«Բոլորս պիտի պատրաստ լինենք պաշտպանելու հայրենիքը». ազատամարտիկ

Գնել Գրիգորյան«Ամեն մեկս մեր զենքով Հայ դատի Մարտունու գրասենյակում նստում ու սպասում էինք, թե մեզ երբ Ղարաբաղ կուղարկեն: Բայց ինձ հաճախ խաբում չէին ուղարկում: Բոլորն ուզում էին գնալ, բայց օրինակ` 5 հոգի էր պետք: Ինձ, էսպես ասած, փայ չէր հասնում: Դրա համար շա~տ եմ վիճել շտաբի ղեկավարի` Թաթուլ Կարապետյանի հետ»,- պատմում է 54-ամյա Գնել Գրիգորյանը` հիշելով, թե ինչպես է 1988-ին միացել Արցախյան շարժմանը:

Գրիգորյանն ասում է, որ տանը մեծ գրադարան են ունեցել, միշտ պատմական գրքեր է կարդացել, հայրն էլ հայրենասեր մարդ էր ու որդու մեջ դեռ մանկուց սերմանել է հայրենասիրության ոգին: Երբ խառը ժամանակներն են վրա հասնում ու հայրենիքը պաշտպանության կարիք ուներ, Գնել Գրիգորյանը, առանց երկար-բարակ մտածելու, վերցնում է իր 5 փամփուշտանոց որսորդական հրացանն ու միանում շարժմանը: Ընտանիքն էլ` հոր գլխավորությամբ, ողջունում է նրա քայլը: Միայն երկու փոքրիկներն էին նեղվում, չնայած փոքր հասակին` հասկանում էին, որ հայրը կարող է գնալ ու էլ չվերադառնալ:

«Մի անգամ գիշերը 2-3 ժամով տուն եկա հանգստանալու: Դուրս գալիս աստիճանների դիմաց երեխաները չոքեցին, թե պապա մի գնա, բայց ես երեխեքիս վրայով անցա: Հայրենիքը սպասում էր»,- ասում է նա:

Գրիգորյանը հիշում է, որ այն ժամանակ շատերը չէին էլ պատկերացնում, որ պատերազմ կարող է սկսվել, հավատում էին, որ Ղարաբաղի հարցը խաղաղությամբ կարող է լուծվել:

Գյուղից զենքը ձեռքին զինվորագրվում է 7 երիտասարդ, 1992-ից նրանց են միանում ևս երկուսը: Լիճքեցի 9 կամավորները մինչև պատերազմի հաղթական ավարտը մարտնչում են:

Հիշում է, որ սկզբում զինվորագրվողների մասին ասում էին, թե երևի մի շահ ունեն: «Մենք մե~ծ շահ ունեինք, բայց ոչ անձնական: Մեր շահը հայրենիքի պաշտպանությունն էր»,- ասում է Գրիգորյանը:

Երբ 1994-ին Լիճքից 106 երիտասարդներ են նոր կազմավորված հայոց բանակ զորակոչվում, նոր միայն գյուղի բնակիչները հասկանում են պատերազմի լրջությունը և բուն իրավիճակը:

«Մեր պատերազմը սկսվեց բահով, դանակով, եղանով, որսորդական հրացանով, նոր կամաց- կամաց անցանք ավտոմատին, հետո` այլ զինատեսակներին: Կամաց-կամաց սովորեցինք, փորձ ձեռք բերեցինք»,- ասում է Գրիգորյանը` հավելելով, որ սկզբնական շրջանում թշնամին շատ էր նեղում. թվով էլ էին շատ, պաշարներով էլ, ռուսական զորքերն էլ ադրբեջանցիներին օգնում էին:

Պատմում է, որ իրենք բազմաթիվ սոված օրեր են անցկացրել, բայց մարտական ոգին բարձր է եղել: Ասում է, որ զարմանում էին, երբ  ադրբեջանցիների նահանջից հետո տեսնում էին, թե սննդամթերքի ինչ պաշարներ են ունեցել նրանք:

«Թուրքը կռվող ազգ չէ: Քանակը դեռ որակ չի նշանակում: Բացի այդ, հայերից կամավոր զինվորագրվել էին մարդիկ, որոնց հայրենասիրական ոգին բարձր էր: Մենք ախպոր պես էինք, իրար թև-թիկունք, մեկս մյուսի համար պատրաստ մեր կյանքը զոհելու: Դրա համար էլ մենք հաղթեցինք»,- այսպես է բացատրում հայերիս հաղթանակը Գրիգորյանը:

Առաջին մարտական գործողությանը Գրիգորյանը մասնակցել է Վարդենիսում: «Լուրջ բան չէր, մի քանի կրակոց սահմանի վրա»,- հիշում է նա: Իսկ առաջին լուրջ ռազմական գործողությունը նրա մասնակցությամբ եղել է Ճամբարակի Ջիլ գյուղում:

Հիշում է, որ սկզբնական շրջանում դժվար էր թշնամու վրա կրակելը, այն գիտակցությունը կար, որ թշնամին էլ է մարդ: Սակայն հետագայում, երբ տեսնում է ընկերների մահը, ադրբեջանցիների վայրագությունները, վրեժի ծարավով է լցվում. «Էդ ամենը տեսնելով` երդվեցինք, որ վրեժ պիտի լուծենք մեր ընկերների համար ու տրամադրվեցինք, որ կա՛մ ազատություն պիտի լինի, կա՛մ մահ»:

Գրիգորյանը կամավորների հետ մասնակցել է Նոյեմբերյանի, Ճամբարակի, Վարդենիսի ինքնապաշտպանական մարտերին, ապա Քարվաճառի, Մարտակերտի, Դրմբոնի ազատագրմանը:

Երբ պատերազմն ավարտվում է, Գրիգորյանը չի շտապում քաղաքացիական կյանքին վերադառնալ: «Նոր էր կազմավորվել մեր բանակը, և կադրերի խնդիր կար: Ես դեռ անելիք ունեի»,- ասում է նա: Մինչև 1997-ը նա շարունակում է զինվորական ծառայությունը որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ: Հետո արդեն, առողջական խնդիրներով պայմանավորված, ստիպված թողնում է ծառայությունը: 2008-ից Գրիգորյանը Լիճքի գյուղապետն է:

Այժմ 4 թոռների պապ Գնել Գրիգորյանը զբաղված է թոռների դաստիարակությամբ, ինչպես ժամանակին իր երեխաներին է դաստիարակել, որդուն բանակ ուղարկել, որտեղ նա անգամ մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորվել է, ապա կազդուրվելով շարունակել ծառայությունը:

Ասում է, որ անկախ ամեն ինչից, մարդ պետք է պատրաստ լինի հայրենիքը պաշտպանելուն. «Երիտասարդներին խորհուրդ կտայի, որ սիրեն իրենց հայրենիքը, պահեն ու պաշտպանեն: Պատերազմը չարիք է: Բայց եթե հանկարծ թշնամին ոտնձգության դիմի` բոլորս պիտի պատրաստ լինենք պաշտպանելու հայրենիքը»:

 

Tags: ,