաճախել: Այդ նպատակով համապատասխան ստորաբաժանումներին ես հանձնարարել եմ գույքագրել մանկապարտեզների  շենքային պայմանները և միջոցներ ձեռնարկել ու վերանայել տարիներ առաջ այլ նշանակությամբ վարձակալական կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքների պայմանագրերը»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Մանկապարտեզների նկատմամբ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար ծնողներն իրենց շնորհակալությունն ու գոհունակություն են հայտնել քաղաքապետին և նկատել, որ ստեղծված պայմանները լրացուցիչ խթան են, որ երեխաններն ավելի մեծ սիրով հաճախեն մանկապարտեզ, իսկ ծնողներն էլ վստահ լինեն, որ իրենց փոքրիկների համար ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 ԱՆԿԱԽ

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՕգոստոսի 1-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ:

Անկախ

Բիզնես դասընթացներ՝ Շիրակի մարզի սահմանամերձ 10 գյուղերում

IMG_2204«Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Երիտասարդներին նոր հեռանկարներ սահմանամերձ համայնքներում» ծրագիրը։

«Մեղվիկ» ՀԿ նախագահ Վեհանուշ Հովհաննիսյանը նշում է, որ գործունեության 26 տարիների ընթացքում կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել հանրապետության տարբեր մարզերում, սահմանամերձ համայնքներում։ Եվ շփումները ցույց են տվել, որ երիտասարդները ցանկանում են մնալ իրենց ծննդավայրում, շենացնել հայրենի գյուղը, սակայն չունեն համապատասխան գիտելիքներ, հմտություններ՝ ծրագրեր իրականացնելու համար։ Այս խնդիրը լուծելու նպատակով էլ «Մեղվիկ» ՀԿ-ն Շիրակի մարզի 10 սահմանամերձ գյուղերում (Սարագյուղ, Զորակերտ, Զարիշատ, Գտաշեն, Մեղրաշատ, Ջրափի, Երազգաորս, Շիրակավան, Իսահակյան, Լուսաղբյուր), որոնք ռազմավարական նշանակության տարածքներ են, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում իրականացնում է բիզնես դասընթացներ։

Վեհանուշ Հովհաննիսյանն ընդգծում է, որ իրենց կազմակերպության նպատակը պատանիներին ու երիտասարդներին հայրենի բնակավայրերի հետ կապելն է, իսկ դա կարելի է անել նրանց համար աշխատանքի հնարավորություններ ստեղծելով, նրանց մասնագիտական ունակությունները զարգացնելով։

Հնգօրյա դասընթացների ժամանակ մատուցվում է մանրամասն տեղեկատվություն գործարարության կարևոր քայլերի, շուկայագիտության, բիզնեսի կառավարման, բիզնես պլան կազմելու, հաշվապահություն վարելու վերաբերյալ։ Ներկայացվում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ օրենսդրական դաշտը:

ՀԿ ղեկավարն ընդգծում է, որ անցկացված սեմինարների արդյունքներն ակնառու են։ «Երբ մտնում ենք գյուղեր, տեսնում ենք մեզանից ինչ-որ բան ստանալու, մեր խորհուրդները լսելու երիտասարդների ցանկությունը։ Սարագյուղում, օրինակ, որը հարուստ է բուժիչ տարբեր խոտաբույսերով, մեր ծրագրի արդյունքում որոշվեց ստեղծել փոքր բիզնես՝ կոոպերացիայի զարգացման սկզբունքով. հիմնել խոտաբույսերից թեյի արտադրություն։ Մեկ այլ գյուղում որոշվեց զարգացնել ոչխարաբուծությունը։ Մեկ ուրիշ համայնքում էլ գյուղացիները բուրդը չէին կարողացել վաճառել, խորհուրդ տվեցի թաղիքագործությունը զարգացնել՝ բուրդն իրացնելու համար։ Զորակերտը, Զարիշատն «Արփի լիճ» ազգային պարկի գոտում են, և զբոսաշրջության զարգացման դեպքում թաղիքե աշխատանքները կարող են նաև վաճառել,- ասում է Վեհանուշ Հովհաննիսյանը՝ ավելացնելով,- կարևոր է, որպեսզի սպառողի հոգեբանությունը դուրս գա մեր միջից, փոխվի երիտասարդի մտածելակերպը, որպեսզի չգնա խամ ու խոպան, այլ հասկանա, որ իր տարածքում կարելի է շատ բան նախաձեռնել»։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը)

1406876812,9795Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 10 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նոր Նորքի անտառի կառուցապատումը անօրինական է․ Շրջանցել են փորձաքննությունը

menqenq-logoՔաղաքապետարանում վերջնականապես փլուզել են էկոլոգիական հանձնաժողովը, որպեսզի անեն ինչ և որտեղ ցանկանան:

Վերջապես այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարանը հրապարակեց իր հերքումը Նոր Նորքի անտառապուրակի ձևափոխման մասին և փորձեց մոլորեցնել լրատվամիջոցներին, պարզ է դառնում հետևյալը․

–    Քաղաքապետարանի որոշումն ու սկսած գործողությունները ապօրինի են, քանի որ ՀՀ բնապահպանության նախարարության «Փորձաքննություն» ՊՈԱԿ-ը չի անցկացրել բնապահպանական փորձաքննություն և չկա դրական կարծիք։ Այդ փորձաքննությունը օրենքով պարտադիր է 1500 քմ և ավելի տարածքի կառուցապատման համար։ Այստեղ գործ ունենք շուրջ 6 հեկտար կազմող անկանոն տնկարկներով տարածքի հետ։ Մինչև երեկվա ահազանգը այս գործողության վրա աչք է փակել նաև ՀՀ բնապահպանական տեսչությունը։

–    Նախագծի մասին վկայող միակ հանրային տեղեկությունը տեղում կախված երեք գունավոր նկարներն են (տես՝ կցված նկարը), որոնցից երևում է, որ մեծածավալ կառուցապատման աշխատանքներ են նախատեսված (ամֆիթատրոն, ճեմուղիներ, խաղահրապարակներ, թենիսի հարթակ, շատրվան, ցայտաղբյուրներ և այլն) հիմնական բետոնային աշխատանքներով։ Այսինքն հնարավոր չէ կառուցապատման փոխարեն այն անվանել բարեկարգում։

–    Տրամաբանական պետք է լիներ, որ ցանկություն կա այդ տարածքում լավ նախագիծ իրականացնել։ Սակայն, ինչպես հաճախ է լինում, ծառածածկ ռեկրեացիոն գոտին փորձում են վերածել կառուցապատված գոտու։ Տարօրինակ է այս պարագայում նաև Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր պարոն Հովհաննես Թոքմաջյանի մասնակցությունը այս նախաձեռնությանը և այդ տարածքի ընտրությունը։

–    Նոր Նորքի անտառապուրակը այն վերջին հատվածներից է, որոնք կարող են ծառայել որպես մարդու ազդեցությունից հնարավորինս զերծ մնացած էկոլոգիական գործառույթ կատարող գոտի։ Այս հատվածի կառուցապատման արդյունքում ջրաշխարհի միջև կմնա մի նեղ ծառահատված, որի կառուցապատումն էլ ժամանակի հարց է։

–    Երևանի քաղաքապետարանում վերջնականապես փլուզվել է էկոլոգիական հանձաժողովը, քանի որ այն խանգարում էր նման կամայական կառուցապատումների իրականացմանը։ Իսկ քաղաքաշինական խորհուրդն էլ այլևս նիստեր չի գումարում։ Արդյունքում, ինչպես այս դեպքում օրենքի կոպիտ խախտումներով և առանց էկոլոգների եզրակացության որոշումներ են կայացվում։

–    Այս պահին, Երևանի վերջին երեք անտառները՝ Նոր Նորքում, Մարաշում և Մոնումենտում գտնվում են տոտալ հարձակման տակ, իսկ Ծիծեռնակաբերդի անտառը տարիներ շարունակ չի ջրվում։ Թերևս այս փաստերը վկայում են քաղաքաշինական կառավարման մակարդակի և, մի կողմից որոշ այգիներ բարեկարգելով, Երևան քաղաքի թոքերը ի սպառ հիվանդացնելու մասին։

Անդրադառնալով Նոր Նորքի անտառապուրակին՝ պահանջում ենք այս պահին դադարեցնել ապօրինի գործողությունները և կառուցողական տեսանկյունից առաջարկում ենք սահմանափակել տարածքի բարեկարգումը ոռոգման համակարգի ստեղծմամբ և ծառահատվածի խտացմամբ՝ զերծ մնալով բետոնալցման աշխատանքներից և թողնելով տարածքին իր ռեկրեացիոն գործառույթը։

Այն թույլ կտա նաև միջոցներ խնայել անմիջական հարևանությամբ գտնվող մի շարք անխնամ և հենց զբոսանքի համար նախատեսված այգիներ բարեկարգելու համար։

Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են օրենքներ, որոնք պարտադիր են կատարման համար և վեր են ցանկացած անհատի կամայականություններից և ճաշակի պարտադրանքից։

Մենք վերստին շեշտում ենք, որ օրենքի խախտումը ենթադրում է պատասխանատվություն, իսկ Երևանում այլևս երկու անգամ քիչ է այն ծառերի քանակը, որոնք բավարար կլինեին երևանցիների համար թթվածին արտադրելու համար։

Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն

 

Անկախ

Գույքի դիտավորությամբ ոչնչացման 2 դեպք. վնասարարը գտնվում է հոգեբույժի հսկողության տակ

21Հուլիսի 30-ին մամուլում տեղեկատվություն է հրապարակվել, որ Իջևանի «Սուրբ Գրիգոր» մատուռը ենթարկվել է վանդալային հարձակման:
Նույն օրը, ժամը 13.30-ին, Տավուշի թեմի գործերի կառավարիչը ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ կոտրել և այրել են Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող «Սուրբ Գրիգոր» մատուռի մուտքի դուռը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Հանցագործության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.00-ին, պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1960 թ. ծնված Մարտուն Ղ.-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հունիսի սկզբին Մարտուն Ղ.-ն կոտրել և վնասել է Գետահովիտ գյուղի հարակից տարածքում գտնվող հուշաղբյուրի հուշաքարը և հուշաքարի կողքին դրված ծաղկամանը` արհեստական ծաղիկներով` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Մարտուն Ղ.-ն գտնվում է հոգեբույժի հսկողության տակ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

406.1 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

 50 միլիոն դոլարՀուլիսի 31-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.1 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.27 դրամ:

Անկախ

Ծովագյուղից Դիլիջանի թունել ճանապարհահատվածը հիմնանորոգվում է նոր տեխնոլոգիաներով

310720142ՀՀ տրանսպորտի և կապի նախարար  Գագիկ Բեգլարյանի ամենօրյա հսկողության ներքո ինտենսիվ կերպով շարունակվում ենհուլիսի 16-ին մեկնարկած Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհիհիմնանորոգման աշխատանքները:
Բարենպաստ եղանակային պայմանների  դեպքում շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին:

Ճանապարհի ամբողջ երկայնքով՝ 7480 գծամետրի վրա, աշխատանքներն իրականացվում են նոր տեխնոլոգիաներով:Ճանապարհային հին ծածկը սառը վերաօգտագործմամբ ծառայում է որպես նոր ճանապարհի հիմք: Խառնվելով ցեմենտի հետ՝հատուկ  տեխնիկայի միջոցով այն վերամշակվում է, ստեղծվում է ավելի ամուր հիմք, որի վրա տեղադրվում է երկշերտասֆալտբետոնյա ծածկ:

Մեկ օրում ասֆալտապատվում է շուրջ 500 մետր ճանապարհահատված: Ճանապարհաշինական աշխատանքներումներգրավված են «Ճանապարհ» ՍՊ ընկերության շուրջ 21 միավոր տեխնիկա և 60 աշխատակիցներ:

Ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը 1 մլրդ 180 մլն դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից:

Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարիհրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին. Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

 Անկախ

ՀՀ-ից պոտենցիալ արտագաղթող՝ 44,3 %, արդեն գնում է՝ 7,3%. սոցհարցում

Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր լրագրողներին ներկայացրին   «Արտագաղթի աշխարհագրություն» խորագիրը կրող հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է 4400 չափահասների շրջանում 2014 մայիս-հունիսին։ Առանձին մարզերում և ողջ հանրապետության տարածքում արտագաղթի միտումները ստորև՝

Կոտայքի՝           պոտենցիալ գնացողներ՝        61.5% , արդեն գնում է   5.5 %

Արագածոտն՝     պոտենցիալ գնացողներ՝       51.1%,   արդեն գնում է    8.9%

Շիրակ՝                պոտենցիալ գնացողներ՝       50.0%,   արդեն գնում է    7.7%

Վայոց Ձոր՝         պոտենցիալ գնացողներ         48,1%,  արդեն գնում է   14,48 %

Արարատ՝            պոտենցիալ գնացողներ՝       46.2%,   արդեն գնում է   7.0 %

Տավուշ՝                 պոտենցիալ գնացողներ՝       44.6%   արդեն գնում է  8.3%

Արմավիր՝             պոտենցիալ գնացողներ       41.0%   արդեն գնում է՝ 10,0 %

Սյունիք՝                պոտենցիալ գնացողներ       31.5%    արդեն գնում է՝ 3.7%

Լոռի՝                      պոտենցիալ գնացողներ      26,0%    արդեն գնում է՝ 5,5%

Գեղարքունիք՝      պոտենցիալ գնացողներ      23,3%    արդեն գնում է ՝1,4%

Միասին                 պոտենցիալ գնացողներ      42.0%    արդեն գնում է՝ 7,0%

 

Երևան               պոտենցիալ գնացողներ    39,0%    արդեն գնում է՝ 7,0%

ՀՀ՝                            պոտենցիալ գնացողներ    44,3 %   արդեն գնում է՝ 7,3%

 

«Երբ մեր վարչապետերից լսում ենք ՝ աջակցելու ենք փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, հասկանում եմ, որ նրանք արտագաղթը կանխելու համար որևէ բան չեն անում, քանի որ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը կարելի է խթանել միայն խոշորի հետ մեկտեղ։

«Մեր դիմումն է Կառավարությանը՝ խոշոր արդյունաբերությունն է անհրաժեշտ վերականգնել։ Մարդիկ թվում են շուրջ 500 գործարաններ, որոնք այժմ չեն գործում, բայց մարդիկ պատրաստ են աշխատել այնտեղ»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը՝ փաստելով, որ Հայաստանի մարզերում մեկ շնչին բաժին հասնող եկամուտը հանում է մինչև 25.000 դրամի. այդ գումարով հնարավոր չէ գոյատևել։ Արտագաղթում են նրանք, ովքեր գումար ունեն, շատերն էլ կարտագաղթեին, եթե հնարավորություն ունենաին։

Ահարոն Ադիբեկյանը խնդրի լուծում է համարում որոշ մարզերում նպատակային ծրագրերի, եկամտային քաղաքականության  իրականացումը, անհրաժեշտ են որոշակի արտոնություններ ստեղծված վիճակը հաղթահարելու համար։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը արտագաղթի աճը ոչ միայն տեղական, այլ գլոբալ միտում է. միգրացիան աշխարհում աճի միտումներ է գրանցում։ Հայաստանը զարգացող երկրների թվում է և նորմալ է, որ շատերը ձգտում են արդեն զարգացած երկրներ, սակայն հարցն այն է, որ հայերը հիմնականում գնում են ոչ թե զարգացած, այլ զարգացող երկրներ։

Վիլեն Խաչատրյանը նշում է՝ եթե արտագաղթը չենք կարող կանխել, ապա պետք է  այդ ներուժը ուղղել Հայաստանի բարեկեցությանը, պետությունը պետք է Սփյուռքի նոր օջախներ գտնի, հասկանա նրանց խնդիրները, փորձի օգնել և նոր միայն ստանա նրանցից ինչ-որ բան։

Հնարավոր է կարճատև անձրև

եղանակՀանրապետության տարածքում՝Հուլիսի 30-31-ին լեռնային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 1-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝Հուլիսի 30-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներ

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներՎարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզ:

Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով ներդրվել է շուրջ 120 մլն դրամ, որի հիմնական մասը հատկացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Եվս 12 մլն դրամ ներդրվել է համայնքի բյուջեից: Ներկայում 120 երեխա ընդունելու հնարավորությամբ մանկապարտեզ է հաճախում 110 երեխա: Նախակրթարանը համալրվել է նոր գույքով և գրենական պիտույքներով:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է Զառիթափ համայնքի մոտակայքում կառուցվող սպանդանոցի շինհրապարակ՝ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Սպանդանոցի բարձրակարգ սարքավորումները հատկացնելու է ՀՀ կառավարությունը՝ տրամադրելով 127 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ մասնավոր-պետություն համագործակցությամբ կառուցվող սպանդանոցի շինարարության համար մասնավորը ներդրել է 265 հազար ԱՄՆ դոլար, սարքավորումները կներկրվեն մոտակա ժամանակներս, իսկ սպանդանոցը կսկսի գործել մինչ տարեվերջ:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ ՀՀ-ում ներկայում կառուցվում է 5 սպանդանոց՝ երկուսը՝ Կոտայքի մարզում, ևս մեկական սպանդանոցներ՝ Վայոց ձորի, Լոռու և Արագածոտնի մարզերում: Ներկայում ընթանում են սպանդանոցների շինարարական աշխատանքները: Ծրագրի նպատակն է՝ Հայաստանի մի քանի մարզերում կազմակերպել մսամթերքի ապահով և հիգիենիկ արտադրություն:
Վարչապետի հաջորդ կանգառը եղել է մարզի սահմանամերձ Գոմք համայնքում, որտեղ բացվել է տեղի վերանորոգված համայնքային կենտրոնը: Վերջինիս վերանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության և «Քաունթրփարթ ինթերնեշնլ» կազմակերպության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: «Քաունթրփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից համայնքում բացվել է կարի ֆաբրիկա՝ 11 կարի մեքենայով, որտեղ գյուղի կանանց ուսուցանվում են կարելու հմտություններ: Համայնքում պետական աջակցությամբ և մարզպետարանի կողմից վերջին ժամանակահատվածում իրականացվել է նաև դպրոցի վերանորոգում, պարարտանյութի, սերմացուի, վառելիքի բաշխում՝ շուկայականից ցածր գնով: Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համայնքում ձևավորվել է 37 կանանցից բաղկացած գյուղատնտեսական կոոպերատիվ, կառուցվել է 40 տոննա տարողությամբ մրգի սառնարան-պահեստարան և 400 քմ մակերեսով ջերմոց:
Գոմքից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Զառիթափ, սահմանամերձ Նոր Ազնաբերդ և Խնձորուտ համայնքներ: Վարչապետը զրուցել է տեղի բնակչության հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հետաքրքրող հարցերին: Բնակչության բարձրացրած հարցերը մեծամասամբ վերաբերում էին ոռոգման ջրագծի, ճանապարհների կառուցմանը, ուսանողների ուսման վարձերին և այլ: Կառավարության ղեկավարը խոստացել է երեք համայնքների ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները դարձնել առաջնահերթություն: Այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կազմել Զառիթափի և Նոր Ազնաբերդի ոռոգման ջրագծերի նախագծանախահաշվային փաստաթղթեր և ներկայացնել կառավարություն: Խնձորուտի բնակչությանը վարչապետը տեղեկացրել է, որ տեղի ոռոգման ջրագծի կառուցման նպատակով գործադիրը հատկացրել է 41 մլն դրամ: Հովիկ Աբրահամյանը սահմանամերձ Խնձորուտ համայնքի ղեկավարին հանձնարարել է նաև ներկայացնել համայնքի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձը կառավարության կողմից փոխհատուցելու նպատակով:
Վարչապետը բնակիչների հետ զրույցում նշել է, որ սահմանամերձ գյուղերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, առաջիկայում կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքներում հաստատել ազատ տնտեսական գոտի, ինչը կնպաստի ներդրումների ներգրավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նշված համայնքների բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց այցելելու, խնդիրները լսելու և դրանց համապատասխան լուծումներ տալու համար:
Վարչապետը զրուցել է նաև Խնձորուտ համայնքին մերձակա սահմանագոտում ծառայություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանում տիրող իրավիճակով: Զինծառայողները վստահեցրել են, որ սահմանը հսկվում է ամենայն ուշադրությամբ և անառիկորեն: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար և մաղթել բարի ծառայություն:

Գյումրիում, ավագանու անդամին չեն թողել մտնի քաղաքապետարան

GyumriԱյսօր գումարվեց Գյումրու ավագանու հերթական նիստը: Նախապես հրապարակված ժամին դահլիճում ներկա էին ավագանու ընդամենը 8 անդամ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ըստ կանոնակարգի, 30 րոպեով ընդմիջեց նիստը: Դրանից հետո դարձյալ ավագանու անդամների թիվը բավարար չէր քվորում կատարելու համար, որոշ անդամներ զանգահարել ու տեղեկացրել էին, որ Երևանից են գալիս, ուր որ է կհասնեն: Ինչևէ, 1 ժամ ուշացումով և ավագանու 11 անդամով նիստը կայացավ: Հավելենք, որ Գյումրու ավագանին նման մի քայլ էլ արել էր նախորդ տարի՝ հունիսի 18-ի նիստում, դա էլ դիտարկվեց որպես բոյկոտ:

Սակայն, այսօր էլ, քաղաքապետարանում մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել. ավագանու անդամներից մեկը՝ Վահան Հունանյանը, քաղաքապետարան է ներկայացել սպորտային հագուստով, հետևաբար, մուտքի մոտ կանգնած ոստիկանները կամ թիկնապահները թույլ չեն տվել, որպեսզի վերջինս վերև բարձրանա: Անկախ-ը փորձեց կապվել ավագանու անդամի հետ՝ եղածի իսկությունը ճշտելու համար, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը:

Տեղեկացնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Գյումրու քաղաքապետարանում փակցված է գրություն, որ մուտքը սպորտային հագուստով չի թույլատրվում:

Կատարվածի շուրջ քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնեց հետևյալը. ՙԵս թիկնապահներ չունեմ, մեր շենքը հսկում է միլիցիան: Նման դեպքից ես տեղյակ չեմ՚: Իսկ հարցին, թե միգուցե ավագանու անդամներն այսօր նիստին չներկայանալով բոյկոտեցին իրենց ընկերոջ հետ կատարվածի պատճառով, քաղաքապետը չհամաձայնեց, նշելով, թե բոյկոտի դեպքում քվորում չի լինում, նիստը չեղյալ է համարվում, իսկ այսօրվա նիստը կայացավ:

Անկախ