Նկարիչը վիրաբույժից վերցրել է իր սեփական ոսկորը և արգանակ եփել
Նորվեգացի էքսցենտրիկ նկարիչ Ալեքսանդր Սելվիկ Վենգշելը համոզել է բժիշկներին իրեն տալ իր կոնքոսկրը, որը 21-ամյա երիտասարդին բարդ վիրահատություն կատարելիս փոխարինել էին մետաղական պրոթեզով : Երիտասարդը վերադառնում է տուն, եփում իր կոնքոսկրը և ուտում է այն: Նա ասում է, որ կերակուրը հիանալի էր , հաղորդում է Mirror-ը:
Նկարիչը մանկուց տառապում էր կոնքոսկրի դեֆորմացիայով: Մինչև 21 տարեկանը նա շարժվում էր միայն հաշմանդամի սայլակով կամ հենակներով: Վերջապես որոշելով գնալ բարդ վիրահատության` նկարիչը խնդրել է բժիշկներին նախ վիրահատության ժամանակ կատարել մի քանի լուսանկար, երկրորդ`տալ իրեն իր կտրած ոսկորը, երբ ամեն ինչ կվերջանա:
Վերադառնալով տուն, նկարիչը արգանակ է եփում կոնքոսկրից, որի վրա կային մարմնի մնացորդներ: “Սկզբում ես ուզում էի օգտագործել ոսկորն իմ որևէ աշխատանքում: Ես չէի պլանավորել այն ուտել, բայց հետո մտածեցի այն եփել:Դա շատ տրամաբանական է”, – պատմել է նկարիչը:
“Ես իմ մի մասը գցեցի եռման ջրի մեջ, սպասեցի, որ միսն անջատվի ոսկրից: Ընդ որում մարմնի որոշ մասեր այնուամենայնիվ ոսկորի վրա մնացին:Այդ ժամանակ ես մտածեցի, որ այդպիսի շանս ամեն օր ինձ չի հանդիպի: Ես կերա իմ սեփական մսից փոքրիկ կտոր և այն ինձ դուր եկավ: Նա ոչխարի մսի համ ուներ”,-հայտնել է նորվեգացին:
Սիրիայում առևանգված 6 տեսուչներին վտանգ չի սպառնում
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Սիրիայում առևանգված քիմիական զենքի հայտնաբերման տեսուչների խումբը ապահով վիճակում է և վերադարձել է աշխատանքային բազա:
Երեքշաբթի օրը՝ ավելի վաղ, Սիրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել էր, որ քիմիական զենքի հայտնաբերման վեց տեսուչներ և հինգ սիրիացի վարորդ է առևանգվել Համա նահանգում: Տեսուչները հետաքննում էին այն պնդումները, որ ապրիլին Սիրիայի ռեժիմը ապստամբների հսկողության տակ գտնվող Կաֆր Զիտա գյուղում քլորային գազ է օգտագործել:
Հրավիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը,լուսանկարներ
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսօրվա նիստը հրավիրվել է ընդլայնված կազմով և նպատակ ունի 100-ամյակի միջոցառումերի պաշտոնական մեկնարկին ընդառաջ ևս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և ռազմավարությունը: Պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարբեր համայնքների հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ երեկ կայացել է նաև տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների համաժողով, որի ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
Հանրապետության Նախագահն իր բացման խոսքում նշել է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպչական և նախապատրաստական մեծ աշխատանք է իրականացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում և Արցախում: ՀՀ արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանն աջակցելու և համադրված ջանքերով տեղերում միջոցառումներ կազմակերպելու համար:
«Ողջունելի է, որ հանձնախմբերը տարածքներում համախմբել են տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավել են օտարազգի գիտնականների, պետական-քաղաքական գործիչների: Նպատակաուղղված աշխատանքներ են կատարում հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական և հասարակական կազմակերպությունները: Այս գործում մեծ ներդրում ունեն զանգվածային լրատվության միջոցները՝ հանրությանն իրազեկելու առումով:
Խիստ կարևորում եմ լոբբիստական և իրազեկման կառույցների դերը, ինչպես նաև տեղական վարչակարգերի հետ բազմաբնույթ աշխատանքների իրականացման նպատակով համագործակցության սերտացումը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող իրավական թղթածրարի մշակման աշխատանքներ են իրականացվում հայ իրավաբանների կողմից՝ անդրադառնալով անհատական, համայնքային և համազգային խնդիրներին:
Այս տարի իր դռները կբացի Կոմիտասի թանգարանը, իսկ հաջորդ տարի ապրիլին կավարտվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման և Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման ու նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Սրանք ընդամենը օրինակներ են հարյուրամյակի բազմաթիվ միջոցառումների շարքից:
Հարգելի՛ գործընկերներ,
Ավելորդ եմ համարում մանրամասնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհուրդը յուրաքանչյուր հայի համար: Մեծ եղեռնը և՛ հավաքական, և՛ անհատական ողբերգություն է. չէ որ գրեթե յուրաքանչյուրը հայ սեփական ընտանիքի ողբերգությամբ է ծանոթ ցեղասպանությանը: Հարյուրամյակի խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական և քաղաքական իմաստն ու նշանակությունը ներկայիս սերունդների համար չափազանց կարևոր է: Ահա թե, ինչու եմ համարում, որ յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր պատասխանատվության զգացումն ու չափաբաժինը հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք միջոցառումների հաջող անցկացման և միջազգային իրազեկման նոր մակարդակ ապահովելու գործում:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը մեծ խորհուրդ ունի, և՛ համայն հայության, և՛ համայն մարդկության համար: 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մինչ այդ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման և հայրենազրկման սկիզբն է, իհարկե, հաշվի առնելով, որ այս ամսաթիվը և տարեթիվը խորհրդանշական է, այլև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, 20-րդ դարի այլ ցեղասպանությունների նախատիպը:
Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ: Ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք յուրահատուկ առաքելություն ունենք նման արհավիրքների կրկնությունը բացառելու գործում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մենք ևս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել այս աննախադեպ ոճիրը:
Մենք, որպես պետություն և որպես ժողովուրդ, շարունակելու ենք մեր պայքարը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, այնպես էլ աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված այս ամենասարսափելի հանցագործության դեմ:
Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տասնամյակներ շարունակ պարզ, հասկանալի ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունների դեմ թուրքական պետության պաշտոնական դիրքորոշումը վերջնականապես ձախողվել է՝ առաջացնելով բազում հարցեր պաշտոնական դիրքորոշման նկատմամբ թերահավատ թուրք երիտասարդության շրջանում, և այդ շարքերն օրեցօր ստվարանում են. հազարավոր թուրքեր պահանջում են սեփական կառավարությունից ճշմարտության բացահայտում և արդարություն: Աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ են կոչերն ուղղված ժամանակակից Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնելու անհեռանկարային ժխտողական քաղաքականությանը: Թուրքիան պետք է գիտակցի, որ Օսմանյան կայսրության հանցակիցը չդառնալու համար պատմության հետ առերեսումը և Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն:
Այս հանգամանքը և փաստերի անառարկելիությունը ստիպում են Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել: Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձևի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը: Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը, նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին: Անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ:
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հրավերներ եմ ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին 2015թ. ընթացքում և հատկապես ապրիլի 24-ին այցելելու Հայաստան` մեզ հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անմեղ նահատակների հիշատակին, ձայն բարձրացնելու Ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց իրեն բաժին հասած այս փորձությունը, այլև վերածննդի ճանապարհը բռնեց: Մենք ոչ միայն վերապրեցինք, այլև կարողացանք համախմբվել և ուղի հարթել դեպի անկախ պետականություն` ազատ Հայաստան:
Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին:
Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին: Հենց այդ նպատակով էինք փորձում և հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից: Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին:
Հարգելի՛ գործընկերներ,
Թող որևէ մեկը հույս չտածի, թե Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է: Այն սոսկ մեր վիշտը սգալու, հոգեպես ամրապնդվելու և արդարությանը հասնելու յուրատեսակ հանգրվան է: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք ներկայանալու ենք նորացված նպատակադրումներով և մեր առջև դրված համահայկական նոր օրակարգով, առավել հզոր պետականություն և առավել համախմբված Սփյուռք ունենալու մեր ծրագրերով: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի շրջան և ազդարարելու ենք հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ:
Մենք կարևոր ուղերձ ունենք համայն աշխարհին. մենք նոր թափով, եռանդով ու վճռականությամբ ենք շարունակելու մարդկության դեմ ուղղված հանցագործության` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող մեր պայքարը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ընդգծելով, որ հաշված ամիսներ են մնացել մինչև 2015թ., Նախագահն առաջարկել է այս ներկայացուցչական հանդիպումն առավելագույնս արդյունավետ օգտագործել կառուցողական մտքերի փոխանակման և օգտակար առաջարկությունների ներկայացման համար:
Հայաստանում շոգ ամառ չի սպասվում. Գագիկ Սուրենյան
«Մայիսին օդի միջին ջերմաստիճանը եղել է 16 աստիճան , տեղումները՝ 40 մմ ս.ս, իսկ հունիսի համար կանխատեսվում է 21 աստիճան և տեղումների մակարդակը՝ 21 մմ ս.ս.», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով մայիս ամիսը և, կանխատեսելով եղանակային պայմանները հունիս ամսվա համար, ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը։
Նա նշեց, որ այս տարի բավականին շոգ մայիս եղավ, այն շատ չորային էր, չկային տեղումներ և նույնիսկ դիտվել է նորմայից շատ բարձր ջերմաստիճան։ Մեղրիում դիտվեց անգամ մինչև 37 աստիճան ջերմություն։ Եթե անցյալ տարի մայիսի 27-ի Արագածի բարձր լեռնային օդերևութաբանական կայանում ձյան ծածկը կազմում էր 1մ 2 սմ, ապա այս տարի ձյան ծածկը արդեն բացակայում է։ Ջրամբարների լցվածությունը շարունակում է շատ քիչ մնալ։
Սևանա լճի մակարդակը 1900.47մ է, 0 մ փոփոխություն՝ նախորդ տարվա համեմատությամբ:
Մայիսի 10-ից հետո եղանակը փոխվել է ներթափանցած սևծովյան ցիկլոնների ազդեցության հետևանքով տեղումներ սկսվեցին հանրապետությունում:
Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ մինչև մայիսի 29-ը հանրապետության որոշ շրջաններում զգալի տեղումներ կլինեն, երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ և քամու ուժգնացում, 30-ին և 31-ին տեղումները կպահպանվեն հիմնականում լեռնային շրջաններում։
Հունիս ամիսը ամբողջ հանրապետությունում օդի ջերմաստիճանը կանխատեսված է նորմայից 1 աստիճան ցածր կլինի և տեղումների քանակը նորմայից ավել։ Հատկապես տաք կլինի հունիսի առաջին տասնօրյակը օդի ջերմասռիճանը Արարատյան դաշտում, Սյունիքի, Տավուշի հովիտներում կբարձրանա մինչև 34-35 աստիճան, իսկ հունիսի երկրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը համեմատաբար ցածր կլինի։ Ակնկալվում է բավականին խոնավ հունիս։
«Կանխատեսումներ ամբողջ ամռան համար դեռ պատրաստ չեն, սակայն վստահ կարող եմ ասել, որ շոգ ամառ Հայաստանի Հանրապետությունում չի սպասվում», -եզրափակեց Սուրենյանը։
Երկու խենթ երիտասարդի գաղափարը կարող է փոխել ամառային Երևանի ժամանցային մշակույթը
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երկու երիտասարդ՝ Տաթևն ու Գևորգը, հաճախելով երևանյան կինոթատրոններ, մի օր հասկացան, որ իրենց ինչ-որ նոր բան է հարկավոր: Հատկապես ամռանը փակ կինոթատրոններն այնքան էլ չեն ձգում, իսկ սրճարանային ժամանցն արդեն սպառել է իրեն: Ուրեմն, ի՞նչ կուզենային, որ լիներ նոր, հաճելի, ոչ ստանդարտ ու միաժամանակ՝ հետաքրքիր ու բովանդակալի. բացօթյա կինոթատրոն: Երևանյան երեկոները ժամանցով լցնելու հիանալի տարբերակ: Սակայն Երևանում բացօթյա կինոթատրոններ չկան:
Երիտասարդների ցանկությունն աստիճանաբար վերածվեց գաղափարն իրագործելու ցանկության: Սակայն չէին էլ կարող պատկերացնել, որ մի օր հենց իրենք կնախաձեռնեն ու կիրականացնեն դա:
«Cornpop cinema». բացօթյա այս կինոթատրոնը հունիսի 1-ից երևանցիներին կհյուրընկալի մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող բլրի լանջին՝ առաջարկելով տարբեր ֆիլմեր՝ թեմատիկ, դասական, հին ու նոր, սիրված ու գնահատված, կլինեն նաև մուլտֆիլմեր երեխաների համար, ինչպես նաև` ֆիլմեր օտար լեզուներով արտերկրի հյուրերի կամ սփյուռքահայերի համար:
Կինոթատրոնի նպատակն ամենավերջին ֆիլմերի ցուցադրությունը չի լինելու, այլ հաճելի ժամանցի ապահովումն ու կինոթատրոն հաճախելու մշակույթի վերականգնումը:
«Cornpop cinema»-ի ֆեյսբուքյան էջում նախապես տեղադրվելու է ֆիլմերի ցանկ, և մարդկանց կողմից ամենաշատ հավանությանն առաջացած ֆիլմերն էլ ընտրվելու են ցուցադրության համար:
«Cornpop cinema»-ի առանձնահատկություններից մեկն էլ լինելու է մատչելիությունը: Այս կինոթատրոնից օգտվելու հնարավորություն պետք է ունենան բոլոր ցանկացողները: Նախաձեռնության հեղինակներն իրավացիորեն նշում են, որ եթե մարդ ուզում է Երևանում ամառային երեկոներին դուրս գալ տնից և ժամանակ անցկացնել, չի կարող առանց կլորիկ գումար ծախսելու վերադառնալ, քանի որ ազատ զբոսայգիները խիստ սահմանափակ են, սրճարանները՝ թանկ: Ուստի իրենց կինոթատրոնի մուտքը սահմանել են ընդամենը 1000 դրամ, իսկ դրա դիմաց այցելուներին մի քանի անգամ ավելի մեծ ծառայություն են մատուցելու:
Տոմսերի փոխարեն այցելուն ստանալու է հատուկ ապարանջան, որն ամրացնելու է թևին՝ դրանով տարբերվելով որպես «օրինական ֆիլմ դիտող», քանի որ տարածքը շուրջ 2000 քմ է:
Այս կինոթատրոնը տարբերվելու է նաև նրանով, որ մարդիկ ֆիլմը կարող են դիտել սեփական ավտոմեքենաների մեջ նստած, ինչն ընդունված բան է արտերկրում:
Կինոդիտման համար նախատեսված էկրանն ամենախոշորն է լինելու Հայաստանում: Տեխնիկական մասի առումով էլ շեշտը դրված է բարձր որակի ապահովման վրա:
Ի դեպ, վճարած գումարով այցելուն ապահովվելու է նաև տաք ծածկոցով և բարձով, որպեսզի առավել հարմարավետ ու հաճելի անցնի կինոդիտումը:
Կինոդիտման տարածքում լինելու է նաև մի հին «Երազ» մակնիշի ավտոմեքենա: Այդ անսարք ու կիսախարխուլ ավտոմեքենան, որը երիտասարդները գտել են քաղաքից դուրս գտնվող մի վայրում, այժմ ներկվել ու յուրօրինակ տեսք է ստացել, քանի որ կարևոր առաքելություն ունի. այն ծառայելու է որպես սննդի փոքրիկ կետ, որտեղից այցելուները կարող են գնել զովացուցիչ ըմպելիքներ, պոպկոռն, քաղցրավենիք և այլն: Ավտոմեքենա-կրպակն արդեն անուն էլ ունի` «hripsikimot»:
Կինոթատրոնը կգործի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի վերջը:
Նախաձեռնության հեղինակներից Տաթև Մխիթարյանը Մոսկվայից է վերադարձել Երևան: Նա 9 տարեկան էր, երբ 1996 թ. ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան: Չնայած հաջողությամբ ավարտում է դպրոցը, ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, իսկ համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցնում Ռուսաստանի ամենախոշոր կինոմատակարար և ֆիլմարտադրության ոլորտի առաջատար կինոընկերությունում՝ «Централ Партнершип»-ում, Հայաստանը ձգում էր: Նա ցանկացած հնարավորության դեպքում գալիս էր Երևան, իսկ Մոսկվա վերադառնալիս մի լավ սթրես ապրում: Ի վերջո, 2011 թ. որոշում է դուրս գալ աշխատանքից և տեղափոխվել Հայաստան՝ չմտածելով, անգամ, թե ինչով պետք է զբաղվի այստեղ:
Աշխատանք, իհարկե, գտնում է, բայց որոշ ժամանակ անց, երբ ձանձրանում է և փորձում որևէ այլ հետաքրքիր բան գտնել, պարզվում է, որ Հայաստանում դա այնքան էլ հեշտ չէ. ինչպես ասում են՝ գործը թափված չէր: Իսկ երիտասարդ, զարգացած, եռանդով ու էնտուզիազմով լի աղջկա համար ոչնչով զբաղվելն անհնարին էր:
Եվ երբ երկու տարի առաջ ծանոթանում է Գևորգի՝ հիմա արդեն գործընկերոջ հետ, նրան հանգիստ չի տալիս Երևանում հետաքրքիր ժամանցի կենտրոն, հատկապես բացօթյա կինոթատրոն ստեղծելու գաղափարը, որով անչափ ոգևորված ու տարված էր նաև Գևորգ Մարգարյանը` DJ Guevo-ն: «Սակայն դրա համար մեծ միջոցներ էին հարկավոր, որը մենք չունեինք,- խոստովանում է նա,- և սկսեցինք մեր ընկերներին, ծանոթներին խառնել, հարցուփորձ անել, թե որտեղից կարող ենք ձեռք բերել տեխնիկա կամ ֆինանսներ: Հետո որոշեցինք վարձակալել: Մեզ խորհուրդ տվեցին դիմել Մարզահամերգային համալիրի ղեկավարությանը: Հիմա համագործակցում ենք, վարձակալում ենք համալիրի տարածքի մի մասն ու տեխնիկան»:
Երիտասարդները հույս ունեն, որ իրենց նախաձեռնությունը կհաջողվի, քանի որ Հայաստանում արդեն ձևավորվել է մի խավ, որին դա կարող է հետաքրքրել, մանավանդ որ աշխարհի զարգացած երկրներում այն վաղուց արդեն նորույթ չէ:
Սակայն նրանք այսօր ավելի շատ գործում են էնտուզիազմով և իրենց գաղափարը չեն դիտում որպես շահույթ հետապնդող բիզնես, թեև այն հետագայում կարող է նաև այդպիսին լինել: Առայժմ միայն ծախսեր են անում: Իսկ թե երբ կկարողանան շահույթ ստանալ, առայժմ չեն կարող ասել:
Բայց երբ պատմում են իրենց արկածների մասին վարկային կազմակերպություններում ու բանկերում, թե ինչպես են բոլորից մերժում ստացել, երբ ցանկացել են բիզնես վարկ ձեռք բերել նախաձեռնության իրականացման համար, միանգամից հառնում է հայաստանյան տխուր իրականությունը: «Մենք հասկացանք, որ եթե մարդ ուզում է Հայաստանում ինչ-որ նոր բան ստեղծել զրոյից, որը կարող է նպաստել նաև բնակչության զարգացմանը, ապա կանգնում է մի շարք խնդիրների առջև և ուղղակի կարող է հուսահատվել ու հրաժարվել իր բիզնես նախագծից,- ասում է Գևորգը:
Բարեբախտաբար, այս երիտասարդներն այնքան լավատես են ու այնքան դրական էներգիայով լի, որ այդ մերժումներից հետո թևաթափ չեն լինում ու չեն հրաժարվում իրենց գաղափարից, չնայած, ի վերջո, ստիպված են լինում իրենց ունեցվածքը գրավ դնել գումար ձեռք բերելու և ծախսերը հոգալու համար:
Իսկ Տաթևը Մոսկվա վերադառնալու մասին արդեն չի էլ մտածում: Նա ընդմիշտ կապվել է Հայաստանին:
Անի Գասպարյան
Նորվեգիայի անտառում ձնեմարդ են տեսել
ՉԹՕ-ներից ու տարատեսակ ուրվականներից բացի, որոնք վերջերս հաճախ են այցելում հասարակ մահկանացուներին, աշխարհում բազում անհասկանալի երևույթներ կան: Օրինակ` ձնեմարդը կամ ետին, ինչպես նրան հաճախ են անվանում: Վերջերս ձնեմարդ են տեսել Նորվեգիայի անտառներից մեկում: «Բիգֆուտի» տեսահոլովակը մեկ օրում դիտվել է 61 հազար անգամ:
«Ես որս էի անում անտառում, երբ հանկարծ դա տեսա: Հսկայական մարմինը դուրս եկավ թփերից: Ես թաքնվեցի ու սկսեցի լուսանկարել,-հայտնել է MicroRT55 նիկով օգտատերը,- սկզբում կարծեցի, թե արջ է, հետո հասկացա, որ երբևէ նման բան չեմ տեսել»:
Իսկապես էլ, տեսաժապավենում անտառաբնակն ավելի շատ գորիլայի հագուստով մարդու նման է: Անցած տարի նույնիսկ ամերիկացի գիտնականները ներկայացրել էին ապացույցներ, որոնք փաստում են ձնեմարդ գոյությունը:
Անկախ
Երկրաշարժ Հայաստանում
Մայիսի 26-ին, ժամը 15.19-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության` 44.220:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում` 4 բալ, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում և Շիրակամուտ գյուղում` 3-4 բալ, Աշոցք քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:
Անկախ
Առաջիկայում Հայաստանում անձրևները կշարունակվեն, ջերմաստիճանը կբարձրանա
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ Հանրապետության տարածքում՝
մայիսի 25-29-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում `
Մայիսի 25-29-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Կաննի 67-րդ կինոփառատոնում հաղթեց «Ձմեռային քուն» թուրքական ֆիլմը (տեսանյութ)
Կաննի 67-րդ կինոփառատոնի շրջանակներում Լավագույն ֆիլմ անվանակարգում Ոսկե արմավենուն արժանացավ թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» («Kış Uykusu») ֆիլմը: Թուրք ռեժիսորին մրցանակը շնորհեցին հանրահայտ Ումա Թուրմանն ու Քվենտին Տարանտինոն: Նուրի Բիլգե Ջեյլանի իր շնորհակալական խոսքում նշել է, որ այս մրցանակը նվիրում է վերջին մեկ տարում Թուրքիայում զոհված երիտասարդներին: «Այս տարի թուրքական կինոյի 100-րդ տարեդարձն է: Սա աներևակայելի գեղեցիկ մի պատահականություն է: Այս մրցանակը նվիրում եմ վերջին մեկ տարում Թուրքիայում զոհված երիտասարդներին»,-նշել է Ջեյլանը:
«Ձմեռային քուն» դրաման պատմում է նախկին երաժիշտ Այդինի մասին, որը փոքրիկ հյուրանոց ունի Կապադովկիայում: Երբ գալիս է ձմեռը, տղամարդը մնում է հյուրանոցի պատերի ներսում իր կնոջ և քրոջ հետ: Ֆիլմում ներկայացվում են ամուսնական զույգի բարդ փոխհարաբերությունները, ընտանեկան խնդիրներ և մարդկային խորը ապրումներ:
Նշենք, որ սա թուրք ռեժիսորի արդեն երկրորդ Ոսկե արմավենին է: Առաջին անգամ նա այդ մրցանակին արժանացել է 1982 թվականին «Ճանապարհ» («Yol») ֆիլմի համար:
Անկախ
Թուրքիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 266 մարդ է տուժել
Այսօր Մարմարա ծովում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժը ցնցել է Ստամբուլը, Իզմիրը, Էդիրնեն, Չանաքալեն և Էսքիշեհիրը: Ցնցումները զգացվել են նաև Միջերկրական և Էգեյան ծովերում: Տագնապած քաղաքացիները դուրս են եկել իրենց տներից: Ոմանք տուժել են, քանի որ սարսափած նետվել են շենքերի պատուհաններից: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհեր չեն գրանցվել, սակայն 266 հոգի տուժել է: Ցնցումների հետևանքով որոշ շենքերի վրա ճաքեր են առաջացել: ԱՄՆ Երկրագիտական ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժի ուժգնությունը 7,2 մագնիտուդ է եղել:
Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանի հանրապետական կուսակցության 15–րդ համագումարում
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ 15-րդ համագումարին, որտեղ հանդես է եկել ելույթով:
***
ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 15–րդ համագումարում
Սիրելի՛ հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը մեր երկրի կարևորագույն քաղաքական իրադարձություններից է, և զուտ ներկուսակցական խնդիրներին անդրադառնալուց բացի այն նաև դիրքորոշումներ կամրագրի մի շարք վերկուսակցական հարցերի շուրջ:
Նախ կուսակցության մասին: Նախորդ համագումարից անցել է շուրջ երկու տարի: Այս ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել. Մելիք-Ադամյան փողոցից մինչև Մեղրի կամ Տաշիր նույն հետևողական աշխատանքն է, ամենօրյա աշխատանքը: Կուսակցությունը զարգանում է անընդհատ: Կառույցները, նրանց միջև ուղղահայաց և հորիզոնական կապերն ավելի ամուր են դառնում, և դա իսկապես տեսանելի է:
Փոխվում է նաև Հանրապետականի ընկալումը հասարակության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում: Կուսակցությունը դառնում է այն կարևոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսևորման ավելի բարձր աստիճանի: Հենց դա է պատճառը, որ մենք ունենք այսքան լուրջ մշտական հոսք դեպի կուսակցություն: Եվ որքան էլ ժամանակի ընթացքում մենք մաքրում ենք մեր շարքերը, որքան էլ չենք հապաղում հեռացնել տարբեր մարդկանց կուսակցությունից, միևնույն է, Հանրապետականն աճում է կայուն տեմպերով:
Այո՛, Հանրապետական կուսակցությունն իշխող քաղաքական ուժն է, որը նախաձեռնում և իրականացնում է գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումները մեր երկրում՝ ընդունելով դրանց հանդեպ առաջ եկող այսպահային դժգոհությունները: Բայց, միևնույն ժամանակ, Հանրապետականը քայլ առ քայլ ավելի է ամրանում բոլոր համայնքներում՝ դառնալով նաև տեղական համայնքային կյանքի ուղղորդիչն ու առկա խնդիրների իրական արձագանքողը, գործով արձագանքողը: Ասվածի վառ վկայությունը մեր վերջին հերթական համագումարից հետո ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքներն են և հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են տարբեր համայնքներում, որոնցում Հանրապետականը տարել է խիստ համոզիչ հաղթանակներ՝ շարունակելով ամուր հիմքեր դնել ապագա աշխատանքի ու հաղթանակների համար:
Մեր կուսակցությունը հետևողականորեն զարգացնում է նաև իր միջազգային կապերը: Հանդիսանալով ԵԺԿ անդամ՝ ՀՀԿ-ն ակտիվորեն մասնակցել է ԵԺԿ միջոցառումներին` համագումարներին, գագաթնաժողովներին, քաղաքական վեհաժողովներին և այլն: Խորացրել ենք հարաբերությունները ԵԺԿ անդամ մի շարք եվրոպական կուսակցությունների հետ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Հունաստանից, Կիպրոսից:
Նոր որակ են ստացել հարաբերությունները «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ` փոխադարձ այցելություններ, համատեղ միջոցառումներ, քաղաքական շփումներ: «Միասնական Ռուսաստանի» հետ միասին նախաձեռնել ենք Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունները, որոնց մի փուլը տեղի է ունեցել Երևանում:
Ակտիվացել են շփումները Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ:
Այս բոլոր միջազգային շփումները Հայաստանի հանրապետական կուսակցությունը ծառայեցնում է Հայաստանի և հայ ժողովրդի կենսական ու ազգային շահերի հետապնդմանը, երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, կուսակցական շինարարության արդիականացմանը:
Սա է այսօրվա իրականությունը: Բայց ասել, որ մենք բավարարված ենք կուսակցության զարգացման տեմպով, սխալ է: Եթե կազմակերպչական և կառուցվածքային ամրապնդման աշխատանքները բավականին լավ են ընթանում, ապա նույնը դժվարանում եմ պնդել բովանդակային քննարկումների ծավալման և գաղափարների ուղղահայաց հոսքի ապահովման առումով: Այստեղ ես չիրացված լուրջ ներուժ եմ տեսնում:
Հանրապետական կուսակցությունը մեր երկրի ամենամեծ և հոծ հասարակական կառույցն է, որը ներկայացված է բոլոր բնակավայրերում և ներկա է բնակչության բոլոր` նույնիսկ ամենափոքր խմբերում: Սա հզոր բնական հնարավորություն է Երևանում հնչեցված գաղափարներն ու ծրագրերն ամենուր հասցնելու, մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ դրանք ստուգելու, քննելու և հարստացված հետ բերելու համար: Սա լավագույն մեխանիզմն է նաև մեր հասարակության բոլոր շերտերին հուզող հարցերը կուսակցական խողովակով բյուրեղացնելու, մշակելու և իրականացվող քաղաքականության հարթություն հասցնելու համար: Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի Հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ:
Ունենալով այսօրվա կուսակցական հզոր մեխանիզմը՝ մենք շատ արագ նոր թափ պետք է հաղորդենք ասածս գործելաոճին: Դա հետևողական աշխատանք է ենթադրում, և այն մինչև վերջ հասցնելու համար, կարծում եմ, մեկ տարի ժամանակը լիովին բավարար է:
Այսքանը ներկուսակցական աշխատանքների մասով: Հիմա քաղաքական դաշտի և Հանրապետականի ներկա ու ապագա դերակատարության մասին:
Դժվար չէ նկատել, թե ինչպես է Հայաստանում զարգանում քաղաքական և քաղաքացիական այն դաշտը, որն արտացոլում է երկրում առկա միտումների, գաղափարների ու դրանք կրող կուսակցությունների ազատ մրցակցությունը: Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր և հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան: Այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է Հայաստանի խորհրդարանում, որը հանդես է գալիս որպես համապարփակ քաղաքական համակարգ:
Այս իրողությունն օբյեկտիվորեն համախմբում է պարտադրում մեզ և, անկեղծ ասած, համախմբման էլ հասցնում է: Դա ճիշտ է և՛ ընդդիմադիր ուժերի, և՛ իշխող կուսակցության դեպքում: Եվ սա լրջագույն ձեռքբերում է ժամանակակից պետություն կառուցելու մեր որդեգրած ճանապարհին:
Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերի լայն լուսաբանումից նման տպավորություն ձևավորվի: Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը:
Իշխող քաղաքական ուժը և ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը. անհրաժեշտ է և՛ աջը, և՛ ձախը: Երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները: Նրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում. պարզապես մարդը դառնում է անդամալույծ:
Հանրապետականը նման հեռանկար մեր պետության համար թույլ չի տա: Հանրապետականը շարունակելու է ամրապնդել իր տեղն ու դերակատարությունը մեր երկրում, սակայն դա չի պատրաստվում անել այլ քաղաքական ուժերի հաշվին: Ավելին, Հանրապետականը խրախուսելու է նաև այլ քաղաքական դերակատարների համախմբումը՝ քաջ գիտակցելով, որ ուժերի համադրումը, բյուրեղացումն ու միակցումը զարգացման օբյեկտիվ հրամայականն են:
Եվ որպեսզի քաղաքական դաշտն անընդհատ ամրապնդվի ու կայուն զարգանա, մենք շարունակելու ենք այն առողջացնել՝ ձերբազատվելով մաղձից, ատելությունից և կասկածամտությունից: Մեր քաղաքականությունը կառուցելու ենք կոռեկտության և հարգանքի հիմքի վրա՝ ակնկալելով այլ քաղաքական ուժերի փոխադարձ հարգանքը:
Ես շատ լավ հասկանում եմ, որ այսօրվա իշխող քաղաքական ուժը, ինչպես նաև մյուս քաղաքական կուսակցությունները դեռ այն բարձունքի վրա չեն, որ բավարարեն քաղաքական համակարգի հանդեպ մեր քաղաքացիների բոլոր պահանջները: Ես շատ լավ հասկանում եմ, որ (միայն մեր մասով ասեմ, որ ուրիշները չնեղանան) մենք հաճախ չենք կարողացել արդարացնել պարզ մարդկանց սպասելիքները, հաճախ ուղղակի հոգնեցրել ենք մեր բարձրացրած աղմուկով, քաղաքական դեբատներն ընկալվել են որպես դատարկ լեզվակռիվ, իսկ կուսակցական մրցակցությունը՝ մարդկանց ակնկալիքների հետ կապ չունեցող ինչ-որ ինքնանպատակ մրցույթ: Ես այս ամեն ինչը շատ լավ հասկանում եմ: Բայց մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մեր երկրում կայացած քաղաքական համակարգ արմատավորելը նույնքան աշխատատար և ժամանակատար գործընթաց է, որքան ասենք պետական կառավարման համակարգը կայացնելը:
Անշուշտ, որպես պետություն մենք այս ճանապարհին արդեն իսկ հսկայական առաջընթաց ունենք. անհնար է համեմատել այսօրվա քաղաքական համակարգը 10 կամ 20 տարվա վաղեմության իրողությունների հետ: Հիմա բացարձակապես այլ իրավիճակ է: Սակայն պարզ է նաև, որ դեռ անցնելու մեծ ճանապարհ ունենք թե՛ կուսակցությունների զարգացման, նրանց կայունության ու գործունեության թափանցիկության, թե՛ դասական երկբևեռ քաղաքական համակարգի ձևավորման հարցերում: Խոսքս ոչ միայն սահմանադրական կամ օրենսդրական լուծումների, այլև համապատասխան ավանդույթների ձևավորման մասին է:
Հարգելի՛ գործընկերներ,
Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական ուժերն այսօր արդեն դիրքավորվում ու վերադիրքավորվում են՝ իրենց համար թիրախ ունենալով 2017-2018 թվականների ընտրությունները: Դա թաքնված կամ անթաքույց անում են բոլորը: Այն, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօրվանից արդեն զբաղված են ապագա խորհրդարանական և նախագահական ընտրություններին պատրաստվելով, ես բնական եմ համարում:
Մեր դիրքերը, կառավարող կուսակցության պատասխանատվությունն ու խնդիրները բոլորովին այլ են: Առաջիկա երեք-չորս տարիները հսկայական ժամանակ են գործ անելու և երկիրն առաջ մղելու համար: Մենք հենց դա՛ ենք անելու: Մինչև հաջորդ համապետական ընտրություններ դեռ պետք է ապրել: Դեռ պետք է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, դեռ պետք է ապահովել տնտեսական, սոցիալական ու քաղաքական զարգացումը: Այս ժամանակահատվածը մենք պարտավոր ենք օգտագործել արդյունավետ:
Ասեմ ավելին: Եթե ընդդիմադիրները կարող են ընտրությունների գնալ ոչ էական փաստացի արդյունքներով և միայն իշխանություններին անխնա քննադատելով, ապա կառավարող կուսակցությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: Առաջիկա տարիները լինելու են խիստ կարևոր: Մեզ համար դրանք պիտի լինեն աշխատանքի և կոնկրետ արդյունքների տարիներ: Ամենօրյա աշխատանք և դրական արդյունքներ. ահա ամենալավ քարոզչությունը, որ կարող է լինել կառավարող ուժի պարագայում:
Աշխարհում շատ բան մեզնից կախված չէ, բայց մեր երկրում շատ բան մեզնից է կախված: Չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան մենք՝ հանրապետականներս (առնվազն այսօր այդպես է): Ուրեմն, չպետք է շեղվել գործից, տարվել միջկուսակցական բանավեճերով: Իմ հորդորն է՝ քիչ պայքար, շատ գործ:
Ասվածը չի նշանակում, թե Հանրապետականը չպետք է պարզաբանումներ ու մեկնաբանություններ տա իր քայլերի վերաբերյալ: Ընդհակառակը, մեր պարտքն է զեկուցել և մանրամասնել, թե ինչ ենք անում և ինչու: Բայց դա չպետք է կրի քարոզարշավի բնույթ: Չի՛ կարելի թույլ տալ, որ ողջ հասարակությունը ժամանակից շուտ ներքաշվի նախընտրական թոհուբոհի մեջ: Երբ մի ամբողջ երկիր, իր բան ու գործը թողած, զբաղվում է քաղաքական պայքարով, ընդ որում՝ անպատեհ ժամի, դժվար է բարի պտուղներ ակնկալել:
Մենք այլ ճանապարհով ենք գնալու: Կառավարության ծրագիրն արդեն պատրաստ է: Այն փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն և արդար աշխատանքը խրախուսելուն:
Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներկա միտումներն ու մեզ համար կարևոր շուկաներից եկող բացասական ազդակները՝ կառավարության ծրագրում փոքր ինչ նվազեցված են տնտեսական աճի նպատակադրումները գալիք տարիների համար: Դա ճիշտ մոտեցում է, որը նվազեցնում է իրականացվող քաղաքականության ռիսկերը: Սակայն ես համոզված եմ, որ սովորականից ավելի ջանքերի շնորհիվ կառավարությունը կարողանալու է առավել մեծ իրական արդյունքներ ցույց տալ, ամրագրված թիրախներից նկատելիորեն ավելի ցուցանիշներ ապահովել:
Գալիք տարիների բոլոր քայլերը լրջորեն են քննության առնվել: Պարոն Հովիկ Աբրահամյանն իր փորձով, կառավարման ունակություններով, աշխատաոճով արդեն հասցրել է բավականին դրական սպասումներ ձևավորել կառավարության գործունեության հանդեպ: Ես վստահ եմ, որ մեր գործարարները, աշխատավորներն ու գյուղացիները, ուսուցիչներն ու բժիշկները, բոլորը մշտապես զգալու են պետության ուշադրությունը, իշխանությունների օժանդակող ձեռքն ամենատարբեր հարցերի լուծման ժամանակ: Կառավարությունն այսօր իրեն ամուր ու վստահ է զգում և ունի մեր բոլորի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությունը:
Կառավարության անդամների վրա նույնպես հսկայական պատասխանատվություն է դրված: Բոլորի աշխատանքը չափվելու է կոնկրետ արդյունքներով, գործի հանդեպ նվիրվածության և ջանասիրության մակարդակով: Անփոխարինելի մարդիկ չկան: Թերացողները շատ արագ կփոխարինվեն: Մեր կադրային պահուստը բազմապատիկ ավելին է, քան ոմանց կարող է թվալ:
Պատասխանատվության նոր մակարդակ ենք ամրագրել նաև տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված մեր կուսակիցների աշխատանքի համար: Ընդհանրապես շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին. դրանք կառավարման առաջնային օղակներն են և «պետական աջակցություն» ասածը մարդիկ առաջին հերթին հենց տեղական իշխանություններից են ակնկալում: Այս ոլորտում հանրապետականների մասնակցությունը հսկայական է և անընդհատ աճում է: Սա նշանակում է, որ կուսակցական խողովակները շատ ավելի արդյունավետ պետք է գործեն նախաձեռնությունների ու գաղափարների շրջանառության և դեպի տեղական ինքնակառավարման օղակներ դրանց մատակարարման հարցերում:
Սիրելի՛ հանրապետականներ,
Գալիք տարիները լինելու են տնտեսական հնարավորությունների ընդլայնման և մարդկանց բարեկեցության ավելացման ժամանակահատված: Սա միանշանակ է: Այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք գնալ հստակ քայլերով ու առավելագույն ջանքերով: Դրական փոփոխություններ կլինեն թե՛ տնտեսավարման պայմանների բարելավման, թե՛ իրացման շուկաների ընդլայնման հարցերում:
Մաքսային միությանն անդամակցելու հարցում մենք արդեն մտել ենք ավարտական փուլ: Մենք ակնկալում ենք Մաքսային միության լայն շուկայի ձգողականության ազդեցությունը մեր տնտեսության վերելքի վրա: Վստահություն ունենք, որ ներդրումների ու արտահանման աճի տեմպերը նկատելիորեն բարձր են լինելու: Այս ուղղությամբ կլինի նաև հասցեական աշխատանք մեր գործարարների և արտերկրյա ներդրողների հետ:
Մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքը սերտորեն կապված է նաև համակարգային փոփոխությունների հետ: Այդ առումով էական նշանակություն կունենան հատկապես սահմանադրական բարեփոխումները: Այդ բարեփոխումները որակական նոր փուլ կլինեն երկրում կայուն ժողովրդավարական համակարգ հաստատելու և իրավական պետություն կերտելու առաջնահերթ խնդիրներում: Մենք պետք է հստակ, նաև ինքնաքննադատաբար, արձանագրենք, որ անկախության ձեռքբերումից հետո ավելի քան երկու տասնամյակ անց, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով, մենք դեռ չենք հասել այնպիսի հանգրվանի, որ կարողանանք առանց վարանելու պնդել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, իսկ դատարաններն անկախ ու անաչառ են:
Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ կայուն ժողովրդավարությունը և իրավական պետությունը մեր ազգային անվտանգության հենասյուներն են: Այլընտրանք մենք չունենք: Ուստի սահմանադրական բարեփոխումները պետք է ծառայեն հենց այս գերխնդրի իրագործմանը:
Մեր քաղաքական համակարգը արդիականացման մեծ կարիք ունի: Այն գերանձնավորված է և գերկենտրոնացված: Ակնհայտ անհամամասնություն կա տարբեր մարմինների լիազորությունների իրական ծավալի և նրանց քաղաքական պատասխանատվության միջև: Գործադիր իշխանության համակարգն անկատար է, չունի ներքին կուռ տրամաբանություն, գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում: Այս ամենը բոլորովին էլ չի նպաստում արդյունավետ կառավարմանը, պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ ժողովրդի վստահությանը:
Դուք գիտեք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որպես հնարավոր այլընտրանք, առաջարկել է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: Անկախ իմ նախասիրություններից, այս հարցը պետք է դարձնել լրջագույն և անաչառ քննարկումների առարկա՝ վեր ամեն կարգի իրավիճակային շահարկումներից: Ինձ համար անընդունելի են այն քաղաքական ուժերի ու գործիչների մոտեցումները, որոնք դեռ բոլորովին վերջերս հաստատակամորեն պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր հանկարծ պնդում են, որ սահմանադրության փոփոխության կարիք ընդհանրապես չկա: Մեկ անգամ ևս վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է»:
Քաղաքական համակարգի արմատական բարեփոխումները սերտորեն կապված են նաև դատական իշխանության հիմնախնդիրների հետ: Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ առանց անկախ ու անաչառ դատարանի մենք չենք ունենալու ո՛չ մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանություն, ո՛չ հուսալի ներդրումային միջավայր: Ուստի սահմանադրական բարեփոխումների կարևորագույն խնդիրներից մեկը դատական իշխանության առկա հիմնախնդիրներին արդիական և մնայուն լուծումներ տալն է:
Սրանք առաջնային հարցեր են, որոնք նաև քննության առարկա պետք է դառնան մեր կուսակցության բոլոր օղակներում, բոլոր մակարդակներում: Մենք երկար ժամանակ չունենք, և ակնկալում եմ, որ ՀՀԿ գործադիր մարմինը հնարավորություն կունենա արդեն ամռանը դիտարկելու տեղերում նման ակտիվ քննարկումների արդյունքների մասին ամփոփումները:
Սիրելի՛ հանրապետականներ,
Ամեն ինչից զատ, գալիք տարիներին մենք հիմնական խնդիր ունենք, և այդ խնդիրը եղել է, կա և լինելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը: Հրադադարի պայմանագրի կնքումից 20 տարի անց պատերազմը դեռ չի ավարտվել ո՛չ հաղթողի, ո՛չ պարտվողի համար. այն շարունակվում է այլ հարթությունում: Հաղթողը լավ գիտի պարտադրված պատերազմում հաղթանակի գինը, որ վճարել է արյամբ և կորուստներով: Պարտվողին կուրացնում է հաղթանակը վերանվաճելու կործանարար մոլուցքը. մոլուցք, որը նրան զրկում է բանականությունից, կառուցողական բանակցելու ցանկությունից:
Իր իսկ կողմից պարտադրված պատերազմում պարտված հարևանն այսօր, խեղաթյուրելով իրականությունը, փորձում է կացնով խմբագրել պատմությունը` պատերազմ մղելով տեղեկատվական հարթությունում: Բովանդակային հարթությունում լինելով սնանկ՝ տուրք է տալիս ձևին, աստիճանաբար ավելի ու ավելի մեծ գումարներ ծախսելով սպառազինության վրա: Այս դահլիճում շատերն անձամբ են զգացել հաղթանակի բերկրանքն ու կհամաձայնվեն, որ պատերազմում հաղթում է ոչ թե փամփուշտը, այլ մարդը: Մարդու տեսակը, մարդու կամքը, մարդու համոզմունքները, հավատը և որ ամենակարևորն է՝ ազատատենչությունը: Հաղթում են քաղաքացիները, հայրենիքի, երկրի պատասխանատու և հպարտ քաղաքացիները, որոնց միավորում են ոչ թե կուսակցական պատկանելությունը, ճաշակը, նախասիրությունները, գրպանի պարունակությունը, այլ այն համոզմունքը, որ մեր գործն արդար է:
Մեր հարևանը, բազմաթիվ միջազգային գնահատականների համաձայն, կառուցում է բռնապետական, ռազմականացված հասարակություն, ամեն օր և ամեն ժամ իր հասարակությանը ներարկելով հակահայ քարոզչություն՝ սերմանում է ատելություն և թշնամանք:
Մենք գիտենք, որ հասարակության ռազմականացումը փակուղի է տանում: Կենսունակ և ուժեղ է այն հասարակությունը, որում գերակայում է բազմակարծությունը, որտեղ մարդիկ անկաշկանդ արտահայտում են իրենց գաղափարները, որտեղ գերիշխում է խոսքի ազատությունը, որտեղ կարևորի և գլխավորի մասին մտահոգ բանավեճում է ծնվում բոլորի համար ընդունելի տարբերակը: Մենք այդպիսի հասարակություն ենք կառուցում: Բոլոր թերություններով հանդերձ՝ արդեն երկար ճանապարհ ենք անցել այս ուղղությամբ: Ու վաղն էլ նույնն ենք անելու՝ շարունակելու ենք ամրացնել սահմանը, հզորացնել մեր պետությունը և ուժեղացնել մեր հասարակությունը:
Հասարակական-քաղաքական հարաբերությունների զարգացումը մեր երկրում մտել է որակապես նոր փուլ: Տեղի են ունենում գործընթացներ, որոնք միգուցե առաջին հայացքից դեռ լիովին ընկալելի չեն, բայց հիմնովին փոխում են այդ հարաբերությունների բովանդակությունն ու կանոնները: Հանրային նշանակության գրեթե բոլոր գործընթացներն այսօր նախաձեռնվում, իրականանում և արդյունք են տալիս միայն, երբ իրագործողները ինստիտուցիոնալ կայուն միավորներ են: Հասարակական դաշտում աճում է նպատակային շարժումների, իսկ քաղաքական դաշտում՝ մեծ և կազմակերպված կուսակցությունների դերը:
Այս միտումը գնալով միայն խորանալու է: Այլընտրանք չկա: Այն ժամանակի և մեր հասարակության հասունության թելադրանքն է, որը նվազեցնում է անհատի, նույնիսկ ամենավառ անհատի դերը և մեծացնում խմբերի ու ներգրավման նշանակությունը:
Խոշոր կուսակցություններն իրենց ներգրավման մակարդակով ու լայն հասանելիությամբ օբյեկտիվորեն դառնում են քաղաքական զարգացումներն ուղղորդողները և գրեթե զրոյի են հավասարեցնում «Բարև ձեզ, ես այսինչն եմ և ես եկել եմ ձեզ կառավարեմ» տրամաբանությամբ երևույթները: Քաղաքական դաշտն անցնում է ցանցային/հորիզոնական կառավարման մոդելին, երբ հիմնական դերակատարները դառնում են ընդգրկուն հաստատությունները:
Չտեսնել այս միտումները, նշանակում է հետ մնալ ժամանակից: Ավելին ասեմ, մենք շարունակելու ենք խրախուսել հասարակական-քաղաքական դաշտի այսօրինակ զարգացումը: Սա է գործուն ժողովրդավարության հասնելու և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ինքնադրսևորման աստիճանը բարձրացնելու ամենաարդյունավետ ճանապարհը:
Երբեմն երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ հնչում է մի հրաշալի վանկարկում. «Մենք ենք տերը մեր երկրի»: Համաձայնեք՝ շատ ոգևորիչ փաստ է: Մենք յուրաքանչյուր քաղաքացու համար իրեն երկրի տերը զգալու և այդ զգացումն իրականացնելու հնարավորությունները պետք է արդյունավետ դարձնենք: Քաղաքացու համոզմունքը կամ բողոքը կարող են իրացվել հասարակական շարժումների միջոցով՝ հասարակական գործընթացներին ակտիվ մասնակցելու բաց հնարավորություններ ունենալով: Քաղաքացու պատկերացումներն ու պետության ընթացքի վերաբերյալ գաղափարները կարող են իրացվել նաև քաղաքական դաշտում՝ ընդգրկուն ու գործուն կուսակցական խողովակների հասանելիությունն ունենալով: Ամենագետ ու փրկիչ առաջնորդի գաղափարը սին է, դա ամբողջովին այլ տեղ է տանում, և մարդիկ դրա մասին լավ գիտեն: Առաջընթացի ճանապարհը նստել սպասելը չէ, թե նախագահը կամ վարչապետը որտեղից կհայտնվեն և ինչ կասեն, որ անենք: Չկա՛ նման ճշմարտություն:
Առաջընթացի ճանապարհը միավորումն է, մտքերի, գաղափարների ու դժգոհությունների համատեղումն է, գործուն մեխանիզմներն են, որոնք թույլ են տալիս դրանք առանձնացնել, մշակել և իրագործել: Եվ Հայաստանը հաստատապես այդ ճանապարհով է շարժվում: Առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական դաշտի առաջատարն է և ամենամեծ քաղաքական կառույցը: Հետևաբար մեր կուսակցությունը կրկնակի խնդիր ունի լուծելու: Մենք ենք, որ առաջին հերթին պետք է շարունակենք խթանել քաղաքական դաշտի զարգացումը, բյուրեղացումն ու հավասար հնարավորությունների ապահովումը կուսակցությունների և դասական երկբևեռ քաղաքական դաշտի կայացման համար:
Եվ երկրորդ, Հանրապետականի զարգացումն ինքնին չպետք է հետ մնա ժամանակի թելադրանքից: Մեր կուսակցությունը շարունակելու է աճել ու ամրանալ, ամրանալու է նաև կուսակցություն-հասարակություն կապը: Ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը պետք է նոր թափ հաղորդենք, խթանենք կանանց և երիտասարդական կառույցների բովանդակային ներգրավման մեծացումը: Ներքևից վերև տեղեկատվական հոսքերի անընդհատ ավելացման պայմաններում Մելիք-Ադամյան 2-ում պետք է հզորանա վերլուծական բաղադրիչը: Այս և բազմաթիվ այլ նպատակներ լինելու են մեր առաջիկա աշխատանքի առաջնահերթությունները:
Գալիք տարիների ընթացքում պետական ողջ համակարգն աշխատելու է ուժերի գերլարումով: Իշխող կուսակցության խնդիրն է օժանդակել այս գործընթացին զտված ու մշակված գաղափարների անընդհատ հոսքով և տեղերում՝ իրականացվող քաղաքականության արդյունքների ստուգման ու հետադարձ կապի ապահովման ճանապարհներով:
Սիրելի՛ հանրապետականներ,
Ամփոփելով խոսքս՝ կոչ եմ անում բոլորիդ տրամադրվել լուրջ և տևական աշխատանքի: Այն գաղափարներն ու ծրագրերը, որոնք մենք պատրաստվում ենք կյանքի կոչել և այն քայլերը, որոնք մենք պատրաստվում ենք իրականացնել, կենսական նշանակություն ունեն մեր երկրի և մեր ժողովրդի համար: Դրանից կախված է ոչ միայն մեր կուսակցության, այլև մեր ողջ երկրի վարկը: Եթե մենք այսօր ամենամեծ կուսակցությունն ենք Հայաստանում, ապա դա հիմք չէ թուլանալու կամ ավելորդ ինքնավստահության: Ճիշտ հակառակը, մենք ամեն օր պարտավոր ենք վերահաստատել առաջատարի մեր դիրքերը՝ վերահաստատել գործով, կեցվածքով ու նպատակամղվածությամբ:
Մաղթում եմ բոլորիս արդյունավետ գործունեություն՝ ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Կալանավորվել է ոստիկանության հետաքննիչը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. մայիսի 18-ի` լույս 19-ի գիշերը ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ռազմիկ Կարապետյանը, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ` քաղաքացի Գոռ Աթաբեկյանի հետ, Երևան քաղաքի Ավան Սայաթ-Նովա թաղամասի 5-րդ շենքի բակում կայանված Տիգրան Պ.-ին պատկանող «Ինֆինիտի QX 56» մակնիշի ավտոմեքենայի վրայից խմբով գաղտնի հափշտակել` գողացել են 400.000 ՀՀ դրամ արժողության հակամառախուղային զույգ լուսարձակները` վերջինիս պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:
Ռազմիկ Կարապետյանին և Գոռ Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Խոշոր ավտովթար Գյումրիում, կան զոհեր
Մայիսի 24-ին, ժամը 06.25-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում՝ Արվեստի ակադեմիայի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 32ՍՏ830 և «Մերսեդես» մակնիշի 80ՍՍ222 պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևոր տեղում զոհվել են ,իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը (ծնվ. 1990թ.)՝ հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և երկու ուղևորների դիերը:
Վերջին դասն` առանց վալսի
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցին այսօր հրաժեշտ տվեց ընդամենը հինգ աշակերտ` երեք տղա երկու աղջիկ` Ռաֆայելը, Հակոբը, Նարեկն ու Սոնան: Նրանց հետ հայրենի գյուղում ավարտական միջոցառմանը մասնակցեց նաև Երևան տեղափոխված Ամրամը, սակայն վալսի համար պարային զույգերը այդպես էլ չձևավորվեցին` չորս տղա, երկու աղջիկ:
Չորաթանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Վերջին զանգի սցենարում գերիշխում էր տոնական տրամադրությունը, ուսուցիչներին նվիրված երգեր ու բանաստեղծություններ` համեմված փոխադարձ շնորհակալական բարեմաղթանքներով: Չորաթանի միջնակարգ դպրոցի շրջանավարտներից միայն մեկն է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն, աղջիկներից մեկն էլ որոշել բուժքույր դառնալ, մյուսները` տղաները, կզորակոչվեն բանակ: Ավարտական միջոցառումը կնշանավորվի փոքրիկ խնջույքով, որը նախատեսված է վաղը: Դա կլինի Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանի նվերը` շրջանավարտների Վերջին զանգի առիթով: Վազգեն Զարգարյանի խոսքով, դպրոցի գլխավոր խնդիրը ժամանակակից չափորոշիչներով կրթության և դաստիարակության ապահովումն է: Դպրոցը 2011-ին մասնակի նորոգվել է, ու թեև գյուղը գազիֆիկացված է, բայց դպրոցն ունի ջեռուցման խնդիր: Ըստ դպրոցի տնօրենի` կան դասասենյակներ, որոնք ունեն նորոգման խնդիր, սակայն դրա մասին կարելի է մտածել միայն դպրոցը ջեռուցելուց հետո: Չորաթանում ջանում են բարձր պահել դպրոցի պատիվը, քանի որ ժամանակին Չորաթանը Շամշադինի առաջավոր, ամենամեծ թվով մտավորականներ տված գյուղն էր, դրամատուրգ, ՙՙՄի բուռ ծիծաղ՚՚-ի հեղինակ Արտաշես Քալանթարյանի գյուղը:Թուրքիայի տնտեսությունը պետք է ազատվի գերությունից. Ալի Բաբաջան
Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ազատվի տնտեսական գերությունից և դառնա այնպիսի մի երկիր, որը մեծ դեր կունենա համաշխարհային տնտեսության մեջ: Բաբաջանի խոսքերով՝ տնտեսության ազատագրումը հեշտ գործընթաց չէ: Փոխվարչապետը խոսել է նաև համաշխարհային շուկայում սեփական բրենդ ունենալու անհրաժեշտության մասին: «Անկարան պետք է բարեփոխումներ իրականացնի տնտեսության բնագավառում: Տվյալ պահին մեկ անձին բաժին ընկնող ազգային շահույթը կազմում է շուրջ 2500 դոլար, ինչը տնտեսության զարգացման ցուցանիշ է»,-նշել է Բաբաջանը: Վերջինիս կարծիքով՝ Թուրքիան վերջին 30 տարում տնտեսական առաջընթաց է գրանցել, սակայն համաշխարհային ճգնաժամը բացասականորեն է անդրադարձել երկրի տնտեսության վրա:
Իտալիայի բանակը հրավիրվել է Քիմի և Քանյեի հարսանիքի անվտանգությունը ապահովելու համար
Ըստ տեղեկությունների՝ նախքան շաբաթ օրը կայանալիք 33-ամյա Քիմ Քարդաշյանի և 36-ամյա Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությունը՝ առանց համազգեստի Իտալիայի բանակի անդամներ են հրավիրվել Ֆլորենցիայում գտնվող 16-րդ դարի Բելվեդեր ամրոց՝ զույգի անվտանգության աշխատակիցներին օգնելու համար:
Չնայած կանխավ հայտարարվել էր, որ հարսանիքը միայն նեղ շրջապատի համար է լինելու, այնուամենայնիվ, զույգը ըստ տեղեկությունների, 3000 հյուր է հրավիրել:
Կիրակի օրը հարսանեկան արորողությունից հետո Ֆլորենիցայից դուրս գտնվող Կոստելոյի Կորսինի վիլլայում երեկույթ կկազմակերպվի:
Քիմը և Քանյեն չեն վաճառի իրենց հարսանեկան արարողության լուսանկարները՝ չնայած մինչև 1 միլիոն դոլար արժողությամբ առաջարկներ են ստացել:
Ռաֆայել Իշխանյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների տպավորիչ հրաժեշտը,լուսանկարներ
Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները բուռն ու յուրօրինակ հրաժեշտ տվեցին իրենց դպրոցին: Շրջանավարտների Վերջին դասը վերածվեց ազգային ասմունքի երեկոյի: Աշակերտների շուրթերից հնչում էին Համո Սահյանի ու Պարույր Սևակի բանաստեղծությունները` գերելով բոլոր ներկաներին ու մոռացության տալով անգամ աշակերտների` հիմնական-հարազատ դպրոցը լքելու փաստը: Աշակերտները խոստովանեցին` բոլորը միաձայն պաշտպանել են այս տարվա հոբելյարների` Համո Սակյանի ու Պարույր Սևակի գրական ժառանգությունը պատկերավոր ու տպավորիչ ներկայացնելու միջոցով` իրենց ավարտական խոսքը ներկաներին հասցնելու գաղափարը:
Դպրոցի տնօրենի` Անուշ Սարգսյանի խոսքերով, աշակերտների այս նախաձեռնությունը շատ ավելի խոսուն է ու վեր հազարավոր շնորհակալական խոսքերից: Աշակերտները պատկերավոր փոխանցեցին մեծ գրողների և՛ էությունը, և՛ գրական նվաճումներն ու հույզերը: Իսկ Ռաֆայել Իշխանյանի կինը` Բյուրակն Չերազը, տպավորված աշակերտների ելույթից, հույս հայտնեց, որ նրանք հայոց պետության փառավոր վերելքի ականատեսը կլինեն և նշեց, որ դպրոցի սաները հետևեցին Սահյանի խոսքերին ու իրենց ելույթով ապացուցեցին, որ “Սահյանին բացակա չեն դրել”, Սահյանն այստեղ է, իրենց կողքին:
“Ամեն ինչ հիանալի էր: Կարծում եմ` ավելի լավ Վերջին դաս կազմակերպել չէր լինի. հայ մեծերի արվեստը ներկայացնելը և՛ սովորեցնող է, և՛ պարտավորեցնող: Աշակերտների հետ դպրոցում հսկայական աշխատանք է տարվում, ամեն անգամ դպրոցի ողջ անձնակազմը զարմացնում է իր` նորանոր ու հետաքրքիր նախաձեռնություններով”,-“Անկախի” հետ զրույցում նշեց ծնողներից Անահիտ Միկոյանը:
Աշակերտներից մեկը` Դիանա Վարդանյանը անկեղծանալով նշեց` շատ հուզված էր ու բոլոր աշակերտների կողմից իր խոնարհումը հայտնեց մեծն Համո Սահյանին իր ստեղծածի համար` ավելացնելով, որ մեծ պատիվ էր իրենց համար ներկայացնել Սահյանի ստեղծագործություններն իրենց Վերջին դասի կապակցությամբ: Աշակերտուհին ավելացրեց, որ պատրաստվում են այսօր միանալ քաղաքի մյուս շրջանավարտներին ՀՀ հրապարակում` շարունակելու ավարտական երեկոն:
Համո Սահյանի ասմունքի մրցույթի մրցանակակիր Լիլիթ Եգանյանն էլ նշեց, որ զարմացած է, քանի որ աշակերտներից շատերը երբևէ բեմ չէին բարձրացել, իսկ ստեղծագործությունները ներկայացրին մեծ վարպետությամբ : Լիլիթին բոլոր ուսուցիչները պատկերացնում են ապագա բանասերի դերում, սակայն ինքը նախընտրում է ավիացիան, երազում է ավիաինժեներ դառնալ, իսկ ինչպես կատակում է իր ուսուցիչը` վատագույն դեպքում` օդաչու:
“ Որոշեցինք աշակերտների ավարտական ցերեկույթը նվիրել մեր գրողների պոեզիային: Ելույթներում գրողների շունչն ենք դրել, անրադարձել ենք գրողների ստեծագործության բոլոր ոլորտներին` նրանց կյանքին, արծարծած սիրո թեմային ու գլխավորը`հայրենիքին, քանի որ ամենակարևորը, որ դպրոցը պիտի տա աշակերտին, հայրենասիրությունն է: Աշխատել ենք անգամ վերջին օրը աշակերտին դպրոցից գիտելիքով ճանապարհել”,-“Անկախի” հետ զրույցում նշեց Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Դուրգարյանը:
Ուկրաինան շարունակում է «ռինգ» մնալ աշխարհաքաղաքական խաղացողների համար
Ուկրաինական ճգնաժամը սուր հակասություններ է առաջացրել Արևելքի և Արևմուտքի միջև:
Ամերիկացի փորձագետ, Ռոն Փոլի ինստիտուտի գործադիր տնօրեն Դենիել Մակադամսի կարծիքով` Արևմուտքի համար ամենաշահավետ դիրքորոշումը ներկայիս հանգամանքներում կարող է լինել չմիջամտելու քաղաքականությունը: «Ռուսաստանի հետ հակամարտությունը չի բխում որևէ մեկի շահերից: Կարծում եմ` եվրոպացիները հասկանում են դա, ինչի մասին վկայում է, օրինակ, Գերմանիայի դիրքորոշումը», – նշել է փորձագետը:
Բայց Արևմուտքը տուրք է տալիս ուկրաինական ճգնաժամի հարցում ԱՄՆ-ի որդեգրած դիրքի թելադրանքով ստեղծվող լարվածությանը:
Ուշագրավ է ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Կարնեգի հիմնադրամի ռուս-եվրասիական ծրագրի տնօրեն Յուջին Ռումերի և հիմնադրամի հետազոտական աշխատանքների գծով փոխնախագահ Էնդրյու Վայսի դիտարկումն ուկրաինական Ճգնաժամի վերաբերյալ Politico Magazine պարբերականում հրապարակված հոդվածում. «Ճգնաժամը հետզհետե ցածրորակ քաղաքացիական պատերազմ է հիշեցնում: Սիրողական տեսանյութերում առկա անիմաստ բռնությունները սովորական երևույթ են դառնում»:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն էլ մայիսի 14-ին հայտարարեց, որ Ուկրաինայում սուր ներքաղաքական ճգնաժամը մոտ է վերաճելու քաղաքացիական պատերազմի, և ակնարկեց բանակցությունների անհրաժեշտության մասին:
Վերջին շրջանում արդեն հարյուրավոր զինվորականներ, ցուցարարներ ու խաղաղ քաղաքացիներ են զոհվել Օդեսայում, Սլավյանսկում, Կրամատորսկում, Լուգանսկում, հարակից գյուղերում, ամենուր: Այնպես որ, Ուկրաինային ոչ թե սպառնում է քաղաքացիական պատերազմ, այլ երկիրը, եթե կարելի է Ուկրաինային դեռ այդպես կոչել, արդեն իսկ քաղաքացիական պատերազմի մեջ է:
Մեկ այլ ուշագրավ փաստ էլ է արձանագրվում: Ճգնաժամի ալիքն օգտագործելով` ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանի սահմաններին ավելի ու ավելի մոտիկ ամրապնդել իր դիրքերը: Այս առումով բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ ու կոչեր են հնչել: Վերջիններից էր մայիսի 15-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունը. «Եթե պատրաստակամություն չլինի ընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը ԵՄ արևելյան սահմանային երկրներում, կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների համերաշխությունը սոսկ հռչակագիր է»:
Նրա խոսքով` Դաշինքի ենթակառուցվածքը և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն ավելի մեծ ներկայություն պետք է ունենան Բալթյան երկրներում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում և Հունգարիայում:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Դաշինքը ստիպված կլինի քննարկել Արևելյան Եվրոպայի երկրներում մշտական հիմքով ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունը: Բարձրաձայնվեց անգամ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Իհարկե, Մոսկվան կտրականապես դեմ է դրան: «Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու փորձերը շատ բացասական են ազդելու եվրոպական անվտանգության համակարգի վրա, և մենք կտրականապես դեմ ենք»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Bloomberg-ին տված հարցազրույցում:
Մինչ ռուսական կողմը սպառնում էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության կապակցությամբ, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ Վրաստանի հետ ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում` կապված Վրաստանի հանդեպ Մոսկվայի հնարավոր քայլերի հետ: ԱՄՆ դեսպանն ասել է նաև, որ ՆԱՏՕ-ն կարող է քննարկել Վրաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու հարցը, բայց դա պետք է որոշեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները:
Նման հայտարարությունները կարծես միտված էին ստիպելու, որ ռուսական զորքերը ռուս-ուկրաինական սահմանից հետ քաշվեին: Բայց եթե ՆԱՏՕ-ն որոշի կայաններ տեղակայել Վրաստանում, ապա ռուսական զորքն ավեի շուտ կկապիտուլացնի Թբիլիսին, քան թույլ կտա, որ իր քթի տակ ՆԱՏՕ-ական բազա հայտնվի:
Սա, ինչ խոսք, հայտնի է արևմտյան քաղաքականության «հաշվապահներին»: Ուստի ԱՄՆ-ին մնում է դարձյալ դիմել ավելի փորձված քալերի` տնտեսական ու քաղաքական պատժամիջոցների: Այդ պատժամիջոցների դեմ արտահայտվողներին, ի դեպ, բացի Գերմանիայից, Հունաստանից և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներից, միացավ նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Արևմուտքի «պատժամիջոցները» Ռուսաստանում միայն ժպիտ են առաջացնում
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, The Wall Street Journal-ում ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջեյմս Վուլսը, որ այժմ ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության խորհրդի ղեկավարն է, գրեց, թե Կրեմլի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է էժանացնել ռուսական նավթը, իսկ դրա համար պարտադիր չէ պայմանավորվել «սև ոսկի» արդյունահանող երկրների հետ:
«Հաշիվները սառեցնելուն և Պուտինի մտերիմների համար վիզաները չեղարկելուն Կրեմլը միայն հորանջելով է պատասխանում, իսկ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները հրապարակայնորեն այդպիսի միջոցներին գրեթե չեն աջակցում: Մեկ բարելի դիմաց նախկին 117 դոլարի փոխարեն նավթի գինը 60 դոլար դարձնելը շատ շահավետ կլինի Արևմուտքի, Չինաստանի և Հնդկաստանի համար»,- ասել է նա:
Թերևս իրավացի է ԿՀՎ նախկին ղեկավարն արևմտյան պատժամիջոցների դեմ Ռուսաստանի վերաբերմունքի հարցում: Հիշենք թեկուզ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ կապված պատմությունը, որ չմտավ Եվրամիության պատժամիջոցների ցուցակ իր եվրոպացի գործընկերների շնորհիվ: Գերմանական, ֆրանսիական և իտալական էներգակոնցեռնների ղեկավարները քաղաքական գործիչներին ստիպեցին հանել նրա անունը ցուցակից` զգուշանալով բիզնեսին սպառնացող հետևանքներից: Արևմուտքը հատկապես մտքափոխվեց այն բանից հետո, երբ Միլլերն ակնարկեց, որ պատժամիջոցների շարունակության դեպքում «Գազպրոմը» կհայտնվի սնանկացման եզրին: Սա, ավեի շուտ, ակնարկ չէր, այլ սպառնալիք: Որովհետև փաստ է` Եվրոպային մատակարարվող գազի 30 տոկոսից ավելին բաժին է հասնում ռուսական գազին: Ու եթե «Գազպրոմը» որոշի, որ սնանկ է, ապա ԵՄ-ում էներգետիկ, հետևաբար նաև արդյունաբերական, տնտեսական, սոցիալական լուրջ ճգնաժամ կսկսվի: Սա, բնականաբար, Եվրոպայի երազանքը չէ:
Ենթադրենք, թե Եվրոպան էլ, իր հերթին, Ռուսաստանին պատժելու համար կարող է հրաժարվել ռուսական գազից: Սակայն այդ դեպքի համար էլ Ռուսաստանը պահեստային տարբերակ ունի: Մայիսի 20-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշեց, որ ռուսական գազից Եվրոպայի հրաժարվելու դեպքում այն կարող է ուղարկվել Չինաստան: Այսինքն` Ռուսաստանն էլ տնտեսական հակապատժամիջոցներ կիրառելու հնարավորություն ունի, հենց միայն գազի առումով, եթե չհաշվենք, օրինակ, եվրոպական գիգանտ կորպորացիաների դուստր ձեռնարկությունների առկայությունը Ռուսաստանում: Եվ այս օրերին Ռուսաստանն իր այդ հակաքայլերի, այսպես ասած,«զորավարժություններն» է անցկացնում Ուկրաինայում` ցույց տալով Եվրոպային, թե ինչ կարող է անել` պարզապես գազի խողովակի փականի հետ «խաղալով»:
«Գազպրոմի» տվյալների համաձայն, Ուկրաինան գազի դիմաց պարտք է մոտ 3.5 մլրդ դոլար: Այժմ Ուկրաինային մատակարարվող գազի գինը մոտ 480 դոլար է: Ռուսական կողմը վերջնագիր է ներկայացրել` ըստ որի, եթե Ուկրաինան չվճարի պարտքը, ապա հունիսից գազ կստանա այնքան, որքան վճարել է: Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին 4 մլրդ դոլար վճարել գազի գնի իջեցման դեպքում` մոտ 300 դոլար: Այդ մասին Welt պարբերականին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Հիշեցնենք, որ Ուկրաինայի գազի պարտքերի պատճառով Ռուսաստանը որոշել է կանխավճար սահմանել երկրի համար:
Թե ինչ նշանակություն են ստանում Ռուսաստանի գազային քմահաճությունները, թերևս ամենից դիպուկ է բնութագրել է Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը. «Գազային շանտաժը ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների վրա ճնշում գործադրելու սիրած ձևաչափն է»:
Բայց ուշագրավ է մեկ հանգամանք ևս. ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր միայն ռուսական կողմն է համագործակցության ու բանակցային գործընթաց սկսելու առաջարկ արել: Իսկ եթե Արևմուտքի միակ հաղթաթուղթը Ռուսաստանին «քլնգելու» հարցում ռուս-ուկրաինական սահմանին մոտեցված ռուսական զորքերն էին, ապա մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կարգադրեց Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում զորավարժություններին մասնակցող զորքերին մշտական տեղակայման վայրեր վերադառնալ: Գոնե միառժամանակ կթուլացնի՞ սա լարվածությունը, դժվար է գուշակել: Առավել ևս, որ ուկրաինական ճգնաժամում կրքերը գնալով ոչ թե հանդարտվում, այլ էլ ավելի են թեժանում. ո՛չ Արևելյան Ուկրաինայի անջատողականներն են պատրաստվում համակերպվել Կիևի մայդանական իշխանությունների հետ, ո՛չ էլ նոր իշխանություններն ու նրանց զինյալներն են պատրաստվում առանց զենքի, առանց զոհ ու արյան հրաժարվել արևելքից:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Հայլուր» լրատվական ծրագրին
Նվեր Մնացականյան – Հայլուր հարցազրույցն է եթերում: Բարև Ձեզ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հայտարարություն տարածել: Հայտարարությունը վերաբերում է մայիսի 16-ից 19-ը տարածաշրջան կատարած այցին: Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ այցի հիմնական նպատակն է վերստուգել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այդ թվում` Քարվաճառում և Բերձորում: Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան, բարև Ձեզ:
Շավարշ Քոչարյան – Բարև Ձեզ:
Նվեր Մնացականյան – Այս այցը նախորդներից որևէ բանով տարբերվո՞ւմ է:
Շավարշ Քոչարյան – Տարբերվում է նրանով, որ շատ ակտիվ տեղի են ունենում քննարկումներ` կապված ընդհանուր առմամբ հակամարտության հանգուցալուծման հետ, ինչպես նաև շատ ակտիվ արշավ է սկսվել Ադրբեջանում` ուղղված համանախագահների ֆորմատից ձերբազատվելու ուղղությամբ:
Նվեր Մնացականյան – Ըստ այդմ, ի՞նչ են հուշում այն հայտարարությունները, որոնք բխում եմ Ձեր նշած ակտիվությունից, որոնք, գիտեք ինչի մասին է խոսքը, հնչում են համանախագահների շուրթերից:
Շավարշ Քոչարյան – Հաշվի առնենք այն հանգամանքը, որ զինաադարի քսանամյակն է, իսկ դա, պետք է արձանագրել, որ միակ շոշափելի քայլն էր ամբողջ այս հակամարտության կարգավորման ընթացքում, որից հետո, ըստ էության, չնայած բազմաթիվ ջանքերին միջնորդների, գործընթացը դոփում է տեղում:
Այդ տեսակետից, բնական է, որ պետք է այդ քսանամյակի հետ կապված լիներ հայտարարություն: Բնական է` այդ հայտարարությունը պետք է նորից արձանագրեր այն, ինչ որ մինչ այդ ասում էին համանախագահները կապված նույն Մադրիդյան սկզբունքների, դրանց գաղտնազերծված հատվածի հետ, նորից պետք է կոչ անեին կողմերին, որպեսզի կողմերը գնան դեպի առաջընթաց:
Նվեր Մնացականյան – Այսինքն հիմքը քսանամյա՞կն է այստեղ Ձեր նշածի:
Շավարշ Քոչարյան – Ֆորմալ, այո:
Նվեր Մնացականյան – Թե՞ պատրվակ է քսանամյակը:
Շավարշ Քոչարյան – Նախ, չէին կարող շրջանցել: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նաև խոսվեր քսանամյակի դասերի կամ հետևությունների մասին: Ինչու՞ հենց քսան տարի առաջ տեղի ունեցավ այդ առաջընթացը հակամարտության հարցում: Ինչու՞ դրանից հետո չի եղել:
Փորձենք վերհիշել` ինչ էր տեղի ունենում 1993թ.: ՄԱԿ-ի բանաձևեր, որոնք Ադրբեջանն անընդհատ փորձում է ներկայացնել այնպես, իբր դրանց նպատակը միայն այն էր, որ հայկական ուժերը հետ քաշվեն:
Իրականում դա այդպես չէր: Հիմանական նպատակը կայանում էր նրանում, որպեսզի վերջ դրվի ռազմական գործողություններին, և կնքվի խաղաղության պայմանագիր: Բայց ամեն մի բանաձևից հետո տեղի էր ունենում Ադրբեջանի զորքերի նոր հարձակման փորձ և նորանոր պարտություններ, մինչև Հեյդար Ալիևը համոզվեց, որ այսպես ինքը լրիվ տանուլ է տալիս: Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Հեյդար Ալիևն ինքը նախաձեռնեց հանդիպումներ ԼՂՀ ղեկավարության հետ: Լիազորագրեր գրեց` լիազորելով այն ժամանակվա իրենց պառլամենտի փոխխոսնակ Ջալիլովին բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից լիազորված անձի հետ, որպեսզի հանդիպեն այդ երկու երկրների ղեկավարները:
Ավելին, իր անձնական ստորագրությամբ նա գրել է «ԼՂՀ ներկայացուցիչ»` ռուսերենով` «представитель НКР»: Ու սկսվեցին այդ բանակցությունները: Եղել են այդ հանդիպումները` նաև ամենաառաջին դեմքերի մակարդակով, ինչը պարարտ հող ստեղծեց Բիշքեկյան արձանագրության համար, որից հետո կնքվեց զինադադարի համաձայնագիրը:
Ենթադրվում էր, որ այն պետք է ստորագրեին երկու բանակցող կողմերը` Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը: Վերջում Ադրբեջանն առաջարկություն արեց, որ Հայաստանն էլ միանա, և Հայաստանը միացավ` որպես հակամարտության մեջ ներքաշված կողմ: Վերոնշյալ գործընթացը հանգեցնում է երկու եզրակացության.
առաջին` Ադրբեջանը վաղուց ճանաչել է ԼՂՀ-ն առնվազն որպես հակամարտող կողմ,
երկրորդ` երբ Ադրբեջանն, իրոք, ցանկանում է, որ բանակցային գործընթացում լինի առաջընթաց, նա բանակցում է Ղարաբաղի հետ, այլ ոչ թե ձևացնում է, որ այդպիսի սուբյեկտ չկա:
Այս երկու եզրակացությունը շատ հստակ և կարևոր են:
Նվեր Մնացականյան – Պարո՛ն Քոչարյան, բա ինչու՞ ենք հեռացել Ձեր նշած հիմնակետերից:
Շավարշ Քոչարյան – Գիտե՞ք ինչ: Խնդիրը հետևյալն է` իրականում հայկական կողմերն իրենց դիրքորոշումներն ունեն, որոնք փոփոխություն չեն կրել: Պետք է արձանագրել, որ ներկայիս Ադրբեջանի նախագահը ոչ թե ժառանգեց իր հոր արտաքին քաղաքականությունը, այլ, ավելի շուտ, Աբուլֆաս Էլչիբեյի քաղաքականությունը, որը բացահայտ ասում էր, որ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը ադրբեջանական տարածք է, խոստանում էր ոտքերը լվանալ Սևանում և այլն:
Նվեր Մնացականյան – Շատ բարի: Այնուամենայնիվ, հայտարարություններից չհեռանանք, պարո՛ն Քոչարյան, որովհետև այդ հայտարարությունների նկատմամբ այս անգամ կարծես վերաբերմունքն այլ է: Հատկապես Հայաստանի ներսում կասկածանքով են նայում այդ հայտարարությունների ենթատողին:
Շավարշ Քոչարյան – Ասեմ` ինչով է դա պայմանավորված: Եկեք, որպեսզի պատասխանն ամբողջական լինի, փորձենք անդրադառնալ նրան, թե որն է Մադրիդյան սկզբունքների էությունը, որը հիմք պետք է ծառայի կարգավորման համար: Փաստաթուղթն ինքը գաղտնի է, բայց առանձին կետերը` 6 կետը, գաղտնազերծված են: Համանախագահները Լ՛Ակվիլայի հայտարարությամբ ասում էին` հարցը չի լուծվում, քանի որ կա երկու իրարամերժ դիրքորոշում:
Մեկը` տարածքային ամբողջականությունը, որի վրա շեշտադրում անում է Ադրբեջանը, մյուսը` ինքնորոշումը, որի վրա շեշտադրում են անում երկու հայկական կողմերը: Միաժամանակ հայտարարում են, որ գտել են բանալին` այո՛, ինքնորոշում, բայց Լեռնային Ղարաբաղի տարածքով` գումարած հուսալի ցամաքային կապ Հայաստանի և Ղարաբաղի միջև:
Այո՛, տարածքային ամբողջականություն, բայց առանց Ղարաբաղի և այդ ցամաքային կապի: Սա է էությունը, որի շուրջ պետք է լիներ համաձայնություն: Հասկանալի է, որ այդ մոտեցումն ամենևին հայկական կողմերի երազած մոտեցումը չէ: Դա այն մոտեցումն է, որը փոխզիջումային է, որն իր մեջ պարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ճշգրտում:
Նվեր Մնացականյան – Այսինքն` Ադրբեջանը դրանից ավելի՞ն է ուզում:
Շավարշ Քոչարյան – Այո՛, ըստ էության, Ադրբեջանը դրանից ավելին է ուզում և բաց հայտարարում է, որ Ղարաբաղը չի կարող լինել անկախ պետություն: Իրենք ասում են, որ երկրորդ հայկական պետություն չի կարող լինել` մոռանալով, որ իրենք իրենց և թուրքերին անվանում են մեկ ազգ և ունեն երկու պետություն:
Ինչու՞ են Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հիշեցումները հայ հասարակության մոտ և Ղարաբաղում առաջացնում կասկածանք, որովհետև միակողմանի զիջում չի կարող լինել, պետք է լինեն փոխզիջումներ:
Բայց չէ՞ որ ադրբեջանական կողմն այս ամբողջ ժամանակահատվածում հստակ ցույց է տվել, որ ինքը մերժում է հենց Մադրիդյան սկզբունքների բուն էությունը` մի կողմից Ղարաբաղի ինքնորոշում, մյուս կողմից` Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, առանց Ղարաբաղի:
Նվեր Մնացականյան – Պարո՛ն Քոչարյան, նկատե՞լ եք, որ «օկուպացված տարածք» արտահայտությունը մի քիչ շատ է օգտագործվում այս հայտարարություններում: Նախկինում դա չէր երևում այդպես:
Շավարշ Քոչարյան – Ճիշտ է: Մադրիդյան փաստաթղթում, ինչպես նաև Լ՛Ակվիլայի հայտարարությունում, «օկուպացված տարածք» արտահայտություն չկա: Այնտեղ խոսվում է զգուշավոր` «վերահսկողության տակ գտնվող տարածքներ»: Որովհետև եթե «օկուպացված» բառն է օգտագործվում, օկուպացնում է նա, ով ագրեսոր է, սկսենք դրանից, որովհետև պետք է հասկանալ` այս հակամարտության մեջ ո՞վ է ագրեսորը:
Ամեն դեպքում, կան ԼՂՀ տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և կան Ադրբեջանի տարածքներ, որոնք չէին մտնում ԼՂՀ կազմի մեջ հանրաքվեի արդյունքներով, որոնք գտնվում են Ղարաբաղի վերահսկողության տակ: Միակողմանի անվանելը «օկուպացված» այն տարածքները, որոնք գտնվում են Ղարաբաղի վերահսկողության տակ, իսկ Ղարաբաղի տարածքները մոռացության մատնելը հավասարակշռված մոտեցում չէ:
Նվեր Մնացականյան – Այս հայտարարություններում երևում է այդ միակողմանիությունը:
Շավարշ Քոչարյան – Դա երևում է: Խնդիրը ինչու՞մ է կայանում: Ըստ էության, Բաքուն ուղղակի շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը: Հասկացել է, որ հայկական կողմերին չի կարող շանտաժի ենթարկել: Փորձում է նույնիսկ համանախագահներին շանտաժի ենթարկել: Հիշենք հայտարարությունները` ընդամենը վերջերս:
Նվեր Մնացականյան – Պարո՛ն Քոչարյան, հայտարարությունների մեջ կան նաև Ադրբեջանի շահերը շոշափող, կամ Ադրբեջանի շահերին դեմ գնացող հայտարարություններ, օրինակ՝ երբ Մորնինգսթարը Բաքվին զգուշացնում է, որ Եվրամայդանը կարող է կրկնվել նաև Բաքվում, եթե շարունակեք մարդու իրավունքներն այսպես խախտել, միևնույն ժամանակ նա ասում է, որ Հայաստանը պետք է տարածքային զիջումներ անի: Հիմա՝ ինչո՞ւ համար են արվում այս մանևրները:
Շավարշ Քոչարյան – Գիտեք՝ մի կողմից հասկանալի է, որ դա լծակ է՝ Ադրբջանին որոշակի զսպաշապիկ հագցնելու, որովհետև Ադրբեջանը, նորից եմ կրկնում, արդեն հունից դուրս եկած, իրեն թույլ է տալիս այնպիսի քայլեր, ինչպիսին, օրինակ, հայտարարությունն է, որ ԱՄՆ-ը պետք է հետ կանչի իր համանախագահին, կամ համանախագահներն այցելում են Բաքու, և պարզվում է, որ որևէ մեկը չկա, որի հետ կարողանան հանդիպել, բացի պաշտպանության նախարարից:
Նվեր Մնացականյան – Բայց դա շատերի համար էր անակնկալ: Մենք հետևություն արե՞լ ենք Բաքվի այդ պահվածքից:
Շավարշ Քոչարյան – Դա անակնկալ չէ, եթե հետևել Ադրբեջանի քաղաքականությանը:
Նվեր Մնացականյան – Համանախագահները գիտեի՞ն, որ իրենց Բաքվում դիմավորող չի լինելու:
Շավարշ Քոչարյան – Դա այլ հարց է: Կոնկրետ այդ պահը՝ Բաքվում դիմավորել-չդիմավորելը, այդ ընդհանուր շղթայի մի մասնիկն է: Ընդամենը մայիսի 15-ին Վիենայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1000-րդ նիստն էր, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարություն է արել, որն ուղղված էր ընդհանուր առմամբ ամբողջ «Մադրիդի» դեմ, ավելին՝ խոսում է նրա մասին, որ համանախագահներն արդյունավետ չեն գործում, և որ պետք է վերանայել այդ ֆորմատը:
Շատ պարզ իրավիճակ է: Եվ այս պայմաններում, եթե այդ շանտաժին ենթարկվեն համանախագահները, բնական է՝ դա շատ լուրջ մտավախություններ պետք է առաջացնի: Եթե ինքը՝ Ադրբեջանը, անհուսալի է` որպես բանակցային կողմ, և եթե համանախագահները փորձեն ինչ-որ ձևով սիրաշահել Ադրբեջանին, բայց ի հաշիվ հայկական կողմերի, դա կլինի անթույլատրելի:
Նվեր Մնացականյան – Ի՞նչն է Ադրբեջանի պահվածքում նոր:
Շավարշ Քոչարյան – Այն, ինչ որ այս ժամանակահատվածում եղել է, սկսած այսօրվա նախագահի նախագահության օրվանից, գնալով ավելի է շեշտադրումն ուժեղանում: Դա վերաբերում է և՛ հակահայկականությանը, և՛ ռազմատենչությանը, և՛ Մինսկի խմբի գործունեության վարկաբեկման փորձերին: Ուղղակի այդ ամենը դարձել է ավելի շեշտադրված, անթաքույց և ամբողջական: Մնացածով նույնն է:
Նվեր Մնացականյան – Եվրամիությունը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը եռանախագահներին: Սա մի հակափաստարկ, որ եվրոպական կառույցներն այնքան էլ տրամադրված չեն ադրբեջանական տրամադրություններով շարժվելու: Այդ դեպքում, ի՞նչ է փնտրում Ադրբեջանը:
Շավարշ Քոչարյան – Եկեք, այնուամենայնիվ, փորձենք հասկանալ՝ ինչով է խանգարում Ադրբեջանին այդ եռանախագահությունը: Դրա մասին է պետք խոսել: Սա բացառիկ դեպք է, երբ հակամարտությունը…
Նվեր Մնացականյան – Ինչո՞վ էր խանգարում, թե ինչով է նոր սկսել խանգարե՞լ:
Շավարշ Քոչարյան – Միշտ խանգարել է: Եռանախագահությունը բաղկացած է երեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, որոնք, լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, պատասխանատու են ամբողջ երկրագնդի վրա խաղաղության պահպանման համար:
Եվ անընդհատ հայտարարում են՝ միայն խաղաղ կարգավորում: Այնպես որ այդ համանախագահությունն ունի երկու առաքելություն՝ մեկը՝ նպաստել, որ կողմերը գան համաձայնության, որը չի կատարվում Ադրբեջանի այս դեստրուկտիվ քաղաքականության պատճառով, մյուսը՝ զսպաշապիկ, որպեսզի չվերսկսեն ռազմական գործողությունները: Սա է իրականությունը:
Տվյալ պարագայում եռանախագահները ձեռք չեն տալիս, որովհետև այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորում գնա, Ադրբեջանին ձեռք չեն տալիս, ու նաև ձեռք չեն տալիս որպես զսպաշապիկ:
Նվեր Մնացականյան – Դա որ ասացիք, մի փոքրիկ մեջբերում անեմ այսօրվա հայտարարությունից. «Զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին մեղքը մեկը մյուսի վրա գցել»: Իսկ ի՞նչն է խանգարում մեխանիզմի հաստատմանը: Ո՞վ է խանգարում:
Շավարշ Քոչարյան – Շատ պարզ է, բոլորը դա շատ լավ գիտեն:
Նվեր Մնացականյան – Բայց չեն ասում: Չեն արտահայտվում:
Շավարշ Քոչարյան – Ես Ձեզ հետ համամիտ եմ: Որովհետև քանի դեռ հասցեագրված չի ասվում, ով է խախտում, Ադրբեջանի մոտ ստեղծվում է տպավորություն, որ իր այդ բոլոր քայլերը, միևնույն է, կուլ են գնալու:
Նվեր Մնացականյան – Չէ, դեռ խախտելը մի կողմ՝ ով է դեմ մեխանիզմի հաստատմանը: Գոնե դա պիտի ասեն:
Շավարշ Քոչարյան – Այդ դեմն արտահայտվել է շատ հստակ: Բացի հայտարարություններից՝ ժամանակին Ադրբեջանը համաձայնել էր, որ այո՝ պետք է այդպիսի մեխանիզմ ստեղծել: Մեխանիզմը ստեղծելու համար ԵԱՀԿ բյուջեում համապատասխան գումար էր նախատեսվում:
Ադրբեջանը վետոյի սպառնալիքի տակ դրեց ամբողջ մյուս տարվա ԵԱՀԿ բյուջեն (խնդիրը որն է՝ ԵԱՀԿ բյուջեն միայն կոնսենսուսով է հաստատվում. բավավար է մեկը դեմ լինի՝ չի հաստատվի): Ասեցին՝ եթե այդ մեխանիզմի համար դուք գումար եք հատկացնելու, մենք վետո ենք դնելու: Ստիպված նահանջեցին: Այսինքն` այնքան ակնհայտ է, որ դեմը Ադրբեջանն է:
Նվեր Մնացականյան – Բայց, այնուամենայնիվ, գանք համանախագահների անիմաստ զգուշավորությանը: Անհասկանալի զգուշավորությանը: Ճի՞շտ եմ ձևակերպում:
Շավարշ Քոչարյան – Տարբեր ձևով կարելի է ձևակերպել, բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ ավելի հստակ պիտի ձևակերպի իր մոտեցումը: Օրինակ՝ Դուք ասացիք` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը խոսում է մարդու իրավունքների մասին՝ համեմատելով դա Մայդանի հետ:
Եթե մենք խոսում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, ապա պետք է մեկ ուրիշ բան ասվեր՝ եթե դու քո քաղաքացիներին ճնշում ես, սպանում ես, ձերբակալում ես, ինչպե՞ս է քո մտքով անցնում, որ Ղարաբաղի հայությունը կարող է քո ենթակայության տակ լինել:
Այ դա կլիներ հասկանալի, որովհետև մի կողմից Մայդանի մասին խոսելը, մյուս կողմից՝ ղարաբաղյան հակամարտության, տրամաբանության հետ տարբեր դաշտերում է գտնվում: Այս տեսակետից, այո՛, այս իրավիճակը պետք է պարտադրի և՛ համանախագահներին, և՛ միջազգային հանրությանը, և՛ հայկական կողմերին՝ այս բոլորը վերլուծելու: Մի բան միայն ավելացնեմ:
Ըստ էության, այն, ինչ անում է Ադրբեջանը, ուղղված է միանշանակ ստատուս-քվոյի պահպանմանը: Դա փաստ է: Եվ միաժամանակ բոլոր անկյուններից ողբում է, որ ստատուս-քվոն անընդունելի է: Այ սա էլ է հետաքրքիր իրավիճակ՝ իրականում Ադրբեջանն է ամեն գնով պահպանում ստատուս-քվոն:
Նվեր Մնացականյան – Այսպիսով, գործ ունենք հակամարտության շուրջ նո՞ր իրավիճակի հետ:
Շավարշ Քոչարյան – Գիտե՞ք ինչ: Նոր իրավիճակը ո՞րն է: Եթե բանակցային գործընթացում, ապա շատ ավելի հստակ է դառնում, որ Ադրբեջանը որևէ ձևով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը: Նա շարունակում է ելնել մի սկզբունքից` «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ»:
Բնական է` դրա արդյունքը լինելու է ոչինչ: Նոր է իրավիճակն այնքանով, որքանով Ադրբեջանի այդ արդեն վաղուց ձևավորված քաղաքականությունն ավելի շեշտադրված է, ավելի անթաքույց և բացահայտ է: Այդ առումով` այո՛:
Նվեր Մնացականյան – Այսինքն` այս ֆոնին քիչ է հավանական, որ բանակցային գործընթացը կմտնի ակտիվ փուլ:
Շավարշ Քոչարյան – Գիտեք` չեմ կարծում, որ այս իրավիճակը նպաստում է, որպեսզի բանակցային գործընթացում լինի առաջընթաց: Չեմ կարծում: Ավելին, տեսեք` խոսում էինք, չէ՞ օկուպացված տարածքներ: Եթե կան օկուպացված տարածքներ, դա հենց ԼՂՀ տարածքներն են: Երբ դա ասում ես, ադրբեջանցիներն ասում են. «Ո՞նց կարող ենք մենք ինքներս մեզ օկուպացնել, Ղարաբաղը ճանաչված չէ»:
Բայց կա ՄԱԿ-ի 1974թ. բանաձևը, որը սահմանում է` ի՞նչ է նշանակում ագրեսիա, հետևաբար և` օկուպացիա: Ագրեսիան, այնտեղ շատ հստակ սահմանում է տրված, որևէ մի պետության կողմից մյուս պետության տարածքի նկատմամբ, սուվերենության նկատմամբ ռազմական ոտնձգությունն է, որտեղ տրվում է նաև պարզաբանում` «պետություն» ասվածը չի կանխորոշում ոչ ճանաչումը, ոչ ՄԱԿ-ին անդամակցությունը:
Այսինքն` այն պետությունը, որը ճանաչված չէ, որը ՄԱԿ-ի անդամ չէ, եթե նրա դեմ դու կիրառում ես ռազմական գործողություն, ուրեմն դա ագրեսիա է: Ակնհայտ է, որ տվյալ պարագայում մենք գործ ունենք ագրեսորի` Ադրբեջանի հետ:
Այս իրավիճակում խնդրի կարգավորումը կարող է լինել միայն հետևյալ երկու հիմքերի վրա.
առաջին` ԼՂՀ ժողովրդի` իրականացված ինքնորոշման իրավունք,
երկրորդ` Ադրբեջանի պատասխանատվությունը ինքնորոշված ԼՂՀ դեմ սանձազերծած ագրեսիայի և նրա հետևանքների համար:


