Սիրիական թուրքմենների մեջլիսի ներկայացուցիչ Իզեթ Զոհթան հայտարարել է, որ այն լուրերը, թե սիրիական ընդդիմությունը վնաս է հասցրել Քեսաբում գտնվող եկեղեցիներին, իրականությանը չեն համապատասխանում: «Արտասահմանյան որոշ լրատմամիջոցններ գրում են, թե Քեսաբի եկեղեցիները թալանվել են: Այդ պնդումները բացարձակ սուտ են: Ընդդիմադիր ուժերը ձեռք չեն տվել նույնիսկ եկեղեցիների գորգերին: Ով որ կասկածում է, կարող է գնալ և իր աչքով տեսնել»,- նշել է Զոհթան: Վերջինիս խոսքով` Քեսաբում 3 եկեղեցի կա, և Սիրիայի ազատության բանակի ու ընդդիմության ուժերը անում են հնարավոր ամեն բան, որպեսզի պաշտպանեն դրանք: «Որպես ապացույց մենք կարող ենք եկեղեցիների ներկայիս վիճակը ներկայացնող լուսանկարներ ցուցադրել»,- ասել է մեջլիսի ներկայացուցիչը:
Երկար ժամանակ համակարգչով զբաղվող դեռահաս տղաները թույլ ոսկորներ ունեն
Հետազոտողների տվյալներով՝ իրենց սենյակում փակված, համակարգչային խաղեր խաղացող դեռահաս տղաները ավելի բարակ ոսկորներ ունեն, քան դրսում խաղացողները:
Երկար ժամանակ համակարգչային խաղեր խաղացող կամ հեռուստացույց դիտող տղաների ոսկորներում հանքանյութերի խտությունը ավելի քիչ է, քան աղջիկների կամ դրսում խաղացող տղաների մոտ:
Սա նշանակում է, որ ավելի ուշ իրենց կյանքի ընթացքում նրանց մոտ կոտրվածքների և օստեոպորոզների առաջացման վտանգը մեծանում է:
Մարդու կմախքը, ծննդյան օրվանից սկսած, աճում է մինչև դեռահասության ավարտը՝ իր աճի գագաթնակետին հասնելով վաղ չափահասության տարիքում:
Սնուցման հետ մեկտեղ ֆիզիկական ակտիվությունը մեծ դեր է ունենում աճի գործընթացում:
Նորվեգիայում իրականացված հետազոտության համաձայն՝ դեռահասների մոտ նստակյած ապրելակերպը ոսկորների առողջության և գերության խնդիրներ է առաջացնում:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրություն է կատարվել Նորվեգիայի Տրոմսե շրջանի 15-18 տարեկան 463 աղջիկների և 484 տղաների շրջանում և հաստատվել է այն վարկածը, որ ոչ աշխատանքային օրերին երկար ժամանակ համակարգչի օգտագործումը հանգեցնում է ոսկորների ցածր խտության:
Հետազոտողները նաև պարզել են, որ տղաները ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև, քան աղջիկները:
ՀՅԴ Հայ դատի մի պատվիրակություն որպես դիտորդ Վանում հետևել է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին
Մարտի 27- 31-ը Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորութեամբ եռանդամ պատվիրակությունը Վանում որպես դիտորդ մասնակցել է Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
Պատվիրակության մաս էին կազմում Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յագուպյանը և Հայ դատի Պելճիքայի հանձնախմբի ատենապետ Պետիկ Պետրոսյանը։ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը որպես դիտորդ մասնակցության հրավեր էր ստացել Թուրքիայի Խաղաղություն և Ժողովրդավարություն կուսակցության (BDP) Եվրոպայի ներկայացուցչությունից։
Դիտորդական պատվիրակություններ կային նաև Ֆրանսայից, Իտալիայից և Գերմանիայից։
Ընտրության նախօրեին, ՀՅԴ Հայ դատի պատվիրակությունը Վանում այցելեց պետական, ընտրական և կուսակցական կենտրոններ, հանդիպումներ ունեցավ թեկնածուների և հասարական կազմակերպությունների հետ, մասնակցեց ընտրական հավաքներին։ Ընտրության օրը՝ մարտ 30-ին, պատվիրակությունն ամբողջ օրը շրջեց տարբեր ընտրատեղամասերում և ականատես եղավ ընտրությունների ընթացքին։
Մարտ 31-ին պատվիրակությունը հրապարակեց իր եզրակացությունը, որ պիտի տրամադրվի նաև եվրոպական համապատասխան կազմակերպություններին։ Եզրակացության մեջ հատուկ նշում կա իշխող AKP կուսակցության, գործակատարների և ընտրական հանձնաժողովների պատասախանատուների կատարած լուրջ օրինախախտումների մասին: Վան քաղաքի, ինչպես նաև նահանգի 13 շրջաններից 11-ում ընտրվեցին BDP կուսակցութեան պաշտպանած թեկնածուները:
Շարունակությունը կարդացեք այստեղ`
Գերի ընկած իրանցի սահմանապահները ազատ են արձակվել
Պակիստանն ազատ է արձակել գերի ընկած իրանցի սահմանապահներին:
Փետրվարի 6-ին 5 իրանցի սահմանապահներ գերի էին ընկել իսլամական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորմանը իրանապակիստանյան սահամանում: Ավելի ուշ ծայրահեղականները հայտարարել էին , որ պատանդներից մեկին գլխատել են:
«Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը սերտորեն կապված է «Ալ-Քաիդային»: Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության տվյալների` գերի ընկած 5 սահմանապահներն էլ վերադարձվել են Պակիստանում գտնվող իրանական ներկայացուցչությանը:
Սահմանապահների առևանգումը ավելի է վատթարացրել Թեհրանի և Իսլամաբադի հարաբերությունները: Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ֆազլին դեռևս փետրվարի կեսերին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է զորքեր մտցնել իրանապակիստանյան սահմանամերձ գոտի, եթե Իսլամաբադը «չվերացնի» այնտեղ գործող ահաբեկիչներին:
Սա իրանապակիստանյան սահմանագծում տեղի ունեցող առաջին դեպքը չէ: Անցյալ տարի հոկտեմբերի 25-ին «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը սպանել է 14 իրանցի սահմանապահի, վիրավորել` 6-ին:
ԱՆԿԱԽ
Հրանտ Դինքը «Արարատ» ֆիլմը չէր հավանել. Ատոմ Էգոյան
Աշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն այս օրերին գտնվում է Ստամբուլում` «Սատանայի հանգույցը» իր նոր ֆիլմով մասնակցելու Ստամբուլի կինոփառատոնին: Թուրքական «Ռադիկալի» լրագրողը հանդիպել և զրուցել է «Արարատ» ֆիլմի ռեժիսոր Էգոյանի հետ՝ նրա հետ խոսելով ինչպես նոր ֆիլմի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների և Հրանդ Դինքի հետ նրա զրույցների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցի ուշագրավ հատվածները:
– Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև կապեր հաստատվեցին, երկխոսություն սկսվեց: Դուք ի՞նչ զգացիք:
– Երկխոսություն սկսելը շատ կարևոր զարգացում է, ես շատ հարգում եմ երկու ժողովուրդների՝ կապեր հաստատելուն ուղղված ջանքերը, հույս ունեմ, որ դրանք կշարունակվեն: Հաջորդ տարի 100-ամյակն է լրանալու, և բոլորս հետաքրքրությամբ սպասում ենք, թե ինչ կլինի: Կապ հաստատելը լավ է: Իհարկե, սիրելի Հրանտ Դինքի սպանությունը, ցավոք, մեծ կորուստ էր, մարդիկ շատ ազդվեցին: Մյուս կողմից էլ այն մեծ փոփոխություն առաջ բերեց: Հրանտը հիանալի և անսովոր կերպար էր: Երբեմն կինոյից էլ էինք խոսում:
– Ի՞նչ էիք խոսում:
– Օրինակ՝ «Արարատը» չէր հավանել, բավական բանավիճել ենք: Կարծում էր, որ ֆիլմը չի նպաստում ոʹչ երկու կողմին, ոʹչ էլ հարցին: Սակայն այսքան տարի անց, երբ նայում եմ ֆիլմին, մտածում եմ, որ այն տեղի ունեցածի մասին խոսելու առաջարկ եղավ կողմերին: Իմ կարծիքով՝ այն արժեքավոր առաջարկ էր: Եվ ի վերջո երկխոսություն սկսվեց, ինչը շատ լավ բան է: Սակայն մարդիկ չհավանեցին վերացական մոտեցումը «Արարատին»: Այնուհանդերձ, կարծում եմ, որ այն մնայուն ֆիլմ է:
