Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Երևանում մեկնարկած «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի բացմանը:
ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Կարևորում եմ այս համաժողովի անցկացումը, քանի որ մեր առջև ծառացած են կարևորագույն և սկզբունքային խնդիրներ, որոնց լուծումները պարտավոր ենք գտնել: Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման և քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում և սկսվում են իրականացվել: Սա քաղաքացիական հասարակության կառուցման ճանապահն է: Տոտալիտար համակարգից անցումը քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների` բավականին դժվար և ցավոտ ճանապարհ է, որովհետև այն ենթադրում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է փոխի իր մտածողությունը, ամենօրյա գործառույթները, հակառակ դեպքում ապրելու ենք այնպես, ինչպես երեկ: Աշխարհի ոչ մի կառավարություն հաջողության չի հասնի, եթե հասարակությունում այդ հիմնարար փոփոխությունները տեղի չունենան»:
Այնուհետև վարչապետը Բաց կառավարման սկզբունքների վերաբերյալ ներկայացրել է մի քանի թեզ:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ չի կարող ձևավորվել քաղաքացիական հասարակություն, եթե կառավարության գործունեությունը չլինի բաց ու թափանցիկ: Վարչապետի դիտարկմամբ՝ դրա համար գոյություն ունի երկու պատճառ: «Առաջին պատճառը կայանում է նրանում, որ իշխանությունն ունի պարտադրանքի գործիք: Իշխանությունը երկրում պարտադրանքի մոնոպոլիա է և եթե նա կիրառում է այդ գործիքը՝ պետք է հասարակությունը վստահ լինի, որ այն ի չարս չի օգտագործվում: Եթե հասարակության կողմից չլինի այդպիսի վստահություն, ուրեմն այդ հասարակությունը չի կարող ապահովել զարգացում: Դա է պատճառը, որ ի սկզբանե իշխանությունների ցանկացած գործողություն հասարակության կողմից ոչ միայն պետք է լինի վերահսկելի, այլև դրվի կասկածի տակ և իշխանությունները պետք է մշտապես արդարանան, որ պարտադրանքի ինստիտուտը ճիշտ են կիրառում: Շատ հաճախ ես նկատում եմ, որ իշխանության լծակներ ունեցող մարդիկ դժգոհում են հասարակության այդպիսի վերաբերմունքից, բայց դա քաղաքացիական հասարակության կառուցման անհրաժեշտ էլեմենտ է»,- ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը: Միաժամանակ, վարչապետն ավելացրել է, որ իշխանական լծակները՝ ֆինանսական միջոցների վերաբաշխումը, տնօրինումը և տիրապետումը նույնպես պետք է լինի արդարացի, ինչը ևս ենթադրում է, որ իշխանությունները մշտապես պետք է գտնվեն հասարակության վերահսկողության տակ:
Վարչապետի համոզմամբ՝ քաղաքացիական հասարակության կառուցմանն այլընտրանք գոյություն չունի և դրան հասնելու ճանապարհը թափանցիկությունն է բոլոր մակարդակներում. պետք է լինել հաշվետու հասարակության առջև և վերջինս տեսնի կառավարության բոլոր գործառույթները:
«Սա վստահության ձևավորման կարևորագույն հիմքն է: Միայն թափանցիկությունը բավարար չէ՝ անհրաժեշտ է նաև հասարակության ներգրավվածությունը որոշումներ կայացնելու գործում, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ այդ որոշումները տրամաբանական են, որ իր կարծիքն ազդում է իշխանության կողմից որոշումների կայացաման ընթացքում: Եթե մենք ապահովում ենք այս ամենի իրականացումը, ապա պարտավոր ենք ապահովել նաև պատախանատվություն և պրոֆեսիոնալիզմ, որը շատ հաճախ մեզանում բացակայում է, ինչը բերում է լրջագույն խնդիրների:
Հասարակությունը պետք է պատրաստ լինի մեծածավալ տեղեկատվության մեջ զանազանել ճիշտը ստից, որպեսզի այն զարգացման ծրագրերը, որ հաստատում ենք, հասնեն իրենց նպատակներին»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հանրությունը հեշտ է ընկալում սենսացիոն նորությունները և այդպիսի լուրերն էլ հիմնականում իրենց մեջ կրում են բացասական տրամադրություններ: Արդյունքում՝ մամուլը, հեռուստատեսությունը հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ և ստեղծվում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն և մշտական դժգոհություն, որը հնարավորություն չի տալիս բարեփոխումները տանել առաջ: Վարչապետի կարծիքով՝ այստեղ է, որ գալիս է պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքի կարևորությունը:
Որպես օրինակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մտնում է աշխարհի առաջին հինգ պետությունների շարքում, որոնք պետական բյուջեի ծախսերն ամբողջությամբ դարձրել են թափանցիկ: Օն-լայն ռեժիմով աշխարհի ցանկացած ծայրից բոլոր մանրամասնություններով և փաստաթղթերով կարելի է հետևել, թե այսօր ՀՀ պետական բյուջեն ինչ ծախսեր է կատարել:
«Այս երկու տարիների ընթացքում, երբ այս համակարգը ներդրվել է, ընդամենը մեկ դեպք է եղել, որ ԶԼՄ-ներն անդրադարձել են պետական գնումներին և կասկած հայտնել՝ արդյոք այս գործարքն արդարացված էր: Այն պարագայում, երբ ԶԼՄ-ներից մենք տեղեկատվություն ենք ստանում, թե պետական միջոցները փոշիացվել են, վատնվել են և այլն: Դրա ապացուցողական մասը, ցավոք սրտի, բացակայում է: Այս աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալիզմ, այն ԶԼՄ-ները, որոնք իրենց առջև նպատակ են դրել զբաղվել հետաքննությամբ, բացահայտել իշխանությունների չարաշահումները, պետք է ունենան նաև գիտելիքներ և հնարավորություն՝ վերլուծելու այդ տեղեկատվությունը, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի»,- ասել է վարչապետը և ցավով նշել, որ այսօր առկա է այդպիսի պրոֆեսիոնալ, պատասխանատու դրսևորումների շատ ցածր աստիճան:
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ սա ենթադրում է, որ միասին պետք է սովորենք աշխատել նոր միջավայրում, երբ տեղեկատվությունը բաց է և թափանցիկ, հասանելի հասարակության համար:«Անցումային հասարակություններում մեծ ռիսկ և վտանգ կա, երբ մարդիկ սկսում են առհամարանքով վերաբերվել նոր գիտելիքների ձեռքբերմանը: Այստեղ մեծ նշանակություն ունի նաև պատասխանատավությունը. եթե մենք գործ ունենք ոչ ստույգ տեղեկատվության հետ, որը չի համապատասխանում իրականությանը և ստվեր է գցում ազնիվ ու պատասխանատու մարդկանց վրա, պետք է լինենք հետևողական, պատասխանատվության կանչենք այն մարդկանց, ովքեր թույլ են տալիս այդպիսի ապատեղեկատվություն: Սա էլ նուրբ խնդիր է, որին մենք դեռևս պատրաստ չենք, որովհետև, այս առումով, ցանկացած գործողություն դիտարկվում է որպես ճնշում ընդդիմախոսի նկատմամբ, այլ ոչ թե օբյեկտիվ և հասկանալի ձգտում՝ հասնելու ճշմարտությանը: Այստեղ էլ դեռևս պետք է ճանապարհ անցնենք, որպեսզի լինի վստահություն նաև իրավապահ, դատական մարմինների նկատմամբ: Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվում է կառավարության ծրագիրը և մեր գործողությունները»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ՀՀ կառավարությունը սերտորեն համագործակցում է «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում և իրենք հավատացած են, որ բաց հասարակությունը և տնտեսությունը հնարավորություն կտան երկրներին ծաղկում ապրել, լինել առավել բարեկեցիկ, անվտանգ և խաղաղ: «Սրա վրա է հիմնվում մեր աջակցությունը «Բաց կառավարման գործընկերության» ուղղությամբ: Իր գործողությունների ծրագրով Հայաստանը կարևոր հանձնառություն է ստանձնել «Բաց կառավարման գործընկերության» առաջ և ես գիտեմ, որ կառավարության կողմից այդ գործողությունների ծրագիրը հաստատվել է, որը քննարկվել և շրջանառության մեջ է դրվել: Այս գործողությունների ծրագրով առաջընթացը կարևոր է Հայաստանի համար, ինչը կօգնի, որ ՀՀ-ն բարելավի իր ցուցանիշները, որոնք դիտարկվում են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ի կողմից»,- ասել է ԱՄՆ դեսպանը:
Ջոն Հեֆերնը հիշեցրել է, որ մեր երկիրը նախկինում եղել է «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ի ծրագրի շահառու և այս աշխատանքը կարող է օգնել, որպեսզի ՀՀ-ն մասնակցի կորպորացիայի ծրագրերին:
Համաժողովի ընթացքում ՀՀ կառավարությունը կներկայացնի «Բաց կառավարման գործընկերության» Հայաստանյան գործողությունների ծրագիրը և դրանով ստանձնած ՀՀ հանձնառությունների իրականացման ընթացքը:
Գյումրու ՍԱՊԾ տարածքային բաժնի թվով 4 աշխատակիցների գործն ուղարկվել է դատարան
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ միաժամանակ դատարան ներկայացրել հայցադիմում` պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Գյումրու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի, թաղման նպաստների և ժառանգվող գումարների հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ:
Այսպես.
Ըստ քրեական գործի նյութերի` ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, պետությունից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով նույն բաժնի օպերատոր Արթուր Աբրահամյանի հետ, 2007-2009թթ. ընթացքում վերջինիս միջոցով կենսաթոշակների վճարման շտեմարանից առանձնացրել է երկար տարիներ կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների տվյալները և այդ կենսաթոշակառուների անվամբ պատրաստել կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ:
Է.Վարժապետյանը նշված փաստաթղթերը հանձնել է Ա.Աբրահամյանին, ով առանձնացված կենսաթոշակառուների տվյալներն ընդգրկել է համապատասխան վճարային ցուցակներում, կեղծ ստորագրություններով հաստատել վճարման փաստը, ստացել կենսաթոշակի գումարները և ստացված գումարները փոխանցելով Է.Վարժապետյանին` յուրացման եղանակով հափշտակել թվով 9 կենսաթոշակառուների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի` կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև` կատարել պաշտոնեական կեղծիք:
Հետագայում Ա.Աբրահամյանը, քրեական գործի նյութերի համաձայն, Է.Վարժապետյանի հանձնարարությամբ կենսաթոշակային շտեմարանում անհիմն ելքագրած և հափշտակված գումարների վճարային տվյալները ջնջել է: Ըստ պայմանավորվածության` հափշտակված գումարներից Է.Վարժապետյանն Ա.Աբրահմյանին տվել է ստացված գումարի 10 տոկոսը:
Նախաքննության տվյալներով` ժառանգության վճարային ստորաբաժանման պատասխանատու Ռ.Մնացականյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2008-2010թթ. ընթացքում տեղյակ լինելով նույն ստորաբաժանման տեսուչ-վճարողներ Կիմա Փիլոյանի և Անյա Խաչատրյանի կողմից օպերատոր Արթուր Աբրահամյանին կենսաթոշակառուների անվամբ կենսաթոշակների գումարների անհիմն վճարման, նշված անձանց ստեղծած խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության մասին, չի կանխել պետական բյուջեի միջոցների անհիմն ելքագրումն ու հափշտակությունը:
Ընդհակառակը` իր փաստացի կնոջից` Կիմա Փիլոյանից, և Անյա Խաչատրյանից ընդունել և հաստատել է կենսաթոշակի, թաղման նպաստի, մահվան պատճառով չստացած կենսաթոշակի` ժառանգվող գումարների անհիմն վճարման վերաբերյալ հաշվետվությունները, դրանց վերաբերյալ վճարումների ծառայություն է ներկայացրել հաշվետվություններ, ստորագրել հաշվարկների ակտեր: Այսպիսով` Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը և Արթուր Աբրահամյանը հնարավորություն են ստացել խմբով յուրացման եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափի կենսաթոշակի գումարներ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Վարժապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով,
Արթուր Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով,
Կիմա Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով,
Ռուբեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Անյա Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և նկատի ունենալով, որ հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կասեցվել: Միջոցներ են ձեռնարկվում` Անյա Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 91 560 299 ՀՀ դրամ, որից 3 000 000 դրամն Է.Վարժապետյանը նախաքննության ընթացքում վերականգնել է: Մնացած 88 560 299 դրամը նշված 4 մեղադրյալներից բռնագանձելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում է ներկայացրել դատարան:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:
Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել
Հունիսի 14-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Գազ-53» մակնիշի 09 ՍՍ 937 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և վարորդ Մ. Չոլոյանին ցուցաբերել առաջին բուժօգնություն:
Կրկին օձեր
Հունիսի 14-ին, ժամը 17.48-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 7 ավտոտնակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Եղվարդ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Տան խոհանոցում օձ է հայտնաբերվել
Հունիսի 14-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107 թաղամասի թիվ 219 տան խոհանոցում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Փրկարարներն օձը տեղափոխել են անվտանգ տարածք
Հունիսի 14-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 57 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Սիլիկյան թաղամասում օձ է հայտնաբերվել
Հունիսի 14-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 2/6 տան 2-րդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները տան տանիքում հայտնաբերել են օձ, որը տեղափոխել են անվտանգ տարածք:
Փրկարարներն օձերին անվտանգ տարածք են տեղափոխել
Հունիսի 14-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 57 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 14-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 2/6 տան 2-րդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները տան տանիքում հայտնաբերել են օձ, որը տեղափոխել են անվտանգ տարածք:
«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով».Վրեժ Իսրայելյան
Այս գիշեր ինքնասպանություն է գործել ժամանակակից արձակագիր, դրամատուգ Վրեժ Իսրայելյանը: Ինքնասպանության պատճառը եղել է թոքերի խորացված քաղցկեղի հայտնաբերումը:
64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին հայտնաբերվել է Վաղարշյան փողոցում գտնվող գրողի բնակարանում, իսկ գրասեղանի վրա՝ մի նամակ, որտեղ գրված է եղել. «Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ունեցել եմ լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ: Ամենքից ներողություն եմ խնդրում: Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»:
Նամակի կողքին դրված է եղել իր «Վաղ թե ուշ» գիրքը:
Վրեժ Իսրայելյանը ծնվել է 1949 թ. ապրիլի 2-ին Երևանում: 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր եւ ավագ խմբագիր:
1979-81-թթ գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982թ «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:
2010 թվականին «Տոնապետ» գրքի համար ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր է եղել:
Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երեւանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն):
«Անկախ»-ի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում գրողի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին:
Եղանակի կանխատեսումն առաջիկա հինգ օրերի համար
ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում հունիսի 15-16-ը և 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ը աստիճանաբար կբարձրանա 3-5, 17-19-ը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում հունիսի 15-16-ը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանակությունը փոքր է, 18-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ուսումնավարժություն` վարակիչ հիվանդության սցենարով
ՀՀ կառավարության «Բազմոլորտ վարժանքների իրականացման ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման համաձայն` այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացրել է «Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդության դեպքի արձանագրում բնակչության և կենդանիների շրջանում» թեմայով ուսումնավարժություն:
Սցենարի հիմքում սիբիրախտ հիվանդություննն էր` հաշվի առնելով այն, որ այս հիվանդությունը վտանգավոր է թե մարդկանց, թե կենդանիների համար և վերջին տարիներին մշտապես արձանագրվում է ՀՀ տարբեր մարզերում: Շտաբային ուսումնավարժության ղեկավարն էր ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը։
Ուսումնավարժության նպատակներն էին`
• կատարելագործել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական մշտական հսկողության համակարգի հիմնարկների անձնակազմի հմտություններն ու ունակությունները ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում.
• ստուգել և ճշտել ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման ընթացքում համագործակցության վիճակն ու բարելավման ուղիները՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ և ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական մշտական հսկողության համակարգի հիմնարկների միջև.
• ստուգել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության ոլորտները կարգավորող նորմատիվաիրավական փաստաթղթերի արդյունավետությունն ու իրատեսությունը.
• ապահովել ՀՀ պետական սահմանային հսկողության (ներկրվող և արտահանվող ապրանքների նկատմամբ համապատասխան հսկողությունը, միկրոօրգանիզմների ախտածնության օրինաչափությունների վերաբերյալ իրազեկվածություն) իրականացումը, տարբեր շահագրգիռ մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված միջազգային նշանակության ԱԻ և հանրային առողջության ռիսկերի արագ բացահայտումը, չկրկնվող և նպատակային իրականացված միջոցառումների, արագ արձագանքման համակարգի զգայունության կատարելագործումը.
• ապահովել միջազգային առողջապահական /բժշկասանիտարական/ կանոնների պահանջների ներդրումը:
Շտաբային ուսումնավարժության ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուները ներկայացրեցին սիբիրախտ հիվանդության յուրահատկությունները, վտանգները և արդիականությունը հանրապետության տարածքում:
Վարժանքի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` կապված հիվանդության արագ հայտնաբերման, ախտորոշման, կանխարգելման ուղիների, պատվաստումների, կարանտինի և անկած կենդանիների այրման և սանիտարական նորմերին համապատասխան անասնագերեզմանոցների կառուցապատման հետ: Քննարկվեցին նաև շահագրգիռ գերատեսչությունների համագործակցության խնդիրները` սիբիրախտ հիվանդության բռնկումների ժամանակ:
Կայացել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքի շնորհանդեսը
Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքի (www.ssfs.am, www.snund.am ) բացման շնորհանդեսը:Ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսվարողներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:Կայքը հանդիսանում է տեղեկատվության ներմուծման և ստացման ճկուն համակարգ, որի միջոցով հանրությունը հնարավորություն է ստանում առցանց ծանոթանալ Ծառայության գործունեությանը, Ծառայությանն առնչվող օրենսդրությանը, նորություններին և այլն:Կայքից օգտվողները կարող են անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ սննդամթերքի ներմուծման և արտահանման հսկողության պահանջների, տուրքերի ու վճարումների և այլնի մասին:Կայքն ունի բաժին, որտեղ քաղաքացիներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են ներկայացնել դիմում- բողոքներ:Կայքի ստեղծման վրա աշխատել են 6 ամիս
՛՛Կայքը հայերեն լեզվով է, բայց շուտով կլինի նաև անգլերեն տարբերակը, դրանից հետո կաշխատենք ռուսերեն դարձնելու վրա:Կայքի ստեղծման վրա կատարվել է զգալի աշխատանք, որպեսզի մեծածավալ տեղեկատվությունը ինտերնետ- օգտատերերին հասանելի դառնա հնարավորինս հեշտացված կարգով՛՛,- ասաց Ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
Բալասանյան Մերի
Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվեց
Հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 18/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ նշված վրաերթը կատարել է 1954 թ. ծնված Աշոտ Ա.-ն` իրեն ամրակցված «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենայով:
Նույն օրը վարորդը Գյուրջյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Տուժողին տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն
Հունիսի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Ձորք թաղամասի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի և տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել ոստիկանության Կապանի բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Ապօրինի ծառահատում՝ Վահագնի գյուղին հարակից անտառից
Հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վահագնի գյուղից ապօրինի փայտանյութ է տեղափոխում:
Մեկնած օպերատիվ խումբը Փամբակ գյուղի վարչական տարածքից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, բերման է ենթարկել 1979 թ. ծնված Մկրտիչ Ս.-ին` «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1,.5 խմ փայտանյութով, ինչի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Մկրտիչ Ս.-ն բացատրություն է տվել, որ փայտանյութը սղոցով ապօրինի հատել է Վահագնի գյուղին հարակից անտառից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Կիսակառույց տան նկուղից առանց գործարանային համարի ատրճանակ է հայտնաբերվել
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունիսի 13-ին, ժամը 16.00-ին, 1983 թ. ծնված Ֆահրադ Հ.-ին պատկանող կիսակառույց տան նկուղից հայտնաբերել են առանց գործարանային համարի ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Տանը մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է գտել
Ոստիկանության Մեծամորի բաժնի պրոֆիլակտիկայի խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, 1941 թ. ծնված Ֆրունզիկ Ք.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 93 փամփուշտ, գնդացրի ժապավեն և ազդանշանային 3 լուսարձակիչ ու հայտարարել, որ նշված զինամթերքը, որը պատկանել է իր մարտական ընկերոջը, որը զոհվել է 1993 թ. ապրիլի 15-ին ԼՂՀ Մարդակերտի շրջանում մարտական գործողությունների ժամանակ, գտել է նույն օրը, ժամը 10.00-ին, իր տան պատշգամբում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Այս տարվա ամառը ոչ շատ շոգ կլինի, ոչ էլ տեղումներով առատ
Ամենաշոգ ամառները գրանցվել են վերջին տասը տարիների ընթացքում: Համեմատաբար հով է եղել միայն 2009թ.-ի ամառը, բայց այս տարվա ամառը լինելու է սովորական, աչքի չի ընկնելու ոչ շատ շոգով, ոչ էլ տեղումներով: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Հայպետհիդրոմետ օդերեւութաբանական ծառայության օդերեւութաբան Զարուհի Պետրոսյանը:
Մասնագետի խոսքով` մինչև հունիսի վերջ պահպանվելու է կարկուտի հավանականությունը, հատկապես` հանրապետության հյուսիսային շրջաններում, իսկ հարավային կեսում կարկուտի հավանականությունը գնալով պակասում է:
9 ՃՏՊ և 11 վիրավոր`մեկ օրում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 14-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 10, կողոպուտի` 1, խուլիգանության` 2 և խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1 և գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հաստատվել են Երևանի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկություններն ու համաչափությունները
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը հունիսի 13-ին կայացած նիստում քննարկել և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը:
Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի <<2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> որոշման 5-րդ կետով սահմանվել է, որ շենք-շինությունների ճակատային հատվածների վրա թույլատրելի գովազդների տեղադիրը, չափը, գունային լուծումը և գովազդի պատրաստման համար օգտագործվող նյութերը որոշվում են համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված սխեմայի:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ, հաշվի առնելով Երևանի ճարտարապետական տարբեր ոճերի համադրումը, մայրաքաղաքում արտաքին գովազդն իր տեսքով, կառուցվածքով և տեղադրմամբ պետք է չխախտի առանձին կառույցների ու փողոցների ճարտարապետական ամբողջականությունը: Ըստ այդմ, մշակվել են գովազդային վահանակների տեղադրման հնարավոր վայրերը, հատվածները, որոնք չեն փակի ու ծածկի ֆասադային նախշերն ու ճարտարապետական այլ տարրեր, կլինեն պատուհաններից և դռներից որոշակի հեռավորության վրա:
Արազ բաղդասարյանը տեղեկացրել է նաեւ, որ այս օրերին մայրաքաղաքում լայն թափով իրականացվում է <<Գովազդի մասին>> ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաեւ երեւանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող գովազդային պաստառների եւ վահանակների ապամոնտաժում: Աշխատանքներին զուգահեռ, տնտեսվարողներին ցուցաբերվում է անվճար խորհրդատվություն եւ մատուցվում անվճար դիզայներական ծառայություններ:
Այսուհետ տեղադրված և նոր տեղադրվելիք բոլոր վահանակները կհամապատասխանեցվեն գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների հաստատված նախագծին: Առաջիկայում չափորոշիչներին հնարավոր կլինի ծանոթանալ նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Նշվել է նաև, որ մշակվում են գովազդների գունային լուծումների, մասնավորապես՝ որոշակի նշանակության օբյեկտների, վահանակների պատրաստման նյութերի, լուսավորության և մի շարք այլ առանձնահատկությունների վերաբերյալ նախագծեր:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները հանդես են եկել նաև դիզայներական նոր առաջարկներ ներկայացնելու պահանջով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Օգնել են վատառողջ քաղաքացուն
Հունիսի 13-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան 36 շենքի 38-րդ բնակարանի վատառողջ է և նրան շտապօգնության մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1927 թ. ծնված Հրայր Ահարոնյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային: Վերջինիս տեղափոխել են Քանաքեռ – Զեյթուն բժշկական կենտրոն:
Նկատվել են օձեր
Հունիսի 13-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` օձեր են նկատվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի թիվ 4 տան մոտ, Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի թիվ 16 տան մոտ, Աշտարակի Նարեկացի 74 տան մոտ, Խորենացու 23 տան մոտ, «Վանի հերոսներ» հուշարձանի մոտակա տնակում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի դպրոցի մոտ:
Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ:
Ուսումնասիրությունների արդյունքում` նշված հասցեներում օձեր չեն հայտնաբերվել:

