«Կոմունալ ծառայության ամեն մի բարձրացում խփում է սպառողի գրպանին». Ռոբերտ Նազարյան

downloadՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հանձնաժողովի երկու այլ պաշտոնյաների հետ ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ այսօր հանդիպել է խմբակցության պատգամավորների հետ՝ էլեկտրաեներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ պարզաբանումներ տալու:

Այս մասին Ազգային ժողովից դուրս գալիս մի խումբ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքով, իրենք շատ մանրամասն ներկայացրել են սակագնի բարձրացման հիմնավորումները և փորձել են ընկալելի դարձնել դա պատգամավորներին: «Իսկ ընկալել են, թե ոչ, արդեն իրենց հարցրեք»,-խորհուրդ տվեց Նազարյանը:

Ըստ նրա, այսօր  արդեն իրենց պաշտոնական կայքում 98 տոկոս ճշտությամբ կներկայացվի, թե ինչ բարձրացում է սպասվում. «Մոտավորապես 3.85 դրամի սահմաններում բարձրացում կլինի: Իմ գնահատմամբ, տարեկան կտրվածքով դա ամեն մի ընտանիքի վրա  8-9 հազար դրամի բեռ է առաջացնելու»,-ասաց նա:

Սակագնի բարձրացումը հավանաբար տեղի կունենա օգոստոսի 1-ից:

Այնուամենայնիվ, հարցը քննարկումների փուլում է, և հանձնաժողովի պաշտոնյաները պատրաստ են  հանդիպելու բոլոր նրանց հետ, որոնք շահագրգիռ են և ուզում են ծանոթանալ իրենց հաշվարկների հետ: Նազարյանը հայտնեց, որ վաղը պատրաստվում են հանդիպել ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ, ինչպես նաև Հանրային խորհրդից են հարցը քննարկելու առաջարկ ստացել:

«Եթե մեզ կարողանան ցույց տալ մի ծախսային հոդված, որ մենք հիմնավորված չենք ընդունել և կարելի է նվազեցնել, ես խոստանում եմ, որ անպայման հաշվի կառնենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի էլեկտրոցանցերին, ապա նա նշեց, որ ընկերության ներկայացրած փաստարկների մի մասի հետ համաձայնել են, մի մասի հետ՝ ոչ և ըստ այդմ էլ կատարել բարձրացումը: Դիտարկմանը, որ ընկերության կորուստները փաստացի ավելի մեծ են, քան իրենց տրվող մարժան, Նազարյանն ասաց, որ դա ընկերության խնդիրն է. «Թող իրենց շահույթների հաշվին փակեն: Անխուսափելի տեխնոլոգիական կորուստները, որոնք գնահատել է նաև մեր էներգետիկայի ինստիտուտը, դրանից ավել չենք նախատեսի սակագների հաշվարկման ժամանակ, թող  իրենք ձգտեն ու հասնեն մեր սահմանած կորուստների մեծությանը»:

Սահմանին գազի թանկացման վերաբերյալ լուրերը Նազարյանը դա հերքեց: Գոնե այս տարվա համար նա վաստահ հայտնեց, որ գազի թանկացում չի լինի:

Էլեկտրաեներգիայի սակագնի բարձրացման հետևանքով սոցիալական նոր լարվածության առաջացման վերաբերյալ մեր հարցին ՀԾԿՀ նախագահն ասաց. «Դա շատ ցավոտ հարց է, բայց չեմ գտնում, որ դա պետք է մեզ ուղղեք: Իսկ ընդհանրապես, միշտ էլ, երբ սակագների վերանայում է լինում, և մենք ստիպված ենք լինում բարձրացնել, ես միշտ ասում եմ՝ ինձ համար ամենաանընդունելի որոշումներից մեկն եմ կայացնելու: Ես էլ ձեր նման սպառող եմ, ունեմ հարազատ, մոտիկ մարդիկ, ի վերջո՝ մեր սպառողները, որոնց շահերն էլ մենք կոչված ենք պաշտպանելու: Իհարկե պրոբլեմ է: Կոմունալ ծառայության ամեն մի բարձրացում խփում է սպառողի գրպանին: Բայց այդ խնդիրը կառավարությունը պետք է լուծի՝ իր սոցիալական  ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելով, սոցիալապես անապահով խավերի թոշակը, աշխատավարձերը բարձրացնելով»:

Ըստ Նազարյանի՝ իրենք դատապարտված են բարձրացնելու էլեկտրաեներգիայի սակագինը, և եթե մի աննշան հնաավորություն էլ ունենային, ապա այդ քայլին չէին գնա:

«Մենք ունենք գործառույթների շրջանակ, որ պետք է կատարենք՝ ապահովելու հուսալի և անվտանգ էլեկտրաեներգիայի մատակարարում: Եթե  մենք այս քայլերը չանենք, ապա 2-3 տարի հետո կկանգնենք լուրջ խնդիրների առաջ»,-ասաց նա:

Նազարյանը նաև զարմացած է, թե ինչու ժողովուրդը տարբեր ապրանքների գների բարձրացման ժամանակ նման արձագանք չի հնչեցնում, իսկ հենց էլեկտրաեներգիայի սակագնի բարձրացում է լինում, որը իր տեսակարար կշռով շատ ավելի փոքր է, մարդիկ շահարկման առարկա են դարձնում: «Բայց ոչ ժողովուրդը, մեր ժողովուրդն իսկապես շատ իմաստուն է»,-նկատեց նա:

 

Անկախ

Պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին

ավտոպատահարՀունիսի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևանի Չարենցի փողոցի թիվ 94 շենքի մոտ «Բոգդան A69201» մակնիշի ավտոբուսի սրահից դուրս է ընկել 19-ամյա քաղաքացուհի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոս փողոցի թիվ 2/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել դեպքի վայր ժամանած շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 16.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Դեու» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Ռենո»-ն ինքնաբերաբար առաջ շարժվելով` վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 17.40-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ադոնցի փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավան 7-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 72 տան մոտ վրաերթի է ենթարկել իր 7-ամյա որդուն և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևանի Կ. ՈՒլնեցի փողոցի թիվ 51 շենքի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Կեսարիա գյուղի կենտրոնական փողոցում ստեղծել է վթարային իրավիճակ, որի արդյունքում «Մերսեդես E 220» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի եզրաքարին:
«Մերսեդես E 220»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 16.00-ին, «Ֆորդ-Մոնդեո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Ռիժկովի փողոցի 7-րդ շենքի մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, նրան տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 22.30-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 118-րդ կմ-ին «ԲՄՎ Իքս 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի, որի վարորդը դեպքի վայրից հեռացել է:
«ՎԱԶ 2107»-ի ղեկի վրա առկա է եղել արյան հետք:
Ձեռնարկվում են միջոցառումններ «ՎԱԶ 2107»-ի վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 09.30-ին, Երևան-Կապան ճանապարհի 281-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Վոլվո» մակնիշի ավտոգնացքի:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 9-ից 10-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

անձրևՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝

10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 11-14-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11-14-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում՝

10-ին և 14-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 11-13-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

      

Ավտովթար Խորենացու փողոցում

IMG_6363-10074-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՀունիսի 10-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 հասցեի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 01 MV 055 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել «Գարանտ Քնսալտ» փաստաբանական գրասենյակի պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1988 թ. ծնված Դ. Թ.-ը և 1993 թ. ծնված Մ. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 1996 թ. ծնված Դ. Կ.-ին: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Դ. Կ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Մ. Հ.-ինը և Դ. Թ.-ինը` ծանր:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

ԹՈՐՈՍ ՌՈՒԲԻՆՅԱՆ.հմուտ դիվանագետ

կիլիկիայի քարտեզՀայ ժողովրդի պատմությունը զուրկ է օրինաչափությունից: Եղել են իրավիճակներ, երբ հայոց պետականությունը, գտնվելով իր փառքի գագաթնակետին, արագ անկում է ապրել, եղել են նաև դեպքեր, երբ կազմալուծված, հյուծված ու կեղեքված հայությունը հանկարծ զարթնել է նիրհից և մի ոստյունով դարձյալ անկախ պետականություն ծնել: Նման դեպքեր շատ կարելի է թվարկել:

Այս շարքում յուրօրինակ է Կիլիկիայի հայոց անկախ իշխանապետության ծնունդը:
Դեռ ոչ վաղ անցյալում` 1045 թ., Բագրատունյաց թագավորությունն անփառունակ վախճան ունեցավ: Դարերով թափված արյան ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունը հայ կղերի թեթև ձեռքով կործանվեց: Սակայն Բագրատունյաց թագավորության կործանման մեջ միայն հայ եկեղեցին չէ, որ մեղավոր էր: Հայոց հասարակարգը սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խոր ճգնաժամ էր ապրում: Շատ անվանի ու ազդեցիկ իշխաններ Գագիկ Բ Կրտսեր Բագրատունի թագավորից (1042-1045) հետո ուղղակի իրենց հայրենական կալվածքները հանձնեցին բյուզանդական կայսրությանն ու լքեցին երկիրը: Մասնավորապես` Գրիգոր Մագիստրոս Պահլավունի իշխանը, Վանանդի Գագիկ թագավորը….

Հայաստանից սկիզբ առավ հոծ արտագաղթ, և թվում էր` հայությունն այլևս ընդունակ չի լինի ոտքի կանգնել ու անկախ պետականություն ձեռք բերել:
Սակայն կատարվում է անսպասելին. Բագրատունյաց թագավորության անկումից անգամ կես հարյուրամյակ չէր անցել, երբ Կիլիկիայում` օտար հողի վրա, ծլեց հայոց նոր պետականությունը` Կիլիկիայի իշխանապետությունը:
Այս նոր պետության սկզբնավորողը հենց Գագիկ Բ թագավորի թիկնազորի իշխաններից Ռուբենն էր, հավանաբար` դարձյալ Բագրատունյաց տոհմից: Պատմությունը, փառաբանելով Ռուբենին, նրա ստեղծած նոր հարստությունը հենց նրա անունով կոչեց` Ռուբինյան:
Ռուբեն Առաջինը 1080 թ. ապստամբության դրոշ պարզեց Բյուզանդիայի դեմ ու Լեռնային Կիլիկիայում հռչակեց իր անկախությունը: Նա իր կառավարման 15 տարիների ընթացքում ընդարձակեց իր տիրույթները և որդուն ու ժառանգին` Կոստանդինին կտակեց արդեն կայացած ու ճանաչում ստացած հզոր իշխանությունը:
Կոստանդին Առաջինը (1095-1100), շարունակելով հոր քաղաքականությունը, կարճ իշխեց, նրան հաջորդեց որդին` Թորոս Առաջին Ռուբինյանը (1100-1129):
Գահ բարձրանալով` Թորոս Առաջինը ժառանգեց հզոր ու բարգավաճ մի երկիր, որտեղ, սակայն, անպակաս էին նաև խնդիրները:
Կիլիկիայի իշխանապետության հարատևման համար պարտադիր էր Դաշտային Կիլիկիայի նվաճումը, որը կամրապնդեր հայոց իշխանապետության ոչ միայն ռազմավարական դիրքերն ու միջազգային հեղինակությունը, այլև ձեռք կբերվեին Դաշտային Կիլիկիայով անցնող առևտրային հարուստ ճանապարհների հսկողությունն ու եկամուտները, երկիրը դուրս կգար Միջերկրական ծով: Ահա այս խնդիրը պետք է լուծեր Թորոս Ռուբինյանը: Սակայն նրա ծրագրերին մի շարք խանգարող հանգամանքներ կային` ընդդիմացող Բյուզանդիան, սելջուկների Իկոնիայի կայսրությունը, խաչակիրները և Կիլիկիայի տարածքում հաստատված հայ և հույն անջատողական ձգտումներով առանձին իշխանությունները:
Սակայն Թորոս Առաջինը բավականաչափ կամք ու եռանդ ուներ իր առջև դրված խնդիրների լուծման համար:
Գահակալման առաջին տարիներին ևեթ` 1104 թ., Թորոս Առաջինը նախահարձակ եղավ Բյուզանդիայի վրա և նախ ամրապնդեց իր դիրքերը Լեռնային Կիլիկիայում` նվաճելով Սիսը և Անարվազան: Ապա Դաշտային Կիլիկիան մաքրելով բյուզանդական կայազորներից` երկրամասը կցեց իր պետությանը: Թորոս Առաջինն իր իշխանապետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխեց Անարբազա, որը գեղեցիկ շինություններով ու ապարանքներով ճոխացրեց: Նա այստեղ կառուցեց Սուրբ Զորավարաց եկեղեցին:
Դրանով հայոց իշխանն ազդարարեց իր նվաճողական նկրտումների մասին: Դա, բնականաբար, չէր մտնում հարևան տերությունների ծրագրերի մեջ, և շուտով Իկոնիայի սուլթանության մեծաթիվ բանակը ներխուժում է Կիլիկիա:
Թորոսին օգնության է փութում մեկ այլ ականավոր հայ իշխան և զորական` Գող Վասիլը: Կամսարականների տոհմից սերող այս իշխանը Ասորիքի և Հյուսիսային Միջագետքի տարածքում ստեղծել էր լայնատարած անկախ իշխանապետություն և Թորոսի պես նա էլ հավակնություններ ուներ վերականգնելու հայոց թագավորությունը: Երկու հայկական անկախ իշխանությունների միջև եղած հակամարտությունն ու առաջնության համար մղվող մրցակցությունը չխանգարեցին միավորվելուն սելջուկների դեմ պայքարում: Գող Վասիլը լավ էր հասկանում, որ տվյալ դեպքում Կիլիկիայի իշխանապետությունն ապահովում է իր պետության թիկունքը, և Թորոսին ընկճելով` թշնամին կանգ չի առնի: Նրա բանակը միացավ Թորոսի զորքերին, և 1107 թ. Բերդուսի վճռական ճակատամարտում հայերը ջախջախեցին սելջուկյան զորքերն ու դուրս շպրտեցին Կիլիկիայից:
Թորոսը նաև հմուտ դիվանագետ էր: Նա հակաբյուզանդական պայքարում իր պետության արևելյան սահմաններն ամրապնդելու և դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով իր դուստր Արտային կնության տվեց Եդեսիայի դուքս Բալդուին Բ-ին: Սա նպաստեց Թորոս Ա-ի դիրքերի ամրապնդմանը, քանի որ հետագայում իր ձեռնարկներում հաճախ էր ներգրավվում Անտիոքի դքսության զինուժը, որ բաղկացած էր խաչակիր ասպետների ծանրազեն հեծելազորից:
Թորոս Ա-ն ոչ միայն հայրենասեր ու զորեղ իշխանավոր էր, այլև պատվախնդիր:
Նա վրեժխնդիր եղավ հույն Մանդալե եղբայրներին Բագրատունյաց արքայատոհմի վերջին գահակալի` Գագիկ Բ Կրտսեր (1042-1045) արքայի նենգ սպանության համար:
Գահազուրկ Գագիկ արքան իր կյանքի մայրամուտին շարժում էր սկսել Կիլիկիայում հայոց երկրի ազատագրման նպատակով: Դա աննկատ չմնաց բյուզանդական արքունիքից, և հենց արքունիքի սադրանքով ազգությամբ հույն Մանդալե եղբայրները հյուրընկալության պատրվակով 1080 թ. ձերբակալեցին հայոց արքային, սպանեցին ու մարմինը մետաղալարով կախեցին իրենց ամրոցի պատից: Հայոց արքայի դիակը հետագայում ամփոփվեց Պիզու վանքում: Հայոց իշխանները հավաքվեցին և պաշարեցին Մանդալեների ամրոցը, բայց գրավել չկարողացան:

Նենգ հույներից վրեժ լուծելը Թորոս Ա իշխանի պատվի խնդիրն էր: Նա 1111 թ. գրավեց հույն եղբայրների Կնդռոսկավիս բերդը, երեք եղբայրներին տանջամահ արեց, սրի քաշեց նրանց ցեղն ու բռնագրավեց կալվածքները: Ժամանակակից պատմիչները վկայում են, որ նա, ձեռք բերելով հայոց արքայի թուրն ու հանդերձանքը, երկար ժամանակ դառնաղի արտասվում էր:
Հիրավի` արժանի պատիժ նենգ եղբայրների նկատմամբ:

Բյուզանդիան, տեսնելով Թորոսի հաջողությունները և հայոց իշխանապետության ամրապնդումը, ստիպված էր հաշտվել ստեղծված իրականության հետ, և Կոստանդնուպոլսի արքունիքը Թորոսին սիրաշահելու քայլեր ձեռնարկեց: Ալեքսիոս կայսրը պատգամավոր ուղարկեց Թորոսի մոտ հաշտության առաջարկով: Կայսրը Թորոսին շնորհեց «Առաջին Սեբաստոս» կոչում:

Թորոսը, լինելով քաջարի ռազմիկ, միաժամանակ շինարար էր ու գիտության, մշակույթի հովանավոր: Իր պետության մեջ նա աչքաթող չարեց նաև հոգևոր-մշակութային կյանքը: Սիս քաղաքի մոտ հիմնադրեց Մաշկևորի և Դրազարկի հռչակավոր վանական համալիրները: Դրազարկի վանքը հետագայում դարձավ նշանավոր գիտամշակութային կենտրոն: Թորոսը, իր կտակի համաձայն, թաղվեց հենց Դրազարկի վանքում, որ դարձավ նաև Ռուբինյանների տոհմական տապանատունը:
Թորոս Առաջինը մահացավ 1129 թ. ` ողջ կյանքում մաքառելով հանուն հայության ու փառավորելով իր իշխանությունը:
Քանի որ Թորոս Առաջինի որդիները` Կոստանդինն ու Օշինը, մահացել էին մանկահասակ տարիքում, նրա գահը ժառանգեց կրտսեր եղբայրը` Լևոն Առաջինը (1129-1137):
Վահե Անթանեսյան

Հրայր Թովմասյանը թումանյանական մտքերի մեջ է

Hrayr_TovmasyanՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է Հովհաննես Թումանյանի հետևյալ խոսքերը.

“Խորապես ցավելով պետք է խոստովանենք, որ մեր ժողովրդի մեջ սաստիկ զարգացած է վրեժխնդրության զգացմունքը, և մեր մարդը, վրեժ առնելու համար, հաճախ կանգ չի առնում ոչ մի միջոցի առջև։ Եվ ավելի ևս զզվելին այն է, որ նա սիրում է իր վրեժը լուծել ու հարվածը տալ ուրիշի ձեռքով, ինքը միշտ մութի մեջ։
Ասիական այս գարշելի հատկությունը առանձնապես աչքի ընկավ և շատ ոճիրների պատճառ դարձավ մանավանդ վերջին շարժման խառնակ տարիներում, երբ իրար թշնամի մարդիկ իրենց ձեռքին գործիք էին դարձնում այս կամ այն կազմակերպության մարդկանց ու «գաղափարի» անունով իրենց հաշիվները մաքրում ամենայն անգթությամբ։
Բայց միայն խառնակ տարիները չեն. միշտ էլ գործի վրա են այդ չար, անհանգիստ հոգիները և չեն քաշվում մոլորության մեջ ձգելու նույնիսկ կառավարության պաշտոնյաներին։ Եվ որքա՜ն ջանք ու եռանդ, որքա՜ն նույնիսկ նյութական միջոցներ են գնում դրանց սարքած դավերի վրա, թե ինչ է այսինչը ուզում է վրեժ հանել այնինչից։
Եվ ի՜նչ խորամտություն, ի՜նչ սուր հայացք, ի՜նչ խոր ծանոթություն է հարկավոր գործի ու սովորությունների՝ այդ բոլոր մեքենայությունների տակից ճշմարտությունն ու արդարությունը հանելու համար։
Եվ, հիրավի, արդարությունը մեր երկրում շատ է տուժում մեր այս ցած հատկության պատճառով, այլև կորցնում ենք մեր բարոյական վարկն ու խոսքի արժեքը արդարադատության առաջ։
Եվ ամենուրեք է այս ախտը մեր կյանքում ու լոկ մտածելն անգամ սաստիկ, սաստիկ ծանր է”:

 

Անկախ

Ավետիք Իշխանյանը՝ ԱՆ-ին կից խորհրդին իր անդամակցության մասին. «Ասելիքներ ունենք… ցանկացած պահի միշտ էլ կարելի է դուռը շրխկացնել»

Ավետիք ԻշխանյանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ, որտեղ ընդգրկված են բազմաթիվ հայտնի անձինք: Նրանց թվում է նաև «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Երբ Արդարադատության նախարարից առաջարկությունը եղավ, մենք մեր կոմիտեում երկար քննարկեցինք՝ մասնակցությունն արժե՞, թե՞ ոչ, քանի որ անհանգստություն կար և կա, որ դա կարող էր ձևական բնույթ կրել: Եվ մենք, ճիշտն ասած, սկզբում մտածում էինք, թե քանի որ առաջարկությունը եղել է, ի սկզբանե մեղավորության կանխավարկածով չառաջնորդվել, չնայած այդ լուրջ կասկածները կային, և փորձել սկզբնական շրջանում այնտեղ լինել դիտորդի կարգավիճակով: Սակայն պարզվեց, որ այդպիսի կարգավիճակ չկա, և որոշեցինք համաձայնել լինել անդամ, որովհետև ցանկացած պահի, պայմանական ասած՝ միշտ էլ կարելի է դուռը շրխկացնել: Իսկ եթե իսկապես խորհրդի կարծիքները հաշվի առնվեն, ապա մենք այնտեղ շատ ասելիք ունենք» ,- 168.am-ի հետ զրույցում իր մասնակցությունն այդ խորհրդում այսպես պարզաբանեց Ավետիք Իշխանյանը:

Ըստ Ա. Իշխանյանի՝ Հելսինկյան կոմիտեն «բավականին շատ անելիքներ»  ունի խորհրդի կազմում, հատկապես օրենսդրական նախաձեռնությունների ոլորտներում. «Ասելիքներ ունենք քրեակատարողական ոլորտում, որտեղ մենք տարիներով աշխատում ենք: Մենք միշտ առաջարկություններ ենք անում, հատկապես՝ վաղաժամկետ ազատման, և ընդհանրապես՝ ցմահ բանտարկյալների հետ կապված հարցերում, և նրանց գործերի վերանայման, հնարավոր օրենսդրական փոփոխություններ մտցնելու, նրանց վաղաժամկետ ազատումն ավելի պրակտիկ դարձնելու նպատակով, որն իրականում Հայաստանում չի գործում: Նաև՝ խղճի և կրոնի ազատության օրենքի հետ կապված հնարավոր փոփոխությունների կամ նոր օրենքի ընդունման շուրջ ենք աշխատում: Այսինքն՝ մենք շատ առաջարկություններ ենք միշտ ներկայացրել մեր զեկույցներում, և այս տեսակետից մենք կփորձենք խորհրդում այդ հարցերը բարձրացնել, և կերևա՝ խորհուրդը ձևական բնո՞ւյթ է կրում, թե՞ իսկապես խորհրդի կարծիքները հաշվի են առնվում» :

168.am-ի այն հարցին, թե իրենք ինչ-որ առաջարկներ արդեն արե՞լ են Արդարադատության նախարարին, Ա. Իշխանյանը պատասխանեց. «Դեռ չենք առաջարկել: Դեռևս միայն խորհրդի անդամ լինելու համաձայնություն ենք տվել, իսկ այնտեղ կտեսնենք, թե ինչ ենք անում: Ուզում եմ ասել՝ ես հույս ունեմ, որ այս իմ մատնանշած խնդիրները, որոնք Հայաստանում գոյություն ունեն, լուծումներ ստանան»: Միաժամանակ Ավետիք Իշխանյանը հավելեց, որ իր դերակատարումն այդ խորհրդի կազմում դեռևս որոշված չէ: «Դեռևս չգիտեմ իմ դերը, դեռ նիստ չի եղել այս կազմով, և չգիտեմ, թե այնտեղ ինչ լիազորություններ պետք է ունենամ, ինչ ենթահանձնաժողովներ պետք է ստեղծվեն, եթե պետք է ստեղծվեն: Դեռևս ես որևէ բանից տեղյակ չեմ: Իմ համաձայնությունը նախապես կապված է այն բանի հետ, որ խնդիրները բարձրացնեմ»:

Աղբյուր՝ 168 Ժամ

Պայմանական վաղաժամկետ ազատում. մերժում են առանց հիմնավորման

արդարադատության նախարարությունՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբն իր խորը մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման հարցում ձևավորված պրակտիկայի վերաբերյալ:

Նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Արթիկ» ՔԿ հիմնարկ կատարած այցելությունից Խումբը պարզել է, որ մի խումբ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, որոնց հիմնական պահանջը, բողոքը կայանում է նրանում, որ Արթիկ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում միջնորդագիր ներկայացնելու դատապարտյալներին պատժից վաղաժամկետ պայմանականորեն ազատման, պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին: Ըստ դատապարտյալների, գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ արգելք է դրված մի շարք հոդվածների վրա, մասնավորապես, պայմանական ազատում ընդհանրապես չի կիրառվում ՀՀ Քր. օր.-ի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 215, 266, 268 հոդվածներով: Մինչ այս բազմաթիվ ազատազրկված անձինք և նրանց հարազատները դիմումներ են ներկայացրելԽմբին՝ ներկայացնելով փաստարկված բողոքներ պայմանակն վաղաժամկետ ազատման ընթացակարգի արատավորված պրակտիկայի, որոշակի հոդվածներով դատապարտված անձանց նկատմամբ ըստ էության քողարկված արգելքի, պայմանակն վաղաժամկետ ազատման հարցերով հավանություն տվող «անկախ» հանձնաժողովի որոշումների չպատճառաբանվածության, ոչնչով չսահմանափակվող հայեցողության և հարակից այլ հարցերի վերաբերյալ:

Դատապարտյալի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու  հնարավորությունը նրա իրավական կարգավիճակի կարևորբաղադրիչներից մեկն է: Այդ կապակցությամբ գործող կարգավորումներն ու օրենսդրական հիմքերը կարծեք թե բավարար են համակարգնաշխատեցնելու համար, մինչդեռ գործնականում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում նկատելի են  բազմաթիվ թերություններ:

Նշված հարցի լուծման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ոչ կոմպետենտությունը, այն է` ռիսկեր գնահատելու համարբավարար մասնագիտական կարողությունների բացակայությունը, օրենսդրական որոշակի կարգավորումների անհստակությունը, գործընթացիններգրավված մարմինների գործողությունների անկանխատեսելիությունը, կայացվող որոշումների հիմքում դրվող չափորոշիչների հստակ որոշման կարգի բացակայությունը, այդ ամենով պայմանավորված կայացվող որոշումների հիմնավորումների բացակայությունը խնդիրներ են, որոնք գոյություն ունեն տարիներ ի վեր, սակայն վիճակը բարելավելու ուղղությամբ չեն նկատվում դրական տեղաշարժեր:

Դիտորդական Խումբը բազմիցս անդրադարձել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործող համակարգի հիմնախնդիրներին: Խմբի անդամները պարբերաբար մասնակցում են վաղաժամկետ ազատելու նիստերին՝ դատապարտյալների խնդրանքով, որոնց ընթացքում ՔԿ հիմնարկների վարչակազմերի ներկայացուցիչների կողմից բազմաթիվ անգամ մերժվել են այդ թվում այնպիսի դատապարտյալների Պայմանական Վաղաժամկետ ազատման միջնորդություններ, ովքեր որևէ կարգապահական տույժ չեն ունեցել, փոխարենն ունեցել են բազմաթիվ խրախուսանքներ, ներգրավված են եղել ՔԿ հիմնարկներում գործող տարբեր խմբակներում:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը կոչ է անում շեշտակի փոխել վերոհիշյալ գործընթացում արմատավորված բացասական պրակտիկան: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Խմբի կողմից շարունակվելու են նշված հարցի ուսումնասիրությունները, ինչպես նաև շահերի պաշտպանության ընդհանուր միջոցառումներին զուգահեռ քայլեր են ձեռնարկվելու Պայմանական Վաղաժամկետ ազատման հնարավորությունից անհիմն զրկված կոնկրետ անձանց շահերի անհատական պաշտպանությանն օժանդակելու ուղղությամբ:

Հասարակական Դիտորդական խումբը շուտով հանդես կգա ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների  առաջարկություններով:

Իսպանիայի դեսպանատունը հեշտացնում է վիզաների դիմումների ընդունման կարգը

իսպանիա  Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի դեսպանատունը, որի նստավայրը գտնվում է Մոսկվայում, վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը դյուրացնելու համար որոշում է կայացրել, որ Հայաստանի Հանրապետությունում Շենգեն տեսակի վիզայի համար ներկայացվող դիմումները (մինչև 90  օր մնալու համար), այսուհետ կարող են ներկայացվել արտերկրում ծառայություններ մատուցող գրասենյակ:

Այդ առթիվ Իսպանիայի դեսպանատունը և VFS Global-ը ուրախ են հայտարարելու, որ 2014 թվականի հունիսի 13-ին Երևանում տեղի կունենա Վիզայի վերաբերյալ դիմումների ներկայացման կենտրոնի բացումը: Կենտրոնը կգործարկի VFS Global-ը, որը հանդիսանում է աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և կառավարություններին տեխնոլոգիական ծառայություններ մատուցող և դրանք պատվիրակող խոշորագույն մասնագիտական ընկերությունը:

VFS Global-ն արդեն իսկ համարվում է Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում օտարերկրյա մի շարք դեսպանատներին և հյուպատոսական բաժիններին ծառայություններ մատուցող  վստահելի գործընկեր, որը վիզայի ստացման համար մեծապես արդյունավետ և պատշաճ ծառայություններ է մատուցում դիմորդներին, և այժմ ամեն ինչ պատրաստ է իրենց առաջին գրասենյակը Երևանում բացելու համար: VFS Global-ի կողմից գործարկվող կենտրոնի հիմնական առանձնահատկություններն են ավելի երկար աշխատաժամերը, դյուրին մուտք գործելու համար նախատեսված ինտերնետային կայքը, վիզայի և դրա տեսակների, գործող սակագների ու դիմումների կարգավիճակի մասին տեղեկատվությունը, վիզայի վերաբերյալ հարցումների հետ կապված հարցերի կարգավորման գծով մասնագիտացված և պատասխանատու անձնակազմի առկայությունը:

Մեծ կարևորություն է տրվել հարմարավետությանը և մատչելիությանը: Այդ իսկ պատճառով, ի նկատի առնելով բոլոր դիմորդների հարմարավետության գաղափարը, կենտրոնը նախագծվել է թեքահարթակներով և նմանատիպ այլ հարմարություններով, որպեսզի դյուրացնի նաև հաշմանդամություն ունեցող դիմորդների մուտքը: Ընկերությունը կունենա նաև հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող դիմորդներն այժմ կարող են դիմել VFS Global-ի՝ Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման հարմարավետ կենտրոն և մշտապես ակնկալել ծառայությունների հմուտ և պատշաճ մատուցում:

Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոնը կտեղակայվի հետևյալ հասցեում.

0010 Երևան, Նալբանդյան փողոց 48/1, 2-րդ հարկ

Տեղեկատու` 060 74 05 06

Էլփոստ`                              [email protected]

Ինտերնետային հասցե`     www.vfsglobal.com/Spain/Armenia

Աշխատանքային ժամերը` երկուշաբթիից–ուրբաթ, ժամը 09:00-16:00

Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոն ներկայացված դիմումների վերաբերյալ միակ որոշումը կայացնողը նախկինի պես կլինի Մոսկվայում Իսպանիայի դեսպանատունը: Մոսկվայում Իսպանիայի, ինչպես նաև Երևանում Լիտվիայի դեսպանատները, նույնպես կշարունակեն ուղղակիորեն դիմումներ ընդունել այն հաճախորդներից, ովքեր նախընտրում են այդ տարբերակը (նախնական ժամադրության պարագայում): Վիզայի կենտրոնում դիմումներ ներկայացնելու համար կգանձվի ծառայության վճար:

Իրենց հյուպատոսական կանոնների համաձայն, Իսպանիայի ազգային վիզաների դիմումները (Դ տեսակի` 90 օրից ավելի, կամ աշխատանքային վիզայի դեպքում) պետք է նախկինի պես ներկայացվեն Մոսկվայի դեսպանատան հյուպատոսական բաժին` նախապես ժամադրություն վերցնելու միջոցով:

Տարօրինակ իրարանցում մայրաքաղաքում կամ ի՞նչ պրեմիերայի մասին է հուշում անձրևանոցներով ֆլեշ-մոբը

DSC_8070Արդեն մի քանի օր է` մայրաքաղաքում անցորդների համար շատ հետաքրքրական ու անհասկանալի իրարանցում է: Քաղաքի կենտրոնական փողոցներով, չնայած անցորդների մոտ առաջացրած հետաքրքրությանը,  անխոս, լուռ, կարծես իրականությունից կտրված, անէացած, սև անձրևանոցներով քայլում են մի խումբ երիտասարդներ: Իրենց հասցեին հնչած ամենատարբեր մեկնաբանություններին, ուղղված հարցերին, նրանք շարունակում են մնալ անհաղորդ:

Ֆլեշ-մոբի վերջին հանգրվանը Օպերայի աֆիշների շարքում միանգամից ուշադրություն գրավող  դուռն է, որի վրա տեղադրված էկրանը հետհաշվարկով հուշում է մոտալուտ պրեմիերայի մասին:

Այդ յուրահատուկ գովազդային վահանակի մոտ նրանք կանգնում են մի քանի րոպե, այնուհետև փակում անձրևանոցները և ինչպես աննկատ հայտնվել էին, այնպես աննկատ էլ անհետանում  են:

Մեր բոլոր փորձերը` պարզելու համար ֆլեշ-մոբի նպատակը և կապը խորհրդավոր դռան հետ ապարդյուն անցան, քանի որ ստեղծագործական թիմը դեռ գաղտնի է պահում հնարավոր բոլոր մանրամասները: Հետևենք խորհրդավոր դռան բացվելուն:

Անկախ

Վերակառուցվում է Գլխավոր պողոտայի` Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած այգին

գեն պլանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ   Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման 2014թ.-ի ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա ևս 10-ով՝ շուրջ 25 հեկտարով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը: Այդ համատեքստում այս տարի  ամբողջովին կբարեկարգվի նաև Երևանի Գլխավոր պողոտայի`  Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած տարածքը:

Նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված այգին անխնամ և բարձիթողի վիճակում է եղել տասնամյակներ շարունակ: Տեխնիկական անբավարար վիճակով պայմանավորված՝ տարածքում չեն շահագործվել նաև ջրավազանները, ջրամատակարարման, ջրահեռացման  ու ոռոգման համակարգերը: Տվյալ տարածքում ներկայումս մեկնարկել են շինբարեկարգման լայնածավալ աշխատանքները: Զբոսայգու վերակառուցման ծրագրի արդյունքում ամբողջությամբ կվերականգնվի հանգստի գոտու նպատակային նշանակությունը և այն լիովին կծառայի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Գլխավոր պողոտայի այս հատվածի բարեկարգման նախագծային առաջարկը ներառում է նույն հատվածի ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ առաջարկվող կանաչ զանգվածի և գազոնների, մայթերի և սալահատակների բարեկարգումն ու արդիականացումը։ Նախատեսվում է նաև արդեն քայքայված և երկար ժամանակ չգործող ջրավազաններն ու շատրվանները փոխարինել ժամանակակից ջրային և լանդշաֆտային տարրերով ու շատրվաններով։ Պողոտայի նշված հատվածում տեղ կգտնեն նաև ճարտարապետական և լանդշաֆտային փոքր ձևեր և ծավալներ։ Տարածքի վերակառուցումը ենթադրում է այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների և  թփերի քանակական առավելագույն պահպանություն և ավելացում։ Հանգստի գոտին կապահովվի ոռոգման համապատասխան ցանցով, կհամալրվի նոր ծառատեսակներով և դեկորատիվ թփերով։ Այգու ամբողջ միջավայրը հարմարեցված և մատչելի  է լինելու նաև բնակչության սակավաշարժ խմբերի համար։

Անկախ

 

 

 

Վախթանգ Կիկաբիձեն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

KikabidzeԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացրեցին, որ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Վրաստանի ժողովրդական արտիստ, երգիչ, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Վախթանգ Կիկաբիձեին: Շնորհավորելով ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ քաղաքապետը մաղթել է նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների բարեկամության էլ ավելի ամրապնդման. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստեղծագործական ուղին ու մեծ ներդրումը հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության էլ ավելի ամրապնդման հարցում: Ուրախ ենք Ձեզ հյուրընկալելու Երևանում, և համոզված եղեք, որ մեր քաղաքի դռները միշտ բաց կլինեն Ձեր առջև»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայ-վրացական ավանդական կապերի, մշակութային բազմամյա բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Վախթանգ Կիկաբիձեին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ Վախթանգ Կիկաբիձեն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի անել հնարավորը՝ հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ավելի ամրապնդելու ուղղությամբ: Նա նաև երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին՝ իր արվեստի հանդեպ տածած մեծ սիրո և ջերմության համար:

Անկախ

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 6-ից 9-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 29-ը, խարդախության 15 դեպքից` 13-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը, ապօրինի ծառահատման 3 դեպքից` 2-ը: Բացահայտվել է գողության 18 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, կողոպուտի` 1, խարդախության 2 և գողության 5 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 36-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Հայտնի են «Երևան. բիզնես-վազք 2014» մրցույթի հաղթողները

biznes vazq1 Երևանի քաղաքապետարանը, «Austrian Airlines» և «Օրանժ ֆիթնես» ընկերությունների հետ համատեղ, Royal Tulip Grand Hotel Yerevan և Best Western Congress հյուրանոցների աջակցությամբ կազմակերպել էր «Երևան. բիզնես-վազք 2014» վազքի մրցույթը։ Արդեն չորրորդ  տարին անցկացվող այս ծրագրի հիմնական նպատակը մասնագիտական զբաղվածությանը զուգահեռ  այսօրինակ միջոցառումներով առողջ ապրելակերպի խթանումն է:  Վազքարշավը տարեցտարի  ընդլայնում է  մասնակիցների քանակն ու   շրջանակը: Անցկացվել է նաև մանկապատանեկան մրցավազք՝ 8-14 տարեկան երեխաների մասնակցությամբ: Մասնակիցները մրցել են հետևյալ վազքատարածություններում ու ձևերում:

1. 8-14 տարեկան երեխաներ՝ 1000մ վազքատարածություն

2.  Թիմային փոխանցավազք՝ 10կմ վազքուղով (3 մասնակից՝ յուրաքանչյուր թիմում):

3.  Անհատական վազք՝ 10 կմ: 

Հիմնական վազքուղին մեկնարկել է «Royal Tulip Yerevan» հյուրանոցից և Աբովյան փողոցով շարունակվել դեպի  Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա և Սայաթ-Նովայի պողոտայով դեպի մեկնարկային կետ:
Երեխաների մասնակցությունը եղել է անվճար: Թիմային 10 կմ փոխանցումավազքում հաղթել է «Երևանի վազորդների ակումբը», որի անդամները պարգևատրվել են մեդալներով, հատուկ ժամացույցներով, այլ մրցանակներով և տիրացել են նաև «Ավստրիական ավիաուղիների» սահմանած գլխավոր  մրցանակին: Թիմը սեպտեմբերի 4-ին կմասնակցի «Վիեննա. բիզնես-վազք 2014»-ին: Երկրորդ տեղն զբաղեցրել է «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության թիմը, որի անդամները ևս պարգևատրվել են մեդալներով ու նվերներով:  Նման կերպ խրախուսվել են նաև 3-րդ տեղը զբաղեցրած «Եռամարտի ակումբ – Երևան» թիմի անդամները:  10 կմ անհատական վազքատարածությունում լավագույնն է ճանաչվել երևանցի Վահե Իվանյանը, երկրորդը եզրագիծը հատել է ճապոնացի Հիրոկի Կանդուն և երրորդ տեղն զբաղեցրել է Մամիկոն Թորոսյանը Երևանից: Եռյակում տեղ գրաված մասնակիցները միջոցառման կազմակերպիչների կողմից արժանացել են մեդալների ու հատուկ մրցանակների: Վազքարշավին մասնակցել է 40 թիմ և 21 անհատ վազորդ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչության

 

 

«Դ!ԵՄ ԵՄ»-ը սատարման երթ կանցկացնի հունիսի 11-ին

դեմ«Դ!ԵՄ ԵՄ» թիմը նախատեսում է սատարման երթ իրականացնել հունիսի 11-ին: Այս առիթով նախաձեռնությունը հայտարարություն է տարածել: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պայքարակիցներ,

Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, որտեղից մեկնարկելու է Սատարման երթը: Եկեք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո մեր քաղաքացիների մի ստվար մաս փաստացի զրկված է հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմում գրելու հնարավորությունից: Հատկապես պետական համակարգի ու կրթական ոլորտի աշխատողները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, իսկ հաճախ էլ նշված դիմումները ներկայացնելու համար ստիպված են ներկայացնել նաև աշխատանքից ազատման դիմումներ:

Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ունեն դիմում գրելու հնարավորություն, անտարբեր չմնալ ճնշված քաղաքացիների հանդեպ և իրենց ներկայությամբ Սատարման երթը դարձնել հզոր: Իսկ ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ ենք անում անպայման միանալ երթին՝ զգալու մեր բոլորիս աջակցությունը:

Եկեք յուրաքաչյուրս երթին մասնակցենք մեր անձնագիրը ձեռքներիս, որ խորհրդանշում է մեր քաղաքացիությունը, այսինքն՝ երկրի տանուտեր լինելը:

Այսպիսով՝ հունիսի 11՝ ժամը 19:00, Մատենադարանի մոտ»:

 

Մեկին ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք էր տվել, մյուսի բջջայինն էր գողացել

Բարեփոխվող ոստիկանություն. ձեռքբերումներ և խնդիրներ (ՏԵՍԱՖԻԼՄ)Հունիսի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Կարենի կողմից Վանուշ Մ.-ին ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք տալու և Սոս Մ.-ի բջջային հեռախոսը գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը 1983 թ. ծնված Ժիրայր Ա.-ն է, որը հունիսի 6-ին, ժամը 18.00-ին, ներկայացել է բաժին:

Գողություն կատարողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

ոստիկանությունՄայիսի 31-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Սարգսի կողմից Լևոն Մ.-ի բջջային հեռախոսի հիշողության կրիչը գողանալու մասին:
Ոստիկանները պարզել է, որ ոմն Սարգիսը 2001 թ. ծնված Սարգիս Խ.-ն է, որը հունիսի 6-ին, ժամը 18.45-ին, ներկայացվել է բաժին:

Հետախուզվողին Հայաստան են տեղափոխել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

ձերբակալությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբն օրերս Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հրաչիկ Ա.-ն փոխանցվել է Արաբկիրի բաժնի ծառայողներին: