Հաշմանդամների երթ և ֆլեշ-մոբ Երևանում

DSC_2102Հունիսի 8-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցները հանդիպեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ, քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները։

DSC_2027Նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպման ընթացքում նշեց, որ վերջին տարիներին բոլորս ականատեսն ենք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակական վերաբերմունքի, և որ ամենակարևորն է` հենց հաշմանդամություն ունեցող անձանց իրենց իսկ ուժերի նկատմամբ փոփոխությանը:

Նախարարը նշեց, որ հանրապետությունում ունենք զբաղվածության խնդիր, այդ թվում և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում։ ՀՀ-ում հաշմանդամների թիվը մոտ 180 հազար է, նրանցից միայն 9 տոկոսն է զբաղված: Այդ իսկ պատճառով օրենքում գործնական փոփոխություններ են նախատեսվում, որպեսզի հնարավոր լինի լուծել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը։ «Օրենքի նախագծում մենք ամրագրեցինք, որ բոլոր կազմակերպությունները, որոնք ունեն 100 և ավելի աշխատակից, առնվազն 1 տոկոս պետք է ունենան նաև հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ: Իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն կատարի այս պահանջը, պարտավորված կլինեն որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրել հատուկ հիմնադրամին»,- ասաց Արտեմ Ասատրյանը։ Նա նաև պատասխանեց Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերին։

DSC_2148Նախարարի հետ հանդիպումից հետո մարաթոնի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ անցկացրին ֆլեշ-մոբ ակցիա։ Նրանք կոչերով դիմում էին անցորդներին, նրանց բաժանում իրենց խնդիրները ներկայացնող բուկլետներ, թերթիկներ, ինչպես նաև բարեմաղթանքներով ծաղկե թերթիկներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ 7-օրյա միջազգային մարաթոնի նպատակն էր ցույց տալ հասարակությանը, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք մարդիկ են, կարող են իրենց ուժերով կազմակերպել ծրագրեր, մասնակցել ու հաղթել բազմաթիվ մրցույթներում։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ, որոնց շրջանակներում բարձրացվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները։ Նա նաև նկատեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները ԱՊՀ տարածաշրջանում շատ նման են, որոնք աստիճանաբար լուծում են ստանում։

Նշենք, որ «Համագործակցություն 2013» խորագրով միջազգային մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՌԴ երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կրոնական համոզմունքների պատճառով զինծառայությունից խուսափողների դատվածությունը կհանվի, իսկ քրգործերը՝ կկարճվեն

301112_41Հունիսի 8-ից ուժի մեջ մտան «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից մայիսի 2-ին ընդունված լրացումները, որոնք վերաբերում են կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափողներին:

Ըստ այդմ, մասնավորապես, կկարճվեն դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և կդադարեցվի քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ՝ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը», 327.1-ին՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը», 327.2-րդ՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը», 327.3-րդ՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը», և 327.4-րդ՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը», հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչև 2013 թ.-ի օգոստոսի 1-ը դիմում կներկայացնեն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում կկայացնի նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

Նույն արարքները կատարած և դրա համար պատիժ կրող անձանց դիմումի հիման վրա, իսկ այն չներկայացվելու դեպքում` դատախազի միջնորդությամբ, դատարանը կվերանայի այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը և նրանց ազատելով պատժի հետագա կրումից, եթե նրանք մինչև 2013 թ.-ի օգոստոսի 1-ը դիմում ներկայացնեն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և որոշում կայացվի նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

«ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում կատարվել են նաև լրացումներ, ըստ որոնց 2002 թ.-ի ապրիլի 26-ից մինչև 2004 թ.-ի հուլիսի 1-ը կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով 1961 թ.-ի մարտի 7-ի ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով կամ 2003 թ.-ի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար դատապարտված անձանց կհամարեն դատվածություն չունեցած: Այդպիսիք կհամարեն նաև 2004 թ.-ի հուլիսի 1-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար դատապարտված անձանց, եթե նրանց դատվածությունը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանվել կամ մարվել է:

Բացի այդ՝ դատարանը կվերանայի 2004 թ.-ի հուլիսի 1-ից հետո նույն արարքների համար դատապարտված և պատիժը կրած կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց կամ այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը, եթե նրանց դատվածությունը դատարան դիմելու օրվա դրությամբ հանված կամ մարված չէ:

Այսօրվանից ուժի մեջ են մտել նաև «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնցով հստակեցվում են այլընտրանքային ծառայության անցնելու հիմքերը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումի ներկայացման, վերջինիս քննարկման, հանրապետական հանձնաժողովի կողմից որոշման ընդունման, այլընտրանքային ծառայության կազմակերպումն ու իրականացումն ապահովելու կարգը:

Մասնավորապես, այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը, իսկ այլընտրանքային զինվորական ծառայության՝ եթե կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:

Կրճատվում են այլընտրանքային ծառայության ժամկետները. զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս՝ մինչ այժմ գործող 36 ամսվա փոխարեն, աշխատանքային ծառայության ժամկետը՝ 36 ամիս՝ 42 ամսվա փոխարեն:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

 

ՊՆ· բանակում միջադեպերի յուրաքանչյուր մեղավոր պատժվում է

DSCN23042013-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ   նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանակում  երեսունյոթ տոկոսով բարելավվել են  ցուցանիշները կարգապահության առումով: Այս մասին Նոյեմբերյանի տարածաշրջանում  լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Բայց պատահարները, մանավանդ որ վերջանում են մարդկային կորուստներով, յուրաքանչյուրիս համար ցավալի են,  և ոչ մի վիճակագրություն այս պարագայում չի կարող որևէ  մեկիս հանգստացնել»,- ասում է Օհանյանը:

Նրա խոսքով բանակում մարդկային կորուստները մի քանի հիմնական պատճառներ ունեն: Առաջին պատճառը սահմանված անվտանգության և զենքի օգտագործման կանոնների խախտումն է: Նախարարը նշում է, որ ՀՀ ԶՈՒ մեկ երրորդն ամեն օր առնչվում է զենքի հետ· կեսը գտնվում է դիրքում և մարտական հերթապահություն է իրականացնում, մյուս կեսը առօրյա գործունեության մեջ զբաղվում է մարտական պատրաստութամբ, ուսումնական գործընթացով:

Բանակում մարդկային կորուստների երկրորդ հիմնական պատճառը միջանձնային հարաբերություններն են: «Կառույցներում, որտեղ մեծամասնությամբ տղամարդիկ են և այն էլ երիտասարդներ, միջանձնային հարաբերությունները կտրուկ բարելավելն  անհնար է,- ասում է Օհանյանը:- Կոնֆլիկտները տղամարդկանց միջև նաև քաղաքացիական ազատ կյանքում անխուսափելի են, պարզապես պետք է փորձենք  այնպես անել, որ կոնֆլիկտների արդյունքում զեքն չկիրառվի: Հիմա փոքր իսկ դրդապատճառներով մեկը մյուսի դեմ զենք է կիրառում»:

Օհանյանն ասում է, որ պատահարի յուրաքանչյուր մեղավոր պատժվում է:

«Վերջին  հինգ  տարիների ընթացքում  ԶՈՒ  ղեկավար կազմից շուրջ քսանհինգ մարդ ազատվել, տեղափոխվել կամ տարբեր աստիճանի տույժերով պատժվել  է, հրամանատարական օղակներից, որոնք անմիջական պատասխանատուներն են , զորամիավորումների և զորամասերի հրամանատարներ, շուրջ  քառասուն հոգի պաշտոններից ազատվել են , տեղափոխվել այլՙ անձնակազմի հետ կապ չունեցող  պաշտոնների»,- ասում է Օհանյանըՙ հավելելով, որ հետևողական են թե աշխատանքը գնահատելու, թե թերությունները պատժելու գործում:

Օրինականացվել են շուրջ 10 000 բնակելի տներ ու ինքնակամ զբաղեցված հողամասեր

phpThumbԻրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի հիման վրա՝ 2008 թվականից իրականացվում է անհատական բնակելի տների, դրանց կից հողամասերի և դրանցում կառուցված ինքնակամ բնակելի տների ու օժանդակ շինությունների անհատույց օրինականացման կարգը, որի շրջանակում մայրաքաղաքում արդեն իսկ օրինականացվել են շուրջ 10 000 բնակելի տներ, ինքնակամ զբաղեցված հողամասեր:

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը, պարզաբանելով կարգը, նշել է, որ անհատույց բնակելի տների օրինականացումը վերաբերում է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ինքնակամ բնակելի տներին և ինքնակամ զբաղեցված հողամասերին: Օրենքի համաձայն, անհատույց օրինականացման ենթակա են մինչև 300 քառ. մետր մակերեսով ինքնակամ զբաղեցված հողատարածքները: Հողատարածքների 300 քառ. մետրից ավելի մակերեսի օրինականացումը կատարվում է գործող կադաստրային արժեքներով`ըստ տարածագնահատման գոտիների: Գործընթացը սկսվում է Երևանի քաղաքապետարանի Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված <<Մեկ պատուհանի>> գրասենյակ այցելությամբ, որտեղ կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն և կներկայացվեն գործընթացին առնչվող բոլոր ընթացակարգերը: Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է ունենալ տեղագրական կամ գեոդեզական հանույթ և համապատասխան փաստաթղթեր` կառուցապատման տարեթվի վերաբերյալ տեղեկանքով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սեյրան Օհանյանը Գորիսի միջադեպի մասին

DSCN2304Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգշաբթի այցելել է Գորիսում նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին: Ասում է, որ Բուդաղյանի վիճակը միջին ծանրության է, նրա հետ կարճ զրուցել է, սակայն դեպքի վերաբերյալ մանրամասներով չի ծանրաբեռնել:

«Որպես անձ, և որպես ԶՈՒ  ղեկավար դատապարտում եմ ցանկացած միջանձնային այդպիսի ելքով դեպքեր, դատապարտում եմ  ոչ միայն զինվորականի և քաղաքացիականի միջև վեճը, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացու միջև: Մենք այնքան սպառնալիքներ և մարտահրավերներ ունենք դրսիցՙ  մեզ հայտնի ու ոչ լավը ցանկացող հարևան պետությունների կողմից, որ ներսում պետք է  միասնական լինենք,  և այդպիսի վեճերը պետք է ավարտվեն խոսքով,- ասում է Օհանյանը:- Եվ իհակե դատապարտում եմ   ոտնձգությունները, որոնք կատարվում են և զինվորի և  բարձրաստիճան սպայական անձնակազմի նկատմամբ»:

Նախարարի կարծիքով դեպքը տեղի է ունեցել պահի ընթացքում ծագած միջանձնային հարաբերությունների ընթացքում: «Չեմ կարծում,  որ դեպքն արդյունք է նրա, որ զինվորականի կեցվածի կամ համազգետսի անկում կա:  Հայոց բանակի սպա և զինվոր լինելը  հերոսական մասնագիտություն է, քանի որ ամեն վայրկյան առնչվում են վտանգի, դժվարությունների, զինվորական ծառայությանը հարիր սահմանափակումների հետ»:

Նախարարը համամիտ չէ կարծիքի հետ, որ երկրում անպատժելիության մթնոլորտ է տիրում և կատարվածը դրա հետևանք է: Նրա համոզմամբ քննությունը կպարզի ողջ իրողությունը և մեղավորները կպատժվեն:

Զորավարժություն· զինվորները հետ են մղում հակառակորդի գրոհը (տեսանյութ)

DSCN2283Այսօր մի խումբ լրագրողներ այցելել են ՊՆ N  զորամաս, որտեղ ծանոթացել են զինվորների առօրյային, ինչպես նաև հետևել նրանց մարտական պատրաստության դասերին ու զորավարժությանը: Սցենարը հետևյալն է· հակառակորդը տանկային գրոհ է կազմակերպել, զինվորները հակագրոհ են կազմակերպում և ոչնչացնում հակառակորդին:

Իսկ այցի մանրամասներն «Անկախ»-ը կներկայացնի առաջիկայում

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան հայտնվել էր հարակից առվակում,իսկԵրևանի Դավիթ Բեկ փողոցում շրջվել է աղբակույտի վրա

Հունիսի 7-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հարակից առվակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18.24-ին հրշեջ փրկարարները «Հյունդաի» մակնիշի 60ՕՏ990 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի գոտի:

շրջվելաղբակույտի վրաՀունիսի 7-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում՝ ”Ընտանեկան” ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում ”Տոյոտա Կորոլա” մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել քարին և շրջվելաղբակույտի վրա: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Է. Ռաֆաելյանը` (ծնվ. 1992թ.) տեղափոխվել է «Սրբ.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտբուժօգնություն դուրս է գրվել:

Դեպքի մասին տեղեկացվել են «1-03» ծառ. և ՃՈ հերթապահները:

Կարկուտը վնասել է միջհամայնքային ավտոճանապարհը

Կարկուտը վնասել է միջհամայնքային ավտոճանապարհըՀունիսի 7-ին, ժամը 21.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 20.00-ից մինչև 21.20-ը տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Ակների գյուղի միջհամայնքային ավտոճանապարհը (3 կմ) և ցանքատարածքներ (մոտ 200 հա):

Հասցված վնասի չափերը ճշտվում են:

Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:

Վաչե Տերտերյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում

Սյունիքի մարզպետարանՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում` աշխատակազմի, մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Վ. Տերտերյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի փոխմարզպետ Արա Դոլունցը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի, մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնավորապես նշվեց, որ 2013թ. առաջին հինգ ամիսներին մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95, 4 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 18,2 տոկոսով: Զեկուցվեց նաեւ, որ ժամանակացույցի համապատասխան են իրականացվում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները:

Վ. Տերտերյանը դրական գնահատելով սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը` հորդորեց հետեւողական լինել ինչպես այդ ցուցանիշների պահպանման, այնպես էլ մարզային տարբեր ծրագրերը ժամանակին իրականացնելու հարցում: Քննարկվեց նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշված համայնքներում կառուցապատման խնդիրներին առնչվող հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Սուրիկ Խաչատրյանը վաղուց արդեն հարձակվել է Սյունիքի մարզի բնակչության վրա. Հրանուշ Խառատյան

Հրանուշ-Խառատյան2Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում` դառնալով նաև սոցցանցերի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Դեպքի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա մասնավորապես գրել է.

“Իր տան մոտ կատարված սպանությունների շուրջ մեղայականից հետո Սուրեն (թե՞ այնուամենայնիվ` Սուրիկ) Խաչատրյանը երկու-երեք օր է` լրատվամիջոցներին և զինդատախազությանը մտորումների նյութ է մատակարարում` «եթե քո տան վրա հարձակում լինի, չե՞ս պաշտպանվելու» թեմայով: Լավ թեմա է: Սուրեն (թե՞ Սուրիկ) Խաչատրյանը վաղուց արդեն հարձակվել է Սյունիքի մարզի բնակչության վրա: Սյունիքի մարզի բնակչությունը վաղուց և լիակատար իրավունք է վաստակվել պաշտպանվելու և պաշտպանելու «իր տունը», «իր դստերը», «իր որդուն», իր մարզը, վերջապես: Չէ, ի՞նչ իրավունք, ուղղակի պարտավոր է պաշտպանվել, քանի որ այս դեպքում այլ պաշտպաններ, լրագրողների մի խմբից բացի, չկան: Իսկ ինքնապաշտպանությունը սրբազան իրավունք է: Ի՞նչ կարծիք ունի սույն հանրահայտ փաստի մասին զինդատախազը: Եվ սյունյաց հերոսական արծիվները, որոնց «արծվային ճախրանքը» բավարարում է միայն «իմ ֆյուրերի»-ն գերհավատարմության հավաստիացումներին և հարկատուների միջոցներով ամառային ճամբարներում իրենց ֆյուրերային նվիրվածության ճախրանքի համար թևերը հզորացնելու նվիրական գործին: Նրանք, օրինակ, չե՞ն ուզում պաշտպանել «սյունյաց» բնակչության տունը, դուստրերին, որդիներին: Նրանց ավելի փոքր «իմ ֆյուրերը» նրանց ինքնապաշտպանության բացահայտ կոչ է ուղղում: Չպետք է երախտամոռ լինել: Չնայած, մյուս կողմից, տվյալ դեպքում հավանաբար «լռությունը ոսկի է». չէ՞ որ առջևում մարզպետի թափուր տեղի համար պայքար է սկսվելու: Հնարավոր է, որ Սյունիքին ավելի՞ մեծ չարիք է սպասվում”:

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները

DSC_1767Հունիսի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցները հանդիպեցին հաշմանդամության խնդիրներով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, տարբեր երկրների ներկայացուցիչներ ներկայացրին իրենց երկրներում դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։

ՀԵՀ ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակություն և մանրամասնեց. «Հասարակությունը շատ հաճախ տեղեկատվության պակասի հետևանքով ոչ միշտ է շփվում հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Ուստի ծրագրի միջոցով ցանկանում ենք նաև բարձրաձայնել այս անձանց խնդիրների մասին: Մենք այս օրերի ընթացքում հասցրել ենք այցելել մեր քաղաքի տարբեր վայրեր, ու գուցեև մեր քաղաքը հաշմանդամություն ունեցող անձանց համար կատարյալ չէ, բայց եթե համագործակցենք, ամեն ինչ հնարավոր է հարթել»:

Ա. Պողոսյանը տեղեկացրեց, որ հունիսի 6-ին Կարմիր խաչում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում հանդես են եկել տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք: Իսկ վաղը Երևանի Տերյան փողոցից  դեպի Հյուսիսային պողոտա սայլակով երթ տեղի կունենա, որը կավարտվի ֆլեշ մոբ ակցիայով:

«Փյունիկ» հաշմանդամների միության ներկայացուցիչ Ռուզաննա Սարգսյանը նշեց, որ այս ծրագրի իրականացման շնորհիվ հնարավորություն ստեղծվեց օգտակար հանդիպումներ ունենալ համագործակցության, փորձի փոխանակման առումով: Իսկ Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Շուշան Նահապետյանը կարծիք հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ընդհանուր են, ուստի այս հանդիպման միջոցով  հնարավորություն ունեն ինֆորմացիա փոխանակել և ներակայացնել, թե մեր երկրում վերոնշյալ խնդիրների լուծումն ինչ փուլում է գտնվում, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները միշտ արդիական են»:

Նշենք, որ «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմադամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Գազի թանկացումը 5 տոկոսով կբարձրացնի տրանսպորտի գինը

a0e574e70080bee4bb9dba1f6c282369Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, որըստ իրենց վերլուծության, գազի թանկացումը հասարակական տրանսպորտի գների վրա կանդրադառնա   5 տոկոսի սահմաններում, այլ ոչ թե մի քանի անգամ, ինչպես կարծում են շատերը:
Ռոբերտ Նազարայնը նաև խնդրել է իրենց հետ չկապել տրանսպորտի ավելի բարձր գնի մասին խոսակցությունները:

 

Գազի սակագինը հաստատվեց. 156 դրամ` նախկին 132-ի փոխարեն

050213.6.6_3Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվեց գազի սակագինը հաստատել նախապես հայտարարված չափով: Հաստատված սակագինը ուժի մեջ կմտնի արդեն հուլիսի 1-ից:

Հանձնաժողովը որոշեց ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին մատակարարովող 1000 խորանարդ մետր գազի սակագինը սահմանել 156 000 դրամ: Այսինքն, բնակչությանը մատակարարվող գազի 1 խ/մ-ի դիմաց սակագինը կազմում է 156 դրամ` նախկին 132-ի փոխարեն:

Հաստատված սակագինն, ի դեպ, 65 դրամով պակաս է «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկած սակագնից: Եվ սա ոչ միայն կառավարության առաջարկած սուբսիդավորման, այլեւ Հանձնաժողովի` «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկներում կատարած որոշ փոփոխությունների արդյունք է:

Այսպես, օրինակ, հանձնաժողովն առաջարկել է նվազեցնել ընկերության առաջարկում ներկայացված շահագործման համար նախատեսվող 7.275.34 մլն դրամ ծախսերը մինչեւ 2,801.53 մլն դրամ: Հանձնաժողովն առաջարկել է նաեւ10 200 դրամով նվազեցնել «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցների միջին աշխատավարձը, ընկերության առաջարկած 237 200-իփոխարեն սահմանելով 227 000 դրամ: Ի դեպ, հետաքրքրական մի փաստ եւս, պարզվում է, որ բացարձակ գերիշխող դիրք ունեցող ընկերությունը միլիոնավոր դրամներ է ծախսում իր գովազդի վրա: Ընկերության առաջարկով այդ գումարը կազմում է 40 մլն, իսկ հանձնաժողովի հաստատած տարբերակում 16 մլն դրամ է:

Ի դեպ, «ՀայՌուսգազարդ» տարեկան մուտք գործած գազի գինը 205, 588. 39 մլն դրամից հանձնաժողովը նվազեցրել է մինչեւ 142,736.56 մլն-ի, ինչպես բացատրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ի հաշիվ կառավարության խոստացած սուբսիդավորման:

Հանձնաժողովի նիստում հրապարակված մեկ հետաքրքիր փաստ եւս. «ՀայՌուսգազարդ»-ը տարեկան 1812.5 մլն խ/մ գազ է ստանում, որից 1748.41մլն խ/մ-ը` Ռուսաստանից եւ 350 մլն-ը` Իրանից:

Ընդ որում, Ռուսաստանից ստացվող գազի գինը սահմանի վրա կազմում է 270 ԱՄՆ դոլար 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ պարսկական գազի գինը ոչ հանձնաժողովը, ոչ էլ պետական այլ մարմին չեն հրապարակում:

Ինչեւէ, այսօր երկարատեւ քննարկումներից եւ քննադատություններից հետո Հանձնաժողովն, ի վերջո կայացրեց գազի սակագինը բարձրացնելու մասին նախատեսվող որոշումը: Նախապես հայտարարված 156 դրամ սակագինը նույնությամբ հաստատվեց, չնայած արված բազմաթիվ առաջարկներին եւ հնչած քննադատություններին: Ի դեպ, նշենք, որ այսօր էլ նիստի ընթացքում Հանձնաժողովի շենքի մուտքի մոտ հավաքվածները պահանջում էին չընդունել գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

 

Էլեկտրաեներգիայի գինը 8 դրամով բարձրացավ

3Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում որոշել է էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը հուլիսի 7-ից սահմանել 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ/կՎտժ` բարձրանալով 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար։

Ըստ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանի` արտադրող կայանների սակագնի վերանայումը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, համակարգում աշխատավարձերի բարձրացումով, փոխարժեքային գործոնով և ատոմակայանի վառելիքի գների աճով։ Արդյունքում` վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար:

 

«Եթե Գորիսում վախենում են կոնկրետ ցեղախմբից, ապա Երևանում այն ուղղակի մշակույթ է». Պետրոս Ղազարյան

231337391368877210«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գորիսում տիրող վախի մթնոլորտին` գրելով.

«Կան պահեր, երբ տեսակետ հայտնելը անհրաժեշտություն է: Ես դժվար եմ պատկերացնում առանց սեփական տեսակետի քաղաքական գործիչ, լրագրող, մտավորական, քաղաքացի, վերջիվերջո մարդ:

Շատերն ասում են՝ այսօր Գորիսում վախի մթնոլորտ է: Բայց անկեղծ լինենք, մի՞թե Երևանում պակաս վախ կա: Ընդ որում, եթե Գորիսում վախենում են կոնկրետ ցեղախմբից, ապա Երևանում այն ուղղակի մշակույթ է:

Եթե մենք ցանկանում ենք, որ այսօրվա և վաղվա խուժանը պատժվի, անհրաժեշտ է ուժեղ հանրային կարծիք, դատապարտող մթնոլորտ: Առանց որի ոչինչ չի փոխվի:

Ինչպիսի՞ն էր գորիսյան դեպքերի արձագանքը: Ես հասկանում եմ, որ FB-ում հանրապետականները ծպտուն չեն հանում, բայց չեմ հասկանում, երբ լռում են ընտրությունների ժամանակ նույն հանրապետականներին անարգանքի սյունին գամող կուսակցությունները, լռում են մտավորականների զգալի մասը, սիրո և հավատի ուսմունքը մեզ ավետող եկեղեցականները»,-գրել է նա:

Եթե չեմ սխալվում, Աստվածաշնչում անտարբերության մասին հստակ գրված է: Միգուցե չե՞ն կարդացել:

Դավիթ Սանասարյանի տպավորությունները «LISKA» մարտաֆիլմը նայելուց հետո

DV5BDsjdRLRJgoo77IfLC6YWzp

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի տեսագրությանը, որը հայտնվել էր լրատվամիջոցներում, գրել է.

«1. Լիսկեն կամ խմած ա եղել, կամ դեղի տակ (մարզպետարանի պրոդյուսերները գրել էին, որ տեսել են տեսանյութի մեջ, թե երբ է գալիս Լիսկա Խաչատրյանը, սակայն Ա1-ի տեսանյութի մեջ նման բան չկա, նշանակում է՝ ջնջված է եկել Լիսկեն): Հակառակ դեպքում էսքան կրակոց, ու ո՛չ զարթնեց, ո՛չ էլ զարթնացրեցին:

2. Ավետիք Բուդաղյանը երբ գալիս է եւ ուզում է իջնել, մեքենայի դուռը հաճախակի բացվում, փակվում է. կարող եմ ենթադրել, որ չեն թողում իջնի մեքենայից, որից հետո գալիս է եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, եւ խառնաշփոթ է տեղի ունենում… Հիմա օդ է կրակում, թե ինչ է անում, ոչ մի բան հստակ չի երեւում…

3. Հետո սկզբից կրակում, քցում են Արտակ Բուդաղյանին, որը տեսնում է Ավետիք Բուդաղյանը եւ կրակելով շարժվում է Լիսկայի թիկնապահների ու տղաների ուղղությամբ, հետո հետ է դառնում վիրավորված, ու մի հատ էլ մեջքից է ստանում մահացու գնդակն ու ընկնում, որից հետո մի քանի բեմական ներկայացումից հետո վիրավոր գնդապետ Արտակ Բուդաղյանը մի կերպ հասնում է եղբոր մոտ ու ընկնում գետնին…

4. Տեսաֆիլմի տղամարդիկ բոլորը զինված էին, իսկ հետո փախան, մնացին կանայք, ու ողջ պրոցեսի ընթացքում կանայք գերակշռում են:

5. Ու մի բան էլ. մեկ րոպե չեմ պահի այն թիկնապահներին, որոնք իրենց տերերին թողում են կրակի բերան, ու իրանք փախչում են, որ իրանց բան չլինի…

Էս տեսանյութը տարածելով՝ Լիսկայի վրայից պատասխանատվությունը չի ընկնում…

Լիսկեն դեռ պետք է պատասխան տա !!!»:

Դավիթ Սանասարյանը ևս մեկ գրառում է կատարել`  «Ո՞ւր էին Գորիսի ոստիկանության աշխատակիցները «Liska» մարտաֆիլմի ժամանակ» վերնագրով:

Դիմելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` նա հարցրել է.

«Փուչիկ խոսակցությունների ժամանակն անցել է. պատասխան տուր, թե ո՞ւր էին Գորիսի ոստիկանության աշխատակիցները «Liska» մարտաֆիլմի ժամանակ, ինչո՞ւ այդքան կրակոցից հետո ոչ մի ոստիկան չհայտնվեց, երբ ասում են՝ ոստիկանությունը Լիսկայի տան հարեւանությամբ է տեղակայված…

Կարող է ոստիկաններն էլ Լիսկայի նման խորը քնա՞ծ էին, եւ եթե այդպես է, ուրեմն պետք է իմանալ Լիսկայի հետ ինչ են ընդունել, որ նույն վիճակում էին…

Ոստիկանության իրական վիճակը երեւում է օլիգարխների ու իշխանության հանցագործ ներկայացուցիչների հետ կատարվող միջադեպերի ժամանակ…»:

 

«Մերսեդես Բենց» ի վարորդը Ս. Տարոնցու փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու

imagesՀունիսի 6-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ս. Տարոնցու փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Երևանում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային ցուցահանդես

001Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են տարբեր ծառատեսակներ, բուսատեսակներ, ծաղկատեսակներ ու կոմպոզիցիաներ, դրանց խնամքի ապահովման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև կանաչ գոտիների ստեղծման և ձևավորման պարագաներ:

Տաղավարներով շրջել և ներկայացվող նմուշներին ծանոթացել են Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ռուզան Ալավերդյանը, վարչական շրջանների ղեկավարներ և այլ պաշտոնյաներ:

Ցուցահանդեսին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, ինչպես նաև Հոլանդիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Թայլանդից և Նիգերիայից: Մասնակիցները հույս են հայտնել, որ ցուցահանդեսի միջոցով ներկայացվող ընկերությունները իրենց սպառողին կգտնեն նաև հայաստանյան շուկայում:

“Ցուցահանդեսին ներկայացված  են ծաղիկներ ու բույսեր, որոնք Երևան քաղաքում չկան, բայց հարմարվում են մեր բնակլիմայական պայմաններին: Հաջորդ տարիների կանաչապատման աշխատանքներում մենք կօգտագործենք նաև այդ ծառերն ու ծաղիկները: Եվ եթե անցյալ տարի ծաղկային տարածքները կազմում էին 5,2 հեկատար, ապա այս տարի կավելանա 1 հեկտարով և ընդհանուր առմամբ կանաչ տարածքները կկազմեն 30 հեկտար:  Տարվող լայնածավալ աշխատանքների արդյունքում մինչև 2015 թվականը մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների ծավալը  կավելանա ևս մի քանի քառակուսի մետրով՝ հասնելով մինչև 12 ք/մ-ի: Ունենք նաև հեռահար ծրագրեր այդ ցուցանիշը հասցնելու 16ք/մ-ի:”,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

Ցուցահանդեսը գործելու է մինչև հունիսի 10-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մարզահամերգային տոնահանդես՝ մանկական զբոսայգում

002Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզական  միջոցառում է անցկացվել Երևանի Մանկական զբոսայգում։ Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության  մանկապարտեզների ավագ խմբերի այն սաները, ովքեր վարչական փուլը հաղթահարելուց հետո կազմել են վարչական շրջանների հավաքական թիմերը։

Մարզական միջոցառման ծրագրում ընդգրկված էին պարանի ձգում, փոխանցումավազք, հեռացատկ տեղից, ինչպես նաև ուժային վարժություններ։

Միջոցառման մասնակից բոլոր երեխաները ստացել են նվերներ և մասնակցության հավաստագրեր, իսկ մրցույթի ցուցանիշները կազմակերպիչներին անհրաժեշտ են միայն վերլուծության համար։ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով, մարզական նմանատիպ  միջոցառման նպատակը մարզական տվյալներ ունեցող երեխաներին վաղ տարիքից բացահայտելն է։

Կազմակերպիչները միջոցառումը մարզահամերգային տոնահանդես էին կոչել, որն ավարտվեց համերգային ծրագրով։ Ի դեպ, սա ավանդական միջոցառում է և անցկացվում էր 8–րդ անգամ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարչապետն ազատամարտիկների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները

10454_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Կառավարության ղեկավարը լսել է ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, վերջիններիս հետ հանգամանալից քննարկել դրանց լուծման հնարավորությունները, ուղիները, ծանոթացել նրանց ներկայացրած առաջարկությունների փաթեթին:
Որպեսզի պետության օժանդակությունը լինի հասցեական՝ վարչապետը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը մանրամասն ուսումնասիրել սոցիալական ծրագրերում ներգրավված ազատամարտիկների ցուցակները և դրանցում իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ:
Ազատամարտիկները վարչապետի հետ կիսվել են, որ սոցիալական խնդիրներից զատ, այսօր իրենց ոչ պակաս մտահոգում է հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքն իրենց նկատմամբ, ինչը բարոյալքման ֆոն է ստեղծում: Նրանք մատնանշել են նաև լրատվամիջոցների ոչ ճիշտ արձագանքն իրենց բարձրացրած խնդիրներին. իրենք ոչ թե բողոքում են, այլ հրավիրում կառավարության ուշադրությունն իրենց նկատմամբ:
Որպես այդ ուշադրության առաջին դրսևորում, ազատամարտիկներն առաջարկել են, որպեսզի հանրապետությունում սահմանվի Ազատամարտիկի օր, որը կկարգավորվի օրենքով: Զրուցակիցները քննարկել են նաև հայրենասիրական դաստիարակությանը, Ազատամարտիկի թանգարանի հիմնմանը և այլ խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը խոստացել է կառավարությունում քննարկել բարձրացված խնդիրները, փորձել գտնել անհրաժեշտ լուծումներ, որոնք կարճ ժամանակ անց ևս մեկ անգամ կքննարկվեն ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ: