Դանիայի Օրհուս քաղաքի մարզապալատում շարունակվող Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնության երկրորդ փուլի խմբային մրցաշարում Սամվել Ասլանյանի թիմը` Ռուսաստանի հավաքականը, 27:29 (13:20) հաշվով զիջեց Շվեդիայի ներկայացուցիչներին: Ակնկալվում էր, որ ռուսաստանցիները կկարողանան հաղթել առաջնությունում փոփոխակի հաջողություններով հանդես եկող շվեդների թիմին և բարելավել իրենց մրցաշարային դիրքը, բայց սպասելիքները չարդարացան:
Հունվարի 21-ին Ռուսաստանի թիմը կմրցի Խորվաթիայի ընտրանիի հետ:
Երկրորդ խմբում հավաքականներն այսպես են դասավորված` 1.Ֆրանսիա (6 միավոր), 2. Խորվաթիա (4), 3. Շվեդիա (4), 4. Լեհաստան (4), 5. Ռուսաստան (0), 6. Բելառուս (0):
Արայիկ Բաղդադյան. «Փոփոխությունները չեն կարող բոլոր ըմբիշների սրտով լինել»
2013-ի մրցաշրջանը հաջող էր Հայաստանի ըմբիշների համար: Բարձր արդյունքներ ցույց տվածներից 7-ը, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացայի անցկացրած հարցման արդյունքով, տեղ զբաղեցրին տարվա լավագույն մարզիկների տասնյակում, իսկ առաջինը ճանաչվեց աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը: Հավաքականը սկսել է նոր մրցաշրջանի նախպատրաստությունը և հունվարի 13-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Մարզումները կշարունակվեն մինչև հւնվարի 27-ը: Նոր տարի է սկսվել, նաև նոր խնդիրներ են ծագել, քանի որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացան մարզիկների համար սահմանել է նոր քաշային կարգեր: Նախորդ մրցաշրջանի և առաջիկա անելիքների մասին զրուցեցինք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ:
– Մարզական լրագրողները ճիշտ են գնահատել, մարզաշխարհի ներկայացուցիչների տեսակետն էլ չի տարբերվում: Իրոք, Սաֆարյանը մեծ բարձունքներ է նվաճել և արժանիորեն է լավագույն ճանաչվել: Հայաստանի անկախացումից հետո նա մեր երկրի ներկայացուցիչներից երկրորդն է փառաբանված ազատ ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գևորգյանից հետո, որը նույն տարում ուժեղագույն է ճանաչվել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: 1997-ից հետո, եթե հիշողությունս չի դավաճանում, ոչ մի մարզաձևում այդպիսի մարզիկ չենք ունեցել:
– Ինչո՞վ է պայմանավորված ըմբիշների ցույց տված կայուն, նաև բարձր արդյունքները:
– Տարեցտարի է առաջընթացը կատարվել, և դա սպասելի էր: Հայաստանի պատանեկան, երիտասարդական հավաքականների ըմբիշները նույնպես աշխարհի, Եվրոպայի առաջնություններում պարբերաբար հաջողությունների են հասել: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ըմբիշների համար ստեղծված են բոլոր պայմանները, և որևէ այլ մարզաձևի ներկայացուցիչներ այդ առումով չեն կարող համեմատվել: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը մեծ ջանքեր է գործադրում: Ոչ միայն մարզիկների, մարզիչների, այլև թիմերին օգնող մյուս մասնագետների աշխատանքը գնահատվում է, վարձատրվում: Ի դեպ, մարզիկները տարիքն առնելով չեն շտապում հրաժեշտ տալ սպորտին` քաջ գիտակցելով, որ հաջողության հասնելու դեպքում անպայման նոր խրախուսական պարգևներ են ստանալու:
– Նոր տարվա շեմին հայտնի դարձավ, որ 2014-ի սկզբից ըմբիշների համար նոր քաշային կարգեր են սահմանվել: Դա լրացուցիչ բարդություններ չի՞ առաջացնի:
– Ազատ ոճի ըմբիշները 2016-ի օլիմպիական խաղերում հանդես են գալու 57, 65, 74, 86, 97,125 կգ քաշային կարգերում: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ազատ ոճի ըմբիշները կարողություններն են փորձելու նաև 61 և 70 կգ քաշային կարգերում: Սպասում էինք, որ փոփոխություններ կլինեն, բայց ոչ այդքան շուտ: Այդուհանդերձ, լավ է, որ մինչև օլիմպիական խաղերը մարզիկները կկարողանան հարմարվել այդ քաշային կարգերին: Փոփոխությունները չեն կարող բոլոր ըմբիշների սրտով լինել: Հայաստանի հավաքականի այն մարզիկները, որոնք նախկինում 55 կգ քաշային կարգում էին ուժերը չափում, գոհ են, որ 57 կգ քաշային կարգում են հանդես գալու: Նրանք 6-7 կգ քաշ գցելու խնդիր ունեին, այժմ այդ առումով ջանքեր քիչ են թափելու: Իսկ ահա Դավիթ Սաֆարյանի համար այնքան էլ լավ չէ, քանի որ նա նախկինում հանդես էր գալիս 66 կգ քաշայինների մրցումներում, այժմ էլ հանդես է գալու 65 կգ քաշայինների պայքարում, այսինքն` մեկ կիլոգրամով էլ պետք է պակասեցնի քաշը: Իսկ ըմբիշների համար մի քանի կիլոգրամ քաշ գցելը, կամ ավելի ծանրանալը, խնդիր է: Այնպես որ, փոփոխությունները չեն կարող աննկատ մնալ:
– Նախկինում ազատ և հունահռոմեական ոճերի ըմբիշները նույն քաշային կարգերում էին հանդես գալիս, այժմ դրանք տարբեր են. հունահռոմեական ոճի ներկայացուցիչներն օլիմպիական խաղերում հանդես են գալու 59, 66, 75, 85, 98, 130 կգ, իսկ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում նաև 71 և 80 կգ քաշային կարգերոմ: Անհասկանալի է` ինչո՞վ է երկու մրցաձևերի քաշային կարգերի այս տարբերակումը պայմանավորված:
– Անկեղծ ասած, ինձ համար էլ է անհասկանալի է: Երկու մրցաձևերի ներկայացուցիչներն էլ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կազմում են: Թե ինչու է կազմակերպության ղեկավարությունն դա նպատակահարմար համարել` պարզ չէ:
– Առաջիկա ծրագրերի մասին ի՞նչ կասեք:
– Ապրիլի 1-ին Ֆինլանդիայում մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը: Աշխարհի առաջնությունը կայանալու է սեպտեմբերի 7-14-ը Ուզբեկստանում: Մինչև այդ փորձությունները, ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք, մեր ըմբիշները կարողությունները կփորձեն միջազգային մրցաշարերում: Փետրվարի 5-7-ն Իրանում մասնակցելու ենք միջազգային մրցաշարի: Ապա մերոնք հանդես կգան Թուրքիայում: Մարտի 15-17-ը ԱՄՆ-ում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկությունը, սակայն կներկայանանք երկրորդ կազմով, քանի որ մեր առաջատար ըմբիշները նախապատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը: Աշխարհի գավաթի խաղարկությունում ուժերն են չափելու աշխարհի առաջնությունում 1-10-րդ տեղերը գրաված հավաքականները: Այդ ստուգատեսում Հայաստանը 9-րդն էր: Ապա հաջորդում էր Թուրքիայի ընտրանին: Ադրբեջանի հավաքականը, որի կազմում մեծ թվով լեգեոնականներ կան, 11-րդն էր:
– Հնարավո՞ր է, որ որևէ հավաքական հրաժարվի, և սահմանակից երկրի ներկայացուցիչները ևս պատվիրակներ ուղարկեն:
– Հրաժարվելու դեպքում մեծ տուգանքներ պետք է վճարել, իսկ դա ձեռնտու չէ: Մեր երկրի հավաքականից ԱՄՆ-ում սպասելիքները մեծ չեն լինի, սակայն երիտասարդ ըմբիշները մասնակցելով` մրցափորձ ձեռք բերելու լավ հնարավորություն կստանան:
– Մեր թիմի առաջատարը` Սաֆարյանը, Կրասնոդարում է բնակվում: Նա իր բնակավայրում մարզվո՞ւմ է:
– Եթե ուսումնամարզական հավաք չկա, ապա Դավիթն ամենօրյա պարապմունքներ է անցկացնում Կրասնոդարում: Մեր ըմբիշին մարզում է Աբդուլ Մահոմեդովը: Նա դաղստանցի է, փորձառու ըմբիշ է եղել, լավ մարզիչ, Սաֆարյանի հետ երկար տարիներ աշխատում է: Հայաստանի հավաքականը տարվա ընթացքում 110 օր ուսումնամարզական հավաք է անցկացնում, 40-50 օր էլ մրցաշարերի է մասնակցում: Դավիթը տարեվերջին որպես պարգև 4-սենյականոց բնակարան ստացավ Երևանի կենտրոնում, այնպես որ նա առաջիկայում ավելի շատ է Հայաստանում անցկացնելու, նաև մարզվելու:
– Հավաքականի կազմում, Սաֆարյանից բացի, ովքե՞ր ներուժ ունեն, որ հույսեր են ներշնչում` մեծ հաջողությունների կհասնեն:
– Արթուր Առաքելյանը (61 կգ) Եվրոպայի առաջնության շեմին` երկու օր առաջ, վնասվածք ստացավ և չմասնակցեց: Բայց նրան վստահեցինք, որ հանդես գա աշխարհի առաջնությունում, և շատ մոտ էր հաջողությանը: Մի շարք տպավորիչ հաղթանակներից հետո Արթուրը զիջեց իրանցի ըմբիշին: Մուսա Մուրթազալիևը (85 կգ) 2013-ին իրեն լավ դրսևորեց, թեև ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ժամանակ ստամոքսի խանգարումից հետո լուրջ խնդիրներ էր ունեցել: Մուսան բավարարվեց աշխարհի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսով, թեև կարող էր նաև ճանաչվել չեմպիոն: Աշխարհի ապագա չեմպիոնի հետ գոտեմարտում Մուրթազալիևը 7 միավորի առավելություն ուներ, բայց ֆիզիկական պատրաստվածությունը չբավականացրեց: Նրանից նոր մրցաշրջանում ևս կայուն մրցելույթներ և նորանոր հաջողություններ ենք ակնկալում: Ընդհանրապես սպասելիքներ ունենք հավաքականի բոլոր անդամներից:
– Հավաքականում տեղ զբաղեցնելու համար մրցակցություն կա՞:
– Թեև քաշային կարգերի թիվը 7-ից հասել է 8-ի, մրցակցությունը մեծ է: Չանտեսենք, որ օլիմպիական խաղերում ընդամենը 6 քաշային կարգեր են: Այնպես որ 61 և 70 կգ քաշային մեր ըմբիշները կարող են նաև բախտ որոնել 65 և 74 կգ քաշայինների մրցաշարերում, իսկ դա ավելի կսրի մրցակցությունը:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Տիգրան Քոթանջյանը ամրապնդում է դիրքը
Երևանում անցկացվող Հայաստանի շախմատի առաջնությունում այսօր կայացան 6-րդ տուրի հանդիպումները:
Տղամարդկանց մրցաշարի առաջատար Տիգրան Քոթանջյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ Հրանտ Մելքումյանի նկատմամբ և վաստակած 5 միավորով էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Նրան հետապնդող Արման Փաշիկյանը 1 միավոր պակաս ունի:
Վաղը կայանալիք 7-րդ տուրում կհանդիպեն Քոթամջյանը և Փաշիկյանը:
Կանանց առաջնությունում երկիշխանություն է, առջևում են երևանցի Մարիա Գևորգյանը և վանաձորցի Նարինե Գասպարյանը` 5-ական միավոր:
Տեխնիկական արդյունքներ
Տղամարդիկ
Բաբուջյան Լևոն – Տեր–Սահակյան Սամվել` ½-½
Անդրիասյան Զավեն – Փաշիկյան Արման` 0-1
Քոթանջյան Տիգրան – Մելքումյան Հրանտ` 1-0
Պետրոսյան Տիգրան – Գրիգորյան Կարեն` ½-½
Գրիգորյան Ավետիք – Հովհաննիսյան Ռոբերտ` 0-1
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Քոթանջյան Տիգրան |
5 |
|
2. |
Փաշիկյան Արման |
4 |
|
3. |
Գրիգորյան Կարեն |
3.5 |
|
4. |
Հովհաննիսյան Ռոբերտ |
3.5 |
|
5. |
Գրիգորյան Ավետիք |
3 |
|
6. |
Պետրոսյան Տիգրան |
2.5 |
|
7. |
Անդրիասյան Զավեն |
2.5 |
|
8. |
Տեր–Սահակյան Սամվել |
2.5 |
|
9. |
Բաբուջյան Լևոն |
2 |
|
10. |
Մելքումյան Հրանտ |
1.5 |
Կանայք
Ղուկասյան Սիրանույշ – Ղամբարյան Հասմիկ` 1-0
Միրզաբեկյան Սվետլանա – Սարգսյան Շուշաննա` ½-½
Գևորգյան Մարիա – Գաբոյան Սուսաննա` 1-0
Գասպարյան Նարինե – ԲաբայանԱրմինե 1-0
Հայրապետյան Աննա – Գևորգյան Անահիտ 1-0
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Գևորգյան Մարիա |
5 |
|
2. |
Գասպարյան Նարինե |
5 |
|
3. |
Սարգսյան Շուշաննա |
4.5 |
|
4. |
Ղուկասյան Սիրանույշ |
4 |
|
5. |
Բաբայան Արմինե |
3.5 |
|
6. |
Հայրապետյան Աննա |
3.5 |
|
7. |
Գաբոյան Սուսաննա |
2 |
|
8. |
Միրզաբեկյան Սվետլանա |
1.5 |
|
9. |
Գևորգյան Անահիտ |
1 |
|
10. |
Ղամբարյան Հասմիկ |
0 |
Լևոն Արոնյանը շարունակում է հաղթարշավը
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 36-րդ քայլին առավելության հասավ ֆիլիպինցի Վեսլի Սոյի նկատմամբ: Դա մեր երկրի ներկայացուցչի 3-րդ անընդմեջ հաղթանակն է:
Արոնյանը վաստակած 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Վաղը կայանալիք 7-րդ տուրում Լևոնը սևերով կմրցի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանը կխաղա ղազախական թիմում
Ի տարբերություն Լևոն Հայրապետյանի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեկ այլ խաղացող` Մարկոս Պիզելին, կխաղա Ղազախստանի «Ակտոբե» ակումբում: Ռուսական «Կրասնոդարի» 29-ամյա կիսապաշտպանը «Ակտոբեի» կազմում մասնակցում է Անթալիայում կազմակերպված ուսումնամարզական հավաքին:
Թերևս, այս տարբերակը նախընտրելի է ազգությամբ բրազիլացի ֆուտբոլիստի համար: Վերջին շրջանում նա չէր ընդգրկվում «Կրասնոդարի» մեկնարկային կազմում: Ընթացիկ մրցաշրջանում Մարկոսը ռուսական ակումբի կազմում 8 խաղի է մասնակցել և դարձել 2 գոլի հեղինակ:
Հավելենք, որ ղազախական թիմի մարզազգեստն է կրում Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Առանց գլխավոր մարզչի մնացած Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մրցակից ունի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկար ժամանակ է` գլխավոր մարզիչ չունի: Ոչ մի պատճառաբանություն չի կարող արդարացնել: Փաստորեն, չկա մարզիչ, չի կարող նաև ընտրություն լինել, ուրեմն հավաքական էլ գոյություն չունի, անգամ` թղթի վրա: Մինչդեռ փետրվարի 23-ին վիճակահանությամբ որոշվելու են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի հավաքականի մրցակիցները:
Ինչ խոսք, երբևէ կգա ժամանակը, երբ վերջ կտրվի մեր երկրի հավաքականի` դեռ անցյալ տարվանից սկսված անգործությանը:
Զարմացնում է, որ թեև Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ չունի, բայց որոշվել է, որ պետք է խաղ անցկացնի: Հայտնի է դարձել, որ հունիսի 6-ին մեր երկրի ընտրանին Մայնցի բարեգործական հանդիպումում մրցելու է Գերմանիայի հավաքականի հետ: Ի դեպ, մարտին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան թույլատրել է հավաքականներին ընկերական խաղերի մասնակցել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հրապարակավ հայտարարել էր, որ քանի դեռ թիմը գլխավոր մարզիչ չունի, հանդիպում անցկացնելու իմաստ չկա: Ու թեև ոչ մի բան չի փոխվե`, Հայաստանի հավաքականը խաղալու է:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Գերմանիայի ընտրանին 2-րդ հորիզոնականում է, իսկ Հայաստանի հավաքականը 35-րդ տեղում է:
Նախկինում մերոնք ընկերական խաղում երբեք չեն մրցել այդպիսի բարձրակարգ հավաքականի հետ: Գերմանիայի ներկայացուցիչներն աշխարհի եռակի չեմպիոն են ու Բրազիլիայում կայանալիք առաջնությունից առաջ որոշել են վերջին ստուգողական խաղը Հայաստանի ներկայացուցիչների հետ անցկացնել: Մերոնք ֆինանսական ոչ մի խնդիր չեն ունենալու: Հրավիրող կողմը ստանձնել է Հայաստանի հավաքականի ուղևորության և մնալու բոլոր ծախսերը: Ի դեպ, այս խաղի ողջ հասույթը փոխանցվելու է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և լիգայի տարբեր հիմնադրամներին:
Հայաստանի հավաքականը գերմանական թիմի հետ նախկինում երկու խաղ է անցկացրել1998-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում և պարտվել 1:5, 0:4 հաշիվներով:
Առայժմ պարզ չէ, թե ով է Հայաստանի ընտրանին խաղադաշտ դուրս բերելու, քանի որ գլխավոր մարզչի որոնումները շարունակվում են:
Տարբեր թեկնածուների անուններ են տրվում, սակայն արդյունք չի երևում: Ակնհայտ է, որ լավ մասնագետին պետք է համապատասխան չափով վճարել… Ֆինանսական ռիսկ կա. ոչ-ոք չի կարող երաշխավորել, որ ցանկալի արդյունք կստացվի: Դա է հապաղելու պատճառը: Մի բան ակնհայտ է` ներուժ ունեցող թիմ կարելի է հավաքել, և այն պետք է այնպիսի մասնագետ գլխավորի, որն ի վիճակի լինի թիմը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս բերել:
Ի դեպ, ցավալի մի երևույթ է նկատվում: Արտասահմանյան թիմերում հանդես եկող Հայաստանի հավաքականի թեկնածուներն աստիճանաբար տեղափոխվում են ղազախական ակումբներ: Մի կողմից լավ է, որ այդ ֆուտբոլիստներն ավելի հաճախակի մարզադաշտ դուրս գալու, խաղալու հնարավորություն են ստանալու, մյուս կողմից էլ տխրեցնում է, որ ոչ այնքան բարձրակարգ առաջնությունում են մերոնք հանդես գալու և իրենց խաղամակարդակը բարձրացնելու սահմանափակ հնարավորություններ են ունենալու:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետագա ճակատագրին, ապա այն անորոշ է: Խոսվում էր, որ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Կազանի «Ռուբինը», բայց պարզվում է, որ հայ մասնագետն անգամ առաջարկ չի ստացել, իսկ օրերս այդ ակումբի գլխավոր մարզիչ նշանակվեց Ռինատ Բիլյալետդինովը:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայ հանդբոլիստի հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնությունում
Դանիայի Օրհուս քաղաքի մարզապալատում ավարտվեց հանդբոլիստների Եվրոպայի առաջնության C խմբի մրցաշարը: Ռուսաստանի հավաքականը, որի կազմում է Սամվել Ասլանյանը, խմբային մրցաշարի վերջին խաղում 22:24 հաշվով պարտվեց Լեհաստանի թիմին: Ընդ որում, առաջին խաղակեսի ավարտից հետո, ռուսաստանցիներն առջևում էին 14:10 հաշվով, բայց նրանք չկարողացան պահպանել առավելությունը:
Նույն խմբում հանդես եկող Ֆրանսիայի հավաքականն էլ 31:28 հաշվով հաղթեց Սերբիայի ներկայացուցիչներին:
Ի վերջո, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1.Ֆրանսիա (6 միավոր), 2. Լեհաստան (2), 3. Ռուսաստան (2), 4. Սերբիա (2 միավոր): Պայքարը կշարունակեն առաջին երեք հորիզոնականները զբաղեցնողները: Լրացուցիչ ցուցանիշներով վերջին տեղում հայտնվեց Սերբիայի ընտրանին:
Հաջողակ 12 հավաքանները երկու խմբերում են:
Առաջին խումբ. 1. Իսպանիա (4 միավոր), 2. Դանիա (4), 3. Մակեդոնիա (2), 4. Իսլանդիա (1), 5. Հունգարիա (1), 6. Ավստրիա (0):
Երկրորդ խումբ. 1. Խորվաթիա (4), 2. Ֆրանսիա (4), 3. Շվեդիա (2), 4. Լեհաստան (2), 5. Ռուսաստան (0), 6. Բելառուս (0):
Լևոն Հայրապետյանը շարունակում է մնալ առանց թիմի
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Լևոն Հայրապետյանի մարզական հետագա ճակատագիրն անորոշ է: Նա փորձաշրջան է անցկացրել Ղազախստանի «Ակտոբե» թիմում, սակայն վերջինիս ղեկավարությունը աշխատանքային պայմանագիր չի կնքել:
Հայրապետյանը նախորդ տարվա վերջից ազատ խաղացողի կարգավիճակ ունի: Նա մինչև այդ լեհական «Վիձևի» ֆուտբոլիստ էր:
Լևոն Արոնյանը հաղթեց Արկադի Նայդիչին
Հոլանդիայի Վեյկ ան Զեեի քաղաքի մարզապալատում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, 57-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել գերմանացի Արկադի Նայդիչին: Հայ գրոսմայստերը վաստակած 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
3,5 միավոր ունի ֆիլիպինցի Վեսլի Սոն, որը սպիտակներով հաղթեց իսրայելցի Բորիս Գելֆանդին:
Վաղը կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը կմրցի Սոյի հետ:
Հնարավոր է Արթուր Սարկիսովը նոր փորձաշրջան անցնի «Ուրալում»
Ինչպես հայտնի է, Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլի ակումբի ղեկավարությունը վաճառքի է հանել 5 ֆուտբոլիստի, այդ թվում նաև Էդգար Մանուչարյանին և Արթուր Սարկիսովին: Այդուհանդերձ, հնարավոր է, որ վերջինս շարունակի կրել ռուսական այդ ակումբի մարզազգեստը:
Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը, նրա օգնական Պողոս Գալստյանը, մարզչական շտաբի ներկայացուցիչները կարծում են, որ Սարկիսովի խաղաոճը համապատասխանում է «Ուրալի» խաղային ձեռագրին և նա կարող է օգտակար լինել:
Թիմի առջև խնդիր է դրվել պահպանել տեղը Ռուսաստանի առաջնության բարձրագույն խմբում:
26-ամյա հայ հարձակվողն ընթացիկ առաջնության 13 խաղերում միայն մեկ գնդակ է խփել մրցակիցների դարպասը:
«Ուրալի» խաղացողների արձակուրդն ավարտվել է, թիմն անցկացրել է առաջին մարզումները: Հունվարի 21-ին Թարխանովի սաներն ձմեռային առաջին ուսումնամարզական հավաքն են անցկացնելու ԱՄԷ-ում: Այնպես որ, հնարավոր է Սարկիսովը նոր փորձաշրջան անցնի:
Մադրիդի «Ռեալը» սխալվել է, երբ վաճառել է Օզիլին
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը ներկայումս դժվարություններ ունի: Եվ ահա, թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ափսոսանք է հայտնել, որ վաճառվել է թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլը: Նա ներկայումս հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալի» կազմում և իրեն լավագույնս է դրսևորում:
Անչելոտին գտնում է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն իր խաղով կարող էր մեծ օգուտ բերել «Ռեալին»: Նա չի թաքցրել, որ, վաճառելով Օզիլին, սխալվել են:
Մենասահորդ Սարգիս Հայրապետյանը չի շարունակի պայքարը Եվրոպայի առաջնությունում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 21-ամյա մեսահորդ Սարգիս Հայրապետյանը, կարճ ծրագրի կատարումից հետո, 35 մասնակիցների պայքարում եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
Նա չի մասնակցի 24 ուժեղագույնների մրցավեճին, որը կայանլու է հունվարի 18-ին:
2014-ի մրցաշրջանը երկաթախաղի մեր երկրի ներկայացուցիչների համար հագեցած է լինելու
Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Անկախին» տեղեկացրեց, որ 2014-ի մրցաշրջանը երկաթախաղի մեր երկրի ներկայացուցիչների համար հագեցած է լինելու:
Գլխավոր փորձությունը նոյեմբերի 4-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք աշխարհի տաղամարդկանց և կանանց առաջնություններն են, որոնք, որոնք օլիմպիական խաղերի համար վարկանիշային են: Մինչ այդ` ապրիլի 5-12-ը Թել Ավիվում (Իսրայել) անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականի կազմը հայտնի կդառնա Երևանում փետրվարի 19-22-ը կայանալիք մեր երկրի առաջնությունից հետո, որին մասնակցելու են բոլոր ուժեղագույնները:
Սամվել Ասլանյանի թիմին Եվրոպայի առաջնությունում այսօր լուրջ փորձություն է սպասում
Դանիայում շարունակվող հանդբոլի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում Սամվել Ասլանյանի թիմը` Ռուսաստանի հավաքականը, այսօր կմրցի Լեհաստանի ներկայացուցիչների հետ (C խումբ):
Նախորդ տուրում Ռուսաստանի ընտրանին 27:25 հաշվով հաղթել էր Սերբիայի հավաքականին, իսկ լեհ հանդբոլիստները դժվարին խաղ էին անցկացրել Ֆրանսիայի թիմի հետ և պարտվել 27:28 հաշվով:
Այսօր կկայանա նաև Սերբիա-Ֆրանսիա մրցամարտը:
Ֆրանսիայի հավաքականը վաստակել է 4 միավոր և, անկախ վերջին խաղի արդյունքից, պայքարը շարունակելու իրավունք է ստացել: 2-ական միավորով հաջորդում են Սերբիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Ոչ մի միավոր չի վաստակել Լեհաստանի հավաքականը: Այդուհանդերձ, վերջինս շատ ուժեղ է, և Ռուսաստանի թիմին լուրջ փորձություն է սպասում:
Շախմատի Հայաստանի առաջնություն. 5-րդ տուր
Երևանում շարունակվող Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց առաջանության աղյուսակը շարունակում է գլխավորել Տիգրան Քոթանջյանը, իսկ ահա կանանց առաջնությունում եռիշխանություն է: Առջևում են` Մարիա Գևորգյանը, Նարինե Գասպարյանը, Շուշաննա Սարգսյանը:
Տեխնիկական արդյունքներ
5-րդ տուր
Տղամարդիկ
Գրիգորյան Ավետիք – Բաբուջյան Լևոն` 1-0
Հովհաննիսյան Ռոբերտ – Պետրոսյան Տիգրան` 0,5-0,5
Գրիգորյան Կարեն – Քոթանջյան Տիգրան` 0,5-0,5
Մելքումյան Հրանտ – Անդրիասյան Զավեն` 0-1
Փաշիկյան Արման – Տեր-Սահակյան Սամվել` 1-0
ԱՂՅՈւՍԱԿ
1. Քոթանջյան Տիգրան 4
2. Գրիգորյան Կարեն 3
3. Գրիգորյան Ավետիք 3
4. Փաշիկյան Արման 3
5. Հովհաննիսյան Ռոբերտ 2.5
6. Անդրիասյան Զավեն 2.5
7. Տեր-Սահակյան Սամվել 2
8. Պետրոսյան Տիգրան 2
9. Մելքումյան Հրանտ 1.5
10. Բաբուջյան Լևոն 1.5
Կանայք
Հայրապետյան Աննա – Ղուկասյան Սիրանույշ` 0-1
Գևորգյան Անահիտ – Գասպարյան Նարինե` 0-1
Բաբայան Արմինե – Գևորգյան Մարիա` 0,5-0,5
Գաբոյան Սուսաննա – Միրզաբեկյան Սվետլանա` 1-0
Սարգսյան Շուշաննա – Ղամբարյան Հասմիկ` 1-0
ԱՂՅՈւՍԱԿ
1. Գևորգյան Մարիա 4
2. Գասպարյան Նարինե 4
3. Սարգսյան Շուշաննա 4
4. Բաբայան Արմինե 3.5
5. Ղուկասյան Սիրանույշ 3
6. Հայրապետյան Աննա 2.5
7. Գաբոյան Սուսաննա 2
8. Միրզաբեկյան Սվետլանա 1
9. Գևորգյան Անահիտ 1
10. Ղամբարյան Հասմիկ 0
Վլադիսլավ Արտեմևը` Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է
«Pluri Consultoria» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը։
Եվ ահա, Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» 24-ամյա խաղացող Հենրիխ Մխիթարյանն այդ ցուցակում 53-րդ տեղում է։ Հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը 29,2 մլն եվրո է։ Նրան գերմանական ակումբը գնել էր 27,5 մլն եվրոյով:
Ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունի «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ 26-ամյա ֆուտբոլիստն արժե 138,1 մլն եվրո։ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջորդում է նրան` 107,3 մլն եվրո: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը երրորդ տեղում է՝ 71,3 մլն եվրո։
Վերջին 10 տարում Հայաստանից որակազրկվել է 24 մարզիկ
Առայժմ հայտնի չէ թե Հայաստանից քանի մարզիկ կմասնակցի Սոչիում փետրվարի 7-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերին: Բայց Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ստուգման է ենթարկել հավանական մեր բոլոր հինգ թեկնածուներին: Հունվարի 16-ին վերցված նմուշները ուղարկվել են Ավստրիայի լաբորատորիա: Արդյունքների պատասխանը կիմացվի 10 օր հետո:
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA / հրապարակել է ամենաշատ որակազրկված մարզիկներ ունեցող երկրների ցանկը` վերջին մեկ և հինգ տարվա կտրվածքով:
Ստորև ներկայացնում ենք տասնյակները . 2013 թ. ԱՄՆ` 63 որակազրկված մարզիկ – մարզուհի, Հնդկաստան ` 61, Իտալիա և ՌԴ` 54 – ական, Ֆրանսիա` 16, Ավստրալիա և Ղազախստան`13 – ական, Ուկրաինա , Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա` 12 – ական:
2008-2013 թթ . Հնդկաստան` 476 մարդ , ՌԴ` 394, ԱՄՆ` 301, Իտալիա` 218, Ֆրանսիա ` 155, Չեխիա` 140, Ավստրալիա` 131, Մեծ Բրիտանիա` 102, Շվեդիա` 97 և Հարավային Աֆրիկա `95:
Վերջին 10 տարում Հայաստանից որակազրկվել է 24 մարզիկ:
Հիշեցնենք , որ Սոչիի խաղեր մեկնող մեր պատվիրակների անունները հայտնի կդառնան հունվարի 21-ին :
Հայաստանի շախմատիստուհիների առաջնության հերթական տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին կողմերից մեկի հաղթանակով
Երևանում ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնություններում կայացան չորրորդ տուրի հանդիպումները: Կանանց մրցաշարի բոլոր պարտիաներն ավարտվեցին կողմերից մեկի հաղթանակով:
Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը գլխավորում է Տիգրան Քոթանջյանը, կանանց մրցաշարի առաջատարն է`Մարինա Գևորգյանը:
Տեխնիկական արդյունքներ
Տղամարդիկ
Լևոն Բաբուջյան -Արման Փաշիկյան՝ 0:1
Սամվել Տեր-Սահակյան – Հրանտ Մելքումյան՝ 1:0
Զավեն Անդրիասյան – Կարեն Գրիգորյան՝ 0,5։ 0,5
Տիգրան Քոթանջյան – Ռոբերտ Հովհաննիսյան՝ 1:0
Տիգրան Պետրոսյան – Ավետիք Գրիգորյան՝ 0:1
Աղյուսակ
1. Տիգրան Քոթանջյան՝ 3,5
2. Կարեն Գրիգորյան՝ 2,5
3. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2
4. Սամվել Տեր-Սահակյան՝ 2
5. Արման Փաշիկյան՝ 2
6. Ավետիք Գրիգորյան՝ 2
7. Հրանտ Մելքումյան՝ 1,5
8. Լևոն Բաբուջյան՝ 1,5
9. Զավեն Անդրիասյան՝ 1,5
10. Տիգրան Պետրոսյան՝ 1,5
Կանայք
Սիրանուշ Ղուկասյան -Շուշաննա Սարգսյան՝ 1:0
Հասմիկ Ղամբարյան – Սուսաննա Գաբոյան՝ 0:1
Սվետլանա Միրզաբեկյան – Արմինե Բաբայան՝ 0:1
Մարիա Գևորգյան – Անահիտ Գևորգյան՝ 1:0
Նարինե Գասպարյան -Աննա Հայրապետյան՝ 1:0
Աղյուսակ
1. Մարիա Գևորգյան՝ 3,5
2. Նարինե Գասպարյան՝ 3
3. Շուշանիկ Սարգսյան՝ 3
4. Արմինե Բաբայան՝ 3
5. Աննա Հայրապետյան՝ 2,5
6. Սիրանույշ Ղուկասյան՝ 2
7. Սվետլանա Միրզաբեկյան՝ 1
8. Սուսաննա Գաբոյան՝ 1
9. Անահիտ Գևորգյան՝ 1
10. Հասմիկ Ղամբարյան՝ 0
Լևոն Արոնյանը` միանձնյա առաջատար
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող «Tata Steel» շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 44-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Արոնյանը վաստակած 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հունվարի 17-ին հայ գրոսմայստերը կմրցի գերմանացի Արկադի Նայդիչի հետ։
Տեխնիկական արդյունքներ
չորրորդ տուր
Բորիս Գելֆանդ (Իսրայել) – Արկադի Նայդիչ (Գերմանիա)՝ 0,5։0,5
Անիշ Գիրի (Հոլանդիա) – Ուեսլի Սո (Ֆիլիպիններ)՝ 0,5։0,5
Լենյեր Դոմինգես (Կուբա) – Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 1։0
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 1։0
Լյուկ վան Վելի (Հոլանդիա) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 0,5։0,5
Մասնակիցների դասավորությունը
| 1. | Արոնյան | 3 |
| 2. | Հարիկրիշնա | 2½ |
| 3. | Կարյակին | 2½ |
| 4. | Սո | 2½ |
| 5. | Գիրի | 2½ |
| 6. | Դոմինգես | 2 |
| 7. | Կարուանա | 2 |
| 8. | Նակամուրա | 2 |
| 9. | վան Վելի | 1½ |
| 10. | Ռապորտ | 1½ |
| 11. | Նայդիչ | 1 |
| 12. | Գելֆանդ | 1 |
