Հոկտեմբերի 7-ին, ժամը 13.38-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի 23-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 23-րդ փողոցում գտնվող Ա. Մ.-ին պատկանող հացատան տանիքում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (3 քմ):
Ամերիկահայ գործարարի սնանկության հասցված ընկերության տնօրենի գործով դատաքննությունն ավարտված է
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով կառուցված Մաշտոցի 33/1 շեքում բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունն ավարտված է, բնակարանի թալանի մանրամասներն էլ բացահայտված: Այս գործով վերջին նիստում տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանը «Արին Կապիտալ» ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանին իր վերջին հարցերն ուղղեց, որոնցով փորձեց օգնել Եսայանին վերջնակապես բացահայտել այն հանգամանքը, թե ի վերջո ինչու կամ ում հրահանգով են ինքը և իր հետ բանկում գտնված գլխավոր հաշվապահը Լուսինե Գյուլխասյանի կողմից վճարված գումարը ընկերության բանկային հաշվին մուտք անելիս գումարի մի մասը որպես Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի կողմից վճարում մուտքագրել, իսկ մյուս մասն էլ իբրև փոխառություն՝ ընկերության փայատեր Ղևոնդ Ղալումյանի կողմից:
Այսինքն՝ Գլուխասյանն ինքն ի վերջո հնչեցրեց այն հարցը, որը զարմանալիորեն այդպես էլ չհետաքրքրեց մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանին՝ պարզելու համար թե Խուդյանի սնանկացված ընկերության տնօրեն Եսայանը, որպես ընկերության տնօրեն իր կարգադրիչ լիազորությունները իրականացնելիս իրականում հօգուտ ում է գործել:
Հիշեցնենք, որ այս գործով դեռ նախաքննության ժամանակ նշանակված փորձաքննության արդյունքում` ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 01.10.2012 թ. փորձագիտական եզրակացության 20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ, իրոք, 07.12.2007թ. «Արին կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին մուտքագրվել է Լուսիեն Գյուլխասյանի՝ 37 մլն 200 հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամը Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ 21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ:
Այսինքն` ինչպես գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության, այնպես էլ այս տուժած քաղաքացու բնակարանի թալանի գործում Ղևոնդ Ղալումյանը օգտվել էր փող աշխատելու իր հայտնի տարբերակից` կեղծ փոխառություն ձևակերպել և հետագայում դրա վերադարձի պատրվակով գումար ստանալ ընկերությունից: Նակինում ներկայացվել է, որ այդ կերպ 2007 նոյեմբեր-2009 ապրիլ ամիսներին բնակարան գնելու նպատակով վճարումներ կատարած գնորդների գումարների մի մասը ընկերության հաշվին մուտքագրվել է որպես Ղալումյանի կողմից տրված փոխառություն, և նույն չափով գումար է ելքագրվել Ղալումյանի անվամբ՝ իբրև փոխառության մարում:
Ամբաստանյալ Էդուարդ Եսայանը Լուսինե Գյուլխասյանի գումարի մի մասը Մանգասարյանի անունով մուտք անելը պայմանավորեց այն հանգամանքով, որ կար կնքված պայմանագիր Ռուբեն Մանգասարյանի հետ, իսկ թե ինչու էր գումարի մյուս մասը՝ 21 մլիլիոնը մուտք արել որպես փոխառություն Ղևոնդ Ղալումյանից… Եսայանը չկարողացավ համոզիչ հիմնավորել: Մեկ նշեց, որ դա արվել է, քանի որ այլ տարբերակ չի եղել. փոքր ինչ դժվար էր հասկանալ թե ինչու հանկարծ Եսայանը այլ տարբերակ չի ունեցել, սակայն այնուհետ էլ նա հստակ նշեց, որ դա իրեն պատվիրել է անել ընկերության հաշվապահ Պարույր Հակոբյանը: Ամենահետաքրքիրը այս ամենում այն, էր, որ Եսայանը մինչև վերջ պնդում էր, թե՝ իբրև թե Ղալումյանը տեղյակ էլ չի եղել, որ իր անունով ներդրում է արվել…. «Հաշվապահության ձևն է դա, Ղալումյանը փայատերերից մեկն է, դրա համար էլ նրա անունով է արվել: Հավապահը որոշեց ձևակերպումն անել Ղալումյանի անունով»,-նշեց Եսայանը:
Լուսինե Գյուլխասյանը դատարանին միջնորդեց որպես վկա հրավիրել հաշվապահ Պարույր Հակոբյանին ու նույն հարցերը պարզել հենց նրանից, մինչդեռ դատավոր Արշակ Վարդանյանը չգիտես ինչու անհիմն համարեց Գյուլխասյանի միջնորդությունը և նույն պատճառաբանությամբ մերժեց այն: Ըստ դատավորի՝ քրեական գործում առկա են բազմաթիվ փաստեր այդ առումով:
Դատական նիստի ավարտին, երբ դատարանը փորձեց վերջին անգամ Եսայանից հասկանալ, թե ով է ի վերջո խաբել քաղաքացի Գյուլխասյանին, վեջինս պատասխանեց. «Բնականաբար Վլադ Մանգասարյանը: Եթե ես նրան եմ տվել բնակարանի սեփականության վկայականը, իսկ ինքը փաստորեն այն չի տվել բնակարանի իրական տիրոջը, այս դեպքում ո՞վ է խաբել քաղաքացուն…»:
Ինչևէ, Էդուարդ Եսայանի գործով դատաքննական փուլը վերջապես ավարտված է և դատարանը անցավ դատական վիճաբանությունների փուլին: Դատավոր Արշակ Վարդանյանը դատական նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի 21-ը՝ մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանին ժամանակ տալով պատրաստվել մեղադրական ճառին: Հետաքրքիր է՝ դաատարան իր վերջնական վճիռը կայացնելիս որևէ կերպ կանդրադառանա՞ Մանգասարյանների ու Ղալումյանի մասով այս բացահայտումներին:
Հարգանքներով՝ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ
Սպասվում է փոփոխական եղանակ
Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-11-ին կբարձրանա 5-7 աստիճանով:


«Էրեբունի -Երևան 2795-ի» օրերին Երևանը տոնական գեղեցիկ ձևավորում կունենա
Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ներկայացրել է հոկտեմբերի 11-ին և 12-ին նախատեսված «Էրեբունի-Երևան 2795»տոնակատարության շրջանակում մայրաքաղաքի փողոցների տոնական ձևավորման և հանդիսության հետ կապված իրազեկման աշխատանքները: Արազ Բաղդասարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն անելու է հնարավորը` մայրաքաղաքի հոբելյանական`2795-րդ տարեդարձը պատշաճ նշելու համար: Ըստ այդմ, տոնի իրազեկումը կիրականացվի զանգվածային լրատվության միջոցներով`հեռուստատեսային և ռադիոհոլովակների տեսքով: Կհեռարձակվի նաև «Էրեբունի -Երևան 2795»-ի նոր տեսահոլովակը: Մոտալուտ տոնի մասին կվկայեն նաև Երևանի վարչական շրջաններում տեղադրված 52 գովազդային վահանակները, 48 ավելի փոքր չափի նոր վահանակները Կենտրոն վարչական շրջանում, 29 էլեկտրոնային էկրանները: Երևանի ստորգետնյա և վերգետնյա հասարակական տրանսպորտում ևս փակցված կլինեն գովազդային նյութեր ու տեղեկատվական ցուցանակներ, իսկ փողոցների երկայնքով նկատելի կլինեն գովազդային կրկնաձիգ գրաժապավեններ: Տեղեկատվության ամբողջացմանը կծառայեն նաև նոր տեղադրված չվացուցակների և մետրոպոլիտենի կայարանների էկրանները: Տոնի նախօրեին Մաշտոցի պողոտան կհարստանա նոր ոճի 6 կանգառասրահներով, որոնք նույնպես կկրեն տեղեկություններ տոնական հանդիսության մասին: Այդ նպատակով պատրաստվել և տարածվում են միջոցառման ժամերի և վայրերի տեղեկատվական բուկլետներ: Այս օրերին Էրեբունի-Երևանի մթնոլորտով են համակված նաև սոցիալական կայքերը: Համացանցի ռեսուրսը, ըստ Արազ Բաղդասարյանի, տեղեկատվություն փոխանցող հիմնական օղակներից մեկը կլինի: Հոկտեմբերի 11-ին և 12-ին իրազեկում և տոնական ատրիբուտների բաժանում կլինի նաև 20 տեղեկատվական կետերից: Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը նշել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են նաև փողոցների ու շենքերի տոնական ձևավորման աշխատանքները: Կենտրոնական փողոցների էլեկտրասյուներին ամրացվում են ՀՀ, Երևանի և միջոցառման լոգոտիպով 3000-ից ավելի դրոշներ: Թվով 9 կամուրջներ կհագեցվեն դրոշակաբուրգերով: Էրեբունիի և քաղաքի փոքր կենտրոնի մի շարք փողոցներ ձևավորված կլինեն գիշերային տոնական լույսերով: Տոնին համահունչ բաղադրիչներ կկրեն նաև վերամբարձ կռունկները: Կարապի լճի հարևանությամբ գտնվող Տերյան 42 շենքը կձևավորվի եռաչափ նկարով: Արազ Բաղդասարյանը դիմել է Երևանի բնակիչներին ու մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին` հորդորելով նպաստել քաղաքի տոնական ձևավորման աշխատանքներին`հավելելով, որ իրենց բնակարանների կամ կազմակերպությունների լավագույն ձևավորողները կարժանանան Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ավարտվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքների առաջին փուլը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին գովազդի արդիականացման ծրագրի շրջանակում ավարտվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների առաջին փուլը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին քաղաքապետին զեկուցել է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների շրջանակում ապամոնտաժվել է 59 գովազդային վահանակ: Աշխատանքների երկրորդ փուլը կմեկնարկի նոյեմբերի 4-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար իրազեկել դրանց ընթացքի մասին:
Մայրաքաղաքի կանաչապատման ծավալների ընդլայնմանն ուղղված ծրագրերի հետ կապված՝ զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոյեմբերի 1-ից մեկնարկող ծառատունկի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սահմանված սկզբունքի համաձայն՝ ծառատունկն իրականացվելու է բացառապես ոռոգելի տարածքներում:
«Երևանի կանաչ գոտիների պահպանման և ընդլայնման նպատակով ամեն տարի շուրջ 20 կմ ոռոգման նոր ցանց է անցկացվում: Տարիներ շարունակ հենց ցանցի բացակայության պատճառով է ծառերի կպչողականությունը եղել ցածր: 2014 թվականի բյուջեում ևս նախատեսում ենք ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքներ: Ծառատունկ պետք է իրականացնել բոլոր այն տարածքներում, որոնք այսօր արդեն ապահովված են ոռոգման ցանցով: Պետք է նաև հետևողական աշխատանք տանել ծառերի կպչողականության բարձր ցուցանիշ ապահովելու ուղղությամբ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել 2014 թվականին ծաղկային տարածքների ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Մայրաքաղաքում շարունակվող փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքներին անդրադառնալով՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ համապատասխան աշխատանքներ են իրականացվել 65 փողոցում: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու դրանք կազմակերպել երեք հերթափոխով:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հոկտեմբերի 17-ին նախատեսված մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ շարունակվում է իրականացվել համապատասխան իրազեկում, սակայն երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մինչ օրս մասնակցության որևէ հայտ չի ստացվել: Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված հոկտեմբերի 9-ը, մինչև ժամը 18:00-ն:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ըստ վարչական շրջանների և ըստ ոլորտների կազմվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը:
Մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ գրադարանավարի օրվա կապակցությամբ, տոնին ընդառաջ, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կազմակերպվել է միջոցառում՝ մայրաքաղաքի բոլոր գրադարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քաղաքապետի անունից շնորհավորանքներ են փոխանցվել բոլոր գրադարանավարներին, իսկ գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի և երկարամյա գործունեության համար որոշ գրադարանավարներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մայրաքաղաքը շարունակում է պատրաստվել «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության աշխատանքները: Պատասխանատուները վստահեցրել են, որ տոնական Երևանի հրապարակները, գլխավոր պողոտաներն ու փողոցները երևանցիներին ու մայրաքաղաքի հազարավոր հյուրերին կներկայանան ինքնատիպ լուսավորությամբ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում շարունակվում է 2795-ամյակը խորհրդնշող ցուցապաստառների և դրոշների տեղադրման աշխատանքները: Բացի այդ, սահմանված ժամանակացույցի համաձայն է ընթանում նաև շուրջ 30 տոնական բեմերի տեղադրման ու կահավորման գործընթացը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել նախապատրաստական աշխատանքների ողջ ընթացքն ու պարբերաբար զեկուցել կատարված աշխատանքների մասին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Ուր է ոստիկանը» գոռացած ոչ սթափ վիճակով քաղաքացուն բերման են ենթարկել
Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողները ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերել Վահագն Մ.-ին, որը ժամը 02.20-ի սահմաններում մոտենալով Երևանի քաղաքապետարանի դիմացի աստիճաններին՝ գոռացել է, թե «ուր է ոստիկանը» (այն դեպքում, երբ քաղաքապետարանի դիմաց ծառայություն իրականացնող ոստիկանները կանգնած են եղել հենց աստիճանների ներքևի հատվածում)։
Ծառայություն իրականացնող ոստիկանները մոտեցել են Վահագն Մ.-ին՝ փորձելով պարզել, թե ինչ է կատարվում, ինչու է նա բղավում և աղմկում։ Պարզելով, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ է՝ ոստիկանները նախ փորձել են հանգստացնել նրան, կարգի հրավիրել, հետո էլ առաջարկել են իրենց օգնությունը, սակայն Վահագն Մ.-ն շարունակել է գոռգոռալ, ցավագին է ընդունել ոստիկանների դիտողությունները, անհարգալից վերաբերմունք դրսևորել։
Ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար Վահագն Մ.-ն բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ նրա նկատմամբ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջների հատկանիշներով իրավախախտում կատարելու համար՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 259-261-րդ, 264-րդ հոդվածների իրավական հիմքով, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ, ինչպես և բացատրություն վերցնելու մասին արձանագրություն։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վահագն Մ.-ն ենթարկվել Է նաև անձի սթափության վիճակի զննության, որի արդյունքում՝ նրա մոտ արձանագրվել Է ոչ սթափ վիճակ։
Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողներ են հայտնաբերվել
Հոկտեմբերի 7-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1973 թ. ծնված Հարություն Ա.-ին և 1978 թ. ծնված Արման Թ.-ին, որոնք 2011 թ. նոյեմբերի 28-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին խուլիգանության մեղադրանքով:
Մահվան ելքով վրաերթ Երևանի Գայի պողոտայում. վարորդը դիմել է փախուստի
Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Արտիկ Սարգսյանին, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Սոթք – Քարվաճառ ճանապարհին 35 ավտոմեքենա է դուրս բերվել ձնակույտի արգելափակումից
ՃՏՊ Ծովագյուղ գյուղի մոտակայքում
Սեպտեմբերի 7-ին, ժամը 08.52-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում Երևան-Իջևան ավտոճանապարհի 68-րդ կմ-ում
«ՎԱԶ-2106» մակնիշի 63 LT 687 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` ծնվ.1984թ. Ս.Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել խոտերի մեջ:
Զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և անջատել գազամատակարարման համակարգը:
«Ես իմ առջև դրված ռուբիկոնը հաղթահարում եմ: Դեռ հակառակը չի եղել». Ալբերտ Աբգարյան
Երեք տարեկան էլ չկար, երբ դժբախտ պատահարը խլեց Ալբերտի աչքերի լույսը: Փոքրիկ տղան, որ մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, շարունակեց նվագել, իսկ 12 տարեկանում արդեն ստեղծագործում էր:
Ընտրությունը կարծես արված էր. Ալբերտը պետք է կրթություն ստանար երաժշտության բնագավառում, ահա թե ինչու նախ ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան: Սակայն կար մի ոլորտ, որը նրան նույնքան հոգեհարազատ էր, որքան երաժշտությունը. դա իրավաբանությունն էր, և ուսումնարանի վերջին տարում նա իրավաբանական կրթություն ստանալու որոշում է կայացնում: Այդ որոշումն անակնկալ էր ծնողների համար, և նրանք կարծում էին, որ Ալբերտը չի հասցնի մեկ տարում պատրաստվել 2000-ի ընդունելության քննություններին: Սակայն Ալբերտի համար կարևորը նշաձող սահմանելն էր, մնացածը կախված էր իրենից: Ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության, պարապում է և փայլուն քննություններ հանձնելով` ընդունվում Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:
Սակայն երաժշտությունը բնավ չի անտեսում: Ավելին, իրավաբանականին զուգահեռ ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ապա ուսումը շարունակում իրավաբանականի մագիստրատուրայում, հետո կոնսերվատորիայի ասպիրանտուրայում… Խոստովանում է, որ նման հաջողություններ չէր ունենա, եթե չլինեին ծնողների հետևողականությունն ու ջանքերը: «Այդ հավատը, որ ես կարող եմ, ծնողներիս մեջ կար: Մեծ դեր ուներ նաև նրանց ճիշտ դաստիարակությունը: Ծնողներս ինձ երբեք չեն տարանջատել քրոջիցս ու եղբորիցս. իմ վրա բարկանում էին նույնչափ, որքան նրանց, սիրում, որքան նրանց»:
Համապարփակ և լուրջ գիտելիքներ ձեռք բերելով երկու ոլորտներից էլ` որպես իրավաբան աշխատանքի է անցնում Ազգային ժողովում` շարունակելով ստեղծագործել: 2009-ից մինչ օրս Ալբերտ Աբգարյանն աշխատում է նախագահական ապարատում` որպես իրավաբան. «Ես հասել եմ մի վիճակի, երբ արդեն ինքս ինձ և դիմացինին ապացուցելու բան չունեմ, այդ դժվար փուլն անցել է, ես հիմա ինձ լիարժեք մարդ եմ զգում»:
Ալբերտը լիարժեք կյանքով ապրելու կոչ է անում բոլոր ֆիզիկական խնդիրներ ունեցողներին` ընդգծելով, սակայն, որ դրա համար նախ և առաջ պետք է լիարժեք կրթություն ստանալ` համապատասխան ֆիզիկական, մտավոր կարողություններին և ամենակարևորը` ցանկություններին: «Պետք է ներդնես ձգտում, կամք, աշխատասիրություն: Պետք է ապացուցես, որ ի վիճակի ես: Մյուս կողմից էլ գործատուներին եմ կոչ անում` տվեք հնարավորություն հաշմանդամներին, որովհետև շատ դեպքերում նրանք ավելին կարող են անել, քան ոչ հաշմանդամները»:
Ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց աշխատանքի խնդիրը համարում է ողջ հասարակության խնդիրը, իսկ գործատուն այդ հասարակության մի մասնիկն է: «Էնպես չի, որ նախագահականում բոլորն ինձ էին սպասում: Եթե նախագահի նման մոտեցումը չլիներ, ես այստեղ չէի լինի…»:
Այսօրվա պես հիշում է. 2007-ի դեկտեմբեր ամիսն էր: Սերժ Սագսյանը որպես վարչապետ հանդիպել էր ՀԿ-ների ղեկավարների հետ: Այդտեղ էր նաև ինքը` որպես ՀԿ-ի ղեկավար: Ելույթ ունենալով` Ալբերտը բարձրացնում է հաշմանդամների աշխատանքի խնդիրը և կոչ անում Սերժ Սարգսյանին օրինակ ծառայել գործատուների համար:
Սերժ Սարգսյանն իմանալով, որ Ալբերտն իրավաբան է և աշխատում է Ազգային ժողովում, ասում է, որ եթե նա որոշի աշխատել կառավարությունում և համապատասխանի իրենց մասնագիտական պահանջներին, ապա նրան անպայման աշխատանքի կվերցնեն:
Երկու ամիս անց Սերժ Սարգսյանը դառնում է նախագահ` չմոռանալով Ալբերտին: Նրան հրավիրում են նախագահական` հարցազրույցի և անմիջապես աշխատանքի ընդունում:
2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին Ալբերտն իր երախտագիտությունը յուրօրինակ ձևով է հայտնում. ստեղծում է նախագահի նախընտրական քարոզարշավի երգը:
Ալբերտը խոստովանում է, որ այդ երգը ծնվել էր 2013-ի նախընտրական քարոզչությունից շատ ավելի վաղ` մոտ երկու տարի առաջ, սակայն հենց այդ նպատակով: Նա համբերատար սպասել էր և ներկայացրել ճիշտ պահին` հավանության արժանանալով նախագահի կողմից:
Ալբերտն ուրախ է, որ իրեն գնահատում են, ինքնավստահ, որ այդ հաջողություններին հասել է իր ջանասիրության ու ձգտման շնորհիվ: Սակայն այսքանով չի պատրաստվում սահմանափակվել. նա սիրում է բարձր նշաձողեր սահմանել և անպայման հասնել դրանց. «Ես իմ առջև դրված ռուբիկոնը հաղթահարում եմ: Դեռ հակառակը չի եղել»,-ասում է նա:
Ուստի Ալբերտի ձգտումներն ու ջանքերը շարունակվում են: Իսկ այն, որ տեսողության խնդիր ունի, միայն եռապատկում է դրանք. «Աշխատանքը ժամը 9-ին է սկսվում, բայց ես այստեղ եմ ավելի վաղ: Ինչո՞ւ: Որովհետև, եթե ես ունեմ ֆիզիկական որևէ խնդիր, ապա պետք է այնքան լավ աշխատեմ, որ ոչ միայն հավասարվեմ խնդիր չունեցողների կարողություններին, այլ ավելին` գերազանցեմ նրանց: Ի վերջո, բոլոր գործատուներն ուզում են ունենալ լավ աշխատող, որի վրա կարող են հենվել: Այդ հենարանը ես ապահովում եմ»:
Ասում է, որ պետական համակարգում աշխատելն իր համար լուրջ նպատակների հասնելու ևս մի միջոց է` օգտակար լինել պետությանը: Գուցե վերամբարձ է հնչում, բայց նա համոզված է, որ կարող է և անելու է այնպես, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներ լինեն. «Ես զարմանում եմ, երբ մարդիկ ասում են` էս երկիրը երկիր չի, դժգոհում են, բայց փոխարենը ոչինչ չեն անում: Դժգոհելն ամենահեշտ բանն է: Պետք է հասկանալ խնդիրը և փորձել լուծել: Պետք է դնել նպատակ և հասնել: Ես չպիտի մտածեմ` պետությունն ինչ է անում ինձ համար, պիտի մտածեմ` իսկ ե՞ս ինչ եմ անում իմ երկիրը կառուցելու համար: Ես պարտավո՛ր եմ անել, քանի դեռ երիտասարդ եմ, որ հետո ծերության հասակում վայելեմ իմ արածի պտուղներն իմ հայրենիքի մեջ»:
Եթե հանկարծ հրաշք տեղի ունենար և Ալբերտը տեսներ, ի՞նչ կփոխվեր նրա կյանքում: «Կփոխվեր այն, որ անծանոթ վայրեր միայնակ կգնայի կամ մեքենա կվարեի` չնայած քաղաքից դուրս հիմա էլ եմ վարում` հուշումներով: Ուրիշ ոչինչ, հավատացեք, չէր փոխվի, որովհետև ես իսկապես լիարժեք կյանքով եմ ապրում»:
Իսկ Ալբերտի կյանքում հրաշք արդեն տեղի ունեցել է. սեպտեմբերի 30-ին ծնվել է նրա առաջնեկ որդին` ավելացնելով նրա երջանկությունն ու հաղթահարվելիք ռուբիկոնները…
Մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները
ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:
Մարզումների նպատակներն են` առաջարկությունների նախապատրաստման հարցերով պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար, ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ միջոցների ներդնումը:
«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվելու է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Ճշգրտվելու են պետական կառավարման համակարգը ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը: Խաղարկվելու է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:
Երևանի քաղաքապետի պատվոգրեր՝ գրադարանային գործի զարգացման համար
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը գրադարանավարի օրվա կապակցությամբ քաղաքապետի պատվոգրով է պարգևատրել ոլորտի շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների՝ գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի և երկարամյա գործունեության համար։
«Դուք պրոպագանդում եք գիրքը, հետևաբար շատ մեծ դեր ունեք մանուկների, երիտասարդության դաստիարակության, նրանց աշխարհայացքի ձևավորման գործում։ Երևանի քաղաքապետը շատ է կարևորում ձեր համակարգը, հետևաբար բարձր է գնահատում և ձեր գործը. դրա վառ վկայությունն է այս տարի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում ընդգրկված գրադարանային պայմանների բարելավման ծրագիրը, և այն երախտիքի խոսքը, որն այսօր քաղաքապետի անունից փոխանցվում է ձեզ՝ պատվոգրի տեսքով»,- նշել է Կամո Մովսեսյանը։
Գրադարանային ոլորտի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտին ուղղված ուշադրությունն ընթացիկ տարում տեսանելի է մի շարք ձեռքբերումներով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Փակ է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը գրադարանային համակարգի աշխատողներին
Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ։
Մեր ժողովրդը դարեր շարունակ առանձնահատուկ սիրով է վերաբերվել գրականությանն ու գրքին։ Այդ սերը հաճախ հասել է անգամ պաշտամունքի աստիճանի ու, սերնդեսերունդ փոխանցվելով, հասել մինչև մեր օրերը։ Այսօր ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ այդ սերը ոչ միայն պահպանվում, այլև հարստանում է նոր, գեղեցիկ ավանդույթներով ու նաև այդպիսով նպաստում համակարգի զարգացմանը։
Ձեր շնորհիվ է նաև, որ տեխնիկական առաջընթացի, ժամանակակից տեխնոլոգիաների ներկա պայմաններում մատաղ սերնդի, երիտասարդության շրջանում արթուն է գրքի, ընթերցանության նկատմամբ սերը։ Այն, որ կարդացած սերունդը վատը լինել չի կարող, անհերքելի ճշմարտություն է։ Եվ այս համատեքստում է, որ արժանի սերունդ դաստիարակելու գործում առավել կարևորվում է նաև ձեր առաքելությունը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ, քաջառողջություն, սեր և համերաշխություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին։
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
ՃՏՊ Սևան-Դիլիջան ճանապարհին, ՊՆ 3 զինծառայողներ հիվանդանոցում են
Հոկտեմբերի 7-ին, ժամը 07.05-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել , որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կմ-ի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 33 LP 339 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել է Ձկնագետ գետը:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ՀՀ ՊՆ զինծառայողներ՝ 1973 թ. ծնված փոխգնդապետ Ս. Խ.-ին, 1988 թ. ծնված ավագ լեյտենանտ Լ. Ա.-ին, 1995 թ. ծնված Գ. Մ.-ին և 1995 թ. ծնված Վ. Գ.-ին, ովքեր տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ Ս.Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար:
«Բոլորս պիտի պատրաստ լինենք պաշտպանելու հայրենիքը». ազատամարտիկ
«Ամեն մեկս մեր զենքով Հայ դատի Մարտունու գրասենյակում նստում ու սպասում էինք, թե մեզ երբ Ղարաբաղ կուղարկեն: Բայց ինձ հաճախ խաբում չէին ուղարկում: Բոլորն ուզում էին գնալ, բայց օրինակ` 5 հոգի էր պետք: Ինձ, էսպես ասած, փայ չէր հասնում: Դրա համար շա~տ եմ վիճել շտաբի ղեկավարի` Թաթուլ Կարապետյանի հետ»,- պատմում է 54-ամյա Գնել Գրիգորյանը` հիշելով, թե ինչպես է 1988-ին միացել Արցախյան շարժմանը:
Գրիգորյանն ասում է, որ տանը մեծ գրադարան են ունեցել, միշտ պատմական գրքեր է կարդացել, հայրն էլ հայրենասեր մարդ էր ու որդու մեջ դեռ մանկուց սերմանել է հայրենասիրության ոգին: Երբ խառը ժամանակներն են վրա հասնում ու հայրենիքը պաշտպանության կարիք ուներ, Գնել Գրիգորյանը, առանց երկար-բարակ մտածելու, վերցնում է իր 5 փամփուշտանոց որսորդական հրացանն ու միանում շարժմանը: Ընտանիքն էլ` հոր գլխավորությամբ, ողջունում է նրա քայլը: Միայն երկու փոքրիկներն էին նեղվում, չնայած փոքր հասակին` հասկանում էին, որ հայրը կարող է գնալ ու էլ չվերադառնալ:
«Մի անգամ գիշերը 2-3 ժամով տուն եկա հանգստանալու: Դուրս գալիս աստիճանների դիմաց երեխաները չոքեցին, թե պապա մի գնա, բայց ես երեխեքիս վրայով անցա: Հայրենիքը սպասում էր»,- ասում է նա:
Գրիգորյանը հիշում է, որ այն ժամանակ շատերը չէին էլ պատկերացնում, որ պատերազմ կարող է սկսվել, հավատում էին, որ Ղարաբաղի հարցը խաղաղությամբ կարող է լուծվել:
Գյուղից զենքը ձեռքին զինվորագրվում է 7 երիտասարդ, 1992-ից նրանց են միանում ևս երկուսը: Լիճքեցի 9 կամավորները մինչև պատերազմի հաղթական ավարտը մարտնչում են:
Հիշում է, որ սկզբում զինվորագրվողների մասին ասում էին, թե երևի մի շահ ունեն: «Մենք մե~ծ շահ ունեինք, բայց ոչ անձնական: Մեր շահը հայրենիքի պաշտպանությունն էր»,- ասում է Գրիգորյանը:
Երբ 1994-ին Լիճքից 106 երիտասարդներ են նոր կազմավորված հայոց բանակ զորակոչվում, նոր միայն գյուղի բնակիչները հասկանում են պատերազմի լրջությունը և բուն իրավիճակը:
«Մեր պատերազմը սկսվեց բահով, դանակով, եղանով, որսորդական հրացանով, նոր կամաց- կամաց անցանք ավտոմատին, հետո` այլ զինատեսակներին: Կամաց-կամաց սովորեցինք, փորձ ձեռք բերեցինք»,- ասում է Գրիգորյանը` հավելելով, որ սկզբնական շրջանում թշնամին շատ էր նեղում. թվով էլ էին շատ, պաշարներով էլ, ռուսական զորքերն էլ ադրբեջանցիներին օգնում էին:
Պատմում է, որ իրենք բազմաթիվ սոված օրեր են անցկացրել, բայց մարտական ոգին բարձր է եղել: Ասում է, որ զարմանում էին, երբ ադրբեջանցիների նահանջից հետո տեսնում էին, թե սննդամթերքի ինչ պաշարներ են ունեցել նրանք:
«Թուրքը կռվող ազգ չէ: Քանակը դեռ որակ չի նշանակում: Բացի այդ, հայերից կամավոր զինվորագրվել էին մարդիկ, որոնց հայրենասիրական ոգին բարձր էր: Մենք ախպոր պես էինք, իրար թև-թիկունք, մեկս մյուսի համար պատրաստ մեր կյանքը զոհելու: Դրա համար էլ մենք հաղթեցինք»,- այսպես է բացատրում հայերիս հաղթանակը Գրիգորյանը:
Առաջին մարտական գործողությանը Գրիգորյանը մասնակցել է Վարդենիսում: «Լուրջ բան չէր, մի քանի կրակոց սահմանի վրա»,- հիշում է նա: Իսկ առաջին լուրջ ռազմական գործողությունը նրա մասնակցությամբ եղել է Ճամբարակի Ջիլ գյուղում:
Հիշում է, որ սկզբնական շրջանում դժվար էր թշնամու վրա կրակելը, այն գիտակցությունը կար, որ թշնամին էլ է մարդ: Սակայն հետագայում, երբ տեսնում է ընկերների մահը, ադրբեջանցիների վայրագությունները, վրեժի ծարավով է լցվում. «Էդ ամենը տեսնելով` երդվեցինք, որ վրեժ պիտի լուծենք մեր ընկերների համար ու տրամադրվեցինք, որ կա՛մ ազատություն պիտի լինի, կա՛մ մահ»:
Գրիգորյանը կամավորների հետ մասնակցել է Նոյեմբերյանի, Ճամբարակի, Վարդենիսի ինքնապաշտպանական մարտերին, ապա Քարվաճառի, Մարտակերտի, Դրմբոնի ազատագրմանը:
Երբ պատերազմն ավարտվում է, Գրիգորյանը չի շտապում քաղաքացիական կյանքին վերադառնալ: «Նոր էր կազմավորվել մեր բանակը, և կադրերի խնդիր կար: Ես դեռ անելիք ունեի»,- ասում է նա: Մինչև 1997-ը նա շարունակում է զինվորական ծառայությունը որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ: Հետո արդեն, առողջական խնդիրներով պայմանավորված, ստիպված թողնում է ծառայությունը: 2008-ից Գրիգորյանը Լիճքի գյուղապետն է:
Այժմ 4 թոռների պապ Գնել Գրիգորյանը զբաղված է թոռների դաստիարակությամբ, ինչպես ժամանակին իր երեխաներին է դաստիարակել, որդուն բանակ ուղարկել, որտեղ նա անգամ մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորվել է, ապա կազդուրվելով շարունակել ծառայությունը:
Ասում է, որ անկախ ամեն ինչից, մարդ պետք է պատրաստ լինի հայրենիքը պաշտպանելուն. «Երիտասարդներին խորհուրդ կտայի, որ սիրեն իրենց հայրենիքը, պահեն ու պաշտպանեն: Պատերազմը չարիք է: Բայց եթե հանկարծ թշնամին ոտնձգության դիմի` բոլորս պիտի պատրաստ լինենք պաշտպանելու հայրենիքը»:
Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Հ.Չ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 8/1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի դուռը փակվել է, ներսում մնացել են անչափահաս երկու երեխա, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են Ս. Դ.-ին պատկանող բնակարանի դուռը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ս. Կ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ռ.Ս.-ին պատկանող բնակարանի դուռը:


