«Երևանյան ամառ» ծրագրով ընթացող անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում համաբուժարաններ է դիմել 854 քաղաքացի

Տարոն Մարգարյան

Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդ անձանց տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում առանձին հատվածներ հատկացնելու գործընթացի մասով զեկուցվել է, որ նշված բոլոր տարածքները առանձնացվել, նշագծվել և կահավորվել են ճանապարհային երթևեկության նշաններով: Աշխատանքային հերթական խորհրդակցութան ընթացքում զեկուցվել է նաև, որ արդեն իսկ պատրաստ է մեքենաներին փակցվելիք տարբերանշանը, որն ստանալու համար վերոնշյալ անձիք, ավագանու որոշմամբ սահմանված կարգով, կարող են դիմել Երևանի քաղաքապետարան:

«Երևանյան ամառ» ծրագրով ընթացող անվճար բուժօգնության ակցիայի հետ կապված՝ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ օգոստոսի 1-ից մինչ օրս համաբուժարաններ է դիմել 854 քաղաքացի, որոնցից 423-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Քաղաքապետը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ և ապահովել պատշաճ սպասարկում:

 

Կմաքրվեն վերելակների հորանները

վերելակ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհդրակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը, անդրադառնալով բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման ծրագրով իրականացվող աշխատնքների ընթացքին, զեկուցել է, որ 741 շենքերում արդեն իսկ վերանորոգվել է ավելի քան 69 հազար քմ հարթ և թեք տանիք: Քաղաքապետը հանձնարարել է սանմաքրման աշխատանքներ նախաձեռնել բազմաբնակարան շենքերի վերելակների բոլոր այն հորանների մաքրելու համար, որոնք տարիներ շարունակ մատնված են եղել անուշադրության:

«Մեր բնակիչներն արդարացիորեն դժգոհում են, նշելով, որ շատ դեպքերում նաև վերելակների հորաններում տարիներով կուտակված աղբն է շենքերի մուտքերում առկա տհաճ հոտի պատճառը: Եվ սա իսկապես խնդիր է, որը, համոզված եմ, հնարավոր է կարճ ժամանակում լուծել, ուստի, արագ քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

16-րդ թաղամասի գազիֆիկացման աշխատանքների մասով զեկուցվել է, որ բացառությամբ 3 շենքերի, որտեղ վերջնական շտկումներ են կատարվում, հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են:

Մեկնարկել է բուհերում հեռակա ուսուցմամբ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկւ՝ ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի:

ԿԳՆ
Համաձայն հրամանի՝ ընդունելության քննությունների առարկայական ծրագրերի ու գիտելիքների գնահատման չափանիշների համար հիմք են ընդունվել 2014թ. առկա ուսուցման ընդունելության քննությունների առարկայական ծրագրերն ու գիտելիքների գնահատման չափանիշները։
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի չափը պետք է սահմանվի առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում, իսկ մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար՝ 50 հազար դրամից ոչ ավելի:

Բուհերում դիմորդների փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 20-ը: Քննություններն անց են կացվելու սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 20-ը:                                                                                                                                                 

Կգույքագրվեն հիմնանորոգման կարիք ունեցող կրթամշակութային և մարզական հաստատությունները

2015 թվականի ծրագրերում ներառելու նպատակով կգույքագրվեն հիմնանորոգման կարիք ունեցող կրթամշակութային և մարզական հաստատությունները

Տարոն Մարգարյան

Տարեկան ծրագրով նախատեսված մշակութային օջախների նորոգման աշխատանքները ընթացքում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել շինարարության ընթացքն ու հետևել ինչպես որակի ապահովմանը, այնպես էլ ժամկետների պահպանմանը: Բացի այդ, քաղաքապետը նաև հանձնարարել է գույքագրել և նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթեր կազմել մայրաքաղաքի բոլոր այն կրթամշակութային և մարզական հաստատությունների մասին, որոնք հիմնանորոգման կարիք ունեն՝ դրանք 2015 թվականի ծրագրերում ներառելու նպատակով:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նաև առաջարկներ ներկայացնել 2015 թվականին Երևանում կանաչ տարածքների ընդլայնման, այդ թվում՝ նոր այգի-պուրակներ ստեղծելու և անտառային գոտիները վերականգնելու նպատակով:

 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ախտահանվում են աղբամուղերն ու աղբախցերը

աղբախցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում կրծողների դեմ պայքարի  արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, դեռատացիային զուգահեռ, ախտահանվում են նաև աղբամուղեր և աղբախցերը: Այս գործընթացը մայրաքաղաքի վարչական շրջաններում հիմնականում ծավալվել է համատիրությունների ուժերով`վարչական շրջանների ղեկավարների վերահսկողությամբ:

Օգոստոսի 10-ի դրությամբ 3829 աղբամուղերից ախտահանվել է 2422-ը: Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների բոլոր շենքերի աղբամուղերն արդեն իսկ ախտահանվել են: Այդ ուղղությամբ մեկնարկել է աշխատանքների 2-րդ շրջափուլը: Շոգ եղանակով  պայմանավորված, ըստ անհրաժեշտության, վարչական բոլոր շրջաններում այս գործընթացը պարբերական բնույթ կկրի:

Բարեկարգվել ու պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքային 3 ստորգետնյա անցումներ

002Ստորգետնյա հետիոտնային անցումները հետիոտնի համար գեղեցիկ ու հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով մայիս ամսին մեկնարկել էին Երևանի թվով 3 ստորգետնյա անցումների նորոգման աշխատանքները: Ըստ այդմ, բարեկարգվել ու պատշաճ տեսքի են բերվել Երևանի կենդանաբանական այգուն հարակից ստորգետնյա հետիոտն անցումը, Մյասնիկյան պողոտայի հարևանությամբ գտնվող ստորգետնյա հետիոտն անցումը և Ալեք  Մանուկյան փողոցում`ՀՊՏՀ-ից ԵՊՀ տանող ստորգետյա հետիոտն անցումը: Բարեկարգման աշխատանքների ընթացքում նորերով են փոխարինվել անցումների պատերի ու հատակների բացակա բազալտե սալերը, ֆասադային ներկով են ներկվել պատերն ու առաստաղները, պատերը ենթարկվել են ավազաշիթային մշակման,ինչպես նաև հղկվել է երեսպատված բազալտե պատերի մակերևույթը: Ստորգետնյա անցումներն արդեն լիարժեք շահագործվում են: Գետանցումների նորոգման  աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի:

Անկախ

22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի

մեքենաՕգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 73 տրանսպորտային միջոց. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Մեկ տրանսպորտային միջոցի  վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում, երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն :

Անկախ

«Ես էլ եմ էրվել, Էրեխիս էլ վիզն ա վառվել, տունս տակից կլյուխ մոխիր ա դարձել…». այգեպարցի բնակիչ (բացառիկ լուսանկարներ)


10406401_783913391631252_6853065256775602955_n
Տավուշում գիշերը չափազանց լարված է եղել: Հակառակորդն ամբողջ գիշեր խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես, Չինարի գյուղերը, կրակել նաև հայկական հենակետերի ուղղությամբ:

Գնդակոծությունը սկսվել է գիշերը 1:30 և շարունակվել մինչև լուսաբաց: Կրակահերթերն ուժգին են եղել հատկապես Այգեպար և Ներքին կարմիրաղբյուր գյուղերում:

Անկախ-ի տեղեկություններով, Այգեպարում երկու տուն է այրվել: Մեկը պատկանում է այգեպարցի Արարատ Վարդազարյանին, որոնց տանն այս պահին, բարեբախտաբար, բնակիչներ չեն ապրում, մյուսը` Արշալույս Գևորգյանին, որը Անկախ-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: <<Ես էլ եմ էրվել, Էրեխիս էլ վիզն ա վառվել: Տունս տակից կլյուխ մոխիր ա դարձել, ինչ ասեմ>>,-ասաց Արշալույս Գևորգյանը:

Դեպքը պատահել է գիշերը՝ ժամը երեքին: Հրշեջ մեքենան Բերդից եկել, մոտեցել է մինչև Տավուշի ջրամբարին, բայց ուժգին կրակոցների պատճառով չի կարողացել մոտենալ այրվող տանը:

Արշալույս Գևորգյանի խոսքով՝ ոչինչ չի փրկվել: <<Տասնյակ լիտրեր օղին, գինին, մի քանի պարկ ալյուրը, ցորենը, ամեն ինչ, ամեն ինչ, փաստաթղթերս, անձնագիրս, ամեն ինչ վառվեց, երկու հեռուստացույց, սառնարան, հագուստը, բազմոցը, չկարացինք հանգցնենք>>:

Հարևանները փորձել են օգնել Գևորգյանների ընտանիքին, սակայն ուժգին կրակոցների ներքո տան հրդեհը մարել չեն կարողացել: Այս պահին գրեթե ամբողջ գյուղը, բարեկամները Գևորգյանների ընտանիքի կողքին են, փորձում են սփոփել գրեթե անսփոփելին:

Նշենք նաև, որ սահմանային լարվածության պատճառով բնակիչները պատսպարվել և լուսացրել են թաքստոցներում և տան նկուղներում: <<Չինարիում էդքան ուժեղ չէր, հատուկենտ կրակոց ա եղել: Հիմնականում Այգեպարի ու Ներքին կարմիրաղբյուրի վրա են կրակել>>,-Անկախ-ի հետ զրույցում ասաց չինարեցի Վանիկ Ոսկանյանը` նշելով նաև, որ Ադրբեջանում սպանված համագյուղացու` Կարեն Պետրոսյանի դին Հայաստանին փոխանցելու մասին դեռևս որևէ լուր չունեն:

Անկախ

Սահմանամերձ Մովսեսում գյուղի տոնը չեն նշի

10271609_783617668327491_748326690412800668_nԱմեն տարի օգոստոսի երկրորդ կիրակին նշվում է` որպես Մովսես գյուղի տոն: Վաղը` օգոստոսի 10-ին, սակայն, սահմանապահ համայնքը տոնակատարություններ չի կազմակերպի` վերջին օրերին սահմանային լարվածության պատճառով:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Անկախ-ի թղթակին հայտնեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով` մեծ միջոցառում տեղի չի ունենա: <<Անվտանգության նպատակով հետաձգվել է տոնախմբությունը>>,-նշեց նա:

10389084_783617458327512_4873690891779681900_nՄովսեսի <<տոնացույցում>> գյուղի օրը կարմիրով է արդեն մի քանի տարի` գյուղի հովանավոր, գործարար Վազգեն Վանեսյանի նախաձեռնությամբ, ում աջակցությամբ էլ կառուցվել է Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Վաղը գյուղի հոգևոր տաճարում կմատուցվի պատարագ, որին կհաջորդի մատաղի մատուցման արարողությունը:

10563193_783616524994272_8573578556107934465_nԳյուղի օրվա առիթով ելույթ կունենա մշակույթի տան երգի ու պարի խումբը, որն արդեն մի քանի օր է` փորձեր է կատարում: Երգչախումբը կկատարի <<Խիո խիո>> ստեղծագործությունը:

 

 

Անկախ

Արծրուն Հովհաննիսյան. «Մենք հակառակորդին հաղթեցինք և՛ սահմանին, և՛ տեղեկատվական հարթությունում»

10608997_803874066323665_1858752828_n (1)Օգոստոսի 9-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի Կենտրոն և Ավան տարածքային կազմակերպությունների անդամները Ծաղկաձորում հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Քննարկվեցին վերջին օրերին սահմանային լարվածության դեպքերը, մամուլի և սոցցանցերի արձագանքն իրադարձություններին և տեղեկատվական, քարոզչական դաշտում ՀՀԿ երիտասարդների դերը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ այս հանդիպումը կազմակերպվել է երիտասարդ հանրապետականների պահանջով։ «ՀՀԿ-ն միշտ եղել է բանակի կողքին, և կուսակցության երիտասարդական կառույցը նույնպես բանակի հետ, բանակում, զինվորների կողքին ծրագրեր է իրականացնում։ Այսօր էլ, առավել քան երբևէ կարևոր են այդ միջոցառումները, հատկապես տեղեկատվական դաշտում՝ երիտասարդների մասնակցությունը։ Պատահական չէ, որ ՀՀԿ երիտասարդական կառույցը հետաքրքրված է սահմանին տիրող իրադարձություններով։ Տեղեկատվական դաշտում երիտասարդությունն այսօր գործ ունի անելու, շատ կարևոր է, որպեսզի նրանք լիարժեք պատկերացնեն այն սխեմաները, որոնցով ՊՆ-ն աշխատում է ինֆորմացիոն հարթակում։ Երիտասարդությունն այսօր ամենաշատն է ժամանակ անցկացնում սոցցանցերում, և ցանկալի է, որպեսզի նրանց ներկայությունը համացանցում նպատակային և օգտակար լինի»,- ասաց Կարեն Ավագյանը։

Արծրուն Հովհաննիսյանը կարևորեց նման հանդիպումները՝ շեշտելով, որ եռօրյա, այսպես կոչված, պատերազմը մենք հաղթեցինք նաև տեղեկատվական դաշտում, ինչը նաև նման քննարկումների արդյունք էր։

Պաշտպանության նախարարի խոսնակը ներկայացրեց օպերատիվ իրավիճակը։ Փաստվեց, որ լարվածությունը սահմանին դեռ պահպանվում է, սակայն վերջին 5 օրում հակառակորդը հիմնականում զերծ է մնում սադրանքներից, արկածախնդրությունից, կրակոցները նվազել են. երեկ գիշեր հրադադարի խախտման 200 դեպք է գրանցվել, այս գիշեր՝ 100-ից էլ քիչ։

Խոսելով Ադրբեջանի սպառազինության մասին՝ բանախոսը նշեց, որ ադրբեջանական բանակում այդ սպառազինությունը յուրացված չէ։ Ադրբեջանցիները չունեն համապատասխան գիտելիք և ոգի՝ դրանք կիրառելու համար։

Անդրադառնալով տեղեկատվական դաշտին՝ Արծրուն Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ընդգծելով, որ մենք հաջողություններ ենք գրանցել բոլոր հարթություններում՝ թե՜ պաշտոնական լրատվադաշտի, թե՜ լրագրողների մասնագիտական կարողությունների առումներով։ «Պետք է շնորհակալություն հայտնեմ լրատվամիջոցներին, նույնիսկ նրանց, որոնք ժամանակին քննադատաբար էին մոտենում մեզ, սակայն վերջին շրջանում ըմբռնումով մոտեցան, հասկացան, որ պատերազմական իրավիճակում զգուշությունն ու ճիշտ տեղեկություն մատուցելն ավելի հրատապ է, քան կարճաժամկետ շահերը։ Անքննելի է այն փաստը, որ 5 օրերի ընթացքում մենք հակառակորդին հաղթեցինք և՜ սահմանին, և՜ տեղեկատվական հարթությունում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ աշխատելու որոշակի անհրաժեշտություն կա սոցիալական ցանցերում, որտեղ կան ապատեղեկատվություն տարածող որոշակի խմբեր։ Այստեղ մեծ անելիքներ ունեն երիտասարդները, ովքեր պետք է շատ արագ, օպերատիվ ճշգրիտ փաստերով, մեկնաբանություններով հակազդեն։

Հանդիպման ընթացքում նախարարի խոսնակը պատասխանեց նաև երիտասարդ հանրապետականների հարցերին, որոնք վերաբերում էին Չինարիի բնակիչ, 31-ամյա Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքներին, Սոչիում նախագահների հանդիպումներից սպասվելիք ակնկալիքներին և այլն։

ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Միքայել Սահակյանը շեշտեց, որ իրենց կառույցը մշտապես արձագանքում է երկրի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիրի՝ փոքր, մեծ, տեղական թե մասշտաբային։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԿ Կենտրոն տարածքային կազմակերպության կազմում հիմնականում ընդգրկված են ուսանողներ և նորավարտ մասնագետներ՝ մեր գործունեությունն ավելի շատ ծավալում ենք տեղեկատվական տաշտում՝ քարոզելով հայրենասիրություն, միասնականություն, ինչպես նաև փորձում ենք հակազդել կեղծ ինֆորմացիոն հոսքերին։ Ունենք նաև շատ երիտասարդներ, ովքեր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո քաղաքացիական կյանքում իրենց պայքարը շարունակում են տեղեկատվական ոլորտում»։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Անկախ

Ընտանեկան օրենսգիրքը լուրջ թերություններ ունի. փաստաբան

Խաչատուր Մարոզյան«Ընտանեկան օրենսդրությունը լուրջ թերություններ ունի և դրանցով պայմանավորված շատանում է ամուսնալուծությունների թիվը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը:  Նա նշեց, որ երբեմն մի քանի փոքր կենցաղային գժտությունները կարող են պատճառ դառնալ, որ գործը հասնի դատարան. «Եթե սկսում են աշխատել փաստաբանները, ապա դեպքերի մեծ մասում ամուսնալուծություններ են գրանցվում: 1-3 ամիս հետո զույգը ամուսնալուծվում է, քանի որ այդ ընթացքում փաստաբանները արդեն սկսում են գույքի բաժանման գործընթացը, ինչը, բնականաբար, ավելի է վատթարացնում ամուսինների հարաբերությունները: Սակայն զույգերի 60 տոկոսը հետագայում փոշմանում է» , – նշեց Մարոզյանը;

Այս իրավիճակը մտահոգության պատճառ է դարձել շատ կազմակերպությունների համար:

Ըստ փաստաբան Լիանա Բալյանի` ամուսնալուծությունների թիվը մեծացել է,  քանի որ ՀՀ օրենսդրությամբ հեշտացված է ամուսնալուծության գործընթացը: «Եթե ամուսնալուծություններիի ընթացակարգը բարդացվի, դա կնպաստի ամուսնալուծությունների քչացմանը», – ասաց նա:  Փաստաբանը գտնում է, որ նման գործերում անհրաժեշտ է հոգեբանի միջամտությունը. «Երբ ամուսինները դիմեն դատարան ամուսնալուծության հարցով, նրանց հետ պետք է սկսի աշխատել հոգեբանը: Դատարանը պետք է հոգեբանին ժամանակ տա, որպեսզի վերջինս փորձի հաշտեցնել կողմերին: Հակառակ դեպքում նա կգրի իր եզրակացությունը ու կտրամադրի դա դատավորին», – գտնում է փաստաբանը:

Ամուսնալուծվելու գործընթացը անհապաղ պետք է սկսել միայն այն դեպքում, եթե կինը կամ ամուսինը հոգեկան հիվանդ է, կամ եթե ամուսիններից մեկը երեք տարուց ավել երկրից դուրս է գտնվել:

Դատական համակարգին կից գործի հոգեբանի ինստիտուտը ներդնելու նախագծի հեղինակն Լիանա Բալյանն  է:

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» ՀԿ-ն արդեն դիմել է նախագահին այս հարցով: Բացի այդ,  նախագիծը կներկայացվի  նաև ՀՀ կառավարությանը:

Անկախ

Հայրենասիրության դաս՝ հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի տանը

DSC_9832Օգոստոսի 8-ին «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն ամփոփեց «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագիրը։ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների շուրջ 35 պատանիներ ու երիտասարդներ նախ եղան ռազմաավիացիոն ինստիտուտում, այցելեցին կենտրոնական ռազմական հոսպիտալ, որտեղ տեսակցեցին հուլիսի 31-ին հակառակորդի հարձակման ժամանակ թշնամու հետ ձեռնամարտի բռնված, ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին դիմագրաված և վերջիններիս փախուստի մատնած Նորայր Քամալյանին։ Պատանիներն իրենց երախտագիտությունը հայտնեցին մերօրյա հերոսին իր սխրանքի համար՝ շուտափույթ առողջություն մաղթելով նրան։

DSC_9846Հաջորդ այցելությունը «Եռաբլուր» պանթեոն էր, որտեղ ծրագրի մասնակիցները խոնարհվեցին զինվորական պանթեոնում հանգչող հերոսներին, ծաղիկներ դրեցին 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրմին։

DSC_9855«Պատիվ ունեմ» ծրագիրն ամփոփվեց Արմեն Հովհաննիսյանի տուն այցելությամբ։ Պատանիները հանդիպեցին Արմենի ծնողների հետ, ծանոթացան նրա անձնական իրերին, լսեցին հուշեր Արմենի մասին։

Տեղեկանալով, որ պատանիներն իրենց այցելել են հոսպիտալից՝ Արմեն Հովհաննիսյանի մոր՝ տիկին Մարինեի առաջին հարցը եղավ՝ ինչպե՞ս է վիրավոր Նորայր Քամալյանը։

DSC_9853Արեմենի մայրը նշում է, որ իրենց տունը միշտ լիքն է այցելուներով։ Ծանոթ-անծանոթ, երեխաների ձեռքը բռնած, մշտապես գալիս են, լինում Արմենի փառքի սենյակում։ Տիկին Մարինեն հայրենասիրական ինքնատիպ դաս անցկացրեց Գեղարքունիքից ժամանած երեխաների համար։ «Մենք սակավաթիվ ազգ ենք, և խիստ անհրաժեշտ է, որպեսզի հայրենասիրությունը փոքր տարիքից սերմանվի երեխաների մեջ։ Մենք պետք է համախմբված լինենք, որպեսզի կարողանանք դիմագրավել արտաքին թշնամիներին։ Մեզ պետք է հզոր բանակ, իսկ հզոր բանակի գրավականը հայ զինվորն է, ով առանց վարանելու պետք է անցնի ժամկետային զինծառայությունը։ Այսօր զինվորները շատ ավելին են անում, քան մենք՝ թիկունքում գտնվողներս, ուստի չպետք է մոռանանք նրանց։ Մենք պետք է ուժեղ լինենք թիկունքում, որպեսզի տղաները մեզանից ուժ ստանան։ Եթե մենք այսօր գլուխներս դնում ու հանգիստ քնում ենք, մեր տղաների շնորհիվ է։ Մատաղ սերունդը պետք է հասկանա, որ սահմանները պաշտպանելով, ոչ միայն ընտանիքն են պաշտպանում, այլև իրենց ապագա զավակների բաժին հայրենիքը»,- ասում է տիկին Մարինեն։

Արմեն Հովհաննիսյանի փառքի սենյակում պատանիները կատարեցին հայրենասիրական երգեր, գրառումների տետրում թողեցին իրենց երախտիքի խոսքերը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» ծրագիրն անցկացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

ԼՂՀ ՊՆ տեղակալ, գեներալ-մայոր Ս. Կարապետյանի հարցազրույցը

S_KARAPETIANՄեր ազատամարտիկը կրկին լինելու

Է այնտեղ, ուր վճռվում է հայրենիքի

ճակատագիրը

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական

հակամարտ զորքերի շփման գծում տեղի

ունեցած զարգացումների և այսօր տիրող

իրավիճակի շուրջ է հարցազրույցը ԼՂՀ ՊՆ

տեղակալ, Արցախի ազատամարտիկների

միության նախագահ, գեներալ-մայոր

Սամվել Կարապետյանի հետ:

 

 

Հարց. Պարոն գեներալ ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակը, և ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ է հետպնդում նման լարվածության ստեղծումը:

 

Պատ. 1994թ. մայիսին հակամարտության գոտում հաստատված հրադադարի ողջ ընթացքում` այսօրվա իրավիճակն` իր լարվածությամբ և դիվերսիոն գործողությունների հաճախականությամբ, իրոք աննախադեպ է: Հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի տարբեր ուղղություններում տեղ գտած զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմն ընտրել էր “մարտ-հետախուզությամբ” մարտավարությունը, նպատակ ունենալով` մի կողմից ստուգել Արցախի զինված ուժերի ռազմապաշտպանական հնարավորությունները, իսկ մյուս կողմից` փորձել ճշգրտել, թե որքանով է սեփական բանակը պատրաստ հավանական մեծ պատերազմի վերսկսմանը: Մեկ շաբաթ շարունակ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը գրեթե ամեն օր փորձել են ներթափանցել մեր պաշտպանության խորքը, սակայն յուրաքանչյուր անգամ հանդիպելով հայ դիրքապահների կազակերպված դիմադրությանը` մարդկային ու տեխնիկական մեծ կորուստներով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Եթե հանրագումարի բերենք վերոնշյալ գործողությունների արդյունքները, ապա պետք է արձանագրենք, որ ի տարբերություն Պաշտպանության բանակի կողմից դրսևորված բարձր մարտական պատրաստվածության, ադրբեջանական զինուժը անընդունակ է իրականացնել ոչ միայն հաղթանակ խոստացող լայնամասշտաբ պատերազմ, այլև հատուկ նշանակության լոկալ գործողություններ:

 

Հարց. Առաջնային գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը մի առանձնակի տրամադրությամբ արձագանքեցին երեկվա պատերազմի մասնակիցները: Արցախի ազատամարտիկների միության հարյուրավոր անդամներ, առանց վարանելու, կամավոր մեկնեցին առաջնային գիծ և ստանձնեցին մեր երկրի սահմանների պաշտպանությունը: Ինչպես կմեկնաբանեք այս իրողությունը:

 

Պատ. Այս անգամ Պաշտպանության բանակի և Արցախի ազատամարտիկների միության միջև առկա փոխհամագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվող գործընթացը` այն է երեկվա պատերազմի մասնակիցների կամավոր ներգրավումը Արցախի սահմանների պաշտպանությանը, իրոք համընկավ առաջնային գծում ստեղծված լարված իրադրության հետ: Հանգամանք, որը մեկ անգամ ևս փաստեց, որ հայրենիքի համար ամենադժվարին պահին Արցախյան ազատամարտի մասնակիցն ու այսօրվա բանակի զինվորը եղել ու լինելու են կողք-կողքի: Հարյուրավոր ազատամարտիկներ` սրտի կանչով միանալով երկրի պաշտպանության սուրբ գործին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին առաջնային գծի ամենադժվարին հատվածներում մարտական հերթապահություն իրականացնել  այնքան ժամանակ, որքան պահանջում է հարազատ երկրի անվտանգությունն ու նրա սահմանների  անառիկությունը: Սա թերևս ավանդույթի վերածված մի գործընթաց է, որն արդեն ունի տարիների պատմություն և իրականացվում է ոչ թե պարտադրված, այլև գաղափարական հենքի վրա օր-օրի ամրապնդվող և հայրենքը սիրող զինվորի ներքին ցանկությամբ:

 

Հարց. Հատկանշական է, որ զուտ կամավորականության սկզբունքով իրականացվող այս հիրավի օրինակելի առաքելությունը, որոշ շրջանակներում, այդ թվում նաև մեր հակառակորդի ճամբարում, այլևայլ մեկնաբանությունների տեղիք տվեցին: Մասնավորապես, ադրբեջանական քարոզչությունը փորձեց այս իրողությունն օգտագործելով, կասկածի տակ դնել ՊԲ-ում ծառայող մեր այսօրվա զինվորի մարտական ու բարոյահոգեբանական հնարավորությունները…

 

Պատ. Եթե ՊԲ-ն ի վիճակի չլիներ կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, ապա զորքերի համալրումը կիրականացվեր ոչ թե ինքնաբուխ և կամավորականության սկզբունքով, այլև օրենքով սահմանված կարգով կհայտարարվեր զորակոչ: Մինչդեռ դրա կարիքը չկար ու դեռևս չկա, քանի որ մեր բանակում ծառայող այսօրվա զինվորը լրիվությամբ և անթերի կարողանում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Իսկ երեկվա պատերազմի մասնակիցների կամավոր ներգրավումը հայրենիքի պաշտպանության գործին, դա առավելապես բարոյահոգեբանական նշանակության խնդիր է… Դա ոգևորելու և ոգևորվելու նպատակ է հետապնդում, որն ինչպես երեկ ու այսօր, այնպես էլ այսուհետ մեր երկրում ունի և ունենալու է իր առանձնահատուկ դերակատարությունը: Արցախի ազատամարտիկների կողմից կատարվող այս քայլը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ երեկվա պատերազմի մասնակիցն իր խոսքը հաստատում է գործով և անհրաժեշտության դեպքում նա կրկին լինելու է այնտեղ, ուր վճռվում է հայրենիքի ճակատագիրը:

Հարց. Եվ վերջին հարցը. Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում առաջիկայում

 

Պատ. Ես որպես գործող զինվորական և Արցախի ազատամարտիկների միության նախագահհամոզված եմ, որ հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակային զարգացումներիհեռանկարը մեծապես կախված է մեր զինվորների ճիշտ և անթերի ծառայությունից: Մենքպարտավոր ենք նպատակային գործողություններով հակառակորդին անընդհատպարտադրել մեր կամքը և նրան թույլ չտալ հասնելու անգամ աննշան հաջողության: Իսկդրան հասնելու ամենակենսունակ ճանապարհը մեկն է` յուրաքանչյուր հայրենյացպաշտպան` լինի զինծառայող, թե ազատամարտիկ իր առջև դրված խնդիրը պետք էկատարի խղճով և պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցումով: Հանգամանք,որն այսօր արդեն իրողություն է և այն դրսևորվում է ամեն օր ու ժամ:

Շնորհակալություն:

Անկախ

Հզորության հասցեն մարտադաշտն է

PN_SHENQԿարելի է տարբեր լրատվամիջոցների էջերում կամ լսարաններում անընդհատ բարձրաձայնել սեփական, այսպես կոչված հաջողությունների մասին, բերել հակառակորդին պատճառած կորուստների վերաբերյալ՝ փաստերով չհիմնավորված թվական տվյալներ, գովերգել այն բանակը, որն անընդունակ է կատարել իր առջև դրված ամենասովորական խնդիրն անգամ և, այդ ամենով հանդերձ հետապնդել սոսկ մեկ նպատակ՝ սեփական հասարակությանը համոզել այն ամենի մեջ, ինչ-որ ընդհանրապես գոյություն չունի… Սա է Ադրբեջանի ագիտպրոպի գործելաոճը, որի հիմքում ընկած է սուտը, չարախոսությունը, սեփական անճարակությունը երևակայության ուժով քողարկելու մոլուցքը… Նույն դեպքի շուրջ կարող են խոսել քաղաքագետն ու ռազմական փորձագետը, լրագրողն ու քաղաքացին և նրանցից ամեն մեկն՝ առանց փաստերի ու խղճի խայթի կներկայացնի այն, ինչ-որ կհամարի իրենց ձեռնտու կամ քիմքին հարիր… Որ այս ամենն արվում է նշվածների կողմից, էլի հասկանալի է՝ կասեն քարոզչություն է… Մինչդեռ երբ նույն տրամաբանությամբ են գործում տվյալ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը, ազգային հերոս կոչված վայ գեներալներն ու դրանց ենթակաները՝ մեզ համար զավեշտալի, իսկ այդ երկրի համար պիտի որ ողբերգություն լինի… Դա ողբերգություն է, քանի որ ստելով սեփական ժողովրդին հանգստացնելը չէի ասի, որ ամենահաջողված տարբերակն է… Հակամարտության գոտում իր իսկ կողմից սադրած նախահարձակ գործողություններում խայտառակաբար պարտվել, բայց հանդես գալ հաղթողի կեցվածքով՝ ամենաքիչը ինքնախաբեություն է… Ինքնախաբեություն է, երբ արժանապատվության փոխարեն ընտրում ես ստորությունը, երբ մարտադաշտում կրած պարտությանդ մուռը հանելու համար պատրաստ ես դիմելու վայրենիության հասնող և բանականության սահմաններում որևէ կերպ չտեղավորվող անմարդկային քայլերի… Ասենք այնպիսին, ինչպիսինն այսօր էր, երբ թուրքի գյուղում հայտնված մոլորյալ հայ քաղաքացի Կարեն Պետրոսյանին ներկայացնելով որպես դիվերսանտ /նրան բռնել և զինվորականներին էր հանձնել թուրք գյուղացին, որից Կարենը թեյ և ծխախոտ էր խնդրել/՝ Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առանձնասենյակում՝ ծնկաչոք վիճակում նվաստացրին, իսկ այնուհետև սպանեցին… Եվ դա արվեց Ադրբեջանի ազգային հերոս հորջորջված “գեներալ” Ռովշան Ակպերովի հրամանով ու անմիջական մասնակցությամբ… Այն “գեներալի”, ով ընդամենը օրեր առաջ քարոզչամիջոցներով ստում էր, թե վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ իբր սպանվել է 71 հայ զինվոր, իսկ այնուհետև շրջանառության մեջ դրեց Թովուզի ուղղությամբ 4 հայ դիվերսանտ ոչնչացնելու մասին մտացածին ապատեղեկատվությունը…

Այսքանից հետո հարց է առաջանում՝ ու՞մ հետ մենք գործ ունենք՝ բանակի՞, թե մռայլ միջնադարի հովերով տարված նախճիրի, որը նախընտրում է ոչ թե մարտադաշտը, այլև քնածին կացնահարելու կամ մոլորյալ անպաշտպանին “հերոսաբար” սպանելու ճիվաղ կեցվածքը: Հետո էլ ասում են՝ մենք հզոր ենք…

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Անկախ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց եզդիների համայնքային կառույցների ներկայացուցիչներին

3426_hqՕգոստոսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին։

Հայաստանի եզդիների ներկայացուցիչները նախարարի տեղակալին ներկայացրին իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։

Նախարարի տեղակալը, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները, նշեց, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել և Իրաքում, և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները վերջ դնելու անհրաժեշտության մասին և այդ նպատակով օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները:

Անկախ

Արյան մեջ շաքարի պարունակության ախտորոշիչ սարքեր` Ստեփանակերտին

001 (2)Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Նորմեդ» բժշկական կենտրոնը քաղաքապետարանին է տրամադրել արյան մեջ շաքարի պարունակությունն ախտորոշող  բարձրորակ 250 սարքավորում, որոնք, քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, ամբողջությամբ փոխանցվել են Ստեփանակերտի քաղաքապետարանին:

Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը «Նորմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Սուրիկ Ալթունյանի ներկայությամբ սարքավորումները փոխանցել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին: Նշելով, որ սա երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրով իրականացվող հերթական քայլերից է, Երևանի քաղաքապետի խորհրդականը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նաև վստահեցրել է, որ աջակցության նմանատիպ քայլերը լինելու են շարունակական:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին և «Նորմեդ» բժշկական կենտրոնին սարքավորումները տրամադրելու համար՝ Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը նշել է, որ Ստեփանակերտում այս սարքավորումներն իսկապես անհրաժեշտություն էին և դրանց տրամադրումն, ըստ էության, սոցիալական կարևոր նշանակություն ունի: Ստեփանակերտում արդեն կազմվել են այն շահառուների ցուցակները, ում կտրամադրվեն այդ սարքավորումները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջանի կենտրոնական գրադարան

001 (3)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Աջափնյակի գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանի մասնաշենք և հետևել քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով ընթացող վերանորոգման աշխատանքներին:  Այստեղ, մասնավորապես, ամրացվում է շենքը, հիմնանորոգվում է տանիքը, փոխվում են պատուհանները: Շուրջ 2300 այցելու ունեցող գրադարանում պահվում է ավելի քան 212 հազար կտոր գրականություն:

Շրջելով բաժիններում և ծանոթանալով իրականացվող աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն հետևել հատկապես աշխատանքների որակի պահպանմանը: Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ արդեն հաջորդ տարի գրադարանում կիրականացվի շենքի ամբողջական հիմնանորոգում, որից հետո նոր ու առավել հարմարավետ պայմանները կնպաստեն նաև այցելուների թվի աճին: Կհիմնանորոգվեն նաև Աջափնյակի մյուս 3 գրադարանները:

Տարոն Մարգարյանը հետաքրքրվել է նաև գրադարանային ֆոնդի պահպանման և այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին իրականացվող նորոգումների համար՝ գրադարանի տնօրենն, առիթից օգտվելով, անդրադարձել է նաև քաղաքապետարանի կողմից գրադարանային ֆոնդի թարմացման ծրագրին և այցելուների անունից հատուկ շնորհակալություն հայտնել վերջերս տրամադրված 200 կտոր նոր,  ժամանակակից և իրապես անհրաժեշտ գրականության համար: Նշենք, որ ներկայում մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը կազմում է շուրջ 1 մլն 800 հազար կտոր գրականություն:

 

Անկախ

Աջափնյակում վերակառուցվել է Ազատամարտիկների այգին

010

Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Սեբաստիա-Ա.Սարգսյան փողոցների հատման վայրում գտնվող Ազատամարտիկների այգի և աջափնյակցիների հետ մասնակցել վերակառուցված այգու բացման հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին, ապա շրջել վերակառուցված այգու տարածքով, շփվել ազատամարտիկների ու բնակիչների հետ:

007010 (1)

Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այգու բարեկարգման ընթացքում տարածքն ամբողջությամբ նոր տեսք է ստացել: Վերակառուցվել և սալիկապատվել են ճեմուղիները, առանձնացվել են ծաղկային տարածքներ, որոնք վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկության ուժերով ձևավորվել են երփներանգ բազմաթիվ ծաղիկներով և մշտադալարներով: Ծառերի և այգու կանաչ գոտիների խնամքն ապահովելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է ոռոգման ցանցը: Տեղի բնակիչներին և հյուրերին այսուհետ այգին դիմավորելու է նոր կահավորանքով՝ ինքնատիպ նստարններով և արտաքին լուսավորության ցանցի երևանյան կահավորման ընդհանուր ոճին համահունչ լուսամփոփներով: Տեղադրվել է նաև զրուցարան, աղբամաններ: Այգու խաղահրապարակի հարակից շինություններն էլ նկարազարդվել և գունազարդվել են:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջելով տարածքում և ծանոթանալով կատարված շախատանքներին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առկա կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման նպատակով մշտական խնամք իրականացնել:

Շնորհակալություն հայտնելով տարածքը կարճ ժամանակում բարեկարգելու և կանաչապատելու համար՝ բնակիչները քաղաքապետին վստահեցրել են, որ իրենք ևս հոգ կտանեն այգու խնամքի մասին և կպահպանեն այն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն