Մերկ արձանները հանվել են Քաթարում կազմակերպված Օլիմպիական ցուցահանդեսից, քանի որ իշխանությունները ցանկացել են դրանք ծածկել կտորով

Greek statue.Հունաստանը Դոհայում կազմակերպված Օլիմպիական ցուցահանդեսից հանել է երկու մերկ տղամարդկանց արձաններ, երբ Քաթարի իշխանությունները պնդել են, որ նրանց սեռական օրգանները փակվեն սև կտորով:

Մշակույթի նախարարության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչները ցանկացել են խուսափել կին այցելուների համար սկանդալային տեսարաններից:

Անցած ամիս ցուցահանդեսի բացման առթիվ մահմեդական երկիր այցելած Հունաստանի մշակույթի նախարարի տեղակալը ընդդիմացել է՝ հայտնելով, որ արձանները պետք է ցուցադրվեն իրենց բնական տեսքով կամ պետք է հետ ուղարկվեն Հունաստան:

Մշակույթի նախարարությունից Agence-France-Presse-ին հայտնել են, որ արձանները այժմ Հունաստան են վերադարձվել, քանի որ Քաթարում ցուցահանդեսի կազմակերպիչները ցանկացել են արձանների սեռական օրգանները ծածկել սև կտորով, այդ իսկ պատճառով դրանք չեն ցուցադրվել և հետ են վերադարձվել ապրիլի 19-ին:

Քաթարի պետական պաշտոնյաների հետ հնարավոր չի եղել կապ հաստատել արձանների վերաբերյալ մեկնաբանություններ կատարելու համար:

Արձանները ստեղծվել են մ.թ.ա 6-2-րդ դարերում:

Դրանք Հունաստանից բերված մոտավորապես 600 հնությունների շարքում էին, որոնք պետք է ցուցադրվեին «Օլիմպիան անցյալում և ներկայում» ցուցահանդեսի շրջանակներում:

 

Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա և Միջազգային հարաբերությունների ինստիտուտ

Minister Nalbandian met non-resident Ambassadors to Armenia 26.04.2013ԱԳ նախարարը հանդիպեց Հայաստանում հավատարմագրված ոչ ռեզիդենտ դեսպաններին

Ապրիլի 26-ին պաշտոնական այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա, որտեղ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթ ունեցավ Մոսկվայում հավատարմագրված դեսպանների, ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների առջև։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց հայ-ռուսական համագործակցության, հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների,  եվրոպական, ամերիկյան, ասիական, արաբական և այլ ուղղություններով ՀՀ արտաքին քաղաքականության մասին բազմաթիվ հարցերի։

Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Եվգենի Բաժանովի հետ։

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց արդեն քսան տարի հայ դիվանագետներին Ակադեմիայում պատրաստելու համար՝ նշելով, որ Դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտներից շատերը դարձել են դեսպաններ և տարբեր երկրներում ներկայացնում են Հայաստանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Եվգենի Բաժանովը  պայմանավորվածություն ձեռք բերեցին առավել սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և  ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև։

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում ՀՀ դեսպանատանը հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ երկրների դեսպանների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, պատասխանեց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների բազմաթիվ հարցերի։

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՈ), ուր բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ քննարկեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և ՄԳԻՄՈ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱԳ նախարարը և ՄԳԻՄՈ-ի ռեկտորը ներկա գտնվեցին բուհի հայ շրջանավարտների ակումբի շնորհանդեսին: Ողջունելով ակումբի հիմնադրման նախաձեռնությունը՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնող խմբին և կարևորեց նման կառույցի ստեղծումը, որը միավորելու է տարբեր տարիներին ՄԳԻՄՈ-ն ավարտած հայազգի շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ այդ կառույցը կնպաստի հայ-ռուսական կապերի առավել ամրապնդմանը:

Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, ուր հանդիպում ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։

Նույն օրը երեկոյան ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանը վերադարձավ Երևան։

 

Թույլ տալ իրանցիներին ոչխարաբուծությամբ զբաղվել Սյունիքում նշանակում է կանգնել ռազմական, բնապահպանական, դեմոգրաֆիական ու սոցիալական վտանգների առաջ

arm136695393564Այսօր “Արմատ” մամուլի ակումբում ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը և գրող, հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը ներկայացրեցին մայիսի վերջերին Սյունիքի 10,000 գլուխ ոչխարների տեղափոխման հետևանքով ազգային անվտանգությանը սպառնացող, ռազմական, բնապահպանական, դեմոգրաֆիական ու սոցիալական վտանգները:

Երկու բանախոսներն էլ միանշանակ հավաստեցին, որ Սյունիքում ոչխարաբուծությանը նման զարկ տալը հղի է բազում վտանգներով: Արամ Հովհաննիսյանը անդրադարձավ հիմնականում խնդրի բնապահպանական կողմին: “Ինչու օրինակ չենք վերցնում եվրոպական այնպիսի երկրներից, ինչպիսիք են Շվեյցարիան, Հոլանդիան, որոնք կարողանում են արդյունավետ օգտագործել իրենց լեռնային գոտիները, ստեղծում են առողջարաններ ու պարզապես դողում են իրենց դաշտային տարածքների պահպանման համար: Ես վստահ եմ, որ ոչխարները կլերկացնեն մեր սարերը: Փոխարենը կարող ենք խթանել տավարաբուծությանը: Հավատացնում եմ, որ մեկ կովը 10 ոչխարից ավելի արդյունավետ է: Կովը խոտը արմատից չի պոկում և չի ոչնչացնում կանաչապատ տարածքը: Իհարկե, չեմ կարող պնդել, որ ոչխարաբուխությունը առհասարակ արգելել է պետք, քանի որ մեր ժողովուրդը հնուց ի վեր զբաղվել է դրանով, բայց դրա տոկսոը պետք է հասցվի նվազագույնի, պետք է առավելությունը տրվի բարձր արդյունավետության անասուններին”, – ասաց Արամ Հովհաննիսյանը:
Վահրամ Միրաքյանն էլ իր հերթին նկատեց, որ այն իրանցիները, որոնց հետ ձեռք է բերվել համաձայնություն, իրականում ունեն ադրբեջանցու ինքնագնահատական և հաճախ իրենք իրենց ասոցացնում են ադրբեջանցիների կամ թուրքերի հետ. “Եթե նկատի ունենանք, որ ի սկզբանե խոսքը գնում է 5000 ոչխարի և այն մասին, որ այդ թիվը արդյունավետության դեպքում կրկնապատկվելու է, ապա շատ հեշտ կարելի է հաշվել, թե քանի հովիվ պետք կլինի այդ գլխաքանակը պահելու համար: Եթե դրան էլ գումարենք հովիվների ընտանիքներին՝ նկատի առնելով, որ նրանք քոչվոր են և ապրում են մեծ ընտանիքներով, ապա կստացվի, որ շուրջ 10000 իրանցի պետք է հաստատվեն մեզ մոտ: Սյունիքի թրքացման վտանգ կա, եթե չխոսենք պատերազմական վիճակից, որովհետև այդ պարագայում կաստացվի հետևյալը. Սյունիքում տեղավորում ենք շուրջ 10000 իրանցի, զենք ենք տալիս նրանց, որովհետև պետք է զբաղվեն ոչխարաբուծությամբ և գայլերից պաշտպանվելու համար զենքի կարիք կունենան և փաստոերն, պատերազմական դրության պայմաններում զինված թրքախոս իրանցիները հնարավորություն կունենան գործել մեր ներսից, ինչն անթույլատրելի է”, – նկատեց բանախոսը:

Զուբեյդատ Ցարնաևայի անունը գտել են ահաբեկիչների ցուցակում

o_767961 (1)Թամերլան և Ջոհար Ցարնաև եղբայրների մայրը` Զուբեյդատը,  2011 թ. ահաբեկչության մեջ կասկածկածվողների ամերիկյան ցուցակում է հայտնվել (TIDE): Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

2011 թ. Ռուսաստանը ԱՄՆ իշխանությունների ուշադրությունը հրավիրել էo_768004 (1)  նրա  վրա ,  միաժամանակ հարցում է ուղղել ՀԴԲ նրա որդի Թամերլանի մասին առ այն, որ նա հնարավոր է` կապեր  ունի  ծայրահեղականների հետ, հաղորդում է “Интерфакс“-ը: Այդ ժամանակ Զուբեյդատ և Տամերլան Ցարնաևները ներառվեցին TIDE-ի տվյալների բազա, որը գտնվում է Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ուշադրության կենտրոնում:

ՀԴԲ-ի աշխատակիցները 2011թ. ընթացքում իր որդու հետ հարաբերությունների հետաքննության շրջանակում, որոնք վերաբերում էին Թամերլանի` իսլամի նկատմամբ հետաքրքրությանը, մի քանի անգամ հարցաքննել են Զուբեյդատ  Ցարնաևային: Սակայն մի քանի ամիս անց հետաքննությունն  ավարտվել է, քանի որ ՀԴԲ-ն ոչ մի կասկածելի բան չի գտել:

Ապրիլի  16 –ին ամերիկյան Բոստոն քաղաքում  մարաթոնի ավարտին ահաբեկչություն իրականացվեց, որի արդյունքում երեք մարդ զոհվեց, ավելի քան 180-ը վիրավորվեց: Կասկածյալները Չեչնիայից երկու եղբայր են`26-ամյա Թամերլան և 19-ամյա Ջոհար Ցարնաևները: Թամերլանը ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանվեց, իսկ Ջոհարը ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:

 

Հանրային խորհուրդը քաղավիացիայի վերաբերյալ որոշում կայացրեց

MHM77343 copyԱյսօր Հանրային խորհրդի լիագումար նիստի հետաքրքրաշարժ ու խնդրահարույց հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի քաղավիացիային:

Նիստի ընթացքում նշվեց, որ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է և հետևանք մի շարք հանգամանքների` «Արմավիայի» մենաշնորհային դիրքը, ընկերության ոչ ճիշտ ֆինանսատնտեսական, կառավարման և մարկետինգային քաղաքականությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և «Արմավիայի» միջև մշտապես առկա հակասությունները, պետության կողմից ՀՀ քաղավիացիայի զարգացման վերաբերյալ հստակ հեռանկարի, գործող օրենքում լիազոր մարմնի իրավունքների և լիազորությունների ամբողջական սահմանման ու պատասխանատվության բացակայությունը և այլն:

ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Հանրային խորհուրդը քաղավիացիայի և «Արմավիայի» հետ կապված խնդիրների մասին բազմիցս է հանդես եկել առաջարկներով` ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովում կազմակերպելով քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Եվ այսօր ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս առիթ է դարձել այդ քննարկումները շարունակելու և ձևավորելու մի փաստաթուղ, որը հստակ առաջարկներ է ներկայացնում ոլորտը կարգավորելու ուղղությամբ:

Եվ այսպես, Հանրային խորհուրդը խիստ անհրաժեշտ է համարում տեղական ավիափոխադրողներ ունենալը` նպաստելով նրանց միջև հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: ՀԽ-ն նաև գտնում է, որ հարկավոր է ապահովել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը, ինչը պայմանավորված է համաշխարհային քաղավիացիայի ոլորտում առկա միտումներով:

Հաշվի առնելով այդ ամենը` Հանրային խորհուրդը որոշեց.

  • Առաջարկել ՀՀ կառավարությանը քայլեր մշակել տեղական ավիափոխադրողներ պարտադիր ունենալու ուղղությամբ (սեփականության ձևը, պետության մասնաբաժնի առկայությունը, կառավարման տեսակը, դրսի օպերատորի առկայությունը ենթակա են լրացուցիչ քննարկման):
  • Դիմել ՀՀ կառավարությանը նպաստել տեղական ավիափոխադրողների և օդանավակայանի միջև ծագող վիճելի հարցերը լուծել փոխհամաձայնությամբ` ձգտելով ապահովել այնպիսի ողջամիտ պայմաններ, որոնք թույլ կտան տեղական ավիափոխադրողին լինել ավելի մրցունակ` բացառելով օդանավակայանի մենաշնորհային դիրքը ծառայությունների մատուցման ոլորտում:
  • Դիմել ՀՀ կառավարությանը ստեղծել պայմաններ «Արմավիա» ավիաընկերության արհեստավարժ օդաչուների, տեխնիկական անձնակազմի, նյութատեխնիկական բազայի պահպանման և հետագայում օգտագործելու ուղղությամբ:
  • Առաջարկել ՀՀ կառավարությանը ավիափոխադրողների միջև գործող պայմանագրերում` որպես պարիտետային ելակետ, ընդունել այնպիսի պայմաններ, որոնք բխում են տեղական ավիափոխադրողի շահերից:
  • Գտնել նպատակահարմար ՀՀ կառավարության կողմից ընդունելու «Օդային օրենսգիրք»` համաձայն ICAO RER 01/901 նմուշի, որը կկանոնակարգի քաղավիացիայի իրավական գործունեության դաշտը, կդարձնի այն առավել թափանցիկ, կտարանջատվեն օրենսդրական, գործադիր գործառույթները, ինչը նաև թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության գործունեությունը:

Որոշման նախագիծն ընդունվեց:

Նշենք, որ նիստին մասնակցում էին նաև «Արմավիա» ընկերության ներկայացուցիչներ: Վերջիններս էլ իրենց հերթին առաջարկությունների փաթեթ էին ներկայացրել Հանրային խորհրդի, որը ձևակեևպված էր հետևյալ կերպ. «Ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» և «Արմավիա» ավիաընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմաններ»:

Այդ պայմաններից են, օրինակ, հավասարության վերականգնումը ՀՀ ավիափոխադրումների շուկայում, ավիատոմսերի արժեքից 10 000 դրամ (օդի համար) պետական տուրքի դուրս բերումը, բազային ավիափոխադրողներին ավիացիոն վառելիք ինքնուրույն ձեռք բերելու հնարավորության ընձեռում, աջակցում բազային ավիափոխադրողների համար ՀՀ տարածքում գործող օդանավակայանների ծառայությունների սակագներից 30 տոկոսից ոչ պակաս զեղչի սահմանման հարցում` արտասահմանյան ավիափոխադրողների համար գործող սակագների նկատմամբ և այլն:

«Արմավիայի» կողմից ներկայացված առաջարկների փաթեթը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար, քանի որ ընկերությունը նախ հայտարարել էր, թե սնանկացման գործընթաց է սկսում, իսկ այժ ներկայացնում է առողջացման ծրագիր:

Ինչևէ, Հանրային խորհուրդն իր որոշման նախագծի հետ միասին ՀՀ կառավարությանը կներկայացնի նաև «Արմավիայի» առաջարկները` զերծ մնալով, սակայն, դրանց վերաբերյալ որևէ որոշում կայացնելուց:

Տեսանյութում հատված է նիստի քննարկումից, որտեղ ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանն իր անհամաձայնությունն է հայտնում այն հարցի վերաբերյալ, թե «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Արմավիայի» նկատմամբ զիջումային քաղաքականություն չի իրականացրել և չի գնացել փոխհամաձայնության: 

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա

Minister Nalbandian meets with Russian FM 25.04.2013Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվեցին դաշնակցային փոխհարաբերությունները

 

Ապրիլի  25-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով՝ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան:

ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափով:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Սերգեյ Լավրովը շնորհավորեց նրան Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և գոհունակություն հայտնեց, որ առաջին պաշտոնական այցելությունը կատարվում է Ռուսաստան:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարները շուրջ հինգ տասնյակ հանդիպումներ են ունեցել: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ինտենսիվությունը բնորոշ է երկու երկրների դաշնակցային փոխհարաբերություններին, ինչն արտացոլվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ համագործակցությամբ»:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը գոհունակություն հայտնեցին, որ ՀՀ Նախագահի վերընտրվելուց հետո առաջին արտերկրյա այցելության ընթացքում ՌԴ ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը նոր խթան է հաղորդում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ընդգծելով, որ հարաբերությունները պետությունների միջև վերընթաց զարգացում են ապրում և հարստանում են նոր բովանդակությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ: Նախարարներն անդրադարձան առավել քան երկու հարյուր փաստաթղթերից բաղկացած իրավապայմանագրային դաշտի արդիականացման ու ընդլայնման հարցերին: Այս համատեքստում քննարկվեցին նոր պայմանագրային նախագծերի շուրջ ընթացող աշխատանքները, որոնք ստորագրման կներկայացվեն բարձր մակարդակի առաջիկա հանդիպումների ընթացքում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը,  անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Գոհունակությամբ նշվեց, որ նախորդ տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունքում առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն մեծացել են:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը անդրադարձան ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում առկա սերտ համագործակցությանը:

Նախարարները կարևորեցին միջխորհրդարանական կապերը, երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպմանը երկուստեք նշվեց, որ ապակենտրոնացված համագործակցությունը, որում ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերը և ՌԴ տարածաշրջանների գերակշիռ մասը, նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար: Այդ համատեքստում կարևորվեց հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի դերակատարությունը, որի երրորդ նստաշրջանը նախատեսված է անցկացնել այս տարվա ընթացքում։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, որի շրջանակներում անցյալ տարի յոթ թեմատիկ ուղղություններով խորհրդատվություններ են անցկացվել։ Անդրադարձ կատարվեց այս տարվա ընթացքում նախատեսված խորհրդատվությունների ժամանակացույցին:

Բանակցությունների օրակարգում էին ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերը։

Եվրոպայի խորհրդում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ստանձնելիք նախագահության համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց այդ կառույցների օրակարգային հարցերին։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկեցին հումանիտար ոլորտում համագործակցության առավել զարգացման հարցեր:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային և տարածաշրջանային խնդիրների, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր և Միջին Արևելքում զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:

Անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների մշտական ջանքերի համար:

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները մշտապես առանձնանում են դաշնակցային հարաբերություններին բնորոշ փոխըմբռնմամբ և արդյունավետությամբ:

Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը:

Անկարային դուր չի եկել Օբամայի երեկվա հայտարարությունը

davutoglu   Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  Թուրքիայի արտգործնախարարությունը իր վրդովմունքն է հայտնել երեկ՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, որ նախագահի ելույթում աղավաղված են պատմական փաստերը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը կրկին անգամ միակողմանի մոտեցում է դրսևորել այնպիսի ցավոտ հարցի նկատմամաբ, ինչպիսին է հայերի և թուրքերի ընդհանուր պատմությունը՝ արտացոլելով միայն հայկական կողմի դիրքորոշումը:

Թուրքիայի ԱԳՆ-ն  ընդգծում է, որ Օբամայի հայտարարությունը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև խոչնդոտում է «պատմական արդարության» հաստատմանը, քանի որ հիշատակված իրադարձությունների ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «թուրքերը հայերից պակաս չեն տուժել»: «Թուրքիան պահանջում է հարցի բազմակողմանի ուսումնասիրություն»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

ԻԻՀ Մեջլիսի հայ պատգամավորը բարձրացրել է Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Iran_majles2_850739140Իրանահայերը ակնկալում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել էԻԻՀ Մեջլիսի հայ պատգամավոր ԿարենԽանլարյանը:

Հայ պատգամավորը, Մեջլիսում ունեցածելույթում, անդրադառնալով Հայոցցեղասպանության 98-րդ տարելիցին, մասնավորապես նշել է. «Պատմության ընթացքում հայերն իրենց մուսուլման, ասորի, հրեա և զարթոշտ եղբայրների հետմիասին պաշտպանել են Իրանը և նրա զարգացման և առաջընթացի համար ոչ միջանք չեն խնայել, ուստի ակնկալում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կճանաչի 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոցցեղասպանությունը, որի հետևանքով զոհվեցին 1,5 միլիոն հայեր»:

Հիշեցնենք, որ օրերս Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի ծրագրերիշրջանակներում Հայ ակումբի սրահում կազմակերպված «Անպատիժ մնացածոճրագործություն» խորագրով միջոցառման ժամանակ ԻԻՀ Մեջլիսիփոխնախագահը, հիշատակելով ցեղասպանության ժամանակ զոհ գնացած հայերինև ասորիներին, մասնավորապես նշել է. «Եթե զինվորական, քաղաքական ուժը ևհարստությունը չմիաձուլվեն մարդկային ու աստվածային վեհ արժեքներով, ապակհանգեցնեն մեր քրիստոնյա քույրերի ու եղբայրների ցեղասպանության նմանսոսկալի ոճրագործութիւնների: Նրանք, որոնց ձեռքը երեկ շաղախվել էր հայերիարյամբ, այսօր Սիրիայում շաղախվել է մեր քույրերի ու եղբայրների արյամբ»:

Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերիզանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքումայդ հարցում Արևմուտքի քննադատությանը:

Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտելեն Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան(1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը(1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկանը(2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.),Հոլանդիան (2004թ.), Լեհաստանը (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան(2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): ՀայոցՑեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

IRNA

Ապրիլի 24-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Իզմիրում

Ապրիլի 24-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ԻզմիրումԹուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում Ցեղասպանության հարցում տարբեր տեսակետներ ունեցող խմբերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է թուրքական “Աքշամ” թերթը:

Ոստիկանների ջանքերով  կարողացել են հանդարտեցնել կողմերին։

Հայոց ցեղասպանությունը ժխտող 30 հոգանոց խմբի անունից ելույթ է ունեցել “Ժողովրդի փրկություն” կուսակցության տարածքային բաժնի ղեկավար Թաջեթթին Չոլաքը։ Նա հայտարարել է, որ Ցեղասպանություն չի եղել, և դա ԱՄՆ-ի հորինած սուտն է։

Նույն տարածքում հավաքված 150 հոգանոց խմբի անունից ելույթ է ունեցել Զեյնեփ Թոզդումանը` նշելով, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։
Երկու խմբերը միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև ծեծկռտուք է սկսվել՝ բռունցքների և դրոշների փայտերի գործադրմամբ։

Ոստիկանության միջամտությունից հետո խմբերը հեռացել են հրապարակից։

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսի հետ

2896

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունն ու անձնական ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացել է նոր ծրագրերով ու նախաձեռնություններով: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ մեր երկրում Բրազիլիայի հաջորդ դեսպանը նույնպիսի եռանդով և նվիրվածությամբ կկատարի իր առաքելությունը՝ ի նպաստ հայ-բրազիլական բարեկամության: Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում և հույս հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը՝ իր աշխատանքային հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցնելով հայ-բրազիլական կապերի առավել ամրապնդմանը:

Բրազիլիայի դեսպանը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ևս բարեկամ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության մասին: Երկկողմ կապերի ամրապնդման գործում տկն. Մարսելա Մարիա Նիկոդեմոսը բարձր է գնահատել բրազիլահայ համայնքի դերը, որը, նրա խոսքով, լուրջ և կարևոր ներդրում է ունեցել նաև Բրազիլիայի զարգացման գործում:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և երկու ժողովուրդների բարեկամության հիմքի վրա տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Մեղադրվում են` խոշոր չափի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ

դատախազությունՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության բաժնետերերից մեկի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը կազմակերպելու և ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Ֆաստէքս հոլդինգ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռ.Ավետիսյանը, անձնական շահերից ելնելով, 2009-2012թթ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում և հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները չի կատարել, կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ, թեև ունեցել է դրանք վճարելու հնարավորություն:

Արդյունքում` պետությանը պատճառվել է խոշոր չափի` 303 068 319 դրամի վնաս:

Իսկ Ա.Մանուկյանը, ով 2008թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2010թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Ֆաստէքս հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած «Ֆեռո» ՍՊ ընկերության տնօրենը, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Ռ.Ավետիսյանի ղեկավարմամբ և կազմակերպմամբ, հարկային պարտավորությունները կատարելուց խուսափելու դիտավորությամբ` հարկային մարմիններին ներկայացված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել` այդկերպ խուսափելով խոշոր չափի` 5 811 606 դրամ հարկերը և պարտադիր սոցիալական վճարները վճարելուց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ռ.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով և 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Գվինեթ Փելթրոուն աշխարհի ամենագեղեցիկ կին է ճանաչվել

pic_1366806844People ամսագիրը դերասանուհի Գվինեթ Փելթրոուին 2013-ի ամենագեղեցիկ կին է ճանաչել: Գեղեցկությանը նվիրված  հրատարակության հատուկ թողարկումը վաճառքի կհանվի ապրիլի 26-ին: Հրատարակության կայքում ևս լրիվ ներկայացված չի աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցանկը,սակայն մասամբ այն հասանելի է:

40-ամյա դերասանուհին ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ առօրյայում ինքը սովոր է ջինս ու մարզաշապիկ կրել, ոչ թե զգեստներ կամ էլ դասական հագուստ, որոնցով նա հայտնվում է  միայն  միջոցառումներին: Բացի այդ, նա պատմել է, որ գրեթե չի կիրառում դեկորատիվ կոսմետիկա: Ինչպես ինքն է ասում, թարմ տեսք ունենալուն ու առույգ զգալուն օգնում է հատուկ ֆիզիկական վարժությունների համակարգը:

bb_horizontal_bigger19168526Սովորաբար այս հրատարակությունն իր ցուցակում  ամենագեղեցիկ կանանց անունները ներկայացնում է ոչ հիթ-շքերթի կարգով, այլ նշում է միայն թոփի ամենագեղեցիկ կնոջ անունը:

2013-ին այդ ցուցակում են հայտնվել Քվենտին Տարանտինոյի “Ազատագրված Ջանգոյի” աստղ Քերրի Վաշինգտոնը, օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսը, երգչուհի Փինքը, դերասանուհիներ Զոե Դեշանելը, Ամանդա Սեյֆրիդը, Դրյու Բերիմորը և այլք:  Հետաքրքրական է, որ այս ցուցակում է նաև 75-ամյա դերասանուհի, մոդել և պրոդյուսեր Ջեյն Ֆոնդայի անունը:

2012-ին  People-ի վարկածով ամենագեղեցիկ կին էր ճանաչվել երգչուհի Բեյոնսեն:

Հանրային խորհուրդը ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահակոթողին

ՄանւկըանԱյսօր` ապրիլի 24-ին, Հանրային խորհրդի անդամները, հանձնաժողովների ու ենթահանձնաժողովի նախագահներն ու անդամները ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հանրային խորհրդի կողմից ծաղկեպսակ դրվեց հուշակոթողին:ՀԽ-2

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը «Անկախ»-ի հետ զրույցում կարևորեց Ցեղասպանության միջազգային ճանաչումը` նշելով, որ դա պետք է ոչ միայն հայ ժողովրդին, այլ առավել ևս` աշխարհին. «Ճանաչումը մեզ համար մի փոքր մխիթարանք կլինի, մյուս կողմից որոշ երաշխիքներ կտա, որ Թուրքիայի հետ` որպես հարևաններ, կկարողանանք ավելի հանդարտ ապրել, իսկ մարդկությանը հնարավորություն կտա լինել առավել քաղաքակիրթ և հետագայում խուսափել նման իրադարձություններից»,-ասաց նա:

ՀԽ-3

Ջահերով երթը համախմբել է հայ երիտասարդությանը

Photo 0001-2Ապրիլի 23-ի երեկոյան Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ջահերով երթը համախմբել է հայ երիտասարդությանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել էին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ հայ երիտասարդությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միասնական է, պահանջատեր ու իրավատեր։ «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մեծ ողբերգության հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց սեփական հայրենիքի նկատմամբ իրավունքից, այդ իրավունքը պետք է վերականգնվի, և այդ ճանապարհին մեզ առաջին հերթին ազգային համախմբում է անհրաժեշտ՚,- նշեց Կարեն Ավագյանը:

Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ Հայ  դատը միասնական պահանջատիրություն է։ ՙՋահերով երթը, բարեբախտաբար, դադարել է լինել մեկ կուսակցության կազմակերպած կամ մեկ կուսակցության համակիրների միջոցառում։ Այս միջոցառումն այլևս համահայկական է։ Սա այն տեղն է, որտեղ բոլորը համախմբված են և բոլորն իրենց հայ են զգում՝ անկախ հայացքներից»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի անդամ Վազգեն Մկրտչյանն էլ նշեց, որ հայ երիտասարդությունը չի մոռացել և չի կարող մոռանալ մեր պատմության մեծագույն ողբերգությունը։ Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում պետք է բարձրացնել նաև հատուցման և հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման հարցը:

Նշենք, որ ապրիլի 23-ի երեկոյան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների նախաձեռնությամբ ջահերով երթեր և մոմավառություններ են կազմակերպվել նաև մարզերում։

 

Բոստոնի պայթյունների առնչությամբ հայկական կապի մասին կեղծ մեղադրանքը պետք է դատապարտվի

Harut SassounianԱնցյալ շաբաթ Բոստոնի մարաթոնի բարբարոսական պայթյունների առնչությամբ շատ անպատասխան հարցեր են մնում:

 

Հաստատված փաստերի բացակայության պայմաններում դժվար է հիմնավորված եզրակացության հանգել և գտնել Ցարնաև եղբայրների (Թամերլան, 26 տարեկան  և Ջոխար, 19 տարեկան) արյունահեղ գործողությունների շարժառիթը: Հետաքրքիր է նշել, որ Թամերլանը կրում է 14-րդ դարի միջինասիական արյունարբու զորապետի (Լենկթեմուրի) անունը, որը հողին է հավասարեցրել ամբողջ քաղաքներ և կոտորել միլիոնավոր անմեղ մարդկանց:

 

Նախընտրելի է չեչենների, մահմեդականների և Ցարնաև ընտանիքի մասին անհիմն եզրակացություններ և ընդհանրացումներ անելու փոխարեն մի շարք կարևոր հարցեր առաջ քաշել.

 

– Դեռևս 2011 թվականին, երբ Ռուսաստանի հատուկ ծառայությունները խնդրեցին Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) հետաքննել Թամերլանի արմատական իսլամիստական կապերն ու ընդհատակյա խմբերին միանալու մտադրությունները, ՀԴԲ-ն որքանո՞վ լավագույնս իրականացրեց այդ առաջադրանքը: Եթե ՀԴԲ-ի գործակալները մանրազնին աշխատանք կատարեցին և կասկածելի ոչինչ չգտան, ինչո՞ւ մի քանի ամիս անց չհետևեցին Թամերլանին, երբ վերջինս 2012 թվականին վերադարձավ Միացյալ Նահանգներ, վեց ամիս անցկացնելով Չեչնիայի և Դաղստանի խռովության մեջ գտնվող հանրապետություններում: Եվ, ինչո՞ւ Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները չհետաքննեցին Թամերլանի համակարգչում հայտնաբերված ջիհադական տեսահոլովակներն ու արմատական իսլամիստական կայքերի հղումները:

 

– Եթե ռուսական նախազգուշացումը լրջությամբ չհետապնդվեց Միացյալ Նահանգների պաշտոնյաների կողմից, արդյոք նրանց որոշումը հիմնված էր քաղաքական նկատառումների՞ թե՞ ահաբեկչության ռիսկի պատշաճ գնահատման վրա: Արդյոք Միացյալ Նահանգների պաշտոնատարները գերադասեցի՞ն չմիջամտել Ռուսաստանի ներքին հակամարտությանը, քանի որ չեչեն ապստամբները մարտնչում էին Ռուսատանի դեմ իրենց անկախության համար: Արդյոք Միացյալ Նահանգները չեչեն «ահաբեկիչներին» դիտում է որպես «ազատության մարտիկնե՞ր», եզրակացնելով, որ նրանք վտանգ չեն ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Առավել կարևոր է, թե ի՞նչ դեր են խաղացել հակառուսական դիրքորոշում ունեցող ազդեցիկ նոր պահպանողական ամերիկյան շրջանակները Թամերլանի վերաբերյալ զգուշացումները գնահատելիս:

 

– Արդյոք Ռուսաստանի հատուկ ծառայությունները մանրամասն հետաքննե՞լ են Թամերլանին, երբ նա հայտնվել էր նրանց տեսադաշտում Դաղստան և Չեչնիա կատարած վեցամսյա այցի ընթացքում, հատկապես այն բանից հետո, երբ դժգոհ էին մնացել իրենց ավելի վաղ հարցմանը ՀԴԲ-ի սառն արձագանքից:

 

– Արդյոք այս ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվեցին չորս և վիրավորվեցին մոտ 200 ամերիկացիներ, Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին կմղի՞ ավելի սերտ համագործակցության իրենց ռուս գործընկերների հետ, որպեսզի համատեղ ուժերով պայքարեն ահաբեկչության դեմ, անկախ միջազգային քաղաքական նկատառումներից:

 

– Արդյոք Միացյալ Նահանգները կհետաքննի՞ 2003 թվականին Թամերլանի և նրա ընտանիքի երեք անդամների՝ Թուրքիա կատարած տասնօրյա այցը, ինչպես բացահայտել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը: Ի՞նչ նպատակով էին Ցարնաևներն այցելել Թուրքիա և ո՞ւմ հետ էին շփվել այնտեղ:

 

Անդրադառնալով Ցարնաև եղբայրների շատախոս հորեղբայր Ռուսլան Ցարնիին, նշենք, որ նա վիճահարույց և հակասական մեկնաբանություներ արեց, որոնք տարածվեցին ամբողջ աշխարհում CNN-ի, NBC-ի, Wall Street Journal-ի, Reuters-ի, Time շաբաթաթերթի և այլոց կողմից: Հորեղբայր Ցարնին մեղադրեց իսլամացած կրոնափոխ մի անանուն հայի Քեմբրիջից՝ Թամերլանին արմատական դարձնելու համար:

 

Մերիլենդի բնակիչ Ցարնին «NBC Today» շոուին պատմեց, որ իր հայ ծանոթներից մեկը հայտնել է Թամերլանի վրա «արտաքին ազդեցության» մասին. «Նա [ծանոթը] ասաց, թե ինչ-որ մեկը լվանում է նրա [Թամերլանի] ուղեղը, ով նոր է իսլամություն ընդունել: Ես ուզում եմ շեշտել, որ նա [ծանոթը] հայկական ծագում ուներ»:

 

Սակայն, հորեղբայր Ցարնին բոլորովին այլ բացատրություն տվեց CNN-ին իր զարմիկների քստմնելի արարքների համար: Նա մեղադրել է նրանց որպես «ձախողվածների», պնդելով, որ նրանք խայտառակել են իրենց ընտանիքի և չեչեն ժողովրդի պատիվը: Սակայն, հետագայում NBC Today-ին նա ասաց, որ իր զարմիկներին «ձախողվածներ» է անվանել զայրույթի պահին և նա հիմա վստահ է, որ նրանց հանցագործությունը կապ չունի Ռուսաստանի կամ Չեչնիայի հետ: Նաև, Ցարնին հակասեց ինքն իրեն, պնդելով, որ «վերջերս իսլամացած հայկական ծագում ունեցող» անձը նա է, ով Թամերլանի «ուղեղն է լվացել» և ոչ թե իր ծանոթը:

 

Հարց է ծագում, թե ո՞վ է Ցարնին և ինչո՞ւ է նա մեղադրում հայերին: Համացանցային մի թեթև որոնումից պարզ դարձավ, որ նա անմիջական կապեր ունի կասպյան տարածաշրջանում ներգրավված արևմտյան էներգետիկ  ընկերությունների հետ: Նա աշխատել է Big Sky Energy, Golden Eagle Partners և Nelson Resources Ltd ընկերություններում. բոլոր երեքն էլ ուղղակի ներդրումներ ունեն Կասպից ծովի էներգետիկ նախագծերում: Կարե՞լի է արդյոք էներգետիկ այս ընկերությունների հետ Ցարնիի ունեցած կապերով բացատրել նրա մեղադրանքներն ընդդեմ հայի:

 

Վերջապես, ինչո՞ւ ոչ մի հայկական կազմակերպություն կամ հայ պաշտոնյա չբողոքեց լրատվամիջոցներին, որոնք Ցարնիի անհիմն ու զրպարտչական հայտարարությունները տարածեցին՝ մեղադրելով մի հայի Թամերլանին արմատական դարձնելու մեջ: Նման մի իրավիճակ ստեղծվել էր տարիներ առաջ, երբ ավստրալիական The Canberra Times թերթը հաղորդեց, որ «Հռոմի պապի վրա հայ մարդասպան է կրակել»: Իրականում, Հովհաննես Պողոս Երկրորդ պապի վրա կրակել էր թուրք Մեհմեդ Ալի Աղջան:

 

Ժամանակն է, որ հայերը հակազրպարտչական մի կազմակերպություն հիմնեն, որը ակտիվորեն կհետապնդի բոլոր նրանց, ովքեր զրպարտում և անվանարկում են հայերին ամբողջ աշխարհում:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Մոմավառություն Գյումրիում

23.04.2013-1Գյումրիում երիտասարդները դուրս էին եկել ավանդական ապրիլքսանչորսյան երթի: Երթը սկսվեց այսօր երեկոյան, ժամը 18:00-ից` Գյումրու Շարլ Ազնավուրի հրապարակից, ապա Հայաստանի դրոշներով, պաստառներով ու ջահերով, “ճանաչում”, “Հայաստան”, “հատուցում” վանկարկելով երթի մասնակիցները շարժվեցին դեպի կենտրոնական հրապարակ:

Մասնակցում էր մոտ 50 երիտասարդ:
Այս նախաձեռնության հեղինակներն էին “ԱՐՄ ստրոնգ” երիտասարդական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոնը, “Աջակից” ՀԿ-ն, Սուրբ Հակոբ եկեղեցասեր երիտասարդական միությունը:

Քայլերթի հանգրվանը, նախատեսածի նման եղավ Սուրբ “Ամենափրկիչ” եկեղեցու բակում` քահանայի հետ ընդհանարական աղոթքով: Տեղի ունեցավ նաև մոմավառություն. մոմերով խաչ կազմվեց, ապա երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը:

ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Gyumri020Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանը ձերբակալված է:
Դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են վկաներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է:

Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերին կհիշեն խորհրդանշական ժամին՝ 19:15-ին

taksim  Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան ինչպես աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական համայնքներում, այնպես էլ Ստամբուլում: Վերջին երեք տարիների նման այս տարի ևս Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին կհիշեն Ցեղասպանության զոհերին:

«Ակօս»-ը հաղորդում է, որ «Հիշում ենք ցեղասպանության զոհերին» վերնագրով կոչի մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին հարյուր տարում այս հողերը շատ ցավ են տեսել: Ժողովուրդների խճանկար հանդիսացող Անատոլիան ամայացավ, գունազրկվեց, դալկացավ ամբողջական մի ազգ ստեղծելու կրքով: Գլխավորապես մուսուլման չլինելու համար ժողովուրդները համընդհանուր կերպով քշվում էին երկրից, նրանց ստիպում էին փախչել, նրանք հողազրկվում էին, իսկ նրանց, ովքեր կարողանում էին մնալ, ձուլում էին, հակառակ դեպքում՝ սպանում: Սակայն ամենասարսափելին պատահեց այս հողերի ամենահին տերերը հանդիսացող հայերի հետ: 2015 թվականի ապրիլի 24-ին սկսված այս կտտանքներով հայ ժողովուրդը համընդահուր վերացվեց: Այս ողբերգական հիշողությունը մոռացության չտալու համար Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին հրավիրում ենք ձեզ հարգանքի տուրք մատուցելու մեր կորցրած բոլոր հայրենակիցների հիշատակին»:

Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին անմեղ զոհերի ոգեկոչման արարողությունը կսկսվի խորհրդանշական ժամին՝ 19:15-ին:

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության ոլորտում գործող ընկերության ներդրումային ծրագրերին

 Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյուրի, հրուշակեղենի, գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության տարբեր արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերին:

Տեղեկացվել է, որ մինչև 2012 թվականն ընկերությունն ալյուրի և հրուշակեղենի արտադրության ոլորտում ներդրել է 12 մլն դոլար, իսկ գինու, կոնյակի և մրգային օղիների արտադրություններում՝ 15 մլն դոլար: Նախատեսվում է ևս 8 մլն դոլար ներդնել սառնարանային տնտեսության և մրգային պահածոների գործարանի կառուցման համար:
Ընկերությունում աշխատում է 172 մարդ: 2013 թվականին նախատեսվում է աշխատատեղերի թիվն ավելացնել 100-ով:
«Մանչո Գրուպ»-ը զբաղվում է հացահատիկային բոլոր տեսակի կուլտուրաների` ցորենի, գարու, եգիպտացորենի խոշոր ներկրումով, ինչպես նաև տեղական արտադրանքի մթերումով և վերամշակումով, ալյուրի և հրուշակեղենի արտադրությամբ, մասնավորապես, ալյուր, սպիտակաձավար, մանրաձավար, ռահատ լոխում, վաֆլի, շոկոլադապատ թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ, կեքս, էկլեր, թռչնի կաթ, սառնաշաքար, կարամել, քաղցրանուշ, գետնանուշ, քաղցր և աղի ձողիկներ, մարմելադ, սուֆլե, շոկոլադե սալիկներ, իրիս, կոնֆետների հավաքածու, սառը սուրճ և այլն: Ընկերության կողմից շահագործվում են 2 ալրաղացներ, որոնց արտադրողականությունը կազմում է օրական 100 տոննա:
2008-2009թթ. «Մանչո Գրուպ»-ն ընդլայնել է իր արտադրությունը` կազմակերպելով նաև գինու և կոնյակի սպիրտի արտադրություն (հնեցում), խաղողի լավագույն տեսակներից դասական տեխնոլոգիայի միջոցով: Խաղողից ստացված գինու և կոնյակի հետ զուգահեռ ընկերությունը մթերում և արտադրում է բարձրորակ նռան գինի:
2011թ.-ից սկսած արտադրվում է նաև մրգային օղի, որը պատրաստվում է թթից, հոնից, ծիրանից, դեղձից և տանձից: 2012թ.-ի նոյեմբերից «Մանչո Գրուպ»-ի գինու, կոնյակի գործարանն իր տեսականիով ներկայացված է տեղական շուկայում:
Ընկերությունը 2012 թ. ՀՀ պետական բյուջե է փոխանցել շուրջ 586.5 մլն դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 159-րդ տեղը: