Դեկտեմբերի 20-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 19-ին ժամը 20.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում տեղի է ունեցել ջեռուցման գազի կաթսայի պայթյուն, ինչի հետևանքով 1963 թ. ծնված Գ. Մ.-ը ստացել տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Երեկո՝ նվիրված Պարիս Հերունու հոբելյանին
Դեկտեմբերի 17-ին ռադիոֆիզիկայի, ռադիոինժեներության և ռադիոաստղագիտության ոլորտների ականավոր գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունին կդառնար 80 տարեկան։
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Պարիս Հերունու հոբելյանին։ Ներկա էին Հերունու հարազատները, աշակերտները, գիտնականներ, հյուրեր։
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Պարիս Հերունու գիտական գործունեությունն ու նրա ավանդը հայ և համաշխարհային գիտության զարգացման գործում, ներկաները դիտեցին նաև գիտնականին նվիրված փաստավավերագրական ֆիլմ։
Արևիկ Սարգսյանը Պարիս Հերունու աշակերտներից է, գիտնականի քրոջ դուստրը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Անտենային համակարգեր» ամբիոնի դոցենտ, «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ նախագահ։ Նա անգնահատելի է համարում Պարիս Հերունու ավանդը հայ գիտության մեջ. նրա աշխատանքի շնորհիվ ճշգրիտ գիտությունների հայկական դպրոցը վերահաստատեց իր առաջատար դիրքն աշխարհում։ «Պարիս Հերունու հեղինակությամբ գիտական մի շարք նոր ուղղություններ են հիմնվել աշխարհում՝ անտենայի պարամետրերի չափումը մոտակա գոտում, ռադիոհոլոգրաֆիան, բազմաճառագայթային անտենաների տեսությունը, վիճակագրությունը և չափումը, անտենային մետրոլոգիան՝ չափագիտությունը։ Կրթությունը ստանալով Մոսկվայում՝ Հերունին վերադարձել է Հայաստան և շարունակել իր գործունեությունը հայրենիքում։ Հերունու աշակերտները մինչ օրս շարունակում են նրա գիտական դպրոցի ավանդույթները»,- նշեց Արևիկ Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ մեծ է նաև Հերունու ավանդը հայագիտության զարգացման գործում։
Նշենք, որ Պարիս Հերունու հոբելյանին նվիրված միջոցառումը կազմակերպել էին «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն, «ԱՐԱՐԷ» հայագիտական հիմնադրամը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Կիսաապխտած կոկորդիլոսը մեծ պահանջարկ ունի Հայաստանում
SAS սուպերմարկետների ցանցում վերջին օրերին կիսաապխտած կոկորդիլոսի մեծ թվով պատվերներ են ստացել։ Այս մասին NEWS.am-ին ասել է սուպերմարկետի մսամթերքի բաժնի աշխատակիցը։
«Այս պահին ցանցում երեք հատ կա, բայց պատվերներ շատ ունենք, վերջին օրերին ենք բերելու»,- ասաց վաճառողուհին։
Կոկորդիլոսները ներկրվել են ԱՄՆ-ից։ Դրանց երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40 սմ, քաշը՝ 12 կգ։
Սուպերմարկետի աշխատակիցները պատմեցին, որ կոկորդիլոսը ձկան մսի համ ունի, պահպանման ժամկետը 3 ամիս է։ Մեր հարցին, թե ինչպես կարելի է երկկենցաղին պահել տան պայմաններում, որ չփչանա, սուպերմարկետում ասացին. «Կարող եք պատշգամբում պահել»։
Մեկ կիսաապխտած կոկորդիլոսն արժե 380 000 հազար դրամ։Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի հարցերով կլոր սեղան Երեւանում
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ եւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ Երեւանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) փորձագետների մասնակցությամբ:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր ՄակՔոյը: Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցեցին Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամները:
Հանդիպման ընթացքում քննարկվեց «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի դրույթների Հայաստանի կողմից կատարման ընթացքը` ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) եւ Կողմերի կոմիտեի կողմից արված առաջարկների լույսի ներքո: Ներկայացվեցին թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին մասնակիցները առաջարկություններ ներկայացվեցին Հայաստան-ԳՐԵՏԱ համագործակցության հետագա ծավալման վերաբերյալ:
Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնավաճառ Հյուսիսային պողոտայում
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ:
Ինքնատիպ և տոնական ձևավորված 30 տաղավարներում ներկայացված են Ամանորին և Սուրբ ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանքի և հուշանվերների հավաքածուներ և այլ ապրանքատեսակներ: Տոնական տրամադրությունը տարածքում ապահովում է մշտապես հնչող Ամանորի խորհրդանիշ դարձած երգերի ընտրանին:
Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար տոնավաճառը լավ հնարավորություն է ոչ միայն տոնական գնումներ կատարելու, այլև զբոսնելու և հաճելի ժամանակ անկացնելու:
Տոնավաճառը գործում է ամեն օր ժամը 13:00-ից 22:00-ը և շարունակվելու է մինչև հունվարի 8-ը:
Անկախ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Աշոցքի, Ստեփանավանի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Նոր հանցադրվագներ խարդախի գործունեությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ճանապարհին, 2 մարդ մահացել է
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.40-ին, Աշտարակ-Ապարան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը` 1968 թ. ծնված Արշակ Ադամյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին` 1975 թ. ծնված Գոհար Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 14.10-ին, մահացել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Թե ինչպես ոստիկանները անակնկալի բերեցին թմրամոլներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապօրինի ծառահատումներ մայրաքաղաքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ձյունը ծածկեց կարմիր գծանշումները, իսկ տուգանքը մնաց բաց
Հերթական ընկերությունը` առանց լուրջ պարտավորությունների
Այս ամսվա առատ տեղումները հուսալի շերտով ծածկեցին հանրապետության տարածքի «կեղտն ու փոշին», բայց նաև բացահայտեցին մի բավականին ուշագրավ խնդիր: Ավելի ստույգ` բացահայտեցին մեր չինովնիկների կամայականության հաշվին մի նոր խիստ նեղ պարտավորություններով, բայց լայն իրավունքներով օժտված ընկերություն ևս:
Փողոցները «Փարքինգ սիթի սերվիսի» տարածքը չե՞ն
Խոսքը «Փարքինգ սիթի սերվիսի» մասին է` այն նույն ընկերության, որը Երևանի քաղաքապետարանի հերթական «խելամիտ» որոշման հետևանքով ստացավ բոլորիս փողոցները կարմիր գծանշումներով պատկերազարդելու ու դրանցից ներս մեքենայով կայանողներից գումար գանձելու իրավունք: Ու հիմա, երբ առատ ձյան հետևանքները դեռ փողոցներից ու մայթերից քաղաքապետարանը չի հասցրել վերացնել, երբ հատկապես փողոցների մայթամերձ հատվածները ձյան կամ սառույցի տակ են, կարմիր գծանշումները չեն երևում: Ու այդ դեպքում, եթե վարորդները չեն տեսնում կարմիր գծանշումներն ու կայանում են ձյան տակ «թաքնված» կարմիր գծանշման տիրույթում ու կայանելու համար չեն վճարում, պե՞տք է տուգանվեն, թե՞ ոչ:
Պարզվում է` ձյան տեղումների պատճառով Երևանում վճարովի կայանատեղիների գծանշանների չերևալը վարորդներին չի ազատի տուգանքից, քանի որ կան նաև ճանապարհային նշաններ և ցուցանակներ, որոնք վարորդին հուշում են, որ նա հայտնվել է կարմիր գծանշման «տիրույթում»: Համենայն դեպս, այս մասին Tert.am-ին ասել է կայանատեղիների վերահսկողություն իրականացող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը` հղում անելով օրենքին :
Նա շեշտել է, որ բոլոր ավտոկայանատեղիները, որոնց կահավորումն ավարտվել է, գծանշումից բացի, ունեն նաև տեղեկատվական ցուցանակ և ճանապարհային նշան: Ու եթե որևէ մեքենա կարմիր գծերից ներս է կանգնել և տուրքի վճար չունի, քաղաքապետարանը համապատասխան տույժի կենթարկի վարորդին:
Այդպիսի տուգանքներ արդեն եղել են: Ընդ որում` տուգանել են վարորդի, որն, իբր, առանց վճարելու կայանել է իքս փողոցում, բայց իրականում նա կայանած է եղել իգրեկ փողոցում… Բայց դե վարորդի ճարն ինչ, որ տուգանքը չտա: Ինչպես «1 րոպե Նարեկ Դուրյանի հետ» մանրապատումներում ասում է Դուրյանը` «տանք, էլի տանք` գազի փող, լույսի փող, հույսի փող», այս դեպքում նաև` կայանելու փող, բայց չիմանա՞նք, թե դրա դիմաց «Փարքինգ սիթի սերվիսն» ինչ լրացուցիչ ծառայություններ է մատուցում, թեկուզ իր գծանշած տարածքների սպասարկման իմաստով:
Պարզվում է` այս հարցում ընկերությունն անելիք չունի: Որովհետև նրա տնօրենն ասել է, թե ձյան մաքրման հետ իրենք չեն առնչվում. «Մեր պայմանագրային պարտավորությունների մեջ դա չկա: Դա մեր տարածքը չի համարվում, մենք միայն կահավորումն ու վերահսկողությունն ենք իրականացնում»,- ասել է նա:
Մասնավոր ուղևորափոխադրողները, արագաչափեր կամ տեսախցիկներ տեղադրող ու տուգանող ընկերությունը, պարտադրված ԱՊՊԱ-ն, մարդկանց աշխատավարձերից 5 տոկոս «կսմթող» անհասկանալի ու կիսատ պարտավորություններով ընկերությունները քիչ էին, հիմա որոշել են, որ քաղաքում իրենց մուծած հարկերից գոյացած միջոցներով կառուցված ճանապարհին կանգնելու համար վարորդները պետք է կայանատեղի վճար տան ինչ-որ «Փարքինգ սիթի սերվիսի»: Իսկ վերջինս պարտավոր չէ իր շահագործած տարածքի ձյունը մաքրել: Դա նույնն է, որ խանութպանը մայթի` իր խանութի առջևի հատվածը չմաքրի ու ասի, թե դա իր պարտավորությունների մեջ չի մտնում, քանի որ քաղաքապետարանը պետք է մաքրի, կամ այգում տեղադրված սրճարանի տնօրենը իր սրճարանի տարածքը չմաքրի` պատճառաբանելով, որ «Կենտրոն կանաչապատումը» պետք է այգիների խնամքով զբաղվի: Այսինքն` «Փարքինգ սիթի սերվիսի» պարտավորությունների մեջ մտնում է միայն կարմիր գծանշումների տարածքում կայանողներից փող «քերթելը», իսկ չտվողներին տուգանե՞լը:
Եթե տրամաբանությունն այս է, ապա հնարավոր է, որ մի գեղեցիկ օր էլ պարտադիր կամ պարտադրված կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն էլ ասի, որ պարտավոր չէ կուտակված թոշակները վերադարձնել Հայաստանի քաղաքացիներին, դա պետության պարտավորությունն է:
Մի խոսքով` միայն Հայաստանի շարքային քաղաքացիներն են, որ պարտավոր են, պարտադրված են ու ստիպված ինչ-որ բան անել` առանց արտոնությունների ու իրավունքների: Այնինչ, պետական կառույցների իրավասությունը, բացի փողոցներն ու մայթերը, ուղեգծերն ու փողերը, ամեն ինչ սրան-նրան տալուց, նաև քաղաքացիների իրավունքները պաշտպանելն է:
Գևորգ ԱՎՉՅԱՆ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը, յուրացման կամ վատնման 2 դեպքից` 1-ը, խարդախության` 6, շորթման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 1 դեպք:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 5-ական, խարդախության` 7, յուրացման կամ վատնման, շորթման և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 2 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Երիտասարդ կամավորներն աջակցում են սանմաքրող կազմակերպությունների աշխատակիցներին
Մայրաքաղաքում առատ ձյան տեղումներից հետո շարունակվում են մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները։ Գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձյունից մաքրելուց հետո Երևանի սանմաքրման ձեռնարկությունները մայթերից մաքրում են կուտակված ձյունը։
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները, մասնավորապես՝ «Ֆլեշմոբ Դիվիզիա» ԵՀԿ-ի և «Միասին» երիտասարդական շարժման անդամները, այս օրերին աջակցում են Երևանի սանմաքրող ձեռնարկություններին։ Աշխատանքային հերթական դեսանտը Երևանի Ամիրյան փողոցում էր: Ե. Չարենցի անվան դպրոցի շրջակա տարածքում, ինչպես նաև փողոցի հարակից բակերում տասնյակ կամավոր երիտասարդներ բահերով կոտրել են սառույցն ու ձյան շերտը, օգնել սանմաքրող ձեռնարկություների աշխատակիցներին մաքրել մայթերը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հայտնաբերվել են գողության և խարդախության մեղադրանքով հետախուզվողներ
Ինչպես Անկախը տեղեկանում է ոստիկանությունից, դեկտեմբերի 19-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Ավան Առինջ թաղամասի թիվ 1/8 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գեղամ Ն.-ին, որը հունվարի 11-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տնակներից մեկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արթուր Գ.-ին, որը հունիսի 12-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ծաղկահովիտ գյուղի մոտ մեքենա է կողաշրջվել
Դեկտեմբերի 19-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտային հատվածում, ինչից մարմնական վնասվածքներով «Ապարանի» ԲԿ են հոսպիտալացվել վարորդ Ա. Խ.-ը ( 1992թ. ծնվ) և ուղևոր Ա. Թ.-ը: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են ,որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-21 միջհամայնքային ավտոճանապարհի Ալագյազ – Արթիկ 6-րդ կմ-ում՝ Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում, «Օպել վեկտրա» մակնիշի 34ԼՍ984 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտային հատվածում և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան:
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին մեքենա է շրջվել, 22-ամյա վարորդը մահացել է
Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.33-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ-ից ԱՆկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Օպել Աստրա» մակնիշի 35 DL 440 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդ 1991 թ. ծնված Ա. Կ. դին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից 10 մ հեռավորության վրա:
2014 թ. հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու
2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ են մտնելու «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվելու համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով՝ նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում:Այս մասին Անկախին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից:
Որոշ շրջաններում ձյուն է տեղում, սակայն միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 09:00-ի դրությամբ Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, և Արարատի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Ստեփանավանի, Վանաձորի, Դիլիջանի, Կոտայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր – Նավուր ճանապարհից:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ:
Ինչպես Անկախին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Տեղի է ունեցել Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման պաշտոնական արարողությունը
Երևանի քաղաքապետարանից Անկախին հայտնեցին , որ չմշկասահքի սիրահարների առջև արդեն 9-րդ անգամ իր դռներն է բացել մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը: Բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվել է տոնական միջոցառմամբ` ճանաչված երգիչ-երգչուհիների ու համույթների կատարումներով, արհեստավարժ գեղասահորդների ու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքական թիմերի անդամների մասնակցությամբ: Բացման խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ, հաշվի առնելով գեղասահք մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճը, քաղաքապետարանը կանի ամեն ինչ՝ սահադաշտից ամեն անգամ հաճելի հուշերով վերադառնալու համար: Սահելու հնարավորություն կունենան բոլոր ցանկացողները, քանի որ տեղում հատկապես սկսնակ մարզիկներին իրենց գիտելիքները կփոխանցեն հմուտ մարզիչները: Սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետ` հնարավոր վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար: Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. մեկ ժամը 500 դրամ սեփական չմուշկների,1000 դրամ՝ չմուշկի վարձույթի դեպքում: Սահադաշտը բաց կլինի ամեն օր՝ ժամը 11:00-ից 23:00-ն:
«Զվարթնոցի» թնջուկը մոտ է հանգուցալուծմանը
Այսօր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը «Անկախին» հայտնեց, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական հերթական նիստը, որի ժամանակ հաստատվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված մաստեր պլանը:
Սա նշանակում է, որ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի խնդրի լուծումը մոտենում է ավարտին, քանի որ մաստեր պլանում ներառված է նաև համալիրի քանդման հարցը:
Սակայն Մաստեր պլանը կյանքի կոչվելու համար դեռևս պետք է հաստատվի կառավարության նիստում: «Անկախի» տեղեկություններով` կառավարությունը պատրաստվում է առաջիկայում հարցը ներառել նիստի օրակարգ և որոշում կայացնել հօգուտ կոնցեսիոների:
«Արմենիա միջազգային օդանավակայանների» գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղյակ չէ քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած այսօրվա նիստի արդյունքներից` ասելով` «Եթե հաստատվել է, ուրեմն լավ է»:
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվել է «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի քանդման կամ պահպանման հարցը, մասնակցել է նաև Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Գագիկ Մանասյանը` ներկայացնելով ՀԽ-ի դիրքորոշումը, ըստ որի` շենքը պետք է պահպանվի, և պետք է քննարկվեն դրա հետագա օգտագործման եղանակները:
«Անկախի» հետ զրույցում Գագիկ Մանասյանն ասաց, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ իր կողմից ՀԽ դիրքորոշումը ներկայացնելուց հետո նիստի մասնակիցներն իրեն հարցեր են ուղղել: Ներկաները հետաքրքրվել են, թե արդյոք համալիրը երբևէ ներառված եղե՞լ է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Մանասյանը հայտնել է, որ իր ստացած տեղեկությունների համաձայն՝ կառույցը երբևէ ներառված չի եղել այդ ցանկում, սակայն նշել է, որ դեռևս ուշ չէ, կարող է ներառվել: «Ինձ նաև հարցրեցին, թե ինչո՞վ է որոշվում՝ դա հուշարձան է, թե ոչ: Ասացի, որ դա որոշելու համար կա լիազոր մարմին: Բայց եթե իմ կարծիքն են ուզում իմանալ, ապա ընդամենը մեկ փաստարկ կարող եմ բերել. «Զվարթնոցը» 1985 թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ, իսկ դա նշանակում է, որ այն մեխանիկորեն պետք է անցներ այդ ցուցակի մեջ: Դա ամրագրված է նաև փորձագիտական հանձնաժողովի չափորոշիչներում, բայց թե ինչու նման բան տեղի չի ունեցել, միայն ենթադրություններ կարելի է անել»:
Մանասյանը հիշում է, որ առաջին ցուցակը հաստատվել է 1982 թ., երկրորդը՝ 2002-ին: «1982-ին համալիրը դեռ նոր էր կառուցվել, հավանաբար չեն հասցրել ներառել, իսկ 2002-ին արդեն կնքվել էր կոնցեսիոների հետ պայմանագիրը, և բնական է, որ կառավարությունն ամեն ինչ արել է վարձակալին գրավիչ պայմաններ ներկայացնելու և խոչընդոտներ չառաջացնելու համար»,- նկատում է նա:
Այն, որ կոնցեսիոները դեռևս տարածքը վարձակալելու ժամանակ է «աչքի տակ ունեցել» օդանավակայանի հետագա զարգացումը «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի հաշվին իրականացնելու տարբերակը, բանավոր հնչել է նաև ընկերության ղեկավարության շուրթերից:
Մանասյանի խոսքով՝ դեկտեմբերի 10-ի նիստի ժամանակ ՀԽ-ի դիրքորոշումը լսելուց և դրա շուրջ որոշակի քննարկում ծավալելուց հետո, ՀԽ-ի ներկայացուցիչներին քաղաքավարի ձևով դուրս են հրավիրել՝ ասելով, որ իրենք պետք է շարունակեն քննարկել մաստեր պլանը:
Գագիկ Մանասյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե կառավարությունը սկսեր «Զվարթնոցի» կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառելու գործընթացը: «Թող մշակույթի նախարարության համապատասխան փորձագիտական հանձնաժողովը որոշի` դա հուշարձան է, թե ոչ, և եթե հուշարձան է, ապա հարցը կփակվի, իսկ կոնցեսիոները ստիպված կլինի այլընտրանքային ծրագիր ներկայացնել»:
Միաժամանակ նա համոզված է, որ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշումը հօգուտ «Զվարթնոցի» շենքի կլինի:
Ինչ վերաբերում է կառույցի պահպանմանը, ապա Մանասյանը կարծում է, որ դա պետք է ստանձնի և´ կոնցեսիոները, և´ պետությունը կամ երկուսը միասին, կամ էլ աճուրդով այն տրվի որևէ այլ կազմակերպության, որը դրա հետ կապված ծրագիր կներկայացնի:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Հանրային խորհուրդը դիմել է ՀՀ կառավարություն, որպեսզի երկրի գործադիրը չհամաձայնի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված՝ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը: Փոխարենը Հանրային խորհուրդն առաջարկել է, որ կառավարությունը պահանջի կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրի հին ուղևորային համալիրի պահպանման և հետագա շահագործման հնարավորություններն ու պահանջվող ծախսերը, հանձնարարի համապատասխան կառույցին քննարկելու կառույցը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:
Այդպիսով՝ Հանրային խորհուրդն անհարմար կացության մեջ է դրել կառավարությանը, քանի որ վերջինս, ի դեմս ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության, ամիսներ շարունակ առաջ էր տանում «Զվարթնոցի» կլոր շենքը քանդելու գաղափարը` պաշտպանելով կոնցեսիոների շահերը, իսկ քաղավիացիայի գլխավոր վարչության` Հանրային խորհրդի տեսակետը լսելու և հանրության կարծիքը հաշվի առնելու նախաձեռնությունն ընդամենը պայմանավորված էր հարցի նկատմամբ հասարակական բուռն արձագանքը մեղմելու նկատառումով:
Եթե իսկապես կառավարությունը որոշի ընդունել կոնցեսիոների առաջարկը կլոր շենքը քանդելու վերաբերյալ, ապա կնշանակի, որ ամիսներ շարունակ Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում ոլորտի մասնագետների, շահագրգիռ կողմերի քննարկումներն ապարդյուն էին:
Ի դեպ, դեկտեմբերի 10-ին Քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստին ներկա է եղել նաև Հանրային խորհրդի քաղավիացիայի հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշել է, որ Հանրային խորհրդի` կլոր շենքը պահպանելու մասին որոշումն անհիմն է, ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ բնույթ ունի, բայց քանի որ ՀՀ նախագահը մեծ տեղ է տալիս Հանրային խորհրդի կարծիքին, շատ դժվար կլինի վարչապետին համոզել, որ շենքը պետք է քանդել:
«Այս ցնցող դիրքորոշման համաձայն` ստացվում է, որ նախ` շենքի պահպանումը չի բխում ավիացիայի և բիզնեսի շահերից, ինչը, ըստ Մովսեսյանի, քաղավիացիայի համար պարզ է: Երկրորդ` վարչապետը որոշում ընդունելիս կարող է չղեկավարվել ավիացիայի շահերով, այլ հաշվի առնել նախագահի վերաբերմունքը Հանրային խորհրդի նկատմամբ` փորձելով պարտադրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» տնօրինությանը կատարել ավիացիոն բիզնեսի տեսանկյունից չհիմնավորված ծախսեր՝ ճարտարապետական նշանակություն ստացած շինության պահպանման համար»,-ասում է Իզաբելլա Մուրադյանը:
Նա կարծում է, որ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը, շահարկելով Հանրային խորհրդի դիրքորոշումը, փաստորեն, փորձում է ճնշում գործադրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» վրա` միաժամանակ վարկաբեկելով Հանրային խորհուրդը: Մինչդեռ Հանրային խորհուրդը երկրի ավիացիոն զարգացումը պակաս չի կարևորում, քան պատմամշակութային կոթողի պահպանումը, և ամենևին էլ չի ասում, որ շենքը պետք է պահպանվի ավիացիայի զարգացման հաշվին:
Անի Գասպարյան
