«ԵՐԱԶ» ավտոմեքենան ընկել է ջրատարը
Կարապետյաններն օգնեցին կարկուտից տուժած գյուղացիներին
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ամբողջությամբ բավարարել է Լոռու մարզի` կարկուտից առավել տուժած Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների կողմից ներկայացված առաջարկները` հողատերերին աջակցելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը` վերոնշյալ համայնքներ այցելության ժամանակ: Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը և «Տաշիրի» ներկայացուցիչը նշյալ համայնքների բնակչության հետ հանդիպումների ժամանակ համոզվեցին, որ առաջարկները ներկայացվել են հենց համայնքների կողմից` տուժած բնակիչների անմիջական մասնակցությամբ: Հիշեցնենք, որ երեք համայնքերում ստեղծված հանձնաժողովները հաշվարկել էին վնասի չափերը և տուժած հողատերերին աջակցելու առաջարկ ներկայացրել Լոռու մարզպետարան: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դիմել էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին՝ համայնքների բնակիչներին հնարավորության սահմաններում օգնելու նպատակով:
Ա.Ճաղարյանը տեղեկացրեց, որ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է համայքների կողմից ներկայացված պահանջարկը բավարարել ամբողջությամբ, այն է` կարտոֆիլի ցանքատարածությունների համար (դրանք վերականգնելի են) տրամադրել ազոտական պարարտանյութ, իսկ ցորենի ցանքատարածությունների համար վճարել գյուղացիների հողի հարկը` ըստ ներկայացված ցուցակների: Պարարտանյութի գնման գումարն արդեն իսկ փոխանցված է, իսկ հողի հարկի վճարումները կկատարվեն առաջիկա օրերի ընթացքում:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն
Մահացել է Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Արթուր Վահագնի Մուշեղյանը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է, որ սույն թվականի հունիսի 8-ին Վիեննայում 53 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացավ Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Արթուր Վահագնի Մուշեղյանը:
Արթուր Մուշեղյանը ծնվել է 1960 թ.-ին: 1982թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, 1996-ին՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիան:
Արթուր Մուշեղյանը 1992 թ. դիվանագիտական ծառայության է անցել ԱԳՆ համակարգում, տարբեր պաշտոններ զբաղեցնելով ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և ԵԱՀԿ դաշտային առաքելություններում։
1996-1997թթ. աշխատել է Տաջիկստանի ԵԱՀԿ գրասենյակում, 1997-2002թթ.՝ ԵԱՀԿ առաքելություններում Խորվաթիայում և Էստոնիայում: 2004-2007թթ. Արթուր Մուշեղյանը եղել է Բուլղարիայում ՀՀ դեսպանության խորհրդական: 2007-2011թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջուկային անվտանգության վարչության սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչի պաշտոնը: 2011-ից՝ Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական:
Արթուր Մուշեղյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր և մեկ որդի։ Նա տիրապետում էր ռուսերեն, անգլերեն և սերբա-խորվաթերեն լեզուներին։
Ուներ երկրորդ դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան:
Արթուր Մուշեղյանի որպես լավ ընկերոջ, նվիրված և օրինակելի մարդու և
մարդկային մեծագույն արժեքներով օժտված մարդու հիշատակը միշտ վառ կմնա
նրան ճանաչողների սրտերում:
Զինդատախազություն.Հանձնարարվել է պարզել տեսագրությունը ԶԼՄ-ներում հայտնվելու հանգամանքները
06.06.2013թ. Սյունիքի մարզպետարանի կողմից 2013թ. հունիսի 1-ին ժամը 23-ի սահմնաններում Գորիս քաղաքի Դավիթ Բեկ 1 հասցեում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած հանցագործությունը պատկերող տեսագրության վերաբերյալ կատարած մեկնաբանությունները չեն կարող դիտվել, որպես նախաքննության կամ հետաքննության տվյալների հրապարակում, քանի որ տեսագրությունը մինչև քննիչների կողմից առգրավվումը գտնվել է բնակարանատիրոջ և նրա հարազատների տրամադրության տակ և մինչև տեսագրող սարքի առգրավվումը անցել է որոշակի ժամանակահատված, ինչը հնարավորություն է ստեղծել հիշյալ անձանց համար մինչև տեսագրության նախաքննության տվյալ դառնալը ստանալ այդ տեսագրության պատճեները:
Անընդունելի է ոչ թե տեսագրության մասին մեկնաբանությունների հրապարկման փաստը, այլ այն, որ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը տարածել է հայտարարություն մի հարցի կապակցությամբ, որը չի մտնում նրանց լիազորությունների մեջ, և ոչ էլ բխում է նրանց գործառույթներից:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարույթն իրականացնող մարմնին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` պարզելու հիշատակված տեսագրության զանգվածային լրատվության միջոցներում հայտնվելու հանգամանքները
Լոռի, մեղադրանք է առաջադրվել`երեխային վաճառելու համար
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է այլ անձի խնամքին հանձնելու նպատակով Լոռու մարզի բնակչուհու կողմից իր երեխային վաճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Լոռու մարզի բնակչուհի Ռիման 2011 թվականի մարտի 13-ին համաձայնության է եկել Ախթալա քաղաքի բնակիչ Ա.Կ.-ի հետ՝ իր` 2010 թվականի հունվարի 26-ին ծնված երեխային նրա խնամքին հանձնելու հարցում՝ 3500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարձատրության դիմաց։ Քրեական գործի նյութերի համաձայն` երեխայի մայրը նախ ստացել է 367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած գումարը վերցրել է երեխային հանձնելուց հետո` 2012 թվականի մարտի մարտի 22-ին, Վանաձոր քաղաքում:
Ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով։ Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
Սպասվում են տեղումներ
Հունիսի 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-15-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 12-15-ին աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 7-10 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 12-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան 35.00C (1969 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 7.60C (1930 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 21.10C
Հայոց բանակի զինվորի առօրյան (լուսանկարներ)
Կայծակնահարությունից քաղաքացի է մահացել
Հունիսի 10-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում ս.թ հունիսի 9-ին կայծակնահարվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Միրաք գյուղի բնակիչ՝ 1925 թ. ծնված Ջ. Հաջոյանը մահացել է բնական մահով, իսկ 1971 թ. ծնված Ա. Նամոյանը վախեցել է կայծակի որոտից և տեղափոխվել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն`դուրս է գրվել:
Կարկտահարություն Շիրակի մարզում
Հունիսի 10-ին, ժամը 11.57-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ հունիսի 9-ին Շիրակի մարզի Ազատավան գյուղում կարկուտ է տեղացել:
Տեղացած կարկուտի հետևանքով Ազատավան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ:
Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:
Վերոհիշյալ գյուղերը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Մայրաքաղաքում անցկացվել է “Երևան. բիզնես-վազք 2013”-ը
Երևանի քաղաքապետարանը “Ավստրիական ավիաուղիներ”, «SmartRunning» և AIMS–ի (Մարաթոնների և վազքի միջազգային միություն) ընկերությունների հետ հունիսի 9-ին արդեն երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացրել է “Երևան. բիզնես-վազք 2013” (Yerevan Business Run-2013) մրցավազքը: Միջոցառման գլխավոր նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն ու մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրերին մասնավոր հատվածի ներգրավումն է:
Մրցավազքի երթուղին մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից հատվածից և շարունակվել Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներով մինչև սկզբնակետ և այսպես՝ երեք անգամ. մրցուղին կազմել է 10 կիլոմետր:
Բարեգործական վազքին մասնակցել են շուրջ 30 երևանյան և արտասահմանյան ընկերություններ: Ընդհանուր առմամբ այս տարի “Երևան. բիզնես-վազք 2013”-ին մասնակցել է ավելի քան 200 մարդ: Մրցավազքին երկու տարբեր տարիքային խմբերով մասնակցել են նաև երեխաներ` 500 և 1000 մետր վազքուղով:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևանից ու նաև մարզերից ժամանած և մրցավազքին մասնակից փոքրիկները հնարավորություն են ստացել “Երևան Սիթի Տուր” ծրագրի ավտոբուսներով անվճար շրջելու մայրաքաղաքով և ծանոթանալու պատմամշակութային վայրերին:
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ կանանց և տղամարդկանց տարիքային տարբեր խմբերի անհատական պայքարում երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրած վազորդներն ստացել են մեդալներ, իսկ պատվավոր առաջին հորիզոնականում գտնվողներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանձնվել են ժամացույցներ:
Թիմային փոխանցավազքի արդյունքներով առաջին ու գլխավոր մրցանակակիր “Ռեսո” ապահովագրական ընկերության վազորդները հնարավորություն են ստացել նաև մասնակցելու “Վիեննա. բիզնես-վազք” ամենամյա մարաթոնին: Ի դեպ, մեդալներ են ստացել մրցավազքի բոլոր մասնակիցները:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին` մասնակիցները կարևորել են մասնավոր ընկերությունների մասնակցությունը մայրաքաղաքի բնապահպանական ծրագրերին և հույս հայտնել, որ հաջորդ տարի ևս հնարավորություն կունենան կրկին մասնակցելու և իրենց փոքրիկ ներդրումը բերելու Երևանի զարգացման գործում: Նշենք, որ մրցավազքից հավաքված գումարը տրամադրվելու է մայրաքաղաքի այգիներից մեկի վերականգնմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սեյրան Օհանյանը ՊՆ ոլորտի առաջիկա անելիքների մասին
Հունիսի 7-8-ը երեք տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ Տավուշի մարզ էին մեկնել, որտեղ այցելեցին զորամասերից մեկը, հետևեցին զինծառայողների պարապմունքներին ու զորավարժությանը, ինչպես նաև այցելեցին մարտական դիրքեր: Լրագրողները հանդիպում ունեցան նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով մեկ ու կես ժամ լրագրողներին ներկայացրեց ՊՆ ոլորտում բարեփոխումներն ու անելիքները, պատասխանեց հարցերին:
Ասուլիսը համընկել էր Սեյրան Օհանյանի վերանշանակման 50-րդ օրվա հետ, ինչի առթիվ նախարարը նշեց. «Երկրորդ անգամ նշանակումը պարտավորեցնող է ՊՆ անձնակազմի և անձամբ ինձ համար: Նշանակում է, որ կրկնակի եռանդով իմ աշխատանքը պետք է շարունակեմ. Հայաստանի շուրջ գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրավիճակը և սպառնալիքներն ստիպում են ունենալ մարտունակ և մշտապես կատարելագործվող բանակ»:
Օհանյանը, խոսելով իր պաշտոնավարման հինգ տարիների մասին, ասում է, որ դրանք եղել են ռազմավարական նոր մշակույթի ձևավորման տարիներ. «Պաշտպանական ռազմավարության վերանայումն ամենակարևոր միջոցառումն էր այս ժամանակահատվածի համար: Այս տարիների ընթացքում գնահատեցինք միջավայրը, սպառնալիքները, որ գոյություն ունեն մեր երկրի շուրջը և դրա ավարտին ունեցանք զինված ուժերի զարգացման պլան, որը որ միջնաժամկետ հեռանկարում ապահովելու է ՀՀ ԶՈՒ զարգացումը»:
Նախարարն ասում է, որ կարողացել են իրականացնել իրենց առջև դրված գլխավոր խնդիրը` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության , պաշտպանության խնդիրները, ՀՀ և ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովումը:
2008-ից շեշտադրվում են ոչ թե քանակային տվյալները, այլ նաև որակական աշխատանքը զինված ուժերի մարտունակության առումով` սկսած պատրաստությունից մինչև ստորաբաժանումների ներդաշնակում. «Այդ տարեթվից ի վեր մեր բոլոր կարգախոսները եղել են` ԶՈՒ պատրաստությանը նոր որակ»:
Մշակվել է նաև ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը և ռազմական արդյունաբերական համակարգի հայեցակարգը, որն ազգային անվտանգության խորհրդում հավանության է արժանացել: Ըստ այդմ` ընթացք կտրվի հայրենական ռազմական արտադրությանը:
Օհանյանը նշեց, որ 2014-ից ունենալու ենք մեր ակադեմիան, որն օպերատիվ մարտավարական օղակի զինծառայողների պատրաստությունն է իրականացնելու: Ակադեմիայի տված կրթությունը համապատասխանելու է մագիստրոսի աստիճանին:
«Լուրջ ուշադրություն ենք դարձնում նաև պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համալրման խնդիրներին: Հատկապես առաջին գծի զորամասերում դասակի հրամանատարի տեղակալները և ջոկի հրամանատարները պրոֆեսիոնալ սերժանտներ են, ինչը թույլ է տալիս հրամանատարների աջակցության շնորհիվ ավելի վերահսկելի և հետևողական դարձնել մարտական հերթապահության իրականացման ողջ խնդիրները»,- ասում է Օհանյանը:
Շարունակվելու է նաև զինված ուժերի համալրման խառը սկզբունքը` պայմանագրային զինծառայողներով և զորակոչիկներով: Պայմանագրային ծառայողների կազմը համալրվում է հատկապես սահմանամերձ բնակավայրերում` դրանով իսկ տեղացիներին դարձնելով սեփական բնակավայրի պաշտպանության մասնակիցը, ինչպես նաև որոշակի սոցիալական խնդիրներ լուծելով:
Նախարարը նշեց նաև, որ 2014-ից նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների վարձատրությունը:
Այսօրվանից` հունիսի 10-ից մեկնարկում է 2013-ի գարնանային զորակոչը:
Օհանյանն ասում է, որ վերջին մի քանի տարիներին լուրջ հիմքերի վրա դրված զորակոչի անցկացումը` սկսած նախազորակոչային տարիքում կցագրային խնդիրներից, բուժհետազոտման խնդիրներից մինչև անմիջապես զորակոչից առաջ բուժհետազոտման խնդիրները, նորակոչիկների ընդգրկումը ԶՈւ ծառայությանը` հաշվի առնելով ադապտացիոն պրոցեսը:
«Հրամանատարների խնդիրեն է, որ ադապտացիայի ընթացքում ավելի ուշադիր լինեն սկսած անհատական դաստիարակչական պատրաստությունից:,- ասում է նախարարը:- Հայրենիքի պաշտպանը ձևավորվում է ոչ միայն բանակում, այլ սկսած ընտանիքից: Հայրենիքի պաշտպանի հատկանիշների կատարելագործումը իրականացնում ենք հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկի միջոցով` զինկոմիսարիատից և դպրոցից տրամադրում են նորակոչիկների հատկանիշների մասին ինֆորմացիա: Դրա վրա հենվելով փորձում ենք նրանց մոտ ձևավորել զինվորներին համապատասխան հատկանիշներ»:
Իսկ ՊՆ կառուցվածքի բարեփոխումների շրջանակում ստեղծվել է նյութատեխնիկական դեպարտամենտ, որը իրականացնում է գնումների ողջ գործընթացը ի տարբերություն նախորդ տարիների, երբ համապատասխան վարչություններն իրականացնում էին և գնումը և ապահովումը:
Օհանյանն ասում է, որ կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում կարողացել են գնումների գործընթացն ավելի բարձր հիմքերի վրա դնել. « Բայց բոլորիս համար էլ հասկանալի է, որ նյութական միջոցները միշտ էլ որոշակի պաշտոնատար անձանց շահագրգռում են: Որքան լինելու են ֆինանսներ և նյութատեխնիկական միջոցներ, այնքան էլ մարդիկ այս կամ այն ժամանակամիջոցում հնարամտություններ են փորձելու գտնել` պետական շահերն օգտագործելու նաև սեփական շահերի համար: Մեր վերահսկողական մեխանիզմներով աշխատանքը դրա վրա ենք ուղղում, որպեսզի կարողանանք բացահայտել այդ կոռուպցիոն ռիսկերը, ժամանակին կանգնեցնենք մարդկանց, ժամանակին հեռացնենք նրանց այդ գործընթացներից»:
Կարդացեք նաև`
Հայաստանը կշարունակի իր միջազգային խաղաղապահ առաքելությունը
Աղջիկները ևս կկարողանան յուրացնել սպայի մասնագիտությունը
ՊՆ· բանակում միջադեպերի յուրաքանչյուր մեղավոր պատժվում
Սեյրան Օհանյանը Գորիսի միջադեպի մասին
Դարի ու քարի արանքում
Հունիսի 13-ին կլրանա Շահումյանի անկման 21 տարին: XXI դարաշեմին 16 հազար հայ բնակիչ հայտնվեց դարի ու քարի արանքում: Նույնքան բեկված ճակատագրեր, պատմությանը դեռ անհայտ ու չընթերցված էջեր: Տարօրինակն այն է, որ Շահումյանն ընկավ, երբ մեկ ամիս առաջ ազատագրել էինք Շուշին, և այդ օրը «Գետաշեն» օպերացիան իրականացնելու խնդիր էր դրված:
Վերինշենցի Գրետա Զարգարյանի հետ իմ հանդիպման առիթը, բնականաբար, Շահումյանի գաղթի հազար ու մի ինչուների պատասխանն ունենալն էր: Իսկ պատասխանը երկար է, սկսվում է ծննդավայրի հուզական նկարագրությամբ և այն թողնելու դրվագներով:
Վերինշենը շրջանի ամենամեծ գյուղն էր և մինչ բռնագաղթը 7,5 հազար բնակիչ է ունեցել: Աչքի է ընկել իր գեղեցիկ առանձնատներով, հրաշալի մարդկանցով, բարեկեցիկ ապրելակերպով ու ազգայնականությամբ: Իսկ զրուցակիցս, ինչպես հետո պարզվեց, հետաքրքիր կյանքի ուղի անցած մի տիկին է, բազմանդամ ընտանիքի զավակ: Երեք քույր ու եղբայր էին ու անշուշտ պիտի արմատավորվեին իրենց սիրելի Վերինշենում, եթե չարաբաստիկ բռնագաղթը չլիներ:
Ավարտել է գյուղի դպրոցը, միջնակարգ-մասնագիտական կրթությունը` Երևանի կոոպերացիայի տեխնիկումում ստացել, իսկ բուհն ավարտել է Մոսկվայում` ստանալով տնտեսագետի որակավորում: Այնուհետև գլխավոր տնտեսագետ է աշխատել Շահումյանի շրջկոպում և Ագրոարդում: Իսկ 1991 թ., երբ վերջապես սկսվեց շրջանի գազաֆիկացումը, որպես գլխավոր հաշվապահ աշխատեց այդ գրասենյակում, բայց, ցավոք, գործընթացը դեռ չսկսված ավարտվեց: «Չգիտեմ` ինձ ինչպես կհասկանաք, յուրաքանչյուր ազգի մեջ երբեմն շատ անհաղթահարելի գործոններ են լինում, առավել ևս, երբ շատ այլազգիներով ես շրջապատված ու փոքրամասնություն ես, փոքր շրջան, որը քարտեզի վրա երբեք նշված չի եղել, բայց միշտ անկախ է եղել: Միակ բացն այն էր, որ դպրոցներում հայ ժողովրդի պատմություն չէր ուսուցանվում»,- խոստովանում է տիկին Գրետան: Թեև աշխատանքային դժվարություններ, հակասություններ վերադասի հետ միշտ են ունեցել, բայց անարդարությունների դեմ ընդվզելով, ըստ զրուցակցիս, հաջողվել է որոշ խնդիրներ լուծել, միշտ բողոքել են մարզի պակաս ֆինանսավորումից:
Երբ 1962 թ. փակեցին «Նոր ուղի» օրաթերթը, հայության ճնշման, ցույցերի ներքո այն կրկին բացեցին: Ավելին ` շրջանը Երևանից միշտ ստացել է հայկական թերթեր, ամսագրեր, հայալեզու հարուստ գրականություն: Այս ավանդույթը շարունակվել է նաև շարժման տարիներին, երբ տ-ն Գրետան էր արդեն ղեկավարում «Հայմամուլը»: Հաճախ էր ուղղաթիռով Երևան գալիս ու տանում անհրաժեշտը:
Թեև Վերինշենին հարևան թուրքաբնակ մի քանի մեծ գյուղ եղել է, սակայն նրանից ավելի բարձր դիրքում գտնվող ու դեպի Մռավը ձգվող թուրքաբնակ Բալուղայան և Բաշղշլաղը Վերինշեն գյուղական համայնքի կազմում էին: Հայկական բնակավայրը, սահմանակից լինելով Կասմիր Իսմայելովի շրջանին, Լեռնային Ղարաբաղի հետ տրանսպորտային ճանապարհ չի ունեցել: Իսկ Ստեփանակերտ հասնելու համար հայը Իսմայելովից Եվլախ, Աղդամ, նոր միայն Ստեփանակերտ պիտի հասներ:
ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ
88-ի շարժումը շրջանի վիճակն ավելի վատացրեց: Թե 4 տարի ինչպես դիմակայեցին, մեկ Աստծուն ու մեկ էլ շահումյանցուն է հայտնի. «Շրջանն ուներ իր պաշտպանական ջոկատը, որը ղեկավարում էր իմ գործընկեր Շահեն Մեղրյանը: Երբ նա համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն ավարտեց, որոշ ժամանակ ինձ մոտ աշխատեց, հետո` կոմերիտմիության առաջին քարտուղար դարձավ, պահածոների գործարանի տնօրեն: Երբ շարժումը սկսվեց, Բաքվից մի ռուսախոս հայի՝ Ռուդոլֆ Միրզոև անունով, նշանակեցին որպես առաջին քարտուղար, որը մեզ շարունակ հանդարտեցնում էր, թե` սպասեք մինչև Ղարաբաղի հարցը լուծվի, դուք մեխանիկորեն նրան կմիանաք: Բայց ժողովուրդն ինչի՞ն սպասեր կամ ո՞ւմ սպասեր, եթե չսատարեին ղարաբաղյան շարժմանը»,- ասում է Գրետան ու հավելում, որ Ժողովրդի ճնշման ներքո Միրզոևը հեռացավ իշխանությունից, նրան փոխարինելու եկավ Շահեն Մեղրյանը` միաժամանակ ղեկավարելով ողջ շրջանի ինքնապաշտպանությունը:
1992 թ. հունվարի 13-ին առաջին գրադը խփեց շրջկենտրոնին: Կրակի բաժին չդառնալու համար մարդիկ շարունակ ապահով վայր էին փնտրում, երեխաներին երբեմն Ստեփանակերտ տեղափոխում, շատերն էլ՝ բլինդաժներում լուսացնում: Միակ ապահով վայրը Գյուլիստանն էր ու Վերինշենի այն թաղամասերը, որոնք մեջքով սարին էին հենված: Գյուղի կենտրոնով Ղարաչայ գետն էր հոսում: Թեև Մանաշիդի բարձր սարը Վերինշենը պաշտպանում էր թուրքի ռմբակոծումից, բայց 13-ի գիշերը Բուզլուխի կողմից գյուղն այնքան ուժգին ռմբակոծեցին, որ արկերը, սարին դիպչելով, հրավառության պես պայթում էին: «Երեխաներին հանգստացնում էինք, թե հրավառություն է, մի վախեցեք»,- հիշում է զրուցակիցս: Մինչդեռ մեծերն էլ համոզված էին, որ Գետաշեն մտնող մեր տղաներին են ռմբակոծում, քանի որ լուսաբացին մերոնք Գետաշեն պետք է մտնեին: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ:
88-ից Վերինշենը հոսանքազրկված էր: Հունիսի 13-ին գյուղի առավոտը ուժգին ռմբակոծություններով սկսվեց, ինչն էլ խուճապի մատնեց բնակիչներին: Շատ չանցած՝ Հայ Պարիս գյուղի ժողովուրդը, անկողինները անասուններին բարձած, սարերով Վերինշեն հասավ: Գյուլիստանի անտառ տեղափոխվելու և այնտեղ մնալու որոշում կայացվեց, մինչև Հայաստանից օգնություն կգար: Զրուցակիցս անձամբ է լսել, թե Շահեն Մեղրյանն ինչպես էր խնդրում, որ ժողովրդին գոտեպնդելու համար գոնե մեկ «Կոբրա» ուղղաթիռ ուղարկեն,որ աչքներով տեսնեն ու զգան` իրենց պաշտպանող կա:
Գյուղից հեռացողների այս խումբը Նապատ չհասավ: Գիշերը լուսացրին Գյուլիստանի անտառում, որովհետև տ-ն Գրետայի Արկադյա փեսան, որ զենք- զինամթերք էր տեղափոխում և տեղյակ էր շտաբի պլաններին, հուսադրում էր, որ Նապատ հասնելու կարիք չկա, որովհետև շուտով գյուղ են վերադառնալու: Մնում են ու տեսնում, թե իրենց տներն ինչպես են թալանում խաշնարածները: Իսկ առավոտյան, երբ տեսան, թե մեր ԲՄՊ-ներն ինչպես թողեցին դիրքերն ու Գյուլիստան հասան, նոր միայն Նապատ շարժվեցին: Մինչ այդ մերոնք բուլդոզերով Կարաչինար գյուղի սարերով նեղլիկ ճանապարհ էին բացել, որպեսզի ժողովուրդը գոնե Թալիշ հասնելու հնարավորություն ունենար: Վտանգավոր ճանապարհ էր, բայց այն փրկության արահետ եղավ հազարավորների համար, որոնք 3 օր ու գիշեր քայլեցին ինքնամոռաց՝ մի գետը 13 անգամ աջ ու ձախ կտրել-անցելով: Այս ու այնտեղից աղեկտուր ձայներ էին լսվում, հուսահատ ճիչեր, հարազատների փնտրտուք: Եթե շատ շահումյանցիներ, որպես սուրբ մասունք իրենց հետ տարան այնքան հող, որքան կպել էր ոտնամաններին, ապա Գրետան այդ «բարեբախտությունն» էլ չունեցավ, որովհետև ինքը դիմացավ ճանապարհի դժվարություններին, իսկ ոտնամանները՝ ոչ: Կես ճանապարհը ստիպված էր ոտաբոբիկ անցնել:
Երբ մտան Մարտակերտ, Չայլուն ու Լուլասազն արդեն վառվում էին: Հունիսի 16-ին դատարկվեց նաև Այգեստանը (Չայլու): Գիշերը լուսացրին Երեք մանկուք եկեղեցում: Քարավանի անվտանգությունը, իհարկե, ապահովում էին հայ մարտիկները, հետախույզները` նախապես ստուգելով, հետախուզելով անցնելիք ճանապարհի անվտանգությունը: Հասան Հաթերք, որտեղ կռիվն ու սոդոմ-գոմորը դեռ նոր պիտի սկսվեին:
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ «ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ»
Որոշ ժամանակ մնացին Ստեփանակերտում, քանի որ տուն վերադարձի հույս դեռ փայփայում էին, հետո Շուշի գնացին, որպեսզի ժամանակավոր մի կացարան գտնեին, բայց բոլոր բնակարաններն արդեն զբաղված էին: «Ավտուբուսով մեզ Երևան բերին, սակայն Գորիսում Վանո Սիրադեղյանը մեզ արգելեց Հայաստան մտնել ասելով, թե հայաթափում ենք Ղարաբաղը: Տեղատարափ անձրևի տակ ավտոբուսները կրկին Լաչին վերադարձան»,- հիշում է տ-ն Գրետան: Երբ հաջորդ օրն այդ խմբերին միացավ նաև Մարտակերտի ժողովուրդը, Երևան վերադարձի ճամփան, որքան էլ Սիրադեղյանը չցանկանար, արդեն անխուսափելի էր: Հիմա ինչպե՞ս չասես` մտահոգվելու փոխարեն լավ կլիներ` Շահումյանը պահելու ցանկություն դրսևորեիք, որպեսզի շահումյանցիք այդպես ցիրուցան չլինեին աշխարհով մեկ ու նոր գերեզման չփնտրեին օտարության մեջ: Ինչպես զրուցակցիս պատերազմի վետերան երկու եղբայրները, որոնց գաղթի ճամփաները հեռավոր Կալինինգրադ հասցրին: Նրանք այդ քաղաքի պատվավոր քաղաքացի դարձան ու շիրիմ գտան այդ օտար հողում:
Կյանքը շարունակվում է: Շատ է պատահել` Գրետան մտքերով տարված երթևեկել է երևանյան փողոցներում, բայց մտովի քայլել է իր Վերինշենով, որտեղ ոչ միայն իր հայրական տունը, մանկությունն ու երիտասարդությունը մնաց, այլև ծնողների, հարազատների շիրիմները, որոնց հոգիների հանգստության մոմը միշտ վառում է Սբ. Սարգիս եկեղեցում:
ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ…
Լուսանկարից մեզ նայող երիտասարդը Գրետայի քրոջ որդին է, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Ֆուրման Գյորգյանը: Ծնվել է 1973 թ. օգոստոսի 28-ին, զոհվել 1992 թ. սեպտեմբերի 29-ին Գյուլիստանի մոտակայքում:19-ամյա այս պատանին դեռ 8-րդ դասարանից է եղել Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից: Անգամ ուսանող դառնալը նրան չկտրեց այդ «հիվանդությունից»: Երկու տարի անընդմեջ, հունվարյան քննությունները հանձնելուց հետո, պարտադիր գյուղ էր վերադառնում և ինքնապաշտպանական ջոկատների կազմում տարբեր մարտական գործողությունների մասնակցում:
Այդպես եղավ նաև 1992 թ. մայիսյան քննությունները հանձնելուց հետո, երբ իր ընտանիքն ու հարազատներն արդեն Երևանում էին: Միևնույն է, նա կրկին Ղարաբաղ վերադարձավ: Շահումյանն արդեն ընկած էր, և Շահեն Մեղրյանը, պարտիզանական ջոկատներ կազմելով, փորձում էր հետ բերել կորցրածը: Միացավ այդ ջոկատներին: 1992 թ. սեպտեմբերի 29-ին Գյուլիստանի մոտակայքում, հատուկ առաջադրանքի ուղարկված ուղղաթիռի վթարից զոհվեց 19-ամյակը նոր բոլորած խիզախ պատանին, որ սեպտեմբերին ոչ թե հատուկ առաջադրանք կատարելիս պիտի լիներ, այլ համալսարանի լսարանում: Մայր բուհն այսօր հերոսի անվան լսարան ունի:
Թաղված է Եռաբլուրում:
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ
Գյումրիի դիահերձարանի հարցին լուծում է տրվել
Երկար փնտրտուքից հետո վերջապես լուծում է ստացել Գյումրիի դիահերձարանը շենքային պայմաններով ապահովելու. բոլոր համապատասխան գերատեսչությունները`սոց. հիմնադրամ, առողջապահության նախարար, փոխնախարար, ԾԻԳ կանգնել են արյան փոխներարկման կայանի նախկին շենքի տարբերակի վրա: Այս մասին archive2.ankakh.com-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:
“Այս տարբերակն իմ կողմից ամենաընդունելի տարբերակների մեկն է, որովհետև քաղաքից կտրված է, բայց ոչ շատ հեռու: Միակ թերությունը` մուտք գործող ճանապարհը շատ անբարետես վիճակում է: Եթե դա էլ վերանորոգվի, ես կարծում եմ ծրագրի մեջ մտնելու է դա, սա դառնու է իդեալական տարբերակ”, – մեղմորեն արտահայտվում է պաշտոնյան: Իսկ արյան փոխներարկման նախկին շենքը գտնվում է Գյումրիի երկրորդական ու ավերակ Սավոյան փողոցում: Այստեղ մեծամասամբ տնակներ, որոնց բնակիչները իմանալով, թե դիահերձարանն իրենց թաղամաս են տեղափոխելու, ոչ թե զայրացան կամ վրդովվեցին, այլ խղճացին. “Էդ խեղճ մեռելին մինչև տեղ հասցնեն` ուշքի գուկա էս դար ու փոսերից”:
Առողջապահության վարչության պեը նաև նշում է, “Շենք ձեռքբերելն ու սարքելը դեռևս շատ քիչ է, պետք է կարողանալ այն կահավորել. հագեցում նոր սարքավորումներով, սառնարաններով, որպեսզի այդ մարդիկ ժամանակից հետ չմնան. սրանք ֆինանսական խնդիրներ են: Գեղեցիկ շենքի մեջ, եթե պետք է հին աթոռներով նստեն` անիմաստ է դառնում այդ ամեն ինչը: Նոր շենքի մեջ պետք են նոր կահավորանք, նոր սարքավորումներ և նոր մոտեցումներ”:
Եվ, ինչիպես “Գյումրի բժշկական կենտրոնը”, այս դեպքում ևս բոլոր պարագաները տրամադրվելու են առողջապահության նախարարության կողմից:
Հիշեցնենք, որ Գյումրիի դիահերձարանի վատ վիճակի մասին պատկան մարմինները սկսեցին մտահոգվել, երբ պատգավոր Հովհհանես Մարգարյանը ԱԺ ամբիոնից հայտնեց, թե առնետները կրծել են հանգուցյալի վերջույթները:
Հայտնաբերվել է օձ
Հունիսի 9-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 154 տան խոհանոցում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
***
Հունիսի 9-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի Էջմիածնի փողոցի թիվ 47 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
***
Հունիսի 9-ին, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գ. Լուսավորչի փողոցի թիվ 84 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
***
Հունիսի 9-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի թիվ 20 տանն օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Փլուզվել է շինության պատը
Հունիսի 9-ին, ժամը 08.22-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի ցանքատարածությունները և փլուզվել է Ռ.Համբարձումյանին պատկանող տան բակում գտնվող օժանդակ շինության պատը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ժամը 00.20-ից մինչև 02.10-ը տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ (մոտ 5 հա), փլուզվել է քարե ցանկապատ (400 քմ), երկաթյա կամրջակ (10մ երկարություն, 0.5մ լայնություն և 4մ բարձրություն):
Սելավի հետևանքով գյուղի փողոցները ծածկվել են ջրաբերուկներով:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզպետարանը:
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:
ԱՎԱԶԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ. ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հունիսի 7-ին, ժամը 01.20-ին, Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1971 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն:
Նույն օրը, ժամը 03.30-ին, բաժին է հրավիրվել վերջինիս հայրը և հաղորդում տվել, որ հունիսի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Միկրոշրջան թաղամասի մի տնակում երկու անծանոթներ բռնություն գործադրելով՝ որդուց խլել են բջջային հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1963 թ. ծնված Դերենիկ Ք.-ն նշված տնակում բռնել է Անդրանիկ Հ.-ի ձեռքերը, իսկ 1973 թ. ծնված Սարգիս Ք.-ն բռունցքով հարվածել է նրա դեմքին, պատճառել վնասվածքներ և ձեռքից խլել բջջային հեռախոսը:
Ժամը 04.00-ին Սարգիս և Դերենիկ Ք.-երը բերման են ենթարկվել բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (Ավազակությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Կարկտահարություն Ստեփանավանում
Հայաստանը կշարունակի իր միջազգային խաղաղապահ առաքելությունը
«Միջազգային համագործակցությունը մեր միջազգային երաշխիքների ամրապնդման ուղղությունն է և չենք կարող առանց միջազգային համագործակցության մեր իմիջի և մեր երկրի անվտանգության համար համապատասխան երաշխիքներ ստեղծել»,- ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի տարածաշրջանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով`հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելությանը շարունակական է լինելու. «Խաղաղապահ առաքելությունը մեր մասնակցությունն է անվտանգության այն խնդիրներին, որոնք այսօր մտահոգիչ են միջազգային հանրության համար: Մենք միջազգային խաղաղապահ առաքելությամբ ցույց ենք տալիս, որ ոչ միայն սպառողն ենք, այլ նաև մասնակիցը միջազգային անվտանգույթյան ապահովման»:
Ներկայում Հայաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում, ինչը կլինի շարունակական: Հայաստանը բանակցում է Իտալիայի հետ Լիբանանում խաղաղապահ առաքելություն սկսելու համար, ինչպես նաև հավանություն է տրվել ՄԱԿ-ի շրջանակներում Լիբանանում, գուցե նաև Հյուսիսային Աֆրիկայում ծառայությունն իրականացնելու ծրագրին:
« Դրանով մենք բարձրացնում ենք մեր փոխգործունակությունը, փոխկապակցված մեր հնարավորությունները,- ասում `Օհանյանը`հավելելով, որ Աֆղանստանում ծառայության առաջին իսկ տարիներին հայ խաղաղապահները ծառայության այնպիսի պայմաններ են ստեղծել, որպիսին չի եղել մինչ այդ:- Գերմանական զարախմբի ղեկավարությունը ապշած էր մեր զինծառայողների հնարամտություններով»:
Աղջիկները ևս կկարողանան յուրացնել սպայի մասնագիտությունը
ՊՆ-ն այս տարի իգական սեռի ներկայացուցիչների համար ընդունելություն է հայտարարել բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով`ներկայում զինված ուժերում բավականին մեծ քանակությամբ աղջիկներ են ծառայում`այն ոլորտներում, որտեղ որ իրենք կարող են ծառայել, օրինակ`բուժքույրներ, կապավորներ, ավտոմատ կառավարման համակարգում, նաև մարտական ստորաբաժանումներում կան աղջիկներ: Այդ ամենը իրականացվում է կամավոր սկզբունքներով: Իսկ այս տարվանից ցանկության դեպքում աղջիկները ևս կարող են ընդունվել ռազմական ուսումնական հաստատություններ:
«Բոլորին հրավիրում եմ սովորելու, մենք համապատասխան պայմաններ կստեղծենք: Աղջիկները, որոնք որ կսովորեն բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում, երեկոյան ժամերին կկարողանան իրենց տուն գնալ, բայց միևնույն ժամանակ դա չի բերի նրան, որ իրենց մասնագիտությանը չեն տիրապետի»,- ասում է Օհանյանը:


