Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ Տոկիոյում

komitas7Հուլիսի 2-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգասրահում տեղի ունեցավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:

Համերգին, որին ներկա էին ճապոնացի արվեստասերներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ռոբերտ Անդրեասյանի և Գեորգի Սարաջյանի մշակմամբ:

Տակահիրո Ակիբան սովորել է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրի բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: 2013թ. Գերմանիայում անցկացված «Կոմիտաս» միջազգային փառատոնում Տակահիրո Ակիբան արժանացել է առաջին մրցանակի:

 

Անկախ

Հանրային խորհրդի կազմում ստեղծված Քեսաբի հարցերով աշխատանքային խումբը նախապատրաստվում է

Քեսաբի հարցերով հանձնախումբ

“Քեսաբի հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է Հանրային խորհրդի կազմում: Դեռ գարնանը, երբ Սիրիայում` Քեսաբում, իրավիճակը լարված էր, Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է աշխարհում գործող հանրային խորհուրդներին, նմանատիպ կազմակերպություններին, որոնց թիվը 7 տասնյակից ավել էր. նպատակը քեսաբահայերի դեմ կատարվող  ցեղասպանական արարքների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն էր”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քեսաբի հարցերով աշխատանքային խմբի կատարված աշխատանքների, հետագա անելիքների մասին խոսելիս նշեց աշխատանքային խմբի անդամներից Ռուբեն Սաֆրաստյանը:

Սաֆրաստյանը տեղեկացրեց, որ Հանրային խորհրդի նախագահի դիմումի միջազգային արձագանքները չուշացան. անմիջապես հնչեց Բրազիլիայի հանրային խորհրդի արձագանքը. “Բրազիլիայի Սոցիալական եւ տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ…”,իսկ հաջորդ արձագանքը Ռուսաստանի հանրային խորհրդից էր` Հասարակական պալատից: “Դրանում կոնկրետ առաջարկ կար. Հայաստանի ու Ռուսաստանի Հանրային խորհուրդների ներկայացուցիչները պետք է հավաքվեն և քննարկեն Սիրիայի ազգային, կրոնական փոքրամասնությունների խնդիրները և հատկապես` Սիրիահայության խնդիրները: Առաջարկն ընդունվեց, իսկ ենթադրաբար Մոսկվայում անցկացվելիք  համաժողովին լավ պարաստվելու համար խնդիր դրվեց ապահովել Հայաստանի Հանրային խորհրդի մասնակցությունը այդ կարևոր միջոցառմանը և մանրամասն ներկայացնել սիրիահայության խնդիրները, լուծման տարբերակները”,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Աշխատանքային խումբը սկսել է իր աշխատանքը սիրիահայության ու քեսաբահայության խնդիրների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումից, աշխատանքը ընթացքի մեջ է, արդեն մի քանի անգամ հանդիպումներ են կազմակերպվել:

Իսկ աշխատանքային խմբի այլ անդամներից Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սիրայի հիմնախնդիրներին վերաբերող համաժողով, որին մասնակցում էին Եկեղեցիների համաշխարհային խորհդրի նախագահը, Սիրայի բոլոր հիմնական քրիստոնեական  եկեղեցիների ներկայացուցիչները, իսկ համաժողովի շրջանակներում ամբողջությամբ մատուցվել են խնդիրը, լուծման հնարավոր տարբերակները:

“Անկախ”-ի այն հարցին, թե ի՞նչ հետագա մարտավարական քայլեր է նախատեսել իրականացնել Քեսաբի հարցերով հանձնախումբը, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այս պահին հանձնախումբը բուռն աշխատանքային փուլում է, փորձում է կապ հաստատել թե՛ հայկական, թե՛ միջազգային կառույցների հետ պատշաճ կերպով նախապատրաստվելու սպասվելիք  համաժողովին:

Անկախ

Երրորդն, ով սատար եղավ մեր գործին, պոլսեցի Հրանտ Դինքն էր. Ռագըբ Զարաքոլու

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակը ներկայացվում է աշխարհին:

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակ

Թուքիայում օրերս հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի` մեկ հատորում զետեղված թուրքերեն թարգմանությունը: Բացառիկ ժողովածուն ընդգրկում է 1916-1917 թթ. վկայություններ:

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակ

Հսկայական հետազոտական նյութը լրագրողներին ներկայացրին ու դրա պատմաքաղաքական և իրավական նշանակության մասին խոսեցին  «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի` մեկ հատորում զետեղված թուրքերեն թարգմանության հրատարակիչ Ռագըբ Զարաքոլուն,   Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, «Վան» ՀԿ պատվավոր նախագահ Ռուբեն Գալչյանը:

“Այս գիրքը օպերատիվ աշխատանքի արդյունք է, կատարվել է տաք-տաք` Ցեղասպանությունից անմիջապես հետո հավաքված փաստերից և դրանում առկա են գիտակցորեն բարձրացված բազում հարցեր: “Կապույտ գրքից” հետո այս գիրքը ամենակարևորներից է, քանի որ նրանում զետեղված են 1916թ.-ի  վկայությունները”,-նշեց Ռագըբ Զարաքոլուն:

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակ

 

1500 օրինակով լույս տեսած թուրքերեն տարբերակը ներկայացվելու է ողջ աշխարհին, իսկ Ռագըբ Զարաքոլուն կարծում է մերժողականության էությունը հետևյալն է.  երբ ինչ-որ բան կեղծում են, ստում են, այն դառնում է շարունակական, ստիպված են լինում կեղծել ամեն ինչ, նոր փաստեր հնարել, այլ կերպ` ջնջել բոլոր հնարավոր տեղերից հայի անունը:

“Այս ամենն ինձ հիշեցնում է Ջորջ Օրուելի “1984” կոչվող վեպը, որտեղ խոսվում է մասնագետների մասին, ում աշխատանքը փաստաթղթեր ոչնչացնելն է ու նորերի ստեղծումը` նոր իրադրությանը համապատասխան”,-նշեց Ռագըբ Զարաքոլուն` ավելացնելով.

“Սա պայքար է որ սկսել ենք 1990-ականներից կնոջս հետ: Պայքարի սկզբում թուրքական հասարակության մեջ միայնակ էինք և 1993թ.-ին, երբ առաջին գիրքը հրատարակեցինք, մեր դռնից ներս մտնելու քաջություն ունեցան միայն երկու տարեց հայ: Գիրքն անմիջապես արգելվեց, հոտո նորից տպագրեցինք, իսկ երրորդն, ով հետաքրքրվեց մեր գործով, պոլսեցի Հրանտ Դինքն էր, ով իր վրա վերցրեց անօրինական ձևով 1000 գիրք տարածելու գործը”,-պատմեց Ռագըբ Զարաքոլուն:

“Անկախ”-ի այն հարցին, թե, որպես Թուրքիայի քաղաքացի,  գիտակցաբա ՞ ր է գնում այս պայքարին, եթե Հայոց Ցեղասպանության ճանաչումը և պատմական արդարության վերականգնումը հետևանքներ է ունենալու Թուրքիա պետության համար, Զարաքոլուն պատասխանեց.

“Իհարկե, ընդունելը ամենահեշտ գործն է, իսկ Թուրքիա պետությունը գիտակցում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումից հետո այլ փուլեր են գալու, իսկ դրանցից խուսափելու համար ուզում է խնդիրը այսօրվա վիճակի մեջ պահպանած լինի: Սակայն միայն Թուրքիա պետությունը չէ, նաև մեծ պետություններն էլ պատասխանատվություն ունեն այստեղ: Ամերիկայում ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված գործը չեզոքացվեց, իսկ պատճառաբանությունն այն էր, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չէր ճանաչել Ցեղասպանությունը: Բոլոր նահանգապետերը, ղեկավարները` այդ թվում Օբաման, Փելոզին, խոսում են Ցեղասպանության մասին, ընդունում այն, բայց երբ հարցը կոնկրետանում է,  հասնում իրենց պետություններին, բոլորն էլ մոռանում են դրա մասին”:

Նշենք նաև, որ վաղը` հուլիսի 3-ին, ժամը 19:00-ին, “Առնո Բաբաջանյան” ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում  տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը:

Գոայի իշխանություններն առաջարկել են բիկինիի արգելք մտցնել

pic_a2b656d0dbd95a921d7ab21f0c73ad4eԳոաում առաջարկել են կանանց արգելել լողափին բիկինիով լինել: Համապատասխան առաջարկությամբ է հանդես եկել հնդկական  նահանգի կառավարության նախարար Սուդին Դհավալիկարը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նրա խոսքով, բիկինին կարող է անցանկալի ուշադրության ու հետապնդման պատճառ լինել, ինչի մասին ոստիկանությունը կարող է շատ ուշացումով իմանալ:

«Ես կարծում եմ, որ բիկինին պետք է լողափին արգելվի: Մենք չպետք է  թույլ տանք նման մարդկանց հայտնվել հասարակական վայրերում»:

Նախօրեին նախարարն առաջարկել է նաև գիշերային ակումբներ կարճ կիսաշրջազգեստով  զգեստով աղջիկների մուտքն արգելել ու իր առաջարկությունը հիմնավորել է նրանով, որ բար ու դիսկոտեկ այցելությունը կարճ զգեստով Գոայի մշակույթին հարիր չէ ու այլասերում է  տեղաբնակներին: «Գոան միշտ եղել է տաճարների ու եկեղեցիների նահանգ: Մեզ հարկավոր չէ բար-տուրիզմը»,-ընդգծել է նա:

Անկախ

ԱՄՆ-ի հետախուզությունը հետևում է Ադրբեջանի կառավարությանը

2ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) 193 երկրում հետախուզական տեղեկատվություն հավաքելու թույլտվություն է ստացել: Ամերիկյան ազդեցիկ “The Washington Post” թերթը գաղտնի փաստաթուղթ է տարածել, համաձայն որի՝ ԿՀՎ-ին թույլ են տվել հետախուզական տեղեկատվություն հավաքել Ադրբեջանի կառավարության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է “Մինվալ” լրատվական կայքը, “Խիստ գաղտնի է” գրությամբ փաստաթուղթը կնքվել է 2010թ.-ին: Փաստաթղթում նշված է, որ ԱՄՆ ԿՀՎ-ին “Արտաքին հետախուզական գործունեության” մասին օրենքի հիման վրա թույլ է տրվում Ադրբեջանի կառավարության մասին տեղեկություն հավաքել այդ երկրում աշխատող ամերիկյան ընկերությունների միջոցով:

3 (1)Վերոնշված օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ամեն տարի գերագույն դատարանը պետք է հաստատի կառավարությունների և անձանց ցուցակը, որոնց ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են հետևել: Ըստ կայքի՝ այդ փաստաթղթերից մեկը ընկել է թերթի ձեռքը, որի աշխատակիցներն էլ ուսումնասիրել են գաղտնի փաստաթուղթը՝ տարածված Էդվարդ Սնոուդենի բացահայտման շնորհիվ:

 Անկախ

Լիպեցկում առասպելական չուպակաբրա են որսացել

136-390x290Լիպեցկի մարզի բնակիչները հայտնել են,որ չուպակաբրա են որսացել.գիտությանն անհայտ մի կենդանի, որը սատկացնում է ընտանի կենդանիներին,հաղորդում է  Lenta.ru-ն:

Այս կենդանու անունն իսպաներենից թարգմանվում է ` «այծերի վամպիր»: Առաջին անգամ աղվեսի կամ շան նմանվող, հսկայական ժանիքներով կենդանու մասին տեղեկություն եղել է 1950-ին, երբ Պուերտո-Ռիկոյում մի քանի սատկած այծ հայտնաբերեցին, որոնցից, իբր, արյունը քամել էին:

Դրանից հետո մարդիկ սկսեցին պատմել նաև մոլորակի այլ վայրերում չուպակաբրայի հարձակումների մասին: Ոմանք նույնիսկ հայտարարեցին, որ իրենց հաջողվել է  սպանել գազանին: Սակայն, ինչպես հետո պարզվում էր, այդ բոլոր կենդանիներն էլ գիտությանը հայտնի տեսակներ էին, ասենք` կոյոտներ:

Ու, չնայած Մոսկվայի մարզի գյուղատնտեսության ու արդյունաբերության նախարարությունները դեռևս 2014-ի հունվարին են հերքել չուպակաբրայի գոյությունը, այդուամենայնիվ, Աֆանսևո գյուղի բնակիչները համոզված են, որ իրենց հաջողվել է որսալ առասպելական կենդանուն, որը դեռևս անցած ամսից է իրենց անասունների վրա հարձակվում:

Վարչապետն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող երեխաներին

11414_am_9Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:
11414_am_3Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարում, ծանոթացել հանգստի կազմակերպման և սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետն իր կողմից երեխաների համար նախատեսված նվերներ է հանձնել ճամբարին, դիտել մանուկների պատրաստած պարային երաժշտական ելույթները: Հովիկ Աբրահամյանը, ողջունելով երեխաներին, հորդորել է նրանց միասնական լինել և պահպանել ձեռք բերած ընկերությունը: «Սիրելի երեխաներ, մեր պետության ապագան կապում ենք ձեզ հետ, և ամեն տարի կառավարությունն էլ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու ճամբարներում ձեզ համար բարեկեցիկ պայմանների ապահովմանը», – նշել է երկրի վարչապետը:
Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր` Հանքավանի «Լուսաբաց», «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում: ՀՀ վարչապետի որոշմամբ ծրագրի շահառուներ են սահմանվել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները: Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ վարչապետի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Երեխաների ցուցակների ներկայացումը, ինչպես նաև նրանց տեղափոխումն իրականացվում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից:
11414_am_82014 թ. ճամբարային ծրագրով կհանգստանա շուրջ 4500 երեխա՝ 3 հերթափոխով, 20-ական օրով, յուրաքանչյուր հերթափոխում՝ 1500 երեխա: Այս տարի 1-ին հերթափոխին ԼՂՀ-ի երեխաների համար հատկացվել է 200 տեղ, ջավախահայ երեխաների համար՝ 150 տեղ, իսկ 2012 թ. լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման շնորհիվ ծրագրում ընդգրկվել են նաև սիրիահայ 11414_am_6երեխաներ:
 Անկախ

Քառյակը աշնանը հակահարված կտա իշխանություններին. Ռուբեն Հակոբյան

ՔառյակԱԺ-ի ոչ իշխանական ուժերը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտնեցին իրենց դիրքորոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ ընդունած որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ ՀԾԿՀ-ը հաստատեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը, ըստ որի՝ բնակչության համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա 10%-ով կամ 3,85 դրամով:

Քառյակի անդամները հայտարարեցին, որ այդ որոշումը քաղաքական էր: Ըստ նրանց` դա երկիրը տնտեսական աղետների առջև  է կանգնեցնելու, և Քառյակը պատրաստակամ է պայքարել այդ որոշումը չեղյալ համարելու համար:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը իր դերի մեջ չէ. նա չի կատարում օրենքով նախատեսված քայլերը: Գերակա պետք է համարվեն ժողովրդի շահերը, սակայն սա երբեք չի իրականացվում», – ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ընդգծելով, որ Հայաստանի տնտեսության փլուզված լինելը ակնհայտ է, սակայն իշխանություններին դա քիչ է հետաքրքրում. «Իշխանությունները ունեն ֆինանսների կարիք: Դրա աղբյուր կարող են լինել 2-ը. կորզել ժողովրդից և երկրորդը` դրսից պարտքեր վերցնել: Վերջին տարիներին արտաքին պարտքը մեծ չափսերի է հասել», -ասաց նա:

«Մենք որոշում դեռ չունենք քայլերի հետ կապված»,- իր հերթին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով քառյակի ծրագրերին: «Այս թանկացման արդյունքում գնաճ ու արտագաղթ է տեղի ունենալու: Գուցե անհույս լավատեսություն է, որ փորձենք համոզել իշխանություններին հետ կանգնել այդ քայլից, բայց փորձելու ենք»,- նշեց  նա` հավելելով, որ իրենք արդեն մի քանի միջոցներ քննարկել են, որոնցից մեկը Սահմանադրական դատարան դիմելն է:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ աշնանը իրենք իշխանություններին արժանի հակահարված կտան:

 

 Անկախ

Իրաքի մասնատման ծրագրերը կազմվել են Թուրքիայում. իրանական մամուլ

irakԻրաքում առաջացած ճգնաժամի պայմաններում Նուրի ալ Մալիքի կառավարությանը աջակցող Իրանի պետական լրատվամիջոցները անդրադարձել են Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի` անկախանալու վերաբերյալ հայտարարությանը: Ըստ իրականական մամուլի` «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության` Ւրաքի հյուսիսային շրջանների վրա հարձակում գործելով Բաղդադը գրավելու ծրագրերը կազմվել են Թուրքիայում: «Իրաքի մասնատման ծրագրերից տեղյակ են Սաուդյան Արաբիան և Քաթարը, ինչպես նաև ԱՄՆ-ը, Անգլիան և հենց Բարզանին»,-գրում է իրանական մամուլը:

Հաշվի առնելով անցյալում տեղի ունեցած իրադարձությունները` իրանցիների բերած վերոնշյալ պնդումը բավական իրատեսական է: Բանն այն է, որ 1988 թվականի մարտին, երբ Սադամի ռեժիմը քիմիական հարձակում իրականացրեց Իրաքի քրդական և մի քանի այլ շրջանների վրա, Բարզանին Իրաքի հյուսիսային 3 շրջանների վրա հարձակում գործելու համար համագործակցության մեջ էր մտել ԻՇԻՊ-ի և Բաաս կուսակցության հրամանատարների հետ:

 

Անկախ

Մոսկվայում հեռակա ձերբակալել են ուկրաինացի օլիգարխ Կոլոմոյսկուն

137-390x290Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա Իգոր Կոլոմոյսկուն ձերբակալելու վերաբերյալ վճիռ է ընդունել: Կոլոմոյսկին զբաղեցնում է Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետի պաշտոնը, հաղորդում է  Lenta.ru.-ն:

Կոլոմոյսկին մեղադրվում  է ծանր հանցագործությունների`լրագրողների աշխատանքին խոչընդոտելու, Ուկրաինայի տարածքում մարդկանց առևանգման ու սպանության մեջ: Սակայն, նրա փաստաբան Ա.Ֆոմինը հայտարարել է դատարանի որոշումը բողոքարկելու մասին:

Ավելի վաղ ՌՔԿ-ն գործ էր հարուցել Կոլոմոյսկու ու Ուկրաինայի ՆԳ նախարարի  պաշտոնակատար Արդեն Ավակովի դեմ, ապա նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց:

Անկախ

Հոլանդիայի ամենատարեց մարդը 108-ամյա դիարբեքիրցի Սերոբ Միրզոյանն է

hollandՀոլանդիայի ամենատարեց մարդը ծնունդով Դիարբեքիրից հայազգի Սերոբ Միրզոյանն է: Վերջինս ծնվել է 1906 թվականին Դիարբեքիրում, ապրել է Իրաքում` զբաղվելով հողագործությամբ: 1996 թվականից ի վեր Հոլանդիայի Ամերսֆուրտ քաղաքում ապրող Միրզոյանը իր 108-րդ ծննդյան օրը նշել է ընտանիքի հետ միասին: Նա ծննդյան տոնին սպասում էր նաև Ամերսֆուրտի քաղաքապետի այցին:

Պարոն Սերոբն ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 8-ին, նախաճաշին ուտում է թերխաշ ձու, կես բաժակ օղի է խմում և քնում է ժամը 21:00-ին: Ըստ Միրզոյանի` երկարակեցության գաղտնիքը գենրեն են ու մարդու ապրելակերպը: Նրա մորաքույրը 110 տարի է ապրել:

 

Անկախ

 

ՀՀ սպորտի և եիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհահավանքը մարզական լրագրողներին

0e5735402302bdd034139200007d78f4Այսօր մարզական լրագրողների միջազգային օրն է: Ինչպես հայտնի է, գործում է մարզական լրագրողների միջազգային ֆեդերացա: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ևս նպատակադիր գործունություն է ծավալել: Այն գլխավորում է Յուրի Ալեքսանյանը:

Այսօր Հայաստանի մարզական լրագրողներին էր ընդունել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Նա մասնավորապես ասաց.

«Հարգելի մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական բեղմնավոր աշխատանք, մասնագիտական վերելքներ և իհարկե անձնական երջանկություն: Ինչպես մարզաշխարհի հետ առնչվող յուրաքանչյուր անձ, այնպես էլ  մենք բոլորս ունենք մի մեծ միասնական հետաքրքրություն` դա սպորտն է և ֆիզիկական կուլտուրան: Մենք միասնաբար, մեր աշխատանքով ձգտում ենք անել հնարավոր ամեն ինչ այդ ոլորտի զարգացմանը նպաստելու համար, ես` որպես մեր երկրի գործադիր իշխանության անդամ, դուք` որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչներ: Հարգելի բարեկամներ, մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ և ակնկալում ձեր անաչառ վերաբերմունքը մարզաշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ»:

Թուրքիան նախագահի երեք թեկնածու ունի

teknacu2014 թվականի օգոստոսի 28-ին ավարտվում է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետը: Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը ընտրվելու է քաղաքացիների քվեարկության միջոցով: Վերին ընտրական խորհուրդը նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակել է օգոստոսի 10-ին: Եթե  թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի հավաքել քվեների կեսից ավելին, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի ընտրական երկրորդ փուլը:

Ինչ վերաբերվում է նախագահի թեկնածուներին, ապա դրանք երեքն են: Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը երեկ առաջադրեց վարչապետ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Ընդդիմադիր երկու կուսակցությունները` Ժողովրդա-հանրապետականը և Ազգայնական շարժումը, հանդես եկան իրենց միասնական թեկնածուի` Էքմելեդդին Իհսանօղլուի առաջադրմամբ: Իսկ ահա Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը պաշտպանելու է քուրդ քաղաքական գործիչ Սելահադդին Դեմիրթաշի թեկնածությունը: Նախագահի թեկնածուների հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 3-ն է: Ամենայն հավանականությամբ նոր առաջադրում չի լինի և պայքարը կծավալվի վերոնշյալ երեք թեկնածուների միջև:

 

 Անկախ

Երուսաղեմում գտնվել է առևանգված 16–ամյա պաղեստինցի տղայի մարմինը

israelԵրուսաղեմում գտնվել է պաղեստինցի դեռահասի մարմինը, որին հրեաները երեկ առավոտյան առևանգել էին: Իսրայելական ոստիկանությունը հաղորդել է, որ իրենք հայտնաբերել են տղայի մարմինը առևանգման մասին հաղորդագրությունից մեկ ժամ անց: Այժմ ոստիկանությունը հետաքննում է առևանգման և սպանության միջև կապը: Սպանվածի ինքնությունը պարզվել է, նա ազգությամբ արաբ 16-ամյա Մուհամեդ Աբու Քադիրն է: Սպանությունից հետո Երուսաղեմի Սաֆաթ թաղամասում բախումներ են տեղի ունեցել պաղեստինյան և իսրայելական ոստիկանության միջև: Արևելյան Երուսաղեմում դադարեցվել է տրամվայների և ավտոբուսների աշխատանքը:

Նախնական վարկածի համաձայն` պաղեստինցի տղային սպանել են կրոնական դպրոցի երեք հրեա աշակերտների սպանության վրեժը լուծելու համար: Նշենք, որ սպանված աշակերտների մարմինները գտնվել էին երկու օր առաջ Հորդանան գետի ափին 18 օր տևած որոնողական աշխատանքներից հետո:

Անկախ

«Այսօրինակ խոստում Բաքուն կփորձի կորզել Կրեմլից…». Արման Մելիքյան

Արման ՄելիքյանԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես չեմ գտնում, որ ռուսական կողմն այնչափ անզգույշ և անհեռատես կգտնվի, որ ազատագրված տարածքները կամ Արցախն ամբողջությամբ կհամաձայնի հանձնել Ադրբեջանին՝ վերջինիս Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու դիմաց:

Առավելագույնը ինչ կարող է այս պահին արվել մեր արմատական շահերին հակառակ, դա այն է, որ մեր հակառակորդին կխոստանան չճանաչել Արցախի անկախությունը կամ Հայաստանի հետ նրա հնարավոր վերամիավորումն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը կպահպանի ռազմաքաղաքական չեզոքությունը Ռուսաստանի հանդեպ: Ադրբեջանի ԵԱՄ անդամ դառնալու պարագայում վերջինս կարող է ակնկալել, որ անորոշ ապագայում Ռուսաստանի օգնությամբ հարցը կարող է լուծվել իր օգտին, և այսօրինակ խոստում Բաքուն կփորձի կորզել Կրեմլից: Գուցեև արդեն կորզել է»:

 

Անկախ

Նայրոբի.բեռնատար ինքնաթիռն ընկել է շենքի վրա

o_865364Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում բեռնատար ինքնաթիռն ընկել է շենքի վրա, հաղորդում է РИА Новости-ն: Աղետը տեղի ունեցել ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո:

Fokker 50-ը ընկել է առևտրային շինության վրա, որի հարևանությամբ անձնակազմի մարզադպրոցն է գտնվում: Դեպքի վայր է մեկնել շտապօգնության բրիգադը: Տեղեկություններ զոհերի ու տուժածների մասին դեռևս չկան, բայց հայտնի է, որ ինքնաթիռում 4 մարդ է եղել:

Մահվան ելքով վրաերթ կատարած անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը որոնվում է

ՀՀ-ոստիկանություն2Հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 70-ամյա Սոնյա Բաղդասարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.40-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

«Առասպել է, թե Երևանը ավելի անվտանգ է, քան Մովսեսը». Նիկոլ Փաշինյան

նիկոլ-փաշինյանԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առասպել է, անիրական առասպել, թե Երևանը ավելի անվտանգ է, քան Մովսեսը: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց «Սմերչ» համակարգեր, Երեւանի Շենգավիթ համայնքում գտնվող մեր տունը ադրբեջանական ուղիղ նշանառության տակ է՝ Նախիջեւանից: Էլ չեմ ասում, որ Մովսեսից Երեւան երեք ժամվա ճանապարհ է, Երասխավանից՝ մեկ ժամվա: Եւ ուրեմն՝ Մովսեսի, Այգեպարի, Կիրանցի, Ոսկեպարի, Ասկերանի, Մարտակերտի, Երասխավանի ուղղությամբ հնչած ամեն կրակոց մեզնից յուրաքանչյուրին ուղղված մարտահրավեր է: Այդ մարտահրավերը ուղղված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ նրանից Հայաստանո՞ւմ է գտնվում նա, թե արտերկրում: Այդ մարտահրավերը ուղղված է յուրաքանչյուր սփյուռքահայի՝ անկախ նրանից նա երբեւէ Հայաստանում եղե՞լ է, թե ոչ: Ու մենք պետք է ընդունենք այդ մարտահրավերը: Մենք շատ սխալներ ենք գործել վերջին 23 տարում, վերջին 230 տարում, վերջին 2300 տարում: Շատ ենք ձախողվել, բայց դա չի նշանակում, թե մարտահրավերը մերը չէ: Մեզ թալանել են մեր սեփական երկրում, սպանել ու նվաստացրել, բայց դա չի նշանակում, թե հայրենիքը մերը չէ: Մենք պիտի ընդունենք այդ մարտահրավերը, որովհետեւ չգիտեմ, թե մենք էս ի՞նչ Հայաստանում ենք ապրում, կամ որտեղ ենք ապրում, բայց մեր երեխեքը պետք է ապրեն Ազատ, Հպարտ եւ Երջանիկ Հայաստանում: Սա է մեզնից յուրաքանչյուրին ուղղված ամենամեծ մարտահրավերը»:

 

Անկախ

Մեքենաների բախման հետևանքով վարորդներից մեկը մահացել է

ավտոպատահարՀուլիսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 1.7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով վարորդներից մեկը` 1950 թ. ծնված Ավագ Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ մյուս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

«Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը «ղարաբաղա-ադրբեջանական» անվանելը սխալ է»

Վահրամ ՄիրաքյանԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը «ղարաբաղա-ադրբեջանական» անվանելը սխալ է բոլոր կողմերից: Սխալ է այն առումով, որ հակամարտությունը սկսվել ու տարածվել է նաև ՀՀ սահմաններից, սխալ է հիմա ձևակերպել այդպես, որովհետև ՀՀ սահմանները պակաս պատերազմական իրավիճակում չեն, քան Արցախինը, սխալ է «ղարաբաղա-ադրբեջանական» անվանել, որովհետև ադրբեջանցիներն ուզում են ոչնչացնել հայերին, ոչ թե մենակ ղարաբաղի հայերին, սխալ է, որովհետև մոլորեցնում է, կոնֆլիկտի մասշտաբների տեսանկյունից, սխալ է, որովհետև կարող է մեզանում տպավորություն ստեղծել, թե «ղարաբաղա-ադրբեջանական» կոնֆլիկտը կլուծվի Ղարաբաղի շրջանակներում կամ Ղարաբաղի հարցի լուծումով, իսկ իրականում դրանից հետո գալու է Սյունիքի հարցը, հետո Երևանի…, սխալ է, որովհետև թյուր պատկերացումներ է ստեղծում կոնֆլիկտի իրական բնույթի վերաբերյալ, քանի որ մենք գործ ունենք «հայ-թուրքական» կոնֆլիկտի ադրբաջանական դրսևորման հետ, որը չի սկսվել ու չի ավարտվի Արցախի թեմայով, սխալ է մեր զգոնության բթացման առումով և….:

Դե հա, քանի որ ժամանակին ՀՀՇ-ն որդեգրեց այդ հիմար քաղաքականությունը, իսկ նրանից հետո ըստ էության արտաքին քաղաքականությունը «ջրի հոսքով է գնացել», հիմա ստիպված հարմարվում ենք այդ թյուրիմացության հետ, բայց հայ-ադրբաջանական/թուրքական էթնիկ կանֆլիկտը «ղարաբաղա-ադրբեջանական» անվանելը շատ ավելի բացասական կողմեր ունի մեզ համար, քան դրական, բացի այդ ուղղակի սխալ է, պատճառներն արդեն նշեցի»:

 

Անկախ