Զորակցության ցույց Քեսաբի հայությանն ու Սիրիայի ժողովրդին
Ուրբաթ` ապրիլի 4-ին, Մոսկվայի Հայդ պարկում` Գորկու զբոսայգու տարածքում, տեղի ունեցավ ռուս հասարակայնության ցույցը, որով համերաշխություն արտահայտվեց Քեսաբի հայությանն ու Սիրիայի ժողովրդին, որոնք ենթարկվել են ահաբեկիչների գրոհներին: Ցույցի կազմակերպիչները «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպությունը և Մոսկվակի հայ երիտասարդության ասոցիացիան էին:
Միջոցառմանը մասնակցող հասարակական և քաղաքական գործիչները դատապարտեցին միջզգային ահաբեկչությունն ու Թուրքիայի աջակցությունը Սիրիայի անօրինական զինված միավորումներին:
Շարունակությունը կարդացեք այստեղ`
Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմնի հայտարարությունը
Ապրիլի 4-ին Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը միաձայն ընդունեց հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» հիշատակելու վերաբերյալ:
Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էռերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը և Պաբլո Պերեյրան:
Օրենսդիր մարմինը նաև հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ նախաձեռնություն, համաձայն որի գործադիր իշխանությունը Կրթության նախարարության միջոցով պետք է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի 2014թ. ապրիլի 24-ին և հաջորդող տարիներին` այդ նույն օրը, Բուենոս Այրես քաղաքի տարբեր դպրոցներում և կրթական հաստատություններում «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր» խորագրով միջոցառումներ իրականացվեն:
Հիշատակի այս օրը պետք է ներառվի Բուենոս Այրես ինքնավար քաղաքի կրթական ծրագրի մաս կազմող հիշատակի և տոների օրացույցում՝ ի հիշատակ ապրիլի 24-ին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության:
Աքեմենյան 350 հնագիտական նյութ ԱՄՆ-ն վերադարձրել է Իրանին
ԱՄՆ-ն Իրանին վերադարձրել է 350 կավե արձանագրություններ, որոնք պատկանում են Աքեմենյան ժամանակաշրջանին: Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության կազմակերպության ղեկավար Մասուդ Սոլնաթիֆարը հայտնել է, որ այս գործընթացը շարունակություն է ունենալու: Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ 1935-ին իրանական կողմը նմանատիպ 30 հազար արձանագրություններ տվել է Չիկագոյի համալսարանին: Այդ ժամանակից ի վեր, արխիվի մեխ մասը մնացել է ԱՄՆ-ում և ամբողջովին չի վերադարձվել Իրան:
Այդ հնագիտական նյութերը 1934-ին հայտաբերվել էին Պերսեպոլիսում, որը Շիրազ քաղաքից ոչ հեռու է գտնվում:
«1948-ին Իրանը ստացել է միայն 150 կավե արձանագրություն, 2001-ին` 200: Իրանը կներդնի իր ողջ ջանքեր հնագիտական այդ ողջ պաշարը վերադարձնելու համար»,- նշել է Սոլնաթիֆարը:
Թուրքիայում «Youtube»-ը կրկին արգելափակվել է
Անկարայի վարչական դատարանը բողոքարկել է սահմանադրական դատարանի երեկվա որոշումը «Youtube» կայքը արգելափակումից հանելու վերաբերյալ: «Միլիյեթի» հաղորդմամբ՝ արդյունքում կայքը կրկին արգելափակվել է: Հավանաբար նման որոշման համար պատճառ է հանդիսացել վարչապետ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը, մեկնաբանելով դատարանի կայացրած որոշումը, նշել էր, թե չի հարգում այն:
Ավստրալիայում արական և իգական սեռերին ավելացել է ևս երկուսը՝ անհայտ և չեզոք
Ավստրալիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի իրենց սեռական պատկանելիության հարցում չկողմնորոշված մարդիկ արդեն պարտավոր չեն լինի ընտրելու արական կամ իգական սեռերի միջև: Այս սեռերին ավելացել է ևս երկուսը՝ անհայտ և չեզոք: Այս որոշման համար Ավստրալիան հետևել է Նոր Զելանդիայի օրինակին: Նշենք, որ Նեպալում և Բութանում արական և իգական սեռերից բացի մարդիկ հնարավորություն ունեն ընտրելու նաև X տարբերակը:
Հայաստանցի Անժելիկա Մելիքսիզյանի մղձավանջը Թուրքիայում
13 տարի Թուրքիայում ապրող հայաստանցի Անժելիկա Մելիքսիզյանը «Ակօս»-ի լրագրողին պատմել է, թե այս տարիների ընթացքում ինչ ճնշումների ու խտրականության է ենթարկվել միայն այն պատճառով, որ հայ է: Կինը երեք տարի առաջ ամուսնանալով ամուսնու և որդու հետ Ստամբուլից տեղափոխվել է Անթալիա, որտեղ էլ սկսվել են նրա մղձավանջները: «Որդիս Անթալիայի լիցեյներից մեկում է սովորում: Սկզբնական շրջանում ամեն ինչ լավ էր, սակայն հետո սկսեց ասել, որ չի ուզում դպրոց գնալ: Պատմում էր, որ պատմության ուսուցիչը մյուս երեխաներին անընդհատ իր դեմ է հրահրում, ինչի արդյունքում դասընկերները նրան ծեծել էին: Ես գնացի դպրոց և խոսելով ուսուցչի հետ՝ խնդրեցի, որ այսպիսի դեպքերը կանխվեն: Հետո որդուս դպրոցի զուգարանում ծեծեցին: Մենք էլ այլևս չկարողացանք դիմանալ և ստիպված որդուս Հայաստան ուղարկեցի»,-պատմում է Անժելիկան:
Կինը նշել է նաև, որ աշխատավայրում ևս ենթարկվել է շրջապատի ճնշումներին: «Անթալիայի կենտրոնում գտնվող մի ոսկերչի արհեստանոցում եմ աշխատում: Ամենփոքր խնդիր ծագելիս էլ ինձ ասում են՝ հայ ես, վեր կաց գնա քո երկիրը, սա քո հողը չէ: Արդյունքում ստիպված եղա աշխատանքից էլ դուրս գալ: Մենք այստեղ շատ միայնակ ենք»,-նշում է հայաստանցի կինը, որը շարունակում է ապրել Անթալիայում:
Բաքվում վերացնում են բուսաբանական այգին
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բնակիչները ահազանգում են ծառահատման մասին: Սոցկայքերի օգտատերերը տեղեկացրել են, որ Բաքվում կտրում են բուսաբանական այգու ծառերը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:
Ըստ ականատեսների՝ այգու տարածքում բնակելի շենքեր են կառուցվում: Ծառերը հիմնականում կտրում են գիշերները:
Նշվում է նաև, որ այգու տարածքում արդեն կտրել են ավելի քան 100 ծառ:
Մոսկվայում տեղի է ունեցել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
Ապրիլի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Ինչպես հաղորդում է “Թրենդ” լրատվական գործակալությունը, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պապովից (Ռուսաստան), Ժակ Ֆորից (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքից (ԱՄՆ) մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Համանախագահները կրկին կոչ են արել արտգործնախարարներին շարունակել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված աշխատանքը: Ըստ գործակալության՝ Նրանք քննարկել են մոտ ապագայում նախագահների մակարդակով հանդիպան հնարավորությունը և ընդգծել են հիմնական հարցերի վերաբերյալ հետագա առաջընթացի ձեռքբերման արդիականությունը:
Մալազիական Boeing-ի սև արկղերը հայտնաբերելու հույս գրեթե չկա

Հնդկական օվկիանոսում մալազիական Boeing-ի որոնողական աշխատանքները շարունակվում են : Որոնումները Ավստրալիայի ափերի մոտ են կատարվում: «Սև արկղերը» կարող են «իրենց» գտնվելու վայրի մասին ազդանշանել մոտ մեկ ամիս:
Ավստրալական Ocean Shield ու բրիտանական Echo նավերը, որոնք մասնակցում են որոնողական օպերացիաներին, հագեցած են հզոր սարքավորումներով, որոնք կարող են ընդունել մոտ 6 կմ խորությունից արձակվող ազդանշաններ: Որոնման տարածքում օվկիանոսի խորությունը 4 կմ է:
Գլխավոր խնդիրն այն է, որ մինչ օրս չի հաջողվել սահմանափակել որոնման գոտին: Հիմա նավերը որոնումներ են կատարում 217 հազար քկմ տարածքում: Առայժմ որոնումները ոչ մի արդյունք չեն տվել:
Ղրղզստանի նախկին նախագահը 25 տարվա ազատազրկման է արժանացել
Բիշկեկի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևիի նկատմամբ դատավճիռ է կայացրել:
Դատարանը Բակիևին մեղավոր է ճանաչել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Շոն Դեյլիի նկատմամբ մահափորձի մեջ:
Պեության նախկին ղեկավարի եղբայրն ու կրտսեր որդին ցմահ բանտարկության են դատապարտվել, ավագ որդին` 20 տարվա կալանքի` գույքի առգրավմամբ:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2005-ին Բակիևները որոշել են տիրանալ Ղրղզստանի Տալասի մարզի Դեժուրեյ ոսկու հանքին : Այն ժամանակ այդ հանքավայրը պատկանում էր Oxus Gold ընկերությանը: Ու ընկերության ղեկավար Շոն Դեյլի նկատմամբ մահափորձ է կատարվել:
Նախագահ Բակիևին տապալեցին 2010-ի ապրիլին տեղի ունեցծ հեղափոխության արդյունքում:
Անկախ
Ջորջ Բուշ-կրտսերը նկարել է Պուտինին

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ-Բուշ-կրտսերը հասարակայնությանն է ներկայացրել համաշխարհային առաջնորդների` իր ձեռքով պատկերված դիմանակարների ցուցահանդեսը:
Դալլասում Բուշի նախագահական թանգարանում բացված ցուցասրահում համաշխարհային այն գործիչներին դիմանկարներն են` ում հետ Բուշը հանդիպել է.Վլադիմիր Պուտին, Չեխիայի հետկոմունիստական շրջանի առաջին նահագահ Վացլավ Հավել, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեր, Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայ, Գերմանիայի կանցլեր Մերկել:
Տեսանյութում, որտեղ Բուշը ներկայացնում է ցուցահանդեսը, ասում է, որ համաշխարհային որոշ դեմքերի հետ ծանոթացել է նախագահության ժամանակ ու ցանկություն է զգացել նրանց նկատմամբ ունեցած զգացումները հաղորդել գեղանկարչությամբ: Ջորջ Բուշ-կրտսերը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2009 թթ:
Իր դստերը` Ջեննա Բուշին տված հեռուստահարցազրույցում նա խոստովանել է, որ «ինքը մեծ նկարիչ չէ», սակայն զգում է, որ իր մարմնի մեջ «Ռեմբրանդտ է թաքնված»:
Ի դեպ, Բուշն առաջին նախագահը, չէ, որը նկարում է.Ուլլիս Գրանտը գեղանկարչություն է ուսումնասիրել Վեսթ-Փոյնտի ռազմական ակադեմիայում սովորելու ժամանակ:Նա բնանկարներ էր նկարում ու կենցաղային պատկերներ` ամերիկյան Արևմուտքից: գեղանկարչությամբ տարված էր նաև Դուայթ Էյզենհաուերը: Ջիմմի Քարտերը բնության տեսարաններ էր նկարում.նրա աշխատանքներից մեկը նույնիսկ բարեգործական նպատակով 2012-ին վաճառվել է 250 հազար դոլարով:
Թեհրանը դեմ է ԵՄ-ն գրասենյակ ունենալուն
ԻԻՀ մեջլիսի արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Ա. Բորուջերդին դեմ է Իրանում Եվրամիության ներկայացչություն ունենալուն: Այս ամենին հիմք է հանդիսացել վերջերս կազմած հակաիրանական բանաձևը, որը շուտով եվրախորհրդարանում քվեարկության կդրվի:
«Յուրաքանչյուր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի հարգանքի, արդարության, փոխադարձ հետաքրքրությունների ու շահերի վրա: Արտաքին որևէ ուժ չպետք է միջամտի երկրի ներքին գործերին: Իրանի Իսլամական Հանրապետությունը հենց այսպես է համագործակցում այլ պետությունների հետ: Սպառնալիքներ և հրամաններ տալը արդիական չեն Իրանի համար: Հետևաբար, հաշվի առնելով եվրոպացիների դիրքորոշումը` Իրանը պետք է կանխի Թեհրանում ԵՄ-ն գրասենյակի ստեղծման քայլերը»,- ասել է Բորուջերդին:
Ըստ «Ռոյթերզի» հաղորդման, Եվրոպական խորհրդարանն այս քայլին է դիմում վերջին շրջանում Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ արձանագրելու հետևանքով:
Էկվադորում հրաբուխը 10 կմ-անոց մոխրասյուն է արտանետել
Էկվադորի կենտրոնական հատվածում գտնվող Տունգուրաուա հրաբուխը արտանետել է 10 կմ բարձրությամբ ծխի ու մոխրասյուն: Հրաբխի մոտ գտնվող ավանների բնակիչները լրջորեն վախենում են, որ հրաբուխը կարող է ժայթքել:
Տունգուրաուան ակտիվության նշաններ է ցույց տվել փետրվարի սկզբին: Ինչպես փորձագետներն են ասում, ուրբաթ օրը հրաբխի ներսում տեղի է ունեցել պայթյուն:
«Հիմա մոխրի արտանետումը թույլ է»,-հայտնել են երկրի Ռիսկերի կառավարման ազգային վարչության քարտուղարությունից: Հաղորդվում է նաև, որ այս հրաբուխը` որի անունը թարգմանվում է որպես «հրի բերան», ակտիվ է արդեն 15 տարի:
Այսօր Աֆղանստանում նախագահական ընտրություններ են
Աֆղանստանում այսօր մեկնարկել են նախագահական ու մունիցիպալ ընտրությունները
Սպասվում է , որ քվեարկությանը կմասնակցի շուրջ 12 մլն բնակիչ: Ընտրատարածքները կաշխատեն 07:00-ից մինչև 16:00-ն, սակայն, անհրաժեշտության դեպքում այդ ժամանակը կարող է փոքրի ինչ երկարաձգվել:
Ընտրություններում հաղթելու համար, թեկնածուին անհրաժեշտ է հավաքել բոլոր ձայների ավելի քան կեսը: 8 թեկնածուներից 3-ը հաղթանակի ռեալ հնարավորություններ ունեն: Եթե դա չկատարվի, ապա երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին:
Պակիստանում ինը ամսական երեխային մեղադրել են սպանության մեջ
Պակիստանում դատարան ներկայացաված ինը ամսական տղային մեղադրում են մարդասպանության մեջ:
Երեխան՝ Մուհամեդ Մոսա Խանին մեղադրել են նաև ոստիկանությանը սպառնալու և պետական գործերին միջամտելու մեջ:
Նրան դեմ մեղադրանք են ներկայացրել իր ընտանիքի մյուս անդամների հետ միասին՝ Լահորում գազի գողերին գտնելու նպատակով իրականացված հետախուզությունից հետո: Երեխային գրավի դիմաց ազատել են, իսկ գործի քննարկումը հետաձգել մինչև ապրիլի 12-ը:
Ոստիկանության տեղեկություններով կասկածյալները փորձել են սպանել սպաներին՝ հետախուզության ընթացքում նրանց վրա քարեր նետելով:
Express Tribune-ի տեղեկություններով՝ դատարան բողոք էր ներկայացվել Մուհամեդ Յասենի ամբողջ ընտանիքի դեմ՝ ներառյալ ինը ամսեկան երեխան:
Այժմ տեղեկություններ կան, որ տեսուչին չեն թույլատրել երեխայի դեմ գործ հարուցել:
Երեխայի հայրը հայտնել է, որ իրենք պարզապես ցույց էին կազմակերպել՝ բողոքելով իրենց շրջանում էլեկտրականության պակասի դեմ:
Ըստ News International-ի՝ դատավորը չէր կարող չքննել երեխայի դեմ հարուցված գործը, քանի որ դա իր իրավասությունների մեջ չէր մտնում:

