Նետաձգության Հայաստանի չեմպիոնները` անօգնական վիճակում

13364 նետաձգությունՀայաստանի նետաձիգները վերադարձել են Ֆրանսիայի Ռիոմ քաղաքում  կայացած Եվրոպայի Գրան Պրիի 1-ին փուլի մրցաշարից: Ֆրանսիա էին մեկնել նետաձգության Հայաստանի  չեմպիոններ Գոհար Շահնազարյանը և Արշակ Պետրոսյանը:

Մեկնարկային շրջանի Մ1 վարժությունում Պետրոսյանը վաստակել է 1257 միավոր, իսկ  Շահնազարյանը 1233 միավոր: Ցավոք մեր մարզիկները պարտվել են 1/24 եզրափակչում և երկուսն էլ գրավել 33-րդ տեղը՝ Ա. Պետրոսյանը 74, իսկ Գ. Շահնազարյանը 53 մասնակիցների մեջ:

Հայաստանի թհեքվանդոյիստները ոչնչով չուրախացրին

thekvandoՄոլդովայում կայացած  մինչև 21 տարեկան թհեքվանդոյիստների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներիրց:

74 կգ քաշային Հայկ Խաչատրյանն առաջին հանդիպումում պարտվեց ուկրաինացի Սերգեյ Չայկային  և դուրս մնաց պայքարից: Նույն բախտին արժանացան հայ ևս մի քանի թհեքվանդոյիստներ: 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանն էլ զիջեց Հունաստանի ներկայացուցիչ Խրիստոս Ալեքսոպուլոսին, 58 կգ քաշային Սերգեյ Գալստյանը` իսպանացի Ջոնաթան Վելոզին, 63 կգ քաշային Ավետիք Ղազարյանը` Կիպրոսի ներկայացուցիչ Յոնաս Պիլավակիսին: Իսկ ահա, 54 կգ քաշային Սերգեյ Ավաբեսովը քառորդ եզրափակչում պարտվեց գերմանացի Աբդուլաթիֆ Սեզգինին:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

p989912419-3Հայաստանի մարմնամարզության  հավաքականը Մոսկվայից երեկոյան կվերադառնա Երևան: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար   Հակոբ Սերոբյանի վկայությամբ, մեր թիմի բոլոր`  հինգ անդամներն արդարացրել են սպասելիքները:

Թիմը տուն է վերադառնում մեկ` բրոնզե մեդալով, որը հենացատկերում նվաճել է Արթուր Դավթյանը: Մոսկովյան ստուգատեսում առաջին և երկրորդ տեղերը  գրավել են Լոնդոնի օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ մրցանակակիրներ, ռուսաստանցի Դենիս Աբլյազինը և ռումինացի Ֆլավիուս Կոշչին: Վերջինից, նույնիսկ սխալ  մրցավարության պարագայում, Արթուրը հետ է մնացել ընդամենը 0,021 միավորով: Նժույգաթափերում 5-րդ տեղ է գրավել Հարություն Մերդինյանը:

Հավաքականի մարզչական խորհրդի անդամները, մարմնամարզիկները հոկտեմբերի սկզբին կմասնակցեն Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Համաշխարհային ունիվերսիադայում Հայաստանը պատկառելի կազմ կունենա

ունիվերսադաՌուսաստանի Դաշնությունում` Թաթարստանի մայրաքաղաք Կազանում հուլիսի 6-17-ը կանցկացվի Համաշխարհային 27-րդ ունիվերսիադան: Անկախացումից հետո Հայաստանի ներկայացուցիչները 11-րդ անգամ առանձին հավաքականով կմասնակցեն համալիր ստուգատեսին, որը մասշտաբով օլիմպիական խաղերից հետո երկրորդն է աշխարհում:

Երկու տարի առաջ Չինաստանի Շենժեն քաղաքում կազմակերպված խաղերում մերոնք տիրացել են մեկական ոսկե և բրոնզե պարգևների: Այս անգամ մեր երկրի ներկայացուցիչների մեդալներ նվաճելու  հնարավորություններն ավելի  մեծ են համարվում: Այդ մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը:

– Այս Ունիվերսիադան նախորդներից տարբերվում է նրանով, որ մի շարք նոր մարզաձևերի ներկայացուցիչներ են նշելու իրենց նորամուտը: Բանն այն է, որ կազմակերպիչներին իրավունք է վերապահվում խաղերի ծրագրում,  ըստ հայեցողության, մարզաձևեր մտցնել, այդ թվում նաև` նոր: Ռուսաստանի ներկայացուցիչներն առաջարկել են, որ խաղերի ծրագրում  ընդգրկվեն ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտը, ծանրամարտը, շախմատը, սամբոն, բռնցքամարտը, նաև գոտիներով ըմբշամարտը: Խոսակցություն կա, որ կավելանա նաև  կուրեշը: Առաջինը մրցավայրում` Թաթարստանում,  տարածում ունեցող մարզաձև է, իսկ երկրորդն ազգային ըմբշամարտի մրցաձև է: Վերջինի մրցաշարն անցկացվելու է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո:

Թվարկված մարզաձևերի մեծ մասը Հայաստանում մասսայականություն է վայելում, ունենք բարձրակարգ մարզիկներ: Այնպես որ մերոնց մեդալների տիրանալու հնարավորություններն ավելանալու են: Խոսքը վերաբերում է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտին, ծանրամարտին, սամբոյին: Չի բացառվում, որ հաջողությունն ուղեկից լինի նաև մեր բռնցքամարտիկներին: Բանն այն է, որ վերջին շրջանում մերոնք վստահ են հանդես  գալիս երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Բացի նշված մարզաձևերից, Հայաստանի ներկայացուցիչները կարողությունները կփորձեն նաև լողի, աթլետիկայի մրցումներում: Այս երկու մարզաձևերի ներկայացուցիչները ստուգատեսում հանդես կգան հովանավորների աջակցությամբ: Բանն այն է, որ ֆինանսները սուղ են և պետական բյուջեից հատկացված միջոցներով հնարավոր չէ շատ մարզիկների գործուղել Կազան: Խաղերին կմասնակցեն երկուական լողորդ և աթլետ: Գոտիներով ըմբշամարտի և կուրեշի ներկայացուցիչներին, ամենայն հավանականությամբ, կաջակցեն այդ մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները և կստանձնեն մասնակիցների բոլոր ծախսերը:

 – Ծանո՞թ եք ազգային ըմբշամարտի այդ երկու մրցաձևերին:

– Հեռուստատեսությամբ դիտել եմ կուրեշի մրցամարտեր: Դա սամբոյի  և ձյուդոյի հետ ընդհանրություններ ունեցող մրցաձև է: Այնպես որ մերոնք կարող են մասնակցել: Ինչ վերաբերում է գոտիներով ըմբշամարտին, ապա մարզիկները միայն կարող են մրցակցի գոտուց բռնած հնարք կատարել: Դա էլ  մեծ բարդություն չի ներկայացնում: Այդուհանդերձ, որոշակի պատրաստականություն, մրցափորձ է անհրաժեշտ: Այդ է պատճառը, որ այս մրցաձևերում մերոնցից բարձր արդյունքներ չենք ակնկալում:

 – Խաղերի ծրագից ինչո՞ւ է հանվել թհեքվանդոն: Այս մարզաձևում, որպես կանոն, Հայաստանի ներկայացուցիչները նախկին խաղերում միշտ էլ հաջող են հանդես եկել և մեդալների արժանացել:

– Չինաստանում կազմակերպված խաղերի ծրագրում թհեքվանդոն կար: Հաջորդ խաղերը կայանալու են Կորեայում: Կարելի է չկասկածել, որ կազմակերպիչները կրկին այն կընդգրկեն խաղերի ծրագրում: Ուսանողական մարզական ֆեդերացիան պարտադիր Ունիվերսիադայի ծրագրում ընդգրկում է խաղային մարզաձևեր: Իսկ ընդհանուր հաշվով  ուսանող մարզիկները կմրցեն  29 մարզաձևում:

 – Մեր շախմատիստների մասին ոչինչ չասացիք:

– Շախմատի կանանց և տղամարդկանց մրցաշարեր են անցկացվելու: Լինելու է անհատական և թիմային պայքար: Դրան մասնակցելու համար պետք է հայտավորենք երկու մարզուհու և մեկ մարզիկի կամ երկու մարզիկի և մեկ մարզուհու: Երեք մասնակից ունենալու դեպքում պետք է պարտադիր մեկ մրցավարի հայտավորենք: Վերջինիս համար շուրջ 650 հազար դրամ է անհրաժեշտ ծախսել: Եվ քանի որ բարձրակարգ շախմատիստուհի չունենք, թիմային պայքարում լուրջ հավակնություններ չենք կարող ունենալ: Այդ է պատճառը, որ մեր երկիրն անհատական մրցաշարում կներկայացնեն գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հույս ունենք, որ մեր շախմատիստներին բախտը կժպտա:

 – Նախկինում Հայաստանի ներկայացուցիչները պարբերաբար հանդես են եկել խաղերի սեղանի թենիսի մրցաշարում: Ինչո՞ւ Կազանում մեր երկրից սեղանի թենիսիստներ չեն լինելու:

– Սեղանի թենիսը նույնպես խաղերի ծրագրում պարտադիր մարզաձև է: Բայց ներկայումս Հայաստանի ուսանող սեղանի թենիսիստների մակարդակը բարձր չէ: Ֆինանսներն էլ այնքան շատ չեն, որ, մարզաձևի զարգացման համար սեղանի թենիսիստերի էլ ընդգրկենք պատվիրակության կազմում:

 – Մի՞թե ֆինանսական առումով վիճակն այդքան անհուսալի է:

– Պատճառն ավիատոմսերի գնի կտրուկ բարձրացումն է: Բացի այդ, բավականին մեծացել են գիշերավարձի և սննդի գները: Փաստորեն ծախսերն ավելացել են: Մասնավորապես, եթե նախորդ խաղերի ժամանակ մեկ մասնակցի ծախսը 40 դոլար էր, ապա այժմ պահանջվում է 45 եվրո: Ավելին, աճել է  մասնակցության  վճարը: Այդ առաջարկները կատարել են կազմակերպիչները, և Ուսանողական մարզական միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունն ընդառաջել է, հավանություն է տվել: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կազմակերպիչները մեծ ծախսեր են կատարում, և գների տարբերությունն էլ դրանով է պայմանավորված:

 – Իսկ Հայաստանի պատվիրակության ծախսերն ո՞վ է հոգալու:

– Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը 23 մլն դրամ է հատկացնելու: Դա չի բավարարում, որ որոշ մարզաձևերում լրիվ կազմերով թիմեր մրցասպարեզ հանենք: Հայաստանի ըմբշամարտի և բռնցքամարտի ֆեդերացիաները լրացուցիչ տեղեր են պահանջել և մարզիկների են ցանկանում հայտավորել: Նախատեսել էինք հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշների 3-ական մարզիկների մասնակցություն` մեկական մարզչով: Սակայն այդ մրցաձևերում լրիվ թիմեր ենք ունենալու, ընդհանուր հաշվով` 14 մարզիկ: Կարծում ենք, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու, կարևոր փորձությունից առաջ ուժերը ստուգելու համար դա ամենալավ ստուգատեսն է: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան էլ, բացի մեկ մարզչից և երկու մարզիկից, պատրաստվում է լրացուցիչ հայտավորել ևս երկու բռնցքամարտիկի: Նրանք էլ խաղերին կմասնակցեն իրենց միջոցների հաշվին: Նաև 6 ծանրորդ, 4 սամբիստ և 1 սամբիստուհի, 3 ձյուդոյիստ կուղևորվեն մրցավայր: Հայաստանի պատվիրակության կազմում ընդհանուր հաշվով լինելու 50-55 մարդ:

 – Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստությունը:

– Հայաստանի բոլոր մարզական ֆեդերացիաների հետ սերտ կապ ենք պահպանում: Ամենօրյա փոխհամագործակցված աշխատանք է կատարվում: Թիմերի թեկնածուների անունները հայտնի են: Համապատասխան նախապատրաստական ծրագրով մարզիկները պարապում են, ուսումնամարզական հավաքների են մասնակցում: Պետության հատկացված միջոցներով պետք է ձեռք բերվի շքերթային մարզահագուստ: Մարզիկներն ապահովված են մասնագիտական մարզազգեստով: Իսկ ահա ճանապարհածախսի, գիշերելու, սնվելու հարցերը պետք է լուծվեն: Նախատեսել ենք, որ Հայաստանի պատվիրակությունը երկու խմբով  կուղևորվի Կազան: Առաջին խումբը մրցավայր կհասնի հուլիսի 4-ին: Մարզաձևեր կան, որոնց դեպքում մեր երկրի ներկայացուցիչները պայքարի մեջ են մտնելու հուլիսի 6-7-ը:

 – Հայտնի է, որ ի պաշտոնե Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարարն է: Այդ գերատեսչության ղեկավարի, Հայաստանի այլ պաշտոնյաների այցը Կազան ակնկալվո՞ւմ է:

– Հրավիրվելու են մասնակից երկրների կառավարությունների ղեկավարները: Մասնավորապես, Չինաստանում կազմակերպված նախորդ խաղերի բացմանը հրավիրված էր Հայաստանի վարչապետը, սակայն մասնակցեց փոխվարչապետ  Արմեն Գևորգյանը: Հավաքականը ոգևորվում է, երբ պետության ղեկավարներ են մասնակցում: Նախնական տվյալներով` խաղերին պետք է ներկա գտնվի ՀՀ ԿԳ նախարարը:

 – Որևէ խնդիր կարո՞ղ է առաջանալ:

– Խաղերին կարող են մասնակցել բուհերի 17-28 տարեկան ուսանողները, կամ   նրանք, ովքեր մեկ տարի է, ինչ ավարտել են ուսումը: Դժվարությունն այն է, որ բանակում ծառայողներ ունենք: Բայց նախորդ խաղերի ժամանակ 3 այդպիսի մարզիկների ՀՀ ՊՆ  նախարարությունն ընդառաջեց, և նրանք մասնակցեցին:  Այս անգամ էլ 3-4 այդպիսի մարզիկներ ունենք:

 – Հայաստանի սպորտի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն զբաղվո՞ւմ են խաղերին մարզիկների նախապատրաստության հարցերով:

– Աշխատանքը հիմնականում տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ է: Վերջիներս, նաև մենք կապ ունենք սպորտի նախարարության, ՀԱՕԿ-ի հետ: Այնպես որ ամեն ինչ միասնական ուժերով է կատարվում:

 – Խոսվում է, որ Կազանում կայանալիք խաղերը բոլոր առումներով աննախադեպ են լինելու:

– 2012-ի սեպտեմբերին Կազանում անցկացվեց Ուսանողական մարզական ֆեդերացիայի նստաշրջանը, խորհրդակցություն հրավիրվեց, որին մասնակցել եմ նաև ես: Ծանոթացանք մարզաբազաներին, հսկայական աշխատանք է կատարվել: Ամեն ինչ արդեն պատրաստ է:

Մտածելու առիթ կա

13364 նետաձգությունԱպրիլի 21- 27-ը Մոսկվայում կայանալիք ԱՊՀ  երկրների դպրոցական սպորտի առաջին միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանի շախմատի և բադմինտոնի ֆեդերացիաներին տրամադրելու համար կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է  1,5 մլն դրամ։

Կառավարությունը նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 28 մլն դրամ, որը տրամադրվելու է Հայաստանի նետաձգության ֆեդերացիային` 2013-ի մայիսի 27-ից հունիսի 1-ը Էջմիածին քաղաքում Եվրոպայի Գրան պրիի 2-րդ փուլի մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով։

Ցավոք, մեր նետաձիգներից սպասելիքներ գրեթե չկան: Ինքնին հարց է առաջանում` իմաստ ունի փող ծախսել, այն էլ մայրաքաղաքի մարզասերների աչքից հեռու այդպիսի մրցումներ անցկացնելու համար: Արդյոք, դա ինքանանպատակ չէ: Մտածելու առիթ կա:

Հայաստանի մարմնամարզիկները`Եվրոպայի առաջնության եզրափակիչներում

131500440_51nՄոսկվայում մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առամամբ առյժմ հաջող են մասնակցում: Հարություն Մերդինյանը նժույգաթափերի որակավորման մրցումներում գրավել է 6-րդ տեղը` 15,233 միավոր և կմասնակցի եզրափակչին: Սերոբ Սողոմոնյանը գրավել է 46-րդ տեղը:

Հենացատկերում 6-րդ արդյունքով եզրափակիչ է դուրս եկել Արթուր Դավթյանը՝ 14,766:  Սերոբ Սողոմոնյանը գրավել է 22-րդ տեղը:

Ազատ վարժություններում Արթուր Դավթյանը գրավել է 38-րդ, Սերոբ Սողոմոնյանը՝ 54-րդ տեղը:

Օղակների վարժություններում Վահագն Դավթյանը 11-րդն է, Արթուր Թովմասյանը՝ 15-րդը, Սերոբ Սողոմոնյանը՝ 50-րդը,  Արթուր Դավթյանը՝ 58-րդը:

Զուգափայտերի վրա վարժություններում Սերոբ Սողոմոնյանն ու Արթուր Դավթյանը բաժանել են 28-29-րդ տեղերը:

Բազմամարտի որակավորման մրցումներում Արթուր Դավթյանը գրավել է 14-րդ տեղը, Սերոբ Սողոմոնյանը՝ 18-րդ տեղը և հանդես կգան եզրափակչում:

Հայաստանից հինգ մասնակից

Այսօր ` ապրիլի 17 -ին  Մոսկվայի   օլիմպիական  մարզապալատում կմեկնարկի Եվրոպայի սպորտային մարմնամարզության  անհատական  առաջնությունը: Ընդհանրապես, աշխարհամասի  առաջնությունը տղամարդկանց մասնակցությամբ սկսվել  է 1955-ից ,  կանանցը ` 1957-ից , իսկ անհատականը ` 2005 -ից: Ուստի մոսկովյան այս ստուգատեսը թվով հինգերորդն է, որին մասնակցելու թույլտվություն են ստանում  մարզաձևի եվրոպական միության անդամ երկրների միայն առաջատար վարպետները:

Մոսկովյան ստուգատեսով փաստորեն մարմնամարզիկների համար  սկսվում է օլիմպիական խաղերի նոր փուլը: Ի հայտ կգան նոր դեմքեր  և  անուններ: Մրցակարգում կատարված  փոփոխություների շնորհիվ  որոշ մասնակիցներ կներկայացնեն մարմնամարզական նոր ` հետաքրքիր  ու բարդ տարրեր : Մարզասերները կտեսնեն նաև  հեղինակավոր այն  մարզիկ-մարզուհիներին, որոնց ծափահարել են Լոնդոնի օլիմպիական խաղերում:

19450Մարմնամարզական հերթական միջոցառման ժամանակ մեդալներ կխաղարկվեն  և′ բազմամարտում,  և′  բազմամարտի առանձին մրցաձևերում:

Ինչպես հայտնի է, Հայաստանն ունի օլիմպիական խաղերի երեք  չեմպիոն և մեկ  փոխչեմպիոն, բայց Եվրոպայի ոսկե մեդալակիր են եղել միայն օլիմպիական խաղերի եռակի  ու աշխարհի առաջնությունների   ոսկե դափնեկիր , Հայաստանի  20-րդ դարի լավագույն մարզիկ,  օղակների արքա Ալբերտ Ազարյանը և նրա շնորհալի հետնորդներից  Արթուր Հակոբյանը , որը նվաճել է նաև աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հիշեցնենք ,  որ մոսկովյան ստուգատեսում մեր երկիրը ներկայացնում են հինգ մարմնամարզիկներ . Արթուր Դավթյան ,  Սերոբ Սողոմոնյան  (բազմամարտ), Հարություն Մերդինյան (նժույգաթափեր) ,  Վահագն Դավթյան և Արթուր Թովմասյան  (օղակներ ):

Դոհայից հետո` Մոսկվայում

մարմնամարզիկներԱրդեն  սովորական է դարձել, որ երբ Հայաստանի մարմնամարզիկները ներկայացուցչական ստուգատեսներում մեկնարկի են դուրս գալիս, ապա նրանցից մեդալներ են ակնկալում: Մերոնք էլ, արդարացնելով սպասելիքները, հաստատում են, որ աստիճանաբար այս մարզաձևում վերականգնվում են նախկինում ունեցած փառահեղ  ավանդույթները: Եվ ահա, Հայաստանի մարմնարզիկները երկու բրոնզե մեդալի և դրամական պարգևների արժանացան օրերս Քաթարի մայրաքաղաք Դոհայում կազմակերպված աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարում: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը  պատմեց իր տպավորությունները:

– Անցյալ տարի էլ մասնակցել էինք Դոհայում  անցկացված աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլի: Ընդհանրապես 6-րդ անգամ է Քաթարում այդ ստուգատեսը կազմակերպվում: Մեր երկրի ներկայացուցիչները երկրորդ անգամ էին իրենց կարողությունները փորձում: 2012-ին Վահագն Դավթյանը օղակների վրա վարժություններում ճանաչվել էր 2-րդը,  Արթուր Դավթյանն էլ հենացատկերում դարձել էր 2-րդ մրցանակակիր: Այս տարի, թեև  մեր մարզիկներից Արթուր Դավթյանը  և Արթուր Թովմասյանը հենացատկերում և օղակների վրա վարժություններում արժանացան  բրոնզե մեդալների, մեր մարզիկների մրցելույթներից գոհ ենք: Բանն այն է, որ այս անգամ, 2012-ի համեմատ, մասնակիցների թիվը  մեծ էր. 105 մարմնամարզիկ է մրցահարթակ դուրս եկել: Նրանք ներկայացնում էին 47 երկիր: Ուշագրավն այն է, որ  կարողությունները փորձողների թվում էին նաև 2012-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի  մարմնամարզության մրցաշարի օղակների վրա վարժությունների, նժույգաթափերի, հենացատկերի չեմպիոնները, տարբեր տարիների աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ: Մասնավորապես, նժույգաթափերում պայքարը 8 ուժեղագույնների թվում եզրափակչում շարունակողները բոլորն էլ օլիմպիական խաղերի,  աշխարհի, Եվրոպայի առաջնության չեմպիոններ և մրցանակակիրներ էին: Այս անգամ հենացատկերում ևս շատ ուժեղ մարզիկներ էին պայքարում: Արթուր Դավթյանը սկզբում ոչ բարդ ցատկեր կատարեց, որպեսզի  կայուն հանդես գար և մտներ եզրափակիչ: Նրա ցատկի բարդությունը 16,2 միավոր էր: Իսկ եզրափակչում վարժության բարդությունը հասցրեց  17 միավորի: Ի դեպ, Դավթյանը եզրափակիչ մտավ 7-րդ արդյունքով: Նրանից առանձնապես մեծ սպասելիքներ չունեինք: Բայց պարզվեց, որ կասկածամտությունն անտեղի էր: 

– Հայաստանից քանի՞ մարմնամարզիկ հանդես եկավ Դոհայում:

– Մեր երկրից մասնակցում էին Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը: Ուշագրավ է, որ բոլորն էլ այս կամ այն մրցաձևի եզրափակիչների մասնակիցների թվում էին: Մերդինյանը 6-րդ արդյունքով մասնակցեց նժույգաթափերի եզրափակչին և բավարարվեց 5-րդ տեղով:

Օղակների վրա վարժություններում որակավորման փուլից հետո 2-3-րդ տեղերը բաժանում էին Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը: Արթուր Դավթյանն անսպասելիորեն էր զուգափայտերի վրա վարժություններում եզրափակիչ մտել 7-րդ արդյունքով: Նա  այս մրցաձևում վարժությունների բարդ ծրագիր չունի, սակայն շատ վստահ հանդես եկավ, առանց  սայթաքելու և, ի վերջո, եզրափակչում հանգրվանեց 7-րդ հորիզոնականում: Իսկ Վահագն Դավթյանն էլ օղակների վրա վարժություններում 4-րդը ճանաչվեց:

 – Գո՞հ եք ձեր սաների մրցելույթից:

– Սպասվածից ավելի լավ են մեր մարզիկները հանդես եկել: Սկզբում մի փոքր մտահոգ էինք, որ մերոնք մրցելու են աշխարհի  ուժեղագույն մարմնամարզիկների հետ, այդ թվում` նաև Ճապոնիան, Չինաստանը ներկայացնողների: Դժվար էր կանխագուշակել, թե ինչ կարող է լինել մրցապայքարում: Միայն դժգոհ եմ  Մերդինյանի արդյունքից: Ընդ որում, նա իր նախասիրած մրցաձևում` նժույգաթափերում վարժությունը կատարելիս ոչ մի անգամ չսայթաքեց: Բայց Հարությունը կարող էր ավելին անել: Բանն այն է, որ եզրափակչում անթերի հանդես եկան նաև նրա մրցակիցները. 8 մարմնամարզիկներից ոչ ոք ոչ միայն չսայթաքեց, այլև կոպիտ սխալ թույլ չտվեց: Դա էլ անսպասելի չէր, քանի որ բոլորն էլ այդ մրցաձևում ճանաչված  մարզիկներ են, երկար ժամանակ է` առաջատարներ են: Ընդ որում, նժույգը համարվում է խարդավանքներով մարզագործիք, այդ առումով ամենից անկանխատեսելին է: Ի դեպ, ոչ մի երկիր չկար, որի հավաքականը 4 մասնակից ունենար, և բոլորն էլ եզրափակչում լինեին:

 – Ռուսաստանի հավաքականը մասնակցո՞ւմ էր:

– Ոչ: Դժվարանում եմ ասել, թե ինչն էր պատճառը: Սակայն հայտնի է, որ Ռուսաստանը շատ ուժեղ մարմնամարզիկ ունի, որն օղակների վրա է լավ հանդես գալիս: Հենացատկերում և նժույգաթափերում Ռուսաստանի ներկայացուցիչները թույլ են: Սա ասում եմ, որովհետև առաջիկայում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալու է Եվրոպայի առաջնությունը, և մեր հնարավորությունները պակասելու են, քանի որ Ռուսաստանի հավաքականը տանն է հանդես գալու:

 – Աշխարհի գավաթի խաղարկությունում դրամական մրցանակներ սահմանվա՞ծ էին:

– Այո, 1-ին տեղը զբաղեցնողները ստանում էին 1500 դոլար, երկրորդ և երրորդ մրցանակակիրները հարստանում էին 1200 և 800 դոլարով: Ի դեպ, եզրափակչի բոլոր մասնակիցներն էլ դրամական պարգևներ էին ստանում: Մասնավորապես, վերջին` 8-րդ տեղը գրավողին հանձնվում էր 100 դոլար: Մեր բոլոր մասնակիցներն էլ  դրամական պարգևներ ստացել են:

 – Անդրադառնանք Եվրոպայի առաջնությանը: Ե՞րբ է Հայաստանի հավաքականն ուղևորվելու մրցավայր:

– Ապրիլի 14-ին մեկնելու ենք Մոսկվա: Մրցումները կայանալու են ապրիլի 17-21-ը «Օլիմպիյսկի» մարզահամալիրում: Մասնակցելու են 41 երկրների հավաքականներ: Անցյալ տարի հին աշխարհամասի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափերում դարձել է բրոնզե մեդալակիր: Այս տարի ստուգատեսին մասնակցելու են Դոհայում հանդես եկած չորս  մարմնամարզիկները: Նրանց է միանալու Սերոբ Սողոմոնյանը: Եվրոպայի առաջնությունում թիմային պայքար չի լինելու: Մարմնամարզիկները հանդես են գալու բազմամարտում և բազմամարտի առանձին մրցաձևերում: Սակայն կա մի նրբություն: Ամեն մրցաձևում որևէ երկիր կարող է մրցահարթակ դուրս բերել երկու մարմնամարզիկի: Այդ է պատճառը, որ բազմամարտում հանդես կգան  մեր այն մարմնամարզիկները, որոնք Հայաստանի առաջնությունում այդ մրցաձևում առաջին երկու տեղերում են եղել` Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը: Հարություն Մերդինյանը հանդես կգա նժույգաթափերում, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը` օղակների վրա վարժություններում: Ընդ որում, վարժությունների այն ծրագրերը որոնք մերոնք ներկայացրել էին Քաթարում, ցուցադրելու են նաև Մոսկվայում:

 – Արթուր Թովմասյանի մասին մարզասերները քիչ են տեղյակ: Ընդհանրապես մեր թիմի անդամների հնարավորություններն ինչպիսի՞ն են:

– Նա 21 տարեկան է, նոր է դրսևորում իրեն, օղակների վրա վարժություններում է հատկապես լավ հանդես գալիս: Ի դեպ, Մոսկվայում 2012-ին կայացած Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարում նա հաղթող  է ճանաչվել: Դա լուրջ արդյունք է, իսկ առաջին ամենամեծ հաջողությունը նա ունեցավ Քաթարում: Արթուր Դավթյանը հենացատկերում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է: Մեր բոլոր մասնակիցներն էլ Եվրոպայի առաջնությունում փորձելու են եզրափակիչ մտնել, թե դա որքանով կհաջողվի, ցույց կտա մրցությունը: Բազմամարտում նախնական մրցելույթներից հետո պայքարը շարունակելու են 24 լավագույնները: Հույս ունեմ, որ մեր երկու  մարմնամարզիկներն էլ հաջողակների թվում կլինեն, թե ինչ կլինի հետո` եզրափակչում, դժվարանում եմ ասել: Առանձին մրցաձևերում մեր երեք մարմնամարզիկներն էլ իրենց արդյունքներով կարող են եզրափակիչ մտնել: Կարևորն այն է, որ Հայաստանի հավաքականում ներկայումս սուր մրցակցություն է, և դա օգնում է: Մասնավորապես, Վահան Վարդանյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նույնը կարելի է ասել նաև փորձառու Վահագն Ստեփանյանի մասին: Մրցավայր ուղևորվողների պատրաստականության մակարդակն այժմ ավելի բարձր է, և նրանք Մոսկվա չեն մեկնում սոսկ մրցմանը մասնակցելու համար: Մարտի սկզբին կայացած Հայաստանի առաջնության արդյունքով է որոշվել թիմի կազմը:

 – Հայաստանը մրցավարներ ունենալո՞ւ է Եվրոպայի առաջնությունում:

– Մրցավարություն ենք կատարելու ես և Սոս Սարգսյանը: Եթե մենք երեք և ավելի մասնակից ունենք, ապա պարտադիր երկու մրցավար պետք է հայտավորենք, հակառակ պարագայում հարկադրված կլինենք տուգանք վճարել` ամեն մարզչի բացակայության համար` 2 հազար եվրո: Պատվիրակության կազմում են Աշոտ Գասպարյանը (ղեկավար) և  մարզիչ  Արտյոմ Ավետյանը:

  Հովանավորել ցանկացողներ չկան

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին  էլ խնդրեցինք պարզաբանել, թե սպասելի՞ էր մեր մարզիկների Դոհայում ցույց տված արդյունքը:

Անվանի մասնագետը հայտնեց, որ մարմնամարզիկները նախապատրաստվել էին: Մրցումներն այնպիսի բան են, որ կանխատեսումներ կատարելն անիմաստ է. նախապես հանարվոր չէ ասել, թե այսպես, կամ այնպես կարող է լինել:

– Հաջողությունը մրցման ժամանակ է բացահայտվում, և շատ գոհ ենք, որ մեր բոլոր առաջատար մարմնամարզիկներն էլ վերջին շրջանում ինչ-որ բանի հասել են, նպատակադիր աշխատանքը տվել է իր պտուղները: Իսկ Դոհայում օղակների վրա վարժություններում սպասում էինք, որ Արթուր Թովմասյանը 1-ին կամ 2-րդ տեղ պետք է զբաղեցնի, Հարություն Մերդինյանն էլ նույն բանը պետք է աներ նժույգաթափերում: Բանն այն է, որ երկու մարմնամարզիկներն էլ այդ մրցաձևերում բարդ վարժություներ են կատարում: Արթուր Դավթյանից էլ սպասելիքներ ունեինք, և նվաճում է, որ նա 3-րդ մրցանակակիր է դարձել: Դժվարանում եմ ասել, թե Եվրոպայի առաջնությունում մերոնք ինչ արդյունքի կհասնեն: Կարևորում եմ, որ նրանք հաջող հանդես գան, անեն այն, ինչին ունակ են: Հայաստանի մարմնամարզության ֆեդերցիայի բյուջեով մարմնամարզիկների կարիքների համար տարեկան ծախսվում է  շուրջ 18 մլն դրամ: Դա շատ քիչ է: Հարցը բարձրացրել ենք, անհրաժեշտ է նաև հովանավոր ունենալ: Ոչ ոք չի ցանկանում այդ պարտականությունը ստանձնել: Դա սարսափելի է: Մեր առաջատար մարմնամարզիկներից միայն մեկն է վարձատրվում, խոստացել են, որ մյուսների ֆինանսական հարցերն էլ կլուծեն, սակայն դա չկա»,- ասաց Ազարյանը:

Հայկական թհեքվանդոն սերնդափոխվում է

թհեքվանդոԱյս օրերին Հայաստանի թհեքվանդոյի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (16-21 տարեկաններ): Մեր ընտրանին ապրիլի 16-ին կուղևորվի մրցավայր` Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև. Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր Սերգեյ Ավանեսովը (54 կգ), Հենրիկ Բադալյանը (58 կգ), Եվրոպայի պատանիների արծաթե մեդալակիր Ավետ Ղազարյանը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ): Թիմի մարզիչն է` Սարգիս Սարգսյանը:

Եվրոպայի նախորդ առաջնությունը 2012-ին կայացել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Մեր երկրից երկու մարզիկ մոտ էին մրցանակակիր դառնալուն, սակայն  բավարարվել են 5-րդ տեղով: Պատճառաբանվում է, որ հավաքականում  սերնդափոխություն է ընթանում:

8 քաշային կարգերում են մարզիկները վիճարկելու մեդալների հավաքածուները: Հետաքրքիր է, թե ինչու մերոնք միայն դրանցից 4-ում են հանդես գալու:

Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը տեղեկացրեց, որ պետությունից աջակցության կարգով հատկացվող ֆինանսներն այդքան են բավարարում: Եվ մրցավայր են գործուղում միայն այն մարզիկներին, որոնցից ակնկալիքներ ունեն:

Ընդհանրապես ապրիլը թհեքվանդոյիստների համար հագեցած ամիս է: Ապրիլի 28-ին կմեկնարկի  Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այդ ստուգատեսի արդյունքով կկազմավորվի մեր երկրի ազգային ընտրանին, որը կնախապատրաստվի հուլիսի 1-7-ը Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մոտավորապես կարելի է ասել, որ Հայաստանի հավաքականում ովքեր են հավակնում տեղ զբաղեցնել: Եվրոպայի չեմպիոններ Արման Երեմյանը և Հայկազ Սամվելյանը մեր թիմի առաջատարներն են: Թերևս հավաքականում հայտնվեն նաև Վարագ Աղաջանյանը, Սերգեյ Վարդազարյանը, որն այժմ նախապատրաստվում է հին աշխարհամասի երիտասարդական առաջնությանը: «Մեր թիմը շատ երիտասարդ է: Հայաստանի առաջնությունում էլ 55 մարզիկ  հանդես եկավ և նրանց թվում խոստումնալից թհեքվանդոյիստները քիչ չէին: Հուսով ենք, որ այդ երիտասարդների մեծ մասն առաջիկայում կհամալրի ազգային հավաքականը»,- ասաց Ղահրամանյանը