Ստամբուլի ոստիկանությունը Թաքսիմի Գեզի այգում այսօր առավոտյան տղամարդու դիակ է հայտնաբերել: Այգու խոտածածկի վրա գտնված դիակը ծնունդով Ստամբուլից 27-ամյա Թուղրուլ Թուրնալըն է եղել: Ոստիկանությունը փակել է քաղաքացիների մուտքը տարածք: Հայտնի է դարձել, որ Թուրնալը էպիլեպսիկ հիվանդություն է ունեցել և հավանաբար նրա մահվան պատճառը դա է եղել: Սակայն հաշվի առնելով, որ օրերս այս տարածքում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, Թուրնալի մահվան հստակ պատճառը պարզ կդառնա միայն դատաբժշկական քննությունից հետո:
Խզբզած անձնագրի պատճառով զբոսաշրջիկը չի կարողանում տուն վերադառնալ
Չինաստանի քաղաքացուն չեն թողել երկրից դուրս գալ անձնագրի պատճառով: Բանն այն է, որ նրա 4-ամյա որդին մի լավ «սիրունացրել» էր հոր անձնագիրը:
Խնդիրն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ տղամարդը ընտանիքով Հարավային Կորեայից պետք է վերադառնար Չինաստան: Սակայն նրան թույլ չտվեցին հեռանալ երկրից, քանի որ չկարողացան նույնացնել նրա անձը փաստաթղթի հետ:
Փոքրիկը հոր անձնագրի վրա տարբեր կենդանիներ էր նկարել սև գրիչով ու ծաղիկներ, դա դեռ բավական չէ, հորը մազեր էր ավելացրել ու մորուք:
Հայտնի է, որ տուժածի անունը Չեն է: Նա իր անձնագրի լուսանկարը հրապարակել է Weibo միկրոբլոգի չինական սերվիսում ու նաև հաղորդագրություն թողել Չինաստան վերադառնալու խնդրանքով:
Հայտնաբերվել են Նագասակիի ռմբակոծության հաջորդ օրն արված լուսանկարներ
Աշխարհում ամենահին տաբատը հայտնաբերվել է Չինաստանում
Հնագետները Չինաստանում հայտնաբերել են աշխարհում ամենահին տաբատը, որի տարիքը մոտավորապես 3,4 հազար տարի է, հայտնում է ScienceNews.-ը: Տաբատը հայտնաբերվել է Չինաստանի ծայր արևմուտքում գտնվող Տաիմյան իջվածքի գերեզմանոցում: Մասնագետները ենթադրում են, որ այն պատկանելիս է եղել ասիական քոչվորներից մեկին: Բացի այդ, նրանք համոզված են, որ այն աշխարհում ամենահին տաբատն է:
Սակայն գտածոյում ամենաարժեքավորն այն է, որ տաբատի գոյությունը ցայտուն կերպով ապացուցում է` քոչվորներն այն ստեղծել են ձի քշելու համար ու, որ այն շատ վաղուց է ստեղծվել:
Հետաքրքրական է, որ այն պատրաստված է բրդյա գործվածքից ու առատորեն զարդարված ձեռագործով ու տարբեր օրնամենտներով:
Շիկահեր բրազիլացին 10 վիրահատություն է անցել ասիացու տեսք ունենալու համար
Սպիտակամորթ, շիկահեր և կապույտ աչքերով բրազիլացի տղամարդը վիրահատություն է անցել ասիացու տեսք ստանալու համար:
Կորեական դրամաների սիրահար 25-ամյա Սիան ասիացու տեսք ունենալու գաղափարով համակվել էր Հարավային Կորեայում ուսանողական փոխանակման ծրագրով սովորելու տարիներին:
Հարավային Կորեայի Դոնսիու համալսարանում մեկ տարի ուսանող եղած ժամանակ նրա մոտ շեղ աչքեր և մուգ գույնի մազեր ունենալու ցանկություն էր առաջացել:
Սիանը ավելի քան 10 վիրահատություն է անցել ցանկալի տեսքը ունենալու համար՝ ծախսելով ավելի քան 3000 դոլար և զարմանալիորեն բնական ասիացու տեսք ստանալով:
Իրականում Մաքս անունով Սիանի նախկին տեսքի մասին մատնում է միայն նրա քթի ձևը:
Աչքերի ձևը փոխելու նպատակով վիրահատություններ անցնելու հետ մեկտեղ՝ Սիանը մուգ գույնի կոնտակտային լինզաներ է կրում և մազերը սև գույն ներկում:
Նոր ավերածություններ և վիրավորներ Հալեպում
Հունիսի 1-ի ուշ գիշերից մինչև մինչեւ Հունիսի 2 -ի վաղ առավոտ, Հալեպի տարբեր շրջաններում հրթիռակոծությունը շարունակվել է: Հատկապէս Նոր Գյուղի շրջանում ահաբեկչական խմբերի նետած գազի շշերից պատրաստված հրթիռները մեծ ավերներ են գործել: Վնասվել են շրջանի հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբն ու բնակարանները, գործատեղիներն ու վաճառատները:
Վիրավորվել են Ստեփան Արուշյանն ու Զարեհ Ղազարյանը: Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ, անոնք ստացած են համապատասխան բուժումն ու դարմանումը:
Հալեպի Լրատվական Գրասենյակ
Նոր վիրավոր Հալեպում. Վիճակի ահավորությունը շարունակվում է
ԱՄՆ պետդեպ. Ղարաբաղյան կոնֆլիկտը ռազմական լուծում չի կարող ունենալ
Ուրբաթ օրը բրիֆինգի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը չի կարող ռազմական լուծում ունենալ:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում գրանցված ողբերգական կորուստները մեզ հիշեցնում են, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ռազմական լուծում չի կարող ունենալ: Միայն տևական և խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանում կայունություն, բարգավաճում և հաշտություն հաստատել» հայտնել է նա:
Ջեն Փսակին որպես Մինսկի խմբի համանախագահող կողմ ավելացրել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում երկու կողմերի հետ համագործակցության միջոցով խաղաղության հաստատմանը:
Սնոուդենը ցանկանում է Ռուսաստանից տեղափոխվել Բրազիլիա
ԱՄՆ Հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանից տեղափոխվել Բրազիլիա, եթե նրան այդպիսի հնարավորություն ընձեռվի։
«Ռուսաստանում ինձ ապաստարան տրամադրելու ժամկետն ավարտվում է օգոստոսի սկզբին։ Եթե Բրազիլիան ինձ ապաստարան առաջարկի, ապա ես ուրախությամբ կընդունեմ դա», – հայտարարել է նա բրազիլական «Գլոբուս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. «Ես շատ կուզենայի ապրել Բրազիլիայում»,- հավելել է նա։
Միևնույն ժամանակ Սնոուդենը հավատացրել է, որ երբեք ոչ մի պետության չի առաջարկել գաղտնի տվյալներ տրամադրել ապաստարանի դիմաց։ Այս մասին գրում է “Интерфакс“-ը։
Ավելի վաղ ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրուցում Սնոուդենն ասել էր , որ մտադիր է խնդրել ռուսական իշխանություններին երկարաձգել Ռուսաստանում ապրելու թույլտվությունը։
«Երբ ապաստարան տրամադրելու ժամկետն ավարտվի, ես, իհարկե, կդիմեմ երկարաձգելու խնդրանքով»,- նշել էր նա։
ԱՄՆ-ում Սնոուդենին հեռակա մեղադրում են պետական ունեցվածքը գողանալու և այլ երկրների հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։ 2013 թվականի օգոստոսին նա ստացավ ժամանակավոր ապաստարանի իրավունք Ռուսաստանում՝ ավելի քան մեկ ամիս Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտում անցկացնելուց հետո։
Շվեյցարիայի նախագահը Ադրբեջանում կհանդիպի ընդդիմության առաջնորդների հետ
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերին Ադրբեջան կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների հետ: Այս մասին տեղեկացրել է “REAL” շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:
Ըստ նրա՝ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերը, քաղաքացիական հասարակության խնդիրները և այլն:
Դիդիե Բուրկհալտերը հունիսի 1-ին Ադրբեջան է գնացել՝ Հարավային Կովկասի երկրներ տարածաշրջանային այցի շրջանակներում:
ԵԱՀԿ գործող նախագահը այնուհետև կայցելի Երևան, ապա՝ Թբիլիսի:
Թուրքիան դժգոհ է Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներից
Անկարան անհանգստություն է հայտնել Եվրախորհրդարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների պատճառով: Նրանք մտահոգված են, քանի որ եվրոպական մի շարք մայրաքաղաքներում հաղթել են եվրասկեպտիկներն ու ծայրահեղ աջ կուսակցությունները: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ վտանգ կա, որ Եվրոպայում կարող են աճել քսենոֆոբիան, հակամիգրացիոն և ծայրահեղական մոտեցումները:
Վերջին 10-ամյակի ընթացքում ԵԽ-ն եղել է Թուրքիայի ԵՄ անդամագրման ամենակարևոր կողմակիցներից, սակայն խորհրդարանում եվրասկեպտիկների թվի աճը կմեծացնի Թուրքիայի անդամակցությանը դեմ ձայների թիվը: Վերլուծաբանների կարծիքով՝ ծայրահեղ աջ կուսակցությունների ջանքերով կխստանա նաև վերաբերմունքը մուսուլմանների և ներգաղթյալների նկատմամբ:
Հայկական սփյուռքը Հայաստանին ճնշման տակ է պահում. Ջեմիլ Չիչեք
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հրաժեշտի այց է կատարել Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին, որի պաշտոնավարման ժամկետն արդեն ավարտվել է: Հանդիպման ժամանակ հետաքրքիր քննարկում է ընթացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ռիկարդոնեն Չիչեքին հարց է ուղղել, թե ինչու Ցյուրիխյան արձանագրությունները չվավերացվեցին թուրքական մեջլիսում: «Մի երկրին և ժողովրդին արված ամենամեծ վիրավորանքը նրան ցեղասպանություն գործելու մեջ մեղադրելն է: Սա մեծ վերքեր է առաջացնում հարաբերություններում: Ապրիլի 23-ին վարչապետ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը պետք է լավ գնահատել: Ցավոք, ԱՄՆ-ն այս հարցի շուրջ որևէ գնահատական չտվեց: Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարն այցելեցին Երևան, սակայն դա արդյունք չտվեց, քանի որ մյուս կողմը պատասխան քայլերի չդիմեց: Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Սակայն հայկական սփյուռքը Հայաստանին ճնշման տակ է պահում: ԱՄՆ ավելի արդար և հարցի լուծմանը նպաստող մոտեցում պետք է ցուցաբերի»,-պատասխանել է Չիչեքը:
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը կհրաժարվի գահից
Երկուշաբթի օրը Իսպանիայի վարչապետը հայտնել է, որ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը 40 տարի գահին լինելուց հետո կհեռանա պաշտոնից:
Նա չի նշել, թե երբ նա կհրաժարվի գահից, քանի որ կառավարությունը այժմ պետք է նոր օրենք մշակի այդ գործընթացի օրինական հիմքերն ապահովելու և նրա որդի 46-ամյա Ֆիլիպի գահ բարձրանալու համար:
76-ամյա Խուան Կառլոսը վերապրել է երկրի իշխանության անցումը բռնապետությունից ժողովրդավարության, սակայն նա վերջին տարիների ընթացքում հաճախակի առողջական խնդիրներ է ունենում:
Իսպանացիները իրենց թագավորին մեծ հարգանքով են վերաբերվում ազգին մատուցած իր ծառայությունների, ինչպես նաև 1975թ-ին բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո ժողովրդավարական ուղին ընտրելու համար:
Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը Հայաստանի համար կարճատև պլանով վտանգավոր է.Արտակ Շաքարյան
Թուրքիան մեծացնում է ՌԴ-ից գնվող գազի ծավալները… Ռուս-թուրքական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մերձեցման ու Հայաստանի վրա դրա ազդեցության մասին այսօր լրագրողների հետ խոսեցին թուրքագետ Արտակ Շաքարյանն ու տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: “Մի քանի տարի է, ինչ Թուրքիան ու Ռուսաստանը բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ են հաստատել, ունենում են վարչապետի ու նախագահի մակարդակով բազմաթիվ հանդիպումներ: Չնայած սրան, իհարկե, և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան գիտակցում են, որ իրենք առհավետ թշնամիներ են”,- այս մասին լրագրողներին հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա` Ռուսաստանը գիտակցում է, որ թուրքերն իրենց երկրում 5-րդ շարասյուն են հյուսում` թեկուզ թաթարների միջոցով կամ այլ ճանապարհներով:
Բանախոսը նշեց, որ թուրք գործարարները սկսել են Մերձդնեստրի տարածքում ներդրումներ կատարել, ինչը մեծ բարեհաճություն է Ռուսաստանին:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն էլ նկատեց, որ առանց էներգետիկ համագործակցության խորացման էլ ռուս-թուրքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում: Ռուսաստանի համար Թուրքիան երկրորդ առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիայի համար Ռուսաստանը` առաջինը:
Տնտեսագետը նշեց. “Ռուսական գազը Թուրքիայի համար այլընտրանք չունի. Հարցն այն է միայն, թե ինչպես է փոխադրվելու ռուսական գազը Թուրքիա”: Բանն այն է, որ Թուրքիան Ռուսաստանից գազ է ստանում հիմնականում երկու ուղիով` “Կապույտ ուղղության” գազամուղի միջոցով և տրանսբալկանյան ուղղության գազամուղի միջովով, որն անցնում է Ուկրաինայի տարածքով: Ուկրաինայում առկա անկայունությունն էլ անհանգստացնում է Թուրքիային ու մղում այլընտրանքային ուղու` “Կապույտ ուղղության” գազամուղով մատակարարվող գազի ծավալների մեծացման, քանի որ ի տարբերություն Տրանսբալկանյան ուղու գազամուղի` “Կապույտ ուղղության” գազամուղն աշխարհաքաղաքական ռիսկերից ավելի պաշպանված է: Ռուսաստանից գնվող գազի ծավալների մեծացումն, ըստ նրա, ընթադրում է նաև գազի գների իջեցում Թուրքիայի համար, ինչի շուրջ էլ ընթանում են ռուս-թուրքական բանակցությունները:
Իսկ Արտակ Շաքարյանն ավելացրեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները առևտրով չեն սահմանափակվում. Ռուսաստանը Թուրքիայի համար կառուցում է ատոմաէլեկտրակայան, որը վերջին 60 տարիներին եղել է Թուրքիայի ռազմավարական զարգացման պլաններում: Այն հետագայում միջուկային ծրագրի զարգացման հնարավորություն է ընձեռում ու Թուրքիայի համար նաև միջուկային զենքի ստեղծման ախորժակ բացում: Համակագործակցությունը նաև այլ ոլորտներ է ընդգրկում:
Ըստ նրա, ռուս-թուրքական երկարատև պլանով թշնամական հարաբերությունները Հայաստանի համար, սակայն, կարճատև պլանով վտանգավոր են: Շաքարյանը գտնում է, որ առկա իրավիճակում Հայաստանի խնդիրն է ավելի ուղիղ կերպով խոսել Ռուսաստանի հետ , քննարկելով ՄՄ-ի անդամակցման թե՛ դրական թե՛ բացասական կողմերը, բաց քննարկել իրավիճակը: Եվ այս հարցում ամենակարևորն է, ըստ նրա, ցույց տալ հայ հասարակության վերաբերմունքն այս կամ այն հարցի վերաբերյալ:
Վաղը Սիրիայում նախագահական ընտրություններ են
Քաղաքացիական կռվից բզկտված Սիրիայում վաղը նախագահական ընտրություններ են : Երկրի նախագահ Բաշար Ասադը երկու մրցակից ունի:
Գրեթե կես դար Սիրիայի նախագահն ընտրվել է միայն համազգային հանրաքվեի արդյունքում ու միշտ եղել է մեկ թեկնածու, որին առաջադրել է իշխանական կուսակցությունը: Վաղը կայանալիք ընտրություններին երկու այլ թեկնածուներ են լինելու, ինչն արդեն պատմական փաստ է համարվում:
Սկզբում իրենց թեկնածությունն էին առաջադրել 24 քաղաքացիներ, սակայն խորհրդարանը միայն 3-ի անունն է գրանցել:
Հասա Ան-նուի. Սիրիական հանրապետության նախագահի թեկնածու. «Մինչ ճգնաժամը որոշ քաղաքապետներ ու նահանգապետներ շատ վատ էին վերաբերվում ժողովրդին: Չի կարելի նախագահ Ասադին մեղադրել մեր բոլոր դժբախտությունների մեջ, սակայն կա նաև նրա ոչ մեծ մեղքը` կատարվող իրադարձություններում: Չէ որ նա պետության ղեկավար է: Նրան խիստ մեղադրել չի կարելի, սակայն նա սխալներ ունեցել է»:
Սիրիայում ԿԸՀ չկա: Քվեարկության ընթացքին ու ձայների հաշվարկին գավառներում կհետևեն իշխանության գործադիր ղեկավարները: Իսկ մայրաքաղաքում` արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեն:
Հիշամ Աշ-Շահար. Ընտրությունների գծով Գերագույն դատական կոմիտեի ղեկավար. «Շատ քաղաքացիներ ստիպված էին փախչել վտանգավոր շրջաններից ու հիմա բնակվում են իրենց տներից հեռու, հատուկ կացարաններում, հարազատների ու ծանոթների հետ: Մենք վճռեցինք, որ Սիրիան մի մեծ ընտրատեղամաս է ու յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել այնտեղ, որտեղ նա կարող է»:
Պաշտոնապես հայտարարվել է, որ վաղը Սիրիայում կբացվի 8600 ընտրատեղամաս: Ամենայն հավանականությամբ, ընտրություններում հաղթանակ կտանի ներկայիս նախագահը: Նոր սահմանադրության համաձայն, նա կկարողանա երկիրը ղեկավարել 2 ժամկետ, այսինքն` մինչև 2020 թիվը:
Իսպանիայի միապետը հրաժարվեց գահից
Հնդկաստանում նոր նահանգ է հայտնվել
Հնդկաստանի հարավում գտնվող Անդհրա-Պրադեշ նահանգը պաշտոնապես բաժանվել է 2 հատվածի. Դրա հյուսիսային հատվածում նոր նահանգ է գոյացել, որը Հնդկաստանում 29-րդն է: Նահանգը կոչվել է Թելանգանա, հայտնում է BBC News-ը:
Նոր նահանգի ստեղծման մասին որոշումն ընդունվել է Հնդկաստանի իշխանությունների կողմից դեռևս այս տարվա փետրվարին: Տեղի բնակիչները երկար ժամանակ բողոքում էին տարածաշրջանի անբավարար ֆինանսավորումից: Նոր նահանգը գլխավորել է Չանդրասեկար Չաոն, որը 14 տարի ղեկավարում է Տեանգանա Ռաշտրա Սամիթհ կուսակցությունը:
Նոր նահանգի ադմինիստրատիվ կենտրոնն է Հայդարաբադ քաղաքը, որը միաժամանակ նաև մայրաքաղաքի գործառույթ ունի: Կրկնակի մայրաքաղաքի կարգավիճակը կպահպանվի 10 տարի, մինչև նոր նահանգն իր սեփական մայրաքաղաքը կունենա:
Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին արդեն շնորհավորել է նոր նահանգի կապակցությամբ ու նրանց հաջող տնտեսական զարգացում մաղթել:
Սակայն այս նորությունն իր հակառակորդներն ունի: Նրանց կարծիքով, նահանգի ստեղծումը կհանգեցնի կող-կողքի ապրող ու նույն լեզվով խոսող մարդկանց մեջ տարանջատման:
Նոր միջոցի շնորհիվ պլաստիկն ավելի արագ կքայքայվի
Աստրախանի Պետական տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ստեղծել են մի միջոց, որն էականորեն արագացնում է պոլիմերային նյութերի քայքայումը, գրում է econet.ua-ն: Նորույթի հեղինակը` Աննա Կաշիրսկայան այդ միջոցը ստացել է տարածաշրջանում հողից միկրոօրգանիզմ- դիստրուկտորների անջատումով: Հեղինակների կարծիքով, մշակված կենսատեխնոլոգիան նպաստում է թունավոր նյութերի նվազեցմանը: Հաստատվել է, որ 7 տարվա ընթացքում պոլիէթիլենային թաղանթի քայքայվել է 66%-ով, իսկ մյուս պոլիմերային նյութերում թունավոր նյութերի մակարդակը էականորեն նվազել է: Նման մշակումը թույլ կտա քայքայման արգասիքները օգտագործել որպես պարարտանյութ: Ի դեպ, բնական պայմաններում պոլիմերների քայքայմանը պրոցեսը տևում է ավելի քան 100 տարի: Տարածաշրջանի ղեկավարը հայտնել է նախագծին աջակցելու պատրաստակամության մասին:
Տեղի է ունեցել Սալվադորի նոր նախագահի երդմնակալության արարողությունը
Սալվադորում հունիսի 1-ին տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Սանչես Սերենի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: Նա իր համերկրացիներին կոչ է արել միավորվել հանուն ապագա բարեկեցիկ հանրապետության:
Նա պաշտոնական արարողության ժամանակ ասել է. «Զարգացումն անհնար է առանց ժողովրդի անվտանգությունն ապահովելու ու այդ նպատակին հասնելու համար մենք պետք է միավորվենք պետության շուրջ»:
Իրանը պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազայերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ոչ վաղ անցյալում ԱՄՆ նախագահի արած այն հայտարարությանը, ըստ որի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում Իրանի դեմ ուժի կիրառումը դեռ հնարավոր է, ասել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի յուրաքանչյուր ոտնձգություն կհանգեցնի Իսրայելի ոչնչացմանը:
«Եթե Վաշինգտոնն ու նրա դաշնակիցներն ուժ ունենային Թեհրանին հարվածելու, ապա նրանք դա կանեին առանց տատանման»,-հայտարարել է գեներալը:
Մասուդ Ջազայերին հավելել է, որ Իրանի վրա հարձակման դեպքում կոչնչացվի Իսրայելը և ռազմական գործողությունները կփոխադրվի ԱՄՆ-ի տարածք:
Այս մասին տեղեկացնում է իրանակա «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:








