Հունիսի 16-ին, ժամը 18.20-ին, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևոր, 1967 թ. ծնված Թամարա Նիկողոսյանը և «ՎԱԶ-2106»-ի ուղևոր, 1964 թ. ծնված Մամիկոն Մկրտչյանը տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները, «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 16-ից 17-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության 8 և յուրացման 1 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 19-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՌԱՀՀԿ-ը քննարկեց խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության եւ բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմների կիրառման խնդիրը
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) եւ International Alert («Միջազգային տագնապ») կազմակերպությունը, արցախյան հակամարտության կարգավորման լույսի ներքո, անցկացրին երկրորդ համատեղ սեմինար-քննարկումը, որը նվիրված էր «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության եւ բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» ուսումնասիրությանը:
Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, ՌԱՀՀԿ հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Conciliation Resources» կովկասյան ծրագրի մենեջեր Զիգֆրիդ Վյոբերը, փորձագետ-վերլուծաբաններ, հանրության եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով սեմինարը բացեց եւ նրա մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթեց քաղաքագետ Սարո Սարոյանը:
Առաջինը հանդես եկավ ուսումնասիրության հեղինակներից Գեղամ Բաղդասարյանը՝ շարադրելով հանգուցային այն թեզերը, որոնց վրա հիմնված է խնդրո առարկա հետազոտությունը: «Հյուսիսային Իռլանդիայի փորձին անդրադառնալը պատահական չէր,- նշեց Բաղդասարյանը,- ընդունված է այդ հակամարտությունը համարել որպես հաջողած լուծման մոդել: Բայց այն, իմ կարծիքով, լիարժեք լուծված չէ, քանի դեռ Բելֆաստում կաթոլիկների ու բողոքականների թաղամասերը շարունակվում են առանձնացված մնալ պատերով: Դա նշանակում է, որ տակավին բաժանարար «պատեր» կան տարբեր դավանանքի մարդկանց հոգիներում»: Այդուհանդերձ, հռետորի խոսքով, հյուսիսիռլանդական հակամարտության լուծումը հաջողված է այնքանով, որքանով կողմերի միջեւ կնքվել է խաղաղության համաձայնագիր:
Իր զեկույցում ՌԱՀՀԿ գիտական ծրագրերի ղեկավար Մանվել Սարգսյանն ընդգծեց յուրաքանչյուր հակամարտության եզակիության գործոնը։ Ըստ նրա, վիճահարույց է այն հարցը, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի դեպքում կիրառելի է կարգավորված ուրիշ հակամարտությունների, մասնավորապես հյուսիսիռլանդական փորձը: «Եվ այստեղ խնդիրը այս կամ այն առճակատման տարբեր միջազգային-իրավական ու քաղաքական իմաստների մեջ է: Հակամարտությունները կարող են ծագել միանման պատճառներից, բայց վերաճել բոլորովին տարբեր քաղաքական խնդիրների: Ուրեմն՝ երբ խոսվում է ամեն մի հակամարտության եզակիության մասին, նախեւառաջ պետք է առանձնացնել կողմերի միջեւ եղած վեճի առարկան եւ տվյալ իրավիճակով շահագրգիռ սուբյեկտների դիրքորոշումների առաջացող գծապատկերը»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Անկախ փորձագետ Արմեն Գրիգորյանն էլ՝ զուգահեռներ անցկացնելով Հյուսիսային Իռլանդիայի եւ արցախյան հակամարտությունների միջեւ, շեշտեց մասնավորապես դրանց ինստիտուցիոնալ եւ քաղաքակրթական տարբերությունները: «Հյուսիսիռլանդական փորձը հուշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման բանալին մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայացումն է: Եվ, բացի դրանից, Դուբլինում «բարի ուրբաթը» աշխատեց, որովհետեւ հանրությունը լայնորեն ներգրավված էր այդ գործընթացում. բոլոր կողմերը կարողացան հստակորեն ներկայացնել ու լսելի դարձնել իրենց խնդիրները»,- ասաց փորձագետը:
Վերջում թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, լրագրող Թաթուլ Հակոբյանը, հասարակագետ Նիկիտա Զարոբյանը, ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը եւ ուրիշներ:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Դիմորդները միասնական քննություն հանձնեցին մաթեմատիկայից (լուսանկարներ)
Այսօր հանրապետության 34 քննակենտրոններում 6003 դիմորդ միասնական քննություն հանձնեց մաթեմատիկայից: “Անկախ”-ը եղավ ԵՊՀ-ի քննակենտրոնում, որտեղ մաթեմատիկայից միասնական քննություն էր հանձնում 227 դիմորդ:
ԵՊՀ-ի քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը “Անկախ”-ի հետ զրույցում նշեց,որ հայտագրված 235 դիմոդից ԵՊՀ-ի քննակենտրոն է ներկայացել 227 դիմորդ, 8-ը բացակա էին, իսկ բացակայության պատճառները քննական կենտրոնի ղեկավարին հայտնի չէին: Դիմորդներից մեկը “Անկախ”-ին հայտնեց, որ 15 միավոր է ստացել հայերենից ու 12 միավոր` անգլերենից, բայց հուսով է` այս անգամ լարվածությունը չի խանգարի ու ավելի բարձր գնահատական կստանա: Մեկ այլ դիմորդ նշեց, որ մաթեմատիկա առարկան ընդամենը 1 տարի պարապել, մյուս առարկաներից բավականին բարձր միավորներ է ստացել` հայերենից` 18, օտար լեզվից` 17.75, և հուսով է` մաթեմատիկայի քննությունն էլ բարեհաջող կհանձնի ու կընդունվի ԵՊՏՀ:
Հանձնաժողովի անդամները մինչ քննության մեկնարկը ներս հրավիրեցին մի քանի ծնողների ` ականատես լինելու քննական թեսթերի ծրարի բացմանը: Դիմորդները ծնողների ներկայությամբ բացեցին պարկը և քննությունը մեկնարկեց ժամը 9.30: Նշենք նաև, որ դիմորդներից մեկն ուշացած ներկայացավ քննությանը` մեկնարկից մոտ 40 րոպե անց, և նրան քննություն հանձնել այդպես էլ չթույլատրվեց:

Միասնական քննությունը տևեց 3 ժամ: Այս ընթացքում ծնողներին հնարավորություն էր տրվում նախասրահում հետևել քննության ընթացքին: Ծնողները հիմնականում բողոքում էին տեսախցիկների որակից` նշելով, որ սրահների որոշ հատվածների հազիվ տեսանելիությունը իրենց մոտ կասկած է առաջացնում քննության ընթացքի հետ կապված: Քննությունից մոտ մեկ ժամ առաջ էլ առաջինն իր թեսթը հաձնեց ու քննասենյակից դուրս եկավ դիմորդներից Դավիթ Մեյմանյանը, ով “Անկախ”-ին հայտնեց, որ թեսթում բավականին դժվար հարցեր են եղել, նշեց նաև, որ ամբողջ թեսթը լրացրել է, սակայն համոզված է, որ սխալներ ունի: Հաջորդ դիմորդները ևս խոսում էին թեսթերի բովանդակության մեջ բավականին բարդ հարցերի առկայության մասին ու անհամբեր սպասում քննական թեստերի պատասխաններին:
Հիշեցնենք, որ դիմորդները հունիսի 20-ին դիմորդները քննություն կհանձնեն հայոց պատմությունից և քիմիայից: Քննությունները կեզրափակվեն հունիսի 23-ին, իսկ վերջին քննությունը ռուսաց լեզվից է:
Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է /ԼՐԱՑՎԱԾ/
Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել էին փորձաքննություններ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 10-ին, ժամը 23.10-ին, բաժին էր ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակը` հայտարարելով, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:
Սամվել Ք.-ն ձերբակալվել էր, ատրճանակը` ուղարկվել փորձաքննության:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությանը մասնակցել են նաև 1988 թ. ծնված Հովհաննես Կ.-ն, 1987 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, 1974 թ. ծնված Սեդրակ Փ.-ն և 1993 թ. ծնված Գոռ Հ.-ն: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` Հովհաննես Կ.-ն, Սեդրակ Փ.-ն և Ռաֆայել Մ.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունքներ:
Սեդրակ Փ.-ն ձերբակալվել է:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 16-ին Գոռ Հ.-ն ներկայացել է բաժին:
ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով Գոռ Հ.-ն ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Երևանի որոշ մանկապարտեզներ համալրվել են նախադպրոցական կրթության կենտրոններով
Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 մանկապարտեզներում և հ. մեկ միջնակարգ դպրոցում նախադպրոցական կրթության մեկական կենտրոն է բացվել 5-6 տարեկան երեխաների համար։ Յուրաքանչյուր խմբում ներառված է 25 երեխա. այսպիսով՝ մանկապարտեզի ավագ խմբի տարիքի ևս 300 երեխա նվազագույն պարտադիր գիտելիք ձեռք կբերի մինչ դպրոց հաճախելը։
«Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Նորաբաց այդ կենտրոններում նախադպրոցական կրթությունն իրականացվելու է կրթության և գիտության նախարարության հաստատած «Կրթական համալիր ծրագրով»։ Նախարարությունը «Դրամաշնորհային նախադպրոցական կրթության միկրոծրագրերը», Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ, մինչ այս իրականացրել է Հայաստանի մարզերում, և առաջին անգամ է, որ ծրագիրը կյանքի է կոչվում մայրաքաղաքում։ Ծրագրում Երևանի քաղաքապետարանը համաֆինասավորող կողմ է, ինչպես նաև ֆինասավորում է նորաբաց խմբերի մանկավարժների հաստիքները, երեխաների ամենօրյա սնունդը»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Կրթական կենտրոնները հիմնանորոգված են, համալրված նոր կահույքով ու գրենական պիտույքներով։ Նախադպրոցական կրթության կենտրոններում, ինչպես քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում է, երեխաներին տրվում է երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ։ Երևանի քաղաքապետարանը նախադպրոցական նորաբաց խմբեր ներառող ուսումնական հաստատություններին տրամադրել է դաստիարակի և դաստիարակի օգնականի մեկական հաստիք, այդպիսով, ընդհանուր թվով 24 նոր մանկավարժական աշխատատեղ է հատկացվել։
Նորաբաց կենտրոններ հաճախելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում հերթագրված՝ 5-6 տարեկան երեխաները՝ ըստ գրանցման հերթագայության։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՏՐԴԱՏ Ա ԱՐՇԱԿՈՒՆԻ. նա Հռոմ մտավ հաղթահանդեսով, որպես հաղթող, որ իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն
Արտաշեսյան հզոր թագավորության անկումից հետո Հայաստանում թագավորական իշխանությունն ու պետականությունը չվերացավ: Հայաստանը նվաճած Հռոմը վախեցավ հայության դիմադրությունից և Մեծ Հայքը չկցեց Հռոմին` դարձնելով նրա պրովինցիաներից մեկը, այլ Հայաստանում նշանակեց թագավորներ և երկիրը կառավարում էր նրանց միջոցով: Այսպիսով, Հայաստանը գոնե ներքին խնդիրներում պահպանեց իր ինքնիշխանությունը, սակայն դարձավ Հռոմին ենթակա պետություն, որի գահին բազմում էին օտարները:
Այս վիճակը, բնականաբար, ձեռնտու չէր հայոց ռազմական ավագանուն: Հայության մեջ դեռևս թարմ էին տիգրանյան կայսրության հիշողությունները, և Հայաստանն իր հսկայական պոտենցիալով պիտի ձգտեր պետական անկախության` չհանդուրժելով Հռոմին ենթակա երկրի կարգավիճակը:
Հայաստանի նկատմամբ իր նկրտումներն ուներ նաև հզորացող պարթևաց թագավորությունը, որի գահակալները, լավ հասկանալով Հայաստանի հակահռոմեական տրամադրությունները, ձգտում էին Հայաստանը ներքաշել իրենց քաղաքական ոլորտը:
Դրան դեմ չէր նաև հայությունը: Նախ` Հռոմի տիրապետությունը զզվելի էր, հայոց ավագանին դա հանդուրժել չէր կարող, երկրորդ` պակաս դեր չունեին հայ-պարթևական ազգակցական կապերն ու էթնիկ-մշակութային, կրոնական ընդհանրությունները:
Եվ առաջին դարի կեսերին արդեն ներքուստ ուրվագծվում է հայ-պարթևական դաշինքի տեսլականը:
Պարթև Արշակունիների թագավորությունը, որ թուլացել էր Տիգրան Բ Մեծ արքայի հարվածներից, աստիճանաբար ուշքի էր գալիս: Եվ ահա, Վոնոն Բ արքայի օրոք արդեն պարթևները դարձյալ տարածաշրջանում սպառնալից ուժ են դառնում Հռոմի համար:
Երբ մահանում է Վոնոն Բ արքան, նրա երկու կրտսեր զավակները գահակալ ու թագավոր են ճանաչում Վաղարշ Ա-ին` (52-80) իրենց ավագ եղբորը` ուխտելով ողջ կյանքում հավատարմորեն ծառայել նրան: Իր հերթին Վաղարշ Ա-ն ուխտ է անում, որ իր եղբայրները կգահակալեն տարբեր երկրներում:
Հայոց ավագանին իր հերթին իր անկախության ձգտումները կապում է Պարթևների թագավորության հզորության հետ: Եվ ահա, հայ իշխանները դիմում են պարթևաց արքա Վաղարշ Ա-ին` խնդրելով աջակցել Հայաստանին հակահռոմեական պատերազմում և իր եղբայր Տրդատին բազմեցնել հայոց գահին:
54 թ. Հայաստանն ապստամբում է Հռոմի դեմ, հայտարարում իր անկախության մասին, Տրդատ Արշակունին պարթևական բանակով մտնում է Հայաստան և հայ ավագանու կողմից հռչակվում որպես հայոց թագավոր Տրդատ Ա Արշակունի (54-88)` այսպիսով Հայաստանում հիմք դնելով Արշակունիների թագավորությանը (54-428):
58 թ. միայն Հռոմը կարողացավ լրջորեն անդրադառնալ Հայաստանին, և հռոմեական զորքերը Գնեոս Դոմետիոս Կորբուլոնի գլխավորությամբ մտան Հայաստան` վերականգնելու իրերի նախկին դրությունը: Նրանք կարողացան ընկճել հայոց զորքերին: Պարթևաց արքան, զբաղված լինելով պատերազմով արևելքում` վրկանանց երկրում, չկարողացավ ժամանակին օգնության փութալ: Հայկական բանակը նահանջեց Ատրպատական: Հռոմեացիները գրավեցին մայրաքաղաք Արտաշատն ու ավերեցին այն: Իր բարբարոս վարմունքը Կորբուլոնը բացատրում է նրանով, որ զորքերի սակավության պատճառով չէր կարող կայազոր թողնել այնտեղ: Իրականում Արտաշատը` Հայոց Կարթագենը, հռոմեացիներն ավերեցին, որպեսզի հայերն այն չդարձնեին հզոր պատվար հակահռոմեական պայքարում:
Հռոմը գահազուրկ հայտարարեց Տրդատ Ա-ին և հայոց գահին բազմեցրեց ազգությամբ հրեա Տիգրան Զ-ին, որ մոր կողմից հեռավոր ազգակցական կապ ուներ հայ Արտաշեսյանների հետ: Տրդատ Զ-ն մայրաքաղաք հռչակեց ու հաստատվեց Տիգրանակերտում:
Վաղարշ Ա-ն շտապ հաշտություն կնքեց վրկանանց երկրի հետ ու զորքով շտապեց Հայաստան` աջակցելու եղբորը` հայոց թագավոր Տրդատին` մեծ ուժեր կենտրոնացնելով հայոց Միջագետքում: Հայ-պարթևական ուժերը գրավեցին Տիգրանակերտը: Տիգրան Զ արքան հռոմեական զորքերով փախուստի դիմեց:
Ստիպված լինելով հաշտվել եղելության հետ` Կորբուլոնը ճանաչեց Տրդատի իրավունքները հայոց գահի վրա և Մծբինում զինադադար ստորագրեց Տրդատի հետ:
Կորբուլոնի վարմունքը դժգոհություն է առաջացնում Հռոմի արքունիքում: Ներոն կայսրը (54-68) նրան շնորհազրկում է և շուտով` 62 թ. Հայաստան է ուղարկում մեծ զորաբանակ` Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ:
Սակայն Պետոսին և հռոմեական բանակին անփառունակ վախճան էր սպասում: Պետոսը գոռոզ ու ինքնահավան զորավար էր: Մի քանի սահմանային ամրություններ գրավելով` նա զեկուցագրեր է ուղարկում Հռոմ, թե Հայաստանը նվաճված է: Նրա ամբարտավանությունը հասավ այնտեղ, որ անգամ հարկ չհամարեց պահակապետեր ու ժամապահներ կարգել հռոմեական զորքի կայանատեղի-ճամբարում: Օգտվելով առիթից` 62 թ. գարնանը հայոց բանակը` Վասակ սպարապետի ու Տրդատ արքայի հրամանատարությամբ, Ծոփքում` Արածանու ափին գտնվող Եռանդի (Հռանդեա) դաշտում շրջափակեց հռոմեական բանակը:
Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ պարտություն տեսել: Պարտություններ, որոնք նվաստացրել են Հռոմը ու նրա հեղինակությունը նսեմացրել: Առաջինը մ.թ.ա. 216 թ., երբ Կարթագենի զորավար Հաննիբալը Կաննի ճակատամարտում ջախջախեց մեծաթիվ հռոմեական զորքը: Ապա մ.թ.ա. 53 թ., երբ հայ-պարթևական բանակը Խառանի ճակատամարտում ջարդեց հռոմեական զորքերը, իսկական սպանդ սարքեց ու հարուստ ռազմավար ձեռք բերեց: Հռոմի Երրորդ խայտառակությունը Եռանդում էր: Հայոց բանակը շրջապատված ու գերված ոսոխին ուղղակի նվաստացրեց` ստիպելով հռոմեացի լեգեոնականներին ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստած լծի տակով:
Այս խայտառակությունից հետո Հռոմեական զորքերը զինաթափված փախուստի դիմեցին Գամիրք:
Կարգալույծ արված Պետոսի փոխարեն Արևելքի գործերն իր ձեռքը վերցրեց դարձյալ Կորբուլոնը, որ ճիշտ գնահատելով իրերի բնույթը` շտապեց հաշտություն կնքել Տրդատ Ա-ի հետ, ճանաչել նրա թագավորությունը Հայաստանում, սակայն հաշտության պայմանագրի վավերացումը թողեց ապագային, քանզի Տրդատ Ա-ն համաձայնություն տվեց այցելել Հռոմ ու հայոց թագը ստանալ անձամբ Ներոն կայսրից:
64 թ. Տրդատ Ա-ն երեք հազար հեծյալից բաղկացած մեծ շքախմբով մեկնում է Հռոմ: Հռոմեացի պատմիչները նշում են, որ երբեք ոչ մի գահակալ նման փառահեղ ընդունելության չի արժանացել Հռոմում: Սովորաբար օտար գահակալները Հռոմ են ժամանել որպես հռոմեացի զորավարների գերյալներ, որպես հպատակներ ու հարկատուներ: Իսկ Տրդատին Ներոնն անձամբ դիմավորեց Հռոմից շատ հեռու` Նեապոլիսում: Տրդատը Հռոմ մտավ հաղթահանդեսով, որպես հաղթող, որ իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն ու գոռոզ Հռոմին ստիպեց հաշտվել իրողության հետ:
Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում: Տրդատ Ա արքայի ընդունելությունը Հռոմի գանձարանից հսկայական գումար խլեց:
Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը, որպես Հռոմին իրավահավասար տերություն, հռչակեց «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն»:
Տրդատը դատարկ ձեռքով չէր ժամանել Հռոմ: Նա Ներոն կայսեր համար չքնաղ նվեր էր բերել, որ այսօր էլ` երկու հազար տարի անց, հիացնում է Իտալիա այցելողներին: Այդ նվերը վենետիկյան հրաշալի Կվադրոն է` Վենետիկի սուրբ Մարկոսի տաճարի ճակատը զարդարող քառաձի քանդակը:
Ներոն կայսրը, ճանապարհելով Տրդատին, մեծ ռազմատուգանք վճարեց նրան, որով հայոց արքան վերանորոգեց Կորբուլոնի ավերած Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատն իրեն նշանավորեց նաև այլ շինությամբ: Նա Գառնի ամրոցի տարածքում գտնվող հին տաճարի փոխարեն կառուցեց նորը` հիմք ունենալով հին հայկական տաճարաշինական մոդելը` Մուսասիրի տաճարը և թողեց արձանագրություն. «Հելիոս (արև) Տիրիդատես (Տրդատ) թագավոր Մեծ Հայքի, թագավորելով իբրև դեսպոտ (վեհապետ) կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում (75 թ.) իր թագավորության»:
Նա իր թագավորության ժամանակ արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս` պատժելու Կովկասյան լեռնականներն, որոնք ասպատակում էին Հայաստանը:
Տրդատ Առաջինը (54-88) իր գահակալությամբ Հայաստանում հիմք դրեց նոր` Արշակունիների թագավորության (54-428):
Տրդատն իր թագավորությամբ փառավորեց հայոց անունն ու մահացավ 88 թ.:
Ապօրինի ծառահատում` Դիլիջանի ազգային պարկից
Օրերս ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սենիկ Գ.-ին:
Պարզվել է, որ նա հունիսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 7-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 4 բոխի և տեղափոխել իր տան բակ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:
Կատարվում է հետաքննություն:
Գողություն` գողության հետևից
Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արմեն Գ.-ին: Նա խոստովանել է, որ ապրիլին, գիշերը ժամը 23.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ցանկապատի վրայից մտել է Արշակունյաց փողոցի տներից մեկի բակ, գողացել մետաղյա խողովակներ, որից հետո Արշակունյաց փողոցի թիվ 278 հասցեի մոտից նստել է «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենա և ուղևորվելով դեպի Բագրատունյաց փողոց` այդ ընթացքում գողացել է վարորդի բջջային հեռախոսը:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանությունը մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին իրազեկում է
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին, որ 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 1152-Ն որոշումը:
Նշված որոշմամբ սահմանված կարգով, ս/թ հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները լիցենզավորման նպատակով կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1. Հայտ, որի ձևը սահմանված է որոշման N 2 հավելվածով,
2. պահնորդի և (կամ) թիկնապահի՝ համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթղթի, ինչպես նաև այդ անձանց անձնագրերի և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.5 հոդվածի 1-ին կետով սահմանված պետական տուրքը վճարելիս խնդրում ենք հիմք ընդունել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23.5 հոդվածը:
Փաստաթղթերի փաթեթը հայտատուի հայեցողությամբ առձեռն հանձնելու դեպքում` դրանք ներկայացնել հետևյալ հասցեով` Հայաստանի հանրապետության ոստիկանություն, ք. Երևան, Նալբանդյան 130:
Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգի, պայմանների և այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 59 68 31 հեռախոսահամարով:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում կգործեն 100-ից ավելի բակային ճամբարներ
Հունիսի 1-ից մայրաքաղաքում մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են ամառային բակային ճամբարներ:
Ճամբարներում երեխաների առօրյան անցնում է մարզամշակութային և ճանաչողական միջոցառումներով հագեցած: Միջոցառումների շրջանակում ելույթ են ունենում վարչական շրջանների արվեստի և մշակույթի դպրոցների ու մշակութային կենտրոնների սաները:
Ճամբարներին ակտիվ մասնակցող երեխաների ծնողները, ընդգծելով ծրագրի կարևորությունը, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին արդեն ավանդույթ դարձող ծրագրի կազմակերպման համար:
Նախատեսվում է, որ բակային ճամբարներին կմասնակցի ավելի քան 10 հազար երեխա: Ամառային բակային ճամբարները կգործեն մինչև օգոստոսի 30-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ. այսօրվանից Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երթևեկության բարելավման նպատակով` ս/թ. հունիսի 17-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից` Արշակունյաց պողոտայով դեպի Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթևեկելիս` Արշակունյաց պողոտա-Գ. Նժդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթևեկությունը` Գ. Նժդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետ արգելվում է։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ, ապա Գ. Նժդեհի փողոցով երթևեկել դեպի Արցախի փողոցի ուղղությամբ։
Ժամանակին նույն սկզբունքով է կազմակերպվել նշված խաչմերուկի երթևեկությունը հակառակ ուղղությամբ` Աշխատանքի հրապարակից Արշակունյաց պողոտայով դեպի Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկ երթևեկելիս։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Գ.ՆԺդեհի հրապարակ երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց Գ. Նժդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել դեպի Գ. Նժդեհի հրապարակի ուղղությամբ։
Գ. Նժդեհի փողոցով երթևեկելիս Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկում երկու ուղղություններից էլ ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է։
Վարորդները գոհ են նոր ավտոճանապարհից
Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող ընդամենը մի քանի օր շահագործվող նոր ավտոճանապարհն արդեն հասցրել է արժանանալ ոչ միայն ավտովարորդների, այլև մայրաքաղաքի ողջ բնակչության, նաև հյուրերի բարձր գնահատականին: Նոր ճանապարհով երթևեկող վարորդներին հատկապես գոհացնում է հանգամանքը, որ քաղաքի մի հատվածից մյուսը գնալու համար այլևս ստիպված չեն լինի անցնել մայրաքաղաքի երթևեկությամբ առանց այդ էլ ծանրաբեռնված կենտրոնով. «Հիմա հարմար է բոլոր առումներով. և՛ ժամանակն ենք խնայում, և՛ նյարդերը, բացի այդ՝ վառելիքը, ինչը ոչ պակաս կարևոր է»,- գոհունակությամբ նշում են վարորդները՝ հավելելով, որ բարձր որակով կառուցված ճանապարհով երթևեկելն անվտանգ է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին:
Երևանի քաղքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին գտնվել է
Հունիսի 16-ին, ժամը 18.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սևանավանքի Սուրբ Առաքելոց և Սուրբ Կարապետ Եկեղեցիների մոտակայքում կորել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալին (ծնվ. 1974թ.). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները եկեղեցու մոտակայքում, քնած, հայտնաբերել են Մուհամմադ Տրեզային (ծնվ. 1974թ.):
Փլուզում Կապան-Ծավ-Մեղրի և Մ-17-ից դեպի Մեղրի տանող ճանապարհահատվածներում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին հայտնում են, որ հունիսի 16-ին` ժամը 17.30-ի սահմաններում, միջպետական Մ-17 Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 49-րդ կիլոմետրում հորդառատ անձրևների հետևանքով տեղի է ունեցել փլուզում: Փլուզման հետևանքով փակվել էր ճանապարհի շուրջ 20մ-ը՝ մինչև երթևեկելի գոտու առանցքը։
Մեղրիի ճանշինի աշխատակիցները օպերատիվ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհը երկկողմանի բացվել է։
Հորդառատ անձրևից հեղեղվել է նաև Մ-17 միջպետական ճանապարհից դեպի Մեղրի տանող հանրապետական նշանակության 4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։
Հեղեղը ողողել էր ճանապարհի կողնակները, լցրել կողային առուները, առանձին հատվածներում բերվածքները փակել էին ճանապարհը։
Մեղրիի ճանապարհաշինարարները վթարված այս ճանապարհահատվածներում ևս կատարել են վերականգնողական աշխատանքներ։ Այս ճանապարհը ևս երթևեկելի է։
Վերականգնողական աշխատանքներ կշարունակվեն հունիսի 17-ին։
Գվելեթի – Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ մեկ տարի
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին մեկնեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու Գվելեթի – Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:
Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը փոխանցել էին, որ ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են, և արվում է ամեն ինչ՝ ճանապարհը հնարավորինս շուտ՝ հունիսի 14-15-ին, բացելու ուղղությամբ: Նրանք չէին բացառում նաև նոր փլուզման վտանգը, ինչի դեպքում նախանշված ժամկետում ճանապարհը չէր բացվի:
Մինչ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ուղևորվում էր Վրաստանի Հանրապետություն, հունիսի 14-ի կեսօրին տեղեկություն ստացվեց, որ Գվելեթի – Դարիալ ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վթարված հատվածում Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին Գագիկ Բեգլարյանին ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել վթարը վերացնելու ուղղությամբ: Իրավիճակին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ճանապարհը հիմնովին վերականգնման խնդիր ունի:
«Աշխատանքների ընթացքը եղել է շատ բարդ: Վրացական կողմը ներկայացրեց, որ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվելու, որոնք կտևեն շուրջ մեկ տարի: Մենք էլ առաջարկեցինք մեր մասնագիտական աջակցությունը, որպեսզի Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհին նման իրավիճակներից փորձենք խուսափել»,- նշեց նախարարը:
Ճանապարհը թեև բացվել է, սակայն շարունակվում են ճանապարհի լայնացման աշխատանքները: Վրացի ճանապարհաշինարարների ջանքերով 18մ բարձրությամբ հողազանգվածը, որը փակել էր ճանապարհը, մաքրվել է:
Էլգուջա Խոկրիշվիլին ներկայացրեց նաև, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ են նախատեսում իրականացնել՝ նմանատիպ աղետներից խուսափելու համար:
«Կառավարությունը մեզ հատկացրել էր 7 միլիոն լարի, որն ամբողջությամբ ուղղվել է այս աշխատանքների կատարմանը: Մենք ստեղծել ենք փորձագետների խումբ, որոնք վթարված հատվածում 24 – ժամյա դիտարկում են անցկացնում: Այս պահին ճանապարհահատվածն անվտանգ է: Այս ճանապարհը գտնվում է լեռնային բարդ գոտում, որտեղ սողանքներ ու բնական աղետներ հաճախ են լինում։ Որպեսզի նման իրավիճակներում ճանապարհն առավելագույնս պաշտպանված լինի, նախատեսում ենք հսկայածավալ մի նախագիծ իրականացնել»,- նշեց Խոկրիշվիլին։
Նա ընդգծեց, որ բացի ճանապարհը բարելավելուց, առավել վտանգավոր հատվածներում նախատեսում են թունելներ կառուցել։
Չնայած ճանապարհը բացվել էր, սակայն բեռնափոխադրող մեքենաներից մեկին թույլ չէին տալիս հատել սահմանը, քանի որ սահմանն անցնելու համար նրան հատկացված արտոնագրի ժամկետն ավարտվել էր:
Նախարար Գագիկ Բեգլարյանի միջամտությամբ հնարավոր եղավ խնդրին լուծում տալ: Մեկ ամիս շարունակ ճանապարհին մնացած մեքենան շարունակեց ճանապարհը դեպի Հայաստան:
Միջազգային փորձագետը ոստիկանության բարեփոխումներին նվիրված սեմինար-քննարկում անցկացրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում` հունիսի 13-ին Միացյալ Թագավորությունից ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը ոստիկանությունում անցկացրեց համակարգի բարեփոխումներին նվիրված սեմինար-քննարկում:
Սեմինարի թեման ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ ոստիկանության հանձնառությամբ մշակված հասարակական կարգի պահպանության բարելավմանն ուղղված «Կարիքների գնահատումը» ձեռնարկի 44 առաջարկություններն էին:
Դեյվիդ Այենսոնն անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին, նշեց, որ առանձին առաջարկությունների ուղղությամբ վերջին շրջանում դրական փոփոխություններն ակնհայտ են։ Ոստիկանությունը մշակել է ուղեցույցներ, ծառայողները մասնակցել են վերապատրաստման դասընթացների, բարելավվել են աշխատանքային պայմանները։ Սակայն որոշ ոլորտներ բարելավման կարիք ունեն, ինչն էլ երբեմն ոստիկանության քննադատության առիթ է տալիս:
Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն անդրադառնալով Դեյվիդ Այենսոնի դիտարկումներին` նշեց, որ նվազագույնի են հասել քաղաքացիների բողոքները զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ, իսկ առաջիկայում ավելի շոշափելի բարեփոխումներ են սպասվում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ծառայողների իրավագիտակցության բարձրացման և ծառայության տեխնիկական հագեցվածության ոլորտում:
Հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը տեղեկացրեց, որ «Կարիքների գնահատումը» ձեռնարկում ամփոփված առաջարկությունները քննարկվել են, բոլոր կետերով դիտարկումներ են ներկայացվել ոստիկանության շտաբ:
Խանութի վրա ատրճանակով ավազակային հարձակում իրականացնողը ձերբակալվել է
Հունիսի 16-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում մի մարդ մտել է խանութ և շտապ անհրաժեշտ է ոստիկանության օգնությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ 1966 թ. ծնված Մարտուն Մ.-ն կատարել է ավազակային հարձակում:
1957 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն ժամը 02.35-ին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Մարտուն Մ.-ն ատրճանակի սպառնալիքով իրենից փորձել է հափշտակել գումար, որի ժամանակ կատարել է մեկ կրակոց:
Դեպքի վայրից հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով, ինչպես նաև 5.6 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մարտուն Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:






