Սեյրան Օհանյանը դեսպան Կասպրչիկին կոչ է արել քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ

սեյրան ՕհանյանԱյսօր` հունիս 6-ին,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ: Դեսպան Կասպրչիկը հայտնեց իր մտահոգությունը և խոստացավ քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:

 

Նախագահը մասնակցել է գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը, այցելել «Գրանդ Հոլդինգի» ընկերություններ

Սերժ Սարգսյան, Իրինա Ռոդնինա

MHM88371 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում կառուցվելիք գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Նոր հեծանվահրապարակի հարևանությամբ կառուցվելիք դպրոցի հիմնարկեքին մասնակցել է նաև գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով իր անմիջական մասնակցությունն է ունեցել դպրոցի ստեղծման ծրագրին և պատրաստակամություն է հայտնել այն շահագործման հանձնելուց հետո հնարավորինս աջակցել գեղասահքի զարգացմանը Հայաստանում: Դպրոցը կկառուցվի Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով և կնվիրաբերվի Երևան քաղաքին: Արարողությանը ներկա է եղել ռուսաստանյան շինարարական այդ ընկերության ղեկավար Ս. Համբարձումյանը ևս: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար: Այն կմեկնարկի ս.թ. հունիսին և պատասխանատուների հավաստմամբ, կավարտվի սեղմ ժամկետում՝ 2015թ.: Դպրոցը կունենա 500 նստատեղով սահադաշտ և օժանդակ կառույցներ:

Սերժ Սարգսյան, Գրանդ ՔենդիՀանրապետության Նախագահն այնուհետև այցելել է «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ Տոբակո» և «Գրանդ Քենդի» ընկերություններ: Նախագահը շրջել է արտադրամասերում, ծանոթացել հայրենական արտադրության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության կողմից կատարված ներդրումներին ու գործարանի արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին: Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերությունները շարունակում են հաջողությամբ իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը` hավատարիմ մնալով Հրանտ Վարդանյանի կողմից ձևավորված գործարար ավանդույթներին, ինչի մասին են վկայում 2014թ. առաջին հինգ ամիսներին գրանցված տնտեսական ցուցանիշները: Պատասխանատուների հավաստմամբ, պլանավորված է աճի նույն տեմպերը պահպանել ամբողջ տարվա ընթացքում: «Գրանդ Տոբակոյում», ըստ ընկերության ղեկավարության, 2014թ. ընթացքում պլանավորված նոր հոսքագծերի ձեռքբերման հետ կապված կստեղծվի մոտ 100-130 նոր աշխատատեղ: Հոլդինգի մյուս ընկերությունում՝ «Գրանդ Քենդիում» Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ ընկերության կողմից արտադրվող 410 ապրանքատեսականին մինչև տարեվերջ կհամալրվի առնվազն 15-ով: «Գրանդ Քենդիում» աշխատատեղերի թիվը ներկայումս 3 100 է, որն ընկերության ղեկավարությունը ծրագրում է մինչև տարեվերջ ավելացնել ևս 150-ով: Ընդհանուր առմամբ, «Գրանդ Հոլդինգում» ներկայումս աշխատում է շուրջ 6 500 մարդ:

Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Գրանդ Հոլդինգի» ղեկավար անձնակազմի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է ընկերության զարգացման ուղղությամբ շարունակաբար իրականացվող քայլերն ու հաջողություններ մաղթել «Գրանդ Հոլդինգին»:
Անկախ

Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերն ամփոփել են բանակցությունների արդյունքները

6652Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի՝ ՀՀ Նախագահի նստավայրում դիմավորման և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նեղ, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ամփոփել են բանակցությունների արդյունքները:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների առջև ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունելու Երևանում բարեկամ Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուլկհալտերին և իր գլխավորած պատվիրակությանը:

Մենք քննարկեցինք հայ-շվեյցարական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին և փոխգործակցության խնդիրներին:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել է համագործակցության բովանդակալից և ընդգրկուն օրակարգ. կայացել են նախագահական փոխայցեր, հիմնվել են դեսպանություններ, կառուցողական երկխոսություն է ծավալվել արտաքին գերատեսչությունների և խորհրդարանների միջև: Շվեյցարիայի կողմից իրականացվել են Հայաստանի համար չափազանց կարևոր աջակցության ծրագրեր:

Դրական գնահատեցինք երկկողմ առևտրի վերջին տարիներին արձանագրվող կայուն աճը, ինչի շնորհիվ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան մեր 4-րդ առևտրային գործընկերն է: Մեր շահագրգռվածությունը հայտնեցի Հայաստանում շուրջ 40 շվեյցարական ընկերություններ ներառող գործարար համայնքի ընդլայնման հարցում՝ ողջունելով այս մայիսին Ցյուրիխում հայ-շվեյցարական գործարար համաժողովի անցկացումը և շվեյցարացի գործարարների առաջիկա այցը Հայաստանի Հանրապետություն:

Որպես հայ-շվեյցարական համագործակցության համեմատաբար նոր կարևոր հարթակ՝ մենք առանձնացրեցինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ նաև հաշվի առնելով, որ պարոն Նախագահը ժամանակին սերտ առնչություն է ունեցել այդ կազմակերպության հետ:

ԵԱՀԿ հարթությունում վերահաստատեցինք համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Մեկ անգամ ևս պարոն Բուրկհալտերին ասացի, որ Հայաստանը սատարելու է Շվեյցարիային ԵԱՀԿ-ում նախագահության բոլոր փուլերում: Մենք կարևորում ենք Շվեյցարիայի՝ միջազգային հարաբերություններում անկողմնակալ և ազնիվ միջնորդի հայտնի համբավը: Հավատացած ենք, որ Շվեյցարիայի նախագահությունը կանի առավելագույնը ԵԱՀԿ օրակարգի առաջմղման համար՝ անկեղծ և արդյունավետ երկխոսություն խթանելու, ԵԱՀԿ սկզբունքների պահպանմանը հետևելու և անդամ երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունը սատարելու միջոցով:

Մանրամասն անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ես վերահաստատեցի Հայաստանի ցանկությունն օր առաջ գտնելու այս բարդ խնդրի հանգուցալուծումը: Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը: Ուժի կիրառման սպառնալիքները և զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորումն է: Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման հիմնարար իրավունքի համար մղվող ազգային-ազատագրական պայքար է, և չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը: Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը: Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այդ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն Է:

Երկուստեք նշեցինք ԵԱՀԿ բոլոր կառույցների հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխհամագործակցությունը, և ես խնդրեցի ԵԱՀԿ գործող նախագահին փոխանցել հեղինակավոր այդ կառույցի մեր բոլոր գործընկերներին Հայաստանի անկեղծ շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտներում փոխգործակցության շարունակական խորացման հարցում:

Պարոն Նախագահին հայտնեցի մեր ժողովրդի երախտագիտությունը Շվեյցարիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, համամարդկային արժեքներին նվիրվածության և դրանց խրախուսման գործում Շվեյցարիայի անկոտրում հանձնառության համար:
Արձանագրեցինք, որ Թուրքիայի կողմից չվավերացվելու պատճառով մինչ օրս առկախված են Շվեյցարիայի Համադաշնության միջնորդությամբ կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: Բոլոր դեպքերում, մենք, իհարկե, շնորհակալ ենք Շվեյցարիային այդ բարդ գործընթացի մեջ դերակատարություն ունենալու համար: Համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում:

Այժմ ես սիրով խոսքը փոխանցում եմ Նախագահ Բուրկհալտերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ

6645ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի նեղ կազմով բանակցությունները:

6648Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետև մեր երկրում հյուրընկալվում է բարեկամ և վստահելի գործընկեր Շվեյցարիայի Համադաշնության Նախագահը ու միաժամանակ նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահը: «Մենք մեծ հաճույքով և պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները: Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, և սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին և լսելու նրանց կարծիքները: Բարով եք եկել Հայաստան»,- Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է գտնվել Հայաստանում տարածաշրջանի երկու նախորդ երկրներ այցելությունից հետո: «Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ, և դա հենց այն է, ինչը կցանկանար Շվեյցարիան՝ քննարկելու և երկխոսելու, որպեսզի հակամարտությունների խնդիրներին լուծումներ գտնվեն: Շատ շնորհակալ եմ, որ պատրաստել եք երկու դրոշ, և դա հիշեցնում է մեզ, որ մենք ունենք երկու պատասխանատվություն այստեղ, և դա հիշեցնում է մեզ այն աշխատանքի մասին, որ կատարում ենք»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Դիդիե Բուրկհալտերը:

Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի երկկողմ ձևաչափով բանակցություններին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

 

Սպասվում է անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝հունիսի 4-ին, 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում, 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:Քամին հարավային` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա` 4-5 աստիճանով:

Երևանում`Հունիսի 4-ին, 6-8-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, 5-ին անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան 35.60C (2000թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.70C (1994թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 20.50C

Անկախ

Մեկնարկեցին ՀՀ բուհերի ընդունելության միասնական քննությունները. լուսանկարներ

«Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» ու «Կենսաբանություն» առարկաների միասնական քննություններով էլ այսօր մեկնարկեցին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները։

միասնական քննություն

«Անկախ»-ը եղավ ԵՊՀ-ում, որտեղ անցկացվում էր կենսաբանության միասնական քննությունը։ Քննակենտրոն ժամանեցին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաջողություն մաղթեց դիմորդներին՝ նշելով. «Ով գիտելիք ունի, նա մեզ մոտ մեծ գնահատական ունի, իսկ մեր նպատակն է ապահովել արդար մրցակցություն»։

IMG_1053

IMG_1062

Դիմորդներն ընդհանուր առմամբ դրական ակնկալիքներ ունեին քննություններից, իսկ «Անկախ»-ի հետ զրույցում նշեցին, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ շտեմարանները բավականին բարդ էին, սակայն իրենք լավ են պատրաստվել ու լավ տրամադրություն ունեն։

IMG_1060

Իսկ ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն  էլ նշեց, որ անցյալ տարի պարզ դարձավ, որ դիմորդների թիվը նվազել է. այս տարի առաջին փուլի համար հայտագրվել է 12 346 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 1500-ով պակաս է։ Այս է պատճառը, որ որոշ մասնագիտությունների համար դիմորդները կկարողանան բուհ ընդունվել առանց միասնական քննությունների` դպրոցական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ  անվճար սովորելու համար բավարար կլինի ընդամենը մեկ միասնական քննություն հանձնելը:

IMG_1075

Գագիկ Մելիքյանը  նշեց, որ քննական թեսթերը կազմվում են այն սկզբունքով, որ բարձր գնահատական ստանալը լինի դժվար, իսկ ներքին շեմը հաղթահարելը՝ հեշտ։ Նա հուսով է, որ այս տարի էլ թեսթերի բովանդակության հետ կապված  բողոքներ չեն լինի, ինչպես անցյալ տարի։

IMG_1070

Հիշեցնենք նաև, որ հունիսի 6-ին դիմորդները կհանձնեն միասնական քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, հունիսի 10-ին՝ «ֆիզիկայից», «Օտար լեզվից»՝ հունիսի 13-ին, «Մաթեմատիկայից»՝ հունիս 17-ին, «Հայոց պատմությունից» և «Քիմիայից»՝ հունիսի 20-ին, իսկ «Ռուսաց  լեզվից»  հունիս 23-ին։

 

Հայաստանի տարածքում սպասվում է անձրև ու ամպրոպ

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝
հունիսի 2-6-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում`
Հունիսի 2-6-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Հեծանվային մրցույթ և համերգային շոու ծրագիր `երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

համերգային շոու ծրագիր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը «Սիրողական սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի» և «STR սպորտային մեքենաների ակումբ»-ի հետ համատեղ  մայրաքաղաքի Ազատության հրապարակում կազմակերպել են «Մանկական գավաթ» հեծանվային մրցույթը: Մարզական այս միջոցառմանը  մասնակցել են տարիքային երեք խմբերի (3-5, 6-9, 10-14) շուրջ 60 երեխաներ, ովքեր հեծանիվ վարելու իրենց հմտություններն են ներկայացրել և միաժամանակ պայքարել առաջին երեք մրցանակային տեղերի համար: Մրցույթում առանձին ծրագրով 3-5 տարեկան շուրջ երեսուն երեխաներ էլեկտրամոբիլ վարելու ունակություններն են դրսևորել իրենց մարտկոցային մեքենաներով: Մրցույթի հիմնական նպատակը առողջ ապրելակերպի խթանումն ու տոնական օրվա համատեքստում մանուկներին հագեցած  առօրյա ապահովելն էր: Մասնակից բոլոր երեխաները պարգևատրվել են հուշամեդալներով և պատվոգրերով: 002Ազատության հրապարակում կազմակերպված միջոցառման համատեքստում, երեխաների տոնն ավելի բազմաբովանդակ դարձնելու  նպատակով, կազմակերպվել է նաև  տոնական համերգային ծրագիր` մանկական սիրված համույթների մասնակցությամբ: Հանդիսությունն ուղեկցվել է բազմաթիվ անակնկալներով ու մանկական ուրախ միջոցառմամբ: Զուգահեռաբար,Ազատության հրապարակի բակում կազմակերպվել է երեխաների պատրաստած ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի մասնակիցները այցելեցին Արցախ

g_imageՄայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ժամանեցին Ստեփանակերտ։

Նույն օրը Հայաստանցի բարձրաստիճան դիվանագետներին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի ղեկավարը ներկայացրեց երկրի անվտանգության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Քննարկվեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների, արտերկրում Հայաստանի դեսպանությունների և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության հարցեր։
Արցախի Հանրապետության Նախագահը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերի։

Հանդիպումից առաջ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը առանձնազրույց ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կրած ցավալի պարտությունը Սիոնում

հհ-ահalgerien_armeni_1398860967Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը  Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում անցկացրած ըկերական խաղում  1:3 հաշվով զիջեց Ալժիրի թիմին: Մեր երկրի ընտրանին առաջին պարտությունը կրեց շվեյցարացի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալադի գլխավորությամբ: Թեև Ալժիրի հավաքականը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության մասնակից է, սակայն դա չի արդարացնում մերոնց:

Մեր թիմի խաղը չստացվեց: Շալանդը թիմի կազմի փորձարկումներ կատարեց, որը փորձանք դարձավ: Ընդ որում, մրցակիցը մի շարք գոլայան պահեր ստեղծեց, որոնք չիրացվեցին: Այնպես որ, Հայաստանի հավաքականը կարող էր ավելի խոշոր հաշով պարտվել:

Հունիսի 6-ին Մայնցում Հայաստանի հավաքկանը ընկերական խաղում կմրցի Գերմանիայի թիմի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Հայաստան – Ալժիր՝ 1:3

Արթուր Սարկիսով, 46 – Յասի Բելկալեմ, 13, Նաբիլ Ղիլաս, 22, Իսլամ Սլիմանի, 41

 

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Ռոման Բերեզովսկի, Տարոն Ոսկանյան, Ալեքս Էնրիկե դա Սիլվա, Հրայր Մկոյան, Լևոն Հայրապետյան (Վարազդատ Հարոյան, 78), Ռումյան Հովսեփյան, Արազ Օզբիլիս (Արթուր Յուսպաշյան, 25, Ալեքսանդր Թումասյան, 73), Էդգար Մանուչարյան (Յուրա Մովսիսյան, 62), Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան (Նորայր Ասլանյան, 46), Մաուրո Գևգեոզյան (Արթուր Սարկիսով, 46):

Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը միջազգային մրցույթում առաջին մրցանակի է արժանացել

պատկերազարդ-պատմություն-հայոց«Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությանը  Հայաստանը ներկայացրել է 9 գիրք և արժանացել  8 մրցանակի:

Մայիսի 21-22-ը Մինսկում կայացած  ԱՊՀ  պետությունների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխությանը մասնակցել են 9 պետություններ` 77 հրատարակություններով: Հայաստանից ներկայացված գրքերից 5-ն արժանացել են առաջին մրցանակի, մեկ գիրք` երկրորդ մրցանակի, մեկ գիրք` Նոմինանտի դիպլոմի և մեկ գիրք էլ` ժյուրիի հատուկ մրցանակի:

«Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգում առաջին մրցանակն է ստացել «Արևիկ» հրատարակչության  ներկայացրած Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը ռուսերեն հրատարակությամբ:

«Մշակույթների երկխոսություն» անվանակարգում  առաջին մրցանակն ստացել է Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» գիրքը:

«Գիտություն և կրթություն անվանակարգում» առաջին մրցանակը շնորհվել է Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց»  գրքին:

«Արվեստի գիրք» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը» (Ասողիկ ՍՊԸ):

Իսկ «Տպագրված է Համագործակցությունում» անվանակարգում մրցանակակիր է դարձել Շմավոն Շմավոնյանի «Արարատ» հրատարակությունը:

«Համագործակցություն» անվանակարգի երկրորդ մրցանակին է արժանացել Ալբերտ Միքայելյանի «Հայոց երևելիներ» գիրքը:

«Գրան պրի» անվանակարգում Նոմինանտի դիպլոմ է ստացել «Պարույր Սևակ: Բարի երազըս` ձեզ, սիրելիներ» գիրքը` կազմված Յ. Պետրոսյանի կողմից:

Իսկ Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի «Իմ երկիրը» անվանակարգում:

«Սա էլ մի քարոզչություն էր հայ գրքի, հայ պատմության»,- ասում է  «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով` Հայաստանի համար էլ է հետաքրքիր իմանալ, թե իր գրաշուկան ինչ որակի է, նման մրցույթներին մասնակցությունն էլ դա պարզելու միջոց է:

«Կարծում եմ` վերջին 7-8 տարիների  ընթացքում մեր հրատարակիչները բարելավել են իրենց աշխատանքները: Որակի իմաստով մեր հրատարակիչները պրոֆեսիոնալ իրենց գործն անում են: Ներկայացնելիս մարդ ուրախանում է, որ Հայաստանում կան գրքեր, որոնք պարզերես կարող ես ներկայացնել»,- ասում է նա:

Նախ անցկացվում է  ներհանրապետական ` «Հայաստանի գրքարվեստը» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ էլ ընտրվում են գրքերը, որոնք Հայաստանի կողմից կներկայացվեն միջազգային մրցույթում:

Միջազգային մրցույթի ժյուրիի կազմը ձևավորվում է մասնակից պետությունների և հյուրընկալ երկրի մասնագետներից:

«Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթը կազմակերպվում է  2004 թվականից ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության խորհրդի կողմից` Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

ԼՂՀ ՊՆ ներկայացնում է ադրբեջանական բանակի կորուստների և վիրավոր զինծառայողների անվանական ցուցակը

ԼՂՀ ՊՆԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին հայտնում են, որ մայիսի 29-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե իբր հայկական կողմը միտումնավոր թաքցնում է իր զինված ուժերում արձանագրված կորուստների թիվը:
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը իրազեկում է, որ վերոնշյալ տեղեկատվությունը ոչ միայն իրականության հետ առնչություն չունի և ադրբեջանական քարոզիչների հերթական հերյուրանքն է, այլև մեր կողմից մշտապես պահպանվում է թափանցիկության սկզբունքը և բանակում արձանագրված դեպքերի մասին մենք միշտ հանդիսանում ենք տեղեկատվության սկզբնաղբյուր: Բանակում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելը հակառակորդի գործելաոճն է, որը դրանով փորձում է խուսափել հասարակության զայրույթից: Ստորև ներկայացնում ենք ադրբեջանական բանակի կորուստների և վիրավորում ստացած զինծառայողների անվանական ցուցակը, որոնց մեծ մասը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում և հետևանք է բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների, ամենաթողության և պաշտոնյաների կառումպացվածության:
Ադրբեջանական բանակում արձանագրված կորուստների քանակը, ըստ իրենց իսկ աղբյուրների, առնվազն 35 է, վիրավորներինը՝ 54: Իսկ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված տվյալների՝ ադրբեջանական կողմի տված կորուստների թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի: Սակայն մենք նախընտրում ենք տրամադրվող տեղեկատվության արժանահավատությունը առավել համոզիչ դարձնելու համար Ձեզ տրամադրել ադրբեջանական աղբյուրների կողմից հաստատված տվյալները՝ անուն ազգանուններով:
Զոհեր- Փ/գ-տ Էլդար Վելի օղլու Մամեդով, Փ-գ/տ Նաթիգ Մալըև, Գում. հրամ., մ-ր Էմիլ Ալիհուսեին օղլու Ասկերլի, Մայոր Բեքիր Էվազ օղլու Ռահիմով, Սպա Էլչին Թաղի օղլու Նազարով, կ-ն Ֆիքրետ Ակիֆ օղլու Մամեդով, կ-ն Էլնուր Ջաֆար օղլու Ջաֆարով, կ-ն Ջեյհուն Ջալիլ օղլու Օրուջալիև, լ-նտ Սաբուխի Ռուստամ օղլու Ազիզով, ենթ. Ռաուֆ Իբրահիմով,  ենթ. Սամիր Սարհան օղլու Ալեքբերով, ենթ. Խուդավերդի Ֆարհադ օղլու Աբիլով, կրտ. ս-նտ Քերեմ Շահին օղլու Նոխբալաև, Ռահիմ Նայիլ օղլու Իսմայիլով, Մազահիր Մահիր օղլու Աբդուլլաև, Ռուսթամ Ֆիրուդին օղլու Գուլիև, Ջոշգուն Էլշադ օղլու Ռզաև, Աքփեր Աջար օղլու Ալիև, Էշգին Ֆիրադդին օղլու Գուլիև, Էլչին Զաքիր օղլու Զեյնալով, Էլվին Չինգիզ օղլու Հասանով, Ալիսահիբ Ալիբակատ օղլու Քերիմով, Հեյբաթղուլու Մաղսուդ օղլու Ազիզով, Ակիֆ Այդըն օղլու Բախշիև, Ինթիգամ Իլհամ օղլու Իսմայիլով, Սեյֆեդդին Նավայի օղլու Քերիմով, Նովրուզ Ղուրբան օղլու Աբդուլլաև,  Էլվին Ռյուսխատ օղլու Բազիրլի, Թարիել Մամոդով, Նիջաթ Հաջիզադե, Ֆիրդովսի Ֆիքրետ օղլու Նասիբով, Քյամրան Ռաֆիգ օղլու Ռասուլով, Էթիբար Աբդուլքերիմ օղլու Ալիև, Էլմյադդին Սադըղով, Սամիղ Սուլթան օղլու Մամեդով:

Վիրավորներ- Աբբաս Ալմիրզա օղլու Մամեդով, Ազեր Աքիֆ օղլու Նուրիև, Էլհան Միրզոև, Թափլըգ Ֆիրդովսի օղլու Ահադլի, Ռավան Արիֆ օղլու Ալիզադե, Նիջադ Վյուղար օղլու Նաջաֆով, Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնով, Հագանի Մանաֆ օղլու Հուսեյնով, Վասիֆ Շամիլ օղլու Սուլեյմանով, Հաբիբ Բախտիյար օղլու Իսմայիլով, Ավ. լ-նտ Նիզամի Նազիմ օղլու Գուլիև, Էլնուր Սահիբ օղլու Ահմեդով, Ավ. լ-նտ Սամիր Մամեդով, Նաջաֆղուլու Գուլիև, Սադիղ Նուրադդին օղլու Ամիրով, Էլմիր Աքրամ օղլու Հուսեյնլի, Նիյամեդդին Գասըմ օղլու Նուրիև, Նովրուզ Զեյնալով, Էլմիր Սարդար օղլու Հուսեյնով, Ենթ. Վասիֆ Գոջա օղլու Հասանով, Ֆարիդ Բախշիև, Ռահիդ Սաթթար օղլու Ասկերով, Քենան Մամեդզադե, Զ/մ հրամանատարի տեղակալ Ռամին Ալիև, Ռաշադ Մամեդով, Բահրուզ Մամեդալի օղլու Մուսաև, Ալի Փանահ օղլու Միրզոև, Ազեր Էյուբ օղլու Իսկենդերզադե, Մուրսալ Իբրահիմ օղլու Զուլֆուգարով, Սադիղ Միսիրխան օղլու Ջաբրաիլով, Էմին Թալըբ օղլու Թալըբով, Էլմիրադ Ղուրբանալիզադե, Ասիմ Ղուլիև, Քյամրան Ռուստամ օղլու Ջալիլով, Ջեյհուն Ալլահվերդի օղլու Խուդավերդիև, Էլնուր Ալի օղլու Մեջիդով, Նասիմի Ռուստամով, Նիջաթ Հասանով, Վյուսալ Աբբասով, Սադիղ Մեհդիև, Ռաուֆ Աբբասով, Լ-նտ Արիֆ Օրուջ օղլու Յուսիֆով, Լ-նտ Օրհան Ղուրբանով, Կրտ. ս-նտ Ազամաթ Մամեդով, Ջավանշիր Խաֆիև, Էլշան Ալիև, Էմին Կազըմով, Սադիղ Վալեհ օղլու Ահվերդիև, Ենթ. Մուրադ Ասիֆ օղլու Մամեդով, Թուրալ Էլդար օղլու Իսաղով, Միրզա Ասիֆ օղլու Միրզալի, Կ-ն Անար Մեհման օղլու Ռահիմով, Թեբրիզ Մեհման օղլու Ահմեդով, Մեհման Դադաշբալա օղլու Ամիրզազադե:

Հատկանշական է, որ վերոհիշյալ կորուստների մեծ մասը ինքնասպանություն և ինքնախեղում կատարած զինծառայողներ են, որոնց թվական ցուցանիշը, ըստ ադրբեջանական “Դոկտրինա” վերլուծական կենտրոնի, ամենաբարձրն է վերջին 10 տարվա ընթացքում:

Անկախ

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ

եղանակը հայաստանում

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ  հանրապետության տարածքում՝մայիսի 30-31-ը առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևանում`
Մայիսի 30-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 1-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Անկախ

Հունիսին կստորագրվի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագիրը

6554Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այն կայացել է խորհրդի անդամ պետությունների ղեկավարների՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ինչպես նաև դիտորդ պետությունների կարգավիճակով նիստին հրավիրված Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության նախագահների մասնակցությամբ:

Նիստի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Քննարկվել է նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընդլայնման հարցը: Մասնավորապես՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Ղրղզստանի միանալու ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում

Պետությունների հարգարժա՛ն ղեկավարներ,

Հարգելի՛ Նուրսուլթան Աբիշևի, շնորհակալ եմ Ձեզ կարևոր պատմական իրադարձությանը՝ Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի աշխատանքին մասնակցելու հրավերի համար:

Սրտանց շնորհավորում եմ Մաքսային միության պետությունների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման կարևոր սահմանագծին հասնելու կապակցությամբ, մի միավորում, որը, վստահ եմ, շատ հարցերում կկանխորոշի դրա կազմ մտնող երկրների հետագա զարգացումը:

Անկասկած, դա մեծաքանակ փորձագետների և պաշտոնյաների աշխատանքի արդյունք է, ովքեր հաղթահարելով խոչընդոտներն ու տարաձայնությունները, գտել են փոխզիջումային առաջարկներ, արել են ամեն հնարավորը, որպեսզի համաձայնեցնեն փոխընդունելի փաստաթուղթը: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի առանց պետությունների ղեկավարների քաղաքական կամքի, առանց Եվրասիականության այն տեսլականի, որը դրված է այդ ինտեգրացիոն մոդելի հիմքում:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի միանալու հարցի կապակցությամբ ցանկանում եմ նշել հետևյալը՝

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը: Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաքսային միության անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչներին, Եվրասիական հանձնաժողովին՝ խրթին հարցերի մասնագիտական մշակման համար, որը թույլ տվեց ամրագրել այսօրվա արդյունքները:

Դա հնարավոր դարձավ նաև Հայաստանի կողմից վերջին տարիներին իրականացված միջազգային չափորոշիչներին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ:

Առաջնորդվելով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին միանալու վերաբերյալ պայմանագրի շուտափույթ ստորագրման Հայաստանի նպատակամղվածությամբ մենք ցուցաբերում ենք առավելագույն ճկունություն և կառուցողականություն:

Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին միանալու պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ մեր շահագրգռվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձևավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է ինչպես մեր գործարարների, այնպես էլ հասարակայնության կողմից, որոնք պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Երկրորդ՝ միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովենք մի շարք կարևոր համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս:

Նկատի առնելով վերոնշյալը և հաշվի առնելով, որ մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը: Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ և մեր գործընկերներին:

Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը մեկնակետ կլինի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության ստեղծման, այլ նաև դրա միաժամանակյա ընդլայնման համար: Իմ կողմից հաստատում եմ պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանի միանալու վերաբերյալ ստորագրված պայմանագիրը Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը ներկայացվի ամենասեղմ ժամկետներում:

Շնորհակալություն ուշադրության համար:

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանի ղեկավարությունն այդպես էլ չհասկացավ, որ պետության ուժը հարևան երկրի բնակչության նկատմամբ ատելության մեջ չէ

շավարշ քոչարյանԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը “Արմենպրես” գործակալության հարցին

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երեկվա ելույթի` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասը:

Պատասխան. Ադրբեջանի նախագահի պնդմանը հակառակ, Բաքուն իրականում դրել է Ադրբեջանի և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հակամարտության հիմքը, այլ ոչ թե հակամարտության կարգավորման հիմքերը: Բաքուն դրեց ցեղասպանական քաղաքականության հիմքը` արտահայտված Ադրբեջանի տարածքում հայ բնակչության զանգվածային ջարդերով, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում և հենց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությանը` սանձազերծելով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված միակ քայլը ձեռնարկվել է 20 տարի առաջ` Հեյդար Ալիևի կողմից, ով գնաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ուղիղ երկխոսության, 1993 թվականի սեպտեմբերի 3-ին սեփական ստորագրությամբ լիազորելով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ա. Ջալիլովին` «բանակցություններ վարել Ադրբեջանի և ԼՂՀ-ի բարձրագույն ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար»:
1993 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում Հ. Ալիևի և ԼՂՀ ղեկավարի միջև կայացած հանդիպումը դրեց բիշքեկյան արձանագրության և 1994 թվականի մայիսին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև անժամկետ զինադադարի հաստատման հիմքը, որին միացավ նաև Հայաստանը:
Ադրբեջանի այսօրվա նախագահը չի կարող չհասկանալ, որ Ադրբեջանն ի դեմս իր հոր` ԼՂՀ-ն ճանաչելով նվազագույնը որպես հակամարտության կողմ, նպաստել է բանակցային գործընթացում միակ իրական առաջընթացին:
Ակնհայտ է դառնում, որ չափազանց գովաբանելով իր հորը, իսկ ըստ էության «խաչ քաշելով» նրա ձեռնարկների վրա, Ադրբեջանի գործող նախագահը ոչ միայն տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, այլև ուղիղ պահանջներ հնչեցնելով Հայաստանի տարածքների նկատմամբ` սահմանում է նոր զինված հակամարտության հիմքերը:
Եվ այդ ամենը հանուն սեփական նպատակի` պահպանելու բռնատիրական և կոռումպացված հակաազգային ռեժիմը, ապարդյուն փորձերի միջոցով պետական մակարդակով ադրբեջանական հասարակությանը համախմբելով հայերի նկատմամբ ռասիստական ատելություն սերմանելու շուրջ:
Նման ռազմատենչ քաղաքականության հետևանքները լավ հայտնի են, և այդ ուղղությամբ նոր արկածախնդրությունը կունենա աղետալի հետևանքներ, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար: Ադրբեջանի ղեկավարությունը, շարունակելով բռնանալ սեփական ժողովրդի նկատմամբ, այդպես էլ չհասկացավ, որ պետության ուժը հարևան երկրի բնակչության նկատմամբ ատելության մեջ չէ, այլ սեփական ժողովրդի հանդեպ` սիրո:

Ադրբեջանցիները դարձյալ հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել

ՊԲ,պնՄայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը  ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն  երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ.  ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Է. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:

Ներկա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հաղթական նորամուտը

221472161401217209Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ առաջին խաղն անցկացրեց:

Այն Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում կայացած ընկերական խաղում, ուժերը չափելով ԱՄԷ ընտրանիի հետ, հաղթեց 4:3 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ ավագի թևկապով խաղադաշտ մտած Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա աչքի ընկավ 42-րդ և 67-րդ րոպեներին:

Մեր թիմից հաշիվը 37-րդ րոպեին բացել էր Չեխիայի «Պրիբրամի» պաշտպան Լևոն Հայրապետյանը:  Երևանի «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն էլ իր նորամուտը ազգային թիմում տպավորիչ նշեց: Նա էլ 71-րդ րոպեին կատարած գլխի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:

Ուշագրավ է, որ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գոլային երեք փոխանցում կատարեց:

Հավելենք, որ ԱՄԷ ընտրանին շարունակ հետապնդողի դերում էր, և մերոնք կարողացան խաղը հասցնել հաղթական վերջաբանի:

 

Տեխնիկական արդյունքներ

 

ԱՄԷ-Հայաստան՝ 3:4

Ահմեդ (40), Աբդուլռահման (52), Սալեմ (85) – Հայրապետյան (37), Մխիթարյան (42, 67), Հովսեփյան (71)

 

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը` Չիկագոյի մրցաշարի հաղթող

գսSargissian-14Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց առաջին տեղը:

Նույնպիսի արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Պրիյադհարշան Կանապանը (Հնդկաստան), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:

Հավելենք, որ մեր երկրի ներկայացուցիչն այս մրցաշարում հաղթել էր նաև 2012-ին:

Մրցաշարի պարգևատրման հիմնադրամը 100 հազար դոլար էր:

Արջը՝ Երևանի Հալաբյան փողոցում,լուսանկարներ

արջաին,արջՄայիսի 26-ին, ժամը  23.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

արջէԴեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական  այգու աշխատակիցները արջկենդանուն տեղափոխել են ԱԻՆ,արջանվտանգ տարածք:

Արցախում ադրբեջանցիների արձակած կրակոցից փոխգնադպետ է զոհվել

ԼՂՀ ՊՆՄայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային-գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանիընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նույն տարածքում ադրբեջանցիները  ձեռքի շրջանում հրազենային վնասվածք էին պատճառել ժամկետային  զինծառայողի: