Օբաման ընդդիմադիրների հետ համագործակցության փոխարեն առաջարկել է լվանալ նրանց ավտոմեքենաները

1-390x290ԱՄՆ  դեմոկրատ նախագահ Օբաման ընդդիմադիր հանրապետականներին առաջարկել է իր օգնությունը տնային գործերում` կոնգրեսում համագործակցելու փոխարեն:

«Ամեն անգամ, երբ Կոնգրեսը կցանկանա աշխատել ինձ հետ, որ օգնելու բան լինի` ես տեղում կլինեմ: Դուռը միշտ բաց է: Ավելին, ես ինքս կգնամ նրանց մոտ ու կլվանամ նրանց ավտոմեքենան, շանը դուրս կբերեմ», հայտարարել է Օբաման` հասարակության ծիծաղի ներքո:

Ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանության արժանացրեց Օբամայի դեմ հայցը` առողջապահական համակարգի բարեփոխումների ժամանակ իրավասությունները չարաշահելու մեղադրանքով: Մինչ այդ բանաձևի ընդունումը, Օբաման հայտարարել է, որ իր համար միևնույն է, թե ինչ են մտածում հանրապետականները: «Ես այլևս ընտրվելու խնդիր չունեմ, այնպես որ`  հանգիստ կարող եմ բանի տեղ չդնել»,- ասել է Օբաման հուլիսի 11-ին:

HRW-ն պահանջել է Ադրբեջանի իշխանություններից անմիջապես ազատ արձակել Լեյլա Յունուսին

1 (10)Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անմիջապես ազատ արձակել հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին` չեղյալ հայտարարելով նրա և իր ամուսնու` Արիֆ Յունուսի դեմ հարուցված քաղաքականապես մոտիվացված մեղադրանքները, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

“Մեղադրանքների կոնտեքստը և վերջին 4 ամսվա ընթացքում իրականացված հետապնդումներն ակնհայտ ցուցադրում են, որ Լեյլայի և իր ամուսին Արիֆ Յունուսի դեմ մեղադրանքները նրանց բերանը փակելու փորձ են”,- հայտարարել է Կենտրոնական Ասիայում և Եվրոպայում HRW-ի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:

HRW-ի հայտարարությունում նաև նշվում է, որ Ադրբեջանի միջազգային գործընկերները՝ այդ թվում Եվրոպայի խորհուրդը, պետք է հասկացնեն, որ իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող հետապնդումներն ուղիղ հետևանք կունենան ղեկավարության հետ իրենց հարաբերությունների վրա:

Նշենք, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) և 213 (հարկերից խուսափում) հոդվածներով: Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանություն), 178 (խարդախություն) հոդվածներով: Դատարանը Արիֆին արգելել է երկրից դուրս գալ:

Նասիմինյան շրջանային դատարանի վճռով Լեյլա Յունուսը երեք ամսով կալանավորվել է:

 

Անկախ

Էբոլայի տենդ.Լիբերիայում խուճապ է, ամենուր մահացածներ են

ebola3Լիբերիայում  Էբոլայի տենդի բռնկման մասշտաբները բնակչության շրջանում խուճապ են առաջացրել  ու աղետալի վիճակ է ստեղծվել: Նման կարծիք է  հայտնել արևմտաաֆրիկյան երկրի նախագահ Էլեն Ջոնսոն -Սերլիֆը:

«Սարսափ ու խուճապ: Ամենուր զոհերի մարմիններ են: Իրավիճակը չափազանց լուրջ է ու աղետի է վերածվում»: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ավելի շատ բժիշկներ ու բուժօգնություն ուղարկել:

Ջոնսոն –Սերլիֆն ու հարևան Սյերա-Լեոնեի նախագահ Էռնստ Բեյ Կորոման  ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովին մասնակցությունից հրաժարվել են, որն անց է կացվելու հաջորդ շաբաթ: Առայժմ հայտնի չէ Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն Վաշինգտոն կմեկնի, թե ոչ:

Լիբերիան փակել է գրեթե բոլոր հսկիչ-անցագրային կետերը, դպրոցները` վարակի տարածումը կանխելու համար:

Էբոլայի տենդը բռնկվել է այս տարի փետրվարին, Գվինեայում, այնուհետև տարածվել հարևան Լիբերիայում ու Սյերա-Լեոնեում: Մահացել է 729 մարդ, 1500 վարակված կա բոլոր 3 երկրներում:

Թայվանում գազի արտահոսքի պայթյունից 20 մարդ է զոհվել

1-390x290Թայվանի Գաոսյուն քաղաքում գազի պայթյունից 20 մարդ է մահացել, 270-ն էլ վիրավորվել են, հաղորդում է  ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Ինչպես կառավարության ղեկավար Ցզյան Իհուան է հաղորդել, գազի արտահոսքից կոյուղու համակարգում 5 պայթյուն է եղել: Մոտակա շրջաններից բնակիչներին տարհանել են ու տեղավորել դպրոցների շենքերում:

Պայթյունի ալիքից մեքենաներ են շրջվել, ծառեր ջարդվել: Բացի այդ, ճանապարհի մեջտեղում փոսեր են գոյացել:

Սիրիայում արգելվել են բարձրակրունկ կոշիկները

բարձրակրունկ«Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն»կազմակերպության զինյալները, որոնք վերջերս հայտարարեցին Իսլամական խալիֆայության ստեղծման մասին, Սիրիայի կանանց արգելել են բարձրակրունկ կոշիկ ու բաց հագուստ հագնել, հաղորդում է   lenta.ru-ն:

Արմատականները հայտարարել են, որ ցանկացած հագուստ, որի տակից կարող են երևալ մարմնի ինչ որ մասեր`գռեհիկ են:

Կանանց արգելվել է աչքերը ցույց տալ, զարդարել հագուստի վերին հատվածը` նիքաբը, ինչպես նաև բարձրակրունկ հագնել: Զինյալները հայտարարել են, որ կարգազանցները խստիվ կպատժվեն:

Հնդկաստանում սողանքի հետևանքով 50 մարդ է զոհվել

սողանքՀնդկաստանի կենտրոնական մասում սողանքի հետևանքով 50 մարդ է զոհվել, հաղորդել է  India Today-ը` վկայակոչելով փրկարարներին:

«Ներկա պահին 50 մարդու մարմին է դուրս բերվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սողանքի հետևանքով 100 մարդ հայտնվել է հողի տակ:

Աշխարհն առաջին աշխարհամարտից 100 տարի անց նոր աշխարհամարտի շեմին է

ww1rt1914 թ. օգոստոսի 1-ին`ուղիղ 100 տարի առաջ, սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, որին մասնակցեցին աշխարհի 30 տերություններ: Սրանով սկզիբ դրվեց մարդկության նորագույն պատմությանը: Առաջին համաշխարհայինի հետևանքով փլուզվեց չորս կայսրություն` Ավստրո-Հունգարական, Ռուսական, Գերմանական և Օսմանյան: Ամենամեծ կորուստը, սակայն, կրեց հայությունը` 1,5 մլն հայ սպանվեց թուրքերի կողմից, հայերը զրկվեցին իրենց պատմական հայրենիքի մեծ մասից:
Մեկդարյա հեռավորությունից կարելի է հայացք գցել անցյալին ու հասկանալ, թե ինչ դասեր է քաղել մարդկությունը 12 մլն-ից ավելի մարդու կյանք խլած քառամյա համաշխարհային աղետից:
Առաջին համաշխարհայինի արտաքուստ երևացող պատճառը մի կաթիլ մեղրի պատմությունն է հիշեցնում: 1914-ի հունիսի 28-ին Սարաևոյում ահաբեկչության հետևանքով սպանվում են Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանտը և նրա կինը: Ահաբեկիչը 18-ամյա սերբ ուսանող էր, որ ազգայնական «Սև ձեռք» կազմակերպության անդամ էր:
Ավստրո-Հունգարիան Սերբիային է մեղադրում սպանության մեջ ու վերջնագիր ներկայացնում: Գերմանիան իր աջակցությունն է հայտնում Ավստրո-Հունգարիային, Ռուսաստանը` Սերբիային: Իրավիճակը հետզհետե թեժանում է, և օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին: Սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը:
Ավստրո-Հունգարական գահաժառանգի սպանությունը, սակայն, ընդամենը կայծ էր, որ կուտակված մեթանի պայթյուն առաջացրեց, իսկ մեթանը մինչ այդ էր աստիճանաբար կուտակվել:
Գերմանիան հակասություններ ուներ թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ Ռուսաստանի հետ: Ռուսաստանն իր հերթին շահերի բախում ուներ թե՛ Ավստրո-Հունգարիայի, թե՛ Օսմանյան կայսրության հետ: Եվ ընդհանրապես պատերազմի մասնակից բոլոր երկրների շահերն էլ ինչ-ինչ հարցերում բախվում էին, պարզապես պատերազմը երկրներին միավորեց ճամբարներում, որտեղ հակասություններն ավելի քիչ էին, քան հակառակորդ ճամբարի հետ:
Այդ տարիներին գաղութների թվով առաջատարը Մեծ Բրիտանիան էր, նրան հաջորդում էր Ֆրանսիան: Գերմանիան, որ տենչում էր աշխարհում առաջատար գերտերություն դառնալ, հասկացել էր, որ այլևս աշխարհում գաղութացման ենթակա ազատ տարածքներ չկան, ուստի գաղութների թիվը մեծացնելու համար պետք էր ինչ-որ մեկից դրանք խլել: Գերմանա-ֆրանսիական հակասությունները նաև Էլզասի և Լոթարինգիայի շուրջն էին: XIX դարի վերջին տեղի ունեցած պատերազմից հետո այդ տարածքներն անցել էին Գերմանիային, սակայն ֆրանսիական բուրժուազիան ուղիներ էր որոնում դրանք վերադարձնելու համար: Պատերազմը առիթ էր Գերմանիայի համար, որ ևս մեկ հարված հասցնի Ֆրանսիային ու փակի տարածքները վերադարձնելու թեման:
Գերմանա-ռուսական շահերը հիմնականում տնտեսական ոլորտում էին բախվում, սպառման շուկաների պայքար էր ընթանում: Իսկ Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրության հետ Ռուսաստանի  հակասությունը Բալկաններն ու Կովկասն էին. ազդեցության գոտիների համար պայքար էր մղվում:
Դրան զուգահեռ պետությունները մեծ թափով սպառազինվում էին: Ռազմական արդյունաբերությունը վերելք էր ապրում, և յուրաքանչյուր պետություն ձգտում էր հետ չմնալ զինտեխնիկայով ապահովվելու մրցավազքում, ինչը ևս համաշխարհային ասպարեզում ազդեցիկությունը պահպանելու գործոն էր:
Դրա հետ մեկտեղ ընթանում էր նաև հանրությանը հնարավոր պատերազմին նախապատրաստելու քարոզչությունը, ամեն կերպ ներշնչվում էր, որ պատերազմն անխուսափելի է: Միլիտարիստական քարոզչությունը հատկապես ուժեղ էր Գերմանիայում:
Այսպիսով, Առաջին համաշխարհայինը գերտերությունների քաղաքական և տնտեսական ազդեցության գոտիների պայքարի հետևանք էր: Երբ պարզ դարձավ, որ արտաքուստ խաղաղ միջոցներով այլևս հնարավոր չէ վերաբաժանել աշխարհը, դիմեցին զենքի օգնության:
Ի՞նչ է կատարվում 2014 թ.` այդ դեպքերից 100 տարի անց: Աշխարհն այս անգամ կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին և դարձյալ տնտեսական ու քաղաքական ազդեցության գոտիների համար պայքարի պատճառով:
Վերջին տասնամյակը լի է աշխարհը վերաձևելուն միտված լոկալ բախումներով, որոնք ղեկավարվում են մեծ մասամբ ԱՄՆ-ի կողմից: Այսպես, դեռ 2001-ին ԱՄՆ-ն ներխուժեց Աֆղանստան` իբրև թե պայքար մղելու սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչությունն իրականացրած թալիբանների դեմ: Այնուհետև, ևս մեկ ուժի ցուցադրում տեղի ունեցավ. 2003-ին ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք` որպես փաստարկ բերելով զանգվածային ոչնչացման զենքի առկայությունը Սադամ Հուսեյնի ռեժիմի ձեռքում: Պատերազմի արդյունքում, սակայն, զենք չհայտնաբերվեց, փոխարենը ԱՄՆ-ն հաստատվեց Իրաքում ու հեռացրեց տվյալ պահին իր համար ոչ ցանկալի Սադամ Հուսեյնին:
Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական պայքարը զինված լոկալ բախման վերածվեց 2008-ին, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, արդյունքում Հարավային Օսիան ու Աբխազիան անկախացան Վրաստանից:
Այնուհետև, ԱՄՆ-ն կենտրոնացավ Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի վրա: 2011-ին մեկը մյուսի հետևից հեղաշրջում կատարվեց Թունիսում, Եգիպտոսում, իսկ Լիբիայում Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարը վերածվեց քաղաքացիական պատերազմի, որը տևեց շուրջ 10 ամիս և ավարտվեց Արևմուտքի զինված միջամտությամբ ու Քադաֆիի սպանությամբ: Բոլոր դեպքերում իշխանությունից հեռացվեցին ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի տարրերը, իսկ այդ երկրներում մինչ օրս տիրում է անկայուն քաղաքական վիճակ:
Դրան հաջորդեց քաղաքացիական պատերազմը Սիրիայում, որը 2011-ի գարնանից շարունակվում է մինչ օրս: Եվ ապստամբներին ու հեղափոխականներին ֆինանսավորում են ԱՄՆ-ն ու Արաբական լիգայի երկրները:
Այժմ գրեթե ավերակների վերածված արաբական աշխարհին գումարվել է ևս մի թեժ կետ` Ուկրաինան: Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Ուկրաինայում դեռ 2013-ի աշնանը ժողովրդական հուզումներ սկսվեցին: Պայքարն ավարտվեց երկրից նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստով: Արևմուտքի տակտիկական հաղթանակին հաջորդեց Ռուսաստանի հակազդեցությունը` Ղրիմի ինքորոշումը և ՌԴ-ին միանալու որոշումը, որը դիտարկվեց որպես անեքսիա: Սակայն Ուկրաինայի մասնատումն այսքանով չավարտվեց, Ուկրաինայի արևելյան շրջանները` Դոնեցկը, Լուգանսկը, հայտարարեցին Ուկրաինայից անկախանալու մասին: Եվ այժմ փաստացի Ուկրաինան ևս ներքաշված է քաղաքացիական պատերազմի մեջ:
Թեժ է իրավիճակը նաև Գազայում: Իսրայելն այստեղ հուլիսի սկզբին ռազմական գործողություններ սկսեց` հայտարարելով, որ նպատակը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարն է: Պետք է նշել, որ նախկինում Իսրայելն ու Պաղեստինը Գազայի հատվածում հրադադարի պահպանման համաձայնության էին եկել:
Իրաքում ևս իրավիճակն անհանգիստ է. «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը վերջերս վերանվանվեց «Իսլամական պետություն», մեկը մյուսի հետևից ընդլայնում է իր տարածքները: Ահաբեկչական խմբավորումն արդեն իսկ վերահսկողության տակ է պահում Իրաքի և Սիրիայի տարածքի զգալի մասը, որտեղ նպատակ ունի ստեղծել արաբական խալիֆայություն: Ջիհադականների կողմից վերահսկվող տարածքներում իրականացվում են զտումներ քրիստոնյաների նկատմամբ, նրանց պարտադրում են կրոնափոխ լինել կամ ամսական 250 դոլարի չափով հարկ վճարել:
Իրաքը, սակայն, չի կարողանում ուժերը միավորել և պայքարել ահաբեկչական խմբավորման դեմ. ուժեղանում են անջատողական ձգտումները նաև Իրաքի Քրդստանում: Քրդերն ուզում են անկախ պետություն հիմնել: Դա իր հերթին վտանգ է ներկայացնում Սիրիայի, Թուրքիայի և Իրանի տարածքային ամբողջականությանը, քանի որ այդ երկրներն էլ ունեն բազմամիլիոնանոց քուրդ բնակչություն, որոնք ևս կարող են սկսել մտածել անկախ պետություն հիմնելու մասին:
Լարված է իրավիճակը նաև Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանը, օգտվելով համաշխարհային իրավիճակից, փորձում է այստեղ էլ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել և ուժով, պարտադրանքով հասնել իր ուզածին: Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշումից հետո ավելի ու ավելի հաճախ են ԱՄՆ-ի կողմից Արցախի առնչությամբ հակահայկական հայտարարություններ հնչում: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանը, Հայաստանին իր կողմը գրավելուց հետո փորձում է հիմա էլ սիրաշահել Ադրբեջանին` ենթադրաբար սակարկելով ռուսական կողմը բռնելու գնի շուրջը: Փաստորեն, հայերի գլխին դարձյալ կախված է նույն դամոկլյան սուրը, ինչ մեկ դար առաջ էր: Հայաստանն էլի կարող է աշխարհաքաղաքական խաղերի զոհը դառնալ, բայց այս անգամ այլևս կորցնելու ո՛չ տարածքներ ունենք, ո՛չ բնակչություն:
Նկարագրված աշխարհաքաղաքական աջաբսանդալը ցույց է տալիս, որ Առաջին աշխարհամարտից 100 տարի անց վերստին պայթյունավտանգ մեթանի ամպը կուտակվել է մարդկության գլխին, և մի կայծը բավարար է, որ այլևս նահանջի տեղ չմնա: Իսկ թե ով կանի անվերադարձ քայլը և երբ` հստակ ասել հնարավոր չէ: Հստակ է մի բան. գերտերություններն առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, իսկ զարգացող երկրներն ընդամենը զինվորներ են շախմատի խաղատախտակի վրա, որոնց կարող են շարժել, ինչպես ուզենան և զոհաբերել, երբ ուզենան:

 

Հնդիկ տղամարդը իր տան լոգասենյակում կոկորդիլոս է հայտնաբերել

Dad Finds Croc In Bathroom When Going For A Shower

Արևմտյան Հնդկաստանի բնակիչ 41-ամյա Կալպեշ Պատելը, մտնելով իր լոգասենյակ այնտեղ 1,5 մ երկարությամբ կոկորդիլոս է հայտնաբերել:

Տղամարդը հայտնել է, որ երբ իր կնոջը և երեխաներին զգուշացրել է չմտնել լոգասենյակ, քանի որ այնտեղ կոկորդիլոս կա, բնականաբար, նրան չեն հավատացել:

Այսպիսով Պատելը Սոջիտրա գյուղի իր հարևաններին հրավիրել է մտնել լոգասենյակ, որպեսզի նրանք հաստատեն իր տեսածը:

Պատելը հայտնել է, որ չի պատկերացնում, թե ինչպես է կոկորդիլոսը մտել իր տուն:

Բնակիչները անմիջապես ոստիկաններ են հրավիրել, որոնք բռնել են կոկորդիլոսին:

Ոստիկանության տեղեկություններով՝ կոկորդիլոսին տեղափոխել են մոտակա լիճ, որտեղ նրան անվնաս ազատ են արձակել:

 

Ահաբեկչի հրապարակած սարսափելի կադրերը ցնցել են Կոսովոն

ահաբեկիչԿոսովոյի Քաչանիք քաղաքից 27-ամյա Լավդիմ Մուհաջերին 1,5 տարի առաջ մեկնել է Սիրիա, ապա Իրաք` անդամակցելով «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Մուհաջերին օրերս «Facebook»-ում սարսափելի լուսանկարներ է հրապարակել, որոնցում դանակով կտրում է մեկ այլ զինվորի կոկորդը: Լուսանկարների հետ հրապարակված տեսանյութում Մուջահերին ջիհադին միանալու կոչ է անում:

Տեսանյութից պարզ է դառնում նաև, որ ԻՇԻՊ-ի կազմում մոտ 100 ալբանացի զինյալ կա: Այս նյութերի հրապարակումից հետո Կոսովոյի կառավարությունը հանդես է եկել քննադատական հայտարարություններով: Մասնավորապես նախագահ Աթիֆետե Յահյագան նշել է, որ իրենք թույլ չեն տա, որ Կոսովոյից ատելություն և բռնություն դուրս գա:

 

Վանում նախընտրական լարվածություն է տիրում

վան Թուրքիայի նախագահի թեկնածու Թայիփ Էրդողանը Վան քաղաքում անցկացրած իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթից հետո հավաքված հանրության և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ են կիրառել` փորձելով ցրել հավաքվածներին:

Քաղաքում լարվածություն է նկատվել նաև մինչև Էրդողանի ժամանումը: Նախագահի մյուս թեկնածու Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահադդին Դեմիրթաշի նախընտրական գրասենյակի առաջ հավաքված մոտ 600-700 հոգանոց խումբը սկսել է տարբեր արտահայտություններ բացականչել: Այնուհետև նրանց շրջապատել են ոստիկանները, որից հետո բախումներ են սկսվել:
 

Թուրքիայում տոն օրերի ընթացքում 108 մարդ է զոհվել

 Ռամազան  Թուրքիայում Ռամազանի ավարտի կապակցությամբ ոչ աշխատանքային 5 օրերի ընթացքում 92 մարդ զոհվել է ավտովթարների արդյունքում, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, մոտ 16 հոգի խեղդվել է ծովում: Ամեն տարի տոն օրերին մարդիկ հանգստի են մեկնում երկրի տարբեր շրջաններ, մասնավորապես ծովափնյա գոտիներ, ինչը բերում է անխուսափելի զոհերի:

Չնայած իրավապահ մարմինները, ինչպես նաև ծովափնյա հանգստավայրերի փրկարարական ծառայության աշխատակիցները տոների ընթացքում ավելի զգոն և ուշադիր են լինում, այնուհանդերձ չի հաջողվում ապահովել լիարժեք վերահսկողություն:

Արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները սկսել են ընտրել նոր նախագահին

Թուրքիայում նախագահական ընտրություններՉնայած Թուրքիայում նախագահական ընտրություններ տեղի կունենան միայն օգոստոսի 10-ին, քվեարկության գործընթացը այսօր արդեն սկսվել է երկրից դուրս բնակվող քաղաքացիների համար: Առաջին քվեատուփերը բացվել են առավոտյան Ավստրալիայի Մելբուրն քաղաքում, որտեղ առաջին ընտրողը դարձել է Սինան Սևենը Սամսունից: Վերջինս նշել է, որ շատ ուրախ է, որ կարող է մասնակցել ընտրություններին` հեռու լինելով հայրենիքից: Արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկության գործընթացը կշարունակվի մինչև օգոստոսի 3–ը:

 

Մեկուսի ապրող հնդկացիները դուրս են եկել ջունգլիներից

pic_db52a318c57e1f30651f027db0bdfc6bՊերուի սահմանից ոչ հեռու գտնվող բրազիլական Ակրի նահանգի հնդկացիներն առաջին անգամ արտաքին աշխարհի հետ շփման են դուրս եկել: Մինչ այժմ նրանք մեկուսացած կյանքով էին ապրում, հաղորդում է  Agence France-Presse-ն:

Էնվիրա գետի ափերին  ջունգլիներից եկած հյուրերը հանդիպել են աշանինկ ցեղի հնդկացու հետ, որը վաղուց է ծանոթ քաղաքակրթությանը:  Նա ցեղի նետուաղեղով զինված ներկայացուցիչներին 2 կապ բանան է մեկնել: Բրազիլացի գիտնականները ենթադրում են, որ ջունգլիներից նրանց դուրս գալ ստիպել են թմրաավազակախմբերն ու անօրինական անտառահատները, որոնք իրենց հանցավոր գործունեությունն իրականացնում են նրանց հարազատ հողերում: Այդ ենթադրությունը մասամբ հաստատել է նաև աշանինկների ցեղի  հնդկացին: «Նրանք պատմել են, որ իրենց վրա անծանոթ մարդիկ են հարձակվում, շատերն էլ մահանում են գրիպից ու դիֆթերիայից»:

Տեղեկությունը ստացվելուց անմիջապես հետո, բրազիլացի բժիշկների խումբն իսկույն ուղևորվել է ջունգլիներ` բուժելու հիվանդացածներին: Քաղաքակրթության հետ շփման գնացած հնդկացիները  պատկանում են պանոանյան լեզվախմբին: Բրազիլական Ամազոնիայի տարածաշրջանում բնակություն են հաստատել 77 ցեղախմբեր: Նրանք բոլորն  էլ ավտոնոմ կյանք են վարում:

Ուկրաինայում սպանվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարներից մեկը

4Ուկրաինայում` Լուգանսկում, անջատողականների կաղմից սպանվել է Լուգանսկի շրջանում ադրբեջանցիների կոնգրեսի փոխնախագահ, ադրբեջանական սփյուռքի ղեկավարներից Թեման Սադը օղլու Ջաֆարովը: Պատահարը տեղի է ունեցել անցյալ գիշեր Կամենկա գյուղի մոտակայքում: Ջաֆարովի դին գտնվում է անջատողականների կողմից հսկվող տարածքում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ լրատվամիջոցների` Ջաֆարովի հետ միասին հրազենային վնասվածքներ են ստացել նաև 3 ադրբեջանցի` Մահիր, Նուրլան և Էլման անուններով: Վերջիններս անհետ կորած են: Համաձայն տեղեկության` նրանց վրա կրակել են, երբ իրենք անասնապահական ֆերմայից անասուններին էին դուրս հանում:

Ըստ վերջին տեղեկությունների` Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը չի հաստատել վերոնշյալ ադրբեջանցիների վիրավորված լինելու լուրը: Այդ լուրը հաստատող փաստեր դեռ չկան:

“Ներկայումս Լուգանսկի շրջանային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են տարվում սպանվածի դին հարազատներին փոխանցելու ուղղությամբ”,- ասել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության առաջին քատուղար Ասիմ Օսմանովը:

Անկախ

Իտալիայում բանտարկյալները Ֆարել Ուիլյամի երգի վրա տեսահոլովակ են նկարահանել

pic_2e61384c965befb76ddf787133681738Սիցիլական Casa Circondariale Luigi Bodenza բանտի կալանավորները Ֆարել Ուիլյամսի հայտնի Happy երգի վրա հոլովակ են նկարահանել: Տեսանյութը պատրաստվել է բանտի ղեկավարության թույլտվությամբ: Կադրերում ազատազրկվածները զբաղվում են սպորտով, աշխատում համակարգչով ու գիրք ընթերցում գրադարանում:
Նկարահանումներին մասնակցել են բանտապահները: Իսկ ռեժիսոր Paolo Andolina-յի խոսքով, իրենց նպտակն է եղել ցույց տալ, որ նույնիսկ անազատության մեջ գտնվողները կարող են երջանկության պահեր ունենալ: Ֆիլմը սկսվում է` «Այսօր արևոտ օր է, դա նշանակում է, որ կարելի է հանգստանալ»:
Happy երգի վրա հոլովակներ նկարահանելու առաջարկ արել է անձամբ Ֆարել Ուիլյամսը, 2014-ի սկզբին: Նա բացատրել է, որ երգի տեսահոլովակում պետք է ցուցադրվի այն ամենն ինչ հեղինակին իսկապես երջանիկ է դարձնում:

Անկախ

Ուկրաինայի Գերագույն ռադան Յացենյուկի հրաժարականը չի ընդունել

ՅացենյուկՈւկրաինայի Գերագույն ռադան Արսենի Յացենյուկի` երկրի վարչապետի պաշտոնից հրաժարականը չի ընդունել, հաղորդում է  Lenta.ru-ն:

Նրա հրաժարականի օգտին է քվեարկել 16 պատգամավոր, այն դեպքում, երբ անհրաժեշտ է նվազագույնը 226 ձայն ունենալ: Վարչապետի պաշտոնից հեռանալու մտադրության մասին Յացենյուկը հայտարարել է հուլիսի 24-ին` կոալիցիայի կազմալուծման ու  Ռադայի կողմից կառավարական նախաձեռնությունների արգելափակման պատճառով;

«Ուկրաինայի հարգելի ժողովրդական պատգամավորներ, այսօր 2 նորություն կա: Առաջինն այն է, որ Արգենտինան դեֆոլտ է հայտարարել, իսկ երկրորդը` Ուկրաինան դեֆոլտ չի հայտարարել ու երբեք չի հայտարարի»,- ասել է Յացենյուկը` քվեարկությունից հետո:

Անկախ

Ռիչարդ Մորնինգսթարը լքել է Ադրբեջանը

3Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը Ռիչարդ Մորնինգսթարը իր լիազորությունների ավարտի կապակցությամբ լքել է Ադրբեջանը, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

Նշենք, որ Ռիչարդ Մորնինգսթարը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է եղել 2012-2014թթ. ընթացքում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում նոր դեսպանի պաշտոնին առաջադրել է էներգետիկ հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ Ռոբերտ Ֆրենսիս Սեկութային:

Անկախ

Ռուսաստանը Ադրբեջանից մոտորանավակ է պատվիրել

2Ռուսական նավագնացության ծովային գրանցիչը “Բաքվի նավաշինական գործարան” բաց բաժնետիրական ընկերությունից 38М տեսակի 3 բարձրարագության ուղևորատար մոտորանավակ է պատվիրել:

Կողմերի միջև համաձայնությունն արդեն ստորագրվել է: Մոտորանավակների շինարարությունը կսկսվի օգոստոս ամսից: Պայմանագրով նապատեսված պատվերները պետք է ավարտին հասցվեն 2016թ. մայիսին, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Մոտորանավակի երկարությունը կազմում է  38.22 մետր, լայնությունը՝ 8.2 մետր, անձնակազմը՝ 8 մարդ: Մոտորանավակները նախատեսված են 80 ուղևոր տեղափոխելու համար:

 Անկախ

Գազայի հատվածի հիվանդանոցներում էլեկտրաէներգիայի ճգնաժամ է

gazaԱյն բանից հետո, ինչ Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Գազայի հատվածում գործող միակ էլեկտրակայանը, հիվանդանոցների մեծ մասը դարձել են անգործունյա, ինչը մահվան սպառնալիք է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված հարյուրավոր հիվանդների համար:

Գազայում պաղեստինյան կառավարության առողջապահության փոխնախարար Յուսուֆ Աբու Ռիյշը, խոսելով առողջապահական ճգնաժամի մասին, նշել է, որ էլեկրակայանի ռմբակոծումից հետո դրությունը ավելի է վատացել վառելանյութի պակասի պատճառով: Այս ամենը բացասական է ազդում վերակենդանացման բաժանմունքների, վիրահատարանների, ծննդատների աշխատանքի վրա: Էլեկտրաէներգիայի մատակարարման նույնիսկ րոպեական դադարը բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ կարող է դառնալ:

 Անկախ

Լեյլա Յունուսի փաստաբանը կվիճարկի դատարանի վճիռը` անհրաժեշտության դեպքում դիմելով Եվրոպական դատարան

1Խաղաղություն և ժողովրդավարություն ինստիտուտի տնօրեն, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Ջավադ Ջավադովը կվիճարկի իր պաշտպանյալին կալանավորելու Նասիմինյան շրջանային դատարանի վճիռը:

Ինչպես ադրբեջանական “Հագին” լրատվական կայքին տեղեկացրել է փաստաբանը, քննության կողմից իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները քաղաքականապես շահադրդված են:

“Լեյլա Յունուսի նկատմամբ ծանր մեղադրանքներ են առաջ քաշվել, օրինակ` 271 հոդվածը՝ Հայրենիքին դավաճանությունը, ինչի համար առնվազն 15 տարվա, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում է սպառնում: Բացի այդ, նրա նկատմամբ առաջադրվել են նաև հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության,  խարդախության մեղադրանքներ: Չկան ոչ ապացույցներ, ոչ տեղեկություններ: Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է քրեական գործի շինծու լինելը: Իհարկե, մենք ձեռքներս ծալած չենք նստի և, անցնենլով բոլոր ատյանները, կհասնենք մինչև Եվրոպական դատարան, որտեղ հեշտությամբ կապացուցենք Լեյլա Յունուսի անմեղությունը”, – ասել է փաստաբանը:

Փաստաբանը նաև հայտնել է, որ մոտակա ժամանակներս կհանդիպի Լ. Յունուսի հետ:

Նշենք, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) և 213 (հարկերից խուսափում) հոդվածներով:

Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանություն), 178 (խարդախություն) հոդվածներով:

Դատարանը Արիֆին արգելել է երկրից դուրս գալ:

 Անկախ