Հրաչյան երկրորդ բանալիով բացել է ծանոթուհու բնակարանի դուռը և գողություն կատարել

ձերբակալությունՆոյեմբերի 18-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել  1988 թ. ծնված Հրաչյա Ս.-ին:
Պարզվել է, որ նախկինում նրա ծանոթուհին իր բնակարանի մուտքի դռան մի բանալին վստահել էր նրան: Եվ ահա հուլիսի 29-ին, ժամը 21.30-ին, Հրաչյա Ս.-ն դուռը բացելով մտել էր բնակարան և օգտվելով ծանոթուհու բացակայությունից` հյուրասենյակի սեղանի վրայից գողացել էր բջջային հեռախոս` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժինը:

 

Նադյայի ուղեբեռում փամփուշտներ են հայտնաբերվել

փամփուշտՆոյեմբերի 16-ին, ժամը 20.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր, Ուկրաինայի քաղաքացի, 1986 թ. ծնված  Նադյա Չ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 3 փամփուշտ:
Նադյա Չ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Հայտնաբերված փամփուշտներն  ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Վարորդը և 7 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ավտոպատահարՆոյեմբերի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «DAF-XF-430» մակնիշի բեռնատար ավտոմեքենա Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84-րդ կմ-ին` Դիլիջանի ոլորաններում, կողաշրջվել և ընկել է հակառակ ուղղությամբ ընթացող «Մերսեդես-Վիտո-11G/LI»  մակնիշի ավտոմեքենայի վրա:
Պատահարի  հետևանքով «Մերսեդես-Վիտո-11G/LI»-ի վարորդը և 7 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Նոր դատախազը Գյումրու կրիմինալի մասին

Րաֆֆի ԱսլանյանԱյսօր իր առաջին մամուլի ասուլիսն էր հրավիրել Շիրակի մարզի նոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ի թիվս այլ հարցերի, բավական երիտասարդ դատախազը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև մարզ կլանային կրիմինալ վիճակին ու այս պարագայում՝ իր աշխատանքին:

«Կրիմինալի առկայությունը դատախազին երբևէ չպետք է խանգարի: Կրիմինալը ցանկացած տեղ կա՝ Գյումրիում, Երևանում, մյուս մարզերում: Իմ կարծիքով, յուրաքանչյուր բարեխիղճ դատախազ, բարեխիղճ աշխատող, կրիմինալի առկայությունից չպետք է կաշկանդվի. հակառակը, իր գործողություններով պետք է ամեն ինչ անի, որպեսզի կրիմինալը եթե ոչ վերացվի, ապա գոնե նվազեցվի»:
Հարցին, թե սովորաբար, Գյումրիում, մարզում նոր նշանակումներից անմիջապես հետո ՚կրիմինալ՚ հատվածը փորձում է ծանոթանալ, մտերմություն հաստատել, իր հետ հասցրե՞լ են կապվել, Րաֆֆի Ասլանյանը նշեց, թե դեռ նման փորձ չի եղել. «Իմ կարծիքով, իմ մասին հետաքրքրվելով, առնվազն այդպիսի ցանկություն չեն էլ հայտնելու, և ես դրա համար միայն ուրախ եմ: Ես կրիմինալի հետ որևէ ընդհանրություն երբեք իմ կյանքում չեմ ունեցել: Ինքս ունեմ իրավաբանական կրթություն, շատ լավ եմ հասկացել այդ մասնագիտությունն ընտրելով ինչ եմ դառնալու և ում դեմ եմ պայքարելու: Հետևաբար, կրիմինալի հետ առնչություն ես չեմ ունեցել և չեմ էլ կարող ունենալ»:

Ըստ ստացված հաղորդումների` ոստիկանի մասնակցությամբ կատարվել է խուլիգանություն

ոստիկանՀատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով ոստիկան Հ. Ղ.-ի, քաղաքացիներ Ա.Ա.-ի և Ա.Ե.-ի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` 2013թ նոյեմբերի 3-ին Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 22-ի սահմաններում, իր ծանոթ Կ.-ն երկու անծանոթ տղամարդկանց հետ ծեծի է ենթարկել իրեն, որից հետո նաև բռնություն են կիրառել որդու` Հ. Ղ.-ի նկատմամբ, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:
Ա. Ե.-ն, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 3-ին` ժամը 22-ի սահմաններում, իր և ոստիկանության աշխատակից Հ. Ղ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս քարով հարվածել է իր ոտքին` պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո ցանկացել է կրկին հարվածել, սակայն քարը դիպել է իրեն պատկանող Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն և վնասել այն:
ՊՊԾ բաժնի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Հ. Ղ.-ն էլ հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը վիճաբանել է ոմն Լ.-ի և Չ.-ի հետ, ովքեր ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, Չ.-ն քարով հարվածել է մոր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք, իսկ Լ.-ն Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանության պաշտոնյայի կինը հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինն իրեն ծեծել է

ամուսինը ծեծել էՀատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով քաղաքացի Ն. Գ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացու հաղորդման, 2013 թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի հրամանատարի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:

Ազնավուրի հորդորը փաստացի ուշացած էր. Հրայր Թովմասյան

Շառլ Ազնավուր,Հրայր ԹովմասյանՇառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրելով ստորագրել միջնորդագիր՝ դերասան Վարդան Պետրոսյանին հիվանդանոց տեղափոխելու հարցում հանրության աջակցությունը ստանալու համար: Այս կապակցությամբ Tert.am-ը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձել է  տեղեկանալ, թե աշխարհահռչակ շանսոնյեի ուղերձն ինչ-որ կերպ կանդրադառնա՞ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակով պայմանավորված նրան բուժհաստատություն տեղափոխելու որոշման համար: -Պրն Թովմասյան, ինչպես հայտնի է, աշխարհահռչակ շանսոնյեն՝ Շառլ Ազնավուրը, հայտնել է Վարդան Պետրոսյանի առողջության հետ կապված իր մտահոգությունները և նախաձեռնել է հանրագիր՝ նրան հիվանդանոց տեղափոխելու խնդրով:  – Ինչպես մեզանից յուրաքանչյուրին, այնպես էլ Շառլ Ազնավուրին, որպես հայ, որպես մտավորական, սպասելի էր, որ պետք է անհանգստացրած լինի Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը: Վարդան Պետրոսյանն այս պահին էլ գտնվում է հիվանդանոցում, քանի որ դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ն նույնպես հիվանդանոց է: Եթե շանսոնյեն նկատի ունի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխումը, ապա պիտի ասեմ, որ նրա հորդորը փաստացի ուշացած էր. ուրբաթ օրը Վարդան Պետրոսյան հարազատների խնդրանքով նրան է այցելել Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Նորայրի Խաչատրյանը. Վարդան Պետրոսյանը դեռ մինչև վթարը ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ և հետազոտություն է անցել այս կենտրոնում: Հերթական ստուգման ժամանակ անհրաժեշտություն է առաջացել նոր ստուգումներ՝ կորոնոգրաֆիա անցնելու: Դեռևս ուրբաթ օրը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նա երկուշաբթի՝ մեկ օրով կտեղափոխվի Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոն՝ հետագա ստուգումների համար: Այս ստուգումները պայմանավորված են նրանով, որ Վարդանն ունեցել է սրտամկանի իշեմիա, այս հիվանդությունը կապված չէ վթարի հետ, սակայն սրացումներ հնարավոր են: Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Մաշտոցի համայնքային ոստիկանը կանխել է 23 ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

կիևյանԱյսօր՝ նոյեմբերի 18-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Վահան Բաղյանի կողմից Երևանում կանխվել է Երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 9:40-ի սահմաններում Վ. Բաղյանը ծառայության ժամանակ նկատում է, որ Կիևյան կամրջի վրա մի երիտասարդ անցել է վտանգավոր գոտին: Վ. Բաղյանը ճիշտ կողմնորոշվելով և զգալով վտանգավորությունը մոտենում է այդ երիտասարդին, և մոտ 15 րոպե համոզում որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Այդ ընթացքում ոստիկանության կապիտանը կատարվածի մասին տեղեկացնում է ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ ծառայություն, որտեղից էլ պարեկապահակային ծառայության աշխատակիցները հասնում են դեպքի վայր ու երիտասարդին տեղափոխում ոստիկանության Մաշտոցի բաժին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների այդ երիտասարդը Երևան քաղաքի բնակիչ 23 ամյա Ա. Մանուկյանն է, ով ոստիկանությունում հայտարարել է, որ ծայրահեղ այդ քայլին փորձում էր դիմել անձնական խնդիրների հետ կապված: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Ավակիմյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com

Պարանոցը կտրած հնդիկ ուսանողի մահվան նոր մանրամասներ

հնդիկի սպանությունՆոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Նոր Արեշի 17-րդ և 8-րդ փողոցների անկյունում գտնվող իր տուն է մտել արյունլվա մի անծանոթ աղջիկ, իսկ մյուս անծանոթն ընկած է փողոցում:
Նույն օրը, ժամը 19.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի և կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 14 տան մոտից  բուժօգնության է տեղափոխել 24-ամյա  Ա. Ա.-ն:
Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` Նոր Արեշի 8-րդ և 17-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել դանակահարություն, իսկ ժամը 19.40-ին,  նույն բուժկենտրոնից  հաղորդում է ստացվել, որ կենսաբանական մահ ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ և 17-րդ փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխվել 32 տարեկան տղամարդու դիակ:
հնդիկ Դենիշ ԴաբուՊարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1985 թ. ծնված  Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը Նոր Արեշի 17-րդ փողոցում գտնվող իր  վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Ա. Ա.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, այնուհետև նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով`  ինքնասպանություն է գործել:
Ըստ բժշկի տեղեկանքի`  Ա. Ա.-ն  ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 

«Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործել է, կողային հայելիներ եղել են, արագությունն էլ գերազանցել է 70-ը». Հակոբյանների փաստաբան

Վարդան ՊետրոսյանՀոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած Էդգար և Էդուարդ Հակոբյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Մարատ Գինոսյանը վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունից դժգոհ չէ:

Հիշեցնենք` հարուցված քրեական գործի նախաննության շրջանակներում դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը և այժմ Վարդան Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է:Նախաքննության շրջանակներում կատարված դատաավտոտեխնիկակակն փորձաքննության եզրակացության համաձայն, ըստ փաստաբանի, արագության գերազանցումը նշվել է 71 և ավելի: Բայց փաստաբանն այլ կարծիքի է. «Հաշվի առնելով մեքենաների վնասվածքի բնույթը, իմ կարծիքով, խոսքը 70 կմ/ժ արագության մասին չի կարող լինել, այլ շատ ավելի` 100-ից էլ ավել կարող է լինել, որովհետև «ԲՄՎ» մակնիշի մեքենայի բախումից հետո «Նիվա» մակնիշի ավտոմենքենան 180 աստիճանով պտտվել է: Եթե արագությունը 60-70 կմ/ժ լիներ, հնարավոր չէր մեքենան նման աստիճանի տակ պտտվեր: Ես նման բան չեմ պատկերացնում»:

Տուժող կողմի ներկայացուցիչը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ արագությունը Վարդան Պետրոսյանը գերազանցել է ալկոհոլ օգտագործելու հետևանքով: «Ոչ միայն շշուկներ կան, այլ նաև Վարդան Պետրոսյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն է կատարվել, և փորձագետը իր հետևություններ բաժնում արձանագրել է այդ փաստը, որ երբ առաջին օրը Վարդան Պետրոսյանին տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ իրեն զննող նեյրովիրավույժը հիվանդության պատմության մեջ նկարագրառել է, որ Պետրոսյանը գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, ավելացրել է, որ վրայից ոգելից խմիչքի հոտ է գալիս»,- փոխանցեց տուժող կողմի ներկայացուցիչը:

Պաշտպանական կողմի այն հայտարարությանը, թե «Նիվա» մակնիշի մեքենայի հետդիտարկման հայելիները տեղում չեն եղել, փաստաբան Գինոսյանը հակառակն է արձագանքում:

«Եղել են, անպայման եղել են, ես դա լսել եմ տուժող վարորդից: Իմ լսելով կողային հայելիներից մեկը կոտրված սալոնում թափված է, մյուսն էլ, եթե չեմ սխալվում, ծռված վիճակում դռան վրա է մնացել, դռներն էլ ահավոր դեֆորմացիայի են ենթարկվել», -հայտարարեց Գինոսյանը:

Ավելին, նա փոխանցեց «Նիվա»-ի վարորդի խոսքերը, որ կողային հայելիների միջոցով է հետևից ինքը տեսել է Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայի լույսերը: Փաստաբանի պնդմամբ, «Նիվան» գտնվել է կանգնած վիճակում և հետընթաց շարժում չի արել: «Ես այդպես եմ ասում ըստ վարորդի հայտարարության, իսկ փորձաքննությունը չի ասել` նա շարժման մեջ է գտնվել, հետընթաց է արել, թե կանգնած է եղել: Փորձագետը պատասխանել է քննիչի հարցերին, թե որ դեպքում ինչ արագություն կլիներ և այլն: Նա ընդամենը պատասխանել է քննիչի հարցադրումներին», -հավելեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

Վլադիմիր Մովսիսյան,Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պետական, քաղաքական և հասարակական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ երկարամյա և արդյունավետ պետական-հասարակական գործունեության, ինչպես նաև տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար:

Նախագահի նստավայրում այսօր Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքի անդամների, գործընկերների, կուսակցական ընկերների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ականավոր գործչին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն, երկար տարիների կյանք, բարօրություն և արևշատություն՝ նրա ընտանիքին, ապա իր խոսքում անդրադարձել է Վլադիմիր Մովսիսյանի կյանքին ու հայրենանվեր գործունեությանը: «Երկար կարելի է խոսել Վլադիմիր Մովսիսյանի կյանքի անցած ուղու մասին: Կարելի է թվարկել նրա զբաղեցրած բազմաթիվ պաշտոնները և այդ ընթացքում Հայաստանում արձանագրված հաջողությունները: Բայց իմ կարծիքով, Վլադիմիր Մովսիսյանին կարելի է կարճ բնութագրել որպես «մարդ-դարաշրջան»: Իմ խորին համոզմամբ, Վլադիմիր Մովսիսյանն այն մարդկանցից մեկն է, ով ներկայացնում ու խորհրդանշում է հայ ժողովրդի պատմության կարևոր ձեռքբերումների դարաշրջանը»,-ասել է Նախագահը: Սերժ Սարգսյանը կարևորել է Վլադիմիր Մովսիսյանի և նրա բազմաթիվ գործընկերների ակտիվ մասնակցությամբ խորհրդային տարիներին Հայաստանում ստեղծված հարուստ ժառանգությունը, ընդգծելով, որ առանց այդ ծանրակշիռ տնտեսական, գիտական, հոգևոր ու մշակութային հենքի, հնարավոր չէր լինի կերտել Հայաստանի անկախությունը: Նախագահը նշել է, որ Վլադիմիր Մովսիսյանն իր աննկուն աշխատանքով եղել է այդ անկախությունը կերտողներից մեկը: «Դուք բոլոր պայմաններում ձգտել եք Ձեր ներդրումն ունենալ հզոր և ինքնուրույն Հայաստանի կերտման գործում: Միայն ուժեղ Հայաստանը կարող է ստիպել ուրիշներին՝ իր հետ հաշվի նստել, միայն ուժեղ Հայաստանի հետ հաշվի կնստեն նրա հեռու և մոտիկ, բարյացակամ և անբարյացակամ հարևանները: Հենց այդ լուրջ գիտակցմամբ էր, որ Դուք անկախ Հայաստանի կերտման անցած 22 տարիներին Ձեր փորձառությունը, գիտելիքներն ու կազմակերպչական տաղանդը ներդրել եք և այժմ էլ շարունակում եք ծառայել մեր երկրին ու ժողովրդին: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այսօր արդեն Սևանի հարցերով հանձնաժողովում Ձեր կատարած հսկայական աշխատանքի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը և մաղթել, որպեսզի պետական ականավոր գործիչը շարունակի իր հայրենանվեր գործունեությունը, քանզի նա պետք է մեր երկրին ու ժողովրդին:

Վլադիմիր Մովսիսյանն իր շնորհակալական խոսքում մեծ պատիվ է համարել պետական բարձր պարգևի՝ Պատվո շքանշանի արժանանալն ու իր ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների, զինակիցների ներկայությամբ այն Հանրապետության Նախագահից ստանալը: «Ես մեկ-մեկ, ինչպես բանաստեղծն էր ասում՝ խղճիս հետ զրույց եմ անում, 80 տարիների բարձունքից հետ նայելով վերլուծում եմ իմ անցած ճանապարհը, գնահատում արածն ու չարածը և սթափ գնահատելով, եզրակացություններ եմ անում: Այն, ինչ ես արել եմ, արել եմ ձեր օգնությամբ, մեր ժողովրդի օգնությամբ, մեր հանրապետության իմ գործընկերների, բոլոր օղակների և զինակիցների օգնությամբ»,-ասել է շքանշանակիր հոբելյարը: Նա նշել է, թե իր համար չափազանց հաճելի է լսել Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում ստեղծված և նորանկախ Հայաստանի համար կարևոր հիմք հանդիսացած, հիրավի, ծանրակշիռ արժեքների մասին ՀՀ Նախագահի գնահատականը, որը խոսում է երկու հասարակարգերի միջև ամուր կամուրջ ստեղծելու մասին: Դա, ըստ Վլադիմիր Մովսիսյանի, Հայաստանի հետագա զարգացման ճանապարհին մեծ խթան կհանդիսանա:

Վլադիմիր Մովսիսյանը համառոտ անդրադարձել է իր կյանքին և գործունեությանը, թվարկել իր հաջողություններն ու ձեռքբերումները, ընդգծելով, որ այդ ամենին մշտապես շատ հանգիստ է վերաբերել: «Երբ ինձ հաջողվել է մի բան անել՝ երբևիցե ժամանակից շուտ չեմ հրապուրվել: Եթե մի բան էլ չի հաջողվել, ժամանակից շուտ չեմ հիասթափվել, այլ՝ համառությամբ սպասել եմ ժամանակին, որ նորից ու նորից կարողանամ իմ ծառայությունները բերել իմ երկրին ու ժողովրդին»,-ասել է պետական գործիչը և վստահեցրել Հանրապետության Նախագահին ու պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա իր գործընկերներին ու ընկերներին, որ տրամադրված է մարտականորեն և հետայսու էլ շարունակելու է ծառայել մեր ժողովրդին ու պետությանը, որի առջև այսօր էլ բազմաթիվ մարտահրավերներ կան, որոնք հնարավոր է հաղթահարել միասնական ջանքերով: Նա պատրաստակամություն է հայտնել իր գործընկերների ու ավագ սերնդի ընկերների հետ շարունակել իրենց գիտելիքներն ու ծառայություններն ի սպաս դնել մեր պետականության ամրապնդմանն ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:

«Ես կանգուն մարդ եմ, տեսել եմ և՛ վշտի տառապանքը, և՛ հաջողությունների բերկրանքը, ամեն ինչ տեսել եմ: Եվ բոլորիցդ շնորհակալություն եմ հայտնում, որ դուք երբևիցե ինձ իմ ներքին աշխարհի հետ մենակ չեք թողել՝ եղել եք իմ կողքին և ինձ միշտ քաջալերել եք, ու ես կարողացել եմ կանգուն մնալ: Կանգուն մնալը բոլորիս պարտականությունն է: Ես այսօր էլ շարունակում եմ իմ գործունեությունը հանգիստ խղճով և մաքուր ձեռքերով»,-ասել է Վլադիմիր Մովսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև ընտանիքի անդամներին, ովքեր իր ամբողջ գործունեության ընթացքում հնարավորություն են ընձեռնել իրեն ավելի արդյունավետորեն լծվել գործին:

 

Ավտոպատահար մահվան ելքով

ավտոպատահարՆոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1990 թ. ծնված Մարատ Ստեփանյանի վարած «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Էջմիածին ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն: