Ինչպես «գողացան» Արթուր Դավթյանի արծաթե մեդալը

ԴավթյանՄարմնամարզության Եվրոպայի երրորդ անընդմեջ առաջնությունից Հայաստանի ներկայացուցիչը վերադառնում է մեդալով: 2011-ին Բեռլինում և 2012-ին Մոնպելյեում կայացած ստուգատեսներում նժույգաթափերում բրոնզե պարգևի էր արժանացել Հարություն Մերդինյանը: Եվ ահա օրերս Մոսկվայում հին աշխարհամասի բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր Դավթյանը: Հենացատկերում մեր երկրի ներկայացուցիչը պետք է արծաթե մեդալակիր դառնար, սակայն նա անդրկուլիսյան խարդավանքների զոհ է դարձել: Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված ստուգատեսի, կատարված կողմնակալ մրցավարության մասին պատմեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը:

- Հայաստանից 5 մարմնամարզիկ էր մասնակցում, սպասում էինք, որ ցանկալի արդյունք կլինի: Նախատեսել էինք, որ մեր երկու բազմամարտիկները նախնական փուլի մրցելույթներից հետո պայքարը կշարունակեն եզրափակչում` 24 լավագույնների խմբում: Այդպես էլ եղավ: Ի վերջո, Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը բազմամարտում զբաղեցրին համապատասխանաբար 8-րդ և 19-րդ տեղերը: Ընդ որում, այս մրցաձևում պարգևատրվում են մինչև 8-րդ տեղը գրավողները: Եվրոպայում այսպիսի ցուցանիշ ունենալը պատվաբեր է: Բազմամարտի առանձին մրցաձևերի եզրափակիչներում էլ մասնակիցներ ունեինք: Դավթյանը 3-րդն էր իր նախասիրած մրցաձևում` հենացատկերում: Իսկ Հարություն Մերդինյանը 5-րդը ճանաչվեց նժույգաթափերում: Երկուսն էլ առանց սայթաքումների հանդես եկան: Մեր մարմնամարզիկների մրցելույթից  գոհ ենք:

Իսկ որ Արթուր Դավթյանը կողմնակալ մրցավարությունից տուժել է, դա ոչ թե միայն մենք ենք նկատել, այլև տարբեր երկրների մասնագետներ: Ընդ որում, մեզ էին մոտենում  մարդիկ, որոնց հետ նախկինում չէինք շփվել: Միասնական տեսակետն այն է, որ  Արթուր Դավթյանը պետք է արծաթե մեդալակիր դառնար: Հենացատկերի գլխավոր մրցավար, ռուսաստանցի Դմիտրի Անդրեևի հետ, որին լավ եմ ճանաչում, սպասարկել եմ միջազգային տարբեր ստուգատեսներ: Նա ինձ  ասաց, որ այդ հարցում ներողամիտ լինենք: Երկրորդ մրցանակակիրը ռումինացի Ֆլաուս Կոչին է: Բանն այն է, որ Ռումինիայի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահն է: Ի դեպ, ինքս մրցավարական աշխատանքներում պարբերաբար ներգրավված եմ լինում և նկատել եմ, որ ռումինացի մարմնամարզիկները միշտ էլ ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան արժանի են: Մրցավարների երկյուղն է պատճառը, թե այլ հանգամանք, սակայն այդ գործոնն ակնառու է: Օրինակ` եթե կատարված վարժություններում որևէ բան կասկածելի է, ապա Հայաստանի ներկայացուցիչների գնահատականից միավորներ են հանվում, իսկ ռումինացիներին այդպիսի իրավիճակում ընդառաջում են: Ի դեպ, Կոչին Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր: Նա մեր մարզիկից առաջ անցավ 0,021 միավորով: Դավթյանի ցուցանիշն է` 14,866 միավոր:

 - Շա՞տ էիք սրտնեղել:

- Կարծում էինք, թե Արթուրն արդեն 2-րդ մրցանակակիր է: Նա առաջինն էր ավարտել մրցելույթը: Ռումինացին վերջինն էր հանդես գալիս: Բարձր գնահատական ստանալու համար նա պետք է ցատկը կատարեր օդում ուղիղ դիրքով, բայց սխալվեց` ծալվեց: Ըստ սահմանված կարգի, մարմնամարզիկի կատարած վարժությունների  բարդության միավորներից պետք է առնվազն նվազեցվեր 0,8 միավոր: Բայց նա ստացավ այն գնահատականը, որն անհրաժեշտ էր մեր մարզիկին շրջանցելու համար: Չեմ կարող ասել, թե  կողային մրցավարները միտումնավոր են դա արել: Նրանց խնդիրը սխալները հաշվարկելն է, իսկ վարժությունների բարդությունը որոշում է տվյալ մրցաձևի գլխավոր մրցավարը:

Հրաժեշտի ճաշկերույթի ժամանակ, երբ միասին սեղանի շուրջն էինք նստած, Անդրեևը դա խոստովանեց: Կոչին էլ մեզ մոտեցավ և անձամբ հայտնեց, որ իր մրցելույթից դժգոհ է, և Հայաստանի ներկայացուցիչը պետք է կանգներ պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին: Նրան պատասխանեցի, որ ինքը մեղք չունի: Այսպես ահա մեզանից «գողացան» արծաթե մեդալը: Թերևս մեր մեղքը միայն այն էր, որ մրցումներից առաջ բրոնզե պարգևի տիրանալը երազանք էինք համարում: Մինչդեռ մեր մարմնամարզիկները ներկայումս կարող են պայքարել նաև ազնիվ փայլով մեդալների համար: Ի դեպ, պայքարը շատ լուրջ էր, և հաղթեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Դենիս Աբլյազինը: Ընդ որում, մեր մարզիկը շրջանցեց օլիմպիական խաղերի մրցանակակրի, նաև տիտղոսակիր մի շարք մարզիկների և իր մարզական կենսագրությունում ամենամեծ հաջողությանը հասավ: 20-ամյա Դավթյանը նախկինում` 2010-ին, դարձել էր հենացատկերի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, որից հետո վարկանիշ էր ձեռք բերել և 2012-ին հանդես եկել Լոնդոնում կազմակերպված օլիմպիական խաղերում:

  - Եվրոպայի վերջին երկու առաջնություններում մեդալներ նվաճելուց հետո ինչո՞ւ Մերդինյանն այս անգամ ձեռնունայն մնաց:

- Նա վերջին տարիների իր ամենալավ մրցելույթն ունեցավ: Ինքս առաջադրանք եմ տալիս անել առավելագույնը, իսկ թե հետո ինչ տեղում կհայտնվի, դա այլ խնդիր է: Մերդինյանն իր մարզական կենսագրությունում ամենաբարձր գնահատականն է ստացել (15,366), ավելի բարձր, քան Եվրոպայի նախորդ առաջնություններում: Դա Մերդինյանի համար ռեկորդային ցուցանիշ է: Եվրոպայի նախորդ առաջնություններում 29-ամյա մեր մարզիկը 14,975 և 15,3 միավորներով մրցանակակիր էր դարձել, բայց այս անգամ չստացվեց: Բանն այն է, որ մոսկովյան ստուգատեսում մրցակցությունը շատ ուժեղ էր: Նժույգը եվրոպական մարզագործիք է համարվում: Աշխարհի առաջնությունում 1-8-րդ տեղերը գրավողները հին աշխարհամասի ներկայացուցիչներ են: Ընդ որում, օլիմպիական խաղերի չեմպիոն, հունգարացի Քրիստիան Բերկին ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Չեմպիոն դարձավ  անգլիացի Դանիել Քեյտինգը: Նրա հայրենակից Մաքս Վիտոկը, որն օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր է, Եվրոպայի առաջնությունում էլ 3-րդն էր: 4-րդն օլիմպիական խաղերում 4-րդ տեղը գրաված իտալացի Ալբերտո Բուսնարին էր: Ընդ որում, Մերդինյանը միավորներով շատ մոտ էր մրցանակակիր դառնալու: Վիճակահանությամբ մեր մարզիկը առաջինը սկսեց մրցելույթը, իսկ դա մարմնամարզիկների համար անցանկալի է: Եվ նա վստահ կատարեց վարժությունները, պատվով դուրս եկավ այդ փորձությունից:

 - Հայաստանի հավաքականի մարմնամարզիկների համար մեդալի արժանանալու այլ հնարավորություններ չկայի՞ն:

- Վահագն Դավթյանից և Արթուր Թովմասյանից սպասելիքներ ունեինք օղակներով վարժություններում: Վերջինիս խանգարեց թեթև վրիպումը: Իսկ Վահագնը կատարեց վարժությունը, նա 11-րդն էր, պահեստային էր, սակայն եզրափակչին մասնակցելու հանարավորություն չստացավ:

 - Սեպտեմբերի վերջին Բելգիայի Անթվերպեն քաղաքի մարզապալատում մեկանարկելու է աշխարհի առաջնությունը: Ի՞նչ նկատառումներով այդ ստուգատեսին կնախապատրաստվի Հայաստանի ընտրանին:

- Մեր երկրից 2-3 մարզիկ հանդես կգա այդ ստուգատեսում: Թիմային պայքարին չենք մասնակցի, քանի որ պետք է 6 մարզիկ մրցահարթակ դուրս բերել: Մինչդեռ ֆինանսական հնարավորություններ չունենք լրիվ կազմով հավաքական մրցավայր գործուղելու համար: Այդուհանդերձ, ամեն ինչ արվելու է, որ 2014-ին մասնակցենք  աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ 24 լավագույններն իրավունք են ստանալու կարողությունները փորձելու օլիմպիական վարկանիշային ստուգատեսում: Հավանական է, որ աշխարհի առաջնությունում կարողությունները կփորձեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և 30-ամյա Վահագն Ստեփանյանը: Վերջինս նժույգի վրա վարժությունների բարդ ծրագիր է պատրաստում: Բոլորն էլ եզրափակիչ մտնելու համար են պայքարելու:

 - Պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի ուղեգիր նվաճելու ուղղությամբ ի՞նչ է արվում:

- 16-ամյա Վիգեն Խաչատրյանը շնորհալի մարմնամարզիկ է, և նրա հետ մեծ հույսեր ենք կապում: 2014-ի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը վարկանիշային է: Վստահ եմ, որ նա ուղեգրի կտիրանա: Դրա համար բազմամարտում անհրաժեշտ է լինել 16 լավագույնների շարքում: Հուլիսին Հոլանդիաում անցկացվելու է Եվրոպայի երիտասարդական օլիմպիական օրեր փառատոնը: Վիգենը կփորձի կարողությունները: Նրանից բացի, մեր երկրից հանդես է գալու ևս երկու մարմնամարզիկ:

Tags: