Մայիսի 21-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղի բնակիչ Խ. Ս.-ն ս.թ մայիսի 17-ին (ընտանիքի անդամների հետ) գտնվում է Ջերմուկ քաղաքից մոտ 17կմ հեռավորությամբ գտնվող սարերի արոտավայրում և նախնական տվյալներով տեղացած ձյան պատճառով արգելափակվել է այնտեղ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ ԱԻՆ հակակարկտային 6 կայաններ Լոռու մարզի որոշ գյուղերում իրականացրել են 907 կրակոց
Դպրոցների վարկանիշավորման հարցում կարևորվելու է նաև աշակերտական խորհուրդների աշխատանքը
Աշակերտական ինքնավարության մարմինների երկրորդ համադպրոցական համաժողովը մայիսի 21-ին համախմբել էր ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր խոսքում առանձնացրեց աշակերտական խորհուրդների դերն ակտիվ քաղաքացի ձևավորելու գործում։ Նա ընդգծեց, որ դպրոցների վարկանիշավորման հարցում այսուհետև մեծ տեղ է տրվելու նաև աշակերտական խորհուրդներին. «Սա նշանակում է, որ պետության կողմից ավելի է կարևորվում աշակերտական խորհուրդների դերը, ինչն էլ ավելի պատասխանատու պետք է դարձնի աշակերտական ինքնակառավարման մարմինների աշխատանքը»։ Նա խորհուրդ տվեց դպրոցականներին աշխատանքներ տանել մասսայական միջոցառումների իրականացման, աշակերտական կառույցների ակտիվության բարձրացման ուղղությամբ, ինչը դպրոցների միջև կապահովի մրցակցություն։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նկատեց, որ նման հավաքների ընթացքում բավականին հետաքրքիր գաղափարներ են առաջարկվում աշակերտների կողմից։ «Աշակերտները ցանկանում են, ուսումնական պրոցեսից բացի, ունենալ նաև այլ զբաղվածություն։ Առաջին համաժողովից հետո հենց աշակերտների առաջարկով կազմակերպվեցին մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, ինչը հետագայում կօգնի նրանց ընտրել այն մասնագիտությունը, որն ավելի հոգեհարազատ է, և որի շրջանակներում կկարողանան ավելի լավ ինքնադրսևորվել»,- նշեց Արուսյակ Պողոսյանը։
Թիվ 198 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Սարաջյանը նշում է, որ իրենց դպրոցում ուսուցիչներն ու տնօրինությունը կարևորում են աշակերտական խորհրդի դերը, և իրենց ցանկացած առաջարկ արժանանում է քննարկման։ Լիլիթը ներկայացրեց իրենց դպրոցի աշակերտական ինքնակառավարման մարմնի 2013-2014 ուսումնական տարվա գործունեությունը։ Նա մատնանշեց որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են իրենց կառույցի աշխատանքներին, մասնավորապես, խոսեց աշակերտների ծանրաբեռնվածության մասին, ինչը հաճախ խանգարում է երեխաներին լինել ավելի ակտիվ։
Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Ալեն Մարգարյանն էլ նշում է, որ իրենց կառույցը դպրոցի սաների համար մշտապես կազմակերպում է տարբեր թեմաներով դասընթացներ։ Ալենն իր զեկույցում առաջարկեց, որպեսզի ավագ դպրոցներն ավելի սերտացնեն համագործակցությունը միմյանց հետ, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու աշակերտական ինքնավարության մարմինների զարգացմանն ու կատարելագործմանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Սոմայում զոհված հանքափորների գերեզմաններին թուրքական դրոշներ են կանգնեցվել
Անցած շաբաթ Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում շահագործվող ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հանքափորներին հուղարկավորել են Սոմայի քաղաքային գերեզմանատանը: Մահացած հանքափորների գերեզմանաթմբերին թուրքական դրողներ են կանգնեցվել: Թաղման արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի նախկին նախագահ Բյուլենթ Էջևիթի այրին՝ Ռահշան Էջևիթը: Վերջինս ծաղիկներ է դրել զոհված հանքափորների գերեզմաններին: Սգավոր հարազատները նրան շնորհակալություն են հայտնել ցուցաբերած ուշադրության համար:
Անկախ
Ամռանը մայրաքաղաքը հագեցած կլինի միջոցառումներով
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի դպրոցների շրջանավարտների համար անցկացվող «Վերջին զանգ» միջոցառման, ինչպես նաև «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրերը։
«Երևանի քաղաքապետարանը մայիսի 23-ին, ժամը 19։00-ից հրավիրում է շրջանավարտներին «Վերջին զանգը» տոնելու Ազատության հրապարակում, որտեղ նախատեսված է բովանդակային ծրագիր, լավագույն կատարողների, նաև՝ նվագախմբերի մասնակցություն»,- նշել է Արամ Սուքիասյանը և հավելել, որ միջոցառմանը տեղի կունենա նաև շրջանավարտների օրհնության կարգ։
Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 հիմնական դպրոցների 9-րդ դասարանների շրջանավարտները 6868-ն են, ևս 441 շրջանավարտ ավարտում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 միջնակարգ դպրոցների, 2 կրթահամալիրներ և 2 հատուկ դպրոցների 12-րդ դասարանները։ 2013-14 ուստարում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում՝ 1-9-րդ դասարաններում, սովորել է շուրջ 79000 աշակերտ։
Երևանի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագիրը։
««Երևանյան ամառն» այս տարի եռամսյա ծրագիր է՝ հունիսի 1-ից օգոստոսի 31-ը։ Նախորդ տարի «Երևանյան ամառն» օգոստոսի 1-ից 31-ն անցկացվեց. շատ լավ արձագանք եղավ։ Օգոստոսը Երևանում արձակուրդային ու առավելապես պասիվ ամիս է, և այն քաղաքացիների համար, ովքեր այդ տապին մնում են Երևանում, գտանք, որ պետք է մշակել ժամանցի, առօրյան բովանդակալից դարձնելու ծրագրեր։ Փորձը ցույց տվեց, որ ծրագիրն արդարացված է և տեղին։ Այս տարի «Երևանյան ամառն» սկսում ենք հունիսի 1-ից՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, և ավարտում օգոստոսի 31-ին՝ «Դեպի դպրոց, բուհ և գործ» խորագրով միջոցառմամբ։ Ծրագիրը ներառում է շուրջ 3 տասնյակ մեծ միջոցառումներ»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալը։
«Երևանյան ամառ» ծրագրի երեք ամիսների ընթացքում Մանկական զբոսայգում շաբաթ և կիրակի օրերին ժամը 12։00-14։00-ն բացօթյա բազմաժանր համերգային, կրկեսային ծրագիր է նախատեսված։ Ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 11։00-17։00-ն մուտքը անվճար է լինելու Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի և Իսաբեկյան ցուցասրահներում։
Հունիս-օգոստոս ամիսներին Կարապի լճում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։30-ից 22։30-ը բացօթյա էկրանին հայկական ֆիլմերի ու համերգների ցուցադրում է լինելու։ Շառլ Ազնավուրի հրապարակում շաբաթ օրերին երեկոյան «Երևան» փողային նվագախումբն է ելույթ ունենալու։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այս տարի «Երևանյան ամառ» ծրագրում բազմաթիվ են նաև մարզական միջոցառումները, ինչպես օրինակ՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնն է՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, շախմատ, շաշկի, հեծանվավազք մարզաձևերից։ Մարզական փառատոնն անցկացվելու է երկու՝ վարչական շրջանների ու քաղաքային փուլերով։
«Երևանյան ամառ» ծրագրի առավել մանրամասն բովանդակությանը քաղաքացիները կարող են ծանոթանալ մայիսի 25-ից թերթի կրպակներում տրամադրվող գրքույկներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կայքերից։
«Երևանյան ամառը» ներառում է նաև օգոստոսի 1-ից 15-ն անցկացվող առողջապահական ակցիա: Այդ ընթացքում երևանցիները կարող են անվճար բուժհետազոտություն անցնել սիրտ-անոթային, վահանաձև գեղձի հիվանդությունների գծով, ինչպես նաև ենթարկվել թանկարժեք՝ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտությունների։
Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու Ազատության հրապարակում, Մանկական զբոսայգում, Կենդանաբանական այգում, ուր մուտքը երեխաների համար անվճար է լինելու։ Սահմանված ժամերին անվճար են լինելու նաև Մանկական այգու բոլոր և Հաղթանակի զբոսայգու 25 ատրակցիոնները։ Այդ այգիներում նաև տոնական-ժամանցային ծրագրերով համերգներ են լինելու երեկոյան: Հաղթանակի զբոսայգում 22։00-ին մեծ հրավառություն է սպասվում։ Կարապի լճի բացօթյա էկրանին 20։00-22։00-ը հայկական մուլտֆիլմեր են ցուցադրվելու։
Հունիսի 1-ից մեկնարելու է նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու տարեշրջանը։ Ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից, Ֆրանսիայի հրապարակից սկիզբ կառնի բազմալեզու երթուղին՝ երկհարկանի ավտոբուսներով, բովանդակությամբ թարմացված գիդ-ծրագրով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ֆրանսիացի ոստիկանը մեղադրվում է համացանցում հակաիսլամական հրապարակումներ անելու մեջ
Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել ոստիկանության աշխատակցի նկատմամբ, որը համացանցում հակաիսլամական հրապարակումներ է արել՝ ուղղված հիջաբ կրող կանանց դեմ: Ոստիկանը նախկինում ևս հայտնվել էր մահմեդական կնոջ հետ կապված մի սկանդալի կենտրոնում: 2013 թվականին հուլիսին փարիզյան Տրապ արվարձանում ոստիկանը կանգնեցրել էր ողջ դեմքը հիջաբով ծածկած կնոջը, ինչը հակասում է ֆրանսիական օրենքներին: Ապա կնոջ ամուսնու և ոստիկանի միջև վեճ էր ծագել, որի արդյունքում ամուսնուն կալանավորել էին: Այնուհետև մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց էին անցկացրել ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ պնդելով, որ ոստիկանը վիրավորել է ամուսնական զույգին: Ինչ վերաբերում է 20-ամյա կնոջը՝ Կասանդրա Բելինին, ապա նա պարտավորվեց վճարել 650 եվրո տուգանք հասարակական վայրերում հիջաբ կրելու արգելքը շրջանցելու համար:
Լոնդոնը ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ քաղաք
Առաջին անգամ Լոնդոնը ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ քաղաք՝ առաջ անցնելով Նյու Յորքից:
Փարիզը Բրիտանիայի մայրաքաղաքից հինգ հորիզոնական ներքև է գտնվում՝ 30 գլոբալ քաղաքների շարքում զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը:
Լոնդոնն այսպիսով բարձրացել է երկու հորիզոնական՝ Նյու Յորքին դուրս թողնելով առաջին հորիզոնականից:
Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի երկրորդ ամենագրավիչ քաղաք, իսկ Սինգապուրը երրորդ հորիզոնականում է, որին հաջորդում են Տորոնտոն և Սան Ֆրանցիսկոն:
Փարիզը առաջին տեղում է ինտելեկտի և ինովացիայի տեսանկյունից:
Քաղաքները գնահատվել են՝ հաշվի առնելով այդտեղ ապրելու ծախսերը, ժողովրդագրական տվյալները, բիզնես սկսելու դյուրինությունը, առողջության և անվտանգության վիճակը, տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև տրանսպորտը:
«Ստեղ բազառ չի, արա՛». Փաշինյանը՝ Շմայսին
Նոր կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անխնա քննադատության ենթարկեց կառավարությանը՝ մասնավորապես դրա ղեկավար Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին և աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:
«2011 թվականի նոյեմբերի ինին Սերժ Սարգսյանն ազդարարեց Հայաստանում նոր դարաշրջանի մեկնարկը՝ նշելով, որ մենք կանգնած ենք նոր սկզբի առջև, և որ գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակրգից»,-այսպես սկսեց իր ելույթը պատգամավորը:
Այս հայտարարությունից երկու տարուց մի քիչ ավելին է անցել, սակայն, ըստ Փաշինյանի, այսօր ձևավորվել է մի կառավարություն, որի անդամներից առնվազն հինգը կարող են հավակնել Հայաստանի ամենահարուստ անձանց քսանյակին, իսկ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը լավագույն եռյակի հավակնորդներ են:
«Հազարավոր հեկտարներով հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ»,-սկսեց թվարկել Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը Փաշինյանը:
Անցնելով Դավիթ Հարությունյանին՝ նա նշեց, որ վերջինս այնքան անշարժ գույք է հայտարարագրել, որ տպավորություն է, թե վերջին քսան տարիների ընթացքում եղել է ոչ թե պետական պաշտոնյա, այլ անշարժ գույքի գործակալ:
Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին, ապա պատգամավորի համար ընդհանրապես անհասկանալի է, թե նա ինչով է զբաղվում. «Ինչի մասին խոսում ես, ասում են՝ Գագիկ Խաչատրյանինն է: Որ ասում եք, կոռուպցիա, կոռուպցիա, ձեզ թվում է՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի է՞: Հե՛սա կոռուպցիան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ քիչ առաջ տեղի ունեցած իր հարցուպատասխանին, որտեղ Աբրահամյանն իրեն ասել էր, թե մի ընտանիք էլ չի կարող պահել, Փաշինյանն ասաց. «Ճիշտ է, երբ ես ընդհատակում ու բանտում էի, իմ ընտանիքն էր ինձ պահում: Մարդ ձե՛ր նման պետք է ընտանիք պահի, որ հարազատաներն ու բարեկամները դառնան պատգամավոր միլպետ, գործարար ու միլիոնատերեր: Ձեր լավ պահած ընտանիքների հաշվին է, որ Հայաստանում 200 հազար ընտանիք էլ աղքատ է ու հացին կակա է ասում»:
Այստեղ արդեն հանրապետական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի նյարդերը տեղի տվեցին կամ էլ նա ցանկացավ արջի ծառայություն մատուցել նորանշանակ վարչապետին և սկսեց տեղից գոռգոռալ ու հակադարձել Նիկոլ Փաշինյանին:
Փաշինյանն էլ, հունից դուրս գալով, բղավեց. «Ստեղ բազառ չի, արա՛»:
Այնուհետև, անցնելով Հովիկ Աբրահամյանին, Փաշինյանը նրան խորհուրդ տվեց զբաղվել պոմիդոր աճեցնելով, քանի որ, ինչպես երևում է, դա նրա մոտ ավելի լավ է ստացվում:
Փաշինյանը չխնայեց նաև Գալուստ Սահակյանին՝ հիշեցնելով, որ վերջինս Հովիկ Աբրահամյանի հետ իր հարցուպատասխանի ժամանակ միջամտել էր և իր հասցեին թույլ էր տվել «չարաճճիություն» արտահայտությունը: «Եթե դուք թոթովախոս եք և բառերը դժվարությամբ եք իրար կապում, ապա դա չի նշանակում, որ մանկապարտեզը պետք է շփոթեք Ազգային ժողովի հետ»:
«Այդպես էլ արջը երկրորդ երգը չսովորեց»-արձագանքեց Գալուստ Սահակյանը:
Ոսկյա զարդերի գողը ազգականն էր
Մայիսի 20-ին, ժամը 18.35-ին, 1952 թ. ծնված Ժուլետա Դ.-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել: Բնակարանից ոսկեղեն էին գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ մարտից մինչև մայիսի 20-ի ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում իր բնակարանից անհետացել են հարսի ոսկյա զարդերը` մոտ 450.000 դրամ արժողությամբ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, նույն օրը, ժամը 21.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ժուլետա Դ.-ի ազգականին` 1996 թ. ծնված Նարեկ Դ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:
Վարչական բոլոր շրջաններում պարտադիր բարեկարգման աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական բոլոր շրջաններում շարունակվում է ամենօրյա հսկողությունը տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ տարվա բոլոր եղանակներին հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների պարտադիր կատարումը Երևանի ավագանու որոշման պահանջն է:
Ներկայում մայրաքաղաքում հաշվառված է հարակից ընդհանուր օգտագործման տարածք ունեցող ավելի քան 14 հազար օբյեկտ: Դրանց մի մասում հարակից տարածքները ենթակա են կանաչապատման, իսկ մնացածներն էլ, որոնք չունեն կանաչապատ տարածքներ, պետք է բարեկարգվեն:
Այն տնտեսվարողները, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները կամ թերանում են դրանց կատարման մեջ, ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Նշենք նաև, որ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ներդրվել ու գործում է Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական համակարգը, ուր մուտքագրված են հարակից տարածքների մշտապես թարմացվող լուսանկարները, տնտեսվարողների տրամադրած և նրանց կողմից ստորագրված սխեմաների, նախազգուշացման և արձանագրությունների թերթիկների լուսապատճենները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները, նաև հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցում է գործընկեր քաղաքների հետ: Քաղաքապետը հույս է հայտնել, որ համանման սերտ փոխգործակցություն կձևավորվի նաև Ղազախստանի մայրաքաղաքի հետ. «Մենք իսկապես բավականին անելիքներ ունենք ինչպես երկու մայրաքաղաքների, այնպես էլ Ղազախստանի այլ քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Անշուշտ, շատ կարևոր է, որ արդեն իսկ համաձայնեցված է Երևանի և Աստանայի միջև եղբայրացման մասին համաձայնագիրը, որը, վստահ եմ, մեր համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում ոչ հեռու ապագայում կկնքվի, ու երկուստեք փոխշահավետ գործակցության ծավալումը կդրվի գործնական հիմքերի վրա», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Այիմդոս Բոզժիգիտովն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի իսկապես կարճ ժամանակահատվածում երկու երկրների մայրաքաղաքները ստորագրեն եղբայրացման մասին համաձայնագիրը. «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկուստեք գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է դեսպանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
«Կառավարության այս ծրագրից ծրագրի հոտ է գալիս». Հրանտ Բագրատյան
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նոր կառավարության ծրագրի մասին իր ամփոփիչ ելույթում նախ քննադատեց նախորդ կառավարության գործունեությունը՝ նշելով, որ վեց տարի կորցրել ենք, ապա ավելացրեց, որ առաջին անգամ կառավարության ծրագրում կան կետեր, որոնց համար պայքար է եղել քսան տարի, և որ այս ծրագրից իսկապես ծրագրի հոտ է գալիս:
Հրանտ Բագրատյանին դուր է եկել կառավարության ծրագրում առկա այն դրույթը, որ սահմանին ԱԱՀ-ն դուրս չի գրվելու, Համահայկական ներդրումային հիմնադրամի և միջոցների գեներացման հետ կապված դրույթը, կոոպերացիայի ստեղծումը՝ չնայած որ նա դեմ է հողերի խոշորացմանը, փոխարենը՝ կողմ փոխկոոպերացիայի գաղափարին. «Օրինակ, պիտի կարտոֆիլ արտադրող գյուղում ստեղծենք նաև օսլա արտադրող ընկերություն: Դա կոչվում է փոխօգնության կոոպերացիա»,-բացատրեց նա: Բագրատյանը դրական է գնահատում նաև գյուղացիության ապահովագրության և գյուղմթերքների սուբսիդավորման հետ կապված դրույթները: Որպես թերություն պատգամավորը համարում է այն, որ ծրագրում լուծված չէ միկրո, փոքր և խոշոր բիզնեսների հարկերի խնդիրը, մինչդեռ, ըստ նրա, շատ հեշտությամբ կարելի է այս երեք ոլորտը ներդաշնակեցնել: Թերի է նաև նվազագույն աշխատավարձի հետ կապված խնդիրը: Պատգամավորը գտնում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է կազմի միջին աշխատավարձի 45 տոկոսը և պետք է հարկվի: Տարեկան հայտարարագրին վերաբերող դրույթում Բագրատյանն առաջարկում է մտցնել պարզեցված հարկ կամ կիրառել համատարած հայտարարագիր ամբողջ ժողովրդի համար: Թերություններից մեկն էլ, ըստ Բագրատյանի, պարտադիր կենսաթոշակային համակարգի չլուծված խնդիրն է. «Պետք է անկեղծ խոսենք, ի՞նչ եք անելու սա: Կան լուծումներ, բայց ստացվում է, որ մեկը քարը գցել է փոսը, հիմա չենք կարողանում հանել»:
Պակիստանում ռմբակոծությունների հետևանքով 32 զինյալ է զոհվել
Չորեքշաբթի առավոտյան Պակիստանի ռազմական ուժերը օդային հարձակումներ են իրականացրել երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող ռազմական թաքստոցների վրա:
Հրապարակված հայտարարության մեջ ռազմական ուժերը հայտնում են, որ հյուսիսային Վազիրիստանում իրականացված գործողությունների ընթացքում 32 ահաբեկիչ է զոհվել:
Ծայրահեղական խմբավորումների համար հենակետ համարվող վերոնշյալ շրջանում ռազմական ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել այս ամսվա սկզբին:
Հրազդանում անցկացվեց «Սպորտլանդիա-2014» միջոցառումը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հրազդան քաղաքում անցկացվեց ՀՀ Կոտայքի մարզի նախադպրոցական 30 հիմնարկների «Սպորտլանդիա-2014» մարզական մասսայական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթող ճանաչված 7 մանկապարտեզների սաներ:
Սպորտլանդիայի ընթացքում երեխաները միմյանց հետ մրցեցին մի շարք մրցաձևերում՝ ցուցադրելով իրենց լավագույն ունակությունները:
Թեժ պայքարում հաղթեց Հրազդան քաղաքի N 13 նախադպրոցական հիմնարկը, 2-րդ տեղը գրավեց Հրազդան քաղաքի N 15 նախադպրոցական հիմնարկը, իսկ 3-րդ տեղը՝ Չարենցավան քաղաքի «Ծիծեռնակ» նախադպրոցական հիմնարկը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաղթողներին ու մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր և գավաթներ, իսկ միջոցառման մասնակից մյուս հիմնարկները պարգևատրվեցին նախարարության շնորհակալագրերով՝ միջոցառմանն ակտիվ մասնակցելու համար:
Մասնակիցների համար խրախուսական նվերներ էր պատրաստել նաև Հրազդանի քաղաքապետարանը:
Ոստիկանները պարզեցին իրողությունը
Մայիսի 20-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք, ձախ գոտկատեղի փափուկ հյուսվածքների վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Գայանե Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է «Արցախ» պուրակում վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օօպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, 1989 թ. ծնված Վարուժան Ա.-ն իր վարած «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենայով Վանաձորի Վարդանանց և Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գայանե Ղ.-ին` պատճառելով վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Նախարարությունների առաջարկները խմբավորվել են մեկում` որպես կառավարության ծրագիր. Գագիկ Մակարյան
«Կառավարության նոր ծրագիրը վատը չէ, սակայն ես այն համարում եմ անցումային, քանի որ կառավարությունն էլ է անցումային: Ես այս մասին վարչապետին էլ եմ ասել, քանի որ որոշ նախարարներ, որոնք նոր են նշանակվել, վստահություն չեն վայելում, և կան որոշ նախարարներ, ովքեր իրենց պաշտոնավարման ժամանակ թույլ են տվել որոշ թերացումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կառավարության նոր ծրագրին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Ամեն մի նախարարություն տվել է իր առաջարկները և դրանք խմբավորվել են մեկում: Զարմանալի չէ, որ այս ծրագիրն այդքան արագ հավանության արժանացավ նախարարների կողմից: Ես կասեի նրանք հավանություն տվեցին առանձին գլուխների, ոչ թե ամբողջական ծրագրին: Այդ փաստաթղթին ծանոթանալու համար ես 4 ժամ եմ տրամադրել և ես կարծում եմ, որ ոչ բոլոր նախարարներն են կարդացել այն»:
Ըստ ծրագրի` նվազագույն աշխատավարձը կլինի 65 հազար դրամ: Նպատակ է դրվել կրճատել աղքատությունը 10 տոկոսով:
«Այսպիսի հետաքրքիր կետ կա` չհիմնավորված հարստացման հարցը, կառավարությունը հետամուտ է լինելու չհիմնավորված ճանապարհով հարստացման խնդիրերին, այսինքն` փորձելու է հասկանալ, թե ով ինչպես է հարստացել»,- նշեց Գագիկ Մակարյանը:
Ծրագրում նշվում է մաև Հայաստանի ազգային բրենդի ստեղծման անհրաժեշտության մասին: Հարևան երկրների հետ հարաբերությունների հարցում փոփոխություններ չկան: Այն մնացել է նախորդ ծրագրի նման:
Ըստ Մակարյանի` կարևոր է նաև մարդու իրավունքների բաժինը, որտեղ նշված է, թե պետք է նպաստել դատարանների անկախությանը, սակայն չի ասվում, թե ինչպես:
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մայիսի 21-ին, ժամը 00.10-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 66 շենքի դիմաց «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21074»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 14.30-ին, մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Տոյոտա» Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 2/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 05.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Կիևյան փողոցի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է բախվել վերգետնյա անցման բետոնե պատնեշին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 37 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 60-ամյա ուղևորուհին ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, Երևանի Պ.Սևակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Չարենցավան-Կարենիս ճանապարհի 1-ին կ/մ-ին «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի քարի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա
Մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Վերին Արտաշատ գյուղից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Դ.-ին:
Պարզվել է, որ նա ապրիլի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում «Իժ Պլանետա Սպորտ» մակնիշի մոտոցիկլետով իրենց գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա:
Կատարվում է քննություն:
Եգիպտոսի դատարանը Մուբարաքին դատապարտել է 3 տարվա ազատազրկման
Չորեքշաբթի օրը Կահիրեի դատարանը Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Հոսնի Մուբարաքին մեղավոր է ճանաչել յուրացման մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման:
86-ամյա Մուբարաքը գրեթե երեք տասնամյակ իշխանության գլուխ լինելուց հետո հսկողության տակ պահվում էր ռազմական հիվանդանոցում:
Մուբարաքի երկու որդիներին՝ մի ժամանակ գահաժառանգ Գամալին և հարուստ գործարար Ալաային, չորեքշաբթի օրը նույն գործով դատապարտել են չորս տարվա ազատազրկման:
Երեք Մուբարաքներին մեղավոր են ճանաչել շուրջ մեկ տասնամյակ պետական ֆոնդերից միլիոնավոր դոլարների յուրացման մեջ: Այդ ֆոնդերը նախատեսված էին նախագահական պալատների վերանորոգման և պահպանման համար, սակայն դրա փոխարեն նրանք այդ գումարներն օգտագործել են ընտանեկան մասնավոր առանձնատները վերանորոգելու համար:
Երեք Մուբարաքներին տուգանել են 2,9 միլիոն դոլարով և կարգադրել 17,6 միլիոն դոլար վերադարձնել պետական գանձարան: Նրանք իրավունք ունեն դատավճիռը բողոքարկել վերադաս դատարանում:
«Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում Տիգրան Հարությունյանը շրջանցեց աղյուսակը գլխավորող Դավիթ Պառավյանին
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող վաղամեռիկ պատանի շախմատիստ Վանյա Սոմովի հուշամրցաշարում, որը կրում է «Աշխարհի պատանի աստղեր» անվանումը, 5 երկրի 12 պատվիրակ է մասնակացում:
7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը հաղթեց աղյուսակը գլխավորող Դավիթ Պառավյանին (Ռուսաստան) և շրջանցեց նրան:
Մրցաշարում առաջին պարտությունը կրած Դավիթը 5 միավորով 2-րդ հորիզոնականում է:
