Հյուրանոցի միջանցքում տեղադրված տեսախցիկն արձանագրել է, որ օտարերկրացու սենյակից գողությունը կատարել է շվեյցարը

շվեյցարՓետրվարի 17-ին, ժամը 22.00-ին, հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակիցը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, հյուրանոցում օթևանած օտարերկրյա քաղաքացի Ֆ.-ն իրեն հայտնել է, որ իր սենյակից գողացել են 2.300 դոլար, որից հետո աշխատակիցը միջանցքում տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը դիտելով պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում Ֆ.-ի սենյակ ապօրինի մուտք է գործել հյուրանոցի շվեյցարը` 1991 թ. ծնված Գոռ Գ.-ն:
Վերջինս բերման է ենթարկվել բաժին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանի դրամապանակում հայտնաբերվել է 1.501 դոլար, 500 ՌԴ ռուբլի, 74.000 դրամ, բանկերի պլաստիկ քարտեր, Ծաղկաձորի ճոպանողու մուտքի քարտ:
Գոռ Գ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը

SIP_1173.1ՀՀ զինված ուժերի զորամասերում փետրվարի 17-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց ձմեռային ուսումնական փուլը:

Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 17-ին հինգերորդ բանակային զորամիավորում է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին: Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել,  որ զորամիավորումն իր առջև դրված խնդիրները կկատարի պատվով և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:

Անձնակազմի հանդիսավոր քայլերթից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ի. Մաթևոսյանի ուղեկցությամբ շրջել է զորամասում, ծանոթացել զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին, տվել ցուցումներ: Զորամասի բուժկետում Ս. Օհանյանը ծանոթացել է զինծառայողների առողջական վիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ և ընդգծել, որ առավել ուշադիր վերաբերմունք պետք է ցուցաբերել զինվորների առողջության նկատմամբ:

Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման պատրվակով խոշոր բիզնես է ծավալվում

սևանա լիճՍևանա լճում, Շորժայի մոտակայքում իրականացվող պիլոտային ծրագրով նախատեսվում է առաջիկայում ընդլայնել և լճում տեղադրված նոր ցանցավանդակներում իշխանի արհեստական աճեցումը հասցնել տարեկան 50 000 տոննայի: Արհեստական աճեցումն ապահովելու նպատակով պահանջվելու է 50 000 տոննա արհեստական կեր, որը լիճը լցվելու դեպքում ջուրը կթունավորի ֆոսֆորով և ազոտով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ, ազգային պարկի նախկին տնօրեն, բնապահպան Գագիկ Սուխուդյանն ասաց, որ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման պատրվակով ստեղծվում է ձկնային խոշոր տնտեսություն, այսինքն` ծավալվում է բիզնես:

«Մենք առաջարկեցինք պիլոտային ծրագիրը չփորձարկել Սևանա լճի վրա, այլ օգտագործել արհեստական ջրամբարները` խմելու ջրով, օրինակ, Սպանդարյան ջրամբարը, Ապարանի ջրամբարը և այլն: Պետք չէ փորձարկում անել Սևանի վրա: Պիլոտային ծրագրով նախատեսվում է տարեկան 50 000 տոննա ձուկ ստանալ, որը պահանջում է ճիշտ 50 000 տոննա արհեստական կեր: Արհեստական կերի պատճառով ազոտն ու ֆոսֆորը լրացուցիչ կաղտոտեն Սևանի քաղցրահամ ջուրը»,- ասաց Գագիկ Սուխուդյանը:

Ըստ բանախոսի` Սևանա լիճն առաջին հերթին պետք է դիտել որպես քաղցրահամ ջրի պաշար` առայժմ 34 մլրդ խմ ջրի ծավալով, ջուրն ավելացնել, բարձրացնել նրա մակարդակը, չէ որ այսօր շատ երկրներում քաղցրահամ ջուրը նավթից էլ թանկ է:

Գագիկ Սուխուդյանի հավաստմամբ` եթե Սևանա լճի ջուրը չապականվի, մոտ 15 տարի հետո ոսկու գնին կհավասարվի:

«Կառավարությունը, սակայն, անտեսում է այս իրողությունը, Սևանա լճին վնասող նրա քայլերը հաջորդում են միմյանց»,- ասաց բանախոսը:

«Բարության ղողանջներ» համերգի բարի արդյունքները

բարեգործական համերգՎեցամյա Լիզա Պողոսյանի համար կազմակերպված «Բարության ղողանջներ» բարեգործական համերգին ներկա մարդիկ ոչ միայն վայելեցին հրաշալի երաժշտություն, այլև մեծապես աջակցեցին փոքրիկին:

Հայաստանի պետական կամերային նվագախումբը`  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սեդրակ Երկանյանի գխավորությամբ հանդես եկավ համերգով, որի ողջ հասույթը՝ շուրջ 400.000 դրամ, ուղղվեց վեցամյա Լիզայի բուժմանը: 85000 դրամ էլ հավաքվել էր հանգանակության արդյունքում:

Համերգին ներկա էր «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը, ով խոստացավ, որ փոքրիկի բուժման այս փուլի համար պակասող գումարը կտրամադրի «Նվիրիր կյանք» հիմնադրամը: Նախկինում ևս հիմնադրամը փոքրիկին տրամադրել էր 5000 ԱՄՆ դոլար:

Վեցամյա Լիզա Պողոսյանը գլխուղեղի քաղցկեղ ունի: Անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս փոքրիկը Մոսկվայում քիմիաթերապիայի 8 կուրս է անցել: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի շնորհիվ ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազներն սկսել են հավաքվել: Այժմ Լիզան ճառագայթում է ստանում Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտում: Ճառագայթումը շարունակելու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի:

Լիզան մինչ օրս շարունակական աջակցություն է ստանում բարեսիրտ մարդկանցից, ովքեր մշտապես դրամական աջակցություն են ցուցաբերում:  Ճառագայթումից հետո փոքրիկը կստանա ևս մի քանի քիմիաթերապիա, որից հետո ծնողների հետ կվերադառնան Հայաստան:

Եթե ցանկանում եք աջակցել փոքրիկի հետագա բուժմանը, ստորև ներկայացված են Լիզա Պողոսյանի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անվամբ բացված հաշվեհամարը:

ՎՏԲ – Հայաստան Բանկ

AMD 16004052756801

USD 16004052756802

EUR 16004052756803

RUR 16004052756804

Aրտերկրից փոխանցումների համար

VTB BANK (ARMENIA) CJSC

Yerevan, Armenia

SWIFT: ARMJAM22

ARCA կրեդիտ քարտատերերը կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960

Լիզա Պողոսյանի հայրիկի` Դավիթ Պողոսյանի հեռախոսահամարն է 0079653930701, https://www.facebook.com/HelpLiza

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. գնահատման և վերլուծության արդյունքները

005Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն վարչական շրջանները: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիր, իսկ երրորդը՝ Էրեբունի վարչական շրջանը: 2013թ. ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:

Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների կատարած աշխատանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհունակություն հայտնելով հետևողական աշխատանքի համար, այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան, և պետք է առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները. «Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով՝ մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երևանցիներին: Մեր համաքաղաքացիների սպասելիքներն, անշուշտ, ավելի մեծ են, և մենք իրավունք չունենք նրանց հուսախաբ անելու: Իսկ համեմատաբար վատ ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին կհորդորեմ վերանայել իրենց աշխատակազմերի աշխատանքն ու խստորեն հետևել ըստ ոլորտների իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:

Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ վերոնշյալ գնահատումից բացի, վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային այցերի շրջանակում է անձամբ հնարավորություն ունենում հենց տեղում տեսնելու և գնահատելու արվածն ու, ըստ այդմ, հանձնարարել է առավել հետևողական լինել տարեկան ծրագրերով նախանշված աշխատանքների սահմանված ժամանակացույցով և որակով կատարման ապահովմանը. «Բազմիցս նշել եմ, որ մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ամենաարդարացի գնահատականը մեր բնակիչներն են տալիս: Բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են, ու նաև նրանց աշխատանքով է պայմանավորված երևանցիների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Եվ ուրեմն եղեք հետևողական ու աշխատեք այնպես, որ մեր համաքաղաքացիները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից», – շեշտել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արագածոտնում, Գորիսում և Իջևանում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

զենք-զինամթերքՈստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 13.30-ին, 1951 թ. ծնված Մովսես Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի կարճեցված փողով և խզակոթով հրացան և 9 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին, 1973 թ. ծնված Արարատ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն նռնականետ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 12.20-ին, 1983 թ. ծնված Սուրեն Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 65, 5.45 մմ տրամաչափի 105 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 45 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Միլիոնը չմարսեցին

գողությունՓետրվարի 16-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Տարոնի բաժին է դիմել 1953 թ. ծնված Զոհրաբ Թ.-ն և հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով` իր բնակարանից գողացել են ավտոմեքենայի 30 մարտկոց և չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են փաստաթղթեր` պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել են 1988 թ. ծնված Արտյոմ Ն.-ն և 1984 թ. ծնված Աղասի Փ.-ն, որոնք գողոնը վերջինիս «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և թաքցրել են Արտյոմ Ն.-ին պատկանող Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի բակում տեղակայված ավտոտնակում:
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գողոնն առգրավված է:
Արտյոմ Ն.-ն և Աղասի Փ.-ն ձերբակալված են:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 12-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության` 5, յուրացման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 7 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը հովանավորում է Սասունիկի մանկապարտեզի կառուցումը

Հայաստան-համահայկական-հիմնադրամ«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում մանկապարտեզ է կառուցում: Ծրագիրը համաֆինանսավորում է Սասունիկի գյուղապետարանը:
Երկհարկանի մանկապարտեզն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 90 երեխա: Ընթացքում են հիմքերի փորման աշխատանքները:

Գյուղի նախկին մանկապարտեզը 1998թ.-ից չի գործում: «Քչերը կարող են իրենց թույլ տալ երեխային ամեն օր Աշտարակ տանել-բերել, դեռ մի բան էլ ավելի բարձր վարձավճարով»,- մտահոգություն հայտնեց համայնքի ղեկավար Արման Մարգարյանը: Համայնքի խնդիրների մասին խոսելիս գյուղապետը կարեւորեց նաեւ ոռոգման ջրի համակարգի անցկացումն ու գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Որպես ձեռքբերում գյուղապետը նշեց, որ տարեսկզբից գյուղում արդեն 23 ամուսնություն է եղել:

Սասունիկ համայնքի կազմում ընդգրկված է նաեւ Բաքվի փախստականներով վերաբնակեցված Կարին գյուղը: Համայնքի շուրջ 4000 բնակիչները հիմնականում զբաղված են խաղողագործությամբ եւ անասնապահությամբ: Ավելի քան 100 մարդ աշխատում է Սասունիկի /Armenia Wine/ գինու գործարանում:

Հանձնարարականներ ճանապարհային ոստիկանությանը` ի շահ վարորդների

ճանապարհային ոստիկանությունՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է փաստացի օտարված և համապատասխան ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման հարցում աջակցել քաղաքացիներին` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն:
Բացի այդ, ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է նաև շահագրգիռ կողմերի, մասնավորապես` ապահովագրական ընկերությունների, հասարարակական կազմակերպությունների, ինչպես և անհատ անձանց հետ ուսումնասիրել ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի, Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի համադրման արդյունքում կայացված որոշումների հիման վրա ի հայտ եկած ու տարիներ շարունակ փաստացի վաճառված, սակայն ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների սեփականատերերի խնդիրը և կարճ ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ:

Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 010- 56-45-88 հեռախոսահամարով:

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի և կապի   նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ

նկար ասուլիսիցԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և մի քանի տուժած վարորդներ` տեղեկացնելով, որ Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ:

Վարորդները նման խնդրի առջև են կանգնել այն բանից հետո, երբ 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել այն որոշումը, համաձայն որի` բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն, անկախ այն բանից` օգտագործվո՞ւմ են, թե՞ ոչ:

Վարորդ Սարգիս Մաճկալյանի խոսքով` իր «ՎԱԶ 2105» մակնիշի մեքենան վաճառել է տոնավաճառում 1988 թվականին, որից հետո չի կատարել անվանափոխություն, միայն նոտարական գրասենյակում են առք ու վաճառքը հաստատել: Հիմա փաստաթղթերն այլևս չկան, չգիտի` այդ մարդուն որտեղի՞ց գտնի:

«Այն ժամանակ լիազորագիրը բավարար էր մեքենան վաճառելու համար: Ես ընդունում եմ, որ անվանափոխություն չկատարելն իմ սխալն է, բայց հիմա ես որտեղի՞ց գտնեմ այդ մեքենան: Ինչքա՞ն պետք է վճարեմ գոյություն չունեցող մեքենայի համար: Ոտիկանությունում ինձ ասացին, որ անպայման նոտարական հաստատմամբ փաստաթղթեր պետք է բերեմ, բայց այն ժամանակ «խելքս չէր հասնում», որ 20-30 տարի հետո նման խնդրի առջև պետք է կանգնեի, որ այդ թղթերը պահած լինեի»,- ասաց Սարգիս Մաճկալյանը:

Տիգրան Հովհաննիսյանն էլ նշեց, որ Ճանապարհային ոստիկանությունից վարորդներին տեղեկացրել են, որ գնան ու գտնեն իրենց մեքենաները:

«Բայց մարդիկ ո՞նց կարող են գտնել տարիներ առաջ վաճառած մեքենաները, Ճանապարհային ոստիկանությունը պետք է գտնի, իր ռեսուրսներն ավելի մեծ են»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ, եթե այդ փաստաթղթերը չլինեն կամ մեքենան չհայտնաբերվի, վարորդները ստիպված կլինեն 10 օրը մեկ 5 հազար դրամ տուգանք վճարել:

«Թող Ճանապարհային ոստիկանությունը հետախուզում իրականացնի և գտնի մեքենաները: Այդ կերպ միայն հարցը լուծում կստանա»,-եզրափակեց բանախոսը:

 

Նախագահի ելույթը բացահայտ ճնշում է Սահմանադրական դատարանի վրա. «Դեմ եմ» նախաձեռնություն

դեմ եմ«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, անդրադառնալով ս. թ. փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթին և արտահայտած դիրքորոշմանը, այն որակում է որպես բացահայտ ճնշում ՀՀ սահմանադրական դատարանի վրա:

Այն փաստը, որ նախագահի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձևակերպումներ եվ  դրանց փոփոխումը իմաստի փոփոխման չի բերելու, մենք գնահատում ենք որպես անարգանք Սահմանադրական դատարանի ինստիտուտի հանդեպ և ակնհայտ ճնշում Բարձրագույն դատարանի վրա:

Ժողովրդավար երկրներում երբեք չեն իրականացվում փոփոխություններ, այն էլ բարեփոխում անվան ներքո, որոնց դեմ է արտահայտվում բնակչության 80% -ը: Նախագահի խոսքից ակնհայտ է, որ մենք, փաստորեն, ժողովրդավար երկրում չենք ապրում:

ՀՀ կառավարությունն ու նախագահը, մեղմ ասած, արհամարհում են ժողովրդի մեծամասնության կարծիքն ու պարտադրում իշխող նեղ խմբակի որոշումները՝ մոռանալով, որ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին: Կոչ ենք անում ՍԴ-ին չենթարկվել ճնշումներին և իր վերջնական ու պարտադրող որոշմամբ, անդավաճան մնալով իր կոչմանն ու առաքելությանը, վերահասատատել ժողովրդի իրական կամքը՝ ստիպելով կառավարությանը հարգել Սահմանադրությունը, ենթարկվել ժողովրդի կամքին ու չփորձել յուրացնել իշխանությունը:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը երբեք 8000 Կկալ-ից ցածր չի եղել. ՀայՌուսգազարդ

Վարդան ՀարությունյանՀայաստանում գազի կալորիականության վերաբերյալ այսօր տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը երբեք 8000 Կկալ-ից ցածր չի եղել:

Նրա խոսքով` ԳՈՍՏ 5542-87 համաձայն՝ Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը չի կարող 7600 Կկալ-ից ցածր լինել, սակայն այդ մինիմումը էապես գերազանցվում է:

Ընկերության գլխավոր ինժեներ Հրանտ Թադևոսյանի խոսքով` ռուսական գազի միջին կալորիականությունը կազմում է 8278 Կկալ/ քմ, իրանական գազինը՝ 8009:

«Գազի որակի մասին ինֆորմացիան հասանելի է յուրաքանչյուրին: Տասն  օրը մեկ ընկերությունը տեղեկություններ է հրապարակում հանրապետության մարզերում գազի միջին ջերմատվության վերաբերյալ»,- կլոր սեղանի ժամանակ ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Այն նկատառմանը, թե «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, ամբողջությամբ պատկանելով «Գազպրոմին», ներկայացնում է Մոսկվայի շահերը և փոխկապակցված է Հայաստանի կառավարական պաշտոնյաների հետ, Վարդան Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ցանկանում եմ հայտարարել, որ քաղաքականությունում ո’չ ես կամ, ո’չ էլ իմ կողմից ղեկավարվող ընկերությունը: Մենք կապված չենք երկրում գործող որևէ կուսակցության հետ ու միայն տեխնիկական խնդիր ենք կատարում՝ բնակչությանը գազ մատակարարելով»:

Խոհանոցային դանակով հարվածել է եղբորը

դանակահարելՓետրվարի 16-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք, ենթամաշկային հեմատոմա, դեմքի և դաստակների քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Ռոման Մ.-ն, ով հիվանդանոցում հայտարարել է, որ եղբայրը դանակով հարվածել է իրեն:
Պարզվել է, որ Ռոման Մ.-ն ստացել է բուժօգնություն և գնացել:
Նույն օրը, ժամը, 01.25-ին, Երևանի Շարուրի փողոցի 28/2 շենքից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման է ենթարկվել Ռոման Մ.-ի եղբայրը` 1975 թ. ծնված Հարություն Մ.-ն, ով բացատրություն է տվել, որ փետրվարի 15-ին, ժամը 23.30-ին, տանը, խոհանոցային դանակով հարվածել է եղբորը և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Կողոպուտ` սուպերմարկետից

կողոպուտՓետրվարի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի 2-րդ հարկի տաղավարներից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ փետրվարի 16-ի ժամը 20.00-ից մինչև փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում օդափոխության համար նախատեսված անցքով տանիքից մտնելով` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են պաշտպանիչ շերտերը, մտել սուպերմարկետի 2-րդ հարկ և տաղավարներից գողացել գումար, պայուսակներ, կոշիկներ, հագուստ, «Նոութբուք»:
Վնասի չափը պարզվում է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն: