«Եվրոպական Ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության հայտարարությունը

«Եվրոպական Ինտեգրացիա»Մոսկվայում  Մաքսային Միությանը միանալու,

իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի `

2013 թվականի սեպտեմբերի 3-ին  ստորագրած հայտարարության

եւ դրան հաջորդող զարգացումների վերաբերյալ

 

«Եվրոպական Ինտեգրացիա» Հասարակական կազմակերպությունը ՀՀ եվրաինտեգրման և ԱՊՀ տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների առումով`

 

 

  • համոզմունք է հայտնում, որ եվրաինտեգրումը որևէ կերպ չի կարող ստորադասվել ՀՀ այլ ինտեգրացիոն գործընթացներին,
  • ընկալելի եւ ընդունելի է համարում ՀՀ-ի կողմից վերջին շրջանում հռչակված և կիրառված «և-և» տարբերակը, ինչպես նաև տնտեսական ինտեգրման հարթությունում «արդյունավետության» թեզի կիրառումը`հաշվի առնելով, որ ՀՀ եվրաինտեգրման գործընթացի ներքո հանրության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում իրականացվող և ակնկալվող լայնածավալ բարեփոխումները, երկրի ապագայի տեսլականը միարժեքորեն պետք է համադրվեն ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների, ՀԱՊԿ միասնական անվտանգության համակարգի ներքո երկկողմ և բազմակողմ խորը կապերի և զարգացող հարաբերությունների հետ,
  • կարեւորում է, որպեսզի ՀՀ գործընկերները` ինչպես Մաքսային Միությունը (այսուհետ` ՄՄ), այնպես էլ ԵՄ-ն եւ նրա անդամ-երկրներն ընկալեն ՀՀ առանձնահատուկ վիճակը` «և-և» բանաձեւի մաքսիմալ կիրառմամբ` երբեւէ հարցականի տակ չդնելով դրա իրագործման հնարավորությունը,
  • ընկալում է ՀՀ եւ ՌԴ նախագահների համատեղ հայտարարությունը (Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ)` որպես   «և-և» բանաձեւի ներքո իրականացված քայլ` ակնկալելով, որ տնտեսական ինտեգրման գործընթացները կզարգանան երկու ուղղությունների համադրման ճանապարհով եւ ընդունելի կլինեն ՀՀ-ի թե’ ԵՄ, թե’ ՄՄ գործընկերների կողմից,
  • ողջունում է Եվրոպական հանձնաժողովի` «Հայաստան. վերջին զարգացումների շուրջ ԵՄ դիրքորոշումը» հուշագիրը /Armenia: EU position on the latest developments”, European Commission – MEMO/13/766   04/09/2013 / (Բրյուսել, 4 սեպտեմբերի, 2013), որտեղ մասնավորապես նշվում է. «Ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ԱԱ/ԽՀԱԱՀ–ն բոլորի համար շահեկան բարեփոխումների նախագիծ է և ոչ թե զրոյական ելքով խաղ և կարող է համատեղվել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ», ինչպես նաև  ԵՄ գործընկերների` փաստաթղթի տրամաբանությունից բխող հայտարարությունները,
  • հույս է հայտնում, որ ԵՄ հանձնաժողովի այս դիրքորոշումը կմնա անփոփոխ` ԵՄ եւ ԱլԳ գործընկերների` Վիլնյուսում նախանշված գագաթաժողովում հասնելով իր տրամաբանական հանգրվանին. այն է` ՀՀ եւ ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի (այսուհետ` ԽՀԱԱՀ) կամ նրա նորացված տարբերակի  նախաստորագրմանը,
  • անընդունելի է համարում  ՀՀ տարբեր պաշտոնյաների կողմից տարբեր մակարդակներով հնչեցրած այն հայտարարությունները, որոնք հակասում են  ՀՀ տնտեսական ինտեգրման գործընթացների համադրման «և-և» սկզբունքին, դրա տրամաբանությանը եւ հոգեբանությանը` մասնավորապես.
    • «Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որըչիհակասի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը»:
    • «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը (ԽՀԱԱՀ) անհամատեղելիէ Մաքսային Միության անդամակցությանը» եւ այլ:

 

  • ամրագրում է, որ տնտեսական ինտեգրման ուղղություններից մեկի ստորադասումը մյուսին անհեռատես, անհիմն քայլ է` լի բազում մարտահրավերներով:

 

     Հաշվի առնելով վերը շարադրվածը` «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ-ն կոչ է անում

 

ՀՀ իշխանություններին.

  •  ամենաբարձր մակարդակով հանդես գալ միանշանակ հայտարարությամբ, որտեղ հստակորեն կշեշտադրվի ԵՄ գործընկերների հետ առկա պայմանավորվածություններին հավատարիմ մնալու եւ Վիլնյուսում ՀՀ-ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագիրը ու ԽՀԱԱՀ (կամ նրա նորացված տարբերակը) նախաստորագրելու պատրաստակամությունը` առանց նշված փաստաթղթերի անհարկի եւ միակողմանի կրճատումների,
  •  հնարավորինս բարձր մակարդակով դիմել ԵՄ եւ ՄՄ գործընկերներին` առաջարկելով ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի ՄՄ-ին և ԵՄ ԽՀԱԱԳ-ին միաժամանակյա միանալու դեպքում երկու գործընթացների հնարավոր անհամատեղելիությունը` առաջարկներ ներկայացնելով դրանց հաղթահարման ուղղությամբ: Այդ առաջարկները կապահովեն ԵՄ ԽՀԱԱՀ-ի (կամ նրա նորացված տարբերակի) նախապատրաստումից ստորագրում անցումը, ինչպես նաև ՄՄ անդամակցման ընթացակարգը (նշված մեխանիզմը կարող է կիրառելի լինել նաև այլ գործընկերների համար):

ՀՀ գործընկերներից (ԵՄ, ՄՄ անդամներ) որեւէ մեկի անհամաձայնությունը       նման առաջարկին կնշանակի ՀՀ նկատմամբ հարկադրանքի եւ շանտաժի   քաղաքականության կիրառում,

  • ներդնել ջանքեր` ուղղված հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության բոլոր փուլերում ՀՀ քաղաքական բոլոր ուժերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների կառուցողական ներգրավմանը` հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով,
  • պետության և հանրության շահերին անմիջականորեն առնչվող հարցերում որոշումների կայացման գործընթացը դարձնել առավել մասնակցային, կանխատեսելի, ընկալելի եւ թափանցիկ,
  • հանրությանը ներկայացնել տնտեսական ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից բխող (ՀՀ ապաշրջափակում, աբխազական երկաթուղու բացում, հայ-իրանական երկաթուղու կառուցում և գործարկում) քայլերի շրջանակում գործընկերներից (ԵՄ, ՄՄ) ստացված երաշխիքները:

 

ԵՄ ղեկավարությանը եւ անդամ երկրների կառավարություններին.

  • սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ եռակողմ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունը եւ արդյունավետ գործունեության ապահովումը,
  • ջանքեր ներդնել ՀՀ – ԵՄ ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման նպատակով հայ-թուրքական սահմանի բացման, ՀՀ-ի ապաշրջափակման ուղղությամբ:

 

      ՄՄ գործընկերներին.

  • սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ եռակողմ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունը եւ արդյունավետ գործունեության ապահովումը,
  • ջանքեր ներդնել ՀՀ-ՄՄ գործակցության արդյունավետությունը ապահովելու նպատակով աբխազական երկաթուղու բացման, հայ-իրանական երկաթգծի կառուցման և գործարկման, ՀՀ ապաշրջափակմանն ուղղությամբ:

 

ՀՀ եւ ԵՄ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին

  • սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ հանձնաժողովի ձեւավորմանը եւ արդյունավետ գործունեությանը:

 

Երեւան, 6 սեպտեմբերի, 2013թ.

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ

3688

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Հանրային խորհրդի գյուղատնտեսության, բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Նախագահի աշխատակազմի և համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ:

Քննարկվել են Արարատյան դաշտավայրի կայուն ոռոգման ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ համակարգերի, ինչպես նաև խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հնարավորություններն ու ապօրինի խորքային հորերի գույքագրման և փակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, որոնց ուղղությամբ տրվել են մի շարք հանձնարարականներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Արդարադատության նախարարությունում հանդիպում է ունեցել աշխատակիցների հետ

3692Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ ծանոթացել է աշխատանքային պայմաններին, այցելել քաղաքացիների ընդունելության սրահ, զրուցել աշխատակիցների հետ, ապա նիստերի դահլիճում հանդիպում ունեցել նախարարության ավելի քան երեք հարյուր աշխատակիցների հետ: ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ Հանրապետության Նախագահի այցերի շրջանակում այս նախարարություն այցի ժամանակ ևս նախարարը և նրա տեղակալները զեկուցել են 2010-2013թթ. ընթացքում իրականացված բարեփոխումների, արձանագրված առաջընթացի, զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:

Նախագահը հարցեր է ուղղել զեկույցների հեղինակներին, ապա պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին: Նախարարությունում աշխատանքային պայմանների բարելավման, աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան, Սերժ Սարգսյանը նշել է, որ հասկանալիորեն Արդարադատության նախարարությունում աշխատում են լավ իրավաբաններ, ովքեր կարող են նաև հեշտությամբ աշխատանք գտնել մասնավոր հատվածում: Ընդգծելով, որ արդեն բավականին մանրամասն խոսել է 2014 թվականի հունվարի մեկից սկսած բյուջետային աշխատավարձերի անընդհատ ավելացման պետական քաղաքականության մասին, Նախագահը շեշտել է, որ երեք տարվա կտրվածքով բավականին էական ավելացումների մասին է խոսքը: Նա վստահություն է հայտնել, որ այս քաղաքականությամբ, ինչպես նաև պետծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս բոլոր ծրագրերի փաթեթով, արդարադատության նախարարության համակարգում աշխատանքը շատ արագ մրցունակ է դառնալու մասնավոր հատվածի համեմատ:

Սերժ Սարգսյանը պատասխանել է բազմաթիվ այլ հարցերի, որոնք վերաբերել են ինչպես արդարադատության ոլորտին, այնպես էլ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, առանձին ոլորտների՝ կրթության, տրանսպորտի, սոցիալ-տնտեսական խնդիրներին, պետական կառավարման գործընթացների թափանցիկությանը, մեր երկրի մարտահրավերներին, դրանց դիմակայելու հնարավորություններին և ուղիներին, տարածաշրջանային զարգացումներին: Նախագահը հանգամանալից խոսել է նաև Հայաստանում բարեփոխումների շարունակականության ռազմավարության մասին, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ընթացակարգային խնդիրներին:

Հանդիպման ավարտին Նախագահը կոչ է արել բոլորին ավելի ակտիվ աշխատել. «Մենք մտել ենք մի փուլ, երբ պետք է, իրոք, մեր ջանքերն ավելացնենք: Մի կողմից պետք է բարեփոխումները շարունակենք՝ հասցնենք տրամաբանական ավարտին, մյուս կողմից էլ պետք է կարողանանք նոր գործընթացը, որն սկսել ենք կապված Մաքսային միության հետ, առաջ տանել. մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու՝ մինչև 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով: Իսկ այդ փաստաթղթերի պատրաստման հիմնական բեռը և բազմաթիվ այլ խնդիրներ ձեզ վրա է լինելու: Այսինքն՝ մենք հիմա պետք է մեր աշխատաժամանակն էլ երկարացնենք, աշխատանքի արդյունավետությունն էլ բարձրացնենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հաջողություններ մաղթել նախարարության աշխատակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես լսել նախարարությունում աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված նրանց բոլոր առաջարկությունները, նորամուծություններն ու գաղափարները:

Նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Կարեն Խտրյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

 

 3688Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի և ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության նախագծերը, որոնք խորհրդի անդամներին ներկայացրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հանրապետության Նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է նաև ս.թ. սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի մանրամասները:

«Եվրաինտեգրման գործընթացը կարող է մի քիչ դանդաղել, բայց անշեղորեն առաջ կգնա». Վազգեն Մանուկյան

707779Մոսկվա կատարած այցից հետո մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվող թիվ մեկ հարցի` Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետը հայտնեց ԱԺՄ նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից, փոխելով 3 նախագահ, 5-6 խորհրդարան ու 6-7 վարչապետ, տարվել է միևնույն արտաքին քաղաքականությունն իր հիմնական գծերով` ստրատեգիական գործընկերությունը և կապվածությունը Ռուսաստանի հետ, որտեղ հիմնականում դրված են եղել ոչ միայն տնտեսական, այլև պաշտպանության և անվտանգության հարցեր»,-ասաց նա:

Սակայն, Մանուկյանի դիտարկմամբ, դրա հետ միասին քայլ առ քայլ Հայաստանը գնացել է դեպի Եվրամիություն` վերցնելով եվրոպական արժեքները, եվրոպական ռեֆորմները տեղափոխելով մեր հողի վրա և մեծ արդյունքներ է գրանցել (ինչը նաև Եվրոպայի գնահատականն է)` ի տարբերություն հետխորհրդային շատ այլ հանրապետությունների:

Մանուկյանը նաև հիշեցնում է, որ Հայաստանը կապված է ՆԱՏՕ-ին, մասնակցել է  ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և դա որևէ հակասություն չի առաջացրել:

«Այժմ մի այսպիսի իրավիճակ եղավ` մի կողմից Ասոցացման համաձայնագիրը, մյուս կողմից` Մաքսային միությունը: Երկու կողմն էլ սկսեցին քաղաքական հակասություն տեսնել, որ կա´մ այստեղ պիտի լինես, կա´մ այնտեղ: Հայաստանը պետք է որոշում ընդուներ»:

Մանուկյանը կարծում է, որ Մաքսային միություն մտնել չհամաձայնելը վտանգավոր կլիներ Հայաստանի համար` էապես խաթարելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ այդ հարաբերությունները, ըստ նրա, բավականին կարևոր նշանակություն ունեն մեզ համար: «Կա´մ, կա´մ-ի ժամանակ ոչ միայն պիտի նայես, թե որն է ավելի օգտակար, այլ պիտի նայես` որն է ավելի վտանգավոր: Ի վերջո, մենք ապրում ենք մի երկրում, որն ունի իր պաշտպանության հարցերը և բազմաթիվ հարցեր, որոնք պետք է կոմպլեքս լուծում ստանան, ամեն սցենար մտովի պետք է առաջ տանել և տեսնել` ինչով կարող է վերջանալ: Այս առումով, կարծում եմ, մեզ արվեց մի առաջարկություն, որը հնարավոր չէր մերժել, և մենք ընդունեցինք այդ առաջարկը»:

Բայց միաժամանակ Մանուկյանը կարծում է, որ երկրորդ պրոցեսը` եվրաինտեգրացումը, Հայաստանում նույն կերպ շարունակվելու է: «Ճիշտ է` վերջերս այդ գործընթացն արագացավ, հիմա կարող է մի քիչ դանդաղի, բայց անշեղորեն առաջ կգնա: Եվրամիությունն էլ է շահագրգռված այդ գործում, և ես կարծում եմ, որ նախկին բոլոր պայմանավորվածությունները Եվրոպայի հետ կատարվելու են»:

Մանուկյանի խոսքով` ճիշտ է` շահագրգռվածությունները Ռուսաստանի հետ շատ են, բայց մեր ներքին կյանքի, մեր ազատությունների, դեմոկրատիայի առումով մենք ավելի շատ օրինակ ենք վերցնում Եվրոպայից, քան Ռուսաստանից: «Կարծում եմ` և´ մեր հասարակությունը, և´ պետության ղեկավարները, և´ Եվրոպան շահագրգռված են, որ եվրաինտեգրման պրոցեսը Հայաստանում շարունակվի»,-ամփոփեց նա:

 

 

 

 

 

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Սևանի հիմնախնդիրներին առնչվող հարցերի շուրջ

 

3683Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը և Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ:

Քննարկվել են Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման և լճի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Սևանի ցանցավանդակային տնտեսությունում Սևանի էնդեմիկ ձկնատեսակների աճեցման փորձնական ծրագրի նախնական արդյունքներին: Քննարկվել են Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման համալիր ծրագրի հիմնական դրույթներն ու ուղղությունները, ինչպես նաև իրականացման մեխանիզմները, որոնք զգալիորեն կնպաստեն լճի պաշարների համալրմանն ու բնական վերարտադրության պայմանների բարելավմանը:

Նախագահը Սևանա լճի համար կարևորագույն վերոնշյալ խնդիրների լուծման հետ միաժամանակ, ծրագրի իրագործման դեպքում կարևորել է նաև տարածքային համաչափ զարգացման համատեքստում Գեղարքունիքի մարզում բազմաթիվ նոր աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսության զարգացմանը խթանելը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

3668

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Գործընկերոջ հետ բանակցություններից առաջ Նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հրավերի համար և նշել, որ շատ հարցեր են կուտակվել, որոնք կարելի է քննարկել և որոշումներ ընդունել երկկողմ հարաբերությունների և, իհարկե, ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կառուցված են մեր երկրների ժողովուրդների միջև բարեկամության և եղբայրության դարավոր ավանդույթների վրա: Ես վստահ եմ, որ այսուհետ ևս այդ հարաբերությունները կզարգանան փոխըմբռնման հունով՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի համաձայն: Համոզված եմ, որ հայերի և ռուսաստանցիների յուրաքանչյուր սերունդ իր ավանդը պետք է ներդնի այդ հարաբերությունների պատմության մեջ: Մեզ համար այդ հարաբերությունները թանկ են, և ամեն ինչ կանենք, որ դրանք զարգանան: Դա մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Այդուհանդերձ, իհարկե, կան հարցեր, որոնք պետք է լուծել այնպես, որպեսզի մեր հարաբերությունները բարձրանան նոր՝ ավելի բարձր մակարդակի: Եվ այդ կապակցությամբ էլ ես եկել եմ Մոսկվա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով գործընկերոջը Մոսկվայում՝ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և այցի համար. «Սա Ձեր երկրորդ այցն է վերջին ժամանակաշրջանում: Ես շատ ուրախ եմ, որ մեզ մոտ հարաբերություններն այդքան ինտենսիվորեն զարգանում են գրեթե բոլոր ուղղություններով: Հաճախակի են շփումները խորհրդարանների, կառավարությունների, գործարար կառույցների մասով: Ճիշտն ասած, այդ առումով ևս արդյունքը, հուսով եմ, դրական է: Մեզ մոտ տնտեսության մեջ ապրանքաշրջանառության աճն ավելի քան 23 տոկոս է: Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերը, և այդ միտումը պահպանվում է»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը

Լևոն ԱնանյանՍեպտեմբերի 2-ին 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ  Լևոն Անանյանը:

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։  Աշխատել է մի շարք պաչբերականներում: 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2001-ից մինչ օրս եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:

Լևոն Անանյանին 2008-ի մայիսի 26-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր Գործչի կոչումը:

«Անկախ»-ը ցավակցում է Լևոն Անանյանի ընտանիքին և հարազատներին ծանր կորստի կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՍիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ:

Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իր ազատությունը պաշտպանել և փրկագնել է դաժանագույն պատերազմում ծանրագույն կորուստների գնով: Հանուն իր անկախության արցախցին քվեարկել է ոչ միայն համաժողովրդական հանրաքվեով, այլև համաժողովրդական ինքնապաշտպանությամբ: Արցախցին «Այո՛» է ասել ազատությանն ու անկախությանը, և «Ո՛չ»՝ բռնությանն ու կոտորածին:

Սիրելի՛ արցախցիներ,

Այսօր՝ այս մեծ տոնի օրը, աշխարհի ողջ հայությունը ձեզ հետ միասին կրկնում է «Այո՛»: «Այո՛»՝ ժողովրդավարությանը և համամարդկային արժեքներին, «Ո՛չ»՝ հակահայ ֆաշիզմին և բռնապետների քմահաճույքներին:

Այսօր՝ այս մեծ տոնի օրը, մենք փաստում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես կայացած պետականություն, շարունակում է իր համակողմանի զարգացումը: Ղարաբաղի ժողովրդի խաղաղ աշխատանքն ու արարումն արդեն արմատապես և դրականորեն փոխել են նրա դիմագիծը: Աշխարհի երեսին այսօր կան ոչ քիչ երկրներ, որոնք պաշտոնապես ճանաչված են միջազգային հանրության կողմից, բայց կերազեին ունենալ ԼՂՀ-ի ներքին կազմակերպվածությունն ու կայունությունը, ժողովրդավարության և քաղաքական ազատությունների աստիճանը: Եվ սա այն դեպքում, երբ արցախցին ստիպված է մի ձեռքով մշտապես զենք բռնել և աշխատել միայն մեկ ձեռքով:

Սիրելի՛ արցախցիներ,

Իհարկե, դեռ շատ բան ունենք անելու, դեռ լուրջ խնդիրներ ունենք լուծելու՝ սկսած կենցաղից, վերջացրած ռազմաքաղաքական հարցերով, բայց մի բան հստակ է բոլորիս համար՝ վերադարձ դեպի միջնադարյան խանության բանտախուց այլևս չի լինելու:

Կեցցե՛ ազատ Արցախը՝ հայության պատվարն ու արդարության հաղթանակի խորհրդանիշը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

10647_am_1Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,

Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Կրթությունը, գիտելիքը մեր ժողովրդի արժեհամակարգի հիմքն են: Գիտելիք ունեցող մարդն ազգային հարստություն է, որի պահպանմանն է ուղղված մեր պետության ջանքերը: Լավ կրթություն, հարուստ գիտելիքներ ունեցողի համար մեր երկրում աստիճանաբար ստեղծվում են անհրաժեշտ հնարավորություններ, որպեսզի վերջինս իր ապագան կերտի Հայրենիքում: 21-րդ դարում պետություններն իրար հետ առաջին հերթին մրցում են գիտելիքահեն հասարակություններով: Մենք կարող ենք և պարտավոր ենք մեր արժանապատիվ տեղը զբաղեցնել աշխարհի այդ երկրների շարքում: Այդ ճանապարհին հսկայական է ձեր դերակատարությունը` սիրելի մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ և ուսանողներ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ` մաղթելով ամենայն բարիք:

Այսօրվա պատերազմը գիտելիքի ճակատում է, որտեղ պետք է տանենք նոր հաղթանակներ. ՀՀ վարչապետ

10646_am_1Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Արցախի պետական համալսարան, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը: Շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ` վարչապետը նշել է. «Իմ համոզմամբ` Արցախի ազատագրական պայքարի ճակատն այսօր հենց գիտության բնագավառում է: Եթե կարողանանք այս ոլորտում վերելք ապահովել, ապա կամրապնդենք արցախյան ազատամարտի մեր հաջողությունը: 21-րդ դարում փոխվել է ազգերի մրցակցության փիլիսոփայությունը, այսօր զարգացած և ուժեղ է համարվում այն ազգը, որն առաջատար է հենց գիտության ոլորտում, որը ստեղծում է նոր գիտելիք: Այստեղ է այսօրվա պատերազմի ճակատը, որտեղ պետք է տանենք հերթական հաղթանակը: Մենք ձեզ հետ ի վիճակի ենք և պարտավոր տանել նոր հաղթանակներ գիտության, կրթության բնագավառներում: Դա կլինի նաև այն տուրքը, որը պարտավոր ենք վճարել` ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Այս ճակատում են ամրապնդվելու մեր հաղթանակները»:

Վարչապետի խոսքով` այսօր համալսարանները դառնում են հասարակության զարգացման հիմնական շարժիչները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարեփոխոււմներն իրականացնելիս թիրախավորում է համալսարանների, որպես գիտական օջախների, կայացումը: «Մենք առաջին հերթին պետք է իրականացնենք կրթական արմատական բարեփոխումներ և բարձրացնենք համալսարանների ծառայությունների մատուցման որակը: Պետք է ՀՀ-ում ներդնենք հավատարմագրման ինստիտուտ, որը թույլ կտա հետևել սահմանված չափանիշների պահպանմանը: Դա նշանակում է, որ տեղի է ունենալու համալսարանների խոշորացում, և մենք չենք բացառում, որ տասնյակ համալսարաններ չեն դիմանալու այս մրցակցությանը: Մեր ինտելեկտուալ կարողությունները ներդնելու ենք հավատարմագրման բոլոր փուլերն անցած համալսարաններում, ինչը խթանելու է որակական ծառայություններ մատուցելու մրցակցությանը»,– ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ինչպես է վարչապետի համար սկսվել արցախյան շարժումը` Տիգրան Սարգսյանը նշել է. «Ազգային խնդիրները լուծելու և բարձրացնելու հմտությունները ձեռք եմ բերել դեռևս 1980-87 թվականներին` Սանկտ Պետերբուրգում կրթություն ստանալու տարիներին: Կազմակերպում էինք ապրիլքսանչորսյան միջոցառումներ, զբաղվում հայրենասիրական խնդիրների շուրջ քննարկումներով: Վերադառնալով Երևան` 1988-ին աշխատանքի ընդունվեցի տեղի պլանավորման և հետազոտությունների ինստիտուտում, որտեղ ծանոթացա Իգոր Մուրադյանի հետ: Այսինքն, արցախյան շարժման բուռն իրադարձությունների մեջ հայտնվեցի Սանկտ Պետերբուրգից անմիջապես հետո, երբ դեռևս գաղափարախոսական ընդհատակյա պայքար էր գնում: 1988-ին ժամանեցի Ստեփանակերտ` թռուցիկներով լի ճամպրուկով, որպեսզի դրանք տարածենք այստեղ: Հետագայում արդեն տեղյակ եք, որ Երևանում սկսվեց սկզբից բնապահպանական շարժումը, որն էլ սահուն կերպով տեղափոխվեց քաղաքական դաշտ»: 
Խոսելով Սիրիայի շուրջ հնարավոր ռազմական գործողությունների մասին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների, իրադարձությունների տարբեր զարգացումների:
«Սպասվում է Հալեպից մեծ արտագաղթ, այսօր խնդիրն այն է, որ Սիրիայի տարածքովտեղաշարժումներն անվտանգ չեն կարող լինել: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացման, որպեսզի կարողանանք ընդունել սիրիահայերին, որոնք պետք է կարողանան այդ շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ: Բոլոր սցենարները քննարկում ենք»,– նշել է վարչապետը:
Հանդիպման ավարտին ուսանողները և համալսարանի ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին` իրենց հյուրընկալվելու համար և Տիգրան Սարգսյանին նվիրել ղարաբաղյան բարբառի բառարան:
ՀՀ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է ուսանողներին Գիտելիքի օրվա և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Մեր հողերի 80 % անապատեցված է, որից ավելի քան 20 %՝ խիստ անապատեցված, իսկ մնացածը անապատացման շեմին են…

հողԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հողագետ Աշոտ Խոյեցյանը և Էկոլոգ – լրագրող Գալուստ Նանյանը ներկայացրեցին  Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների ոչ ճիշտ  կառավարման հետևանքով Սև ջուր կամ Մեծամոր կոչվող գետի ցամաքեցման, Արարատյան դաշտավայրում ճահճացման խնդիրների ու հողերի աղակալման խնդիրների, ու դրանց դեմ տարվող պայքարի միջոցների մասին:

«Հայաստանը, մի կողմից լինելով լեռնային  ջրերի ամբար,  մյուս կողմից ինքն ունի ջրերի լուրջ պրոբլեմ: Աղակալված  և ճահճացող հողերը հաջորդում են մեկը մյուսին, իսկ դա միայն մի բանի՝ ջրային ռեսուրսների սխալ օգտագործման արդյունք  է, – ասաց Աշոտ Խոյեցյանը և ահազանգեց,- տարաբնույթ աղերը խեղդում են Արարատյան դաշտը: Մեր հողերի ութսուն տոկոսը անապատեցված է, որից ավելի քան քսան տոկոսը՝ խիստ անապատեցված, իսկ մնացածը անապատացման շեմին են»:

Ոչնչացման վտանգի տակ է նաև Սև ջուր կամ Մեծամոր կոչվող գետը, որը բացառիկ է իր նշանակությամբ, քանի որ միակ գետն է, որ անցնում է Արարատյան դաշտով: «Կորցնելով Սև ջուրը` կկորցնենք Արարատյան դաշտավայրը», – ահազանգեց Գալուստ Նանյանը: Բանախոսները, խոսելով պրոբլեմների լուծման մասին, համաձայնեցին, որ անհապաղ պետք է ջրային պաշարների տնօրինման բոլորովին նոր քաղաքականություն մշակել, որովհետև հին օրենքներն ու ծրագրերը փաստացի չեն աշխատում:

Նոր նշանակումներ` ՀՔԾ-ում

հքծ Հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի երկու թափուր հաստիքի համար:
2013 թվականի օգոստոսի 28-ին կայացավ բաց մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արման Թամրազյանը և առաջին դասի խորհրդական Էդգար Պողոսյանը:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վ. Գ. Շահինյանի հրամանով` հաղթող ճանաչվածները նշանակվել են Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչներ:

Կարգալուծությունները Գարեգին Բ Կաթողիկոսի անվան հետ կապելն անհեթեթություն է

Mayr-Ator Վերջին շրջանում մամուլում հաճախ է շրջանառվում Եկեղեցուց հեռացած հոգևորականների թվի աճման հարցը, որի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանի հետ, որի գործունեության հետ են առնչվում նաև եկեղեցականների հարցերը:

-Տե՛ր Հայր, ինչպես կմեկնաբանեք եկեղեցականների կարգալուծության մասին մամուլում շրջանառվող լուրերը, որոնք հատկապես կապակցվում են Գարեգին Բ կաթողիկոսի անձի հետ:

-Եկեղեցին գործող օրգանիզմ է, և ձեռնադրությունների հետ կան նաև կարգալուծության դեպքեր: Այս երևույթը գոյություն է ունեցել Եկեղեցու պատմության բոլոր ժամանակներում: Կարգալուծությունները կապելը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան հետ`բացարձակ անհեթեթություն է: Եկեղեցականների վերաբերյալ վիճակագրությունը բոլորովին այլ է: Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետության տարիներին ձեռնադրություն են ստացել և ծառայության կոչվել 303 եկեղեցականներ: Ամենայն Հայոց Կաթողիկոսության իրավասության ներքո գործող եկեղեցականների ընդհանուր թիվը 576 թ, որոնցից`  29 արքեպիսկոպոս, 27 եպիսկոպոս, 41 վարդապետ, 53 աբեղա, 426 քահանա, որոնք իրենց սպասավորությունն են իրականացնում հայաստանյան և սփյուռքի թեմերում: Հարյուրից ավելի հոգևորականներ ծառայում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր բաժիններում, հայոց բանակում, դասավանդում են Մայր Աթոռի հոգևոր կրթօջախներում: Տեղին է նշել նաև, որ Մայր Աթոռի հովանու ներքո գործող հոգևոր-կրթական հաստատությունների շարքում ի թիվս Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի ավելացել է Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանն ու Քահանայից լսարանը: Այս չորս հաստատություններում ուսանում են 247 ուսանողներ:

Ինչ վերաբերում է ծառայությունը թողած եկեղեցականներին՝ դրանց թիվը 56-ն է: Հիշյալ եկեղեցականները ծառայությունը թողել են տարբեր պատճառներով: Դրանք կարելի է տարբերակել.

ա) կամավոր հրաժարվածներ, ովքեր ծառայությունը թողել են սեփական դիմումի համաձայն: Նրանց թիվը 24 է,

բ) ծառայությունը ինքնակամ լքածներ, ովքեր առանց խնդրագրի ներկայացման անձնական նախաձեռնությամբ փաստացի հրաժարվել են ծառայությունից: Նրանց թիվը 10 է,

գ) եկեղեցականներ, ովքեր ազատվել են հոգևորականին անհարիր կանոնազանց ընթացքի համար: Նման անձերի թիվը 22-ն է:

Հիշյալ դեպքերում եկեղեցականները ծառայությունից ազատվել են եկեղեցական կանոնական սկզբունքների շրջանցման համար, ինչպես օրինակ մի դեպքում եկեղեցականի փաստացի ամուսնալուծությունը, մեկ այլ դեպքում անգամ քրեական հանցակազմի առկայությունը և այլն:

Ինչ վերաբերում է կարգալույծ բառի գործածությանը, ապա կարծում ենք, որ հասարակության մոտ որոշակի շփոթ կա այս հասկացության ընկալման առումով: Հաճախ այն մեկնաբանվում է որպես որոշում, որով եկեղեցականին հեռացնում են ասպարեզից, առանց նրա ցանկության և կամքի հետ հաշվի նստելու: Սակայն ինչպես արդեն վերը նշեցինք կարգալույծ արվածների ստվար հատվածը ասպարեզը լքել է սեփական նախաձեռնությամբ` ներկայացնելով իր դիմումը կամ փաստացի հրաժարվելով իր ծառայությունից:

-Ինչ ընթացակարգով է տեղի ունենում ծառայությունից հրաժարված հոգևորականների կարգալույծ հռչակումը:

–Իր դիմումի համաձայն ծառայությունից հրաժարվելու կամ հոտի փաստացի լքումի դեպքերում կարգալուծության տնօրինությունը ուղղակիորեն կատարվում է Վեհափառ Հայրապետի կողմից, երբ այլևս սպառված են լինում բոլոր միջոցները: Իսկ հոգևորականին անհարիր վարքի դրսևորման և այլ հակականոնական ընթացքների պարագային Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հարցը քննության է դրվում հինգ եպիսկոպոսներից կազմված Կարգապահական հանձնախմբում, որի գործառույթն է քննել եկեղեցական սպասավորի կարգազանցության ցանկացած դրսևորում, ուսումնասիրել դրա պատճառներն ու հետևանքները: Խնդրի համակողմանի ուսումնասիրությունից հետո եզրակացությունը ներկայացվում են Նորին Սրբությանը և արդյունքում կատարվում է Հայրապետական տնօրինություն:

 

Սեդա Մանուկյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Մահացել է ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը. «Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»

g_imageԵրեկ Ֆրանսիայում 93 տարեկան հասականում մահացել է ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան):

Ժանսեմը ծնվել է 1920 թ. Կ.պոլսի մոտ գտնվող Սելեզ գյուղում, մանկությունը անց է կացրել Հունաստանի Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների` Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում։ Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում

Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում։ Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ ակադեմիաները (1934-1936թթ.)։ 1938-ին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը։ Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ Սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում» «Ջութակահարը» նկարով։

Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից։ Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ։ Ժանսեմի աշխարհն ամենուր տխուր է: Նրա հերոսները կարծես ապրում են, և չկան: Ֆրանսիացի տեսաբան Ք. Բլանը Ժանսեմի մասին գրել է. «Կորուսյալ հոգիները իրենց ապաստան են գտել բանաստեղծ-նկարչի մոտ: Նա կտավին է հանձնել այն, ինչը աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»:

Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։
2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելել է Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից, նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանին։ 2010 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ժանսեմը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

Panorama.am

Գանձասարի պարսպի երեսպատված մասը պետք է ապամոնտաժվի. ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողով

նիստՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործմանխնդիրների ենթահանձնաժողովում ս.թ. օգոստոսի 27-ին տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը:

Նիստին մասնակցել են ենթահանձնաժողովի անդամներ, անվանի ճարտարապետներ: Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, ներկայացնելով խնդիրը, ևս մեկ անգամ շեշտվել է համալիրի պարսպի պատմական տեսքը պահպանելու անհրաժեշտությունն ու առանց համապատասխան նախագծի և մասնագիտական քննարկման այն ձևափոխելու

անթույլատրելիությունը: Մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել սալիկապատման գործընթացի նկատմամբ պատկան մարմինների ոչ համարժեք գնահատականի և քայլերի վերաբերյալ:

Ենթահանձնաժողովի նիստում որոշում է կայացվել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված մասի սալիկները հեռացնելու առաջարկով ՀՀ և ԼՂՀ նախագահներին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված մտավորականների բաց նամակի վերաբերյալ:

Ենթահանձնաժողովը գտնում է, որ 350 ստորագրությամբ բաց նամակը և Գանձասարի պարսպի պատմությունը  ենթակա չեն քննարկման, քանի որ հստակ է, որ.

1. Պատմամշակութային բարձր արժեք հանդիսացող Գանձասարի վանքային համալիր-հուշարձանի նկատմամբ տարվում է աղավաղումների և պատմական կեղծիքների իրականացման գործընթաց, որի կասեցման պահանջով հանդես է եկել Հայաստանի մտավորականությունը` պաշտպանելու իր ազգային- պատմական հուշարձանը, ժառանգություն ստացած իր սրբավայրն ու իր պատմությունը:

2. 13-րդ դարում (կամ ավելի վաղ) կառուցված Գանձասարի շրջապարիսպը մշտապես մնացել է

կանգուն մինչև այժմ: Կառուցումից հետո վերանորոգվել է մի քանի անգամ, այն էլ միայն վերին շերտերը` պահպանելով նախկին`միջնադարյան պատմական տեսքը: Վերջին «վերանորոգման» ժամանակ  աղավաղվել է պարսպի թե´ որակը, թե´տեսքը, թե´ միջնադարյան ճարտարապետական կառուցվածքը, դրանով իսկ աղավաղվել ու կեղծվել է վանքային համալիրի ամբողջականության պատմությունը, որոնք փաստեր են, և որի մասին հայ մտավորականությունը ներկայացրել է «Բաց նամակում»:

3. Մասնագիտական ուսումնասիրությունները, եզրակացությունները, առաջարկություններն ու պահանջները ենթակա չեն այլոց (ոչ մասնագետ ղեկավար, բարերար, մեծահարուստ, հոգևորական և այլն) կողմից ուսումնասիրման կամ վերլուծության (քննարկման), իսկ բաց նամակը գրված և ստորագրված է բացառապես մասնագետների  մեծամասնությամբ (220-ից ավելի).

70  ճարտարապետ և հնագետ,

50  պատմաբան,

25  աստվածաբան, վիմագրագետ, ազգագրագետ,

75  արվեստի գործիչներ (մշակութաբաններ, նկարիչներ, քանդակագործներ…),

մատենադարանի, ակադեմիայի (և այլ) գիտաշխատողներ,

ինչպես նաև`

55  գրողներ, բանաստեղծներ, բանասերներ,

32  հասարակական-քաղաքական կազմակերպություններ:

Բաց նամակի ստորագրողներից 60-ից ավելին ակադեմիկոսներ և դոկտոր – պրոֆեսորներ են:

4. Քանի որ 350 ստորագրությամբ նամակն ուղղված է ՀՀ և ԼՂՀ նախագահներին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին` հաշվի առնելով իրավիճակի լրջությունն ու խնդրի անհապաղ լուծման կարևորությունը, ուստի նամակի պատասխանն էլ ենթահանձնաժողովն ակնկալում է ստանալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, ԼՂՀ նախագահ ԲակոՍահակյանից և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից:

Ենթահանձնաժողովն անընդունելի է համարում ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության

վարչության պետ Ս. Շահվերդյանի 2013 թ. հուլիսի 10-ի գրությունը, որն ընկալվում է իբրև ձևական և հասարակությանն ապակողմնորոշելու միտում ունեցող, քանի որ նույն վարչությունը նույնաբովանդակ գրություն հրապարակել է դեռևս 2012 թ. դեկտեմբերի 14-ին` Գանձասարի պարսպի երեսպատումը Լևոն Հայրապետյանի կողմից վերսկսելուց երեք շաբաթ անց` մասնագետների և հասարակայնության պահանջով և կրկնվել է դեկտեմբերի 26-ին, երբ երեսպատումը շարունակվում էր և դադարեցվել էր մարտ-ապրիլ ամիսներին` մասնագետների և հասարակայնության պահանջով:

Ենթահանձնաժողովը գտնում է, որ նշված գրության մեջ նկատելի է արհամարհանք մտավորականության նկատմամբ` 350մտավորականներին անվանելով «մի խումբ», իսկ երեսպատման գործընթացն արդարացնող անտրամաբանականպատճառաբանությունները հաստատում են, որ եզակի կառույցը գտնվում է կա՛մ մշակույթից, ազգային արժեքներից, հուշարձանից, պատմությունից ու պատմական ժառանգությունից, առավել ևս` քաղաքականությունից հեռու մարդկանց տնօրինության տակ, կա՛մ միջնադարյան հայկական ճարտարապետությունն ու սրբավայրի պատմությունն

աղավաղելու, խեղաթյուրելու գիտակցված գործընթաց է սկսված:

Ուստի, կարևորելով Գանձասարի վանքային համալիրի ամբողջականությունը կեղծարարությունից զերծ պահելու հանգամանքը, ինչպես նաև բարձր գնահատելով հայ մտավորականության դերը և արտահայտած հստակ դիրքորոշումն այս հարցում`  ենթահանձնաժողովը որոշում է.

Դիմել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին` հետևյալ խնդրանքով.

ընդունել «Բաց նամակ»-ի պահանջները և բարձր հսկողության ներքո.

ա) պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)` անհապաղ կայացնել Գանձասարի շրջապարսպիերեսպատված մասը ապամոնտաժելու և պատմական իմաստին,  ոճին  ու որակին  համապատասխան լիարժեք  վերականգնելու որոշում:

բ) պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)` անմիջապես հրավիրել մասնագետ-հնագետների,գեոֆիզիկների, սեյսմոլոգների, վերականգնող ճարտարապետների ու շինարարների, պատմաբանների և հուշարձանագետների` մասնագիտորեն կազմակերպելու և սկսելու  շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ

քարե սալիկների հեռացման աշխատանքները` ապահովելով մասնագիտական

խիստ հսկողություն, որից հետո կվերացվեն համալիրում գոյություն ունեցող թերությունները, կկատարվեն վերանորոգման  աշխատանքներ, և  հուշարձանին կվերադարձվի իր պատմականորեն

անաղարտ տեսքն  ու  խորհուրդը` որպես  Հայոց պատմական-ազգային-հոգևոր արժեք:

 

ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովն իր պատրաստակամությունն է 

հայտնում նշված բոլոր աշխատանքներում ապահովել  բարձրակարգ մասնագետների 

մասնակցությունը` ապամոնտաժման գործընթացը  պահելով իրուշադրության  ներքո, 

անհրաժեշտության դեպքում հրավիրելով նիստեր և անցկացնելով հանրային քննարկումներ:

ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների,

հուշարձանների պահպանության, պատկանելության

և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողով

«Ոստիկանության զանգվածային ռեպրեսիաների դեմ»` ցույց ոստիկանության շենքի դիմաց (լուսանկարներ)

MHM80853 copyԱյսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Ոստիկանության շենքի դիմաց: Քաղաքացիներն այսպիսով իրենց դժգոհությունն են հայտնել  «Ոստիկանության զանգվածային ռեպրեսիաների դեմ»` ակցիան այդպես էլ կոչելով:

Այնուհետև ցուցարարները երթով շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք:

Վարորդների երթ-հանրահավաքը հետաձգվել է. Բեգլարյանը գործադրել է քավոր-սանիկ դիվանագիտությունը

big_1a725948eԱվտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակավորապես կասեցվել է այսօր՝ օգոստոսի 26-ին նշանակված ավտոերթ-հանրահավաքը, որին պատրաստվում էին մասնակցել տաքսի ծառայության և երթուղային տրանստպորտի մոտ երկու հազար վարորդներ: Վերջիններս պահանջելու էին ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, քանի որ, ըստ իրենց, նախարարությունը մատնված է անգործության, չունի ոլորտի վերաբերյալ հայեցակարգ, որի պատճառով էլ իրավիճակը ծայրահեղ բարդացել է:

Թե ինչու է ավտոերթ-հանրահավաքը հետաձգվել, Տիգրան Հովհաննիսյանը չմանրամասնեց, միայն նշեց, որ Գագիկ Բեգլարյանը օրեր առաջ դիմել է իր հարազատներից մեկին՝ ասելով, որ ինքը գտնվում է արտերկրում՝ արձակուրդի մեջ և իր վերադարձից հետո կհանդիպի Տիգրան Հովհանիսյանի հետ՝ քննարկելու տրանսպորտի ոլորտի խնդիրները:

Այսօր՝ ամսի 26-ին, Բեգլարյաննն արդեն աշխատանքի է վերադարձել: Սակայն առայժմ հանդիպումը չի կայացել:

archive2.ankakh.com-ի տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանը Տիգրան Հովհաննիսյանի քավոր, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի միջոցով է իր առաջարկը փոխանցել, ինչը Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Սակայն երևում է՝ միջնորդությունը շատ ազդեցիկ է եղել, որ Հովհաննիսյանը որոշել է կասեցնել հազարավոր վարորդների մասնակցությամբ երթը:

Այժմ սպասվում է Բեգլարյանի հետ կայանալիք եռակողմ հանդիպումը՝ Գագիկ Բեգլարյան, Նահապետ Գևորգյան, Տիգրան Հովհաննիսյան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Տիգրան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պահանջում է Գագիկ Բեգլարյանի հրաժարականը և Երևանի քաղաքապետարանից երթ-հանրահավաք անցկացնելու թույլտվություն էր ստացել, որը պետք է կայանար այսօր՝ օգոստոսի 26-ին:

 

 

 

 

 

 

 

ՄԻՊ-ը` ոստիկանության գործողությունների և ակտիվիստների ծեծի մասին

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է Կոմիտասի պողոտայում կատարված միջադեպին:

Հայտարարությունում ասվում է . «Կոմիտաս փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը: Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Արդեն պատրաստ է և այսօր կուղարկվի մեր պաշտոնական հարցումը Ոստիկանությանը: Ի թիվս այլ հարցերի մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի և այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը:

Ինչ վերաբերում է առանձին քաղաքացիների կողմից ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցույց տալու արարքներին, վերջնական գնահատական տալու իրավասությունը տրված է բացառապես դատարանին: Ցավոք, ներկայիս դատական համակարգի վերնախավի պարագայում նմանատիպ գործերով քչերն են ակնկալում արդար դատաքննություններ: Հաճախ դատարանների նկատմամբ արդարացի անվստահությունն է մեր քաղաքացիներին ստիպում դիմել ինքնիրավչության և ապօրինությունների, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից անթույլատրելի ու դատապարտելի է:

Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի կապակցությամբ և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն ոչ խտրական և բազմակողմանի քննություն, որի արդյունքում կբացահայտվեն բոլոր իրական մեղավորներն ու կենթարկվեն պատասխանատվության»:

Նախագահը ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին

3611

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին:

3614«Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթն անցկացվել է երեք փուլերով չորս տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում: Տասներորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին մասնակցել է 2041 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ նախորդ տարվա 1475 ընտանիքի փոխարեն: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և Արցախի 144 ընտանիք:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից ստացել են նաև մարզահագուստներ և հուշանվերներ:

«Շնորհավորում եմ մարզական ընտանիք մրցույթի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին, ցանկանում, որ բոլորդ միշտ լինեք այդքան հաջողակ, ուժեղ և առույգ: Շնորհավորում եմ, իհարկե, բոլոր մասնակիցներին: Այստեղ տիրող տրամադրությունն ինձ հուշում է, որ Ծաղկաձորում հիմա օլիմպիական մթնոլորտ է: Ինչպես գիտեք, օլիմպիական կարգախոսն ասում է, որ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ուրախությամբ փաստելով այն հանգամանքը, որ մեր հանրապետությունում կան հազարավոր ընտանիքներ, որոնց անդամները կարևորում են առողջ ապրելակերպը, սիրում են մրցակցել, և որտեղ աճում է առողջ սերունդ: Հանրապետության Նախագահի խոսքով, մարդը չի կարող առանց ամուր և համերաշխ ընտանիքի լիարժեքորեն դրսևորվել, հետևաբար հասարակությունը, որի հիմքն առողջ և ամուր ընտանիքը չէ, ըստ Նախագահի, չի կարող լավ ապագա ունենալ:

Գոհունակությամբ ընդգծելով այն փաստը, որ տարեցտարի մեծանում է մրցույթին մասնակցող ընտանիքների թիվը՝ 54 ընտանիքից հասնելով 2041-ի, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ թիվն էլ է պետք մեծացնել. «Մենք պետք է ունենանք տասնյակ հազարավոր ընտանիքներ, բայց պետք է այդ շրջանակը ևս ընդլայնենք և հնարավորություն տանք, որպեսզի այս մրցույթին մասնակցեն նաև հաշմանդամ ունեցող ընտանիքները: Սա չափազանց կարևոր է, որովհետև այդ մարդիկ էլ են մեր հասարակության լիարժեք անդամները, և նրանց էլ է պետք հնարավորություն տալ իրենց կարողությունները ցուցաբերելու, իրենց մասնակցությունն ունենալու այս կարևոր միջոցառմանը»:

Հոբելյանական տասներորդ անգամ անցկացվող ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի կազմակերպիչների կողմից  Նախագահ Սերժ Սարգսյանին հանձնվել է գավաթ՝ ի նշան երախտագիտության: