Պատերազմի վավերագրողը

գիրքԶինվո՞ր էր, թե՞ լրագրող: Ռազմաճակատում Վարդան Դևրիկյանը հաճախ էր ջնջում մարտիկի և վավերագրողի սահմանագիծը: Մարտնչող զինվորի արձակած փամփուշտը գուցե այնքան դիպուկ չլինի, որքան պատերազմական գործողությունները լուսաբանող լրագրողի գրչի հարվածը, որը կարող է բեկել քարոզչական պատերազմը:
Մատենադարանի ավագ գիտաշխատող, 2-րդ աստիճանի Մարտական խաչի ասպետ Վարդան Դևրիկյանը Արցախյան ազատամարտի տարիներին հաճախ է գրիչը զենքով փոխարինել, գտնվել հակամարտության ամենաթեժ կետերում` զենքով պաշտպանելով, գրչով վավերագրելով արցախյան գոյամարտը:
- Իմ կյանքի ճանապարհն անցել է բազմահազարների նման, սկզբում Ազատության հրապարակ, ցույցեր, հետո այն գիտակցությունը, որ առաջնայինը Արցախի ինքնապաշտպանության, Հայաստանի սահմանների պաշտպանության հարցն է: 23 տարի առաջ պատերազմի դաշտից օպերատիվ լրատվություն հաղորդելը չափազանց բարդ էր, սակայն պայքարի դաշտ մեկնած լրագրողները փորձում էին առաջին գծից ստացված տեղեկությունները ժամանակին տեղ հասցնել: Իմ հոդվածները լույս են տեսել «Երկիր»-ում և «Հայ զինվոր»-ում: Արցախում հեղաշրջող դեր խաղաց ֆաքսը, մինչ այդ լրատվության օպերատիվությունը, լուրը հրատապ հասցնելը կապված էր նրանից, թե երբ ուղղաթիռ կիջներ, ինչ եղանակը կլիներ, գնդակոծություն կլիներ, թե ոչ: Ինձ միշտ ընդառաջել են, առաջին իսկ ուղղաթիռով կարողացել եմ թռչել գալ: Նախ գնացել եմ «Երկիրի» խմբագրություն: Ուղղաթիռները Երևանում չէին իջնում, եթե, իհարկե, ծանր վիրավոր չէին տեղափոխում: Հիմնականում վայրէջքը Կամոյում,Վարդենիսում էր, որպեսզի խնայեին վառելիքը, որովհետև դաժան շրջափակում էր: Հետո պետք է Կամոյից կամ Վարդենիսից Երևան հասնեի: Էլեկտրագնացքներ կային, բայց հոսանք չլինելու պատճառով ճանապարհի կեսին ստիպված էինք մի քանի ժամ սպասել, որպեսզի հոսանքը վերականգնվեր: Ժամանակ շահելու համար հոդվածներիս մեծ մասն այնտեղ եմ գրել` քարին նստած, օդում, գնացքների մեջ, որպեսզի ինֆորմացիան ժամանակավրեպ չլիներ: Մի կերպ մայրաքաղաք էի հասնում գիշերը ժամը 1-ին, 2-ին, խմբագրությունը Հանրապետության հրապարակում էր, թերթի խմբագիրը` Աղվան Վարդանյանը: Մի կերպ հասցնում, ուղարկում էր տպագրության:
Վարդան Դևրիկյանն ընդգծում է, որ աշխատում էր գրել ոչ թե դասական լրատվական, այլ ավելի նկարագրական և վերլուծական բնույթի հոդվածներ:

վարդան դևրիկյան- Որովհետև ինձ ավելի հետաքրքրում էին ազգագրական հարցեր, անգամ պատերազմական շրջանի հոգեբանությունը, տիպական ընդհանրություններ, գրում էի, որ մարդիկ իմանան ժողովրդի տառապանքը, հերոսականության խնդիրները, որոնք կային: Փորձել եմ ավելի վերլուծական գրել: Ժամանակը ցույց տվեց, որ ավելի մեծ արժեք ունեն այն հոդվածները, որոնք նկարագրական բնույթի են, որոնք մնացին որպես սկզբնաղբյուրներ: Ինչպես տեսախցիկը կադրով է ֆիքսում, այնպես էլ գրածը, նկարագրությունները բառով ֆիքսեցին գոյապայքարի ժամանակը:
Արցախյան հերոսամարտի հոդվածները հեղինակն ամփոփեց մեկ գրքում: Վարդան Դևրիկյանի «Չսկսված և չավարտված պատերամը» գիրքը լույս տեսավ վերջերս:
- Շուշիի մասին եմ գրել: Պատերազմին մասնակցության իմ տարիները կապված են եղել Շահումյանի ու Մարտակերտի` Արցախի Հյուսիսային ուղղության հետ: Ստեփանակերտ միշտ հասել եմ Գյուլիստանով կամ Կարաչինարով, անտառներով, դեպի Թալիշ այդ անտառներով կրակային գծով եմ եկել, ուր առարկայորեն զգում ես, թե ինչ էր մեզ համար Շուշիի ազատագրումը, երբ երեխան կարողանում էր մտովի հաշվել հրետանային արկի, մեծ տրամաչափի գնդացրի հետագիծը:
Վարդան Դևրիկյանը չի մոռանում` զորքը, որի մեջ նաև ինքն էր, դուրս եկավ Թարթառի կիրճով, ազատագրեց Հյուսիսային Արցախի Մարտակերտի հատվածը:
- Մարտակերտի գրավման գործողությունը, թե ինչպես մտանք, էդ ամբողջ սպասումը (այն ժամանակ «Լրաբերն» էր) ես հաղորդեցի: Մարտակերտի գրավման գիշերը ուրախությունից , սպասումից հետո հոդվածը գրել եմ, գրածս ռացիայով հաղորդել Ստեփանակերտ` Դաշնակցության տեղեկատվական կենտրոն: Նրանք դիկտաֆոնով ռացիայից ձայնագրել են, անթերի սղագրել և ֆաքսով ուղարկել Երևան: Հիշում եմ` այդ ընթացքում երկու անգամ ռացիայի մարտկոցները վերալիցքավորեցինք:
Վարդան Դևրիկյանն իր հոդվածներում նկարագրել է ընդհանուր իրավիճակը, ժողովրդի շարժը, մտայնությունը, կյանքի տարբեր ճյուղերը, շրջափակումը, պարտադրված հոգեբանությունը: Ըստ նրա` եթե ոգին չլիներ, հնարավոր չէր Ացախն ազատագրել գազանի ճիրաններից:
- Հիշում եմ` Քելբաջարի ազատագրումից հետո, երբ հակառակորդից վերցրած տանկերն իջեցրին ներքև Հաթերքի ուղղությամբ, սփյուռքահայերի պատվիրակություն կար: Խորհրդային տանկերի վրա աստղն էր, հետո ադրբեջանցիները որ վերցրել էին, իրենց դրոշն էին նկարել և կիսալուսինը՝ որպես անապատում ոռնացող գորշ գայլերի սիմվոլ: Երբ հայկական ինքնապաշտպանական ուժերը վերցրին, ադրբեջանական դրոշը ջնջեցին և մեր եռագույնը պատկերեցին: Անգամ 23 տարի առաջ մեր բանակը հզոր էր: Երբ մեր զինվորները տանկերը իջեցրին, ամերիկահայ մի կին կար, ասաց. «Մեծ մամա, դու ճիշտ չէիր»: Ես հարցրի՝ ի՞նչ կապ ունի մեծ մաման: Ասաց. «Երբ փոքր էի, հարցրի՝ ինչո՞ւ թողեցիք երկիրը, ասում էր՝ թուրքը ուժեղ է, չէինք կարող կռվել, ստիպված պետք է գաղթեինք, փրկվեինք: Երբ նայեցի մեր զինվորներին` հզոր տեխնիկայով, սարերին, լանջերին, ես հասկացա, որ մեծ մամաս ճիշտ չէր»: Կամքը հաղթանակի, դա է ավելի շատ տպավորվել:
Վարդան Դևրիկյանի խոսքով` հերոսական դրվագներով լի մեր պատմությունը եղել է շագրենու կաշվի նման փոքրանալը, և Արցախյան հերոսամարտի ամենամեծ յուրահատկությունն այն էր, որ ճիշտ է՝ կորուստներ ունեցանք, բայց շահեցինք կարևորը` երկիրն ամբողջությամբ չտրվեց, ժողովուրդը կռվեց մինչև վերջ, արեց անհնարինը: Դա էր մեծագույն արժեքը:
- Ինքնապաշտպանության գաղափարը, ամենամեծ հոգեբանական բեկումը, որ եղավ Ղարաբաղում, վերջին տան հոգեբանության փոփոխությունն էր: Եթե նայենք հայերի ու ադրբեջանցիների տիպաբանական տարբերությունները, նրանք ապրում են առաջին տան հոգեբանությամբ, մենք՝ վերջին տան: Դա նշանակում է, որ քոչվոր ցեղերի հայացքը դիմացինի վերջին տան վրա է, առաջ կգնա ու տեր կկանգնի: Իսկ մենք՝ հայերս, մտածել ենք, որ մեր տունը վերջինն է, որ գան, առաջինն այս տանն են խփելու: Արցախյան ազատամարտի ընթացքում «վերջին տունը» դարձավ պաշտպանական գիծ ու ամուր սահման:

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Tags: ,