Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ»` 010-53-32-73 հեռախոսահամարով:
Ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «Թեժ գիծ» է գործում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում: Հեռախոսահամարներ՝ 010-58-02-02, 010-56-50-62:
Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում գործում է համակարգող խումբ
ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի հրամանով`մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ:
Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում գրանցված անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարել է եւ առաջնորդվում է նույն սկզբունքով՝ անհետևանք չի մնա ոչ մի ահազանգ, տեղերից ստացվող ոչ մի տեղեկատվություն:
Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին` նպատակ ունենալով համատեղ ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ: Ոստիկանությունը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը և ակնկալում նաեւ նրանց աջակցությունը:
Ոստիկանությունը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին նախապես իրազեկել համապատասխան մարմնին, ինչը բխում է բոլորի շահերից:
Ոստիկանությունը մշտապես շեշտել է իր վերքաղաքական և վերկուսակցական լինելը` գործով ապացուցելով, որ իր խնդիրը հասարակական կարգ ու կանոնի պահպանումն է, հանրային հավաքների մասնակիցների անվտանգության ապահովումը: Միաժամանակ, ոստիկանությունն օրինահարգություն է պահանջում բոլորից` հիմնվելով օրենքի պահանջի և հասարակական շահի առաջնահերթության վրա:
Թուրքիայում հրեական գերեզմանատուն են քանդել
Թուրքիայի Իզմիրում թունելի շինարարության ժամանակ 6 մ խորության վրա հայտնաբերվել են հրեական գերեզմաններ: Թուրքական “Հուրիեթի” տեղեկացմամբ, տապանաքարերը շինարարները թողել են հողի մեջ, իսկ ոսկրերը հանձնել են հրեական համայնքին: Համայնքի առաջնորդ Ժակ Կայան հայտնել է, որ հրեաների աճյունները կրկին կթաղվեն գործող հրեական գերեզմանոցում: 2012-ին զատկին Ստամբուլում հրեական գերեզմանատունը պղծվել էր:
Ավտոպատահար Երևան-Արտաշատ ավտոճանապարհին
Մայիսի 2-ին, ժամը 05.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 26 ՕՍ 109 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ 1960 թ. ծնված Յ. Բաղդասարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներուվ հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Վարորդից ու ուղևորից բացի ավտոմեքենայում եղել է նաև 10 գառ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Ավտոմեքենան ընկել է ջրանցքը,հայտնաբերվել է դի
Մայիսի 2-ին, ժամը 06.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը հասնելով կանչի վայր՝ պահանջել է ջրասուզակ:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ջրափրկարարները:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35 ՕТ 105 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից Կախանովի ջրանցքը:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից. ավտոմեքենայում հայտնաբերվել է մոտ 30 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Չադի իշխանությունները հայտնել են, որ հեղաշրջում են կանխել
Չադի մայրաքաղաք Նջամենայում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում` սպաներ ու ընդդիմադիր կուսակցության պատգամավոր` նախագահ Իդրիս Դեբիին տապալելու նպատակով դավադրության կասկածանքով:
Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, հատուկ ծառայությունները 4 ամիս հետևել են ենթադրյալ դավադրության մասնակիցներին:
Չադի նորագյուն պատմությունը հարուստ է հեղաշրջումներով: Չադի գործող նախագահ Իդրիս Դեբին իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում, 1990-ին:
Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել,վեց հոգի զոհվել են
Մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա:
Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 3 տուժած:
Վթարի հետևանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ` 1976 թ. ծնված Վրույր Ղազարյանը (ավտոմեքենայի վարորդ), 2007 թ. ծնված Սերոբ Ղազարյանը, 2002 թ. ծնված Սիլվիկ Ղազարյանը, 1984 թ. ծնված Հերմինե Օհանջանյանը, 1998 թ. ծնված Աիդա Թունյանը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 1973 թ. ծնված Հայկ Մարտիկյանը:
Վիրավորվել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ` 1990 թ. ծնված Գրիգոր Ավետյանը, 1992 թ. ծնված Նոնա Թունյանը և 2003 թ. ծնված Վահե Թունյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Փաստաթուղթ, որը նոր լույս է սփռում Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ իրանցիներին հանձնելու խորհրդավոր պատմության վրա
Վերջերս մամուլում աղմուկ բարձրացավ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված ՙհամաձայնագրի՚ առնչությամբ, ըստ որի` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ հանձնվելու է իրանցի հովիվներին:
Բարձրացված աղմուկը ստիպեց պատասխանատու մարմիններին հայտարարել, որ դա որևէ իրավական ուժ չունի, այնուհանդերձ մի շարք հարցեր մնացին առկախ: Վերջերս էլ մամուլում հայտնվեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի անասնապահության հարցերի վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմի`«ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որում նա ասել էր, թե հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն պետք է տեղափոխվի Հայաստանի Սյունիքի մարզ: Հայկական կողմը դա ևս հերքեց:
Այժմ «Անկախի» տրամադրության տակ է մի փաստաթուղթ, որը վկայում է, որ հայկական կողմը` կառավարական մակարդակով, հավանություն է տվել այդ գործընթացին: Ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ, իսկ դրա վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակենք ավելի ուշ:
Քաղվածք Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի փոխըմբռնման հուշագրից
1.3. Համագործակցություն առևտրաարդյունաբերական պալատների միջև:
1.3.4. Երկու երկրների Պալատները համաձայնեցին քաջալերել կողմերի մասնավոր հատվածի գործարարներին` համատեղ ծրագրեր իրականացնելու հետևյալ բնագավառներում.
– սնունդ և գյուղատնտեսական մթերքների արտահանում և մշակում:
1.3.7. Երկու երկրների առևտրի պալատները համաձայնեցին խրախուսել ընկերություններին Իրան արտահանելու նպատակով Հայաստանում կառուցել ոչխարաբուծության, ինչպես նաև ջրային կենդանիների բազմացման համալիր:
1.4. Գյուղատնտեսություն
1.4.1. գործնական ծրագրի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:
1.4.7. Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնեց աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին:
1.4.8. Կողմերը համաձայնեցին աջակցել մասնավոր հատվածի կողմից` ՙArman Agro industrial complex՚ ընկերության ստեղծմանը, որի գործունեությունը կիրականացվի ագրոարդյունաբերության ոլորտում իսլամական սպանդանոցի, արոտավայրերի բարելավման և օգտագործման, այգեգործության և այլ գործունեության զարգացման ուղղությամբ:
Պաշտոնապես բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կնոջ և երեխաների հետ մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Ավանդույթի համաձայն, տարեշրջանի բացման կապակցությամբ, քաղաքապետի հանձնարարությամբ կենդանաբանական այգու մուտքը բոլոր մանուկների համար անվճար էր: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն էլ ապահովված էր ամենուր:
Այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Փոքրիկներին դիմավորում էին հեքիաթների սիրված հերոսներն ու ծաղրածուները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այգու տնօրենի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կենդանիների համար ստեղծված պայմաններին: Այգու տնօրենը քաղաքապետին զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում նախանշված աշխատանքները հիմնականում կատարված են և բոլոր այն պահանջները, որոնք առաջադրվել են քաղաքապետարանի կողմից, հետզհետե կյանքի են կոչվում:
Զրուցելով լրագրողների հետ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բոլորին կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ և ընդգծել, որ այգու զարգացման ծրագրերը լինելու են շարունակական: «Արդեն հաճելի և սպասված ավանդույթ է դարձել կենդանաբանական այգու տարեշրջանի բացումը տոնական միջոցառումներով կազմակերպումը, ինչը բարձր տրամադրություն է ապահովում հատկապես մեր փոքրիկ երևանցիների համար: Վստահ եմ, որ այսօր ևս մեր փոքրիկները ուրախ և հաճելի ժամանակ կանցկացնեն իրենց ծնողների հետ ու հաճելի հուշերով կհեռանան այգուց: Ի դեպ, մեր ծնողներն էլ միշտ մեզ են մայիսի 1-ին բերել կենդանաբանական այգի և, ըստ էության, մենք այսօր շարունակում ենք այդ բարի ավանդույթը: Ինչ վերաբերում է այգու վերակառուցման աշխատանքներին, ապա դրանք շարունակվում են, անելիքներ դեռևս շատ կան, սակայն մենք վստահ ենք, որ առաջիկա տարիների ընթացքում կունենանք լիովին վերափոխված ու նորովի գրավիչ կենդանաբանական այգի»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Մայիսի 1-ը աշխատանքի օրն է
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում «Աշխատաշուկայում աշխատանքի ու պահանջարկի անհամապատասխանությունը» թեմայով ասուլիսի բանախոսն էր ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը:
Վահագն Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանությունը չի վերանա, քանի դեռ ուսանողները չեն գիտակցում, որ պարտադիր չէ ավարտել լավ բուհ, լավ մասնագիտացմամբ, առավել կարևոր է պահանջարկ վայելող մասնագիտություն ընտրելն ու միջազգային ստանդարտներին համապատասխանող որակավորումը. “Դեռևս չունենք այն գիտակցումը, որ մագիստր դառնալու համար, օրինակ, անհրաժեշտ է առնվազն երկու օտար լեզվի իմացություն: Սրա մասին շատ քիչ են խոսում, բայց սա է ողջ խմդիրը: Երբ այս մասին ասում եմ ուսանողներին, նրանք մատնացույց են անում իրենց դասախոսներին և ասում, որ անգամ նրանք չունեն նման որակներ”. – ասաց ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի ղեկավարը:
Ավտոպատահարներ հրդեհի բռնկումով.մեկ զոհ և վիրավորներ
Մայիսի 1-ին, ժամը 02.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ – Արևիկ ավտաճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Պորշ Կայեն» մակնիշի 999 NO 99 պետհամարանիշով (վարորդ Ա. Գալստյան, ծնվ.1989 թ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 08 ОՍ 889 պետհամարանիշով (վարորդ Կ. Դանիելյան) ավտոմեքենաները, ինչից «Պորշ Կայեն» ավտոմեքենան բռնկվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Գալստյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.37-ին, մարվել` 03.04-ին:
Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ
Մայիսի 1-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում` մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 03 QQ 330 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Դ. Հայրապետյան, ծնվ.1986թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ: ՃՏՊ-ի հետևանքով Դ.Հայրապետյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է: Հրշեջ – փրկարարները իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ:
Հայրը սպանել է աղջկան ցնծացող ամբոխի աչքի առջև
Երկու երեխաների մայր երիտասարդ կնոջը սեփական հայրը զրկել է կյանքից այն պատճառով, որ կինը փախել էր իր օրինական ամուսնուց ու խայտառակել ընտանիքը:
«Amnesty International» կազմակերպության տվյալներով, աֆղանական Բաջիս նահանգում սպանվածի անունը Հալիմա էր ու նա 18-20 տարեկան էր:
Մինչ նրա ամուսինն Իրաքում էր, կինը իր մի բարեկամ տղամարդու հետ փախել էր, սակայն շուտով նրան բռնել ու հոր տուն էին բերել: Հայրը խորհրդի համար դիմել էր տեղի ավագանիներին, որոնք էլ որոշեցին, որ Հալիման հրապարակայնորեն պետք է մահվան դատապարտվի: Ավագանիների դատավճիռն իրականացրեց աղջկա հայրը.նա առանց խղճմտանքի կրակեց դստեր վրա:
Ներկայում ավագանին ու աղջկա հայրը թաքնվում են արդարադատությունից: Այն տղամարդու ճակատագիրը, ում հետ կինը փախել էր, հայտնի չէ:
Սիրիահայերը Սիրիայի «աղն» էին, իսկ Հայաստանին այդ «աղը» պետք չէ՞
Բերթիզլյան-Կազանչյան ամուսինները` իրենց երկու զավակներով, Հալեպի երջանիկ հայկական ընտանիքներից էին, ապրում էին համայնքի ակտիվ կյանքով, ապահովված էին լավ աշխատանքով ու ապրուստով և չափազանց գոհ էին իրենց ճակատագրից: Նույնիսկ 2007 թ., երբ առաջին անգամ ընտանիքն այցելեց հայրենիք ու հիացավ նրա զարգացմամբ ու գեղեցկությամբ, երբևէ մտքով չանցկացրեց թողնել Հալեպն ու գալ Հայաստան: «Հայրենիքնիս է, այո, բայց եթե այնտեղ հունի մեջ մտել ես, լավ կյանք, լավ գործ ունես, չես մտածեր Հայաստան տեղափոխվելու մասին»,-ասում է Մադլենը` Բերթիզլյան-Կազանչյան ընտանիքի տանտիրուհին:
Սակայն 2012-ի հոկտեմբերին նրանք ստիպված էին թողնել Սիրիայի երջանիկ ու ապահով կյանքը` Հալեպի լավագույն թաղամասերից մեկում գտնվող բնակարանով ու սեփական խանութով հանդերձ և տեղափոխվել Հայաստան` անորոշ ժամկետով ու մտահոգիչ հեռանկարով: «Երկու օր առաջ էլ լուր առինք, որ զինվորները մեր շենքի հարևաններին հարցրել են, թե շենքում դատարկ տուն կա՞: Հարևանները հարցնում էին` ի՞նչ անեն, ո՞նց տունը պահեն»,- պատմում է Մադլենը:
Ասում է, որ ռմբակոծությունների հետևանքով անտուն մնացած զինվորները դատարկ տուն են ման գալիս, դուռը կոտրում, ներս մտնում ու ապրում: «Մենք մեր տան բանալին ուղարկեցինք հարևաններին, որ մտնեն-դուրս գան` իբր մարդ է ապրում, մինչև տեսնենք` ինչ կլինի: Ողջ ապրուստը մեջն է»:
Սարգիսը` Մադլենի ամուսինը, Հալեպում նվագարանների խանութ ուներ, որտեղ և՛ նվագարաններ էր վաճառում, և՛ զբաղվում նորոգելով ու լարելով: «Պապենական գործ է,-ասում է կինը,- Սիրիայում առաջին երաժշտական գործիքների խանութ հիմնողներն են»:
Մադլենը նախ մանկապարտեզի ուսուցչուհի էր, ապա արաբերեն ու թուրքերեն թարգմանություններ էր անում: Նա նաև համայնքի ակտիվ կանանցից էր, «Ուրֆայի վերածնունդ» մշակութային միության տիկնանց հանձնախմբի անդամ: Կառույցը զբաղվում էր հայկական ասեղնագործության հարուստ ավանդույթները սիրիահայ կանանց փոխանցելու և անհետացող նմուշները վերականգնելու գործով: Նրա խոսքով` Հալեպի հարյուր հայ կանանցից գոնե իննսունը հայկական ասեղնագործության նվազագույնը մեկ տեսակի տիրապետում էր:
Մադլենը վեց տեսակի է տիրապետում: Նրա աշխատանքները Երևանում տարբեր ցուցահանդեսների ժամանակ ներկայացվել են, բայց, ցավոք, առայժմ դրա շնորհիվ չի կարողանում ընտանիքի հոգսը թեթևացնել, քանի որ գնորդ շատ քիչ կա:
Հալեպում Մադլենը զբաղվում էր նաև զարդերի դիզայնով և իր սեփական բիզնեսն էր հիմնել: Այդ զարդերով նույնպես Հայաստանում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Շատ է ցանկանում այդ գործն այստեղ շարունակել, սակայն ամենափոքրիկ խանութ վարձելու և զարդերը վաճառելու համար այնքա՜ն մեծ ծախսեր են պահանջվում, որ ռիսկի չեն դիմում: Զարմանում է. «Ինչպե՞ս են կարողանում այստեղ այդքան թանկ վարձավճարով խանութներով գումար առնիլ: Կամ ինչպե՞ս են մարդիկ ապրում այսքան ցածր աշխատավարձով: Տրամաբանական չէ, մենք հանելուկի մեջ ենք»:
Ասեղնագործության նմուշներն ու զարդերը մի քանի խանութների է տվել, որ վաճառեն, սակայն գոհ չէ. «Ամեն ամիս տասն անգամ պետք է զանգեմ, որ ինձ մի փոքր գումար տան: Հենց զանգում եմ, վաղը եգուր, մյուս օրը եգուր, փող չկա, չի վաճառվում»,- դժգոհում է նա:
Փաստորեն, Մադլենի ձեռքի շնորհքն ու տաղանդն այստեղ առայժմ որևէ կերպ չեն թեթևացնում նրանց հոգսը: Նույնն էլ ամուսնու վիճակն է. եկած օրվանից դիմում է քաղաքի բոլոր երաժշտական գործիքների խանութներին, որ իրեն աշխատանքի վերցնեն, սակայն հեռախոսահամարն են վերցնում ու այդպես էլ չեն զանգահարում: «Հիմա բոլոր սիրիացիների վիճակն էլ նույնն է: Մենք արդեն վեց ամիս է՝ այստեղ ենք, կրնա ըլլալ, որ մեր խնայողություններով մի վեց ամիս էլ դիմանանք, բայց դրանից հետո, եթե գործ չգտնենք, ստիպված պիտի վերադառնանք մեր տները, թեկուզև այնտեղ պատերազմ է, և ամեն վայրկյան կյանքին վտանգ է սպառնում»:
Ասում են, որ առաջին իսկ օրվանից դիմել են սփյուռքի նախարարություն, որտեղ նրանց տվյալները գրանցել են, որպեսզի աշխատանքի տեղավորման հարցով զբաղվեն, սակայն առայժմ որևէ նորություն չկա: «Եթե կարողանանք գոնե մեր տուները, խանութները հոն վաճառել, հոս տուն գտնել, ապա անշուշտ, Հայաստանը շատ լավ տեղ է, կմնանք»,- ասում է ամուսինը` միաժամանակ նշելով, որ այս պահին որևէ անշարժ գույք վաճառելու հավանականություն Սիրիայում չկա:
Մադլենը նաև պատմում է, որ Հայաստան գալու երկրորդ ամսին ֆինանսական ու բարոյական մի հարված են ստացել, որի պատճառով շատ են հուսալքվել: «Խաբեության զոհ դարձանք»,- ասում է նա:
Տեղեկանալով, որ Հայաստանում «Մակդոնալդս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատողների, նրանք ոգևորված դիմում են: «Աշխատանքային գործակալը» նրանցից մոտ 200 դոլար է վերցնում` իբր գործերը պատրաստելու համար: Հետո պարզվում է, որ այդ ամենը կեղծիք է, գումարն էլ գնում-կորչում է:
Ամենից շատ ցավ են ապրում, որ դա պատահել է Հայաստանում` իրենց հայրենիքում, մինչդեռ ողջ կյանքում ապրելով օտար երկրում` մահմեդականների կողքին, նման խնդրի առջև չեն կանգնել: «Սիրիայում, երբ կգնայինք գործի դիմելու և նույն գործին դիմած կլինեին մուսուլման, մեկ այլ քրիստոնյա և հայ, նախապատվությունը կուտային հային, քանի որ հայը միշտ եղած է աշխատասեր, պատվավոր, ճշտապահ, վստահելի»,- ասում է Մադլենը:
Նրա եղբայրը` Միհրան Բերթիզլյանն էլ պատմում է. «Կնոջս համալսարանի վկայականի թարգմանությունը վավերացնելու համար գնացել էինք համալսարան: Երբ իսլամ կիները` պետական աշխատողները, իմացան, որ Սիրիայից կերթանք, ասացին` դո՞ւք ալ պիտի երթաք: Դուք երկրին աղն եք, ո՞ւր եք գնում…»:
Մադլենն ուզում է, որ իրենց «աղը», համուհոտը Հայաստանում էլ օգտագործեն ու գնահատեն, վստահեցնելով, որ դա ձեռնտու կլինի և իրենց, և Հայաստանին: «Հալեպը հայերը ծաղկեցուցած են, և այս իրականությունեն ոչ ոք չի կրնար փախչիլ՝ ոչ արաբը, ոչ սիրիացին, ոչ ալ հայը: Մենք աշխատող ժողովուրդ ենք, մեզի համար գործն է կարևոր, ուրիշ ոչ մեկ բան չենք ուզում»:
Միաժամանակ գիտեն, որ գործ չլինելը նաև տեղացիների խնդիրն է: «Հայաստանցին մեզ ասում է՝ մենք գործ չունինք, դուն էստեղ եկել ես` ի՞նչ անես, ո՞նց պիտի ապրես»: Որ այս բառերը կլսենք, արդեն կվատանանք»:
Եղբայրը` Միհրանը, Սիրիայում նախագահական տան գիդերից էր. առաջին տիկնոջ բոլոր թուրք հյուրերին նա էր ուղեկցում դեպի տեսարժան վայրեր: Ասում է, որ Սիրիայի տուրիստական խմբերի ծրագրում անպայման ներառված էր «պտույտ մը հայկական թաղամասերում», քանի որ այնտեղ էին Հալեպի լավագույն ռեստորաներն ու խանութները, բացի այդ, հայկական թաղամասերը մաքուր էին, գեղեցիկ, շենքերը` առանց լվացքի պարանների պատշգամբների և այլն: «Հայկական թաղամասերը նրանց համար Շանզ-էլիզե էին»,- ավելացնում է Սարգիսը:
Միհրանը հիշում է, որ մի անգամ Ծաղկազարդին Ստամբուլից ժամանած տուրիստական մի խումբ էր պտտեցնում: Երբ այցելում են հայկական թաղամասերից մեկը, թուրքերը, տեսնելով եկեղեցիներից դուրս եկող հայերին տոնական, գեղեցիկ հագուստներով, խոստովանում են. «Ողջ Սիրիայում այսքան լավ հագնված, լավ տեսքով ժողովուրդ միայն Հալեպի հայկական թաղամասերում տեսանք»:
Բայց Միհրանն այսօր հիացած է Երևանով, երևանցիներով, զարմացած` երևանյան «շիկով», սակայն առավել զարմացած է` այդ շքեղության կողքին տեսնելով ծայրաստիճան հակառակ պատկերը. «Կքալենք թաղը՝ շքեղ առանձնատներ, ավտոմեքենաներ, իսկ մի քիչ այն կողմ՝ էնպիսի խրճիթներ, էնպիսի մարդիկ, որ մենք գրքերում էլ չենք տեսած: Միջին դասակարգ չկա. սա է Հայաստանի ամենեն վատ կողմը»,- ասում է նա:
«Ինչպես լուսաբանել հաշմանդամության խնդիրը» թեմայով սեմինար ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու «Ինչպես լուսաբանել հաշմանդամության խնդիրը» թեմայով սեմինարին: Բանախոսն էր «Հույսի կամուրջ» հկ-ի նախագահ Զարուհի Բաթոյանը, ով նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ է:
Հանդիպումից հետո Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ իրեն ուրախացրել է հատկապես այն, որ հաշմանդամության խնդիրները իր հայրենի ֆակուլտետում անտեսված չեն: «Այսօր ուսանողներն ասեցին, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պետական քննության հարցաշարում հարց կա հաշմանդամության խնդրի լուսաբնաման մասին», – գրեց Զարուհի Բաթոյանը:
Նշենք, որ Զարուհի Բաթոյանը առաջինն էր, ով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում» թեմայով դիպլոմային աշխատանք և մագիստրական թեզ գրեց: Թեզը հետագայում տպագրվեց, և այժմ դրա հետ հնարավոր է ծանոթանալ ԵՊՀ գրադարանում:
Տիգրան Մուկուչյանը հանդիպել է Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների հետ
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների և ԿԸՀ անդամների հետ:
Հանդիպման ընթացքում ցուցադրվել և փորձարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվելիք թանաքանյութը: Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների կողմից թանաքանյութի վերաբերյալ դիտողություններ կամ առարկություններ չեն ներկայացվել:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված թանաքանյութը փորձարկվել է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ժամանակ, և թանաքանյութի որակական հատկանիշների վերաբերյալ որևէ բացասական արձագանք կամ առարկություն չի արձանագրվել:
Եվրախորհրդարանի պատգամավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը։
Պատվիրակության անդամները եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները։
Պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան գրառում կատարեց հուշամատյանում. «Շատ կարեւոր է, որ մենք բոլորս՝ քաղաքական գործիչներն այնպես անեն, որպեսզի երբեւէ նման բան տեղի չունենա։ Նրանք, ովքեր մոռանում են պատմությունը՝ դատապարտված են կրկին սխալներ թույլ տալու»։
Մարտին Քալանան իր տպավորությունները կիսելով լրագրողների հետ, նշեց. «Սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել։ Ժամանակակից քաղաքականության համար կարեւոր է, որ մենք դասեր քաղենք այն ամենից, ինչ տեղի է ունեցել անցյալում, որպեսզի նման բաներ չկրկնվեն»։
ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Մայիսի 1-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝
Մայիսի 1-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի մայիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
•Օդի առավելագույն ջերմաստիճան 30.70C (1987 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան 1.50C (1948 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան 15.00C
Լարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. գյուղացիները սպառնում են ինքնահրկիզվել
Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թվով 1000-ից ավելի գյուղացիներ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում կանգնեցրել են բեռնատար և այլ մակնիշի տրանսպորտային միջոցներ, ճանապարհի լայնքով դրվել են ջրի հսկայական խողովակներ, որպեսզի երթևեկությունը տվյալ հատվածում տեղի չունենա:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացիների համբերության բաժակը լցվել է, քանի որ ըստ գյուղացիների, ինչ-որ պարսիկ Արագածոտնի մարզում սարքել է ջրի գեսեր, ինչն էլ արդեն տևական ժամանակ է զրկում է գյուղացիներին խմելու և ոռոգման ջրից։
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ եթե այս հարցն օրերի ընթացքում չլուծվի, ապա գալու են Երևան՝ Կառավարության շենքի դիմաց, և ի նշան բողոքի ընդհուպ ինքնահրկիզվելու են:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետ Գրգոր Գրիգորյանի, մարզի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Հակոբյանի, Աշտարակի ոստիկանապետ Արիստակեսյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները:
Աղբյուրը` shamshyan.com
ԼՂՀ ԱԳՆ-ն` «Օղակ» ռազմական գործողության մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ «Օղակ» ռազմական գործողության 22-րդ տարելիցի կապակցությամբ.
«Օղակ» ռազմական գործողությունը, որը 1991թ․ ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից, ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ, առանձնակի տեղ է զբաղեցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ ոչ միայն իր մասշտաբներով, այլև՝ հետևանքներով։
Ադրբեջանական իշխանությունների և ԽՍՀՄ որոշ ղեկավարների հանցավոր համաձայնությամբ իրականացված «Օղակ» գործողության արդյունքում հայաթափվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների երկու տասնյակից ավելի գյուղեր։ Այն դադարեցվեց միայն մեկ ամիս անց՝ մայիսին, ԽՍՀՄ ներսում և նրա սահմաններից դուրս ստացած լայն արձագանքի և դատապարտման շնորհիվ։
Սակայն, պատերազմի թափանիվն արդեն գործի էր դրվել։ Գործողությունը, որն առանձնանում էր դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, կտրուկ բարձրացրեց տարածաշրջանում լարվածության մակարդակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ սկիզբ դնելով ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։
Այնուհանդերձ Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր բուն նպատակին՝ ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ճնշել նրա ինքնորոշման օրինական ձգտումը։ Ավելին, «Օղակ» գործողությունը ամրապնդեց Արցախի ժողովրդի վճռականությունը պայքարել իր իրավունքների և ազատությունների համար։
Մահվան ելքով ավտոպատահար Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհին.երկու զոհ,լուսանկարներ
Ապրիլի 30-ին, ժամը 02.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 35LS860 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 1988. ծնված Աղասի Սարգսյանը և 1989թ. ծնված Սուրեն Ղալայանը տեղում զոհվել են, իսկ Յուրիկ Հովհաննիսյանը տեղափոխել է Սպիտակ քաղաքի ԲԿ:
Ժամը 03.45-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ղալայանի դին:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:






