Հոջող մրցելույթներ Իրանում և Լեհաստանում

հեծ imagesՀայաստանի հեծանվորդները հաջող են հանդես են եկել Իրանում և Լեհաստանում զուգահեռաբար անցկացված միջազգային մրցաշարերում:

Ասիական լիգայի բաց առաջնությունում, 100  մ  միջանկյալ  վերջնագծով խմբային մրցավազքում,  երրորդ տեղը գրավել է երևանցի Էդվարդ Մաթոսյանը (առաջին և երկրորդ տեղերին արժանացել են համապատասխանաբար Իրանի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները):

Վարշավայում իրար հաջորդած երկու մրցումներում հաջող է մասնակցել նույն մարզադպրոցի  պատվիրակ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա երրորդն էր հրապարակային `  3 կմ հետապնդումով մրցավազքում: Երեւանցի հեծանվորդը հաջողությունը զարգացրեց Լեհաստանի երիտասարդական բաց առաջնությունում: Վարշավայում,  68 կմ խճուղային հեծանվավազքի կրիտերիում մրցաձևում Հովհաննեսը գրավեց երկրորդ տեղը:

ԱՄՆ-ում սրտի կանգից մարաթոնի 2 մասնակից է մահացել

i (3)ԱՄՆ-ում Նյու Յորքի մարաթոնի ժամանակ մահացել է 51-ամյա մի տղամարդ, իսկ  Պիտսբուրգում` 23-ամյա մի երիտասարդ:

Նյու Յորքում ամեն տարի մայիսի առաջին շաբաթ “Հինգ շրջան” անվանումով հեծանվամարաթոն է կազմակերպվում, որի երթուղին ձգվում է ողջ մեգապոլիսի տարածքով: Այս տարի մարաթոնին մասնակցում է ր շուրջ 32 հազար մարզիկ:

Ավանդական սպորտային միջոցառման մասնակիցներից 51-ամյա  մի տղամարդ է մահացել Նյու Յորքի  հեծանվամարաթոնի ժամանակ` սրտի անբավարարությունից: Նմանատիպ պատճառով է մահացել է 23-ամյա մի երիտասարդ` Պիտսբուրգում  կազմակերպված մարաթոնի ժամանակ, որին մասնակցում էր 23 հազար վարորդ::

Հաղթանակները վստահություն են ներշնչել

հանդբոլՔիչ ժամանակ է մնացել Վիեննայում կայանալիք մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության 5-րդ խմբի ընտրական մրցաշարի մեկնարկին: Այն մայիսի 17-19-ը կայանալու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Տանտերերի թիմից բացի, այդ ստուգատեսում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են  նաև Հոլանդիայի և Բուլղարիայի ներկայացուցիչները:

Բոլորն էլ ուժեղ են, այդ երկրներում հանդբոլը բարձր մակարդակի վրա է: Եվրոպական երկրների թիմերի խաղացողները միջազգային մրցաշարերի մասնակցելու և խաղային փորձ կուտակելու մեծ հնարավորություններ ունեն: Մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչների հնարավորությունները սահմանափակ են:

Ստուգատեսին նախապատրաստվող մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի ընտրանին օրերս  ուղևորվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Հայաստանի և Վրաստանի հանդբոլի ֆեդերացիաների միջև սերտ փոխհամագործակցություն կա, և երկու երկրների ներկայացուցիչները հաճախակի են փոխայցելություններ կատարում: Ստուգողական հանդիպումներ են կազմակերպվում, և երկու երկրների ներկայացուցիչները միմյանց հետ խաղալու հնարավորություն են ստանում:

Ահա մեր երկրի մարզուհիների ընտրանին  չորս խաղ անցկացրեց իր հասակակիցների թիմերի հետ և բոլոր հանդիպումներն էլ ավարտեց իր օգտին: Հայաստանի հավաքականն առավելության հասավ «Կվարելիի» (30:20), «Մարտվեի» (28:20), «Իմեդիի» (35:28), Թբիլիսիի հավաքականի (31:21) նկատմամբ:

Ինչ խոսք, մերոնք բարձր տրամադրությամբ կմեկնեն Վիեննա` եվրոպական ստուգատեսին մասնակցելու համար:

Թե ինչ տվեցին ստուգողական խաղերը, հարցրինք Հայաստանի հավաքականի մարզիչներին: Ահա թե ինչ ասացին նրանք.

 Անահիտ Հարությունյան.- Վերջին շրջանում Վրաստանում կանանց հանդբոլն առաջադիմել է, և մեր մրցակիցներն արժանի խաղեր ցուցադրեցին: Հայաստանի հավաքականի համար ստուգողական հանդիպումները շատ կարևոր էին: Փաստորեն, մեր թիմի խաղացողներին գործնականում ստուգելու առիթ էր ստեղծվել: Բացահայտվեց, որ անելիքներ ունենք, և հնարավոր է ավելի լավ նախապատրաստվել առաջիկա փորձությանը: Պարզապես ժամանակը սահմանափակ է: Աղջիկս` Անի Ասատրյանը,  մեր թիմի առաջատարն է, և ուրախալի է, որ նա աստիճանաբար վերականգնում է իր լավ մարզավիճակը:

Աստղիկ Գյուրջինյան.- Ինչպես հայտնի է, մեր թիմի հիմնական դարպասապահ Անուշ Բիլյանը վնասվածք է ստացել, վիրահատվել և չի կարող օգնել թիմին: Նրան արժանի փոխարինող գտնելը դժվար է: Մտավախություն ունեինք, բայց Սոֆիկ Թորոսյանը, որը 5 ամիս է, ինչ մեր թիմի հիմնական դարպասապահի դերում է, զգալիորեն բարելավել է իր խաղամակարդակը: Թբիլիսիում նա հուսալի խաղ ցուցադրեց: Առաջիկայում պետք է փորձենք ուղղել այն սխալները, որոնք հավաքականը թույլ է տալիս: Պետք է աշխատել, որ հարվածները դարպասին ավելի դիպուկ լինեն: Աշխատանք կա թիմի տեխնիկատակտիկական խաղամակարդակը բարելավելու ուղղությամբ: Հոգեբանական առումով այս հաղթանակները վստահություն են ներշնչել թիմի խաղացողներին:

 

Ինչպես «գողացան» Արթուր Դավթյանի արծաթե մեդալը

ԴավթյանՄարմնամարզության Եվրոպայի երրորդ անընդմեջ առաջնությունից Հայաստանի ներկայացուցիչը վերադառնում է մեդալով: 2011-ին Բեռլինում և 2012-ին Մոնպելյեում կայացած ստուգատեսներում նժույգաթափերում բրոնզե պարգևի էր արժանացել Հարություն Մերդինյանը: Եվ ահա օրերս Մոսկվայում հին աշխարհամասի բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր Դավթյանը: Հենացատկերում մեր երկրի ներկայացուցիչը պետք է արծաթե մեդալակիր դառնար, սակայն նա անդրկուլիսյան խարդավանքների զոհ է դարձել: Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված ստուգատեսի, կատարված կողմնակալ մրցավարության մասին պատմեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը:

– Հայաստանից 5 մարմնամարզիկ էր մասնակցում, սպասում էինք, որ ցանկալի արդյունք կլինի: Նախատեսել էինք, որ մեր երկու բազմամարտիկները նախնական փուլի մրցելույթներից հետո պայքարը կշարունակեն եզրափակչում` 24 լավագույնների խմբում: Այդպես էլ եղավ: Ի վերջո, Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը բազմամարտում զբաղեցրին համապատասխանաբար 8-րդ և 19-րդ տեղերը: Ընդ որում, այս մրցաձևում պարգևատրվում են մինչև 8-րդ տեղը գրավողները: Եվրոպայում այսպիսի ցուցանիշ ունենալը պատվաբեր է: Բազմամարտի առանձին մրցաձևերի եզրափակիչներում էլ մասնակիցներ ունեինք: Դավթյանը 3-րդն էր իր նախասիրած մրցաձևում` հենացատկերում: Իսկ Հարություն Մերդինյանը 5-րդը ճանաչվեց նժույգաթափերում: Երկուսն էլ առանց սայթաքումների հանդես եկան: Մեր մարմնամարզիկների մրցելույթից  գոհ ենք:

Իսկ որ Արթուր Դավթյանը կողմնակալ մրցավարությունից տուժել է, դա ոչ թե միայն մենք ենք նկատել, այլև տարբեր երկրների մասնագետներ: Ընդ որում, մեզ էին մոտենում  մարդիկ, որոնց հետ նախկինում չէինք շփվել: Միասնական տեսակետն այն է, որ  Արթուր Դավթյանը պետք է արծաթե մեդալակիր դառնար: Հենացատկերի գլխավոր մրցավար, ռուսաստանցի Դմիտրի Անդրեևի հետ, որին լավ եմ ճանաչում, սպասարկել եմ միջազգային տարբեր ստուգատեսներ: Նա ինձ  ասաց, որ այդ հարցում ներողամիտ լինենք: Երկրորդ մրցանակակիրը ռումինացի Ֆլաուս Կոչին է: Բանն այն է, որ Ռումինիայի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահն է: Ի դեպ, ինքս մրցավարական աշխատանքներում պարբերաբար ներգրավված եմ լինում և նկատել եմ, որ ռումինացի մարմնամարզիկները միշտ էլ ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան արժանի են: Մրցավարների երկյուղն է պատճառը, թե այլ հանգամանք, սակայն այդ գործոնն ակնառու է: Օրինակ` եթե կատարված վարժություններում որևէ բան կասկածելի է, ապա Հայաստանի ներկայացուցիչների գնահատականից միավորներ են հանվում, իսկ ռումինացիներին այդպիսի իրավիճակում ընդառաջում են: Ի դեպ, Կոչին Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր: Նա մեր մարզիկից առաջ անցավ 0,021 միավորով: Դավթյանի ցուցանիշն է` 14,866 միավոր:

 – Շա՞տ էիք սրտնեղել:

– Կարծում էինք, թե Արթուրն արդեն 2-րդ մրցանակակիր է: Նա առաջինն էր ավարտել մրցելույթը: Ռումինացին վերջինն էր հանդես գալիս: Բարձր գնահատական ստանալու համար նա պետք է ցատկը կատարեր օդում ուղիղ դիրքով, բայց սխալվեց` ծալվեց: Ըստ սահմանված կարգի, մարմնամարզիկի կատարած վարժությունների  բարդության միավորներից պետք է առնվազն նվազեցվեր 0,8 միավոր: Բայց նա ստացավ այն գնահատականը, որն անհրաժեշտ էր մեր մարզիկին շրջանցելու համար: Չեմ կարող ասել, թե  կողային մրցավարները միտումնավոր են դա արել: Նրանց խնդիրը սխալները հաշվարկելն է, իսկ վարժությունների բարդությունը որոշում է տվյալ մրցաձևի գլխավոր մրցավարը:

Հրաժեշտի ճաշկերույթի ժամանակ, երբ միասին սեղանի շուրջն էինք նստած, Անդրեևը դա խոստովանեց: Կոչին էլ մեզ մոտեցավ և անձամբ հայտնեց, որ իր մրցելույթից դժգոհ է, և Հայաստանի ներկայացուցիչը պետք է կանգներ պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին: Նրան պատասխանեցի, որ ինքը մեղք չունի: Այսպես ահա մեզանից «գողացան» արծաթե մեդալը: Թերևս մեր մեղքը միայն այն էր, որ մրցումներից առաջ բրոնզե պարգևի տիրանալը երազանք էինք համարում: Մինչդեռ մեր մարմնամարզիկները ներկայումս կարող են պայքարել նաև ազնիվ փայլով մեդալների համար: Ի դեպ, պայքարը շատ լուրջ էր, և հաղթեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Դենիս Աբլյազինը: Ընդ որում, մեր մարզիկը շրջանցեց օլիմպիական խաղերի մրցանակակրի, նաև տիտղոսակիր մի շարք մարզիկների և իր մարզական կենսագրությունում ամենամեծ հաջողությանը հասավ: 20-ամյա Դավթյանը նախկինում` 2010-ին, դարձել էր հենացատկերի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, որից հետո վարկանիշ էր ձեռք բերել և 2012-ին հանդես եկել Լոնդոնում կազմակերպված օլիմպիական խաղերում:

  – Եվրոպայի վերջին երկու առաջնություններում մեդալներ նվաճելուց հետո ինչո՞ւ Մերդինյանն այս անգամ ձեռնունայն մնաց:

– Նա վերջին տարիների իր ամենալավ մրցելույթն ունեցավ: Ինքս առաջադրանք եմ տալիս անել առավելագույնը, իսկ թե հետո ինչ տեղում կհայտնվի, դա այլ խնդիր է: Մերդինյանն իր մարզական կենսագրությունում ամենաբարձր գնահատականն է ստացել (15,366), ավելի բարձր, քան Եվրոպայի նախորդ առաջնություններում: Դա Մերդինյանի համար ռեկորդային ցուցանիշ է: Եվրոպայի նախորդ առաջնություններում 29-ամյա մեր մարզիկը 14,975 և 15,3 միավորներով մրցանակակիր էր դարձել, բայց այս անգամ չստացվեց: Բանն այն է, որ մոսկովյան ստուգատեսում մրցակցությունը շատ ուժեղ էր: Նժույգը եվրոպական մարզագործիք է համարվում: Աշխարհի առաջնությունում 1-8-րդ տեղերը գրավողները հին աշխարհամասի ներկայացուցիչներ են: Ընդ որում, օլիմպիական խաղերի չեմպիոն, հունգարացի Քրիստիան Բերկին ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Չեմպիոն դարձավ  անգլիացի Դանիել Քեյտինգը: Նրա հայրենակից Մաքս Վիտոկը, որն օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր է, Եվրոպայի առաջնությունում էլ 3-րդն էր: 4-րդն օլիմպիական խաղերում 4-րդ տեղը գրաված իտալացի Ալբերտո Բուսնարին էր: Ընդ որում, Մերդինյանը միավորներով շատ մոտ էր մրցանակակիր դառնալու: Վիճակահանությամբ մեր մարզիկը առաջինը սկսեց մրցելույթը, իսկ դա մարմնամարզիկների համար անցանկալի է: Եվ նա վստահ կատարեց վարժությունները, պատվով դուրս եկավ այդ փորձությունից:

 – Հայաստանի հավաքականի մարմնամարզիկների համար մեդալի արժանանալու այլ հնարավորություններ չկայի՞ն:

– Վահագն Դավթյանից և Արթուր Թովմասյանից սպասելիքներ ունեինք օղակներով վարժություններում: Վերջինիս խանգարեց թեթև վրիպումը: Իսկ Վահագնը կատարեց վարժությունը, նա 11-րդն էր, պահեստային էր, սակայն եզրափակչին մասնակցելու հանարավորություն չստացավ:

 – Սեպտեմբերի վերջին Բելգիայի Անթվերպեն քաղաքի մարզապալատում մեկանարկելու է աշխարհի առաջնությունը: Ի՞նչ նկատառումներով այդ ստուգատեսին կնախապատրաստվի Հայաստանի ընտրանին:

– Մեր երկրից 2-3 մարզիկ հանդես կգա այդ ստուգատեսում: Թիմային պայքարին չենք մասնակցի, քանի որ պետք է 6 մարզիկ մրցահարթակ դուրս բերել: Մինչդեռ ֆինանսական հնարավորություններ չունենք լրիվ կազմով հավաքական մրցավայր գործուղելու համար: Այդուհանդերձ, ամեն ինչ արվելու է, որ 2014-ին մասնակցենք  աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ 24 լավագույններն իրավունք են ստանալու կարողությունները փորձելու օլիմպիական վարկանիշային ստուգատեսում: Հավանական է, որ աշխարհի առաջնությունում կարողությունները կփորձեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և 30-ամյա Վահագն Ստեփանյանը: Վերջինս նժույգի վրա վարժությունների բարդ ծրագիր է պատրաստում: Բոլորն էլ եզրափակիչ մտնելու համար են պայքարելու:

 – Պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի ուղեգիր նվաճելու ուղղությամբ ի՞նչ է արվում:

– 16-ամյա Վիգեն Խաչատրյանը շնորհալի մարմնամարզիկ է, և նրա հետ մեծ հույսեր ենք կապում: 2014-ի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը վարկանիշային է: Վստահ եմ, որ նա ուղեգրի կտիրանա: Դրա համար բազմամարտում անհրաժեշտ է լինել 16 լավագույնների շարքում: Հուլիսին Հոլանդիաում անցկացվելու է Եվրոպայի երիտասարդական օլիմպիական օրեր փառատոնը: Վիգենը կփորձի կարողությունները: Նրանից բացի, մեր երկրից հանդես է գալու ևս երկու մարմնամարզիկ:

Թուրքմենիայի նախագահն ընկել է ձիուց

konԹուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընկել է ձիուց արշավի ժամանակ,հայտնում են ԶԼՄ-ները: Դեպքը կատարվել է ապրիլի 28-ին,սակայն իշխանությունները փորձում էին այդ տեղեկությունը թաքցնել:

Բերդիմուհամեդովը մասնակցում էր ձիարշավին ու եզրագծի մոտ թամբից ընկել է, որովհետև ձին է  սայթաքել: Երկրի ղեկավարին մրցույթից տարել են  շտապօգնության մեքենայով: Կես ժամ տրիբունայում լռություն է տիրել, ոմանք նույնիսկ լաց են եղել: Լրագրողներին խնդրել են ոչինչ  չհայտնել ու ոչնչացնել բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը:

40 րոպեից պետության ղեկավարը կրկին ներկայացել է, ու  ժողովուրդն իր նախագահին դիմավորել է ծափահարություններով:

 

Խիստ պատիժ` արգելված դեղամիջոց օգտագործելու համար

1559871_20130430144507.gif2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում ռուսաստանցի սկավառականետորդուհի Դարյա Պիշչալնիկովան դարձել էր արծաթե մեդալակիր: Բայց բացահայտվել է որ մարզուհին արգելված դեղամիջոց է օգտագործել` օկսանդրոլոն:

Աթլետիկայի Ռուսաստանի ֆեդերացիայի վճռով նա որակազրկվել է 10 տարով և ստիպված է ետ վերադարձնել օլիմպիական պարգևը:

2012-ի մայիսի 20-ից հետո սկավառականետորդուհու ցույց տված  բոլոր արդյունքները չեղյալ են համարվել:

Պիշչալնիկովան օլիմպիական խաղերում  սկավառակը նետել էր 67 մ 56 սմ: Նա իրենից առաջ էր թողել միայն խորվաթուհի Սանդրա Պերկովիչին` 69 մ 11 սմ:

 

Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է

Ջրագնդակ3_1351441294Վրաստանի Բաթում քաղաքում կազմակերպված ջրագնդակի միջազգային մրցաշարին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը: Պայքարի ոլորտ էր ներգրավվել 6 թիմ: Ի վերջո, մեր երկրի ներկայացուցիչները հանգրվանեցին 4-րդ հորիզոնականում:

Մրցաշարի լավագույն կենտրոնական հարձակվող ճանաչվեց Հայաստանի թիմի անդամ Վոլոդյա Կարապետյանը:

 

Աշտարակացատկորդ Վլադիմիր Հարությունյանը` երկրորդ մրցանակակիր

Ջրացատկ 111111Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած ջրացատկի միջազգային մրցաշարում  Վլադիմիր Հարությունյանը աշտարակացատկերում գրավեց երկրորդ տեղը: Նա իրենից առաջ թողեց միայն  պատանիների Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Նիկիտա Շելիխերին:

Հայաստանի հրացանակիրների հաջող մրցելույթները Թբիլիսիում

սուսերimagesՊատանի հայ սուսերամարտիկները հաջող են հանդես եկել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարում: Վրաստան մեկնած 10 պատանի մարզիկներից 5-ը գրավել են մրցանակային տեղեր:

Թբիլիսի են մեկնել Բյուրեղավանի ”Քեթրին” ակումբի և Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի սաները: Մասնակիցներն ուժերը չափել են 2 տարիքային խմբերում: Պատանիների ավագ տարիքային խմբում ճկասուսեր մրցաձևում 1-ին տեղը գրավել է Արմեն Դալլաքյանը (”Քեթրին” ակումբ), 2-րդը՝ Գագիկ Գալոյանը (սուսերամարտի մարզադպրոց): Ճկասուսերակրիների փոքր տարիքային խմբում  2-րդ տեղը զբաղեցրել է Հարություն Խաչատրյանը (”Քեթրին” ակումբ):

Խոցասուսերակիրների պայքարում պատանիների փոքր տարիքային խմբում  ”Հայաստան” մարզական միության  Նորագավիթի մարզադպրոցի սաներից Մարտին Մկրտչյանը գրավել է 1-ին, իսկ Լևոն Գրիգորյանը՝ 3-րդ տեղը: Նույ մարզօջախի ներկայացուցիչ Արսեն Արազյանը ավագ տարքայի խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռոսաստանի, Ադրբեջանի և Քուվեյթի ներկայացուցիչները:

Կայացել է բիլիարդի «ազատ բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը

Նկարում` աջից` առաջին մրցանակակիր Ավետիս Ավետիսյան, ձախից` երրորդ մրցանակակիր Հրանտ Հունանյան

Նկարում` աջից` առաջին մրցանակակիր Ավետիս Ավետիսյան, ձախից` երրորդ մրցանակակիր Հրանտ Հունանյան

Ապրիլի 27-ից 28-ը Երևանի «Էֆֆե» ակումբում կայացել է  բիլիարդի «ազատ բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը: Առաջնությունում հաղթող է ճանաչվել Ավետիս Ավետիսյանը: Նա Եզրափակչում հաղթել է Արման Պետրոսյանին, ով «մոսկովյան բուրգ» խաղաձևի Հայաստանի այս տարվա չեմպիոնն է: Երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Հունանյան Հրանտը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող Վիտալիկ Բալայանը: Մրցանակները հանձնել են Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի նախագահ Ի. Խաչատուրովը, փոխանախագահներ Ս. Չախալյանը և Ս. Հունանյանը, մարզիչ` Գարուշ Ասատրյանը:

«Ազատ բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը 2013թ.-ին անցկացված երրորդ մեծ ստուգատեսն էր: Այս տարվա հունվար ամսին անց էր կացվել «մոսկովյան բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը, իսկ մարտին կայացել էր Հայաստանի թիմային առաջնությունը:

Ովքեր են Հայաստանի ուժեղագույն թհեքվանդոյիստները

thekvandoԷջմիածնում անցկացված թհեքվանդոյի Հայաստանի առաջնությունում չեմպիոններ դարձան` Վահագն Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Վրեժ Պետրոսյանը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Հայկ Խաչատրյանը (74 կգ), Դավիթ Պետրոսյանը (80 կգ), Գենադի Առուստամյանը (87 կգ), Արսեն Գրիգորյանը (+87 կգ):

Ստուգատեսի արդյունքով կազմավորվեց Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի հուլիսի 17-21-ը Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հայաստանի ձյուդոյիստներին նոր փորձություններ են սպասում

1015531252653245-ձյուդոՀայաստանի ձյուդոյի տղամարդկանց հավաքականն անփառունակ մրցելույթներ ունեցավ օրերս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում:

Եվ ահա, մերոնք պետք է մասնակցեն Հին աշխարհամսի թիմային առաջնությանը:

Մայիսի սկզբին մեր երկրի ընտրանին  Դաղստանում կմասնակցի միջազգային մրցաշարի: Դրանից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը նախապատրաստական ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Եվրոպայի թիմային առաջնությունը կայանալու է մայիսի 18-19-ը  Օրենբուրգում:

23 մասնագետներ ստացան Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր

dscn3827Երևանում  ավարտվեց  սեմինարը, որին մասնակցում էին Երևանի, Հայաստանի մարզերի, Արցախի մարզիչները: Այն վարում էր Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Իգոր Շեստակովը (Նորվեգիա):

Վերջին օրը գործնական պարապմունք կազմակերպվեց ՖԻՄԱ-ի մարզասարահում, որին մարզիչներից բացի մասնակցեցին հանդբոլիստուհիները: Ներկայացվեցին մարզումների կազմակերպման նոր մեթոդներ և մի շարք առանձնահատկություններ:

Վերջում սեմինարի մասնակիցները քննություն հանձնեցին: 23 մասնագետներ ստացան Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր:

Մեր մարզիչների անձնական քարտեր լրացվեցին: Դրանցում նշված են, թե մասնագետները որտեղ են աշխատել, ինչպիսի թիմեր մարզել, ինչքան ժամանակ մարզչական գործունեությամբ զբաղվել և այլն: Քարտերը հանձնվեցին Իգոր Շեստակովին, որպեսզի նա ներկայացնի Հանդբոլի միջազգային ֆեդերացիա:

Խայտառակ մրցելույթներ Բուդապեշտում

1015531252653245-ձյուդոՀայաստանի ձյուդոյիստներն անմասն մնացին  Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում խաղարկված մեդալներից: 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանին նույնպես չհաջողվեց պարգևի արժանանալ: Նա առաջին մրցամարտում պարտվեց լատվիացի Եվգենի Բորոդավկոյին և դուրս մնաց պայքարից: Հավելենք, որ  Արմեն Նազարյանին, Գոռ Հարությունյանին, Հովհաննես Դավթյանին, Ռաֆայել Դավթյանին, Մհեր Կարապետյանին նույնպես չէր հաջողվել ոչնչով աչքի ընկնել` հաղթահարել նախնական փուլերի արգելքները:

Անհաջող ցատկեր

ջրացատկimages17-ամյա ԼևոնՍարգսյանն անհաջող հանդես եկավ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ընթացողջրացատկի միջազգային մրցաշարում:

1 մ-ոց ոստնակից ցատկերի պատանիների մրցումների նախնականփուլում, 27 մարզիկների պայքարում նա 340,20 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Իսկ ահա 3 մ բարձրություն ունեցող ոստնյակից ցատկերի որակավորման մրցումներում հայ մարզիկը  գրավեց 25-րդ տեղը: Մասնակցում էր 27 ջրացատկորդ:

 

Կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար

մականախաղimagesՄականախաղի Հայաստանի հավաքականը  կպայքարի առաջիկա օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Այն հանդես կգա 2014-2015-ի համաշխարհային լիգայի 1-ին և  2-րդ մրցափուլերում: Հայաստանի մականախաղի ֆեդերացիան մասնակցության պաշտոնական հրավերը ստացել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայից:

Համաշխարհային լիգայի 1-ին փուլի մրցումները տեղի կունենան 2014-ի հուլիսին, իսկ 2-րդ փուլը կկայանա 2015-ի փետրվարին: 2 փուլերի արդյունքով 6 լավագույն հավաքականներն իրավունք կստանան մասնակցելու 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին:

 

Ձախորդ օրեր Բուդապեշտում

13556Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում  81 կգ քաշային կարգում Հայաստանից հայտավորված էր երկու մարզիկ:

Ռաֆայել Դավթյանը պարտվեց 1/32 եզրափակչում, իսկ Մհեր Կարապետյանը` 1/16 եզրափակչում:
Ապրիլի 27-ին տատամի դուրս կգա 100 կգ քաշային Հակոբ Առաքեյլանը:

Հիշեցնենք, որ  Արմեն Նազարյանը, Գոռ Հարությունյանը (երկուսն էլ՝ 66 կգ) և 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն ապրիլի 25-ին ձախողվել էին:

Հայկական թիմը` Կալիֆորնիայի գավաթակիր

1343Ջրագնդակի Հայաստանի ֆեդերացիայի ORWP թիմը հաջող հանդես եկավ Կալիֆորնիայի գավաթի խաղարկությունում` նվաճելով պատվավոր մրցանակը: Երանելի բարձունքը նվաճելու համար հիմնականում հայազգի ջրագնդորդներով համալրված թիմը բավականին երկար ճանապարհ անցավ: Նախ, մեր ջրագնդորդները հաղթող ճանաչվեցին Հարավային Կալիֆորնիայի լիգայի մրցաշարում, որտեղ անցկացրած 15 հանդիպումներից 14-ում հաղթեցին: Կալիֆորնիայի Ռիվերսայդ քաղաքում անցկացված եզրափակիչ մրցաշարում էլ ORWP-ն շահեց բոլոր 5 մրցախաղերը: Առաջին խաղում մեր ջրագնդորդները 18:7 հաշվով հաղթեցին «Ֆլոյին», ապա առավելության հասան «Սեթի» նկատմամբ` 9:5: Քառորդ եզրափակիչում հաղթահարվեց «Էլիթի» դիմադրությունը` 9:7: Կիսաեզրափակիչում էլ հաղթելով Ստենֆորդի թիմին (11:8), հայ ջրագնդորդներն իրավունք ստացան գավաթը վիճարկելու Հյուսիսային Կալիֆորնիայի լիգայի հաղթող «Ամերիկան Ռիվերի» հետ: Եզրափակիչ մրցախաղն աչքի ընկավ պայքարի արտակարգ լարվածությամբ ու ավարտվեց ոչ-ոքի` 10:10:

Գավաթակրին որոծեցին 5 մ-ոց տուգանային հարվածները: Մերոնք 5 անգամ գրավեցին մրցակցի դարպասը, իսկ մրցակիցը հարվածներից մեկը չկարողացավ իրացնել: Դարպասապահ Վալերի Լյուլյան հետ մղեց գնդակը` ապահովելով իր թիմի հաղթանակը: ORWP-ի կազմում հանդես եկան նաև Հակոբ Կապլանյանը, Ասատուր Գալֆայանը, Մարտին Չաթալյանը, Արման Մոմջյանը, Մանուկ Փիլոյանը, Հակոբ Բաղումյանը, Արտակ Արզումանյանը, Վիննի Սիքաթը, Գլիսերիո Վերգարան, Էդուարդ Գալֆայանը, Ջերարդ Լիիները, Դանիել Սարգսյանը: Թիմի ավագ մարզիչը Վահագն Առաքելյանն է, մարզիչը` Ալֆրեդ Թամազյանը:

Լուրջ փորձություն Ավստրիայում

հանդբոլՄայիսի 17-19-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվելու է մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի ներկայացուցիչները: Մերոնք ընդգրկված են 5-րդ խմբում և մայիսի 17-ին, 18-ին, 19-ին մրցելու են Ավստրիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Առաջին անգամ են այդ տարիքի մեր մարզուհիները կարողությունները փորձելու հին աշխարհամասի առաջնությունում: Վիճակահանությամբ ուժեղ մրցակիցներ են բաժին հասել:

Մեր ընտրանին, որը մարզում են Անահիտ Հարությունյանը և Աստղիկ Գյուրջինյանը, մարզումները սկսել է 2012-ի նոյեմբերից: Ներկայումս թիմը պարապում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում և «Հայաստան» մարզական միության աթլետիկայի մարզասրահում: Շաբաթական 5 պարապմունք է անցկացվում: Երեք  օր տրամադրվում է տեխնիկատակտիկական պատրաստականությունը բարելավող  մարզումներին, 2 օր էլ ընդհանուր ֆիզիկական պարաստականությունը բարելավող մարզումներ են կազմակերպվում: Առաջիկայում նախատեսվում են նաև ստուգողական հանդիպումներ: Այդ նպատակով մեր երկրի մարզուհիներն ուղևորվելու են Վրաստան և մրցելու են այդ երկրի իրենց հասակակիցների հետ:

«Թիմի կազմում հիմնականում 19 տարեկան խաղացողներ են: Նրանց մեծ մասը նախկինում մեր երկրի տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերում միջազգային ստուգատեսների է մասնակցել: Հայաստանից 15 մարզուհի է նախապատրաստվում: 3 մարզուհի կմիանա Ֆրանսիայից: Հավաքականն ունի դարպասապահի խնդիր: Թիմի հիմնական դարպասապահ Անուշ Բիլյանը վնասվածք է ստացել և վիրահատվել: Նոր դարպասապահը խաղային փորձի պակաս ունի: Ֆրանսիայից մեզ է միանալու մեր հայրենակից դարպասապահ, սակայն գործում այդ մարզուհուն երկար ժամանակ չենք տեսել: Նա խաղացել է Հայաստանի  մինչև 17 տարեկան մարզուհիների հավաքականում: Մեր թիմն ամբողջական կազմով մրցավայրում կհավաքվի: Հույս ունեմ, որ Հայաստանի հավաքականը պատվով դուրս կգա փորձությունից»,- ասաց Գյուրջինյանը:

Մարզիչը տեղեկացրեց, որ թիմի միջին հասակը 1մ 70 սմ է, իսկ դա լավ ցուցանիշ է: Հավաքականը պարապելու խնդիր չունի, մարզագույքով ապահովված է: Մինչև եվրոպական ստուգատեսն անցկացվելու է նաև այս տարիքի հանդբոլիստուհիների առաջնությունը, որից հետո էլ կորոշվի հավաքականի վերջնական կազմը:

Մահացել է բռնցքամարտի անվանի մարզիչ Արմեն Անտոնյանը

0ed173110b7065de8045e15002bdd295Հայկական սպորտը ծանր կորուստ կրեց: 68 -ը դեռ չբոլորած կյանքին հրաժեշտ տվեց բռնցքամարտի սպորտի վարպետ,  ԽՍՀՄ և ՀՀ  վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դոցենտ Արմեն  Լևոնի Անտոնյանը: Նա  բազմիցս նվաճել է Հայաստանի և «Բուրեվեստնիկ»   մարզական ընկերության համամիութենական խորհրդի  չեմպիոնի կոչումը, որպես մարզիչ աճեցրել տիտղոսակիր մի շարք մարզիկների:

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո, Արմեն Անտոնյանը  անդավաճան մնաց բռնցքամարտին, համալրեց մարզիչների շարքը: Շուտ բացահայտվեցին  նրա մասնագիտական  հմտությունները: Նրա սաներից Հակոբ Պողոսյանը  դարձավ  ԽՍՀՄ երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր: Արտյոմ Սիմոնյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Իսկ ամենահայտնին ԽՍՀՄ և Եվրոպայի  առաջնությունների ոսկե մեդալակիր,  անկախ Հայաստանի  աշխարհի առաջին   չեմպիոն (1993)  ու մրցանակակիր  և աշխարհի գավաթակիր (1994)  Նշան  Մունչյանն է:

Արմեն Անտոնյանին հաջողվել է տասնամյակներ շարունակ անձնական աշակերտներ ունենալ ԽՍՀՄ  և Հայաստանի հավաքականներում: Նա 10 տարուց ավելի եղել է ԽՍՀՄ հավաքականի մարզչական խորհրդի կազմում: Փորձառու մասնագետը գլխավորել է նաև Հայաստանի ազգային հավաքականը:

«Անկախ»-ի խմբագրակազմը ցավակցում  է անվանի մարզչի  ընտանիքին, հարազատներին, բարեկամներին,  ընկերներին:

Արմեն Անտոնյանի հիշատակը հավարժ վառ կմնա նրան ճանաչողների սրտում:

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 24-ին, ժամը 18-ին,  Բագրատունյաց 1 հասցեում գտնվող մատուռում  (մայրաքաղաքի 6-րդ հիվանդանոցի

հարևանությամբ):

Հուղարկավորությունը` ապրիլի 25 –ին , նույն վայրից`  ժամը 14-ին :