«Դ!ԵՄ ԵՄ»-ը սատարման երթ կանցկացնի հունիսի 11-ին

դեմ«Դ!ԵՄ ԵՄ» թիմը նախատեսում է սատարման երթ իրականացնել հունիսի 11-ին: Այս առիթով նախաձեռնությունը հայտարարություն է տարածել: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պայքարակիցներ,

Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, որտեղից մեկնարկելու է Սատարման երթը: Եկեք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո մեր քաղաքացիների մի ստվար մաս փաստացի զրկված է հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմում գրելու հնարավորությունից: Հատկապես պետական համակարգի ու կրթական ոլորտի աշխատողները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, իսկ հաճախ էլ նշված դիմումները ներկայացնելու համար ստիպված են ներկայացնել նաև աշխատանքից ազատման դիմումներ:

Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ունեն դիմում գրելու հնարավորություն, անտարբեր չմնալ ճնշված քաղաքացիների հանդեպ և իրենց ներկայությամբ Սատարման երթը դարձնել հզոր: Իսկ ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ ենք անում անպայման միանալ երթին՝ զգալու մեր բոլորիս աջակցությունը:

Եկեք յուրաքաչյուրս երթին մասնակցենք մեր անձնագիրը ձեռքներիս, որ խորհրդանշում է մեր քաղաքացիությունը, այսինքն՝ երկրի տանուտեր լինելը:

Այսպիսով՝ հունիսի 11՝ ժամը 19:00, Մատենադարանի մոտ»:

 

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկանաբանել է իր աղմկահարույց հարցազրույցը

1“Մենք Ադրբեջանի անկախության 23 տարիների ընթացքում երբեք չենք խառնվել նրա ներքին գործերին։ Ես պարզապես ներկայացնում էի իմ տեսակետը որոշ հարցերի շուրջ՝ ԱՄՆ-ի հավասարակշռված քաղաքականության բերումով։ Եվ եթե իմ հարցազրույցից հետո հանրության և անգամ կառավարության շրջանում քննարկվում է իմ տեսակետը, ապա կարծում եմ, որ այն հասել է իր նպատակին”,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ մեկնաբանելով իր աղմկահարույց հարցազրույցն ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ, որում ընդգծել էլ Ադրբեջանում դրանց կրկնման հավանականությունը։

Դեսպանը հայտարարել է, որ իր խոսքերը ճիշտ չեն ներկայացրել։ “Յուրաքանչյուր ցանկացող դեսպանության կայքում կարող է ծանոթանալ իմ հարցազրույցի տեքստին և համոզվել, որ այն հավասարակշռված է եղել և արդար”,-ասել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ ասել է բառացիորեն հետևյալը. “Եթե չափազանց խիստ վերաբերմունք դրսևորվի քաղաքացիական հասարակության հանդեպ, նրանց շնչելու հնարավորություն չտրվի, ապա կարող է անցանկալի հետևանքներ առաջանան։ Եթե ոչ այսօր, ապա 5, 10, 20 տարի հետո”։

Մորնինգսթարը նորից հայտարարել է, որ Ադրբեջանում կայունության և զարգացման ապահովման համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել քաղաքացիական հասարակության գործունեության համար։ “Ինձ հետ ինչ-որ մեկը կարող է չհամաձայնել, յուրաքանչյուր ոք իր տեսակետն ունի, իսկ սա էլ իմ տեսակետն է”,-ասել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս դեսպանը քաղաքացիական հասարակության ճնշմանն անրադառնալիս  ընդգծել էր, որ Ադրբեջանում կարող են կրկնվել ուկրաինական Մայդանի իրադարձությունները: “Եթե Ադրբեջանի կառավարությունը ավելի ծանր մեթոդներ կիրառի քաղաքացիական հասարակության դեմ, ապա Մայդանի իրադարձությունները կարող են կրկնվել նաև Բաքվում: Եթե նույնիսկ ոչ հիմա, ապա 5-10 տարի հետո կրկնվեն”,- ընդգծել է դեսպանը:

Ճապոնիայի իշխանությունները երկրում ծնելիությունը խթանող պլան են մշակել

113-390x290Ճապոնիայի իշխանությունները որոշել են երրորդ երեխայի ծննդյան դեպքում ֆինանսական աջակցություն տրամադրել, որպեսզի բնակչության կրճատումը երկրում դադարեցնեն:

Փորձագետների խոսով, Ճապոնիայում 50 տարուց բնակչությունը կկրճատվի  ու 127 միլիոնից  կհասնի 86 մլն մարդու: Ընդ որում, բնակչության 40%-ը 2060-ին տարեցները կկազմեն:

Նոր պլանը պետք է 2030-ին ծնելիության գործակիցը բարձրացնի ներկայիս 1,43-ի դիմաց` 2,07: Գիտնականների կարծիքով, դա հնարավորություն կտա 2060-ին պահպանել երկրի բնակչության թվաքանակը 100 մլն- ի մակարդակին:

Այդ պլանը  կարտահայտվի «Էկոնոմիկայի ու ֆինանսների հիմնական ուղղություններում», որոնք իշխանությունները պետք է հաստատեն այս տարվա հունիսի վերջին, իսկ ընտանիքներին աջակցության ֆինանսական միջոցնեը կհաշվարկվեն հաջորդ ֆինանսական տարում, որը Ճապոնիայում սկսվում է 2015-ի ապրիլի 1-ից:

Անկախ

ԱՄՆ-ը պետք է դասեր քաղի Սիրիայում անցկացված ընտրություններից. իրանական սպա

usa syriaԻրանի զինված ուժերի գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սիրիայում անցկացված ընտրություններին, ասել է, որ ԱՄՆ-ը պետք է դասեր քաղի օրերս Սիրիայում անցկացված նախագահական ընտրություններից:

«Ակնհայտ է, որ սիրիացիների մեծամասնությունը կողմնակից է Բաշար Ասադին և նրա կառավարությանը»,- նշել է գեներալ-մայորը:

Սպասվում է, որ անցկացված ընտրությունները կարևոր գործոն կլինեն Սիրիայում քաղաքական իրավիճակի կայունացման համար:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 3-ին Սիրիայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել էր Բաշար Ասադը: Վերջինիս շնորհավորական ուղերձներ են հղել Իրանի մի շարք քաղաքական գործիչներ, որոնց թվում է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանում հնարավոր է ցուցադրվեն Պաբլո Պիկասոյի, Վան Գոգի, Կլոդ Մոնեի կտավները

picassoԹեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակիցները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ հնարավոր է թանգարանում ցուցադրվի 1,5 մլրդ ֆունտ ստերլինգ արժողությամբ արևմտյան վարպետների նկարների հավաքածուն, եթե Իրան-«Վեցնյակի» միջուկային ծրագրի շուրջն ընթացող բանակցությունները հաջող հանգուցալուծում ունենան:
Հավաքածուն ներառում է Պաբլո Պիկասոյի, Վինսենտ Վան Գոգի, Կլոդ Մոնեի, Ջեքսոն Պոլոկի և այլ նկարիչների աշխատանքներ:
Ուշագրավ է, որ համաշխարհային հսկայական արժեք ունեցող այդ բացառիկ աշխատանքները թանգարանի պահեստում պահվում են իսլամական հեղափոխությունւց հետո (1979):
«Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերացումը թույլ կտա թանգարանին ավելի շատ հովանավորչական միջոցներ ստանալ: Մենք կցանկանայինք ցուցադրել արևմտյան արվեստը և պատրաստ ենք տրամադրել այդ աշխատանքները միջազգային թանգարաններին»,- նշել են թանգարանի աշխատակիցները:
Այս մասին տեղեկացնում է անգլիական «The times» լրատվական գործակալությունը:

Իրան-«Վեցնյակ» հերթական բանակցություններին ընդառաջ

araghchi2Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այսօր  կհանդիպեն Ժնևում, ինչին կհաջորդի Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցային հերթական փուլը:

Սպասվում է, որ բանակցությունների նպատակով Ժնև կժամանի ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բեռնսը և ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը:

ԵՄ-ի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ժնևում ԱՄՆ-ի ու Իրանի բանակցություններին կմիանա հունիսի 9-10-ին:

Իրանի ներկայացուցիչները հունիսի 11-12-ին Հռոմում առանձին հանդիպում են անցկացնելու նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կողմերը քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային նոր փուլը մեկնարկելու է հունիսի 16-ին: Կողմերը պլանավորել են համապարփակ համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 20-ը:

Ուշագրավ է, որ Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել էր մայիսին և ավարտվել էր անարդյունք: Այն ժամանակ կողմերը միմյանց մեղադրել էին անիրատեսական պահանջներ առաջ քաշելու մեջ:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Մեկին ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք էր տվել, մյուսի բջջայինն էր գողացել

Բարեփոխվող ոստիկանություն. ձեռքբերումներ և խնդիրներ (ՏԵՍԱՖԻԼՄ)Հունիսի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Կարենի կողմից Վանուշ Մ.-ին ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք տալու և Սոս Մ.-ի բջջային հեռախոսը գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը 1983 թ. ծնված Ժիրայր Ա.-ն է, որը հունիսի 6-ին, ժամը 18.00-ին, ներկայացել է բաժին:

Ղրղզստանում հեծյալը կայծակնահար է եղել ձիուն նստած

117-390x290Ղրղզստանի հարավում հեծյալը ձիու հետ կայծակնահար է եղել, հայտնում է   Вести.Ru-ն:

Դեպքը կատարվել է հանրապետության Ջալալ-Աբադի մարզում: Երիտասարդ տղամարդը չի հասցրել տեղ հասնել ու զոհվել է բարձրլեռնային արոտավայրում:

Իրանահայութեան ակնկալիքը նախագահ Ռոհանիից… Թուրքիա այցելութեան առիթով

 Հասան ՌոհանիԱյսօր պաշտօնական այցով նախագահ Ռոհանին Թուրքիա է այցելելու: Այս մակարդակի այց կատարւել է 18 տարի առաջ:

Երկկողմ, ինչպէսեւ՝ տարածաշրջանային մակարդակով, ըստ հաղորդած լուրերի՝ պէտք է ստորագրւի վեց պայմանագիր:

Անկախ պրոտոկոլային փոխյարաբերութիւններից, վստահաբար կայացող հանդիպումների ընթացքում կողմերը խոր քննարկման առարկայ են դարձնելու տարածաշրջանային եւ մասնաւորապէս՝ երկու երկրների համար կարեւորագոյն խնդիր հանդիսացող Սիրիայի ճգնաժամը: Այստեղ արդէն վաղուց ի վեր ակնյայտ է Իրանի եւ Թուրքիայի միջեւ խորքային տարակարծութիւն՝ ընդհուպ մինչեւ ռազմավարական նշանակութեան եւ նոյնիսկ ազգային-պետական շահերի անհամատեղելիութեան իրողութիւն:

Այս իրողութիւնը մասնաւորապէս Իրանի կողմից անցնող 2-3 տարիների ընթացքում բարձրաձայնւել ու նոյնիսկ դատապարտանքի կերպարանքով է դրսեւորւել, երբ հէնց վերոնշեալ ազգային-պետական շահերի համատեքստում Իրանը Սիրիական ճգնաժամի լուծման տարբերակ է առաջարկել երկխօսութիւնն ու խաղաղ միջոցները, իսկ Թուրքիան, հակառակը՝ Սիրիայի տագնապի հարցում որդեգրել է լոկ զինական-զինւորական լուծման տարբերակը:

Հարցը հասաւ նրան, որ իբրեւ համախոհ-զինակիցներ՝ Ս. Արաբիան եւ Կատարը Թուրքիայի հետ համատեղ հանդիսացան ռազմական, ֆինանսական եւ քաղաքական-քարոզչական այն առանցքը, որն օգնութիւն-օժանդակութիւն էր հասցնում սիրիական ընդդիմադիրներին: Այս վերջինների անյաջողութիւնների արդիւնքում եւ յատկապէս Արեւմուտքի հակաԱսադ նկրտումներում մեղմացուցիչ դիրքորոշման ի յայտ գալով՝ Սիրիական տագնապը այլ կերպարանք ստացաւ: Այս փուլից յետոյ՝ Սիրիական հարցը վերածւեց սալաֆի-ալաւի հակամարտութեան, իր ընդգծւած կրօնական ծայրայեղական երանգաւորմամբ, որտեղ արդէն ներգրաււեցին Ալղայիդական-տեռորիստական խմբաւորումները, որոնք մինչեւ իսկ Ասադից առաւել թիւ 1 թշնամի էին համարում շիա Իրանին եւ այդպիսով փորձում «արդարացնել» իրենց քստմնելի մարդակերպութիւնը՝ յաչս աշխարհի: Թուրքիայի ու իր համհարզների հովանաւորութիւնը վայելած վայրենաբարոյ տեռորիստների հակաքրիտսոնէական «ջիհադ»-ին էլ ականատես դարձաւ ողջ աշխարհն ու առաջին գծի վրայ յայտնւած՝ ողջ Հայաշխարհը՝ ի տես Քեսաբի ու քեսաբահայութեան անասելի արհաւիրքների, որոնք նոր կերպարանք ստացած՝ Հալէպին ու հալէպահայութեանը ամենօրեայ ծանրագոյն գին վճարելու հարկադրանքի առջեւ են կանգնեցրել, չխնայելով ո՛չ մարդկային կեանքեր, ո՛չ եկեղեցի, ո՛չ դպրոց եւ ու մանկապարտէզ…:

Ահաւասիկ, պրն. Ռոհանիի Թուրքիա այցը կատարւում է ներկայ փուլի իրողութիւններին զուգընթաց: Իսկ մեր, որպէս Իրանի քաղաքացիներ ու լուրջ մանաւանդ իրանահայեր, բնականաբար, այդ այցից ակնկալութիւնն ու սպասելիքը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ իրանական ազգային-պետական համընդհանուր շահերի շրջագծում՝ Անկարայի տեռորիստամէտ կեցւածքի նսեմացմանը միտող դիւանագիտական-քաղաքական հնարքների կիրառումը, ինչպէսեւ՝ Թուրքիայի հովանաւորութեամբ մարդկային, ազգային, կրօնական ու ցեղային հողի վրայ կաատրւող ոճրագործութիւնների դադապարտումն ու դադարեցումը: Սա է, ի վերջոյ, իրանահայի նւազագոյն պահանջ-սպասելիքը Թուրքիա այցելող իր նախագահից, որը դեռեւս ՄԱԿ-ի ամբիոնից «Աշխարհը՝ առանց  բռնարարքների» կարգախօսքը կենսագործելու էր մղում գործընկերներին:

«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Գողություն կատարողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

ոստիկանությունՄայիսի 31-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Սարգսի կողմից Լևոն Մ.-ի բջջային հեռախոսի հիշողության կրիչը գողանալու մասին:
Ոստիկանները պարզել է, որ ոմն Սարգիսը 2001 թ. ծնված Սարգիս Խ.-ն է, որը հունիսի 6-ին, ժամը 18.45-ին, ներկայացվել է բաժին:

Սան Պաուլույի մետրոյի աշխատակիցները Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին գործադուլ են արել

o_885353Բրազիլական Սան-Պաուլույում, որտեղ հունիսի 12-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումն է լինելու, մետրոյի աշխատակիցների գործադուլը շարունակվում է: Տրանսպորտի այդ տեսակը հիմնականն է 20-միլիոնանոց քաղաքի համար, ու այդ ակցիան մեգապոլիսը գործնականում կաթվածահար է արել:

Արհմիությունները պահանջում են աշխատավարձը բարձրացնել 16,5%, հրաժարվելով իշխանութունների առաջարկած 7,8%-ից: Վիճելի հարցով դատական տրիբունալը վճիռ կայացրեց, որ գործադուլը շարունակելն անօրինական է,սակայն ակտիվիստները հայտարարեցին այն շարունակելու մտադրութան մասին:

Քաղաքային մետրոն աշխատում էր ընդհատումներով անցած շաբաթից: Որոշ կայարաններում նույնիսկ ողևորների ու մետրոյի աշխատակիցների միջև բախումներ են եղել: Կայարաներից մեկում ոստիկանները ակտիվիստներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել, որոնք փակել են մետրոյի մուտքը:

2014-ի Աշխարհի առաջնության բացման օրը, իշխանությունների գնահատմամբ, մետրոյից կօգտվի 50 հազար մարզասեր, հայտնում է РИА Новости-ն:

Հետախուզվողին Հայաստան են տեղափոխել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

ձերբակալությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբն օրերս Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հրաչիկ Ա.-ն փոխանցվել է Արաբկիրի բաժնի ծառայողներին:

Վարչապետն ընդունել է գործարար Մանվել Տեր-Առաքելյանին

11364_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին:
Գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները:
Հանդիպումը կայացել է Մանվել Տեր-Առաքելյանի խնդրանքով:

Կանայք հետախուզվում էին խուլիգանության և սուտ մատնության մեղադրանքներով

ձերբակալելԿանայք հետախուզվում էին խուլիգանության և սուտ մատնության մեղադրանքներով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Չեխովի փողոցի 15 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ին, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով:                                                    

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն օրերս Երևանի Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արմինե Խ.-ին, որը հունիսի 5-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է:

 

Խոշոր չափերով գողություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին կալանավորեցին

ձերբակալվածՈստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն օրերս Արարատ գյուղից բերման է ենթարկել 1977 թ. ծնված Գրաֆ Ե.-ին, որը հունիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1 կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Գրաֆ Ե.-ն կալանավորված է:

Վարչապետի մոտ քննարկվել են ՀՀ ՎՊ-ի կողմից մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները

11363_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները: Քննարկվել են արձանագրված խախտումները և թերությունները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:
Արդյունքների ամփոփումից ելնելով՝ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ համապատասխան մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ կարճ ժամկետում բացթողումները շտկելու, ինչպես նաև ներկայացնել համակարգային առաջարկություններ խախտումները հետագայում բացառելու համար, խախտումների և թերությունների համար պատասխանատու անձանց ենթարկել պատասխանատվության՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում, իսկ քրեական տարրեր պարունակող դեպքերի համար գործերը փոխանցել իրավապահ մարմիններին:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ խնդիրներին.

Առողջապահության ոլորտ.

1. Քննարկվել է առողջապահական դիսպանսերներում հիվանդների բուժման և հետազոտության ժամկետների անհարկի ավելացման (հաշվետվություններում մարդ/օրերի թվի իրականից ավել ներկայացման) հետևանքով բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման (լրացուցիչ չհիմնավորված ծախսերի) հետ կապված հարցը:
ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ մշակվում են և ներդրվելու են ֆինանսավորման նոր մեխանիզմներ, որոնց կիրառմամբ կբացառվեն ոչ հավաստի տվյալների հիման վրա վճարումների իրականացումը, ինչպես նաև ՀՀ ՎՊ-ի կողմից նախանշված մյուս ռիսկերը:
2. Դեղերի ձեռքբերման հետ կապված նշվել է, որ ուսումնասիրությունների արդյունքներով եղել են դեպքեր, երբ նախարարության կողմից բանակցային ընթացակարգով անմիջապես արտադրողից ուղղակի գնում իրականացնելու շնորհիվ խնայվել են ՀՀ պետական բյուջեի զգալի միջոցներ (օրինակ ինսուլինի ձեռքբերման դեպքում):
Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն գնման մեխանիզմների փոփոխման վերաբերյալ, որի արդյունքում կնվազեն ծախսերը՝ առանց դեղերի որակական հատկանիշների վրա ազդեցության:

Սոցիալական ոլորտ.

Քննարկվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման հետ կապված հարցերը՝ ներկայացնելով չարաշահումների կոնկրետ օրինակներ:
Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը մշակել համապատասխան օրենդրական փոփոխությունների փաթեթ, որը կբացառի այս ոլորտում առկա չարաշահումները, կապահովի սոցիալական արդարությունը:
Միաժամանակ հանձնարարվել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ՀՀ առողջապահության նախարարին՝ սահմանել խիստ վերահսկողություն անաշխատունակության թերթիկների տրամադրման գործընթացի նկատմամբ:

Քաղաքաշինության ոլորտ.

Քննարկվել են քաղաքաշինական գործող նորմերի և վերադիր ծախսերի հետ կապված խնդիրները:
Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ պատշաճ ուշադրություն դարձնել նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդիականացմանը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ ՀՀ ՎՊ-ի վերհանած խնդիրների լուծման ուղղությամբ:

Գյուղատնտեսության ոլորտ.

Քննարկվել է «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի շրջանակներում ենթավարկերը գյուղացիներին և ընկերություններին տրամադրելու գործող մեխանիզմի հարցը:
Համարվել է անընդունելի գործող վարկավորման մեխանիզմը, որի արդյունքում գյուղացիական տնտեսությունների վարկավորումը իրականացվել է բարձր տոկոսադրույքով (ընդհուպ մինչև 24%):
Հանձնարարվել է բանակցել միջազգային կազմակերպությունների հետ, վերանայել վարկերի տրամադրման մեխանիզմները՝ գյուղացիական տնտեսություններին ապահովելով ավելի էժան ռեսուրսներով:

Պատերազմի վավերագրողը

գիրքԶինվո՞ր էր, թե՞ լրագրող: Ռազմաճակատում Վարդան Դևրիկյանը հաճախ էր ջնջում մարտիկի և վավերագրողի սահմանագիծը: Մարտնչող զինվորի արձակած փամփուշտը գուցե այնքան դիպուկ չլինի, որքան պատերազմական գործողությունները լուսաբանող լրագրողի գրչի հարվածը, որը կարող է բեկել քարոզչական պատերազմը:
Մատենադարանի ավագ գիտաշխատող, 2-րդ աստիճանի Մարտական խաչի ասպետ Վարդան Դևրիկյանը Արցախյան ազատամարտի տարիներին հաճախ է գրիչը զենքով փոխարինել, գտնվել հակամարտության ամենաթեժ կետերում` զենքով պաշտպանելով, գրչով վավերագրելով արցախյան գոյամարտը:
– Իմ կյանքի ճանապարհն անցել է բազմահազարների նման, սկզբում Ազատության հրապարակ, ցույցեր, հետո այն գիտակցությունը, որ առաջնայինը Արցախի ինքնապաշտպանության, Հայաստանի սահմանների պաշտպանության հարցն է: 23 տարի առաջ պատերազմի դաշտից օպերատիվ լրատվություն հաղորդելը չափազանց բարդ էր, սակայն պայքարի դաշտ մեկնած լրագրողները փորձում էին առաջին գծից ստացված տեղեկությունները ժամանակին տեղ հասցնել: Իմ հոդվածները լույս են տեսել «Երկիր»-ում և «Հայ զինվոր»-ում: Արցախում հեղաշրջող դեր խաղաց ֆաքսը, մինչ այդ լրատվության օպերատիվությունը, լուրը հրատապ հասցնելը կապված էր նրանից, թե երբ ուղղաթիռ կիջներ, ինչ եղանակը կլիներ, գնդակոծություն կլիներ, թե ոչ: Ինձ միշտ ընդառաջել են, առաջին իսկ ուղղաթիռով կարողացել եմ թռչել գալ: Նախ գնացել եմ «Երկիրի» խմբագրություն: Ուղղաթիռները Երևանում չէին իջնում, եթե, իհարկե, ծանր վիրավոր չէին տեղափոխում: Հիմնականում վայրէջքը Կամոյում,Վարդենիսում էր, որպեսզի խնայեին վառելիքը, որովհետև դաժան շրջափակում էր: Հետո պետք է Կամոյից կամ Վարդենիսից Երևան հասնեի: Էլեկտրագնացքներ կային, բայց հոսանք չլինելու պատճառով ճանապարհի կեսին ստիպված էինք մի քանի ժամ սպասել, որպեսզի հոսանքը վերականգնվեր: Ժամանակ շահելու համար հոդվածներիս մեծ մասն այնտեղ եմ գրել` քարին նստած, օդում, գնացքների մեջ, որպեսզի ինֆորմացիան ժամանակավրեպ չլիներ: Մի կերպ մայրաքաղաք էի հասնում գիշերը ժամը 1-ին, 2-ին, խմբագրությունը Հանրապետության հրապարակում էր, թերթի խմբագիրը` Աղվան Վարդանյանը: Մի կերպ հասցնում, ուղարկում էր տպագրության:
Վարդան Դևրիկյանն ընդգծում է, որ աշխատում էր գրել ոչ թե դասական լրատվական, այլ ավելի նկարագրական և վերլուծական բնույթի հոդվածներ:

վարդան դևրիկյան– Որովհետև ինձ ավելի հետաքրքրում էին ազգագրական հարցեր, անգամ պատերազմական շրջանի հոգեբանությունը, տիպական ընդհանրություններ, գրում էի, որ մարդիկ իմանան ժողովրդի տառապանքը, հերոսականության խնդիրները, որոնք կային: Փորձել եմ ավելի վերլուծական գրել: Ժամանակը ցույց տվեց, որ ավելի մեծ արժեք ունեն այն հոդվածները, որոնք նկարագրական բնույթի են, որոնք մնացին որպես սկզբնաղբյուրներ: Ինչպես տեսախցիկը կադրով է ֆիքսում, այնպես էլ գրածը, նկարագրությունները բառով ֆիքսեցին գոյապայքարի ժամանակը:
Արցախյան հերոսամարտի հոդվածները հեղինակն ամփոփեց մեկ գրքում: Վարդան Դևրիկյանի «Չսկսված և չավարտված պատերամը» գիրքը լույս տեսավ վերջերս:
– Շուշիի մասին եմ գրել: Պատերազմին մասնակցության իմ տարիները կապված են եղել Շահումյանի ու Մարտակերտի` Արցախի Հյուսիսային ուղղության հետ: Ստեփանակերտ միշտ հասել եմ Գյուլիստանով կամ Կարաչինարով, անտառներով, դեպի Թալիշ այդ անտառներով կրակային գծով եմ եկել, ուր առարկայորեն զգում ես, թե ինչ էր մեզ համար Շուշիի ազատագրումը, երբ երեխան կարողանում էր մտովի հաշվել հրետանային արկի, մեծ տրամաչափի գնդացրի հետագիծը:
Վարդան Դևրիկյանը չի մոռանում` զորքը, որի մեջ նաև ինքն էր, դուրս եկավ Թարթառի կիրճով, ազատագրեց Հյուսիսային Արցախի Մարտակերտի հատվածը:
– Մարտակերտի գրավման գործողությունը, թե ինչպես մտանք, էդ ամբողջ սպասումը (այն ժամանակ «Լրաբերն» էր) ես հաղորդեցի: Մարտակերտի գրավման գիշերը ուրախությունից , սպասումից հետո հոդվածը գրել եմ, գրածս ռացիայով հաղորդել Ստեփանակերտ` Դաշնակցության տեղեկատվական կենտրոն: Նրանք դիկտաֆոնով ռացիայից ձայնագրել են, անթերի սղագրել և ֆաքսով ուղարկել Երևան: Հիշում եմ` այդ ընթացքում երկու անգամ ռացիայի մարտկոցները վերալիցքավորեցինք:
Վարդան Դևրիկյանն իր հոդվածներում նկարագրել է ընդհանուր իրավիճակը, ժողովրդի շարժը, մտայնությունը, կյանքի տարբեր ճյուղերը, շրջափակումը, պարտադրված հոգեբանությունը: Ըստ նրա` եթե ոգին չլիներ, հնարավոր չէր Ացախն ազատագրել գազանի ճիրաններից:
– Հիշում եմ` Քելբաջարի ազատագրումից հետո, երբ հակառակորդից վերցրած տանկերն իջեցրին ներքև Հաթերքի ուղղությամբ, սփյուռքահայերի պատվիրակություն կար: Խորհրդային տանկերի վրա աստղն էր, հետո ադրբեջանցիները որ վերցրել էին, իրենց դրոշն էին նկարել և կիսալուսինը՝ որպես անապատում ոռնացող գորշ գայլերի սիմվոլ: Երբ հայկական ինքնապաշտպանական ուժերը վերցրին, ադրբեջանական դրոշը ջնջեցին և մեր եռագույնը պատկերեցին: Անգամ 23 տարի առաջ մեր բանակը հզոր էր: Երբ մեր զինվորները տանկերը իջեցրին, ամերիկահայ մի կին կար, ասաց. «Մեծ մամա, դու ճիշտ չէիր»: Ես հարցրի՝ ի՞նչ կապ ունի մեծ մաման: Ասաց. «Երբ փոքր էի, հարցրի՝ ինչո՞ւ թողեցիք երկիրը, ասում էր՝ թուրքը ուժեղ է, չէինք կարող կռվել, ստիպված պետք է գաղթեինք, փրկվեինք: Երբ նայեցի մեր զինվորներին` հզոր տեխնիկայով, սարերին, լանջերին, ես հասկացա, որ մեծ մամաս ճիշտ չէր»: Կամքը հաղթանակի, դա է ավելի շատ տպավորվել:
Վարդան Դևրիկյանի խոսքով` հերոսական դրվագներով լի մեր պատմությունը եղել է շագրենու կաշվի նման փոքրանալը, և Արցախյան հերոսամարտի ամենամեծ յուրահատկությունն այն էր, որ ճիշտ է՝ կորուստներ ունեցանք, բայց շահեցինք կարևորը` երկիրն ամբողջությամբ չտրվեց, ժողովուրդը կռվեց մինչև վերջ, արեց անհնարինը: Դա էր մեծագույն արժեքը:
– Ինքնապաշտպանության գաղափարը, ամենամեծ հոգեբանական բեկումը, որ եղավ Ղարաբաղում, վերջին տան հոգեբանության փոփոխությունն էր: Եթե նայենք հայերի ու ադրբեջանցիների տիպաբանական տարբերությունները, նրանք ապրում են առաջին տան հոգեբանությամբ, մենք՝ վերջին տան: Դա նշանակում է, որ քոչվոր ցեղերի հայացքը դիմացինի վերջին տան վրա է, առաջ կգնա ու տեր կկանգնի: Իսկ մենք՝ հայերս, մտածել ենք, որ մեր տունը վերջինն է, որ գան, առաջինն այս տանն են խփելու: Արցախյան ազատամարտի ընթացքում «վերջին տունը» դարձավ պաշտպանական գիծ ու ամուր սահման:

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ավտովթար Պտղավան գյուղում

ԱվտովթարՀունիսի 8-ին, ժամը 19.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-16 միջպետական ավտոճանապարհի Նոյեմբերյան-Պտղավան 25-րդ կմ-ի հատվածում «Լեքսուս» մակնիշի 96SD096 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Հ. ծնվ.1963թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, մոտ 8 մ սահել մոտակա ձորակը և մասնակի ընկել է ջրանցքը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ.Հ.-ին տեղի ուժերով դուրս են բերել ձորակից և տեղափոխել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, իսկ հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենայի ուղևոր Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ա. Ն.-ին (1968թ.), ով հոսպիտալացվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բնակարանի պատուհանից քաղաքացի է ընկել

Բնակարանի պատուհանից քաղաքացի է ընկելՀունիսի 8-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժի «Մայակ»թաղամասի թիվ 27 շենքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ. Պ.-ը (ծնվ. 1989թ.) ընկել է թիվ 27 շենքի բնակարաններից մեկի պատուհանից, ինչից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: